Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով

ՀՌՀ-ից ստացել ենք հաղորդում որոշակի խախտումների վերաբերյալ. Ռոբերտ Խաչատրյանը՝ ՀՀ-ում հեռարձակվող ռուսական ալիքների մասին
 |azatutyun.am|

ՀՌՀ-ից ստացել ենք հաղորդում որոշակի խախտումների վերաբերյալ. Ռոբերտ Խաչատրյանը՝ ՀՀ-ում հեռարձակվող ռուսական ալիքների մասին |azatutyun.am|

azatutyun.am: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն այսօր Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է Հայաստանում հեռարձակվող ռուսական ալիքների մասին հարցին: Խաչատրյանին մասնավորապես հարցրել էին՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկվել խախտումները արձանագրելու և բացառելու համար: «Այդ հարցը մեր ուշադրության կենտրոնում է, մենք տեղյակ ենք համաձայնագրից, տեղեկացնեմ, որ համաձայնագիրը ուժի մեջ է մտել ռուսական կողմից 2023 թվականի մարտին, օրը չեմ հիշում, այսինքն, այդ կոնսուլտացիաների համար դեռ ժամանակ չի եղել, քանի որ նախկինում դեռ վավերացված չի եղել ռուսական կողմից: Անհրաժեշտության դեպքում, իհարկե, կոնսուլտացիաները կիրականացվեն, բայց աշխատանքային կարգով որոշակի շտկումներ կան և խախտումների արձանագրությունների հետ կապված պատասխանատուն է, ըստ պայմանագրի, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը: Եվ վերջերս մենք հարցում ենք ուղարկել ու ստացել ենք որոշակի խախտումներ, որոնք արձանագրվել են վերջին շրջանում նաև ամսի 23-ին տեղի ունեցած հեռուստաեթերում հնչած որոշ հաղորդումներից ևս արձանագրություններ կան խախտումների վերաբերյալ», - պատասխանեց Խաչատրյանը:
20:47 - 25 հոկտեմբերի, 2023
«Վիվառո մեդիա»-ն հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա ստացավ
 |hetq.am|

«Վիվառո մեդիա»-ն հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա ստացավ |hetq.am|

hetq.am: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում այսօր՝ սեպտեմբերի 15-ին, տեղի ունեցավ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկությունը և հաղթողի ընտրությունը։ Մրցույթին մասնակցում էին «Հուսաբեր» ՓԲԸ-ն («Երկիր մեդիա» հեռուստաընկերություն) և «Վիվառո մեդիա» ՍՊԸ-ն։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը մինչև քվեարկությունը հիշեցրեց, որ 2021թ. հունվարին համապետական մրցույթով լիցենզիա են տրամադրել բոլոր մարզային, մայրաքաղաքային և հանրապետական սփռման հեռուսածրագրերին։ Սակայն մրցույթում պարտված մասնակիցներից մեկը («Հ2» հեռուստաընկերությունը-հեղ.) դիմել է դատարան, արդյունքում հանձնաժողովն անվավեր է ճանաչել մրցույթի արդյունքները։ «Կատարելով դատարանի որոշումը՝ նոր մրցույթ անցկացրինք, բայց քանի որ այդ հեռուստաընկերությունը մոտ մեկ տասնյակ հայցով էր դիմել դատարան, ապա այդ հայցով, որտեղ իրեն պահանջում էր հաղթող ճանաչել, մեկ սլոթի վրա արգելանք դրվեց։ Եվ մենք անցկացրինք ոչ թե հինգ հանրապետական սլոթի մրցույթ, այլ՝ չորսի։  Երբ այդ դատական հայցում պարտվեց այդ հեռուստաընկերությունը, հարկադիր կատարողից ստացանք այն նամակը, որ սլոթն այլևս արգելանքի տակ չէ։ Անցկացնում ենք այս մրցույթը, որպեսզի լրացնենք վերջին հանրապետական սլոթը»,- հայտնեց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։ Վարկանիշային քվեարկությամբ «Հուսաբեր» ՓԲԸ-ն ստացավ 51, «Վիվառո մեդիան»՝ 73 միավոր։ Քվերակության արդյունքում հաղթող ճանաչվեց «Վիվառո մեդիա» ՍՊԸ-ն։ «Մեզ համար շատ դժվար էր որոշումն ընդունել, անկեղծ ասեմ, բայց միշտ հաղթում է ուժեղագույնը»,- նշեց ՀՌՀ նախագահը։
13:56 - 15 սեպտեմբերի, 2023
Սահմանվել է հանրապետական սփռման մրցույթի նիստի վերսկսման օրը

Սահմանվել է հանրապետական սփռման մրցույթի նիստի վերսկսման օրը

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում` 2023 թվականի հունիսի 2-ին հայտարարված հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի նիստի վերսկսման օր սահմանելու, «ՕԼԼՆԵԹ» ՍՊ ընկերության` ՀՀ Կոտայքի մարզի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու դիմումի, «Վի Էմ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցման, «Փի Բի Սի» ՍՊ ընկերության նկատմամբ  վարչական ակտի ընդունման և տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից Երևանի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 17-ի ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքների և եզրակացության հրապարակման վերաբերյալ հարցերը։ Նիստի օրակարգի հաստատումից հետո, քննարկելով օրակարգային առաջին հարցը. Հանձնաժողովը որոշեց հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի նիստի վերսկսման օր սահմանել 2023 թվականի սեպտեմբերի 15-ը (ժամը 12։00-ը), որի ընթացքում վարկանիշային քվեարկությամբ կկատարվի մրցույթում հաղթող մասնակցի ընտրությունը: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ամփոփել և հրապարակել է Երևանի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 17-ի ընտրությունների նախընտրական քարոզչության՝ օգոստոսի 23-ից սեպտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում տեսալսողական մեդիածառայություն մատուցող ընկերությունների կողմից քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ Հանձնաժողովի կողմից իրականացրած մշտադիտարկման արդյունքներն ու եզրակացությունը, որտեղ Հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքներին զուգահեռ ներկայացվել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերության կողմից հանրային մուլտիպլեքսում հեռարձակվող մի շարք ծրագրերի պարբերական բնույթ կրող անջատումների մասին տեղեկատվություն և այլն։ Եզրակացություն Քննարկելով «Փի Բի Սի» ՍՊ ընկերության նկատմամբ  վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցը, նշվեց, որ ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ, հիմք ընդունելով «ՍՈԼԻԴ ՓԱՐԹՆԵՐ» ՍՊ ընկերության դիմում-գանգատը՝ ըստ որի տեսալսողական մեդիածառայություն մատուցող «Փի Բի Սի» ՍՊ ընկերության «Կինոման» տեսալսողական ծրագրի եթերում ոչ սեփական տեսալսողական հաղորդումները (ֆիլմերը) հեռարձակել է առանց դրա հեռարձակման իրավունքը հավաստող փաստաթղթերի։ Ընկերությունը հայտնել է նաև, որ իր և Հեռարձակողի միջև ֆիլմերի հեռարձակման իրավունքի տրամադրման լիցենզիոն պայմանագիր կնքված չէ, որը թույլ կտար վերջինիս հեռարձակել ֆիլմերը ՀՀ տարածքում, իսկ ընկերությունը  կրում է պայմանագրային պարտավորություն իրավատիրոջ հանդեպ՝ իր իրավունքները երրորդ անձանց խախտումներից պաշտպանելու ուղղությամբ։ Հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել է վարչական վարույթի վերաբերյալ Ընկերության կողմից դիմում-գանգատի հետ ներկայացված հիմնավորումները և Հեռարձակողի կողմից ներկայացված պարզաբանումներն ու փաստարկները, և ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում, ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքների և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի  դրույթներով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «Փի Բի Սի» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճել: Հանձնաժողովը բավարարել է «ՕԼԼՆԵԹ» ՍՊ ընկերության ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու վերաբերյալ դիմումը և տրամադրել ՀՀ Կոտայքի մարզի տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա։ Մեկ այլ որոշմամբ Հանձնաժողովը հաստատել է «Վի Էմ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերության տեսալսողական ծրագրերի վերաբերյալ ծանուցումը։
19:30 - 11 սեպտեմբերի, 2023
ՀՌՀ-ն հաստատել է Երևանի ընտրությունների քարոզչության ժամանակ վճարովի եթերաժամի 1 րոպեի գինը

ՀՌՀ-ն հաստատել է Երևանի ընտրությունների քարոզչության ժամանակ վճարովի եթերաժամի 1 րոպեի գինը

Այսօր՝ հուլիսի 19-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ, օրակարգում՝ «Երևանի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 17-ին կայանալիք  ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում հանրային ռադիոյի և հանրային հեռուստատեսության վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը սահմանելու մասին» և «Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական  քարոզչության ժամանակահատվածում  տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար հավասար պայմանների ապահովման գնահատման  մեթոդաբանությունը հաստատելու մասին» հարցերը։ Այդ մասին հայտնում են ՀՌՀ-ից: Ներկայացնելով օրակարգային առաջին հարցը՝ նշվեց, որ սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում վճարովի եթերաժամի մեկ րոպեի գինը Հանրային ռադիոյի համար սահմանվել է 1300 (հազար երեք հարյուր) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ն), իսկ Հանրային հեռուստատեսության համար՝ 48000 (քառասունութ հազար) ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ-ն): «Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական  քարոզչության ժամանակահատվածում  տեսալսողական մեդիածառայություն մատուցողների կողմից ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար հավասար պայմանների ապահովման գնահատման մեթոդաբանությունը հաստատելու մասին» հարցը ներկայացնելով՝ հանձնաժողովի ներկայացուցիչը նշեց, որ հեռարձակողների հեռարձակած տեսալսողական ծրագրերի Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսդրությանը համապատասխանության մշտադիտարկումն իրականացնում է՝ հիմք ընդունելով տեսալսողական ծրագրերի և դրանց տեսագրությունների (ձայնագրությունների) ուղղակի դիտարկման արդյունքները, տեսալսողական հաղորդումների հաշվառման էլեկտրոնային մատյաններում մուտքագրված տվյալները, Հեռարձակողների կողմից Հանձնաժողով ներկայացված տեղեկատվությունը, Հեռարձակողների կողմից Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսդրության խախտումների  մասին զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները և այլն։ Միաժամանակ նշելով, որ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին անվճար և վճարովի կարգով տրամադրված եթերաժամի մշտադիտարկումն իրականացվում է հրապարակված վճարովի եթերաժամանակի սակագնի սահմանման և եթերաժամանակի տրամադրման կարգի պահանջներին համապատասխան:
17:28 - 19 հուլիսի, 2023
«ԱԺ-ում լեզվակռվի ժամանակ հետևե´ք ձեր բառամթերքին». ՀՌՀ նախագահը՝ պատգամավորներին
 |factor.am|

«ԱԺ-ում լեզվակռվի ժամանակ հետևե´ք ձեր բառամթերքին». ՀՌՀ նախագահը՝ պատգամավորներին |factor.am|

factor.am: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը եթերում բռնության կոչերի, ատելության խոսքի, բացասական բովանդակության նվազման համար կարևորում է, որ խորհրդարանում պատգամավորները վեճերի ժամանակ նման բառամթերք չօգտագործեն: Հակոբյանը նման կարծիք հայտնեց ԱԺ-ում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2022 թվականի գործունեության եւ տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդման քննարկմանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի դիտարկմանը՝ օնլայն հեռուստաընկերություններով բռնության կոչի, ատելության խոսքի, էթիկայի նորմերի խախտման մասին: «Այս ախտից ու աղբից Հայաստանն ինչպե՞ս է ազատվելու: Մարդիկ հեռախոսով նայում են ալիքներ. ատելության խոսք, չարություն, կեղծ տեղեկություններ: Ի՞նչ կարելի է անել, որ այս խնդիրը մենք կարգավորենք»,- հարցրեց Նազարյանը: «Շատ դժվար է պայքարել բռնության կոչերի, ատելության խոսքի, ընդհանրապես բացասական բովանդակության դեմ եթերում, եթե նույնը կատարվում է ԱԺ-ում ուղիղ հեռարձակման ժամանակ: Ես իրավունք չունեմ ձեզ կոչ անել: Բայց, եթե ուզում եք, որ դա հեռուստաընկերությունում նվազի, պետք է հետևեք ձեր լեքսիկոնին և այստեղ լեզվակռվի ժամանակ այդպիսի բառամթերք թույլ չտաք»,- նշեց Հակոբյանը՝ դիմելով պատգամավորներին:
14:57 - 13 ապրիլի, 2023
ՀՌՀ-ի գնահատմամբ՝ հեռարձակող լրատվամիջոցները նախորդ տարի գործել են ազատ, առանց իշխանության միջամտության
 |armenpress.am|

ՀՌՀ-ի գնահատմամբ՝ հեռարձակող լրատվամիջոցները նախորդ տարի գործել են ազատ, առանց իշխանության միջամտության |armenpress.am|

armenpress.am: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն արձանագրում է, որ իր վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները նախորդ տարի գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության: Այս մասին հայտարարեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ԱԺ-ում՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2022 թվականի գործունեության եւ տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումը ներկայացնելիս: «Հանձնաժողովն արձանագրում է, որ իր վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները նախորդ տարի գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտությանը: Հեռարձակողների խմբագրական և կադրային քաղաքականությանը միջամտելու, կարծիքների արտահայտման իրավունքը սահմանափակելու, նրանց բնականոն աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ մեր գրավոր հարցադրմանն ի պատասխան էական նշանակություն ունեցող բողոքներ հանձնաժողովը չի ստացել: Մի քանի հեռարձակողներ մեր ուշադրությունն են հրավիրել խորհրդարանի որոշ պատգամավորների խտրական, անհարգալից վերաբերմունքի դրսևորումներին այս կամ այն լրատվամիջոցի կամ լրագրողի նկատմամբ»,- ասաց Հակոբյանը: Այդ կապակցության հանձնաժողովը հիշեցնում է, որ լրագրողի գործունեությունն ունի հանրային նշանակություն, ուստի բոլոր մարմիններն ու պաշտոնական անձինք պետք է առաջին հերթին առաջնորդվեն լրագրողների բարեխղճության, նրանց մոտ մասնագիտական ունակությունների առկայության կանխավարկածով: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ դա չի նշանակում, թե հեռարձակող լրատվամիջոցների դաշտն ազատ  ու անկախ է և սպասարկում է հանրային շահը: «Այս ոլորտի վրա բացասաբար են ազդում բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններ: Այդ գործոնները սահմանափակում են բոլոր հեռարձակողների խմբագրական անկախությունը, նպաստում են քարոզչական բաղադրիչի ավելացմանը, նվազեցնում են բովանդակության որակը»,- ասաց Հակոբյանը: Հանձնաժողովը, սակայն, արձանագրում է, որ առկա են նաև դրական միտումներ: Մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ հանրային մուլտիպլեքսում գործող հեռարձակողների հաղորդումներում 2021 թվականի համեմատ զգալիորեն նվազել են ատելության խոսքը, վիրավորանքը, սպառնալիքները: Հակոբյանի գնահատմամբ՝ նվազեցման պատճառները մի քանիսն են, դա պայմանավորված է նաև հանձնաժողովի սկզբունքային պայքարով խոսքի ազատության չարաշահումների դեմ: Նա վստահեցրեց նաև, որ հաշվետու տարում հանձնաժողովը գործել է անկախ, որոշումները կայացրել է ինքնուրույն՝ առանց պետական մարմինների միջամտության ու ուղղորդման:
13:49 - 13 ապրիլի, 2023
Կուտակած պարտքերի պատճառով ժամանակավորապես կդադարեցվի որոշ հեռուստաընկերությունների հեռարձակումը
 |armenpress.am|

Կուտակած պարտքերի պատճառով ժամանակավորապես կդադարեցվի որոշ հեռուստաընկերությունների հեռարձակումը |armenpress.am|

armenpress.am: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից մեկնաբանել են շրջանառվող լուրերը, թե  Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցը  (ՀՀՌՑ) առաջիկայում պատրաստվում է դադարեցնել որոշ հեռուստաընկերությունների հեռարձակումը։ «Արմենպրես»-ի հետ զրույցում «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի անձնակազմի կառավարման, իրավաբանական և տնտեսագիտական վարչության պետ   Գարիկ Հայրապետյանն ընդգծեց, որ համաձայն «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերության և հեռուստաընկերությունների միջև կնքված պայմանագրերի հեռարձակումը կարող է դադարեցվել, եթե հեռուստաընկերությունները չեն կատարում պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունները: «Պայմանագրային պարտավորությունները չկատարելու արդյունքում մի շարք հեռուստաընկերություններ կուտակել են պարտքեր։ Վերջին շրջանում մենք փորձել ենք բանակցությունների միջոցով կարգավորել այդ հարցը: Արդյունքում, որոշ հեռուստաընկերություններ մարել են կուտակված պարտքերն ամբողջությամբ, իսկ որոշներն էլ՝ մասամբ: Այնուամենայնիվ, համաձայն պայմանագրի մենք նախատեսում ենք մի քանի հեռուստաընկերությունների հեռարձակումը ժամանակավորապես՝ առաջին անգամ 2 ժամով դադարեցնել»,- նշեց Հայրապետյանը՝ հավելելով, որ այդ հեռուստաընկերություններն են «Շանթ»-ը, ATV-ն, Freenews-ը, «Դար 21»-ը և «Ֆորտունա»-ն: Անդրադառնալով այս գործընթացին քաղաքական ենթատեքստ տալու փորձերին՝ Գարիկ Հայրապետյանն ընդգծեց, որ այս իրավիճակը հեռուստաընկերությունների կողմից զուտ պայմանագրային պարտավորությունների խախտման հետևանք է։   «Այս գործընթացը եթերային բովանդակության հետ որևէ կապ չունի, և անջատման ենթակա հեռուստաընկերությունների ցանկը դրա վկայությունն է»,- նշեց նա:
11:14 - 11 ապրիլի, 2023
Հ2-ը Երևանում չի հեռարձակվի
 |hetq.am|

Հ2-ը Երևանում չի հեռարձակվի |hetq.am|

hetq.am: Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է նիստ։ Օրակարգում եղել է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկության և հաղթողի ընտրության հարցը։ Հանձնաժողովի անդամները փակ և գաղտնի քվեարկության միջոցով գնահատել են մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցներին: Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակցության համար հայտ էին ներկայացրել երկու ընկերություն՝ «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊ և «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունները, որոնք վարկանիշային քվեարկության արդյունքում ստացել են համապատասխանաբար 55 և 78 միավոր: Հ2-ը 2021-ի հունվարին կայացած հանրային մուլտիպլեքսում հանրապետական սփռման սլոթի արդյունքներով մրցույթում չէր հաղթել՝ զրկվելով լիցենզիայից: Նույն տարվա հունիսին հեռուստաընկերությունը մասնակցել էր մայրաքաղաքային սփռման սլոթի մրցույթին, սակայն կրկին պարտվել՝ վարկանիշային քվեարկության միավորով տեղը զիջելով Հանրային հեռուստաընկերության նորաբաց հեռուստաալիքին: Հ2-ը դիմել էր դատարան՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով։ Վարչական և վարչական վերաքննիչ դատարաններում ընկերության հայցը բավարարվել էր։ Հանձնաժողովն էլ իր հերթին դիմել էր Վճռաբեկ դատարան՝ բողոքարկելու վերաքննիչ դատարանի վճիռը: Սակայն, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է: ՀՌՀ-ն հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման նոր մրցույթ էր հայտարարել:
18:07 - 28 հոկտեմբերի, 2022
Հանրային մուլտիպլեքսում չորս սլոթի համար պայքարում է վեց հեռուստաընկերություն

 |armenpress.am|

Հանրային մուլտիպլեքսում չորս սլոթի համար պայքարում է վեց հեռուստաընկերություն |armenpress.am|

armenpress.am:  Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հոկտեմբերի 10-ին հրավիրված նիստում քննարկեց hանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթի մասնակիցների հայտերը: Հանրային մուլտիպլեքսում չորս սլոթի համար պայքարում են «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲԸ-ն, «Ա-ԹԻՎԻ» ՍՊԸ-ն, «ՇԱՆԹ» ՍՊԸ-ն, «ՄՈՒԼՏԻ ՄԵԴԻԱ-ԿԵՆՏՐՈՆ ԹԻՎԻ» ՓԲԸ-ն, «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲԸ-ն, «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊԸ-ն: ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը, նախքան  հեռուստաընկերությունների ներկայացուցիչների ելույթները լսելը, հիշեցրեց, որ հերթական մրցույթն անցկացվել է 2021 թվականի հունվարին: Մրցույթին մասնակցել են հանրապետական ծածկույթի 12 ընկերություն, որոնցից հինգն ստացել են հանրապետական  սփռման ծածկույթի լիցենզիա: Ըստ օրենքի՝ լիցենզիան պետք է գործեր յոթ տարի ժամկետով: «Տասներկու հեռուստաընկերություններից հինգն այն հեռուստաընկերություններն էին, որոնք ստացել էին ամենաբարձր թվանշանները և զբաղեցրել էին հանրապետական ծածկույթի սլոթերը, իսկ մյուսներն անցել էին մայրաքաղաքային ծածկույթի: Օրենքում հստակ նշված էր, որ այն հեռուստաընկերությունները, որոնք չեն հավաքում համապատասխան թվանշաններ հանրապետական ծածկույթի համար, իջնում են մայրաքաղաքային ծածկույթ: Շատ կարևոր է, որ 2021 թվականին մրցույթի արդյունքները որևէ դժգոհություն չէին առաջացրել ո՛չ քաղաքական ուժերի կողմից, ո՛չ կուսակցությունների, ո՛չ հանրային սեկտորի, ո՛չ միջազգային կառույցների, ո՛չ իրավապահ մարմինների կողմից»,-ընդգծեց Հակոբյանը: Նրա խոսքով՝ որևէ կառույց չէր առաջարկել բոլոր նյութերի համապատասխան աուդիտ անցկացնել, որոնց հիման վրա տրվել էին լիցենզիաները: «Մեր բոլոր թղթերը բաց էին, թափանցիկ: Մոտ երկու ամիս հանձնաժողովի աշխատակազմն աշխատել էր, հաշվի էր առել բոլոր չափորոշիչները: Ընդունվել էր կոլեկտիվ որոշում: Այս ամենից հետո «Հայկական երկրորդ հեռուստաալիք»-ը  դիմել է Վարչական դատարան: «Հայկական երկրորդ հեռուստաալիք»-ը հրաժարվել էր մասնակցել մայրաքաղաքային սլոթի հատկացմանը և իր կամքով չէր զբաղեցրել թվային մուլտիպլեքսում իր տեղը: Ընկերությունը երկու հայցով էր դիմել Վարչական դատարան. առաջին հայցով պահանջում էր դատարանից անվավեր ճանաչել մրցույթի արդյունքները, իսկ երկրորդ հայցով իրեն հաղթող ճանաչել մրցույթում: Առաջին հայցով դատարանը ի օգուտ Հ2-ի է որոշում կայացրել, և մենք, կատարելով այդ դատավճիռը, 2022-ի օգոստոսին հայտարարեցինք այս մրցույթի մասին»,-պատմեց Տիգրան Հակոբյանը: Նա շեշտեց, որ հինգ սլոթից չորսն է մնացել, քանի որ Հ2-ը երկրորդ հայցով պահանջում էր իրեն ճանաչել մրցույթի հաղթող: «Երկրորդ դատական գործընթացը դեռ չի ավարտվել. տեսական հնարավորություն կա, որ դատարանը հաղթող կճանաչի հենց Հ2-ին, և Հ2-ը դիմել էր դատարան, որ սլոթերն ազատ պահվեն, որ այն զբաղեցնի իր տեղը: Այս անգամ դատարանը ոչ թե սառեցրել էր հինգ սլոթի մրցույթը, այլ միայն մեկի և թույլ էր տվել չորս սլոթի մրցույթն անցկացնել: Այն, որ մենք կատարում ենք դատարանի որոշումը, բացարձակ չի նշանակում, որ մենք համաձայն ենք այդ որոշման հետ»,-ընդգծեց Հակոբյանը: ՀՌՀ նախագահն ասաց, որ հանձնաժողովը սպասում է մրցույթի ավարտին, որ դիմի պատկան մարմիններին նաև Բարձրագույն դատական խորհուրդ, որպեսզի հստակ քննարկեն նման որոշումների դրդապատճառները, քանի որ դրանք, ըստ ՀՌՀ նախագահի, տասնյակ հետևանքներ են ունենում: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն ըստ օրենքի՝ ունի մինչև երկու ամիս ժամանակ  հեռուստաընկերությունների ներկայացրած ծրագրերն ուսումնասիրելու, դրանք նրանց եթերային քաղաքականության հետ համեմատելու, հիմնավորումները գրելու և որոշում կայացնելու համար:
14:50 - 10 հոկտեմբերի, 2022
ԱԺ-ն քննարկում է Տիգրան Հակոբյանի թեկնածության հարցը ՀՌՀ անդամի պաշտոնում

ԱԺ-ն քննարկում է Տիգրան Հակոբյանի թեկնածության հարցը ՀՌՀ անդամի պաշտոնում

Ազգային ժողովը քննարկում է  Տիգրան Հակոբյանի թեկնածության հարցը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի  (ՀՌՀ) անդամի պաշտոնում: Նրան այդ պաշտոնում առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ «Մեդիան հզորագույն սոցիալ-հոգեբանական գործիք է, և եթե մենք ցանկանում ենք ինչպես բոլոր նորմալ երկրներում, կներեք այդ արտահայտության համար, ես նկատի ունեմ մեդիահամակարգի ստեղծման առումով նորմալ, ցիվիլ երկիր, որը մեր մոտ դեռ չկա, մենք պիտի կարողանանք ստեղծել այն համակարգը, որը կարողանում է սպասարկել քաղաքացու տեղեկատվական պահանջմունքները, որը բերում է հանրային համերաշխության և որը թույլ է տալիս քո պետությանը լինել արդիական, մրցունակ, ոչ թե կոնսերվացվել որոշ սոցիալական հարաբերություններ և նույնիսկ շպրտել դեպի միջնադար»,-իր ելույթում նշեց Հակոբյանը։ Հակոբյանը զբաղեցնում է ՀՌՀ նախագահի պաշտոնը, նրա պաշտոնավարումը կավարտվի օրեր անց։
15:15 - 15 սեպտեմբերի, 2022
ՀՌՀ անդամի թափուր տեղի համար կառաջադրվի Տիգրան Հակոբյանի թեկնածությունը

ՀՌՀ անդամի թափուր տեղի համար կառաջադրվի Տիգրան Հակոբյանի թեկնածությունը

Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրվել է Տիգրան Ռաֆիկի Հակոբյանի թեկնածությունը: Վերջինիս թեկնածության հարցը քննարկել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում: Տիգրան Հակոբյանն այժմ ՀՌՀ նախագահն է, նրա պաշտոնավարման ժամկետը կավարտվի օրեր անց: Ծնվել է 1960 թ., 1988 թ. առայսօր աշխատում է հեռուստատեսության և ռադիոյի ոլորտում, տարբեր կառույցներում, զբաղվում է դասախոսական աշխատանքով: Շնորհակալություն հայտնելով իր թեկնածությունն առաջադրելու  համար՝ Տիգրան Հակոբյանն անդրադարձել է ոլորտի այն խնդիրներին, որոնք կարգավորման կարիք ունեն: Նա հավաստիացրել է, որ ընտրվելու պարագայում կփորձի իր ներդրումն ունենալ դրանց լուծման հարցում: Ըստ թեկնածուի՝ թեև վերջին տարիներին բարեփոխվում է տեսալսողական ոլորտի օրենսդրությունը, այնուամենայնիվ, կան խնդիրներ, որոնք ամբողջական լուծման կարիք ունեն: «Տասնյակ խնդիրներ կան, որոնք այս օրենքը չի լուծում: Տասնյակ տարընթերցումներ կան, և սա կապված է ոչ միայն օրենքի հետ, միգուցե, հեղինակների ոչ մասնագետ լինելուց, կամ օրենքն արագ ընդունելուց է բխում: Առաջին հերթին դա կապված է տեխնիկական միջոցների պայթյունային արագությամբ զարգացման հետ: Այսօր արդեն աշխարհը փորձ ունի և հանգիստ կարգավորվում է այն, ինչ երեք տարի առաջ դժվար էր կարգավորել»,- նշել է  թեկնածուն՝ հավելելով, որ շատ կարևոր է  ընդունել այնպիսի օրենք, որը կհամապատասխանի այսօրվա պահանջներին: Տիգրան Հակոբյանը կարևոր  է համարել նաև հեռուստաեթերից որակյալ հաղորդումների, առհասարակ նաև որակյալ բովանդակության սփռումը, լեզվական և տեղեկատվական անվտանգության ապահովման հարցի կարգավորումը և այլն: «Ցավոք, Հայաստանում չկա այդ համակարգը, որը կզբաղվեր լեզվական և տեղեկատվական անվտանգության հարցով»,- ասել է թեկնածուն: Նրա գնահատմամբ՝ օտարերկրյա տասնյակ հեռուստածրագրեր կան, որոնք աղբ են և բացասաբար են անդրադառնում հանրության մտածողության վրա: «Կարգավորող մարմինը պետք է լծակներ ունենա, և ինչ որ ձևով քաջալերի նույն ցանցային օպերատորներին, որպեսզի նրանք ավելի շատ կրթական, մշակութային և մանկական ծրագրեր բերեն, որոնք աշխարհում շատ-շատ են»,- հավելել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածուն: Հանձնաժողովի անդամները դրական են գնահատել Տիգրան Հակոբյանի աշխատանքը ոլորտում: Վերջինիս թեկնածությանը կողմ է քվեարկել հանձնաժողովի 6 անդամ, դեմ ձայներ չեն եղել: Թեկնածուի առաջադրման հարցի քննարկումը նախատեսվում է իրականացնել ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում:  
19:03 - 06 սեպտեմբերի, 2022
ՀՌՀ-ն տուգանել է «Ֆրի Նյուզ» ու «Երկիր մեդիա» Հ/Ը-ներին

ՀՌՀ-ն տուգանել է «Ֆրի Նյուզ» ու «Երկիր մեդիա» Հ/Ը-ներին

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը տուգանել է «Երկիր մեդիա» և «Ֆրի Նյուզ» հեռուստաընկերություններին: «Ֆրի Նյուզը» տուգանվել է 300 հազար դրամով, «Երկիր մեդիան»՝ 500 հազար դրամով: Այս մասին տեղեկանում ենք հանձնաժողովի հրապարակած որոշումից: Հանձնաժողովը իր վերահսկողական գործառույթների շրջանակում արձանագրել է այդ Հ/Ը-ներում գովազդի հեռարձակման սահմանափակման խախտման փաստեր։ Ինչից հետո հարուցել է վարչական վարույթներ: Հանձնաժողովը հայտնաբերել է այն փաստը, որ տարբեր օրերին «Ֆրի նյուզի» եթերում լրատվական թողարկումից անմիջապես հետո «Լրատվական կիրակի» և «Ազատ լուրեր» լրատվական հաղորդումների հիմնական թողարկումները ընդհատվել են գովազդով: «Գովազդի մասին» օրենքի համաձայն՝ արգելվում է գովազդային ընդհատումը պաշտոնային լրատվական հաղորդագրությունների ժամանակ։ Հանձնաժողովը ծանուցել է հեռարձակողին և հայտնել, որ այս հարցի վերաբերյալ կարող են ներկայացնել իրենց պարզաբանումները, սակայն Հ/Ը-ը որևէ պարզաբանում չի ներկայացրել։ Ինչից հետո հանձնաժողովը որոշել է տուգանել հեռարձակողին: Հիշեցնենք, որ «Ֆրի նյուզ» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կինն է՝ Մարիամ Մարգարյանը: Հանձնաժողովը վարույթ է հարուցել նաև «ՀՈՒՍԱԲԵՐ» ընկերության՝ «Երկիր մեդիա» Հ/Ը-ի նկատմամբ, սակայն այս դեպքում հեռարձակողը պարզաբանել է, որ խախտումն արձանագրված ժամանակահատվածում «Երկիր մեդիա» տեսալսողական ծրագրի եթերում «Երկիրն այսօր» լրատվական հաղորդաշարի տևողության երկար լինելու պատճառով ունեցել են գովազդի ժամերի խախտում, ինչի հետևանքով չեն պահպանվել գովազդի տեղադրման ժամերը (ցուցադրվել է վիճակախաղերի և ինտերնետ շահումով խաղերի գովազդ)։
17:39 - 23 օգոստոսի, 2022
Հայաստանում ռուսական ալիքների հեռարձակումը չի դադարեցվել․ Գառնիկ Դավթյանը սխալվում է

Հայաստանում ռուսական ալիքների հեռարձակումը չի դադարեցվել․ Գառնիկ Դավթյանը սխալվում է

Երեկ՝ «168.am»-ի «Պրեսսինգ» հաղորդման ընթացքում, ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը խոսեց «Նիկոլ Փաշինյանի հակառուսական գործողությունների մասին»։  «Ժամանակին մտածում էինք, որ Նիկոլ Փաշինյանը․․․ Ռուսաստանի հետ հարաբերությունների անկման համատեքստում, օրինակ, չդիմավորեց Պուտինին օդանավակայանում, տարատեսակ հակառուսական հայտարարություններ արեց, մեդիայից կտրեց ռուսական ալիքների հեռարձակումը»։ Գառնիկ Դավթյանը, սակայն, սխալվում է․ Հայաստանում ռուսական ալիքների հեռարձակումը չի դադարեցվել։ 2020-ին, երբ պետք է ընդունվեր «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքը, խոսակցություններ կային, որ օրենքի նախագիծը հակառուսական է։ Պատճառը օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ կետն էր, որով սահմանվում էր․ «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա կարող են ստանալ միայն Հայաստանի Հանրապետությունում գործող Հեռարձակողները, եթե այլ բան նախատեսված չէ մինչև սույն դրույթն ուժի մեջ մտնելը կնքված միջազգային պայմանագրով»: 2020-ի դրությամբ գործող օրենսդրությամբ օտարերկրյա լրատվամիջոցները կարող էին լիցենզիա ստանալ։ Նոր օրենքով սահմանվում էր, որ օտարերկրյա լրատվամիջոցները չեն կարող հանրային մուլտիպլեքսում հեռարձակվելու լիցենզիա ստանալ։ Այս լրավտամիջոցները, սակայն, Հայաստանում կարող են գործել պայմանագրի հիման վրա։ Օրենքի նախագծին 2020-ին անդրադարձել էր նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը․ «Այս հարցը Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետության, ներքին գործն է։ Միևնույն ժամանակ, նոր օրենքն ուղղակիորեն կանդրադառնա Հանրապետությունում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման ճակատագրի վրա»:  «Ազատության» եթերում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) նախագահ Տիգրան Հակոբյանը հերքել էր, որ նախագծով ենթադրվում է փակել ռուսական ալիքները։ «Բոլոր երկրները ունեն հանրային մուլտիպլեքս, որը եթե մենք համեմատենք սպառողական զամբյուղի հետ, այնտեղ մտնում է տեղեկատվական այն նվազագույն զամբյուղը, որը ցանկացած մարդ Հայաստանում, ով ունի հեռուստացույց, կարող է տեղեկատվական ապրանքը սպառել: Այստեղ պետությունը երաշխավորում է, որ յուրաքանչյուր Հայաստանի քաղաքացի կստանա այն նվազագույն փաթեթը տեղեկատվության, որն ինքը երաշխավորում է: Դա հանրային մուլտիպլեքսն է, որտեղ այսօր, բացի տեղական հեռուստաընկերություններից, հեռարձակվում են նաև օտար հեռուստաընկերություններ: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ աշխարհում որևէ այլ երկիր չկա, որտեղ հանրային մուլտիպլեքսում լինեն հասարակական, քաղաքական ուղղվածություն ունեցող օտար հեռուստաալիքներ: Խնդիրը նոր օրենքով կարգավորում է հենց այդ հանրային մուլտիպլեքսը, որտեղ օտար հեռարձակողները կարող են հեռարձակվել միայն միջպետական կամ միջկառավարական կամ միջազգային պայմանագրերով: Խոսքը չի գնում փակելու մասին, հարյուրավոր օտար հեռարձակողների մասին, որոնք առկա են կաբելային ցանցերում, արբանյակներում և այլն, խոսքը գնում է միայն հանրային մուլտիպլեքսի մասին»,- նշել էր ՀՌՀ նախագահը:  «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքն ուժի մեջ մտավ 2020-ի օգոստոսի 7-ին։ 2011-ին տրամադրված լիցենզիաներով Հայաստանում հեռարձակվում էին ռուսական «РТР планета», «Первый канал» և «Культура» հեռուստաալիքները։ «РТР планета»-ն հեռարձակվում է ՀՀ ողջ տարածքում, մյուսները՝ մայրաքաղաք Երևանում։ Հայաստանում հեռարձակվում էր նաև ռուսական «Мир»-ը, սակայն միջպետական պայմանագրի հիման վրա։ ՀՌՀ-ի՝ 2021-ի տարեկան հաղորդման մեջ նշվում է․ «Մինչև «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի ուժի մեջ մտնելն օտարերկրյա տեսալսողական ծրագրերը Հայաստանի Հանրապետության տարածքում հեռարձակվում էին լիցենզիայի հիման վրա, սակայն 2021 թվականից հանրային մուլտիպլեքսում օտարերկրյա տեսալսողական ծրագրերի հեռարձակումներն իրականացնում են առանց լիցենզիայի՝ միջպետական պայմանագրի հիման վրա»: Տարեկան հաղորդումից նաև տեղեկանում ենք, որ ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև 2020 թ․ դեկտեմբերի 30-ին կնքվել է «Զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիր, որի համաձայն՝ յոթ տարի ժամկետով հեռարձակվում են նախկինում լիցենզիայի հիման վրա հեռարձակված հեռուստաընկերությունները: Միջպետական պայմանագրով հեռարձակվում է նաև «Мир»-ը։ Մինչև նոր օրենքի ընդունումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսում հեռարձակվում էր նաև ամերիկյան CNN-ը։ 2021-ից, սակայն, CNN-ն այլևս չի հեռարձակվում։ ՀՌՀ նախագահ Տիգրան Գրիգորյանը նշել էր՝  պատճառն այն է, որ ԱՄՆ–ում պետական հեռուստաընկերություններ չկան, և ԱՄՆ–ն չի կարող, ի տարբերություն Ռուսաստանի, Հայաստանի հետ միջպետական պայմանագիր կնքել։ Այսպիսով, «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի ընդունումից հետո Հայաստանում օտարերկրյա լրատվամիջոցները լիցենզիա չեն կարող ստանալ, սակայն կարող են գործել միջպետական պայմանագրերի հիման վրա։ Իսկ մինչև օրենքի ընդունումը Հայաստանում հեռարձակված ռուսական հեռուստաալիքները շարունակում են հեռարձակվել նաև հիմա՝ արդեն միջպետական պայմանագրի հիման վրա։ Աննա Սահակյան
17:47 - 10 օգոստոսի, 2022
Մայրաքաղաքային սփռման մրցույթի հաղթող է ճանաչվել «:ԲՈՒՆ» գիտամշակութային հիմնադրամը

Մայրաքաղաքային սփռման մրցույթի հաղթող է ճանաչվել «:ԲՈՒՆ» գիտամշակութային հիմնադրամը

Վարկանիշային քվեարկության միջոցով մայրաքաղաքային սփռման մրցույթի հաղթող է ճանաչվել «:ԲՈՒՆ» գիտամշակութային հիմնադրամը: Այս մասին հայտնում են Հեռուստատեսությանևռադիոյի հանձնաժողովիից։   «Այսօր՝ հուլիսի 15-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է նիստ: Օրակարգում ընդգրկված էր հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցների հայտերի վարկանիշային քվեարկութան և հաղթողի ընտրությանը վերաբերյալ հարցը:   Նիստի օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովի անդամները փակ և գաղտնի քվեարկության միջոցով գնահատել են մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակիցներին:   Նշենք, որ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի մասնակցության համար հայտ էին ներկայացրել չորս՝ «:ԲՈՒՆ» գիտամշակութային հիմնադրամ, «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ», «ՅԱՆ ԹԻՎԻ» և «ԹԻՎ 1 ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ 2020» ՍՊ ընկերությունները, որոնք վարկանիշային քվեարկության արդյունքում ստացել են համապատասխանաբար 101, 73, 84 և 69 միավոր:   Այսպիսով, վարկանիշային քվեարկության միջոցով մայրաքաղաքային սփռման մրցույթի հաղթող է ճանաչվել «:ԲՈՒՆ» գիտամշակութային հիմնադրամը»,- նշված է հաղորդագրության մեջ։ 
14:01 - 15 հուլիսի, 2022
«ՇԱՐԿ» ընկերության «5-րդ ալիք» տեսալսողական ծրագիրը տուգանվել է

«ՇԱՐԿ» ընկերության «5-րդ ալիք» տեսալսողական ծրագիրը տուգանվել է

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հունիսի 30-ին նիստ է գումարել, որի օրակարգում են «ՌԱԴԻՈ ՊՌՈ» ՍՊ ընկերության՝ Ապարան քաղաքում հատկացված 90.7 ՄՀց հաճախականությունը փոխելու, «ԱՐՄՔՈՄ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման (ցանցային օպերատորի գործունեության) լիցենզիայի գործողությունը դադարեցնելու դիմումների, «ՇԱՐԿ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2022 թվականի հունվարի 3-ի թիվ 1-Ա որոշմամբ հաստատված հավելվածում փոփոխություններ կատարելու մասին հարցերը: Այս մասին հայտնում են ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից։ Նիստի օրակարգի հաստատումից հետո Հանձնաժողովի իրավական ապահովման բաժնի պետը ներկայացնելով «ՇԱՐԿ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման վերաբերյալ հարցը՝ նշել է, որ Հանձնաժողովն իր վերապահված վերահսկողական գործառույթներն իրականացնելիս՝ Հեռարձակողի գործունեության մշտադիտարկման արդյունքում արձանագրել է տեսալսողական մեդիածառայություն մատուցող «ՇԱՐԿ» ընկերության «5-րդ ալիք» տեսալսողական ծրագրի կողմից Օրենքի 10-րդ հոդվածի, 7-րդ մասի խախտման, ինչպես նաև «ՇԱՐԿ» ընկերության լիցենզիայի պայման հանդիսացող՝ հայտով նախանշած նպատակների իրագործման հիմնական ուղղությունների և միջոցառումների ընդհանրական նկարագրի վերաբերյալ ներկայացված փաստաթղթին համապատասխան չգործելու  փաստեր։ Հարուցված վարչական վարույթի շրջանակներում և տեսագրության մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ Ընկերության «5-րդ ալիք» տեսալսողական ծրագրի կողմից «Հայլուր» լրատվական թողարկումների ժամանակ նույն թեմայի մասին լուսաբանումը՝ ընդդիմության ակցիաների, այդ թվում՝ երթերի, ելույթների, հանրահավաքների վերաբերյալ կազմել է՝ 47%-ից մինչև 91,6 %, որի թույլատրելի սահմանը օրենքով պետք է կազմի հաղորդման եթերաժամի 25 %-ը, ինչպես նաև լրատվական, հասարակական-քաղաքական և վերլուծական ուղղվածության հաղորդումներում չի ապահովել բազմակարծության սկզբունքը, բազմակողմանի լրատվությունը, ինչպես նաև չի առաջնորդվել լրատվության անաչառության, բազմակարծության և անկողմնակալության ապահովման գերակա սկզբունքով: Ընկերությունը  իր գրավոր պարզաբանման, ինչպես նաև նիստի ժամանակ բանավոր խոսքում հայտնել է, որ մշտադիտարկման իրականացման ժամանակահատվածում հնարավոր է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի որոշ հոդվածների խախտման հատկանիշներ, և որ արձանագրության մեջ գրված դիտողությունների որոշ մասի հետ համաձայն են և կփորձեն շտկել, իսկ արձանագրության մեջ ձևակերպված որոշ փաստերի հետ ունեն անհամաձայնություն: Գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկման արդյունքում Հանձնաժողովը խիստ կարևոր է համարում այն հանգամանքը, որ Ընկերությունը Հանձնաժողովի կողմից լիցենզավորված  իրավաբանական անձ է, որը կազմում և սպառողին է ներկայացնում տեսալսողական տեղեկատվություն և խմբագրական պատասխանատվություն է կրում տեսալսողական արտադրանքի բովանդակության համար և պարտավոր է պահպանել տեսալսողական մեդիայի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջները, իսկ օրենքի դրույթները խախտելու դեպքում կրել պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով, ուստի, oրենքի պահանջի չկատարումն ինքնին բերում է պատասխանատվության: Հանձնաժողովի կողմից վարչական վարույթի նյութերի ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է Հեռարձակողի կողմից իրականացված երկու իրավախախտում: Ելնելով վերոգրյալից և առաջնորդվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի մի շարք դրույթներով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց «ՇԱՐԿ» ընկերության նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ գրավոր նախազգուշացում՝ լրատվական հաղորդումներում նույն թեմայի վերաբերյալ լուսաբանումը հաղորդման եթերաժամի 25 տոկոսը գերազանցելու պահանջը խախտելու համար և «ՇԱՐԿ» ընկերության նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 29-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով: Քննարկելով «ՌԱԴԻՈ ՊՌՈ» ՍՊ ընկերության՝ Ապարան քաղաքում հատկացված հաճախականությունը փոխելու վերաբերյալ դիմումը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գրությունը՝ Հանձնաժողովը որոշել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2017 թվականի սեպտեմբերի 26-ի թիվ 50-Ա որոշմամբ «ՌԱԴԻՈ ՊՌՈ» ընկերությանը Ապարան քաղաքում հատկացված 90.7 ՄՀց հաճախականությունը փոխարինել 95.1 ՄՀց հաճախականությամբ: Հանձնաժողովը որոշել է բավարարել «ԱՐՄՔՈՄ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման (ցանցային օպերատորի գործունեության) լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումը և ուժը կորցրած ճանաչել «ԱՐՄՔՈՄ» ընկերությանը 2019 թվականին տրամադրված հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման ԿՀ N 266 լիցենզիան:
12:16 - 01 հուլիսի, 2022
Խոսքի ազատությունը չպետք է վերածվի ատելության քարոզի. ՀՌՀ

Խոսքի ազատությունը չպետք է վերածվի ատելության քարոզի. ՀՌՀ

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, անդրադառնալով հանրապետությունում ստեղծված քաղաքական իրավիճակին, հաղորդագրություն է տարածել, որում ասվում է՝ իրավիճակը լիցենզավորված և հեղինակազորված հեռարձակողներից ոչ միայն լարվածության սահուն, առանց սրացումների հաղթահարելու դիրքորոշում է պահանջում, այլև բարձր աստիճանի զսպվածություն և ինքնահսկողություն։ «Լարված ներքաղաքական իրավիճակներում հենց մեծ ազդեցություն ունեցող հեռուստա- և ռադիոընկերությունները պետք է դառնան այն հարթակները, որոնք ո՛չ միայն կարող են մեղմել քաղաքական կրքերը, այլև ապահովել դրանց դրսևորման նորմալ, բանական և քաղաքակիրթ ձևերը։ Մասնագիտական ձեր պարտականությունն է՝ չբորբոքել դրանք և, ինչպես ասում են, յուղ չլցնել կրակին, այլ բոլոր հակասություններն ու վեճերը ուղղորդել դեպի քաղաքակիրթ ու բանական քննարկումներ, վերլուծություններ և բանավեճեր։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը մշտապես հանդես է եկել խոսքի ազատության և կարծիքների ազատ արտահայտման սկզբունքի պաշտպանության դիրքերից։ Սակայն դա չի նշանակում, որ այդ ազատությունները պետք է վերածել ապատեղեկատվության գործիքի, ատելության խոսքի, անձնական թշնամանքի կամ միմյանց սևացնելով ու վարկաբեկելով՝ իրար հետ հաշիվներ մաքրելու միջոցի։ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ քաղաքական այս թոհուբոհում կարող են կողմնորոշվել հենց ձեր խոսքով, պահվածքով, բարեխղճությամբ։ Հանձնաժողովը ևս մեկ անգամ կոչ է անում Հեռարձակողներին` ապահովել հրապարակված տեղեկության ճշգրտությունը, անկողմնակալությունն ու բազմակարծությունը, ցուցաբերել ազնվություն՝ տեղեկությունները հավաքելու մեթոդներում, բացառել սոցիալական կարգավիճակի, անձի կամ խմբի որևէ այլ հատկանիշի հիմքով խտրականությունը։ Հանձնաժողովը նաև հիշեցնում է, որ լիցենզիա ստացած Հեռարձակողները պետք է հետևեն լիցենզիոն հայտով ստանձնած պարտավորություններին, որոնց խախտումները կարող են հանգեցնել օրենքով սահմանված պատժամիջոցների կիրառմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:  
14:43 - 05 մայիսի, 2022