«Հայրենիք» կուսակցություն

«Հայրենիք» ուսակցությունը հիմնադրվել է 2020 թվականին։ Նախագահը ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն է։ 

Ձևավորվել է կուսակցության 9 հոգուց բաղկացած խորհուրդ՝ Արթուր Վանեցյան, Խաչիկ Գալստյան, Ժասմեն Ասրյան, Արա Սահակյան, Ռոբերտ Հարությունյան, Արմինա Դարբինյան, Արսեն Բաբայան, Սոս Հակոբյան, Նարինե Ադոնց կազմով, վերստուգիչ մարմինը (նախ․՝ Զավեն Հակոբյան)։

«Հայրենիք» կուսակցությունը գործում է աջ կենտրոնամետ քաղաքական դաշտում։

2021թ․ ՀՀԿ-ի հետ կազմել է «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 2021թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով։ Դաշինքն անցել է 8-րդ գումարման խորհրդարան, որտեղ կունենա 7 պատգամավոր։

 

Ապակենտրոն ցանցային պայքարն այն մասին է, որ չլինի ընդգծված առաջնորդ առնվազն այս փուլում. Վանեցյան |news.am|

Ապակենտրոն ցանցային պայքարն այն մասին է, որ չլինի ընդգծված առաջնորդ առնվազն այս փուլում. Վանեցյան |news.am|

news.am: Իրազեկման առաջին փուլի գործողությունը մենք հասցրել ենք ավարտին, ունենք գրեթե 100 տոկոսանոց արդյունք: Այս մասին, այսօր՝ ապրիլի 25-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Նրա խոսքով, ապրիլի 17-ից ի վեր Ազատության հրապարակ են եկել հազարավոր մարդիկ, հայրենասերներ, որոնք հասկանում են, երկիրն իրապես գտնվում է վատ վիճակում, հասկանում են, որ եկել է ժամանակը հստակ պահանջով վերջ դնել այս իշխանությունների գոյությանը քաղաքական ասպարեզում. «Մենք շարունակում ենք հայտարարած բողոքի անժամկետ գործողությունները, կրկին գիշերելու ենք Ազատության հրապարակում, 24 ժամ լինելու ենք այստեղ։ Բայց երկրորդ փուլը, որի մեկնարկը տրվեց ապրիլի 25-ին, ավելի ակտիվ է լինելու։ Լինելու են երթեր, քաղաքացիական անհնազանդության ակցիաներ»,-ասաց Վանեցյանը՝ նշելով, որ կարևոր խնդիրն այն է, որ ժողովրդին հանեն փողոց և դարձնեն պահանջատեր։ Վանեցյանի խոսքով, առկա է 100 տոկոսանոց կոնսենսուս, որ այս իշխանությունը ձախողել է բոլոր ոլորտներում, պետության հիմքերը խարխլված են։ «Մենք խնդիր ունենք, որ մարդիկ ոչ թե հիասթափվեն և ասեն, թե մեկ է, բան չի լինելու, մի անգամ այդ տեխնոլոգիան կիրառվել է, փորձեցիք, պատերազմից հետո չստացվեց։ Մենք պետք է մարդկանց ասենք, որ չհիասթափվեն։ Իշխանությունների դեմ պայքարող տարբեր խմբեր կան այսօր։ Կարծում եմ, որ այդ խմբերն ավելանալու են և մենք կարողանալու ենք սկզբում ապակենտրոն ցանցային տարբերակով հանրության հետ աշխատել, բացատրել, որ մենք պետք է միասնական գործենք, որից հետո ինչ-որ մի փուլում պետք է բոլորը համախմբվեն», - ասաց Արթուր Վանեցյանը։ Դիտարկմանը, թե գնահատականներ են հնչում, որ ընդդիմադիր լիդերները համատեղ չեն աշխատում, Վանեցյանն ասաց. «Վստահ եղեք, որ այս պայքարը որևէ մեկը չի իրականացնում իր անձնական շահերը կամ նեղ կուսակցական շահերն առաջ մղելու համար։ Կան տարբեր կուսակցություններ ու խմբեր, որոնք ունեն իրենց առաջնորդները, և հենց դրա մասին է խոսքը, երբ ասում ենք ապակենտրոն ցանցային պայքար։ Դա նրա մասին է, որ չլինի ընդգծված առաջնորդ այս փուլում և մենք կարողանանք ձևակերպել այն, ինչ ուզում ենք։ Եթե մենք ասենք, թե մեր առաջնորդն այսինչ մարդն է, խնդիր ենք ունենալու, որովհետև մարդկանց թվալու է, թե եկել ենք ինչ-որ մեկին պաշտոնի նշանակելու պահանջով։ Բայց այստեղ ընդհանրապես նման տրամադրություն չկա։ Այստեղ տրամադրությունը մեկն է ունենալ հզոր Հայաստան, Արցախ, արժանապատիվ ապրող ժողովուրդ, բայց այս հիմնական նպատակին հասնելու համար մենք պետք է հասնենք իշխանափոխության։ Որևէ մեկը չունի այն ամբիցիան, որ ես եմ և վերջ։ Չկա նման բան»։
11:37 - 25 ապրիլի, 2022
Տեսանյութը հին է, տաքսու գումար պահանջելու դրվագը՝ չպարզաբանված

Տեսանյութը հին է, տաքսու գումար պահանջելու դրվագը՝ չպարզաբանված

Համացանցում հրապարակվել է մի տեսանյութ, որտեղ երեւում է, որ «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի օգնականը՝ Արամ Գրիգորյանը, թղթադրամներ է տալիս մի քանի տիկնանց, որոնցից մեկը, դիմելով Գրիգորյանին, ասում է՝ «բա տաքսուս փողը, տաքսու փողը, Արա՛մ», ի պատասխան՝ լսվում է՝ «Էդ էլ մերսին է՞ր»։ Այս տեսանյութն ակտիվորեն տարածում են կառավարող ուժի  քարոզչամեքենայի մաս կազմող կայքերը՝ կասկած հայտնելով եւ կամ ներկայացնելով, որ այդ կանայք, հավանաբար, ընդդիմադիրների հավաքներին են մասնակցում՝ դրա դիմաց վճարվելով։ Տեսանյութը, մասնավորապես, տարածել են Medianews, Freenews, Armenianews հարթակները, ֆեյսբուքյան տարբեր էջեր՝ կից գրելով «Ինչպես է Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանը փող բաժանում հանրահավաքի գալու համար» եւ նմանատիպ այլ տեքստեր։  Համացանցում որոնումը նախկինում հրապարակված այսպիսի տեսանյութ չի ցուցադրում, թեեւ տեսանյութից ակնհայտ է, որ այն նկարահանված է ավելի վաղ՝ հաշվի առնելով, որ գործող անձինք տաք վերարկուներով են։  Սա առիթ է տալիս եզրակացնելու, որ ժամանակահատվածում, երբ նկարահանվել է տեսանյութը, եղանակը ցուրտ է եղել։  Ինչ վերաբերում է պնդումներին, թե «մարդիկ բերվել են՝ հանրահավաքի մասնակցելու», նշենք, որ այս օրերին «Հայրենիք» կուսակցությունն ու իր համակիրները բողոքի գործողություններ են անում Ազատության հրապարակում, մասնավորապես նստացույց։ Տարածված տեսանյութում լսվում է հանրահավաքային ելույթ, կադրում էլ երեւում է Բաղրամյան պողոտայից մի հատված՝ Սիրահարների այգուց։    Այս ամենը հիմք է տալիս եզրակացնելու, որ տեսանյութն առնչություն չունի վերջին օրերի հավաքների հետ։ Իսկ կայքերն ու հարթակները, որոնք հրապարակել են տեսանյութը, որեւէ կերպ չեն նշել, թե այն երբ է նկարահանվել, ինչից կողմնակի դիտորդի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ տեսանյութը կապ ունի այս օրերին ընթացող բողոքի գործունեությունների հետ։  Վանեցյանի աջակիցները տարածվող տեսանյութն ու դրան կից մեկնաբանություններն անարձագանք չեն թողել։ Մասնավորապես, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ ներկայացրել է, որ տեսանյութը հին է, Ազատության հրապարակից բավականին հեռու, եւ որ Արամ Գրիգորյանին մոտեցել են ապրուստի խնդիր ունեցող մարդիկ, որոնց էլ վերջինս օգնել է. «Մեր ընկեր Արամը միշտ է այդպիսին եղել։ Հաճախ եմ Արամին խորհուրդ տալիս չտրվել խղճին: Ցանկացած միջոցառման ժամանակ էլ բոլորիս մոտենում են մարդիկ, որոնք ապրուստի խնդիր ունեն (մուրացկան բառը չեմ սիրում): Հաճախ բոլորդ էլ նկատել եք նաև, որ փող ուզողները հայտնի մարդկանց մոտենում են խմբերով և դժվարությամբ է հնարավոր լինում դա կանխել:  Արամը մի մեթոդ ունի, որը միայն իրեն է վնասում, նա այդ մարդկանց սկսում է օգնել: Այսօր մի տեսանյութ է հայտնվել համացանցում, որում անցյալ տարի Դեմիրճյան փողոցում վերը նկարագրածս դրվագ է տեսանկարահանված: Տեսանյութը բավականաչափ հին է և Ազատության հրապարակից բավականին հեռու:  Իշխանությանն ու նրանց հատուկ հանձնարարություններով դեսպանիկներին խորհուրդ կտամ զուր չտանջվել, քանի որ մարդկանց օգնելը եղել և մնացել է մեր համար կարևոր առաքելություն: Ցավում եմ այն տրամաբանություն ունեցողների համար, որոնց թվում է, թե հինգ կամ տասը հոգին, որոնց Արամն օգնել է, մեծ դերակատարում կարող են ունենալ հազարավոր մարդկանց մեջ»,- գրել է Բաբայանը։ Իսկ Վանեցյանի օգնական Սոս Հակոբյանը հայտարարել է, որ եթե չհեռացվեն Ազատության հրապարակ փողոց մարդ բերելու վերաբերյալ նյութերը, հարցը կլուծեն դատական կարգով։   Ի դեպ՝ որեւէ անդրադարձ չի կատարվել «բա տաքսու փողը, Արա՛մ» արտահայտությանը. անհասկանալի է, թե ինչ տաքսու մասին կարող էր խոսել ուղղակի օգնության դիմած քաղաքացին, որը, ինչպես ակնհայտ է տեսանյութից, անվանապես ճանաչում է տղամարդուն։ Այսպիսով, Վանեցյանի օգնականին առնչվող տեսանյութը հին է, սակայն այն հրապարակվել է նոր, իսկ կառավարող ուժի քարոզչամեքենան փորձել է տպավորություն ստեղծել, թե այս օրերին տեղի ունեցող ակցիաներին մարդկանց գումարով են տանում։ Միեւնույն ժամանակ այդ հայտարարությունների արձագանքներում տրվում է մի մեկնաբանություն, որում շրջանցվում է տաքսու գումարի մասին արտահայտությունը։ Հայարփի Բաղդասարյան
18:20 - 23 ապրիլի, 2022
Արթուր Վանեցյանը քաղաքացիներին կոչ է անում ավելի ակտիվ լինել և գալ Ազատության հրապարակ |armenpress.am|

Արթուր Վանեցյանը քաղաքացիներին կոչ է անում ավելի ակտիվ լինել և գալ Ազատության հրապարակ |armenpress.am|

armenpress.am: «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը կոչ է անում քաղաքացիներին ավելի ակտիվ լինել և գալ Ազատության հրապարակ` միանալով իրենց պայքարին: Արթուր Վանեցյանն ապրիլի 17-ին ազդարարել էր փողոցային պայքարի մեկնարկը` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարականը: «Տրամադրությունը շատ բարձր է, մարտական, ամեն ինչ շատ լավ է: Գիշերը անցել է նորմալ, արտառոց դեպքեր չեն գրանցվել, եղել են մեր հետ գիշերող բազմաթիվ քաղաքացիներ, որոնք իրենց վճռական քայլն են արել և ասում են, որ մնալու են ու պայքարելու են մինչև հասնենք մեր վերջնական նպատակին: Կոչ կանեմ, որ մեր քաղաքացիները ավելի ակտիվ լինեն, գան Ազատության հրապարակ, միանան պայքարին, որովհետև այս պայքարը հանուն Հայաստանի, հանուն Արցախի և հանուն ժողովրդի է»,- ասաց Վանեցյանը: «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը խնդրում է քաղաքացիներին հասկանալ իրենց պայքարի էությունը, իմաստը, չտրվել մանիպուլյատիվ պնդումներին, որ սա ներքաղաքական պայքար է: «Ոչ, այստեղ պայքար է առանց կուսակցական դրոշների, առանց առաջնորդի: Մենք պայքարում ենք հանուն մեր երկրի, հանուն մեր ապագայի, հանուն մեր հայրենիքի»,- եզրափակեց Վանեցյանը:
11:00 - 22 ապրիլի, 2022
Նիկոլ Փաշինյանի ելույթն ԱԺ-ում եղել է այն վերջնակետը, որը ինձ ստիպել է դուրս գալ փողոց. Արթուր Վանեցյան |news.am|

Նիկոլ Փաշինյանի ելույթն ԱԺ-ում եղել է այն վերջնակետը, որը ինձ ստիպել է դուրս գալ փողոց. Արթուր Վանեցյան |news.am|

news.am: «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Վանեցյանը երկրորդ գիշերն է լուսացրել Ազատության հրապարակում։ «Առհասարակ, որեւէ միջադեպ չի եղել, ուղղակի քանի որ չեն թողնում վրան տեղադրել, գիշերը ցուրտ է լինում»,-ասաց նա: Հարցին, թե եղե՞լ են սադրանքների փորձեր, Վանեցյանը պատասխանեց. «Մեկումեջ գալիս են ուղղորդված մարդիկ, խոսում են, բայց չի անցնում իրենց ասածը: Ասում են՝ ի՞նչ եք ուզում, թողեք մարդիկ աշխատեն, ինչի՞ եք խանգարում: Որեւէ կոնկրետ բան չեն ասում»: Վանեցյանի խոսքով, սա ոչ թե կազմակերպված մեծ հանրահավաք է, այլ տեղային անժամկետ բողոքի ակցիա է, որի նպատակն է մարդկանց իրազեկել, մարդկանց հետ դեմ դիմաց խոսել. «Այդ նպատակին ակցիան ծառայում է։ Շատ-շատ մարդիկ են գալիս։ Այս երկու օրվա ընթացքում ես բազմաթիվ քաղաքացիների հետ եմ խոսել, նրանց հուզող հարցերը լսել, պատասխանել։ Շատ դեպքերում մարդիկ տեղեկացված չեն ամբողջական, թե ինչ է կատարվում։ Շատ նորություններ ես եմ նաև իմանում։ Այստեղ գալիս են ոչ միայն ընդդիմության կողմնակիցները, այլև մարդիկ, որոնք դժգոհ են իշխանությունից, բայց չգիտեն՝ ինչ է պետք անել»,-ասաց նա: «Այս պայքարը հանուն մեր մեծ հայրենիքի է, հանուն Հայաստանի, հանուն Արցախի։ Որևէ ուրիշ նպատակ մեր պայքարը չի հետապնդում։ Մենք ասում ենք, որ այս իշխանությունները հետևողական կերպով բերել հասցրել են մի իրավիճակի, երբ ունենք Արցախի 75 տոկոսի կորուստ, հազարավոր զոհեր, Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինուժի ներկայություն։ Մենք տեսնում ենք, որ պարտվողական, զիջողական քաղաքականությունը այս իշխանությունները տանում են մինչև վերջ։ Ապրիլի 13-ին Նիկոլ Փաշինյանի ելույթն ԱԺ-ում եղել է այն վերջնակետը, որը ինձ ստիպել է դուրս գալ փողոց։ Ես չեմ կարող հանգիստ լինել, երբ Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարում է՝ այո, կարող էինք կանխել, կանգնեցնել պատերազմն ավելի վաղ, բայց ունենալու էինք նույն վիճակը, առանց զոհերի։ Ես չեմ հասկանում, ո՞նց կարելի է նման բան ասել»,-ասաց պատգամավորը։ Վանեցյանն ասաց, անցած երկու օրվա ընթացքում ավելի քան երեք տասնյակ զոհերի, անհետ կորածների հարազատներ եկել են Ազատության հրապարակ, խոսել իր հետ, հիշեցրել են՝ նախկինում քննադատել են Վանեցյանին։ «Ասում են՝ մեզ ասել էին, որ ձեր բողոքի ակցիաներն են խանգարում մեր որդիներին գտնելու գործին»,-ասաց նա։ ԱԱԾ նախկին տնօրենը ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը գնահատում է որպես ինքնախոստովանական ցուցմունք, նշում, որ դա բավարար հիմք է քրեական գործ հարուցելու համար. «Հավատացեք, ավելի մեղմ հայտարարությունների համար, որոնք չեն վերաբերում մարդկանց կյանքերին, երկրին, մարդկանց տանում են, ձերբակալում են ու դատում»,-ասաց նա։ Հիշեցնենք, որ երեկ զոհված զինծառայողների հարազատները Փաշինյանի այդ հայտարարությունից հետո հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն։
11:28 - 19 ապրիլի, 2022
ՀՀ կուսակցությունների դիրքորոշումները՝ միութենական պետությանն անդամակցության եւ ինքնիշխանության մասին

ՀՀ կուսակցությունների դիրքորոշումները՝ միութենական պետությանն անդամակցության եւ ինքնիշխանության մասին

«Հայաստանը փախչելու տեղ չունի․․․ Ի՞նչ է, կարծում եք՝ նրանք ինչ-որ մեկին պե՞տք են․․․»,- փետրվարի սկզբին Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այս հայտարարությունը հանրային եւ քաղաքական շրջանակներում դարձյալ ակտիվացրեց Հայաստանի՝ Ռուսաստանի ու Բելառուսի հետ միութենական պետության մաս կազմելու թեման։ Լուկաշենկոն կարծիք էր հայտնել, թե առաջիկա 15 տարիներին Մոսկվայի ու Մինսկի նախաձեռնած միութենական պետության կազմում կընդգրկվի նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեծ մասը՝ Ուկրաինան, Ղազախստանը, այլ պետություններ, որոնց թվում՝ նաեւ Հայաստանը։ Հայաստանի արտաքին գերատեսչությունն այս հայտարարությանն արձագանքեց․ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանի մեկնաբանությամբ՝ «Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը եւ որեւէ առնչություն չունեն Հայաստանի եւ նրա արտաքին քաղաքականության հետ»։ Infocom-ը Հայաստանի քաղաքական կուսակություններից մեկնաբանություններ է խնդրել, թե ինչ դիրքորոշում ունեն միութենական պետության մաս կազմելու հարցով։ Մասնավորապես, 2017, 2018, 2021 թվականների խորհրդարանական ընտրություններին մասնակցած, 2021թ․ տեղական ինքնակառավարման ընտրություններին ակտիվություն ցուցաբերած մի քանի տասնյակ կուսակցությունների գրավոր հարցադրումներ ենք ուղարկել՝ Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում պատկերացնո՞ւմ են ՌԴ-ի եւ Բելառուսի հետ միութենական պետության մաս, եւ եթե այո կամ ոչ, ապա ի՞նչ մեկնաբանությամբ։ Ստորեւ ներկայացնում ենք հարցադրմանը պատասխանած կուսակցությունների դիրքորոշումները։ «Ազգային օրակարագ» կուսակցությունը կարծում է՝ ապազգային եւ հակապետական իշխանական համակարգի ներկայացուցիչներն են եռանդագին քարոզում հայկական պետական ինքնիշխանության ու անկախ պետականության անհնարինությունը՝ պնդելով, որ գոյութենական միակ այլընտրանքը Ռուսաստանի կողմից ձեւավորվող հերթական Միության մաս դառնալն է․ «Օտարի իշխանության ներքո գոյատեւելու բազմադարյա այս կործանարար գաղափարն ու կեցվածքը ի վերջո հանգեցրել են Ցեղասպանության եւ Հայրենազրկման, ու Հայության նկատմամբ ստորացուցիչ կայուն վերաբերմունքի բանաձեւման՝ «КУДА ОНИ ДЕНУТСЯ...»»: Կուսակցության համոզմամբ՝ մենք երկու ուղի ունենք՝ լինել պետություն եւ ունենալ պետականություն, լինել ինքնիշխան պետություն, կամ էլ՝ չլինել այդպիսին։  Ազգային-ժողովրդավարական բեւեռը կտրականապես դեմ է Ռուսաստան֊Բելառուս միութենական պետության (ինչպես նաեւ որեւէ այլ վերպետական կառույցի) մաս կազմելու, քանի որ դա, ըստ կուսակցության դիրքորոշման, նախ նշանակում է ինքնիշխանության զգալի զիջում, եւ երկրորդ՝ ՀՀ ազգային շահերը գոնե ներկա եւ մոտ հեռանկարի ապագայում մեղմ ասած չեն համընկնում ՌԴ-ի եւ Բելառուսի շահերին․ «ԱԺԲ֊ն հանդես է գալիս ՀՀ ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ կազմից դուրս գալու օգտին եւ ԱՄՆ ոչ-ՆԱՏՕ անդամ հիմնական դաշնակցի կարգավիճակ ստանալու օգտին։ ԱԺԲն հանդես է գալիս ՀՀ եւ ԵՄ շատ ավելի խորը համագործակցության օգտին»,- ասված է կուսակցության պատասխանում: «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցությունը ոչ մի պարագայում ընդունելի չի կարող համարել Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ միութենական պետության գաղափարը։ Կուսակցության պատասխանի համաձայն՝ «Շանթ Դաշինքը» Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը եւ ժողովրդի ազատությունը համարում է անսակարկելի արժեքներ, որոնց սակարկողները կամ դրանց ճշմարտացիությունը կասկածի տակ դնողները պետք է համարվեն պետական դավաճաններ՝ ըստ ՀՀ սահմանադրության համապատասխան հոդվածների։ (Տեխնիկական խնդիրների պատճառով «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցության պատասխանը նյութին ավելացվել է հրապարակումից ավելի ուշ,- խմբ․)։ «Քաղացու որոշում» ՍԴ կուսակցությունը մեր հարցադրմանն ի պատասխան հայտնել է, որ երկրի ինքնիշխանությունը նվազեցնող որեւէ միավորման կողմնակից չեն կարող լինել․ ««Քաղաքացու որոշում» կուսակցությունը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետությունում եւ գործում է նրա սահմանադրականության շրջանակներում՝ ի շահ ինքնիշխանության, ժողովրդավարականության, իրավականության եւ սոցիալականության: Սա նշանակում է, որ մեր գործունեության բոլոր դրսեւորումները ուղղված են լինելու Հայաստանի գոյություն ունեցող ինքնիշխանության մակարդակի բարձրացմանը: Հետեւաբար, մենք երկրի ինքնիշխանությունը նվազեցնող որեւէ միավորման կողմնակից չենք կարող լինել»,- ասված է կուսակցության պատասխանում՝ հավելումով, որ առկա իրավիճակում իրենք տեսնում են նման միություններին անդամակցությունից զերծ մնալու հնարավորություն․ «Ուստի պատրաստ չենք քննարկել դեպքեր եւ հանգամանքներ, որոնցում ինքնիշխանության նվազեցումը «ընդունելի կլինի»։ Մեր այս դիրքորոշումը պայմանավորված է մեր արժեքներով, գաղափարներով, ինչպես նաեւ այն պրագմատիկ հաշվարկով, որ միջազգային հարաբերությունների հետզհետե բեւեռացման ժամանակաշրջանում այդ բեւեռների սահմանագծում ապրող ժողովուրդը, բեւեռներից մեկին ինքնամոռաց նվիրվելով, ունենալու է մեծ կորուստներ, իսկ ձեռքբերումների հավանականությունը խիստ փոքր է լինելու»: «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը կտրականապես մերժում է «Ռուսաստանից պարտադրվող եւ Հայաստանի ներսից սպասարկվող միութենական նկրտումները»։ Կուսակցության դիրքորոշմամբ՝ Հայաստանի ինքնիշխանությունը սակարկող ցանկացած ուժ պետք է արժանանա հստակ գնահատականների եւ մերժվի հանրության կողմից․ «Մեր հավատամքին համապատասխան՝ անելու ենք ամեն ինչ, որպեսզի կանխվեն նման սցենարները, այդ թվում՝ փորձելու ենք համախոհ ուժերի հետ անցկացնել խորհրդակցություններ եւ անհրաժեշտության դեպքում նաեւ կոնկրեը գործողություններ։ Անկախ Հայաստանին այլընտրանք չկա»։  «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչները եւ կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը համարում են, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը բացարձակ արժեք է․ «Եվ ցանկացած պարագայում մեր դիրքորոշումը հիմնված ու կառուցված է լինելու այս սկզբունքային մոտեցման վրա»: Ինչ վերաբերում է ՌԴ-ի հետ հնարավոր միութենական հանրապետության ձեւավորման հարցին՝ կուսակցության պատասխանի համաձայն՝ օդում կախված լուրերի կամ անհայտ ծագման տեղեկությունների վերաբերյալ «պարզապես չի կարելի, կոռեկտ չէ» դիրքորոշում ակնկալել․ «Եթե կլինեն նման գործընթացներ, նման առաջարկ կամ առաջարկներ, այդ ժամանակ էլ, ելնելով բովանդակությունից, իր բոլոր  մանրամասներով կներկայացնենք մեր դիրքորոշումն ու դիտարկումները՝ վստահաբար հավատարիմ մնալով վերոնշյալ մոտեցմանը»: Հայաստանի Հանրապետական կուսակցության պատասխանի համաձայն՝ ՀՀԿ-ն իր արտաքին քաղաքական գերակայությունները հնչեցրել է ՀՀԿ 17-րդ համագումարում, դրանք ներառված են համագումարի բանաձեւում։ Առաջարկել են կուսակցության դիրքորոշումներին ծանոթանալու համար հետեւել քաղաքական ուժի պաշտոնական դիրքորոշումն արտահայտող ՀՀԿ ներկայացուցիչներին հրապարակային ելույթներին, հարցազրույցներին, ՀՀԿ-ի ընթացիկ հայտարարություններին։ Infocom-ը կուսակցության համագումարի բանաձեւից առանձնացրել է արտաքին քաղաքականությանն առնչվող հատվածները։ Այսպես, կուսակցությունը բանաձեւում նշել է, որ Հանրապետականը եղել եւ մնում է մեր երկրի` միջազգային ամենալայն կապերն ունեցող քաղաքական ուժը եւ կապերի այդ լայն շրջանակը շարունակելու է ծառայեցնել մեր պետության ու ժողովրդի ազգային շահերի սպասարկմանը այն գիտակցումով, որ միայն ուժեղ, ինքնիշխան, արժանապատիվ Հայաստանը կարող է հարգանքի արժանի եւ վստահելի գործընկեր լինել: Կուսակցությունը հայտարարել է, որ իշխանափոխությունից հետո, ի թիվս այլնի, իրենց գործունեության առաջնահերթություններից են լինելու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը անվտանգային ողջ գործիքակազմի խելամիտ եւ նպատակային գործադրմամբ, հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցության բարելավումը, ընդլայնումը եւ խորացումը՝ ամրապնդելով Հայաստանի եւ Արցախի սահմանների անվտանգության իրական երաշխիքները, Եվրամիության հետ Հայաստանի ստորագրած Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող գործողությունների ծրագրում ներառված գերակայությունների վերաբանակցումը, եւ այլն։ «Հանուն Հանրապետության» կուսակցությունը Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում չի պատկերացնում եւ չի ցանկանում պատկերացնել որպես Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ այսպես կոչված «միութենական պետության» մաս․ «Հայաստանի Հանրապետությունն ազատ, անկախ եւ ժողովրդավարական պետություն է, եւ բազում տարիների անօրինակ պայքարով ձեռք բերված այդ կարգավիճակը, հաստատված 1991 թվականի հանրաքվեի անվիճելի արդյունքներով, սկզբունքորեն չի՛ կարող լինել սակարկության կամ նույնիսկ քննարկման առարկա, նույնիսկ տեսականորեն»,- ասված է կուսակցության պատասխանում։ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը պատասխանում շեշտել է, որ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան եւ ժողովրդավարական պետություն է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված, եւ, ըստ այդմ, Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում ոչ միայն չի պատկերացնում Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ Միութենական պետության մաս, այլ անգամ քաղաքական օրակարգ արհեստականորեն բերված քննարկումները, հարցումները, նմանօրինակ հայտարարությունները համարում է խիստ վտանգավոր ու անթույլատրելի եւ ՀՀ անկախության, ինքնիշխանության եւ անվտանգային համակարգի դեմ տարվող բացահայտ գործողություններ․ «Մեր օրակարգում նմանօրինակ հարցի անգամ քննարկում, որն ողիղ սպառնալիք եւ ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, չկա եւ չի էլ կարող երբեւէ լինել»:  Կուսակցությունը կարծում է, որ ակնհայտ է՝ միութենական պետության գաղափարը ՌԴ իշխանությունների աշխարհաքաղաքական նկրտումներին եւ շահերին հարմարեցված հերթական միավորում պետք է լինի, դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով, ինչն էլ ծանր հետեւանքներ է ունենալու ոչ միայն ՀՀ քաղաքական եւ տնտեսական բազմավեկտոր ինտեգրացիոն գործընթացների վրա, այլ նաեւ լուրջ խոչնդոտ է լինելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման եւ միջազգային ճանաչման գործընթացի համար․ «Վստահ ենք՝ բոլորի հիշողությունները դեռ թարմ են, թե ինչպիսի դիրքորոշում հայտնեց ՀԱՊԿ-ը Հայաստանի համար օրհասական եւ անվտանգային առումով ամենաբարդ ու ծանրագույն շրջանում՝ թե՛ քառօրյա , եւ թե՛ 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո, անգամ ՀՀ սուվերեն տարածք թշնամու ներխուժման եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու ժամանակ: Իսկ, որ հենց այդպիսի դիրքորոշում էր որդեգրելու ՀԱՊԿ-ը, Ազատ Դեմոկրատները բազմիցս են բարձրաձայնել: Եվ, ընդհանրապես, Հայաստանի ապագան քաղաքակիրթ եւ առաջադեմ աշխարհն է, այլ ոչ թե դրանից մեկուսացումը: Հայաստանի իշխանությունը առաջնահերթ պարտավորություն ունի կոշտ ու միանշանակ հակահարված տալ ՀՀ անկախությանն ու ինքնիշխանությանը սպաղնացող որեւէ գործողության եւ առաջնորդվի միմիայն ՀՀ Սահմանադրությամբ եւ պետական շահով»: Հայաստանի կանաչների կուսակցությունը անկախ, ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում չի պատկերացնում Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ միութենական պետության մաս։ «Ազգային առաջընթաց» կուսակցությունն էլ դեմ է ՀՀ ինքնիշխանության մասնակի կամ ամբողջական օտարմանը՝ հօգուտ որեւէ պետության, կամ պետությունների, կամ նրանց դաշինքի կամ միությանը, այդ թվում եւ առավել եւս՝ ՌԴ ու Բելառուսի միութենական պետությանը միանալու տեսքով։  Պահպանողական կուսակցությունը եւս որեւէ պարագայում Հայաստանը չի պատկերացնում Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ միութենական պետության մաս։ «Պահպանողական կուսակցության համար ՀՀ Սահմանդրությամբ ամրագրված ինքնիշխանությունն անսակարկելի է, ինչպես նաեւ Պահպանողական կուսակցության Կանոնադրության եւ Ծրագրի մեջ Հայաստանի պետականությունը հռչակված է որպես բարձրագույն արժեք»: Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության ամփոփոխ առաջին հոդվածի բովանդակությունը Հայաստանի Հանրապետռության ինքնիշխանության վերաբերյալ, ինչպես նաեւ Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության հաստատուն դիրքորոշումը, անընդունելի եւ հակապետական է համարում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը կասկածի դակ դնող ցանկացած գաղափար եւ ցանկացած ակտ: Հայաստանի եվրոպական կուսակցությունը նույնպես կտրականապես դեմ է միութենական պետության գաղափարին․ «Մեզ մոտ դա անգամ չի քննարկվում, դա քրեական հանցագործություն է։ Նման բան քննարկել, խոսել, մտածել, անգամ չենք պատկերացնում»,- Infocom-ի հարցին ի պատասխան՝ կուսակցության դիրքորոշումը հայտնեց կուսակցության վարչության անդամ Ալլա Հարությունյանը։ «Հայոց հայրենիք» կուսակցությունը կարծում է, որ Հայաստանի Հանրապետությանն անկախությունն ու ինքնիշխանությունը միանշանակ որեւէ կերպ չի կարող խաթարվել, բայց համագործակցությունը որպես մեկ կառույց, «մեկ պետություն»՝ միանշանակ ընդունելի է համարում։ Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն էլ է կողմ միութենական պետության գաղափարին, եթե ՀՀ անվտանգության ապահովման համար այդ միությանը միանալը վերջին հնարավորությունն է։ Այս տարվա փետրվարի 17-ին «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանն իր ասուլիսի ժամանակ, պատասխանելով միութենական պետության մասին լրագրողի հարցին, ասաց, որ այսօր աշխարհում կան ինտեգրման այնպիսի մոդելներ, որոնցով բոլորը հիանում են, օրինակ՝ Եվրամիություն․ «Այն միությունը, որ ՌԴ-ի եւ Բելառուսի միջեւ է, հեռու է իր ինտեգրման աստիճանով ԵՄ-ից։ Այսօրվա աշխարհում, իմ կարծիքով, չպետք է ապրիորի վախենալ որեւէ նման ինտեգրումից, ուղղակի պետք է նստել-հասկանալ՝ ինչ ես ստանում, ինչ ես զիջում։ Իմ նախագահության օրոք նման հարց չի քննարկվել, մենք այդպիսի նախաձեռնություն չենք ցուցաբերել եւ չենք համարել, որ դա հասունացած է։ Բայց հիմա նման կարգի գործընթացներին պետք է վերաբերել շատ պրագմատիկ եւ հաշվարկի հիմքի վրա, ոչ թե կենցաղային մոդելով՝ դու՝ ինձ, ես՝ քեզ, այլ կոնկրետ հաշվարկով, ինչ վտանգների առաջ ենք կանգնած, ինչ սպասելիքներ ունենք, ինչ են մեզ առաջարկում, ինչ ենք կորցնում, ինչ ենք ստանում։ Քանի որ չկա առաջարկ, հիմա դժվար է գնահատել»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ երբ կլինի, պետք է սթափ հաշվարկով քննարկել, մտնել-կամ չմտնել նման պրոցեսների մեջ։  Նրա կարծիքով՝ ՌԴ-ի հետ մենք պետք է ունենանք շատ ավելի խոր հարաբերություններ․ «Չկա այլ երկիր, որը շահագրգռված կլինի մեզ նորից գործոն սարքել այս տարածաշրջանում»։ «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը Քոչարյանի ասուլիսից հետո անդրադարձավ միութենական պետության մասին վերջինիս հայտարարություններին՝ հնչեցնելով նաեւ իրենց կուսակցության դիրքորոշումը։ Նրա կարծիքով՝ Քոչարյանը երկընտրանքի առաջ է կանգնեցրել հայ ժողովրդին ու Հայաստանի Հանրապետությանը՝ առաջարկելով կամ ապավինել ՌԴ-ի հետ առավել խոր ինտեգրմանը՝ չբացառելով անգամ միութենական պետությանն անդամակցելը՝ այդպիսով թուրք-ադրբեջանական սպառնալիքը դիտարկելով որպես անհաղթահարելի գործոն, կամ համակերպվել Քոչարյանի ձեւակերպմամբ «Հայաստանի աջարիզացիային»։ Նորիկյանի կարծիքով՝ Հայաստանին եւ հայ ժողովրդին դնել ծանր երկընտրանքի առջեւ, որ կամ ընտրում ես Թուրքիան, կամ  Ռուսաստանը, ազնիվ չէ մեր պետության, հասարակության նկատմամբ, եւ բացառել զարգացման որեւէ այլ տարբերակ, այդ թվում՝ բոլորի հետ նորմալ բարիդրացիական հարաբերությունների կարգավորման հնարավորությունը, նույնն է, թե Հայաստանին հավերժորեն գամել պատերազմի դռանը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։  Արդար Հայաստանը կարծում է, որ ՀՀ բոլոր քաղաքական ուժերը պետք է երկու հարցի վերաբերյալ ունենան հարյուրտոկոսանոց կոնսենսուս․ ՀՀ ինքնիշխանությունը, պետականությունը սակարկման ենթակա չեն, ՀՀ տարածքային ամբողջականությունը սակարկման ենթակա չէ։ Նրանք, որոնք կասկածի տակ կդնեն ինքնիշխանությունն ու պետականությունը, Նորիկյանի խոսքով, պետք է վռնդվեն ՀՀ քաղաքական դաշտից։ Ստորեւ ներկայացնում ենք այն կուսակցությունների ցանկը, որոնք չեն պատասխանել  հարցադրմանը, սակայն հետագայում նրանց դիրքորոշումն ունենալուն պես դրանք եւս կհրապարակենք․ «Վերածնվող Հայաստան» կուսակցություն, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն,  «Հանրապետություն» կուսակցություն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն,  «Լուսավոր Հայաստան» կուսակցություն,  «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն,  «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն,  «Միասնական հայրենիք» կուսակցություն,  Հայ կառուցողական կուսակցություն,  «Զարթոնք» կուսակցություն,  «Ալյանս» կուսակցություն, «Ազատություն» կուսակցություն,  «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն,  «5165 շարժում» կուսակցություն,  «Վերելք» կուսակցություն,  «Ազատական» կուսակցություն,  «Ժառանգություն» կուսակցություն,  Հայաստանի կոմունիստական կուսակցություն,  «Ազգային ինքնորոշում» կուսակցություն,  «Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցություն։ Հետգրություն «Ապրելու երկիր» կուսակցությունը նյութի հրապարակումից հետո հարցադրմանն ի պատասխան տեղեկացրել է, որ կուսակցությունը Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում չի պատկերացնում Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ միութենական պետության մաս, քանի որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը սակարկման եւ քննարկման առարկա չէ։   Լուսանկարի աղբյուրը՝ ria.ruՀայարփի Բաղդասարյան
16:54 - 08 մարտի, 2022
Արթուր Վանեցյանը ներկայացրեց, թե ինչու էր որոշել Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության հետ մեկնել ԱՄՆ |armenpress.am|

Արթուր Վանեցյանը ներկայացրեց, թե ինչու էր որոշել Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության հետ մեկնել ԱՄՆ |armenpress.am|

armenpress.am: «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ներկայացրեց, թե ինչու էր որոշել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի պատվիրակության հետ աշխատանքային այցով մեկնել ԱՄՆ։ «Ինչ վերաբերվում է այն մեկնաբանություններին, թե իշխանության ներկայացուցիչների հետ ինչո՞ւ ենք մեկնում կամ ես ինչո՞ւ եմ համաձայնել մեկնել ԱՄՆ, մի շատ պարզ պատճառ կա՝ իշխանության ներկայացուցիչները, երբ լինում են միայնակ, նրանք ներկայացնում են միայն իրենց տեսակետը։ Այսինքն՝ այլ տեսակետ մեր երկրից միջազգային կառույցներում չի ներկայացվում, և դա իրենց ազատ գործելու իրավունք է տալիս։ Հետո մենք զարմանում ենք, թե ինչու միջազգային կառույցներից չունենք որոշակի արձագանքներ Հայաստանում տիրող իրավիճակի մասին, ինչո՞ւ ընդդիմության կողմից Հայաստանի ներսում բարձրացված խնդիրների մասին տեղեկացված չեն մեր միջազգային գործընկերները»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Վանեցյանը։ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարը շատ հարգանքով է վերաբերվում «Հայաստան» խմբակցության՝ միջազգային կառույցներում մասնակցությունը կասեցնելու որոշմանը։ «Ես շատ հարգանքով եմ մոտենում այն հայտարարությանը, որ արել են մեր ընդդիմադիր գործընկերները, որ նրանք չեն մասնակցում, չեղարկել են միջազգային կառույցների հետ այլ երկրների հետ մեկնելը, քանի դեռ սահմանափակումները հանած չեն պատգամավորների վրայից։ Դա իրականում շատ կարևոր հարց է և ուղղակի խայտառակություն է, որովհետև ընտրված պատգամավորները զրկված են ազատ տեղաշարժի իրավունքից»,- եզրափակեց Վանեցյանը։ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 15-20-ն աշխատանքային այցով կգործուղվի Վաշինգտոն: Պատվիրակության կազմում ընդգրկված էին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, պատգամավոր Մարիա Կարապետյանը,  «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը և մի խումբ աշխատակիցներ ԱԺ աշխատակազմից: Արթուր Վանեցյանն այնուհետև հայտարարել էր, որ չեղարկում է աշխատանքային այցն ԱՄՆ:
14:01 - 17 հունվարի, 2022
Արթուր Վանեցյանը չեղարկել է աշխատանքային այցն ԱՄՆ, քանի որ իշխող ուժը սահմանափակել է նրա մասնակցությունը Վաշինգտոնում կարևոր աշխատանքային հանդիպման. Սոս Հակոբյան

Արթուր Վանեցյանը չեղարկել է աշխատանքային այցն ԱՄՆ, քանի որ իշխող ուժը սահմանափակել է նրա մասնակցությունը Վաշինգտոնում կարևոր աշխատանքային հանդիպման. Սոս Հակոբյան

«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Արթուր Վանեցյանը չեղարկել է աշխատանքային այցն ԱՄՆ։   «Սիրելի հայրենակիցներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ Արթուր Վանեցյանը չեղարկել է իր աշխատանքային այցն ԱՄՆ՝ ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության կազմում: Պատճառն իշխող ուժի կամայական որոշումն է սահմանափակել ընդդիմության ներկայացուցչի մասնակցությունը Վաշինգոտում նախատեսվող կարևորագույն աշխատանքային հանդիպմանը: Գործուղումից մի քանի ժամ առաջ Արթուր Վանեցյանին տեղեկացրել են, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հետ հանդիպմանը հայկական կողմից մասնակցելու է երեք հոգի և որոշում է կայացվել Վանեցյանին չներառել այդ կազմում: Փաստորեն, իշխանությունը որոշել է, որ Ներկայացուցիչների պալատի խոսնակի հետ հանդիպմանը ընդդիմության ներկայացուցչի կարիք չկա և հանդիպմանը հայկական կողմից կմասնակցեն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը և ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը: Արթուր Վանեցյանն ի պատասխան տեղեկացրել է, որ այդ պարագայում նպատակահարմար չի համարում իր մեկնումն ԱՄՆ և չեղարկել է այցը, քանի որ օրակարգի այդպիսի փոփոխության պայմաններում այցը կկրեր ընդամենը արարողակարգային բնույթ: Իշխանության այս գործելաոճն աննախադեպ ու անընդունելի է՝ առավել ևս հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության խորհրդարանական կառավարման համակարգը: Միջադեպը հերթական անգամ ցույց է տալիս, որ իշխող ուժը չունի քաղաքական մշակույթ և ցանկություն այն զարգացնելու: Մտածելու տեղիք են տալիս նաև նման որոշման շարժառիթները՝ արդյո՞ք խնդիրը միայն իշխանության կողմից ժողովրդավարության այլասերված ընկալումն է, այլակարծության նկատմամբ անհանդուրժողականությունն ու ընդդիմության նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, թե՞ առկա է նաև հանդիպման բովանդակությունը թաքցնելու մտադրություն: Դատապարտում ենք նման գործելաոճը՝ համարելով այն հարված ՀՀ հեղինակությանը: Հնարավոր բոլոր ճանապարհներով այս ամենաթողությունը պետք է արմատախիլ արվի: Հ.Գ. Այս ամենի մասին պատշաճ կերպով կտեղեկացնենք նաև մեր միջազգային գործընկերներին»:
10:24 - 15 հունվարի, 2022
Մամիջանյանը պարզաբանեց, թե Վանեցյանն ինչու չի մասնակցում կառավարության հետ հարցուպատասխաններին |armenpress.am|

Մամիջանյանը պարզաբանեց, թե Վանեցյանն ինչու չի մասնակցում կառավարության հետ հարցուպատասխաններին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը պարզաբանեց, թե ինչու է խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հաճախակի բացակայում ԱԺ նիստերից, հատկապես կառավարության անդամների հետ հարցուպատասխաններին: Պատգամավորն այս մասին խոսեց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե Վանեցյանին ԱԺ-ում չեն տեսնում: «Արթուր Վանեցյանը գրեթե ամեն օր գտնվում է Ազգային ժողովում: ԱԺ-ում չգտնվելու պարագայում գտնվում է «Հայրենիք» կուսակցության գրասենյակում»,- ասաց Մամիջանյանը: Իսկ ինչ վերաբերում է ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխաններին չմասնակցելու հարցին՝ նա նշեց, թե Վանեցյանը կարծում է, որ ստերը կարելի է լսել ոչ միայն դահլիճում, այլ նաև ուրիշ վայրերում:
13:51 - 19 նոյեմբերի, 2021
Դիլիջանի ՏԻՄ ընտրություններում հաղթել է ՔՊ-ն․ անցողիկ շեմը հաղթահարել է 4 քաղաքական ուժ

Դիլիջանի ՏԻՄ ընտրություններում հաղթել է ՔՊ-ն․ անցողիկ շեմը հաղթահարել է 4 քաղաքական ուժ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում երեկ՝ հոկտեմբերի 17-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքները։  Նշենք, որ ընտրություններն անցել են համամասնական ընտրակարգով, մասնակցում էր 5 քաղաքական ուժ՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը, «Հայրենիք» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը եւ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը։ Ընտրելու իրավունք ունեցող 18 374 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 8 085-ը։ Անվավեր է համարվել 223 քվեաթերթիկ, ձայները բաշխվել են հետեւյալ կերպ․ «Ապրելու երկիր» կուսակցություն - 1 927 կամ 23.83%«Հայրենիք» կուսակցություն - 219 կամ 2․70%«Հանրապետություն» կուսակցություն - 514 կամ 6.35%«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 4 591 կամ 56.78%«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն - 605 կամ 7.48% Հավելենք, որ կուսակցությունների համար անցողիկ շեմը 4 տոկոս է, իսկ դաշինքների համար՝ 6 տոկոս։ Այսպիսով Դիլիջան համայնքում անցողիկ շեմը հաղթահարել է 4 քաղաքական ուժ, հաղթանակ է տարել կառավարող ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի քաղաքապետի թեկնածուն Դավիթ Սարգսյանն է։
10:45 - 18 հոկտեմբերի, 2021
Ընտրվելու դեպքում «Հայրենիքը» ստեղծելու է «Դիլիջան՝ իմ հայրենիք» հիմնադրամ, որով կօգնեն 200 առանձնատներ եւ հյուրատներ կառուցել․ Արմեն Օրդինյան

Ընտրվելու դեպքում «Հայրենիքը» ստեղծելու է «Դիլիջան՝ իմ հայրենիք» հիմնադրամ, որով կօգնեն 200 առանձնատներ եւ հյուրատներ կառուցել․ Արմեն Օրդինյան

Տավուշի մարզի Դիլիջան համայնքում այս տարվա հոկտեմբերի 17-ին տեղի կունենան համայնքների ավագանիների հերթական ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, ավարտվելու է հոկտեմբերի 15-ին։  Դիլիջանում առաջադրվել է հինգ քաղաքական ուժ․ «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում Արմինե Հովհաննիսյանի թեկնածությամբ, «Հայրենիք» կուսակցությունը՝ Արմեն Օրդինյանի թեկնածությամբ, «Հանրապետություն» կուսակցությունը՝ Արմեն Ուլիխանյանի թեկնածությամբ, «Քաղաքացու որոշում» կուսակցությունը՝ Արա Մարտիրոսյանի թեկնածությամբ, եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Դավիթ Սարգսյանի թեկնածությամբ։ Արմեն Օրդինյանը, որ գլխավորում է «Հայրենիք» կուսակցության ցուցակը, այս պահին չի աշխատում, կենսաթոշակառու է։ Դիլիջանում Օրդինյանի թիմը քարոզարշավը մեկնարկել է «Դիլիջան՝ Իմ Հայրենիք» կարգախոսով։ Մեր զրույցում համայնքապետի թեկնածուն կարծիք հայտնեց, որ քարոզարշավն ընթանում է քաղաքակիրթ ձեւով՝ առանց այլեւայլությունների։ Միայն թե, ինչպես արձանագրեց նա, եւ ինչպես ավելի վաղ մեր զրույցում նշել էին «Քաղաքացու որոշում» եւ «Ապրելու երկիր» կուսակցությունների թեկնածուները, երբեմն նախընտրական պաստառներ պատռելու դեպքեր են եղել։ «Հայրենիքը» քարոզարշավն իրականացնում է Դիլիջանի բնակավայրեր այցելելով եւ բնակիչների հետ զրույցներով։ Infocom-ի հետ զրույցում Արմեն Օրդինյանը նշեց, որ համայնքում ամենատարբեր խնդիրներ կան, որ առաջնահերթ լուծում են պահանջում։ Նա հատկապես առանձնացրեց իրենց ծրագրային այն դրույթը, ըստ որի՝ պատրաստվում են իրականացնել վթարային շենքերի եւ կամուրջների քարտեզագրում, սողանքային հատվածների ամրակայում, վերանորոգման աշխատանքներ, եւ այլն։ «Դիլիջանում 100-ից ավելի բազմաբնակարան շենքեր կան, որոնց շահագործման ժամկետները մոտենում են ավարտին։ 8200-ից ավելի առանձնատների մոտ 20%-ը հիմնանորոգման կարիք ունի․ դրանք դեռ երկրաշարժի ժամանակ են վնասվածքներ ստացել։ Վերջին 30 տարվա մեջ համայնքում բնակարանաշինություն չի իրականացվել։ Այսօր ավելի քան 500 ընտանիք նոր բնակարանի կարիք ունի»,- թվարկեց մեր զրուցակիցը՝ վստահեցնելով, որ ընտրվելու պարագայում պատրաստվում են այս հարցերին լուծում տալ։ Նա նշեց նաև, որ որոշել են՝ ընտրվելու դեպքում բացելու են «Դիլիջան՝ իմ հայրենիք» հիմնադրամ, որով կօգնեն 200 առանձնատուն, հյուրատներ սարքել։ Հիմնադրամի միջոցները պետք է գոյանան բարերաների, քաղաքացիների ջանքերով․ «Ես ինքս արտերկրում շատ ընկերներ ունեմ, որոնք պատրաստ են գալ, ներդրումներ անել։ Մեր կուսակցության ղեկավարն էլ շատ մեծ կապեր ունի։ Բոլորիս էլ պարզ է, որ բյուջեի միջոցներով այս ծրագրերը հնարավոր չէ իրագործել։ Դրա համար ներդրումներ են պետք»,- ասաց Օրդինյանը՝ նշելով, որ Դիլիջանը զբոսաշրջային քաղաք է, եւ այն բնակիչները, որոնք իրենց տան մի հատվածն են զբաղեցնում, կարող են մյուս մասն էլ որպես հյուրատուն ծառայեցնել՝ այդպիսով լուծելով նաեւ իրենց հանապազօրյա հացի խնդիրը։ Մեր զրուցակիցը խոսեց նաեւ ջրահեռացման համակարգի վերանորոգման եւ արդիականացման իրենց նպատակների մասին՝ նշելով, որ Հովքում նախատեսում են ջրահավաք ավազանի կառուցում, Աղավնավանքում՝ ջրահավաք հզորությունների ավելացում, համայնքի գյուղերում՝ կոյուղու համակարգի անցկացում։  Օրդինյանի դիտարկմամբ՝ խնդիրներ կան նաեւ ճանապարհաշինության ոլորտում։ Նրա խոսքով, մասնավորապես, Դիլիջանի կենտրոնական եւ երկրորդական փողոցներն իրականում անմխիթար վիճակում են, դրանց պլանային վերանորոգում են նախատեսում եւ միջհամայնքային ու ներհամայնքային ճանապարհների բարեկարգում եւ ասֆալտապատում։  «Հայրենիք» կուսակցության համայնքապետի թեկնածուն մեր զրույցում խոսեց նաեւ գործազրկության բարձր մակարդակի եւ դրանով պայմանավորված արտագաղթի խնդրի մասին։ Այս առնչությամբ նախատեսում են ավելացնել Դիլիջանի առողջարանային եւ հյուրանոցային ծառայությունների տրամադրման հնարավորությունները, կրկնապատկել գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիական տնտեսությունները եւ այլն։ «Երիտասարդությունն էլ ընդհանրապես զբաղմունքի տեղ չունի, որ մարդիկ գնան, ժամանակ անցկացնեն, լրիվ հեռախոսների մեջ են, ոչ մի ակտիվություն չկա։ Քաղաքում ժամը մեկից հետո մարդ չես տեսնի։ Սրճարաններ կան, որոնք տեղացիների համար ոչ մատչելի են։ Շատ հարցեր կան»,- ասաց Օրդինյանը։ Վերջինս իրենց շանսերը 100 տոկոս է գնահատում եւ ակնկալում բնակիչների քվեն՝ վստահեցնելով իրականացնել իրենց ծրագրերը։ Լուսանկարը՝ «Դիլիջան՝ Իմ Հայրենիք» ֆեյսբուքյան էջից Հայարփի Բաղդասարյան
13:09 - 13 հոկտեմբերի, 2021
Հատկապես այս փուլում կարևոր եմ համարում Հայաստանի բարեկամ երկրների հետ բազմակողմ կապերի սերտացումը. Արթուր Վանեցյան

Հատկապես այս փուլում կարևոր եմ համարում Հայաստանի բարեկամ երկրների հետ բազմակողմ կապերի սերտացումը. Արթուր Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրել է․ «Վերջին օրերին Հայաստանի բարեկամ Իրանի հասցեին Ադրբեջանից տարբեր մակարդակներով հնչում են անընդունելի և սադրիչ հայտարարություններ, արվում են ակնհայտ հակաիրանական քայլեր, որոնք միտված են տարածաշրջանում ապակայունացման հերթական ալիքի և նոր ռիսկերի ու մարտահրավերների ձևավորմանը։ Ադրբեջանում թուրքական կողմի հետ համատեղ անցկացվող պարբերական զորավարժություննեըը ևս հստակորեն ցույց են տալիս, որ պաշտոնական Բաքուն և Անկարան որևէ ցանկություն չունեն իրենց երկարաժամկետ քաղաքականությունը կառուցելու տարածաշրջանային խաղաղության հասնելու տրամաբանության շրջանակներում և ռազմատենչ ծավալապաշտական նկրտումներ ունեն ոչ միայն Հայաստանի ու Արցախի հանրապետությունների նկատմամբ։  Ուստի չափազանց կարևոր եմ համարում հատկապես այս փուլում Հայաստանի  բարեկամ երկրների հետ բազմակողմ կապերի սերտացումը, դրանց որակական նոր մակարդակի բարձրացումը, միջազգային ասպարեզում համատեղ շահերի տիրույթում միմյանց անվերապահ աջակցության տրամադրումը, ինչն էլ հենց իրական կդարձնի մեր տարածաշրջանում երկարաժամկետ արդար և արժանապատիվ խաղաղության հաստատումը»։       
14:42 - 23 սեպտեմբերի, 2021
Մենք չենք կարող պատերազմի սպառնալիքից վախենալով ասել՝ թուրքերը թող գան, մտնեն մեր երկիր. իրենք չեն ուզում մեզ հետ խաղաղ ապրել, ուզում են, որ մենք ուղղակի չլինենք, ֆիզիկապես ոչնչանանք. Արթուր Վանեցյան

Մենք չենք կարող պատերազմի սպառնալիքից վախենալով ասել՝ թուրքերը թող գան, մտնեն մեր երկիր. իրենք չեն ուզում մեզ հետ խաղաղ ապրել, ուզում են, որ մենք ուղղակի չլինենք, ֆիզիկապես ոչնչանանք. Արթուր Վանեցյան

Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ եթե քեզ ապտակում են, դու չես պատասխանում, էլի են ապտակում, եթե փորձում են խլել քո ունեցվածքը, դու չես պաշտպանում, էլի են խլում: Այս մասին երիտասարդների հետ հանդիպմանն ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:«Մենք չենք կարող պատերազմի սպառնալիքից վախենալով ասել՝ թուրքերը թող գան, մտնեն մեր երկիր: Թուրքը և ադրբեջանցին ապացուցում են, որ իրենց միակ նպատակը հայ ազգի բնաջնջումն է, հայ ազգ չպետք է լինի: Իրենք չեն ուզում մեզ հետ խաղաղ ապրել, ուզում են, որ մենք ուղղակի չլինենք, ֆիզիկապես ոչնչանանք: Մեզ մի առիթով ասել են, որ թուրքական յաթաղանը 21-րդ դարում փոխարինվել է թուրքական «Բայրաքթարով»,-ասել է Վանեցյանը:Նա անդրադարձել է հարցին՝ հնարավո՞ր էր առհասարակ այնպես անել, որ պատերազմ չլիներ, մենք կարողանայինք պահպանել մեր խաղաղությունը, հաղթողի կերպարը: «Այս իշխանություններն իրենց անփորձության, ապաշնորհության պատճառով մեզ հասցրին պատերազմի: Շատ հարցեր են տալիս՝ Նիկոլ Փաշինյանը դավաճանական ծրագի՞ր է արել, թե՞ չհասկանալով, չգիտակցելով է արել. անկեղծ ասած, ինձ համար այդքան էլ մեծ չէ տարբերությունը, որովհետև գիտակցելո՞վ է արել, թե՞ չգիտակցելով, ամեն դեպքում, ունենք այս հետևանքը՝ մեր հայրենիքի Արցախյան հատվածի 75 տոկոսի կորուստ, հազարավոր զոհեր, վիրավորներ, չլուծված անվտանգային խնդիրներ»,-ասել է նա ու հիշեցրել՝ ադրբեջանական զորքը ամիսներով մեր տարածքում է, և այս իշխանությունները չեն կարողանում դուրս շպրտել նրանց:Արթուր Վանեցյանը նաև կարևորել է քաղաքացիների լավ ապրելու անհրաժեշտությունը: «Մարդ պետք է միշտ ձգտի լավ ապրել, բայց իշխանությունները փորձել են մարդկանց համոզել, որ հարուստ լինելը վատ է, և եթե մարդը հարուստ է, ուրեմն՝ հանցագործ է, բայց չպետք է մեղավորներ փնտրել, պետք է աշխատել, նպատակ դնել ու առաջ գնալ»,-ասել է նա ու ներկայացրել իր նպատակը.«Հիմա մի նպատակ ունեմ, որին միասին ենք հասնելու՝ ունենալ ուժեղ, լավ Հայաստան և քաղաքացիներ, որոնց խաբելն անհնարին է: Իշխանությունը ոչ թե վայելք է, մեքենաներ, առանձնատներ, այլ, առաջին հերթին, պատասխանատվություն, որը պետք է կարողանալ հասկանալ, կրել: Եթե մենք կարողանանք ձևավորել համընդհանուր ազգային երազանք, ազգային գաղափար, մենք դրա շուրջ միշտ հավաքվելու ենք: Մենք պարտավոր ենք ապրել ու մեզ հետ ապրեցնել ողջ հայ ազգին»,-հայտարարել է Արթուր Վանեցյանը:
12:36 - 31 օգոստոսի, 2021
Եթե Վանեցյանի նման մի 7-8 հոգի էլ կապիտուլյանտին ասեին՝ կանգ առ, մենք այսօր այս ողբերգության առաջ չէինք կանգնի․ Սերժ Սարգսյան  |tert.am|

Եթե Վանեցյանի նման մի 7-8 հոգի էլ կապիտուլյանտին ասեին՝ կանգ առ, մենք այսօր այս ողբերգության առաջ չէինք կանգնի․ Սերժ Սարգսյան |tert.am|

tert.am: Վանեցյանին անձամբ չեմ ճանաչել, բայց հեռակա ծանոթ եմ իր կենսագրությանը։ Անկեղծորեն ասում եմ, որ շատ սուր միջոցառումներում օպերլիազոր Վանեցյանը, բաժնի պետ Վանեցյանը իրեն դրսևորել է տղամարդու պես։ Այս մասին Մասիսում «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով զոհված զինծառայողների դիակների ու մասունքների՝ պարկերով նկուղում պահմանը։ Նա անդրադարձել է հարցին, թե ինչո՞ւ է ՀՀԿ-ն կոալիցիա կազմել «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հետ։ «Ինչի՞ չպիտի կազմեինք կոալիցիա Վանեցյանի հետ, որովհետև նա աշխատե՞լ է այս կապիտուլյանտի հետ։  Իմ կարծիքով, Վանեցյանն էլ ուրիշների պես ցանկացել է փոփոխություն այս երկրում։ Ուրիշների պես ինքն էլ է խաբված եղել, մտածել է հիմա գնացին, կառավարություն կազմեցին, միանգամից Հայաստանը դարձնելու են դրախտ։ Բայց մարդը գնաց, աշխատեց մի տարուց մի քիչ ավել, հասկացավ, որ բոլորովին ուրիշ միջավայր է ընկել ու առաջինը ընդվզեց։ Ես կարծում եմ, որ դա արժանիք է։ Մարդը հասկացել է ու հրապարակավ ասել՝ կանգ առ, էս երկիրը տանում ես կործանման։ Շարունակությունը՝ tert.am-ում
10:20 - 02 հունիսի, 2021