Հայկ Մարության

Երևանի գործող քաղաքապետ, դերասան, ռեժիսոր, հասարակական և քաղաքական գործիչ։

Ծնվել է 1976թ․ դեկտեմբերի 18-ին։

1996 - 2002 թվականներին աշխատել է «Շարմ» ընկերությունում՝ որպես սցենարիստ, ռեժիսոր, դերասան։ 2002 թվականին ընկերների հետ համատեղ հիմնել է «Կարգին ստուդիա» ընկերությունը, որտեղ և աշխատել է որպես դերասան, սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր։ 2012 թվականից հանդիսացել է «Շանթ» հեռուստաընկերության «Կանխիկ հումոր» հեռուստանախագծի ժյուրիի անդամ։ 2018 թվականի սեպտեմբերին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից առաջադրվել է որպես Երևանի քաղաքապետի թեկնածու։

«40 տարվա ընդմիջումից հետո Երևան բերեցիք շատ կարևոր հաղթանակ». Հայկ Մարությանը պարգևատրել է մարմնամարզիկ Արթուր Դավթյանին

«40 տարվա ընդմիջումից հետո Երևան բերեցիք շատ կարևոր հաղթանակ». Հայկ Մարությանը պարգևատրել է մարմնամարզիկ Արթուր Դավթյանին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է Տոկիոյում կայացած 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում հաջողություն գրանցած՝ Հայաստանի մարմնամարզության հավաքականի ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Շնորհավորելով ձեռքբերված հաջողության համար, սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ակնառու հաջողությունների համար՝ քաղաքապետը Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի մարզիկ, 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մարմնամարզության առանձին վարժությունների հենացատկի եզրափակչում բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանին պարգևատրել է «Էրեբունի-Երևան 2800»-ամյակի հուշամեդալով: Մարմնամարզության ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանին և մարզիչ Հայկ Նազարյանին հանձնվել է քաղաքապետի պատվոգիր: «Այս մարզաձևում ավելի քան 40 տարվա ընդմիջումից հետո դուք Երևան բերեցիք շատ կարևոր հաղթանակ: Այն պատիվ է ոչ միայն մեր երկրի, այլև մայրաքաղաքի համար: Քաղաքային իշխանությունն իր հերթին պարտավորվել է բարելավել պայմանները՝ կառուցելով նոր մարզադպրոց, որտեղ հնարավոր կլինի լիարժեք մարզվել ու անցկացնել նաև միջազգային առաջնություններ»,-ընդգծել է Հայկ Մարությանը: Արթուր Դավթյանը, շնորհակալություն հայտնելով քաղաքապետին, նկատել է, որ, անկախ պայմաններից, բոլոր մարզիկները մշտապես փորձում են լավագույնս ներկայանալ: Հանդիպմանը ներկա Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանն իր հերթին նշել է, որ քաղաքային իշխանության կողմից նման ուշադրությունն ու վերաբերմունքը ոգևորող է, իսկ նոր, միջազգային չափորոշիչներին համապատասխան մարզադպրոց ունենալը՝ գլխավոր երազանք:  
16:05 - 17 օգոստոսի, 2021
Ավագանու անդամ Արման Անտոնյանը դանակահարությունից հետո արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ. Մարության |armenpress.am|

Ավագանու անդամ Արման Անտոնյանը դանակահարությունից հետո արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ. Մարության |armenpress.am|

armenpress.am: Երևանի ավագանու անդամ Արման Անտոնյանը, օգոստոսի 1-ին դանակի 11 հարված ստանալուց հետո, օգոստոսի 9-ին տեղափոխվել է հիվանդասենյակ, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին ավագանու արտահերթ նիստի օրակարգին անցնելուց առաջ հայտնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: «Եղել է մահափորձ մեր գործընկերոջ նկատմամբ, դիմակավորված անձինք ներխուժել են բնակարան, ծեծի ենթարկել և 11 անգամ դանակով հարվածել: Աստծո կամոք, մեր գործընկերը չի մահացել: Անտոնյանը դանակահարությունից հետո, երեկ, արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ: Այս պահին դրական դինամիկա կա, ամեն ինչ նորմալ է ընթանում, կյանքին վտանգ չի սպառնում»,- նշեց քաղաքապետը: Մարությանը շնորհակալություն հայտնեց այն բուժաշխատողներին, ովքեր անհապաղ գործողություններ են իրականացրել, ինչի շնորհիվ էլ Անտոնյանը ողջ է: Նա հույս հայտնեց, որ իրավապահ մարմինները խստագույնս կպատժեն այն անձանց, ովքեր  նման կերպ են «առաջ տանում իրենց գործերը»: «Արդեն պարզ է, որ այս հարձակումը տեղի է ունեցել ավագանու անդամի գործունեության պատճառով, և նպատակ են ունեցել ինչ-ինչ հարցեր լուծել իրենց սեփական շահի համար: Ավագանու անդամն իր գործունեության ընթացքում կատարած բոլոր առաջարկներն արել է ի շահ համայնքի»,- ասաց Մարությանը: Երևանի ավագանու՝ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանին օգոստոսի 1-ին, գիշերը ժամը 01:00-ի սահմաններում դանակահարել են ՀՀ Կոտայքի մարզում գտնվող իր տանը: Քրեական գործ է հարուցվել 147 (բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը), 118 (ծեծը), 34-104-ի 2-րդ մասի 7-րդ կետով (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից սպանություն) հոդվածներով:  
11:59 - 10 օգոստոսի, 2021
Քաղաքապետ Հայկ Մարությանը ներկայացրել է Նոր Նորք վարչական շրջանի նոր ղեկավարին

Քաղաքապետ Հայկ Մարությանը ներկայացրել է Նոր Նորք վարչական շրջանի նոր ղեկավարին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Սուրեն Ղամբարյանին, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։Քաղաքապետ Մարությանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Հովհաննես Մանուկյանին և աշխատակազմին՝ կատարած աշխատանքի համար՝ ակնկալելով վարչական շրջանի նոր ղեկավարի հետ արդյունավետ աշխատանք:Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի վերաբերյալ ներկայացնելով իր դիտարկումները՝ քաղաքապետը նշել է այն ուղղությունները, որոնք առաջնահերթ են առկա խնդիրները լուծելու համար:«Մենք նախաձեռնել ենք բազում ծրագրեր ու կյանքի ենք կոչել տարբեր նախագծեր, որոնք հետզհետե լուծումներ են տալիս քաղաքի առջև ծառացած տասնամյակների խնդիրներին: Այս ամենը շարունակելու, և զարգացման ծրագրերն ընդլայնելու համար հարկավոր է ամենօրյա նվիրված աշխատանք ու հետևողականություն: Վարչական շրջանները քաղաքացիների հետ շփման առաջին օղակն են և, ուրեմն, մենք պարտավոր ենք բարեհամբույր սպասարկում ապահովել մեր բնակիչների համար ու, եթե անգամ խնդիրը մեր տիրույթում չէ, ուղղորդել նրանց: Մեր աշխատանքը ծառայություն է երևանցիներին, և այդ ծառայությունը պետք է կատարենք պատվով»,- ընդգծել է Հայկ Մարությանը: Քաղաքապետը վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առաջնահերթ խնդիրների շարքում նշել է, մասնավորապես, եկամուտների հավաքագրման ցուցանիշների բարձրացումը և բազմաբնակարան շենքերի աղբամուղների փակման գործընթացի կազմակերպումը։
18:47 - 05 օգոստոսի, 2021
Հայկ Մարությանը պարգևատրել է Արցախյան պատերազմի ընթացքում Երևանին աջակցած ընկերություններին ու անհատներին

Հայկ Մարությանը պարգևատրել է Արցախյան պատերազմի ընթացքում Երևանին աջակցած ընկերություններին ու անհատներին

 Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է Արցախյան պատերազմի ընթացքում համայնքին աջակցած մի շարք ընկերությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող անհատների: Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել պատերազմի ծանր ու պատասխանատու օրերին համայնքի կողքին կանգնելու համար: «2020 թվականին, երբ ամբողջ աշխարհը պայքարում էր համավարակի դեմ, մենք առնչվեցինք նաև պատերազմին: Մարդիկ անգամ պատկերացում չունեն, թե ինչ մեծ ծավալի աշխատանք կատարվեց այդ օրերին թիկունքում, ինչը հնարավոր դարձավ նաև բազմաթիվ նվիրյալների շնորհիվ, ովքեր կանգնեցինք համայնքի, երևանցիների ու այդ օրերին Երևան տեղափոխված արցախցիների կողքին: Այդ միասնությունը, որ մենք զգացինք, շատ կարևոր էր: Վստահ եմ՝ անհրաժեշտության դեպքում դուք նորից կդառնաք համայնքի աջակիցն ու գործընկերը: Մենք պետք է ուժեղանանք, կանգնենք ոտքի և վերականգնենք մեր պետության հզորությունը, ինչը հնարավոր է միայն միասնական ջանքերով»,- ընդգծել է քաղաքապետը: Ըստ աղբյուրի՝ Արցախի դեմ ծավալված ագրեսիայի ընթացքում Երևանին ցուցաբերած աջակցության համար Երևանի քաղաքապետը պատվոգրերով և շնորհակալագրերով է պարգևատրել քաղաքապետարանում հյուրընկալված կազմակերպությունների ներկայացուցիչներին ու անհատներին:
19:31 - 04 օգոստոսի, 2021
Ես կտրականապես դեմ եմ, որ իմ աշխատավարձը բարձրանա․ եթե ավագանին որոշումը ընդունի, կհրաժարվեմ ավելացած գումարից և կստանամ նույն աշխատավարձը, ինչ ստացել եմ 2,5 տարվա ընթացքում՝ 415.000 դրամ․ Մարության

Ես կտրականապես դեմ եմ, որ իմ աշխատավարձը բարձրանա․ եթե ավագանին որոշումը ընդունի, կհրաժարվեմ ավելացած գումարից և կստանամ նույն աշխատավարձը, ինչ ստացել եմ 2,5 տարվա ընթացքում՝ 415.000 դրամ․ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Երևանի ավագանու մի խումբ անդամների նախաձեռնությամբ այս շաբաթ հրավիրվել է արտահերթ նիստ, որտեղ կքննարկվի  քաղաքապետարանի շուրջ 2000 աշխատակիցների աշխատավարձերի ավելացման հարցը։ Համակարգային առումով սա հնարավորություն կտա որակյալ կադրեր ներգրավել՝ քաղաքն ու քաղաքացիներին սպասարկելու համար: Բայց օրենքը պահանջում է այլ աշխատակիցների աշխատավարձի բարձրացման  համար բարձրացնել նաև քաղաքապետի աշխատավարձը: Ես արդեն առիթ ունեցել եմ այս առումով հայտնելու իմ դիրքորոշումը. հեղափոխության արդյունքում հանրային պաշտոն ստանձնած մարդը չպետք է ձգտի սեփական աշխատավարձի բարձրացմանը։ Ուստի, ես  կտրականապես դեմ եմ, որ իմ աշխատավարձը բարձրանա, այդ պատճառով չեմ մասնակցելու քվեարկությանը։ Իսկ եթե ավագանու քվեարկությամբ  որոշումը ընդունվի, կհրաժարվեմ այդ ավելացած գումարից և կստանամ նույն աշխատավարձը, ինչ ստացել եմ այս 2,5 տարվա ընթացքում, այսինքն, 415.000 դրամ: Ավելացած գումարը կուղղվի բարեգործության»:
10:42 - 27 հուլիսի, 2021
Ապօրինի շինարարությունների մասին Հայկ Մարությանի հայտարարության հետքերով քրեական գործ չի հարուցվել |azatutyun.am|

Ապօրինի շինարարությունների մասին Հայկ Մարությանի հայտարարության հետքերով քրեական գործ չի հարուցվել |azatutyun.am|

azatutyun.am: Քննության առնելով քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարությունը՝ Երևանում ապօրինի շինարարությամբ զբաղվող «կազմակերպված բանդայի» մասին, իրավապահները մերժել են քրեական գործի հարուցումը։ Այս մասին հայտնել են Գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ հանցակազմ չկա։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հունիսին հայտարարել էր, որ ապօրինի շինարարությամբ զբաղվող կազմակերպված «բանդա է գործում» Աջափնյակում։ Ըստ քաղաքապետի՝ ԱԺ արտահերթ ընտրությունների օրը, երբ ոստիկանները զբաղված են եղել հասարակական կարգի ուժեղացված հսկողությամբ՝ հատկապես ընտրական տեղամասերի մոտ, կեսգիշերին Աջափնյակում ապօրինի կրպակներ են տեղադրվել։ Ավագանու նիստերից մեկում Մարությանն ասել էր՝ իրենց 8 աշխատակիցներին ու 3 ոստիկաններին չի հաջողվել կանխել կրպակների տեղադրումը, որովհետև գործընթացը վերահսկել է մահակներով զինված և ոչ սթափ վիճակում գտնվող 40-50 անձ։ Այս գործով վարչական շրջանի ղեկավարը դիմել էր իրավապահներին։
20:36 - 21 հուլիսի, 2021
Հայկ Մարությանն ու Շառլ Միշելը շրջայց են կատարել Երևանի մետրոպոլիտենում

Հայկ Մարությանն ու Շառլ Միշելը շրջայց են կատարել Երևանի մետրոպոլիտենում

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը շրջայց են կատարել Երևանի մետրոպոլիտենում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:    «Եվրամիությունը Երևան համայքի կարևորագույն գործընկերներից է։ Մասնավորապես, ԵՄ դրամաշնորհների ու եվրոպական ֆինանսական կառույցների վարկերի միջոցով արդեն տասնամյակ ի վեր արդիականացվում է Երևանի մետրոպոլիտենը՝ թարմացվում են վագոնները, շարժասանդուղքները, անվտանգության համակարգերը և այլն: Մեր համագործակցությունը բազմաշերտ է և շարունակական:   Նախագահ Միշելին իմ խորին գոհունակությունն արտահայտեցի Եվրոպական Միության կողմից Հայաստանին տրամադրվելիք 2.6 մլրդ եվրո արժողությամբ զարգացման ծրագրում Երևանի կանաչ զարգացմանը առանձին կետով անդրադառնալու փաստի կապակցությամբ:   Սրանով Երևանը հնարավորություն կունենա ավելի զարգացնել մեր նախաձեռնած՝ թափոնների տեսակավորման և վերամշակման գործընթացը, ինչպես նաև նոր թափ հաղորդել էներգիայի արդյունավետ օգտագործման, «խելացի քաղաք»-ի հայեցակարգի, «կանաչ» տրանսպորտի զարգացման և շատ այլ ծրագրերին»,- գրել է Մարությանը:    
18:31 - 17 հուլիսի, 2021
Ինչպե՞ս է եղել, որ վարչական շրջանների աշխատակիցները, ղեկավարները, համապատասխան հսկողություն իրականացնող մարմինները չեն նկատել ինքնակամ շինությունները, և նոր ապօրինություններ են եղել․ Դավիթ Խաժակյան |tert.am|

Ինչպե՞ս է եղել, որ վարչական շրջանների աշխատակիցները, ղեկավարները, համապատասխան հսկողություն իրականացնող մարմինները չեն նկատել ինքնակամ շինությունները, և նոր ապօրինություններ են եղել․ Դավիթ Խաժակյան |tert.am|

tert.am: Իմ ու Հայկ Մարությանի առաջին աշխատանքային քննարկումը տեղի է ունեցել ինքնակամ շինության վերաբերյալ, և այն ժամանակվանից էլ մեր դիրքորոշումն այն էր, որ ինքնակամ շինությունները, առավել ևս համայնքային հողի վրա՝ հողազավթման միջոցով կառուցված, աներկբայորեն պետք է քանդվեն։ Այս մասին Երևանի ավագանու նիստին հայտարարեց ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։«Մեր դիրքորոշումն այս առումով անփոփոխ է, և հատկապես այն դեպքերում, երբ զավթվում են մայթեր, կանաչապատ տարածքներ, մենք որևէ կերպ չպետք է խնայենք, փորձենք տարբեր պատճառաբանություններ փնտրել, օրենքի բացերով բացատրել որևէ տեսակ անգործություն, որովհետև դա բերելու է շղթայական ռեակցիայի, որը մենք տեսանք Աջափնյակ վարչական շրջանում, երբ հայտնված 1-2 ինքնակամ շինությունները կամ կրպակները բերեցին մյուսների ավելացմանը»,- ասաց նա՝ նշելով, թե կարծում են, որ նմանատիպ շինությունների քանդման իրավակարգավորումը ճիշտ է։ «Մենք պետք է կարողանանք օպերատիվորեն կանխել դա, և քանդման սկսված գործընթացը շատ հստակ ուղերձ է այն մարդկանց, որոնք փորձում են հողազավթման միջոցով նման բան իրականացնել․ ուղերձ է, որ կառուցած գույքը ապօրինի է, և եթե անգամ կան որոշակի իրավական հնարավորություններ՝ դրանց գործունեությունը երկարաձգելու համար, քաղաքապետարանն ամեն ինչ պետք է անի, որ րոպե առաջ այդ ապօրինությունը կանխվի»,- ասաց նա՝ նշելով նաև, թե ապօրինի շինությունների՝ վերջին շրջանի քանդման գործընթացը թեև ողջունելի է, սակայն հարց է առաջացնում:
14:41 - 13 հուլիսի, 2021
Ոլորտը կարգավորող օրենսդրական նորմերը վերջապես ունենք ու սկսել ենք կիրառել․ Հայկ Մարությանը՝ Երևանում շրջիկ առևտրի չգրանցված շարժական կետերը տարհանելու մասին

Ոլորտը կարգավորող օրենսդրական նորմերը վերջապես ունենք ու սկսել ենք կիրառել․ Հայկ Մարությանը՝ Երևանում շրջիկ առևտրի չգրանցված շարժական կետերը տարհանելու մասին

Երևանի քաղաքապետարանը սկսել է տարհանել շրջիկ առևտրի չգրանցված շարժական կետերը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:    «Ոլորտը կարգավորող օրենսդրական նորմերը վերջապես ունենք ու սկսել ենք կիրառել:   Ամենակարեւորը՝ սա անում ենք ոչ թե ոլորտին վնաս տալու, այլ ավելի քաղաքակիրթ ձեւով շրջիկ առեւտուրը կանոնակարգելու համար: Տնտեսվարողների համար հարմարավետ էլեկտրոնային հարթակ ենք ստեղծել, որտեղ կարող են գրանցվել ու կազմակերպել իրենց բիզնեսը: Ի վերջո՝ մեր քաղաքի կոկիկ կերպարը վերադարձնելու խնդիր ունենք, ու շարունակելու ենք բոլոր խոստացած ծրագրերը ի կատար ածել այնպես, ինչպես այս մեկը՝ նպատակին հասնելու համար»,- ասված է Հայկ Մարությանի գրառման մեջ:
10:55 - 09 հուլիսի, 2021
Երևանի հանրային տրանսպորտի նոր շարժակազմում կներդրվի էլեկտրոնային վճարման համակարգ

Երևանի հանրային տրանսպորտի նոր շարժակազմում կներդրվի էլեկտրոնային վճարման համակարգ

Երևանի հանրային տրանսպորտի թարմացվող շարժակազմում մի քանի ամսից կներդրվի էլեկտրոնային վճարման համակարգ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: «Նոր շարժակազմով երթուղի դուրս եկավ 97 համարի ավտոբուսը (նախկին 37 համարը: Սրանով մենք ամբողջացրեցինք 100 նոր կոմպակտ դասի ավտոբուսների շահագործումը: Դրանցով շահագործվող 9 երթուղիները նկատելիորեն թեթևացրել են քաղաքի տրանսպորտի խնդիրը, բացի այդ, հնարավորություն են տալիս հընթացս վերհանել և գույքագրել համակարգում եղած խնդիրները՝ տրանսպորտային ռեֆորմի հաջորդ փուլերում դրանք լուծելու համար: Մի քանի ամսից, ինչպես գիտեք, կստանանք 211 միջին տեղատարողության ավտոբուսները»,-ասվում է գրառման տեքստում: Մարությանն ընդգծել է, որ ավտոբուսներում պետք է վճարել նստելիս՝ 100 դրամանոց մետաղադրամներով: «Մի քանի ամսից մենք անցում կկատարենք էլեկտրոնային վճարման համակարգի, որի շնորհիվ կկիրառենք նորագույն տեխնոլոգիական հնարավորություները»,-եզրափակել է Մարությանը:
14:32 - 02 հուլիսի, 2021
Քաղաքային իշխանության ցանկացած գործողություն պետք է լինի միայն ի շահ Երևանի. Հայկ Մարության

Քաղաքային իշխանության ցանկացած գործողություն պետք է լինի միայն ի շահ Երևանի. Հայկ Մարության

 Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Սասուն Մկրտումյանին: Այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանից: Քաղաքապետ Մարությանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Հայկ Մհրյանին և աշխատակազմին՝ կատարած աշխատանքի համար ու ակնկալել վարչական շրջանի նոր ղեկավարի հետ արդյունավետ գործունեություն: Քաղաքապետն առանձնակի կարևորել է, մասնավորապես, հետևողական պայքարն ապօրինի շինությունների քանդման գործում: «Ցավում եմ, որ որոշակի անբարեխիղճ քաղաքացիներ, օգտվելով հետպատերազմյան շրջանում պետությունում ստեղծված իրավիճակից միայն և միայն իրենց շահերից ելնելով, փորձեցին մեծ ծավալի ապօրինի շինարարության ընթացք տալ: Պետք է նշեմ, որ վարչական շրջանը՝ ի դեմս պարոն Մհրյանի, այնուամենայնիվ, մեծ պայքար է մղել դրա դեմ, և այս ամիսների ընթացքում միայն վարչական շրջանի ուժերով քանդվել է 34 ապօրինի շինություն, կազմվել է 60 արձանագրություն, բնականաբար, աշխատել են նաև քաղաքապետարանի կենտրոնացված ստորաբաժանումները, բայց քանակն այնքան մեծ է եղել, նաև օրենսդրական բացերի պատճառով, որ մենք ստիպված եղանք, այսպես ասած, «ծանր հրետանի» օգտագործել: Գործընթացը լինելու է շարունակական բոլոր վարչական շրջաններում՝ մինչ իրագործվեն կոնկրետ նպատակներն ու լուծում ստանան դրված խնդիրները»,- նշել է քաղաքապետն ու շնորհակալություն հայտնել ոստիկանությանն աջակցության համար: Անդրադառնալով առկա խնդիրներին ու իրականացվող ծրագրերին՝ քաղաքապետ Մարությանը նշել է, որ քաղաքային իշխանության ցանկացած գործողություն պետք է լինի միայն ի շահ Երևանի ու երևանցու: «Այս երկուսուկես տարվա ընթացքում, վստահ եմ, լավ գիտեք, որ ինձ համար գոյություն ունի միայն մի շահ՝ դա մեր հանրային շահն է, Երևանի շահը, բնակիչների շահը: Ուրիշ շահ չի կարող լինել, բացառվում է: Չկա մի մարդ, ես դա բազմիցս նշել եմ, որը կարող է ինձ դիմել ինչ-որ մի խնդրանքով, որը ծառայելու է այդ մարդու շահին և դեմ է լինելու երևանցիների շահին, և ես դա ապացուցել եմ այս երկուսուկես տարվա ընթացքում: Այնպես որ, ձեզանից ակնկալում եմ առաջնորդվել միայն ու միայն այդ կարգախոսով և այդ ուղով: Ես կանգնած եմ ձեր յուրաքանչյուր գործողության մեջքին, եթե այդ գործողությունը ի շահ Երևանի է: Խոսքը ոչ միայն Աջափնյակի մասին է, այլև ամբողջ Երևանի»,- ընդգծել է քաղաքապետը:
16:06 - 01 հուլիսի, 2021
Երևանի 54 բարձրահարկ շենքում կտեղադրվեն մատչելի վերելակներ պատերազմում հենաշարժողական վնասվածքներ ստացածների համար

Երևանի 54 բարձրահարկ շենքում կտեղադրվեն մատչելի վերելակներ պատերազմում հենաշարժողական վնասվածքներ ստացածների համար

Երևանի 54 բարձրահարկ շենքում, որտեղ ապրում են Արցախյան պատերազմի ժամանակ հենաշարժողական վնասվածքներ ստացած անձինք, կտեղադրվեն տեղաշարժի համար մատչելի վերելակներ: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: «Այս տարվա վերելակների փոխարինման մեր ծրագիրը ամբողջովին կազմակերպել ենք այնպես, որ նոր վերելակները ծառայեն առաջին հերթին Հայրենիքի պաշտպանության գործում վիրավորում ստացած մեր հերոս եղբայրներին և որոշակիորեն թեթևացնեն նրանց հոգսը: Դրա համար մեր սոցապ վարչության աշխատակիցները՝ գործընկեր գերատեսչությունների հետ միասին, վերլուծել են անհրաժեշտ տվյալները և ընտրել են 54 բարձրահարկ շենքեր, որտեղ ապրում են հենաշարժողական վնասվածքներ ստացած մեր այն տղաները, որոնք ամենից շատն ունեն մատչելի տեղաշարժի կարիքը»,- նշել է Մարությանը: Նա տեղեկացրել է նաև, որ մատչելի վերելակների գնումը արդեն կայացել է, մատակարարի հետ պայմանագիրը ստորագրվել: Ըստ պայմանագրի, վերելակները մի քանի ամսվա ընթացքում կմատակարարվեն և կտեղադրվեն։ «Վերելակների փոխարինումը պատերազմում վիրավորում ստացած մեր քաղաքացիներին աջակցելու ծրագրերից միայն մեկն է: Ընթացքի մեջ են նաև շենքերի աստիճանահարթակների, մայթերի հարմարեցումը և մատչելիության ապահովումը, ինչպես նաև՝ սոցիալական այլ ծրագրեր»,- հայտնել է Մարությանը:
12:26 - 01 հուլիսի, 2021