Հայաստանի Հանրային հեռուստատեսություն

Հայկական հանրային հեռուստաընկերություն, որը  հիմնադրվել է 1955 թվականի սեպտեմբերի 5-ին՝ ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի որոշմամբ։ 1956-ի նոյեմբերի 29-ին հաղորդավար Նարա Շլեպչյանի գեղեցիկ ձայնով տրվեց Հանրային հեռուստատեսության մեկնարկը:
1977 թ. հայկական հեռուստատեսության  հաղորդումների միջին տեւողությունը հասավ օրական 12 ժամի: Այդ տարիներին մեր երկրում կար մոտ 500.000 հեռուստացույց, որոնցից 100.000-ը` գունավոր:
Կարճ ժամանակում հեռուստատեսությունը դարձավ քաղաքային, մշակութային, գիտաճանաչողական, ուսուցողական եւ այլ ինֆորմացիայի կարեւորագույն միջոց (1987 թվականին հանրապետության ընտանիքների 93%-ը հեռուստացույց ուներ)։ Առաջին տեսագրումը կատարվել է 1971 թվականին։

1990-ական թվականների սկզբում հասարակական-քաղաքական հաղորդումներին զուգահեռ ավելացան եւ նոր ձեւով ներկայացան ժամանցային հաղորդումները։
1999 թ.-ից Հայաստանի հեռուստատեսությունը սկսեց հեռարձակվել արբանյակային կապով, որն իրականացավ ՀՀ Կապի նախարարության եւ  իտալական «Տելեսպազիո» (''Telespazio'') ընկերության միջեւ կնքված պայմանագրով: Իսկ ահա 2000 թ. գործողության մեջ մտած նոր օրենքի համաձայն Ազգային հեռուստատեսությունը վերանվանվեց  Հանրային հեռուստաընկերության` «Հ1» լոգոտիպով: Այդ նույն թվականին գործողության մեջ մտած «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի համաձայն` Հանրային հեռուստաընկերությունը պարտավորվեց մինչեւ 2005 թ. հունվարի 1-ը բոլոր հաղորդումները եւ ֆիլմերը եթեր հեռարձակել հայերենով: Սկզբում թարգմանվեցին մուլտֆիլմերը, այնուհետեւ` սերիալները:

2005 թ. ստեղծվեց հանրապետությունում առաջին վիտուալ ստուդիան:

2014 թ. ձեռք բերվեց համաշխարհային համբավ ունեցող Avid ընկերության համակարգը, (որն հաջողությամբ աշխատում էր մի շարք հեռուuտաընկերություններում /ОРТ, РТР, BBC, ABC /)` տեսասերվերներով, համալրող բաղադրիչներով, ինչպես նաեւ համակարգչային գրաֆիկայի ընձեռած լայն հնարավորություններով:

2015 թ. Հանրային հեռուստաընկերությունը Չինատանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունից ստացավ նոր՝ 10 տեսախցիկով զինված HD շարժական հեռուստատեսային կայան եւ HD արբանյակային հեռարձակման կայան: Չինաստանի կառավարությունը Հանրային հեռուստաընկերությանը անհատույց տրամադրեց նաեւ թվային լրահավաք մեքենա:

Ներկայումս Հանրային հեռուստաընկերության եթերին կարելի է հետեւել ինչպես անհատական համակարգիչներով, այնպես էլ բջջային հեռախոսներով եւ պլանշետներով։ Ստեղծվել են հավելվածներ (Application) հանրածանոթ IOS եւ Android համակարգերի համար, որոնք կարելի է ներբեռնել անվճար։

2016-ի սեպտեմբերի 13-ին մեկնարկեց Հանրային հեռուստաընկերության 60-րդ եթերաշրջանը, եւ նույն օրը անցում կատարվեց բարձր հստակության (HD որակի) հեռարձակման թե՛ մետրային, թե՛ արբանյակային հաճախականությունների համար:

Հանրային հեռուստաընկերությունն ու «Պատիվ ունեմ» դաշինքը դիմել են ՄԻՊ-ին՝ նախընտրական հոլովակի հեռարձակման հարցով

Հանրային հեռուստաընկերությունն ու «Պատիվ ունեմ» դաշինքը դիմել են ՄԻՊ-ին՝ նախընտրական հոլովակի հեռարձակման հարցով

Մարդու իրավունքների պաշտպանին հրապարակային դիմել է Հանրային հեռուստաընկերությունը՝ կապված, իր ձևակերպմամբ, «Առաջին ալիքի նկատմամբ քաղաքական ճնշումների փորձերի» հետ: Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակաի տարածած հաղորդագրության՝ Հանրային հեռուստաընկերությունը Պաշտպանից ակնկալում է «հրատապ արձագանք» և «կոչ անում պաշտպանել Հանրայինի՝ անաչառության և ոչ խտրական վերաբերմունքի հանձնառությունը»՝ նկատի ունենալով «տարբեր քաղաքական ուժերի» հայտարարութունները, թե հեռուստաընկերությունը նախընտրական հոլովակների ցուցադրման հարցում ցուցաբերում է խտրական մոտեցումներ: Ըստ բողոքի` խոսքը վերաբերել է տարբեր քաղաքական ուժերի տրամադրած օրենքի տեսանկյունից վիճելի հոլովակների ցուցադրմանը: Այլ կերպ՝ ՀՀ կառավարության հիմնադրած կազմակերպությունը, այն է` Հանրային հեռուստաընկերությունը ակնկալում է Մարդու իրավունքների պաշտպանից պաշտպանություն ոչ պետական կազմակերպության՝ քաղաքական ուժի արարքներից: Մյուս կողմից, Մարդու իրավունքների պաշտպանին առանձին բողոքով դիմել է նախընտրական քարոզարշավի մասնակից «Պատիվ ունեմ» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչը և նշել, որ Հանրային հեռուստաընկերությունն առաջնորդվում է խտրական մոտեցմամբ, մերժել է իրենց նախընտրական քարոզչական հոլովակի հեռարձակումը՝ առանց բովանդակային հիմնավորումների՝ միայն արձանագրելով, թե իրենց հոլովակը պարունակում է վիրավորանք և զրպարտություն: Ըստ դիմումի՝ Հանրային հեռուստաընկերության արարքն ունի քաղաքական դրդապատճառներ, հիմքում ունի Կառավարության կոնկրետ հրահանքը և օրենքի ակնհայտ խախտում են, քանի որ հեռուստաընկերությունը չունի իրավասություն որոշելու, թե ինչն է վիրավորանք կամ ինչը զրպարտություն, և այն այդ պատրվակով խախտել է իրենց քաղաքական իրավունքները, իրականացրել գրաքննություն, իսկ դրանից առաջ հեռարձակել է ակնհայտ վիրավորական ու զրպարտչական արտահայտություններով այլ քաղաքական ուժերի քարոզչական հոլովակներ, այդ թվում՝ իրենց վերաբերյալ: Նշված հարցերի հետ կապված՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Հանրային հեռուստաընկերությանը տեղեկացնում է. «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքը կոնկրետ գործով մասնավոր, այն էլ քաղաքական կազմակերպության նկատմամբ Պաշտպանի իրավասություն չի սահմանում:  Հետևաբար, Կառավարության հիմնադրած հեռուստաընկերությունը չի կարող նշված կոնկրետ գործով ստանալ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը, քանի որ Պաշտպանի իրավասությունը կոնկրետ գործերով պետական կազմակերպությունների պաշտպանությունը չէ: Կոնկրետ դեպքում «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցչի բողոքն ուղղված է Կառավարության հիմնադրած հեռուստաընկերության դեմ, որն, ըստ դաշինքի բողոքի, գործել է հենց Կառավարության հրահանգով: Վերը նշված դաշինքի կոնկրետ դիմումի հետ կապված՝ Մարդու իրավունքների պաշտպանը գրավոր հարցումներ կուղարկի Հանրային հեռուստաընկերություն և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով (ՀՌԱՀ), ինչից հետո միայն հնարավոր կլինի գնահատել Հանրային հեռուստաընկերության արարքը։
13:40 - 13 հունիսի, 2021
«Հանրայինի նկատմամբ քաղաքական ճնշումների փորձեր են արվում»․ հեռուստաընկերությունը դիմում է ԿԸՀ, ՀՌՀ, ՄԻՊ՝ հրատապ արձագանքի համար

«Հանրայինի նկատմամբ քաղաքական ճնշումների փորձեր են արվում»․ հեռուստաընկերությունը դիմում է ԿԸՀ, ՀՌՀ, ՄԻՊ՝ հրատապ արձագանքի համար

Հանրային հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ հեռուստաընկերության նկատմամբ քաղաքական ճնշումներ գործադրելու փորձեր են արվում։ Հայտարարությունում ասվում է․ «Հանրային հեռուստաընկերությունը գտնում է, որ Առաջին ալիքի նկատմամբ քաղաքական ճնշումների  փորձեր են արվում: Հանրային հեռուստաընկերությունը դիմում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին, Մարդու իրավունքների պաշտպանին, ինչպես նաև միջազգային դիտորդներին և կոչ է անում պաշտպանել Հանրայինի՝ անաչառության ու ոչ խտրական վերաբերմունքի հանձնառությունը: Օրերս Հանրային հեռուստաընկերությանը նախընտրական քարոզչության նպատակով տարբեր քաղաքական ուժերի կողմից տրամադրվել են օրենքի տեսանկյունից վիճահարույց տեսահոլովակներ, որոնք պարունակում են բռնության կոչեր ու տեսարաններ, հեղինակային իրավունքների խախտումներ, վիրավորանք, զրպարտություն: Նախօրեին Հանրային հեռուստաընկերությունը գրություն է ուղարկել ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին՝ խնդրելով զերծ մնալ այնպիսի տեսահոլովակներ տրամադրելուց, որոնք կարող են հակասել ՀՀ օրենսդրությանը և զգուշացրել, որ վերոգրյալը կարող է հիմք հանդիսանալ տեսանյութերը Հանրային հեռուստաընկերության եթերում չհեռարձակելու համար: Հանրայինը հերքում է, որ իր եթերում դիտարկվում են միայն որոշ ուժերի հոլովակներում հնարավոր խախտումները: Օրենքի առաջ հավասար են բոլոր քաղաքական ուժերը. մինչ օրս կուսակցությունների ու դաշինքների հետ համագործակցությամբ մի շարք հոլովակներում շտկումներ են արվել: Նման միջադեպերից խուսափելու համար Հանրայինն ակնկալում է վերը նշված կառույցների շտապ խորհրդատվակական կարծիքը՝ հստակ և համապարփակ մոտեցում ցուցաբերելու համար՝ պատրաստակամություն հայտնելով տրամադրել անհրաժեշտ բոլոր նյութերը»:
19:56 - 12 հունիսի, 2021
«Հայաստանն ընտրում է». վաղը մեկնարկում են Հանրայինի հեռուստաբանավեճերը |1lurer.am|

«Հայաստանն ընտրում է». վաղը մեկնարկում են Հանրայինի հեռուստաբանավեճերը |1lurer.am|

1lurer.am: Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների շրջանակում նախաձեռնել է «Հայաստանն ընտրում է» խորագրով հեռուստաբանավեճեր, որոնց հրավիրվելու են ընտրություններին մասնակցող քաղաքական բոլոր 26 ուժերի ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացնում են Հանրային հեռուստաընկերությունից։ Հեռուստաբանավեճերը անցկացվելու են երկու խմբով: Հունիսի 8-ի և 11-ի  հեռուստաբանավեճերին հրավիրվում են ընտրություններին մասնակցող դաշինքների և կուսակցությունների ցուցակների 2-10 համարներից մեկական ներկայացուցիչներ: Խմբերի բաժանման սկզբունքը կատարվել է ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իրականացված վիճակահանության: Հունիսի 16-ին և 17-ին հեռուստաբանավեճերին հրավիրվում են նախընտրական ցուցակները գլխավորող գործիչները: Խմբերն այս դեպքում բաժանվում են ըստ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում կուսակցության գրանցման ամսաթվի: Թեկնածուները հնարավորություն են ունենալու ներկայացնել իրենց նախընտրական ծրագրերը և դիրքորոշումն առանցքային հարցերի շուրջ: Հեռուստաբանավեճերը տեղի են ունենալու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հիմնական դահլիճում, որտեղ կառուցվել է Հանրայինի ամենամեծ հեռուստատաղավարը՝ հատուկ նախատեսված 2021 թ. խորհրդարանական ընտրությունների նախընտրական բանավեճերի նկարահանումներն իրականացնելու համար: Նախագծի տեխնիկական աջակցությունն ապահովում է Ազգային ժողովրդավարության ինստիտուտը: Նախագծի ֆինանսավորումն իրականացվում է միջազգային դոնոր գործընկերոջ կողմից: Բանավեճերը կհեռարձակվեն հունիսի 8-ին, 11-ին, 16-ին և 17-ին՝ ժամը 22:00-ին:  Հանրայինն առանց տարբերանշանի բաց կապուղի կտրամադրի բոլոր հեռարձակողներին: Առաջին ալիքն ակնկալում է թեկնածուների ակտիվ ներգրավվածությունը:
19:36 - 07 հունիսի, 2021
Հեռուստաբանավեճերի ֆորմատը պաշտոնապես ընտրվել է  քաղաքական ոչ մի նոր ուժի հնարավորություն չտալու անարդարացի սկզբունքով․ Միքայել Նահապետյան

Հեռուստաբանավեճերի ֆորմատը պաշտոնապես ընտրվել է քաղաքական ոչ մի նոր ուժի հնարավորություն չտալու անարդարացի սկզբունքով․ Միքայել Նահապետյան

«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը «Հայաստանում իշխանությունը պատկանում է Հ1-ին և NDI-ին․ նրանք այդ իշխանությունը իրացնում են հանրային կարծիքի մանիպուլացման տեխնոլոգիաներով» վերնագրով ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում անդրադարձել է Հանրային հեռուստաընկերության եթերում սպասվելիք նախընտրական բանավեճերի թեմային՝ դրանց ձևաչափը բնութագրելով որպես ծայրահեղ վիրավորական, արհամարհական ու անարդարացի բոլոր նոր քաղաքական ուժերի համար։ Նա, մասնավորապես, ասել է․«Հանրային հեռուստաընկերությունը NDI-ի հետ, որն ամերիկյան ֆոնդ է և հիմնականում քաղաքականությանն աջակցող գործունեություն է իրականացնում, նախընտրական բանավեճերն է կազմակերպում։ Բանավեճերի մի ֆորմատը նախատեսված է նախընտրական ցուցակներում ընդգրկված 2-10 համարների թեկնածուների միջև։ Մասնակցող 26 ուժերին բաժանել են երկու խմբի, և ընտրվել է հետևյալ սկզբունքը․ ԿԸՀ-ում քաղաքական ուժը քվեաթերթիկի ինչ համար որ քաշել է վիճակահանության արդյունքով, այդ 1-13 համարները մի խմբում են, մյուսները՝ երկրորդ խմբում։ Երկրորդ ֆորմատը ցուցակների առաջին դեմքերի բանավեճն է»,- ներկայացրել է ՔՈ ՍԴԿ անդամը։ Նա պարզաբանել է, որ որ այս ձևաչափում ևս երկու խումբ է ձևավորվել, սակայն այստեղ արդեն բաժանման սկզբունքը փոխվել է։ «Բոլորդ տեսաք, որ այն ընթացքում, երբ պետք է կայացվեր այս որոշումը, թե ով ում հետ է բանավիճելու, Նիկոլ Փաշինյանը հրապարակային վստահորեն հայտարարեց, թե Հ1-ի եթերում սպասում է էս, էս մարդկանց, իրենց հետ պետք է բանավիճի։ Նախնական տարբերակը, որ կարող էր վիճակահանություն լինել կամ այբբենական կարգով արվեր բաժանումը, մի կողմ դրվեց։ Նիկոլ Փաշինյանը պատվեր տվեց, որ այս, այս, այս մարդիկ պետք է իր խմբում լինեն, որից հետո հարց առաջացավ, թե ինչ սկզբունք պետք է ընտրել, որ այդ մարդիկ ընկնեն նույն խմբում»,- ասաց Միքայել Նահապետյանն ու ավելացրեց, որ արդյունքում ընտրվեց մի խայտառակ, անարդարացի մեթոդ։ «Որոշվեց՝ որ կուսակցություններն ավելի վաղուց են գրանցում ստացել, մի լիգա պետք է լինեն, ավելի նոր գրանցված կուսակցությունները՝ մի լիգա։ Հետո խնդիր է ծագել, որովհետև այս տրամաբանությամբ՝ Փաշինյանի ակնկալած մրցակիցներից երկուսը դաշինքներ են, որոնք մի ամիս առաջ են գրանցվել։ Ու այստեղ երկրորդ սկզբունք է դրվել, որ եթե խոսքը դաշինքներին է վերաբերում, ոչ թե դաշինքի գրանցման ամսաթիվն է հաշվի առնվում, այլ դաշինքում առկա կուսակցություններից ամենահնի։ Սրանով լուծվել է այն հարցը, որ Նիկոլ Փաշինյանը կարողանա բանավիճել այն մարդկանց հետ, որոնց ավելի հարմար մրցակից է համարում, որպեսզի նորից սև ու սպիտակի բաժանում անի»,- նշեց Նահապետյանը։Նա ընդգծեց, որ քաղաքական այդ պատվերը կատարել են Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը և որքան էլ իր համար ցավալի է՝ NDI-ը։«Կազմակերպիչները հստակ գիտեն, որ առաջին դեմքերի դեբատի դիտման ընթացքում մարդը կողմնորոշվելու է՝ կա՛մ գործող կառավարության կողմ, կա՛մ նախկին կառավարությունների, կա՛մ նոր ուժի, որը երբևէ չի կառավարել։ Եվ հիմա, փաստորեն, կա 13 քաղաքական ուժ, որը ոչ մի հնարավորություն չունի բանավիճելու Հայաստանն էս վիճակի հասցրած կառավարություններից ոչ մեկի հետ։ Այսինքն՝ օդի մեջ խոսակցություն է լինելու, դու խոսելու ես խնդիրների մասին, քեզ հակադարձողն այդտեղ չլինի»,- ասաց նա։ Միքայել Նահապետյանի խոսքերով՝ իսկ մի քանի օր առաջ գրանցված կուսակցության հետ, որն օբյեկտիվորեն չէր կարող քաղաքական ճիշտ և սխալ քայլերով ճանապարհ անցնել, ծրագրերի, կարծիքների հարաբերելու բան չկա։ «Այսինքն՝ պաշտոնապես այս սկզբունքն ընտրվել է հետևյալ տրամաբանությամբ՝ քաղաքական ոչ մի նոր ուժ չպետք է հնարավորություն ունենա, Հայաստանում ընտրանքը պիտի լինի նախկինում գործած ուժերի միջև։ Սա ծայրահեղ վիրավորական, արհամարհական, անարդարացի ֆորմատ ու վերաբերմունք է բոլոր նոր քաղաքական ուժերի համար։ Բանավեճերը, որոնք ընտրական ժողովրդավարության կարևոր կոմպոնենտ են, այս որոշումով վերածվում են ձևական ժողովրդավարության, թատրոնի»,- նշել է «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչը։Միքայել Նահապետյանը նաև հայտնել է իրենց կուսակցության դիրքորոշումը, որ այս տրամաբանության մեջ բանավեճին մասնակցելու իմաստ «Քաղաքացու որոշում»-ը չի տեսնում։ Իսկ քաղաքացիներից ու մյուս 12 քաղաքական ուժերից ակնկալել է, որ իրենց ձայնը բարձրացնեն ընդդեմ անարդարացիության։
15:18 - 06 հունիսի, 2021
Հանրային Հեռուստատեսության նախաձեռնած առաջին դեմքերի բանավեճի ձևաչափը կազմակերպվել է ծայրահեղ անարդարացի սկզբունքով․ ՔՈ ՍԴԿ

Հանրային Հեռուստատեսության նախաձեռնած առաջին դեմքերի բանավեճի ձևաչափը կազմակերպվել է ծայրահեղ անարդարացի սկզբունքով․ ՔՈ ՍԴԿ

«ՔՈ» ՍԴԿ կուսակցության նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվում է.   «Հանրային Հեռուստատեսության և ԱԺԻ (NDI) նախաձեռնած առաջին դեմքերի բանավեճի ձևաչափը կազմակերպվել է ծայրահեղ անարդարացի սկզբունքով։  Ըստ էության, հրապարակային քաղաքական պատվեր է իջեցվել, որ Նիկոլ Փաշինյանը պետք է բանավիճի նախորդ ղեկավարների հետ և կազմակերպիչները գտել են միակ սկզբունքը, որի համաձայն դա հնարավոր կլիներ կազմակերպել՝ քողարկելով ակնհայտ քաղաքական շարժառիթները։  Նախընտրական ցուցակների առաջին համարների բանավեճը անց է կացվելու երկու խմբով՝ յուրաքանչյուրում 13 մասնակից։ Խմբերն ընտրվել են հետևյալ սկզբունքով՝ առաջին խմբում մասնակցելու են առավել վաղ պետական գրանցում ստացած կուսակցությունները, իսկ երկրորդ խմբում՝ առավել ուշ գրանցված կուսակցությունները։ Ընդ որում, հասկանալով, որ այս սկզբունքով մեկ ամիս առաջ գրանցված դաշինքները կհայտնվեին երկրորդ խմբում՝ ավելացրել են երկրորդ սկզբունքը, ըստ որի հաշվի է առվում ոչ թե դաշինքի, այլ դրա կազմում ընդգրկված կուսակցություններից առավել հնի գրանցման ամսաթիվը՝ ակնհայտորեն լուծելով Նիկոլ Փաշինյանի համար ցանկալի երկու մրցակիցների ներգրավման հարցը։ Այսինքն՝ ընտրվել է մի սկզբունք, որով հնարավոր կլիներ Նիկոլ Փաշինյանին համեմատության մեջ դնել նախորդ կառավարությունների հետ՝ հնարավորություն տալով կրկին անցկացնել սև ու սպիտակի բաժանարարը։ Մյուս կողմից ընտրությունների մասնակցող 13 կուսակցություններ զրկվել են երկրի այս վիճակի համար պատասխանատու չորս կառավարությունների առաջին դեմքերից որևէ մեկի հետ բանավիճելու հնարավորությունից։  Կազմակերպիչները հաստատապես գիտեն, որ առաջին համարների բանավեճը իր որակական կողմով էական ազդեցություն է ունենալու ընտրությունների արդյունքի վրա և այդուհանդերձ՝ այն կազմակերպել են խիստ անարդար ձևաչափով։ Սա կոպտորեն խախտում է անաչառության, մրցակցային հավասար պայմանների ապահովման սկզբունքները։  Կա՛մ նախընտրական բանավեճը կկազմակերպվի նոր՝ արդարացի սկզբունքով, կա՛մ «Քաղաքացու որոշում» կուսակցությունն իմաստ չի տեսնում մասնակցելու այդպիսի ձևաչափի բանավեճի։ Այս ձևաչափը վիրավորական է մասնակցող բոլոր քաղաքական ուժերի համար, և մենք կոչ ենք անում մյուս ուժերին ևս չմասնակցել ձևական ժողովրդավարության այդ թատրոնին»։
11:27 - 05 հունիսի, 2021
Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթների օրերը հայտնի են. ՀՌՀ

Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթների օրերը հայտնի են. ՀՌՀ

Այսօր՝ հունվարի 8-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստը, օրակարգում՝ Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթների նիստի վերսկսման օր սահմանելու և Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական և մայրաքաղաքային սփռման մրցույթներում սլոթերի քանակի փոփոխության վերաբերյալ հարցերը: Նիստի օրակարգի հաստատումից հետո ՀՌՀ անդամները առաջնորդվելով  «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթի անցկացման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» որոշմամբ հաստատված կարգի դրույթներով՝ հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթների նիստի վերսկսման օր են սահմանել. 2021 հունվարի 14-ը՝ մարզային սփռման մրցույթների համար, իսկ հունվարի 15-ը՝ հանրապետական և մայրաքաղաքային սփռման մրցույթների  համար: Անդրադառնալով օրակարգի երկրորդ հարցին և հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասը, փոփոխություն է կատարվել հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական և մայրաքաղաքային սփռման մրցույթում սլոթերի քանակների հետ, քանի որ 2020 թվականի դեկտեմբերի 30-ին ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքվել է «Զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիր: Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթում սլոթերի քանակը սահմանվել է 5, նախկին 6-ի, իսկ մայրաքաղաքային սփռման մրցույթում՝ 7, նախկինում հաստատված 9-ի փոխարեն:
21:18 - 08 հունվարի, 2021
Առաջարկել եմ բանավեճ կազմակերպել իմ, Սամվել Բաբայանի և Սեյրան Օհանյանի մասնակցությամբ․ Բաբայանը ընդունել էր, Օհանյանը հրաժարվել էր մասնակցել․ Անդրանիկ Քոչարյան

Առաջարկել եմ բանավեճ կազմակերպել իմ, Սամվել Բաբայանի և Սեյրան Օհանյանի մասնակցությամբ․ Բաբայանը ընդունել էր, Օհանյանը հրաժարվել էր մասնակցել․ Անդրանիկ Քոչարյան

Առաջարկել եմ Հանրային հեռուստաընկերության եթերում բանավեճ կազմակերպել՝ իմ, Սամվել Բաբայանի և Սեյրան Օհանյանի մասնակցությամբ: Սամվել Բաբայանը ընդունել էր բանավեճին մասնակցելու հրավերը, իսկ Սեյրան Օհանյանը հրաժարվել էր մասնակցել՝ պատճառաբանելով, որ ինչ-որ խանգարող հանգամանքներ կան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ կրկին բանավեճի հրավիրելով Օհանյանին։ Գրառման մեջ, մասնավորապես, ասված է․«Սեյրան Օհանյանի կողմից գլխավորած պաշտոնաթող գեներալների տարածած հայտարարությունից հետո Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանին առաջարկել եմ Հանրային հեռուստաընկերության եթերում ցանկացած ձևաչափով բանավեճ կազմակերպել՝ իմ, Արցախի ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի և 2008-2016թթ. ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սեյրան Օհանյանի մասնակցությամբ: Սամվել Բաբայանը ընդունել էր բանավեճին մասնակցելու հրավերը, իսկ Սեյրան Օհանյանը հրաժարվել էր մասնակցել՝ պատճառաբանելով, որ ինչ-որ խանգարող հանգամանքներ կան: Որպես կառավարության հրաժարականը պահանջող պաշտոնաթող գեներալների ցուցակը գլխավորող՝ Սեյրան Օհանյանին նորից առաջարկում եմ ընդունել իմ առաջարկը և նույն ձևաչափով քննարկել մեր բանակի պարտության խորքային պատճառները, իսկ քննարկումից առաջ խնդրում եմ պարոն Օհանյանին ներկայացնել պաշտոնաթող գեներալների հավաքական տեսակետը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք մասնակցել են Արցախյան առաջին պատերազմի հաղթանակների կերտմանը՝ չնայած բոլորը այդ ժամանակ ունեցել են ավելի ցածր ուսադիրներ: Մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի պարտության խորքային պատճառները, հատկապես նրա անշրջելի ընթացքը վերջին 20 տարիների ընթացքում: Խիզախություն պետք է ունենալ դա ընդունելու և պատասխանատվություն կրելու համար: Եվ եթե այս խնդիրը չլուծվի, սերունդների դատին ենք թողնելու դավաճանների անվերջ փնտրտուքը, իսկ դա մեզ զրկելու է բանակի ապագային միտված հեռանկարը կառուցելուց: «Ես իմ գեներшլներին թույլ տվեցի հարստանալ ու շռայլ կյանքով ապրել , հետո նրանց մոտ կորավ կռվելnւ ցանկությունը, և վшխեցшն դաշտում ընկնելnւց և շռայլ կյանքից զրկվելուց». Նապոլեոն Բոնապարտ»։
13:48 - 28 դեկտեմբերի, 2020
Տիգրան Վիրաբյանը կազատվի քաղաքապետի տեղակալի պաշտոնից․ նա կստանձնի Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերի պաշտոնը

Տիգրան Վիրաբյանը կազատվի քաղաքապետի տեղակալի պաշտոնից․ նա կստանձնի Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսերի պաշտոնը

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ խնդրելով ազատել իրեն քաղաքապետի տեղակալի պաշտոնից: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։   «Հանրային հեռուստաընկերության տնօրենությունից առաջարկ եմ ստացել՝ ստանձնելու ընկերության գլխավոր պրոդյուսերի պաշտոնը: Կարծում եմ, սա լավ հնարավորություն է՝ մասնակցելու Առաջին ալիքում նախատեսվող կարևոր որակական փոփոխությունների ու ստեղծագործ նոր գաղափարների իրագործման գործընթացին: Ուստի դիմում եմ ներկայացրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ խնդրելով ազատել ինձ Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից:   Կարծում եմ՝ անցած երկու տարիներին բավական դրական փոփոխություններ են տեղի ունեցել իմ համակարգման ներքո գտնվող ոլորտներում՝ մշակույթ, հանրակրթություն, սպորտ:   Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ավագանու խմբակցություններին եւ քաղաքապետարանի աշխատակազմի գործընկերներիս՝ համատեղ աշխատանքի համար: Հատկապես շնորհակալ եմ քաղաքապետ Մարությանին՝ ցուցաբերած վստահության համար: Համոզված եմ, որ մեր մայրաքաղաքը, անկախ բոլոր արհավիրքներից ու դժվարություններից, շարունակելու է զարգանալ: Կջանամ Հանրային հեռուստաընկերության մեծ ընտանիքի հետ միասին առավելագույս օգտակար լինել հանրությանը»,- գրել է նա:
15:00 - 09 դեկտեմբերի, 2020
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի մրցույթում հաղթող է ճանաչվել Հովհաննես Մովսիսյանը |1lurer.am|

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի մրցույթում հաղթող է ճանաչվել Հովհաննես Մովսիսյանը |1lurer.am|

1lurer.am: ide class="content-wrapper__left fl"> Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ընտրության մրցութային հանձնաժողովը նոյեմբերի 6-ին որոշել է վերսկսել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ընտրության մրցույթը՝ անցկացնելով այն հեռավար և առանց հարցազրույցների։ Ինչպես  հայտնել էինք, մրցույթին մասնակցելու համար դիմել էր 13 թեկնածու, սակայն Արմեն Սարգսյանն ավելի ուշ դիմում է ներկայացրել մրցութային հանձնաժողովին՝ իր թեկնածությունը հանելու նպատակով։ Բաց քվեարկության արդյունքում հանձնաժողովը որոշում է ընդունել 12 թեկնածուից Հովհաննես Մովսիսյանին մրցույթում հաղթող ճանաչելու մասին։ Հաջորդ շաբաթ Հանրային հեռարձակողի խորհուրդը որոշում կկայացնի մրցույթում հաղթող ճանաչված Հովհաննես Մովսիսյանին Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն նշանակելու վերաբերյալ։      
18:48 - 06 նոյեմբերի, 2020
Հայտնի են Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի թեկնածուների անունները |1lurer.am|

Հայտնի են Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի թեկնածուների անունները |1lurer.am|

1lurer.am: Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով փաստաթղթերի ընդունումն ավարտվել է։ Հայտնի են թեկնածուների անունները, որոնք 13-ն են․ Վարդան Ալեքսանյան – 2015-2019 թթ․ «Շիրակի հանրային հեռուստառադիոընկերություն», ռեժիսոր. Ստեփան Մարտիրոսյան – 2016-2020 թթ․ «ԱՐ» հեռուստաընկերություն, ռեժիսոր. Վազգեն Ավետյան – 2016-2020 թթ․ «Պանարմենիան Մեդիա Գրուպ», գլխավոր տնօրենի խորհրդական. Հովհաննես Թովմասյան – 2018-ից «Երեմյան փրոջեքթս» ընկերության գեղարվեստական ղեկավար. Արթուր Սահակյան – Armenian News Network-ի հիմնադիր, ղեկավար և հեռուստամեկնաբան, «30 minutes» (AMGA TV, Գլենդեյլ, ԱՄՆ) հաղորդաշարի հեղինակ և վարող. Ռուդիկ Տեր-Գալստյան - «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ հիմնադիր, 2013-2017 թթ․ Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր. Հովհաննես Մովսիսյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ, տնօրեն. Արմեն Սարգսյան – տեղեկատվության ոլորտի և մեդիա կառավարման մասնագետ, Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնակատար. Արմեն Պահլավունի – Հանրային հեռուստաընկերության ձայնային ապահովման բաժնի ղեկավար. Ռուբեն Թումանյան – ռեժիսոր, պրոդյուսեր, 2010-2013 թթ․ Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր. Արման Չիլինգարյան – Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, 2013-2020 թթ․ «ԱՐ» հեռուստաընկերության գլխավոր ռեժիսոր. Նունե Էլմասյան – 2000-ից Հ2 հեռուստաընկերության ժամանցային ծրագրերի գլխավոր ռեժիսոր. Արմեն Ահարոնյան, 2003-2009 թթ․ Հանրային հեռուստաընկերություն, հեռուստաօպերատոր: Համաձայն մրցույթի սահմանված կարգի՝ մրցութային հանձնաժողովը 5 աշխատանքային օրվա ընթացքում կուսումնասիրի ներկայացված փաստաթղթերը և որոշում կընդունի մրցույթում հաղթող ճանաչելու մասին։ Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը կարող է մրցույթի մասնակիցների հետ անցկացնել հարցազրույց։
18:50 - 18 սեպտեմբերի, 2020