Համբարձում Մաթևոսյան

Համբարձում Մաթևոսյանը ՀՀ փոխվարչապետն է։ 

Ծնվել է 1992 թ․-ի նոյեմբերի 18-ին Գյումրիում։ 

2009-2012 թթ.  սովորել է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Գրոսմոնտ քոլեջի Համաշխարհային գիտությունների բաժնում, 2012-2015 թթ.՝ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սան Դիեգոյի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ, միջազգային անվտանգություն և հակամարտության կարգավորում ֆակուլտետում՝ համագործակցություն, հակամարտություն, կոնֆլիկտաբանություն մասնագիտությամբ։

2011-2012 թթ. աշխատել է  ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գրոսմոնտ քոլեջի միջազգային ուսանողական բաժնում՝ որպես համակարգող, 2013-2014 թթ. աշխատել է Ուկրաինայի Դոնեցկ քաղաքի Կերամռեսուրս ՍՊԸ Եվրոպական շուկայի պատասխանատու։
2013-2015 թթ.  եղել է Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում ՀՀ պատվավոր հյուպատոսի խորհրդական։
2016-2018 թթ. աշխատել է Հայաստանի ամերիկյան համալսարանի հումանիտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի կառավարիչ, ընդհանուր կրթության գծով խորհրդական
2018-2021 թթ.  զբաղեցրել է ՀՀ Արմավիրի մարզպետի պաշտոնը։ 2021 թ. նոյեմբերի 25-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ

Փոխվարչապետ Մաթևոսյանը մարզպետներին հանձնարարել է մշտադիտարկել պետբյուջեի միջոցներով համայնքներում իրականացվող ծրագրերը

Փոխվարչապետ Մաթևոսյանը մարզպետներին հանձնարարել է մշտադիտարկել պետբյուջեի միջոցներով համայնքներում իրականացվող ծրագրերը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ սեպտեմբերի ութին տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու մարզպետները։ Փոխվարչապետի գրասենյակից հայտնում են, որ օրակարգային հարցերի շարքում եղել է մարզերում ընթացող ինչպես սուբվենցիոն, այնպես էլ պետական բյուջեի միջոցներով համայնքներում իրականացվող ծրագրերը ստուգայցերի միջոցով մշտադիտարկելու հարցը։ Այդ համատեքստում փոխվարչապետը հանձնարարել է հատկապես ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել «300 դպրոց-500 մանկապարտեզ» կապիտալ բնույթի մեծածավալ նախաձեռնության շրջանակում իրականացվող աշխատանքները և ընթացքում անդրադառնալ արձանագրված թերությունների շտկմանը։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև մարզերի համայնքների բյուջեների եկամուտների հավաքագրմանը, ինչպես նաև գյուղատնտեսական սեզոնի ընթացքում հատկապես մթերումների հետ կապված խնդիրների լուծմանը վերաբերող մի շարք հարցեր։ Համբարձում Մաթևոսյանն անդրադարձել է նաև սեպտեմբերի 25-ին Հայաստանի 18 համայնքներում անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին և մարզպետներին հանձնարարել պատշաճ իրականացնել օրենքով վերապահված իրենց լիազորությունները։  
10:14 - 09 սեպտեմբերի, 2022
Փոխվարչապետ Մաթևոսյանը Գեղարքունիքում հետևել է պետբյուջեի միջոցներով իրականացվող աշխատանքներին

Փոխվարչապետ Մաթևոսյանը Գեղարքունիքում հետևել է պետբյուջեի միջոցներով իրականացվող աշխատանքներին

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը սեպտեմբերի 7-ին մարզային այցով Գեղարքունիքում էր։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի ուղեկցությամբ փոխվարչապետը շրջայց է կատարել մի շարք համայնքներում, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին։ Մարզային այցին մասնակցել են նաև «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը, պաշտոնատար այլ անձինք։ Փոխվարչապետը Կարճաղբյուր համայնքում այցելել է Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի կազմում գործող «Սևանի Իշխան» ՓԲԸ, շրջայց է կատարել ընկերության ձկնարտադրության համալիրում, ծանոթացել մանրաձկան արտադրության գործընթացին և գործարանի արտադրական հզորություններին: Ներկայումս «Սևանի իշխան» ՓԲԸ-ի մանրաձկան գործարանում առկա է Սևանի իշխանի երկու ենթատեսակներին պատկանող Գեղարքունի և Ամառային ձկնատեսակների տարբեր տարիքային խմբերի ծնողական կազմ, ինչպես նաև փորձեր են իրականացվում այլ ձկնատեսակների արհեստական բազմացման տեխնոլոգիաների մշակման ուղղությամբ։ Փոխվարչապետի հաջորդ կանգառը եղել է Մ-10 ավտոճանապարհի Մարտունի Գեղհովիտ 14 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման շինհրապարակում: Պետական բյուջեի միջոցներով իրականացվող աշխատանքները նախատեսվում է ավարտել 2023 թվականին։ «Ճանապարհային դեպարտամենտ»-ի ղեկավարի խոսքով՝ արդեն իսկ ավարտվել են 6,4 կմ ասֆալտապատման աշխատանքները, ընթանում են ճանապարհի սկզբնամասում վաքերի տեղադրման, մայթերի, իջատեղերի կառուցման աշխատանքները։ Համբարձում Մաթևոսյանն այնուհետև այցելել է Գեղհովիտ համայնք, որտեղ կառուցվում է թիվ 2 միջնակարգ դպրոցը։ Այն իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից՝ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակում։ Ներկայում կարարվում են շենքի հիմքի և առաջին հարկի բետոնային և երկաթբետոնային աշխատանքները։ Շինարարությունը մեկնարկել է 2021 թվականին և նախատեսված է ավարտել 2023 թվականին։ Մարտունի համայնքում փոխվարչապետին դիմավորել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը և մանրամասներ ներկայացրել պետական բյուջեի միջոցներով կառուցվող «Մարտունու բժշկական կենտրոն»-ի շենքի կառուցման ընթացքից։ Ներկայում ավարտվել են շենքի հիմնակմախքի և կաթսայատան աշխատանքները, ընթացքի մեջ են միջնորմների կառուցման, տանիքային, ներքին հարդարման, արտաքին երեսապատման, արտաքին և ներքին ինժեներական ցանցերի կառուցման աշխատանքները։ Փոխվարչապետ Մաթևոսյանի հերթական կանգառը եղել է Գավառում՝ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվող հանրապետական նշանակության ավտոճանապարհի շինհրապարակում։ Հիմնանորոգվող ճանապարհի երկարությունը 3,4 կմ է։ Նախատեսված է իրականացնել ճանապարհի երթևեկելի մասի հիմքի և երկշերտ ասֆալտբետոնյա ծածկի, ջրահեռացման ներքին համակարգի, մայթերի կառուցման աշխատանքներ։ Շինարարի հետ զրույցում փոխվարչապետը մի շարք դիտողություններ է արել կատարված աշխատանքների վերաբերյալ․ շինարարը խոստացել է նախքան շահագործման հանձնելը շտկել արձանագրված թերությունները։  Համբարձում Մաթևոսյանն այցելել է նաև Գավառի Սբ Աստվածածին եկեղեցի, որի շրջակայքի սալիկապատման և բարեկարգման աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակում։ Աշխատանքները կավարտվեն 2022 թվականի նոյեմբերին։ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ.Պարթև վադապետ Բարսեղյանը առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում ընդունել է փոխվարչապետին և բարձր գնահատել համայնքների զարգացմանն ուղղված նման ծրագրերի իրականացումը, սրբավայրեր տանող ճանապարհների բարեկարգման աշխատանքները՝ այն համարելով Կառավարության, մարզային ու քաղաքային իշխանության հետ արդյունավետ համագործակցության արդյունք։ Համբարձում Մաթևոսյանն այցելել է նաև Ծովինար բնակավայրում գտնվող Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել և և ծաղիկներ խոնարհել հայրենիքի համար կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին։
15:09 - 08 սեպտեմբերի, 2022
Հայաստանում նվազագույն կենսաթոշակի չափը սահմանվեց 31 հազար 600 դրամ |armenpress.am|

Հայաստանում նվազագույն կենսաթոշակի չափը սահմանվեց 31 հազար 600 դրամ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը համապատասխան որոշմամբ նվազագույն կենսաթոշակի չափը բարձրացրեց՝ սահմանելով 31 հազար 600 դրամ. սա թույլ կտա ապահովել, որ Հայաստանում բացառապես բոլորի թոշակները առնվազն 3000 դրամով բարձրանան: Կառավարության սեպտեմբերի 8-ի նիստում  նիստը վարող փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին խնդրեց ներկայացնել չզեկուցվող և ընդունված հարցը: «Ինչպես նախորդ կառավարության նիստի ժամանակ վարչապետը ներկայացրեց, նախատեսում ենք թոշակների բարձրացում մինչև առնվազն 3000 դրամով: Սեպտեմբերի 1-ից բազային կենսաթոշակի չափը սահմանվեց 21 հազար դրամ՝ 18 հազար դրամի փոխարեն: Իսկ նվազագույն կենսաթոշակի չափը 28 հազար 600 դրամի փոխարեն սահմանվեց 30 հազար 500 դրամ: Գործող բանաձևով և օրենքով՝ կենսաթոշակառուների որոշակի խումբ ավելի քիչ էր ստանում, քան 3000 դրամը, և մենք որոշեցինք բարձրացնել՝ նվազագույն կենսաթոշակի չափը հասցնելով 31 հազար 600 դրամի, որը կերաշխավորի, որ բոլոր կենսաթոշակառուները ստանան մեր խոստացած 3000 դրամը: Նախագծի ընդունման արդյունքում 16 հազար 600 կենսաթոշակառուների և 5186 զինկենսաթոշակառուների ու շուրջ 75 հազար նպաստառուների համար սեպտեմբերի 1-ից կավելանան կենսաթոշակն ու նպաստները»,-ասաց Մկրտչյանը: Այսինքն՝ այն  խումբը, որոնց թոշակը մինչև այս որոշումը սահմանված օրենքով և բանաձևով բարձրացել էր 1900 կամ 2500 դրամով, հոկտեմբերի կենսաթոշակի հետ կստանա մնացած հատվածը: Իսկ ինչ վերաբերում է 75 հազար նպաստառուներին՝ նախարարը պարզաբանեց, որ նրանք ծերության նպաստ ստացողներն են, որոնց մոտ բարձրացումը տեղի է ունենում ոչ թե Կենսաթոշակառուների մասին օրենքով, այլ Նպաստառուների մասին օրենքով: «Հետևաբար մենք որոշեցինք, որ նաև պետք է իրենց նպաստը բարձրացնենք, որպեսզի նվազագույն կենսաթոշակի չափին համահունչ լինի: Ընդհանուր առմամբ 97 հազար շահառուի համար սեպտեմբերի 1-ի կավելանան կենսաթոշակն ու նպաստները, որը նրանք կստանան հոկտեմբեր ամսվա թոշակի հետ միասին»,-ներկայացրեց նախարարը:  
11:52 - 08 սեպտեմբերի, 2022
Փոխվարչապետը Հայաստանում գործող օտարերկրյա ներդրումներով ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ներդրումային միջավայրի հետ կապված հարցեր

Փոխվարչապետը Հայաստանում գործող օտարերկրյա ներդրումներով ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ներդրումային միջավայրի հետ կապված հարցեր

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը սեպտեմբերի 7-ին «Բիզնես-նախաճաշ»-ի ձևաչափով հերթական հանդիպումն է ունեցել Հայաստանում օտարերկրյա ներդրումներով ընկերությունների երկու տասնյակը գերազանցող ղեկավարների և ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից։ Հանդիպման նպատակը Հայաստանում գործունեություն ծավալելիս, հատկապես պետական մարմինների հետ շփումների ընթացքում առաջացող հնարավոր խնդիրների վերհանումն ու Հայաստանի ներդրումային միջավայրի հետ կապված հարցերի քննարկումն էր: Հանդիպմանը մասնակցել են նաև Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը, Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի («Էնթերփրայզ Արմենիա») տնօրեն Լևոն Օհաննեսյանը, այլք: Փոխվարչապետ Մաթևոսյանը հարցուպատասխանի ձևաչափով լսել է օտարերկրյա ներդրողներին հուզող հարցերը, պատասխանել դրանց և նշել, որ պետական մարմինների հետ կապված առկա հարցերի վերաբերյալ լուծումները կգտնվեն հնարավորինս սեղմ ժամկետներում: Ընկերությունների ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել Հայաստանի Կառավարությանն ու ժողովրդին ջերմ ընդունելության ու հյուրընկալության համար և հիմնականում ընդգծել, որ Հայաստանում իրենց գործունեությունը շարունակելու ու ավելի շատ աշխատակիցներ ներգրավելու նպատակ ունեն:
14:05 - 07 սեպտեմբերի, 2022
Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Գյումրու օր-2022» և «Երևանի օրերը Գյումրիում» միջոցառմանը

Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Գյումրու օր-2022» և «Երևանի օրերը Գյումրիում» միջոցառմանը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը սեպտեմբերի երկուսին Շիրակի մարզում մասնակցել է «Գյումրու օր-2022» և «Երևանի օրերը Գյումրիում» խորագրով միջոցառմանը: Վերջինին մասնակցել են նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, մարզպետներ, պաշտոնատար այլ անձինք: Փոխվարչապետը, նախքան միջոցառման մեկնարկը, մոմ է վառել քաղաքի Սբ Աստվածածին (Յոթվերք) եկեղեցում, այնուհետև այցելել է «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի կազմում գործող Գյումրու համայնքային ցուցասրահ, ծանոթացել այնտեղ պահվող հավաքածուներին և ցուցանմուշներին: Համբարձում Մաթևոսյանը Վարդանանց հրապարակում, «Գյումրու օր» և «Երևանի օրերը Գյումրիում» տոնակատարությունների ավարտը ազդարարող միջոցառման ժամանակ, շնորհավորել է գյումրեցիներին քաղաքի օրվա կապակցությամբ և նշել. «Իմ հարազատ քաղաքի սիրելի՛ գյումրեցիներ, Վարպետների քաղաքի օր նշելն արդեն վերածվել է սպասված ու սիրելի ավանդույթի ոչ միայն գյումրեցիների, այլ նաև Հայաստանի այլ մարզերի բնակիչների ու երևանաբնակների համար։ Ասածիս մասին է վկայում այն, որ այս տարի Գյումրու օրն ուղեկցվում է «Երևանի օրերը Գյումրիում» միջոցառումներով։ Սիրելի՛ գյումրեցիներ, Այս տոնի իրական հերոսները Դուք եք, Դուք եք ապրեցնում, նոր գույն ու շունչ հաղորդում քաղաքին, ձեր յուրահատուկ հումորով լավատեսություն ու բարձր տրամադրություն փոխանցում քաղաքի հյուրերին, ովքեր Գյումրուց հեռանում են՝ մտքում անպայման ունենալով վերադառնալու ցանկություն։ Գյումրին հպարտություն և ուժ է։ Դրա շնորհիվ է գյումրեցին կարողանում, այդքան փորձությունների միջով անցնելուց հետո, կրկին գրկաբաց ու ժպիտով դիմավորել ամենքիս։ Այսօր էլ, մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում, մենք արարում ենք, նոր քար ավելացնում ստեղծածին, կառուցում ու շենացնում ենք Հայաստանը՝ դրանով իսկ ցույց տալով մեր սերն առ հայրենիք։ Ընդամենը երկու օր առաջ մարզային այցով կրկին Շիրակում էի։ Շրջում էինք ակտիվ շինհրապարակներում՝ բարեկարգվող «Բարեկամության» այգում, նոր կառուցվող դպրոցի, մանկապարտեզի, սպորտային համալիրի, ասֆալտապատվող ճանապարհների տարածքում։ Օրս համարեցի ստացված՝ հատկապես մի զրույցից հետո, երբ դպրոցի նոր մասնաշենքի կառուցման աշխատանքներում ներգրավված շինարարից իմացա, որ տարիներ շարունակ այլ երկրներում աշխատելուց հետո, ընկերներով որոշել են վերադառնալ հայրենիք ու Հայաստանում շարունակել իրենց աշխատանքը։ Շատ եմ ցանկանում, որ այս օրինակը լինի վարակիչ, որ Հայաստան վերադարձողների, մայր հողում իրենց ապագան տեսնող և կերտող հայրենակիցների թիվը տարեցտարի ավելանա։ Դրան կարող ենք հասնել մենք՝ նվիրված աշխատանքի, մեր հողն ու ջուրը սիրելու, պահպանելու ու հայրենիքը շենացնելու միջոցով։ Սիրելի՛ գյումրեցիներ, Չեմ ցանկանում այս օրով Ձեզ ծանրաբեռնել թվերով, վիճակագրությամբ՝ ցույց տալու համար, թե Կառավարությունը որքան է կարևորում տարածքային համաչափ զարգացումը, որքան է կարևորում մարզաբնակ մեր հայրենակիցների համար հենց մարզերում ապրել-արարելու համար պատշաճ ու արժանավայել միջավայր ապահովելը։ Դրա վառ վկայությունը Ձեր շուրջը կատարվող շինարարություններն են, տարեցտարի ավելացող տուրիստական հոսքերն են ու ոչ միայն։ ​ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ Գյումրու օրվա առիթով՝ յուրաքանչյուրիդ ցանկանալով առողջություն, հաջողություն և լավատեսություն: Տոնդ շնորհավոր, սիրելի՛ Գյումրի»։ Միջոցառումն ավարտվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և «Ռեինկարնացիա»-ի համերգով:
12:51 - 03 սեպտեմբերի, 2022
Փոխվարչապետ Մաթևոսյանը ծանոթացել է Հյուսիս-հարավի Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին

Փոխվարչապետ Մաթևոսյանը ծանոթացել է Հյուսիս-հարավի Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներին

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն օգոստոսի 31-ին Շիրակի մարզում էր։ Նախքան մարզ հասնելը, փոխվարչապետի առաջին կանգառը եղել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի»  Թալին-Լանջիկ 18.7 կմ հատվածի կառուցման աշխատանքների շինարարական հրապարակը, որտեղ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի և կապալառու ընկերության ինժեների ու շինարարի հետ ներկայացրել են կատարվող աշխատանքները՝ ընդգծելով, որ Թալին - Լանջիկ հատվածի ասֆալտապատման աշխատանքները կավարտվեն 2022թ․-ի սեպտեմբերին, իսկ կահավորման և գծանշման աշխատանքները՝ 2022 թ․-ի նոյեմբերի ընթացքում։ Շիրակի մարզում՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Լանջիկ-Գյումրի  ճանապարհահատվածում, փոխվարչապետ Մաթևոսյանին դիմավորել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։ Փոխվարչապետն ու մարզպետը շրջել են տարածքում, շինարարության պատասխանատուների հետ քննարկել աշխատանքների ընթացքի ու որակի հետ կապված մի շարք հարցեր։ Նշենք, որ շուրջ 27,5կմ երկարությամբ այս ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները, ըստ նախնական հաշվարկի, կավարտվեն 2023թ․-ի դեկտեմբերին։ Այցի հաջորդ վայրը 4.9 կմ երկարությամբ Հոռոմ - Արթիկ - Ալագյազ հանրապետական նշանակության հիմնանորոգվող ճանապարհահատվածում էր, որի աշխատանքներն իրականացվում են պետական բյուջեի միջոցներով։ Ներկայում իրականացվում են գոյություն ունեցող ծածկի քանդման, ճանապարհային ծածկի տեղադրման, մայթերի կառուցման, երթևեկելի մասի ջրահեռացման, ինչպես նաև գոյություն ունեցող խողովակների վերատեղադրման աշխատանքներ։ Ընդհանուր աշխատանքները նախատեսված է ավարտել ընթացիկ տարվա նոյեմբերին: Արթիկ համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանը ներկայացրել է իր մտահոգությունները՝ կապված ջրահեռացման համակարգը զուգահեռ նորոգելու հետ։ Հարցի լուծման ուղիները գտնելու նպատակով փոխվարչապետ Մաթևոսյանը տվել է մի շարք հանձնարարականներ։ Հաջորդիվ, փոխվարչապետն այցելել է Ազատանի թիվ 2 դպրոցի կառուցման շինհրապարակ։ Աշխատանքներն իրականացնում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը՝ «Սեյսմիկ անվտանգության բարելավում» ծրագրի շրջանակում։ Ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ 585 մլն դրամ է: Դպրոցը նախատեսված է 380 աշակերտի համար: Ազատան համայնքի միջնակարգ դպրոցը բաղկացած է տարբեր տարածքներում գտնվող 2 մասնաշենքերից, որոնցից առաջինը կառուցվել է 2000-ական թվականներին, գտնվում է բարվոք վիճակում, իսկ 2-րդ մասնաշենքն անմխիթար վիճակում է։  Ծրագրի շրջանակում որոշվել է պահպանել 1-ին մասնաշենքը և դրա հարևանությամբ կառուցել նոր մասնաշենքեր՝ ունենալով մեկ ամբողջական դպրոցական համալիր։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը տեղեկացրել է, որ շինարարությունը մեկնարկել է 2022 թվականի հունվարի 12-ին և կտևի 2 տարի։ Մարզային այցի ընթացքում փոխվարչապետն ու մարզպետը եղել են նաև «Ազատամարտիկների պանթեոն»-ում, հարգանքի տուրք մատուցել հայրենիքի համար կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին և ծաղիկներ են խոնարհել անմահ հերոսների շիրմներին: Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Շիրակ բնակավայրում փոխվարչապետ Մաթևոսյանը ծանոթացել է մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքներին։ Նշենք, որ Կառավարություն-համայնք համագործակցության արդյունքում, սուբվենցիոն ծրագրով, 2021 թվականին մեկնարկել են Ախուրյան համայնքի Շիրակ բնակավայրի 46 երեխայի համար նախատեսված 2 խմբասենյակով մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքները: Ծրագրի արժեքը 74 մլն 122 հազար դրամ է։ Գյումրու քաղաքային Բարեկամություն» զբոսայգում ևս ակտիվ շինարարություն է իրականացվում։  7,2 հա տարածք ունեցող Բարեկամության այգու ընդհանուր տարածքում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից բարեկարգվող տարածքում կառուցվելու է ոռոգման և խմելու ջրի ցանց, հիմնանորոգվելու են կոյուղագծերը, կառուցվելու է ջրահեռացման համակարգ, բարելավվելու է էլեկտրականության համակարգը, հիմնանորոգվելու է լուսավորման ցանցը, այգու մուտքերի մոտ կառուցվելու են թեքահարթակներ և այլն։ Նախապես կնքված համաձայնագրի հիման վրա՝ Գյումրու համայնքը կառուցապատված տարածքը հանձնելու է Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական հիմնադրամին (ՏՈՒՖ)՝ շահագործման և պահպանման նպատակով։ Վերոնշյալ աշխատանքներին զուգահեռ, ՏՈՒՖ-ն իրականացնում է ճարտարապետական-նախագծման, զբոսայգու ժամանցային հատվածում նախատեսված կարուսելների և սարքավորումների ձեռքբերման, միջազգային փորձի ուսումնասիրության աշխատանքներ և այլ մասնագիտական հետազոտություններ։ Փոխվարչապետի վերջին կանգառը «Արթուր Ալեքսանյանի անվան հունա-հռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոց» ՀՈԱԿ նոր սպորտային համալիրի կառուցման շինհրապարակում էր։ Սպորտային համալիրի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2021 թվականին, ավարտը նախատեսվում է 2025 թվականին: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը տեղեկացրել է, որ առանձնահատուկ մարզական համալիրն ունենալու է մանկապատանեկան սպորտի զարգացման բոլոր պայմանները` մրցումների և մարզումների մեծ դահլիճներ՝ նախատեսված ըմբշամարտի, ծանրամարտի և մարմնամարզության պարապմունքների համար, մարզադաշտեր, այդ թվում՝ ֆուտբոլի դաշտ, վազքուղի, լողավազան, հյուրանոցային հատված, որտեղ կտեղավորվեն հյուրընկալվող մարզիկները, ժամանցի սրահ և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներ: Այցի ընթացքում, խոշորացված Արթիկ և Ախուրյան համայնքների ղեկավարների  կողմից բարձրացված խնդիրների լուծման նպատակով, փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը Տարածքային զարգացման հիմնադրամին հանձնարարել է «Ենթակառուցվածքների բարելավում՝ տեխնիկական վերազինման միջոցով» ենթածրագրի շրջանակում համայնքներին ապահովել անհրաժեշտ տեխնիկայով՝ միաժամանակ համայնքապետերին հանձնարարելով տեխնիկան օգտագործել բոլոր բնակավայրերի կարիքների համար։ 
10:25 - 01 սեպտեմբերի, 2022
Փոխվարչապետ Մաթևոսյանի գլխավորությամբ քննարկվել են գյուղատնտեսական սեզոնով պայմանավորված մի շարք հարցեր

Փոխվարչապետ Մաթևոսյանի գլխավորությամբ քննարկվել են գյուղատնտեսական սեզոնով պայմանավորված մի շարք հարցեր

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ օգոստոսի 23-ին տեղի է ունեցել Գյուղատնտեսական սեզոնի հարցերով աշխատանքային խմբի հերթական հանդիպումը։ ՀՀ կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ վերջինին մասնակցել են Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի մարզպետները, փոխնախարարներ, շահագրգիռ պետական կառույցների այլ ներկայացուցիչներ։ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը փոխվարչապետին տեղեկություն է տրամադրել պտղի, բանջարեղենի մթերումների և արտահանումների ընթացիկ իրավիճակի վերաբերյալ, Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը ներկայացրել է ոռոգման ոլորտում իրականացվող աշխատանքները՝ մասնավորապես ընդգծելով, որ նախնական հաշվարկներով, բարձր ջերմաստիճանային և տևական չոր պայմաններով աշնանային եղանակ չդիտվելու պարագայում, Սևանա լճից օրենքով սահմանված չափաքանակից ավել ջրառ իրականացնելու անհրաժեշտություն չի առաջանա: Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն իր զեկույցում անդրադարձել է մսի շուկայի վերահսկողության արդյունքներին՝ մասնավորապես սպանդանոցների առկա վիճակին, նաև ներկայացրել է կենդանական և բուսասանիտարական հիվանդությունների մոնիթորինգի արդյունքները։ Հանդիպման ավարտին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը տվել է մի շարք հանձնարարականներ, որոնք հիմնականում վերաբերել են խաղողի մթերման գործընթացի հետ կապված հնարավոր խնդիրների կանխարգելմանը, մարզպետարանների կողմից գյուղատնտեսական ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացմանը և այլն։
10:53 - 24 օգոստոսի, 2022
Ուսման վարձավճարի պատճառով որևէ ուսանող չպետք է զրկվի բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից. փոխվարչապետ

Ուսման վարձավճարի պատճառով որևէ ուսանող չպետք է զրկվի բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից. փոխվարչապետ

Հայաստանի կառավարության համար խիստ կարևոր է, որ ուսման վարձավճարի պատճառով բարձր առաջադիմություն և պատշաճ վարքագիծ դրսևորող որևէ ուսանող չզրկվի մասնագիտական և բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը՝ նշելով, որ սա անկյունաքարային մոտեցումներից է Կառավարության հուլիսի 28-ի նիստում հավանության արժանացած Կրթության մինչև 2030 զարգացման պետական ծրագրի, որը դեռ պետք է քննարկվի ու ընդունվի Ազգային Ժողովի կողմից։ «Մյուս կողմից, տարածքային համաչափ զարգացմանը հետամուտ լինելով, մենք նպատակ ունենք, որ կրթական ծառայությունները մատչելի լինեն Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար իր իսկ բնակության վայրում։ Ռազմավարությունում հստակորեն ամրագրվել է՝ Բոլոր ուսումնական հաստատությունները պետք է ունենան ապահով և հարմարավետ շենքային պայմաններ, պատշաճ կահավորանք և ժամանակակից սարքավորումներ, Մանկավարժի, դասախոսի աշխատանքը պետք է պատշաճ վարձատրվի, որպեսզի բոլոր հաստատություններում աշխատեն որակյալ մասնագետներ, Կրթական ծրագրերը պետք է համապատասխանեն հասարակության և տնտեսության օրեցօր զարգացող պահանջներին, ինչպես նաև կրթությանն առաջադրվող միջազգային չափանիշներին։ Ի վերջո, մենք պետք է ունենանք միջազգային միտումներին համահունչ զարգացող կրթական համակարգ, որը կծառայի ինչպես մեր քաղաքացիներին, այնպես էլ գրավիչ կլինի արտերկրի երիտասարդների և սփյուռքի մեր հայրենակիցների համար, կնպաստի ինտելեկտուալ հայրենադարձությանը»,- նշել է Մաթևոսյանը։  Նա կարևորել է նաև, որ կրթության փոխակերպման միջազգային միտումների համատեքստում ծրագիրը խնդիր է դնում, որ 2030 թվականին Հայաստանը կունենա միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգ:
13:52 - 29 հուլիսի, 2022
Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածը շահագործման կհանձնվի տարեվերջին

Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածը շահագործման կհանձնվի տարեվերջին

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ հուլիսի 28-ին տեղի է ունեցել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Վանաձոր-Ալավերդի-Վրաստան սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի» կառավարման խորհրդի նիստը: Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից։ Նիստին մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, ինչպես նաև շահագրգիռ պետական մարմինների այլ ներկայացուցիչներ։ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակում Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածն այս տարի արդեն իսկ հանձնվել է շահագործման, իսկ Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև 2022 թվականի ավարտը։ Ծրագրի իրականացման գործընթացը ավարտին հասցնելու համար նիստին անդրադարձ է կատարվել մի շարք հարցերի, որոնք վերաբերել են որոշ հողատարածքների օտարմանն ուղղված ընթացիկ աշխատանքների կատարմանը և այլն։
17:49 - 28 հուլիսի, 2022
Հասանելի ու որակյալ կրթություն, պատշաճ պայմաններ. Կառավարությունը հաստատեց մինչև 2030 թվականի զարգացման ծրագիրը

 |armenpress.am|

Հասանելի ու որակյալ կրթություն, պատշաճ պայմաններ. Կառավարությունը հաստատեց մինչև 2030 թվականի զարգացման ծրագիրը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց «Կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալը Արթուր Մարտիրոսյանը նշեց, որ կրթության ոլորտի զարգացման վերջին պետական ծրագիրն ընդունվել է 2011 թվականին, և ժամանակի հրամայական է երկարաժամկետ պլանավորման փաստաթղթում Կառավարության կողմից գերակա ճանաչված մարդկային կապիտալի զարգացման հայեցակարգային դրույթների ամրագրումը: «Այն անդրադառնում է ֆորմալ կրթության բոլոր մակարդակներին, շարունակական կրթությանը, ելնում այն դրույթից, որ Հայաստանի Հանրապետության տնտեսական և հանրային կյանքի առաջանցիկ զարգացումը կարող է ապահովվել մարդկային կապիտալի զարգացման գործում շոշափելի ներդրումներ կատարելու միջոցով: Այս տեսանկյունից կրթությանն ուղղված ֆինանսական միջոցները ոչ թե ծախս են, այլ անհրաժեշտ ներդրում պետության և հասարակության զարգացման համար: Պետք է ասեմ, որ ծրագրի կենտրոնում մարդն է, նրա հնարավորությունների բացահայտումը»,-ասաց Արթուր Մարտիրոսյանը: Ծրագրի վերջնական նպատակը մրցունակ կրթական համակարգ ձևավորելն է: Սահմանվել են ռազմավարական 3 հետևյալ ուղղությունները. համընդհանուր ներառական սովորողակենտրոն կրթական միջավայրի ձևավորումը Հայաստանի ամբողջ տարածքում, կրթության արդյունավետության բարձրացումը և կրթական ծառայությունների միջազգայնացումն ու արտահանումը: «Մի քանի կարևոր դրույթներ առանձնացնեմ. ապահովել ուսումնական հաստատությունների համընդհանուր ծածկույթ, դպրոց ընդունվող երեխաներն առնվազն մեկ տարի ընդգրկված կլինեն նախադպրոցական ծրագրերում, մսուրի ծառայություններ կգործեն բոլոր խոշորացված համայնքներում: Բոլոր ուսումնական հաստատությունները կունենան պատշաճ կահավորմամբ, անհրաժեշտ սարքավորումներում հագեցած շենքեր, լաբորատորիաներ, աշխատանքային տարածքներ: Մանկավարժները կլինեն ատեստավորված: Ոչ մի երեխա  դուրս չի մնա պարտադիր կրթության համակարգից»,-ընդգծեց Արթուր Մարտիրոսյանը: ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը տեղեկացրեց, որ նախագիծը բավական ծավալուն է, այն առաջիկայում ներկայացվելու է Ազգային ժողովին և դեռ հնարավորություններ լինելու են մանրամասն ներկայացնելու: «Մի քանի չափանիշներ ենք սահմանել: Առաջինն այն, որ պետք է իրականացնենք մեր նախընտրական խոստումները՝ 2021-2026 թվականի ծրագիրը: Մեզ համար շատ կարևոր է, որ բարձր առաջադիմություն ցույց տվող որևէ ուսանող ուսման վարձավճարի պատճառով չզրկվի մասնագիտական կրթություն ստանալու հնարավորությունից: Ընդհանրապես, կրթական ծառայությունները պետք է  մատչելի լինեն ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար իր իսկ բնակության վայրում»,-ասաց Համբարձում Մաթևոսյանը: Այս համատեքստում նա հիշեցրեց, որ Կառավարությունն իրականացնում է ծրագիր, որի շրջանակում մի քանի հարյուր դպրոց ու մանկապարտեզ է կառուցվում, հիմնանորոգվում:
12:26 - 28 հուլիսի, 2022
500-ից ավելի զինծառայողի հնարավորություն կտրվի օգտվել բնակարան ձեռք բերելու մատչելի վարկավորման ծրագրից |armenpress.am|

500-ից ավելի զինծառայողի հնարավորություն կտրվի օգտվել բնակարան ձեռք բերելու մատչելի վարկավորման ծրագրից |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարության նիստում հավանության արժանացավ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ներկայացված որոշման նախագիծը, ըստ որի, հնարավորություն է տրվում 500-ից ավելի զինծառայողի օգտվել բնակարան ձեռք բերելու մատչելի վարկավորման ծրագրից: Կառավարության հուլիսի 28-ի նիստում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը նշեց, որ նախագծի հաստատմամբ, ստացվում է, որ բնակարանային այս ծրագրի համար 2022 թվականի բոլոր հաշվառվածներին կհատկացվի վարկավորման համար անհրաժեշտ տեղեկանք: «ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոթեկային վարկավորման ծրագրից օգտվելու հնարավորություն է ընձեռվում 2022 թվականին դիմում ներկայացրած բոլոր զինծառայողներին: Որոշման նախագծի ընդունման դեպքում ևս 526 զինծառայողի կհատկացի վարկավորման համար անհրաժեշտ տեղեկանք: Ծրագրից առաջնահերթ օգտվելու հնարավորություն է տրվում նաև մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը ռազմաուսումնական հաստատություն ընդունված  և հաստատությունն ավարտելուց հետո հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնող սպայական կազմի զինծառայողներին՝ ավարտելուց հետո 5 տարվա ընթացքում դիմելու դեպքում»,-ասաց Արման Սարգսյանը: ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, մանրամասնելով ծրագիրը, նշեց, որ նախատեսվում է պետության կողմից սուբսիդավորում՝ մայր գումարի՝ 10 տոկոսի, և սահմանված տոկոսադրույքի՝ 3 տոկոսի չափով: «2022 թվականին այս ծրագրից օգտվելու դիմումներով հաշվառվել է 1018 զինծառայող: Նրանցից առաջնահերթության կարգով և վիճակահանությամբ վարկավորման տեղեկանք է տրվել 492 զինծառայողի: Այս որոշման նախագծի ընդունման դեպքում մնացած 526 զինծառայողի ևս կհատկացվի վարկավորման համար անհրաժեշտ տեղեկանք: Բոլոր հաշվառված զինծառայողները հնարավորություն կունենան օգտվել այս կարևոր, սոցիալական երաշխիքները բարելավող ծրագրից»,-ասաց Համբարձում Մաթևոսյանը:
12:02 - 28 հուլիսի, 2022
Հայաստանը հավատարիմ է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո. Մաթևոսյանը՝ Աբդուլլա Շահիդին

Հայաստանը հավատարիմ է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո. Մաթևոսյանը՝ Աբդուլլա Շահիդին

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Աբդուլլա Շահիդին և նրա գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ՀՀ փոխվարչապետի գրասենյակից: Հանդիպմանը մասնակցել են նաև արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահյան, այլք։ Փոխվարչապետը ողջունել է Աբդուլլա Շահիդին Հայաստան կատարած առաջին այցի կապակցությամբ և այն խորհրդանշական համարել, քանի որ այս տարի լրանում է ՄԱԿ-ին մեր երկրի անդամակցության 30-ամյակը: Համբարձում Մաթևոսյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի ջանքերը՝ ուղղված համաճարակի բացասական հետևանքների դեմ պայքարին և այդ նպատակով միջազգային հանրության ջանքերը համախմբելուն։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստան-ՄԱԿ գործընկերությանը, ընդգծել 2030 թ. օրակարգի համատեքստում ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը։ Հայաստանի փոխվարչապետն ու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահը կարևորել են տարածաշրջանում խաղաղության, անվտանգության պահպանումը և մարդու իրավունքների գերակայությունը։ Այդ համատեքստում Աբդուլլա Շահիդը ողջունել է Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը՝ տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատման ուղղությամբ։ Հանդիպման ընթացքում փոխվարչապետն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում հումանիտար կարիքների լուծման հարցում ՄԱԿ-ի ներգրավվածության անհրաժեշտությանը, այնուհետև՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, այդ համատեքստում ընդգծելով, որ Հայաստանը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո, որը մնում է միակ միջազգայնորեն լիազորված միջնորդական ձևաչափը։
17:03 - 27 հուլիսի, 2022
Փոխվարչապետ Մաթևոսյանն ընդունել է «Էյ Էմ Դի» ամերիկյան ընկերության կորպորատիվ հարցերով փոխնախագահներին

Փոխվարչապետ Մաթևոսյանն ընդունել է «Էյ Էմ Դի» ամերիկյան ընկերության կորպորատիվ հարցերով փոխնախագահներին

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հուլիսի 27-ին ընդունել է «Էյ Էմ Դի» (AMD) ամերիկյան ընկերության կորպորատիվ հարցերով փոխնախագահներ Ամիթ Գուպտային և Ջեյշռի Ռանգառաժանին։ Այս մասին տեղեկացնում են փոխվարչապետի գրասենյակից։ Հանդիպմանը մասնակցել են նաև «Ներդումների աջակցման կենտրոն» հիմնադրամի («Էնթերփրայզ Արմենիա») տնօրեն Լևոն Օհաննեսյանը, Ընկերության հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Արա Մարկոսյանը, այլք։ Նշենք, որ ամերիկյան «Զայլինքս» (Xilinx) ընկերությունը, որի հայաստանյան մասնաճյուղը հիմնադրվել էր 2019 թվականին, 2022 թվականի փետրվարին միավորվել է միկրոսխեմաներ և պրոցեսորներ արտադրող «Էյ Էմ Դի» ամերիկյան ընկերությանը։ Վերջինս մասնագիտացած է տեխնոլոգիաների, թվային հեռուստատեսության, արդյունաբերության և այլ ոլորտների համար նորարարական և ինժեներական լուծումների մշակման աշխատանքներում։  Փոխվարչապետ Մաթևոսյանը, կարևորելով «Էյ Էմ Դի» համաշխարհային տեխնոլոգիական ընկերության` Հայաստանում ներկայացված լինելը, հույս է հայտնել, որ, տեղական ներուժն օգտագործելով, հայաստանյան գրասենյակը կդառնա Ընկերության կարևոր բաղկացուցիչ մասը` նպաստելով համաշխարհային խնդիրներին տեխնոլոգիական լուծումներ առաջարկելու առաքելությանը: Անդրադառնալով Հայաստանի կառավարության որդեգրած քաղաքականությանն ու իրականացրած ծրագրերին՝ Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ դրանց նպատակն է ինչպես խրախուսել Հայաստանում StartUp-ների հիմնադրումն ու գործունեությունը, այնպես էլ ներգրավել առաջատար տեխնոլոգիական ընկերություններ, որոնք նոր որակ կհաղորդեն հայաստանյան ՏՏ էկոհամակարգին: Այս համատեքստում փոխվարչապետը Կառավարության պատրաստակամությունն է հայտնել՝ քննարկելու Ընկերության զարգացման տեսլականը և անդրադառնալու այն քայլերին, որոնք անհրաժեշտ են ընկերության գործունեությունը Հայաստանում ընդլայնելու համար: Ընկերության փոխնախագահները ներկայացրել են Ընկերության կողմից առ այսօր կատարված աշխատանքները, դրա զարգացման հեռանկարները և ծրագրերը, ինչպես նաև ոլորտում առկա խնդիրները։ Փոխնախագահներն ընդգծել են, որ իրենց Ընկերության համար անհրաժեշտ տաղանդավոր երիտասարդներ Հայաստանում շատ կան, ու կանեն առավելագույնը նրանց բացահայտելու, հավելյալ կրթելու և Ընկերության կազմում ներգրավելու ուղղությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պետական հատվածի թվային օրակարգի շրջանակում հնարավոր համագործակցության և համատեղ միջոցառումների իրականացման հնարավորությունները և, հաշվի առնելով, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2020 թվականից որակյալ մասնագետների պատրաստման նպատակով իրականացնում է մի շարք ծրագրեր, անդրադարձ է կատարվել նաև անհրաժեշտ որակավորում ունեցող մասնագետների պատրաստման համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությանը։ 
13:03 - 27 հուլիսի, 2022
Հայաստանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի ճանապարհային անվտանգության բարելավման ուղղությամբ․ փոխվարչապետ Մաթևոսյան

Հայաստանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի ճանապարհային անվտանգության բարելավման ուղղությամբ․ փոխվարչապետ Մաթևոսյան

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ճանապարհային անվտանգության մակարդակի բարելավման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը։ Նիստին մասնակցել են նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, մարզպետները, «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ Եգոր Կարապետյանը, շահագրգիռ պետական և հասարակական այլ կառույցների ներկայացուցիչները։ Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու նպատակը շահագրգիռ պետական գերատեսչությունների և կազմակերպությունների ուշադրությունը ճանապարհային անվտանգության ոլորտում Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին և բացերին հրավիրելն է՝ ստեղծելով ճանապարհային անվտանգության հարցերի վերաբերյալ համագործակցության, տեղեկատվության փոխանակման և հաշվետվողականության հարթակ: Փոխվարչապետ Մաթևոսյանը ողջունել է նիստի մասնակիցներին և նշել, որ Հայաստանի տրանսպորտային համակարգի կարևոր խնդիրներից են երկրի ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքների գործունեության արդյունավետության բարձրացումն ու արդյունավետ տրանսպորտային ծառայությունների ապահովումը։ «Ամբողջ աշխարհում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահանում են միլիոնավոր մարդիկ: Վիճակագրությունն այս առումով մտահոգիչ է նաև Հայաստանում, քանի որ մեզ մոտ ՃՏՊ-ներից տարեկան 300-ից ավելի մարդ է մահանում։ Հայաստանը պետք է անհրաժեշտ բոլոր քայլերը ձեռնարկի ճանապարհային անվտանգության բարելավման ուղղությամբ, որը ենթադրում է միջոցառումների իրականացում ուղղված և՛ ճանապարհային անվտանգության օրենսդրության վերանայմանը, և՛ ճանապարհային ենթակառուցվածքների բարելավմանը, և՛ տրանսպորտային միջոցների անվտանգությանը, ինչպես նաև կրթական ծրագրերի ու հանրային իրազեկման արշավների իրականացման անհրաժեշտությանը»,- ընդգծել է Համբարձում Մաթևոսյանը և անցել օրակարգային հարցերի քննարկմանը։ Դրանք վերաբերել են Հայաստանի ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարության նախագծին և  ճանապարհային երթևեկության անվտանգության ընթացիկ վիճակին և առկա խնդիրներին։
17:54 - 26 հուլիսի, 2022
Տավուշի մարզում Համբարձում Մաթևոսյանը հետևել է համայնքներում սուբվենցիոն ծրագրերի ընթացքին

Տավուշի մարզում Համբարձում Մաթևոսյանը հետևել է համայնքներում սուբվենցիոն ծրագրերի ընթացքին

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հուլիսի 15-ին մարզային հերթական այցով Տավուշում էր։ Այցի նպատակը մի շարք համայնքներում սուբվենցիայի ծրագրերով, պետական բյուջեի միջոցներով ու միջազգային գործընկերների աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքին հետևելն էր։ Փոխվարչապետին ուղեկցել են Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը, համայնքապետներ, այլք: Դիլիջան համայնքում Համբարձում Մաթևոսյանի առաջին կանգառը եղել է ոլորանների ճանապարհահատվածում, որտեղ մեկնարկել են բարեկարգման աշխատանքները: Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ հուլիսի 14-ին, Կառավարության նիստում որոշվեց պահուստային ֆոնդից գումար հատկացնել Մ4 միջպետական նշանակության ճանապարհի 5կմ հատվածը՝ Դիլիջանի ոլորանները, հիմնանորոգելու համար: Աշխատանքների ընթացքին հետևելուց և մի շարք ուղղություններով հանձնարարական տալուց հետո փոխվարչապետը Դիլիջանում ծանոթացել է նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ իրականացվող 11 բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետ վերանորոգման և արդիականացման՝ տանիքների բարեկարգման, շքամուտքերի վերանորոգման և շենքերի բոլոր արտաքին մակերևույթների ջերմամեկուսացման աշխատանքներին: Այս աշխատանքները կավարտվեն 2022 թ. հոկտեմբերին: Այնուհետև Համբարձում Մաթևոսյանը եղել է Մյասնիկյան փողոցի 37/2 հասցեից մինչև Մյասնիկյան 117/4 ընկած ճանապարհահատվածում, որտեղ պետական բյուջեի և համայնքային բյուջեի միջոցներով մեկնարկելու են 2,2 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Դիլիջանում փոխվարչապետ Մաթևոսյանն այցելել է նաև Խոշորացված համայնքներում համավարակի բացասական ազդեցության մեղմմանն ուղղված դրամաշնորհային հիմնադրամի, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության համաֆինանսավորմամբ գյուղատնտեսական ապրանքների վաճառքի համար կառուցվող տաղավարների շինհրապարակ, ծանոթացել այս տարի մեկնարկած աշխատանքների ընթացքին։ Այցի ընթացքում փոխվարչապետն ու մարզպետն այցելել են նաև Իջևանում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամաս, հարգանքի տուրք մատուցել և ծաղիկներ են խոնարհել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշապատի մոտ: Մարզային այցի հաջորդ կանգառը Բերդ համայնքում էր, որտեղ սուբվենցիոն ծրագրի շրջանակում Ադամյան և Նժդեհի փողոցներում ճանապարհների հիմնանորոգման և սալիկապատման աշխատանքներ էին իրականացվում։ Մասնավորապես, կառուցվելու է 275 խմ հենապատ, Նժդեհի փողոցում իրականացվելու են 1400 մ ճանապարհի սալիկապատման աշխատանքներ՝ տուֆով և գրանիտե սալիկներով, իսկ Ադամյան փողոցում՝ 340 մ ճանապարհի սալիկապատում՝ գրանիտե սալիկներով: Ընդհանուր կատարվելու են 8000 քմ սալիկապատման աշխատանքներ տուֆով և 2450 քմ՝ գրանիտե սալիկներով: Բերդ համայնքում փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ մասնակցել է միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի բացմանը, որն իրականություն է դարձել Կառավարություն-Համաշխարհային բանկ փոխգործակցության արդյունքում։ Նշենք, որ Բերդի միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը՝ որպես ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի մաս կազմող տարածքային կառույց, սոցիալական ծառայություններ է տրամադրելու Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի 17 բնակավայրերի շուրջ 32 հազար բնակիչների:   Շրջայցի ընթացքում փոխվարչապետին ներկայացվել են կենտրոնում ներառված սոցիալական 4 ծառայությունները (սոցիալական ապահովության տարածքային բաժինը, զբաղվածության տարածքային կենտրոնը, բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովը, սոցիալական աջակցության տարածքային գործակալությունը) և միասնական ընդունարանը: Հավելենք, որ ներկայում հանրապետությունում գործում է միասնական սոցիալական ծառայությունների տարածքային 33 կենտրոն, 12-ի շինվերանորգման աշխատանքներն ընթացքում են, իսկ 4-ի նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթները կազմման փուլում են: Բացման միջոցառումից հետո փոխվարչապետ Մաթևոսյանն այցելել է նաև Իջևան համայնքի Գանձաքար բնակավայր, որտեղ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակում, ՀՀ պետական բյուջեի միջոցներով և Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ, 2021 թվականին մեկնարկել են դպրոցի կառուցման աշխատանքները։ Նախատեսվում է, որ երկու-երեքհարկանի 5 մասնաշենքեր ունեցող դպրոցը շահագործման կհանձնվի 2023 թ. հուլիսին։ Մարզային այցի վերջին կանգառը Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի շինհրապարակում էր, որտեղ ներկայում իրականացվում են հողային աշխատանքներ։ 3,5 մլրդ դրամ արժողությամբ 36,5 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն 2023 թ. հունիսին:
12:24 - 16 հուլիսի, 2022
Փոխվարչապետ Մաթևոսյանն ԱԶԲ hայաստանյան գրասենյակի տնօրենի հետ քննարկել է համագործակցության նոր հեռանկարները

Փոխվարչապետ Մաթևոսյանն ԱԶԲ hայաստանյան գրասենյակի տնօրենի հետ քննարկել է համագործակցության նոր հեռանկարները

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հուլիսի 13-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի hայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիին։ Հանդիպմանը, ի թիվս այլոց, մասնակցել է նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը։ Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է Ասիական զարգացման բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը, հատկապես՝ ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգի համատեքստում։ Այդ համագործակցության շրջանակում հատկանշական է համարվել ԱԶԲ-ի աջակցությամբ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Դպրոցների շենքերի սեյսմակայունության բարձրացում» ծրագիրը, որի շրջանակում 46 դպրոցների շենքերի ամրացման և հիմնական նորոգման աշխատանքներ են իրականացվում։ Փոխվարչապետն այն որակել է օգնող բաղադրիչ՝ Կառավարության ծրագրով մեկնարկած «300 դպրոց-500 մանկապարտեզ» կապիտալ բնույթի մեծածավալ նախաձեռնությանը։ Համբարձում Մաթևոսյանը բարձր է գնահատել նաև ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանում ենթակառուցվածքային ծրագրերի ֆինանսավորման հարցում, մասնավորապես, այնպիսի առանցքային ճանապարհաշինական ծրագրերի իրականացմանը, ինչպիսիք են՝ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» և «Քաղաքային կայուն զարգացման» ներդրումային ծրագրերը։ Ասիական զարգացման բանկի hայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին հանդիպման համար և արդյունավետ գնահատել Հայաստանի կառավարության հետ համագործակցությունը։ Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի և քննարկել համագործակցության նոր հեռանկարները։
09:23 - 14 հուլիսի, 2022