ՀՀ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կատարողական վարույթները կիրականացվեն առավել արդյունավետ եղանակով․ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կատարողական վարույթները կիրականացվեն առավել արդյունավետ եղանակով․ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է  «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական ակտերի 2 նախագծեր՝ միտված հարկադիր կատարման ոլորտում բարեփոխումների շարունակական իրականացմանը, հայտնում են Արդարադատության նախարարությունից։  Նախագծերով ամրագրվել են կատարողական վարույթի շրջանակում որոշակի գործողություններ միևնույն կամ այլ ստորաբաժանումների հարկադիր կատարողների կողմից իրականացնելու, ինչպես նաև կատարողական վարույթները մեկ վարույթում միավորելու և առանձնացնելու կառուցակարգերը: Այս կարգավորումները կնպաստեն կատարողական գործողությունների իրականացման օպերատիվության և արդյունավետության բարձրացմանը, կստեղծեն հնարավորություն լրացուցիչ մարդկային ռեսուրսներ ներգրավելու, կնվազեցնեն հարկադիր կատարողների ծանրաբեռնվածության մակարդակը և դրական ազդեցություն կունենան ֆինանսական ռեսուրսների խնայողության տեսանկյունից: Միաժամանակ, նախագծերով կարգավորվել և հստակեցվել են կատարողական գործողություններ իրականացնելիս գույքի պահատվության անհրաժեշտության դեպքում ծագող հարաբերությունները, գույքը Հարկադիր կատարման ծառայության միջոցներով պահպանելու դեպքերը, ինչպես նաև նախատեսվել է պահատվության հանձնված գույքը հետ չպահանջվելու դեպքում այն «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքով սահմանված կարգով կամ ուղղակի վաճառքի միջոցով իրացնելու և ստացված գումարը պարտապանին (գույքի սեփականատիրոջը) վերադարձնելու հնարավորություն: Նշված կարգավորումները նպատակ են հետապնդում սահմանել պարտապանի (գույքի սեփականատիրոջ) գույքի պատշաճ պահպանության երաշխիքներ, ինչպես նաև հստակեցնել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության լիազորությունները գույքի պահպանություն կազմակերպման հետ կապված՝ նվազեցնելով պետական բյուջեի միջոցների հաշվին լրացուցիչ ծախսեր իրականացնելու և միջոցներ վատնելու ռիսկերը։
13:00 - 05 հոկտեմբերի, 2022
Գրիգոր Մինասյանը ՀԿԱԾ աշխատակիցներին է ներկայացրել ծառայության նոր մոդելը

Գրիգոր Մինասյանը ՀԿԱԾ աշխատակիցներին է ներկայացրել ծառայության նոր մոդելը

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանն այցելել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ աշխատակիցներին ներկայացնելու ծառայության նոր մոդելը, որը միտված է բարձրացնել աշխատակիցների աշխատանքի արդյունավետությունը: Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից: Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ նոր համակարգի կիրառումը դեռևս կրում է փորձնական բնույթ և ենթակա է հետագա բարելավումների ու շտկումների, որոնք պետք է կատարվեն հատկապես աշխատակիցների ակտիվ մասնակցությամբ՝ վերջիններիս ներկայացրած առաջարկների հիման վրա:   Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար Սերգեյ Մեղրյանը բարձր է գնահատել նման հանդիպումն ու նշել, որ ծառայությունում առկա խնդիրները հնարավոր է լուծել միայն միասնական աշխատանքի արդյունքում:  Նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը հավելել է, որ վերջին  ամիսների ընթացքում ծառայության բարեփոխման ուղղությամբ կատարվում են  ակտիվ աշխատանքներ ՝ օրենսդրական փոփոխություններ, որոնք միտված են բարձրացնել ոչ միայն հարկադիր կատարողների աշխատանքի արդյունավետությունը, այլև՝  նպաստել՝ հարկադիր կատարող-քաղաքացի անմիջական շփումների հաստատմանն ու ծառայությունների որակի բարձրացմանը:  Միջազգային գործընկերների աջակցությամբ ներկայումս իրականացվում է և մինչ տարվա վերջ ավարտին կհասցվի ՀԿԱԾ համակարգի ամբողջական թվայնացումը, ծրագրվում է բարելավել ծառայության գույքային դրությունը, բացի այդ նախատեսվում է պարեկային ծառայության մոդելի հիման վրա ՀԿԱԾ հատուկ ծառայության մոդելի ստեղծում: Մինասյանը ընդգծել է, որ այսօրինակ բարեփոխումները  նպատակ են հետապնդում արմատապես փոխելու հասարակության ընկալումը հարկադիր կատարողների վերաբերյալ՝ նրանց դիտելով ոչ թե որպես պարզապես բռնագանձող սուբյեկտների, այլ մարդկանց խախտված իրավունքները փաստացի վերականգնող պաշտոնատար անձանց:
12:23 - 05 հոկտեմբերի, 2022
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության արգելանքը 7 օրվա փոխարեն կհանվի 1 օրում

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության արգելանքը 7 օրվա փոխարեն կհանվի 1 օրում

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և «Կոնվերս Բանկ»-ի պիլոտային ծրագրի շրջանակներում գործարկվել է ավտոմատացված համակարգ, որի շնորհիվ արգելադրված բանկային հաշվին բռնագանձման ենթակա ամբողջ գումարի առկայության դեպքում գումարի բռնագանձումը և բանկային հաշվի ապաարգելադրումը տեղի են ունենալու մինչև 1 աշխատանքային օրվա ընթացքում՝ նախկին 1 շաբաթվա փոխարեն: Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից՝ հավելելով. «Տարիներ շարունակ քաղաքացիների կողմից առկա է եղել արդարացի բողոք, որ անգամ վճարումը կատարելուց հետո ստիպված են եղել դիմել տարբեր օղակների, սպասել օրերով` մինչև Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից իրենց գույքի և ֆինանսական միջոցների նկատմամբ սահմանված արգելանքը կհանվի»: Ըստ աղբյուրի՝ թվային լուծումների շնորհիվ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից բանկին բռնագանձման հաղորդագրություն ուղարկելիս՝ վերջինիս պատասխաններն այսուհետ տրվելու են ավտոմատ եղանակով՝ առանց մարդկային միջամտության, ինչը հնարավոր սխալներից խուսափելու և ժամանակ խնայելու հնարավորություն կտա: Նշվում է, որ ավտոմատացման նոր ներդրվող համակարգն ունի մի շարք առավելություններ, որոնք են՝ կատարողական վարույթի շրջանակում ՀԿԱԾ և բանկ հարաբերությունների արագ և արդյունավետ կարգավորումը, առավել պարզեցված վարչարարությունը, քաղաքացիների հաշիվների առավելագույն սեղմ ժամկետում ապաարգելադրումը, ապաարգելադրման գործընթացում մարդկային գործոնով պայմանավորված սխալվելու հավանականության բացառումը։ Գործընթացը լինելու է շարունակական՝ մինչև այն ընդգրկի Հայաստանի բոլոր բանկերը»,- հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
19:58 - 01 սեպտեմբերի, 2022
2 մլն դոլարանոց գույքը ԴԱՀԿ-ի աճուրդում գնել են 10 հազար դոլարով․ գնորդը փոխկապակցված է Միհրան Պողոսյանի հետ
 |hetq.am|

2 մլն դոլարանոց գույքը ԴԱՀԿ-ի աճուրդում գնել են 10 հազար դոլարով․ գնորդը փոխկապակցված է Միհրան Պողոսյանի հետ |hetq.am|

hetq.am: Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի հետ փոխկապակցված Արա Հակոբյանը ԴԱՀԿ ծառայության աճուրդից ընդամենը 5 միլիոն դրամով ձեռք է բերել 1 միլիարդ դրամ արժողությամբ արտադրամաս։ Գործարքն իրականացվել է Միհրան Պողոսյանի պաշտոնավարման ժամանակ։ ԴԱՀԿԾ-ի կողմից կազմակերպված էլեկտրոնային 70 կրկնաճուրդ է կայացել, որի մասնակիցներից 2-ը Միհրան Պողոսյանի հետ ակնհայտ փոխկապակցված անձինք են եղել։ «Հետք»-ը պարզել է գույքի օտարման ամբողջ շղթան, դերակատարներին, գույքը փաստացի ձեռք բերողին, հարկադիր աճուրդի ժամանակ իրականացված կասկածելի գործարքները։ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի պաշտոնավարման ժամանակ Երևանում գտնվող 1 միլիարդ դրամ արժողությամբ գույքը վաճառվել է ընդամենը 5 միլիոն դրամով։ Էրեբունի վարչական շրջանում գտնվող 4.5 հեկտար մակերեսով հողի վրա կառուցված ձավարեղենի արտադրամասի գնորդը Միհրան Պողոսյանի հետ փոխկապակցված անձն է՝ Արա Հակոբյանը։ ԴԱՀԿԾ-ի՝ 70 անգամ կազմակերպված աճուրդում թանկարժեք գույքի գինը 200 անգամ նվազեցվել է և վաճառվել բազմաթիվ կասկածելի գործարքներով։ Գույքի օտարմանը զուգահեռ մի շարք պատմություններ են տեղի ունեցել, որոնք վկայում են, որ նախապես ծրագրված սխեմա է գործել։ Դրան մասնակցել են Պողոսյանի հետ կապ ունեցող տարբեր անձինք և ընկերություններ։ Վերջնարդյունքում Միհրան Պողոսյանի ազգականի անունով գրանցված «Կեչառիս հոթել» ՍՊ ընկերության տնօրենն այսօր փորձում է սեփականաշնորհել իր, այսպես ասած, ձեռքբերումը։ Թե ինչ մեխանիզմներով է նախկին պաշտոնյան կարողացել անխոչընդոտ տիրանալ թանկարժեք գույքին,  կիմանաք «Հետք»-ի նոր հետաքննությունից։ Երևան քաղաքի Այվազովսկու 14 հասցեում գտնվող ձավարեղենի արտադրամասն ու հարակից շինությունները 1999 թ-ին հարկադիր աճուրդով գնել, ապա տարածքում բիզնես գործունեություն է ծավալել քաղաքացի Արմեն Ստամբոլցյանը։ Նրա բիզնես գործունեությանն աջակցել էընտանիքի բարեկամ, ՌԴ-ում գործարարությամբ զբաղված Ստեփան Ասոյանը։ Մինչև 2006 թ.-ը գործարանում ալյուր է արտադրվել, տարածքի որոշ մասն էլ վարձակալությամբ է տրվել։ Արմեն Ստամբոլցյանի խոսքով, երբ 2003 թ.-ին 3000 տոնա ցորեն ձեռք բերեցին (մոտ 900 հազար դոլար արժեքով)ալյուր ստանալու համար, իրավապահները սկսում են ստուգումներ իրականացնել գործարանում։ Առգրավում են փաստաթղթեր, որով խոչընդոտվում է նրանց գործունեությունը։ Ստամբոլցյանը հասկանում է, որ բիզնեսը վտանգի տակ է։ Այդ ժամանակ հայտնվում է «Ջոս» ռեստորանի նախկին սեփականատեր Մհեր Ավետիսյանը և առաջարկում գնել գործարանը։ Կանխավճար է տալիս՝ մեքենա և ցորեն, ապա առաջարկում գույքը գրավադնել բանկում, վարկ վերցնել, շրջանառել բիզնեսում, ապա նոր՝ գույքի առքուվաճառք իրականացնել 200 հազար դոլարով։ Արմեն Ստամբոլցյանին սեփականության իրավունքով պատկանող գույքը Մհեր Ավետիսյանի գույքերի հետ միասին Ավետիսյանի հորը պատկանող «Նոր տուն» ՍՊԸ-ի վարկի համար գրավ են դնում ղազախական կապիտալով Հայաստանում գործող «ԲՏԱ Բանկ»-ում (այժմ չի գործում, իրավահաջորդը «Հայէկոնոմբանկն» է)։ Բանկը գույքերի գրավով ՍՊԸ-ին ընդհանուր 3 միլիոն դոլար վարկ է տրամադրում։ Ընկերությունը, սակայն, չի կատարում վարկային պարտավորությունները։ Այդ ժամանակլ՝ 2008 թ.-ին, Պետեկամուտների կոմիտեն է դատարան դիմում՝ «Նոր տուն» ՍՊԸ-ից 26 միլիոն դրամ չվճարած ԱԱՀ-ն և դրա նկատմամբ հաշվարկված 55 միլիոն դրամ տույժը պետբյուջե բռնագանձելու պահանջով։ Նույն տարում ՊԵԿ-ի հայցը բավարարվում է։ Բռնագանձում կատարելու համար գործն ուղարկվում է ԴԱՀԿ ծառայություն։ Բացի դրանից, 2010 թ.-ին «ԲՏԱ Բանկ»-ն է դիմում դատարան և պահանջում «Նոր Տուն» ՍՊԸ-ից բռնագանձել 4.7 միլիոն դոլար գումար, որից 3 միլիոն դոլարը վարկի մայր գումարն էր։ 2011 թ.-ին դատարանը բանկի հայցը բավարարել է։ 2008-2016 թթ․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի պաշտոնավարման ժամանակ Այվազովսկու 14 հասցեի ձավարեղենի արտադրամասը կասկածելի հանգամանքներում օտարվում է Պողոսյանի հետ փոխկապակցված անձին՝ Արա Հակոբյանին։ Այսպես, ՊԵԿ-ի օգտին կայացված վճռով 2008 թ.-ի նոյեմբերին ԴԱՀԿԾ-ում սկսվում է կատարողական վարույթ` «Նոր տուն» ՍՊԸ-ից 82 միլիոն 839 հազար 211 դրամ չվճարված հարկերն ու տույժերը պետբյուջե բռնագանձելու համար։ Հետագայում որևէ տեղ չի հիշատակվում, թե ինչ ճակատագիր է ունենում ՊԵԿ-ի գործով կատարողական վարույթը։ Արդեն 2011 թ.-ին «ԲՏԱ Բանկ»-ի օգտին կայացված վճռով տրված կատարողական թերթի հիման վրա ԴԱՀԿԾ-ն սկսում է «Նոր տուն» ՍՊԸ-ի վարկի համար գրավադրված գույքերի բռնագանձումը։ Ընդհանուր առմամբ, «ԲՏԱ Բանկ»-ում գրավադրված է եղել Երևանում գտնվող 4 գույք՝ Այվազովսկու 14 հասցեի ձավարեղենի արտադրամասը, Այգեձոր փողոցում գտնվող առանձնատունը, Չեխովի փողոցում գտնվող հասարակական շինությունը, Ծերեթելի փողոցի շենքերից մեկի բնակարանը։ Թվարկված անշարժ գույքերից ձավարեղենի արտադրամասը Արմեն Ստամբոլցյանին է պատկանել, մյուս երեքը՝ Մհեր Ավետիսյանին։  Գրավադրված գույքը գնահատելու համար 2011 թ.-ին ԴԱՀԿԾ-ն պայմանագիր է կնքում «ԱԼՏԱ վիպ» ՍՊ ընկերության հետ ։ Այվազովսկու 14 հասցեի ձավարեղենի արտադրամասը գնահատվել է 1 միլիարդ 43 միլիոն 450 հազար դրամ։ Իսկ աճուրդի դնելիս մեկնարկային գինը սահմանվել է գույքի արժեքի 75%-ի չափով՝ 782 միլիոն 587 հազար 500 դրամ։ Ձավարեղենի արտադրամասի նկարագրում նշվել է․ «Երևան, Էրեբունի համայնքի, Այվազովսկու 14 հասցեում գտնվող տարածք իր օժանադակ շինություններով (ընդհանուր մակերեսը՝ 9220 քմ), հողի նպատակային նշանակությունը բնակավայր (ընդհանուր մակերեսը՝ 4.5 հա)»։ Գույքի նկարագրում նշված է եղել նաև, որ ըստ սեփականության իրավունքի վկայագրի՝ սեփականության իրավունքը փոխանցվելու է 04.10.2005 թ.-ի 199-Ն օրենքի 23 հոդվածի պահանջների համաձայն։ Այն է՝ սեփականության իրավունքը կարող է փոխանցվել հողամասի կադաստրային արժեքը պետությանը վճարելու դեպքում։ Կադաստրի կոմիտեն այդ ժամանակ ԴԱՀԿԾ-ին հայտնել է, որ Այվազովսկու 14 հասցեի գույքի հողամասի կադաստրային արժեքը կազմում է 105 միլիոն 236 հազար 800 դրամ։ Այսինքն, աճուրդում գույքը ձեռք բերողը պարտավոր էր, բացի գույքի գնից, վճարել նաև հողամասի կադաստրային արժեքը՝ 105 մլն դրամը (արժեքը հետագայում փոփոխվում է)։ 2011 թ.-ի սեպտեմբերի 13-ին ԴԱՀԿԾ-ն գրավադրված գույքերն, այդ թվում՝ ձավարեղենի արտադրամասը, որոշում է դնել հարկադիր էլեկտրոնային աճուրդի։ ԴԱՀԿԾ-ի կատարողական վարույթի գործընթացին զուգահեռ 2011 թ.-ի մայիս ամսին Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վարույթ է ընդունվում Էրեբունու թաղապետարանի հայցը, որով թաղապետարանը պահանջում է Արմեն Ստամբոլցյանից բռնագանձել Այվազովսկու 14 հասցեի գույքահարկի պարտքը՝ 5 միլիոն 426 հազար դրամ (մի մասը տույժերն են)։  Թաղապետարանի հայցի մասին տեղեկացված լինելով՝ ԴԱՀԿԾ-ն դիմում է Էրեբունու դատարան՝ հայտնելով, որ Այվազովսկու 14 հասցեի գույքի վրա արգելանք է դրված «ԲՏԱ Բանկի» օգտին կայացված դատական վճռի հիմքով։ Միևնույն ժամանակ, ԴԱՀԿԾ-ն դատարանին խնդրել է հայտնել, թե որքան է Արմեն Ստամբոլցյանի հողի և գույքի հարկի գծով պարտքը, որպեսզի այն փոխանցվի իրավահաջորդությամբ։ Այսինքն՝ աճուրդում ով գնի գույքը, նա նաև պարտավոր լինի Արմեն Ստամբոլցյանի փոխարեն վճարել գույքահարկի և հողի հարկի պարտքը։ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից (ԴԱՀԿԾ-ն անվանափոխվել է ՀԿԱԾ-ի) մեզ գրավոր հայտնել են, որ Այվազովսկու 14 հասցեի գույքը 2011թ.-ի էլեկտրոնային աճուրդով փորձել են վաճառել, սակայն միայն 18-րդ աճուրդում է մասնակից եղել եւ հաղթել։ Հետագայում ընդհանուր 70 աճուրդ է անցկացվել։ 22.04.2014 թ։-ին լոտն աճուրդով իրացվել է 199 միլիոն դրամ արժեքով։ Ըստ ՀԿԱԾ-ի՝ աճուրդի հաղթողը վճարել է ամբողջ գումարը, սակայն առքուվաճառքի պայմանագիր չի կնքել։ «Հետք»-ը պարզել է, որ աճուրդի հաղթող է ճանաչվել «Մելատրոպիկ» ՍՊԸ-ն, որի 100% բաժնեմասն այդ ժամանակ պատկանել է Մելիտա Ղազարյանին։ Ըստ ՊԵԿ-ի 2018 թ․-ի հայտարարության, «Մելատրոպիկ» ՍՊԸ-ն փոխկապակցված է «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ի հետ, իսկ տարիներ առաջ ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը նաև դրա փայատերն է եղել։ Մելիտա Ղազարյանը, համաձայն linkedin.com-ի իր էջի, մինչ օրս էլ աշխատում է «Քեթրին գրուպ» ՍՊԸ-ում։ «Քեթրին գրուպը»-ը 2006 թ.-ին հիմնադրել է ԴԱՀԿԾ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը, իսկ 2008 թ.-ին դուրս է եկել սեփականատերերի ցանկից։ Այս ընկերությունը հանրությանն առավել հայտնի էր բանանի ներմուծման մենաշնորհով։  «Մելատրոպիկ» ՍՊԸ-ն 18-րդ կրկնաճուրդի միակ մասնակիցն է եղել։ Հաղթող ճանաչվելուց հետո ՍՊԸ-ն վճարել է 199 միլիոն դրամը, սակայն 8 օր անց՝ 2014 թ.-ի ապրիլի 30-ին գրավոր դիմել է ԴԱՀԿ ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանին՝ խնդրելով իր վճարած գումարը վերադարձնել, քանի որ աճուրդի դրված գույքի նկարագրում առկա տվյալներն իրականությանը չեն համապատասխանել։ «Մելատրոպիկ» ընկերության՝ գույքի գնումից հրաժարվելուց հետո ԴԱՀԿԾ-ն, առանց աճուրդի դրված գույքի տվյալների ճշգրտում, չափագրում և գնահատում իրականացնելու, նորից կրկնաճուրդ է սկսում։  Այվազովսկու 14 հասցեի գույքի կադաստրային տվյալները ստուգելով՝ «Հետքը» պարզել է, որ գույքի հողատարածքի մակերեսը ոչ թե 4.5 հա է, այլ` 3.5 հա։ Աճուրդներին զուգահեռ, 2014 թ.-ի սեպտեմբերի 2-ին Էրեբունու թաղապետարանը դիմում է դատարան` Այվազովսկու 14 հասցեի գույքի սեփականատեր Արմեն Ստամբոլցյանin սնանկ ճանաչելու հայցով։ Արմեն Ստամբոլցյանի սննակության գործով ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Հովհաննես Սողոմոնյանը։ Ուշագրավ է, որ դատարանի կողմից Արմեն Ստամբոլցյանի գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշման նախորդ օրը՝ 16.09.2014 թ.-ին, ԴԱՀԿԾ-ի իրականացրած հերթական կրկնաճուրդում Այվազովսկու 14 հասցեի գույքն իրացվում է։ 27-րդ կրկնաճուրդում լոտի հաղթող է ճանաչվում «Էդշին» ՍՊԸ-ն։ Գույքն իրացվում է 85 միլիոն 729 հազար դրամ արժեքով։ «Էդշին» ՍՊԸ-ն վճարում է 85 միլիոն դրամը, սակայն Կադաստրում սեփականատիրոջ փոփոխություն տեղի չի ունենում։ Այդ ժամանակ գույքի սեփականատեր շարունակում է մնալ Արմեն Ստամբոլցյանը, սակայն ԴԱՀԿԾ-ն դատարանին, որը քննում է գույքի սեփականատիրոջ սնանկության հարցը, չի հայտնում, որ Արմեն Ստամբոլցյանի անունով այդպիսի գույք կա, որ վրան արգելանք դնի։ Փոխարենը ԴԱՀԿԾ-ն արգելանք է դնում Ստամբոլցյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող Արարատի մարզի Վեդի քաղաքում գտնվող տան վրա։  Բանն այն է, որ Արմեն Ստամբոլցյանի սնանկության գործի շրջանակներում «ԲՏԱ Բանկ»-ը մորատորիում (պարտատիրոջ պահանջի բավարարման սառեցում) չտարածելու մասին դիմում չի ներկայացրել դատարան, որի պայմաններում ԴԱՀԿԾ-ն կկարողանար շարունակել Այվազովսկու 14 հասցեի գույքի հարկադիր աճուրդը։ Մորատորիում չտարածելու դիմում կարող էր ներկայացնել նաև «ԲՏԱ Բանկ»-ի իրավահաջորդ «Հայէկոնոմբանկը» (իրավահաջորդ է դարձել 2016-ին), եթե գրավի իրավունքը փոխանցված լիներ վերջինիս։ Մինչդեռ «ԲՏԱ Բանկ»-ը կոնկրետ Այվազովսկու 14 հասցեի գույքի գրավի իրավունքը չի փոխանցել «Հայէկոնոմբանկին»։ Այդպիսով, ԴԱՀԿԾ-ն դատարանից թաքցրել է այն տեղեկությունը, որ Արմեն Ստամբոլցյանին սեփականության իրավունքով պատկանում է Այվազովսկու 14 հասցեի գույքը, և միայն Վեդի քաղաքի գույքի վրա է արգելանք դրվում։  Շարունակությունը՝ hetq.am-ում
12:47 - 21 հունիսի, 2022
Վարչապետը համոզմունք է հայտնել, որ իրականացվող աշխատանքի արդյունքում ԴԱՀԿ ծառայության հեղինակությունը շարունակաբար կբարձրանա

Վարչապետը համոզմունք է հայտնել, որ իրականացվող աշխատանքի արդյունքում ԴԱՀԿ ծառայության հեղինակությունը շարունակաբար կբարձրանա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր այցելել է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն, ներկա եղել Հարկադիր կատարողի օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։  Հանդիսությանը ներկա են եղել նաև արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը և պաշտոնատար այլ անձինք: Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին Հարկադիր կատարողի օրվա առիթով և ընդգծել, որ ծառայությունը մեր իրականության մեջ նախկինում կա՛մ չի եղել, կա՛մ շատ թույլ է գոյություն ունեցել:  «Այստեղ շատ կարևոր քաղաքակրթական նրբություններ կան: Այս հանգամանքի բերումով, ի սկզբանե, եթե հիշում եք, ԴԱՀԿ ծառայության շուրջ նաև այդ պատճառով շատ մեծ նեգատիվ կար, որովհետև ի սկզբանե ընկալում էր, թե ստեղծվել է մի ծառայություն, որը մարդկանցից վերցնում է, կամ խլում է, կամ հարկադրաբար ինչ-որ բան կտրում է նրանցից: Սա շատ կարևոր հանգամանք է: Բայց ԴԱՀԿ ծառայության իրականությունը կամ առաքելությունը մի փոքր այլ է: Այստեղ մենք պիտի նկատի ունենանք, որ հիմնական առաքելությունը, որը պետականորեն և հանրայնորեն շատ կարևոր է, այն է, որ, ի վերջո, ԴԱՀԿ ծառայությունը արդարադատության գործադիր մարմինն է: Եվ երբ վերցնում է՝ դա անում է արդարությունը վերականգնելու համար և, ըստ էության, տալիս է նրանց, ովքեր ապօրինի կերպով զրկվել են: Եվ երկրորդ՝ շատ կարևոր է մի այսպիսի քաղաքակրթական նրբություն, որը շատ դժվարությամբ, բայց, այնուամենայնիվ ձեր ծառայությունն է ի կատար ածում: Այդ քաղաքակրթական նրբությունը հետևյալն է. մեզնից յուրաքանչյուրը պիտի հասկանա և արձանագրի, որ իր արարքները, պահվածքը, ապրելու ոճն իր հետ բերում է որոշակի հետևանքներ: Եվ մենք այս հետևանքների հետ հարաբերությունները պարզելիս է, որ պետք է ձևակերպենք այն հանրային հարաբերությունները, որին բոլորս ձգտում ենք: Այս առումով՝ ես ԴԱՀԿ ծառայության ճիշտ բովանդակության աշխատանքը կհամարեմ ոչ միայն զուտ իրավական, դատաիրավական, այլև այստեղ շատ կարևոր քաղաքակրթական նրբություններ կան: Որովհետև, այո, երբեմն շատ տհաճ է, երբ երթևեկության կամ ամենատարբեր տուգանքներ են ի հայտ գալիս: Բայց դրանից մեր ուղերձը պիտի լինի հետևյալը, որ այդ ամենի արդյունքում, այս հարաբերությունների արդյունքում մենք պետք է կարողանանք շտկել և կարգավորել մեր առօրյա կյանքը, սովորույթները, կարգապահությունն այնպես, որ ճիշտ բալանս գտնենք հանրային և անձնական շահի միջև: Այս առումով՝ չափազանց կարևոր է ԴԱՀԿ ծառայությունը: Չափազանց կարևոր է, որ այս տեսանկյունը գիտակցվի և՛ ծառայության, և՛ հանրության կողմից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ նաև օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքների բերումով ԴԱՀԿ ծառայության համարումը, իմիջն ակնհայտորեն բարելավվում է, որովհետև, հենց այս ընկալումը մարդիկ ավելի շատ են սկսում հասկանալ, որ սա պետության, օրինականության և մարդու, անհատների, կազմակերպությունների օրինական շահերի պաշտպանության շատ կարևոր գործիք է: «Պիտի ասեմ նաև, որ շատ դեպքերում այն նեգատիվը, որ գալիս է և դեռ կգա ԴԱՀԿ ծառայության նկատմամբ, ցավոք, հենց ծառայությունից չի կախված, որովհետև սա արդեն բխում է նրանից, թե հանրության համար ինչքանով են վստահելի այն դատական ակտերը, որոնք կայացվում են դատարանների կողմից: Իհարկե, մեր դատական համակարգում առկա պրոբլեմները, դրանցից բխող նեգատիվը, ցավոք, շատ հաճախ ընկնում է ձեզ վրա: Այստեղ էլ շատ կարևոր է, որ ամեն ինչ անենք, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում դատական ակտերը լինեն մաքսիմալ վստահելի, որպեսզի ԴԱՀԿ ծառայության շուրջ մթնոլորտը գնալով ավելի ու ավելի դրական դառնա»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետական ինստիտուտների գործունեությունը գնահատելիս, պլանավորելիս, ռազմավարություններ մշակելիս չպիտի դիտարկել միայն հարցի մեխանիկական կողմը, որովհետև դրանք ապահովում են օրենքի գերակայություն, ունեն կարևոր քաղաքակրթական նշանակություն, կարևոր նշանակություն՝ անհատի և հանրության, անհատի և օրենքի, անհատի և անհատի հարաբերությունները ճիշտ բալանսների մեջ դնելու համար: «Հույս ունեմ, որ հենց այդ ճանապարհով կշարունակենք ընթանալ, որովհետև գիտեմ, որ այս ընկալումն ամեն օրվա հետ ավելի ու ավելի է առկա մեր կառավարությունում: Պիտի ընդգծեմ ևս մի հանգամանք: Մենք ԴԱՀԿ ծառայության այլ հարթություն էլ ենք շատ կարևորում, որովհետև 2021 թվականի կառավարության գործունեության հաշվետվության մեջ ընդգծել ենք, որ նախորդ տարի ծառայության գործունեության արդյունքում պետական բյուջե 600 միլիոն դրամի մուտք է տեղի ունեցել: Եվ մենք խնդիր ենք դրել, որ այդ եկամուտները, որոնք օգտագործվում են հանրային կարիքները հոգալու համար, գնալով ավելանան: Այս ամենն ասելով՝ ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել կատարված աշխատանքի և ծառայության համար, ուզում եմ շնորհակալություն հայտնել թերությունների հետ առերեսվելու և այդ թերությունները շտկելու պատրաստակամության, ուսադիրները պատվով կրելու համար: Ցանկանում եմ համոզմունք հայտնել, որ ահա այս գաղափարաբանության շրջանակում իրականացվող աշխատանքի արդյունքում այդ համազգեստի, ուսադիրների, ծառայության հեղինակությունը շարունակաբար կբարձրանա, և ի վերջո մենք կհանգենք հանրային այն համընդհանուր եզրակացության, որ ԴԱՀԿ ծառայությունը գործում է ոչ թե ի հեճուկս, այլ հանուն քաղաքացու, հանուն իրավունքի, հանուն օրենքի և արդարության»,- ասել է վարչապետը: Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում տեղի է ունեցել նորանշանակ հարկադիր կատարողի երդման հանդիսավոր արարողությունը, որից հետո Կառավարության ղեկավարը, մասնագիտական տոնի կապակցությամբ, ԴԱՀԿ մի խումբ աշխատակիցների հանձնել է հուշամեդալներ ու շնորհակալագրեր: Մասնավորապես՝ Հարկադիր կատարողի օրվա կապակցությամբ, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության զարգացման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով պարգևատրվել են՝ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Արթուր Վարդանյանը, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տեսչական և վերլուծական բաժնի պետ Վահե Մովսիսյանը: Հարկադիր կատարողի օրվա կապակցությամբ, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով խախուսվել են՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ֆինանսական բաժնի պետ-գլխավոր հաշվապահ Նարինե Մարգարյանը, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արարատի և Վայոց ձորի մարզային բաժնի պետ Լևոն Դանիելյանը, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արագածոտնի և Արմավիրի մարզային բաժնի պետ Գևորգ Դումանյանը:
22:19 - 05 մայիսի, 2022
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը 2021-ին ընթացք է տվել շուրջ երկուսուկես միլիոն կատարողական վարույթի

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը 2021-ին ընթացք է տվել շուրջ երկուսուկես միլիոն կատարողական վարույթի

2021 թվականին հաշվետու ժամանակահատվածում Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից ընթացք է տրվել շուրջ երկուսուկես միլիոն կատարողական վարույթի, որը նախորդ տարվա համադրելի ցուցանիշից ավելի է մոտ մեկ միլիոն կատարողական վարույթով: Այս մասին արձանագրվել է հունվարի 21-ին տեղի ունեցած Ծառայության՝ 2021 թվականի գործունեության ամփոփման հաշվետու նիստին, որին ներկա է եղել նաև Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։ Ներկայացվել են հաշվետու ժամանակահատվածում Ծառայության տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացված աշխատանքները, կատարողական տարբեր վարույթներով բռնագանձումների ծավալները, գույքային և ոչ գույքային բնույթի կատարողական գործողությունների ցուցանիշները։ Հայտնի է դարձել, որ 2021 թվականին պետբյուջեի, իրավաբանական և ֆիզիկական անձանց օգտին բռնագանձվել է ավելի քան 42 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա համադրելի ցուցանիշից ավելի է շուրջ 26%-ով. Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, դիմելով հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցներին, նշել է․ «Եթե ուզում ենք Հայաստանում ունենալ արդարություն, դատարաններին հավասար կամ երբեմն նույնիսկ դատարաններից շուտ պետք է բարեփոխումներ լինեն Հարկադիր կատարման ծառայությունում։ Ես ուզում եմ սա շեշտել՝ նաև ցույց տալով մի թիվ, որը կարծում եմ ձեր չարչարանքի և փայլուն աշխատանքի արդյունքն է 2021 թվականին, որ միան ձեր կատարողական վարույթների ճիշտ աշխատանքի արդյունքում պետությունն ստացել է անցյալ տարի 600 միլիոնից ավել շահույթ։ Խոսքը միայն շահույթի մասին չէ, այդ թիվը նաև քաղաքացիների բավարարված իրավունքի արդյունքն է»։ Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանն էլ խիստ դրական է գնահատել հաշվետու տարում Ծառայության կողմից կատարված աշխատանքը՝ հաշվի առնելով հաշվետու տարվա համապետական լրջագույն մարտահրավերները, հետպատերազմական սոցիալ-քաղաքական մթնոլորտը, առողջապահական վիճակը և մի շարք այլ հանգամանքներ։ «Ծառայության 2021թ․ գործունեության արդյունքները կարող են գնահատվել խիստ դրական հատկապես նախորդ տարիների արդյունքների հետ համադրության մեջ։ Չեմ կարող չարձանագրել, որ այսօր մեր կողմից արձանագրված ցուցանիշները հիմնականում ձեռք են բերվել մեր ծառայակիցների մասնագիտական էնտուզիազմի և զինծառայողին բնորոշ կարգապահության ու պատասխանատվության բարձր զգացումի շնորհիվ։ Բազմիցս առիթ են ունեցել արձանագրելու, և հաշվետու տարին էլ բացառություն չէ, որ հարկադիր կատարման ենթակա ակտերի փաստացի կատարման ցուցանիշը տատանվում է 5-20 տոկոսի սահմաններում։ Ռազմավարական խնդիր է տվյալ ցուցանիշի շեշտակի բարձրացումը»։ Տարեկան ամփոփիչ խորհրդակցութան ժամանակ առանձնահատուկ կարևորվել է տեխնոլոգիական նորագույն գործիքների կիրառմամբ կատարողական վարույթներին առնչվող տեղեկատվության մատչելիության ապահովումն ու քաղաքացիներին մատուցվող էլեկտրոնային ծառայությունների որակի շարունակական բարձրացումը։ Քննարկվել են նաև Ծառայության գործունեության արդյունավետության բարձրացմանը և կատարողական ցուցանիշների բարելավմանն ուղղված հիմնական միջոցառումները։ Ծառայության ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ նկատելի խախտումներն ու բացթողումները վերացնելու ուղղությամբ։ Տարվա ընթացքում ծառայողական պարտականություններն ու առաջադրանքները պատշաճ կատարելու, ինչպես նաև բարեխիղճ աշխատանքի համար Գխավոր հարկադիր կատարողի հրամանով և Արդարադատության նախարարի համաձայնությամբ արտահերթ կոչումներ են  շնորհվել 4 ծառայողի։ Խրախուսական պարգևներ են հանձնվել նաև Ծառայության մի շարք աշխատակիցների։ Ձևավորված ավանդույթի համաձայն՝ տարեկան գործունեության ցուցանիշներով ընտրվել են լավագույն բաժինները։ «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի լավագույն բաժին» և «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տարածքային լավագույն բաժին» ամենամյա փոխանցիկ մրցանակները  համապատասխանաբար հանձնվել են Ծառայության ֆինանսական բաժնին, Արագածոտնի և Արմավիրի մարզային բաժնին։ Կառույցի ղեկավարը շնորհավորել է լավագույն բաժնի կոչմանն արժանացած ստորաբաժանումներին՝ նշելով, որ այս մրցանակներն ավելի պարտավորեցնող են բաժնի կողմից արձանագրված ցուցանիշները բարելավելու առումով: Հաշվետու խորհրդակցությանը հաջորդել է նորանշանակ 8 հարկադիր կատարողների երդման և ծառայողական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը: Համալրելով Ծառայության սպայական կազմի շարքերը՝ հարկադիր կատարողները երդվել են հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին՝ անվերապահորեն և բարեխղճորեն կատարելով իրենց ծառայողական պարտականությունները: Գլխավոր հարկադիր կատարողը շնորհավորել է նորանշանակ հարկադիր կատարողներին՝ նրանց մաղթելով հաջողություն, պատասխանատվության բարձր գիտակցում և նվիրվածություն՝ անշեղորեն կատարելու ծառայողական պարտականությունները։ 
15:07 - 22 հունվարի, 2022
Բարձրագույն դատական խորհրդի և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անդամները քննարկում են ունեցել

Բարձրագույն դատական խորհրդի և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անդամները քննարկում են ունեցել

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հոկտեմբերի 21-ին հյուրընկալել է Բարձրագույն դատական խորհրդի անդամներին։ Այս մասին տեղեկացնում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից, մանրամասնելով, որ քննարկվել են կատարողական թերթը հարկադիր կատարման դիմումով փոխարինելուն,  դատարանների և Հարկադիր կատարումն  ապահովող ծառայության միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունն ապահովելուն և կատարելագործելուն, ինչպես նաև՝ կատարողական վարույթների արդյունավետությունը բարձրացնելուն առնչվող մի շարք հարցեր։ Հատկապես կարևորվել է արդարադատության և կատարողական վարույթների թվայնացման ուղղությամբ ներկայումս կատարվող աշխատանքներում Բարձրագույն դատական խորհրդի և Հարկադիր կատարումն  ապահովող ծառայության փոխգործակցության ու առանձին լուծումների փոխհամաձայնեցման անհրաժեշտությունը։ Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանի ուղեկցությամբ Խորհրդի անդամները շրջայց են կատարել նաև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ծառայության մասնաշենքում տեղակայված նստավայրում։
16:49 - 21 հոկտեմբերի, 2021
Համակարգը մաքրել կոռումպացված դատավորներից, կառուցել նոր մոդելի ՔԿՀ. Կարեն Անդրեասյանի հարցազրույցը |armenpress.am|

Համակարգը մաքրել կոռումպացված դատավորներից, կառուցել նոր մոդելի ՔԿՀ. Կարեն Անդրեասյանի հարցազրույցը |armenpress.am|

armenpress.am: Արդարադատության նախարարությունն իր առջև նպատակ է դրել մաքրել դատական համակարգը կոռումպացված դատավորներից, կառուցել նոր մոդելի և բարքերի քրեակատարողական  հիմնարկ, թվայնացնել Հայաստանում ողջ դատաիրավական համակարգը, կառուցել մեկ վայրում արագ և բարձր որակով մատուցող հանրային ծառայություններ, ինչպես նաև` ԴԱՀԿ ծառայության կառավարումը դարձնել ավելի արդյունավետ։ Առաջիկա ծրագրերի, կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի, սահմանադրական բարեփոխումների, պարեկային ծառայության գործունեության և այլ թեմաների մասին խոսել է Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։ - Պարոն Անդրեասյան, ստանձնելով Արդարադատության նախարարի պաշտոնը, ի՞նչ խնդիրներ եք դրել Ձեր առջև:  - Ունեմ հինգ առաջնահերթ ծրագիր. առաջինը՝  իրավական գործընթացների արդյունքում մաքրել դատական համակարգը կոռումպացված դատավորներից, երկրորդը՝ բացարձակ նոր մոդելի և բարքերի քրեակատարողական հիմնարկ կառուցել Հայաստանում: Նոր՝ ոչ միայն իր շինությամբ ու անվտանգությամբ, այլև բարքերով, անձնակազմով ու մթնոլորտով: Երրորդը՝ թվայնացնել ողջ դատաիրավական համակարգը՝ դրանով իսկ ավելի արդյունավետ դարձնելով այս ոլորտում գործող բոլոր պետական մարմինների աշխատանքը: Չորրորդը՝ վրացական օրինակով Հայաստանում կառուցել հանրային ծառայությունները մեկ վայրում արագ և բարձր որակով մատուցող «Արդարադատության տներ»: Եվ հինգերորդը՝ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կառավարումը դարձնել այնքան արդյունավետ, որ մարդիկ այլևս, դատավճիռները ստանալուց հետո, չմնան ձեռնունայն, իսկ պետությունն էլ ոչ թե մեր այս ծառայության համար գումարներ հատկացնի, այլ շահույթ ստանա, և այդ շահույթը ուղղի դատաիրավական ոլորտի հետագա բարեփոխումներին։ - Հակակոռուպցիոն ի՞նչ միջոցառումներ կամ օրենսդրական նախաձեռնություններ եք նախատեսում: Արդյոք բավարար են 2018 թվականից ներդրված գործիքները կոռուպցիայի դեմ պայքարելու համար:  - Պետք է շարունակենք նպաստել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայացմանն ու զարգացմանը, որը կոռուպցիայի դեմ պայքարելու ամենագործուն մեխանիզմն է: Հանձնաժողովի կազմն ու աշխատակիցները մեծ հույսեր են ներշնչում, պարզապես պետք է շարունակենք նրանց տեխնիկապես աջակցել ու հզորացնել: Նաև շատ կարևոր է Հակակոռուպցիոն կոմիտեի և դատարանների ստեղծումը: Այս ուղղությամբ ևս նախարարությունը հսկայածավալ աշխատանք է կատարում: Ընդհանրապես, կոռուպցիայի դեմ պայքարը մեր կառավարության առաջնահերթություններից է, իսկ Հակակոռուպցիոն ռազմավարության իրագործումը՝ մեր նախարարության աշխատանքի կարևորագույն ուղղություններից: - Ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու դատարանների նկատմամբ հանրային վստահությունը բարձրացնելու ուղղությամբ: - Դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության բարձրացման գործում կարևոր է ոչ միայն առանձին դատավորների, այլև Բարձրագույն դատական խորհրդի դերը: Այս համատեքստում կարևորում եմ դատավորների նկատմամբ հարուցվող կարգապահական վարույթների հարցում հետևողական և խիստ մոտեցումը, ինչպես նաև՝ Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորների բարեվարքության գնահատումը: Դատական համակարգի անկախության և նրա հանդեպ հանրության վստահության ամրապնդմանը միտված գործիք է լինելու նաև վեթինգը: Առկա օրենսդրական կարգավորումները, սակայն, թույլ չեն տալիս նոր ներդրվող կառուցակարգերը գործածել նախկինում ծագած իրավահարաբերությունների նկատմամբ, ուստի ծառացած խնդիրների լուծման նպատակով իրականացվում են համապատասխան աշխատանքներ, նախատեսվում է նաև հարցի քննարկում միջազգային գործընկերների հետ՝ երաշխավորելու համար գործընթացի համապատասխանությունը միջազգային չափանիշներին: - Արդյոք տեսնում եք սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն, և եթե այո, ապա ի՞նչ աշխատանքներ են իրականացվելու այս ոլորտում: Կառավարման համակարգի փոփոխության անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք: - Կառավարության ծրագրի մակարդակով արդեն իսկ ամրագրվել է այն հանգամանքը, որ Կառավարությունը հանրային-քաղաքական շրջանակների հետ քննարկումներ է սկսելու սահմանադրական բարեփոխումների նպատակահարմարության հարցը որոշելու համար: Եվ այս առումով գործընթացն արդեն իսկ մեկնարկել է. Սահմանադրական բարեփոխումների հետագա գործընթացը հստակեցնելու, բարեփոխումների իրականացման ձևաչափի, այդ թվում՝ բարեփոխումների իրականացման շուրջ մասնագիտական աշխատանքների նախընտրելի մոդելի ձևավորման, ինչպես նաև՝ բարեփոխումների որոշ ուղղությունների շուրջ նախնական պատկերացումներ կազմելու նպատակով  ես հանդիպումներ եմ ունեցել Փաստաբանների պալատի ղեկավար կազմի, խորհրդարանական ընդդիմադիր ուժերից՝ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների, արտախորհրդարանական ուժերի, երկու տասնյակից ավելի հայտնի իրավաբան-գիտնականների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և երկու տասնյակից ավել լրագրողների հետ: Այդ հանդիպումների ընթացքում փորձեցինք հասկանալ տարբեր շրջանակների կարծիքն այն մասին՝ արդյոք պետք է պահպանել խորհրդարանական կառավարման մոդելը, թե՞ վերադառնալ նախագահական կամ կիսանախագահական կառավարման ձևին, արդյոք պետք է միավորել բարձր դատարանները և մի շարք այլ հարցեր: Այժմ ամփոփում ենք նշված հանդիպումների արդյունքները և մշակում սահմանադրական բարեփոխումների նոր մեկնարկի և գործընթացի կազմակերպման առաջարկներ: Շարունակությունը՝ armenpress.am-ում
10:37 - 28 սեպտեմբերի, 2021
Մարդիկ հաճախ հայտնվում են անելանելի իրավիճակում Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ոչ պատշաճ ծանուցման պատճառով. ՀՀ ՄԻՊ

Մարդիկ հաճախ հայտնվում են անելանելի իրավիճակում Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ոչ պատշաճ ծանուցման պատճառով. ՀՀ ՄԻՊ

Շարունակում են չլուծված մնալ կատարողական վարույթի շրջանակներում քաղաքացիներին պատշաճ ծանուցելու հետ կապված օրենսդրական և գործնական համակարգային խնդիրները: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Մասնավորապես, ինչպես 2020 թվականին, այնպես էլ դրանից առաջ և հետո հասցեագրվել են բողոքներ այն մասին, որ մարդիկ չեն ծանուցվում իրենց նկատմամբ հարուցված կատարողական վարույթների, իրենց գույքի և դրամական միջոցների վրա արգելանքի կիրառման և հարկադիր կատարողի կայացրած այլ որոշումների մասին: Այդ մասին նրանք տեղեկանում են, երբ, օրինակ, ցանկանում են իրենց պարտավորությունները մարել բանկի նկատմամբ, կամ որևէ փոխանցում կատարել, սակայն բանկից տեղեկանում են արդեն իսկ հարուցված կատարողական վարույթի, ինչպես նաև կիրառված արգելանքների մասին: Պաշտպանին հասցեագրվել են նաև բողոքներ կապված՝ հարկադիր կատարումն ապահովող ծառայության կայացրած որոշումների մասին ուշ ծանուցվելու կամ ընդհանրապես չծանուցելու վերաբերյալ: Նշվածի կապակցությամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից պարզաբանվել է, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը 2021 թվականի փետրվարի 1-ին «Հայփոստ» ՓԲ ընկերության հետ կնքել է փոստային ծառայությունների մատուցման վերաբերյալ «Հիբրիդ փոստ» ծառայությունների պայմանագիր: Հիշյալ պայմանագրի առկայության պայմաններում ուշ ծանուցելու կամ ընդհանրապես չծանուցելու մասով Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը վիճակագրություն չի վարում: Հարկադիր կատարողն իր որոշումները և ծանուցումներն ուղարկում է նախատեսված կարգով, որի համաձայն՝ կողմերը համարվում են պատշաճ ծանուցված, երբ այդ որոշումները տեղադրվում են Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Այս առումով մտահոգիչ է այն, որ ներկայում առկա կարգավորումների պայմաններում Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը չի վարում համապատասխան վիճակագրություն գնահատելու համար վերոնշյալ պայմանագրի գործարկման պայմաններում համակարգի գործունեության արդյունավետությունը՝ «Հայփոստ» ՓԲ ընկերության կողմից Հարկադիր կատարումն ապահովող ծառայության փոստային առաքանիների պատշաճ առաքումն ապահովելու առումով: Հաշվի առնելով, որ հարկադիր կատարողի կայացրած որոշումները կատարողական վարույթի կողմերին ուղարկվում են ոչ թե պատվիրված փոստով, այլ փոստային առաքմամբ, այդ որոշումների մասին անձանց պատշաճ ծանուցման ապահովումը պետական վերահսկողության բացակայության պայմաններում էլ ավելի խնդրահարույց է դառնում: Հարկադիր կատարողի որոշումները և ծանուցումները փոստային առաքմամբ ուղարկելու դեպքում կատարողական վարույթին կցվում է հասցեատիրոջն ուղարկելու մասին ապացույցը: Ըստ նշված հոդվածի՝ հարկադիր կատարողը որոշումները և ծանուցումները փոստային առաքմամբ ուղարկելու դեպքում կատարողական վարույթին պարտավոր է կցել միայն հասցեատիրոջն ուղարկելու մասին ապացույցը, իսկ կատարողական վարույթին հասցեատիրոջ կողմից նամակը ստանալու վերաբերյալ ապացույցը կցելու որևէ պարտավորություն չունի: Նշվածը խնդրահարույց է այն տեսանկյունից, որ պրակտիկայում առկա են դեպքեր, երբ հասցեատերերը նամակները չեն ստանում, քանի որ, օրինակ՝ որոշ ժամանակ իրենց բնակության վայրի հասցեում չեն բնակվում կամ բացակայում են և այլ պատճառներով: Արդյունքում, խախտվում է անձի լսված լինելու և փաստաթղթերին ծանոթանալու մարդու իրավունքը, քանի որ նա զրկվում է վարչական վարույթի փաստաթղթերին ծանոթանալու, վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ արտահայտվելու հնարավորություններից: Նշված հարցին անդրադարձ է կատարվել Պաշտպանի 2019 և 2020 թվականների տարեկան հաղորդումներով: Վերոգրյալից հետևում է, որ փոստային առաքանու ուղարկման առավել արդյունավետ եղանակը հարկադիր կատարողի որոշումները և ծանուցումները պատվիրված նամակով ուղարկելն է, որի դեպքում հարկադիր կատարողը պարտավոր է կատարողական վարույթին կցել հասցեատիրոջ կողմից ստացման վերաբերյալ ապացույցը: Մինչդեռ, ներկա կարգավորումների ուժով այն պրակտիկայում կիրառվում է միայն այն դեպերում, երբ կատարողական վարույթի ընթացքում իրականացվող գործողությունների կատարման համար որոշակի ժամկետի հաշվարկը պայմանավորված է համապատասխան որոշումը կամ ծանուցումը ստանալու փաստով: Վերոգրյալից բացի, ներկայում կարևոր խնդիր է նաև Հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հարկադիր կատարողի ոչ բոլոր որոշումների հրապարակման հարցը, որը ևս բարձրաձայնվել է Պաշտպանի 2018-2019 թվականների տարեկան հաղորդումներում: Հարկ է նշել, որ նշված տարեկան հաղորդումներում բարձրացվել է կատարողական վարույթը կասեցնելու և գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին հարկադիր կատարողի որոշումներից բացի մյուս որոշումները «azdarar.am» կայքում չտեղադրելու խնդիրը: Նշված խնդրի լուծման կապակցությամբ Պաշտպանն առաջարկել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում ձևավորված իրավակիրառ պրակտիկան համապատասխանեցնել գործող օրենսդրական կարգավորումներին՝ ապահովելով «azdarar.am» կայքում հարկադիր կատարողի՝ կատարողական վարույթի շրջանակներում կայացրած բոլոր որոշումների հրապարակումը: Մինչդեռ, 2020 թվականի ընթացքում «azdarar.am» կայքում պարբերաբար կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կայքում շարունակվել են հրապարակվել հիմնականում միայն վերը նշված որոշումները, ինչը վկայում է, որ խնդիրը շարունակում է արդիական մնալ: Առկա վիճակը դատապարտելի է, քանի որ մարդուն դնում է անելանելի դրության մեջ: Լուրջ խնդիր է, որ այն մարդկանց դժվարություններ է պատճառում, բայց այդպես էլ չի լուծվում: 
11:31 - 07 սեպտեմբերի, 2021
2021-ի 1–ին կիսամյակում Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը բռնագանձել և վերականգնել է 21,9 մլրդ դրամ՝ նախորդ տարվա ցուցանիշից 6,8 մլրդ դրամով ավելի

2021-ի 1–ին կիսամյակում Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը բռնագանձել և վերականգնել է 21,9 մլրդ դրամ՝ նախորդ տարվա ցուցանիշից 6,8 մլրդ դրամով ավելի

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հուլիսի 12-ին հրավիրվել էր խորհրդակցություն։ Ամփոփել են Ծառայության 2021 թվականի 1-ին կիսամյակի գործունեության արդյունքներն ու հիմնական միջոցառումների վերաբերյալ  հաշվետվությունները: Խորհրդակցությանը մասնակցել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար կազմը, կենտրոնական մարմնի ստորաբաժանումների, Երևան քաղաքի և մարզային բաժինների պետերը, տեղեկացնում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մամուլի ծառայությունը։ Խորհրդակցություն-քննարկման ժամանակ զեկուցվել են Ծառայության բոլոր բաժինների կողմից հարուցված, ավարտված, վերսկսված, կարճված կատարողական վարույթների շրջանակում իրականացված կատարողական գործողությունների արդյունքները, առկա խնդիրներն ու առաջիկա անելիքները։ Արձանագրվել է, որ հաշվետու ժամանակահատվածում Ծառայության կողմից ընթացք է տրվել 1.428.463  կատարողական վարույթի, ինչը 729.827 կատարողական վարույթով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Կարճվել է 427.525 կատարողական վարույթ։ Այն շուրջ 239.417 կատարողական վարույթով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Բռնագանձման ենթակա և հայցի ապահովման բնույթի կատարողական վարույթներով բռնագանձվել և վերականգնվել է ընդհանուր 21,924,619.131 ՀՀ դրամ, ինչը  6,866,374,693 դրամով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։ Աճել է նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց օգտին Ծառայության կողմից վերականգված գումարների ծավալը, իսկ պետբյուջեի օգտին վերականգնված գումարը կազմել է 5,340,121,654 դրամ, ինչը 1,097,232.816 դրամով ավելի է նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի 4,242,888,838 դրամի համեմատ։ 2021 թվականի 1-ին կիսամյակում ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ստացվել է 49.491 դիմում-գրություն, ընթացք է տրվել Ծառայության  «Թեժ գծով» ստացված 30.065 հեռախոսազանգի, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի  համեմատ ավելի է 8.923-ով: Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել նաև Ծառայության և պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանն ու արդյունավետության ապահովմանը, կադրային քաղաքականությանը, բյուջետային ծախսերին, ՏՏ ոլորտի զարգացմանը, հարկադիր կատարման օրենսդրության բարելավմանն ու միջազգային համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցերին։ Առանձնահատուկ կարևորվել են Ծառայության կառուցվածքային բոլոր ստորաբաժանումներում համաչափ զարգացման, միատեսակ աշխատանքային պրակտիկա ձևավորելու ուղղությամբ տարվող աշխատանքները։ Ամփոփելով Ծառայության կիսամյակային գործունեության արդյունքները՝ Գլխավոր հարկադիր կատարողը, ընդհանուր առմամբ գոհացուցիչ է համարել հաշվետու ժամանակահատվածում Ծառայության կողմից կատարված հսկայածավալ աշխատանքը՝ նշելով, որ այն պետք է խթան հանդիսանա Ծառայության բոլոր բաժինների արդյունավետությունն  ու Ծառայության շահառուներին մատուցվող ծառայությունների որակն ավելի բարձրացնելու համար։ Այդ ուղղությամբ քննարկման ավարտին տրվել են համապատասխան հանձնարարականներ։
17:34 - 13 հուլիսի, 2021
ՀԿԱԾ-ն հերքում է իր ծառայողների կողմից քաղաքացիներին մարմնական վնասվածքներ հասցնելու մասին լուրը

ՀԿԱԾ-ն հերքում է իր ծառայողների կողմից քաղաքացիներին մարմնական վնասվածքներ հասցնելու մասին լուրը

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հերքում է տարածված այն տեղեկությունը, թե, իբր, Երևան քաղաքի բնակիչներ՝ 68-ամյա Լաուրա Ս.-ն և 42-ամյա Քրիստինե Գ.-ն, մարմնական վնասվածքներ են ստացել` իրենց տանը ծեծի ենթարկվելով Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողների կողմից։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀԿԱԾ-ն։ «Հունիսի 15-ին վտարման կատարողական գործողություններն իրականացվել են պարտապանների հետ միմիայն բացատրական աշխատանք կատարելու միջոցով և հարկադիր կատարողների կողմից որևէ տեսակի ֆիզիկական հարկադրանք չի կիրառվել»,- նշված է հաղորդագրության մեջ։ ՀԿԱԾ-ն նաև տեղեկացնում է, որ կատարողական այդ գործողությունների իրականացման ժամանակ տեղում են եղել ոստիկանության աշխատակիցներ, պարտապան կողմի փաստաբանը և լրատվամիջոց։ «Հարկադիր կատարողներն ամեն կերպ օժանդակել են պարտապաններին, այդ թվում՝ Լաուրա Ս.-ին և Քրիստինե Գ.-ին օգնել խնամքով հավաքել և անվնաս տեղափոխել իրենց գույքն ու անձնական իրերը։ Այդ ամենին ականատես են եղել ինչպես վերը նշված անձինք, այնպես էլ բազմաբնակարան շենքի մյուս բնակիչները՝ հարևանները։ Ավելին այդ օրը նշված կատարողական գործողությունների ընթացքում տվյալ բնակարան տանող միջանցքում ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացուն օգնություն ցույց տալու ժամանակ տուժել են նաև Ծառայության ավագ հարկադիր կատարողն ու Ոստիկանության ծառայողը, որոնք ստացած այրվածքների պատճառով տեղափոխվել են հիվանդանոց, և այդ միջադեպից անմիջապես հետո տարածքում աշխատել են իրավապահ մարմիներ»,- նշված է հաղորդագրության մեջ։
21:50 - 19 հունիսի, 2021
Օնիկ Գասպարյանի գործով կատարողական թերթերը հարկադիր կատարում չեն ենթադրում. Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

Օնիկ Գասպարյանի գործով կատարողական թերթերը հարկադիր կատարում չեն ենթադրում. Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որով հայտնում է, որ Օնիկ Գասպարյանի գործով կատարողական թերթերը հարկադիր կատարում չեն ենթադրում: Ներկայացնում ենք Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տարածած հաղորդագրությունը. «Հաշվի առնելով Վարչական դատարանի վարույթում գտնվող և Օնիկ Գասպարյանին առնչվող թիվ ՎԴ/2014/05/21 վարչական գործով կիրառված հայցի ապահովման կապակցությամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում ստացված կատարողական թերթերի հիման վրա կատարողական վարույթների ընթացքի վերաբերյալ հանրային հետաքրքրությունը և ստացվող բազմաթիվ լրագրողական հարցումները՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը տեղեկացնում է, որ նշված կատարողական թերթերը հարկադիր կատարողի 19.03.2021թ. որոշմամբ վերադարձվել են վարչական դատարան, քանի որ, չենթադրելով հարկադիր կատարում, չեն պարունակում դատական ակտի եզրափակիչ մասի կատարման ենթակա մաս, ուստի չեն համապատասխանում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին։ Հետագա շահարկումները բացառելու նկատառումներից ելնելով՝ Ծառայությունը պարզաբանում է, որ որևէ իրավահարաբերության կամ իրավաբանական փաստի առկայությունը կամ բացակայությունը ճանաչելու վերաբերյալ դատական ակտն ինքնին հարկադիր կատարում չի ենթադրում, քանի դեռ տրված կատարողական թերթը չի պարունակում պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու կամ որոշակի գործողություններից ձեռնպահ մնալուն հարկադրելու վերաբերյալ նշում։ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքը չի նախատեսում իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը ճանաչելու վերաբերյալ կատարողական թերթերի հարկադիր կատարման միջոցներ»։
19:02 - 19 մարտի, 2021
Հարկադիր կատարման ոլորտում ներդրվում է արգելանքների և բռնագանձումների էլեկտրոնային մոդուլ.Սերգեյ Մեղրյանի հարցազրույցը |armenpress.am|

Հարկադիր կատարման ոլորտում ներդրվում է արգելանքների և բռնագանձումների էլեկտրոնային մոդուլ.Սերգեյ Մեղրյանի հարցազրույցը |armenpress.am|

armenpress.am:  Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը 2020 թվականի «պարտադրված» հարաբերական անդորրը փորձեցել է օգտագործել բարեփոխման որոշակի ծրագրերի մշակման և ներդրման համար։ Գրեթե ավարտին է հասցվել դրամական միջոցների արգելանքների և բռնագանձումների նոր էլեկտրոնային մոդուլի մշակման գործընթացը, հանրային քննարկման է դրվել Հարկադիր կատարման մասնավոր համակարգի ներդրման հայեցակարգը, գործադրվել է Ծառայության նոր կայքը, ակնկալվում է ներդնել էլեկտրոնային վարույթների ինստիտուտը։ Ծառայությունում իրականացված բարեփոխումների, քաղաքացիների դիմում-բողոքների և դրանց լուծումների, նախատեսվող ծրագրերի վերաբերյալ հարցազրույց Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանի հետ։ -Պարոն Մեղրյան, շուրջ մեկ տարի է՝ Գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնում եք: Կխնդրեի առանձնացնել այն կարևոր ձեռքբերումները, որոնք արձանագրել եք այս մեկ տարում և մատնանշեք խնդիրները, որոնց լուծման ուղղությամբ աշխատանքը շարունակվում է:  -Նախ նշեմ, որ համավարակի և ռազմական դրության պայմաններում Ծառայությունն աշխատել է արտակարգ ռեժիմով և մեր կողմից ձեռնարկված քայլերն ուղղված են եղել Ծառայության բնականոն աշխատանքի արդյունավետ կազմակերպմանն ու քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը։ Համավարակի տարածումը կանխարգելելու և քաղաքացիների սոցիալական վիճակն էլ ավելի չվատթարացնելու նկատառումներից ելնելով՝ բավականին տևական ժամանակով դադարեցվեց քաղաքացիների հետ շփում ենթադրող մի շարք կատարողական գործողությունների կատարումը (գույքագրումներ, գույքի գնահատման փորձաքննություններ, վտարումներ, տեսակցություններ, գույքի առգրավումներ և այլն), ինչը, իհարկե, բացասաբար է անդրադարձել Ծառայության կատարողականի ֆինանսական և քանակական ցուցանիշների վրա՝ հաճախ առաջացնելով նաև դատական ակտերով պահանջատերերի արդարացի դժգոհությունը։   Ծառայության հիմնական գործառույթների կատարման տեսանկյունից «պարտադրված» հարաբերական անդորրը փորձեցինք օգտագործել բարեփոխման որոշակի ծրագրերի մշակման և ներդրման համար։ Ծառայության ինստիտուցիոնալ բարեփոխումների համատեքստում մշակվել և հանրային քննարկման է դրվել Հարկադիր կատարման մասնավոր համակարգի ներդրման հայեցակարգը, որն առաջարկում է բազմաթիվ խնդիրների հայեցակարգային լուծումներ։ Այս պահին հայեցակարգը դեռ քննարկվում է, ուստի ձեռնպահ մնամ մանրամասներից՝ հետագայում այդ մասին շատ ավելի մանրամասն խոսելու պատրաստակամությամբ։ Կարևոր ձեռքբերում էր Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և տարբեր պետական կառույցների միջև տվյալների փոխանակման թարմացումը և փաստաթղթաշրջանառության ավտոմատացումը։ Օրինակ՝ ՊԵԿ-ի և Սոցիալական ապահովության ծառայության հետ տեղեկատվության փոխանակման թվային նոր լուծումների շնորհիվ կարողացանք լուծել պարտապանների կենսաթոշակի, աշխատավարձի և սոցիալական աջակցության գումարների վրա արգելանք դնելու հետ կապված խնդիրները։  Կենտրոնական բանկի հետ կատարված լայնածավալ աշխատանքների արդյունքում գրեթե ավարտին է հասցվել դրամական միջոցների արգելանքների և բռնագանձումների նոր էլեկտրոնային մոդուլի մշակման գործընթացը, որի գործարկման արդյունքում կլուծվեն ֆիզիկական և իրավաբանական անձանց բանկային հաշիվների տևական և հաճախ անհամաչափ արգելադրման հետ կապված խնդիրները։ Եթե ներկայումս բռնագանձման վարույթ հարուցելիս բռնագանձման ենթակա գումարի չափով արգելանք է կիրառվում պարտապանի բոլոր հաշիվների, տրանսպորտային միջոցների և անշարժ գույքի նկատմամբ, իսկ ապա բանկերից ստացված տեղեկատվության հիման վրա որոշում է կայացվում բռնագանձում կատարելու մասին արգելադրված այն հաշվից կամ հաշիվներից, որոնցում առկա են բավարար միջոցներ, ու արգելանքները վերացվում են միայն բռնագանձումը կատարելուց հետո (այդ պրոցեսը տևում է բավականին երկար՝ լրջագույն անհարմարություններ պատճառելով պարտապանին), նոր ծրագրային մոդուլի ներդրումը հնարավորություն կտա համապատասխան կատարողական գործողություններն իրականացնել առանց հարկադիր կատարողի մասնակցության՝ ինքնաշխատ եղանակով։ Ամենակարևորը՝ ի սկզբանե կարգելադրվի բացառապես այն բանկային հաշիվը, որում առկա միջոցները բավարար են բռնագանձումը կատարելու համար, իսկ մյուս հաշիվները, անկախ դրանում միջոցների առկայության հանգամանքից, կամ չեն արգելադրվի, կամ կապաարգելադրվեն շատ արագ, տրանսպորտային միջոցների և անշարժ գույքի արգելանքներն ինքնաշխատ կվերացվեն շատ սեղմ ժամկետներում։ Այս ամենը էականորեն կբարձրացնի վարույթների արդյունավետությունը, կնվազեցնի բանկային հաշիվների արգելադրմամբ պատճառվող անհարմարությունները, կբացառի տևական ժամանակով պարտապանի բոլոր բանկային հաշիվներն արգելադրված պահելու դեպքերը, էականորեն կնվազեցնի հարկադիր կատարողների անհամաչափ ծանրաբեռնվածությունը և, իհարկե, ի չիք կդարձնի վարույթի տվյալ փուլը միջնորդավորող մի շարք կոռուպցիոն ռիսկեր։ -2020 թվականին նոր կորոնավիրուսային համավարակի և երկրում հայտարարված ռազմական դրության հետևանքով բնակչության որոշ խմբեր սոցիալապես խոցելի վիճակում են հայտնվել։ Հարկադիր կատարման ոլորտում արդյո՞ք կատարվել կամ սպասվում են սոցիալապես խոցելի վիճակում հայտնված բնակչության խմբերի սոցիալական բեռը թեթևացնելու միջոցառումներ։ -Նշեմ, որ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակներում անհրաժեշտ իրավական հիմքեր ստեղծելուց հետո Ծառայության կողմից արգելանք չկիրառվեց և բռնագանձում չտարածվեց ֆիզիկական և իրավաբանական անձանց որպես աջակցություն տրամադրված դրամական միջոցների վրա։ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նախաձեռնությամբ մշակվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ, որի ընդունման դեպքում մի շարք վարչական իրավախախտումների համար նշանակված տուգանքի գումարի առնվազն 50 տոկոսը տուգանք նշանակելու մասին որոշումը ստանալուն հաջորդող օրվանից կարճ ժամկետում վճարելու դեպքում տուգանքի վճարման պարտավորությունը կհամարվի պատշաճ կատարված, և այս արտոնությունն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո որոշակի ժամանակահատվածում կգործի նաև հարկադիր կատարման փուլում գտնվող վարչական ակտերի նկատմամբ․ այս դեպքում քաղաքացիները կազատվեն նաև կատարողական ծախսերի վճարման պարտավորությունից։ Արդարադատության նախարարության կողմից մշակվել և հանրային քննարկման է դրվել մեկ այլ նախագիծ՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին, որով առաջարկվում է մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված, հաշմանդամ դարձած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձի, նրա ամուսնու, զավակի կամ ծնողի` մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ստանձնած վարկային պարտավորությունների կապակցությամբ հարուցված կատարողական վարույթները պարտքը ներելու հիմքով կարճվելու դեպքում կատարողական գործողությունների կատարման ծախսեր չգանձել։  - Պարոն Մեղրյան, կխնդրեի ներկայացնել դատական ակտերի հարկադիր կատարման 2020 թվականի վիճակագրական ամփոփ տվյալները: Նախորդ տարիների համեմատ ինչպիսի՞ն է պատկերը:  -Հիմնական ցուցանիշները հետևյալն են․ 2020 թվականին ընթացք է տրվել ավելի քան 1․5 միլիոն կատարողական վարույթների, որոնցից կարճվել է շուրջ 430 հազար վարույթ (հիմնականում՝ փաստացի կատարման հիմքով) և ավարտվել է շուրջ 955 հազար վարույթ (առավելապես բավարար գույք և դրամական միջոցներ չհայտնաբերելու հիմքով)։ 2020 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ընթացիկ վարույթների քանակը կազմել է շուրջ 180 հազարի, որոնք տեղափոխվել են 2021 թվական։ Ի կատարումն դատական և այլ ակտերի ընդհանուր առմամբ բռնագանձվել է 31․176․518․312 դրամ, որից․ պետական բյուջեի օգտին՝ 10․959․851․521 դրամ․ իրավաբանական անձանց օգտին՝ 17․553․874․214 դրամ․ ֆիզիկական անձանց օգտին՝ 1․119․353․799 դրամ․ ոչ գույքային բնույթի վարույթներով՝ 1․543․438․775 դրամ։ Համեմատության համար․ 2019 թ․ համեմատ գանձվել է 2,5 մլդ-ով պակաս, իսկ 2018-ի համեմատ՝ 4,8 մլդ-ով ավելի։ Զուգահեռ բռնագանձվել է կատարողական գործողությունների կատարման ծախս՝ շուրջ 2,2 մլդ-ի չափով, որը կազմում է 2020 թվականին Ծառայությունը պահելու համար բյուջետային ծախսերի 91%-ը։ -Նախորդ տարի քաղաքացիների կողմից քանի՞ դիմում-բողոք է ներկայացվել: Հիմնականում դրանք ի՞նչ բովանդակություն են ունեցել:  -2020 թվականի ընթացքում Ծառայության շահառուներին մատուցվող ծառայությունների որակի, մատչելիության, արդյունավետության ապահովման ուղղությամբ ձևավորեցինք փորձառու մասնագետներից կազմված արագ արձագանքման խումբ, որի օգնությամբ քաղաքացիները կարող են ստանալ ամբողջական տեղեկատվություն իրենց նկատմամբ կիրառված արգելանքների վերաբերյալ և հնարավորինս արագ և առանց Ծառայություն այցելելու լուծել դրանց վերաբերող մի շարք խնդիրներ։ Մշակվել և ներդրվել է Թեժ գծի նոր թվային հարթակ, կրկնապատկվել է Թեժ գծի աշխատակիցների քանակը, սահմանվել են վերահսկողության մեխանիզմներ։ Այդուհանդերձ պետք է նշեմ, որ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ստացվել է Ծառայությանը հասցեագրված թվով 156.053  դիմում  և գրություն: Անձամբ ինձ հասցեագրվել է 167 բողոք: :  Ավելացել է Ծառայության «Թեժ գծով» ստացված հեռախոսազանգերի թիվը։ Ընթացք է տրվել 36.582 հեռախոսազանգի: Հեռախոսով ներկայացված բողոքների թիվը կազմել է  373: Քաղաքացիների կողմից ներկայացված հարցերը հիմնականում վերաբերել են հարկադիր կատարողի ենթադրելի անգործությանը, կատարողական թերթի պահանջը կատարելուն, կիրառված արգելանքները վերացնելուն, հարկադիր կատարողի կայացրած որոշումը փոփոխելուն կամ վերացնելուն։ Շարունակությունը՝ armenpress.am-ում
09:26 - 01 փետրվարի, 2021
Շնորհակալագրեր, մրցանականեր. ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տարեկան գործունեությունը

Շնորհակալագրեր, մրցանականեր. ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տարեկան գործունեությունը

Հարկադիր կատարումն ապահովող Ծառայությունում հունվարի 20-ին Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը Ծառայության ընդլայնված կազմով խորհրդակցությունն է անցկացրել։ Ամփոփվել են Ծառայության 2020 թվականի գործունեության արդյունքները։ Սահմանված օրակարգի համաձայն՝ զեկուցողները ներկայացրել են հաշվետու ժամանակաշրջանում Ծառայության կենտրոնական մարմնի և տարածքային բաժինների կողմից իրականացված աշխատանքների, բռնագանձումների ծավալների, հայցի ապահովման, ընթացիկ, ավարտված, կարճված կատարողական վարույթների ցուցանիշները։   Քննարկվել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և տարբեր պետական կառույցների միջև փաստաթղթաշրջանառության ավտոմատացմամբ, էլեկտրոնային ճկուն գործիքակազմի կիրառմամբ Ծառայության շահառուներին մատուցվող ծառայությունների որակի, մատչելիության, կատարողական գործողությունների իրականացման արդյունավետության ապահովմանն ու հարկադիր կատարողների մեթոդական աջակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Խորհրդակցության ժամանակ ներկայացվել են նաև տեսչական ստուգումների անցկացման մեթոդաբանության հիմնական բաղադրիչները, Ծառայության կողմից իրականացվող համալիր բարեփոխումների համատեքստում հանրային իրազեկվածության բարձրացման, թվային գործիքների մշակման, օրենսդրական փոփոխությունների, որակյալ կադրային բազայի ձևավորման ուղղությամբ արված աշխատանքների արդյունքային ցուցանիշները։ Հրավիրված խորհրդակցության ժամանակ հանդիսավորությամբ Գլխավոր հարկադիր կատարողի հրամանով Հայոց բանակի տոնին ընդառաջ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հայրենիքին մատուցած ծառայության համար շնորհակալագրեր են հանձնվել Ծառայության տարբեր բաժինների աշխատակիցներին։ Սերգեյ Մեղրյանն իր խոսքում բարձր է գնահատել աշխատակիցների այս քայլը՝ ասելով. «Տղանե՛ր ջան, շնորհակալագրերը իրականում գուցե մի փոքրիկ թուղթ են, ևս մի փաստաթուղթ, որը կհայտնվի ձեր թղթապանակում, բայց ձեր վարքագիծը, ձեր նվիրումը, հայրենիքին մատուցած ծառայությունը անգնահատելի ծառայություն է։ Ծառայության անունից շնորհակալություն եմ հայտնում ձեր կատարած աշխատանքի համար»։ Ավանդույթի համաձայն՝ տարեկան գործունեության արդյունքներով «Լավագույն բաժին» անվանակարգային մրցանակներ են հանձնվել կենտրոնական մարմնի և տարածքային բաժիններից լավագույն ցուցանիշ արձանագրած բաժիններին։ Կենտրոնական մարմնի լավագույն բաժին է ճանաչվել Ընդհանուր բաժինը, իսկ տարածքային՝ Արարատի և Վայոց ձորի մարզային բաժինը։ Ամփոփելով օրակարգային հարցերը՝ Սերգեյ Մեղրյանը դրական է գնահատել հաշվետու տարում համավարակի և ռազմական դրության պայմաններում արտակարգ ռեժիմով կատարված աշխատանքը և արձանագրված ցուցանիշները, այդուհանդերձ արձանագրելով, որ այն գոհացուցիչ համարվել չի կարող։ Անհրաժեշտ է առաջիկայում միջոցներ ձեռնարկել վարույթների արդյունավետությունը և որակը բարձրացնելու, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց օգտին բռնագանձված գումարների տեսակարար կշիռը բռնագանձման ենթակա գումարի նկատմամբ շեշտակի բարձրացնելու ուղղությամբ։ Նա իր խոսքում մասնավորապես ընդգծել է, որ բռնագանձման ենթակա գումարների և փաստացի բռնագանձված գումարների տեսակարար կշիռը վերջին տարիներին 10-15%-ը չի գերազանցում, ինչը գոհացուցիչ համարվել չի կարող։ Նման վիճակը վտանգում է ոչ միայն Ծառայության, այլ նաև Հայաստանի Հանրապետությունում արդարադատության արդյունավետությունը, ստվերում է իրավունքների պաշտպանության և խախտված իրավունքների վերականգնման պետական ամբողջ համակարգի պատշաճ գործունեությունը՝ վնասելով նաև դատական իշխանության հեղինակությանը։ Խորհրդակցության ավարտին Գլխավոր հարկադիր կատարողը հույս է հայտնել, որ որպես մեկ միասնական օրգանիզմ՝ հարկադիր կատարողներն իրենց լիազորությունների ողջ ծավալով, ներքին կարգապահությամբ, քաղաքացիների հետ շփումներում այսուհետ ևս կշարունակեն բարեխղճորեն կատարել իրենց պարտականությունները՝ բարձր դասելով Ծառայության շահը և քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը։
13:24 - 25 հունվարի, 2021