ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

Ժաննա Անդրեասյանը հանդիպումներ է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալների հետ

Ժաննա Անդրեասյանը հանդիպումներ է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալների հետ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Սերգեյ Փարաջանովի հոբելյանական միջոցառումներին մասնակցելու այցի  շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպումներ է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի, կրթության, հասարակական և հումանիտար գիտությունների հարցերով տեղակալներ Էռնեստո Օտտոնեի, Ստեփանիա Ջանինիի և Գաբրիելա Ռամոսի հետ։ ԿԳՄՍ նախարարության հաղորդագրության համաձայն՝ հանդիպումներին ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարիտիրոսյանը և Ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը։ «ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի մշակութային հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ պատմամշակութային ժառանգության, ոչ նյութական ժառանգության պահպանության, մշակութային բազմազանության խրախուսման վերաբերյալ։ Այս համատեքստում խոսվել է Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային հուշարձանների ոչնչացման և ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության մասին` կարևորելով Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների հիմնարար իրավունքների, մասնավորապես՝ մշակութային իրավունքի իրացման հարցերը։ Էռնեստո Օտտոնեն շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի աշխատանքներին Հայաստանի ակտիվ մասնակցության և աջակցության համար՝ նշելով, որ Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է հակամարտությունների արդյունքում մշակութային ժառանգության ուսումնասիրության, տեխնիկական առաքելություններին և վերականգնմանը մասնակցելու առումով։  Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ին «Տաթևի և Տաթևի Անապատ վանական համալիրներ և Որոտանի հովտի հարակից տարածքներ» հուշարձանին ուժեղացված պաշտպանության կարգավիճակ շնորհելու համար: Նախարարը միաժամանակ տեղեկացրել է, որ «Վերականգնելով Մոսուլի ոգին» ծրագրի շրջանակում մարտ ամսին ավարտվել է Մատենադարանի մասնագետների այցը Էրբիլի Արևելյան ձեռագրերի թվայնացման կենտրոն՝ նշելով, որ հայկական կողմը կարևորում և խրախուսում է Մատենադարանի ներգրավումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրերում։ Նախարարը նաև կարևորել է «Մշակութային ինքնարտահայտման ձևերի  բազմազանության խրախուսման և պաշտպանության մասին» կոնվենցիայի շրջանակում համագործակցության հետագա զարգացումը։ Այդ համատեքստում նախարարը հաստատել է, որ 2025 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կկազմակերպվի համերգ՝ նվիրված ֆրանսահայ շանսոնյե, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Շառլ Ազնավուրին, իսկ սեպտեմբերին Հայաստանում կանցկացվի միջազգային համաժողով՝ նվիրված նշյալ կոնվենցիայի կիրարկմանը:  Հանդիպման վերջում ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել Էռնեստո Օտտոնեին՝ Փարաջանովին նվիրված հոբելյանական միջոցառումները ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում հյուրընկալելու և միջոցառումներին մասնակցելու համար։ Նույն օրը կայացել է ԿԳՄՍ նախարարի հանդիպումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի տեղակալ Ստեֆանիա Ջանինիի հետ։ Քննարկումները ծավալվել են Հայաստանում գործող ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնների, մշակույթի և արվեստի կրթության նոր ձևաչափի, Աբու-Դաբիի որոշումների, ինչպես նաև «Դպրոցական սնունդ» ծրագրի շուրջ։ Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է 2023 թվականի հոկտեմբերին Հայաստան փաստահավաք առաքելություն այցի արդյունքների մասին, որոնցից մեկը Լեռնային Ղարաբաղից  բռնի տեղահանված կրթության ոլորտի մասնագետների վերապատրաստման ծրագրի կազմակերպումն էր։ Նախարարն առանձնահատուկ կարևորել է «Դպրոցական սնունդ» ծրագիրը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել միջազգային գործընկերների շրջանում: Ստեֆանիա Ջանինին ընդգծել է, որ «Դպրոցական սնունդ» ծրագիրն անչափ կարևոր է, քանզի հատկապես փախստական և բռնի տեղահանված երեխաները հատուկ աջակցության և ուշադրության կարիք ունեն։ Քննարկման ընթացքում նաև շեշտել է մշակութային կրթության վեկտորի զարգացման Հայաստանի հանձնառությունը: Անդրադառնալով կրթության ոլորտին՝ ԿԳՄՍ նախարարը նշել է, որ Հայաստանը բազմաթիվ կրթական, այդ թվում՝ ներառական կրթության հաջողված ծրագրեր և  նախաձեռնություններ ունի՝ առաջարկելով իրականացնել փորձի փոխանակում։ Ժաննա Անդրեասյանը կարևորել նաև «խաղաղ կրթության» ապահովումը տարածաշրջանում, որն առանձնակի նշանակություն ունի ՀՀ-ի համար` նշելով, որ այս հարցում ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությունը կարևոր է: Նախարարը հաջորդաբար հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հասարակական և հումանիտար գիտությունների հարցերով տեղակալ Գաբրիելա Ռամոսի հետ էր։ Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Հայաստանն ակտիվորեն ներգրավված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի և կրթության ոլորտներին վերաբերող կոնվենցիաների աշխատանքներին: Նա նաև կարևորել է երիտասարդության հարցերով ոլորտային համագործակցության զարգացումը` ընդգծելով հայկական կողմի պատրաստակամությունը։ Գաբրիելա Ռամոսը տեղեկացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրերի մասին` ներկայացնելով երիտասարդության, ռասսայական խտրականության դեմ պայքարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի քաղաքականությունը։  Ժաննա Անդրեասյանն իր հերթին տեղեկացրել է, որ ներկայում ՀՀ-ում մշակվում է «Երիտասարդության քաղաքականության մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ ակնկալում են ստանալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական եզրակացությունը: «Մեզ համար հետաքրքրիր է նաև ընդդեմ խտրականության և ռասիզմի դեմ պայքարի շրջանակում համագործակցության ծավալումը, քանի որ Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում «Խաղաղ կրթություն»  կարգախոսով և փորձում է առաջ մղել այդ գաղափարը»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Գաբրիելա Ռամոսն ընդգծել է, որ երիտասարդական քաղաքականություն իրականացնելիս ՅՈՒՆԵՍԿՕ-ն կարևորում է միջմշակութային երիտասարդական ծրագրերի իրականացումը,  և այս առումով ՀՀ փորձը շատ հետաքրքիր է։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի»,- նշված է հաղորդագրության մեջ:
11:49 - 05 ապրիլի, 2024
Կրթության և մշակույթի ոլորտների 2025 թ. բյուջետային հայտը քննարկվել է շահառու խմբերի հետ

Կրթության և մշակույթի ոլորտների 2025 թ. բյուջետային հայտը քննարկվել է շահառու խմբերի հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը  շարունակում է նախարարության 2025 թ. բյուջետային և 2025-2027թթ. Միջինժամկետ ծախսային ծրագրի հայտի հանրային քննարկումները: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, կրթության ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների համար քննարկումը վարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Ներկա են եղել ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը, անրակրթության, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչությունների ներկայացուցիչներ: Կրթական ծրագրերի արդյունավետության բարձրացման պահանջ Ըստ աղբյուրի՝ նա ընդգծել է՝ բավական խոշորածավալ փոփոխություններ են իրականացվում և բավական մեծ ֆինանսական ներդրումներ են նախատեսվում թե՛ հանրակրթության, թե՛ նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտներում: Ներկայացնելով հանրակրթական ոլորտում նախատեսվող ծրագրերը՝ Արաքսիա Սվաջյանը նշել է՝ թե՛ գործող, թե՛ նոր նախաձեռնվող ծրագրերը բխում են ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի ռազմավարությունից: «Հաշվի առնելով այն, որ հանրակրթության ոլորտում վերջին տարիներին շատ մեծ փոփոխություններ են տեղի ունեցել ինչպես կրթության բովանդակության, ֆինանսավորման, ներառական կրթության ներդրման, այնպես էլ ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացման ու ենթակառուցվածքների բարելավման տեսանկյունից՝ առաջիկա տարիների համար այս ոլորտում մեծ թվով նոր նախաձեռնություններ չունենք՝ ի տարբերություն մասնագիտական կրթության ոլորտի, որտեղ առաջիկայում ակնկալվում է նոր օրենքի ընդունում և հետևաբար՝ բազմաթիվ նոր նախաձեռնություններ»,- ասել է Արաքսիա Սվաջյանն ու տեղեկացրել՝ հանրակրթության ոլորտը բյուջեում ներկայացված է 7 հիմնական ծրագրերով: Դրանցից առաջինը դպրոցական կրթությանն ուղղված բյուջետային ծրագիրն է, որը 2024 թվականին 2023 թ. համեմատ գրանցել է 6 մլրդ դրամից ավելի աճ: Նախարարի տեղակալի խոսքով՝ 2025 թվականին նախատեսվում է 13,5% աճ, 2026 թվականին՝ 13,7% աճ, իսկ 2027 թվականին՝ ևս 14,7% աճ: «Աճը պայմանավորված է բազմաթիվ ծրագրերով, որոնք իրականացվում են այս ոլորտում, բայց, մասնավորապես, նաև հանրակրթության պետական չափորոշչի ներդրմամբ, որի շրջանակում ուսուցիչների շաբաթական ծանրաբեռնվածությունը 22 ժամից նվազում է 18 և 20-ական ժամերի: Ավագ դպրոցում եթե նույնիսկ մեկ երեխա ընտրի առանձին առարկայի խորացված ուսումնասիրություն, կձևավորվի առանձին դասարան: Այս և հանրակրթության ոլորտում իրականացվող բոլոր մյուս գործընթացները հանգեցնելու են ֆինանսավորման փոփոխության»,- նշել է Արաքսիա Սվաջյանը: Արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորումը կընդլայնվի ԿԳՄՍ նախարարության ներկայացմամբ՝ հաջորդ ծրագիրն արտադպրոցական կրթության ծրագիրն է, որի համար 2024-ին ավելի քան 4 մլրդ 268 մլն դրամ կհատկացվի: Ընդ որում՝ նախատեսվում է, որ 2025 թվականին այս գումարը կաճի շուրջ 70%-ով, 2026 թվականին՝ 124 %-ով, իսկ 2027 թվականին՝ 144%-ով: Սա, ըստ նախարարի տեղակալի, պայմանավորված է կրթական ծրագրերի արդյունավետության բարձրացման պահանջներով: Մասնավորապես՝ 2023-ից մեկնարկել է արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման գործընթացը. 2024-ին ավելացել են ատեստավորման ուղղությունները, իսկ հաջորդ տարի ցանկն առավել կընդլայնվի: ՆԶՊ առարկայի շրջանակում մարզառազմական ճամբար կկազմակերպվի բոլոր դպրոցներում Նշվում է, որ հանրակրթության նոր չափորոշչի շրջանակում նախատեսվում է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի մարզառազմական ճամբարը ներդնել հանրապետության բոլոր դպրոցներում: Ծրագիրն արդեն փորձարկվել է Տավուշի մարզի դպրոցներում. 2024-ին ծրագրի համար 107 մլն դրամի հատկացում է արվել, 2025-ի և հետագա տարիների համար համար ծրագիրը կընդլայնվի՝ ներառելով բոլոր մարզերի և Երևանի դպրոցների 11-րդ դասարանները: Նոր ծրագիր՝ «Դպրոցը գիտական միջավայրում» Արաքսիա Սվաջյանի տեղեկացմամբ՝ ևս մեկ հետաքրքիր ծրագիր է «Դպրոցը գիտական միջավայրում» միջոցառումը, որը 2023-ից է սկսել իրականացվել: Դրա շրջանակում աշակերտները հնարավորություն ունեն Երևանի բուսաբանական այգում ինտերակտիվ ձևով ծանոթանալու բնագիտական առարկաներին: «Ծրագրի շրջանակում բուսաբանական այգում գիտության ինտերակտիվ թանգարան է կառուցվում: Նաև սրանով է պայմանավորված արտադպրոցական դաստիարակության ծրագրի բյուջեի աճը»,- պարզաբանել է նախարարի տեղակալը: Հաջորդն «Ապահով դպրոց» ծրագիրն է, որին ևս 2023-ի մոտ 6 մլրդ 776 մլն բյուջեի համեմատ 2024-ին շատ ավելի մեծ գումար է հատկացվելու: Որակի բարելավման ծրագրեր «Կրթության որակի ապահովման ծրագիրն» իր մեջ ներառում է Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի և Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի գործունեության բարելավումը, ինչպես նաև կամավոր ատեստավորման գործընթացների կազմակերպումը և դրանից բխող բյուջետային գործողությունների իրականացումը: Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ ՀՀ բոլոր դպրոցների՝ լաբորատոր սարքավորումներով հագեցումը նույնպես ծրագրի բաղադրիչ է, որի ուղղությամբ 2025 թվականին նախատեսվում է 114 %, 2026-ին՝ 178%, 2027-ին՝ 197% աճ: «Համընդհանուր ներառականության ներդրում» ծրագրի շրջանակում մի նոր նախաձեռնություն կա՝ ուսուցիչների կամավոր ատեստավորմանը զուգընթաց. 2025-2026 թվականներին կամավոր ատեստավորում կիրականացվի նաև մանկավարժահոգեբանական ծառայություններ իրականացնող մասնագետների համար, որը նրանց աշխատավարձի բարձրացման հնարավորություն կապահովի: «Կրթության ոլորտում տեղեկատվական հաղորդակցությունների տեխնոլոգիաների ներդրում» ծրագրի համար 2025 թվականին նախատեսվում է ֆինանսավորման 20 %, 2026-ին՝ 27% և 2027-ին՝ 35% աճ: Հանրակրթության ոլորտում վերջինը նախադպրոցական կրթության ծրագիրն է, որտեղ ևս բավականին մեծ աճ կա. 2025 թվականին 141% աճ է նախատեսվում, 2026-ին՝ 148%, 2027-ին՝ 155% աճ: Նախարարի տեղակալի տեղեկացմամբ՝ սա պայմանավորված է նախադպրոցական կրթության հասանելիության ապահովման ծրագրի շրջանակի ընդլայնմամբ: ԿԳՄՍ նախարարի տեղակալը, անդրադառնալով առաջիկա տարիների համար պլանավորված մյուս հիմնական նախաձեռնություններին, նշել է, որ առանձնացվելու են ցածր և բարձր կատարողականներ ունեցող դպրոցները՝ հատկացնելով աջակցության ֆոնդ: Իսկ ուսուցիչների թափուր տեղերի համալրման նպատակով 30 կրեդիտի ծրագիրն է իրականացվելու: Նա անդրադարձել է նաև միջին մասնագիտական կրթական ոլորտին, մասնավորապես ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ՝ ուսանողական նպաստների և կրթաթոշակի ծրագրին: Անցյալ տարի ՄԿՈւ ոլորտում կրթաթոշակային քաղաքականության փոփոխություն է իրականացվել ըստ որի՝ գրեթե 10 անգամ ավելացել է պետության համար գերակա ուղղություն ճանաչված մասնագիտություններով սովորողների կրթաթոշակը: Այս տարվանից նաև մեկնարկում է գործընթաց՝ միտված մանկավարժական աշխատողների կարողությունների զարգացմանը. ՄԿՈւ համակարգում ևս կներդրվի կամավոր ատեստավորման գործընթացը: Ֆինանսավորման նոր մոդելի ներդրում մշակույթի ոլորտում Մշակույթի ոլորտում բյուջետային հիմնական ծրագրերն են՝ արվեստ, կինեմատոգրաֆիա, մշակութային ժառանգություն, գրահրատարակչություն, մարզերի մշակութային զարգացում և գեղագիտական կրթություն։ Որպես նոր նախաձեռնություններ՝ շուրջ 5 մլրդ դրամ կուղղվի մշակույթի գործիչների դրամական խրախուսմանը, համայնքային մշակութային-ժամանցային կենտրոնի ստեղծմանը, էլեկտրոնային հարթակի ներդրմանը և կինոարտադրության ներդրումների վերադարձի ծրագրին: Գործող ծրագրերի ընդլայնմանը կհատկացվի շուրջ 3 մլրդ դրամ, որը կուղղվի ֆինանսավորման նոր մոդելի ներդրմանը և տեղեկատվական մոդուլային կենտրոնների ստեղծման աշխատանքներին։ Նորաստեղծ «Մշակույթի զարգացման հիմնադրամին» կտրամադրվի 340 մլն դրամ, իսկ հուշարձանների վերականգնման ծախսերը՝ 1․8 մլրդից կավելանան 330 մլն դրամով: 2025-2027 թթ. ՄԺԾԾ հայտի քննարկման շրջանակում անդրադարձ է կատարվել «Գրադարանային ծառայություններ» միջոցառմանը: Նշվել է, որ 2025-2027 թվականների միջնաժամկետ ծրագրերի մեջ նախատեսվում են համալրման, հնատիպ գրքերի վերականգնման, գրադարանավարների վերապատրաստման, «Ընտանեկան գրադարանավար», գրադարանների նյութատեխնիկական բազայի զարգացման ծրագրերի ընդլայնումներ: 2025 թվականին նախատեսվում է գրադարանային ոլորտին տրամադրել 1 մլրդ 603 մլն 539 հազար, 2026 թվականին՝ 1 մլրդ 656 մլն 763 հազար դրամ, 2027 թվականին՝ 1 մլրդ 656 մլն 763 հազար դրամ:
19:32 - 04 ապրիլի, 2024
Երևանում պաշտոնապես մեկնարկեց սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը
 |armenpress.am|

Երևանում պաշտոնապես մեկնարկեց սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը |armenpress.am|

armenpress.am: Երևանում մեկնարկեց սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը, որը այսուհետ կանցկացվի Հայաստանի մայրաքաղաքում: Բացման պաշտոնական արարողության մեկնարկին` վավերագրական ֆիլմով ներկաներին ներկայացվեցին Հայաստանում սամբոյի զարգացման փուլերը: Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը` ողջունելով ներկաներին, բարի գալուստ մաղթեց հյուրերին և հույս հայտնեց, որ սամբոյի մրցաշարերը կլինեն խաղաղության տոներ ամբողջ աշխարհի համար: «Սամբոն ընտանիք է, ընտանիքը` ուժ, ուժը` խաղաղությունը:  Նախորդ տարիների մրցաշարերի գերազանց կազմակերպվածության շնորհիվ միջազգային ֆեդերացիան Հայաստանին տվեց աշխարհի գավաթի խաղարկությունը հյուրընկալելու իրավունքը»,-ասաց Հայրապետյանը: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծեց, որ Հայաստանը աշխարհի սպորտային քարտեզի վրա իր ուրույն տեղն է գրավում: «Թող հաղթեն ուժեղագույնները, հայտարարում եմ մրցաշարը բացված»,-ասաց Գիլոյանը: Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում են 13 երկրի մոտ 300 մարզիկներ: Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը կեզրափակվի ապրիլի 5-ին:
19:30 - 04 ապրիլի, 2024
«Գոյ» թատրոնի դերասանների նստացույցը շարունակվում է. նրանք գիշերն անցկացրել են թատրոնի մուտքի մոտ |news.am|

«Գոյ» թատրոնի դերասանների նստացույցը շարունակվում է. նրանք գիշերն անցկացրել են թատրոնի մուտքի մոտ |news.am|

news.am: Ցավոք սրտի ո՛չ Սունդուկյանի անձնակազմից և ղեկավարությունից, ո՛չ էլ նախարարությունից ոչ ոք չի եկել. դա խոսում է այն մասին, որ նրանց չի հետաքրքրում «Գոյ» թատրոնի լինել չլինելը, այսինքն մտահոգված չեն, դա փաստ է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 4-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանը, որը թատրոնի մի քանի դերասանի հետ միասին երեկ նստացույց էր սկսել, և ամբողջ գիշերն անցկացրել թատրոնի մուտքի մոտ:  «Դռան վրա գրված է հարգելի, բայց երբ դու նստում ես այդ հարգելի բառի տակ, արտահայտում քո  անհամաձայնությունն ու բողոքը, չեն գալիս նստեն, խոսեն, հասկանան, որ ինչ-որ մի բան լինի ի օգուտ երկու կողմի»,-ասում է Սարգիս Արզումանյանը և ցույց տալիս թատրոնի փակ դռան վրա փակցված գրությունը, որով Սունդուկյան թատրոնի ղեկավարությունը Գոյ թատրոնի «հարգելի» աշխատակիցներին առաջարկում է ծառայողական մուտքից օգտվել: Սարգիս Արզումանյանի խոսքով, երեկվանից շատ զանգեր ու նամակներ է ստացել գործընկերներից: Նա հույս ունի, որ իրենց բողոքին կմիանա նաև հանդիսատեսը, և միասին կհասնեն նրան, որ նախարարությունը չեղարկի թատրոնների միացման որոշումը, և հնարավորություն կտա «Գոյ» թատրոնին անկախանալու: «Այս նստացույցի նպատակն իմ կողքին համախոհներին համախմբելն է: Այսօր գալու են այն մարդիկ, ովքեր պատրաստ են  ֆեյսբուքյան և այլ հարթակներում մեկնաբանություններ անելուց բացի նաև գործել: Մենք կփորձենք այդ մարդկանց հետ համագործակցել»,-պարզաբանում է Սարգիս Արզումանյանը: Հիշեցնենք, որ «Գոյ» թատրոնի դիմաց երեկ՝ ապրիլի 3-ին,  դերասանները անժամկետ նստացույց են սկսել և բողոքում են «Գոյ» թատրոնը  Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին միացնելու նախարարության որոշման դեմ:
14:23 - 04 ապրիլի, 2024
«Նռան գույնը» ֆիլմով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մեկնարկել են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները

«Նռան գույնը» ֆիլմով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մեկնարկել են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները

Ապրիլի 3-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մեկնարկել են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները, որին մասնակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը։ Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից, միջոցառումների մեկնարկը տրվել է Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի ցուցադրությամբ, որին հաջորդել է քննարկում՝ նվիրված մեծանուն արվեստագետի ստեղծագործական ժառանգությանը: Ֆիլմի դիտումից առաջ ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեն՝ արժևորելով Փարաջանով արվեստագետին և նրա թողած ժառանգությունը։ Շնորհակալություն հայտնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը՝ աջակցության և ներկաներին՝ մասնակցության համար, Ժաննա Անդրեասյանը նշել է. «Սերգեյ Փարաջանովը ստեղծագործ հանճարի մարմնացում է, մեծանուն վարպետ, որի ֆիլմերը խորապես հիացնում են ամբողջ աշխարհի հանդիսատեսին և համաշխարհային մշակութային ժառանգության անբաժանելի մասն են կազմում»։ ԿԳՄՍ նախարարն առանձնակի արժևորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի դերը մշակութային ժառանգության պահպանության և մշակութային բազմազանության խրախուսման գործում։ Ֆիլմի դիտումից հետո կայացել է քննարկում, որը վարել է ֆրանսահայ ռեժիսոր և դերասան Սերժ Ավետիքյանը։ Որպես բանախոսներ՝ հանդես են եկել Վալերիե Պոզները, Պատրիկ Կազալսը և Լևոն Աբրահամյանը։ Ելույթներում մեկնաբանվել է Փարաջանովի ֆենոմենը՝ արժևորելով նրա ստեղծագործական ժառանգությունը՝ ներկայացնելով Փարաջանով-ազգագրագետին, սցենարիստին և ռեժիսորին: Նրանք ընդգծել են Փարաջանովի հանճարը՝ ԽՍՀՄ-ում նման խորհրդավոր, ազատ և խորը մտածողությամբ ֆիլմ ստեղծելու առումով: Հոբելյանական միջոցառումների շրջանակում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում ապրիլի 3-10-ը կգործի նաև Սերգեյ Փարաջանովին նվիրված լուսանկարչական ցուցահանդես և «Կինոյի տաճար» ինստալյացիան, որը կառուցված է «Նռան գույնը» ֆիլմի հիմքի վրա։ Փարիզ կատարած այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է նաև Քե Բրանլի Ժակ-Շիրակ թանգարան, որտեղ հանդիպել է թանգարանի նախագահ Էմանուել Կազարարեուի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ինչպես նաև Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինե Հակոբյանը և Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը։ Քննարկվել են Քե Բրանլի թանգարանում հայկական ցուցանմուշների ժամանակավոր ցուցադրության կազմակերպման, ինչպես նաև հնարավոր համագործակցության այլ ձևաչափերի՝ փորձի փոխանակումների, մասնագիտական վերապատրաստումների և գորգերի ցուցադրության կազմակերպման հետ կապված հարցեր։ Նշենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակության կազմում են նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, Ս. Փարաջանովի թանգարանի մի խումբ աշխատակիցներ՝ տնօրեն Անահիտ Միքայելյանի գլխավորությամբ, «Նռան գույնը» ֆիլմի դերակատար Լևոն Աբրահամյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը և Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինե Հակոբյանը։
11:51 - 04 ապրիլի, 2024
Բրիտանական թանգարանում պահվող Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի գլուխը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում

Բրիտանական թանգարանում պահվող Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի գլուխը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում

2024 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության և Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության աջակցությամբ կիրականացվի «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» խորագրով մեծածավալ միջազգային ցուցադրությունը։   Հայաստանի պատմության թանգարանում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» մեծածավալ ցուցահանդեսի կազմակերպման աշխատանքների մեկնարկի և դրա շրջանակում Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից պահպանված գլխի ու ձեռքի՝ Բրիտանական թանգարանից փոխառության պայմանագրի կնքման վերաբերյալ։   Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը և Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը: Ասուլիսի ընթացքում Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից պահպանված գլխի և ձեռքի փոխառության պայմանագիրը, որն արդեն հաստատված է Բրիտանական թանգարանի կողմից, հանդիսավորությամբ վավերացվել է Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի կողմից: Բրիտանական թանգարանի հետ կնքված փոխառության պայմանագրով մեկնարկելու է Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանից պահպանված և Բրիտանական թանգարանում պահվող ու ցուցադրվող բրոնզե գլխի և ձեռքի Հայաստան տեղափոխումը և 6 ամսով ժամանակավոր ցուցադրությունը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է կարևոր նախաձեռնության մեկնարկն ու կարևորել երկու երկրների թանգարանների միջև համագործակցությունը: «Կարծում եմ՝ ցուցադրությունը պետք է մեծ հետաքրքրություն առաջացնի հանրության ամենատարբեր շերտերի՝ թե՛ դպրոցականների, թե՛ տարիքային տարբեր խմբերի ներկայացուցիչների շրջանում: Մեր թանգարանների միջև այս միջազգային համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու անդրադարձել Անահիտ արձանի՝ Արտաշատ պատմական մայրաքաղաքում գտնված նմուշին (կիսանդրուն), որն արդեն իսկ ցուցադրվում է Հայաստանի պատմության թանգարանում: «Սա բացառիկ ու հիանալի հնարավորություն կլինի՝ տեսնելու երկու պատմական իրողությունների, պահպանված նմուշների հանդիպումը միևնույն միջավայրում: Սա մեզ համար ևս հեռանկարներ է բացում, քանի որ տեսնում ենք կապերն ու հասկանում ավելի լայն իրողությունները, որոնք մեր պատմության շատ կարևոր մասն են: Այսպիսի համագործակցությունները պետության կողմից միայն խրախուսվելու և շարունակվելու են: Ուրախ եմ, որ մեր թանգարանները շատ ակտիվ և նախաձեռնող են: Աշխարհի մյուս կարևորագույն թանգարանների հետ համագործակցությունը պետության շարունակական քաղաքականությունն է: Աջակցելու ենք այսպիսի ծրագրերի իրականացմանը, քանի որ թանգարանները շատ կարևոր նշանակություն ունեն հանրային կյանքում. դրանք դառնում են միջավայրեր, որտեղ թե՛ կրթական, թե՛ մշակութային կարևոր գործընթացներ են իրականացվում»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:   Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև անկախությունից ի վեր առաջին անգամ թանգարանների ոլորտը կարգավորող օրենսդրության՝ «Թանգարանների մասին» օրենքի ընդունմանը, որը նպաստելու է թանգարանային գործունեության առավել ընդլայնմանը: «Կարծում եմ՝ ցուցադրության խորագիրը ևս շատ կարևոր է: Հաճախ ենք խոսում կանանց դերի արժևորման մասին, և այս ցուցադրությունը լինելու է դրա պրակտիկ հնարավորությունը, որի միջոցով նաև անդրադառնալու ենք կանանց հանրային դերակատարման կարևորությանը: Այդ խոսակցությունը կարող է սկսվել պատմական ժամանակներից և շարունակվել մինչև մեր օրեր՝ այդկերպ նաև ոգեշնչելով մեր կանանց ու աղջիկներին՝ նրանց մոտ ձևավորելով համապատասխան վարքականոն: Խորհրդանշական է նաև, որ այս տարի մեր երկրի անկախության օրը կարող ենք նշանավորել այսպիսի կարևորագույն իրադարձությամբ»,- ասել է նախարարը Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ողջունելով ներկաներին, նշել է՝ այսօր ազդարարվում է կարևոր և ուշագրավ միջազգային ցուցահանդեսի աշխատանքների մեկնարկը: Տնօրենի դիտարկմամբ՝ այս ցուցադրությունը յուրօրինակ նվեր կարող է լինել հայ կանանց՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ, քանի որ ցուցադրությունն անցկացվում է «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» խորագրի ներքո:   Մանրամասնելով ցուցահանդեսի գաղափարը՝ Դավիթ Պողոսյանը նշել է. «Այս գաղափարն աշխարհի հեղինակավոր թանգարաններից մեկի՝ Բրիտանական թանգարանի հետ համագործակցության արդյունքում է ծնվել: 2023 թվականին Բրիտանական թանգարանում բացվել է «Շքեղություն և ուժ․ Պարսկաստանից Հունաստան» խորագրով միջազգային ցուցադրությունը, որին մասնակցել է նաև Հայաստանի պատմության թանգարանը՝ ներկայացնելով 3 բացառիկ մշակութային արժեքներ՝ Արմավիրից գտնված ոսկյա կրծքազարդը, կավե ցլակերպ ծիսանոթը (Ք․ա․ VI-V-րդ դդ․) և Արտաշատից գտնված կավե արջակերպ ծիսանոթը (Ք․ ա․ I դ․)։ Շատ հետաքրքիր ցուցադրություն էր. պատմական մայրաքաղաք Արտաշատից գտնված արջակերպ պրիտոններից մեկը համադրվեց պատմական Հայաստանից գտնված և Բրիտանական թանգարանում պահվող Անահիտ աստվածուհու արձանի բրոնզե դեմքի հետ: Հենց այդ ժամանակ էր, որ կազմակերպիչ-համակարգողների հետ փորձեցինք նաև հակառակը կազմակերպել, այսինքն՝ պատմական Հայաստանից գտնված այս արժեքների համատեղ ցուցադրությունը կազմակերպել նաև մեր երկրում՝ համադրելով Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ»: Դավիթ Պողոսյանի նշմամբ՝ 2024 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև 2025 թվականի մարտը Հայաստանի պատմության թանգարանը հնարավորություն է ունենալու ցուցադրել և պատմականորեն կազմակերպել այս առարկաների հանդիպումը: ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերն իր հերթին նշել է․ «Անչափ ուրախ եմ, որ Բրիտանական թանգարանն Անահիտ աստվածուհու բրոնզե կիսանդրին ժամանակավորապես տրամադրելու է Հայաստանի պատմության թանգարանին։ Բրիտանական թանգարանը հայտնի է իր ծավալուն հավաքածուով և իր գանձերն աշխարհի տարբեր երկրներում ցուցադրելու հանձնառությամբ։ Ամեն տարի տրամադրելով ավելի քան 5000 նմուշ՝ թանգարանը հանդիսանում է մշակութային փոխանակման համաշխարհային կենտրոն՝ սահմաններից անդին խթանելով երկխոսություն և փոխըմբռնում։ Ջերմորեն ողջունում եմ բրիտանական և հայկական թանգարանների միջև աճող համագործակցությունը։ Հայաստանում ակնկալվող ցուցադրությունը մշակութային փոխանակման կարևոր իրադարձություն է»։ Նշենք, որ ցուցահանդեսին կներկայացվի Հայաստանի պատմության թանգարանի հարուստ հավաքածուներից մայր աստվածությանը վերաբերող նշանակալի ընտրանի` սկսած հնագույն ժամանակներից մինչև Քրիստոնեություն և մեր օրերը։ Հայաստանի պատմության թանգարանը նախկինում համագործակցել է Բրիտանական թանգարանի հետ և իր հավաքածուները ժամանակավոր փոխառության տրամադրել տարբեր միջազգային ցուցահանդեսների շրջանակում: Հայաստանում, սակայն, այս հեղինակավոր թանգարանից առաջին անգամ են ցուցադրվելու նմուշներ՝ հատկապես նման խորհրդանշական և հայ ժողովրդի համար հատուկ նշանակություն ունեցող թանգարանային առարկաներ։
19:32 - 02 ապրիլի, 2024
Ես պատկերացնում եմ, թե ինչպես կարելի է «Գոյ» թատրոնն առաջ մղել, դա արդեն իմ խնդիրն է. Վարդան Մկրտչյան
 |news.am|

Ես պատկերացնում եմ, թե ինչպես կարելի է «Գոյ» թատրոնն առաջ մղել, դա արդեն իմ խնդիրն է. Վարդան Մկրտչյան |news.am|

news.am: Մենք ընդամենը կազմակերպել ենք մեր ընթացակարգը, և երբ մարդիկ ասում են՝ ոչ, սա այսպես էլ պետք է լինի, ես դա մի քիչ չեմ հասկանում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Սունդուկյան» թատրոնի ղեկավար Վարդան Մկրտչյանը՝ անդրադառնալով «Գոյի» թատրոնի աշխատակիցների դժգոհություններին, թե իրենց թույլ չեն տալիս մուտք գործել «Գոյ» թատրոն և պահանջում են անցաթուղթ։ Նրա խոսքով՝  իրենք բոլորը հավասար իրավունքների մեջ են և առավելություններ ունեցողներ չկան։ Հարցին՝ ինչու թույլ չեն տալիս աշխատակիցները մուտք գործեն թատրոն, նա պատասխանեց, որ  թույլ են տալիս. «Ուզում ենք թատրոնը հարգեն, «Սունդուկյան» թատրոնի յուրաքանչյուր աշախատակից անցաթղթերը լրացրել է, թող իրենք էլ լրացնեն 1-2 օրվա ընթացքում քարտերը կտանք։ Մենք ասում ենք լրացնեիք մեկ շաբաթ առաջ, արդեն կմտնեիք, ի՞նչ խնդիր կա։ Եթե այս պահին լրացնեն, ապա 1-2 օրվա ընթացքում կստանան քարտերն ու արդեն մուտք կգործեն»,- ասաց նա։ Իսկ թե ինչպես է պատկերացնում «Գոյի» թատրոնի ներկայությունը «Սունդուկյանի» կազմում, նա արձագանքեց․ «Ես առաջնորդվում եմ կառավարության որոշումով, կա կառավարության որոշում և կարող է լինել «Գոյի» թատրոնը այս կազմի մեջ, ես որևէ խնդիր չեմ տեսնում։ Ես նաև պատկերացնում եմ, թե ինչպես կարելի է այդ թատրոնն առաջ մղել, դա արդեն իմ խնդիրն է»։ Մկրտչյանը շեշտեց, որ իր՝ «Սունդուկյան» թատրոն գալուց հետո այնքան ահռելի աշխատանքներ են կատարվել, որ միայն աշխատանքները բավարար չափով խոսում են իրենց մասին։ «Երբևէ տեսե՞լ եք 5-6 տարիների ընթացքում որևէ ղեկավար իր կառույցի համար այդչափ աշխատանք անի»,- ասաց նա։ Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ նախատեսվում է «Գոյ» թատրոնի վարչական հատվածը կրճատել, իսկ թատրոնի ստեղծագործական կազմը՝ «Գոյ» թատերախումբ անունով, կշարունակի գործունեություն ծավալել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տանիքի ներքո: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, որը նախագծի հեղինակն է, վստահեցրել էր, որ այդ պարագայում «Գոյ»-ը կարող է ընդլայնել իր հնարավորությունները: 2024 թվականի հունվարի 30-ին ՀՀ կառավարության որոշմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրը «Գոյ» թատրոնը վերակազմակերպել է՝ միավորելով այն Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ: «Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմը դեմ է միավորմանը: Նրանք առաջարկում են իրենց հնարավորություն տալ գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն, սակայն «Գոյ»-ի բեմում:
17:45 - 02 ապրիլի, 2024
Պարզվեց՝ իրենք տակից արդեն դիմել են պետռեգիստր և «Գոյ» թատրոնի գործունեությունը դադարել է. Աշոտ Տեր-Մաթեւոսյան
 |news.am|

Պարզվեց՝ իրենք տակից արդեն դիմել են պետռեգիստր և «Գոյ» թատրոնի գործունեությունը դադարել է. Աշոտ Տեր-Մաթեւոսյան |news.am|

news.am: Գործընթացը նման է բանակցությունների իմիտացիայի, մեր գլխի տակ փափուկ բարձ դրեցին: Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին,  լրագրողների հետ զրույցում հայտնեց «Գոյ» թատրոնի դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանը: «Ենթադրությունները թողնում եմ ձեզ: Մեզ առաջարկում են անկախ միավոր հանդիսանալ և դրա հետ կապված ոչինչ չեն անում: Մենք մոտ 1 ամիս բանակցել ենք փոխնախարարի հետ և վերջին հանդիպման ժամանակ փոխնախարարը հայտնել է, որ իրենք արդեն պետռեգիստր են դիմել: Միևնույն ժամանակ մենք պայմանավորվել ենք, որ այդ ընթացքում ոչ մի մամուլի ասուլիս բանակցելու ընթացքում չենք տալիս և ոչ մի գործողություն չենք անում, դատական նոր հայցեր չենք ներկայացնում: Պարզվեց, որ իրենք տակից արդեն դիմել են պետռեգիստր և «Գոյ» թատրոնի, որպես ՊՈԱԿ գործունեությունը դադարել է: Ստացվում է, որ իմիտացիա էր այս ամենն ու իրենք ուղղակի ժամանակ էին ձգում, որպեսզի ապօրինաբար ՊՈԱԿ-ի գործունեությունը դադարեցնեն»,- ընդգծեց դերասանը: Աշոտ Տեր-Մաթևոսյանի խոսքով՝ որոշման մեջ պարզ գրված է, որ ընդունում-հանձնումը երկու ՊՈԱԿ-ների միջև պետք է լինի և այդ ստորագրությունների հիման վրա դիմում ներկայացվի պետռեգիստր: Առանց այդ ստորագրությունների մարդիկ դիմել են պետռեգիստր և դադարեցրել են: «Երբ ԱԺ-ից հայտարարում են, որ իրենք որոշեցին դատարաններից գործերը հետ չվերցնեն, մենք մեր պայմանավորվածությունները գործողություններ չանելու մասով ազնվորեն պահել ենք, բայց արդեն հարուցված դատական գործերը մենք ի պաշտպանություն մեզ հետ չենք վերցրել ու հետ վերցնելը մեր կողմից հիմարություն կլիներ: Դատական գործը դատարանում՝ իրենք մեզ խաբեցին, պատկերացնո՞ւմ եք գործերը, եթե հետ վերցնեինք, ընդհանրապես չէին շփվի մեր հետ»,- եզրափակեց դերասանը: Հարցին՝ հանդիպե՞լ են դերասանները նոր նշանակված տնօրեն Կարեն Սիմոնյանի հետ, պատասխանեցին, որ նշանակման օրից երեսը չեն տեսել, աշխատանքի չի գալիս. «Մականունն էլ «թուրք» է, երեւի Արտաշատի հարսանիքի բոլոր զալերում պետք է ման գանք, որ գտնենք»: Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ նախատեսվում է «Գոյ» թատրոնի վարչական հատվածը կրճատել, իսկ թատրոնի ստեղծագործական կազմը՝ «Գոյ» թատերախումբ անունով, կշարունակի գործունեություն ծավալել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տանիքի ներքո: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, որը նախագծի հեղինակն է, վստահեցրել էր, որ այդ պարագայում «Գոյ»-ը կարող է ընդլայնել իր հնարավորությունները: 2024 թվականի հունվարի 30-ին ՀՀ կառավարության որոշմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրը «Գոյ» թատրոնը վերակազմակերպել է՝ միավորելով այն Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ: «Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմը դեմ է միավորմանը: Նրանք առաջարկում են իրենց հնարավորություն տալ գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն, սակայն «Գոյ»-ի բեմում:
15:06 - 02 ապրիլի, 2024
«Գոյ» թատրոնի գլխավոր մուտքը փակ է. դերասանները պահանջում են բացել այն
 |armenpress.am|

«Գոյ» թատրոնի գլխավոր մուտքը փակ է. դերասանները պահանջում են բացել այն |armenpress.am|

armenpress.am:  «Գոյ« թատրոնի ռեժիսորներն ու դերասանները ապրիլի 2-ին բողոքի ակցիա են կազմակերպել թատրոնի մոտ, քանի որ ցանկացել են թատրոն մտնել «Գոյ»-ի գլխավոր մուտքից ու պարզել, որ այն փակ է: Ստեղծագործողները մտել են Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն, որին ՀՀ կառավարության որոշմամբ միացվել է «Գոյ»-ը,  հասկանալու, թե ինչո՞ւ է «Գոյ»-ի մուտքը փակ:  Այնտեղ նրանց հանդիպեց ակադեմիական թատրոնի փոխտնօրեն Հրաչ Ներսիսյանը:  Նրա խոսքով՝ ներս մտնելու համար «Գոյ» թատրոնի ներկայացուցիչները պետք է անվտանգության համակարգում իրենց տվյալները լրացնեն, ինչից հետո կունենան քարտեր, որոնց օգնությամբ կարող են մտնել թատրոն: «Բնական է, որ նրանք հիմա չունեն քարտեր, քանի որ դրանք պետք է պատվիրվեն: Սունդուկյան թատրոն բոլորը էլեկտրոնային քարտով կամ չիպով են ներս մտնում»,-շեշտեց Ներսիսյանը: «Գոյ» թատրոնի դերասան Սամվել Թոփալյանն էլ շեշտեց, որ աշխատանքային պայմանագիր կնքել է «Գոյ» թատրոնի հետ և մինչև 2024 թվականի ապրիլի 22-ը չի համարվում Սունդուկյանի անվան թատրոնի աշխատակից: «Գոյ»-ի դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանն էլ հիշեցրեց՝ իրենց ծանուցել են, որ պետք է գան ու թարմացված պայմանագիր ստորագրեն  մինչև ապրիլի 22-ը: «Կան մարդիկ, որ մինչև ապրիլի 22-ը իրավունք ունեն մտածելու, հետո այդ թարմացված պայմանագիրը ստորագրելու, կամ ոչ: Քանի որ մենք ունենք մինչև ապրիլի 8-ը, ապրիլի 15-ը և ապրիլի 22-ը ժամանակ, ըստ ծանուցման ամսաթվի,  մենք պահանջում ենք, որ «Գոյ»-ի մուտքը բաց լինի և մինչև հին պայմանագրի լրանալը մեր աշխատանքային տարածք մտնենք «Գոյ»-ի մուտքով: Երբ լրանա ժամկետը, կմտածենք թարմացնե՞լ այն, թե՞ ոչ»,-ասաց դերասանը: Հրաչ Ներսիսյանն էլ ընդգծեց, որ 2024 թվականի հունվարի 30-ից ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ «Գոյ» թատրոնը միացվել է Սունդուկյանի անվան թատրոնին, ուստի բոլորը պետք է Սունդուկյանի անվան թատրոնի ծառայողական մուտքով ներս մտնեն: «Գոյ»-ի ներկայացուցիչներից մի քանիսը լրագրողների ուղեկցությամբ մտան «Գոյ» թատրոնի տարածք, որտեղ «Գոյ»-ի ռեժիսոր Սարգիս Արզումանյանն ասաց՝ հույս ունի, որ մի օր թատրոնում կրկին հանդիսատես կլինի: Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ նախատեսվում է «Գոյ» թատրոնի վարչական հատվածը կրճատել, իսկ թատրոնի ստեղծագործական կազմը՝ «Գոյ» թատերախումբ անունով, կշարունակի գործունեություն ծավալել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տանիքի ներքո: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, որը նախագծի հեղինակն է, վստահեցրել էր, որ այդ պարագայում «Գոյ»-ը կարող է ընդլայնել իր հնարավորությունները: 2024 թվականի հունվարի 30-ին ՀՀ կառավարության որոշմամբ՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրը «Գոյ» թատրոնը վերակազմակերպել է՝ միավորելով այն Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ: «Գոյ» թատրոնի ստեղծագործական կազմը դեմ է միավորմանը: Նրանք առաջարկում են իրենց հնարավորություն տալ գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն, սակայն «Գոյ»-ի բեմում:
15:03 - 02 ապրիլի, 2024
ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը քննարկել է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը

ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը քննարկել է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը

ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որն այս անգամ անցկացվել է արտագնա ձևաչափով՝ Դիլիջանի երիտասարդական կենտրոնում։ Խորհրդի անդամները նախ մասնակցել են երիտասարդական կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը. նրանք շրջել են կենտրոնում, ծանոթացել դրա ենթակառուցվածքներին: Այնուհետև տեղի է ունեցել խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Ողջունելով խորհրդի անդամներին՝ նախարարը նշել է, որ անհրաժեշտ է հաճախ առիթներ գտնել, և քննարկումներն անցկացնել տարբեր բնակավայրերում․ «Քանի որ նիստի օրակարգում ներառված էր «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծը, որոշեցինք, որ լավ առիթ է այն անցկացնել նորաբաց երիտասարդական կենտրոնում՝ կարևորելով քննարկվող ծրագրերը նաև առարկայական տեսնելու փաստը»։ Անդրադառնալով օրենքի նախագծին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ այն ընթացիկ տարվա կարևորագույն անելիքներից է․ «Քանի որ երիտասարդության ոլորտում առկա են բազմաթիվ ծրագրեր, ուստի անհրաժեշտություն է առաջացել ունենալ ավելի ընդհանուր իրավական կարգավորումներ, որը թույլ կտա ոլորտի քաղաքականությունը դարձնել ավելի համակարգված և արդյունավետ, իսկ իրականացվող ծրագրերը՝ առավել փոխկապակցված և համադրելի»։ Երիտասարդության ոլորտը կունենա իր մայր օրենքը Նիստի օրակարգի առաջին հարցը՝ «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ մեր երկիրը երբեք չի ունեցել երիտասարդության ոլորտը կարգավորող օրենք, և Կառավարության ծրագրով առկա է նման օրենքի մշակման պարտավորություն․ «Նախագծի քննարկումը շատ ակտիվ և մասնակցային է ընթանում․ նախարարի հրամանով նոյեմբերին ստեղծվել է աշխատանքային խումբ, որն ունի իր ենթախմբերը, որոնք ամեն մարզում 3-ական, իսկ Երևանում՝ 2-ական հանրային քննարկումներ պետք է անցկացնեն։ Ընդ որում՝ նախագիծը մշակվում է հենց երիտասարդների ակտիվ մասնակցությամբ»,-նշել է Արթուր Մարտիրոսյանը՝ ընդգծելով օրենքի հիմնական նպատակը, այն է՝ երիտասարդության ոլորտում պետության կողմից վարվող քաղաքականության իրավական հենքի ստեղծում, ֆինանսավորման բաշխման հիմնական սկզբունքների ու պետական մարմինների և ոչ պետական կազմակերպությունների լիազորությունների և գործառույթների սահմանում: Ըստ փոխնախարարի՝ օրենքով կկարգավորվեն երիտասարդական քաղաքականության մշակման և իրականացման գործընթացները, ինչպես նաև այդ գործընթացում ներգրավված սուբյեկտների և պետական կառավարման մարմինների միջև ծագող իրավահարաբերությունները: Կսահմանվի երիտասարդի տարիքային նոր շեմ Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է՝ օրենքի նախագծով սահմանվել է, որ երիտասարդ է համարվում 13-ից 30 տարեկան քաղաքացին՝ ընդգծելով, որ այդ հարցում հիմք է ընդունվել եվրոպական լավագույն փորձը։ Սահմանվել է նաև երիտասարդ ընտանիքը, որտեղ ամուսիններից առնվազն մեկը երիտասարդ է, և նրանց գումարային տարիքը չի գերազանցում 70-ը։ Նրա խոսքով՝ օրենքի նախագծով սահմանվել են մի շարք հասկացություններ՝ երիտասարդական աշխատանք և աշխատող, երիտկազմակերպություն, ոչ ֆորմալ խմբեր, աշակերտական և ուսանողական խորհուրդներ, ինչպես նաև երիտասարդական կազմակերպությունների միացյալ մարմին, որը հանդիսանում է դրանց ներկայացուցչական մարմինը, այդ թվում՝ միջազգային հարթակներում։ Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է նաև երիտասարդական միջավայրին, որտեղ, ըստ փոխնախարարի, փորձ է արվել տարբերակված մոտեցում ցուցաբերել՝ երիտասարդական կենտրոն, համայնքային երիտասարդական կենտրոն և երիտասարդական տարածք: Կսահմանվի երիտասարդական ծրագիրը Ըստ նախարարի տեղակալի՝ նախագծում հստակ սահմանվել է նաև երիտասարդական ծրագիրը, որը պետք է պետական քաղաքականությունից բխող գործառույթների կամ նպատակների իրականացմանն ուղղված կոնկրետ նախագիծ լինի։ Փոխնախարարը հասարակական խորհրդի անդամներին մանրամասն ներկայացրել է երիտասարդական քաղաքականության բնագավառում պետական կառավարման լիազորված մարմնի և ՏԻՄ իրավասությունները, ինչպես նաև երիտասարդական պետական քաղաքականության մշակման, հաստատման և իրականացման գործընթացները։ Արթուր Մարտիրոսյանը հանգամանորեն ներկայացրել է նաև տվյալ ոլորտում պետական քաղաքականության մշտադիտարկման և գնահատման համակարգը՝ երիտասարդության ազգային ինդեքսը, որն այդ քաղաքականության ազդեցությունը գնահատելու համապարփակ գործիք է։ Այն կարող է հիմք հանդիսանալ փաստահեն պետական երիտասարդական քաղաքականության մշակման, առաջնահերթությունների սահմանման և թիրախային ներդրումների համար: 2025 թ. բյուջետային և 2025-27 թթ. ՄԺԾԾ հայտը․ ԿԳՄՍ ոլորտներին հատկացվող բյուջեն շարունակաբար աճում է Օրակարգի երկրորդ հարցը՝ 2025 թ. բյուջետային և 2025-27 թթ. ՄԺԾԾ հայտը ներկայացրել է ԿԳՄՍՆ ռազմավարական պլանավորման և մոնիթորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանը: Նա նշել է, որ ՄԺԾԾ ռազմավարական հիմքերն են՝ ՀՀ կառավարության 2021-2026 թթ․ ծրագիրը, ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը, Մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման ու Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների զարգացման ռազմավարությունները: Ըստ զեկուցողի՝ ԿԳՄՍ ոլորտներին հատկացվող բյուջեն շարունակաբար աճում է․ 2020 թվականի համեմատ այն աճել է ավելի քան 80 տոկոսով, իսկ 2025 թվականի հայտը 2024-ի համեմատ նախատեսում է ևս 20 տոկոսի աճ։ «Այս տարի ԿԳՄՍ նախարարությունը բյուջեի գլխավոր կարգադրիչ է հանդիսանում է 22 բյուջետային ծրագրերի մասով, որոնք ներառում են շուրջ 230 քաղաքականության միջոցառումներ։ Հայտով առաջարկվել է ևս 1 նոր բյուջետային ծրագիր ու 38 միջոցառում։ Ֆինանսական բաշխումն ըստ ԿԳՄՍ ոլորտների այսպիսին է. կրթություն՝ 81 տոկոս, գիտություն՝ 10 տոկոս, մշակույթ՝ 6 տոկոս, սպորտ՝ 2 տոկոս, երիտասարդություն՝ 1 տոկոս»,-նշել է Ռոբերտ Ստեփանյանը: Կրթության ոլորտի ֆինանսավորման հիմնական մասը հատկացվում է հանրակրթությանը՝ 82 տոկոս Նրա խոսքով՝ կրթության ոլորտի ֆինանսավորման հիմնական մասը հատկացվում է հանրակրթությանը՝ 82 տոկոս, որը պայմանավորված է շահառուների մեծ թվով և երեխաների՝ միջնակարգ կրթություն ստանալու սահմանադրական իրավունքի պահպանմամբ։ Հանրակրթության ոլորտի բյուջեն այս տարի կազմել է 225 մլրդ դրամ, որի մեծ մասը դպրոցների ֆինանսավորումն է։ Բացի դրանից՝ գումարներ կուղղվեն ուսուցիչների օժանդակությանը, դասագրքերի տպագրությանը և աշակերտների աջակցությանը։ «Միջնաժամկետ ծախսային ծրագիրը կազմված է երկու մասից՝ գոյություն ունեցող պարտավորություններ և նոր նախաձեռնություններ։ Ըստ հայտի՝ 15 մլրդ դրամով ավելանում են գոյություն ունեցող պարտավորությունների մասով ծախսերը, որը հիմնականում պայմանավորված է դպրոցների ֆինանսավորման նոր մեխանիզմների ներդրմամբ։ Վերջին տարիներին մեծ հատկացումներ են արվում դպրոցաշինության և գույքով համալրման ծրագրերին․ այս տարի նախատեսվում է 113 մլրդ դրամ, իսկ մյուս տարի կունենաք 8 մլրդի աճ՝ ներառյալ մանկապարտեզները»,-նշել է Ռոբերտ Ստեփանյանը՝ հավելելով, որ կամավոր ատեստավորման գործընթացին կհատկացվի 10 մլրդ դրամ։ Այս պահին հավելավճար է ստանում 3700 ուսուցիչ․ նախատեսվում է, որ մյուս տարի նրանց թիվը կհասնի 5300-ի։ Աշակերտների անվանական թոշակին կտրամադրվի 197 մլն դրամ, որը պայմանավորված է շահառուների թվով, ԲՏՃՄ կրթությանը՝ 175 մլն դրամ, որն իր մեջ ներառում է լաբորատորիաների ստեղծման և ուսուցիչների վերապատրաստման գործընթացները։ Որպես նոր նախաձեռնություն՝ այս տարի նախատեսվում է դպրոցների լրացուցիչ ֆինանսավորման ծրագիրը՝ 1 մլրդ 260 մլն դրամ ընդհանուր ծավալով: Այն կուղղվի դպրոցներին որպես լրացուցիչ խրախուսման ֆոնդ՝ ցուցաբերած լավ ցուցանիշների համար։ Նախադպրոցական կրթության ոլորտում պետբյուջեից գումար է հատկացվում որոշ սոցիալական խմբերի Նախադպրոցական կրթության ոլորտում ծախսային հիմնական ուղղություններն են՝ հասանելիության ապահովում, մանկավարժների վերապատրաստում և տարակարգի համար տրվող հավելավճարներ։ Գոյություն ունեցող պարտավորությունների մասով նախատեսվում է շահառուների թվի աճ, որի նպատակով կհատկացվի լրացուցիչ 5 մլրդ դրամ։ Այս պահին նախադպրոցական ոլորտում պետական բյուջեից ֆինանսավորում է տրվում ԿԱՊԿՈՒ երեխաներին, որոնց թիվը 5 անգամ աճել է նախորդ տարվա համեմատ, գումար է հատկացվում զինծառայողների երեխաների՝ այս ոլորտի կրթությանը, իսկ այս սեպտեմբերից այն կստանան նաև անապահով ընտանիքների երեխաները։ Որպես նոր նախաձեռնություն՝ նախատեսվում է մանկավարժների տրանսպորտային ծախսերի փոխհատուցմանը հատկացնել 61 մլն դրամ։ ՄԿՈՒ ոլորտում կներդրվի կամավոր ատեստավորում ՄԿՈՒ ոլորտի բյուջետային հատկացումներն այս տարի կազմում են 15 մլրդ դրամ․ հիմնական ծախսային ուղղություններն են՝ ուսանողական նպաստները և կրթաթոշակները, ինչպես նաև ՄԿՈւ բարեփոխումների ծրագրերը։ Գոյություն ունեցող պարտավորությունների մասով ներդրումները կավելանան 1,5 մլրդ դրամով, որից տրասնպորտային ծախսերի փոխհատուցմանը՝ 280 մլն դրամ, կամավոր ատեստավորմանը՝ 345 մլն, իսկ կապիտալ ծախսերին՝ 815 մլն։ Որպես նոր նախաձեռնություններ՝ ոլորտի բովանդակային բարեփոխումներին կուղղվի 3 մլն դրամ, ԱՀՈՒ կրթական ծրագրերի ներդրմանը՝ 110 մլն, տարակարգին՝ 10 մլն, իսկ պետություն-մասնավոր համագործակցությանը՝ 400 մլն։ «Ակադեմիական քաղաք» ծրագրին կհատկացվի 2.1 մլրդ դրամ Բարձրագույն կրթության ոլորտում որպես նոր նախաձեռնություն նախատեսվում է «Ակադեմիական քաղաք» ծրագիրը, որին կհատկացվի 2.1 մլրդ դրամ, որը հետագայում աստիճանաբար կմեծանա: Այս ոլորտում ևս գործող ծրագրերի ծախսերը հիմնականում ուղղված են ուսանողական նպաստներին և կրթաթոշակներին, ուսանողներին տրամադրվող ծառայություններին։ Շահառուների շրջանակի ընդլայնմանը և կապիտալ ներդրումներին կհատկացվի շուրջ 1․1 մլրդ դրամ: Կրթության այլ ծրագրերով որպես նոր նախաձեռնություն նախատեսվում է 70 մլն դրամ հատկացնել հայերենի իմացության թեստի մշակման աշխատանքներին, իսկ գործող ծրագրերից ռազմամարզական ճամբարներին՝ 1,6 մլրդ, ՏՀՏ-ին՝ 70 մլն, Սփյուռքի հետ կապերի և միջազգային համագործակցության ընդլայնմանը՝ 500 մլն, արտադպրոցական հաստատությունների աշխատողների կամավոր ատեստավորմանը՝ 1,4 մլրդ: Մոտ 14 մլրդ դրամի հայտ՝ գիտական սարքերի ձեռքբերման նպատակով Գիտության ոլորտում հիմնական ծախսային ծրագրերն ուղղված են գիտական ենթակառուցվածքի արդիականացմանը, գիտական թեմատիկ և նպատակային հետազոտություններին, գիտաշխատողների հավելավճարներին և գիտական գրականության հրատարակմանը։ 2025 թվականի համար ներկայացվել է հավելյալ մոտ 14 մլրդ դրամի հայտ՝ ժամանակակից և թանկարժեք սարքերի ձեռքբերման, ինչպես նաև գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացման համար։ 5 մլրդ դրամ կուղղվի մշակույթի գործիչների խրախուսմանը և այլ ծրագրերի Մշակույթի ոլորտում բյուջետային հիմնական ծրագրերն են՝ արվեստ, կինեմատոգրաֆիա, մշակութային ժառանգություն, գրահրատարակչություն, մարզերի մշակութային զարգացում և գեղագիտական կրթություն։ Որպես նոր նախաձեռնություններ՝ շուրջ 5 մլրդ դրամ կուղղվի մշակույթի գործիչների դրամական խրախուսմանը, համայնքային մշակութային-ժամանցային կենտրոնի ստեղծմանը, էլեկտրոնային հարթակի ներդրմանը և կինոարտադրության ներդրումների վերադարձի ծրագրին: Գործող ծրագրերի ընդլայնմանը կհատկացվի շուրջ 3 մլրդ դրամ, որը կուղղվի ֆինանսավորման նոր մոդելի ներդրմանը և տեղեկատվական մոդուլային կենտրոնների ստեղծման աշխատանքներին։ Նորաստեղծ Մշակույթի զարգացման հիմնադրամին կտրամադրվի 340 մլն դրամ, իսկ հուշարձանների վերականգնման ծախսերը՝ 1․8 մլրդից կավելանան 330 մլն դրամով: Սպորտի ոլորտի ֆինանսավորումը կավելանա Սպորտի ոլորտում այս տարվա 7,5 մլրդ դրամին կավելանա ևս 1,5 մլրդ, որը կուղղվի գործող ծրագրերին՝ մրցաշարերի ընդլայնմանը, անվանական թոշակ ստացողների թվի աճին, գույքի ձեռքբերմանը և մասսայական սպորտային միջոցառումներին, այդ թվում՝ «Վարչապետի գավաթ» մրցաշարերի մասնակիցների աճին: Որպես նոր նախաձեռնություններ՝ շուրջ 5 մլրդ ֆինանսավորում կհատկացվի հետևյալ ծրագրերին՝ միջազգային մրցաշարերի անցկացում և մասնակցություն, կարողությունների զարգացում, առողջ ապրելակերպի և ֆիզիկական ակտիվության խրախուսում, կապիտալ ներդրումներ: Երիտասարդության ծրագիրն ուղղված է պետական քաղաքականության շրջանակում ծրագրերին և միջոցառումներին, տարվա երիտասարդական մայրաքաղաք միջոցառմանը, երիտասարդ ընտանիքներին աջակցությանը և երիտասարդական կենտրոնների ստեղծմանը։ Երիտասարդական ոլորտում այս տարվա 2,3 մլրդ դրամին կավելանա 387 մլն, որը հիմնականում կուղղվի 8 երիտասարդական կենտրոնների ստեղծմանը և երիտասարդ ընտանիքների աջակցությանը։ Ոլորտային հատկացումների շարունակական աճ է գրանցվում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ մի քանի տարի շարունակական աճ է գրանցվում ԿԳՄՍ ոլորտների բյուջետային հատկացումների մասով, որը ցույց է տալիս Կառավարության՝ այս ոլորտների շարունակական արժևորումը և առաջնահերթությունը։ Ընդ որում, ըստ նախարարի, համաշխարհային միտումներով համավարակից հետո երկրների մեծ մասում կրթության բյուջեն կրճատվել է, որը մեր երկրում տեղի չի ունեցել՝ չնայած բազում մարտահրավերներին։ Հարցեր զեկուցողներին Զեկուցումներից հետո հասարակական խորհրդի անդամները մի շարք հարցեր են ուղղել նախարարին, ինչպես նաև հիմնական զեկուցողներին։ Մասնավորապես՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանին հետաքրքրել են դպրոցական գրադարանների համալրման և մշակութային գործիչների խրախուսման ծրագրերը, իսկ Եզդիների ազգային միության ներկայացուցիչ Հասան Թամոյանին՝ երիտասարդ ընտանիքի աջակցության և վաղ ամուսնությունների կանխարգելման հարցերը։ ՀՄԿ վերապատրաստող-մենթոր Խորեն Ոսկանյանն անդրադարձել է երիտասարդական ներկայացուցչական մարմնի կառավարման, տրանսպորտային ծախսերի փոխհատուցման և դպրոցաշինության ծրագրերին, իսկ «Համաչափ զարգացման երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչ Սարգիս Մովսիսյանը՝ ՏԻՄ-երի պարտավորությունների և երիտկենտրոնների հետ համագործակցության, դրամաշնորհների տրամադրման և երիտասարդ աշխատողի վերաբերյալ հարցերին։ «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի ներկայացուցիչ Գրիգոր Երիցյանն արձանագրել է, որ օրենքի նախագծի շուրջ քննարկումները բավականին մասնակցային են, որոնք ներառում են նաև երիտասարդական կազմակերպություններին։ Նրա խոսքով՝ նախատեսվում է 500 երիտասարդի մասնակցությամբ շուրջ 50 հանրային քննարկում ունենալ նախագծի շուրջ։ Նա նաև անդրադարձել է ՏԻՄ-երի՝ երիտասարդական ծրագրերին տրամադրվող բյուջետային հատկացումների և երիտասարդության ազգային ինդեքսի հարցերին։ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ֆիզիկական կուլտուրայի և քաղաքացիական պաշտպանության ամբիոնի վարիչ Էռնեստ Ավանեսովին հետաքրքրել են սպորտի ոլորտի հատկացումները և մարզային դպրոցներին մարզագույքի տրամադրման խնդիրները, իսկ ԳԹԿ ներկայացուցիչ Արամ Ծատուրյանին՝ դպրոցական գրադարանների համալրման հարցերը։ «Կանանց, երիտասարդների և կրթության հզորացման» ՀԿ-ի ներկայացուցիչ Տիգրան Ենգիբարյանն անդրադարձել է երիտասարդ մանկավարժների համար մատչելի բնակարանների ապահովման հնարավորությանը, ԿԶՆԱԿ-ի ներկայացուցիչ Մխիթար Գասպարյանը՝ երիտասարդական ոչ ֆորմալ կրթական ծրագրերին, իսկ «Նոր էջից երիտասարդական ասոցիացիա» ՀԿ-ի ներկայացուցիչ Մարատ Ղուկասյանը՝ երիտասարդական կենտրոններին։ Նախարարը և զեկուցողները հանգամանալից և մանրամասն անդրադարձել են բարձրացված բոլոր հարցերին, տվել համապատասխան պարզաբանումներ։ Շնորհակալություն հայտնելով արդյունավետ քննարկման համար՝ նախարար Ժաննա Անդրեասյանը հորդորել է բոլոր առաջարկություններն ու դիտողությունները սահմանված ժամկետներում ներկայացնել նախարարություն, որոնք, ըստ անհրաժեշտության, տեղ կգտնեն լրամշակվող նախագծերում։ «Որպես առաջին հերթին նախարարին կից հասարակական խորհրդի անդամների առաջարկներ՝ մեզ համար դրանք շատ արժեքավոր են»,- ամփոփելով նիստը՝ նշել է Ժաննա Անդրեասյանը։
12:39 - 01 ապրիլի, 2024
Հատկացումներ՝ Փարաջանովի և Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանը

Հատկացումներ՝ Փարաջանովի և Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանը

ՀՀ կառավարության որոշմամբ պետական բյուջեում կատարվել է վերաբաշխում՝ ԿԳՄՍ նախարարությանը գումար հատկացնելու նպատակով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Ըստ այդմ՝ hատկացված 1 մլրդ 393 մլն 405.8 հազար դրամ գումարը կուղղվի անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի և Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի պատվո լեգեոնի շքանշանակիր, աշխարհահռչակ շանսոնիե, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանն ու իրականացմանը: Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակներն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ. օրացույցում, և նախատեսվող հոբելյանական միջոցառումներն իրավունք ունեն հանդես գալու ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարբերանշանի ներքո: Հանճարեղ կինոռեժիսորի և շանսոնիեի հոբելյանները կարևորվում են նրանց արվեստի արժևորման, միջազգայնացման և ուրույն ստեղծագործական ժառանգության հանրահռչակման տեսանկյունից: Սերգեյ Փարաջանովը թողել է բացառիկ ժառանգություն, որն այսօր մեծ հետաքրքրություն ունի աշխարհում, սակայն մինչ օրս մնում է չուսումնասիրված: Հոբելյանական տարվա համատեքստում բազմաթիվ օտարերկրյա կինոկազմակերպություններ ցանկություն են հայտնել կազմակերպել միջոցառումներ՝ նվիրված մեծ վարպետին, և դրանց մի մասն ընդգրկվել է հոբելյանական միջոցառումների ցանկում: Նախատեսվում են երկու տասնյակից ավելի տարաբնույթ միջոցառումներ, որոնք միտված են բացահայտելու Փարաջանով արվեստագետին, ուսումնասիրելու նրա արվեստն ու յուրօրինակ կինոժառանգությունը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայանալիք հոբելյանական միջոցառման շրջանակում ներկայացվելու են լուսանկարչական ցուցահանդես, «Նռան գույնը» ֆիլմը և ֆիլմի հատվածների ինստալյացիոն ցուցադրություն: Հոբելյանական միջոցառումների ծրագրով նախատեսված են նաև գիտաժողովներ, ցուցահանդեսներ, հրատարակչական, մարզային և կրթական ծրագրեր, Հայաստանում և արտերկրում ֆիլմերի ցուցադրություններ, տեսալսողական արտադրանք՝ ֆիլմ և ֆիլմաշար, հեռուստահաղորդում, ինչպես նաև հուշանվերների ստեղծում և տարածում: Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակի հոբելյանական տարվա շրջանակում ամբողջ աշխարհում կազմակերպվում են միջոցառումներ՝ նվիրված ֆրանսիական երգարվեստի ամենաազդեցիկ ու նշանավոր հայազգի երաժիշտներից մեկին: Նախատեսված է իրականացնել 16 տարաբնույթ միջոցառում, որոնք միտված են հանրահռչակելու նրա ժառանգությունը: Լեգենդար արտիստի և մեծ հայի 100-ամյակի շրջանակում պատրաստվել է տոնակատարությունների ընդգրկուն ծրագիր. միջոցառումներ տեղի կունենան Ֆրանսիայում, Հայաստանում և ամբողջ աշխարհում։ Նախատեսված են համերգներ արտերկրում, Երևանում և ՀՀ մարզերում, ցուցահանդեսներ, հրատարակչական ծրագրեր, ինչպես նաև հուշանվերների ստեղծում և տարածում:
16:12 - 28 մարտի, 2024
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել են ակադեմիական քաղաքի հիմնական տեղամաս՝ Երևանի 17-րդ թաղամասին հարող տարածք՝ ծանոթանալու տեղանքին և մշակվող նախագծի մանրամասներին: Ակադեմիական քաղաքի տարածք են այցելել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին և այլք: ԿԳՄՍ նախարարն «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրականացման շրջանակում կարևորել է միջպետական բուհերի ակտիվ մասնակցությունը՝ դրանց կարիքները, առաջարկությունները, գաղափարները դիտարկելու և մշակվող նախագծում հաշվի առնելու նպատակով: Ժաննա Անդրեասյանը դեսպանին է ներկայացրել ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի նախնական տարբերակի մանրամասները, անդրադարձել դրա ենթակառուցվածքների տեղադիրքին: ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ առաջիկա ամիսներին պատրաստ կլինի ակադեմիական քաղաքի ամբողջական հատակագիծը, որն այժմ գտնվում է մշակման և նախագծման փուլում: Նախագծի հայեցակարգի շրջանակում զուգահեռաբար աշխատանքներ են իրականացնվում նաև լանդշաֆտային դիզայնի, ճանապարհային ցանցի ու անհրաժեշտ ենթակառուցվածքների նախագծման ուղղությամբ, ինչից հետո ծրագրի իրականացումը լինելու է փուլային սկզբունքով։ Ընդ որում՝ առաջին փուլի հիմնական կետերից մեկը լինելու է երկաթուղու գործարկման ուղղությամբ աշխատանքների մեկնարկը։ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին բարձր են գնահատել նախագծի շուրջ իրականացվող մեծածավալ աշխատանքները՝ «Ակադեմիական քաղաք» ծրագիրը համարելով համարձակ, հավակնոտ և գրավիչ: Ֆրանսիական կողմը պատրաստակամություն է հայտնել Հայաստանում ֆրանսիական համալսարանի գործունեության զարգացման ու ընդլայնման օրակարգը դիտարկելու «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում: Նախագծի իրականացումը կարևորվել է նաև օտարերկրյա ուսանողների ներգրավվածության տեսանկյունից՝ հաշվի առնելով, որ ակադեմիական քաղաքում միջազգային չափանիշներին համապատասխան ուսանողական հանրակացարաններ և այլ կարևոր ենթակառուցվածքներ են լինելու: Դեսպան Օլիվիե Դըկոտինյին հետաքրքրվել է նախագծվող քաղաքի հանրակացարանային, տրանսպորտային և այլ ենթակառուցվածքներից՝ շեշտելով, որ դրանք առաջնային անհրաժեշտություն են: Նշենք՝ միջպետական բուհերի կարիքներն ու պահանջներն ակադեմիական քաղաքի ստեղծման գործընթացում հնարավորինս հաշվի առնելու, մշտական իրազեկման աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու, նախատեսվող լուծումների քննարկումներն առավել մասնակցային դարձնելու նպատակով դիտարկվում է առանձին աշխատանքային խումբ ձևավորելու հնարավորությունը: Ակադեմիական քաղաքի նախագծման և հայեցակարգի ձևավորման արդյունավետության նպատակով համագործակցությունը միջազգային գործընկեր կառույցների հետ կրելու է շարունակական բնույթ:
13:07 - 28 մարտի, 2024
«Վրացագիտության կենտրոնը նոր մեկնարկի հիանալի կետ է». Ժաննա Անդրեասյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի ներկայացուցիչներին

«Վրացագիտության կենտրոնը նոր մեկնարկի հիանալի կետ է». Ժաննա Անդրեասյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի ներկայացուցիչներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությանը:   Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը, ԱԺ պատգամավոր Նարեկ Բաբայանը, ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն, Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի մի շարք անդամներ:   ԿԳՄՍ նախարարը, ողջունելով հյուրերին, նախ շնորհավորել է Վրաստանի ֆուտբոլի հավաքականի նախորդ օրվա հաջողության՝ Հունաստանի նկատմամբ տարած հաղթանակի առթիվ։ Ժաննա Անդրեասյանը երկու երկրների բարեկամական սերտ հարաբերությունների զարգացումն ապահովելու նպատակով կարևորել է կրթության, գիտության և երիտասարդության ոլորտներում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունների զարգացումը և ընդլայնումը: «Վրաստանի գործադիր մարմնի գործընկերների հետ երկկողմ համագործակցության օրակարգը քննարկելու հնարավորությունից հետո ուրախ ենք նաև օրենսդիր մարմնի շրջանակում այդ երկխոսությունը շարունակելու: Կարծում եմ՝ փոխադարձ այցելություններն ու քննարկումները ցույց են տալիս հարաբերությունների այն բարձր մակարդակը, որն առկա է երկու երկրների միջև»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը՝ կարևորելով համագործակցության ներուժի ամբողջական իրացումը: Հանդիպմանն անդրադարձ է եղել այս օրերին Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարիի գլխավորած պատվիրակության այցին Հայաստան, որի շրջանակում մարտի 27-ին Երևանի պետական համալսարանում հանդիսավորությամբ բացվել է վրացագիտության կենտրոնը: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը համոզմունք է հայտնել՝ այն կնպաստի գործընկերության խորացմանը: «Պատրաստ ենք քննարկել վրացագիտության կենտրոնի հիման վրա մեր հետագա ծրագրերն ու անելիքները: Սա նոր մեկնարկի հիանալի կետ է, որտեղից կարող ենք այդ ուղղությամբ ավելի ընդլայնել մեր համատեղ աշխատանքները: Թբիլիսիի պետական համալսարանում գործում է հայագիտության կենտրոնը, որը շատ լավ ավանդույթներ ունի: Կարծում ենք՝ այս ուղղությամբ մեր աշխատանքը կարող է շատ հեռանկարային լինել»,- ասել է ԿԳՄՍ նախարարը: Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել երկու բարեկամ ժողովուրդների միջև անմիջական շփումները: Այս համատեքստում Գիվի Միքանաձեն ընդգծել է ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր մարմինների միջև սերտ համագործակցության ամրապնդումը:   Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև համատեղ իրականացվող աշխատանքները Վրաստանի հայալեզու դպրոցների հայոց լեզվի և գրականության ուսուցիչների մասնագիտական վերապատրաստման, ատեստավորման և հավաստագրման գործընթացի շրջանակում, ՀՀ հանրակրթական դպրոցներում վրացերենի դասավանդման փորձն ու դրա ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև միջպետական ծրագրի շրջանակում իրականացվող կրթաթոշակային ծրագիրը: Վրացական կողմն ընդգծել է, որ հետաքրքրված է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում «Դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման հաջողված փորձով: Հարևան երկիրը ցանկություն ունի առավել մանրամասն ուսումնասիրելուց հետո ծրագիրը տեղայնացնել Վրաստանի դպրոցներում: Վրաստանի խորհրդարանի ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև գիտության, բարձրագույն կրթության ու երիտասարդության ոլորտներում երկկողմ համագործակցության ծրագրերին՝ վերահաստատելով հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլերի պատրաստակամությունը: Մասնավորապես՝ կարևորվել է Erasmus+, Horizon Europe ծրագրերի շրջանակում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը, որը կնպաստի երկու պետությունների բուհերի և գիտական կազմակերպությունների միջազգայնացման գործընթացի զարգացմանը:   ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև Հայաստանի և Վրաստանի միջև երիտասարդական համաժողովների կազմակերպումը, որը, անկասկած, կնպաստի երկու երկրերի երիտասարդների շփման և երկխոսության զարգացմանը, բարեկամական կապերի ամրապնդմանը և համատեղ նոր նախաձեռնությունների իրականացմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
18:10 - 27 մարտի, 2024
Սա պետության շարունակական և կարևոր քաղաքականությունն է. ԿԳՄՍ նախարարը՝ Ապարանի երիտասարդական կենտրոնի բացմանը

Սա պետության շարունակական և կարևոր քաղաքականությունն է. ԿԳՄՍ նախարարը՝ Ապարանի երիտասարդական կենտրոնի բացմանը

ՀՀ Կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախատեսվում է մինչև 2026 թվականը հիմնել 25 երիտասարդական կենտրոն՝ մարզերում երիտասարդության ներուժի բացահայտման, համակողմանի զարգացման, ինտելեկտուալ ժամանցի կազմակերպման, երիտասարդական միջավայրի ձևավորման նպատակով: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից: Նմանօրինակ կենտրոնների շարքում հերթականն Ապարանի «ԱլտերաԼաբ» երիտասարդական կենտրոնն է, որի բացման արարողությանն այսօր մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Արագածոտնի մարզպետի տեղակալ Միլադա Հովհաննիսյանը, Ապարան խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանը, միջազգային տարբեր կառույցների, ՏԻՄ ներկայացուցիչներ, երիտասարդներ: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին, առաջին հերթին շնորհավորել է Ապարան համայնքի երիտասարդներին ստեղծված հնարավորության համար. «Սա մեր շարունակական և կարևոր քաղաքականությունն է՝ տարբեր համայնքներում ստեղծել միջավայրեր, որտեղ երիտասարդները կարող են հավաքվել, քննարկել, զրուցել նոր գաղափարների շուրջ, ծանոթանալ միմյանց հետ, ինչպես նաև իրազեկվել գործող ծրագրերի մասին: Նրանք կարող են մասնակցել նաև տարբեր ուղղություններով ոչ ֆորմալ կրթական դասընթացների՝ դրանով զարգացման ավելի նոր հնարավորություն ստանալով»,- նշել է նախարարը՝ տեղեկացնելով, որ Մեղրիում և Իջևանում արդեն գործում են նմանօրինակ կենտրոններ: Ըստ նախարարի՝ երկու օրից երիտասարդական կենտրոն կբացվի նաև Դիլիջանում, իսկ տարվա ընթացքում՝ ևս չորս համայնքում: Ժաննա Անդրեասյանը կարևորել է այն փաստը, որ ծրագիրն իրականացվել է ԿԳՄՍ նախարարության, մասնավոր և հասարակական սեկտորի, ինչպես նաև համայնքի հետ համագործակցության արդյունքում. «Եթե ջանքերը չմեկտեղվեն, ապա ծրագիրը չի ստացվի. յուրաքանչյուրն անում է իր ներդրումը՝ կենտրոնը հետագայում ապրեցնելու իմաստով: Ուրախ եմ, որ հենց տեղի կազմակերպություններն են ակտիվ՝ իրենց համայնքում այդ միջավայրը ստեղծելու առումով, ինչը կարևոր է նաև կենտրոնի շարունակականության համար: Այսինքն՝ տեղում այդ ռեսուրսը, պահանջն ու ջանքը կան, և նախարարությունը դրան աջակցում է»: Նախարարը նաև տեղեկացրել է, որ այս տարի նախատեսվում է սկսել փորձնական ծրագիր՝ հիմնելով բազմաֆունկցիոնալ կենտրոն, որտեղ կմեկտեղվեն մշակույթի տան, երիտասարդական կենտրոնի և համայնքային գրադարանի ֆունկցիաները: «Մեր համայնքներում կան բավականին շատ տարածքներ, որոնք նախկինում ակտիվ գործունեություն են ծավալել, սակայն նոր ժամանակներում դրանք նորովի վերաիմաստավորելու և ապրեցնելու խնդիր կա: Իհարկե, բարեկարգ և տրամադրող միջավայրը հաճելի է, սակայն այստեղ ամենակարևորը բովանդակությունն է. միջավայրը պետք է ծառայի մտքին և այն գաղափարներին, որ ունեն հենց տեղի երիտասարդները՝ դպրոցականները, ուսանողները, ինչպես նաև տվյալ պահին որևէ հաստատությունում չսովորող անձինք: Մենք արդեն ունենք հրաշալի օրինակներ, թե ինչպես են այս կենտրոնները համայնքներում փոխում կյանքի որակը և նպաստում երիտասարդների քաղաքացիական մտածողության զարգացմանը. դրանցում ծնվում են լավ գաղափարներ, որոնք առաջին հերթին ուղղված են հենց համայնքների զարգացմանը»: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ Ապարանի երիտասարդական կենտրոնը եզակի է այն իմաստով, որ ունի գիշերակացի հնարավորություն. «Կարևոր է, որ յուրաքանչյուր համայնքում տարբեր ձևաչափեր ունենք: Օրինակ՝ այս կենտրոնում կարելի է կազմակերպել գիշերակացով դասընթացներ, որը լրացուցիչ հնարավորություն է ընձեռում ավելի լայն գործունեության համար: Հույս ունեմ, որ այս կենտրոնը դառնալու է Ապարանի ամենասիրված վայրերից մեկը, որտեղ դասից հետո շտապելու են դպրոցականները՝ կազմակերպելու իրենց ժամանցը, ինչպես նաև ուսանողները և մյուս շահառուները»,- նշել է նախարարը՝ կենտրոնին մաղթելով հաջող և բուռն գործունեություն: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է՝ երիտասարդական կենտրոններում պետք է իրականացվի արհեստավարժ աշխատանք՝ ուղղված ֆորմալ կրթությունից զատ երիտասարդների անձնային զարգացման, սոցիալական ներառման և ակտիվ քաղաքացիության ձևավորմանը, նրանց կարողությունների բացահայտմանն ու զարգացմանը, կրթական, մշակութային, սոցիալական բնույթի հետաքրքրությունների բավարարմանը: «Վստահ եմ՝ կենտրոնում երիտասարդներին կփոխանցվեն կարևոր գիտելիքներ պետության և իրավունքի, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության և այլնի մասին: Այս ամենը շատ օգտակար կլինի երիտասարդների համար, որոնք նախևառաջ իրենց սեփական համայնքն ու մարզը զարգացնելու ուղղությամբ պետք է ջանքեր ներդնեն: Համոզված ենք՝ երիտասարդներն իրենց ակտիվ մասնակցությունը պետք է ունենան մեր հանրային կյանքին, ընդ որում՝ պարտադիր չէ, որ դա վերաբերի միայն երիտասարդական քաղաքականությանը կամ ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտներին: Կարծում ենք՝ սա կլինի այն հանգույցը և հարթակը, որի միջոցով պետական ցանկացած ծրագիր հասանելի կլինի մեր երիտասարդներին»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը՝ տեղեկացնելով, որ երիտասարդական տարբեր ծրագրեր արդեն կուղղորդվեն նաև Ապարանի երիտասարդական կենտրոն: Արագածոտնի մարզպետի տեղակալ Միլադա Հովհաննիսյանը ևս շնորհավորել է մարզի համար կարևոր ևս մեկ ենթակառուցվածքի ստեղծման կապակցությամբ` ծրագրի իրականացման համար շնորհակալություն հայտնելով ՀՀ կառավարությանն ու ԿԳՄՍ նախարարությանը. «Ծրագրին գույն և բովանդակություն հաղորդելու պարտականությունն արդեն դրվում է մեր երիտասարդների ուսերին: Վստահ եմ՝ կենտրոնը ծառայելու է ոչ միայն Ապարան խոշորացված համայնքին, այլև հարակից վարչական շրջանների և ամբողջ մարզի երիտասարդներին: Սա ևս մեկ հնարավորություն կլինի, որպեսզի մարզի երիտասարդները միավորվեն ու քննարկումներ իրականացնեն, որոնք կհանգեցնեն բազմաթիվ նորարարական գաղափարների ստեղծմանը՝ ի նպաստ մարզի զարգացման ու բարօրության»: Ներկաներին ողջունել է նաև Ապարան համայնքի ղեկավարի տեղակալ Հրայր Մկրտչյանը. «Մեր երիտասարդներն արդեն իսկ մեզ ստիպել են ավելի ակտիվ լինել և ուշադրության կենտրոնում պահել իրենց հարցերը: Վերջին տարիների ընթացքում մարզում իրականացվում են մի շարք ծրագրեր, որոնց գաղափարները գեներացվել են հենց երիտասարդների կողմից»: «ԱլտերաԼաբ» երիտասարդական կենտրոնի հիմնադիր Լաուրա Պողոսյանը ներկաներին տեղեկացրել է, որ 2022 թվականից կենտրոնը գործել է վերանորոգված փոքր տարածքում: Հետագայում, տեսնելով ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրի մասին հայտարարությունը, դիմել է և ընտրվել: Այժմ կենտրոնը բացվում է շինարարական և վերանորոգման ամբողջական աշխատանքների ավարտից հետո: Ներկայացնելով կենտրոնի գործունեությունն ու առաջիկա ծրագրերը՝ Լաուրա Պողոսյանն ընդգծել է, որ այստեղ երիտասարդները կարող են զարգացնել իրենց փափուկ հմտությունները, անձնային աճ գրանցել, քաղաքացիական կրթությանը ծանոթանալ: Երիտասարդական կենտրոնի ծրագրի շրջանակում առանձնացված է թեմատիկ մի քանի շրջանակ, որոնց ուղղությամբ տարվա ընթացքում կանցկացվեն դասընթացներ: «Ունենք կարողությունների բացահայտման և զարգացման ոչ ֆորմալ կրթական մեթոդներով դասընթացներ: Նաև շեշտադրում ենք կամավորական աշխատանքները, և երիտասարդներին բացատրում, թե որքան կարևոր են դրանք, այդ թվում՝ հմտությունների ձեռք բերման համար: Կենտրոնում հյուրընկալում ենք նաև արտերկրից ժամանած երիտասարդների, ինչը նպաստում է տեղի երիտասարդների հետ փոխշփումներին և համագործակցությանը»,- ասել է կենտրոնի հիմնադիրը՝ ընդգծելով, որ կարևորելու են նաև ոչ ֆորմալ կրթությունը երիտասարդական քաղաքականության հայեցակարգում: ԿԳՄՍ նախարարը և հյուրերը շրջել են նորաբաց կենտրոնում, ծանոթացել ենթակառուցվածքներին. կենտրոնի տարածքում գործելու է գրադարան, որը դեռևս հագեցման փուլում է, առանձնացված է սեմինարային քննարկումների հատված, կան գիշերակացի համար նախատեսված կահավորված հոսթել ոճի սենյակներ: Կենտրոնը կիրականացնի նաև շրջիկ երիտասարդների ակումբներ, որի նպատակը փորձի փոխանակումն է: Երիտասարդները կենտրոնում կարող են մասնակցել ինտելեկտուալ խաղերի, քվեստների, զարգացնել իրենց քննադատական մտածողությունը, ձեռք բերել մեդիագրագիտության և առողջ ապրելակերպի մասին գիտելիքներ, ծանոթանալ նոր տեխնոլոգիաներով աշխատանքի առանձնահատկություններին:
16:56 - 27 մարտի, 2024
Երկարաձգվել է արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունման ժամկետը

Երկարաձգվել է արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունման ժամկետը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը երկարաձգել է արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելության ժամկետը մինչև 2024 թվականի ապրիլի 12-ը ներառյալ: Գործընթացը կիրականացվի՝ համաձայն ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 2-ի «Պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրավճարի տրամադրման կարգը սահմանելու մասին» N 269-Ն որոշման: Վերոնշյալ որոշման հավելվածով սահմանված կարգին համապատասխան՝ 2024 թվականից սկսած՝ ատեստավորմանը կարող են մասնակցել նաև պետական և համայնքային մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոններում, մշակույթի տներում դասավանդող մանկավարժական աշխատողները։ Ատեստավորումն ըստ ուղղությունների իրականացվում է թեստավորման եղանակով: Անկախ դասավանդած ուղղությունների քանակից՝ մանկավարժական աշխատողը տվյալ տարում կարող է ատեստավորման հայտ ներկայացնել միայն մեկ ուղղությամբ՝ իր ընտրությամբ։ Ատեստավորմանը մասնակցելու համար մանկավարժական աշխատողները հայտերը ներկայացնում են Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի էլեկտրոնային մատյանում` at.emis.am, մինչև ապրիլի 7-ը՝ ժամը 18:00-ը, և ստանում հաղորդագրություն՝ հայտն ընդունված լինելու վերաբերյալ: Հայտարարությամբ նշված ժամկետի ավարտից հետո ներկայացված հայտերը չեն քննարկվում և վերադարձվում են հայտ ներկայացրած մանկավարժական աշխատողին՝ նշելով պատճառը: Ատեստավորման հայտ ներկայացնելիս պահանջվում են հետևյալ փաստաթղթերն ու տեղեկատվությունը՝ մանկավարժական աշխատողի անունը, ազգանունը, հայրանունը. ուսումնական հաստատության անվանումը, գտնվելու վայրը (մարզ, տարածաշրջան). դասավանդվող ուղղությունը, որից պատրաստվում է ատեստավորվել՝ նշելով դրույքաչափը. այլ արտադպրոցական ուսումնական հաստատությունում համատեղությամբ աշխատելու դեպքում՝ տեղեկանք աշխատանքի վայրից. հանրային ծառայությունների համարանիշը. մանկավարժական աշխատողի էլեկտրոնային հասցեն, բջջային հեռախոսահամարը. մարզադպրոցներում դասավանդող մանկավարժական աշխատողները ներկայացնում են նաև բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմի պատճենը, արվեստի և երաժշտական դպրոցներում դասավանդող մանկավարժական աշխատողները՝ բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթությունը հավաստող դիպլոմի պատճենը, իսկ մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոններում, մշակույթի տներում դասավանդող մանկավարժական աշխատողները՝ բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթությունը հավաստող կամ վերջին 5 տարում ատեստավորվող ուղղության դասավանդումը հավաստող տեղեկանքը։ Որևէ արտադպրոցական ուսումնական հաստատությունում չաշխատող և մանկավարժական աշխատողի պահանջները բավարարող անձը ատեստավորմանը մասնակցելու համար ներկայացնում է հետևյալ տեղեկատվությունը՝ անունը, ազգանունը, հայրանունը. կրթությունը հավաստող փաստաթուղթը (բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթության դիպլոմ, միջնակարգ կրթության ատեստատ). աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք. բնակության վայրը (մարզը, համայնքը). ուղղությունը, որից պատրաստվում է ատեստավորվել. հանրային ծառայությունների համարանիշը. էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարը։ Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող մանկավարժական աշխատողը կարող է մասնակցել ատեստավորմանը և սահմանված արդյունք ցուցաբերելու դեպքում օգտվել լրավճարի տրամադրման իրավունքից՝ արձակուրդից վերադառնալուց հետո։ Լրավճարի տրամադրման հնգամյա ժամկետը հաշվարկվում է ատեստավորման օրվանից սկսած։ Ատեստավորման անցկացումը նախատեսվում է 2024 թվականի մայիսի 4-ին և 5-ին։ Ատեստավորման անցկացման վերջնական ժամանակացույցը կհրապարակվի հայտերն ամփոփվելուց հետո։ Հայտերի լրացման մանրամասների վերաբերյալ հղումն այստեղ՝ չաշխատող անձի համար - https://support.emis.am/article/910, մանկավարժական աշխատողների համար - https://support.emis.am/article/909։ Տեխնիկական հարցերի դեպքում զանգահարել Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին հետևյալ հեռախոսահամարին՝ (+374 10) 578-455:
14:30 - 27 մարտի, 2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ

Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ։ Ներկայացնում ենք նախարարի ուղերձը․ «Թատերական աշխարհի սիրելի՛ ներկայացուցիչներ, հարգելի՛ թատերասերներ, ջերմորեն շնորհավորում եմ Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ։ Այս օրը մշակութային կյանքի, թատերասեր հանրության համար կարևոր իրադարձություն է՝ ևս մեկ անգամ ընդգծելու թատրոնի անփոխարինելի դերը բոլոր ժամանակներում։ Թատրոնն այն հայելին է, որում արտացոլվում է հասարակությունը՝ իր վարքականոններով, կենցաղավարությամբ, բարոյահոգեբանական նկարագրով, արժեհամակարգով և գեղագիտական ընկալումներով։ Թատրոնը նաև այն ճանապարհներից մեկն է, որը հասարակությանը տանում է դեպի կատարելագործում, ինքնակրթում և հոգևոր ապաքինում։ Թատրոնների զարգացման նպատակով մենք ձեռնամուխ ենք եղել թատերհամերգային կազմակերպություններում ֆինանսավորման նոր մոդելի ներդրմանը, որն ապահովել է էական փոփոխություն և նոր որակի է հասցնելու թատերական գործունեությունը՝ նպաստելով տնտեսության կարևոր ճյուղի՝ ստեղծարար արդյունաբերության զարգացմանն ու մշակութային կյանքին մարդկանց հաղորդակցմանը՝ այդպիսով բարձրացնելով նաև կյանքի որակը: Մենք կարևորում և խրախուսում ենք նաև թատերական գործունեության մասնավոր նախաձեռնությունները և աշխատանքի նորարար ոճը՝ արվեստի այս տեսակը դիտարկելով ունեցած արժեքների պահպանման ու նորի գիտակցման ներդաշնակ հարաբերակցության մեջ: Թատրոնի գրավչությունը բարձրացնելու, այն հասարակության ավելի լայն շերտերին՝ դպրոցահասակ երեխաներից սկսած՝ ավելի հասանելի և հետաքրքիր ներկայացնելու, թատերական կյանքն աշխուժացնելու և առավել մրցունակ դարձնելու ուղղությամբ պետության ուշադրությունը լինելու է շարունակական։ Ընդամենը օրեր առաջ` Թատրոնի միջազգային օրվան ընդառաջ. մենք հայտարարեցինք «Թատերական շաբաթ» նոր նախաձեռնության մասին, որի շրջանակում բազմաթիվ թատրոններ հանրության համար բացել են իրենց հյուրընկալ դռները ոչ միայն տարբեր ներկայացումներով, այլև կրթամշակութային ծրագրերով, ճանաչողական շրջայցերով, անվանի դերասանների և բեմադրիչների  հետ հանդիպումներով` ցուցադրելով թատրոնի իրականությունը վարագույրից այն կողմ` հետնաբեմում։ Մենք նախատեսել ենք, որ այս ծրագրի հիմնական շահառուները լինելու են դպրոցականները, որոնց համար թատրոնը ներսից տեսնելու հնարավորությունը կարևոր նշանակություն կունենա նաև մասնագիտական կողմնորոշման առումով: Թատերական շաբաթը դառնալու է մեր մշակութային կյանքի անբաժան մասը և իրականացվելու է ամեն տարի: Այս կարևոր օրն առանձնահատուկ ցանկանում եմ շնորհավորել թատրոնի երախտավորներին, որոնք իրենց գործունեությամբ թատրոնի պատմությունն են կերտում՝ միաժամանակ կերտելով հասարակության նկարագիրը։ Թատրոնի նվիրյալներին իրենց ստեղծագործ և պատասխանատու գործում մաղթում եմ անսպառ ներշնչանքներ, նոր գաղափարների իրագործման կամք և խիզախություն, իսկ մեր թատերասերներին՝ մշակութային բուռն օրեր և նոր բացահայտումներ»։
10:57 - 27 մարտի, 2024