Լևոն Զուրաբյան

Լեւոն Զուրաբյան, Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ։

Ծնվել է  1964 թ-ի մարտի 9-ին Երեւանում։ ՀՀ քաղաքական գործիչ է, հինգերորդ գումարման ՀՀ Ազգային Ժողովում եղել է «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար, ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի համակարգողն է։ 

Սովորել է Երեւանի Չեխովի անվան թիվ 55 դպրոցում։ 1985 թ. ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը, այնուհետեւ եղել է Երեւանի Ֆիզիկայի ինստիտուտում ասպիրանտ։ 1989-1991 թթ. նույն ինստիտուտում անցել է աշխատանքի։ 1988-ին սկիզբ առած շարժման ակտիվիստներից է, ներգրավված է եղել սահմանադրական խմբերում։ 1998-2000 թթ. ուսանել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի Պետական կառավարման եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։ 1991-1998 թթ աշխատել է ՀՀ առաջին նախագահի գրասենյակում՝ որպես նախագահի օգնական, ներքին՝ Հայաստանի տարբեր պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների, քաղաքական ուժերի հետ հարաբերությունների, ինչպես նաեւ արտաքին՝ ԱՊՀ ուղղությամբ քաղաքական կապերի հարցերով։ 1994 թվականից` զբաղեցրել է նաեւ մամլո խոսնակի պաշտոնը։ 2008-ի նախագահական ընտրություններին եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական կենտրոնական շտաբի ինը անդամներից մեկը եւ զբաղվել է հիմնականում արտաքին հարաբերությունների, նաեւ այլ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ համագործակցության հարցերով։ 

Մարդիկ, որոնք չեն խոսում մինչև Քուռ հասնելու, այլ խաղաղության մասին, հասնում են ամենամեծ հաղթանակներին․ Լևոն Զուրաբյան |news.am|

Մարդիկ, որոնք չեն խոսում մինչև Քուռ հասնելու, այլ խաղաղության մասին, հասնում են ամենամեծ հաղթանակներին․ Լևոն Զուրաբյան |news.am|

news.am: 1990-ականներին մենք կրկին փայլուն էինք կռվում, սակայն չէինք հասնի որևէ արդյունքի, եթե չլիներ պետական լրջագույն կազմակերպում։ Այս մասին այսօր՝ հունիսի 8-ին, Արցախյան պատերազմի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը։ «Ես համարում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ամենամեծ ազգայնականն է։ Եթե հայ ազգը չկարողանա քաղաքական գործիչներին դատել ըստ արժանվույն, մենք ապագա չենք ունենա։ Փորձը ցույց է տալիս, որ այն մարդիկ, որոնք ամպագոռգոռ բաներ չեն ասում, չեն խոսում մինչև Քուռ հասնելու, այլ խոսում են խաղաղության և դիվագիտության մասին, այդ մարդիկ հասնում են ամենամեծ հաղթանակներին։ 1990-ական թվականների հաղթանակի բանալին սա էր»,- ասաց նա։ Լևոն Զուրաբյանի կարծիքով՝ այս ընտրությունները հատուկ գործողություն են պետությունը փրկելու ուղղությամբ։ «Այս ընտրություններն իրականում արդյունքն են այդ պատերազմի։ Ընտրությունները չէին լինի, եթե չլիներ պատերազմը,որը, ցավոք, Հայաստանի և Արցախի համար ավարտվեց պարտությամբ։ Որևէ հասարակության մեջ ոչ մի բան ավելի թանկ չի համարվում, քան մարդու պատրաստակամությունը զոհաբերել սեփական կյանքը և անվտանգությունը հանուն հողի ու տան պաշտպանությանը»,- ընդգծեց Լևոն Զուրաբյանը։ Ըստ Լևոն Զուրաբյանի՝ ուժեղ են այն հասարակությունները և ազգերն, որոնք կարողանում են իրենց զինվորի նկատմամբ անհրաժեշտ պետական հոգատարությունը ցուցաբերել։      «Պետական հոգատարության համար մենք առաջին հերթին պետք է ունենանք պետություն, որը կարողանում է այդ հոգատարությունը կազմակերպել։ Տպավորություն է, որ այսօրվա գործող իշխանությունները հայտնվել են մի ճահճի մեջ և մեզ էլ են այդ ճահիճը տանում։ Մենք այսօր մոտեցել ենք այն շեմին, որ պետականությունը վնասված է, և մենք պետություն կարծես չունենք։ Ես չեմ կարծում եմ, որ մեր պետության թուլացումը միայն պատերազմի հետևանքն է։ Իրականում մեր պետության թուլացումը արդեն կարելի էր ակնկալել մեր իշխանությունների որդեգրած մտածելակերպից»,- հավելեց Լևոն Զուրաբյանը։
19:40 - 08 հունիսի, 2021
Ընտրապայքարը հաջողելու եւ տեղեկատվական շրջափակումը ճեղքելու համար մեզ պետք է համաժողովրդական աջակցություն նաեւ դրամական միջոցներով. Զուրաբյան

Ընտրապայքարը հաջողելու եւ տեղեկատվական շրջափակումը ճեղքելու համար մեզ պետք է համաժողովրդական աջակցություն նաեւ դրամական միջոցներով. Զուրաբյան

Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ, ընտրական շտաբի պետ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան էջում գրառումն է կատարել, ըստ որի՝ իրենք հայցում են քաղաքացիների աջակցությունը: Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Հայաստանի սիրելի՛ քաղաքացիներ, համակիրներ, բարեկամներ, զինակիցներ եւ գաղափարակիցներ, Ինչպես գիտեք, Հայ Ազգային Կոնգրեսը որոշել է մասնակցել Ազգային Ժողովի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններին: Հայաստանում եւ երկրի շուրջը ստեղծվել է օրհասական եւ ծայրաստիճան վտանգավոր իրավիճակ: Ընտրությունները պետք է լուծեն մեկ հարց. արդյո՞ք Հայաստանում հնարավոր է ձեւավորել մի իշխանություն, որը կկարողանա Հայաստանը հանել պարտության ու նվաստացման ճահճից, որի մեջ հայտնվել ենք վերջին երկու տասնամյակների թալանի եւ անմտության հետեւանքով: Մենք միացել ենք մի ընտրապայքարի, որում ե՛ւ երկրի անվտանգությունը, ե՛ւ կառավարումը լիովին ձախողած գործող իշխանությունը ու անցյալի ճորտատիրական կարգերի վերականգնումը երազող քրեաօլիգարխիկ մաֆիան փորձում են ծվատել պետության մնացորդները: Երկուսն էլ հզոր ռեսուրսների տեր են: Նիկոլ Փաշինյանի օգտին են աշխատելու ադմինիստրատիվ ռեսուրսը, նոր իշխանության կողմն անցած խոշոր փողատերերը, Հանրային հեռուստատեսությունն ու վերջին երեք տարիներին երիտիշխանավորների ստեղծած լրատվամիջոցները: Ռոբերտ Քոչարյանի եւ հարակից ուժերի բեւեռն ունի թալանի տարիներին կուտակած հսկայական դրամական ռեսուրս եւ սպասարկող քարոզչամեքենա: Մեր զենքը ճշմարտությունն է, գաղափարը, քաղաքական միտքը, իրատեսությունը, այսինքն` արժեքներ, որ պետք է վերադարձվեն մեր պետական կառավարմանը:Ընտրապայքարը հաջողելու եւ տեղեկատվական շրջափակումը ճեղքելու համար մեզ պետք է համաժողովրդական աջակցություն նաեւ դրամական միջոցներով, ինչը թույլ կտա ընտրարշավի շրջանակներում ակտիվորեն գնել հեռուստա- եւ ռադիոեթեր, արդյունավետորեն օգտագործել սոցիալական ցանցերը` մեր գաղափարները ժողովրդին հասցնելու նպատակով: Հետեւաբար, որպես Հայ Ազգային Կոնգրեսի ընտրարշավի կազմակերպման պատասխանատու` հայցում եմ ձեր աջակցությունը: Հայ Ազգային Կոնգրեսի ընտրական հիմնադրամի հաշվեհամարն է` Կենտրոնական Բանկ, Հ/Հ - 103009090178 Հայ Ազգային Կոնգրես կուսակցության բանկային հաշվեհամարն է` Հայէկոնոմբանկ ԲԲԸ, Հ/Հ - 163008047058 Մեզ համար մեծ նշանակություն կունենա նաեւ մեր շտաբների համար տարածքների ու տրանսպորտային միջոցների տրամադրումը, որի առաջարկներով խնդրում ենք դիմել 010 535034 հեռախոսահամարով կամ [email protected] էլեկտրոնային փոստով: Վստահ եղեք, որ ձեր աջակցությունը կլինի լավագույն ներդումը մեր երկրում բաղձալի փոփոխությունների հասնելու համար: Լեւոն Զուրաբյան Հայ Ազգային Կոնգրեսի ընտրական շտաբի պետ»:
19:45 - 02 հունիսի, 2021
Տեր-Պետրոսյանի և Քոչարյանի՝ 2008-ից հետո առաջին կոնտակտը եղել է 44-օրյա պատերազմի ժամանակ․ Լևոն Զուրաբյան |azatutyun.am|

Տեր-Պետրոսյանի և Քոչարյանի՝ 2008-ից հետո առաջին կոնտակտը եղել է 44-օրյա պատերազմի ժամանակ․ Լևոն Զուրաբյան |azatutyun.am|

azatutyun.am: «Լևոն Տեր-Պետրոսյանը երբեք նման բան չի ասել, և պետք է ցավով հաստատեմ մի դիագնոզ, որ Նիկոլ Փաշինյանը պաթոլոգիկ ստախոս է դարձել կամ եղել է, և այն, ինչ որ նա ասում է, սուտ է», - այսօր «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ, ընտրական շտաբի ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ հակադարձելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ Այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստ էր Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին և այդ պատճառով է այսօր իրեն մեղադրում պարտության, «Արցախը Հայաստան է և վերջ» նախադասության համար։ Նման կերպ Փաշինյանն անդրադարձել էր առաջին նախագահի երեկվա հարցազրույցին: «Մենք իրականում ճիշտ ենք ասում, որ նա Ռոբերտ Քոչարյանի հոգեզավակն է, որովհետև նույն ստախոսությանը դիմել է Ռոբերտ Քոչարյանը, նա էլ է ասել և հիմնավորել իր ամբողջ քաղաքական կարիերան, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ուզում էր Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին», - ասուլիսի ժամանակ ասաց Լևոն Զուրաբյանը․ Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի և Տեր-Պետրոսյանի շփումներին, որի մասին երեկ խոսել էր առաջին նախագահը, այսօր էլ Փաշինյանն էր արձագանքել, ապա ՀԱԿ փոխնախագահը նշեց, որ 2008 թվականից առաջ, հետո չեն եղել շփումներ, եղել են միջնորդավորված բանակցություններ Մարտի 1-ի դեպքերից առաջ, և դրանից հետո առաջին կոնտակտը եղել է 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ, ըստ Զուրաբյանի, պետք էր Նիկոլ Փաշինյանին բացատրել, որ անհրաժեշտ է կանգնեցնել պատերազմը, որ լիազորի իրեն ներկայացնել Մոսկվայում առաջին և երկրորդ նախագահներին: Այլ հաղորդակցություններ եղել են Տեր-Պետրոսյանի միասնաբար ընտրություններին մասնակցելու, ապա և կորոնավիրուսով վարակվելու ժամանակահատվածներում: Շարունակությունը՝ azatutyun․am-ում։
20:15 - 28 մայիսի, 2021
Փաշինյանը Քոչարյանի հոգեզավակն է. երկուսն էլ բառացիորեն նույն սուտն են ասում․ Զուրաբյան

Փաշինյանը Քոչարյանի հոգեզավակն է. երկուսն էլ բառացիորեն նույն սուտն են ասում․ Զուրաբյան

Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ կապված առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, ու նրան անվանել «Ռոբերտ Քոչարյանի հոգեզավակ»։ «Հենց նոր մեծն պատուհաս Նիկոլ Փաշինյանը ասեց հետևյալը. «Լևոն Տեր-Պետրոսյանի պատկերացումը Ղարաբաղն Ադրբեջանին տալն էր»: Բա որ ասում ենք՝ սա Ռոբերտ Քոչարյանի հոգեզավակն է. երկուսն էլ բառացիորեն նույն սուտն են ասում ու նույն քարոզչությունը տանում», - գրել է ՀԱԿ փոխնախագահը, ապա շարունակել՝ նշելով, որ «իրականը գտեն այս հղմամբ»։ Գրառմանը կից Զուրաբյանը հրապարկել է «Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ հիմնադրամ»-ի կայքում հրապարակված իր «Ճշմարտությունը սրբխեչի ուլ չի, որ էդքան հեշտ մատաղ անեք, կամ` ճշմարտությունը խաղաղ բանակցությունների մասին - 2» վերտառությամբ հոդվածը, որն առնչվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին։ Հրապարակված հոդվածը՝ այստեղ։
14:09 - 28 մայիսի, 2021
Հայ Ազգային Կոնգրեսը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Լևոն Տեր- Պետրոսյանը

Հայ Ազգային Կոնգրեսը մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին․ ցուցակը կգլխավորի Լևոն Տեր- Պետրոսյանը

Այսօր՝ մայիսի 18-ին, կայացավ Հայ Ազգային Կոնգրեսի նորընտիր վարչության անդրանիկ նիստը, որը քննարկեց Ազգային ժողովի առաջիկա արտահերթ ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը։ Համակողմանի քննարկման արդյունքում, ընդունվել է հետևյալ որոշումը․ Հայ Ազգային Կոնգրեսը մասնակցելու է հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Կոնգրեսի ընտրական ցուցակը կգլխավորի Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, իսկ ընտրական շտաբը՝ կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը։ Այդ կապակցությամբ, Հայ Ազգային Կոնգրեսի վարչությունը ընդունել է նաև հետևյալ հայտարարությունը․ Հայաստանը գտնվում է ծանրագույն վիճակում։ Վտանգված են հայոց պետականությունը, քաղաքացիների ապահովությունը, երկրի սահմանները և տարածքային ամբողջականությունը, Արցախի գոյությունը։ Գործող իշխանությունը, ծանրագույն ռազմական պարտության տանելով երկիրն ու ժողովրդին, ապացուցել է պետությունը կառավարելու իր անկարողությունը։ Առաջացած կառավարման ճգնաժամը առավել բարդանում է երկրում ստեղծված ներքաղաքական ճգնաժամով և լարված հակամարտությամբ։ Ժողովրդին ըստ էության առաջարկվում է ընտրություն կառավարման գործը ձախողած իշխանության և քրեա-օլիգարխիկ կեղեքիչ համակարգի վերականգնմանը ձգտող ուժերի միջև։ Հանրության մեծամասնությունը հուսահատված է նման ընտրանքի հեռանկարից և չի դիտարկում ընտրությունները՝ որպես ճգնաժամի հանգուցալուծման միջոց։ Նման իրավիճակում, Հայ Ազգային Կոնգրեսը, առաջնորդվելով պետության և ժողովրդի ճակատագրի համար իր պատասխանատվությամբ և անսալով հասարակության բազմազան հատվածներից եկող ազդակներին, որոշում է մասնակցել Ազգային ժողովի՝ հունիսի 20-ին նշանակված արտահերթ ընտրություններին։ Մենք վստահ ենք, որ Հայաստանում հնարավոր է ձևավորել կարող և արդար իշխանություն։ Հայաստանում պետք է նորից հաղթեն իրատեսությունը, ողջախոհությունը, քաղաքական ռացիոնալ միտքը, ժողովրդի հետ ազնիվ լինելու և նրան ճշմարտությունը ներկայացնելու համարձակությունը։ Միայն այդ դեպքում է հնարավոր իրագործել ժողովրդի իղձերը և բռնել առաջընթացի ուղին։
18:33 - 18 մայիսի, 2021
Քոչարյանն ու Սարգսյանը ձեւական էին բանակցում, իսկ Փաշինյանը խելագարի համառությամբ մերժեց արժանապատիվ խաղաղությունը․ Զուրաբյան |aravot.am|

Քոչարյանն ու Սարգսյանը ձեւական էին բանակցում, իսկ Փաշինյանը խելագարի համառությամբ մերժեց արժանապատիվ խաղաղությունը․ Զուրաբյան |aravot.am|

aravot.am: Այն, ինչ ունենք այսօր, ազգային ողբերգություն է։ Ժանտախտի մեջ իշխանության համար կռիվ տվող զարհուրելի խաղաքական վերնախավ։ Պետությունը մահացու սպառնալիքների առաջ է, եւ պետության թուլացումը հրավիրում է արտաքին ագրեսիա։ Մեր պետության թուլացման ավելի վառ ապացույց, քան այս օրերին է կատարվում, հնարավոր չէ գնել։ Այս մասին «Հայ ազգային կոնգրեսի» համագումարում այսօր հայտարարեց կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը։ «250 ադրբեջանցիներ զբոսնելով կարող են գրավել ՀՀ տարածքը, իսկ ՀՀ իշխանությունն այդպես էլ չկարողացավ «ֆեյսբուքից» դուրս գալ, դիմադրել ագրեսորի գործողություններին։ Պարզվեց, որ ոչ միայն տեղում սահմանապահներ ու բանակ չունենք, այլեւ առաջին կուրսեցու գրագիտություն, որպեսզի պատշաճ դիվանագիտական ընթացակարգով դիմեին ՀԱՊԿ-ին եւ ՌԴ-ին։ Ինչո՞ւ այսպես եղավ, ինչո՞ւ ոսկերչական արտաքին քաղաքականությամբ ձեռքբերված փայլուն հաղթանակների բարձունքից գլորվեցինք պետության քայքայման այսօրվա ճահիճը»,- ասաց նա։ Լեւոն Զուրաբյանի խոսքով․ «Պատասխանը պարզ է։ Ղարաբաղյան շարժումը եւ դրա կողմից ստեղծված իշխանությունը հաղթեց, որովհետեւ ի սկզբանե որդեգրել էր քաղաքական ճիշտ արժեհամակարգ՝ սեփական ուժերի ապավինում, ազգային շահերի այնպիսի ձեւակերպում, որը համահունչ է ժամանակակից աշխարհաքաղաքական պահանջներին։ Պետք է վերջապես գիտակցել՝ պետությունը բռնեց պարտության ճանապարհը, երբ որդեգրեց ոչմիթիզականության արկածախնդրական դիրքորոշումը եւ ուզեց աշխարհից ստանալ ավելին, քան աշխարհը կամենում էր։Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ձեւականորեն բանակցում էին կարգավորման համար, բայց այնպիսի անիրատեսական եւ առավելապաշտական պահանջներ էին ներկայացնում, որոնք չունեին երբեւէ խաղաղ կարգավորման հիմք դառնալու հեռանկար։ Ոչմիթիզականության ճանապարհով հայոց ղեկավարներից ամենահեռուն գնաց Փաշինյանը։ Կարծում եմ՝ ՔՊ-ի նախընտրական կարգախոսը լավ չեն ձեւակերպել, պետք է լիներ՝ «ապագա կար»»։ Լեւոն Զուրաբյանի բնորոշմամբ․ «Խելագարի համառությամբ Նիկոլ Փաշինյանը, անտեսելով ադրբեջանաթուրքական ջարդարար մեքենան՝ մերժեց արժանապատիվ խաղաղության հնարավորությունը 2019, 2020թթ․, նաեւ պատերազմի առաջին օրերին։ Այնպես որ, ինչքան էլ փորձի արդարանալ, չի ստացվելու»։Ավելի մանրամասն կարդացեք Aravot.am-ում։
13:03 - 16 մայիսի, 2021
Նվաստացուցիչ այս պարտության գլխավոր պատասխանատուն, մեղավորն ու ճարտարապետը Նիկոլ Փաշինյանն է՝ հայկական Էլչիբեյը. Լևոն Զուրաբյան

Նվաստացուցիչ այս պարտության գլխավոր պատասխանատուն, մեղավորն ու ճարտարապետը Նիկոլ Փաշինյանն է՝ հայկական Էլչիբեյը. Լևոն Զուրաբյան

Նվաստացուցիչ այս պարտության գլխավոր պատասխանատուն ու մեղավորը, եթե կուզեք՝ գլխավոր ճարտարապետը հենց Նիկոլ Փաշինյանն է՝ հայկական Էլչիբեյը։ Այս մասին այսօր Հայ Ազգային Կոնգրեսի համագումարում իր ելույթի ժամանակ ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։«Միևնույն ժամանակ ես հեռու եմ ամբողջ մեղքը բացառապես Փաշինյանի վրա բարդելու մտադրությունից։ Ինչ-որ իմաստով նա ինքը զոհ է հայոց աշխարհը պատած առավելապաշտական «ոչմիթիզականության»։ Իսկապես, հուշեք ինձ, նշեք, թե քաղաքական քանի՞ ուժ գիտեք Հայաստանում, որ Ղարաբաղի հարցը համարել է չլուծված, զգուշացրել է գալիք պատերազմի վտանգի մասին, խոսել՝ փոխզիջման հիման վրա հակամարտության կարգավորման անհրաժեշտության մասին։ Կարծում եմ՝ եղել է միայն մեկ այդպիսի ուժ, և այդ մեկ ուժը հենց այն մարդիկ են, որոնք այսօր նստած են այս դահլիճում։ Մնացած բոլոր քաղաքական ուժերը լծված էին երկրում «ոչմիթիզական» վակխանալիա ստեղծելու գործին։ Եվ Փաշինյանն ընդամենը համազգային այդ անմտության խրախճանքի արգասիքն է»,- հայտարարեց Զուրաբյանը։ Նա նաև նշեց, որ, օգտվելով առիթից, ցանկանում է անդրադառնալ, իր բառերով ասված, հայկական քաղաքական դաշտում խոր արմատներ թողած մի ցնդաբանությանը, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակն է և իբր իրականացնում է  Տեր-Պետրոսյանի պլանը։ «Պարզ վերլուծությունը ցույց է տալիս սակայն, որ իրականում Նիկոլ Փաշինյանը Հայաստանում և Արցախում իրականացրեց ուղիղ այն, ինչը Լևոն Տեր-Պետրոսյանի պլանը փորձում էր կանխել։ Նիկոլ Փաշինյանն իրականացրեց հենց «ոչմիթիզականների» պլանը, որովհետև նա այդպես էլ չզիջեց ոչ մի սանտիմետր հող․ այդ հողը Հայաստանից գրավեցին ուժով՝ մեր հազարավոր զինվորների արյան գնով։ Եվ ճիշտ կլիներ նրան համարել Քոչարյանի, «Դաշնակցության», «Սասնա Ծռերի» հոգեզավակը»,- ասաց Լևոն Զուրաբյանը։Ըստ նրա, արդարության համար պետք է նշել, որ 2008-ին Փաշինյանը կիսում էր հակամարտության կարգավորման՝ Տեր-Պետրոսյանի մոտեցումները, սակայն 2012-ին ՀԱԿ-ի ցուցակով խորհրդարանում հայտնվելուն պես խզեց կապերը Կոնգրեսի հետ, իսկ 2017 թվականին սկսեց բացահայտ քննադատել Տեր-Պետրոսյանին՝ «ոչմիթիզականության» դիրքերից։
12:34 - 16 մայիսի, 2021
Ըստ Զուրաբյանի՝ Փաշինյանի հայտարարությունը առաջին նախագահի հետ զրույցի վերաբերյալ չի համապատասխանում իրականությանը |azatutyun.am|

Ըստ Զուրաբյանի՝ Փաշինյանի հայտարարությունը առաջին նախագահի հետ զրույցի վերաբերյալ չի համապատասխանում իրականությանը |azatutyun.am|

azatutyun.am: «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ընթացքում նաև այս թեմայով զրուցել է Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հետ: «Ազատություն». - Մի հարց կուզենայի ձեզ ուղղել, որը վերաբերում է այս շաբաթ Ազգային ժողովում հնչած Նիկոլ Փաշինյանի մի հայտարարության. նա, մասնավորապես, ասաց, որ «2018 թվականի ամռանը առաջին նախագահի հետ հանդիպում է եղել, և գաղտնիք բացեմ՝ ինչ է ասել ինձ Տեր-Պետրոսյանը 2018 թվականի հուլիսին, ասել է՝ հողերը պետք է տաս»: Լևոն Զուրաբյան. - Ես ցավով պետք է արձանագրեմ, որ Հայաստանի ղեկավարը ստախոս է, որովհետև նման բան չի եղել, ընդ որում՝ Նիկոլ Փաշինյանը դա շատ կատեգորիկ ձևով է ասում: Դա բացարձակ սուտ է, դա չի համապատասխանում իրականությանը, նման բան չի եղել: Հայոց պետության ղեկավարի ստելու այդ կարողությունն իրականում ազգային անվտանգությանը վտանգ է ներկայացնում, որովհետև այդ նույն ոճը նա գործածում է ոչ միայն ներքին քաղաքական հանդիպումների ժամանակ, այլ նաև արտաքին քաղաքական հանդիպումների ժամանակ, և այն աղետալի հետևանքները, որ մենք ունենք դիվանագիտության մեջ, այս պատերազմի մեջ, որոշ մասով կապված են նաև իր անվստահելիության հետ և պայմանավորվել չկարողանալու իր այդ որակի հետ և ընդհանրապես բավականին լուրջ համակարգային արատների հետ, որ իր կառավարումն իր մեջ պարունակում է: Ինչ վերաբերում էր իր պնդմանը, կոնկրետ ասում ենք՝ սա բացարձակ սուտ է: Մենք առաջարկում ենք՝ եթե ինքը իր վարկը ցանկանում է փրկել, թեև արդեն այդ վարկը փրկել ոչինչ չի կարող, ուղղակի բերել որևէ ապացույց, առավել ևս, որ ինքը ասում է մեջբերում, սա նշանակում է, որ ինչ-որ ձևով կարող է ապացուցել, որ նման բան ասվել է: Մենք առաջարկում ենք բերել որևէ ապացույց, որ Տեր-Պետրոսյանը ընդհանրապես նման բան ասել է: Ոչ, դա սուտ է, սխալ է, նման բան չկա: Ինչ է ասել Տեր-Պետրոսյանը, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, որը ոչ միայն չի հասկանում, որ ընդհանրապես գաղտնիքներ չի կարելի բացել, ասում է՝ գաղտնիք ասեմ, հետո բացում է գաղտնիք, բայց դրա վրա էլ ավելացնում է մեկ այլ հանցագործություն, ոչ թե գաղտնիք է բացում, այլ գաղտնիք բացելու շղարշի տակ ներկայացնում է բացարձակ սուտ հորինվածք՝ սա անվայել պահվածք է պետության ղեկավարի համար, հետևաբար, ես ասում եմ՝ մենք մի քիչ այլ բարոյականության տեր մարդիկ ենք և ընդհանրապես բանակցությունների կամ պետական քաղաքականության այլ էթիկայի ներկայացուցիչներ ենք, բնականաբար, կոնֆիդենցիալ խոսակցությունների բովանդակությունը չենք բացում: Խոսացվել է լրիվ այլ բան, լրիվ այլ բաներ են ասվել: «Ազատություն». - Հողերի մասին խոսակցություն չի՞ եղել: Լևոն Զուրաբյան. - Բացարձակ սուտ է դա: Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանի դիրքորոշմանը ղարաբաղյան հարցում, Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը ղարաբաղյան հարցում հայտնի է մեր ժողովրդին 90-ական թվականներից, դա երբեք փոփոխության չի ենթարկվել: 97 թվականին Տեր-Պետրոսյանն առաջարկել է իր հայտնի պլանը, ավելի ճիշտ իր հայտնի հոդվածով ներկայացրել է, թե ինչպիսի լուծում կա ղարաբաղյան խնդրում, և որ այդ լուծումը պետք է ընդունել այն պահին, երբ որ մենք խոսում ենք ուժի դիրքերից, իսկ եթե դա չանենք, այս տարիների ընթացքում, ապագայում Ադրբեջանը բազմիցս հզորանալու է Հայաստանի նկատմամբ, և այն, ինչ որ մենք կարող էինք ստանալ, խնդրելու ենք, բայց չենք ստանալու: Նույն դիրքորոշումը հայտնվեց 2017 թվականին խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ որ մենք ուղղակի նախազգուշացրեցինք, երբ Տեր-Պետրոսյանը նախազգուշացրեց ամբողջ ազգին, որ արդեն ստեղծվել է մի իրավիճակ, որ եթե մենք չգնանք խաղաղության, մեզ սպառնում է աղետալի պատերազմ՝ իր բոլոր ծանրագույն հետևանքներով: Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 14-ին խորհրդարանում հայտարարեց, որ առաջին նախագահը 2018 թվականի հուլիսին իրեն ասել է՝ «հողերը արդեն պետք է տաս»։
10:36 - 19 ապրիլի, 2021
Լևոն Զուրաբյան․ Փաշինյանը փաստորեն չգիտի ԼՂ դիվանագիտական գործընթացին վերաբերող ամենակարևոր փաստը

Լևոն Զուրաբյան․ Փաշինյանը փաստորեն չգիտի ԼՂ դիվանագիտական գործընթացին վերաբերող ամենակարևոր փաստը

Հայ ազգային կոնգրես կուսակցության  (ՀԱԿ) փոխնախագահ Լևոն Զուրաբյանն իր ֆեյսբուքյան էջում քննադատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դեկտեմբերի 5-ի ուղերձում հնչեցրած մտքերը։ Զուրաբյանը մեջբերել է հատված Փաշինյանի ուղերձից․ «Մեզ մեղադրում են, թե Հայաստանի դիվանագիտական ձախողումն էր պատերազմը։ Ոչ ոք հարց չի տալիս, թե Ղարաբաղի հարցում Հայաստանը այդ ե՛րբ և ինչպիսի՛ դիվանագիտական հաջողություն է ունեցել ինստիտուցիոնալ բանակցությունների մեկնարկից ի վեր։ Դիվանագիտական հաջողությունը՝ 1995 թվականի ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթաժողո՞վն էր, որտեղ Արցախյան պատերազմում մեր տարած հաղթանակից անմիջապես հետո միջազգային հանրությունը, ըստ էության, ի ցույց դրեց իր մոտեցումը, որ Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ինքնավարություն պետք է լինի և սա է հարցի լուծման բանաձևը»։ «Փաստորեն, ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉԳԻՏԻ ղարաբաղյան դիվանագիտական գործընթացին վերաբերող ամենակարևոր փաստը (կամ դիտավորյալ կեղծում է իրականությունը՝ ցինիկաբար փորձելով թաքցնել ճշմարտությունը մեր հանրությունից)։ Այդ փաստը հայտնի է ամբողջ աշխարհին և համարվում է Արցախյան պատերազմում մեր տարած հաղթանակից անմիջապես հետո հայկական դիվանագիտության ձեռք բերած ամենամեծ նվաճումը։ Այն է՝ 1994 թվականի ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթնաժողովի որոշումը, որով Լեռնային Ղարաբաղը, Հայաստանի և Ադրբեջանի պես հավասար, ձեռք բերեց հակամարտության կողմի և իրավահավասար բանակցողի կարգավիճակ։ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՆԳԱՄ ՉԳԻՏԻ, որ 1995 թվականին ԵԱՀԿ֊ի գագաթնաժողով ընդհանրապես չի եղել, իսկ նրա նշած Լիսաբոնյան գագաթնաժողովը տեղի է ունեցել 1996 թվականի դեկտեմբերին։ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉԳԻՏԻ, որ 1991 թվականին Խորհրդային Միության տրոհումից հետո միջազգային հանրությունը ճանաչեց խորհրդային բոլոր հանրապետությունների տարածքային ամբողջականությունը ԽՍՀՄ ներքին սահմաններով։ Փաշինյանը, չգիտես ինչու, չի նշում որ Լիսաբոնյան գագաթնաժողովում Ադրբեջանի կազմում ինքնավարության ստանալու բանաձևը իրավական ուժ չստացավ, քանի որ Հայաստանը կիրառեց վետո այդ բանաձևի նախագծի վերաբերյալ։ Հայաստանը հետևողականորեն մերժեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիմքի վրա Արցախյան խնդրի կարգավորման բոլոր փորձերը։ Արդյունքում, 1997 թվականի դեկտեմբերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջարկեցին այպես կոչված փուլային պլանը, որում չկա որևէ հղում Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքի վրա, իսկ Լեռնային Ղարաբաղը ձեռք էր բերում միջազգայնորեն ճանաչված սուբյեկտի կարգավիճակ՝ պահպանելով վերահսկողությունը ամբողջ Լեռնային Ղարաբաղի և ամբողջ Լաչինի շրջանի նկատմամբ։ Այս դիվանագիտական ձեռքբերման գլխավոր առանձնահատկությունը Ադրբեջանի պաշտոնական համաձայնությունն էր պլանի իրագործմանը, որն այլևս երբեք հնարավոր չեղավ ձեռք բերել հետագա որևէ բանակցություններում (Ղարաբաղյան կարգավորման դիվանագիտական գործընթացի մանրամասներին ծանոթանալ ցանկացողներին առաջարկում եմ կարդալ իմ հոդվածը մեկնաբանության մեջ տրված հղումով)։ Հիմա ծանրակշիռ այս իրողությունների մերժումը Նիկոլ Փաշինյանի կողմից ի՞նչ է նշանակում։ Կամ սա տեղավորվում է իմ այն գնահատականի մեջ, որ մենք գործ ունենք միջազգային քաղաքականության հարցերում մի տգետի հետ, որը չի հասկանում տարրական բաներ։ Կամ էլ մենք գործ ունենք մի մանիպուլյատորի հետ, որը ինքնարդարացման խղճուկ նպատակով փորձում է թաքցնել ճշմարտությունը սեփական ժողովրդից։ Երկու տարբերակն էլ մեր ազգին որևէ լավ բան չեն խոստանում»,- գրել է Լևոն Զուրաբյանը։
13:24 - 06 դեկտեմբերի, 2020
Փաշինյանը Տեր-Պետրոսյանին Մոսկվայում բանակցելու լիազորություն չտվեց. Լևոն Զուրաբյան

Փաշինյանը Տեր-Պետրոսյանին Մոսկվայում բանակցելու լիազորություն չտվեց. Լևոն Զուրաբյան

«Ազատությունը» հյուրընկալել է Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանին։ «Ազատություն»․ - Ինչո՞ւ Տեր-Պետրոսյանը չգնաս Մոսկվա և ինչո՞ւ էր ուզում գնալ, ինչպես կառավարությունն է հայտնել:   Լևոն Զուրաբյան․- Դա էլ է շատ կարևոր հարց. ինչ-որ մի պահ, երբ արդեն պարզ էր, որ պատերազմը տանուլ է տրված, և ասեմ Ձեզ` դա շատ արագ եղավ: Այդ հեքիաթները, որ բեկում, չգիտեմ ինչ․․․ շատ արագ բոլոր լուրջ մարդիկ հասկացան, որ պատերազմը, մենք էն գլխից գիտեինք, որովհետև հետևում էինք այդ սպառազինություններին, մենք հասկանում էինք, որ անհավասար պատերազմում, այդ աջակցության պայմաններում հնարավոր չէ, այսինքն` այստեղ մենակ ռազմական հարցերը չեն, աշխարհաքաղաքական ճնշումների, այդ կոնկրետ իրողությունների մեջ հնարավոր չէր պատերազմում հասնել հաղթանակի: Դա ակնհայտ էր: Ինչ-որ պահից և՛ Արայիկ Հարությունյանը դրա մասին բարձրաձայնեց, և՛ Ղարաբաղի բոլոր նախկին նախագահները դրա մասին բարձրաձայնեցին, բոլորի համար պարզ էր, որ պետք է հիմա արագ գնալ և Մոսկվայում պայմանավորվել եղածը պաշտպանելու համար: Եվ դրա համար, այո՛, նրանք դիմել էին Նիկոլ Փաշինյանին, որ նաև տրամադրվի, օրինակի համար, Տեր-Պետրոսյանին մանդատ, որ ինքը կարողանա բանակցել և գոնե պահպանել այն, ինչ որ հնարավոր էր պահպանել։ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց դա անել։ «Ազատություն»․ - Ասում է՝ ասել եմ, թող գնան։ Զուրաբյան․ - Դա էլ է ցույց տալիս, որ նա ոչ մի բան քաղաքականությունից չի հասկանում։ Որովհետև ռուսները մանկապարտեզի երեխաներ չեն, որ խոսեն ինչ-որ մեկի հետ, որքան էլ հանգեն այդ մարդուն, առանց համապատասխան լիազորությունների։ Նրանք դրա ժամանակը չունեն․․․ Նա ասել է՝ գնացեք, բայց ես ձեզ լիազորություն չեն տալիս։ Այսինքն՝ բոլոր դրվագներում այդ անպատասխանատու, կյանքից կտրված, իրողություններից կտրված, ինչ-որ սեփական երազանքների մեջ ապրելու իր ձգտումը ցույց տվեց։ «Ազատություն»․ - Հընթացս հնարավո՞ր էր կանխել, որպեսզի այսպես բանը բանից չանցներ։ Զուրաբյան․ - Ես ուզում եմ ձեզ հիշեցնեմ, որ Լավրովն էլ էր պատերազմից մի քանի օր հետո խոսում, նորից 5 պլյուս 2, դեռ էդ հնարավորությունը կար։ Ինքը Նիկոլ Փաշինյանն էլ է հաստատում, որ այդ հնարավորությունը եղել է։ Եվ Նիկոլ Փաշինյանը ինքն էլ է ասում, որ, այո, գնալով, ամեն մի կորստի հետ, ամեն մի ռազմական անհաջողության հետ պլանը փոխվել է դեպի վատը, ինչը բնական է, որ այսպես էլ պետք է լինի։ Բայց ինքը շարունակել է դիմադրել, շարունակել է համառել․․․ Դա գալիս է անհեռատեսությունից, բայց ես այստեղ ավելի լուրջ բաներ են կասկածում։ Դա ավելի շատ գալիս է, այս ամբողջ ընթացքը գալիս է նրանից, որ Նիկոլ Փաշինյանը, կներեք, անկուշտ և հիվանդագին փառասիրություն ունի, բացարձակապես տգետ է միջազգային քաղաքականության, աշխարհաքաղաքականության և ռազմական հարցերում։ Ի՞նչ բեկման մասին է խոսքը․․․ Եթե իրեն Գլխավոր շտաբի պետը պատերազմից առաջ, հունիսին ներկայացնում է զեկուցագիր, որ հաշվի առնելով բոլոր այս ռազմական բալանսի մասին տվյալները, մենք չենք կարող արդյունավետորեն դիմադրել այդ պատերազմում։ Ինչի՞ վրա էր հույսը դրել։ Ընդ որում, դա շարունակվել է պատերազմի ժամանակ։ Ոչ մի լուրջ ռազմական մասնագետ, այդ թվում մեր Գլխավոր շտաբի պետը, ոչ ոք նրան չի տվել տվյալներ, որոնց համաձայն հնարավոր էր բեկում մտցնել այս պատերազմում։ Միակ տվյալը, որ ինքը ունեցել է, դա իր անկուշտ փառասիրությունն է եղել։ Երբեք չի հասկացել, որ պետական ղեկավարի և քաղաքական գործչի գլխավոր առաքելությունը դա ռեսուրսների հաշվարկն է, այդ ռեսուրսների հիման վրա իրատեսական ստրատեգիայի կառուցումն է։ Նա, ըստ էության, այդ ամբողջը դրել է մի կողմ և ապավինել է մենակ մի բանի՝ այսպես կոչված դուխի վրա։ Սա ամենամեծ հանցանքն է իրականում։ Որովհետև մեր ժողովուրդը իսկապես հերոսական կռվեց, իսկապես պատրաստ էր կյանքեր զոհել հանուն հաղթանակի։ Բայց ի՞նչ մեղարվոր էր մեր ժողովուրդը և ի՞նչ մեղավոր էր մեր բանակը նրանում, որ երկրի ղեկավարը այս ամենի մասին պատկերացում չունի և պատրաստ է այդ հերոսական ոգին զոհաբերել հանուն իր ախորժակի։
20:14 - 20 նոյեմբերի, 2020
Եթե «Այո»-ն չհաղթի մենք ստանալու ենք մի ՍԴ, որի լեգիտիմությունը ամրապնդված է լինելու ժողովրդի քվեարկությամբ․ Լևոն Զուրաբյան |factor.am|

Եթե «Այո»-ն չհաղթի մենք ստանալու ենք մի ՍԴ, որի լեգիտիմությունը ամրապնդված է լինելու ժողովրդի քվեարկությամբ․ Լևոն Զուրաբյան |factor.am|

factor.am: «Իրավիճակը շատ լուրջ է, խաղադրույքը, որը դրված է այս հանրաքվեի արդյունքի իմաստով, շատ մեծ է, ըստ էության հեղափոխության ճակատագիրն է դրված և նման անփույթ վերաբերմունքը անթույլատրելի է, և մենք կոչ ենք անում սթափվել»,- այս մասին ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Մենք խոսել ենք, որ ընտրական ինստիտուտների վերափոխման գործում իշխանությունը և՛ դանդաղկոտություն է ցուցաբերել, և՛ անհետևողականություն, և՛ անվճռականություն։ Ցավոք սրտի, նույնը այս պահին կարելի է ասել նրանց քարոզարշավի մասին։ Դրա համար մենք որոշեցինք ահազանգել և փորձել մի քիչ էլ ցնցելով պահանջել՝ փոխելու այս վարվելակերպը։ Իշխանությունը պետք է շատ լավ հասկանա, որ եթե նա հանկարծ ճիշտ հանգրվանի չհասցնի այս հանրաքվեն, ինքը հասնելու է իր մտադրվածի ճիշտ հակառակին, որովհետև եթե «Այո»-ն չհաղթի այս հանրաքվեում, մենք ստանալու ենք մի ՍԴ, որի լեգիտիմությունը ամրապնդված է լինելու ժողովրդի քվեարկությամբ»։
17:38 - 06 մարտի, 2020
ՀԱԿ-ը պահանջում է դատավորների մեծ զտում անցկացնել |news.am|

ՀԱԿ-ը պահանջում է դատավորների մեծ զտում անցկացնել |news.am|

news.am: Այսօր Հայաստանում դատավորների մեծ մասը կոռումպացված է, նրանք բազմաթիվ հանցագործություններ են կատարել: Այս մասին փետրվարի 25-ին ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած Հայաստանի Դատական օրենսգրքում եւ կից օրենքներում բարեփոխումների թեմայով լսումների ժամանակ ասաց Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Ըստ նրա` դրանք մարդիկ են, ովքեր դեմ են գնացել իրենց խղճին եւ քաղաքական պատվերներ են կատարել: «Նրանք բազմաթիվ անարդար դատական ակտեր են ընդունել: Այս մարդիկ օգտագործել են իրենց պաշտոնները, իրավունքներ են յուրացրել: Անհրաժեշտ է մեծ զտում անցկացնել: Նախ, անհրաժեշտ է կիրառել քրեական հետապնդման մեխանիզմը, այնուհետեւ նաեւ` կարգապահական պատասխանատվություն»,- ասաց Զուրաբյանը: Միևնույն ժամանակ, ըստ քաղաքական գործչի, ներկայիս իշխանություններն այսօր «փակում են դռները» կարգապահական պատասխանատվության կիրառման համար:  
19:21 - 25 փետրվարի, 2020
Եթե ԼՀԿ-ն ասում է, որ ոչ «ԱՅՈ»-Ի, ոչ էլ «ՈՉ»-ի կողմնակիցն է, միակ տարբերակը բոյկոտն է, բայց դա էլ չեն անում, ինչը ծիծաղելի է․ Լևոն Զուրաբյան |24news.am|

Եթե ԼՀԿ-ն ասում է, որ ոչ «ԱՅՈ»-Ի, ոչ էլ «ՈՉ»-ի կողմնակիցն է, միակ տարբերակը բոյկոտն է, բայց դա էլ չեն անում, ինչը ծիծաղելի է․ Լևոն Զուրաբյան |24news.am|

24news.am: «ՍԴ-ի հարցը մեկ տարի առաջ կարելի էր լուծել, բայց հիմա կոնկրետ հարց է դրված և իշխող կուսակցությունն առաջարկում է սա, որը միգուցե իդեալական լուծումը չէ, սակայն այդ հանրաքվեի արդյունքով ի վերջո որոշվելու է՝ երկիրն ինչպես է շարունակելու իր ընթացքը։ Այդ որոշման վերաբերյալ մեր որոշումն «այո» է»,- այս մասին ասել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Զուրաբյանը կարծում է, որ իշխանությունը փորձել է հարցի լուծումը հանձնել ժողովրդին, որպեսզի տարընթերցումների տեղիք չտա, թե ԱԺ-ն չարաշահել է Սահմանդրությունը մեկնաբանելու կամ այն յուրովի կիրառելու իր իրավունքը։ ՀԱԿ փոխնախագահի համար անընդունելի է, որ երկրի համար բախտորոշ հարցերում քաղաքական ուժերը սկզբունքային դիրքորոշում ցույց չեն տալիս։ «Ինչո՞ւ չեն կողմնորոշվում, ի՞նչ կա չկողմնորոշվելու։ Եթե ԼՀԿ-ն ասում է, որ ոչ «ԱՅՈ»-ի և ոչ էլ «ՈՉ»-ի կողմնակիցն է, միակ տարբերակը բոյկոտն է, բայց դա էլ չեն անում, ինչը ծիծաղելի է։ Իրենք «ՈՉ»-ի ճամբարում են, ուղղակի գտել են հաղթանակի լավագույն ձևը։ Նորից անսկզբունքայնության հարց է։ Երբ դու քո դիրքորոշումն ունես և գիտես, որ այն ոչ մի շանս չունի և չես կարող հաղթել «ԱՅՈ»-ին, կարող ես մեկ բան անել՝ այնքան ոչ ակտիվ դարձնել հասարակական մթնոլորտը, որ մարդիկ ուղղակի պատշաճ քանակի դուրս չգան, և  650 հազարի «ԱՅՈ»-ի քվորումը չլրանա»,- կարծում է ՀԱԿ փոխնախագահը։  Շարունակությունը՝ տեսանյութում։
10:44 - 12 փետրվարի, 2020