Ինֆոքոմ

«Մեր բակ» մանկապարտեզում բռնության դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան

«Մեր բակ» մանկապարտեզում բռնության դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան

Երեւանի «Մեր բակ» մանկապարտեզի աշխատակցի կողմից մանկապարտեզի սաների նկատմամբ առերեւույթ ֆիզիկական եւ հոգեբանական բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել  է դատարան՝ ըստ էության քննության։ Այս մասին «Ինֆոքոմ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեն։ Հիշեցնենք՝ 2020 թ․ դեկտեմբեր ամսին մի քանի ծնողներ ահազանգել էին, որ մանկապարտեզի աշխատակիցների կողմից իրենց երեխաների նկատմամբ հոգեբանական եւ ֆիզիկական բռնություն է գործադրվել։ Ահազանգին զուգահեռ նրանք հրապարակել էին գաղտնի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է մանկապարտեզի աշխատակիցներից մեկն անպատվում երեխաներին եւ սպառնալիքներ հնչեցնում, ինչն ուղեկցվում էր հարվածների եւ երեխաների լացի ձայներով։ Միաժամանակ հանցագործության մասին հաղորդում էր ներկայացվել ՀՀ ոստիկանություն, որի հիման վրա նախապատրաստված նյութերով դեկտեմբերի 8-ին հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի խոշտանգման՝ 119-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (երկու կամ ավելի անչափահասի նկատմամբ դիտավորյալ այնպիսի գործողությունը, որի միջոցով անձին պատճառվում է ուժեղ ցավ կամ մարմնական կամ հոգեկան տառապանք): Դեպքից օրեր անց Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նույն հոդվածով մեղադրանք է առաջադրվել մանկապարտեզի դաստիարակչուհուն։ Գրավոր հարցմամբ հետաքրքրվել էինք, թե ինչ փուլում է քրեական գործը, քանի անձ ունի մեղադրյալի կարգավիճակ, եւ ինչ խափանման միջոց է ընտրված նրանց նկատմամբ։ Խնդրել էինք հայտնել, թե քանի երեխա է ճանաչվել տուժող, եւ ինչ է պարզվել նշանակված փորձաքննությունների արդյունքներով։ Մեր հարցերին ի պատասխան՝ Քննչական կոմիտեն հայտնել է, որ քրեական գործով տուժող է ճանաչել 6 երեխա, որոնցից 5-ը ենթադրյալ դեպքի ժամանակ եղել են 2 տարեկան, 1-ը՝ 3։ Երեխաների հայրերը ճանաչվել են որպես տուժողների օրինական ներկայացուցիչներ։    Նախաքննության ընթացքում, ի թիվս այլնի, նշանակվել են դատահոգեբանական փորձաքննություններ, որոնց շրջանակում ստացված եզրակացությունների համաձայն՝ մանկապարտեզում երեխաների դաստիարակությամբ եւ խնամքով զբաղվող աշխատակիցների կողմից երեխաների հասցեին վիրավորական, սպառնացող արտահայտություններ հնչեցնելը եւ ծեծի ենթարկելը երեխաների համար հանդիսացել են հոգետրավմատիկ գործոնների ամբողջություն՝ բացասաբար անդրադառնալով նրանց հոգեվիճակի վրա եւ ուղեկցվելով դրանից բխող վարքային եւ հուզական փոփոխություններով։ Միեւնույն ժամանակ փորձագետը եզրակացրել է, որ վաղ իմացական եւ հուզային ոլորտների զարգացվածության տարիքային առանձնահատկությունների պայմաններում հնարավոր չէ գնահատել հոգեկան ուժեղ տառապանքի առկայությունը, քանի որ երեխաները, թեեւ կարող են հիշել եւ իրենց տարիքին համապատասխան բառապաշարի սահմաններում վերապատմել ուժեղ հուզական ռեակցիա առաջացրած եւ վառ տպավորություն թողած իրողությունները, սակայն այդ իրողությունների մասին ակտիվ չհիշեցնելու, չհարցնելու, չվերապատմելու, բարենպաստ հոգեբանական պայմանների ստեղծման դեպքում արագ մոռանում են այդ իրողությունները եւ փոխում դրանց հանդեպ հուզական արձագանքը։ Դեպքից հետո մամուլում հրապարակումներ էին եղել այն մասին, թե մանկապարտեզի տնօրենը Լուսինե Հայրապետյանը լռության դիմաց ծնողներին գումար է առաջարկել, սակայն մեր հարցին ի պատասխան՝ ՔԿ-ից հայտնել են, որ նախաքննության ընթացքում կատարված ստուգումներով Լուսինե Հայրապետյանի կողմից ՀՀ ՔՕ-ով նախատեսված որեւէ հանցանքի վերաբերյալ բավարար ապացույցների համակցությամբ տեղեկություններ չեն ստացվել: Նշենք, որ այդ տեղեկությունները հերքել էր նաեւ Հայրապետյանի փաստաբանը։ ՔԿ-ից նաեւ հայտնել են, որ նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել միայն մանկապարտեզի հիշյալ դաստիարակչուհուն՝ Գայանե Արսենյանին, որի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։ Համաձայն մեղադրական եզրակացության՝ Գայանե Արսենյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, չունենալով համապատասխան մասնագիտական որակավորում, սակայն 2020 թվականի սեպտեմբեր ամսից որպես դաստիարակ փաստացի աշխատելով Երևանի Կամարակի 2-րդ նրբանցքի 19-րդ հասցեում գործող «Մեր Բակ» մանկապարտեզում եւ ունենալով մանկապարտեզի հոգածությանը հանձնված եւ իր խմբում ընդգրկված երեխաների առօրյա խնամքով եւ դաստիարակությամբ զբաղվելու պարտականություն, թերի է կատարել իր նշված պարտականությունները` չկարողանալով մանկավարժական մեթոդների կիրառմամբ հասնել իր խնամքին հանձնված մանկահասակ երեխաների հանգստացնելուն եւ պատշաճ կերպով նրանց խնամքն իրականացնելուն։ Ըստ մեղադրանքի՝ Արսենյանը սպառնալիքներ, վիրավորական արտահայտություններ է հնչեցրել անօգնական վիճակում գտնվող մանկահասակ երեխաների նկատմամբ՝ սպառնալով չքնելու դեպքում պահել մութ սենյակում, դանակով վիզը կտրել, սատկացնել, դիմել հայրերին՝ երեխաներին ծեծի ենթարկելու համար, ինչպես նաեւ երեխաների պահանջով հրաժարվել է տրամադրել խմելու ջուր եւ հարվածներ հասցնելով՝ ծեծի է ենթարկել նրանց։ Գայանե Արսենյանի պաշտպան Արամ Ղազարյանը մեր զրույցում չցանկացավ տեղեկացնել իրենց դիրքորոշման մասին՝ նշելով միայն, որ այս պահին հրաժարվում են լրատվամիջոցներին որեւէ բան հայտնել։ Ըստ դատական տեղեկատվական համակարգում առկա տեղեկության՝ քրեական գործը գտնվում է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանի վարույթում։ Գործով դատական նիստ է նշանակվել սեպտեմբերի 16-ին։ Քրեական գործի նյութերով նոր գործ է հարուցվել Մեր հարցմանն ի պատասխան՝ Քննչական կոմիտեից նաեւ հայտնել են, որ մանկապարտեզին առնչվող հիշյալ քրեական գործի նյութերով հարուցվել է առանձին քրեական գործ, որի շրջանակում 2022 թվականի ապրիլի 29-ին որոշում է կայացվել որպես մեղադրյալ ներգրավել անհատ ձեռներեց Գոհար Հայրապետյանին (հանդիսանում է ԱՁ Գոհար Հայրապետյանը, որի կազմի մեջ գործել են «Մեր բակ» անվանումը կրող մանկապարտեզները)։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելը), եւ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։ Գոհար Հայրապետյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը եւս ավարտվել է, այն ուղարկվել է դատարան եւ մակագրվել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանին։ Համաձայն մեղադրական եզրակացության՝ Գոհար Հայրապետյանը, ՀՀ հարկ վճարողների սպասարկման վարչությունում հաշվառված լինելով որպես Ա/Ձ Գոհար Հայրապետյան եւ 2013 թվականի սեպտեմբերի 17-ից գրանցված լինելով ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա, Մուշ թաղամաս 131 տուն հասցեում եւ 2020 թվականի օգոստոսի 1-ից Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն, Կամարակի 2-րդ նրբանցք 19 տուն հասցեում՝ «Մեր Բակ» անվանմամբ զարգացման եւ խնամքի կենտրոնների միջոցով իրականացրել է նախադպրոցական կրթության գործունեություն: Ըստ մեղադրանքի՝ 2019-2021 թթ ժամանակահատվածում, Գոհար Հայրապետյանը, փաստացի հանդիսանալով կազմակերպության ղեկավարը, պատասխանատվություն կրելով օրենսդրության պահանջներին համապատասխան ֆինանսական հաշվետվությունների ժամանակին կազմման, ներկայացման համար, չարամտորեն, հարկերը, տուրքերը եւ պարտադիր այլ վճարը խոշոր չափերով չվճարելու նպատակով, դիտավորությամբ խախտելով ՀՀ հարկային օրենսգրքի, «Կուտակային կենսաթոշակների մասին» եւ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքների մի շարք հոդվածներ, օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում հարկային մարմնին համապատասխան հաշվետվություններ չի ներկայացրել՝ այդ կերպ պետությանը դիտավորությամբ չվճարելով ընդհանուր խոշոր չափի՝ 6.453.400 ՀՀ դրամ գումար։ Գոհար Հայրապետյանի պաշտպան Աբգար Պողոսյանը մեր զրույցում տեղեկացրեց, որ Հայրապետյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում․ «Քրեական գործում անգամ ստուգման ակտ առկա չէ, մեզ չի պարզաբանվել, թե այդ հարկերը որտեղից են գոյացել, մի քանի անգամ տիկին Հայրապետյանը ասել է, որ պատրաստ է վճարել եւ չի խուսափում, եւ իրականում էլ պատրաստ է, պարզապես մեզ չեն պարզաբանում, այդ հաշվարկը մեզ համար մութ է մնացել: Յուրաքանչյուր թիվ, որը կներկայացվի եւ հասկանալի կլինի, տիկին Հայրապետյանը պատրաստ է վճարել»։  Պողոսյանի խոսքով՝ իրենք հաշվարկի հետ համաձայն չեն եւ իրենց անձնական հաշվարկն ունեն․ թե ըստ դրա՝ ինչ գումարների մասին է խոսքը, պաշտպանն առայժմ չմանրամասնեց՝ նշելով, որ քրեական գործը պետք չէ լուրջ ընկալել․ «Օրինակ՝ պատերազմի օրերին այն բոլոր երեխաներին, ում ծնողները մասնակցել են ռազմական գործողություններին, անվճար է ծառայություն մատուցել, բայց դրանք էլ են հաշվել որպես հարկ, նման խնդիրներ կան, որ մեզ համար անընդունելի են, ես չգիտեմ՝ նմանատիպ հաստատություններ, որ այդ կերպ են վարվել, բավականին շատ էին երեխաները, ում ծնողները մասնակցում էին պատերազմին»,- ասաց նա։ Ինչ վերաբերում է հաշվետվություններին, Պողոսյանի խոսքով՝ դրանք ներկայացվել են․ «Անգամ երբ արդեն քրեական գործ կար, օրագրերից սկսած, իր ձեռագրով գրած տարիների հաշվարկը, ամեն ինչը ներկայացվել է»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, որ պայքարելու են արդարացման համար։ Գոհար Հայրապետյանի գործով առաջին դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 27-ին։   Միլենա Խաչիկյան
18:14 - 09 օգոստոսի, 2022
Նպատակը թիմեր ձևավորելն է, որոնք համայնքներում փոփոխություններ կբերեն․ Նոյեմբերյանում կանցկացվի «Ապագայի նախատիպը» միջոցառումը

Նպատակը թիմեր ձևավորելն է, որոնք համայնքներում փոփոխություններ կբերեն․ Նոյեմբերյանում կանցկացվի «Ապագայի նախատիպը» միջոցառումը

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում օգոստոսի 20-21-ը տեղի կունենան կոնֆերանսներ, պանելային քննարկումներ ՏՏ ոլորտի, մարզերի համաչափ զարգացման և մի շարք այլ թեմաների վերաբերյալ։ «Ապագայի նախատիպը» կոչվող այս միջոցառումը կազմակերպել են «Protolab» ստարտափի պատանիները՝ ստարտափի հիմնադրման մեկ ամյակի առիթով։ «Protolab»-ի համահիմնադիր Արգամ Ամիրաղյանը միջոցառման նպատակը նկարագրում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքերով․ «Աշխարհում հաղթում են թիմերը, իսկ անհատների առաքելությունը թիմեր ստեղծելն է»․ «Մեր գլխավոր նպատակն այն է, որ ձևավորվեն թիմեր, որոնք համայնքներում փոփոխություններ կբերեն։ Ես վստահ եմ, որ միջոցառումը մեր համայնքի համար օգտակար կլինի, որովհետև ես չեմ հիշում, որ Նոյեմբերյանում այսպիսի կոնֆերանսային միջոցառում երկար ժամանակ եղած լինի։ Հույս ունեմ, որ մարդիկ նորից հավատով կլցվեն դեպի Նոյեմբերյան ու ապագա կտեսնեն նաև իրենց համայնքներում»։ Արգամը պատմում է, որ հետաքրքրիր ու խիտ գրաֆիկ են կազմել, որպեսզի երկու օրերը դառնան իսկական գիտելիքի տոն։ Միջոցառման գլխավոր թեմաներն են մարզերի համաչափ զարգացումը, ՏՏ ոլորտը, բիզնեսի զարգացումը, անձնային աճը, մոտիվացիան․ լինելու են կոնֆերանսներ, պանելային քննարկումներ․ «Առաջին օրը ամբողջ օրակարգը հիմնականում նվիրված է լինելու կոնֆերանսներին, պանելային քննարկումներին,  որից հետո արդեն մեկնելու ենք վրանային գիշերակացի, երեխաները հնարավորություն են ունենալու շփվել միմյանց ու նաև փորձառու մարդկանց հետ։ Հաջորդ օրը կոնֆերանսների քանակն ավելի քիչ կլինի․ տեղի կունենա «Protolab»-ի պաշտոնական շնորհավորումը, ու որոշել ենք գաղափարների մրցույթ իրականացնել, որի մասնակիցները լինելու են Հայաստանի տարբեր մարզերից թիմեր, ու նրանց ծրագրերը պետք է միտված լինեն իրենց համայնքներում որոշ խնդիրներ լուծելուն»։ Արգամն ասում է, որ այս պահին 20 բանախոսներ հաստատել են միջոցառմանը իրենց մասնակցության մասին, որոշների հետ էլ դեռ ճշգրտման փուլում են։ Իսկ համայնքներում խնդիրներ լուծելու համար նախատեսված գաղափարների մրցույթի համար թիմերը պետք է նախապես հայտագրվեն․ Արգամն ասում է, որ այս պահին հայտագրումները քիչ են․ «Սակայն շփվելով մարզեցիների հետ, տեսնում ենք, որ հետաքրքրվածությունը բավական մեծ է, ու լինելու է  գաղափարների իրական մրցակցություն։ Հայտատադիմումները փակվելու են օգոստոսի 10-ին, ու մտածում ենք, որ վերջին 2 օրում կտեսնենք, թե ինչ գաղափարներ կան, որոնք փոփոխություն կբերեն համայնքներում, հետո արդեն՝ մարզերում»։ Նրա խոսքով՝ միջոցառմանը 150 պատանիներ են մասնակցելու, որոնք 15-23 տարեկան են։ Մասնակիցները հիմնականում Տավուշի և Լոռու մարզերից են․ «Միջոցառմանը մասնակցելու հայտադիմումները արդեն փակվել են, ու ընդհանուր առմամբ 190 հոգի են հայտադիմում ներկայացրել, որոնցից 110-ը հաստատ անցել են։ Նրանց կմիանան նաև Նոյեմբերյանի երեխաները, ու մասնակիցների թիվը 150 կլինի»։ Պատանիները միջոցառման կազմակերպման ճանապարհին դժվարությունների հանդիպում են, սակայն հույս ունեն, որ այն հնարավորինս բարձր մակարդակով կանցկացնեն․ «Բացի նրանից, որ մեր փորձը քիչ էր միջոցառումներ կազմակերպելու առումով, նաև սեզոնային իրավիճակով պայմանավորված բավական բարդ էր մարդկանց հետ կապ հաստատելը։ Հյուրերի մեծ մասը, որոնք գաղափարակից են, գտնվում են Հայաստանից դուրս կամ գործի բերումով խիստ զբաղված են լինում։  Խնդիրները շատ են, բայց մենք կարծում ենք, որ պատվով ենք դուրս գալիս, ու քանի որ մեր նպատակը բավականին մեծ է, բարդացումները այդքան էլ չեն խանգարում, թույլ տրված սխալներն էլ մեր կազմակերպած հաջորդ միջոցառման ընթացքում կուղղվեն»։ Նա պատմում է նաև, որ միջոցառումը «Protolab»-ի թիմով են կազմակերպում, սակայն զգում են Նոյեմբերյանում ապրող պատանիների, երիտասարդների, ինչպես նաև համայնքի աջակցությունը։ Իսկ «Ապագայի նախատիպը» «Protolab» ստարտափի կարգախոսն է, հենց այդպես էլ անվանել են սպասվելիք միջոցառումը․ «Մենք նաև այդ օրերին փորձելու ենք կառուցել ապագայի նախատիպը, այսինքն՝ տարբերակներ գտնել, թե ինչպիսին պետք է լինի ապագան Հայաստանում»։   Նանե Ավետիսյան
12:32 - 09 օգոստոսի, 2022
Լիբանան պատերազմին տունը քանդեցինք, եկանք էստեղ շենացրեցինք, հիմա նորից դուրս պիտ գանք․ Աղավնոյի բնակիչ

Լիբանան պատերազմին տունը քանդեցինք, եկանք էստեղ շենացրեցինք, հիմա նորից դուրս պիտ գանք․ Աղավնոյի բնակիչ

Յոթ տարի առաջ Թամար Դումբալյանի ընտանիքը Լիբանանից տեղափոխվեց Արցախ՝ Աղավնո գյուղ։ Յոթ տարի է՝ նա ապրում է Աղավնոյում։ Իսկ երկու օր առաջ Թամարն ու Աղավնոյի մյուս բնակիչներն իմացան, որ օգոստոսի 25-ին պիտի լքեն գյուղը։ «Եկավ Խանումյանը (Հայկ Խանումյանը- խմբ․), ասեց, որ ամսի 25-ին ռուսը հելնում ա էս պոստերից, գալու ա ազերին։ Ժողովուրդը, անշուշտ է, որ չի կարա ազերի հետ ապրի, ոնց կարաս վստահես դու ազերիին»,- պատմում է նա: Մի քանի օր է, ինչ Արցախում լարված իրավիճակ է։ Ադրբեջանը սադրանքի է դիմել՝ խախտելով հրադադարը և պահանջելով ազատել Լաչինի միջանցքը։ Երկու օր առաջ պարզ դարձավ, որ Արցախի երեք բնակավայրերի՝ Աղավնոյի, Բերձորի ու Ներքին Սուսի բնակիչները պետք է լքեն իրենց տները, իսկ Արցախի ու Հայաստանի միջև կապը պիտի ապահովվի նոր ճանապարհով, որը դեռ պատրաստ չէ։ Ժամանակին Լիբանանից ևս երկու ընտանիք է եկել Աղավնո․ նրանցից մեկն էլ գյուղապետի՝ Անդրանիկ Չավուշյանի ընտանիքն է։ «Էնտեղ Լիբանան պատերազմին տունը քանդեցինք, եկանք էստեղ, զրոյից սկսեցինք, էստեղ շենացրեցինք, հիմա նորից դուրս պիտ գանք։ Գժվելու վիճակ ա, չես իմանում՝ ինչ անես, որին մեղադրես»,- ասում է Թամարը։ Աղավնոյում հիմա ամեն մեկն իր հոգսով է․ մարդիկ փորձում են հասկանալ՝ ինչպես են իրենց իրերը տեղափոխելու, ուր են գնալու, բնակություն հաստատելու։ Գյուղապետ Անդրանիկ Չավուշյանն ասում է՝ ցուցակներ են կազմում, որ ներկայացնեն Արցախի կառավարություն, մարդկանց տարհանման պլանը կատարվի։ Ժամանակավոր բնակություն հաստատելու համար մարդիկ որոշակի աջակցություն կստանան, հետո հավասագրեր, որոնց հիման վրա կառավարության աջակցությամբ կկարողնան տուն գնել։  Գյուղում 50 ընտանիք է ապրում։ Նրանց մի մասը ցանկություն է հայտնել բնակություն հաստատելու Արցախի Հանրապետությունում։ Մյուսները կտեղափոխվեն Հայաստանի Հանրապետություն։ Դեռ անորոշ է, թե մարդիկ որտեղ են ժամանակավոր բնակություն հաստատելու, ինչպես են աշխատանք գտնելու։  Անդրանիկ Չավուշյանի խոսքով՝ իրենք այս օրերին տարբեր զանգեր են ստանում․ «Սյունիքի մարզպետի կողմից քիչ առաջ ստացանք, որ ով որ Սյունիք գա, կփորձեն տան հարց լուծել, բեռնափոխադրամիջոցների, նաև աշխատատեղեր։ Ասում է՝ Սյունիքը ձեր հետ է»։ Թամարն ասում է, որ ինքը երկու օր առաջ ներկա էր Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի հետ հանդիպմանը։ Նա պատմում է՝ բնակիչներ են եղել, որ հադիպման ժամանակ ասել են՝ ես տան եղածս կվառեմ, թուրքին չեմ տա։  «Խանումյանը ասում ա՝ ով որ տունը քանդի, 10 միլիոնից զրկվում ա»,- նշում է Թամարը։  Խոսքը հավաստագրի մասին է, որով պիտի տեղահանված բնակիչներն իրենց համար նոր բնակարաններ ձեռք բերեն։ Երեկ Արցախի հանրային հեռուստաընկերությունն էլ հաստատեց, որ բնակարան ձեռ բերելու համար հավաստագրեր կտրամադրվեն այն պայմանով, որ բնակիչներն իրենց տները թողնեն անվնաս։ Անդրանիկ Չավուշյանը նշում է՝ Աղավնոյում կան մարդիկ, որոնք այս որոշմանը համաձայն են, մարդիկ էլ կան, որ համաձայն չեն, քանի որ այս իրավիճակն անընդունելի է նրանց համար։ «Ամեն մեկս էստեղ ապրել ենք, շենացրել ենք, աշխատել ենք, տունը սարքել ենք, բայց էս տունը մենք չենք սարքած, չէ՞, պետությունն ա տվել։ Ոչ մի տան վրա քարի քարին չենք դրած էստեղ, մեզի պետությունը տված է, դուռը բացել, նստել ենք, խի՞ պիտի քանդեմ։ Ազերին թող չմտնե, բայց կարող ա մի տարի հետո ետ ազատագրված եմ, ու էս հողերը ետ եկանք։ Էդ էլ պիտի մտածվի։ Խի՞ ծառերը կտրեմ»,- ասում է Թամարը։  Նա նշում է՝ կան բնակիչներ, որոնք Երևանում հարզատներ ունեն, կարող են գնալ, բայց շատերն էլ չունեն և չգիտեն ինչ անել․ «Հիմա, օրինակ, ես հաշմանդամ ամուսին ունեմ, ո՞ւր գնամ, ի՞նչ անեմ։ Աումսինս չի կարա շենքի մեջ ապրի, չի կարա քայլի, ես չեմ կարա շենքին մեջ առնեմ իրեն ամեն անգամին հանեմ, իջացնեմ ներքևից վերև։ ․․․ Շատ դժվար ա հողից ջրից զրկվիլ։ Երկրորդ անգամն է՝ էս ցավն եմ զգում, իմ տեսածս զավակներս թող չտեսնեն»։  Անդրանիկ Չավուշյանն էլ նշում է՝ գյուղի բնակիչներն արդեն սկսել են տեղափոխվելու հարցերը լուծել, բայց դեռ հույս ունեն, որ հրաշք կլինի։  Գլխավոր լուսանկարը՝ «Մեդիամաքսի» Աննա Սահակյան  
17:42 - 07 օգոստոսի, 2022
Երկար զրույց գիտության շուրջ [21] Լևոն Աբրահամյան | Գայանե Շագոյան

Երկար զրույց գիտության շուրջ [21] Լևոն Աբրահամյան | Գայանե Շագոյան

Մշակութային մարաբան, ազգագրագետ Գայանե Շագոյանի և Լևոն Աբրահամյանի երկար զրույցը գիտության շուրջ: 01:28 - Ազգագրության, մշակութային մարդաբանության ինքնության մասին 13:21 - Ազգագրության` գաղութատիրական ճանաչողության գործիք ու պատմական գիտության օժանդակ մաս համարվելու մասին 16:59 - Օտարին ուսումնասիրելիս հայելու մեջ քեզ տեսնելու մասին 23:55 - Մարդաբանության փոփոխությունների մասին 26:21 - Մարդաբանության էթիկայի կոդեքսի ու չվնասելու մասին 45:04 - Հետազոտողի հիերարխիկ դիրքի մասին 45:29 - Կիրառական ազգագրության մասին 1:11:43 - Գիտությանը՝ որպես միջազգային տեսանելիություն ապահովող գործիք վերաբերվելու մասին 1:16:43 - Հայերենով հասարակագիտական ոլորտին վերաբերող հոդված գրելու անհնարինության մասին 1:23:00 - Հայաստանում հայագիտական ուսումնասիրություններ անելու անհեթեթության մասին 1:35:34 - Կրթությունը, ի հաշիվ գիտության, բարելավելու փորձի մասին 1:44:26 – Հետազոտվողին սիրելու մասին
15:25 - 06 օգոստոսի, 2022
Կարո՞ղ է արդյոք Հայաստանի արբանյակը օգնել հայտնաբերելու և խոցելու հակառակորդի ԱԹՍ-ները

Կարո՞ղ է արդյոք Հայաստանի արբանյակը օգնել հայտնաբերելու և խոցելու հակառակորդի ԱԹՍ-ները

Օգոստոսի 1-ին Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը հայտնեց, որ Արցախի հյուսիսային և հյուսիսարևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր։ Արդեն օգոստոսի 3-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը կիրառել է նռնականետեր և ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով հայկական կողմում զինծառայողներ են վիրավորվել և զովել։ Վերջին տվյալներով՝ օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է, լարվածությունը պահպանվում է։ Հայկական կողմն ունի 2 զոհ, 19 վիրավոր։ Երկու օր առաջ Արցախում կատարվողի համատեքստում Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձավ մայիսին տիեզերք ուղարկված «ArmSat-1» արբանյակին․ «Արբանյակ ունեցող Հայաստանը, ըստ ռազմական տրամաբանության, հիմա պետք է ստանար Ադրբեջանի դիրքերի և օդ բարձրացված բայրաքթարների կոորդինատները, որոնցով էլ ՀՕՊ-ով կկարողանար առանց խնդրի ոչնչացնել թշնամու այդ կրակակետերը։ Ի՞նչ է անում հայկական արբանյակը տիեզերքում։ Ինչո՞վ է զբաղված, եթե զբաղված է, իհարկե»։ Այս գրառումը տարածեցին մի շարք լրատվամիջոցներ (oragir.news, mamul.am, yerkir.am, armday.am, արխիվացված հղումները՝ 1, 2, 3, 4)։ Նույն պնդումը Հոխիկյանն արեց երեկ՝ «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ՝ պնդելով, որ այդկերպ հնարավոր կլիներ ոչնչացնել հակառակորդի ԱԹՍ-ները։ Նաիրի Հոխիկյանի այս պնդումը, սակայն, վիճահարույց է․ որոշակի պայմաններում «ArmSat-1» արբանյակից ստացված պատկերների և այլ տվյալների համադրությամբ տեսականորեն հնարավոր է նկատել օդ բարձրացած «Բայրաքթարները», սակայն այդ տվյալները «Բայրաքթարները» խոցելու հարցում, մեծ հաշվով, անօգուտ են։ Infocom-ը արբանյակի հնարավորությունների, ինչպես նաև դրա միջոցով ռազմական օբյեկտներ հայտնաբերելու հավանականության մասին զրուցել է «ԱՅԱՍ» տիեզերագիտական ընկերության հիմնադիր և նախագահ Ավետիք Գրիգորյանի հետ։ Վերջինս բացատրում է, որ ոչ բոլոր մեծության օբյեկտներն են հստակ երևում արբանյակից ստացված պատկերներում։ Գոյություն ունի արբանյակի լուծունակություն․ պարզ ասած՝ դա այն ամենափոքր դետալն է, որը արբանյակը կարող է ֆիքսել Երկիր մոլորակի վրա որպես արբանյակից ստացված պատկերի վրա երևացող մեկ կետ։ «ArmSat-1» արբանյակի դեպքում այդ կետը համապատասխանում է նկարված տեղանքում 2 մետրի։ Այսինքն, Երկրի վրայի երկու մետրանոց դետալը արբանյակից ստացված պատկերում երևում է որպես մի կետ, որում ավելի փոքր մանրամասներ տեսնել հնարավոր չէ։ «Այսինքն, եթե տեղանքում կա 2 մետրանոց ավտոմեքենա, ապա դա նկարի վրա երևալու է որպես մի կետ»,- նշում է Ավետիք Գրիգորյանը: Սակայն տեսականորեն արբանյակից ստացված պատկերով հնարավոր է ենթադրել՝ արդյո՞ք պատկերում երևացող կետն ԱԹՍ է, թե՞ այլ օբյեկտ։ Բանն այն է, որ խոսքը միայն ստացված պատկերում օբյեկտների երևալ/չերևալու մասին չէ․ այդ ամենի հետ համադրվում են այլ տեղեկություններ ևս։ «Եթե նույն «Բայրաքթարը» 2 մետրից մեծ է, և արբանյակից ստացված պատկերում այն երևա որպես 6-8 կետերի համախումբ, ու տեսնեն, որ այն դիրքը փոխում է ժամանակի ընթացքում, արագությունը պատկերացնեն, կասեն՝ այս լեռնային տեղանքներով այդ արագությամբ ոչինչ շարժվել չէր կարող, ուրեմն դա օդում թռչող օբյեկտ է, և այդ արագությունը, օրինակ, բնորոշ է «Բայրաքթարին»»,- ասում է Ավետիք Գրիգորյանը։ Նրա խոսքով, տարբեր տեղեկություններ համադրելով, կարելի է գլխի ընկնել արբանյակից ստացված պատկերներում ռազմական այլ օբյեկտների առկայության մասին ևս․ «Կարող ես տեսնել կետերի մի ամբողջ շարք, որը գնում է ամայի տեղանքներով, բայց հողային ճանապարհով։ Կարելի է մտածել, որ ավտոշարասյուն է ու ամենայն հավանականությամբ, եթե մեր սահմանների մոտ է, ռազմական ավտոշարասյուն է»։                        ։ «ArmSat-1»-ը պտտվում է Երկիր մոլորակի շուրջը ցածր (ոչ գեոստացիոնար) ուղեծրով։ Սա նշանակում է, որ այն չի կարող ողջ օրը լինել միևնույն տեղանքի վերևում և պատկերներ ուղարկել մոլորակի այդ հատվածից, օրինակ՝ հայ-ադրբեջանական սահմանից։ Ավետիք Գրիգորյանը նշում է՝ մեր տարածաշրջանի վրայով նման արբանյակը, որպես կանոն, կանցնի օրվա մեջ շուրջ 5 անգամ։ Հաշվի առնելով, որ գետնի նկատմամբ փոքր անկյան տակ նկարահանելիս պարզ պատկերներ չեն ստացվի, ապա մեր տեղանքը նկարահանելու համար պիտանի անցումները կլինեն ավելի քիչ։ Սակայն նույն տեղանքից մի քանի րոպեի ընթացքում պատկերներ ստանալ հնարավոր է։ Ի տարբերություն այլ արբանյակների՝ մեր արբանյակը լրացուցիչ հնարավորություն ունի․ այն նկարում է ոչ միայն ուղիղ իր ներքևում եղածը, այլ նաև կարող է թեքվել ու կողքերից պատկերներ ստանալ: «Օրինակ, եթե մեզ հետաքրքրում է սահմանի կոնկրետ կտորը, իսկ արբանյակն անցնում է ոչ ուղիղ դրա վրայով, ապա կարող ենք հրահանգ տալ, ասել՝ մենք ուզում ենք այս կտորը նայել։ Արբանյակը կուղղվի այդ կողմն ու կնկարի։ Հիմա, եթե անցնելու ընթացքում, որը մեր դեպքում տևում է ամենաշատը 9 րոպե, սկզբից նկարի տարածքը, հետո՝ 5-7 րոպե անց, նորից նկարի նույն տարածքը, և երևա, որ ամեն ինչը այդ պատկերում նույնն է, բայց մի ինչ-որ կոնկրետ կետ կամ կետերի համախումբ տեղաշարժվել է այդ րոպեների ընթացքում, ապա դրանից կարելի է եզրակացնել, որ դա շարժվող օբյեկտ էր։ Բայց դա, ի վերջո, մնում է ենթադրություն․ այդ պատկերն այնքան մանրամասն չէ, որ կարողանաս սև-սպիտակ պատկերում երկու մետրը երկու մետրի վրա չափերով տախտակը տարբերել նույն չափերի տեխնիկայից։ Բազմասպեկտրալ պատկերների համադրումը գուցե թույլ տա հասկանալ, թե ինչ նյութից է լույսն անդրադարձել, բայց այդ դեպքում էլ լուծունակությունն ավելի քիչ կլինի՝ մոտ 3 մ»,- նշում է Ավետիք Գրիգորյանը։ Վերջինիս խոսքով՝ կարևոր է նաև, թե պատկերն ինչ պայմաններում և ինչ տեղանքում է ստացվել․ «Կախված է տեղանքից․ ինչի՞ վրայով է թռչում օբյեկտը։ Կախված է լուսավորությունից։ Կարող են այնպիսի պայմաններ լինել, որ օբյեկտը լավ երևա տեղանքի ֆոնի վրա, կարող են այնպիսի պայմաններ լինել, որ չերևա։ Միանշանակ չէ, որ ցանկացած բան, երբ էլ անցնի, արբանյակը կտեսնի, կտարբերի»։ Այս ամենից կարելի է եզրակացնել , որ տեսականորեն տարբեր տվյալների համադրությամբ հնարավոր է արբանյակից ստացված պատկերներից իմանալ, որ Հայաստանի կամ Արցախի այս կամ այն հատվածում «Բայրաթքար» է թռել։ Այլ հարց է, թե դա որքանով կնպաստի այդ «Բայրաթքարը» խոցելուն։  «Դա ընդամենը հայտնաբերման լրացուցիչ շանս է։ Ռազմական տեխնիկա գոյություն ունի, ՀՕՊ գոյություն ունի, որը ռադարային սկզբունքներով կարողանում է բացահայտել երկնքում օբյեկտները։ Եթե շատ փոքր ԱԹՍ է, դրա համար հզոր ռադար է պետք, բայց «Բայրաքթարը» ՀՕՊ-ը պիտի որ գրանցի։ ․․․․ ՀՕՊ-ը հատուկ կառուցված է այնպես, որ երբ ռադարով հայտնաբերում է օբյեկտ, անմիջապես դառնում է կառավարող օրգան հակաօդային միջոցների համար, որ հրթիռ ուղարկելիս ցույց տա՝ թիրախը որտեղ է, և հրթիռը գնա այդ ուղղությամբ։ Եթե ՀՕՊ-ը չկա կամ կա, բայց օբյեկտը չի հայտնաբերել, ապա միայն արբանյակից ստացված նկարին նայելով՝ Երկրի վրայից ո՞ր կողմ արձակեն հրթիռը, որ գնա, խոցի։ Արբանյակից ստացված պատկերը թույլ չի տալիս հստակ ստանալ օբյեկտի կոորդինատները տարածության մեջ։ Այն չի կարող ապահովել հրթիռի ճշգրիտ ուղղորդում և օբյեկտի խոցում։ Նկարով կարող ես միայն իմանալ, որ գուցե  նման բան է անցնում այդ պահին։ Դա ընդամենը կարող է լինել հայտնաբերման հնարավոր միջոցներից մեկը»,- նշում է Ավետիք Գրիգորյանը։ Բացի այդ՝ պետք է հաշվի առնել, որ արբնյակը ոչ միշտ է պատկերներն ուղարկում անմիջապես նկարելուց հետո։ Կլինեն պատկերներ, որոնք կուղարկվեն մեզ հաջորդ անցման ժամանակ, լավագույն դեպքում՝ նկարելուց 90 րոպե անց։ Ավետիք Գրիգորյանի խոսքով՝ արբանյակից ստացված պատկերները կարող են, օրինակ, օգնել զինտեխնիկայի շարժը կամ սահմանին ինչ-որ շինություններ կառուցելու գործընթացը նկատելու հարցում․ «Շարժերը կարելի է նայել․ բեռնատար մեքենաներ են, զինտեխնիկա է տեղաշարժվում, մեկուկես ժամ անց կարելի է տեսնել, որ տեղաշարժվել են։ Սահմանամերձ շինություններ են անում, դիրքեր են ամրապնդում․․․ Դրանք ավելի խոշոր բաներ են, շատ մանրամասներով չի երևա, բայց կհասկացվի, թե դա ինչ բնույթի կառույց է, թշնամու միտումը կիմանանք»։ Ամփոփելով նշենք, որ Նաիրի Հոխիկյանի պնդումը, թե Հայաստանի արբանյակը  պետք է ստանար օդ բարձրացված «Բայրաքթարների» կոորդինատները և փոխանցեր ՀՕՊ-ին, վիճահարույց են։ Ինչպես տեսանք, «Բայրաքթարը» արբանյակի համար փոքր օբյեկտ է, և եթե անգամ արբանյակի պատկերներից մեկում այն նկատվեր, և տարբեր տեղեկությունների համադրմամբ հնարավոր լիներ հասկանալ, որ դա «Բայրաքթար» է, այդ տեղեկությունը դժվար թե օգներ խոցելու նպատակով արձակված հակաօդային միջոցի ուղղորդմանը։ Հիշեցնենք՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հուլիսի 12-ին հայտնել էր, որ արբանյակի կառավարման կենտրոնի և ընդունիչ կայանի մասով աշխատանքներ են տարվում։ Արբանյակից պատկերներ ստանալու մասին տեղեկություններ դեռևս ոչ մի գերատեսչություն չի հրապարակել։ Աննա Սահակյան
15:30 - 05 օգոստոսի, 2022
Լոնդոնում Ադրբեջանի դեսպանությունը կրոնական կազմակերպության կողմից հարձակման է ենթարկվել

Լոնդոնում Ադրբեջանի դեսպանությունը կրոնական կազմակերպության կողմից հարձակման է ենթարկվել

Ադրբեջանի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 4-ին կրոնական արմատական խմբավորման անդամներ հարձակվել և շրջափակել են Լոնդոնում Ադրբեջանի դեսպանատունը: Այս մասին երեկ հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները, իսկ ավելի ուշ հաստատել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ միևնույն ժամանակ դատապարտելով տեղի ունեցածը: ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ հարձակվողները շենքի պատշգամբում կախել են կրոնական դրոշներ և բղավել արմատական ​​կրոնական կարգախոսներ։ Տեղի ոստիկանների միջամտությունից հետո խմբի անդամները դուրս են բերվել շենքից և բերման են ենթարկվել։ Դեսպանատան աշխատակիցները չեն տուժել։ Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը նշել է նաև, որ դիվանագիտական խողովակներով Մեծ Բրիտանիայի իշխանություններին նախազգուշացվել է ապահովել ադրբեջանցի դիվանագետների և շինությունների անվտանգությունը`միջազգային պարտավորությունների համապատասխան: Ավելի ուշ լրատվամիջոցները հայտնել են, որ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Մահդիի ծառաների միություն» կոչվող շիա կազմակերպությունը: 
09:12 - 05 օգոստոսի, 2022
Ադրբեջանի ԱԳՆ-ն հերքել է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունն ու մեղադրանքներ հնչեցրել հայկական կողմի հասցեին

Ադրբեջանի ԱԳՆ-ն հերքել է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունն ու մեղադրանքներ հնչեցրել հայկական կողմի հասցեին

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել վերջին օրերին Արցախում տեղի ունեցած իրադարձությունների և ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության վերաբերյալ, ու նշել, թե կտրականապես հերքում են ՀՀ ԱԳՆ հայտարարությունը, որը ստեղծված իրավիճակի մեջ մեղադրում է ադրբեջանական կողմին։  «Ի լրումն ադրբեջանական կողմի բազմաթիվ ապացույցների՝ Ադրբեջանի տարածքում (նկատի ունի՝ Արցախի Հանրապետությունում-խմբ․) հայկական անօրինական զինված ուժերի առկայության մասին խոստովանել են նաև հայ պաշտոնյաները։ Այսպես, այս տարվա հունիսի 29-ին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Սահակ Սահակյանը հայտնեց, որ ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայողներն աստիճանաբար հանվելու են մարտական հերթապահությունից, և առաջնագծում նրանց փոխարինելու են պայմանագրային զինծառայողները: Ինչպես նաև Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 19-ին ասաց, որ «ՀՀ ԶՈւ դուրսբերումը Ղարաբաղից կավարտվի սույն թվականի սեպտեմբերին»․ սա հստակ ցույց է տալիս, որ հակառակ ստանձնած պարտավորություններին, Հայաստանը դեռևս անօրինական կերպով պահպանում է իր զինված զորամասերը Ադրբեջանի տարածքում»,- նշված է հաղորդագրության մեջ։  «Հայաստանի արտաքին գործերի նախարարության, որը մեղադրում է Ադրբեջանին եռակողմ հայտարարության 6-րդ կետը խախտելու մեջ, ուշադրությունն ենք հրավիրում նրա վրա, որ Լաչինի միջանցքի երկայնքով նոր ճանապարհի համաձայնեցված երթուղու շինարարությունը շարունակվում է արդեն երկար ամիսներ, և հայկական կողմը բավականաչափ տեղեկացված է այս ճանապարհի մասին։ Եթե ​​հայկական կողմը նպատակ ունի տարբեր պատրվակներով հետաձգել այս պարտավորության, ինչպես նաև եռակողմ հայտարարության այլ դրույթների կատարումը, ապա սա եռակողմ հայտարարության և այլ համաձայնագրերի իրականացման հետ կապված Հայաստանի ոչ կառուցողական և խանգարող գործունեության ևս մեկ վառ օրինակ է»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։  Հաղորդագրության մեջ նշվում է, թե վերջին օրերի լարվածությունը կապված է Արցախի տարածքում ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների առկայությամբ․ «Ընդգծում ենք, որ վերջին շրջանում տիրող լարվածության պատճառը Ադրբեջանի տարածքում հայկական անօրինական զինված խմբավորումների առկայությունն է, և նրանց կողմից սադրանքների դիմելը»,- նշված է հաղորդագրության մեջ։  Նշենք, որ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 19-ին հայտնել էր, թե պատերազմի բերումով ՀՀ ԶՈւ մի շարք ստորաբաժանումներ ՊԲ-ին օգնելու նպատակով մուտք են գործել ԼՂ, և հրադադարի հաստատումից հետո նրանք վերադառնում են։ Գրիգորյանը նշել էր, որ վերադառնալու գործընթացը կավարտվի սեպտեմբերին։  Այսօր՝ օգոստոսի 4-ին, Կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանը շարունակաբար շահարկում է ԼՂ-ում Հայաստանի Զինված ուժերի ներկայությունը․ «պիտի արձանագրեմ պաշտոնապես, որ ԼՂ-ում ՀՀ զինծառայող չկա»,- ասաց վարչապետը։   
16:01 - 04 օգոստոսի, 2022
Կառավարությունը որպես նվիրատվություն գույք ընդունեց՝ անձնագրային և վիզաների վարչությունումը հերթերը կանոնակարգելու համար

Կառավարությունը որպես նվիրատվություն գույք ընդունեց՝ անձնագրային և վիզաների վարչությունումը հերթերը կանոնակարգելու համար

ՀՀ կառավարությունը այսօր՝ չզեկուցվող հարցերի փաթեթով որոշեց որպես նվիրատվություն ընդունել «Հայաստանում միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոն՝ ICMPD» գույքը, որը նախատեսված է տեղադրել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում և տարածքային անձնագրային ստորաբաժանումներում` առաջացող հերթերը կանոնակարգելու և անձնագրային ծառայությունների աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար։ Ըստ նախագծի հիմնավորման՝ ներկայումս ամբողջ աշխարհում կառավարությունները, ժամանակի պահանջով պայմանավորված, իրենց գործունեությունն առավել արդյունավետ իրականացնելու համար որդեգրել են նորարարությանը համընթաց շարժվելու և առավելապես տեղեկատվական տեխնոլոգիաներ օգտագործելու ուղղվածությունն ու ռազմավարությունը։ Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ աշխարհը, ինչպես նաև ՀՀ-ն ապրում է էական զարգացում և ողջ կառավարման համակարգում տեղի են ունենում նշանակալից կարևոր մի շարք փոփոխություններ:  «2022թ․-ի մայիս ամսին «Հայաստանում միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոն՝ ICMPD» կազմակերպությունը ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությանը՝ որպես տեխնիկական օժանդակություն անվճար, անհատույց հիմունքներով և առանց միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի նկատմամբ որևէ պարտավորության տրամադրել է հերթերի կառավարման սարքավորումներ՝ առաջարկելով այն ընդունել որպես նվիրատվություն»։ Նշվում է նաև, որ տեխնիկական սարքավորումները որպես նվիրատվություն ընդունելը նպատակ ունի բարձրացնել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության և տարածքային ստորաբաժանումների կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը՝ հաշվի առնելով ներկայումս նկատվող հերթերի աճման միտումը, ինչը պայմանավորված է նաև Ռուսաստանի Դաշնությունում բնակվող մեծ թվով ՀՀ քաղաքացիների անձնագիր ստանալու համար ներկայացվող դիմումների աճով։
12:50 - 04 օգոստոսի, 2022
Խորհրդարանը ձեռք չի բերի ԱԺ նախագահի ծառայողական մեքենային ուղեկցող ամենագնացներ․ պատճառը ներկրման խոչընդոտներն են

Խորհրդարանը ձեռք չի բերի ԱԺ նախագահի ծառայողական մեքենային ուղեկցող ամենագնացներ․ պատճառը ներկրման խոչընդոտներն են

Կառավարությունն այսօր ուժը կորցրած ճանաչեց ապրիլի 7-ին ընդունված որոշումը, ըստ որի ՀՀ ԱԺ աշխատակազմը նախատեսում էր որպես ուղեկցող մեքենաներ ձեռք բերել Toyota ֆիրմայի RAV 4 մոդելի ամենգնաց ավտոմեքենաներ՝ ՀՀ Ազգային Ժողովի նախագահին սպասարկող ծառայողական մեքենայի անվտանգ և ապահով տեղաշարժն ապահովելու համար։ Պատճառը արտաքին գործոններով է պայմանավորված․ մասնավորապես՝ ներկրող «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ն Ռուսաստանի Դաշնությունում տիրող իրավիճակով և կիրառվող պատժամիջոցներով, չի կարողանում ներկրել ՀՀ Ազգային Ժողովին անհրաժեշտ տեխնիկական պարամետրերով ավտոմեքենաները։ Ուստի, ՀՀ Ազգային Ժողովը նպատակահարմար է համարում ձեռնպահ մնալ վերոնշյալ մեքենաների գնման գործընթացից։ Այս նպատակով ՀՀ Ազգային Ժողովի 2022 թվականի պետական բյուջեի հատկացումների հաշվին վերաբաշխված 54 միլիոն դրամի չափով ֆինանսը  կուղղվի ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ։  
12:36 - 04 օգոստոսի, 2022
Չնայած այս պահին ԼՂ շփման գծի երկայնքով ակտիվ գործողություններ չկան, իրադրությունը շարունակում է մնալ ծայրահեղ լարված. Փաշինյան

Չնայած այս պահին ԼՂ շփման գծի երկայնքով ակտիվ գործողություններ չկան, իրադրությունը շարունակում է մնալ ծայրահեղ լարված. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստի ընթացքում հայտարարեց, որ Հայաստանը կատարել է եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, և Ադրբեջանը դա նույնպես պետք է կատարի։ Եթե ոչ, մենք պետք է մեր օրակարգում ներառենք սեփական ստորագրությամբ ստանձնած պարտավորությունները հարգելուն ուղղված միջազգային մեխանիզմների գործարկումը, որպեսզի միջազգային մեխանիզմների գործարկումով Ադրբեջանը հարգի իր ստորագրությամբ ստանձնած պարտավորությունները։  «Չնայած այս պահին ԼՂ շփման գծի երկայնքով ակտիվ գործողություններ չկան, իրադրությունը, ըստ ԼՂ իշխանությունների գնահատականի, շարունակում է մնալ ծայրահեղ լարված։ Մենք պիտի աշխատենք այդ լարվածությունը թուլացնելու ուղղությամբ։ Ընդգծեմ, որ 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների բոլոր կետերով ՀՀ-ն կառուցողական բանակցությունների վարման քաղաքականություն է իրականացնում՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղության հաստատման և ամրապնդման»,- նշեց նա։  Փաշինյանը անդրադարձավ նաև Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև կապը ապահովելու պայմանավորվածությանը․ «Մենք ամեն օր պատրաստ ենք այդ կապը ապահովել, Ադրբեջանն է, որ չի օգտվում այդ հնարավորությունից։ Մենք այսօր էլ ասում ենք՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով եկեք հատեք ՀՀ սահմանը, գնացեք Նախիջևան։ Հենց այսօր։ Նախորդ տարվանից ունենք ՀՀ մաքսային ծառայության կետ և սահմանապահ ծառայության կետ․ և մենք ասել ենք Ադրբեջանին, որ ցանկացած պահի, ՀՀ-ի օրենսդրությամբ սահմանված կարգով, այդ կետերը կարող են հատել և կապ հաստատել Նախիջևանի հետ։ Ընդ որում՝ ինչ վերաբերվում է նոր կառուցվող ճանապարհներին, եռակողմ հայտարարության մեջ հստակ ընդգծված է, որ դա պետք է տեղի ունենա կողմերի համաձայնությամբ, և մենք ասում ենք, որ այդ ճանապարհների երթուղին քննարկելը համարում ենք երկրորդ հարցը, առաջինը՝ իրավական ընթացակարգերի ամրագրումից և գործարկումից հետո»,- ասաց Փաշինյանը։  Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը կարող է մի քանի կետերով հատել ՀՀ սահմանը․ «Պաշտոնապես ասում եմ՝ Ադրբեջանը կարող է հենց մի քանի կետերով հատել ՀՀ սահմանը և երթևեկություն իրականացնել դեպի Նախիջևան։ Եթե բառացի և տառացի, նշված է, որ մենք պետք է ապահովենք Ադրբեջանի արևմտյան շրջանների կապը Նախիջևանի հետ։ Ադրբեջանի ամենաարևմտյան շրջանը Ղազախի շրջանն է, մենք պատրաստ ենք, թող գան, հատեն, գնան Նախիջևան, և մենք ապահովում ենք երթևեկության անվտանգությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Միայն Ղազախով չէ, Ղախազ-Իջևան հատվածով չէ, Ղազախ-Բերդ, Վարդենիսի հատվածում մենք կարող ենք դա ապահովել, մենք դա կարող ենք ապահովել Սիսիանի հատվածում, Երասխի հատվածում, մենք դա կարող ենք ապահովել Գորիսի հատվածում, որտեղ մենք վաղուց մաքսային ծառայության հսկողություն ունենք, և մենք այս ընթացքում ոչ մի անգամ Ադրբեջանը չի օգտվել, չի էլ փորձել օգտվել»,- եզրափակեց Փաշինյանը։  Փաշինյանը ընդգծեց՝ բոլոր գործողությունները ուղղված են խաղաղության օրակարգի դեմ։ 
12:16 - 04 օգոստոսի, 2022
Փաշինյանը պաշտոնապես արձանագրեց՝ ԼՂ-ում Հայաստանի Հանրապետության զինծառայող չկա

Փաշինյանը պաշտոնապես արձանագրեց՝ ԼՂ-ում Հայաստանի Հանրապետության զինծառայող չկա

Որքան էլ քննադատվի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, դրանում ԼՂ-ի անվտանգության կարևոր ինստիտուտներ են ամրագրված։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Փաշինյանը։  «Նախ ԼՂ միավորի արձանագրումն է տեղի ունեցել, ինչ մինչև հիմա փորձում է ժխտել Ադրբեջանը՝ ասելով, թե ԼՂ գույություն չունի։ Ադրբեջանից հնչող նմանատիպ հայտարարությունները, ի դեպ, հայտարարության կոպտագույն խախտում են։ Երկրորդը, արձանագրվել է, որ գոյություն ունի շփման գիծ, և երրորդը Լաչինի միջացնք, որը ապահովում է ԼՂ կապը ՀՀ հետ։ Ըստ էության այս երեք ինստիտուտների դեմ է Ադրբեջանի այսօրվա պայքարը և մեր ակնկալիքն է, որ ինչպես և նախատեսված է եռակողմ հայտարարությամբ, ՌԴ խաղաղապահ զորախումբը Ադրբեջանին հնարավորություն  չտա խաթարելու եռակողմ հայտարարությամբ արձանագրված այս հիմնարար ինստիտուտները»,- նշեց Փաշինյանը։  Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանը այսօր անընդհատ խոսում է ԼՂ ՊԲ-ի մասին, թե ինչու են նրանք տեղակայված շփման գծի երկայնքով։ Եթե ՌԴ խաղաղապահ զորախումբը Ադրբեջանը երաշխավորի շփման գծի անձեռմխելիությունը, ԼՂ ՊԲ-ն մարտական հերթապահություն իրականացնելու անհրաժեշտություն չի ունենա։ Նման անհրաժեշտություն առաջացել է այն բանից հետո, երբ Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել խաղաղապահների մանդատը և շարունակաբար խախտում է նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները, այդ թվում բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին, որը վերը նշված փաստաթղթի բուն էությունն է։  Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, թե ԼՂ-ում ՀՀ ԶՈՒ զինծառայող չկա։  «Ադրբեջանը շարունակաբար շահարկում է նաև ԼՂ-ում Հայաստանում Զինված ուժերի ներկայությունը։ Պիտի արձանագրեմ պաշտոնապես, որ ԼՂ-ում ՀՀ զինծառայող չկա»,- ասաց նա։  «Ընթացիկ էսկալացիայի համար որպես պատրվակ օգտագործում է Լաչինի միջանցքի նոր երթուղու հարցը, իբր ինքը ավարտել է Լաչինի միջանցքի նոր երթուղու կառուցման աշխատանքները, և հետևաբար գործող միջանցքի մի շարք հատվածներ պետք է հանձնվեն իր հսկողությանը։ Ադրբեջանի նման ձևակերպումը և հայտարարությունները նույնպես 2020 թ․-ի նոյմեբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում են և ահա թե ինչու։ Նշված հայտարարության վեցերերորդ կետում ասվում է․ «Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար»։Այս պահի դրությամբ ՌԴ, ՀՀ-ի Ադրբեջանի կողմից եռակողմ ֆորմատով հաստատված որևէ պլան գոյություն չունի և մենք մի քանի անգամ առաջարկել ենք և հիմա էլ առաջարկում ենք դա անել։ Այսինքն՝ հաստատել եռակողմ ֆորմատով պլան։ Ուշադրություն դարձրեք, որ հայտարարության մեջ խոսքը ոչ թե պարզապես նոր ճանապարհի կառուցման մասին է, այլ կառուցման պլանի և խաղաղապահ զորքերի վերատեղաբաշխման մասին, որը շատ բարդ և եռակողմ գործընթաց է։ Այս պահի դրությամբ մենք որևէ պլանի համաձայնություն չենք տվել, քանի որ մեզ նման պլանի նախագիծ չի էլ առաջարկվել, չնայած պիտի ընդգծեմ, որ ՀՀ-ն սկսել է Կոռնիձեր-Տեղ Մ-12 մայրուղու ավտոճանապարհի վերակառուցումը, որը ենթադրաբար պետք է միանա Լաչինի միջանցքի նոր երթուղուն։ Խոսքը այստեղ, այսինքն՝ եռակողմ հայտարարության միայն ճանապարհի կառուցման մասին չէ, պլանի շրջանակում պետք է պարզաբանվեն մի շարք կարևորագույն հարցեր, այդ թվում՝ ԼՂ-ի էլեկտրական էներգիայի, գազի մատակարարման հարցեր, անվտանգության հետ կապված խնդիրներ»,- նշեց վարչապետը։  Փաշինյանն ընդգծեց, որ Ադրբեջանն այս օրերին շահարկում է, թե ՀՀ-ն փորձում է խուսափել այս հարցերի քննարկումներից. «Սա աբսուրդ հայտարարություն է այն պայմաններում, երբ ես վերը նշված ծրագրի մասին հայտարարել եմ հրապարակային դեռևս 2022 թ․-ի հունիսի 27-ին իմ ունեցած առցանց ասուլիսի ընթացքում և ավելին Ադրբեջանը ԼՂ-ում սրման գնաց այն օրերին, երբ  Կոռնիձոր-Տեղ Մ-12 ավտոճանապարհի բուն շինարարությունը մեկնարկեց, իսկ դրանից առաջ հրապարակային մրցութային ընթացակարգեր տեղի էին ունենում շինարարական կազմակերպության ընտրության նպատակով։ Այս պայմաններում Ադրբեջանի կողմից սրացման գնալը մի նպատակ ունի․ 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված կառուցակարգերի վերացումը։ Ադրբեջանը, որը նոյեմբերի 9-ի հայտարարությունը իր հաղթանակն է համարում, այսօր մի խնդիր ունի․ վերացնել այդ հայտարարությունը և խուսափել այդ հայտարարությամբ արձանագրված իրողությունների ամրագրումից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ 
11:47 - 04 օգոստոսի, 2022
Ակնկալում ենք, որ շփման գծի հատման ցանկացած փորձ կասեցվի ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից․ Փաշինյանը անդրադարձավ Արցախում ստեղծված իրավիճակին

Ակնկալում ենք, որ շփման գծի հատման ցանկացած փորձ կասեցվի ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից․ Փաշինյանը անդրադարձավ Արցախում ստեղծված իրավիճակին

Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ անդրադարձավ վերջին օրերին Արցախում տեղի ունեցող իրադարձություններին։  Նիտի սկզբում կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին երեկ Արցախում զոհված զինծառայողների հիշատակը։ «Այս օրերին տեղի ունեցող և սրանից առաջ տեղի ունեցած մի շարք իրադարձություններ համակարգային բնույթի հարցեր են ի հայտ բերում։ Բազմիցս եմ ասել, որ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայությունն ու գործունեությունը առանցաքային գործոն են արցախահայության անվտանգության ապահավոման համար, և մենք բարձր ենք գնահատում ՌԴ ջանքերը՝ մեր տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման հարցում։ 2020 թ․-ի նոյեմբերից ի վեր՝ ԼՂ-ում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ վերջին օրերի իրադարձությունները հայ հանրության շրջանում առաջ են բերում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի բովանդակության և էության հետ կապված հարցեր։  2020 թ․-ի դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի կողմից Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի գրավումը և հայ զինծառայողների գերեվարումը ՌԴ խաղաղապահների ներկայությամբ և թողտվությամբ, 2022 թ․-ի մարտի 24-ին Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղի գրավումը կրկին ՌԴ խաղաղապահների ներկայությամբ, շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի շարունակական և ահագնացող խախտումները, ԼՂ հայությանը խաղաղապահների ներկայությամբ ֆիզիկապես և հոգեբանորեն ահաբեկելու դեպքերը պարզապես անընդունելի են։  Այս համատեքստում խիստ անհրաժեշտ է դառնում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը։ Սա անհրաժեշտ է եղել ի սկզբանե, ԼՂ-ում ՌԴ-ի խաղաղապահ զորախմբի տեղակայմանը զուգընթաց։ Բայց պիտի խոստովանել, որ այս գործընթացին խոչընդոտել է Ադրբեջանը՝ հրաժարվելով ստորագրել ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի գործունեության մանդատը, մինչդեռ ՀՀ-ն դա արել է հենց 2020 թ․-ի նոյեմբերին, և մենք ակնկալում ենք, որ երկկողմ ֆորմատով ստորագրված այդ մանդատը գործի իր ամբողջ ծավալով։ Բացի այդ գոյություն ունեն թեմային առնչվող մի շարք ինստիտուցիոնալ հարցեր։ Մասնավորապես, 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության երրորդ կետում հստակ նշված է, որ Լեռնային Ղարաբաղում կա շփման գիծ, որի երկայնքով էլ տեղակայվում են ՌԴ խաղաղպահները։ Հենց այս տարածքն է կոչվում ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի և մենք ակնկալում ենք, որ շփման գծի հատման ցանկացած փորձ կասեցվի ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից, իսկ շփման գծից ներս գտնվող ադրբեջանական ստորաբաժանումները դուրս բերվեն։ Վերադառնալով ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի մանդատի թեմային՝ պիտի կրկնեմ, որ մեր կարծիքով՝ Հայաստանի և Ռուսաստանի ստորագրությունը բավարար են այդ մանդատը ամբողջությամբ իրագործելու համար, իսկ եթե ոչ, ուրեմն անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել այդ մանդատը միջազգայնորեն հաստատելու կամ խաղաղապահներին ավելի լայն միջազգային մանդատով օժտելու ուղղությամբ։ Ես հիմա չեմ ուզում շատ աշխատանքային մանրամասներ բացել, բայց այս հարցերը մեզ հուզել են հենց 2020 թ․-ի նոյեմբերից, մենք ջանքեր ենք գործադրել կոնկրետ լուծումների հասնելու համար և հիմա այդ ջանքերը պետք է կրկնապատկել և եռապատկել»։ 
11:21 - 04 օգոստոսի, 2022
Տավուշի սահմանին հարաբերականորեն կայուն իրավիճակ է․ ՀՀ ՊՆ խոսնակ

Տավուշի սահմանին հարաբերականորեն կայուն իրավիճակ է․ ՀՀ ՊՆ խոսնակ

Այսօր մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Տավուշի սահմանին կուտակումներ են, ադրբեջանական ուժերը զորք ու տեխնիկա են կուտակել։  Infocom-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը նշեց, որ այս պահի դրությամբ (առավոտյան 10։30-ի սահմաններում) ՀՀ սահմանին լարվածություն չկա։  «ՀՀ զինված ուժերը աչալրջորեն վերահսկում են իրենց վստահված պետական սահմանը և լիարժեք տիրապետում են իրավիճակին, այս պահի դրությամբ հարաբերականորեն կայուն իրավիճակ է»,- ասաց նա։ Ի պատասխան ճշտող հարցի, թե արդյոք Տավուշի սահմանին ադրբեջանական զորք կամ տեխնիկա է կուտակված, Պն խոսնակը նշեց՝ իր մեկնաբանությունը վերաբերում էր հենց Տավուշի սահմանին տիրող իրավիճակին։ Հիշեցնենք՝ օգոստոսի 3-ին` ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները Արցախի Հանրապետության ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառել են նռնականետեր և ԱԹՍ-ներ։ Ըստ վերջին տվյալների՝ հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։ ՊԲ-ի փոխանցմամբ՝  ռուսական զորակազմի հրամանատարության միջնորդությամբ շարունակում են քայլեր ձեռնարկվել իրավիճակի կայունացման ուղղությամբ:      
11:08 - 04 օգոստոսի, 2022