Երևանի մետրոպոլիտեն

Երևանի մետրոպոլիտենը շահագործվում է 1981թ.-ից, ունի 10 կայարան, շահագործվող գծերի երկարությունը 12,1 կմ է, առկա է 45 վագոն։ Աշխատանքային օրերին գիծ է դուրս բերվում 26 վագոն (13 շարժակազմ), իսկ շաբաթ և կիրակի օրերին` 24 վագոն (12 շարժակազմ)։

2016 թ.-ից մետրոպոլիտենով իրականացվող ուղևորափոխադրումներում նկատվում է աճի միտում, ինչը պայմանավորված է նոր երթուղային ցանցի ներդրմամբ, մասնավորապես` միկրոավտոբուսների քանակի նվազմամբ, որի հետևանքով այս պահին մետրոպոլիտենի ցուցանիշը մայրաքաղաքի ընդհանուր ուղևորափոխադրումների հաշվեկշռում կազմում է մոտ 10%։

«Մետրոգիպրոտրանս»-ը ՀՀ կառավարությանը 500 մլն դոլար արժողությամբ մետրոպոլիտենի զարգացման նախագիծ է առաջարկել

«Մետրոգիպրոտրանս»-ը ՀՀ կառավարությանը 500 մլն դոլար արժողությամբ մետրոպոլիտենի զարգացման նախագիծ է առաջարկել

Երևանի մետրոյի նոր՝ Աջափնյակ կայարանի նախագծման մրցույթում հաղթող է ճանաչվել, ռուսաստանյան «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը: Նախագծման աշխատանքների և մետրոյի հեռանկարային զարգացման խնդիրներ են քննարկել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնը: Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ քաղաքային տրանսպորտային բարեփոխումների մեջ կարևոր տեղ ունի մետրոպոլիտենի զարգացումը, և Երևանի քաղաքապետարանը հստակ քայլեր է ձեռնարկում նոր կայարանը կառուցելու նպատակով: «Տրանսպորտային ընդհանուր բարեփոխումները, որոնք շատ կարևոր են Երևանի համար, բաղկացած է մի քանի մասերից և, իհարկե տարբեր փուլերից: Մենք այժմ շատ ակտիվ զբաղվում ենք վերգետնյա տրանսպորտով, այսինքն՝ ավտոբուսների համալրմամբ և արդեն դրանց շահագործմամբ, որը շարունակական բնույթ է կրում և զուգահեռաբար զբաղվում ենք նաև ստորգետնյա տրանսպորտով, որը մետրոպոլիտենն է: Երևանի քաղաքապետարանի կողմից բավականին բարդ աշխատանք է կատարվել, մենք մեր շուրջն ենք հավաքել մետրոպոլիտենի աշխատանքին տեղյակ բոլոր մասնագետներին, որոնք այս պահին Հայաստանում են և համախմբված կարողացանք անցկացնել այդ մրցույթը, որը վերաբերում է նախագծման փուլին: Մրցույթի նախապատրաստումը և անցկացումը տևեց համարյա մեկուկես տարի: Այս պահին մենք հասել ենք ավարտական փուլին. մրցույթն ունեցավ հաղթող, որի հետ արդեն ստորագրվել է պայմանագիր»,- նշել է քաղաքապետը։ «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնը հանդիպման ընթացքում քաղաքապետին է ներկայացրել Աջափնյակի կայարանի նախագծման էսքիզային տարբերակները: «Ինձ թվում է՝ մետրոպոլիտենը, քաղաքի զարգացման տեսակետից, շատ բան է որոշում, և երբ մետրոն նախագծվում է մինչև հիմնական շինարարությունը, նշանակում է , որ քաղաքն ապրում է, իսկ մարդկանց միջև կապը՝ ընդլայնվում, քանի որ նրանք կարող են քաղաքի մի հատվածից հասնել մյուսը: Պետք է ինչ-որ բանից սկսել, և այն, որ մենք հաղթեցինք մետրոյի նոր կայարանի փոքրիկ մի հատվածի նախագծման մրցույթում, դա նույնպես լավ սկիզբ է ու նշանակում է, որ պետք է առաջ ընթանալ: Նկատելի է, որ քաղաքային իշխանությունը մտածում է ռազմավարական լուծումներ գտնել նոր շենքերի կառուցման, տրանսպորտային ենթակառուցվածքների արդյունավետ զարգացման համար՝ անգամ սահմանափակ հնարավորություններով,- նշել է «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահը: «Մետրոգիպրոտրանս» ընկերությունն, ի դեպ, Հայաստանի կառավարությանը 500 մլն դոլար արժողությամբ մետրոպոլիտենի զարգացման նախագիծ է առաջարկել։ Ծրագրին շահավետ պայմաններով պատրաստ է աջակցել Արտահանման վարկերի ապահովագրությա ռուսաստանյան գործակալությունը։ «Մենք այդ միջոցներով երևի կկարողանանք թարմացնել նաև հին մետրոպոլիտենի ենթակառուցվածքները, ու նաև կարող ենք նախատեսել քաղաքի այն հատվածները, դեպի ուր կարող են ընդլայնվել կայարանները»,- ասել է Վալերի Աբրամսոնը: «Վեց ամսվա ընթացքում պետք է ֆինանսավորվի այս նախագիծը, որպեսզի աշխատանքներն սկսվեն: Ուզում եմ տեղեկացնել, որ մետրոպոլիտենը հանդիսանում է պետական գույք, սա համայնքային գույք չէ, ուստի և ֆինանսավորումը պետք է արվի պետական բյուջեից, ոչ թե համայնքի բյուջեից: Մենք բոլորս էլ գիտենք, որ այսօր բավականին լուրջ խնդիրներ կան հանրապետությունում, և ես հուսով եմ, որ այդ խնդիրները հաղթահարելի են, որպեսզի նաև ֆինանսներ գտնվեն մետրոպոլիտենի համար»,- նշել է Հայկ Մարությանը: Նախագծի նախնական տարբերակով նախատեսվում է Հրազդանի վրայով կամուրջ կառուցել միայն մետրոյի համար, «Մետրոգիպրոտրանսն» առաջարկում է նաև երկրորդ հարկ կառուցել ավտոմեքենաների կամ հետիոտնի համար: Զրույցի ընթացքում կողմերը նկատել են, որ ցանկալի է նախընտրել ստորգետնյա կայարանի կառուցումը՝ կամրջի վրայի կայարանի փոխարեն, քանի որ ստորգետնյա կայարանները շատ ավելի հարմար են մետրոյից օգտվող մարդկանց համար եւ զանազան ենթակառույցների զարգացման հնարավորություն են տալիս: Հանդիպման ավարտին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնին է փոխանցել մետրոյի «Աջափնյակ» կայարանի հատվածի նախագծման ստորագրված պայմանագիրը:
12:34 - 24 նոյեմբերի, 2021
Երևանի մետրոյի ռելսերը մաշված են, անհապաղ փոխարինման ենթակա. Կառավարությունը 141 մլն դրամ հատկացրեց դրանց գնման համար |armtimes.com|

Երևանի մետրոյի ռելսերը մաշված են, անհապաղ փոխարինման ենթակա. Կառավարությունը 141 մլն դրամ հատկացրեց դրանց գնման համար |armtimes.com|

armtimes.com: ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունվեց որոշում, որով գործադիրը հավանություն տվեց «Հարավկովկասյան երկաթուղուց» 4300 մ ռելսեր գնելու առաջարկին, որի ընդհանուր արժեքը կկազմի 141 միլիոն դրամ, ներառյալ՝ տեղափոխման գինն ու ԱԱՀ-ն: Այդ գումարը կհատկացվի ՀՀ պետական բյուջեից: Հարցը ներառված էր Կառավարության չզեկուցվող հարցերի փաթեթում: Նախագծում նշված է՝ թույլատրել «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերությանը լուծարել «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի  մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության եւ «Իմպեքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2021 թվականի օգոստոսի 16-ին կնքված պայմանագիրը՝ երկկողմանի համաձայնությամբ: Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենի գնացքի ռելսերը գտնվում են մաշված վիճակում, ինչը ուղղակիորեն սպառնում է քաղաքացիների անվտանգ տեղափոխմանը և մետրոպոլիտենի անվտանգ աշխատանքի կազմակերպմանը: «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի ողջ ցանցում առկա են 56 կմ ընդհանուր երկարության ռելսեր։ Վերջին անգամ ռելսեր ձեռք են բերել 2014 թվականի մարտին՝ թվով 4400 մ: Դրանք շահագործվող գծերում են տեղակայվել 2014-2018 թվականների ընթացքում: 2018 թվականից մինչ օրս ընկերությունը նոր ռելսեր ձեռք չի բերել, չնայած միայն 2020-2021 թվականների ընթացքում հայտարարվել է 7 մրցույթ: «Նշենք, որ 2021 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ շահագործվող գծերում առկա են 4400 մ ժամկետանց, 2000 մ արատային, 775 գմ անհապաղ փոխարինման ենթակա ռելսեր, սակայն պահուստում առկա չէ ոչ մի մետր ռելս»,- նշված է հիմնավորման մեջ: Յուրաքանչյուր տարի շահագործման ընթացքում ի հայտ են գալիս ևս 250-400 գմ նոր արատային ռելսեր: Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել հնարավորինս սեղմ ժամկետներում ձեռք բերել 4300 մետր р-50 տեսակի նոր ռելսեր, որոնք նախատեսված են մետրոպոլիտեններում շահագործման, ինչպես նաեւ սլաքային փոխադրիչների կազմակերպման համար։ Նշված ռելսերն իրենց պատրաստման ընթացքում չեն ենթարկվում ջերմային խտացման, ինչը դարձնում է նրանց ավելի ճկուն և դիմացկուն կոտրվածքներ առաջանալու դեպքերում։ Ուսումնասիրելով դրսի շուկան (քանի որ ՀՀ տարածքում ռելսեր չեն արտադրվում)՝ պարզվել է, որ այդ տեսակի ռելսերի արժեքը ոչ պակաս է 37.000 դրամից 1 մետրի համար (առանց տեղափոխման վճարի), միաժամանակ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից առաջարկվել է р-50 տեսակի 4300 մ խմբաքանակի ռելսերի մատակարարման անհամեմատ ցածր գին՝ 141 միլիոն դրամ: Բացի այդ, ընկերությունն առաջարկել է մատակարարումն իրականացնել անհամեմատ սեղմ ժամկետներում՝ մինչև 45 օրվա ընթացքում, ինչը կարևոր նշանակություն ունի օր առաջ փոխարինման ենթակա ռելսերը փոխարինելու և այս բարդ իրավիճակից դուրս գալու համար։ Այս հանգամանքը հաշվի առնելով՝ նախագծով առաջարկվում է թույլատրել երկկողմանի համաձայնությամբ լուծարել իր եւ «Իմպեքս» ՍՊԸ-ի միջև 2021 թվականի օգոստոսի 16-ին կնքած պայմանագիրը:
13:55 - 04 նոյեմբերի, 2021
Մետրոյում երթևեկության գրաֆիկի խախտումը վերացվել է

Մետրոյում երթևեկության գրաֆիկի խախտումը վերացվել է

Սույն թվականի նոյեմբերի 2-ին՝ ժամը 07:00-ին, մետրոպոլիտենում տեղի է ունեցել տեխնիկական խափանում։ Այդ մասին ասված է Երևանի Մետրոպոլիտենի Ֆեյսբուքի էջում: «Խափանման պատճառով գրանցվել է երթևեկության գրաֆիկի խախտում։ Ժամը 08։10-ի դրությամբ խնդիրը վերացվել է մասնագետների կողմից, և վերականգնվել է երթևեկությունը երկու գլխավոր գծերով։ Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար»,- նշված է գրառման մեջ։ Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։
10:39 - 02 նոյեմբերի, 2021
Հայկ Մարությանն ու Շառլ Միշելը շրջայց են կատարել Երևանի մետրոպոլիտենում

Հայկ Մարությանն ու Շառլ Միշելը շրջայց են կատարել Երևանի մետրոպոլիտենում

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը շրջայց են կատարել Երևանի մետրոպոլիտենում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:    «Եվրամիությունը Երևան համայքի կարևորագույն գործընկերներից է։ Մասնավորապես, ԵՄ դրամաշնորհների ու եվրոպական ֆինանսական կառույցների վարկերի միջոցով արդեն տասնամյակ ի վեր արդիականացվում է Երևանի մետրոպոլիտենը՝ թարմացվում են վագոնները, շարժասանդուղքները, անվտանգության համակարգերը և այլն: Մեր համագործակցությունը բազմաշերտ է և շարունակական:   Նախագահ Միշելին իմ խորին գոհունակությունն արտահայտեցի Եվրոպական Միության կողմից Հայաստանին տրամադրվելիք 2.6 մլրդ եվրո արժողությամբ զարգացման ծրագրում Երևանի կանաչ զարգացմանը առանձին կետով անդրադառնալու փաստի կապակցությամբ:   Սրանով Երևանը հնարավորություն կունենա ավելի զարգացնել մեր նախաձեռնած՝ թափոնների տեսակավորման և վերամշակման գործընթացը, ինչպես նաև նոր թափ հաղորդել էներգիայի արդյունավետ օգտագործման, «խելացի քաղաք»-ի հայեցակարգի, «կանաչ» տրանսպորտի զարգացման և շատ այլ ծրագրերին»,- գրել է Մարությանը:    
18:31 - 17 հուլիսի, 2021
Երևանի մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատարն անդրադարձել է նոր կայարանի կառուցման աշխատանքներին |armenpress.am|

Երևանի մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատարն անդրադարձել է նոր կայարանի կառուցման աշխատանքներին |armenpress.am|

Երևանի մետրոպոլիտենի դեպի Աջափնյակ վարչական շրջան նոր կայարանի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրենի ժ/պ Գևորգ Ավետիսյանը նշեց, որ աշխատանքները տարվում են, պարզապես այս պահին փակագծեր չի բացում:     «Նոր կայարանը լինելու է Աջափնյակ թաղամասում, ասեմ, որ այդ ուղղությամբ աշխատանքները տարվում են, պարզապես այս փուլում փակագծերը չեմ բացի, որովհետև քննարկման շրջան է: Կարող եմ ասել, որ գործն ընթացքի մեջ է»,- ասաց Գևորգ Ավետիսյանը: Մետրոպոլիտենի ցանցի զարգացման մասին ակտիվ քննարկումները վերսկսվեցին 2019 թվականին: Նշվում էր դեպի Աջափնյակ վարչական շրջան մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման մասին՝ դիտարկելով բիզնեսին ներգրավելու հնարավորությունները: 2020 թվականի սեպտեմբերին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնեց, որ Երևանում մետրոյի նոր կայարանը կկառուցվի պետական միջոցներով:   Երևանի մետրոպոլիտենը ներկայում ունի ավելի քան 12 կմ ընդհանուր շահագործվող երկարության գիծ, 10 կայարան, վագոնային պարկը բաղկացած է 45 վագոնից, այս պահին գլխավոր գծերում աշխատում է 11 շարժակազմ՝ բաղկացած 2 և 3 վագոններից: Չարբախ-Շենգավիթ ուղեհատվածում գործում է մեկ վագոնով երկու շարժակազմ:
15:26 - 05 մարտի, 2021
Համավարակի հետևանքով 2020-ին Երևանի մետրոպոլիտենի ուղևորահոսքը կիսով չափ կրճատվել է |armenpress.am|

Համավարակի հետևանքով 2020-ին Երևանի մետրոպոլիտենի ուղևորահոսքը կիսով չափ կրճատվել է |armenpress.am|

armenpress.am: 2020 թվականին համավարակն իր բացասական ազդեցությունը թողեց մետրոպոլիտենի աշխատանքի վրա:   «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Կ. Դեմիրճյանի անվան «Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրենի ժ/պ Գևորգ Ավետիսյանը, բացասական ազդեցությունն ավելի լավ պատկերացնելու համար, ներկայացրեց մեկ թիվ: «Եթե մենք 2019 թվականին տեղափոխել ենք գրեթե 21 մլն ուղևոր, ապա 2020 թվականին այդ թիվը կազմել է 11 մլն: Համարյա 50 տոկոսով կրճատվել է: Եղավ այնպես, որ Երևանի մետրոպոլիտենն իր պատմության մեջ առաջին անգամ ապրիլի 1-ից մայիսի 17-ը դադարեցրեց աշխատանքը»,-ասաց Գևորգ Ավետիսյանը: «Երևանի Մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը նշեց, որ խստագույն ձևով հետևում են համավարակի հետ կապված անվտանգության կանոններին: Բոլոր աշխատակիցները կրում են դիմակներ, աշխատասենյակները, վագոնները համալրված են ախտահանիչ նյութերով: Օրվա ավարտին բոլոր վագոններն ախտահանվում են մասնագիտացված կառույցի կողմից: Նրա խոսքով՝ պատասհական չէ, որ առողջապահական տեսչական խմբի կողմից կատարված ստուգումների շրջանակում Երևանի մետրոպոլիտենը միակ տրանսպորտային փոխադրամիջոցն է եղել, որտեղ խախտումներ չեն արձանագրվել: Ներկայում մետրոպոլիտենում ուղևորահոսքը քիչ-քիչ վերակագնվում է, օրական միջինը տեղափոխում են 50-55 հազար ուղևոր:
14:42 - 05 մարտի, 2021
Երևանի մետրոպոլիտենը 40 տարեկան է. երկարամյա աշխատանքային փորձ ունեցող աշխատակիցները կպարգևատրվեն |armenpress.am|

Երևանի մետրոպոլիտենը 40 տարեկան է. երկարամյա աշխատանքային փորձ ունեցող աշխատակիցները կպարգևատրվեն |armenpress.am|

armenpress.am։ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի հոբելյանական 40-ամյակը կնշվի միջոցառումներով: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Կ. Դեմիրճյանի անվան «Երևանի Մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրենի ժ/պ Գևորգ Ավետիսյանը նշեց, որ կլինեն ցուցահանդեսներ, պարգևատրումներ: «Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը՝ չենք պատրաստվում ճոխ միջոցառումներ կազմակերպել, բայց չենք էլ կարող մեր ուղևորներին չհիշեցնել, որ մետրոպոլիտենը 40 տարեկան է: Ինչպես գիտեք, մետրոպոլիտենում հաճախ են իրականցվում մշակութային միջոցառումներ, ցուցահանդեսներ, գրքերի շնորհանդեսներ: Այս ֆոնի վրա «Երիտասարդական» և «Հանրապետության Հրապարակ» կայարաններում կլինեն ցուցահանդեսներ»,- ասաց Գևորգ Ավետիսյանը: Այցելուները լուսանկարների միջոցով կծանոթանան մետրոյի պատմությանը՝ սկսած շինարարությունից: Այն աշխատակիցները, որոնք երկարամյա աշխատանքային փորձ ունեն, անպայման կարժանանան ուշադրության: Կլինեն պարգևատրումներ, շնորհակալագրերի, պատվոգրերի, մեդալների տեսքով: 1966-1970թվականներին Երևանի համար ամենահրատապ հարցերից էր մարդատար տրանսպորտի շուտափույթ կարգավորումը: Խնդիրը պայմանավորված էր այդ տարիներին բնակչության աճի աննախադեպ տեմպով: 1962-1964 թվականներին մշակված Երևանի նոր հատակագծի համաձայն` մետրոպոլիտենի միջոցով ազգաբնակչության տրանսպորտային սպասարկումն ամենաարդյունավետն էր դիտվում և համապատասխանում էր մայրաքաղաքի զարգացման հեռանկարին: Ի պատիվ  այն ժամանակվա իշխանությունների, 1971 թվականին ստացվեց ստորգետնյա արագընթաց տրամվայի շինարարության թույլտվությունը, ապա 1977 թվականին նաև համաձայնություն տրվեց, որ այն վերափոխվի մետրոպոլիտենի շինարարության: 1981 թվականի մարտի 7-ին տեղի ունեցավ Երևանի մետրոպոլիտենի բացման հանդիսավոր արարողությունը: Շահագործվեց 5 կայարան:
14:08 - 05 մարտի, 2021
Երևանի մետրոպոլիտենում գրանցվել է տեխնիկական խափանում

Երևանի մետրոպոլիտենում գրանցվել է տեխնիկական խափանում

Երևանի մետրոպոլիտենում հունվարի 8-ին գրանցվել է տեխնիկական խափանում, որից հետո ժամը 19:45-ից մետրոպոլիտենն աշխատում է մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ՝ «Գարեգին Նժդեհ» - «Սասունցի Դավիթ» ուղեհատվածում: Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի մետրոպոլիտենը: «Հարգելի’ ուղևորներ, հունվարի 8-ին ՝ ժամը 19:35-ին, Երևանի մետրոպոլիտենում գրանցվել է տեխնիկական խափանում, որից հետո ժամը 19:45-ից մետրոպոլիտենն աշխատում է մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ՝ «Գարեգին Նժդեհ» - «Սասունցի Դավիթ» ուղեհատվածում։ Այս պահին տեղում աշխատում են մասնագետների խմբերը՝ խնդիրը վերացնելու նպատակով։ Տեխնիկական խնդիրը լուծվելուն պես կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար»,- նշված է հաղորդագրության մեջ:
21:05 - 08 հունվարի, 2021
Մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում ակցիա իրականացրած անձը որպես մեղադրյալ է ներգրավվել նաև առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելուն օժանադակելու համար

Մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում ակցիա իրականացրած անձը որպես մեղադրյալ է ներգրավվել նաև առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելուն օժանադակելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է 2020թ. դեկտեմբերի 11-ին մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում ակցիա իրականացնելու և մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը խաթարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ակցիա իրականացրած անձանցից երեքի ինքնությունը, որոնք հանդիսանում են Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավարը՝ Դ.Գ-ն., վերջինիս որդին՝ Թ.Գ.-ն, և Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի նախկին տեղակալ Ա.Օ.-ն: Նախաքննական մարմնի որոշմամբ՝ վերջիններս քրեական գործով ներգրավվել են որպես կասկածյալ:Բացի այդ, մեկ այլ՝  ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲ ընկերության տնօրենի կողմից պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել է, որ 2014թ. օգոստոսից մինչև 2017թ. հունվարն ընկած ժամանակահատվածում Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Դ.Գ-ն. զբաղեցրել է վերոնշյալ ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը:Քննության տվյալներով՝ վերջինս պաշտոնավարման ընթացքում, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, օժանդակել է ՓԲ ընկերության տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելուն:Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Դ.Գ.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ (վատնելուն օժանդակելը) հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և որպես խափանման միջոց կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:Քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է:
20:10 - 17 դեկտեմբերի, 2020
Մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում տեղի ունեցածի առթիվ քրեական գործ է հարուցվել

Մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում տեղի ունեցածի առթիվ քրեական գործ է հարուցվել

 Ոստիկանության Շենգավիթի բաժնում քրեական գործ է հարուցվել Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում դեկտեմբերի 11-ին տեղի ունեցած դեպքի առթիվ։ «Դեկտեմբերի 11-ին, ժամը 9․30-ի սահմաններում,  Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում մի խումբ անձինք, իրացնելով ակցիա իրականացնելու, հավաքներ կազմակերպելու և անցկացնելու իրենց իրական կամ ենթադրյալ իրավունքները, տևական ժամանակ խոչընդոտել են գնացքների բնականոն աշխատանքը՝ քաղաքացիներին զրկելով ազատ տեղաշարժվելու իրենց սահմանադրական իրավունքի իրացման հնարավորությունից, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել անձանց իրավունքներին, օրինական շահերին, ինչպես և պետության ու հասարակության շահերին։ Դեպքի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է տարածքային քննչական բաժին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
18:40 - 11 դեկտեմբերի, 2020