ԵՊՀ

Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ) Հայաստանի ամենամեծ բուհն է։

Համալսարանի կառավարման բարձրագույն մարմինը հոգաբարձուների խորհուրդն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է, կազմված է 32 անդամից։ Խորհրդի նիստերը գումարվում են տարեկան առնվազն մեկ անգամ՝ խորհրդի նախագահի կողմից։ 2019 թ. հունվարի 22-ին Գևորգ Մուրադյանը միաձայն ընտրվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ:

Գիտական խորհուրդը ԵՊՀ-ի ուսումնամեթոդական, գիտահետազոտական ու գիտատեխնիկական գործունեությունը պլանավորող, համակարգող և կարգավորող կոլեգիալ մարմին է: Անդամների ընդհանուր թիվը 88 է։ 

«Անձի դեմ խնդիր չունենք, համակարգի դեմ ենք պայքարում»․ ԵՊՀ-ում, ռեկտորի ընտրությանը զուգահեռ, բողոքի ակցիա է |tert.am|

«Անձի դեմ խնդիր չունենք, համակարգի դեմ ենք պայքարում»․ ԵՊՀ-ում, ռեկտորի ընտրությանը զուգահեռ, բողոքի ակցիա է |tert.am|

tert.am: Մենք անձի դեմ խնդիր չունենք, համակարգի դեմ ենք պայքարում, քանի որ այս տարիներին իշխանությունը բոլոր անկախ պետական կառույցները հարմարեցրել է իրեն, որ դառնան իրենց կամակատարը և այդ օրինակը կատարվում է ԵՊՀ–ում։ Այս մասին այսօր ԵՊՀ–ում, որտեղ իրականացում էր ԵՊՀ ռեկտորի ընտրությունը, իսկ զուգահեռ բողոքի ակցիա են իրականացնում ուսանողները, ասաց ուսանող Տարոն Մանուկյանը։ «Ներկա իշխանությունն ամեն ինչ արեց, որ հոգաբարձուների կազմը համապատասխանեցվի իրենց և ամեն ինչ ձեռնարկեց, որ այսօր ունենանք ԵՊՀ ռեկտորի մեկ թեկնածու։ Անկախ այդ անձի քաղաքական հայացքներից, այս ընտրությունները օրինական և լեգիտիմ համարել չէինք կարող, քանի որ ԵՊՀ հոգաբարձուների նախագահությունում այսօր գտնվում է մեկ անձ, որին համարում ենք պարտության սիմվոլ, դավաճանական կառավարության ներկայացուցիչներից մեկը՝ Սուրեն Պապիկյանը»,–ասաց նա։ Ուսանողը նշեց, որ իրենց պայքարը շարունակելու են և ամենամեծ վտանգը ԵՊՀ–ի քաղաքականացումն են համարում։
12:22 - 17 դեկտեմբերի, 2021
ԵՊՀ-ն և կառավարությունը չեն հրաժարվում 44-օրյա պատերազմի մասնակից ուսանողների ուսման վարձը փոխհատուցելուց

ԵՊՀ-ն և կառավարությունը չեն հրաժարվում 44-օրյա պատերազմի մասնակից ուսանողների ուսման վարձը փոխհատուցելուց

Նոյեմբերի 1-ին oragir.news լրատվական կայքը «Կառավարությունը շարունակում է «խաղաղության» օրակարգը․ պատերազմին մասնակցած ուսանողների վարձն այլևս չի զեղչվում» վերտառությամբ հոդված էր հրապարակել, որտեղ, հղվելով ԵՊՀ իր աղբյուրներին, հայտնում էր, որ այս ուսումնական տարվա սկզբից  ԵՊՀ-ն հրաժարվում է 44-օրյա պատերազմին մասնակից ուսանողների ուսման վարձը զեղչել, և ուսման վարձը չզեղջելու որոշումը կայացրել է կառավարությունը, սակայն այն դեռևս թղթային ձևակերպում չունի։ Նշված լուրի իսկությունը ստուգելու համար հարցումով դիմեցինք ՀՀ ԿԳՄՍ նախարարություն, ինչպես նաև կապ հաստատեցինք ԵՊՀ մամուլի խոսնակ Ազնիվ Գրիգորյանի հետ։ ԿԳՄՍ նախարարությունից ստացած պատասխանի համաձայն՝ անցյալ ուսումնական տարվա առաջին կիսամյակում 44-օրյա պատերազմի մասնակից 4200 ուսանող ստացել են ուսման վարձի 100% փոխհատուցում։ Սա եղել է կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի որոշմամբ։ Նախարարության պատասխանի համաձայն՝ ամռանը զորացրված 1200 ուսանող նույնպես կստանա այդ փոխհատուցումը, և գործընթացը կշարունակվի նաև 2022 թվականին, քանի որ դեռ կան ուսանողներ, որոնք չեն զորացրվել։ Բացի տրամադրված փոխհատուցումից՝ փոփոխություններ են կատարվել նաև «Բարձրագույն և հետբուհական մասնագիտության կրթության մասին» օրենքում, և ավելացվել է ուսման զեղչ ստացող ուսանողների շրջանակը, մասնավորապես՝ «մարտական գործողությունների մասնակից ուսանողներին լրիվ կամ մասնակի փոխհատուցում տրամադրելու մասին» հատվածը։ Նույնաբովանդակ փոփոխություն է կատարվել նաև «Նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթության մասին» և «Կրթության մասին» օրենքներում։ Գրավոր հարցմամբ փորձել էինք տեղեկանալ նաև, թե արդյոք ուսման վարձի փոխհատուցման խնդիրներ առաջացել են, և արդյոք շարունակվելու են պատերազմական գործողություններին մասնակից ուսանողների ուսման վարձի մասնակի կամ ամբողջական փոխհատուցումները։ Համաձայն նախարարության պատասխանի՝ բուհերում 44-օրյա պատերազմի մասնակից ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման որոշակի խնդիրներ առաջացել են։ Դրանք վերաբերել են ուսումնական տարվա սկզբում ուսանողների հրամանագրմանը և բուհի հետ պայմանագրեր կնքելուն, որի համար ուսանողները պետք է որոշակի վճարումներ կատարեին։ Ինչ վերաբերում է այս ուսումնական տարում 44-օրյա պատերազմի մասնակից ուսանողներին մասնակի կամ ամբողջական փոխհատուցում տրամադրելուն՝ պատասխանում նշված է, որ նախարարությունն արդեն սկսել է բուհերի ներկայացրած տվյալների ամփոփումը, որոնց հիման վրա էլ ուսանողները պետք է ստանան ուսման վարձի համապատասխան ֆինանսական փոխհատուցում։ Խնդրի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար կապ ենք հաստատել նաև ԵՊՀ մամուլի խոսնակ Ազնիվ Գրիգորյանի հետ։ Վերջինս մեր զրույցում ասաց, որ շրջանառվող լուրերը, թե ԵՊՀ-ն հրաժարվում է ուսման վարձերը զեղչել, իրականությանը չեն համապատասխանում։ Գրիգորյանի խոսքով ԵՊՀ-ում բնականոն հավաքագրվում են ուսանողների փաստաթղթերը, որոնք պետք է ներկայացնեն նախարարություն, որից հետո նախարարությունը պետք է ուսումնասիրի և պահանջներին համապատասխանելու դեպքում կատարի ուսանողների վարձի փոխհատուցումը (Ազնիվ Գրիգորյանի հետ զրուցել ենք նոյեմբերի 1-ին)։ «Մենք քննում ենք յուրաքանչյուր ներկայացված դիմում, լինում են, որ դիմումները թերի են լինում, այդ դեպքում էլ ուսանողները մերժում չեն ստանում, մենք ուղղորդում ենք նրանց և ժամանակ տրամադրում, որ փաստաթղթերը կարգի բերեն և նորից ներկայացնեն։ ԵՊՀ անունից տեղեկացնեմ, որ ուսանողները  մտավախություն չպետք է ունենան, որովհետև երբ վարձավճարի փոխհատուցման որոշումը կայացվի, եթե անգամ վարձավճարի մի մասը ուսանողները վճարած լինեն, ավել վճարված գումարները կվերադարձվեն»,- նշեց Ազնիվ Գրիգորյանը։ Այսպիսով՝ տարածվող տեղեկությունները, թե ԵՊՀ-ն և կառավարությունը հրաժարվում են 44-օրյա պատերազմի մասնակից ուսանողների վարձավճարների փոխհատուցում տրամադրելուց, ճիշտ չէ, քանի որ ԵՊՀ-ում դիմումների հավաքագրումն իրականացվում է բնականոն, իսկ նախարարությունը պատրաստակամ է փոխհատուցել մարտական գործողությունների մասնակից ուսանողների ուսման վարձերը։ Նարեկ Մարտիրոսյան
17:03 - 13 նոյեմբերի, 2021
Բարձրագույն և հետբուհական ուսհաստատություններին առաջարկվել է անցնել առկա ուսուցման

Բարձրագույն և հետբուհական ուսհաստատություններին առաջարկվել է անցնել առկա ուսուցման

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններին, տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչությունը:ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է նոյեմբերի 15-ից բարձրագույն և հետբուհական մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպումն իրականացնել առկա ուսուցմամբ (ըստ անհրաժեշտության՝ համապատասխան դասընթացների համար ուսումնական պլանով նախատեսված դասախոսության ժամերը կարող են կազմակերպվել հեռավար/առցանց ձևով): Միաժամանակ ուսումնական գործընթացը և իրականացվող աշխատանքները կազմակերպելիս անհրաժեշտ է խստագույնս պահպանել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոնները և անհրաժեշտ անվտանգության երաշխիքները։
13:31 - 12 նոյեմբերի, 2021
ԿԳՄՍ նախարարը վստահեցնում է՝ պարտադրված են եղել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ ընտրել քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի |armenpress.am|

ԿԳՄՍ նախարարը վստահեցնում է՝ պարտադրված են եղել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ ընտրել քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը վստահեցնում է՝ պարտադրված են եղել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամի պաշտոնում ընտրել քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի, քանի որ նախարարության ներկայացրած և ԱԺ-ից կողմից ընդունված օրենքի նախագիծը, որով հստակ ֆիքսվել էր, որ հոգաբարձուների խորհրդում չեն կարող լինել քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք, գործողության մեջ չի մտել: Նախարարն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի ընտրվելու թեմային: Դումանյանը հիշեցրեց՝ կառավարությունը ներկայացրել է Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագիծ, որտեղ հստակ գրված է, որ հոգաբարձուների խորհրդում չեն կարող լինել մարդիկ, որոնք զբաղեցնում են քաղաքական պաշտոններ կամ քաղաքական կազմակերպություններում ղեկավար պաշտոններ: Այդ օրենքն ԱԺ-ն ընդունել է, ՍԴ-ն կառավարչական մասի որոշ դրույթներ ճանաչել է հակասահմանադրական: «Մենք էլ ընդունեցինք՝ ի գիտություն, և հիմա արդեն շրջանառության մեջ է այդ երկու դրույթը՝ խմբագրված տարբերակով»,-ասաց նախարարը: Այսպիսով` օրենքը չի մտել գործողության մեջ, որում ֆիքսվում էր, որ հոգաբարձուների խորհրդում չպետք է լինեն քաղաքական դեմքեր: «Այդտեղ վիճարկվեց ոչ թե քաղաքական, այլ ուրիշ խնդիր՝ համամասնությունը: Այդ օրենքը, եթե լիներ, այսօր դուք քաղաքական դեմքեր չէիք տեսնի, ներկայացված օրենքում հստակ գրված է, որ չպետք է լինեն քաղաքական պաշտոններ զբաղեցնողներ»,-ասաց Դումանյանը: Անդրադառնալով քննադատություններին, թե գործող իշխանությունն ինչ քննադատում էր, հիմա ինքն է անում՝ վստահեցրեց, որ այդպես չէ: «Մենք ստիպված ժամանակ չկորցնելու համար վերադարձել ենք գործող օրենքին, որը գործում էր մինչև այդ: Իսկ գործող օրենքում ասվում է 4 համամասնություն. 25 տոկոս՝ ուսանողներ, 25 տոկոս՝ պրոֆեսորադասախոսական կազմ և 25 տոկոս՝ լիազոր մարմին և 25 տոկոս՝ հիմնադիր: Հիմնադրի կողմից պետական պաշտոնյաներ են: Մենք հոգաբարձուների խորհրդի թվի քանակը մաքսիմալ նվազեցրեցինք»,-ասաց Դումանյանը: Այսպիսով, նախարարի խոսքով, ստիպված գործում են այն օրենքով, կառավարության որոշումով, որն ընդունվել է 2005 թվականին, որտեղ հստակ նշված է, որ այսինչ համամասնությամբ պետք է լինի խորհրդի կազմը. արդյունքում՝ այնտեղ հայտնվել են պետական պաշտոնյաներ, քաղաքական դեմքեր: «Հիմա հայտնվել ենք օրենսդրական տվյալ դաշտում, որտեղ պարտադրված ենք պետական պաշտոնյաներ նշանակել, որոնք բնականաբար քաղաքական առաջնորդներ են, տարբեր պաշտոններ ունեն քաղաքական դաշտում»,-ասաց Դումանյանը: Հիշեցնենք, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։
17:40 - 08 նոյեմբերի, 2021
ԵՊՀ աշխատակիցները յուրաքանչյուր ամիս 6000 դրամ փոխհատուցում կստանան ՊՇՌ թեստավորման համար

ԵՊՀ աշխատակիցները յուրաքանչյուր ամիս 6000 դրամ փոխհատուցում կստանան ՊՇՌ թեստավորման համար

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը նոր հրաման է ստորագրել, համաձայն որի՝ ԵՊՀ բոլոր աշխատակիցները, որոնք չեն ցանկանում պատվաստվել, յուրաքանչյուր ամիս՝ 15 օրը մեկ, կստանան 3000 դրամ փոխհատուցում ՊՇՌ թեստավորման համար: Այս մասին տեղեկացնում են Մայր բուհի մամուլի ծառայությունից: Հովհաննես Հովհաննիսյանի՝ 2021 թվականին հոկտեմբերի 4-ի հրամանով՝ ՊՇՌ (պոլիմերազային շղթայական ռեակցիայի) թեստի համար ԵՊՀ աշխատակիցները կստանան 3000 ՀՀ դրամ փոխհատուցում յուրաքանչյուր հետազոտության համար, բայց ոչ ավելի, քան ամսական 2 անգամ հաշվարկով: Մանրամասների համար անհրաժեշտ է դիմել կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին: Փոխհատուցման համար անհրաժեշտ է կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին ներկայացել հետեւյալ փաստաթղթերի պատճենները՝ ԵՊՀ հիմնական աշխատողի կողմից ՊՇՌ հետազոտության համար վճարած գումարի ՀԴՄ կտրոնը եւ ՊՇՌ հետազոտության պատասխանը»,- մանրամասները ներկայացված է հրամանում:
12:15 - 05 հոկտեմբերի, 2021
ԻԻՀ-ի և ՀՀ-ի համերաշխ գոյակցելու մոդելն օրինակելի է մահմեդական և քրիստոնյա այլ ժողովուրդների համար. Իրանի դեսպան

ԻԻՀ-ի և ՀՀ-ի համերաշխ գոյակցելու մոդելն օրինակելի է մահմեդական և քրիստոնյա այլ ժողովուրդների համար. Իրանի դեսպան

Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի նախաձեռնությամբ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին սեպտեմբերի 29-ին հանդիպել է համալսարանականների հետ:  Կայացել է նաև դեսպանի և համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար հանդիպումը։ «Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն իր աշխատասենյակում ընդունել է ԻԻՀ պատվիրակությանը, որը գլխավորում էր ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Հանդիպման ներկա էին նաև Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, Արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, իրանագետ Գուրգեն Մելիքյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ: «Ուրախ եմ, որ գտնվում եմ Մայր բուհում և հնարավորություն ունեմ հանդիպելու պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ: Իրանն ու Հայաստանը համագործակցության լայն դաշտ ունեն, որտեղ անելիքներ շատ կան: Մեծ սիրով պատրաստ ենք կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր ու նախագծեր մշակել, որտեղ ներգրավված կլինեն ուսանողներ և երիտասարդ գիտնականներ: Տարածաշրջանում բավականին արագ են իրադարձությունները զարգանում, պետք է հետ չմնանք այդ զարգացումներից: Կրթությունն ու գիտությունը հենց այն ոլորտներն են, որոնց միջոցով երկխոսություն է ծավալվում ժողովուրդների միջև՝ հիմք հանդիսանալով այլ ոլորտների զարգացումների համար: Վերջին մի քանի տասնյակ տարիների ընթացքում ձևավորված Իրան-ՀՀ կապն ու համագործակցությունը տարածաշրջանում լավագույն մոդելն են: Ուսումնասիրելով ձեր կենսագրությունը՝ նկատեցի, որ մասնագիտությամբ աստվածաբան եք, ուստի ուզում եմ փաստել, որ չնայած արտաքուստ տարբեր կրոնների դավանող պետություններ ենք, սակայն գտել ենք երկխոսության ու համերաշխ գոյակցելու բանաձևը: Եվ այս մոդելը կարող է օրինակ ծառայել մահմեդական և քրիստոնյա այլ ժողովուրդների համար»,- ասել է Աբբաս Բադախշան Զոհուրիին և շնորհավորել Հովհաննես Հովհաննիսյանին ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնն ստանձնելու առթիվ՝ մաղթելով հաջողություններ: «Ռեկտորի ժ.պ.-ն հակիրճ ներկայացրեց համալսարանական կրթական, գիտական և բարեկամական կապերն Իրանի գործընկեր բուհերի և գիտական կենտրոնների հետ, որոնք ամրապնդվել ու զարգացել են տարիների ընթացքում. «Իրանը մեզ համար բարեկամ երկիր է, որի հետ պատմամշակութային, քաղաքական և գիտակրթական ամուր կապեր կան: ԵՊՀ-ն լուրջ աշխատանք է տանում բուհի միջազգայնացման ուղղությամբ: Իրանցի աշակերտների համար հետաքրքիր կարող է լինել մեր բնագիտական ֆակուլտետներ այցելությունը՝ Կենսաբանություն, Ֆարմացիա, որտեղ ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիաներ կան: Կարող ենք նաև բաց դասախոսություններ անցկացնել հումանիտար թևի ուսանողների համար: Համագործակցության դաշտը մեծ է ու բազմաշերտ»: Ռեկտորի ժ.պ-ն ընդգծեց, որ ԵՊՀ միջազգային համագործակցության գծով պատասխանատուները, ինչպես նաև Արևելագիտության ֆակուլտետի ներկայացուցիչները պատրաստ են հանդիպելու դեսպանի մշակութային կցորդի հետ՝ հետագա համագործակցությանն ուղղված ծրագրերը քննարկելու և պատշաճ իրականացնելու համար»,- հայտնում են ԵՊՀ-ից: Հովհաննես Հովհաննիսյանը նաև շնորհակալություն է հայտնել դեսպանին ՀՀ-ում և Արցախի Հանրապետությունում ծավալված վերջին իրադարձությունների վերաբերյալ Իրանի մոտեցման ու պետական մակարդակով վարած հավասարակշռված քաղաքականության համար: Հովհաննես Հովհաննիսյանը հուշանվեր է հանձնել դեսպանին, ինչից հետո պատվիրակության անդամները հանդիպել են Արևելագիտության ֆակուլտետի ուսանողների հետ: Դեսպանը Իրանի ոչ վաղ անցյալին նվիրված դասախոսություն ներկայացրեց ուսանողներին, որի ընթացքում հարցուպատասխանի ձևաչափով քննարկում ծավալվեց: ԵՊՀ-ի տեղեկացմամբ՝ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը նշել է, որ սա դեսպանի առաջին պաշտոնական այցն է ԵՊՀ. «Դեսպանի հետ քննարկվեցին ոչ միայն իրանագիտության հետ կապված ընդհանուր հարցեր, այլև կոնկրետ ԵՊՀ-ի և իրանական գիտակրթական հաստատությունների միջև համագործակցության հնարավորությունները»:
21:25 - 29 սեպտեմբերի, 2021
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանին

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանին

Արցախի խորհրդարանի ղեկավարը սեպտեմբերի 18-ին հյուրընկալել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանին և ԵՊՀ ռեկտորի աշխատակազմի ղեկավար Դավիթ Հովհաննիսյանին: ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ ողջունելով հյուրերին՝ Արթուր Թովմասյանը ներկայացրել է Արցախի գիտակրթական կյանքը և նշել, որ բնագիտական  ուղղությունը զարգացնելու առումով որոշակի առարկայական խնդիրներ ունեն: «Գիտական կյանքն  Արցախում  նման է վառված մոմի, որը պետք է ձեռքերով պահենք, որ հանկարծ չմարի», - շեշտել է Արթուր Թովմասյանը: ԱԺ նախագահն ընդգծել է, որ  համավարակը և 2020թ. աշնանային պատերազմն իրենց ավերիչ ազդեցությունն են թողել ինչպես Արցախի  սոցիալ-տնտեսական, քաղաքական, այնպես էլ գիտակրթական համակարգի վրա: ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը իր խոսքում նշել է որ այցի նպատակը ԵՊՀ-ի մասնակցությունն է «100 տուն Արցախում» ծրագրին: «Մասնակցելով «100 տուն Արցախում» ծրագրին ՝ ԵՊՀ-ն դրանով ցանկանում է ցույց տալ, որ տեղի ունեցածի, պատերազմի արդյունքների հետ հաշտ չէ և միանում է Արցախի ապրեցման և հզորացման ծրագրին»,- իր խոսքում ընդգծել է  Հովհ. Հովհաննիսյանը: Խոսելով գիտակրթական համակարգի զարգացման մասին՝ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը  նշել է, որ  նպատակ ունեն վերանայելու գիտության բնագավառում նշանակալի դեր ունեցող  գիտնականների աշխատավարձերը և առողջապահական փաթեթը: Հովհաննես Հովհաննիսյանը անդրադարձել է տարբեր ստարտափային ընկերությունների , բանկերի հետ  համագործակցելու պայմանավորվածություններին և նոր կրթական ծրագրերի հավատարմագրման անհրաժեշտությանը: Արթուր Թովմասյանը շնորհակալություն է  հայտնել Հովհաննես Հովհաննիսյանին՝ «100 տուն Արցախում» նախագծին աջակցելու համար և հույս հայտնել, որ այն վարակիչ կլինի շատ այլ կառույցների համար: Հանդիպմանը ներկա էր ԱՀ ԱԺ գիտության, կրթության,մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը:  
12:08 - 18 սեպտեմբերի, 2021
«Կրիսպ» ընկերության ու ԵՊՀ-ի նոր համագործակցության նպատակը ՀՀ-ում արհեստական բանականության ոլորտի զարգացումն է․ Տիգրան Սարգսյան

«Կրիսպ» ընկերության ու ԵՊՀ-ի նոր համագործակցության նպատակը ՀՀ-ում արհեստական բանականության ոլորտի զարգացումն է․ Տիգրան Սարգսյան

Օրեր առաջ Երևանի պետական համալսարանը և հայկական «Կրիսպ» ընկերությունը հուշագիր են ստորագրել, որով համալսարանում կբացվի YSU AI Lab գիտակրթական լաբորատորիան։ Ի՞նչ նպատակով է ստեղծվում լաբորատորիան և ի՞նչ հնարավորություններ այն կստեղծի ԵՊՀ ուսանողների համար։ «Կրիսպ» ընկերության հետազոտական գծով տնօրեն Տիգրան Սարգսյանն ասում է, որ այս նախաձեռնության նպատակը Հայաստանում արհեստական բանականության դպրոցի ստեղծումն ու ուժեղացումն է․ «Նպատակ ենք ունեցել ստեղծելու մի այնպիսի կենտրոն, որտեղ ԵՊՀ բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի ուսանողները հնարավորություն կունենան միանալու, կրթվելու, աշխատելու, տպագրելու աշխատություններ, աշխատելու երկարատև նախագծերի վրա, կուտակել նոր գիտելիքներ։ Սրա շնորհիվ հետագայում Հայաստանում ավելի շատ ստարտափներ կստեղծվեն արհեստական բանականության ոլորտում, այսինքն՝ սա երկարատև ներդրում է մեր ոլորտի մեջ»։ Տիգրան Սարգսյանը պատմում է, թե ինչու են կարևորում հենց այս ոլորտի զարգացումը․ «Եթե հետհայացք անենք, կտեսնենք՝ այն մարդը, որը այսօր մենք ենք, մոտ 30.000 տարի կա։  Օրինակ, միջնադարում դարբինը ուներ իր մասնագիտությունը․ ձիու ոտքին նալ էր խփում ու այդ գործով ամբողջ կյանքում ապրում էր։ Այդ գիտելիքը փոխանցում էր իր որդուն, որը ամբողջ կյանքում այդ նույն գործը անում էր։ Հետո կյանքի տեմպը կամաց-կամաց արագացավ։ Եղան ինդուստրիալ հեղափոխություններ․ առաջին հեղափոխությունը 18-րդ դարում էր, երբ ածուխը հայտնաբերվեց։ Այնուհետև շոգեքարշը ստեղծվեց, մոտ 100 տարի անց հայտնաբերեցին գազը, նավթը, այրման շարժիչը, ևս 100 տարի անց էլեկտրականությունը ու տարբեր ուղղությունները սկսեցին զարգանալ»։ Տիգրան Սարգսյանի խոսքով՝ 21-րդ դարում սկսեցին զարգացում ապրել նաև արհեստական բանականությունը, մասնավորապես՝ մեքենայական ուսուցումը, որոնց նպատակը ամեն ինչ ավտոմատացնելն է․ «2000-ականները համարվում են 4-րդ ինդուստրիալ հեղափոխության փուլը, երբ սկսեց շատ արագ ինտերնետը զարգանալ, զարգացան ամպային տեխնոլոգիաները, ի հայտ եկավ արհեստական բանականությունը և, մասնավորապես մեքենայական ուսուցման ոլորտը, որոնք ամեն ինչ փորձում են ավտոմատացնել։ Օրինակ, 18-19-րդ դարերում եղել են մարդիկ, ովքեր փորձել են մեքենաները ջարդել, որովհետև ասում էին՝ այդ մեքենաները մեզնից մեր աշխատանքը խլում են, բայց պրոգրեսը բերում է նրան, որ եթե, օրինակ, 1800 թ․-ին մարդիկ աշխատում էին շաբաթական 70 և ավելի ժամ, ապա հիմա մենք աշխատում ենք շաբաթական 40 ժամ, շաբաթ-կիրակի հանգստանում ենք։ Այս արհեստական բանականությունը, մեքենայական ուսուցումը բերում է նրան, որ ավելի շատ բաներ են ավտոմատացվում, այն, ինչ թվում էր, որ միայն մարդը կարող է անել, հիմա դա ավտոմատ հնարավոր է անել։ Այսինքն՝ շատ աշխատատեղեր կփակվեն, որովհետև պետք չեն լինի, կբացվեն նորերը, շատ ոլորտներ, որոնք 20 տարի առաջ թվում էին շատ արդիական, այլևս արդիական չեն համարվի»։ Նա նաև ընդգծում է, որ արհեստական բանականության, մեքենայական ուսուցման ոլորտները աշխարհում ամենաբարձր վարձրատրվողներից են․ «Այս ոլորտները կարող են մեծ փոփոխություն ստեղծել։ Նայելով առաջ ու հասկանալով, թե 10 տարի հետո ինչ մասնագիտություններ կլինեն, պետք է փորձել Հայաստանում կրթել և ունենալ ավելի շատ մասնագետներ հենց այդ մասնագիտություններով, որոնք ավելի բարձր աշխատավարձ կստանան, որոնք չեն կորցնի իրենց աշխատանքը և ավելի բարձր եկամտային հարկ կվճարեն, որպեսզի պետությունը զարգանա։ Օրինակ, արհեստական բանականության ոլորտը, բիոտեխնոլոգիաների ոլորտը, բիոֆիզիկայի ոլորտը շատ կաճեն»։ Տիգրան Սարգսյանն ասում է, որ այս պահին պարզ չէ, թե երբ կլինի լաբորատորիայի բացումը․ հիմա քննարկումներ են անցկացնում, հետագա քայլերն են որոշում, ու իրավաբանական հարցերն են կարգավորում։ Նրա խոսքով՝ լաբորատորիան գիտական ուղղվածություն է ունենալու։ Հնարավոր է, որ մյուս բուհերից նույնպես ուսանողների ներգրավեն։ «Պետք է հասկանալ՝ ինչպես դա իրագործել, որովհետև դա կրթական համակարգ է` իր օրենքներով, բայց մտադրությունն այն է, որ բոլորը կարողանան միանալ: «Կրիսպ»-ի աշխատակիցների մեծ մասը ԵՊՀ շրջանավարտներ են ու հիմա դասավանդում են ԵՊՀ-ում։ ԵՊՀ-ն տալիս է ֆունդամենտալ գիտելիքներ և սովորեցնում է սովորել․ այս պոտենցիալը տեսնելով՝ այս պրոյեկտը ԵՊՀ-ում սկսեցինք»,- ասում է Տիգրան Սարգսյանը ու հավելում, որ այս լաբորատորիայի հիմնումը Հայաստանում երկարաժամկետ կտրվածքով մեծ ազդեցություն է ունենալու։   Նանե Ավետիսյան
14:40 - 29 հուլիսի, 2021
ԵՊՀ-ի «Սև շենքը» չի օտարվում. քննարկվում է ԵՊՀ մասնաշենքին կից ավտոկայանատեղիի օտարման հարցը

ԵՊՀ-ի «Սև շենքը» չի օտարվում. քննարկվում է ԵՊՀ մասնաշենքին կից ավտոկայանատեղիի օտարման հարցը

Պետական գույքի կառավարման կոմիտեն պարզաբանում է տարածել, որում ասվում է. «Մամուլում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեն պատրաստվում է օտարել ԵՊՀ՝ ՀՀ, ք. Երևան, Աբովյան 52 հասցեում գտնվող «Սև շենքը», չի համապատասխանում իրականությանը։ ԵՊՀ «Սև շենքը»-ի օտարման հարցը Կոմիտեում երբևէ չի քննարկվել։ Իրականում խոսքը գնում է նույն հասցեում գտնվող հողամասի՝ կից հրապարակված հողամասի հատակագծում, բաժանման սխեմայում նշագրումով առանձնացված 197.27 քառ. մետր մակերեսով հատվածի մասին, որն, ինչպես երևում է կից հրապարակված լուսանկարում, գլխավորապես ծառայում է որպես ավտոկայանատեղի և այլ նպատակով չի օգտագործվում։  «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ ղեկավար Կարեն Հեքիմյանի կողմից ներկայացված հարցումը վերաբերել է բացառապես ՀՀ, ք. Երևան, Աբովյան 52 հասցեում գտնվող ԵՊՀ-ի մասնաշենքին կից ավտոկայանատեղիին, այլ ոչ թե՝ «Սև շենքը»-ին։ Կից հրապարակում ենք հարցումը։ Ի պատասխան հայտնել ենք, որ տվյալ հատվածի օտարման նպատակահարմարության հարցը պարզելու համար աշխատանքային կարգով քննարկումներ են իրականացվել բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։ Ընդգծում ենք, որ քննարկումը չի ենթադրում տվյալ հատվածի օտարման մասին որոշման կայացում։ Պետական գույքի արդյունավետ կառավարմամբ շահագրգիռ բոլոր անձանց կոչ ենք անում չտարածել ապատեղեկատվություն՝ այն զուգորդելով սեփական անհիմն մեկնաբանություններով, և նման դեպքերում, արժանահավատ տեղեկատվության ստանալու համար, դիմել Պետական գույքի կառավարման կոմիտե»։
16:57 - 11 հունիսի, 2021
ԵՊՀ–ն կտրականապես դեմ է Աբովյան 52 հասցեում գտնվող գույքի օտարմանը, այդ առաջարկը չի քննարկվել ԵՊՀ–ի հետ․ հայտարարություն

ԵՊՀ–ն կտրականապես դեմ է Աբովյան 52 հասցեում գտնվող գույքի օտարմանը, այդ առաջարկը չի քննարկվել ԵՊՀ–ի հետ․ հայտարարություն

Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Երեկ մամուլում տարածվեց ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի մի հարցման պատասխան, որով Կոմիտեն տեղեկացնում էր, որ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի՝ Աբովյան 52 հասցեում գտնվող գույքի (ավտոկայանատեղի, 197.27 մ2) օտարման վերաբերյալ ունեն առաջարկ, որը քննարկում են շահագրգիռ կողմերի հետ։Հայտարարում ենք, որ որպես շահագրգիռ կողմի՝ Երևանի պետական համալսարանի հետ ներկա առաջարկը չի քննարկվել, և Երևանի պետական համալսարանը կտրականապես դեմ է նշված գույքի օտարմանը։Նշենք, որ Երևանի պետական համալսարանը նախկինում երկու անգամ արդեն մերժել է նշված գույքի օտարման վերաբերյալ առաջարկությունները»։
16:41 - 11 հունիսի, 2021
ԵՊՀ-ն 102 տարեկան է. ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն ուղերձ է հղել

ԵՊՀ-ն 102 տարեկան է. ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն ուղերձ է հղել

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը շնորհավորական ուղերձ է հղել համալսարանի 102-ամյակի առթիվ: «Սիրելի՛ համալսարանականներ, Այսօր բոլորս նշում ենք Երևանի պետական համալսարանի 102-ամյակը։ Սա տոնական օր է ոչ միայն համալսարանականների՝ ներկա ու նախկին ուսանողների, դասախոսների և գիտնականների համար, այլև ողջ Հայաստանի, որովհետև Մայր բուհը Հայաստանի ամենակարևոր խորհրդանիշներից է, և պատահական չէ, որ համալսարանի տարիքը գրեթե համընկնում է նոր շրջանի Հայաստանի պետականության տարիքի հետ։ Այսօր մենք բոլորս ապրում ենք բախտորոշ և ծանր ժամանակաշրջանում, բայց համալսարանին չես զարմացնի դրանով. սկսած հիմնադրման օրվանից՝ Երևանի պետական համալսարանը վերապրել է Հայաստանի բոլոր բախտորոշ ժամանակաշրջանները՝ մշտապես դառնալով նրանց հաղթահարման առաջամարտիկը։ Այդպես եղել է միշտ. Ցեղասպանությունից հետո հայ ժողովուրդն իր մեջքն ուղղել է կրթությամբ, գիտությամբ ու մշակույթով, երեսունականների մղձավանջի և Հայրենական պատերազմի հետևանքների հաղթահարումը, վաթսունականների վերածնունդը, յոթանասունականների ծաղկումը, ութսունականների ազատության ոգին, Արցախյան առաջին պատերազմի հաղթանակը և հետպատերազմյան տարիների հաղթահարումը Հայաստանում հնարավոր չէ պատկերացնել՝ առանց Երևանի պետական համալսարանի մասնակցության։ Այսօր մեր երկիրը գտնվում է ծանր իրավիճակում. դեռևս չեն հաղթահարվել 44-օրյա պատերազմի ծանր հետևանքները, և անամոք է զոհված ու անհետ կորած համալսարանականների կորուստը։ Երբեք համալսարանը ոչինչ չի խնայել և չի խնայի Հայաստանի անվտանգության համար։ Դրա վկայությունը հերոսացած համալսարանականներն են, որոնք անցած հարյուր տարում իրենց կյանքը նվիրել են հայրենիքին, և որոնց հիշատակի առջև մենք մշտապես խոնարհվելու ենք։ Սակայն պետք է գիտակցել նաև, որ ծանր ժամանակաշրջաններն ինքնըստինքյան չեն հաղթահարվում, այլ միշտ անհրաժեշտ են լինում ամենօրյա տքնաջան աշխատանք, կարգապահություն, անձնվիրություն։ Առաջիկայում Երևանի պետական համալսարանն իր աշխատանքով կրկին ապացուցելու է իր նվիրվածությունը պետականությանը և ազգային արժեքներին։ Սիրելի՛ համալսարանականներ, մաղթում եմ բոլորիս տոկունություն և կամք՝ առաջիկա ծանր ու տքնաջան աշխատանքի համար, և փառք բոլոր հերոսներին»,- ասվում է ուղերձում:
13:11 - 16 մայիսի, 2021
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի հայտարարությունը՝ խորհրդի նոր կազմ ձևավորելու գործընթացի առնչությամբ

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի հայտարարությունը՝ խորհրդի նոր կազմ ձևավորելու գործընթացի առնչությամբ

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը հայտարարություն է տարածել խորհրդի նոր կազմ ձևավորելու գործընթացի վերաբերյալ: Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի պահանջով մայիսի 10-ին հրավիրվել էր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ, որը չկայացավ քվեակազմի բացակայության պատճառով։ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գ. Գևորգյանը, օգտվելով ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի աշխատակարգի 3.10 կետով իրեն տրված իրավասությունից և հիմք ընդունելով խորհրդի լուծարման մասին իրավական ակտի բացակայությունը, ապրիլի 29-ին գրությամբ պահանջել է հրավիրել խորհրդի արտահերթ նիստ՝ ապրիլի 23-ին իր կողմից ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից հրաժարվելու մասին դիմումը քննարկելու համար: Թեպետ ԿԳՄՍ նախարարությունը պնդում է, որ ԵՊՀ-ն հոգաբարձուների խորհուրդ չունի, քանի որ խորհրդի 16 անդամներ ազատման դիմումներ են գրել, Գ. Գևորգյանն իր գրության մեջ իրավական հիմնավորումներ էր ներկայացրել, որ խորհուրդ գոյություն ունի: Նախևառաջ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը սահմանում է, որ խորհրդի անդամի լիազորությունը դադարում է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին տրված գրավոր դիմումի հիման վրա։ Նույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի իրավասությանն է պատկանում խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը։ Հետևաբար խորհրդի որևէ անդամի լիազորություն, օրենքով սահմանված կարգով, խորհրդի որոշմամբ վաղաժամկետ դադարեցված չէ, ինչը նշանակում է, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը համալրված է ամբողջությամբ և իրավասու է իրականացնել օրենքով նախատեսված իր բոլոր լիազորությունները։ Հաշվի առնելով, որ այս անգամ ևս հիմնադրի և լիազոր մարմնի կողմից առաջադրված անդամները, բացի Ա. Քերոբյանից, չեն ներկայացել նիստին, հոգաբարձուների խորհրդում պրոֆեսորադասախոսական կազմից և ուսանողությունից ներկայացված անդամները հայտարարություն ընդունեցին խորհրդի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամների հայտարարությունը Երևանի պետական հալասարանի հոգաբարձուների խորհրդի ներքոստորագրյալ  անդամներս հայտարարում ենք՝ Ս.թ. մայիսի 10-ին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գ. Գևորգյանի կողմից հրավիրված հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստին խորհրդի անդամներից 16-ի չներկայանալու պատճառով նիստը չգումարվելու և նշված անդամների հրաժարականների դիմումների առկայությամբ պայմանավորված՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը ի վիճակի չէ կատարելու ԵՊՀ կանոնադրությամբ նախատեսված գործառույթները: Հաշվի առնելով, որ հիմնադրի և լիազոր մարմնի կողմից նշանակված անդամների հրաժարականների դիմումները ստացվել են այնպիսի հանգամանքներում, որոնք ուղղակիորեն մատնանշում են դրանց կազմակերպված և ուղղորդված լինելը, կարծում ենք, որ հոգաբարձուների խորհրդի աշխատանքների խափանումը հանդիսանում է հիմնադրի և լիազոր մարմնի գործողությունների արդյունքը: ԿԳՄՍՆ-ի կողմից շարունակաբար նշվում է այն փաստը, որ խորհուրդում աշխատանքային մթնոլորտը տհաճ է, և հունվարի 29-ին էլ խորհրդի նախագահ չի ընտրվել, մինչդեռ իրականում գալիք նիստերում այդ հարցերը կարգավորելու որևէ խոչընդոտ չկար։ Տպավորություն է ստեղծվում, որ հոգաբարձուների խորհրդի նոր կազմ ձևավորելու գործընթացը պայմանավորված է լիազոր մարմնի համար նախընտրելի թեկնածու խորհրդի նախագահի պաշտոնում ընտրելու և խորհրդի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու ցանկությամբ։ Ասվածի լրացուցիչ վկայությունն է այն, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի դրույթները ՀՀ նախագահի կողմից Սահմանադրական դատարանում վիճարկելուց հետո (այդ թվում՝ ՀՀ սահմանադրությամբ ամրագրված բուհական ինքնակառավարման սկզբունքներին հակասելու հիմքով) լիազոր մարմնի առաջարկով ՀՀ կառավարությունը 2021 թ. մայիսի 4-ի № 704-Ն որոշմամբ ուղղակիորեն փոփոխություն է մտցնում ԵՊՀ կանոնադրության մեջ՝ նպատակ ունենալով կազմավորել իր վերահսկողության տակ գտնվող հոգաբարձուների խորհուրդ: Մենք կարծում ենք, որ կառավարության նման գործելաոճը ուղղակի միջամտություն է ԵՊՀ կառավարման գործառույթներին, ինչը հակասում  է ՀՀ սահմանադրությամբ ամրագրված բուհական ինքնակառավարման սկզբունքներին: Կոչ ենք անում կառավարությանը՝ վերանայելու 2021 թ. մայիսի 4-ի № 704-Ն որոշումը, հրաժարական տված անդամների փոխարեն նշանակելու խորհրդի նոր անդամներ և չխոչընդոտելու խորհրդի բնականոն գործունեությանը: Միևնույն ժամանակ կոչ ենք անում ԵՊՀ դասախոսներին, ուսանողներին և Մայր բուհի խնդիրներով մտահոգ այլ անձանց՝ համախմբելու ջանքերը ստեղծված իրավիճակից դուրս գալու և առկա խնդիրներն առողջ, կառուցողական մթնոլորտում լուծելու համար։  Ավետիք Քերոբյան (Հայաստանի ֆոնդային բորսայի ՏՏ բաժնի ղեկավար) Արսեն Հախումյան (ԵՊՀ հեռահաղորդակցության և ազդանշանների մշակման ամբիոնի պրոֆեսոր) Մենուա Սողոմոնյան (ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դոցենտ) Կառլեն Խաչատրյան (ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ) Վարդան Ոսկանյան (ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ) Սարգիս Քելյան (ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ) Նարինե Խաչատրյան (ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի վարիչ) Միքայել Մալխասյան (ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ) Դավիթ Ափոյան (ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ, իրավագիտության ֆակուլտետի ուսանող) Ամալյա Սողոմոնյան (ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ասպիրանտ) Արմինե Ավթանդիլյան (ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի ուսանողուհի) Բաբկեն Հովհաննիսյան (ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ասպիրանտ) Խաչիկ Աբաջյան (ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող) Շուլի Հակոբյան (ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանող) Արշակ Պողոսյան (ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող) Հասմիկ Վարդումյան (ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանողուհի)»,- ասված է հաղորդագրության մեջ:
11:56 - 14 մայիսի, 2021