ԵՊԲՀ

Երևանի պետական բժշկական համալսարանը (ԵՊԲՀ) Հայաստանի բարձրագույն բժշկական հաստատություն է։ Հիմնադրվել է 1920 թվականին։ Կրում է միջնադարի բժիշկ Մխիթար Հերացու անունը։ Այսօր ավելի քան 7000 ապագա բժիշկներ կրթություն են ստանում բժշկական համալսարանում:

2014 թ. նոյեմբերի 27-ի ՀՀ Կառավարության որոշմամբ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերակազմավորվել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի։ Համալսարանը գտնվում է Կորյուն 2 հասցեում, բաղկացած է չորս կառույցից՝ հիմնական, վարչական, լաբորատոր և անատոմիական:

Պայթյունի հետեւանքով տուժած տղամարդու վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, կնոջը ցուցված է վիրահատություն |armtimes.com|

Պայթյունի հետեւանքով տուժած տղամարդու վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, կնոջը ցուցված է վիրահատություն |armtimes.com|

armtimes.com: Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի փողոցի թիվ 3 շենքի պայթյունի հետեւանքով տուժած քաղաքացիների վիճակը նույնն է. ներկա պահին կնոջ վիճակը ծանր է, իսկ տղամարդունը՝ ծայրահեղ ծանր: Նրանք գտնվում են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում: Երեւանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանից տեղեկացանք, որ տուժած տղամարդն այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակն ամեն վայրկյան կարող է ավելի վատանալ: Հիշեցնենք, որ 41-ամյա տղամարդու մոտ առկա են մարմնի եւ վերջույթների տարածուն այրվածքներ: Դանիելյանի խոսքով՝ 71-ամյա կինը հետազոտվել է, ցուցված է վիրահատություն: Նրա մոտ առկա են անրակոսկրի եւ քթոսկրի կոտրվածքներ, մարմնի եւ դեմքի քերծվածքներ, սակայն կյանքին վտանգ չի սպառնում: Այս պահին դեռ չենք կարող ասել, թե կոնկրետ երբ կկատարվի վիրահատությունը:
12:26 - 27 օգոստոսի, 2020
Հայաստանում Covid-19-ի 130-ից ավելի նախկին վարակակիր կամավոր մասնակցել է հակամարմնի հետազոտությանը |armenpress.am|

Հայաստանում Covid-19-ի 130-ից ավելի նախկին վարակակիր կամավոր մասնակցել է հակամարմնի հետազոտությանը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Երևանի պետական բժշկական համալսարանի կողմից իրականացվող Covid-19-ի հակամարմինների կամավոր հետազոտությանն արդեն մասնակցել է 130-ից ավելի մարդ: Այս մասին ասաց Երևանի պետական բժշկական համալսարանի Գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը: Նա նշեց, որ հետազոտությունն անվճար է, սակայն կարող են մասնակցել միայն այն մարդիկ, որոնք ունեն կորոնավիրուսի ՊՇՌ թեստի դրական պատասխան: «Օգոստոսի 18-ի դրությամբ ավելի քան 130 հոգի արդեն նմուշառվել է: Կարծում եմ, որ մենք կունենանք 200-ից ավելի նմուշ, որոնք կուղարկենք թեստավորման և օգոստոսի վերջին արդեն կունենանք առաջին արդյունքները: Կամավոր սկզբունքով կարող են նմուշառման գալ այն մարդիկ, որոնք ունեն ՊՇՌ դրական թեստավորում, սակայն խորհուրդ ենք տալիս, որպեսզի վարակվելուց հետո մոտ 2 ամիս ժամանակ անցնի, որպեսզի պատկերն ավելի հստակ լինի»,- ասաց Կոնստանտին Ենկոյանը: Հակամարմինների հետազոտությունը տևելու է 6-12 ամիս: Այս ամսվա վերջում առաջին թեստավորումների պատասխաններն ստանալուց հետո, Ենկոյանը նշում է, որ, հավանաբար, հաջորդ ամսվա ընթացքում բոլոր նմուշառվածները ևս մեկ անգամ կնմուշառվեն, որպեսզի տեսանելի լինի օրգանիզմում մեկ ամսվա ընթացքում հակամարմինների փոփոխության պատկերը, հետագա ամիսների ընթացքում պարբերաբար նմուշառում կարվի միայն մի քանիսից: «Մենք անում ենք հետազոտութուն, որպեսզի հասկանանք՝ այս հիվանդությունից մարդու մոտ իմունիտետ առաջանում է, թե ոչ: Հիմա միջազգային ասպարեզում տարբեր տեսակետներ կան, քանի որ դեռ վաղ է որևէ հստակ բան ասելու համար: Վարակը, երբ մտնում է մարդու օրգանիզմ, հիվանդի մոտ արդեն սկսում է ձևավորվել իմունային պատասխանը: Հակամարմինները մի քանի օրվա ընթացքում սկսում են առաջանալ: Հիվանդության վերջնական շրջանում առաջանում է իմունիտետ IgG-ն: Մեր խնդիրն է պարզել, թե որքան է այն մնում մարդու օրգանիզմում: Այն կարող է նաև երկար կամ կարճ մնալ, կախված հիվանդության ընթացքից»,- նշեց ԵՊԲՀ պրոռեկտորը: Անդրադառնալով այն հարցին, թե ինչու է որոշվել հետազոտությունը սկսել Հայաստանում վարակի տարածման սկզբից շուրջ կես տարի անց, Կոնստանտին Ենկոյանը նշեց, որ այն սկսելու գաղափարը եղել է դեռ մայիս ամսին, սակայն ժամանակային առումով, իրենք չեն ուշացել: «Մենք այս հետազոտության մասին մտածում էինք մոտ մայիսից սկսած: Մինչև հունիսի սկիզբը Հայաստանում դեռ չկային հակամարմինների որոշման այն որակյալ անալիզները, որոնք մենք ունեցանք հունիսին: Ցանկացած ծրագիր, պետք է ունենա էթիկայի հանձնաժողովի թույլտվություն: Մենք չենք պատրաստվում ինչ-որ բան անել, ուղղակի անելու համար: Հունիսի սկզբին հաստատեց էթիկայի հանձնաժողովը, դրանից հետո գործընթացը սկսվեց: Գտնում եմ, որ մենք պրակտիկորեն ժամանակ չենք կորցրել: Մենք այնքան գրագետ գործեցինք, որ մարտ-ապրիլ ամիսներին հիվանդացածներին կարող ենք այժմ ներառել գործընթացի մեջ»,- ասաց Ենկոյանը: Շարունակությունը՝ armenpress.am-ում
10:24 - 21 օգոստոսի, 2020
ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց Միքայել Ադամյանը |aysor.am|

ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց Միքայել Ադամյանը |aysor.am|

aysor.am: Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի այսօրվա նիստի ընթացում առաջարկներ հնչեցին խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրել «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանի թեկնածությունը:Ինչպես արձանագրեց ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովը, այլ թեկնածություններ չառաջադրվեցին:Նա հարց ուղղեց Ադամյանին՝ վերջինս համաձա՞յն է առաջադրմանը:Միքայել Ադամյանը վստահության համար երախտագիտություն հայտնեց ներկաներին՝ նշելով, որ ինքնաբացարկի հիմքեր չի տեսնում և իր համար մեծ պատիվ է այդ պաշտոնում առաջադրվելը:«Ընտրվելու դեպքում խորհրդի անդամներից ակնկալելու եմ համատեղ աշխատանք՝ ի նպաստ ԵՊԲՀ-ի: Կարևորւմ եմ արտերկրում վերապատրաստում ները, համագործակցության պայմանագրերի կնքումը, համալսարանական հիվանդանոցների հզորացումը», - նշեց ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի թեկնածուն՝ սեղմ ներկայացնելով իր ապագա աշխատանքի տեսլականը:Միքայել Ադամյանի ելույթից հետո ԵՊԲՀ կենսաքիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովն ազդարարեց բաց քվեարկություն՝ քիչ անց արձանագրելով, որ Ադամյանն ընտրվեց ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ: Խորհրդի քարտուղար ընտրվեց Անի Ռափյանը:
12:45 - 13 օգոստոսի, 2020
Հայ հետազոտողները սկսում են կորոնավիրուսի հանդեպ հակամարմինների կամավոր հետազոտություն

Հայ հետազոտողները սկսում են կորոնավիրուսի հանդեպ հակամարմինների կամավոր հետազոտություն

Հայ հետազոտողները սկսում են կորոնավիրուսի հանդեպ հակամարմինների հետազոտությունները ԵՊԲՀ COVID_Antibody նախագծի շրջանակներում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը: «Ամբողջ աշխարհում վերջին մի քանի ամիսների ընթացքում մեկնարկել են կորոնավիրուսի հանդեպ առաջացած հակամարմինների հետազոտություններ, բնականաբար ԵՊԲՀ հետազոտողները ևս միանում են գիտական այդ մարտահրավերին և սկսում են հակա-SARS-CoV2 հակամարմինների հետազոտությունը Covid_Antibody նախագծի շրջանակներում»,- գրել է Մուրադյանը: Հետազոտության մեջ ընդգրկվելու համար պետք է ունենալ կորոնավիրուսի դրական թեստավորում, լրացնել հղումը, այցելել հիվանդանոց և կատարել անվճար արյան նմուշառում։ «Մեր հետազոտողները արյան միջոցով կուսումնասիրեն մեկ անգամ վարակվելուց հետո հակամարմինների առաջացումն ու դրանց քանակը մարդու օրգանիզմում։ Տվյալ գործընթացը բացարձակ անվնաս է պացիենտի համար։ Նպաստեք գիտության զարգացմանը` միաժամանակ ճանաչելով ձեր օրգանիզմի զգոնությունը Covid19-ի նկատմամբ: Մասնակցությունը կրում է կամավորական բնույթ»,- գրել է ռեկտորը:
13:32 - 07 օգոստոսի, 2020
Խախտումներ՝ Բժշկական համալսարանի գնումներում |civilnet.am|

Խախտումներ՝ Բժշկական համալսարանի գնումներում |civilnet.am|

civilnet.am: Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը գնումների գործըթնացում խախտումներ է թույլ տվել, այդ թվում՝ ձեռք բերված ապրանքների համար այնպիսի տեխնիկական բնութագրեր առաջարկելով, որը խաթարել է մրցույթի մասնակիցների միջև մրցակցությունը։ Բացի այդ՝ որոշ ապրանքատեսակներ համալսարանը ձեռք է բերել շուկայականից էապես բարձր գնով։ Նման արձանագրում է արել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը։  Հուլիսի 8-ին Հանձնաժողովը որոշել է նախազգուշացում հայտնել ԵՊԲՀ-ին։  ՏՄՊՊՀ-ն վարույթ սկսել է «Փրիթի ուեյ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա՝ տեխնիկայի ձեռքբերման մրցույթի վերաբերյալ։ «Փրիթի ուեյ»-ը «Վեստա» խանութների ցանցի սեփականատեր ընկերությունն է։ Վերջինիս պնդմամբ՝ Բժշկական համալսարանն այնպիսի պայմաններ է ստեղծել, որ հաղթի կոնկրետ ընկերություն՝ «Փի-լենդ»-ը։ «Վեստա»-ն հայտնել է՝  ձեռք է բերվել 5 հեռուստացույց, միավորի գինը 802  000 դրամ է գնահատվել, այնինչ շուկայում առկա է եղել 605 000 դրամով, 20 օդորակիչ է ձեռք բերվել՝ հատը 230 000 դրամով, այնինչ շուկայում այն 209 000  դրամ է, 4 փոշեկուլ՝ հատը 50 000 դրամով, այնինչ շուկայում նույնը 40 000 դրամ է, 2 լվացքի մեքենա՝ հատը 400 000 դրամով, այնինչ շուկայում հնարավոր է գտնել 256 000 դրամով։ Բարձր գնով է ձեռք բերվել նաև սառնարան՝ 100 000 դրամով, այնինչ շուկայում առկա է եղել 70 000  դրամով։  ՏՄՊՊՀ-ն արձանագրել է, որ մի շարք դեպքերում գնումներին մասնակցելու հայտերը մերժվել են՝ տեխնիկական բնութագիրներին չհամապատասխանելու հիմքով։ Բացի այդ, հանձնաժղովը հայտնել է, որ «հեռուստացույցի ձեռքբերման չափաբաժնի նախասահմանված գներն էականորեն բարձր են եղել»։ Բանակցային եղանակով գնում կազմակերպելու և արժեքը նվազեցնելու գործընթաց ԵՊԲՀ-ն, ըստ ՏՄՊՊՀ-ի, չի նախաձեռնել։  Ուշագրավ է, որ համալսարանը գնման տեխնիկական բնութագրում սահմանել է ապրանքի գույնի պահանջ՝ մասնավորապես հայտնելով, որ փոշեկուլը, լվացքի մեքենան և սառնարանը պետք է լինեն սև և արծաթագույն։ Հանձնաժողովը համեմատել է ԵՊԲՀ-ի գնումները պետական այլ հաստատությունների գնումների հետ, որոնք նույնանման ապրանքներ են ձեռք բերել։ Ըստ հանձնաժողովի՝ այդ մարմինները տեխնիկական բնութագրերի մեջ սահմանափակող դրույթներ չեն ունեցել և նույն ապրանքները ձեռք են բերել շուրջ երկու անգամ ցածր գնով։  «Վեստա»-ի ներկայացուցիչները հայտնել են նաև, որ ԵՊԲՀ-ն տեխնիկական բնութագրերը հատուկ հարմարեցրել է այնպես, որ ձեռք բերվի Hisense ապրանքանիշի ապրանքը։  Բժշկական համալսարանը ՏՄՊՊՀ ներկայացրած իր դիրքորոշմամբ հերքել է, որ Hisense-ին համապատասխանող տեխնիկական բնութագրեր են կազմվել՝ հղում անելով այն փաստին, որ նաև Skyline ապրանքանիշի հեռուստացույց է ձեռք բերվել ու Centek  ապրանքանիշի օդորակիչ։ Դիտարկմանը, որ մրցույթում սահմանափակող գործոն է եղել տեխնիկայի գույնը, պատասխանել են՝ արծաթագույնն ու սևը  ցանկացած տեխնիկայի համար մեծ տարածում ունեցող ու ընդունելի տարբերակ է։  Շարունակությունը՝ civilnet.am-ում
16:49 - 20 հուլիսի, 2020
Ի՞նչ պայմաններ ունի 1-ին համալսարանական հիվանդանոցի covid-բաժանմունքը. փոխադարձ մեղադրանքների հետքերով |fip.am|

Ի՞նչ պայմաններ ունի 1-ին համալսարանական հիվանդանոցի covid-բաժանմունքը. փոխադարձ մեղադրանքների հետքերով |fip.am|

fip.am: Երևանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունու՝ հունիսի 8-ին արած ֆեյսբուքյան գրառումը մեծ աղմուկ էր բարձրացրել։  Արծրունին, գրառմանը կից ներկայացնելով լուսանկարներ, տեղեկացրել էր, որ մարտ ամսից ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոցի հատուկ covid-բաժանմունքը՝ ամբողջովին կոմպլեկտավորված մասնագետներով, սարքավորումներով և բժշկական միջոցներով, դատարկ Է եղել և չի գործածվել անհայտ պատճառներով այն դեպքում, երբ առողջապահության նախարարը հայտարարել էր, որ ստիպված են գնալ հիվանդների «սորտավորման»։ «Այդ ատյանի ղեկավարը նախընտրում էր ոչ միայն հիվանդների «սորտավորումը», այլ նաև՝ բուժհաստատությունների։ Ո՞վ է սրա պատասխանը տալու»,- մասնավորապես, գրել էր նա։  Արծրունու գրառումը տարածվել էր գրեթե բոլոր լրատվամիջոցներով՝ news.am, aravot.am, tert.am, yerkirmedia.am, factor.am և այլն։  ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի գրառումը հանրության մեջ առնվազն տարակուսանք էր առաջացրել, քանի որ երկու օր առաջ՝ հունիսի 6-ին, պարետատան նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այդ պահի դրությամբ Հայաստանում կան կորոնավիրուսով վարակված 200 քաղաքացիներ, որոնք սպասում են հոսպիտալացման իրենց հերթին։ Նա նաև նշել էր, որ ունեն արդեն դեպք, երբ բժշկական օգնության ուշացման պատճառով մարդ է մահացել կորոնավիրուսից։ Վահան Արծրունու գրառմանն արձագանքել էր նաև ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը և տեղեկացրել էր, որ հունիսի 7-ին առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանն այցելել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց և ԵՊԲՀ ղեկավարության հետ քննարկել այդ  հիվանդանոցի մասնաշենքերից մեկը Covid-կենտրոն դարձնելու հնարավորության հարցը։ «Քննարկվել է նաև թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մեկուսարանի շահագործման, ինչպես նաև հիվանդանոցի առանձնացված հատվածում ևս 10 մահճակալի տրամադրման հնարավորությունը՝ Covid վարակ ունեցող անձանց բուժման նպատակով»,- մասնավորապես, գրել էր նա։  Բարձրացված աղմուկից հետո հարցին արձագանքել էր նաև առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ մեղադրելով բժշկական համալսարանին՝ ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո նախարարությանը подножка գցելու համար։  «Նման գործելաոճն անընդունելի է պետական հիմնադրամի կողմից, հատկապես պետության համար վտանգավոր այս ժամանակաշրջանում, երբ կառավարությունը մոբիլիզացնում է իր բոլոր ռեսուրսները համավարակի դեմ պայքարում»,- գրել էր նա։ Նշենք, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի հարաբերությունները լարված են։ Արմեն Մուրադյանը դատի էր տվել նախարարին իրեն զրպարտելու համար։ Պատճառն այն էր եղել, որ նախարարի ասուլիսի ժամանակ նրա նախկին խորհրդական Գևորգ Թամամյանը դահլիճ էր մտել և ասել, որ հարցեր ունի նախարարին ուղղելու, և չէր ենթարկվել Թորոսյանի հորդորին՝ դա անել ասուլիսից հետո: Արդյունքում Թորոսյանը հեռացել էր` ասուլիսն անավարտ թողնելով: Ավելի ուշ նախարարը հայտարարել էր, որ «այդ շոուի հետևում կանգնած է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը»։  Առողջապահության նախարարությունը տեղյակ չի եղել 1-ին կլինիկական հիվանդանոցի ողջ հնարավորությունների մասին Առողջապահության նախարարությունից չմեկնաբանեցին, թե ինչու չեն դիմել ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոց՝ տեղյակ լինելով, որ այնտեղ պատրաստ մահճակալային ֆոնդ կա։ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Fip.am-ի հարցին, թե գուցե առանձնացված մեկուսարանում պայմանները համապատասխա՞ն չեն հիվանդների բուժումն ապահովելու համար, պատասխանեց, որ թեմայի առնչությամբ ինչ ասելիք ունեն՝ արդեն գրառմամբ ասել են, և մյուս շահարկումները չեն մեկնաբանում։   Ավելի ուշ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում տարածել էր առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանի պարզաբանումը։ Փոխնախարարը գրել էր, որ դեռևս մարտի վերջին իր ստորագրությամբ շրջանառվել է մի գրություն, որով բոլոր բժշկական հաստատություններին առաջարկվել է առանձնացնել տարածքներ (մեկուսարաններ) COVID-19 պացիենտներին բժշկական օգնություն տրամադրելու համար: Ըստ նրա՝  տեղյակ են եղել, որ ԵՊԲՀ-ն մի տարածք է առանձնացրել, որը, ըստ հրապարակման, նախկին ճաշարանն է՝ վերապրոֆիլավորված մեկուսարանի` կորոնավիրուսային հիվանդություն ունեցող քաղաքացիների համար, և ապրիլի առաջին օրերից սկսած` Առողջապահության նախարարության բժշկական տրիաժի մասնագետները գրեթե ամենօրյա պարբերականությամբ ԵՊԲՀ մեկուսարանից ստացել են COVID-19 հաստատված պացիենտների տեղափոխման հայտեր  դեպի այլ հիվանդանոցներ:  «Ստացվել է, որ մեկուսարանը գործել է կորոնավիրուսի կասկածով հոսպիտալացված և նմուշառման պատասխանին սպասող անձանց համար: Այնուհետև՝ անցած շաբաթվա վերջին, համալսարանի պաշտոնատար անձանց հետ խոսելու ժամանակ, ինձ համար նոր պարզ է դարձել, որ փաստացի՝ ԵՊԲՀ-ն ունի երկու տարածք` մեկը այն մեկուսարանը, որտեղից հոսպիտալացված COVID-19 հաստատված պացիենտները տեղափոխվել են երկու ամիս շարունակ, և դրանից ԶԱՏ՝ ևս մեկ տարածք, որի լուսանկարները հրապարակվել են դեռևս մարտին»,- գրել էր նա: ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոցից տարբեր գրություններով տեղյակ պահել են մեկուսարանի հնարավորությունների մասին ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը  ներկայացրեց հիվանդանոցի առանձնացված մեկուսարանը, որը, ըստ նրա, բոլոր անհրաժեշտ սարքավորումներով ապահովված է, և հերքեց այն լուրերը, թե միայն մահճակալներ են շարված և հարմարություններ չունեն։  Դանիելյանը ներկայացրեց, որ առանձնացված մեկուսարանում կան հնարավորին բոլոր պայմանները համաճարակային միջոցառումները ճիշտ կազմակերպելու համար։  «Մոնիտորն է՝ թթվածնով հագեցված, ամբողջը նոր օդափոխություն է անցկացված, առանձնացված բուժանձնակազմ է աշխատում, արհեստական շնչառության սարքն է, որը Հայաստանում լավագույնն է համարվում։ Մեկուսարանը մինչ օրս չի գործել, այսօր արդեն սկսել է աշխատել, երկու հիվանդ ենք ընդունել»,- ասաց Դանիելյանը և նշեց, որ իրենք դեռ մարտից են տարբեր գրություններով պատկան մարմիններին տեղեկացրել, որ ունեն հնարավորություն թեթև դեպքերը հոսպիտալացնելու մեկուսարանում, իսկ ծանր դեպքերը՝ հատուկ կորոնավիրուսի համար առանձնացված բաժանմունքում։ Մեկուսարան է այցելել նույնիսկ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, և վերջին ամփոփ գրությունից հետո պատասխան են ստացել, որ այդ գրությունն ուղարկվել է պարետատուն։  Ըստ Դանիելյանի՝ ընդհանուր առմամբ, ունեն սպասարկելու 30 մահճակալ, որից 15-ը մեկուսարանում ռեանիմացիայի համար առանձնացված բաժնում են տեղադրել, ևս 11 մահճակալ էլ ունեն ավելի թեթև և միջին ծանրության հիվանդներին ախտորոշելու ու բուժում ապահովելու համար։ Հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ փոխնախարարը պնդում է, որ տեղյակ չեն եղել հիվանդանոցի ողջ հնարավորությունների մասին, Շուշան Դանիելյանը պատասխանեց. «Կարծում եմ, արտակարգ դրության պայմաններում քաղաքի կենտրոնում գտնվող հիվանդանոցի թողունակության մասին ոչ լիարժեք տեղեկատվություն ունենալը, դա հենց տվյալ ոլորտը ղեկավարող մարմնի բացթողումն է, բայց մեր կողմից տեղեկացվել է այն բոլոր աշխատանքների ու հնարավորությունների մասին, որ կա։ Իհարկե, թյուրըմբռնում ունեցա, երբ ասացին, որ տեղյակ չեն, որովհետև երեկ կառուցողական քննարկում ենք ունեցել, և պարոն փոխնախարարը տեղյակ էր այս մեկուսարանի մասին, և անգամ քննարկվեց այս մեկուսարանն այսօրվանից շահագործելու հարցը»։   Շուշան Դանիելյանը նշեց, որ այս մեկուսարանների գույքը՝ մահճակալներ, պահարաններ, մոնիտորներ, բոլորը բժշկական համալսարանն իր միջոցներով նոր է գնել և հագեցրել։ Իսկ եթե արդեն «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի մասնաշենքերից մեկը Covid-կենտրոն դարձնեն, որի հնարավորությունը փոխնախարարի հետ արդեն քննարկվել է, այդ ժամանակ պետության մասնակցությամբ պետք է կենտրոնը դարձվի այդ չափորոշիչներին համապատասխան։  Շուշան Դանիելյանը վստահեցրեց, որ լարվածությունը չի խանգարի փոխհամագործակցելուն և իրենք մինչ այս էլ իրենց աշխատանքով դա ցույց են տվել։  Նելլի Լազարյան
12:20 - 09 հունիսի, 2020
Անցած շաբաթվա վերջին ինձ համար նոր միայն պարզ է դարձել, որ ԵՊԲՀ-ն ունի  մեկուսարան, որտեղից COVID-19 հաստատված պացիենտները տեղափոխվել են ապրիլից սկսած և դրանից զատ ևս մեկ տարածք, որի լուսանկարները հրապարակվել են դեռևս մարտին. ԱՆ նախարարի տեղակալ

Անցած շաբաթվա վերջին ինձ համար նոր միայն պարզ է դարձել, որ ԵՊԲՀ-ն ունի մեկուսարան, որտեղից COVID-19 հաստատված պացիենտները տեղափոխվել են ապրիլից սկսած և դրանից զատ ևս մեկ տարածք, որի լուսանկարները հրապարակվել են դեռևս մարտին. ԱՆ նախարարի տեղակալ

Առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելի գործընկերներ, Մարտի վերջին իմ ստորագրությամբ շրջանառվել է մի գրություն որով առաջարկվել է բոլոր բժշկական հաստատություններին առանձնացնել տարածքներ (մեկուսարաններ) COVID-19 պացիենտներին բժշկական օգնություն տրամադրելու համար: Միևնույն ժամանակ ֆեյսբուքյան լուսանկարներում հրապարակվում է ԵՊԲՀ-ի մի տարածք, որը ըստ հրապարակման, նախկին ճաշարանն է, վերապրոֆիլավորված մեկուսարանի` կորոնավիրուսային հիվանդություն ունեցող քաղաքացիների համար:Ապրիլի առաջին օրերից սկսած` առողջապահության նախարարության բժշկական տրիաժի մասնագետները գրեթե ամենօրյա պարբերականությամբ ստացել են COVID-19 հաստատված պացիենտների տեղափոխման հայտեր ԵՊԲՀ մեկուսարանից դեպի այլ հիվանդանոցներ: Ստացվել է, որ մեկուսարանը գործել է կորոնավիրուսի կասկածով հոսպիտալացված և նմուշառման պատասխանին սպասող անձանց համար: Այնուհետև, անցած շաբաթվա վերջին համալսարանի պաշտոնատար անձանց հետ խոսելու ժամանակ, ինձ համար նոր պարզ է դարձել, որ փաստացի ԵՊԲՀ-ն ունի երկու տարածք` մեկը այն մեկուսարանը, որտեղից հոսպիտալացված COVID-19 հաստատված պացիենտները տեղափոխվել են երկու ամիս շարունակ և դրանից ԶԱՏ ևս մեկ տարածք, որի լուսանկարները հրապարակվել են դեռևս մարտին: Տվյալ տեղեկատվությունը իմանալուն պես մեր կողմից անմիջապես առաջարկվել է գործարկել երկու տարածքը հետևյալ սկզբունքով` 10 հոգու համար նախատեսված մեկուսարանը, որտեղից երկու ամիս է տեղափոխվում են հաստատված պացիենտները` օգտագործել կորոնավիրուսի հիվանդության կասկածով պացիենտների հոսպիտալացման համար, իսկ 10 հոգու համար նախատեսված վերապրոֆիլավորված նախկին ճաշարանը համալրել համապատասխան անձնակազմով և իրականացնել COVID-19 հաստատված պացիենտների հոսպիտալացում և բուժում:Այսպիսով լեգիտիմ հարց է առաջանում, գուցե ԵՊԲՀ-ում ծավալվում է կամ ծավալված է ևս մեկ` 3 րդ համալրված տարածք` օրինակ չօգտագործվող լսարանում: Ինչևէ, կոչ եմ անում տարատեսակ ֆեյսբուքյան գրառումների փոխարեն, ժամանակը ծախսել միայն մեր քաղաքացիների առողջության պահպանմանը և համավարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների վրա` կատարելով ՀՀ կառավարության և լիազոր մարմնի բոլոր ցուցումները: Հ.Գ. ի դեպ, երեկ ԵՊԲՀ-ի ղեկավար անձնակազմի հետ հանդիպումը եղել է ջերմ և կառուցողական մթնոլորտում և ուղղված է եղել վերոհիշյալ միջոցառումների կատարմանը և իրագործմանը: Ես ընդհանրապես չէի անդրադառնա քաղաքացի Վահան Արծրունու ֆեյսբուքյան հրապարակմանը, եթե չտեսնեի ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանի մարտնչող գրառումները»։
14:00 - 08 հունիսի, 2020
Առողջապահության փոխնախարարն այցելել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց․քննարկվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մեկուսարանի շահագործման հնարավորությունը․ ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար

Առողջապահության փոխնախարարն այցելել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց․քննարկվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մեկուսարանի շահագործման հնարավորությունը․ ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար

Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Այսօր առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանն այցելել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց։ Հանդիպման ընթացքում, փոխնախարարը ԵՊԲՀ ղեկավարության հետ քնարկել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի մասնաշենքերից մեկը Covid կենտրոն դարձնելու հնարավորության հարցը։ Քննարկվել է նաև թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մեկուսարանի շահագործման, ինչպես նաև հիվանդանոցի առանձնացված հատվածում ևս 10 մահճակալի տրամադրման հնարավորությունը՝ Covid վարակ ունեցող անձանց բուժման նպատակով»։ Հիշեցնենք, որ այսօր ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունին  ֆեյբուքյան գրառում էր արել՝ նշելով, որ  ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոցում հատուկ covid-բաժանմունքը չի գործածվել անհայտ պատճառներով։ Նրա գրառմանն անդրադարձել էր Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ «Նման գործելաոճն անընդունելի է պետական հիմնադրամի կողմից, հատկապես պետության համար վտանգավոր այս ժամանակաշրջանում, երբ կառավարությունը մոբիլիզացնում է իր բոլոր ռեսուրսները համավարակի դեմ պայքարում»,- գրել էր նա։
22:06 - 07 հունիսի, 2020
Նման գործելաոճն անընդունելի է պետական հիմնադրամի կողմից․ ԱՆ խոսնակն՝ ի պատասխան Վահան Արծրունու հայտարարության, թե ԵՊԲՀ 1-ին կլինիկակայի covid-բաժանմունքը չի գործածվել

Նման գործելաոճն անընդունելի է պետական հիմնադրամի կողմից․ ԱՆ խոսնակն՝ ի պատասխան Վահան Արծրունու հայտարարության, թե ԵՊԲՀ 1-ին կլինիկակայի covid-բաժանմունքը չի գործածվել

Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Երևանի պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունու գրառմանը։ Նա, մասնավորապես, գրել է․ «Առաջին անգամը չէ, որ մենք ականատես ենք լինում Երևանի պետական բժշկական համալսարանի ներկայացուցիչների նման պահվածքին, մասնավորապես ՈՏՔ ԳՑԵԼՈՒՆ (подножка)՝ նախարարության ներկայացուցիչների և ԵՊԲՀ-ի միջև պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո, այս կամ այն ծառայությունների մատուցման վերաբերյալ (Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում կովիդ բաժանմունքի հիմնում պետական բյուջեի միջոցների հաշվին, 1-ին հիվանդանոցում մեկուսարանների և փոքրաթիվ մահճակալների օգտագործում կովիդ-կասկածյալ և հաստատված պացիենտների համար)։ Նման գործելաոճն անընդունելի է պետական հիմնադրամի կողմից, հատկապես պետության համար վտանգավոր այս ժամանակաշրջանում, երբ կառավարությունը մոբիլիզացնում է իր բոլոր ռեսուրսները համավարակի դեմ պայքարում»։ Հիշեցնենք, Վահան Արծրունին այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Մարտ ամսից ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոցում հատուկ covid-բաժանմունքը (մեկուսարան) ամբողջովին կոմպլեկտավորված մասնագետներով, սարքավորումներով և բժշկական միջոցներով դատարկ Է եղել և չի գործածվել անհայտ պատճառներով։ Մարտ ամսից համալսարանական կլինիկան կարող էր ընդունել և բուժ. օգնություն ցուցաբերել վարակակիրներին, բայց «չէր նկատվում» առողջապահության նախարարության կողմից, նույնիսկ այն պարագայում, երբ հիվանդանոցային անկողնային և մասնագիտական ռեսուրսը սպառման առաջ էր կանգնած։ Այդ ատյանի ղեկավարը նախընտրում էր ոչ միայն հիվանդների «սորտավորումը», այլ նաև՝ բուժհաստատությունների»։  
21:35 - 07 հունիսի, 2020
Կորոնավիրուսից մահանալու հավանականությունը շատ ավելի բարձր է, քան նմանատիպ այլ վարակներից. Դավիթ Մելիք-Նուբարյան |shantnews.am|

Կորոնավիրուսից մահանալու հավանականությունը շատ ավելի բարձր է, քան նմանատիպ այլ վարակներից. Դավիթ Մելիք-Նուբարյան |shantnews.am|

shantnews.am: v class="news_text"> Կորոնավիրուսից մահանալու հավանականությունը շատ ավելի բարձր է, քան նմանատիպ այլ վարակներից, որոնց մարդկությունը սովոր է: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, ԵՊԲՀ մասնագետների կողմից կազմակերպված քննարկման ժամանակ ասաց Հանրային առողջության և առողջապահության ամբիոնի դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանը։ Նրա խոսքերով՝ եթե զուգահեռներ անցկացնենք H1N1-ի հետ, ապա համաձայն ԱՄՆ տվյալների՝ առաջին համավարակի առաջին տարում այնտեղ մահացել էր ընդամենը 12 500 մարդ, բայց կորոնավիրուսի դեպքում մի քանի ամսվա ընթացքում նույն ԱՄՆ-ում  մահացել է 100 000 մարդ, հետևաբար՝ կորոնավիրուսից պետք է զգուշանալ:«Ըստ վերլուծության՝ եվրոպական երկրներում մահաբերությունը մինչև 10 տոկոս կարող է լինել որոշ երկրներում։ Ինչի՞ց է կախված մահաբերությունը. բազմաթիվ գործոններ են ազդում, ես կուզեի առանձնացնել դրանցից երեքը՝ առաջինը պոպուլյացիայի տարիքային կազմն է և խրոնիկական հիվանդությունների տեսակարար կշիռը։ Վիճակագրությունը վկայում է, որ 40 տարեկանից բարձր՝ մահանալու հավանականության կորն էապես ավելանում է կորոնավիրուսի դեպքում։ Երկրորդ գործոնը առողջապահության համակարգի պատրաստված լինելն է, որովհետև եթե կարողանում ենք այդ կորը հարթեցնել, կանխարգելել առողջապահական համակարգի գերբեռնվածությունը ժամանակի ինչ-որ պահի, կկարողանանք նվազեցնել: Երրորդը մահերի գրանցման մեթոդաբանությունն է։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս բոլոր այն մահերը, որոնք այս կամ այն կերպ կապված են կորոնավիրուսի հետ, եթե չկա ակնհայտ մահվան ուրիշ պատճառ, օրինակ՝ տրավմա, համարել, որ մարդը մահացել է կորոնավիրուսի հետևանքով։ Ինչո՞ւ, որովհետև մեծ հավանականությամբ այդ մահը կանխարգելելի էր, եթե մարդը չունենար կորոնավիրուս»,- ասաց Մելիք-Նուբարյանը։ Նա նաև նշեց, որ Հայաստանում մահացության ցուցանիշն այնքան էլ մեծ չէ, բայց ընդհանուր մահաբերության ցուցանիշը հաշվելուց, եթե դրա մեջ ներառենք նաև այլ պատճառներից մահացած մարդկանց, ապա մեր ցուցանիշը կհասնի 6-ի, ուստի հորդորեց բնակչությանը լինել զգույշ և անխտիր հետևել անվտանգության բոլոր կանոններին:
17:56 - 04 հունիսի, 2020
ԵՊՀ-ում եւ ՀՊՏՀ-ում ուսման վարձը վճարել է սովորողների միայն 30 տոկոսը, ԵՊԲՀ-ում պատկերը կարող է խաբուսիկ լինել
 |armtimes.com|

ԵՊՀ-ում եւ ՀՊՏՀ-ում ուսման վարձը վճարել է սովորողների միայն 30 տոկոսը, ԵՊԲՀ-ում պատկերը կարող է խաբուսիկ լինել |armtimes.com|

armtimes.com: Այս շրջանում ուսանողներին հուզող գլխավոր հարցերից են վարձերի վճարումները։ Արտակարգ դրության պայմաններում շատ ուսանողներ եւ նրանց ծնողներ հարկադիր պարապուրդի պատճառով դժվարանում են ուսման վարձը վճարել։ Մեզ հետ զրույցում Երեւանի պետական համալսարանի լրատվական ծառայությունից հայտնեցին, որ այս պահի դրությամբ ուսանողների միայն 30%-ն է վճարել վարձը։ Հիշեցնենք, որ դեռեւս մարտի 31-ին Մայր բուհը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ ուսանողները կարող են մասնակցել առցանց դասընթացներին եւ վճարումներ կատարեն ավարտական աշխատանքների նախապաշտպանությունից առաջ: Տոկոսային առումով նույն պատկերն է նաեւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում․ուսման վարձերը վճարել են սովորողների մոտ 30%-ը։ Այս մասին հայտնեցին բուհի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։ Հավելենք, որ ՀՊՏՀ-ն եւս մինչ քննաշրջանը ուսանողներից չի պահանջելու վճարել վարձերը։ Տոկոսային առումով թեեւ Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում վարձերը մուծած ուսանողների թիվը մեծ է, սակայն բուհի աշխատակազմի ղեկավար Շուշանիկ Դանիելյանի խոսքով՝ իրենց մոտ պատկերը կարող է խաբուսիկ լինել։ Պատճառն այն է, որ ԵՊԲՀ-ում սովորողների մեծամասնությունն արտասահմանից է, իսկ նրանք վճարել են վարձերը։ Դանիելյանը հստակ թիվ թեեւ չնշեց, սակայն ընդգծեց, որ վճարումները մոտ 70%-ի կարող են հասնել։ Նրա խոսքով՝ չունեն առաձնացված տեղեկատվություն, թե հայաստանցի ուսանողների քանի՞ տոկոսն է վճարել․ կան մարդիկ, որ ամսական կտրվածքով են վճարում, ոմանք էլ դեռեւս ընդհանրապես վճարում չեն կատարել։
21:24 - 20 ապրիլի, 2020
Ինդոնեզիայի Հանրապետության պատվիրակությունն այցելել է ԵՊԲՀ

Ինդոնեզիայի Հանրապետության պատվիրակությունն այցելել է ԵՊԲՀ

Երկկողմ համագործակցությունը զարգացնելու և ճանաչողական նպատակներով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան է ժամանել Ինդոնեզիայի Հանրապետության հետազոտությունների, տեխնոլոգիաների և բարձրագույն կրթության նախարարության պատվիրակությունը:ԵՊԲՀ լրատվական ծառայությունից հայտնում են, որ վաղ առավոտից ԵՊԲՀ ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի, համալսարանական հիվանդանոցների ղեկավարների հետ մասնագետները քննարկեցին կրթական և կլինիկական ոլորտներին վերաբերող հարցեր: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ ողջունելով հյուրերին ընդգծեց, որ ԵՊԲՀ-ն միտված է ընդլայնել Ինդոնեզիայի հետ գիտական և մանկավարժական ոլորտում համագործակցությունը:«Երևանի պետական բժշկական համալսարանն այս պահին ամենամեծ միջազգային բուհն է Հայաստանի Հանրապետությունում»,- նշեց ռեկտորը՝ հավելելով, որ ԵՊԲՀ-ում սովորող 8000 սովորողներից, յուրաքանչյուր 4-րդը արտերկրից է: Բուհի 1800 օտարերկրացի ուսանողները ներկայացնում են 18 ազգություն և վեց կրոն: Արմեն Մուրադյանը նշեց, որ հպարտանալու առիթ է, որ ԵՊԲՀ-ում կրթություն ստացած օտարերկրացի ուսանողները հաջողությամբ շարունակում են իրենց մասնագիտական գործունեությունն արտերկրում:«Մենք առանձնակի կարևորում ենք յուրաքանչյուր շրջանավարտի հաջողությունը»,- շեշտեց բուհի ղեկավարը: Նա համառոտ անդրադարձ կատարեց նաև ԵՊԲՀ-ի պատմությանը, ընթացիկ աշխատանքներին ու ծրագրերին: Շուրջ 100 տարվա պատմություն ունեցող կրթական հաստատությունն ունի 6 ֆակուլտետ, 3 խոշոր բժշկական համալսարանական կենտրոն, կլինիկական բազաներ հանրապետության առաջատար բժշկական կազմակերպություններում: Այսօր հանրապետությունում աշխատող 10 000 բժիշկներից 90 տոկոսը ԵՊԲՀ շրջանավարտներ են: Արտերկրում մասնագիտական գործունեությունը շարունակում է 8000 շրջանավարտ, որից 500-ը՝ ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգում:Ինդոնեզիայից ժամանած հյուրերին ներկայացվեցին կլինիկական գործունեությունը: Նրանք հետաքրքրվեցին համալսարանական կլինիկաներում ուսանողների պրակտիկ գիտելիքներ ստանալու հնարավորություններով, հիվանդանոցների հագեցվածությամբ, մատուցվող ծառայություններով:Շուրջ մեկ ժամ տևած քննարկումից հետո, պատվիրակության անդամները շրջեցին ԵՊԲՀ տարբեր մասնաշենքերում, ինչպես նաև այցելեցին սիմուլյացիոն կենտրոններ: Ինդոնեզիայի Հանրապետության պատվիրակությունը Հայաստանում է գտնվում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հրավերով: Հայաստանի և Ինդոնեզիայի նախարարությունների միջև ստորագրվել է համաձայնագիր՝ տեխնոլոգիական բիզնես ինկուբատորների և գիտատեխնոլոգիական պարկերի հարցերով համագործակցության վերաբերյալ:Համաձայնագիրը ստորագրել են փոխնախարար Արևիկ Անափիոսյանը և Գիտության, տեխնոլոգիաների ու բարձրագույն կրթության կառուցվածքային հարցերով գլխավոր տնօրենի պաշտոնակատար Պատդոնո Սուվինյոն:
12:00 - 29 հունիսի, 2019
Առաջին անգամ Հայաստանը և ԵՊԲՀ-ն ճանաչվեցին HORIZON 2020 TWINNING ծրագրի հաղթող |armenpress.am|

Առաջին անգամ Հայաստանը և ԵՊԲՀ-ն ճանաչվեցին HORIZON 2020 TWINNING ծրագրի հաղթող |armenpress.am|

Առաջին անգամ Հայաստանը, ի դեմս Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, ճանաչվել է HORIZON 2020 Twinning ծրագրի հաղթող: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Երևանի պետական բժշկական համալսարանի լրատվական ծառայությունից, ԵՊԲՀ-ն արդեն ստացել է Եվրահանձնաժողովի պաշտոնական նամակն առ այն, որ «COBRAIN: Armenia Center for Translational Research on Chronic Neurodegenerative Disorders: A Neuroscience Initiative on Maintaining Healthy Brain Ageing» վերնագրով նախագիծը շահել է HORIZON 2020 Twinning ծրագիրը՝ որպես համակարգող` ստանալով հնարավոր առավելագույն միավորի 96.6 տոկոսը: Նախագիծը հիմք կհանդիսանա Հայաստանում Ուղեղի նախաձեռնության թողարկման և Ուղեղի հետազոտության գերազանցության կենտրոնի համար համապատասխան աշխատակազմի ու ենթակառուցվածքի ձևավորման համար: Horizon 2020-ը Եվրոպական միության ամենախոշոր հետազոտական և ինովացիոն գերազանցության ծրագիրն է, որը մրցութային սկզբունքով ֆինանսավորում է միայն լավագույններին: Ծրագիրը շահելու հավանականությունը յուրաքանչյուր տարի կազմում է 10-14 տոկոս, իսկ յոթ տարիների (2014-2020) համար նախատեսված ընդհանուր բյուջեն` 80 միլիարդ եվրո: armenpress.am
06:40 - 18 մարտի, 2019