Գորիս համայնք

Գորիսը խոշորացված համայնք է Սյունիքի մարզում, ձևավորվել է 2017 թվականին։

Համայնքի կազմում միավորվել են հետևյալ բնակավայրերը․

  • Գորիս,
  • Վերիշեն,
  • Ակներ,
  • Քարահունջ,
  • Հարթաշեն,
  • Խնձորեսկ,
  • Ներքին Խնձորեսկ,
  • Որոտան,
  • Բարձրավան,
  • Շուռնուխ,
  • Աղբուլաղ,
  • Ձորակ,
  • Վանանդ։

2017-ին Գորիսի համայնքապետ է ընտրվել Առուշ Առուշանյանը։ 2021-ի հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին Առուշ Առուշանյանն առաջադրվել էր որպես պատգամավորի թեկնածու «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակով։

Քանի որ 8-րդ գումարման ԱԺ-ի աշխատանքները սկսվելու ժամանակ Առուշանյանն արդեն կալանավորված էր։

Առուշ Առուշանյանը կալանավորված է ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում։ Նրան մեղադրանք է առաջադրվել ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալու կասկածանքով։

Ավարտվել է Առուշ Առուշանյանի կողմից քաղաքացուն ընտրակաշառք տալու վերաբերյալ կեղծ մատնության դեպքի նախաքննությունը

Ավարտվել է Առուշ Առուշանյանի կողմից քաղաքացուն ընտրակաշառք տալու վերաբերյալ կեղծ մատնության դեպքի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի կողմից քաղաքացի Ա.Օ.-ին ընտրակաշառք տալու վերաբերյալ կեղծ մատնության դեպքի նախաքննությունը:Վարութային և ապացուցողական գործողություններով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող քրեական գործով վկա Ա.Օ.-ն, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, 2022 թ. մարտի 18-ին դատարանում ցուցմունք է տվել այն մասին, թե իբր ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի ծառայողները հարկադրել են իրեն տալ հանցագործության մասին հաղորդում և բացատրություն՝ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի կողմից իրեն ընտրակաշառք տալու վերաբերյալ:Ա.Օ.-ն նշել է նաև, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնակատարը (դեպքի ժամանակ՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչը) իր վարույթում քննվող, նշված դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի (Քվեարկության գաղտնիությունը խախտելը) 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հարուցված ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով կեղծել է իր ցուցմունքը՝ դրանում ներառելով սուտ տեղեկություններ՝ Գորիս համայնքի ղեկավարի կողմից իրեն ընտրակաշառք տալու վերաբերյալ։ Այդ կերպ նա պաշտոնատար անձանց մեղադրել է միջին ծանրության և ծանր հանցագործությունների կատարման մեջ: 2022 թ. ապրիլի 15-ին այս փաստերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածի (Դատավորի, դատախազի, քննիչի կամ հետաքննության մարմնի կողմից ցուցմունք կամ բացատրություն կամ կեղծ եզրակացություն տալուն կամ սխալ թարգմանություն կատարելուն հարկադրելը) 1-ին մասով և 349-րդ հոդվածի (Ապացույցները կեղծելը) 3-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության արդյունքում ձեռք բերված տվյալներով հիմնավորվել է, որ դատարանում նրա հայտնած տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում։ Որոշում է կայացվել՝ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնի ծառայողների և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնակատարի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու, ապացույցներ կեղծելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը կարճելու մասին՝ հանցագործության դեպքերի բացակայության հիմքով: Քանի որ նախաքննությամբ հաստատված տվյալները վկայել են Ա․Օ․-ի արարքում ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 333-րդ հոդվածի (Սուտ մատնությունը) 2-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 476-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին) նախատեսված հանցանքի հատկանիշների առերևույթ առկայության մասին, այդ առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, քննիչի միջնորդության հիման վրա, 2022 թ․ նոյեմբերի 23-ին հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել Ա․Օ․-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։ Վերջինիս մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի վերոնշյալ հոդվածով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:Նախաքննությունն ավարտվել է և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին:
11:17 - 16 փետրվարի, 2023
Հայրիկը ասում ա՝ չվախենաք, ամեն ինչ լավ ա լինելու․ Գորիսում մնացած արցախցի փոքրիկները սպասում են լավ լուրի

Հայրիկը ասում ա՝ չվախենաք, ամեն ինչ լավ ա լինելու․ Գորիսում մնացած արցախցի փոքրիկները սպասում են լավ լուրի

Ապրումակցում․ սա բառ է, որի զգայական շերտերն ամենից տեսանելիորեն բացվում են այս հինգ օրերին։ Կամ չեն բացվում առհասարակ։ Գուցե հեշտ չէ զգալ այն, ինչ կիլոմետրեր հեռու՝ մի բռաչափ հողում շրջափակված մարդիկ, երբ կա հացի տեսականուց ամենալավն ընտրելու հնարավորությունը, երբ չի կախում ինտերնետը, եւ երբ չես մտածում՝ եղած փայտով ձմեռը կհանե՞ս, թե չէ։ Կրկնում եմ ու խնդրում կարդալ դանդաղ, բառ առ բառ, փակել աչքերը, փորձել պատկերացնել մարդկանց՝ հատ-հատ․ ադրբեջանցիները փակել են Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը․ արդեն հինգ օր է՝ 120 հազար մարդ բլոկադայի մեջ է․ 1100 անձ, այդ թվում՝ ավելի քան 270 երեխա չեն կարողանում վերադառնալ տուն։ Գորիսի հյուրանոցներից մեկում ես հանդիպում եմ այս 270 երեխաներից 4-ին։ 10-ամյա Գրետան, նրա քույրը՝ 8-ամյա Անգելինան, 9-ամյա Ասյան ու 8-ամյա Տաթեւը միջանցքի սեղանի մոտ դոմինո են խաղում։ Ես խնդրում եմ ինձ էլ սովորեցնեն, ու նրանք իրար հերթ չտալով սկսում են բացատրել՝ սա սրան կարող է կպնել, սա՝ սրան, ու սկսում ենք միասին խաղալ։ Այս աղջնակները մինչեւ բլոկադայի պատճառով հյուրանոցում հարկադրված տեղավորվելը իրար չեն ճանաչել, թեեւ բոլորն են Ստեփանակերտում ապրում։ Այս վերջին չորս օրերի ընթացքում են ընկերացել, պայմանավորվել, որ երբ հետ գնան, անպայման ընկերներ են մնալու։ Առաջարկում եմ հենց հիմա համարներով փոխանակվեն, Ֆեյսբուք-բան վերցնեն, որ հանկարծ չկորչեն իրարից։ Ձախից՝ աջ՝ Ասյան, Գրետան, Տաթեւը, Անգելինան Երեխաներն ասում են, որ չեն վախեցել, երբ իմացել են ճանապարհի փակման մասին։ Միայն փոքրիկ Անգելինան է խոստովանում, որ մի փոքր վախեցել է։ Հետո նրան շարունակում է Տաթեւը՝ ասելով, որ մի քիչ անհանգստացել են, թե ինչպես են գնալու, բայց ադրբեջանցիներից չեն վախեցել։ Տաթեւը Ստեփանակերտում ասեղնագործության դասերի է գնացել, սա նրա ամենասիրելի զբաղմունքն է։ Իսկ Անգելինան գիմնաստիկա է պարապում։ Նա մայրիկի ու քրոջ հետ եկել էր Երեւան՝ մրցումների․ երրորդ տեղն է զբաղեցրել։ Քույրիկը միանգամից ասում է՝ բայց նախորդ մրցումներին առաջին տեղն է զբաղեցրել։ Հետո կապույտ աչքերով Անգելինան մեզ սալտո ու մի քանի հնարքներ է ցույց տալիս՝ շարժվելով փետուրի պես թեթեւ։ Տաթեւի ծնողները, եղբայրը նրա հետ մնացել են Գորիսում, իսկ Ստեփանակերտում բլոկադայի մեջ են տատիկն ու հորաքույրը․ «Տատիկը ասում ա, որ լավ կլինի, որ ճանապարհները շուտ բացենք, շուտ գնանք հասնենք, թե չէ ինքն էլ մենակ չի կարողանում, գազերն անջատել են էնտեղ, իրենց համար էլ ա շատ դժվար»։ (Նյութը պատրաստ էր հրապարակման, երբ հաղորդվեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է)։ Իսկ Գրետային ու Անգելինային Ստեփանակերտում սպասում է հայրիկը։ Ասում են՝ շատ են կարոտել․ «Դե, մենք ոչինչ, էլի, մենք հլը երկրից դուրս ենք, բայց մեր հայրիկը, տատիկները, պապիկները այնտեղ են շրջափակման մեջ, մենք ոչինչ»,- մեծ մարդուն հատուկ խորաթափանցությամբ ասում է Անգելինան ու կես-ժպտալով հայացքը հառում ներքեւ։ Նրա քույրը շարունակում է․ «[Հայրիկը] ասում ա չվախենաք, ամեն ինչ լավ ա լինելու, ամեն ինչ լավ ա լինելու»։  Տաթեւն էլ նկատում է՝ գոնե այստեղ իրար գտել են, թե չէ միայնակ շատ տխուր կլիներ։ Ասյան, որ ամենից շատ սիրում է նկարել ու որն ինձ դոմինոյի տրամաբանությունն է բացատրում, շատ ինքնավստահ աղջնակ է։ Ալիքավոր մազերը հաստ հյուսքեր արած՝ առաջինն ինքն է պատասխանում, որ չի վախեցել այս լարված իրավիճակից։ Նրան Արցախում սպասում են հայրիկը, տատն ու պապը։ Ասում է՝ թեեւ անհանգստանում են, բայց «դուխ են տալիս», ասում են՝ շուտ կբացվի ճամփան, կգնա նրանց մոտ։ Գրետայի ու Անգելինայի մայրիկը՝ Արմինե Աղաջանյանը, պատուհանագոգին հենված՝ ժպտալով հետեւում է մեր զրույցին։ Արմինեն Մարտակերտի շրջանի Նոր Այգեստան կամ Չայլու գյուղից է։ 1990-աականներին Չայլու գյուղը մնաց հակառակորդի վերահսկողության տակ, ու գյուղացիները նոր գյուղ հիմնեցին՝ Նոր Այգեստան։ Բայց նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրով այս գյուղը եւս անցավ հակառակորդի հսկողության տակ։ Արմինեն ամուսնացել, Ստեփանակերտում է ապրում։  Արմինե Աղաջանյանը Նա պատմում է, որ երեխաներին Երեւան էր բերել գիմնաստիկայի մրցումների, որոնց ավարտից հետո նստել են տրանսպորտ, շարժվել դեպի տուն՝ Ստեփանակերտ։ Բայց ճանապարհին արդեն իմացել են, որ ադրբեջանցիները կապը կտրել են։ Հուսալով, որ ճանապարհը կբացվի շուտ, ինչպես նախորդ անգամ, եկել են Գորիս։ Ու արդեն հինգ օր է՝ այստեղ են։ «Թուրքերը էլի էին տենց բան արել, մի անգամ էլ էին փակել ճանապարհը, դրա համար հույսով եկանք Գորիս, որ մի քանի ժամից կբացեն, բայց չբացեցին»։ Արմինեն աշխատում է հանրապետական հիվանդանոցում, գործընկերներին տեղեկացրել է, որ մնացել են ճանապարհին։ Ասում է՝ իհարկե բոլորն էլ ըմբռնումով են մոտենում խնդրին։ Երբ հարցնում եմ՝ իր հարազատներից ո՞վ է մնացել Արցախում շրջափակված, ասում է, որ ամուսինը, ու միանգամից ավելացնում․ «Սաղ մեր արցախցիները, սաղ մերոնք են էլի, ես սաղին էլ հարազատ եմ համարում ինձ»։  Արմինեն վստահ է, որ ադրբեջանցիները ճանապարհը փակել են, որ իրենց ուզածը ստանան, բայց, ասում է, ոչ մեկն էլ նրանցից չի վախենում․«Մենք գիտենք, որ էդ ժամանակավոր բան ա, էքուց էլ կարող ա ճանապարհը էլի փակեն, ուրիշ բան ուզեն։ Ինչքան պետք ա՝ կմնանք ստեղ, մինչեւ ճանապարհը բացեն։ Ուզում եմ ասել՝ ոչ մի բան էլ չենք տա էլի, ուղղակի ուզում են վախեցնեն, իրանց գործն ա էլի, իրանք սովոր են էդպիսի արարքներով վախեցնեն մեզ, բայց ոչ մեկն էլ չի վախենում, երեխաներն էլ չեն վախենում, ուղղակի դպրոց պիտի գնան, ես աշխատանքի եմ, դրան ա խոչընդոտում, բայց ինչքան պետք ա՝ կմնանք, մինչեւ ճանապարհը բացվի»,- ասում է նա ու արձանագրում, որ միջազգային կառույցները չեն միջամտում, չեն արձագանքում․ «Կուզենամ, որ սաղ միջամտեն, մեր էս Ղարաբաղի հարցը քննարկեն, լուծում տանք։ Մենք ընդամենը ուզում ենք խաղաղություն էդ մեր սիրուն, փոքրիկ Արցախում։ Ես սաղի հետ եմ, մեր արցախցիների հետ եմ, ուզում եմ, որ ոչ մեկը չկոտրվի, սաղ լավ ա լինելու»,- եզրափակում է նա։ Երեկոն իջնում է Գորիսի վրա։ Հյուրանոցների բակերում հավաքվում են տղամարդիկ, քննարկում են իրավիճակը, բայց աղմուկ չկա։ Գորիսում առհասարակ աղմուկ չկա։ Վեցամյա Ավետն ու երեքամյա Մարիան Մարտակերտի Մեծ Շեն գյուղի իրենց տանը սպասում են հայրիկին՝ Մխիթար Անանյանին, որը մեկն է այն հարյուրներից, որ չի հասցրել վերադառնալ տուն։ Մխիթարը Մեծ Շենի դպրոցի ֆիզիկայի, բնագիտության ու շախմատի ուսուցիչն է։ Օրեր առաջ Երեւան էր եկել առողջական հարցերով, հետ դառնալու նախորդ օրը ադրբեջանցիները կտրում են ճամփան, ու Մխիթարը ստիպված է լինում մնալ Գորիսում։  Մխիթար Անանյանը «Մինչեւ էսօր սպասում ենք էստեղ մեծ հույսով, որ ճանապարհը կբացվի, կգնանք։ Երեւան չենք ուզում, որովհետեւ մեր հարազատները Ղարաբաղում են, ավելի լուրջ վտանգի մեջ, մենք ուզում ենք օր առաջ հասնել մեր երեխաներին։ Ես երկու երեխա ունեմ, հեռախոսով շուտ-շուտ խոսում ենք, զանգում, իրավիճակ ենք իմանում, բայց անորոշ իրավիճակ է։ Մենք իրենց ավելի շատ ենք քաջալերում, պարզ է՝ երեխաներ, կանայք, մի քիչ ավելի շատ են մտածում, իհարկե»,- ասում է Մխիթարը, բայց հույս հայտնում, որ սա եւս հաղթահարելի է, կհաղթահարեն։ Մխիթարն այս իրավիճակում ամենից կարեւորը համարում է համախմբվածությունը։ Ասում է՝ ոչ թե ամեն մեկը իր տեսանկյունից մի քայլ պետք է ձեռնարկի, այլ միահամուռ, որ հնարավոր լինի դուրս գալ ճգնաժամից․ «Կոչ կանեի չընկճվեն էս ամենից, սա էլ հաղթահարելի արգելք է, պետք է փորձենք էս իրավիճակից դուրս գալ»։  Հայարփի Բաղդասարյան
15:25 - 16 դեկտեմբերի, 2022
Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին․ Արցախի տեղեկատվական շտաբ

Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին․ Արցախի տեղեկատվական շտաբ

Քիչ առաջ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Այս մասին հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը։   «Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս քայլով դիմում է սադրանքի Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի ընդհատման և խաղաղ բնակչությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելու համար:   Միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
13:11 - 03 դեկտեմբերի, 2022
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Լոռու մարզում, Սյունիքի մարզի Գորիս, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում, Դիլիջանի ոլորաններում և Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» հատվածում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում, Նոյեմբերյան քաղաքում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և Գորիս քաղաքում մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
10:14 - 03 դեկտեմբերի, 2022
ԵԱՀԿ ներկայացուցիչները ծանոթացել են Գորիսում և հարակից գյուղերում տիրող իրավիճակին

ԵԱՀԿ ներկայացուցիչները ծանոթացել են Գորիսում և հարակից գյուղերում տիրող իրավիճակին

ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչները (նախագահող՝ Լեհաստանի ներկայացուցիչ գնդապետ Ռոբերտ Արկադիուշ Տկաչիկ) Գորիսում հանդիպել են համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին, քննարկել սեպտեմբերի 13-ից հետո համայնքում ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնում են Գորիսի համայնքապետարանից: Հանդիպան ընթացքում ԵԱՀԿ պատվիրակությանը ներկայացվել են սեպտեմբերի 12-13-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հանդեպ իրականացված ռազմական գործողությունների հետևանքները։ Քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ ենթակառուցվածքներին հասցված վնասների, հակամարտությունից տուժած խաղաղ բնակչության, անվտանգային իրավիճակի վերաբերյալ: ԵԱՀԿ ներկայացուցիչներն այցելել են նաև Վերիշեն, Ակներ բնակավայրեր։ Նրանք տեղում ծանոթացել են իրավիճակին, զրուցել ռազմական գործողությունների հետևանքով տուժած բնակիչների հետ:
21:15 - 24 հոկտեմբերի, 2022
Հասարակ բաների մասին՝ դադարներով․ Հայարփի Բաղդասարյան

Հասարակ բաների մասին՝ դադարներով․ Հայարփի Բաղդասարյան

Մութը լուսարձակներն անջատած մեր մեքենայի ընթացքը քաշում է դեպի հեռվում երեւացող մանր կայծերը։ Դրանք կամաց-կամաց դառնում են գծեր, հետո լայնանում ու տարածվում ճանապարհի աջ ու ձախ կողմերում։ Այրվում են Իշխանասարի ու Նորավանի մոտ փռված դաշտերը։ Ապակին իջեցնում եմ՝ հասկանալու՝ ճամփեզրին մոտ միայնակ այրվող կետիկն ինչ է․ ոնց որ թե՝ մեքենա, բայց Իշխանասարի ուղղությամբ գնալ չի թույլատրվում, ու հրդեհվող այդ բիծը հեռվանում-մարում է մեքենայի հայելու մեջ։  Քամին այրվող դաշտերի ծխի հոտն ու հրետանու պայթյունների ձայներ է բերում։ Մեկ։ Երկու։ Երեք։ Երեք արկ՝ Իշխանասարի ուղղությամբ։ Մեկ։ Երկու-երեք։ Չորս՝ մյուս ուղղությամբ։ Ձայներն ավելի են խլանում, ու մենք հետեւում ենք թողնում զինվորականներին, որոնք շտապ կանգնեցնում են բոլոր մեքենաները ու առանց ավելորդ բարեւ-հաջողի կոնկրետ հրահանգ տալիս Գորիս շարժվողներին՝ հնարավորինս, առավելագույնս, ինչքան ձեւ է՝ արագ անցնել ճանապարհի այս հատվածը, որովհետեւ անօդաչուներ են պտտվում։ Իշխանասարից Գորիս ես անընդհատ փակում եմ աչքերս, որ չմոռանամ զինվորի դեմքը։ Ես անընդհատ հարցեր եմ տալիս Սաքոյին, որ մոռանամ զինվորի դեմքը։  Ես ուզում եմ մտածել հասարակ բաների մասին, որ կորցրել եմ մազակալս, որ չունեմ ձմեռային վերարկու, որ եփած լոլիկն ավելի համով է, որ ժամանակ չկա սիրահարվելու, որ ծխելը վնասակար է առողջությանը, որ Կիեւյանի ջուրը համով չէ։ Ես ուզում եմ ամաչել հասարակ բաների համար, որ ներքնազգեստս պարանից ցած է ընկել, որ կոշիկներս կեղտոտ են, որ ուշացել եմ աշխատանքից։ Բայց ես ամաչում եմ զրահաբաճկոնով մտնել գյուղ, որը հրետակոծվում է անցած գիշերվանից։ Ռաֆիկը չգիտի՝ ոնց նկարագրի՝ ինչ կատարվեց իր հետ, երբ արկն ընկավ մի քանի մետր հեռու։ Ռաֆիկն ուզում է բառեր գտնել՝ բացատրելու, թե ինչ ձայն էր գալիս իր գլխում այդ պայթյունից։ Թե ոնց փշրվեցին ապակիներն ու իրեն չկպան։ Ռաֆիկն արդարանում է, որ այդ գիշեր շատ ցուրտ էր, ինքն էլ՝ հողաթափերով, ու ստիպված էր նկուղից բարձրանալ տուն՝ տաք շոր վերցնելու։ Ես ասում եմ՝ ահավոր է։ Ռաֆիկն ասում է՝ ահավոր է, ահավոր է։ Նա ափի մեջ ցույց է տալիս արկի բեկորները, ցույց է տալիս կացինը, որով բացել է տան դուռը, որովհետեւ ուժգին պայթյունից փականը կոտրվել էր, տան դուռը փակվել-մնացել։  Պայթյուններից փակվում են տների դռները։ Մարդիկ հավաքում են բեկորները, լցնում գրպանները, լցնում են փոսերը, լցնում են բաժակները, լցնում են աչքերը։ Ես սովորում եմ մի քանի րոպեն մեկ պայթող արկերի ձայնին, բայց չեմ դիմանում Էդգարի ուսերի դողին, որ օդը շարժելով փլված առաստաղով բարձրանում է մինչեւ տանիք։ Ամեն անգամ նա խոսքը կիսատ է թողնում, անշարժանում, նայում սարերի ուղղությամբ, որտեղից ծուխ է բարձրանում․ «Էսի մերոնք էին»,- ինքն իրեն հանգստացնում է Էդգարն ու շարունակում խոսել դադարներով։ Սարերից ծուխ է բարձրանում դադարներով։ Հրետանին կրակում է դադարներով։ Ճանճը տզզում է դադարներով։ Քամին խաղում է դադարներով։ Ես շնչում եմ դադարներով։ 
14:30 - 10 հոկտեմբերի, 2022
Մի քանի ժամ է՝ Կապանի եւ Գորիսի ուղղությամբ կրակոցներ չեն հնչում

Մի քանի ժամ է՝ Կապանի եւ Գորիսի ուղղությամբ կրակոցներ չեն հնչում

Մի քանի ժամ է՝ Կապան քաղաքի մոտ գտնվող Ներքին Հանդ, Սրաշեն, Ծավ գյուղերի տարածքում կրակահերթեր, հրետակոծություններ չկան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ «Ժամը 20։00-ի սահմանում Ներքին Հանդ, Սրաշեն, Ծավ գյուղերի տարածքում  կրակոցների, հրետակոծությունների ձայներ չեն լսվել»,- նշեց մարզպետը։ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն էլ մեզ հետ զրույցում հայտնեց, որ Գորիսի ուղղությամբ մոտ երեք ժամ է՝ կրակոցներ կամ էլ հրետակոծություններ չկան։ «Երկու ժամից ավելի է՝ Գորիսում եմ, կրակոցներ չկան, ամեն ինչ բանակի վերահսկողության տակ է, բանակն իր առաջ դրված խնդիրը կատարում է։ Մարտերը դադարել են, դրա համար էլ իջել ենք դիրքերից, առաջին բանակային կորպուսն իր խնդիրը բարձր մակարդակով կատարում է»,- ասաց Գորիս համայնքի ղեկավարը։ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ժամը 21.00-ի դրությամբ հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրադրությունը շարունակում է լարված մնալ։ «Այդուհանդերձ, թե՛ հայկական դիրքերի, բնակավայրերի ու քաղաքացիական ենթակառուցվածքների հրետակոծության, եւ թե՛ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի եւ Սոթքի ուղղությամբ ընթացող դիրքային մարտերի կրակի ուղղությունը զգալիորեն թուլացել է»,- հայտնել էին ՊՆ-ից։
00:34 - 14 սեպտեմբերի, 2022
Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը արդարացվեց հանցակազմի բացակայության հիմքով

Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը արդարացվեց հանցակազմի բացակայության հիմքով

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Գնել Գասպարյանի, այսօր հրապարակեց Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի վերաբերյալ դատավճիռը։ Դատարանը ճանաչեց եւ հռչակեց Ավետյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի  154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ եւ արդարացրեց նրան։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է, երկու կամ ավելի ընտրողների ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն  եւ նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում երկու կամ ավելի անձանց հանրահավաքին մասնակցելուն հարկադրելուն։ Ավետյանը արդարացվեց հանցակազմի բացակայության հիմքով։ Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավը վերացվեց եւ արգելանքից հանվեցին որպես գրավ ընդունված 49․450․000 դրամ գնահատված բնակելի տունը եւ հողամասը։
15:50 - 28 մարտի, 2022
Առուշ Առուշանյանը մասամբ արդարացվեց, մասամբ մեղավոր ճանաչվեց

Առուշ Առուշանյանը մասամբ արդարացվեց, մասամբ մեղավոր ճանաչվեց

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Գնել Գասպարյանի, քիչ առաջ հրապարակեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով դատավճիռը։ Դատարանը ճանաչեց եւ հռչակեց Առուշ Առուշանյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 38-154․2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 35-154․2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 291-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքներում եւ նրան արդարացրեց։ Խոսքը վերաբերում է, մասնավորապես, երկու կամ ավելի ընտրողների կաշառք տալու հանցակցությանը, դրա նախապատրաստմանը, ապօրինի ձեռնարկատիրությանը (որը զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով), ինչպես նաեւ ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ կամ համապատասխան նախագծերի շեղումներով կամ առանց պայմանագրի ընդերքի օգտագործմանը։ Հիշյալ հոդվածներում Առուշանյանը արդարացվեց հանցակազմի բացակայության հիմքով։ Միեւնույն ժամանակ նա մեղավոր ճանաչվեց ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարման համար (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), եւ նրա նկատմամբ որպես պատիժ նշանակվեց տեղական ինքնակառավարման մարմիններում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը 5 տարի ժամկետով։ Առուշանյանը մեղավոր ճանաչվեց նաեւ ՔՕ 322-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի կատարման մեջ ( բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով ինքնիրավչությունը) եւ դատապարտվեց տուգանքի՝ նվազագայուն աշխատավարձի յոթհարյուրապատիկի չափով (700․000 ՀՀ դրամ)։ Առուշանյանը մեղավոր ճանաչվեց նաեւ ՔՕ 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 6-րդ կետերով (խուլիգանական դրդումներով, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) եւ դատապարտվեց ազատազրկման 1 տարի 3 ամիս ժամկետով։ Հաշվի առնելով, որ նա արդեն իսկ 8 ամիս 12 օր գտնվել է արգելանքի տակ՝ վերջնական պատիժ սահմանվեց  6 ամիս 18 օրը։ ՀՀ ՔՕ 66-րդ հոդվածի կանոններով համակցելով հանցանքները եւ գումարելով պատիժները՝ որպես վերջնական պատիժ սահմանվեց 6 ամիս 18 օր ժամկետով ազատազրկումը, 700․000 ՀՀ դրամ տուգանքը եւ ՏԻՄ-երում ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը 5 տարի ժամկետով։ ՀՀ ՔՕ 70-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը որոշեց ազատազրկումը պայմանականորեն չկիրառել եւ սահմանել փորձաշրջան՝ 1 տարի 6 ամիս ժամկետով։ Դատարանը նաեւ բավարարեց պաշտպանի միջնորդությունը՝ փոփոխելով Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը եւ ընտրելով երկրից չհեռանալու մասին ստորագրությունը մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ Արդյունքում, Առուշանյանը անհապաղ ազատ արձակվեց դատական նիստերի դահլիճից։   Միլենա Խաչիկյան
15:01 - 28 մարտի, 2022