Գեղամ Ստեփանյան

Գեղամ Ստեփանյանն Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան է (ՄԻՊ), այդ պաշտոնում ընտրվել է 2021 թ․ մարտին։

2014թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։

2014-2016թթ. սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանի «Միջազգային հարաբերություններ և քաղաքագիտություն» մագիստրոսական ծրագրում:

2016 թ. դեկտեմբերից մինչև 2020 թ. մայիս աշխատել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովում՝ որպես ԱԺ նախագահի օգնական:

2016-2019 թթ. դասավանդել է Արցախի պետական համալսարանի Պատմության և քաղաքագիտության ամբիոնում:

2020 սեպտեմբերից 2021թ մարտ աշխատել է Արցախի Հանրապետության ՄԻՊ աշխատակազմում:

Այս պահին հրատապը պարզապես մարդկանց սովից փրկելն է. Արցախի ՄԻՊ |panorama.am|

Այս պահին հրատապը պարզապես մարդկանց սովից փրկելն է. Արցախի ՄԻՊ |panorama.am|

panorama.am: Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը չի կարող դիտարկվել այլընտրանք Բերձորի միջանցքին: Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը հիշեցնում է՝ այս պահին հրատապը պարզապես մարդկանց սովից փրկելն է: Բայց հեռանկարում Արցախի հայկականության պահպանումն անհնար է պատկերացնել՝ առանց Բերձորի միջանցքի լիարժեք աշխատանքի. առնվազն այն պարամետրերով, որոնք նախատեսված են 2020-ի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությամբ: «Ակա-Ստեփանակերտ ճանապարհի միանգամյան օգտագործումը կամ զուտ հումանիտար նպատակով օգտագործումը երբեք չպետք է մեկնաբանվի, որ Արցախի ժողովուրդը տեղի է տալիս իր ինքնորոշման իրավունքից կամ պահանջներից, հակառակը՝ պետք է օգտագործվի, որ մի երկիր, որն արհեստականորեն փակել է Արցախը սնունցող միակ զարկերակը ու դրա փոխարեն պարտադրել է մեզ անել այլ քայլ մեր ժողովրդի կյանքը  փրկելու համար, երբեք չի կարող խոսել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության երաշխիքների մասին»,-  Արցախի հանրային հեռուստատեսության տված հարցազրույցում ասում է Գեղամ Ստեփանյանը։  Նա նշում է, որ անգամ այս ծանրագույն իրավիճակում, երբ իրենց համար մարդկանց կյանքը փրկելու առաջնահերթությունը ստիպում է  գնալ նման քայլի, Ադրբեջանն  օգտագործում է իր քաղաքական թեզերն առաջ մղելու համար։ Գեղամ Ստեփանյանն ընդգծում է՝ այլ ճանապարհները Լաչինի միջանցքին այլընտրանք լինել չեն կարող, հիշեցնում Լաչինի միջանցքը ոչ թե հումանի տարբեռներ տեղափոխելու, այլ Արցախում  բնականոն կյանք կազմակերպելու համար է, Արցախի համար՝ կյանքի ճանապարհ։ «Այդ հստակ մեսիջը պետք է տանք, որ այնպես չէ, որ մենք պատրաստվում ենք լինել մի տարածաշրջան, որն ամբողջ կյանքը պետք է կախված լինի հումանիտար բեռնից։ Դա մեզ համար ընդունելի չէ։ Որպեսզի դա տեղի չունենա, ապա Լաչինի միջանցքը պետք է գործի առանց որևէ սահմանափակումների»,- ասում է Ստեփանյանը։
11:47 - 19 սեպտեմբերի, 2023
30.000 երեխաների ծանր վիճակը հայտարարություններով չի մեղմվում․ Գեղամ Ստեփանյանը` ի պատասխան Շառլ Միշելի հայտարարության

 |factor.am|

30.000 երեխաների ծանր վիճակը հայտարարություններով չի մեղմվում․ Գեղամ Ստեփանյանը` ի պատասխան Շառլ Միշելի հայտարարության |factor.am|

factor.am: Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը պատասխանել է ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը։ «Դուք ջանքեր եք գործադրում, դրանք տեսանելի են, բայց ոչ շոշափելի։ 120,000 մարդու, այդ թվում՝ 30,000 երեխաների ծանր վիճակը հայտարարություններով չի մեղմվում։ Մարդիկ օրվա հաց էլ չունեն։ Դիվանագիտությունը դանդաղ է աշխատում, մինչդեռ մարդիկ կանգնած են սովի առաջ»,- X-ում գրել է Գեղամ Ստեփանյանը։ Հիշեցնենք, որ Շառլ Միշելն Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն էր տարածել, որում ասվում է, որ տեղում հումանիտար իրավիճակն արագորեն վատթարանում է, և հրամայական է, որ միջոցներ ձեռնարկվեն տեղի բնակչության կարիքները բավարարելու համար: Եվրոպական խորհրդի նախագահն առաջարկել է փուլային մոտեցում, որը «կարտացոլեր Լաչինի միջանցքի լիարժեք գործունեության և Աղդամի երթուղու բացման հաջորդականությունը»:
20:02 - 01 սեպտեմբերի, 2023
Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը ևս չեն հատել անօրինական անցակետը, սակայն չի հաջողվում նրանց հետ կապ հաստատել․ Արցախի ՄԻՊ

Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը ևս չեն հատել անօրինական անցակետը, սակայն չի հաջողվում նրանց հետ կապ հաստատել․ Արցախի ՄԻՊ

Օգոստոսի 28-ին ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ իրականացվել է Արցախից Հայաստան քաղաքացիական անձանց հերթական տեղափոխումը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ իրականացվել է 170 անձանց տեղափոխություն։ Ժամը 13:00-ի սահմաններում դեպի Հայաստան տեղափոխվող անձինք հասել են Լաչինի միջանցքում՝ Հակարի կամրջի մոտ, տեղակայված ադրբեջանական անօրինական անցակետ։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ձեռք բերված տեղեկատվության համաձայն՝ 2001 թվականի ծնված Ալեն Նելսոնի Սարգսյանն ադրբեջանական սահմանապահ և այլ ծառայությունների ներկայացուցիչների կողմից ուժի և հարկադրանքի կիրառմամբ առևանգվել և տարվել է անհայտ ուղղությամբ։ Բացի դրանից, Արցախից ՀՀ տեղափոխվող անձանցից ևս հինգ հոգու Ադրբեջանի սահմանապահ և այլ ծառայությունների ներկայացուցիչները տարել են անցակետի մոտ տեղադրված հատուկ սենյակ՝ հարցաքննելու։ Հարցաքննության ընթացքում տվել են տարաբնույթ հարցեր՝ սպորտով զբաղվածությունը, ՀՀ գնալու նպատակը, Հայաստանում և Արցախում տնտեսական իրավիճակը և այլն։ Ձեռք բերված տեղեկությունների համաձայն՝ նախօրոք համաձայնեցված ցուցակներում առկա անձանցից ևս երկու հոգի՝ Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը չեն հատել անօրինական անցակետը, սակայն չի հաջողվում նրանց հետ կապ հաստատել։ Երեք քաղաքացիներն էլ Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունների ուսանողներ են։ Բազմիցս նշել ենք, որ Հակարի կամրջի մոտ տեղակայված անօրինական անցակետը ուղիղ և անհերքելի սպառնալիք է Արցախի քաղաքացիական բնակչության ֆիզիկական գոյության և հիմնարար իրավունքների պաշտպանության համար։ Վագիֆ Խաչատրյանի, Ալեն Սարգսյանի առևանգումն անառարկելիորեն ապացուցում են, որ այսպես կոչված անցակետը վեր է ածվել ադրբեջանական հանցավոր կամայականությունները սպասարկելու գործիքի, որով ադրբեջանցիների կողմից կամայական կերպով առևանգվում և ազատությունից զրկվում են քաղաքացիական անձինք։ Շրջափակման մեջ է պահվում 120 000 բնակչություն՝ զրկված հումանիտար հասանելիությունից և մարդու տարրական իրավունքների պաշտպանության հնարավորությունից։ Թե՛ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և թե՛ ռուս խաղաղապահների միջազգային իրավական ու քաղաքական երաշխիքները փաստացի բավարար չեն Արցախի բնակչության իրավունքների պաշտպանության, այդ թվում ազատ ու անվտանգ տեղաշարժն ապահովելու համար: Հաշվի առնելով այդ երկու դերակատարների ստանձնած պարտավորությունները՝ Մարդու իրավունքների պաշտպանը պահանջում է նրանցից բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել ապահովելու Արցախի բնակչության հումանիտար տեղաշարժի անվտանգությունը և առևանգված անձանց անհապաղ վերադարձը։ Առանց նման երաշխիքների առկայության, պետք է դադարեցնել քաղաքացիական անձանց փոխադրումները։ ՄԻՊ աշխատակազմի կողմից շարունակվում է փաստերի հավաքագրումը դեպքի առնչությամբ, որի մասին հանդես կգանք հավելյալ հայտարարությամբ, հավաքագրված փաստերը կամփոփվեն և կներկայացվեն մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին և միջազգային այլ դերակատարներին։
17:25 - 28 օգոստոսի, 2023
Ժամանակն է հասկանալու, որ Ադրբեջանի նպատակը ո՛չ խաղաղությունն է, ո՛չ համակեցությունը․ Արցախի ՄԻՊ

Ժամանակն է հասկանալու, որ Ադրբեջանի նպատակը ո՛չ խաղաղությունն է, ո՛չ համակեցությունը․ Արցախի ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես են Ադրբեջանի սահմանապահ զորքերի զինծառայողները ստիպում Արցախից Հայաստան վերադարձող մի կնոջ շտապօգնության մեքենայից հանել Արցախի զինանշանով պաստառը։ «Ադրբեջանի զինծառայողները կնոջը ստիպում են շտապօգնության մեքենայից հանել Արցախի զինանշանով պաստառը, մինչդեռ այլ քննարկումներում Ադրբեջանը բերում է օրինակներ, ինչպիսիք են Քվեբեկը կամ Կատալոնիան, որտեղ ազգային խորհրդանիշներն ազատ և լայնորեն օգտագործվում են: Ժամանակն է հասկանալու, որ Ադրբեջանի նպատակը ո՛չ խաղաղությունն է, ո՛չ համակեցությունը»,- Ստեփանյանը գրել է X-ի (նախկինում «Թվիթեր») իր միկրոբլոգում։
21:44 - 25 օգոստոսի, 2023
Պահանջում եմ զերծ մնալ տեսանյութը տարածելուց և անհապաղ դադարեցնել Է. Առստամյանին անտեղի թիրախավորելու և վիրավորելու գործողությունները. Արցախի ՄԻՊ

Պահանջում եմ զերծ մնալ տեսանյութը տարածելուց և անհապաղ դադարեցնել Է. Առստամյանին անտեղի թիրախավորելու և վիրավորելու գործողությունները. Արցախի ՄԻՊ

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցի կողմից նկարահանված և ադրբեջանական մեդիա տիրույթում տարածված Արցախի բնակչի՝ 17-ամյա Էլեն Առստամյանի հարցազրույցին ու դրա հետ կապված հայկական մեդիատիրույթում տարածված արձագանքին. «Փոխանակ մեզ հասանելի մեթոդներով հակազդենք ադրբեջանական կեղտոտ քարոզչամեքենայի հերթական ստոր քայլին՝ պնդելով և ապացուցելով, որ ադրբեջանական լրատվամիջոցը 17-ամյա երեխայի հոգեկան անձեռնմխելիության, պատվի և արժանապատվության նկատմամբ ապօրինի միջամտությամբ նկարահանված տեսանյութն օգտագործում է աշխարհին հերթական կեղծիքը մատուցելու համար, մենք ենք տրվում այդ մանիպուլյացիային՝ վիրավորելով կամ անտեղի թիրախավորելով մեր հայրենակցին՝ մեր հարազատին։ Ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ հունիսի 21-ին իրականացվել է ՀՀ բուհերում սովորող ուսանողներին Արցախից դեպի Հայաստան հերթական տեղափոխումը, որի ընթացքում Հակարիի կամրջի անօրինական անցակետի մոտ ադրբեջանական լրատվամիջոցի կողմից նկարահանվել և ադրբեջանական մեդիա տիրույթում տարածվել է մեր հայրենակցի՝ Էլեն Առստամյանի հարցազրույցը։ Կասկած չկա, որ այդ տեղեկատվական մանիպուլյացիան պլանավորվել և իրականացվել է ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից՝ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերաբերյալ իրենց կեղծ պնդումները առաջ մղելու համար։ Հեռախոսազրույց եմ ունեցել Էլեն Առստամյանի հետ, տեղեկացել այդ պահին նրա հոգեբանական իրավիճակին և ապրումներին։ Անկասկած է, որ ադրբեջանական քարոզչամեքենան անցակետում տանյակ զինված անձանց ներկայությունից վախվորած և հոգեբանորեն ընկճված 17-ամյա անչափահասին օգտագործել է քարոզչաքաղաքական մանիպուլյատիվ նպատակներով, որին, ցավոք սրտի, տվել է նաև հայ հասարակության մի մասը։ Պահանջում եմ զերծ մնալ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից հրապարակված տեսանյութը տարածելուց և անհապաղ դադարեցնել Էլեն Առստամյանին անտեղի թիրախավորելու և վիրավորելու գործողությունները»,- նշել է Գեղամ Ստեփանյանը։
18:22 - 22 օգոստոսի, 2023
Իրավապաշտպանները իրենց դիրքորոշումը արտահայտել են, հերթը միջազգային հարթակում քաղաքական որոշումներ կայացնողներինն է. Գեղամ Ստեփանյան

Իրավապաշտպանները իրենց դիրքորոշումը արտահայտել են, հերթը միջազգային հարթակում քաղաքական որոշումներ կայացնողներինն է. Գեղամ Ստեփանյան

Ադրբեջանի կողմից Արցախի` 8 ամիս շարունակվող շրջափակման ընթացքում Արցախի, ՀՀ և Սփյուռքի տարբեր դերակատարների կողմից ներդրված ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել ապահովել միջազգային ազդեցիկ իրավապաշտպան և մարդասիրական կազմակերպությունների և մի շարք հեղինակավոր փորձագետների հստակ, հասցեական գնահատականն Արցախում խորացող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։ Այս ընթացքում իրենց դիրքորոշումներն են արտահայտել է Amnesty International, Human Rights Watch, Freedom House, Global Center for Responsibility to Protect կազմակերպությունները, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի հատուկ զեկուցողները, Ցեղասպանությունների կանխարգելման Լեմկին ինստիտուտը, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան և մի շարք այլ իրավապաշտպաններ։ Այս մասին հայտնել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ «Իրավապաշտպան և մարդասիրական բոլոր կազմակերպությունների հայտարարությունները միաձայն պահանջում են Ադրբեջանի իշխանություններից դադարեցնել Լաչինի միջանցքի արգելափակումը, ապահովել անձանց, բեռների և մեքենաների ազատ և անխոչընդոտ երթևեկությունը միջանցքով և վերջ դնել Արցախում հումանիտար ճգնաժամին։ Բոլոր կազմակերպությունների հայտարարություններին ադրբեջանական իշխանությունները տալիս են արհամարհական և լկտի պատասխաններ` ամենապարզ ձևով ցույց տալով անարգանք բոլորի նկատմամբ, կարծես թե բոլորը ստում են և միայն իրենք են ճիշտ։ Ադրբեջանի այս պահվածքը ևս մեկ անգամ ի ցույց է դնում այն պարզ ճշմարտությունը, որ Ադրբեջանը ոչ հանձնառություն, ոչ էլ ցանկություն ունի կատարելու միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները, ավելին՝ ի տես բոլոր կառույցների շարունակում է արհամարհել մարդու իրավունքները և իրականացնել Արցախի ժողովրդի նկատամբ ցեղասպանական քաղաքականություն։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների գնահատականները չպետք է մնան թղթի վրա։ Այս հասցեական հայտարարությունները պետք է դառնան Արցախի ժողովրդին սովամահությունից, էթնիկ զտումից, ցեղասպանությունից փրկելու տարբեր պետությունների և միջազգային կառույցների դիրքորոշումների հիմքը։ Հենց սրա համար էլ այդ կառույցները ստեղծված են՝ կանխելու մասայական վայրագություններն ու մարդու իրավունքների խախտումները։ Իրավապաշտպաններն իրենց դիրքորոշումը արտահայտել են, հերթը միջազգային հարթակում քաղաքական որոշումներ կայացնողներինն է՝ ապացուցելու, որ թույլ չեն տա Ադրբեջանի հանցավոր իշխանություններին կասկածի տակ դնել միջազգային բարձր հեղինակություն ունեցող իրավապաշտպան և մարդասիրական կառույցների հեղինակությունը։ Հակառակ պարագայում, ցուցաբերվող անտարբերությունն ու հեղինակավոր կարծիքների անտեսումը հանգեցնելու է մարդկային անդառնալի հետևանքների, որում արդեն միջազգային դերակատարները կրելու են հանցակցության ուղիղ պատասխանատվություն։»,- գրել է Ստեփանյանը։
18:32 - 09 օգոստոսի, 2023
Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է ՊՊՀԿ հայտարարությանը

Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է ՊՊՀԿ հայտարարությանը

Ողջունում ենք «Պաշտպանության պատասխանատվության համաշխարհային կենտրոն» (Global Centre for the Responsibility to Protect) կազմակերպության անդրադարձն Ադրբեջանի կողմից ԼՂ-ի շարունակվող շրջափակմանը, որով կազմակերպությունը ահազանգում է ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամային իրավիճակի մասին։ Այդ մասին ասված է ԼՂ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հայտարարության մեջ:   «Ավելի քան յոթ ամիս Ադրբեջանի իշխանությունները շրջափակել են Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը՝ առաջացնելով հումանիտար ճգնաժամ։ Շրջափակումը Լեռնային Ղարաբաղում ապրող ավելի քան 120 000 էթնիկ հայերի, այդ թվում՝ 30 000 երեխաների զրկել է կենսական ռեսուրսներից, ինչպիսիք են սնունդը, դեղորայքը, էլեկտրաէներգիան և վառելիքը։  Մարդասիրական օգնության կանխամտածված և անօրինական մերժումը կարող է համարվել ռազմական հանցագործություն և մարդկության դեմ հանցագործություն:   Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ վերացնեն Լաչինի միջանցքի շրջափակումը և թույլատրեն խաղաղ բնակիչների և ապրանքների անխոչընդոտ և անվտանգ անցումը միջանցքով, ինչպես նաև երաշխավորեն մարդասիրական անարգել մուտքը՝ միջազգային իրավունքին և ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանի որոշմանը համապատասխան։   Միջազգային իրավապաշտպան համայնքի ներկայացուցիչների կողմից Արցախում ստեղծված հումանիտար աղետալի իրավիճակի վերաբերյալ ահազանգող հայտարարություններն ու իրավիճակի հասցեականն գնահատականները պետք է հիմք հանդիսանան միջազգային տարբեր դերակատարների համար՝ Ադրբեջանի նկատմամբ զսպիչ և պատժիչ գործողություններ ձեռնարկելու համար»,- նշված է հայտարարության մեջ։
20:18 - 03 օգոստոսի, 2023
Ուշագնացության դեպքերը աճում են. Արցախի ՄԻՊ-ն ահազանգում է
 |1lurer.am|

Ուշագնացության դեպքերը աճում են. Արցախի ՄԻՊ-ն ահազանգում է |1lurer.am|

1lurer.am: Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ շարունակվող շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ծանրագույն պայմաններում հազարավոր քաղաքացիներ ստիպված են ժամերով հերթ կանգնել ինչ-որ նվազագույն քանակի սնունդ կամ առաջին անհրաժեշտության ապրանք ձեռք բերելու համար: «Այդ բազմամարդ հերթերում հաճախակի գրանցվում են ուշագնացությունների դեպքեր, որոնք ուղղակիորեն կապված են բնակիչների հոգեկան գերլարված իրավիճակի, թերսնուցման պայմաններում իմունային համակարգի խոցելիության և շոգ եղանակային պայմանների հետ:   Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ուշագնացության դեպքերը գնալով աճում են: Սա անհերքելիորեն փաստում է, որ հումանիտար ծանրագույն իրավիճակը անմիջականորեն իր աղետալի հետևանքներն է ունենում հանրային առողջության պահպանման վրա՝ վտանգի տակ դնելով հազարավոր մարդկանց կյանքեր»,- ասված է Ստեփանյանի գրառման մեջ:
20:33 - 31 հուլիսի, 2023
Արցախից ՀՀ տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի ճակատագիրն այս պահին անհայտ է․ Արցախի ՄԻՊ

Արցախից ՀՀ տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի ճակատագիրն այս պահին անհայտ է․ Արցախի ՄԻՊ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից և տեղափոխվել անհայտ ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։  ՄԻՊ-ը նշում է՝ հարազատներից, ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներից կամ ռուսական խաղաղապահներից որևէ մեկը առևանգված բուժառուի մոտ չէ։ Այս պահին ճակատագիրը անհայտ է։ Դեպքի վերաբերյալ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կողմից շարունակվում է փաստերի հավաքագրումը։ Հիշեցնենք, որ Ադրբեջանը արգելանքի է վերցրել այսօր ԿԽՄԿ միջոցով բուժման նպատակով ՀՀ տեղափոխվող հիվանդներից 68-ամյա մի քաղաքացու և անցակետից տեղափոխել այլ վայր։  
14:46 - 29 հուլիսի, 2023
Հորդորում ենք ԿԽՄԿ-ին հավատարիմ մնալ և հարգել Արցախի ժողովրդի մարդկային արժանապատվության իրավունքը․ Արցախի Մի պաշտպան

Հորդորում ենք ԿԽՄԿ-ին հավատարիմ մնալ և հարգել Արցախի ժողովրդի մարդկային արժանապատվության իրավունքը․ Արցախի Մի պաշտպան

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայտարարությանն առ այն, որ ի վիճակի չէ մարդասիրական օգնություն հասցնել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը Լաչինի միջանցքով կամ որևէ այլ երթուղով։ «Մենք ողջունում ենք ԿԽՄԿ-ի հնչեցրած ահազանգն Արցախում արագորեն սրվող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։  Միևնույն ժամանակ, հորդորում ենք ԿԽՄԿ-ին հավատարիմ մնալ և հարգել Արցախի ժողովրդի մարդկային արժանապատվության իրավունքը, որն ամրագրված է տարբեր միջազգային կոնվենցիաներով, և դադարեցնել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժողովրդին Ակնայով (Աղդամով) մարդասիրական օգնության տրամադրման ադրբեջանական անհիմն առաջարկները լեգիտիմացնելու փորձերը։ Բացի այդ, տվյալ համատեքստում ԿԽՄԿ-ի պաշտոնական հայտարարության մեջ Արցախ/Լեռնային Ղարաբաղ անվանումը օգտագործելուց միտումնավոր խուսափելը վիրավորում է արցախցիների զգացմունքներն ու արժանապատվությունը»,- գրել է Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում։
21:56 - 25 հուլիսի, 2023