ԳԹԿ

Գնահատման և թեստավորման կենտրոն

ՀՀ կառավարության որոշումով 2004 թվականին ստեղծվեց «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը: Գնահատման և թեստավորման կենտրոնի՝ հանրակրթության գնահատման համակարգի հիմնական բաղադրիչ դառնալը պայմանավորված է հանրակրթական հաստատություններում կրթության որակի արտաքին գնահատման գործունեության իրականացմամբ:
Գնահատման նոր համակարգի սկզբունքներն են`

  • միասնական չափանիշների կիրառում հանրապետության ողջ տարածքում,
  • օբյեկտիվ, վստահելի, արդյունավետ և թափանցիկ մեխանիզմների ներդրում,
  • շրջանավարտների համար հավասար մեկնարկային պայմանների ստեղծում` նրանց հետագա մասնագիտական կրթությունն ապահովելու նպատակով,
  • դպրոցից բուհ անցումային քննությունների գործընթացում սուբյեկտիվ գործոնի դերի առավելագույնս նվազեցում:

Կենտրոնի առջև դրված նպատակներից բխում են նրա գործունեության հետևյալ հիմնական ուղղությունները.

  1. Հանրակրթական հաստատությունների ընթացիկ, փոխադրական և ավարտական քննությունների անցկացման հայեցակարգի մշակում և իրականացում:
  2. Հանրակրթական հաստատությունների արտաքին գնահատման արդյունքների վերլուծություն և հանրակրթության որակի ապահովման համար անհրաժեշտ բարեփոխման խնդիրների ձևակերպում:
  3. Գնահատման համակարգի կայացմանն ու զարգացմանը միտված հետազոտական աշխատանքների կազմակերպում և նորարարական գործունեության իրականացում:
  4. Մասնակցություն կրթության որակի ուսումնասիրության միջազգային հետազոտական ծրագրերին և ինքնուրույն ազգային հետազոտական ծրագրերի իրականացում:
  5. Հայաստանի Հանրապետությունում հանրակրթության գնահատման համակարգի իմաստի ու նշանակության, ինչպես նաև նրա կայացման առկա իրավիճակի ու հեռանկարների վերաբերյալ հասարակության գիտակցական պատկերացումների ձևավորման գործընթացների իրականացում:
Բուհերի ընդունելության հայտագրման գործընթացը սկսվում է ապրիլի 15-ից |armenpress.am|

Բուհերի ընդունելության հայտագրման գործընթացը սկսվում է ապրիլի 15-ից |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում բուհերի ընդունելության նոր կարգի համաձայն այս տարի հայտագրումը կազմակերպվելու է երկու անգամ՝ առաջին և երկրորդ փուլերով: Այս մասին ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը՝ ներկայացնելով բուհերի ընդունելության նոր կարգի հետ կապված մանրամասները:  Առաջին փուլի հայտագրման գործընթացը սկսվում է ապրիլի 15-ից, կտևի մինչև մայիսի 10-ը: Դիմորդը ԳԹԿ-ի կայքում լրացնելու է ընդունելության դիմում-հայտը` ըստ հաստատված ձևի: «Դիմորդը, եթե դժվարություններ ունենա, ապա կարող է դիմել դպրոցին, որտեղ իրեն կօգնեն լրացնել հայտերը: Այսինքն՝ անհրաժեշտ աջակցություն կլինի: Նույն կայքն է լինելու՝ dimord.am-ը, այս առումով փոփխություն չի եղել»,- ասաց Կարո Նասիբյանը: Դիմորդները քննությունները հանձնելու են հունիսին: Ընդունելության քննությունների ավարտից և ընդունելության հիմնական փուլի արդյունքների ամփոփումից հետո, ըստ թափուր մնացած տեղերի, կկատարվի ընդունելության երկրորդ փուլի հայտագրումը, որին կարող են մասնակցել ընդունելության քննություններից  դրական միավորներ ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները: Երկրորդ փուլի հայտագրման գործընթացը սկսվելու է հունիսի 26-ին և ավարտվելու է հուլիսի 1-ին, քննությունները հանձնելու են հուլիսի 2-8-ն ընկած ժամանակահատվածում:  Երկրորդ փուլում դիմորդները հնարավորություն ունեն հայտագրելու 6 այնպիսի մասնագիտություն, որոնց ընդունելության համար պահանջվող միասնական քննությունները դիմորդն արդեն հանձնել է` հաղթահարելով դրական միավորի նվազագույն շեմը: Այս տարի որոշվեց, որ այս թափուր տեղերը լինեն և՛ վճարովի, և՛ անվճար: «Նախապատվությունը կառավարությունը տալիս է մասնագիտական կողմնորոշմանը: Եթե ցանկանում եք ուսումը շարունակել, ապա պետք է իմանաք, թե ուր եք գնում: Նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ դիմորդների կեսից մի քիչ ավելին ընդունվում է առաջին հայտով, իսկ մնացածները, որոնք բարձր միավորներ ունեին, դուրս էին թողնում մյուսներին՝ իրենց նախընտրած մասնագիտությունց: Արդյունքում ստացվում էր այնպես, որ որևէ կողմը իր նախընտրած մասնագիտությամբ չէր ընդունվում: Մարդ, ով չէր ցանկանում սովորել այդ մասնագիտությամբ, միավորներով հայտնվում էր այդտեղ, իսկ նա, ով ցանկանում էր սովորել հենց այդ մասնագիտությամբ, դուրս էր մնում»,- ասաց Կարո Նասիբյանը: Գնահատման թեստավորման կենտրոնն արդեն սկսել են մարզերով շրջայցերը մանրամասն ներկայացնելու կարգի հետ կապված փոփոխությունները: ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի պաշտոնակատար Լուսինե Գրիգորյանը նշեց, որ այս տարի մեկ մասնագիտություն մեկ բուհ սկզբունքն է կիրառվում: Դա նշանակում է, որ դիմորդներն իրենց նախընտրելի մասնագիտությունը հայտագրում են մեկ բուհում իր անվճար ու վճարովի տարբերակներով: Հիմնական մրցույթն ամփոփելուց հետո, եթե առաջանում են թափուր տեղեր, ապա հնարավորություն կա հայտագրելու ևս 6 մասնագիտություն այն նույն քննություններով, որոնց առաջին անգամ հայտագրել են: «Հիմնական շեշտը դնում ենք մասնագիտական կողմնորոշման վրա՝ հաշվի առնելով նախորդ տարիների ուսումնասիրությունները: Հույս ունենք, որ մասնագիտական կողմնորոշմամբ բուհ ընդունվելը կնպաստի ուսումնառության ընթացքում բարձր առաջադիմությանը, հետագայում արդեն որակյալ մասնագետ դառնալուն»,- ասաց Լուսինե Գրիգորյանը: Առաջին և երկրորդ փուլերն ավարտվելուց հետո հուլիսի 18-ին սկսվելու է լրացուցիչ թափուր տեղերի համար հայտագրում: Վերջին մրցույթի արդյունքները հրապարակվելու են հուլիսի 30-ին:
14:10 - 06 ապրիլի, 2021
Մաթեմատիկայի և բնագիտական առարկաների հետ կապված աշակերտների իմացության մակարդակը բարձրացել է.ԳԹԿ |armenpress.am|

Մաթեմատիկայի և բնագիտական առարկաների հետ կապված աշակերտների իմացության մակարդակը բարձրացել է.ԳԹԿ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի հանրակրթական դպրոցներում մաթեմատիկայի և բնագիտական առարկաների հետ կապված աշակերտների իմացության մակարդակը բարձրացել է: Այս մասին վկայում են TIMSS (Մաթեմատիկայի և բնագիտության միջազգային միտումների ուսումնասիրություն) միջազգային հետազոտությունների արդյունքները: TIMSS-ը հեղինակավոր ստուգատես է աշխարհում, որի արդյունքների հիման վրա երկրները մշակում են իրենց կթական քաղաքականությունը: Այն անցկացվում է 4 տարին մեկ, Հայաստանը մասնակցում է 2003 թվականից: Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն, TIMSS միջազգային հետազոտությունների Հայաստանի համակարգող Արսեն Բաղդասարյանը նշեց, որ ստուգատես անցկացվում է 4-րդ և 8-րդ դասարանցիների շրջանում: Այս անգամ ստուգատեսին մասնակցել է 150 դպրոց Հայաստանի ամբողջ տարածքից: «Բուն ստուգատեսը երկու բաժնից է բաղկացած: Առաջին դեպքում կատարվում է գիտելիքի գնահատում մաթեմատիկայից, բնագիտական առարկաներից աշակերտները կատարում են համապատասխան առաջադրանքներ: Հաջորդ բաղադրիչը, կրթական միջավայրի ուսումնասիրությունն է՝ դպրոց, համայնք, ընտանիք և դրանց ազդեցությունն առաջադիմության վրա: Ասեմ, որ երկրորդ բաղադրիչին առնչվող հարցաշար նախատեսված է նաև ուսուցիչների, տնօրենների համար»,-ասաց ԳԹԿ փոխտնօրենը: Ստուգատեսի արդյունքների համաձայն, աշակերտների մոտ թե մաթեմատիկայի, թե բնագիտական առարկաների գծով իմացության ցուցանիշների աճ է գրանցվել: Այդ ցուցանիշը 2011 թվականի անկումից հետո սկսել է բարձրանալ: Ավելին, այսօր մաթեմատիկայի առաջադրանքների արդյունքներով 4-րդ դասարանի աշակերտների ցույց տված միջին միավորը գրեթե համընկնում է միջազգայինի միջինի հետ: «Բնագիտության առարկաների գծով ցուցանիշները ժամանակին բարվոք չեն եղել, նույնիսկ անկում է եղել: Հիմա տեսնում ենք, որ տարեց տարի բարելավում է նկատվում: Թեպետ, ասեմ, որ մաթեմատիկայի հետ համեմատ, բնագիտականի գծով դեռ աշխատելու տեղ կա: Այս պահին կդժվարանամ ասել, թե խնդիրները որտեղից են գալիս, սակայն ակնհայտ է, որ բնագիտական առարկաների նկատմամբ հետաքրքրությունը նվազել է, մոտիվացիա չկա կարծես»,- ասաց ԳԹԿ տնօրենի տեղակալը:   Հետազոտությունը հնարավորություն է տալիս մասնակից երկրին հասկանալ իրենց կրթական համակարգի ներկա վիճակը, համեմատել հաջողությունները մյուս երկրների հետ, հասկանալ ընդհանուր ուղղվածության բարենպաստ լինելը, վերհանել խնդիրները: Հետազոտությունը հնարավորություն է տալիս չափելի դարձնել կրթական արդյունքը: Օրինակ, երբ ասվում է, կա դժգոհություն կամ գոհունակություն, ապա դա ոչ թե կարծիքի, ճաշակի վրա է հիմնվում, այլ չափելի տվյալների: Դա թույլ է տալիս, կոնկրետ դեպքում հասկանալ իրավիճակը:
15:34 - 16 դեկտեմբերի, 2020
ԳԹԿ-ն դիմորդներին կվերադարձնի քննություններ համար մուծված գումարը

ԳԹԿ-ն դիմորդներին կվերադարձնի քննություններ համար մուծված գումարը

2020-21 ուսումնական տարվա բուհերի ընդունելության յուրաքանչյուր քննության մասնակցելու համար դիմորդները 1500-ական դրամ են մուծել Գնահատման և թեստավորման կենտրոնի հաշվեհամարին: Համավարակի պատճառով կառավարության մայիսի 21-ի որոշմամբ սահմանվել է բուհի ընդունելության մեկ քննություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ գնահատման և թեստավորման կենտրոնից։ «Մեկից ավելի քննություն հայտագրած դիմորդների՝ ԳԹԿ հաշվեհամարին փոխանցված ավելորդ գումարը ԳԹԿ-ն ամբողջությամբ փոխանցել է ՎՏԲ Հայաստանբանկ ընկերության 16048356610700 հաշվեհամարին: Ուստի տեղեկացնում ենք, որ բացի մեկ քննության համար մասնակցության գումարից, վճարված գումարները դիմորդները կարող են ստանալ ՎՏԲ բանկի բոլոր մասնաճյուղերից՝ պարտադիր ներկայացնելով և՛ ծննդյան վկայականը, և՛ անձնագիրը /կամ ID քարտը/: Բանկի ընտրությունը պայմանավորված է Հայաստանում ամենաշատ մասնաճյուղեր ունենալու հանգամանքով: Խնդիրերի դեպքում խնդրում ենք զանգահարել ԳԹԿ՝ 57 63 37, կամ գրել մեր էլեկտրոնային հասցեին՝ [email protected]»,- ասված է ԳԹԿ-ի հայտարարության մեջ:
15:40 - 24 սեպտեմբերի, 2020
Ընդունելության քննությունների համար դիմորդներից գանձած գումարը կվերադարձվի հոկտեմբերին. ԳԹԿ
 |armtimes.com|

Ընդունելության քննությունների համար դիմորդներից գանձած գումարը կվերադարձվի հոկտեմբերին. ԳԹԿ |armtimes.com|

armtimes.com: Ընդունելության այս տարվա քննություններից ամիսներ են անցել, սակայն մի քանի քննության համար դիմորդների վճարած գումարները դեռ չեն վերադարձվել նրանց: Արդեն տեւական ժամանակ մի շարք ծնողներ սոցիալական ցանցերի տարբեր հարթակներում հարցնում են՝ երբ են հետ ստանալու խոստացված գումարը: Ե՞րբ ու ինչպե՞ս է նախատեսվում վերադարձնել այդ գումարը, փորձեցինք ճշտել Գնահատման եւ թեստավորման կենտրոնից: ԳԹԿ-ի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացրեց, որ գումարը միանշանակ կվերադարձվի, մինչեւ սեպտեմբերի վերջ կմշակվի այն վերադարձնելու մեխանիզմը, եւ արդեն հոկտեմբերին գործընթացը կիրականցվի: Դեռեւս հայտնի չէ, թե ինչ մեխանիզմով՝ դիմումների հիման վրա, թե մարտին ներկայացված հայտերն ուսումնասիրելով կկատարվի գործընթացը: Մեխանիզմի, կարգի ու հստակ ժամկետների մասին ավելի ուշ հայտարարություն կանի ԳԹԿ-ն: Շարունակությունը՝ armtimes.com-ում։
11:11 - 16 սեպտեմբերի, 2020
Բուհեր չընդունված դիմորդների հայցադիմումներից մեկը դատարանը վարույթ է ընդունել, մյուսը՝ ոչ |pastinfo.am|

Բուհեր չընդունված դիմորդների հայցադիմումներից մեկը դատարանը վարույթ է ընդունել, մյուսը՝ ոչ |pastinfo.am|

pastinfo.am: Բուհեր չընդունված դիմորդների հայցադիմումներից մեկը ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել, մյուսի՝ վարույթ ընդունելը մերժել։  Ընդունելության կարգի փոփոխության հետևանքով մի շարք դիմորդներ չեն ընդունվել բուհեր։ Նրանք պնդում են, որ տեղեկացված չեն եղել կարգի փոփոխության մասին, հակառակ դեպքում՝ հայտը լրացնելիս հաշվի կառնեին, որ անցողիկ է լինելու միայն առաջին հայտը։ Նրանք իրենց իրավունքները վերականգնելու համար երկու հայցադիմում են ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ ԿԳՄՍ նախարարության։ Հայցադիմումներից մեկով հայցվոր կողմը պահանջում է անվավեր ճանաչել մայիսի 21-ին ընդունված կառավարության որոշումը, որով ընդունելության նոր կարգ է սահմանվել։ Հայցադիմումը դատարան մուտք է եղել օգոստոսի 4-ին։ Նույն օրն այն մակագրվել է, իսկ օգոստոսի 7-ին Վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գևորգ Սոսյանի, կազմով դատավորներ՝ Արթուր Ծատուրյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Ռուզաննա Ազրոյանի, Արծրուն Միրզոյանի, վարույթ է ընդունել հայցադիմումը։ Օգոստոսի 4-ին Վարչական դատարան էր մուտքագրվել երկրորդ հայցադիմումը, որով հայցվոր կողմը պահանջում էր հայցվորների նկատմամբ կառավարության 2012թ ապրիլի 26-ի որոշումը կիրառելուն պարտավորեցնել։ Միևնույն ժամանակ հայցվոր կողմը միջնորդություն էր ներկայացրել՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին։ Վարչական դատարանը՝ նախագահությամբ Արգիշտի Ղազարյանի, մերժել է հայցադիմումի վարույթ ընդունելը։
14:38 - 15 օգոստոսի, 2020
Բուհեր չընդունված դիմորդները երկու հայց են ներկայացրել Վարչական դատարան |armenpress.am|

Բուհեր չընդունված դիմորդները երկու հայց են ներկայացրել Վարչական դատարան |armenpress.am|

armenpress.am: 2020 թվականի ընդունելության միասնական քննություններում բարձրագույն ուսումնական հաստատություններ չընդունված մի խումբ դիմորդներ երկու հայցադիմում են մուտքագրել Վարչական դատարան՝ բուհեր ընդունելության վերաբերյալ կառավարության որոշումը վիճարկելու նպատակով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը: «Առաջին հայցադիմումով պահանջում ենք կառավարության որոշումը, որը կիրառվել է դիմորդների նկատմամբ, ճանաչել անվավեր։ Ընդ որում, առաջին հայցը չի լուծում դիմորդների խնդիրը և դրանով պետությանը՝ ՀՀ կառավարությանը ցանկանում ենք ցույց տալ, որ այս պայքարն արդար է եղել և իրապես նրանց նկատմամբ կիրառվել է ոչ իրավաչափ որոշում։ Երկրորդ հայցով պահանջում ենք արդեն անհատական մակարդակում դիմորդների նկատմամբ կարգի կիրառումը ճանաչել անվավեր և ռեաբիլիտացնել նրանց»,- ասաց Կոչուբաևը` հավելելով, որ խախտված իրավուքները տարբեր են, ուստի յուրաքանչյուր դիմորդի համար առանձին պահանջ է դրվել։ Նրա  խոսքով՝ հայցերից մեկով միջնորդել են դատարանին կիրառել հայցի ապահովման միջոց և ժամանակավորապես հայցն ապահովել, ինչը հնարավորություն կտա մինչև սեպտեմբերի 1-ը դիմորդներին ուսանողի կարգավիճակ տալ՝ մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։
16:12 - 29 հուլիսի, 2020
«Պահանջատեր դիմորդ» շարժման մասնակից բերման ենթարկվածներն ազատ են արձակվել․ բողոքի ակցիան շարունակվում է |armtimes.com|

«Պահանջատեր դիմորդ» շարժման մասնակից բերման ենթարկվածներն ազատ են արձակվել․ բողոքի ակցիան շարունակվում է |armtimes.com|

armtimes.com: Բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության հետ կապված բողոքի ակցիա իրականացնելիս բերման ենթարկվածներն ազատ են արձակվել։ Դիմորդի ծնող Մասիս Բաբալյանին, եւս մեկ ծնողի եւ «Հաղթանակած» շարժման համահիմնադիր Հովհաննես Հարությունյանին, որը եւս միացել է չընդունված մի շարք դիմորդների պայքարին, բերման էին ենթարկել ոստիկանների օրինական պահանջը չկատարելու պատճառով։ Ցույցի մասնակիցները փակել էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության շենքի հարակից փողոցների հատման կետը՝ նստացույց իրականացնելով։ «Պահանջատեր դիմորդ» շարժման մասնակիցները (շարժումը ստեղծվել է օրերս, նրանք բողոքում են ընդունելության նոր կարգից) թեեւ սկզբում որոշել էին, որ այսօր այլեւս ոչ մի ակցիա չեն իրականացնելու, քանի որ չեն ցանկանում, որ դիմորդներն այդքան ժամանակ արեւի տակ գտնվեն, փոխել են իրենց մտադրությունը: Նշում են, որ դիմորդների պահանջով նրանք շարժվել են ԿԳՄՍՆ շենքի առաջ՝ այնտեղ շարունակելու իրենց ակցիան։ Վերոնշյալ շարժման փաստաբանական թիմի ղեկավար Ալեքսանդր Կոչուբաեւը լրագրողների հետ զրույցում նշել է, որ այսօր վերջնական քննարկումներից հետո պատրաստվում են դիմել Վարչական դատարան, որպեսզի վիճարկեն ՀՀ Կառավարության ընդունած որոշման իրավաչափությունը։ Խոսքը «Պետական եւ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության կարգը եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա մասնագիտությունների եւ ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին» որոշման մասին է, որն ընդունվել է ՀՀ Կառավարության՝ 2020 թվականի մայիսի 21-ի նիստում:
16:51 - 27 հուլիսի, 2020
Բուհ չընդունված ուսանողների ու նրանց ծնողների ակցիայի երկու մասնակից բերման ենթարկվեցին  |tert.am|

Բուհ չընդունված ուսանողների ու նրանց ծնողների ակցիայի երկու մասնակից բերման ենթարկվեցին |tert.am|

tert.am: «Մենք պահանջում ենք նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը և հույս ունենք, որ երկրի վարչապետը տեսնում է, թե Արայիկ Հարությունյանը ինչպիսի մոտեցում է ցույց տալիս մեզ: Պարոն վարչապետ, հավատացնում եմ ձեզ, Արայիկ Հարությունյանը նկարած թվեր է ձեզ ցույց տալիս, իբր բոլորի խնդիրը լուծված է, 20 դիմորդ է մնացել, նրանց էլ առաջարկում ենք հեռակա սովորել, նա ձեզ խաբում է:Ես ուզում եմ, որ դուք մեզ ուշադիր լինեք և կայացնեք արդարացի որոշում, պահանջեք, թող Արայիկ Հարությունյանը հրաժարականի դիմում ներկայացնի, նա վնաս է բերում մեր հայրենիքին»:Ոստիկանը մոտեցավ և նշեց, որ գործողությունները ապօրինի են և պահանջեց դադարեցնել հավաքը, հակառակ դեպքում ոստիկանությունը հարկադրանքի միջոցներ կիրառելու լիազորություն ունի:Դիմորդները նստեցին նախարարության հարակից փողոցում՝ փակելով ճանապարհը:Ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներից երկու անձի՝ դիմորդի ծնող Մասիս Բաբալյանին և շարժմանը միացած Հովհաննես Հարությունյանին: Ավելին՝ tert.am-ում
13:45 - 27 հուլիսի, 2020
Բուհ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները ցանկանում են հանդիպել միայն նախարար Արայիկ Հարությունյանի հետ |tert.am|

Բուհ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները ցանկանում են հանդիպել միայն նախարար Արայիկ Հարությունյանի հետ |tert.am|

tert.am: ԿԳՄՍ նախարարության  հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանը հանդիպեց բուհ չընդունված դիմորդների և դիմորդի  ծնող Մասիս Բաբալյանի հետ և նշեց, որ դիմորդների և ծնողների հետ կարող է հանդիպել ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը, ինչին Մասիս Բաբալյանն արձագանքեց՝ իրենք ցանկանում են հանդիպել միայն նախարար Արայիկ Հարությունյանի հետ: «Ձեր նախարարը չի տիրապետում, թե ի՞նչ է նշանակում պատշաճ կերպով ծանուցել: Կամ պետք է փաստաթուղթն առձեռն տրվեր դիմորդին, կամ ուղարկվեր փոստով, կամ՝ էլեկտրոնային փոստով, որը չի իրականացվել ԿԳՄՍ նախարարության և ԳԹԿ-ի կողմից: Նախարարը իր լայվով պատշաճ կերպով ծանուցման մասին էր խոսում, ասում էր՝ 57 հազար դիտորդ կար լայվում, կներեք, 57 հազար դիտորդը կարող էին կապ չունենալ, կամ որ ասում են ԳԹԿ-ի աշխատակիցները հեռուստատեսությամբ բազմիցս խոսել են, դիմորդը նստած պարապում է, կարող է չտեսնի, դրա համար կարգ կա, պետք է դիմորդի էլելտրոնային  փոստին ուղարկվեր, որ մայսի 21-ին Կառավարության կողմից ընդունվել է նոր որոշում : Նախարարը չի տիրապետում իրավական նորմերին, մարդը իր կաբինետից է լայվ մտնում,- ասաց Մասիս Բաբալյանը։ Ավելին՝ tert.am-ում
13:25 - 27 հուլիսի, 2020
Ավարտվել է լրացուցիչ փուլով թափուր տեղերի մրցույթը, բուհ ընդունվել է 472 դիմորդ, չի ընդունվել 49 դիմորդ․ Արայիկ Հարությունյան

Ավարտվել է լրացուցիչ փուլով թափուր տեղերի մրցույթը, բուհ ընդունվել է 472 դիմորդ, չի ընդունվել 49 դիմորդ․ Արայիկ Հարությունյան

ԳԹԿ-ից ստացված տվյալների համաձայն՝ 2020 թ․ ընդունելության միասնական քննություններին հայտագրվել է 11979 դիմորդ, միասնական քննություններին մասնակցել է 11648 դիմորդ, դրական գնահատական ստացել է 9372 դիմորդ (ներառված չեն ռազմական և գերատեսչական բուհերի ուսանողները), որից բուհեր հիմնական փուլով ընդունվել է 8706 դիմորդ: Այս մասին այսօր իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութի միջոցով հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։ Նախարարը նշեց, որ երեկ ավարտվել է լրացուցիչ փուլով թափուր տեղերի մրցույթը, մրցույթի արդյունքով բուհ ընդունվել է 472 դիմորդ, չի ընդունվել 49 դիմորդ։ «Ստացվում է, որ շուրջ 12 հազար դիմորդից դրական գնահատական ստացած և բուհ չընդունված դիմորդների թիվը 223 է։ Նրանք հնարավորություն ունեն սեպտեմբերին՝ հեռակա ուսուցման ընդունելության ժամանակ, պահպանելով իրենց գնահատականները, դիմել բուհեր, և այն համակարգը, որ մշակում ենք, շատ քիչ հնարավորություն է տալիս, որ նրանք կարող են չընդունվել»,- նշեց նախարարը։ Արայիկ Հարությունյանն անդրադարձավ նաև այն դիմորդներին, որոնք գերազանց գնահատական են ստացել, բայց որևէ բուհ չեն ընդունվել։ «Այս տարի միասնական քննության արդյունքում գերազանց (18 և ավելի միավոր) գնահատական ստացած, բայց բուհ չընդունված 6 դիմորդի առաջարկվել են իրենց դիմում-հայտերի հաջորդ կրթական ծրագրերին համպատասխան լուծումներ, և 6-ից արձագանքել է 4 դիմորդ․ այդ 4 դիմորդն արդեն, ըստ էության, ուսանող է»,- հայտնեց նախարարը։   Մանրամասները՝ տեսանյութում։  
19:28 - 26 հուլիսի, 2020
Բուհ չընդունված դիմորդների ծնողներին փոխնախարարը խոստացել է որոշ հարցեր պարզել եւ վաղը խնդրին որոշակի լուծումներ տալ |news.am|

Բուհ չընդունված դիմորդների ծնողներին փոխնախարարը խոստացել է որոշ հարցեր պարզել եւ վաղը խնդրին որոշակի լուծումներ տալ |news.am|

news.am: Մենք փոխնախարարի հետ  լիարժեք քննարկեցինք այս հարցը, նա նշեց, որ բաներ կան, որ պետք է ԳԹԿ-ից ստանա, ապա խոստացավ՝ վաղը ինձ տեղյակ պահել, քննարկման մասին: Այս մասին այսօր՝ հուլիսի 23-ին, ասաց բուհ չընդունված դիմորդների ծնողներից մեկն, ով գնացել էր նամակ փոխանցելու ԿԳՄՍ փոխնախարարին: «Կհանդիպենք, կփորձենք եզրեր գտնել, որ  հարցին լուծում տրվի»,-ասաց նա: Դիմորդի ծնողը նշեց, որ այս պահին խնդրին հստակ լուծում տալու մասով ոչինչ ասել չի կարող փոխնախարարը, բայց  նա խոստացել է որոշակի լուծումներ տալ: «Հնարավոր է նա ուրիշ տարբերակներ առաջարկի, վաղը պարզ կլինի»,-ասաց դիմորդի ծնողն ու հավելեց, որ ինչ առաջարկ էլ լինի, նա նյուս  ծնողների եւ դիմորդների հետ կքննարկի, եթե ձեռնտու տարբերակ լինի՝ կհամարեն  հարցի լուծում: «Իմ եւ պարոն Թամրազյանի կողմից շատ մանրամասնորեն քննարկվել է ցանկացած խնդիր, եղել են առաջարկներ, որոնք իմ կողմից չի ընդունվել, քանի որ մենք դրա համար չենք եկել այստեղ, բայց փոխնախարարը կառուցողական մոտեցավ այս խնդրին եւ խոստացավ՝ վաղը տեղյակ պահել հանդիպման մասին: Այժմ գնում ենք հանդիպելու մի քանի պատգամանորների հետ՝ մի քանի հարց քննարկելու տվյալ թեմայով: Լինի ԲՀԿ-ից, «Իմ քայլից», թե «Լուսավոր Հայաստանից», մեզ համար կապ չունի, մենք բոլորս ընդունում ենք մեր աջակիցներին»,- ասաց դիմորդի ծնողը:
17:14 - 23 հուլիսի, 2020
Այս տարի կարևորվեց մասնագիտական կողմնորոշումը․ ԳԹԿ խոսնակը պնդում է՝ փոփոխությունների մասին դիմորդները պատշաճ իրազեկվել են

Այս տարի կարևորվեց մասնագիտական կողմնորոշումը․ ԳԹԿ խոսնակը պնդում է՝ փոփոխությունների մասին դիմորդները պատշաճ իրազեկվել են

Կորոնավիրուսի համավարակի պատճառով հայտարարված արտակարգ դրության պայմաններում 2020 թվականի ընդունելության քննությունները հունիսի առաջին տասնօրյակի փոխարեն անցկացվեցին հուլիսի առաջին տասնօրյակում։ Բացի քննությունների ժամկետների հետաձգումը՝ փոփոխություններ կատարվեցին նաև քննական առարկաների հետ կապված. դիմորդները պետք է հանձնեին մեկ քննություն՝ նախորդ տարիների մի քանիսի փոխարեն:  ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ մեկ քննության նպատակը ոչ միայն դիմորդների ատեստատների գնահատակնները, այլ նաև նրանց գիտելիքները ստուգելն էր։ Նախորդ ամիս արդեն հրապարակվեց բուհերի բակալավրի և անընդհատ ու ինտեգրված կրթական ծրագրով 2020/2021 ուսումնական տարվա ըստ բուհերի և մասնագիտությունների ընդունելության քննությունների ցանկը: Հայտագրումը կատարվեց էլէկտրոնային եղանակով, որի միջոցով դիմորդները միաժամանակ ընտրում էին թե՛ քննական առարկան, թե՛ բուհն ու մասնագիտությունը: «Շատ կարճ ժամանակահատվածում ստեղծվեց dimord.am կայքի հայտագրման բաժինը, և, ըստ էության, կորոնավիրուսային այս համաճարակի պայմաններում հայտագրման փուլն ամբողջությամբ էլեկտրոնային դարձրինք»,- հունիսի 2-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտնել էր Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ համակարգը հեշտացված է, որպեսզի հավելյալ խնդիրներ չառաջանան։ Կայքում էլ առկա էր տեսանյութ, որը դիմորդներին ծանոթացնում էր առցանց ընդունելության դիմում-հայտի լրացման գործընթացին: Սակայն հուլիսի 18-ից հետո, երբ արդեն ավարտվել էին քննություններն ու անվճար և վճարովի ուսուցման մրցույթների հիմնական փուլի արդյունքներն ամփոփվել էին, դիմորդները և նրանց ծնողները սկսեցին բողոքել քննությունների արդյունքներից՝ մասնավորապես նշելով, որ ավելի ցածր միավոր հավաքած դիմորդներն ընդունվել են տվյալ բաժիններ, իսկ համեմատաբար բարձր միավորներ հավաքածները՝ ոչ:  Երեկվանից բուհ չընդունված դիմորդները և նրանց ծնողները բողոքի ակցիա էին իրականացնում, որն այսօր էլ շարունակվում է։ Թե ինչու են ավելի բարձր միավոր հավաքած դիմորդներն ընդունվել համալսարաններ՝ հայտադիմումի մեջ նշված 3-4 մասնագիտություններով, կամ ընդհանրապես չեն ընդունվել, ԳԹԿ մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը Infocom-ի հետ զրույցում մեկնաբանեց, որ այս տարվա հայտերի լրացման կարգում փոփոխություններ են տեղի ունեցել․ առաջնահերթությունը տրվել է ընդունելության դիմում-հայտում հայտագրված առաջին մասնագիտությանը. «Մասնագիտական կողմնորոշումն այս տարի կարևորվեց, և առաջին հայտի գերակայությունը գործեց ոչ միայն անվճար, այլև վճարովի տեղերի համար: Դիմորդը մասնակցում է մրցույթին՝ առաջին հայտով նշած  մասնագիտության համար, և եթե միավորները անվճար տեղի համար չեն բավարարում,  ավտոմատ մասնակցում է նույն մասնագիտության վճարովի մրցույթին: Այս տարի կարևորվեց մասնագիտական կողմնորոշումը: Եթե մեկը մանկուց երազել է մի մասնագիտություն ստանալ, ինքն անպայման դրական միավորներ ստանալու դեպքում պետք է հնարավորություն ունենա ընդունվել համալսարան՝ հենց այդ մասնագիտությամբ: Հակառակ դեպքում այդ տեղը զբաղեցնում է մեկ ուրիշը, որը մասնագիտությունը հայտագրել է 2-3 հայտով»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ դիմորդի համար առաջնային պետք է լինի ոչ թե բարձրագույն կրթություն ստանալը, այլ հենց իր երազած մասնագետը դառնալը:  Այս մասին ասված էր նաև ԿԳՄՍ նախարարության հրապարակած 2020-2021թթ.  ուսումնական տարվա ընդունելության սկզբունքների մեջ, որտեղ նշված էր, որ առաջին հայտագրված մասնագիտության մրցույթով չանցած դիմորդների համար մրցույթն անցկացվում է ընդունելության դիմում-հայտում հայտագրված մասնագիտությունների հերթականությանը համապատասխան, եթե նշված մասնագիտություններում առկա են թափուր տեղեր, եւ որ մասնագիտությունների մրցույթն անցկացվում է ընդունելության դիմում-հայտի առաջին տողով ընտրված մասնագիտության՝ անվճար ու վճարովի ուսուցման հայտի գերակայությամբ։ Հարցին՝ արդյոք դիմորդները պատշաճ իրազեկվե՞լ են փոփոխությունների մասին, ԳԹԿ մամուլի պատասխանատուն ասաց, որ ոչ միայն հայտը լրացնելիս ընդունելության կարգի մեջ է նշված եղել, այլ նաեւ տեղադրված իրազեկող տեսանյութի միջոցով են տեղյակ պահել դիմորդներին և նրանց ծնողներին: Մեր զրուցակիցը նկատեց, որ նախորդ տարիներին, երբ դիմորդները բուհում էին հանձնում փաստաթղթերը, իրենց ներկայացվում էր քննակարգը, ծանոթանում, ստորագրում էին, իսկ այս տարի առցանց կարող էին հայտագրվել միայն այն դեպքում, երբ  քննակարգին կծանոթանային, V-աձեւ նշանը կդնեին։ «Այլ բան է, որ մարդիկ դրան ուշադրություն չեն դարձրել, գուցե չեն կարևորել: Բացի դրանից՝ առցանց հայտագրման մասին դիմորդների, նրանց ծնողների համար տեսահոլովակ է պատրաստվել ու եթեր գնացել»,- ասաց Գրիգորյանը: Մեր դիտարկմանը, որ հիշյալ տեսահոլովակում այս էական փոփոխության մասին չի ասվում, վերջինս պնդեց, որ այդ մասին ասված է՝ առաջին հայտի գերակայությությունը գործում է ինչպես անվճար, այնպես էլ վճարովի տեղերի համար․ «Նախորդ տարիներին միայն անվճարի համար է գործել, բայց այս տարի նաև վճարովի տեղերի: Այսինքն, եթե դիմորդը մասնակցում է մրցույթին առաջին հայտով նշած իր մասնագիտության համար, և եթե միավորները անվճար տեղի համար չեն հերիքում, ինքն ավտոմատ մասնակցում է նաև նույն մասնագիտության վճարովի մրցույթին, դա այս տարվա նորությունն էր»: Գրիգորյանի խոսքով՝ ամեն կառույց իր հերթին ամեն տարվա քննական գործընթացից հետո հետևություններ է անում: Նրա դիտարկմամբ՝ մասնագետների կարծիքներ կարող են լինել, որ ափսոս են դիմորդների ստացած միավորները, որոնք անհամեմատ ավելի բարձր են, բայց նաև մեծ մասին կարծիքն այն է, որ մասնագիտական կողմնորոշումը կարևոր է: Իսկ ինչ վերաբերում է դիմորդների ծնողների մատնանշած մնացած խնդիրներին՝ ցուցակներում անունների կրկնության, եկող մի քանի նամակների, դրանց իրարամեժության վերաբերյալ, բացատրեցին, որ տեխնիկական խնդիրներ են: Դիմորդների պահանջի՝ նոր տեղեր ավելացնելու վերաբերյալ էլ ԳԹԿ մամուլի պատասխանատուն նշեց, որ իրենք ուղղակի կազմակերպում են քննությունները, իսկ տեղեր ավելացնելու կամ չավելացնելու, ինչպես նաև դրանց հիմնավորումների մասին որոշումներ պետք է ընդունի նախարարությունը:  Իսկ ահա ԿԳՄՍՆ-ից այս հարցին դեռեւս պատասխան չունեն։ Նշենք, որ բուհերի դիմորդներից և նրանց ծնողներից ստացած դիմում-բողոքների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանը նույնպես դիմել է ԿԳՄՍ նախարարին՝ բարձր միավորներով բուհ չընդունված դիմորդների համար տեղերի ավելացման և այլ հարցերով:  Զարա Խաչատրյան
19:08 - 22 հուլիսի, 2020
Բուհեր չընդունված դիմորդները բողոքի ակցիա են իրականացրել ԳԹԿ-ի դիմաց |armenpress.am|

Բուհեր չընդունված դիմորդները բողոքի ակցիա են իրականացրել ԳԹԿ-ի դիմաց |armenpress.am|

armenpress.am: Բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կարգից դժգոհ դիմորդներն ու նրանց ծնողները բողոքի ակցիա են իրականացնում ԳԹԿ շենքի մոտ։ Նրանք բողոքում են, որ դիմորդները բարձր բալեր են հավաքել՝ 16-17, սակայն չեն ընդունվել, մինչդեռ ավելի ցածր բալ հավաքածներն ընդունվել են: Դիմորդներից  մեկի հայրը նշեց, որ իր որդին առաջին  հայտով դիմել է իրավաբանության ֆակուլտետ, զուգահեռ  մի քանի հայտերով ևս դիմել է, ստացել է 15.75 միավոր և չի ընդունվել: Նրա խոսքով՝ եղել են դիմորդներ, որոնք 18 և ավելի միավոր են ստացել, 4-5 հայտով դիմել, սակայն դարձյալ չեն ընդունվել: «Շատ ֆակուլտետներում 7.5 միավոր ստացածներն ընդունվել են, ես չեմ ասում, որ ավելի բարձր ստացածներն ու իմ տղան գնան նրանց տեղում նստեն, բայց թող այնպես արվի, որ բարձր միավորներ ստացած դիմորդների համար տեղեր ավելացվեն, դրանից պետությունը միայն կշահի»,-  ասաց ծնողներից մեկը: ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը լրագրողների հետ զրույցում օրինակներով պարզաբանեց բարձր բալերով դիմորդների դուրս մնալու փաստը: «Եթե մեկն առաջին հայտով գրել է «Իրավագիտություն», մյուսը՝ «Քաղաքագիտություն», իսկ մեկ այլ դիմորդ գրել է «Միջազգային հարաբերություններ», նշանակում է ամեն մեկը մրցում է տվյալ մասնագիտությունն ընտրած դիմորդների հետ: Առաջին հայտն անվճար, թե վճարովի՝ գերակա է մյուսների նկատմամբ»,- նշեց Նասիբյանը և հավելեց, որ մինչ այս տարի գերակա են եղել անվճար հայտերը, իսկ մնացած դեպքերում ըստ միավորների ընդունվել են: Նրա խոսքով՝ այժմ արված է այնպես, որ, օրինակ, միջազգային հարաբերությունների ֆակուլտետ դիմողները կմրցեն իրար հետ: «Տեղերը փակվեցին, թափուր տեղ կմնա՝ մնացած հայտերը կաշխատեն: Օրինակ՝ «Քաղաքագիտությունից» թափուր տեղ մնաց, «Միջազգային հարաբերությունների» դիմորդը կարող է գնալ և մասնակցել քննությանը»,- նշեց Նասիբյանը: Նա ընդգծեց, որ եթե դիմորդն առաջին հայտով նշել է «Քաղաքագիտություն» և ստացել է 7,5 միավոր և հաղթահարել է անցողիկ շեմը՝ ինքը պետք է ընդունվի, թափուր տեղ չպիտի մնա, իսկ եթե թափուր մնա, ապա քննություն կանցկացվի:
16:47 - 21 հուլիսի, 2020