Բաբկեն Թունյան

8-րդ գումարման ԱԺ պատգամավոր՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։

Ծնվել է 1980թ. սեպտեմբերի 6-ին Երեւանում։

2001թ. ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը: 2003թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Տնտեսագիտության մագիստրոս։ 2007թ.՝ Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի (LSE) «Տնտեսագիտություն եւ հանրային կառավարում» երեքամսյա դասընթացը:

Մասնակցել է մի շարք վերապատրաստման դասընթացների՝ Կոնֆլիկտաբանություն եւ բանակցություններ (2006թ., Մարդկային զարգացման միջազգային կենտրոն, Երեւան), Թրեյնինգ՝ թրեյներների (դասախոսների) համար (2006թ., Լոնդոն), աշխատանքային պրակտիկա «BBC Parliament» հեռուստաալիքում (2007թ., Լոնդոն), Ընտրական պրոցեսներ, մամուլի ազատություն, Հայաստան-ԵՄ հարաբերություններ (2011թ., Փարիզ, Ստրասբուրգ), International Visitor Leadership ծրագիր (2011թ., ԱՄՆ)։

1998-1999թթ. եղել է Հայկական Կարմիր խաչի ընկերության փախստականների եւ միգրացիայի բաժին պետի օգնական: 2000-2002թթ.՝ Բնական ակտիվ նյութեր արտադրողների եւ արտահանողների հասարակական կազմակերպության նախագահի օգնական: 2005-2018թթ. աշխատել է «168 ժամ» թերթի եւ 168.am կայքի տնտեսական մեկնաբան, տնտեսական խմբագիր։ 2005-2006թթ.՝ «ԹիՎի 5» հեռուստաալիքի մարզական լուրերի թարգմանիչ եւ խմբագիր: 2007-2009թթ.՝ «3 Միլիոն» ամսագրի գլխավոր խմբագիր: 2009 -2012թթ.՝ «ԲԵ-ՎԻՏ» ընկերության հիմնադիր տնօրեն:

2015թ. հիմնադրել եւ մինչեւ 14.01.2019թ. ղեկավարել է B4B.am տեղեկատվական-վերլուծական հարթակը։

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, համապետական ընտրական ցուցակ): ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Սոցիալական արդարության լավագույն լուծումը հարստություն ստեղծելն է․ Գուրգեն Արսենյանը հակադարձեց Բաբկեն Թունյանին

Սոցիալական արդարության լավագույն լուծումը հարստություն ստեղծելն է․ Գուրգեն Արսենյանը հակադարձեց Բաբկեն Թունյանին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը, համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման վերաբերյալ օրինագծի քննարկման ընթացքում ասաց, որ քննարկումներ են ունենում փորձագետների հետ։ Թունյանի խոսքով՝ փորձագետները կարծում են, որ նոր համակարգը պետք է լինի ոչ թե միայն եկամուտների հայտարարագիր, այլ պետք է լինի գույքի և եկամուտների հայտարարագիր․ «Այսինքն՝ եթե հայտարարում ենք, որ պետությունը ցանկանում է ավելի լավ ճանաչել իր քաղաքացուն, պետք է նայի ոչ միայն եկամուտները, այլև ունեցվածքը, որովհետև կարող է մարդը ունենալ, ենթադրենք, ամսական 100.000 դրամ աշխատավարձ, բայց տանը կախած ունենալ Մարտիրոս Սարյանի կտավ, որը արժի մի քանի տասնյակ հազար դոլար»։  Թունյանի ելույթի այս հատվածին արձագանքեց ՔՊ պատգամավոր Գուրգեն Արսենյանը։ «Առաջինը, ես ուզում եմ հորդորով դիմեմ ձեզ, որ կարևորագույն նախագիծը ներկայացնելուց մի բերեք  հասարակության տարբեր սոցիալական խմբերին իրար հակադրելու հիմնավորումը։ Այսինքն ՝հասարակության ինչ-որ խմբի, որը գույքային այլ կարգավիճակում է, հակադրել հասարակության այլ խմբի, որը գույքային ոչ այդքան բարվոք կարգավիճակում է։ Ժամանակն է, որ անցնենք այդ մասը, որովհետև պետության մեջ բոլոր խմբերը իրենց կարևորագույն դերակատարումը ունեն, և կարծում եմ, որ այս օրենքի ընդունումը շատ ճիշտ նշեցիք, որ գործիք է պետության համար»։Արսենյանի խոսքով՝ սոցիալական արդարության գաղափարախոսությունը գրավիչ է, բայց արդյունավետ չի․ «Սոցիալական արդարության լավագույն լուծումը հարստություն ստեղծելն է, աղքատներին հարստացնել է, ոչ թե հարուստներին աղքատացնելը»։ Բաբկեն Թունյանն էլ, արձագանքելով Արսենյանին, ասաց՝ եթե սոցիալական քաղաքականություն ենք իրականացնում, ուրեմն պետք է նաև հստակ չափանիշներ լինեն․ «Ես չեմ հակադրում, այսինքն՝ երբ ասում եմ՝ որևէ մեկը իր տանը ունի, ենթադրենք, մի քանի տասնյակ հազար դոլարանոց նկար, մեկը չունի, դա չի նշանակում՝ մեկը լավ մարդ է, մյուսը՝ վատ, մեկը կարևոր է պետության համար, մյուսը կարևոր չի։ Դա նշանակում է, որ եթե պետությունը այսպես թե այնպես սոցիալական քաղաքականություն է իրականացնում ու իր առջև խնդիր է դնում աջակցություն տրամադրել այն խմբերին, որոնք դրա կարիքը ունեն, դա պիտի անի թիրախային։ Ոչ թե Քովիդի միջոցառումների ժամանակ օգնություն տրամադրեինք, օրինակ, էլեկտրաէներգիայի ծախսի փոխհատուցման տեսքով, հետո պքարզվեր, որ այդ փոխհատուցումը ստանում են նաև դոլարային միլիոնատերերը»,-նշեց Թունյանը։
15:02 - 06 դեկտեմբերի, 2022
Քաղաքացիների եկամուտների հայտարարագրման նախագիծը կառավարությունը համարել է անհետաձգելի և ուղարկել ԱԺ

Քաղաքացիների եկամուտների հայտարարագրման նախագիծը կառավարությունը համարել է անհետաձգելի և ուղարկել ԱԺ

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ դեկտեմբերի 5-ի արտահերթ նիստում քննարկվելու է եկամուտների միասնական հայտարարագրման նախագիծը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը: Պատգամավորը հիշեցրել է, որ կառավարությունը երեկվա նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մաuին» փաթեթին: Փաթեթի համաձայն՝Հայաստանի Հանրապետությունում ներդրվում է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ: «Կառավարությունը օրենսդրական նախաձեռնությունը համարել է անհետաձգելի և սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողով:   Այն կքննարկվի ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ դեկտեմբերի 5-ի արտահերթ նիստում և դրական եզրակացություն ստանալու դեպքում՝ առաջին ընթերցմամբ կքննարկվի ԱԺ դեկտեմբերի 6-ին մեկնարկող լիագումար նիստում:   Մինչև հանձնաժողովի նիստը կկազմակերպվի աշխատանքային քննարկում, որին կհրավիրվեն նաև անկախ փորձագետներ:   Իսկ առաջին ընթերցումից մինչև երկրորդն ընկած ժամանակահատվածում կկազմակերպվեն խորհրդարանական լսումներ: Համակարգը ներդրվելու է 2023 թվականից, փուլային տարբերակով: Առաջին հայտարարագրերը կլրացվեն 2024 թվականի սկզբին:   Նախագծերի փաթեթը և հիմնավորումները ներկայացված են e-gov.am կայքի՝ կառավարության նոյեմբերի 17-ի նիստի օրակարգում (34-րդ կետ)»,-գրել է Բաբկեն Թունյանը:
22:37 - 18 նոյեմբերի, 2022
Նվազագույն աշխատավարձը 7 հազար դրամով բարձրացնելը լուծում չէ, պետք է ինդեքսավորում անել. Թադեւոս Ավետիսյան |news.am|

Նվազագույն աշխատավարձը 7 հազար դրամով բարձրացնելը լուծում չէ, պետք է ինդեքսավորում անել. Թադեւոս Ավետիսյան |news.am|

news.am: Նվազագույն աշխատավարձի 7 հազար դրամով կամ 10 տոկոսով բարձրացումը ոչ միայն ուշացած է, այլեւ ոչ համարժեք ահագնացող գնաճի ֆոնին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը: «Իրական լուծումը ոչ թե նվազագույն աշխատավարձը 7 հազար դրամով բարձրացումն է, այլ նվազագույն աշխատավարձի ինդեքսավորումը, որի նախագիծը մերժվել է քաղաքական մեծամասնության կողմից: Մինչեւ հիմա արձանագրված գնաճը նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը բարձրացրել է առնվազն երկու անգամ ավել 2020-ի հունվարի 1-ից հետո, երբ չի բարձրացել նվազագույն աշխատավարձը: Գնաճի բոլոր նախադրյալները կան. մինչեւ հաջորդ տարվա ավարտը զամբյուղի եւ նվազագույն աշխատավարձի ձեր առաջարկած չափի տարբերությունը լինելու է շուրջ երեք անգամ: Այսինքն նվազագույն զամբյուղը բարձրանալու է մինչեւ 80-85 հազար, իսկ դուք առաջարկում եք 75 հազար դրամ: Այնպես որ, սա լուծում չէ, դրա համար մենք քվեարկեցինք ձեռնպահ»,-ասաց նա: ՔՊ-ական Բաբկեն Թունյանն էլ արձագանքեց. «Մեր ընդդիմադիր գործընկերները բոլոր հնարավորություններն ունեին անցած ամիսներին թե հանձնաժողովների նիստերի, թե քննարկումների ժամանակ իրենց  առաջարկությունները ներկայացնեին: Հույս ունեմ, որ հետագայում այդ աշխատաոճը եւ հարցերը կքննարկվեն այն տեղում, որտեղ պետք է քննարկվեն»: «Հայաստան» խմբակցությունից Աղվան Վարդանյանը հակադարձեց՝ հիշեցնելով, որ իրենք երկու անգամ հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ. «Դուք նույնիսկ չեք քվեարկել, որ այդ հարցերը մտնեն օրակարգ, երբ առաջարկում էինք 2023 թվականից այն դարձնել 80 հազար դրամ»: Այդուհանդերձ, նախագիծն ընդունվեց, որին կողմ քվեարկեց 68, ձեռնպահ՝ 27 պատգամավոր: Այդ նախագծով նախատեսվում է նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամի փոխարեն սահմանել 75 հազար դրամ:
11:11 - 16 նոյեմբերի, 2022
Արցախին հաջորդ տարի 144 մլրդ դրամ կտրամադրվի, եթե ընթացքում խնդիրներ լինեն, կրկին գումար կտրամադրվի․ Ֆինանսների նախարար
 |tert.am|

Արցախին հաջորդ տարի 144 մլրդ դրամ կտրամադրվի, եթե ընթացքում խնդիրներ լինեն, կրկին գումար կտրամադրվի․ Ֆինանսների նախարար |tert.am|

tert.am: Կա մի թյուր կարծիք, որ Հայաստանը հաջորդ տարի դադարեցնելու է Արցախի վարկավորումը, չնայած ձեր պրեզենտացիայից երևաց, որ դա այդպես չէ, բայց պետք է խնդրեմ ներկայացնեք։ Այս մասին ԱԺ-ում 2023թ-ի բյուջեի քննարկման ժամանակ, հարց ուղղելով Ֆինանանսերի նախարար Տիգրան Խաչատրյանին, ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։ «Եկող տարվա բյուջեում Արցախի ֆինանսավորումը նախատեսված է 144 մլրդ դրամի չափով, ուզում եմ հիշեցնել, որ այս տարվա բյուջեով նույնպես 144 մլրդ դրամ էր նախատեսված։ Եկող տարի առանց փոփոխության կկատարվի ֆինանսավորումը։ Արցախի մեր գործընկերների հետ տարվա ընթացքում հաճախ ենք անդրադառնում այն հարցին, թե ինչպիսին են ֆինանսական միջոցների կարիքները»,- ասաց Խաչատրյանը։ Նախարարը նշեց, որ ֆինանսական միջոցների կարիքները հիմնականում վերաբերում են բնակարանային շինարարությանը։ «Բնակարանային շինարարությունը Արցախում իրականացվում է ՀՀ կառավարության մեծ աջակությամբ։ Հաջորդ տրվա ընթացքում 144 մլրդ դրամ է նախատեսված, բայց եթե ընթացքում ի հայտ գան այնպիսի խնդիրներ, որոնք պահանջում են Հայաստանի կառավարության աջակցությունը, ըստ բովանդակության կքննարկվեն և կստանան լուծումներ՝ ինչպես եղել է մշտապես»,- ասաց նա։  
12:28 - 31 հոկտեմբերի, 2022
QS World University Ranking-ում ԵՊՀ-ն և Հայ-ռուսական համալսարանը լավագույն 1000-յակում են․ Բաբկեն Թունյանը սխալվում է

QS World University Ranking-ում ԵՊՀ-ն և Հայ-ռուսական համալսարանը լավագույն 1000-յակում են․ Բաբկեն Թունյանը սխալվում է

Բաբկեն Թունյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ Հայաստանի հայտնի բուհերը տեղ չեն գրավում «անգամ աշխարհի լավագույն բուհերի ոչ թե հազարյակում, այլ տասըհազարյակում»։ Պատգամավորը, սակայն, սխալվում է, որովհետև կան 1500-2000 հաստատություն ներառող վարկանիշային ցանկեր, որտեղ Հայաստանյան որոշ բուհեր ներառված են։ ԱԺ այսօրվա նիստի ընթացքում քննարկվող հարցերից էր Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։ Նախագծի քննարկման ընթացքում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հարց ուղղեց նախագծի հիմնական զեկուցող, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանին։ Թունյանը հարցի ընթացքում այսպիսի միտք արտահայտեց․ «Բուհերի միավորման հետ կապված այս վերջին պատմությունները որ եղավ, ես, անկեղծ ասած, չգիտեի, էդ ժամանակ իմացա, որ մեր էն բոլոր հայտնի բուհերը, որոնք մենք համարում ենք առաջատար, տեղ չեն գրավում անգամ աշխարհի լավագույն բուհերի ոչ թե հազարյակում, այլ տասհազարյակում»։  Իրականում, սակայն, Երևանի պետական համալսարանն (ԵՊՀ) ու  Հայ-ռուսական համալսարանն ընդգրկված են QS World University Ranking-ում։ Այս վարկանիշային ցանկը ներառում է 1500 կրթական հաստատություն, իսկ ԵՊՀ-ն և Հայ-ռուսական համալսարանը գտնվում են 801-1000 դիրքում։ Այս հարցին Infocom-ն անդրադարձել էր դեռ օրեր առաջ, երբ Բրյուսովի անվան համալսարանի գիտխորհրդի ընդլայնված նիստի ընթացքում բանավեճ էր սկսվել հայաստանյան բուհերի վարկանիշների վերաբերյալ։ Մենք ներկայացրել էինք, որ հայաստանյան ոչ մի բուհ ընդգրկված չէ Շանհայի վարկանիշային ցանկում։ Սակայն հայաստանյան տարբեր բուհեր ընդգրկված են վարկանիշային այլ ցանկերում։ The Times Higher Education-ի վարկանիշային ցանկում, օրինակ, ներառված է Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանը․ այս ցանկը ներառում է 1799 հաստատություն։ Ավելի քան 30 000 հաստատություն ներառող Webometrics-ի ցանկում էլ ԵՊՀ-ն, օրինակ, 3050-րդ տեղում է, Հայաստանի ամերիկյան համալսարանը՝ 4375, Հայ-ռուսական համալսարանը՝ 5011 (հայաստանյան այլ բուհեր կարող եք գտնել այստեղ)։ Այսպիսով, 1500 հաստատություն ներառող QS World University Ranking վարկանիշային ցանկում ԵՊՀ-ն և Հայ-ռուսական համալսարանը լավագույն 1000-յակում են։ Այլ ցանկերում ևս ներառված են հայաստանյան մի քանի բուհեր, որոնք ամենևին էլ տասըհազարերորդական տեղերում չեն։   Գլխավոր լուսանկարը՝ Sputnik-ի Աննա Սահակյան
15:41 - 25 հոկտեմբերի, 2022
Ցեմենտի շուկայի դեֆիցիտը կկարգավորվի ներկրման շնորհիվ. Բաբկեն Թունյան

Ցեմենտի շուկայի դեֆիցիտը կկարգավորվի ներկրման շնորհիվ. Բաբկեն Թունյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 10-ին ստորագրել է ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը:   Սա նշանակում է, որ այսուհետ հնարավոր է Իրանից կամ Վրաստանից ցեմենտ ներկրել՝ մեկ տոննայի համար վճարելով 2 հազար դրամ տուրք (նախկին 14 հազարի փոխարեն): Այդ մասին ասված է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի Ֆեյսբուքի էջում։   «Հիշեցնեմ, որ ներկրելուց առաջ հարկավոր է դիմել էկոնոմիկայի նախարարություն, ստանալ ներկրման լիցենցիա և վճարել տուրքը: Էկոնոմիկայի նախարությունը մաքսիմալ կարճ ժամանակահատվածում կկազմակերպի այդ գործընթացը:   Ցեմենտի շուկայի դեֆիցիտը, որը խնդիրներ է ստեղծել կառուցապատողների համար, այսպիսով, կկարգավորվի ներկրման շնորհիվ»,- գրել է նա:
14:38 - 16 հոկտեմբերի, 2022
Հայաստան ներկրվող ցեմենտի տուրքը կնվազեցվի․ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը

Հայաստան ներկրվող ցեմենտի տուրքը կնվազեցվի․ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց նախագիծը

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջութամբ ընդունեց «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով կնվազեցվի Հայաստան ներկրվող ցեմենտի տուրքը։Օրինագծի համահեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նախագծի առաջին ընթերցմամբ քննարկման ընթացքում առաջարկել էր Հայաստան ներկրվող ցեմենտի համար այսօր գործող 14.000 դրամ պետական տուրքը նվազեցնել՝ դարձնելով 9.000 դրամ,  իսկ ցեմենտի հումքի՝ կլինկերի համար կիրառվող 2.000 դրամ տուրքն առհասարակ հանել:Երեկ՝ երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում Բաբկեն Թունյանը ասել էր, որ առաջինից ընթերցումից հետո  ուսումնասիրել են շուկան, տեսնել, թե գներն ինչպես են փոփոխվում՝ հարկ լինելու դեպքում տուրքի չափը վերանայելու պայմանով: Այսպիսով, երկրորդ ընթերցման փուլում որոշում է կայացվել տուրքն էլ ավելի իջեցնելու՝ ներկրվող ցեմենտի համար տուրքը սահմանելով 2.000 դրամ․ «Այսինքն՝ կարելի է ասել՝ խորհրդանշական կարգի տուրք ենք սահմանել»։
12:35 - 05 հոկտեմբերի, 2022
Պատգամավորներն առաջարկում են նվազեցնել Հայաստան ներկրվող ցեմենտի տուրքը

Պատգամավորներն առաջարկում են նվազեցնել Հայաստան ներկրվող ցեմենտի տուրքը

Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանն ու Հովիկ Աղազարյանն առաջարկում են Հայաստան ներկրվող ցեմենտի համար այսօր կիրառվող 14 հազար դրամ տուրքը նվազեցնել և սահմանել 9 հազար դրամ, իսկ կլինկերի համար կիրառվող 2 հազար դրամ տուրքն ընդհանրապես հանել:  «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը ԱԺ-ում ներկայացրեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։ Նրա խոսքով՝  օրինագծի ընդունումը պայմանավորված է ցեմենտի տեղական արտադրությունը պաշտպանելու, ներմուծվող ու տեղում արտադրվող ապրանքների համար հավասար մրցակցային դաշտ ապահովելու անհրաժեշտությամբ: «Վիճակագրությունը և վերջին 3 տարիների դինամիկան ցույց են տալիս, որ 14 հազար դրամ տուրքը ժամանակին ճիշտ էր ընտրվել, որովհետև որքան էլ մեզ քննադատում էին, որ դրա հետևանքով տեղական ցեմենտ արտադրողները վնասներ կկրեն և կսնանկանան, իրականում տեղի ունեցավ հակառակը՝ հայկական շուկայում ցեմենտի արտադրության ծավալները շեշտակի աճեցին: Միայն այս տարվա 7 ամիսներին արտադրվել է ավելի քան 520 հազար տոննա ցեմենտ: Դա ավելին է, քան սրանից 5-6 տարի առաջ տարեկան կտրվածքով արտադրվածը: Այս ամբողջ արտադրության ծավալի մեջ տեղական արտադրողների կշիռը էականորեն մեծացել է: Խնդիրն այստեղ հետևյալն է, որ երբ մենք այդ ժամանակ առկա տվյալների հիման վրա որոշեցինք, որ տուրքի չափը պետք է սահմանենք 14 հազար դրամ, նպատակը ոչ թե տեղական արտադրողների համար արհեստական գերշահույթներ ապահովելն էր, այլ այնպես անելը, որ շուկան հավասարակշռվեր»: Ըստ Թունյանի՝ այսօր կա մի իրավիճակ, երբ ելակետային պայմանները փոխվել են, իրանական ցեմենտի գինը սահմանին էապես թանկացել է, տրանսպորտային ծախսերն էապես թանկացել են․ «Եթե մենք սրա վրա թողնում ենք 14 հազար դրամ տուրքը, ներմուծումն արհեստականորեն արգելափակվում է, շուկայում տեղի են ունենում գերկենտրոնացում, ցեմենտի դեֆիցիտ, գների աճ»։
12:30 - 12 սեպտեմբերի, 2022
Թերլիցքավորման համար լցակայանների նկատմամբ կիրառվող տուգանքի չափը կփոխվի

 |armenpress.am|

Թերլիցքավորման համար լցակայանների նկատմամբ կիրառվող տուգանքի չափը կփոխվի |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում բենզալցակայաններում և գազալցակայաններում  թերլիցքավորման համար կիրառվող տուգանքի չափը կփոփոխվի, ներկայում գործող 500 հազար դրամի փոխարեն կսահմանվի 200 հազար դրամ ֆիքսված գումար՝ ավելացրած լցակայանի վերջին եռամսյակի շրջանառության 0.5 տոկոսը:  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի և Ծովինար Վարդանյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» և «Առեւտրի եւ ծառայությունների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ստացավ դրական եզրակացություն, կքննարկվի լիագումար նիստում: Այս պահին թերլիցքավորման արդյունքում ձևավորված տուգանքը ֆիքսված գումար է՝ 500 հազար դրամ: «Նախագծով աառաջարկվում է ավելի համաչափության սկզբունք ներդնել, և տուգանքը սահմանել ֆիքսված 200 հազար դրամ՝ գումարած տվյալ լցակայանի նախորդող եռամսյակի շրջանառության 0.5 տոկոսը: Այսինքն՝ այսուհետ տուգանքներն ավելի համաչափ կլինեն, եթե մեծ լցակայան է, բնականաբար, նրա խախտումները քանակային առումով ավելի շատ կլինեն, և նրա տուգանքն ավելի շատ կլինի, իսկ փոքրերի համար՝ փոքր»,-ասաց Վարդանյանը: Նախագծով նախատեսվում է, որ լցակայանում թերլիցքավորում հայտնաբերելու փաստով տուգանք նշանակելու մասին վարչական ակտի անբողոքարկելի դառնալու հաջորդող 3 օրվա ընթացքում բաշխիչ կայանների վրա վարորդի համար տեսանելի հատվածում պետք է տեղադրվի ցուցանակ, որում նշված լինի, որ տվյալ լցակայանը տուգանվել է թերլցում կատարելու համար: «Այս փոփոխությունը կրում է կանխարգելիչ բնույթ: Լցակայաններն այսուհետ ավելի աչալուրջ կգտնվեն, որպեսզի նման թերլցումներ չիրականացնեն»,-ասաց Ծովինար Վարդանյանը: Ցուցանակը փակցվելու է 1 ամիս ժամկետով: Այն դիտավորությամբ հեռացնելը ևս տուգանմ ան ենթակա արարք է: Հաջորդ փոփոխությամբ նախատեսվում է, որ ամեն լցակայան կունենա իր QR կոդը, որի միջոցով քաղաքացիները կկարողանան տիրապետել այնտեղ ստւգումների վերաբերյալ տեղեկատվությանը, թե արդյոք հայտնաբերվե՞լ են խախտումներ: «Սա հանրային վերահսկողության գործիք է, որով հաճախորդները կարող են հասկանալ, թե այն տնտեսավարողը, որից օգտվում են, ստուգումների ի՞նչ պատմություն ունի, արդյոք խախտումներ անո՞ւմ է»,-ընդգծեց պատգամավորը:
14:16 - 07 սեպտեմբերի, 2022
Եթե դրամի արժևորումը պահպանվի, հոսանքի և գազի գները կարող են նվազեցվել․ Գրիգորյանը
 |civilnet.am|

Եթե դրամի արժևորումը պահպանվի, հոսանքի և գազի գները կարող են նվազեցվել․ Գրիգորյանը |civilnet.am|

civilnet.am: Եթե դրամի արժևորման ներկա տեմպերը շարունակվեն կամ պահպանվեն, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տարվա վերջում կարող է անդրադառնալ էլեկտրաէներգիայի ու գազի սակագների վերանայման, մասնավորապես, նվազեցման հարցին․ հունիսի 15-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին։ Վերջինս նշեց, որ տարվա մեկնարկից ի վեր դոլարի համեմատ դրամը 12-13 տոկոսով արժևորվել է, իսկ գազի ու էլեկտրաէներգիայի գնի հաշվարկների մեջ փոխարժեքն էական դեր ունի։ «Գազի ու էլեկտրաէներգիայի սակագներում փոխարժեքի ազդեցությունը հաշվարկված է, ու դրամի արժևորումը հաշվարկների մեջ պիտի մասնակից լինի։ Այլ հարց, թե ինչքանով է իրավիճակը երկարաժամկետ ու ֆունդամենտալ»,- պատասխանեց Գրիգորյանը՝ վստահություն հայտնելով, որ տարվա կտրվածքով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կարող է անդրադառնալ հարցին։   Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում
17:33 - 15 հունիսի, 2022
Ըստ ֆինանսների նախարարի՝ դոլարի էժանացումը կարող է կրճատել պետական պարտքը
 |hetq.am|

Ըստ ֆինանսների նախարարի՝ դոլարի էժանացումը կարող է կրճատել պետական պարտքը |hetq.am|

hetq.am: Եթե 2022-ի վերջին դոլարի փոխարժեքը տարեսկզբի համեմատությամբ ավելի ցածր լինի, ապա ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հավանական է համարում, որ պետական պարտքը նախատեսվածից ցածր լինի: Այս մասին նախարարն ասաց խորհրդարանում 2021 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ՝ արձագանքելով պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին: Պատգամավորը հետաքրքրվել էր դրամի արժևորումից` հարցնելով, թե կա՞ն արդյոք գնահատականներ վերջին 1-2 ամիսների ընթացքում փոխարժեքի նվազումն ինչպե՞ս կազդի արտաքին պարտքի ցուցանիշի վրա: «Եթե տարեսկզբի համեմատությամբ տարվա վերջին փոխարժեքը լինի ավելի ցածր, ապա մեր ընդհանուր պարտքի և այդ թվում կառավարության պարտքի կառուցվածքում, այդ պարտքի դրամային արժեքն ավելի փոքր կլինի ՀՆԱ-ի նկատմամբ, այդ փաստը կնպաստի, որ տարեվերջին մեր կանխատեսածից ավելի ցածր պարտքի համեմատական մեծություն ունենանք ՀՆԱ-ի նկատմամբ: Մենք նախատեսում էինք այս տարեվերջին ունենալ մոտ 60.2 տոկոս, բայց, եթե այդ շեղումը բավականաչափ մեծ լինի մեր նախատեսած սկզբնական փոխարժեքային ենթադրություններից, ապա հավանական է, որ մենք կունենանք 59 տոկոսը չգերազանցող սահմանում պարտքի ընդհանուր մեծություն»,-  ասաց Տիգրան Խաչատրյանը: Նախարարի խոսքով` դոլարի ցածր փոխարժեքը կազդի նաև տոկոսավճարների վճարման վրա: «2021-ին 72.5 մլրդ դրամ վճարել ենք արտաքին պարտքի նկատմամբ ունեցած մեր տոկոսավճարային պարտավորությունները: Համապատասխանաբար, եթե միջին փոխարժեքի օրինակ 5 տոկոսի շեղում լինի, դա կնշանակի մոտ 3.5 մլրդ դրամի չափով խնայողություն»,- եզրափակեց նա:
12:26 - 15 հունիսի, 2022
ՊԵԿ նախագահն անդրադարձավ ՀՀ բոլոր քաղաքացիների համար եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրմանը |armenpress.am|

ՊԵԿ նախագահն անդրադարձավ ՀՀ բոլոր քաղաքացիների համար եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրմանը |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը դեռ պետք է որոշում կայացնի՝ եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը ներդնում է միանգամից ամբողջությամբ բոլորի համար, թե փուլ առ փուլ: Այս մասին ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացմանը: ՔՊ-ից Բաբկեն Թունյանը հիշեցրեց՝ վարչապետը հայտարարել է 2024-ից եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման մտադրության մասին: Նա հետաքրքրվեց, թե տեխնիկական հնարավորությունների, ենթակառուցվածքների մասով ի՞նչ փուլում են, ի՞նչ աշխատանք կա կատարելու: «Մենք պետք է քաղաքական որոշումներ կայացնենք՝ ամբողջությա՞մբ ենք ներդրում բոլորի համար, թե՞ փուլ-փուլ ենք գնում, օրինակ՝ առաջին խումբ հարկ վճարողները, որոնք համատարած հայտարարագրման համակարգով պետք է հայտարարագիր ներկայացնեն, կարող են լինել, օրինակ, ընդհանուր հարկման համակարգում գործող ընկերությունների բաժնետերերը, կամ միգուցե ընդլայնվում է պաշտոնյաների ցանկը»,-ասաց Բադասյանը: Իսկ ինչ վերաբերում է տեխնիկական մասի ապահովմանը՝ ՊԵԿ նախագահը վստահեցրեց, որ որոշումը կայացնելու արդյունքում տեխնիկական որևէ խնդիր չի լինի ՊԵԿ-ի կողմից, շատ արագ էլեկտրոնային համակարգերը կադապտացնեն և հայտարարագրերը հնարավոր կլինի սահմանված ժամկետում ներկայացնել, վերլուծել:
11:49 - 01 հունիսի, 2022
Հնարավորություն կտրվի գնման իրավունքի պայմանագիր կնքել ոչ միայն բազմաբնակարան շենքերից բնակարան ձեռք բերելու, այլ նաև բնակելի տների դեպքում. Թունյան
 |1lurer.am|

Հնարավորություն կտրվի գնման իրավունքի պայմանագիր կնքել ոչ միայն բազմաբնակարան շենքերից բնակարան ձեռք բերելու, այլ նաև բնակելի տների դեպքում. Թունյան |1lurer.am|

1lurer.am:  ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն տվեց Բաբկեն Թունյանի, Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի և Հայկ Ցիրունյանի օրենսդրական նախաձեռնությանը։ Այն հնարավորություն կտա գնման իրավունքի պայմանագիր կնքել ոչ միայն բազմաբնակարան շենքերից բնակարան ձեռք բերելու (ինչպես գործող օրենսդրությամբ), այլ նաև բնակելի տների դեպքում։ «Խնդիրն այն էր, որ օրենքի գործող ձևակերպումներով՝ գնման իրավունքի հնարավորությունը տրված էր միայն բազմաբնակարան շենքերից բնակարաններ ձեռք բերելու դեպքում, իսկ բնակելի տների դեպքում նման հնարավորություն չկար: Ու հաշվի առնելով, որ մենք սահմանափակել ենք եկամտահարկի վերադարձի համակարգը և շեշտը դրել ենք մարզերում իրականացվող շինարարության վրա, որովհետև այնտեղ բնակելի տների կառուցումն ավելի տարածված է, այս փոփոխությունն ավելի անհրաժեշտ ու հրատապ է դառնում»,- ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստին ասաց Թունյանը: 
14:21 - 17 մայիսի, 2022
Տնտեսվարողները դժգոհում են ծխելը սահմանափակող օրենքից. Բաբկեն Թունյանը ներկայացրեց, թե ինչ տարբերակ է քննարկվում |armenpress.am|

Տնտեսվարողները դժգոհում են ծխելը սահմանափակող օրենքից. Բաբկեն Թունյանը ներկայացրեց, թե ինչ տարբերակ է քննարկվում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ընդդիմության նախաձեռնությամբ աշխատանքային քննարկում է կազմակերպել հանրային սննդի օբյեկտներում ծխելու սահմանափակող օրենքի առնչությամբ, տնտեսավարողները, մասնագետները, ըստ էության, դեմ չեն հակածխախոտային քաղաքականությանը, սակայն օրենքում խնդիրներ են տեսնում:  Աշխատանքային քննարկմանը «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ նախագահ Աշոտ Բարսեղյանը նշեց, որ 2 տարի սպասել են օրենքի ուժի մեջ մտնելուն:  Սակայն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո իրենց՝ տնտեսական առումով վատ կանխատեսումներն ի կատար են ածվել: «Օրենքի բոլոր անկատարությունները և թերությունները հիմա մեզ պարզ երևում են: Օրենքը պարունակում է կետեր և դրույթներ, որոնք պարզապես անիրագործելի են: Տնտեսավարողը դրվել է ի սկզբանե մեղավորի դիրքում: Այսինքն՝ օրենքն իրականացնելու ճանապարհին չկա գործիքակազմ, որ տնտեսավարողը կարողանա այդ օրենքը կատարի»,-ասաց նա: «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն էլ նկատեց. «Երբ բոլոր դռները փակում ես, մարդիկ ոչ թե մտածում են, թե ինչպես համարվել այդ վիճակին, այլ, թե ինչ անեն օրենքը շրջանցելու ճանապարհներ գտնելու համար»: Պիպոյանի խոսքով՝ այն օբյեկտներում, որտեղ օրենքը խախտվում է, մեծ ակտիվություն կա, իսկ այնտեղ, որտեղ օրենքը պահվում է, պասիվություն կա: «Այո, այն մարդը, որը երեխայի հետ գնացել է սրճարան, ստիպված է կողքի սեղանների մարդկանց խնդրել, որ երեխայի մոտ չծխեն, այսօր կուրախանա, որ կա տեղ, որտեղ չեն ծխում: Եվ ոչ ոք չի ասում, որ մենք որպես պետություն հակածխախոտային օրենսդրության կարիք չունենք. այո, ունենք, և այս կարգավորումներն էլ իրենց շահառուներն ունեն: Խնդիրը նրանում է, որ պետք է կարողանանք այս ամենն անել ավելի մտածված ու ավելի ճիշտ»,-ասաց Պիպոյանը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը հավելեց՝ չի կարծում, թե որևէ մի հասարակություն դեմ կարող է լինել հակածխախոտային քաղաքականությանը, սակայն ուժի մեջ մտած ռեֆորմի մեջ ինքը խնդիրներ է տեսնում: «Նաև միջազգային փորձն է գալիս հուշելու, որ մասնագիտացված ակումբներ բոլոր քաղաքներում էլ կան՝ թե նարգիլեի, թե սիգարի մասով, որը տեղավորվում է հակածխախոտային քաղաքականության տրամաբանության մեջ՝ պասիվ ծխելը բացառելու իմաստով: Բայց մյուս կողմից դա ազատ արտահայտվելու իրավունք է՝ նույնիսկ ինչ-որ իմաստով ի հաշիվ առողջության»,-ասաց Վարդևանյանը: Ըստ պատգամավորի՝ ներկայում,  այդ թվում՝ սոցիալ-տնտեսական մարտահրավերների պայմաններում, պետք է մտածել, թե ինչ անել հանրային սննդի օբյեկտների ոլորտն ավելի խթանելու, աջակցելու համար: ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը կարևորեց ներդրողների համար կանխատեսելիության ապահովումը: «Քանի որ օրենքն ընդունված է, դրույթները մտել են ուժի մեջ, առնվազն այս փուլում օրենքը պետք է թողնել անփոփոխ: Շատ տնտեսավարողներ արդեն համապատասխանեցրել են իրենց գործունեությունը օրենքի շրջանակներին»,-ասաց նա: Անդրադառնալով բացասական կարծիքներին՝ փոխնախարարն ասաց, որ իրենք էլ ունեն շատ դրական կարծիքներ ռեստորանների, ակումբների հաճախորդների, նաև տնտեսավարողների կողմից: ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նկատեց՝ փակ տարածքներում չծխելու մասով կա կոնսենսուս: «Այսինքն՝ որևէ մեկը չի պնդում, որ փակ տարածքներում մարդիկ սկսեն ծխել»,-ասաց նա՝ հավելելով որ, սակայն, կարելի է քննարկել, թե որը համարել հանրային սննդի օբյեկտ, որը՝ ոչ: Պատգամավորը հայտնեց, որ հիմա քննարկում են լիցենզավորվող գործունեություն սահմանելու տարբերակը, որի առաջարկը եղել է նարգիլե ակումբների ներկայացուցիչների հետ քննարկման արդյունքում: Նա վստահեցրեց, որ այդ մասին քննարկումներ կան: «Կա նաև մեկ այլ բլոկ՝ առողջապահական թևը, որը ավելի կարևոր է: Եվ երբեմն, երբ մենք շատ ենք սկսում միայն տնտեսական հարցերի վրա ուշադրություն դարձնել, ստացվում է, որ առողջապահությունն ենք մոռացել և հակառակը»,-ասաց Թունյանը՝ վստահեցնելով, որ լուծման տարբերակի դեպքում կլսեն տնտեսավարողների կարծիքը:
13:12 - 08 ապրիլի, 2022
Հայաստանում 2021-ի հունվար-նոյեմբերին կատարվել է 3,2 տրիլիոն դրամի խաղադրույք․ Բաբկեն Թունյան |armenpress.am|

Հայաստանում 2021-ի հունվար-նոյեմբերին կատարվել է 3,2 տրիլիոն դրամի խաղադրույք․ Բաբկեն Թունյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի  2021 թվականի հունվար-նոյեմբերին կատարվել է 3, 2 տրիլիոն դրամի խաղադրույք: Ազգային ժողովում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։ «Որպեսզի հասկանալի լինի, թե դա ինչ թիվ է, ասեմ, որ ՀՀ  բյուջեի եկամտային մասը նախորդ տարի եղել է մոտ 1,6 տրիլիոն դրամ, այսինքն՝ բյուջեի եկամտային մասին  երկու անգամ գերազանցող թիվ է»,-պարզաբանեց Թունյանը: Պատգամավորը ասաց, թե խաղադրույքների  ու շահումների տարբերությունը մոտ 70 միլիարդ դրամ է, այսինքն ՝ 70 միլիարդ դրամ մարդիկ պարտվել են: «Կան ընկերություններ, որոնք անգամ  այս իրավիճակում ցույց են տվել, որ  իրենք  վնասով են աշխատում, սա շատ տարօրինակ վիճակագրություն է: Կա ընկերություն, որն անցած տարի  մոտ մեկ միլիարդ դոլարի խաղադրույք է ընդունել, բայց վնասով է աշխատել, որովհետև  100 միլիոն դոլարի ծախսեր է կատարել»,-ասաց պատգամավորը։
16:28 - 20 հունվարի, 2022
Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվել հոկտեմբերի պատգամավորական գումարները

Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվել հոկտեմբերի պատգամավորական գումարները

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը 2021 թվականի հուլիսի 15-ին ԱԺ 71 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ենթարկվեց փոփոխության, համաձայն որի` ԱԺ պատգամավորների պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար հատկացվող ամսական գումարի չափը 50․000 դրամից դարձավ 250․000 դրամ։ Օրենքի նախագծի փոփոխության հիմնավորման, ԱԺ-ում օրենքի վերաբերյալ քննարկումների և համացանցում ու լրատվամիջոցներում առկա դժգոհությունների մասին արդեն խոսել ենք անցյալ ամիս այս թեմայով արված հրապարակմամբ։ Հոկտեմբերին պաշտոնական գրությամբ դիմել էինք ԱԺ պատգամավորներին և խնդրել տրամադրել տեղեկություն, թե սեպտեմբեր ամսին ինչ ծախսեր են կատարել պատգամավորական գործունեության համար հատկացվող գումարով։ Մեր հարցմանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից պատասխանել էին միայն 27-ը, որից հարցերին ըստ էության պատասխան էին տրամադրել 6-ը։ Սա խմբակցության պատգամավորների 8,5%-ն է։ Պատգամավորների մեծ մասը մեր հարցմանը պատասխանել էին ԱԺ կանոնակարգից վերցված կետերով, որն, ըստ էության, ոչինչ չասող պատասխան է։ «Հայաստան» խմբակցության պատգամավորները մեր հարցմանը պատասխանել էին միասնական և ընդհանրական, որով հնարավոր չէր հասկանալ յուրաքանչյուր պատգամավորի գործունեությունն անհատապես։ Միասնական պատասխանից բացի, խմբակցության պատգամավորներից մեր հարցերին ըստ էության էին պատասխանել 4-ը՝ խմբակցության 13,8%-ը։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներից մեր հարցերին պատասխանել էին 4-ը, մնացած 3-ը հարցումը թողել էին անպատասխան։ Ընդհանուր առմամբ անցյալ ամիս խորհրդարանի 107 պատգամավորներից մեր հարցերին ըստ էության պատասխանել էին 14-ը, խորհրդարանի 13,1%-ը։ Այս ամիս նույնպես պաշտոնական գրությամբ դիմեցինք ԱԺ պատգամավորներին և խնդրեցինք տրամադրել տեղեկություն, թե հոկտեմբեր ամսին ինչ ծախսեր են կատարել պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարով և որ մարզերի որ բնակավայրեր են այցելել։ Ըստ խմբակցությունների անդրադառնանք պատգամավորների տրամադրած պատասխաններին։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովում ներկայացված է 71 պատգամավորով։ Հոկտեմբերի 29-ին խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը վայր դրեց մանդատը։ Վերջինս ավելի ուշ նշանակվեց Շիրակի մարզպետ։ Սակայն, քանի որ հոկտեմբերին Բաղդասարյանը եղել է ԱԺ պատգամավոր, նշված հարցումը ուղարկեցինք նաև իրեն։ Այսինքն՝ այս պահին խմբակցությունն ունի 70 պատգամավոր։ Պատգամավոր Հովիկ Աղազարյանը հարցման պատասխանում նշել է, որ պատգամավորական ծախսերի համար հատկացվող 250 հազար դրամը ծախսել է ամբողջությամբ։ Վերջինս նշված գումարով կատարել է ճանապարհային ծախսեր և նյութական օգնություն է հատկացրել տարբեր համայնքների բնակիչների։ Աղազարյանը հոկտեմբերին այցելել է 3 մարզ, եղել է Արարատի, Արմավիրի և Լոռու մարզերում։ Արարատի մարզում Աղազարյանը եղել է 2 անգամ Արտաշատում, 1 անգամ Մասիսում, 1 անգամ Մրգանուշում և 1 անգամ Վեդիում։ Արմավիրի մարզ այցելության ժամանակ Աղազարյանը եղել է 1 անգամ Վաղարշապատում և 2 անգամ Արմավիրում։ Լոռու մարզում պատգամավորն այցելել է Ալավերդի և Շնող բնակավայրեր։ Աղազարյանը մեր հարցերին պատասխանել էր նաև անցյալ ամիս։ Սերգեյ Բագրատյանը մեր հարցերին տրամադրած պատասխանում նշել է, որ հոկտեմբերին պատգամավորական գործունեության համար ծախսել է 306 հազար 500 դրամ։ Պատգամավորը հոկտեմբերի 2-ին այցելել է Զառիթափ համայնք՝ 44-օրյա պատերազմի զոհերի գերեզմանին այցելելու նպատակով։ Այցի ժամանակ բենզին, ծաղիկներ և սնունդ գնելու նպատակով ծախսել է 35 հազար ՀՀ դրամ։ Հոկտեմբերի 3-ին այցելել է Իջևան համայնք՝ զբոսաշրջության վերաբերյալ հարցերի քննարկման համար։ Այցի ընթացքում բենզին և սնունդ գնելու համար ծախսել է 37 հազար դրամ։ Հոկտեմբերի 9-ին այցելել է Գետափ համայնք՝ հեղեղատների հետևանքով տարածքների վնասման բողոքների ուսումնասիրության նպատակով։ Այցի ընթացքում սնվելու և բենզին գնելու նպատակով ծախսել է 25 հազար դրամ։ Հոկտեմբերի 10-ին պատգամավորն այցելել է Գյումրի, հանդիպել քաղաքացիների հետ։ Այցի ընթացքում սնունդի, բենզինի և գիշերակացի համար ծախսել է 40 հազար դրամ։ Հոկտեմբերի 16-ին պատգամավորն այցելել է Եղեգիս համայնք՝ ասֆալտապատման աշխատանքներից հետո եղած փլուզման վերաբերյալ տեղեկությունն ուսումնասիրելու նպատակով։ Այցի ընթացքում բենզինի և սնունդի համար ծախսել է 33 հազար դրամ։ Հոկտեմբերի 17-ին տուրիզմի զարգացման քննարկման նպատակով այցելել է Ենոքավան։ Սնունդի և բենզինի համար ծախսել է 38 հազար դրամ։ Հոկտեմբերի 23-ին այցելել է Երասխ և Սևակավան, ծախսել՝ 24 հազար դրամ, հոկտեմբերի 24-ին այցելել է Գառնի, ծախսել՝ 19 հազար 500 դրամ, հոկտեմբերի 30-ին այցելել է Վայք, 31-ին՝ Սիսիան, ծախսել՝ 65 հազար դրամ։ Սերգեյ Բագրատյանը մեր հարցերին պատասխանել էր նաև անցյալ ամիս։ Պատգամավոր Լենա Նազարյանը պատասխանում նշել է, որ հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին նշված գումարից ծախսել է 53 հազար դրամ։ Նշենք, որ նոյեմբեր ամսվա ծախսերն ամբողջությամբ չեն, պատասխանում նշված ծախսերը վերաբերում են մինչև հարցման պատասխանը ստանալու պահին իրականացված ծախսերին։ Պատգամավորը մեր հարցմանը պատասխանել է նոյեմբերի 16-ին։ Նազարյանը գումարը ծախսել է տրանսպորտի և զոհված զինծառայողների ընտանիքներին այցելությունների ժամանակ քաղցրավենիք գնելու համար։ Հոկտեմբերի 1-ին այցելել է Արարատի մարզի Վեդի համայնքի 5 զոհված զինծառայողի ընտանիքներին։ Հոկտեմբերի 24-ին այցելել է Արարատի մարզի Արարատ քաղաք, որտեղ քաղաքացիների հետ Հայաստանի և տարածաշրջանի մասին քննարկում են կազմակերպել։ Նմանատիպ մեկ այլ քննարկում էլ հոկտեմբերի 30-ին կազմակերպել են Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։  Մենք հարցրել էինք միայն հոկտեմբեր ամսվա այցելությունները, սակայն Նազարյանը պատասխանում անդրադարձել է նաև նոյեմբերի առաջին կեսին կատարած այցելություններին, ուստի ներկայացնում ենք նաև դրանք։ Պատգամավորը նոյեմբերի 1-ին այցելել է Արարատի մարզի Դաշտաքար, Սիսավան և Վեդի համայնքներում բնակվող զոհված 4 զինծառայողների ընտանիքներին։ Նոյեմբերի 3-ին, 5-ին և 10-ին Նազարյանն այցելել է Արարատի մարզի Արտաշատ համայնքում բնակվող զոհված 12 զինծառայողների ընտանիքներին։ Զոհված զինծառայողների ընտանիքներին այցելելու նպատակը նրանց խնդիրների մասին տեղեկանալն է։ Ըստ Նազարյանի՝ այդ այցելությունների ընթացքում բացահայտվել են մի շարք խնդիրներ, որոնց մի մասով նախաձեռնվել են օրենսդրական փոփոխություններ։ Իսկ քաղաքացիների հետ քննարկումների նպատակն է լսել քաղաքացիների վերլուծությունները, սպասումներն ու անհանգստությունները Հայաստանի արտաքին օրակարգում եղած մի շարք հարցերի շուրջ։ Լենա Նազարյանն անցյալ ամիս մեր հարցերին չէր պատասխանել։ Պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը պատասխանել է, որ ստացել է 250 հազար դրամ, մարզային այցելություններ չի ունեցել, հանձնաժողովում ընդունելության հետ կապված կատարել է ներկայացուցչական ծախսեր, սակայն չի նշել, թե որքան գումար է ծախսել։ Տիգրանյանն անցյալ ամիս մեր հարցմանն ըստ էության չէր պատասխանել։ Պատգամավոր Շիրակ Թորոսյանը մեր հարցման պատասխանում նշել է․ «Հոկտեմբեր ամսվա համար նախատեսված պատգամավորական գործունեության ծախսերի գումարը պատգամավորներին հատկացվել է նոյեմբերի սկզբին,հետևաբար ճիշտ կլինի կոնկրետ այդ գումարի ծախսման վերաբերյալ Ձեր հարցմանն անդրադառնալ դեկտեմբերի սկզբին, բայց արդեն նոյեմբեր ամսվա համար:Հոկտեմբեր ամսվա ծախսերը հիմնականում արել եմ իմ անձնական միջոցների հաշվին՝ գումարած նախկինում մեզ տրվող հիսուն հազար դրամը, սակայն, ցավոք, չափը չեմ ֆիքսել»,- գրել է պատգամավորը մեր հարցման պատասխան նամակում: Թորոսյանը պատասխանում ասում է, որ հոկտեմբերի գումարը հատկացվել է նոյեմբերին։ Պատգամավորը ճիշտ է, սակայն հաշվի չի առել մի հանգամանք․ նշված գումարը հատկացվում է որպես փոխհատուցում, հետևաբար պատգամավորները պետք է իրենց միջոցներից իրակականացնեն պատգամավորական գործունեության ընթացքում առաջացած ծախսերը և աշխատավարձին ստանան դրա փոխհատուցումը։ Այս պարագայում անհասկանալի է Թորոսյանի պատասխանի այն հատվածը, որ այդ գումարների ծախսման վերաբերյալ ճիշտ կլինի դիմենք դեկտեմբերին, բայց նոյեմբերի համար, քանի որ այդ նույն տրամաբանությամբ մենք դիմել ենք նոյեմբերին, բայց ոչ թե նոյեմբեր, այլ հոկտեմբեր ամսվա համար։  Ինչ վերաբերում է պատասխանի երկրորդ մասին, որ ծախսերն արել է իր միջոցներով՝ գումարած նախկինում տրվող հիսուն հազար դրամը, պետք է նշենք, որ սեպտեմբեր ամսվա համար պատգամավորները հոկտեմբերին ստացել են ոչ թե 50 հազար, այլ 170 հազար դրամ։ Այս պարագայում էլ անհասկանալի է, թե ինչու է պատգամավորը նշում 50 հազար ստանալու մասին։ Խաչատուր Սուքիասյանը մեր հարցմանը պատասխանել է նոյեմբերի 26-ին, օրենքով սահմանված ժամկետի լրանալուց 10 օր անց։ Պատասխանում նշված է, որ սեպտեմբեր ամսից սկսած պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարը փոխանցվել է և այսուհետ փոխանցվելու է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Սուքիասյանը չի պատասխանել մեր մյուս հարցերին։ Խմբակցության հարցմանը պատասխանած մյուս պատգամավորները տրամադրել են տառացի նույն պատասխանը, ինչ անցյալ ամիս էր։ Այս պատասխանը վերցված է ԱԺ կանոնակարգից և ոչինչ չասող պատասխան է։ Ըստ էության սա չի պատասխանում մեր հարցերից և ոչ մեկին։ Խմբացկության պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանի*, Հակոբ Ասլանյանի, Լուսինե Բադալյանի, Ռուստամ Բաքոյանի*, Անուշ Բեղլոյանի, Արսեն Թորոսյանի, Հայկ Կոնջորյանի, Հրաչյա Հակոբյանի, Վաղարշակ Հակոբյանի, Արթուր Հովհաննիսյանի*, Ալխաս Ղազարյանի*, Սոնա Ղազարյանի, Գևորգ Պապոյանի*, Մարիամ Պողոսյանի, Վլադիմիր Վարդանյանի* և Նարեկ Զեյնալյանի* տրամադրած տառացի նույն պատասխանը՝ ստորև։  *-ով նշված պատգամավորները նույն պատասխանը տվել էին նաև անցյալ ամիս։ «․․․Պատգամավորական գործունեությունն իրականացվում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու, Ազգային ժողովի քննարկմանն Ազգային ժողովի որոշման, հայտարարության, ուղերձի նախագիծ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, խմբակցությունների աշխատանքներին մասնակցելու, օրենքների նախագծերի վերաբերյալ գրավոր և բանավոր առաջարկներ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերում, ինչպես նաև խորհրդարանական լսումներում ելույթներ ունենալու, հարցեր տալու և առաջարկներ ներկայացնելու, Կառավարությանը գրավոր հարցեր ուղղելու, Կառավարության անդամներին բանավոր հարցերով դիմելու, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հարցումներով, առաջարկներով դիմելու և իր բարձրացրած հարցերի քննարկումներին մասնակցելու, ընտրողների հետ կապն ապահովելու, ընդ որում' քաղաքացիների ընդունելություն կազմակերպելու, համայնքներ այցելելու, քաղաքացիների գրավոր առաջարկներին պատասխանելու, ինչպես նաև այլ միջոցներով: Նշված գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում, ինտերնետային այլ աղբյուրներում, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ պատգամավորը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում հայտարարագրեր, այդ թվում` եկամուտների և ծախսերի հայտարարագրեր, որոնք հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում»: Պաշտոնական հարցման պատասխանները տեսնելու համար անցեք այս հղումով։ Ընդհանուր առմամբ խմբակցության 71 պատգամավորներից մեր հարցմանը պատասխանել են 21 պատգամավոր, որոնցից 16-ը հարցերին տվել են ոչինչ չասող, ԱԺ կանոնակարգից վերցված պատասխան։ Խմբակցությունից միայն 5 պատգամավոր են հարցմանը պատասխանել ըստ էության․ խմբակցության 7․04%-ը։ «Հայաստան» խմբակցություն «Հայաստան» խմբակցության պատգամավորների մեծ մասն անցյալ ամիս տվել էին միասնական պատասխան, որը շատ ընդհանրական էր և հնարավոր չէր այդ պատասխանից հասկանալ պատգամավորների գործունեությունն անհատապես։ Այս անգամ հարցմամբ խնդրել էինք պատասխանել անհատապես, ոչ թե խմբակցության անունից տրամադրել ընդհանուր պատասխան։  Սակայն, չնայած անցյալ անգամ պատգամավորներից մի քանիսը տրամադրել էին անհատական պատասխան, որով հնարավոր էր հասկանալ նրանց գործունեությունը, այս անգամ ոչ մեկը անհատապես չպատասխանեց։ Խմբակցության անունից ստացել ենք մեկ պատասխան, որը չի պատասխանել մեր հարցերին։ Պատասխանը ներկայացնում ենք ստորև։ «...«Հայաստան» խմբակցության անդամները 2021թ հոկտեմբեր ամսին այցելել նն ՀՀ տարբեր մարզեր, կազմակերպել են հանդիպումներ ՀՀ բազմաթիվ քաղաքացիների հետ, ներկայացրել են խմբակցության տեսակետները նրանց հուզող հարցերի վերաբերյալ, ծանոթացել են նրանց խնդիրnերին, լսել են նրանց առաջարկները, որոնց հիման վրա կազմվել են ինչպես խմբակցության, այնպես է լուրաքանչյուր պատգամավորի աշխատանքային ծրագրերը: Մարզային այցերին ընգրկվել և մասնակցել են խմբակցության բոլորը պատգամավորները, բացառությամբ ապօրինի կերպով անազատության մեջ գտնվող մեր գործընկերենրի` Ա․ Չարչյանի, Մ. Զաքարյանի և Ա. Սարգսյանի, ով ազատ արձակվելուց հետո միանգամից ներգրավվել է մարզային այցելությունների կազմակերպման և իրականացման գործընթացին:  Սրա առչնությամբ հարկ է նշել, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորների մարզային այցելությունները կազմակերպվում և իրականացվում են խմբակցության պատգամավորների հաշվին: Պատգամավորական գործունեության հետ կապված 250,000 ՀՀ դրամ գումարը փոխանցվում է պատգամավորների աշխատավարձային հաշվիներին, ՀՀ օրենսդրության համաձայն դրանք առանձին հաշվառման չեն ենթարկվում և նման հաշվառում չի վարվում: Բացի այդ, ինչպես նախկինում հայտնել էինք, պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի ավելացման վերաբերյալ օրենքը ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության կողմից վիճարկվում է ՀՀ Սահմանադրական դատարանում»,- նշված է մեզ տրամադրած պատասխանում: Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին, խմբակցությունը տրամադրել է բավարար պատասխան, սակայն մեր մյուս հարցերը, որոնք վերաբերում են պատգամավորների մարզային, համայնքային այցերին, մնացել են անպատասխան, քանի որ նշված պատասխանից հնարավոր չէ հասկանալ, թե պատգամավորներից յուրաքանչյուրն ինչ գործունեություն է ծավալել հոկտեմբերին։ Հավելյալ հարցումով դիմել էինք խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին և խնդրել տրամադրել տեղեկություն, թե ինչպես են խմբակցության պատգամավորները տնօրինում ամեն ամիս իրենց հաշվին փոխանցվող պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին, քանի որ անկախ Սահմանադրական դատարան դիմելու հանգամանքից, նրանք ստացել են նշված գումարները։ Հարցումով նաև խնդրել էինք տրամադրել տեղեկություն յուրաքանչյուր պատգամավորի գործունեության վերաբերյալ անհատապես։ Այս հարցումը մնաց անպատասխան։ «Պատիվ ունեմ» խմբակցություն «Պատիվ ունեմ» խմբակցության 7 պատգամավորներից այս անգամ մեր հարցմանը պատասխանել է միայն Թագուհի Թովմասյանը, սակայն նրա պատասխանն ըստ էության չէ։ Վերջինս մեզ խնդրել է հետևել իր ֆեյսբուքյան էջին նրա գործունեության վերաբերյալ տեղեկություն ստանալու համար։  Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին, Թովմասյանը նշել է, որ եթե ուզում ենք տեղեկություն ստանալ, դիմենք ԱԺ աշխատակազմ։ Սակայն ԱԺ աշխատակազմը չի կարող պատասխանել, թե պատգամավորներից յուրաքանչյուրը որքան գումար է ծախսել պատգամավորական գործունեության ընթացքում, քանի որ ուժի մեջ մտած օրենքով հաշվետվողականություն սահմանված չէ։ Խմբակցության մյուս պատգամավորները մեր հարցմանը չեն պատասխանել։ Ընդհանուր առմամբ ԱԺ 107 պատգամավորներից մեր հարցման հարցերին ըստ էության պատասխանել են միայն 5-ը՝ 4․68%-ը, պատասխան տրամադրել են, սակայն ըստ էության չեն պատասխանել 46-ը՝ 42․99%-ը, իսկ 56-ը՝ 52․33%-ը, առհասարակ հարցումը թողել են անպատասխան։  Ամփոփելով կարող ենք փաստել, որ Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնությունը չի ցանկանում հաշվետու լինել պատգամավորական գործունեության ընթացքում ծախսերի, ինչպես նաև մարզեր և համայնքներ այցելության վերաբերյալ։ Նարեկ Մարտիրոսյան
13:33 - 15 դեկտեմբերի, 2021