Արցախի ԱԳՆ

Արցախի  գործադիր իշխանության մարմին, որը իրականացնում է օտար երկրների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների պետական կառավարումը։

ԼՂ ԱԳ նախարարը Փարիզի քաղաքապետի խորհրդականի հետ քննարկել է հումանիտար ճգնաժամի հաղթահարման հնարավորությունները

ԼՂ ԱԳ նախարարը Փարիզի քաղաքապետի խորհրդականի հետ քննարկել է հումանիտար ճգնաժամի հաղթահարման հնարավորությունները

Հուլիսի 27-ին ԼՂ ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանն ընդունել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի խորհրդական Ժան-Իվ Քամյուին։ Այս մասին տեղեկացնում են ԼՂ ԱԳՆ-ից: «Հանդիպման սկզբում զրուցակիցները քննարկել են Արցախի լիակատար պաշարման հետևանքով առաջացած հումանիտար ծանրագույն իրավիճակը: Նախարարը մանրամասներ է ներկայացրել տարբեր ոլորտներում առաջացած հումանիտար բնույթի խնդիրների վերաբերյալ։ Ժան-Իվ Քամյուն Անն Իդալգոյի անունից մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի համար և փոխանցել Փարիզի քաղաքապետի դիրքորոշումն առ այն, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի անհապաղ և առանց որևէ նախապայմանի։ Սերգեյ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի իշխանություններին և ժողովրդին՝ Արցախի հարցում մշտապես դրսևորվող համարձակ ու ազնիվ դիրքորոշման համար։ Կողմերը քննարկել են Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հաղթահարման հնարավորությունները, ինչպես նաև Ֆրանսիայի շրջանների և քաղաքների կողմից Արցախ հումանիտար բեռ ուղարկելու ծրագրերը»,- հայտնում են ԼՂ ԱԳՆ-ից։
22:50 - 27 հուլիսի, 2023
Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության ռուսական կողմի առաջարկած տեսլականը հավասարակշռված չէ. ԼՂ ԱԳՆ

Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության ռուսական կողմի առաջարկած տեսլականը հավասարակշռված չէ. ԼՂ ԱԳՆ

ԼՂ ԱԳ նախարարությունը մեկնաբանություն է տարածել Մոսկվայում եռակողմ հանդիպման արդյունքներով ՌԴ ԱԳ նախարարի կողմից մամուլի համար արված հայտարարության վերաբերյալ: Դրանում ասված է. «2023 թվականի հուլիսի 25-ին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եռակողմ բանակցությունների արդյունքներով ՌԴ արտաքին գործերի նախարարի կողմից լրատվամիջոցների համար արված մեկնաբանության առնչությամբ հարկ ենք համարում նշել հետևյալը. Արցախի Հանրապետությունը բարձր է գնահատում Ռուսաստանի Դաշնության երկարամյա միջնորդական ջանքերը, որոնք իրականացվում են ինչպես անհատապես, այնպես էլ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր։ Երախտապարտ ենք Ռուսաստանին Արցախի դեմ Ադրբեջանի 44-օրյա ագրեսիայի դադարեցման գործում ունեցած բացառիկ ավանդի և Արցախում իրականացվող խաղաղապահ առաքելության համար։ Ի գիտություն ենք ընդունել, որ հանդիպման ընթացքում ռուսական կողմը ներկայացրել է իր գնահատականներն այն քայլերի վերաբերյալ, որոնք խիստ ցանկալի է ձեռնարկել անմիջապես և առանց հապաղելու՝ հօգուտ Արցախի բնակչության՝ սննդամթերքով, դեղորայքով և առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովման, ինչպես նաև ապահովել էլեկտրաէներգիայի և գազի անխափան մատակարարումը։ Կասկածի տակ չառնելով Ռուսաստանի ձգտումը օգնել կողմերին՝ հասնելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ լուծման, և նպաստել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, այնուամենայնիվ, հարկ ենք համարում նշել, որ Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության ռուսական կողմի առաջարկած տեսլականը հավասարակշռված չէ: Պնդումը, թե անհրաժեշտ է վարել երկխոսություն՝ համաձայնեցնելու միջազգային պարտավորություններից, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման մասին կոնվենցիաներից բխող իրավունքները, արտացոլում է միայն մեկ կողմի՝ Ադրբեջանի տեսակետը։ Նման մոտեցումը կանխորոշում է հնարավոր երկխոսության արդյունքը և դրանով իսկ խաթարում և արժեզրկում է դրա իմաստը։ Պնդումը, թե ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունն ազգային փոքրամասնության իրավունքների ապահովման խնդիր է, կեղծ խոսույթ է, որն առաջ է քաշվում Ադրբեջանի կողմից՝ խեղաթյուրելու հակամարտության էությունը և հիմնավորելու իր հրաժարումը ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք, որին Ռուսաստանն ինքն է բազմիցս հղումներ կատարել: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության լուծումն ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման տրամաբանության շրջանակներում գտնելու փորձերը կտրված են իրականությունից և չեն կարող հանգեցնել արդար, հավասարակշռված և արժանապատիվ խաղաղության։ Հաշվի առնելով, որ Ադրբեջանը բացահայտ կերպով արհամարհում է 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթները, ինչպես նաև ՄԱԿ-ի միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր որոշումների իրագործման, միջազգային հումանիտար իրավունքի պահանջների կատարման և ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման վերաբերյալ իր միջազգային պարտավորությունները, ցանկացած պնդում, թե Ադրբեջանը հոժար կամքով կպահպանի ինչ-որ մեխանիզմներ, ամբողջությամբ հիմնազուրկ է: Հակամարտության կարգավորման նման տեսլական պարտադրելու փորձերը հղի են աղետալի հետևանքներով։ Ինչ վերաբերում է այն հայտարարությանը, թե բանակցությունների ամենազգայուն հարցը «եղել և մնում է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության երաշխավորման խնդիրը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման համատեքստում և նախկին խորհրդային հանրապետությունների ղեկավարների կողմից Ալմա-Աթայում 1991 թվականին ստորագրված հռչակագրին լիովին համապատասխան», տեղին ենք համարում կրկին հիշեցնել, որ նախքան այդ փաստաթղթի ստորագրումը, Արցախի Հանրապետությունն արդեն ավարտել էր Ադրբեջանական ԽՍՀ-ից դուրս գալու գործընթացը՝ Խորհրդային Միության օրենսդրությանը և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։ Ավելին, Ալմա-Աթայի հռչակագիրը, ինչպես և ցանկացած միջազգային փաստաթուղթ, պետք է առաջնորդվի ՄԱԿ-ի Կանոնադրության և միջազգային իրավունքի այլ համընդհանուր նորմերով ու սկզբունքներով։ Հետևաբար, Ալմա-Աթայի հռչակագիրը պարունակում է նույն սկզբունքներն ու նորմերը, ինչ ՄԱԿ-ի Կանոնադրությունը, ներառյալ՝ ինքնորոշման իրավունքը։ Միևնույն ժամանակ, տարբեր իրավական նորմերի հարաբերակցության մեկնաբանումը ենթարկվում է միջազգային իրավունքի և միջազգային պրակտիկայի զարգացման ընդհանուր տրամաբանությանը: Այս առումով հարկ ենք համարում ընդգծել, որ մարդու իրավունքների զանգվածային լուրջ խախտումների և խտրական քաղաքականության դեպքերում ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա հիմնված անջատման իրավունքը գերակա է պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի նկատմամբ։ Այս բանաձևը, մասնավորապես, նկարագրված է Պետությունների միջև բարեկամական հարաբերությունների և համագործակցության վերաբերյալ միջազգային իրավունքի սկզբունքների մասին հռչակագրում, որին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարը բազմիցս հղում է արել։ Համակարծիք ենք ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքների հարաբերակցության վերաբերյալ ռուսական կողմի բազմիցս հնչեցրած մեկնաբանության հետ: Տվյալ մոտեցումն ամրագրված է նաև տարբեր երկրների դատական պրակտիկայում։ Խստորեն հորդորում ենք միջազգային դերակատարներին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջնորդվել բացառապես միջազգային իրավունքի սկզբունքներով և մարդկանց շահերով, ովքեր արդեն շուրջ 8 ամիս է գտնվում են հումանիտար աղետի եզրին և էթնիկ զտումների աճող սպառնալիքի տակ»։
22:11 - 27 հուլիսի, 2023
Միջազգային հանրությունը պետք է գիտակցի, որ անարդյունք քննարկումների ժամանակը վաղուց անցել է․ Արցախի ԱԳՆ

Միջազգային հանրությունը պետք է գիտակցի, որ անարդյունք քննարկումների ժամանակը վաղուց անցել է․ Արցախի ԱԳՆ

Խստորեն դատապարտում ենք սեփական ռազմաքաղաքական նպատակներին հասնելու համար Արցախի Հանրապետությունում սով առաջացնելու Ադրբեջանի նպատակաուղղված և համակարգված փորձերը: Այս մասին հայտարարել է Արցախի արտաքին գործերի նախարարությունը։ «Կրկին շեշտում ենք, որ պաշարման մեջ գտնվող Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյատևման համար անհրաժեշտ մարդասիրական բեռների ներկրմանը դիտավորյալ խոչընդոտումը, ինչպես նաև խաղաղ բնակչությանը սով, տառապանքներ և զրկանքներ պատճառելուն ուղղված կանխամտածված գործողությունների իրականացումը հանդիսանում է միջազգային իրավունքի կոպիտ խախտում և որակվում է որպես պատերազմական հանցագործություն:Արդեն ութ ամիս շարունակվող անմարդկային շրջափակման և Արցախի ժողովրդին Բաքվի իրավազորությանը բռնի կերպով ենթարկելու փորձերի շրջանակներում Ադրբեջանի իրականացրած հանցավոր գործողությունների ամբողջությունը չափազանց վտանգավոր նախադրյալներ է ստեղծում, որ մարդկության դեմ ուղղված Ադրբեջանի շարունակական հանցագործությունները վերաճեն ցեղասպանության հանցագործության:Այս համատեքստում անպատասխանատու ենք համարում Ադրբեջանի միջազգային հակաիրավական գործողություններն օրինականացնելու ցանկացած փորձ, այդ թվում` Լաչինի միջանցքի վերաբերյալ սեփական միջազգային պարտավորությունները չկատարելու և Արցախի շրջափակումը խստացնելու Բաքվի քաղաքականության մաս կազմող առաջարկություններին ուղղակի կամ անուղղակի կերպով հավանություն տալու միջոցով: Արցախում միտումնավոր հումանիտար աղետ ստեղծած և համակարգված կերպով այն սաստկացնող Ադրբեջանի հանցավոր օրակարգին զանկացած աջակցություն ոչ միայն ավելացնում է անմեղ մարդկանց տառապանքները, այլև խախտում է միջազգային իրավունքով ամրագրված հիմնարար սկզբունքները, ներառյալ մարդու արժանապատվությունն ու իրավունքները: Քաղաքակիրթ միջազգային հանրությունը վաղուց մերժել է պետության ներքին գործերի անվան տակ մարդու իրավունքների զանգվածային խախտման ենթադրյալ իրավունքի վրա հիմնված արդարացումները` նման հանցագործությունների համար մեղավորներներին կանգնեցնելով ռազմական տրիբունալների առջև և ստեղծելով իրավական հիմքեր ապագայում նման հանցագործությունները կանխելու համար:Արցախի ժողովրդի արժանապատվությունը նսեմացնող Ադրբեջանի առաջարկներն ու գործողությունները պետք է հնարավորինս խիստ ձևով մերժվեն: Մարդու իրավունքների հիմքում ընկած է հենց մարդկային արժանապատվությունը, որը հանդիսանում է դրանց հանդեպ հարգանքի երաշխիքը: Արցախի ժողովրդի արժանապատվության ոտնահարումը նշանակում է նրա հիմնարար իրավունքների մերժում և ճանապարհ է հարթում Ադրբեջանի կողմից էլ ավելի անմարդկային հանցագործությունների իրագործման համար:Խստորեն հորդորում ենք առանցքային միջազգային դերակատարներին, ովքեր իսկապես շահագրգռված են Արցախում և ամբողջ տարածաշրջանում կայուն և արդար խաղաղության հաստատմամբ, ձեռնարկել վճռական անհատական և հավաքական քայլեր՝ վերջ դնելու Ադրբեջանի կողմից իրականացվող շրջափակմանն ու հանցավոր քաղաքականությանը: Եվս մեկ անգամ պնդում ենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կատարի միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման գործում միացյալ ազգերի ժողովուրդների կողմից իրեն վստահված դերը և վերջ դնի Արցախի հանցավոր, անմարդկային շրջափակմանը: Ակնկալում ենք, որ որպես Արցախում հումանիտար աղետը դադարեցնելուն ուղղված առաջին քայլ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն անհապաղ կպահանջի ամբողջությամբ և անվերապահորեն իրականացնել Արդադարադության միջազգային դատարանի 2023 թ. փետրվարի 22-ին ընդունված և 2023 թ. հուլիսի 6-ին վերահաստատված վճիռը, կապահովի մարդասիրական անարգել մուտքն Արցախ, ինչպես նաև կլիազորի մարդասիրական օդային միջանցքի բացումը:Բացարձակապես անթույլատրելի ենք համարում Արցախում ծավալվող հումանիտար աղետին անմասն ու անտարբեր հետևելը, որտեղ իրավիճակը ցանկացած պահի կարող է կտրուկ վատթարանալ: Միջազգային հանրությունը պետք է գիտակցի, որ անարդյունք քննարկումների ժամանակը վաղուց անցել է, և հիմա ժամանակն է իրականացնել կոնկրետ և անհետաձգելի գործողություններ, որոնք բխում են գոյաբանական սպառնալիքի տակ ապրող մարդկանց շահերից»,- ասվում է հայտարարության մեջ:
20:27 - 25 հուլիսի, 2023
ԿԽՄԿ բեռների մատակարարումն Ադրբեջանի կողմից խոչընդոտելը պատերազմական հանցագործություն է. Արցախի ԱԳՆ

ԿԽՄԿ բեռների մատակարարումն Ադրբեջանի կողմից խոչընդոտելը պատերազմական հանցագործություն է. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրևապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով ԿԽՄԿ մեքենաների տեղաշարժը խոչընդոտելու վերաբերյալ: Հայտարարությունում մասնավորապես ասվում է. «Հուլիսի 11-ին ադրբեջանական կողմը հերթական անգամ արգելել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) տրանսպորտային միջոցների տեղաշարժը Լաչինի միջանցքում ապօրինաբար տեղադրված հսկիչ անցակետով՝ դրանով իսկ կոպտորեն խախտելով ինչպես միջազգային հումանիտար իրավունքի նորմերը, այնպես էլ 2020 թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները և ՄԱԿ-ի միջազգային դատարանի 2023 թ․ փետրվարի 22-ի ու հուլիսի 6-ի որոշումները։ Այն փաստը, որ այդ ապօրինի և անմարդկային գործողությունն արդարացնելու համար Ադրբեջանը հղում է անում ԿԽՄԿ-ին պատկանող մեքենաներով այնպիսի «չթույլատրված իրերի» տեղափոխմանը, ինչպիսիք են՝ բջջային հեռախոսներն ու աքսեսուարները, ծխախոտն ու վառելիքը, միայն ապացուցում է Արցախի շարունակվող տրանսպորտային, պարենային և էներգետիկ շրջափակումը, առաջին անհրաժեշտության ապրանքների սուր պակասը, ինչպես նաև Բաքվի թշնամական և մարդատյաց վերաբերմունքն Արցախի ժողովրդի նկատմամբ։ Կրկին ընդգծում ենք, որ միջազգային հումանիտար իրավունքի նորմերի համաձայն՝ Ադրբեջանը պարտավոր է չխոչընդոտել հումանիտար բեռների մատակարարումը պաշարված Արցախ։ Տվյալ պարտավորության խախտումը հանդիսանում է Ժնևի կոնվենցիաների դրույթների լուրջ խախտում և որակվում որպես պատերազմական հանցագործություն։ Հաշվի առնելով դեպքի կապակցությամբ ԿԽՄԿ հուլիսի 11-ի հայտարարությունը՝ անհրաժեշտ է ընդգծել, որ Ադրբեջանի գործողություններն ուղղակիորեն խախտում են 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված Եռակողմ հայտարարությունը, որով, մասնավորապես, նախատեսվում էր Լաչինի միջանցքի գործունեության վերահսկողությունը վերապահել ՌԴ խաղաղապահ ուժերին՝ ապահովելու կապը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև, ինչպես նաև երաշխավորել Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների երկու ուղղություններով երթևեկության անվտանգությունը։ Ավելին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման շարունակումը ՄԱԿ-ի միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր երկու որոշումների խախտում է, որոնց համաձայն Ադրբեջանը պարտավոր է ապահովել մարդկանց և ապրանքների երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Ընդգծում ենք, որ միջազգային դերակատարները Լաչինի միջանցքի հարցի շուրջ իրենց մոտեցումներում պետք է առաջնորդվեն ՄԱԿ-ի միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր որոշումներով։ Խոչընդոտելով ԿԽՄԿ կողմից իրականացվող մարդասիրական գործունեությունը, ներառյալ՝ բժշկական տարհանումները, Ադրբեջանը ոչ միայն անտեսում է իր միջազգային պարտավորությունները, այլև սրում է Արցախում ստեղծված առանց այն էլ ծանր հումանիտար իրավիճակը։ Տվյալ արգելքն, ըստ էության, անհետաձգելի բժշկական օգնության սուր կարիք ունեցող անձանց ընդհանրապես զրկում է դրա հասանելիությունից, ինչը կարող է հանգեցնել լուրջ հետևանքների, ընդհուպ մինչև մարդկանց մահվան: ԿԽՄԿ մարդասիրական գործունեության խաթարումը, հունիսի 15-ից ի վեր Արցախի ամբողջական շրջափակումը, Ադրբեջանի հետևողական խոչընդոտումը Արցախի բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելուն, ինչպես նաև Արցախում անտանելի կենսապայմանների ստեղծմանը միտված քաղաքականությունը Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ցեղասպան մտադրությունների հերթական դրսևորումն են։ Անհրաժեշտ ենք համարում, որ միջազգային հանրությունը դատապարտի Ադրբեջանի ապօրինի գործողությունները և ճնշում գործադրի՝ վերականգնելու Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումներ և բժշկական տարհանումներ իրականացնելու ԿԽՄԿ հնարավորությունը՝ հիմք ընդունելով մարդու արժանապատվության հարգման սկզբունքը, ինչպես նաև հավաքական ջանքեր գործադրի՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը։ Հերթական անգամ հիշեցնում ենք, որ խաղաղ գործընթացում ներգրավված բոլոր կողմերը պատասխանատվություն են կրում Արցախի արդեն 7 ամիս շարունակվող հանցավոր շրջափակումը վերացնելու և Ադրբեջանի կողմից 2020 թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների, ինչպես նաև ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումների լիարժեք կատարումն ապահովելու համար»։
20:28 - 12 հուլիսի, 2023
Արցախի ԱԳ նախարարը մասնակցել է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում անցկացված մի շարք միջոցառումների

Արցախի ԱԳ նախարարը մասնակցել է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի շրջանակում անցկացված մի շարք միջոցառումների

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը հուլիսի 4-ին մասնակցել է Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի (6-8-ը հուլիսի) շրջանակներում կայացած Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Արցախի մարդասիրական աջակցության նախաձեռնության կազմակերպած՝ «Միասին կարող ենք ավելին՝ Հանուն Արցախի» խորագրով բարեգործական համերգին: Տոմսերի վաճառքից առաջացած հասույթը կփոխանցվի ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչությանը՝ լուրջ առողջական խնդիրներով արցախցի երեխաների բուժման ծախսերը հոգալու նպատակով։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ լրատվականից։ Սերգեյ Ղազարյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության համահեղինակներ Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի պատվավոր նախագահ Արա Բաբլոյանին և նվագախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանին՝ այս բարդ ու ծանր ժամանակահատվածում Արցախի կողքին կանգնելու և բարեգործական ծրագրեր իրականացնելու համար։   Հուլիսի 5-ին՝ Համագումարի պաշտոնական բացմանը, Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը ԱՀ նախագահի անունից պետական պարգևներ է հանձնել մի խումբ բժիշկների՝ 44-օրյա պատերազմի ընթացքում և հետպատերազմական շրջանում Արցախի առողջապահական համակարգին ցուցաբերած աջակցության համար։ Հուլիսի 6-ին ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցչությունում Արցախի արտգործնախարարն ընդունել է համագումարի մասնակիցներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի ամբողջական շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը, առողջապահական համակարգում ստեղծված ծանրագույն վիճակը և նախանշվել այդ իրավիճակի մեղմմանն ուղղված քայլերը:
12:22 - 11 հուլիսի, 2023
Միջազգային հանրությունը չպետք է անտեսի Ադրբեջանի կողմից իր միջազգային պարտավորությունների խախտումները. Արցախի ԱԳՆ

Միջազգային հանրությունը չպետք է անտեսի Ադրբեջանի կողմից իր միջազգային պարտավորությունների խախտումները. Արցախի ԱԳՆ

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից ռազմատենչ ու ագրեսիվ հռետորաբանության ակտիվացման մասին: «Վերջին շրջանում Ադրբեջանի պետական կառույցներն ու կառավարության կողմից վերահսկվող լրատվամիջոցները լայնածավալ ապատեղեկատվական արշավ են սկսել՝ նպատակ ունենալով մոլորեցնել միջազգային հանրությանը և պատրվակ ստեղծել Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ նոր ագրեսիայի համար։ Արցախի Պաշտպանության բանակի մասին հորինելով և առաջ մղելով կեղծ խոսույթներ՝ Ադրբեջանը, ըստ էության, ժխտում է Արցախի ժողովրդի ինքնապաշտպանության անքակտելի իրավունքը և ձգտում է նրան զրկել սեփական անվտանգության ապահովման բոլոր միջոցներից և հնարավորություններից, այն էլ՝ Բաքվի կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ մշտական սպառնալիքների և ռազմական սադրանքների պայմաններում։Չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբն արցախյան կողմից հրադադարի խախտում երբեք չի արձանագրել՝ պաշտոնական Բաքուն շարունակում է իր դիրքերը գնդակոծելու մասին կեղծ մեղադրանքներ ներկայացնել Արցախի Պաշտպանության բանակի հասցեին և միևնույն ժամանակ սաստկացնել ագրեսիվ ու ռազմատենչ հռետորաբանությունը՝ դրանով իսկ տեղեկատվական և քարոզչական հող նախապատրաստելով Արցախի Հանրապետության դեմ նոր ագրեսիայի համար: Դրա մասին է վկայում նաև այն փաստը, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետևողականորեն մերժել առաջարկները՝ Արցախ, այդ թվում՝ Լաչինի միջանցք ուղարկել միջազգային փաստահավաք առաքելություն, որը կկարողանա տեղում գնահատել իրավիճակը և միջազգային հանրությանը ներկայացնել իրականության օբյեկտիվ պատկերը:Արցախի նկատմամբ նման անթաքույց ռազմաքաղաքական շանտաժը, այդ թվում հրադադարի ռեժիմի շարունակական խախտումները, ռասայական ատելության և խտրականության հրահրումն ու քարոզչությունը, հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, տրանսպորտային և էներգետիկ ամբողջական շրջափակումը, ինչպես նաև Լաչինի միջանցքում ադրբեջանական հսկիչ անցակետի ապօրինի տեղադրումն անընդունելի են և հանդիսանում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշման կոպիտ խախտում։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի ագրեսիվ և ապակայունացնող գործողությունները նպատակ ունեն նաև թույլ չտալ, որ ստեղծվեն պայմաններ հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի և կողմերի միջև հավասարության ու բարեխղճության վրա հիմնված կառուցողական երկխոսության վերսկսման համար:Լիակատար անպատժելիությունից և ամենաթողությունից ոգևորված՝ Ադրբեջանի իշխանությունները հաշվի չեն առնում միջազգային հանրության ոչ մի կոչ ու հայտարարություն՝ ապակառուցողական գործողությունների անթույլատրելիության և բոլոր վիճելի հարցերը կառուցողական երկխոսության միջոցով լուծելու անհրաժեշտության մասին։ Այս առումով անընդունելի ենք համարում, որ միջազգային հանրությունը և, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնությունը, որի խաղաղապահ զորախումբը տեղակայված է Արցախում, և որի անվտանգության երաշխիքների ներքո 2020 թվականի պատերազմից հետո տասնյակ հազարավոր արցախցիներ վերադարձել են հայրենիք, առանց պատշաճ ուշադրության և արձագանքի թողնեն Ադրբեջանի սպառնալիքները:Այս համատեքստում կրկին ընդգծում ենք, որ միջազգային հանրության պատասխանատու անդամները և, մասնավորապես, խաղաղ գործընթացում ներգրավված բոլոր դերակատարները չպետք է անտեսեն և առավել ևս՝ որոշակի հայտարարություններով խրախուսեն Ադրբեջանի կողմից իր միջազգային պարտավորությունների խախտումները, Արցախի ժողովրդի դեմ իրականացվող էթնիկ զտումների քաղաքականությունը, որը կարող է վերաճել ավելի լայնածավալ հանցագործության։ Համոզված ենք, որ միայն Ադրբեջանի գործողությունների պատշաճ և միանշանակ քաղաքական գնահատականը, ինչպես նաև միջազգային հանրության կողմից Ադրբեջանի միջազգայնորեն հակաիրավական գործողությունների կանխմանն ուղղված հստակ և արդյունավետ միջոցների ձեռնարկումը թույլ կտան պայմաններ ստեղծել Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության ապահովման և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման համար»,- ասված է հայտարարության մեջ։
20:54 - 06 հուլիսի, 2023
Եթե ճանապարհ է փակում, ո՞նց կարող ենք հասկանալ, որ ադրբեջանական կողմն այդ երկխոսությանը պատրաստ է․ Արցախի ԱԳ նախարար

Եթե ճանապարհ է փակում, ո՞նց կարող ենք հասկանալ, որ ադրբեջանական կողմն այդ երկխոսությանը պատրաստ է․ Արցախի ԱԳ նախարար

Արցախյան կողմը չի մերժել [Բաքու-Ստեփանակերտ բանակցությունները՝ խմբ․] մի պարզ պատճառով, որ արցախյան կողմն ամենից շահագրգիռ կողմն է նման իրական երկխոսության մեջ, բայց այդ՝ երկխոսությունը որպեսզի կառուցողական բնույթ ունենա, որոշ չափորոշիչների պետք է համապատասխանի։ Այս մասին Ստեփանակերտ-Երևան հեռուստակամուրջ-ասուլիսի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը։ Նա նշեց, որ քննարկումները շարունակվում են․ «Մենք այս ընթացքում տարբեր առաջարկներ ենք ստացել տարբեր երկրների ներկայացուցիչներից, միջազգային կազմակերպություններից՝ նման հանդիպումներ կազմակերպելու մասին։ Ուղղակի կան որոշ կարեւոր էլեմենտներ, որոնք մենք պետք է հաշվի առնենք։ Ինչպես տեղյակ ենք, այս տարվա փետրվարի 14-ին եւ մարտի 1-ին նմանատիպ հանդիպումներ են տեղի ունեցել ռուսական խաղաղապահների միջնորդությամբ նրանց տեղակայման վայրում, այս հանդիպումների ժամանակ քննարկվել են տեխնիկական բնույթի հարցեր, սակայն ադրբեջանական կողմը ամբողջությամբ խեղաթյուրեց նման հանդիպումների իմաստը՝ ներկայացնելով դա իբր վերաինտեգրման շուրջ բանակցությունների մեկնարկ»։ Ապա Ղազարյանը հավելեց, որ դրան հետեւեց ամսի հինգին տեղի ունեցած դիվերսիոն գործողությունը, որի արդյունքում երեք ոստիկան է սպանվել, մեկը՝ վիրավորվել։ «Մենք ասում ենք, որ երկխոսությունը, որ կարողանանք անվանել երկխոսություն, այլ ոչ թե երկխոսության իմիտացիա, պետք է բավարարի հետեւյալ պահանջներին՝ ադրբեջանական կողմից ճանապարհի արգելափակում, դեպի Արցախ առաջին անրաժեշտության պարենի եւ առաջին անվտանգության ապրանքների ներկրման հնարավորության վերականգնում, որ մենք կարողանանք տեսնել, որ ինչ-որ մոտեցում է փոխվել։ Մյուս կողմը պետք է ցույց տա, որ ինքը պատրաստ է երկխոսության, բայց եթե ճանապարհ է փակում, ո՞նց կարող ենք հասկանալ, որ ադրբեջանական կողմն այդ երկխոսությանը պատրաստ է։ Պարբերաբար քննարկումներ գնում են, արցախյան կողմը իր հերթին խաղաղապահների միջոցով փոխանցել է առաջարկներ հանդիպումների մասին, որոնք մերժվել են հենց ադրբեջանական կողմից»,- ասաց Արցախի ԱԳ նախարարը։ Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանն էլ ընդգծեց, որ երբեւէ չեն հրաժարվել բանակցություններից, քննարկումներից, շփումներից․ «Բայց մեր բարձրացրած հարցը հետեւյալն է․ մենք ասում ենք՝ պետք չէ սպանել, մենք ասում ենք՝ պետք է դադարեցնել կրակել գյուղացու ուղղությամբ եւ անհրաժեշտ է քննարկել, չի կարելի սպանել քաղաքացիական անձանց եւ ոստիկանության ծառայողներին, ընդհակառակը՝ անհրաժեշտ է քննարկել եւ լուծել խնդիրները։ Եվ երբ այս ամենը վերածվում է միակողմանի գործարքի, եւ դրա անունը դրվում է բանակցություն, այստեղ է խնդիրը։ Այլապես այսօր Ադրբեջանը մի հայտարարություն կանի, վաղը կխոսի ՊԲ-ի մասին, հետո կքննարկի պետական մարմինների կազմալուծման հարց, հետո կբարձրացնի օրենսդրության հարց, ի վերջո վաղը Ադրբեջանի մոտ կարող է հարց առաջանալ, որ արցախցիները խմելու ջուրը շատ են օգտագործում։ Այսինքն՝ ցանկացած հարց Ադրբեջանի կողմից կարող է բերվել օրակարգ եւ քննարկման առարկա դարձվել կամ պարտադրել, որ դառնան քննարկման առարկա։ Հենց սրա մեջ է խնդիրը, արցախյան կողմն ամենեւին չի հրաժարվում շփումներից, խնդիրները քննարկելուց։ Բայց բոլոր միջնորդներին ընդամենը մի պարզ իրողություն է ներկայացվում՝ պետք է դադարեցնել մարդկանց սովամահ անելու գործողությունները, սպանելը, եւ դրանից հետո փորձել լուծումներ գտնել։ Սխալ է ներքին լսարանում եւ դրսում այդպիսի թեզ շրջանառել, որ Արցախը հրաժարվում է բանակցություններից»։ Պատասխանելով ՊԲ-ն լուծարելու նախապայմանի վերաբերյալ հարցին՝ Սերգեյ Ղազարյանը նշեց, որ հակամարտությանը ծանոթ քիչ թե շատ բոլորը գիտեն, որ Արցախի Պաշտպանության բանակը Արցախի բնակչության անվտանգությունն ապահովող կարեւորագույն գործոնն է։ «Բազմիցս հնարավորություն ենք ունեցել դրանում համոզվելու։ Տեսնելով ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողությունները, սադրանքները, ագրեսիվ հռետորաբանությունը ինչպես են թափ առնում, իրատեսական չէ քննարկումը Պաշտպանության բանակի լուծարման մասին։ Արցախի Պաշտպանության բանակն ապահովում է Արցախի ժողովրդի անվտանգությունը»,- ընգծեց նա։
11:53 - 06 հուլիսի, 2023
Հակամարտության կարգավորման ուղիների որոնումը չպետք է ունենա արհեստական սահմանափակումներ․ Արցախի ԱԳՆ-ն՝ ԱՄՆ դեսպանին

Հակամարտության կարգավորման ուղիների որոնումը չպետք է ունենա արհեստական սահմանափակումներ․ Արցախի ԱԳՆ-ն՝ ԱՄՆ դեսպանին

Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարաություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարության կապակցությամբ«Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանի`2023 թ․ հուլիսի 3-ին Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ հնչեցրած հայտարարությունների կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում նշել հետևյալը։ Ընդունելով այն կարևոր երկարամյա միջնորդական դերը, որն ԱՄՆ-ն, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ունեցել և շարունակում է ունենալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացում, միևնույն ժամանակ կարծում ենք, որ միջնորդների մոտեցումները չպետք է կանխորոշեն բանակցությունների արդյունքը։ Համոզված ենք, որ ադրբեջանա-ղարաբաղյան այնպիսի բարդ և տևական հակամարտության կարգավորումը, ինչպիսին է ադրբեջանա-ղարաբաղյան հիմնահարցը, կարող է հաջողությամբ պսակվել, այն դեպքում, եթե հակամարտության բոլոր կողմերը և միջնորդները, ամբողջովին գիտակցելով իրենց պատասխանատվությունը, ցուցաբերեն ճկունություն, ստեղծարար մոտեցում, կառուցողականություն և առաջնորդվեն ինչպես միջազգային իրավունքի նորմերով, այնպես էլ համընդհանուր այնպիսի արժեքներով, ինչպիսիք են արդարությունը, արժանապատվությունը և ազատությունը: Գտնում ենք, որ անսասան հավատարմությունն այս սկզբունքներին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից կուտակված միջնորդական փորձի կիրառումը կնպաստեն հակամարտության արդար ու համապարփակ կարգավորմանը և տարածաշրջանում կայուն ու արժանապատիվ խաղաղության հաստատմանը։ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ ակնհայտ ցեղասպանական մտադրությամբ իրականացվող նվաճողական և էթնիկ զտման քաղաքականության, շարունակվող անմարդկային շրջափակման, բռնության և ագրեսիայի կրկնվող դեպքերի, աճող ատելության խոսքի և ռազմատենչ հռետորաբանության պայմաններում նմանատիպ հայտարարությունները հիշեցնու են ագրեսորին հանդարտեցնելու քաղաքականություն։ Ինչպես ցույց է տալիս պատմական փորձը, ագրեսորի հանդարտեցումը վերջինիս կողմից ընկալվում է որպես իր ապակառուցողական քաղաքականության խրախուսում, ինչը հանգեցնում է միայն հետագա բռնությունների և մարդկային տառապանքների։ Կրկին ընդգծում ենք, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդար, հավասարակշռված և արժանապատիվ կարգավորման ուղիների որոնումը չպետք է ունենա արհեստական սահմանափակումներ, այլ պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ներառյալ՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի վրա։ Նորագույն պատմության մեջ և միջազգային պրակտիկայում կան ժողովրդի կամարտահայտության հիման վրա նման բարդ և ձգձգված հակամարտությունների լուծման օրինակներ»,- ասված է հայտարարության մեջ:
18:51 - 05 հուլիսի, 2023
Մարտունու շրջանում ադրբեջանցիները կրակել են դաշտերում աշխատող քաղաքացիների ուղղությամբ. ԱՀ ՆԳՆ ոստիկանություն

Մարտունու շրջանում ադրբեջանցիները կրակել են դաշտերում աշխատող քաղաքացիների ուղղությամբ. ԱՀ ՆԳՆ ոստիկանություն

Մարտունու շրջանում ադրբեջանցիները կրակել են դաշտերում աշխատող քաղաքացիների ուղղությամբ: Այս մասին հայտնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից: Հունիսի 28-ին ժամը 12:00-ի սահմաններում Ճարտար քաղաքի բնակիչ Վահե Առստամյանը (ծնված 1987թ.) Մարտունի քաղաքի վարչական տարածքի «64 հեկտար» կոչվող տեղամասում հացահատիկահավաք կոմբայնով հունձ կատարելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով կրակել են կոմբայնի ուղղությամբ։ Նույն օրը ժամը 12:00-ի սահմաններում, Գիշի գյուղի բնակիչ` Բախշի Ղահրամանյանը (ծնված 1961թ.) Ճարտար քաղաքի վարչական տարածքի «Ղուրուսու» կոչվող տեղամասում, «Բելառուս-80» տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հայտնվել է ադրբեջանցի զինծառայողների թիրախում։ Վերջիններս մարտական դիրքերից հրաձգային զենքերով անկանոն կրակել են իր ուղղությամբ։ Գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են: Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։
21:41 - 28 հունիսի, 2023
Արցախի ԱԳՆ-ն ողջունում է ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում անցկացված «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պաշտպանությունը» լսումները

Արցախի ԱԳՆ-ն ողջունում է ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում անցկացված «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պաշտպանությունը» լսումները

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունում է  «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պաշտպանությունը» խորագրով լսումները, որոնք կազմակերպվել են հունիսի 22-ին ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովում, և խորը երախտագիտություն հայտնում լսումների բոլոր կազմակերպիչներին և մասնակիցներին, այդ թվում՝ ԱՄՆ կոնգրեսականներ Քրիս Սմիթին, Ջեյմս ՄըքԳավերնին, Ադամ Շիֆին, Ֆրենք Փալլոնին, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսին` Ադրբեջանի անօրինական և ռազմատենչ նկրտումների մասին տեղեկացվածության բարձրացմանն ու Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերի համար: Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության արտգործնախարարությունից, առանձին ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ ԱՄՆ կոնգրեսականներն իրենց ելույթներում կոչ են արել ԱՄՆ ղեկավարությանը գործադրել բոլոր հնարավոր միջոցները՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության պաշտպանությունը, կանխելու հետագա լարվածությունը, ինչը կարող է հանգեցնել նոր պատերազմների ու նոր հանցագործությունների։ «Համոզված ենք, որ նման ձևաչափով լսումների անցկացումը կարևոր քայլ է և՛ քաղաքական, և՛ բարոյական տեսանկյուններից, քանի որ Ադրբեջանի ծավալապաշտական և ռազմատենչ քաղաքականությունը լուրջ մարտահրավեր ու սպառնալիք է ոչ միայն հայ ժողովրդի և հայոց պետականության, այլ նաև՝ տարածաշրջանային կայունության և ընդհանրապես քաղաքակիրթ աշխարհի համար»,- ասվում է մեկնաբանության մեջ։ Արցախի ԱԳՆ-ն շնորհակալություն է հայտնում նաև ԱՄՆ բարեկամներին՝ անսասան և սկզբունքային դիրքորոշման համար, ինչպես նաև հույս հայտնում, որ նման լսումների անցկացումը Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ հաջորդ շաբաթ Վաշինգտոնում կայանալիք հանդիպման նախօրեին կարևոր ազդակ կարող է դառնալ Արցախի ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծման և անվտանգային ու հումանիտար բնագավառներում առկա մարտահրավերների հաղթահարման համար։
20:11 - 25 հունիսի, 2023
Արցախի ԱԳՆ-ն մեկնաբանել է ԵԽԽՎ «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևի ընդունումը

Արցախի ԱԳՆ-ն մեկնաբանել է ԵԽԽՎ «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևի ընդունումը

Արցախի ԱԳՆ-ն մեկնաբանել է ԵԽԽՎ «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևի ընդունումը․ «Հարկ ենք համարում նշել 2023 թվականի հունիսի 22-ին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի կողմից ձայների բացարձակ մեծամասնությամբ  ընդունված «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը, որը կոչ է անում Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության, ինչպես նաև անհապաղ իրականացնել 2022 թվականի դեկտեմբերի 21-ին ՄԻԵԴ-ի կողմից կիրառված միջանկյալ միջոցները և Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշումը։Ճանաչելով 2020 թվականին Ադրբեջանի կողմից ուժի կիրառման փաստը` Լաչինի միջանցքի արգելափակմանն ուղղված Բաքվի միակողմանի գործողությունները, որոնք հանգեցրել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ամրագրված իրավունքների ոտնահարմանը, ԵԽԽՎ-ն առաջին անգամ արձանագրում է Ադրբեջանի կողմից ԵԽ-ի նկատմամբ իր կանոնադրական և կոնվենցիոն պարտավորությունների, ինչպես նաև կազմակերպությանն անդամակցության ժամանակ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ ստանձնած հանձնառության խախտումը:Կարևորում ենք նաև Վեհաժողովի եզրակացությունն առ այն, որ Ադրբեջանի կողմից ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել նրան, որ հայ բնակչությունը ստիպված կլինի լքել իրենց տները, եթե հակամարտությունը չլուծվի քաղաքական ճանապարհով։ Այս կապակցությամբ ընդգծում ենք, որ Արցախի Հանրապետության իշխանությունները բազմիցս միջազգային կազմակերպությունների և ընդհանրապես պետությունների հանրության ուշադրությունն են հրավիրել այն փաստի վրա, որ Լաչինի միջանցքի շրջափակումն Ադրբեջանի ավելի լայն քաղաքականության մի մասն է, որի նպատակը էթնիկ զտումներ իրականացնելն է։Էական ենք համարում այն փաստը, որ ընդունված բանաձևում ԵԽԽՎ-ն հստակ արձանագրում է Ադրբեջանի կողմից պարտադրված ապօրինի շրջափակման և կանխամտածված էներգետիկ ճգնաժամի ստեղծման արդյունքում Արցախի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև դրանց աղետալի մարդասիրական հետևանքները, և կոչ անում Ադրբեջանին անհապաղ վերականգնել Հայաստանից Արցախ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումները։Ամբողջովին կիսում ենք բանաձևում արտահայտված մտահոգությունը՝ էթնիկ հայերի նկատմամբ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից օգտագործվող թշնամական և սպառնալից հռետորաբանության առնչությամբ։ Սատարում ենք Լաչինի միջանցք և Արցախի Հանրապետություն Եվրոպայի խորհրդի փաստահավաք առաքելություն ուղարկելու, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի համապատասխան գործակալությունների անարգել մուտքն Արցախ ապահովելու ԵԽԽՎ կոչին։Ընդգծում ենք  միջազգային մեխանիզմների կիրառմամբ Ստեփանակերտի և Բաքվի միջև խաղաղ երկխոսություն սկսելու վերաբերյալ բանաձևում հնչեցված կոչերը: Վերահաստատում ենք Արցախի Հանրապետության իշխանությունների հետևողական դիրքորոշումը՝ կողմերի համագործակցության և իրավահավասարության սկզբունքների հիման վրա՝ միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափի շրջանակներում, բոլոր վիճելի հարցերն ու հակասությունները քննարկելու, խաղաղ բանակցությունների միջոցով Ադրբեջանի հետ հակամարտության արդարացի, արժանապատիվ և համապարփակ լուծում փնտրելու վերաբերյալ։Հաշվի առնելով Արցախի ամբողջական անմարդկային շրջափակումը, լիակատար ամենաթողության պայմաններում Ադրբեջանի կողմից շարունակվող ապօրինի և հանցավոր գործողությունները, և որպես հետևանք՝ Լեռնային Ղարաբաղում կտրուկ վատթարացող հումանիտար ճգնաժամը, կոչ ենք անում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին և Նախարարների կոմիտեին անհապաղ արձագանքել Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման անհերքելի փաստերին և հրատապ գործարկել կազմակերպության մեխանիզմները՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անհատական և հավաքական իրավունքների հետագա խախտումները կանխելու համար»։
23:28 - 24 հունիսի, 2023
Լաչինի միջանցքով անցնող ճանապարհին ապօրինի տեղադրած իր անցակետն Ադրբեջանը վերածել է ռազմական հենակետի. Արցախի ԱԳՆ

Լաչինի միջանցքով անցնող ճանապարհին ապօրինի տեղադրած իր անցակետն Ադրբեջանը վերածել է ռազմական հենակետի. Արցախի ԱԳՆ

Արցախի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Արցախի շարունակվող ամբողջական շրջափակման մասին, որում նշված է.    «Միջազգային հանրության ուշադրությունն ենք հրավիրում այն փաստի վրա, որ արդեն 9-րդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է ամբողջովին և անօրինական կերպով արգելափակել Լաչինի միջանցքը, որի նկատմամբ վերահսկողությունը, համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի, վերապահված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբին։   Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունների և դրան հաջորդած Լաչինի միջանցքով ճանապարհի ամբողջական արգելափակման պատճառով հունիսի 15-ից դադարեցվել են ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից Արցախի 120 հազար բնակչության գոյատևման համար անհրաժեշտ հումանիտար բեռների, մասնավորապես՝ պարենի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների բոլոր փոխադրումները:   Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից չի իրականացվում Արցախից Հայաստանի բուժհաստատություններ ծանր հիվանդների տեղափոխումը, ինչպես նաև կենսական նշանակության դեղամիջոցների մատակարարումը հանրապետություն։ Որպես հետևանք պարենի և դեղորայքի ներքին սուղ պաշարներն արագ սպառվում են, ինչը սպառնում է հանրապետությունում ստեղծված իրավիճակը վերածել հումանիտար աղետի։   Ավելին, հունիսի 22-ին ադրբեջանական կողմը Հակարի կամրջի վրա տեղադրել է բետոնե բլոկներ՝ ամբողջությամբ արգելափակելով Արցախը Հայաստանին կապող կյանքի միակ ճանապարհի երթևեկելի հատվածը և տեխնիկապես անհնարին դարձնելով տրանսպորտային միջոցների շարժն այդ ճանապարհով։ Այսպիսով, ընդամենը մեկ ամսվա ընթացքում Լաչինի միջանցքով անցնող ճանապարհի վրա ապօրինի տեղադրած և գովազդած իր անցակետն Ադրբեջանը վերածել է զրահատեխնիկայով, ինժեներական արգելապատնեշներով և զինված անձնակազմով համալրված ռազմական հենակետի: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ադրբեջանական կողմի բոլոր գործողությունները, ներառյալ կեղծ ակտիվիստների կողմից բեմադրված ցույցը, Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի արգելափակումը, Հայաստանից Արցախ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումը, խաղաղ բնակիչների թիրախավորումը և դաշտերում գյուղատնտեսական աշխատանքների խոչընդոտումը, կրում են կանխամտածված և ծրագրված բնույթ և նպատակ ունեն հայերի կյանքն Արցախում դարձնել անհնարին։   Արցախի իշխանությունները բազմիցս զգուշացրել են, որ ադրբեջանական անցակետի ապօրինի տեղադրումը բացասական հետևանքներ կունենա Լաչինի միջանցքի երկայնքով անվտանգ և անարգել տեղաշարժի համար, որն այժմ փաստացի ամբողջությամբ դադարեցված է, և 120.000 մարդ Արցախում, այդ թվում՝ 30.000 երեխա, իրենց սեփական տանը հայտնվել են պատանդի կարգավիճակում։ Ստեղծված իրավիճակում գետնի վրա առկա իրողությունների անտեսումը, անհասցե հայտարարություններն ու կոչերը, միջազգային հանրության կողմից կոնկրետ և համարժեք քայլերի բացակայությունը միայն խրախուսում են Ադրբեջանի իշխանություններին շարունակել և ակտիվացնել իրենց անօրինական և ագրեսիվ գործողությունները:   Կոչ ենք անում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերին, և առաջին հերթին՝ Ռուսաստանի Դաշնությանը, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցներն՝ ապահովելու ստանձնած միջազգային պարտավորությունների անշեղ և լիարժեք իրականացումը։ Դիմում ենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որը կրում է միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման առաջնային պատասխանատվությունը, ինչպես նաև միջազգային հանրության բոլոր պատասխանատու անդամներին, ներառյալ առանձին երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարություններին, խոսքից գործի անցնել և պաշտպանության համընդհանուր պատասխանատվության շրջանակներում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու Ադրբեջանի կողմից Արցախի և նրա ժողովրդի դեմ իրականացվող ռազմական հանցագործությունները, էթնիկ զտումները և մարդկության դեմ հանցագործությունները»։
19:33 - 23 հունիսի, 2023
Խստորեն պահանջում ենք, որ միջազգային հանրությունը ձեռնարկի միջոցներ՝ կանխելու սպառնացող ցեղասպանության աղետը. Արցախի ԱԳՆ

Խստորեն պահանջում ենք, որ միջազգային հանրությունը ձեռնարկի միջոցներ՝ կանխելու սպառնացող ցեղասպանության աղետը. Արցախի ԱԳՆ

Արցախի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից միջազգային պարտավորությունների խախտմամբ Լաչինի միջանցքի ամբողջական արգելափակման կապակցությամբ, որում նշված է. «Հունիսի 15-ից ի վեր՝ արդեն 7-րդ օրն է, ինչ Ադրբեջանը ամբողջությամբ արգելափակել է ՌԴ խաղաղապահ զորակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) կողմից Լաչինի միջանցքով իրականացվող բոլոր տեսակի հումանիտար բեռների` ներառյալ պարենի և դեղորայքի մատակարարումներն Արցախ՝ դրանով իսկ միտումնավոր զրկելով Արցախի 120 հազար բնակչությանը, այդ թվում՝ երեխաներին, կանանց և ծերերին, գոյատևման նվազագույն միջոցներից։ Ընդգծում ենք, որ Լաչինի միջանցքի ամբողջական և կամայական արգելափակումը, մասնավորապես, ՌԴ խաղաղապահ զորակազմի և ԿԽՄԿ-ի կողմից Արցախի պաշարված ժողովրդի հիմնական կարիքների համար նախատեսված մարդասիրական բեռների փոխադրմանը միտումնավոր խոչընդոտելը, միջազգային իրավունքում դիտարկվում է որպես պատերազմական հանցագործություն։ Ըստ էության, Ադրբեջանը 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների աղաղակող խախտումներից և ՄԱԿ-ի միջազգային դատարանի 2023 թ․ փետրվարի 22-ի իրավաբանորեն պարտավորեցնող վճռի լիակատար անտեսումից անցել է պատերազմական հանցագործություն հանդիսացող գործողությունների։Հիշեցնենք, որ Լաչինի միջանցքը, որը նախատեսված է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որով, մասնավորապես, սահմանվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից միջանցքի բացառիկ վերահսկողությունը, անցած վեց ամիսների ընթացքում գործել է Ադրբեջանի կողմից խիստ և կամայական սահմանափակումներով և օգտագործվել միայն ԿԽՄԿ-ի և ՌԴ խաղաղապահ զորակազմի ավտոմեքենաների անցման համար։ Հունիսի 15-ին Հակարիի կամրջի վրա ադրբեջանական դրոշի հետ կապված կանխամտածված սադրանքից հետո Ադրբեջանն ամբողջությամբ արգելափակել է միջանցքը, այդ թվում՝ զրահամեքենաների օգտագործմամբ։ Այսպիսով, միջանցքով երկու ուղղություններով երթևեկությունն արդեն փակ է նաև ԿԽՄԿ-ի և ՌԴ խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչների համար, որոնք առաջին անհրաժեշտության ապրանքներ էին մատարակարում Արցախի Հանրապետություն։Արցախի լիակատար շրջափակումը և արտաքին աշխարհից մեկուսացումը խորացնում են հումանիտար ճգնաժամը և պարարտ հող  նախապատրաստում, որպեսզի մարդկության դեմ ուղղված Ադրբեջանի շարունակական հանցագործությունները վերաճեն ցեղասպանության հանցագործության։ Ամբողջովին արգելափակելով Լաչինի միջանցքը, որն արցախցիների կյանքի միակ ճանապարհն է, Ադրբեջանը փաստացի նոր մակարդակի է հասցրել Արցախի էթնիկ զտման և որպես այդպիսին նրա ժողովրդի ոչնչացման իր նպատակաուղղված քաղաքականությունը։Կասկածից վեր է, որ Լաչինի միջանցքի նկատմամբ ապօրինի վերահսկողություն սահմանելու սկզբնական նպատակը եղել է դրա հետագա արգելափակումը և շրջափակման օգտագործումը որպես Արցախի ժողովրդի դեմ ագրեսիվ և ցեղասպան քաղաքականություն վարելու միջոց։ Ըստ էության, Լաչինի միջանցքը, որն ի սկզբանե նախատեսված էր արտաքին աշխարհի հետ Արցախի կապն ապահովելու համար և հանդիսանում էր նրա ժողովրդի բնականոն կենսագործունեության երաշխիքներից մեկը, Ադրբեջանի կողմից օգտագործվում է որպես ռազմաքաղաքական գործիք՝ Արցախի Հանրապետության և նրա քաղաքացիների դեմ ագրեսիվ գործողություններ իրականացնելու համար:120 հազար մարդկանց, այդ թվում՝ կանանց, ծերերին և երեխաներին գիտակցաբար սովի մատնելը, նրանց ամենօրյա անտանելի տառապանքներ պատճառելը, ինչպես նաև ուժի կամ ուժի սպառնալիքի միջոցով սեփական կամքը պարտադրելը պահանջում են միջազգային հանրությունից ձեռնարկել հրատապ և արդյունավետ հարկադրական բնույթի միջոցներ՝ ուղղված Արցախի ժողովրդի իրավունքների զանգվածային խախտումները կանխելուն։Խստորեն պահանջում ենք, որ միջազգային հանրության բոլոր պատասխանատու անդամները ձեռնարկեն անհրաժեշտ հավաքական և անհատական  միջոցներ՝ դադարեցնելու Ադրբեջանի կողմից իրականացվող շարունակական միջազգային հանցագործությունները, ինչպես նաև կանխելու Արցախի ժողովրդին սպառնացող ցեղասպանության աղետը: Ժամանակն է նաև, որպեսզի ԿԽՄԿ-ն և այլ համապատասխան միջազգային կառույցները և իրավապաշտպան կազմակերպությունները պատշաճ և համարժեք գնահատեն ստեղծված իրավիճակը և հորդորեն Ադրբեջանի իշխանություններին հարգել Արցախի ժողովրդի մարդասիրական օգնության և միջազգային պաշտպանության իրավունքը։ Ընդգծում ենք, որ անգործությունը և անտարբերությունը փաստացի խրախուսում են Ադրբեջանի ցեղասպան գործողությունները»։
16:39 - 21 հունիսի, 2023
Երբ Արցախի բնակչությունը գտնվում է պատանդի կարգավիճակում, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման ուղիների շուրջ իրական երկխոսություն սկսելն անիրատեսական է․ Արցախի ԱԳՆ

Երբ Արցախի բնակչությունը գտնվում է պատանդի կարգավիճակում, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման ուղիների շուրջ իրական երկխոսություն սկսելն անիրատեսական է․ Արցախի ԱԳՆ

Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսություն հաստատելու փորձերի մասին վերջերս ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցներում անանուն դիվանագիտական աղբյուրներին հղումով տարածված աղմկահարույց հրապարակումների առնչությամբ Արցախի ԱԳՆ-ն տարածել է հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև․ «Արցախի Հանրապետությունն ամենաշահագրգիռ կողմն է տարածաշրջանում կայուն և արդար խաղաղության հաստատմանն ուղղված երկխոսության և խաղաղ բանակցությունների միջոցով Ադրբեջանի հետ հակամարտության համապարփակ լուծում գտնելու հարցում։ 44-օրյա պատերազմի ավարտից հետո արդեն իսկ եղել են նման շփումների փորձեր հրատապ մի շարք խնդիրների լուծման նպատակով։ Մասնավորապես, Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև ՌԴ խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ տեղի են ունեցել մի քանի հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել են մարդասիրական, ենթակառուցվածքային և այլ տեխնիկական հարցեր՝ ուղղված մարդկանց խաղաղ և բնականոն կյանքի համար պայմանների ապահովմանը։ Մինչև Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը ՌԴ խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպումների շնորհիվ արձանագրվել են կոնկրետ արդյունքներ՝ անհայտ կորածների ճակատագրի բացահայտման և զոհվածների աճյունների որոնման, կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն աշխատանքի ապահովման, գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման և այլ հարցերում։ Այս ձևաչափով վերջին հանդիպումն անց է կացվել է 2023 թվականի մարտի 1-ին, որի ընթացքում քննարկվել են Արցախի տրանսպորտային և էներգետիկ շրջափակման դադարեցմանն առնչվող հարցեր։ Սակայն, ադրբեջանական կողմը սկզբում հրաժարվել է կատարել հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, իսկ այնուհետև դիմել է տարբեր սադրանքների և ագրեսիվ գործողությունների՝ հետևողականորեն մերժելով նշված ձևաչափով հանդիպումները շարունակելու Արցախի Հանրապետության բոլոր հետագա առաջարկները։ Արցախի Հանրապետության իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ խաղաղ գործընթացի վերսկսման համար անհրաժեշտ է վերականգնել միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափը, որի շրջանակներում հնարավոր կլինի բարեխղճության, համագործակցության և կողմերի իրավահավասարության սկզբունքների հիման վրա քննարկել բոլոր վիճահարույց հարցերն ու հակասությունները։ Միևնույն ժամանակ այս մեխանիզմը պետք է լինի ներառական և ներկայացուցչական, ինչպես նաև ունենա համապատասխան կարողություններ և լիազորություն՝ ապահովելու ձեռք բերված պայմանավորվածությունների և կողմերի ստանձնած պարտավորությունների կատարումը։ Համոզված ենք, որ միջազգային միջնորդների դերը չպետք է սահմանափակվի միայն բարի ծառայությունների մատուցմամբ, այլ պետք է միտված լինի առկա խնդիրներին արդար, հավասարակշռված և կենսունակ լուծումներ գտնելու, երկխոսության համար բարենպաստ և արժանի պայմաններ ստեղծելու գործընթացում ավելի ակտիվ ներգրավվածությանը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների պահպանման և ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների իրականացման ապահովմանը։ Այս համատեքստում ևս մեկ անգամ ընդգծում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման, ինչպես նաև հակամարտության խաղաղ կարգավորման մեջ ներգրավված բոլոր հիմնական դերակատարների արդյունավետ համագործակցության կարևորությունը։ Այս առումով առաջնային նշանակություն ունեն միջազգային հանրության հավաքական և անհատական ​​ջանքերը՝ ուղղված Արցախում նորմալ կենսապայմանների ստեղծմանը, Արցախի տրանսպորտային և էներգետիկ շրջափակման դադարեցմանը, ապօրինի տեղադրված ադրբեջանական անցակետի վերացմանը և մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների Լաչինի միջանցքով երկու ուղղություններով ազատ տեղաշարժի ապահովմանը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների և Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշման։ Ակնհայտ է, որ Արցախի շարունակվող խիստ շրջափակման, ուժի կիրառման և էթնիկ զտման ահագնացող սպառնալիքների պայմաններում, երբ Արցախի 120,000 բնակչությունը, ըստ էության, գտնվում է պատանդի կարգավիճակում, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման ուղիների շուրջ իրական երկխոսություն սկսելն անիրատեսական է»,- նշված է հաղորդագրության մեջ։ 
15:34 - 16 հունիսի, 2023
Ադրբեջանի գործողություններն առավել սպառնալից բնույթ են ստանում. Արցախի ԱԳՆ

Ադրբեջանի գործողություններն առավել սպառնալից բնույթ են ստանում. Արցախի ԱԳՆ

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի ամբողջական փակման կապակցությամբ, որում ասված է. «Հունիսի 15-ին ադրբեջանական կողմը, Հակարիի կամրջի վրա դիտավորյալ կերպով դիմելով սադրանքի, երկու ուղղություններով ամբողջովին արգելափակել է հումանիտար բոլոր ուղևորափոխադրումները և բեռնափոխադրումները Լաչինի միջանցքով։ Ադրբեջանի գործողությունների արդյունքում խափանվել է բուժառուների նախատեսված բժշկական տարհանումն Արցախից Հայաստան և չեղարկվել ուղևորների՝ անհետաձգելի հումանիտար անհրաժեշտությունից ելնող տեղափոխումը Ստեփանակերտ-Գորիս-Ստեփանակերտ երթուղով՝ ռուսական խաղաղապահ համակազմի միջնորդությամբ։ Կանգնեցվել է նաև ռուս խաղաղապահների բեռնատարների ընթացքը, որոնք ուղևորվել էին Գորիս՝ հումանիտար բեռներ Արցախ հասցնելու նպատակով։ Ավելի քան 6 ամիս շարունակվող Արցախի ապօրինի շրջափակման պատճառով առանց այն էլ սահմանափակ ռեժիմով և բացառապես հումանիտար նպատակներով օգտագործվող Լաչինի միջանցքի ամբողջական արգելափակումը ևս մեկ անգամ գործնականում ցուցադրում է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է իր միջազգային պարտավորությունները, անտեսում միջազգային իրավունքի հիմնարար նորմերը, այդ թվում՝ ՄԱԿ-ի միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր որոշումը։ Փաստորեն, Լաչինի միջանցքում ապօրինաբար տեղադրված հսկիչ անցակետն Ադրբեջանի կողմից օգտագործվում է բացառապես որպես Արցախի ժողովրդի դեմ էթնիկ զտման քաղաքականության շարունակման գործիք։ Ակնհայտ է, որ Ադրբեջանի իշխանությունները, ի շարունակումն Արցախի էթնիկ զտմանը և հայրենի հողից նրա ժողովրդի վտարմանն ուղղված իրենց քաղաքականության, որն իրականացվում է անտանելի կենսապայմանների ստեղծման, այդ թվում՝ այսպես կոչված էկոակտիվիստների միջոցով սկսված Արցախի երկարատև շրջափակման, Լաչինի միջանցքի նկատմամբ ադրբեջանական վերահսկողության հաստատման և այլ հակաիրավական գործողությունների միջոցով, որոշել են նոր սադրանքների դիմել՝ միտված շրջափակման խստացմանը և արտաքին աշխարհից Արցախի ժողովրդի մեկուսացմանը՝ նրան զրկելով նույնիսկ սահմանափակ տեղաշարժի և ԿԽՄԿ ու ռուս խաղաղապահների միջոցով հումանիտար բեռների փոխադրման հնարավորությունից։ Արցախի ժողովրդի դեմ էթնիկ զտման քաղաքականության նկատմամբ ամենաթողության և միջազգային հանրության կողմից վճռական միջոցների բացակայության պայմաններում Ադրբեջանի գործողություններն առավել սպառնալից բնույթ են ստանում։ Արցախի ժողովրդի դեմ նոր վայրագություններից և հանցագործություններից խուսափելու համար Ադրբեջանի նմանօրինակ ապօրինի և ագրեսիվ քայլերը պետք է արժանանան միջազգային հանրության և առաջին հերթին՝ գործընթացում ներգրավված բոլոր կողմերի համարժեք քաղաքական գնահատականին։ Կրկին ընդգծում ենք, որ մարդու իրավունքների զանգվածային խախտումների, այդ թվում՝ էթնիկ զտումների և ցեղասպանությունների կանխարգելումը միջազգային հանրության բոլոր անդամների պարտավորությունն է»:
21:44 - 15 հունիսի, 2023