Արմեն Սարգսյան

ՀՀ չորրորդ նախագահն է։ 

Ծնվել է 1953թ. հունիսի 23-ին, Երևան քաղաքում:

1970թ. ավարտել է Երևանի թիվ 114 միջնակարգ դպրոցը: 1976թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: 1978թ. ավարտել է ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի ասպիրանտուրան: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, դոցենտ:

1991-1996թթ․ զբաղեցրել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի  Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարի, այնուհետև ՀՀ դեսպանի պաշտոնները:

1992-1996թթ․ եղել է Եվրոպայի ավագ դեսպան, ՀՀ դեսպանը Եվրոպական Միությունում, Բելգիայում, Նիդերլանդներում, Լյուքսեմբուրգում, Սուրբ Աթոռում, ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավարը:

1996-1997թթ․ զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը:

1998-2000թթ․ վերանշանակվել է ՄԹ-ում և, համատեղության կարգով, Վատիկանում Հայաստանի Հանրապետության դեսպան:

2000-2013 թվականներին եղել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ավագ խորհրդական, Eurasia House International –ի հիմնադիր նախագահ, Քեմբրիջի համալսարանի Եվրասիական կենտրոնի հիմնադիր և տնօրեն,  Եվրասիական ամենամյա մեդիա ֆորումի հիմնադիր, Քեմբրիջի համալսարանի բիզնես դպրոցի Տարեկան միջազգային կոնֆերանսի հիմնադիր, Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum)  էներգետիկ անվտանգության գլոբալ խորհրդի նախագահ, Արևելք-Արևմուտք ինստիտուտի (East- West Institute) պատվավոր փոխնախագահ, Եվրաատլանտյան անվտանգության նախաձեռնության (Euro‐Atlantic Security Initiative) հանձնաժողովի համանախագահ (Էներգետիկ անվտանգության նախագահ), Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի (British-Armenian All-Party Parliamentary Group) հիմնադիր նախագահ, Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի (Global Leadership Foundation) խորհրդի անդամ, ԱՄՆ Հարվարդի համալսարանի Քենեդու կառավարման դպրոցի (Kennedy School of Government, Harvard University) խորհրդի անդամ, Չիկագոյի համալսարանի հանրային քաղաքականության ուսումնասիրությունների Հարրիսի դպրոցի (Harris School of Public Policy Studies, University of Chicago) խորհրդի անդամ, Ջոն Սմիթ Հիմնադրամի (John Smith Trust) հոգաբարձու, Հայ բարեգործական ընդհանուր միության խորհրդի անդամ, «Երեւան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հիմնադիր եւ այլն:

2000-2013թթ․ Alcatel, Lucent, Telefonica, British Petrolium, Merrill Lynch-Bank of America և այլ միջազգային ընկերությունների գլխավոր խորհրդատու:

2013-2018թթ. Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան:

2018թ. ապրիլի 9-ին ստանձնել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը:

Հրաժարական է ներկայացրել 2022թ. հունվարի 21-ին:

Իրադարձություններն Արցախում և տարածաշրջանում փաստում են, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն անհրաժեշտություն են տևական խաղաղության և կայունության համար. Արմեն Սարգսյան

Իրադարձություններն Արցախում և տարածաշրջանում փաստում են, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն անհրաժեշտություն են տևական խաղաղության և կայունության համար. Արմեն Սարգսյան

ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ։ Ուղերձում ասվում է. «Ապրիլի 24-ը ոչ միայն հիշատակի օր է: Այդ օրը մենք ապացուցում ենք ողջ աշխարհին, որ հայերը չե՛ն կարող ոչնչանալ: Մենք ապացուցել ենք, որ կարո՛ղ ենք վեր հառնել մոխրից... Ավելի քան 100 տարի առաջ մեր ժողովրդի կրած վիթխարի մարդկային ու տարածքային կորուստների ցավն այսօր էլ արձագանքում է մեր սրտերում՝ հիշեցնելով, որ ոտնահարվել է հայ ժողովրդի՝ իր բնօրրանում խաղաղ և ապահով ապրելու ու զարգանալու իրավունքը՝ երեկ՝ Օսմանյան կայսրությունում, այսօր՝ նաև Արցախում: Մենք, որպես միասնական ժողովուրդ և պետություն, պետք է կարողանանք մաս կազմել այսօր աշխարհում տեղի ունեցող զարգացումներին' առանց նահանջելու մեր հիշողությունից ու արդարացի պահանջներից Հայաստանում, Սփյուռքում և Արցախում... Հայոց ցեղասպանության ոճիրը լռության մատնելու, անցյալում թողնելու, առավել ևս՝ ժխտելու քաղաքականությունն իրեն վաղուց է սպառել: Ցեղասպանությունը ողջ մարդկության դեմ ուղղված հանցագործություն է, անտարբերությունն ու անպատժելիությունը նոր հանցագործություններ են ծնում: Այսօր էլ իրադարձություններն Արցախում և մեր ողջ տարածաշրջանում վերստին փաստում են, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն անհրաժեշտություն են տևական խաղաղություն և կայունություն ապահովելու համար...», - ասված է ուղերձում:
11:58 - 24 ապրիլի, 2022
ԵՄ-ն զգուշացրել է դաշինքի երկրներին, որ գազի դիմաց ռուբլով վճարելը կխախտի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների էությունը |armtimes.com|

ԵՄ-ն զգուշացրել է դաշինքի երկրներին, որ գազի դիմաց ռուբլով վճարելը կխախտի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների էությունը |armtimes.com|

armtimes.com: Եվրամիությունը նախազգուշացրել է միության երկրներին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պահանջն այն մասին, թե ոչ բարեկամ երկրները ռուսական գազի դիմաց վճարումներ պետք է կատարեն ռուբլով, կխախտի գործող պատժամիջոցները, որոնք դաշինքը սահմանել է Մոսկվայի դեմ՝ կապված Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության հետ: Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է Bloomberg գործակալությունը: Եվրահանձնաժողովը մասնակից երկրներին ներկայացրել է նախագահ Պուտինի հրամանագրի վերլուծությունը։ Վերլուծության մեջ ասվում է, որ վճարման նոր մեխանիզմը կխախտի Ռուսաստանի կառավարության, Կենտրոնական բանկի, ինչպես նաև այլ կազմակերպությունների և անհատների նկատմամբ կիրառվող սահմանափակող միջոցները։ Ըստ Եվրահանձնաժողովի, հրամանագիրը ստեղծում է նոր իրավական իրավիճակ, որը կարող է ռուսական պետությանը լիարժեք վերահսկողություն տալ, թե երբ ավարտվի  գազի գործարքը և որ պահին գնորդը ազատվի պարտավորություններից։ Հիշեցնենք, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 31-ին հրամանագիր է ստորագրել, որով ապրիլի 1-ից սահմանվում է անբարյացակամ երկրներից գնորդների կողմից ռուսական գազի մատակարարումների վճարման նոր կարգ։ Այժմ նման պետությունները պետք է արտարժույթով միջոցներ փոխանցեն Գազպրոմբանկին, որն արդեն բորսաներում կգնի ռուբլի և կփոխանցի ներկրողների ռուբլու հատուկ հաշիվներին։
13:23 - 14 ապրիլի, 2022
Պատրաստ եմ աջակցել Ձեզ՝ ի նպաստ ուժեղ և կայուն պետականության. Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին

Պատրաստ եմ աջակցել Ձեզ՝ ի նպաստ ուժեղ և կայուն պետականության. Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին

Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին՝ Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ 4-րդ նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրությունից: «Հարգելի պարոն Խաչատուրյան, Շնորհավորում եմ Հանրապետության նախագահի բարձր և պատասխանատու պաշտոնում ընտրվելու առթիվ: Հանրապետության նախագահի պաշտոնը Դուք ստանձնում եք մեր երկրի ու ժողովրդի համար չափազանց բարդ ու պատասխանատու ժամանակահատվածում, երբ առկա են հրատապ լուծում պահանջող բազում ներքին և արտաքին խնդիրներ: Շնորհավորանքիս հետ մեկտեղ՝ Ձեզ մաղթում եմ առողջություն, որը կարևորագույն նախապայմաններից մեկն է, որպեսզի կարողանաք հաջողությամբ և հաստատակամությամբ պաշտպանել և առաջ մղել մեր երկրի շահերը, արժանապատվորեն ծառայել հայոց պետությանն ու ժողովրդին: Կարևորելով հայրենիքի և ժողովրդի անվտանգ և բարեկեցիկ ապագան՝ պատրաստ եմ աջակցել Ձեզ՝ իմ հնարավորությունները, փորձը, կապերը, ներուժը ծառայեցնել ի նպաստ ուժեղ և կայուն պետականության։ Հաջողություն և ամենայն բարիք Ձեզ»,- նշված է հաղորդագրության մեջ:
13:06 - 04 մարտի, 2022
Շվեյցարական գաղտնիքներ. Արմեն Սարգսյանը չի հայտարարագրել Credit Suisse բանկում ունեցած գումարը |hetq.am|

Շվեյցարական գաղտնիքներ. Արմեն Սարգսյանը չի հայտարարագրել Credit Suisse բանկում ունեցած գումարը |hetq.am|

Գլխավոր լուսանկարը՝ hetq.am-ի hetq.am: SuisseSecrets-ը միջազգային լրագրողական հետաքննություն է՝ հիմնված  բանկային հաշիվների մասին տվյալների արտահոսքի վրա։ Այդ տվյալները գերմանական Süddeutsche Zeitung թերթին տրամադրել է անանուն աղբյուրը։ Թերթն այդ տեղեկատվությունը փոխանցել է OCCRP-ի և 47 այլ մեդիա գործընկերների՝ աշխարհի տարբեր վայրերից։ Արտահոսած տեղեկատվությունը վերաբերվում է մոտ 30 հազար անձի և ավելի քան 18 հազար բանկային հաշիվների։ Այս հաշիվները բացվել են սկսած 1940-ականներից մինչև վերջին տասնամյակը, դրանցում ընդհանուր առմամբ եղել է ավելի քան 100 միլիարդ դոլար: Հայաստանի քաղաքացիների կամ Հայաստանի հետ կապ ունեցող անձանց թիվն արտահոսած տեղեկատվության մեջ հասնում է մոտ 500-ի, իսկ բանկային հաշիվների թիվը՝ մոտ 400-ի։ Այս մարդկանց թվում են ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը և իր ընտանիքի անդամները։  Այսպես, Արմեն Սարգսյանի և նրա քրոջ՝ Կարինե Սարգսյանի անվամբ շվեյցարական Credit Suisse բանկում եղել է 10 միլիոնից ավելի շվեյցարական ֆրանկ: Այս հաշիվը գործել է 2006 թ.-ից և բանկի կողմից սպասարկվել է մինչև 2016 թ.-ը։ Շվեյցարական բանկում հաշիվ ունենալը հանցագործություն չէ, սակայն նախագահն այդ հաշվին ունեցած դրամական միջոցները չէր հայտարարագրել։  Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը հունվարի 23-ին անակնկալ հրաժարական տվեց։ Հրաժարականին նախորդող օրերին մենք Արմեն Սարգսյանին նրա՝ Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիության մասին հարցումներ էինք ուղարկել, մեր համոզմամբ հենց այդ պատմությունն է դարձել նրա հրաժարականի պատճառը։ 2013-ի սեպտեմբերի 27-ին Արմեն Սարգսյանը նշանակվել է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան։ Նշանակման պահից նա, ըստ օրենքի, դարձել է հայտարարատու անձ։  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրերը վերլուծելուց պարզ է դառնում, որ վերը նշված դրամական միջոցները նախկին նախագահը չի ներկայացրել ո՛չ իր պաշտոնը ստանձնելու հայտարարագրում (2013), ո’չ 2014, 2015, 2016 թվականների տարեկան հայտարարագրերում։ Ըստ այդ ժամանակ գործող իրավակարգավորումների, մասնավորապես՝ «Հանրային ծառայության մասին» օրենքի (ընդունված 26.05.2011 թ.-ին) և Կառավարության 15 դեկտեմբերի 2011 թ.-ի N1819-Ն որոշման, նա հայտարարագրել է 8 մլն եվրո։ Հետագայում նրա տարեկան հայտարարագրերում այս 8 մլն եվրոն գնալով նվազել է։ «Հետքը»՝ իր միջազգային գործընկերների հետ հարցումով դիմել է Արմեն Սարգսյանին։ Մասնավորապես, նրան խնդրել էինք մեկնաբանել, թե որն է այս գումարի ծագման աղբյուրը, և ինչու Սարգսյանը չի հայտարարագրել այն։  Արմեն Սարգսյանից ստացել ենք խուսանավող պատասխան։ Սարգսյանի կարծիքով, այն հանգամանքը, որ մեր ձեռքի տակ է հայտնվել նրա բանկային հաշվի մասին տեղեկատվությունը, ըստ էության, ապօրինի է, որ դա «անձնական կյանքի գաղտնիության խախտում է... և չկա որևէ հանրային շահ, որը երաշխավորում է նման անօրինական գործունեությունը»։ Համարելով, որ հարցումներն անտեղի են, այնուամենայնիվ, Սարգսյանը որոշել է պատասխանել մեր հարցերին և պարզաբանում է ներկայացրել։  Իր պարզաբանման մեջ Սարգսյանը նշում է, որ այդ տարիներին որպես դեսպան ծառայել է pro-bono (անվճար) հիմունքներով և Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանատան կայացման համար նույնիսկ գումար է ծախսել սեփական գրպանից։  «Հստակ չէր, որ կանոնները, որոնք պարտավորեցնում են պաշտոնյաներին հայտարարագրել իրենց եկամուտները, կիրառելի էին նման հանգամանքներում, ըստ էության, այլ անձինք, որոնք նույնպես ծառայել են pro bono հիմունքներով, որևէ հայտարարագիր չեն ներկայացրել»,-նշել է Սարգսյանը՝ բերելով Շառլ Ազնավուրի օրինակը։ Չնայած սրան, Սարգսյանը որոշել է հայտարարագրեր ներկայացնել։  «Այն ժամանակ հայտարարագրերն էլեկտրոնային չէին և չէին պարտավորեցնում հայտարարագրել կոնկրետ բանկային հաշիվներ, միայն իմ կանխիկ գումարները, որոնք ես ամեն տարի հայտարարագրում էի»,-նշել է Սարգսյանը։ Շարունակությունը՝ hetq.am-ում։
21:39 - 20 փետրվարի, 2022
Իշխանությունները հայտարարել են՝ չեն էլ ակնկալում, որ իրենց թեկնածուն պետք է ԱԺ 3/4-ը ունենա․ արդեն երկրորդ փուլի մասին են մտածում․ Արամ Վարդևանյան |factor.am|

Իշխանությունները հայտարարել են՝ չեն էլ ակնկալում, որ իրենց թեկնածուն պետք է ԱԺ 3/4-ը ունենա․ արդեն երկրորդ փուլի մասին են մտածում․ Արամ Վարդևանյան |factor.am|

factor.am: Արմեն Սարգսյանի լիազորությունները, որպես Հանրապետության նախագահ, դադարել են այսօր, 5-օրյա ժամկետ կա թեկնածու առաջադրելու կամ չառաջադրելու համար: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը: «Սահմանադրությունը նախատեսում է, որ ընդդիմությունը նույնպես կարող է թեկնածու առաջադրել, բայց այս հարցը պետք է քննության առարկա դառնա՝ առաջադրել թե ոչ: Այս իշխանությունները հայտարարել են, որ իրենք չեն էլ ակնկալում, որ իրենց թեկնածուն պետք է ԱԺ-ի 3/4-ը ունենա: Այսինքն՝ իրենք արդեն երկրորդ փուլի մասին են մտածում: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ վերաբերմունք է Սահմանադրության նկատմամբ, նախագահի ինստիտուտի նկատմամբ: Ի վերջո, այդ 3/4-ը ինչի՞ են գրել Սահմանադրության մեջ, գրել են նրա համար, որ այդ բոլոր քաղաքական ուժերը մտածեն՝ այնպիսի թեկնածու առաջադրել, որը կարողանա նման լեգիտիմությունը ունենա, անկախություն ունենա, որ կարողանա իր գործունեությունը իրականացնել… Իրենք նույն ոգևորությամբ ասում են, որ մեկ ուժով կարողացել են ընտրել ՄԻՊ-ին: Սա շատ վատ բան է»,- նշեց պատգամավորը:
15:52 - 01 փետրվարի, 2022
ԱԺ նախագահը ստորագրել է Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը

ԱԺ նախագահը ստորագրել է Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը

ՀՀ ԱԺ նախագահը ստորագրել է Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը։ Հիմք ընդունելով Հանրապետության նախագահի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության  Սահմանադրության 142-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի եւ 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները: Ըստ մեկ այլ արձանագրության՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրության հրապարակման պահից մինչեւ Հանրապետության նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումն Ազգային ժողովի նախագահի լիազորությունները կկատարի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը»։  
10:34 - 01 փետրվարի, 2022
Գեղեցիկ չի լինի, որ այսօր որևէ մեկնաբանություն անենք․ Խաչատուրյանը՝ նախագահի պաշտոնում իր հնարավոր առաջադրման մասին

Գեղեցիկ չի լինի, որ այսօր որևէ մեկնաբանություն անենք․ Խաչատուրյանը՝ նախագահի պաշտոնում իր հնարավոր առաջադրման մասին

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ մամուլում շրջանառվող լուրերին, ըստ որի ինքն է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախագահի թեկնածուն։ «Քանի որ այս պահին դեռևս չկա ՀՀ ազգային ժողովի նախագահի որոշում, որով դադարեցվում է գործող նախագահի լիազորությունները, այդ խոսակցությունը պետք է տեղի ունենա վաղը, և գեղեցիկ չի լինի, որ այսօր որևէ մեկնաբանություն անենք։ Դեռևս մարդը հնարավորություն ունի, կարող է դիմումը հետ վերցնել»։ Խաչատուրյանն ասաց՝ իր անունը «տեսականորեն պետք է շրջանառվեր»․  «Հաշվի առնելով բոլոր այն չափանիշները, օրինակ՝ 40 տարեկանից բարձր, ՀՀ քաղաքացի, ճանապարհ անցած մարդ, այդ պայմաններում կարելի է ենթադրել, որ ես կարող եմ հայտնվել այդ ցուցակում՝ հաշվի առնելով, որ որպես այսօրվա կառավարության անդամ, նաև քաղաքական թիմի անդամ ես կարող եմ առաջադրվել»։ Հարցին՝ պաշտոնի առաջարկը անակնկալ չէր, Խաչատուրյանը պատասխանեց․ «Անակնկալ էր այնքանով, ինչ տեղի ունեցավ մի շաբաթ առաջ, բոլորիս համար էր անակնկալ, դրանից առաջ իմ մտքով էլ չէր կարող անցնել, որ կարելի է ընդհանրապես մտածել և դառնալ այդ պաշտոնի մասին մտածող մարդ»։
15:21 - 31 հունվարի, 2022
Անկախ իրավիճակներից՝ մեր բանակը եղել ու մնում է մեր անվտանգության և ինքնության երաշխավորն ու պահապանը․ ՀՀ նախագահի ուղերձը

Անկախ իրավիճակներից՝ մեր բանակը եղել ու մնում է մեր անվտանգության և ինքնության երաշխավորն ու պահապանը․ ՀՀ նախագահի ուղերձը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի կապակցությամբ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր Բանակի օրն է. հայկական զինված ուժերը դառնում են 30 տարեկան: Անկախ իրավիճակներից՝ մեր բանակը եղել ու մնում է մեր անվտանգության և ինքնության երաշխավորն ու պահապանը: Երախտագիտությամբ ու խոնարհումով հիշենք ու ոգեկոչենք բոլոր նրանց, ովքեր պայքարել ու մարտնչել են մեր Հայրենիքի՝ Հայաստանի ու Արցախի համար, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել մեր անկախության և ազատության համար։ Առողջություն եմ մաղթում բոլոր վիրավորներին... Բոլորիդ հետ միասին անհամբեր սպասում եմ գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին: Մենք պետք է շարունակենք մեր ջանքերը նրանց՝ հայրենիք վերադարձնելու և անհետ կորածների արագ հայտնաբերման ուղղությամբ: Բոլորս պետք է միասնական լինենք բանակի հետ, ամուր պահենք նրա թիկունքը և ամրացնենք այն, համախմբվենք բանակի շուրջ: Բանակն ու կրթությունը մեր պետականության կարևորագույն հիմնաքարերն են: Աշխարհն արագորեն փոխվում է, և մեզնից է կախված, թե ինչպես օգտագործել այդ փոփոխություններն ի շահ մեր պետականության ու ժողովրդի: Դրա համար մեզ պետք է ունենալ կրթված և հայրենիքի պաշտպանությանն ամեն ինչով պատրաստ քաղաքացի, կազմակերպված, կարգապահ, տեխնիկապես հագեցած ու տեխնոլոգիապես զարգացած և մարտունակ զինված ուժեր, մրցունակ ու զարգացող տնտեսություն, և իհարկե, հասարակություն, որը պատրաստ է ամեն ինչով և ամեն պահի աջակից լինել բանակին: Սիրելի՛ զինծառայողներ, Ձեզնից յուրաքանչյուրը բանակի յուրահատուկ առանցքն է: Հայրենիքը, մենք բոլորս հույսով ու հավատով, հարգանքով, հպարտությամբ ու վստահությամբ ենք նայում ձեզ, և ձեզ հետ միասին նոր հաղթանակներ ենք կերտելու: Փա՛ռք Հայոց բանակին»։
13:30 - 28 հունվարի, 2022
Ինձ իշխանությունից որևէ առաջարկ չի արվել. Էդմոն Մարուքյանը՝ նախագահի պաշտոնում իր թեկնածության քննարկումների մասին |armenpress.am|

Ինձ իշխանությունից որևէ առաջարկ չի արվել. Էդմոն Մարուքյանը՝ նախագահի պաշտոնում իր թեկնածության քննարկումների մասին |armenpress.am|

armenpress.am: «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը շնորհակալ է բոլոր այն մարդկանցից, ովքեր պարբերաբար տեսնում են իրեն տարբեր բարձր պաշտոններում, այդ թվում՝ Հանրապետության նախագահի, սակայն քանի դեռ Արմեն Սարգսյանի հրաժարականը ընդունված չէ, Մարուքյանն անլուրջ է համարում Հանրապետության նախագահի պաշտոնում իր թեկնածության հարցը քննարկելը: Այդ մասին նա ասել է Եռաբլուր զինվորական պանթեոնում, որտեղ այցելել էր Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի կապակցությամբ՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը Հայրենիքին նվիրաբերած հերոսների հիշատակին: «Քանի դեռ Հանրապետության նախագահի հրաժարականը ընդունված չէ, Արմեն Սարգսյանը գործող նախագահն է, այսօր ուղերձով է հանդես եկել Բանակի օրվա առիթով, հետևաբար անլուրջ է ընդհանրապես նման հարց քննարկելը: Մյուս կողմից նաև շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր անընդհատ ինձ տեսնում են տարբեր բարձր պաշտոններում», - նշել է «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավարը: Մարուքյանի խոսքով՝ այդպիսի առաջարկ իրեն չի եղել և չէր էլ կարող լինել: Նա վստահ է, որ իշխանությունները այս պահի դրությամբ դեռ չեն էլ քննարկել այդ հարցը: «Ինձ իշխանությունից որևէ առաջարկ չի արվել, որ պատկերացնեմ կամ չպատկերացնեմ: Դա սխալ քննարկում է», - հավելել է Էդմոն Մարուքյանը:
13:17 - 28 հունվարի, 2022
Իմ հրաժարականը չի խոչընդոտի նախաձեռնած ծրագրերի հաջող իրագործմանը և «Լեգենդների խաղը» ՀՀ-ում անցկացնելուն. Արմեն Սարգսյանը նամակ է հղել FIFA-ի նախագահին

Իմ հրաժարականը չի խոչընդոտի նախաձեռնած ծրագրերի հաջող իրագործմանը և «Լեգենդների խաղը» ՀՀ-ում անցկացնելուն. Արմեն Սարգսյանը նամակ է հղել FIFA-ի նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել FIFAի -ի (Ֆուտբոլի միջազգային ասոցիացիաների ֆեդերացիա) նախագահ Ջաննի Ինֆանտինոյին՝ նշելով, որ նախագահի պաշտոնից իր հրաժարականը չի խոչընդոտի իր նախագահության ընթացքում նախաձեռնած ծրագրերի հաջող իրագործմանը և, մասնավորապես, «Լեգենդների խաղը» Հայաստանում անցկացնելուն վերաբերող պայմանավորվածությունը կյանքի կոչելու համար, տեղեկացնում է նախագահի աշխատակազմը: Հայաստանում «Լեգենդների խաղը»՝ նախկին և ներկա աշխարհահռչակ լեգենդար ֆուտբոլիստների ընկերական խաղ կազմակերպելու հնարավորությունը նախագահ Արմեն Սարգսյանը Ջաննի Ինֆանտինոյի հետ քննարկել էր անցած տարեվերջին Կատարում ունեցած հանդիպման ընթացքում, որից հետո նրան ուղարկված շնորհակալական նամակում մասնավորապես նշել էր.«Վստահ եմ՝ մենք FIFA-ի և Հայաստանի միջև արդյունավետ համագործակցություն սկսելու հիմք ենք ստեղծել: Հայաստանը մեծ կարևորություն է տալիս FIFA-ի և FIFA-ի հիմնադրամի հետ համագործակցությանը, որը խոստանում է աշխարհում ամենասիրված մարզաձևի՝ ֆուտբոլի միջոցով համագործակցության նոր հեռանկարներ բացել՝ վերափոխելու մեր տարածաշրջանն ապրելու համար ավելի խաղաղ, արդար ու հանդուրժող շրջանի: Արցախում պատերազմից և Հայաստանում դրա հետևանքներից հետո այդ առաքելությունն այսօր կարևոր է առավել քան երբևէ: Ինչպես գիտեք, ես բարձր եմ գնահատում անհատի սոցիալական կյանքում սպորտի դերակատարումը: Անհատի համար սպորտի օգտակարությունը զուտ ֆիզիկական տեսանկյունից շատ ավելին է: Այն ձևավորում է բնավորություն, սովորեցնում է ռազմավարական և վերլուծական մտածողություն, զարգացնում է առաջնորդության որակներ»: Հրաժարականի դիմումից հետո նախագահ Սարգսյանը կրկին նամակով դիմել է նախագահ Ջաննի Ինֆանտինոյին, որում մասնավորապես ասվում է. «Իմ այս որոշումը չի խոչընդոտի, որ շարունակեմ իմ ներդրումն ունենալ նախագահությանս ընթացքում նախաձեռնած ծրագրերի հաջող իրագործման գործում: Իմ ողջ կյանքի առաքելությունն է ու ինձ համար պատիվ է աշխատել հանուն Հայաստանի բարգավաճման, և դա չի ավարտվում պաշտոնով: Ուրախ կլինեմ շարունակել մեր բարեկամությունն ու համագործակցությունն անձամբ Ձեր և FIFA-ի հետ: Հանձնառու եմ նպաստել Երևանում ծրագրված «Լեգենդների խաղ» հանդիպմանը: Կարծում եմ, որ այս նախաձեռնությունը մեծ ազդեցություն կունենա Հայաստանում սպորտի զարգացման համար՝ ի բարօրություն մեր երիտասարդության և հանուն տարածաշրջանում խաղաղության»: Նախագահ Սարգսյանն առաջարկել էր «Լեգենդների խաղն» Հայաստանում անցկացնել այս տարվա ընթացքում՝ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի և «STARMUS-6» փառատոնի հետ միաժամանակ: 
16:54 - 27 հունվարի, 2022
Այս պահի դրությամբ որևէ որոշում չկա․ Աղաջանյանը՝ նախագահի թեկնածու առաջադրելու մասին

Այս պահի դրությամբ որևէ որոշում չկա․ Աղաջանյանը՝ նախագահի թեկնածու առաջադրելու մասին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը այս պահի դրությամբ նախագահի թեկնածու առաջադրելու վերաբերյալ որոշում չունի։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշատական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին, ըստ որի «Քաղաքացիական պայմանագիր»-ը նախագահի պաշտոնում մտադիր է առաջադրել վարչապետի աշխտակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի թեկնածությունը։ «Ոչ, այս պահի դրությամբ որևէ որոշում չկա։ Քննարկվում են տարբեր թեկնածուների հնարավորություններ։ Քննարկումները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև որոշումը կկայացվի, բնականաբար, սահմանված ժամկետների շրջանակներում»։ Հունվարի 23-ին հայտնի դարձավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին։ Հրաժարականի հրապարակումից հետո 1 շաբաթվա ընթացքում Արմեն Սարգսյանը գրավոր դիմումով հետ վերցնելու իրավունք ունի, իսկ հետ չվերցնելու դեպքում  նրա լիազորությունների դադարման մասին կկազմվի արձանագրություն, որը կստորագրի և կհրապարակի ԱԺ նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված: 
16:53 - 27 հունվարի, 2022
Հանրապետության նախագահի աշխատակազմը չի պատրաստվում մեկնաբանել դավադրության տեսությունների և քաղաքական առասպելաբանության դրսևորումները. հայտարարություն

Հանրապետության նախագահի աշխատակազմը չի պատրաստվում մեկնաբանել դավադրության տեսությունների և քաղաքական առասպելաբանության դրսևորումները. հայտարարություն

ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Վերջին օրերին տարբեր անհատների, քաղաքական գործիչների, քաղաքագետների, ներկա կամ նախկին պատգամավորների, վերլուծաբանների և «կանխատեսողների» կողմից հնչում են տարբեր մտքեր, պնդումներ և համոզմունքներ, ներկայացվում են տարբեր մտացածին պատմություններ ու պատումներ: Հանրապետության նախագահի աշխատակազմը չի պատրաստվում մեկնաբանել դավադրության տեսությունների և քաղաքական առասպելաբանության այդ դրսևորումները: Նախագահ Արմեն Սարգսյանի մտահոգությունները վերաբերել և վերաբերում են պետության առջև ծառացած իրական խնդիրներին ու մարտահրավերներին, որոնց դիմակայելն ու լուծման ճանապարհներ գտնելն այսօրվա և բոլորի գերխնդիրն է»:
17:25 - 26 հունվարի, 2022
Նախագահի հրաժարականի բուն պատճառները հստակ և ամբողջական ներկայացված են․ ՀՀ նախագահականի արձագանքը՝ «Հետք»-ի հրապարակմանը

Նախագահի հրաժարականի բուն պատճառները հստակ և ամբողջական ներկայացված են․ ՀՀ նախագահականի արձագանքը՝ «Հետք»-ի հրապարակմանը

 ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարությամբ անդրադարձել է այդ պաշտոնից Արմեն Սարգսյանի հրաժարականին և նրա մասին ԶԼՄ-ներից մեկում լույս տեսած հրապարակմանը։ Հայտարարության մեջ նշված է. «Հանրապետության նախագահի հրաժարականի հայտարարությամբ Արմեն Սարգսյանը հանրության ուշադրությունը հրավիրեց պետության առջև ծառացած իրական խնդիրների և մարտահրավերների վրա՝ բնութագրելով երկրում ստեղծված իրավիճակը որպես համազգային ճգնաժամ: Ցավոք, «Հետք»-ի և նմանատիպ հրապարակումներով փորձ է կատարվում հանրության ուշադրությունը կրկին շեղել կեղծ օրակարգով: Ուստի մեկ անգամ ևս վերահաստատում ենք, որ պահի գնահատականը և նախագահի հրաժարականի բուն պատճառները հստակ և ամբողջական ներկայացված են հրաժարականի հայտարարության տեքստում»:
19:35 - 25 հունվարի, 2022
«Պատիվ ունեմ» խմբակցությունը նախագահի թեկնածու առաջադրելու կամ չառաջադրելու դիրքորոշում դեռևս չունի |armenpress.am|

«Պատիվ ունեմ» խմբակցությունը նախագահի թեկնածու առաջադրելու կամ չառաջադրելու դիրքորոշում դեռևս չունի |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու կամ չառաջադրելու հարցով այս պահին դեռ հաստատված դիրքորոշում չունի:  Այս մասին ասաց խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցերին, թե կա՞ն արդյոք քննարկումներ՝ թեկնածու առաջադրել-չառաջադրելու վերաբերյալ և ո՞ր խմբակցության հետ են իրենք պատրաստվում համագործակցել: «Մեր խմբակցությունը և խմբակցությունը ներկայացնող ուժերը, բնականաբար, առաջին հերթին պետք է այդ քննարկումները տանեն իրական ընդդիմադիր ուժերի հետ՝ հասկանալու թեկնածու առաջադրելու նպատակահարմարությունը, նաև իշխանության ներկայացրած թեկնածուի նկատմամբ իրենց դիրքորոշումը դրսևորելու վերաբերյալ: Այս պահին չկան հաստատված թեկնածուներ, մենք չունենք հաստատված դիրքորոշում՝ առաջադրելո՞ւ ենք, թե չենք առաջադրելու»,- ասաց Աբրահամյանը: Նա խոստացավ, որ խմբակցությունն առաջիկայում հանդես կգա լրացուցիչ պարզաբանումներով: Աբրահամյանը միևնույն ժամանակ բացառեց այս հարցում իշխող ուժին աջակցելը:
12:43 - 25 հունվարի, 2022