Արդարադատության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարությունը գործադիր իշխանության պետական մարմին է։ Նախարարության կազմի մեջ է մտնում 14 կառուցվածքային ստորաբաժանում, 7 առանձնացված ստորաբաժանում, ինչպես նաև ՀՀ ԱՆ-ն ունի տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող 7 իրավաբանական անձ։

ՀՀ արդարադատության նախարարն է Ռուստամ Բադասյանը։

Կարեն Անդրեասյանն ու արտախորհրդարանական քաղաքական ուժերը քննարկել են Սահմանադրական բարեփոխումների հարցը

Կարեն Անդրեասյանն ու արտախորհրդարանական քաղաքական ուժերը քննարկել են Սահմանադրական բարեփոխումների հարցը

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը սեպտեմբերի 8-ին հանդիպել է արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարներին ու ներկայացուցիչներին: Նախարարությունից հայտնում են, որ ներկաները քննարկել են Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ մի շարք հարցեր։ Հանդիպմանը մասնակցել են «5165 շարժման» առաջնորդ Կարին Տոնոյանը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը, Հայաստանի եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը, Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան» կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ՝ «Պահպանողական», «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական, «Լուսավոր Հայաստան», «Ազատ Դեմոկրատներ», «Արդար Հայաստան», «Ազատական» և «Հայաստանի դեմոկրատական» կուսակցություններից։ Նախարար Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել նրանց հանդիպման հրավերն ընդունելու ու բոլոր քաղաքական ուժերին միավորող ամենակարևոր հարցի՝ Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ մեկ սեղանի շուրջ հավաքվելու ու կառուցողական տրամաբանության մեջ երկխոսելու պատրաստակամության համար։ Քննարկման սեղանին երեք հիմնական հարց էր՝ ինչպե՞ս վերափոխել և վերաիմաստավորել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կազմն ու գործունեությունը և ի՞նչ ձևաչափով առաջ շարժվել, կառավարման ձևի ընտրություն և դատական ատյանների միավորում, այդ թվում` բարձրագույն ատյանների միավորման միջոցով Գերագույն դատարանի ստեղծման նպատակահարմարություն կամ վերաքննիչ և վճռաբեկ ատյանների միավորում: Ներկաներն իրենց նախնական դիրքորոշումն են հայտնել առաջադրված հարցերի վերաբերյալ։
11:26 - 09 սեպտեմբերի, 2021
Նիդերլանդների Թագավորությունը կաջակցի Հայաստանին. Կարեն Անդրեասյանն ու Նիկո Սխերմերսը քննարկում են ունեցել

Նիդերլանդների Թագավորությունը կաջակցի Հայաստանին. Կարեն Անդրեասյանն ու Նիկո Սխերմերսը քննարկում են ունեցել

Նիդերլանդների Թագավորությունը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ դատաիրավական ոլորտում սկսած բարեփոխումներն իրականացնելու աշխատանքներում։ Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից՝ մանրամասնելով, որ Հայաստան-Նիդերլանդներ համագործակցության հարցերն այսօր քննարկել են նախարար Կարեն Անդրեասյանը և Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսը։ Դեսպանը հետաքրքրվել է նախարարության առաջնահերթություններով և ընդգծել, որ Նիդերլանդները բաց է բոլոր առաջարկների համար։ Կարեն Անդրեասյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի հետ կապված հինգ մեծ ցանկություններն՝ ուղղված Սահմանադրության, քրեակատարողական և պրոբացիոն համակարգերի բարեփոխումներին, բարեվարքության ստուգման միջոցով դատական համակարգի առողջացմանը, հարկադիր կատարման ոլորտում բարեփոխումներին և դատաիրավական համակարգի թվայնացմանը։ Այս համատեքստում նախարարը նշել է, որ ոլորտները մեծ են, կարևոր, ու առանց միջազգային գործընկերների աջակցության այդ ուղղությամբ բարեփոխումները կյանքի կոչելը դժվար կլինի։ Դեսպան Սխերմերսը Նիդերլանդների պատրաստակամությունն է հայտնել մի շարք ուղղություններով համագործակցությունը խորացնելու հարցում։
13:26 - 06 սեպտեմբերի, 2021
Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության հարցը քննարկվել է Փաստաբանների պալատի ղեկավար կազմի հետ

Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության հարցը քննարկվել է Փաստաբանների պալատի ղեկավար կազմի հետ

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այցելել է Հայաստանի Հանրապետության Փաստաբանների պալատ և հանդիպել  Պալատի նախագահ Արա Զոհրաբյանին, Խորհրդի անդամներին և Պալատի այլ ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:  Քննարկման առանցքում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության հարցն էր երկու հիմնական ուղղություններով՝ կառավարման ձևի փոփոխությունը  և Գերագույն դատարանի ստեղծման միջոցով բարձրագույն դատական ատյանների միավորման նպատակահարմարություններն ու հնարավորությունը։ Պալատի նախագահ Արա Զոհրաբյանն ու ներկաներն իրենց նախնական դիրքորոշումն են հայտնել առաջադրված թեմաների և դրանց հետ կապված հարցերի վերաբերյալ, և ավելի խորը ուսումնասիրության հիման վրա Պալատի կողմից կարծիք տրամադրելու նպատակով առաջարկել ստեղծել փաստաբաններից կազմված աշխատանքային խումբ, որը կհավաքագրի խնդրի վերաբերյալ փաստաբանական համայնքի կարծիքներն ու Պալատի միասնական դիրքորոշումը կներկայացնի Արդարադատության նախարարությանը։  Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Արդարադատության նախարարություն-Փաստաբանների պալատ համագործակցության արդյունավետության բարձրացմանն ուղղված մի շարք հարցեր։ Արդարադատության նախարարն ու Պալատի նախագահը այս ձևաչափով շփումները հաճախակիացնելու և փոխգործակցությունը սերտացնելու պատրաստակամություն են հայտնել։
10:38 - 02 սեպտեմբերի, 2021
Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում կոպիտ խախտումներ են արձանագրվել

Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում կոպիտ խախտումներ են արձանագրվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը մատնանշել և առանձնացրել է այն խնդիրներն ու բացթողումները, որոնք առկա են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: ՄԻՊ-ի կողմից տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է. «Քրեակատարողական ծառայողներն անմիջական մասնակցություն են ունենում ազատությունից զրկված անձանց բժշկական օգնության կազմակերպմանը, տեղյակ են դեղամիջոցների և դրանց չափաբաժինների մասին, ինչպես նաև հասանելիություն ունեն բժշկական գաղտնիք պարունակող մատյաններին: Արդյունքում, քրեակատարողական հիմնարկում գրեթե ողջ վարչակազմը տեղեկացված է, թե ինչ հիվանդություն ունեն ազատությունից զրկվածները, ինչ դեղեր են ստանում ու նույնիսկ կան դեպքեր, երբ տեղյակ են, թե ինչ դեղաչափեր են ցուցված: Քրեակատարողական ծառայողների անմիջական մասնակցությամբ իրականացվում է նաև «Մեթադոնային փոխարինող բուժման» կազմակերպումը: Երեկոյան ժամերին ազատությունից զրկված անձանց հոգեմետ դեղորայքը տրամադրվում է անվտանգության աշխատակիցների ներկայությամբ: Մտահոգիչ խնդիրներից է այն, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի բաժանմունքներ ազատությունից զրկված անձանց ընդունումն ու մասնաշենքերում տեղաբաշխումն իրականացվում է քրեակատարողական հիմնարկի անվտանգության համար պատասխանատու ծառայողների ցուցումով՝ հիմնականում հիմք ընդունելով անվտանգության հարցերը: Այդ պատճառով մեծ թվով պացիենտներ պահվում են իրենց հաշվառման բաժանմունքներից դուրս: Այս պարագայում դժվարություն է առաջանում ինչպես բուժող բժշկի և բուժանձնակազմի կողմից պացիենտի նկատմամբ արդյունավետ բժշկական հսկողության կազմակերպման, այնպես էլ դեղորայքային բուժման և բժշկական այլ միջամտությունների իրականացման տեսանկյունից: Օրինակ, թերապևտիկ բաժանմունքում հաշվառված պացիենտներից զատ, այդ բաժանմունքում պահվում են նաև հոգեբուժական բաժանմունքում հաշվառված ազատությունից զրկված անձինք: Այս վիճակն անթույլատրելի է: ՔԿՀ-ում, իհարկե, անվտանգության ապահովումն ունի հիմնարար կարևորություն, բայց Դատապարտյալների հիվանդանոց ընդունման ու բաշխման հարցերում բժշկական հարցերը չեն կարող անտեսվել: ՔԿՀ-ում նախնական բժշկական զննությունն իրականացվում է հերթապահ խմբի բժշկական անձնակազմի կողմից խուզարկության հետ համատեղ՝ օրվա հերթապահ պատասխանատուի և անվտանգության ապահովման բաժնի ծառայողի ներկայությամբ: Երբ անձի ուղեկցումն իրականացվում է ոստիկանության ծառայողների կողմից, նրանք նույնպես ներկա են լինում բժշկական զննությանը: Բժշկական զննությունն իրականացվում է նաև խմբային ձևաչափով՝ միաժամանակ իրականացվելով ազատությունից զրկված մի քանի անձանց նկատմամբ: Կան դեպքեր, երբ ազատությունից զրկվածներին նախնական բժշկական զննության է ենթարկում ոչ թե բուժանձնակազմը, այլ խուզարկության ժամանակ քրեակատարողական ծառայողներն են հարցնում՝ արդյոք ունեն վնասվածք կամ գանգատ, թե՝ ոչ: Ազատությունից զրկված անձանց բուժումն և առանձին բժշկական միջամտություններն իրականացվում են առանց նրանց գրավոր համաձայնության: Այսինքն, նրանք առանց իրազեկված համաձայնության ստանում են բուժում, ենթարկվում բժշկական հետազոտությունների և այլ միջամտությունների. բացառություն են կազմում միայն ՄԻԱՎ վարակակիր ազատությունից զրկվածները և հոգեբուժական բաժանմունքում հաշվառված ստացիոնար բուժում ստացողները: Լուրջ խնդիր է ազատությունից զրկված անձանց մոտ հայտնաբերված վնասվածքների նկարագրությունը, որ իրականացվում է թերություններով: Օրինակ՝ համապատասխան մատյանի «մարմնական վնասվածների առկայություն» սյունակը հիմնականում լրացվում է մեկ բառով՝ «կա» կամ «չկա», բայց կան նաև դեպքեր, երբ բժշկական զննության արդյունքներ ընդհանրապես առկա չեն: Սրանից բացի, երբ ազատությունից զրկված անձի մոտ արձանագրվում է վնասվածք, այն չի ներառում օբյեկտիվ բժշկական զննության արդյունքների ամբողջական պատկեր. չեն նկարագրվում վնասվածքների հստակ անատոմիական տեղակայումը, գույնը, մակերեսը և վնասվածքը նկարագրող այլ չափանիշներ: Դիտարկվել են դեպքեր, երբ արձանագրություններում բացակայել է բժշկի եզրակացությունը վնասվածքի օբյեկտիվ նկարագրության և դրա մասին ազատությունից զրկված անձի հայտարարության համադրության վերաբերյալ: Կոպիտ խախտումներ են արձանագրվել բժշկական փաստաթղթերի վարման հարցում: Հիվանդության պատմագրում բացակայել են դեղորայքային բուժման նշանակման հիմնավորումները և առողջական վիճակի դինամիկայի նկարագրությունները, առկա են բազմաթիվ ջնջումներ ու բացթողումներ: Գոյություն չունեն բժշկական փաստաթղթերի պահման և արխիվացման ընթացակարգեր: Դիտարկված բաժանմունքներում դուրս գրված պացիենտների հիվանդության պատմագրերը պահվում են հենց բաժանմունքներում՝ տարբեր պահարաններում կամ հատակին: Մշտադիտարկման այցի ընթացքում արձանագրվել են ժամկետանց դեղեր: Լուրջ խնդիրներ են առկա՝ կապված բժշկական թափոնների հետ, որոնք թափվում են կենցաղային աղբի հետ, ինչն անթույլատրելի է: Կոպիտ խախտումներով են կիրառվում զսպման միջոցները, որին առավել մանրամասն անդրադարձ կլինի առանձին: Նկարագրվածը բժշկական օգնությանը վերաբերող խնդիրների փոքր մասն է: Հիմնական մասը Մարդու իրավունքների պաշտպանն արդեն իսկ ուղարկվել է Արդարադատության նախարարություն՝ համապատասխան առաջարկներով ու պարզաբանումների պահանջով: Խախտումները մարդու արժանապատվությունն ակնհայտ նվաստացնող են ու անմարդկային վերաբերմունք են: Անթույլատրելի վիճակ է, անտեսված խնդիրներ են: Այս բոլոր գնահատականների հիմքում կոնկրետ փաստեր են: Մարդու իրավունքների պաշտպանը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն՝ արձանագրված խնդիրների լուծման հարցում»:
10:51 - 18 օգոստոսի, 2021
Քննարկում ենք, որպեսզի ստանանք վատ դատավորներին համակարգից դուրս մղելու ամենալավ մոդելը. Կարեն Անդրեասյան

 |armenpress.am|

Քննարկում ենք, որպեսզի ստանանք վատ դատավորներին համակարգից դուրս մղելու ամենալավ մոդելը. Կարեն Անդրեասյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նշում է, որ դատական համակարգը մաքրելու միակ գործող մեխանիզմը կարգապահական միջոցներն են: Կարեն Անդրեասյանը նման կարծիք հայտնեց լրագրողների հետ զրույցում: «Դա օրինական է, դա արդար է, դա ճիշտ է: Եվ ես կարծում եմ, որ կարգապահական վարույթները նույնիսկ քիչ են և կարգապահական վարույթներով ստացված արդար պատասխանատվության միջոցներն առանձին ոչ բարեխիղճ դատավորների նկատմամբ նույնիսկ քիչ են եղել: Բայց արդարադատության նախորդ նախարարի՝ պարոն Բադասյանի աշխատանքի շնորհիվ, դատական համակարգի աստիճանական զտումը սկսվել է: Ես վաղը հանդիպելու եմ հասարակական կազմակերպությունների ամենաազդեցիկ ներկայացուցիչներին, որոնք զբաղվում են հենց դատաիրավական բարեփոխումների ոլորտով, հանդիպել եմ ԲԴԽ-ի, իրավապահ մարմինների տարբեր ներկայացուցիչների հետ: Եվ մենք հիմա քննարկում ենք, որպեսզի ստանանք վատ դատավորներին համակարգից դուրս մղելու ամենաարդար և լավ մոդելը»,- ասաց Անդրեասյանը: Նրա կարծիքով՝ այն, որ դատական համակարգը կարիք ունի նման մաքրման, բոլորն են ասում և նույնիսկ նրանք, ովքեր հիմա դժգոհում են ինչ-ինչ կարգավորումներից:
15:52 - 12 օգոստոսի, 2021
2023 թվականին Պարեկային ծառայությունը կգործարկվի Հայաստանի ամբողջ տարածքում |armenpress.am|

2023 թվականին Պարեկային ծառայությունը կգործարկվի Հայաստանի ամբողջ տարածքում |armenpress.am|

armenpress.am: 2021 թվականի հուլիսի 7-ին Երևանում իր աշխատանքները մեկնարկեց նոր Պարեկային ծառայությունը։ Այս մասին նշված է ՀՀ արդարադատության նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Առաջին փուլի գործընթացը սկսվել է 2020 թվականի ամռանը։ Հուլիսին արդեն ստացվել էր 2 հազար 500-ը գերազանցող դիմում՝ ընդհանուր 770 տեղի համար։ Հետագայում դիմորդներն անցան IQ թեստեր, ֆիզիկական պատրաստականության ստուգում ու անհատական հարցազրույցներ։ Վերջինիս անցկացման պատասխանատու հանձնաժողովներում ներկայացված էին թե՛ համապատասխան պետական մարմինների ներկայացուցիչներ, թե՛ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, թե՛ միջազգային գործընկերներ և թե՛ հոգեբաններ։ Արդյունքում, 2021 թվականի դեկտեմբերին 700-ից ավելի սովորողները հունվարի 18-ից սկսեցին հնգամսյա ուսուցումը։ Նախարարության հաղորդմամբ՝ աեսական դասընթացին զուգահեռ, մոդուլների մեջ մտնում էր նաև առանցքային մարտավարական հմտությունների զարգացումը, որի համար Միացյալ Նահանգներից, Կանադայից, Ուկրաինայից ու Վրաստանից հրավիրված մասնագետներն իրականացրին դասընթացավարների պատրաստում։ Հաղորդակցման, ֆիզիկական պատրաստականության և բազային տակտիկական ու պաշտպանական մարտավարական հմտությունների ձեռքբերումից հետո 2021 թվականի հուլիսի 7-ին նոր Պարեկային ծառայության Երևանի ստորաբաժանումը սկսեց իր գործունեությունը։ Այս պահին հայտարարված է նաև Պարեկային ծառայությունը Լոռու և Շիրակի մարզերում գործարկելու, ինչպես նաև՝ Երևան քաղաքի Ծառայությունը նոր կադրերով համալրելու բաց մրցույթ: Իսկ մինչև 2023 թվականի առաջին եռամսյակը նոր Պարեկային ծառայությունը կգործարկվի Հանրապետության ամբողջ տարածքում։
16:45 - 05 օգոստոսի, 2021
Քննադատությունները լսելի են. Պարեկային նոր ծառայության մեքենաների արտաքին ձևավորումը կփոխվի |armenpress.am|

Քննադատությունները լսելի են. Պարեկային նոր ծառայության մեքենաների արտաքին ձևավորումը կփոխվի |armenpress.am|

armenpress.am: Երևանում  հուլիսի 7-ին մեկնարկած Պարեկային նոր ծառայության ավտոմեքենաների արտաքին ձևավորումը կփոխվի: Այս մասին նշեց ՀՀ արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության համակարգող- խորհրդական Ամալյա Հովսեփյանը: «Ծառայության մեկնարկից ի վեր, երկրորդ ամենամեծ քննադատությունը, թերևս, եղել է ավտոմեքենաների դիզայնի հետ կապված հարցը: Ասեմ, որ թե դիզայնի, թե լոգոյի հետ կապված հայտարարվել էր բաց մրցույթ Ոստիկանության կողմից: Արդյունքում ընտրվել է այն տարբերակը, որն այսօր կա: Դիզայնի հետ կապված քննադատություն եղել է ոչ թե քաղաքացիների, այլև որոշ պետական մարմինների կողմից, ինչը նորմալ է, որովհետև բոլորովին նոր սկսվող ծառայությունը չի կարող իդեալական լինել, թե իր գործառույթներով, թե իր ամենօրյա քայլերով, թե ձևավորմամբ: Այո, հաշվի առնելով թե քաղաքացիներից, թե Լեզվի կոմիտեից եկած քննադատությունը, այսօր արդեն վերանայում ենք մեքենաների դիզայնը: Շատ հնարավոր է, որ առաջիկայում ունենանք նոր տեսքով պարեկային ծառայության մեքենաներ»,-ասաց Ամալյա Հովսեփյանն՝ ավելացնելով, որ փոփոխությունները նաև վերաբերում են մեքենայի վրա գրված լատինատառ գրառումներին: Նախարարության ներկայացուցիչը նշեց, որ  Պարեկային ծառայությունը ունի որոշակի ստանդարտներ, որոնց բոլոր պետությունները հետևում են: Այն առաջին հերթին երկրի  քաղաքացիներին ծառայելու համար է: Դրանից բացի, Պարեկային ծառայությունն այն կառույցն է, որը՝որպես պետության դեմք, առաջինն է շփվում օտարերկրյա քաղաքացիների հետ: Հետևաբար, պատասխանատուները կարծում են, որ  այն պետք է հասկանալի ու ընկալելի լինի նաև օտարերկրացիների համար:  Հուլիսի 9-ին Լեզվի կոմիտեն հայտարարություն էր տարածել այն մասին, որ Պարեկային ծառայության ավտոմեքենաների վրա զետեղված տեղեկույթում գերակայում է օտար լեզուն, որը չի բխում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 20-րդ հոդվածից և «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից։ Ավտոմեքենաների արտաքին տեսքի ձևավորման հետ կապված դժգոհություններ կային նաև քաղաքացիների շրջանում:
12:20 - 26 հուլիսի, 2021
Պարեկային ծառայությունում աշխատելու նպատակով նոր ընդունելություն-մրցույթ է հայտարարվել

Պարեկային ծառայությունում աշխատելու նպատակով նոր ընդունելություն-մրցույթ է հայտարարվել

Ոստիկանության բարեփոխումների շրջանակում հայտարարվում է Լոռու, Շիրակի մարզերի, ինչպես նաև Երևան քաղաքի Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով Ոստիկանության կրթահամալիրում ուսուցման համար ընդունելություն-մրցույթ: Այս մասին «Ֆեսյբուքի» իր էջում գրել է Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը: «Ուսուցման տևողությունը 5 ամիս է: Ուսման ողջ ժամանակահատվածում կտրվի վարձատրություն` 68.000 ՀՀ դրամի չափով: Ընդունելության համար կարող են դիմել առնվազն միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցող, Հայաստանի Հանրապետության 18-35 տարեկան և 160 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող այն քաղաքացիները, որոնք իրենց անձնական հատկանիշներով, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաuտականությամբ ունակ են կատարելու ոuտիկանության ծառայողի պարտականությունները»,- գրել է Բադասյանը:
12:52 - 22 հուլիսի, 2021
Անհիմն կալանավորումների թիվը կկրճատվի. կառավարությունը ներդնում է տնային կալանքի ինստիտուտը   |armenpress.am|

Անհիմն կալանավորումների թիվը կկրճատվի. կառավարությունը ներդնում է տնային կալանքի ինստիտուտը |armenpress.am|

armenpress.am: Տնային կալանքի և վարչական հսկողության մեխանիզմների ներդրմամբ ավելի քիչ միջամտություն կլինի անձի իրավունքներին և այս նոր խափանման միջոցները կնպաստեն իրավակիրառ պրակտիկայում անհիմն կամ հարկադրված կալանավորումների թվի կրճատմանը: Այս մասին ասաց Արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը, որը ներկայացրեց «Քրեական դատավարության» նոր օրենսգրքով նախատեսված նոր պատժամիջոցները, որոնք կգործեն 2022 թվականի հուլիսի 1-ից: «Ներկայումս գործող օրենսդրական իրավակարգավորումների համաձայն շատ ու շատ քիչ են այնպիսի խափանման միջոցները, որոնք իրապես կարող են այլընտրանք հանդիսանալ կալանավորմանը: Կառուցվածքային տեսանկյունից նոր օրենսգրքով հետևյալ մոտեցումն ենք որդեգրել` խափանման միջոցներն են կալանքը, իսկ այլընտրանքային խափանման միջոցները` տնային կալանքը, վարչական հսկողությունը, գրավը, պաշտոնավարման կասեցումը, բացակայելու արգելքը, երաշխավորությունը, դաստիարակչական և զինվորական հսկողությունը: Այսինքն` ի սկզբանե կալանքը դիտարկվում է որպես ծայրահեղ խափանման միջոց և եթե մնացած այլընտրանքային խափանման միջոցների շարքում չգտնվի այնպիսի խափանման միջոց, որը հնարավորություն կտա ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը, ապա նոր միայն որպես վերջին միջոց դիմելու ենք կալանքին»,- ասաց Սարգսյանը: Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետի խոսքով` տնային կալանքը մեղադրյալի ազատության այնպիսի սահմանափակումն է, որի ընթացքում նա պարտավոր է չլքել  դատավորի որոշմամբ նշված բնակության տարածքը: «Այսինքն` եթե անձը բնակվում է x հասցեում, և դատարանը որոշում է նրա նկատմամբ նշանակել տնային կալանք խափանման միջոց, ապա մեղադրյալը պարտավոր է չլքել նշված բնակության տարածքը, ինչը հնարավորություն է տալիս չգտնվել Քրեակատարողական հիմնարկում, այլ գտնվել սեփական տանը, իհարկե, զրկված լինելով որոշակի իրավունքներից: Օրինակ` դատարանի որոշմամբ մեղադրյալին կարող են արգելվել նաև ունենալ նամակագրություն, հեռախոսային խոսակցություններ, օգտվել հաղորդակցության այլ ձևերից, այդ թվում` փոստային առաքումից, շփում ունենալ որոշակի անձանց հետ կամ իր բնակության վայրում հյուրընկալել այլ անձանց»,- նշեց Սարգսյանը: Ըստ Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետի` տնային կալանքով նախատեսված սահմանափակումները պետք է իրապես ապահովեն տվյալ անձի պատշաճ վարքագիծը, ինչպես նաև հանրային շահերի համաչափ պաշտպանությունը: «Այս դեպքում պարզապես անձին պահել տնային պայմաններում և ոչ մի այլ սահմանափակումներ չկիրառել, տնային կալանքը պարզապես չի կարողանա իրացնել իր առջև դրված նպատակները: Այդ պատճառով նախատեսվում են նման սահմանափակումները»,- հավելեց Սարգսյանը: Տնային կալանք կիրառելու դեպքում դատարանի որոշման մեջ նշում են այն կոնկրետ սահմանափակումները, որոնք տարածվում են մեղադրյալի վրա, ինչպես նաև իրավասու այն մարմինը, որին հանձնարարվելու է այդ սահմանափակումների պահպանման նկատմամբ վերահսկողությունը: Սարգսյանը հայտնեց, որ  մեղադրյալը հնարավորություն է ունենալու զանգահարել շտապ բժշկական օգնություն, իրավապահ մարմիններ կամ փրկարար ծառայություն, ինչպես նաև կապ հաստատել վերահսկողություն իրականացնող մարմինների հետ: «Այսինքն՝ հաղորդակցությունն իսպառ չի արգելվելու»: Խոսելով վերահսկողություն իրականացնող մարմնի մասին` ԱՆ քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետն ասաց, որ այն վերապահվելու է ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող պրոբացիայի ծառայությանը: «Ծառայությունը պետք է իրականացնի թե տնային կալանք, թե վարչական հսկողություն խափանման միջոցների կիրառումը: Ինչո՞ւ հենց պրոբացիայի ծառայությունը, որովհետև հիմնականում այդ կառույցն է իրականացնում ազատությանը այլընտրանք հանդիսացող մի դեպքում խափանման միջոցների, մյուս դեպքում պատժատեսակների կատարումը: Ըստ այդմ, օրենսդիրը որոշել է այդ պարտականությունը դնել պրոբացիայի ծառայության ուսերի վրա»,- նշեց Սարգսյանը: Թե տնային կալանքը, թե վարչական հսկողություն խափանման միջոցները պետք է իրականացվեն էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ: «Պետք է լինեն որոշակի սարքավորումներ, որոնք հստակ ցույց կտան վերահսկողություն իրականացնող մարմնին, որ եթե, օրինակ, կիրառվել է տնային կալանք խափանման միջոցը, ապա մեղադրյալը գտնվում է կոնկրետ այն հասցեում, որը նշված է դատարանի որոշմամբ, որպեսզի հետագայում կարողանան հստակ կողմնորոշվել` արդյոք անձը խախտե՞լ է իր վրա դրված պարտականությունները, թե ոչ: Օրինակ` տնից դուրս է եկել, այցելել է անձանց, այս դեպքում բնական է, որ էլեկտրոնային հսկողության միջոցները տալու են ճիշտ պատկերը անձի տեղաշարժի, և ըստ այդմ պրոբացիայի ծառայությունը հանդես կգա համապատասխան միջնորդությամբ»,- ասաց Սարգսյանը: Անդրադառնալով վարչական վերահսկողությանը՝ Սարգսյանը նշեց, որ այդ խափանման միջոցով կսահմանափակվեն մեղադրյալի տեղաշարժը և գործողությունները: «Այս պայմաններում անձը պարտավոր է ոչ հաճախ, քան շաբաթը երեք անգամ այցելել դատարանի որոշման մեջ նշված իրավասու մարմին: Իրավասու մարմինը կրկին պրոբացիայի ծառայությունն է հանդես գալու: Օրինակ` անձը շաբաթը երեք անգամ պարտավոր է գնալ և ներկայանալ Պրոբացիայի ծառայություն և ըստ այդմ, բնականաբար, կհամարվի պարտականությունները կատարած: Այստեղ նույնպես նախատեսված են սահմանափակումներ, օրինակ` կարող է արգելվել առանց վարույթ իրականացնող մարմնի թույլտվության փոխել մշտական կամ ժամանակավոր բնակության վայրը, համայնքը, իսկ Երևան քաղաքի դեպքում՝ վարչական շրջանը, այցելել որոշման մեջ նշված որոշակի վայրեր, հաղորդակցվել որոշակի անձանց հետ, օրվա որոշակի ժամին լքել բնակության վայրը և այլն, այսինքն` այնպիսի սահմանափակումներ են, որոնք կրկին, կոնկրետ դեպքով պայմանավորված, կոնկրետ անձով պայմանավորված դատարանը կարող է որոշել սահմանափակումներ»,- ավելացրեց Սարգսյանը: ԱՆ քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետն ընդգծեց` մեղադրյալը թե տնային կալանքի, թե վարչական հսկողության դեպքում պարտավոր է մշտապես կրել նշված էլեկտրոնային հսկողության միջոցները, չվնասել դրանք: Եթե իրավասու մարմինը տարբեր ազդանշաններով ցանկանում է հաղորդակցվել տվյալ շահառուի հետ, ապա նա պարտավոր է արձագանքել դրան: «Արդեն իսկ ձեռնարկում ենք որոշակի քայլեր թե տնային կալանքը, թե վարչական հսկողության միջոցների կիրառման համար տեխնիկական և ենթակառուցվածքային հագեցվածությունը ապահովելու ուղղությամբ, որը թույլ կտա պրոբացիոն ծառայողներին իրապես արդյունավետ կերպով իրականացնել հսկողություն մեղադրյալների նկատմամբ: Այս պահի դրությամբ էլեկտրոնային հսկողության միջոց ասելով նկատի ունեմ ոտնաշղթայի կամ ձեռնաշղթայի տարբերակը, իսկ տնային կալանքի դեպքում ունենք տեղադրվող սարք, որն ապահովում է կապ տնային շրջագծի և շղթայի միջև և երբ անձը դուրս գա տնից, միանգամից ազդանշանային համակարգով կհասկանանք, որ անձը խախտել է իր վրա դրված պարտականությունները»,- նշեց Սարգսյանը:  ԱՆ քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետը հայտնեց, որ այս պահի դրությամբ ունեն համապատասխան ֆինանսական միջոցներ, որոնք հատկացված են էլեկտրոնային հսկողության միջոցներ ձեռք բերելու համար: «Ներկայումս տարբեր ընկերությունների հետ քննարկել ենք սարքավորումների տարբեր տեխնիկական բնութագրեր, որպեսզի հասկանանք իրապես ինչ բնութագիր է անհրաժեշտ, որպեսզի մի դեպքում տնային կալանքը, մյուս դեպքում վարչական հսկողությունը կարողանանք պատշաճ կերպով իրականացնել: Ընդ որում, թե ներպետական են, թե արտասահմանյան, նաև երկար տարիների փորձառություն ունեցող ընկերությունների հետ ենք քննարկել այս հարցը: Ներկա փուլում վերջնականացնում ենք այն տեխնիկական առաջադրանքը, որը պետք է լինի մրցույթի համար: Բնականաբար, գնումների գործընթացով ենք անցնելու և ունենալու ենք մրցույթ, մրցույթում հաղթող ընկերությունն արդեն առաջիկայում կկարողանա ապահովել մեզ համար ապահովել թե ենթակառուցվածքներով, թե տեխնիկական միջոցներով:  Չի բացառվում, որ մինչև տարեվերջ կկարողանանք ունենալ բոլոր միջոցները և կարող ենք դիտարկել գործող օրենսդրության պայմաններում  տնային կալանքի նախատեսման հնարավորությունը՝ չսպասելով նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելուն, որպեսզի ավելի շատ փորձառություն ունենանք այդ խափանման միջոցի կիրառման տեսանկյունից»,- տեղեկացրեց Սարգսյանը: Այլընտրանքային խափանման միջոցները ներդնելիս ուսումնասիրվել է թե եվրոպական, թե ամերիկյան երկրների փորձը, որոնք բավականին արդյունավետ կիրառել են էլեկտրոնային հսկողության միջոցները: «Գաղափարը հետևյալն է. էլեկտրոնային հսկողության միջոցները իրապես կարողանում են ապահովել այլընտրանք կալանավորմանը և նաև ֆինանսական տեսանկյունից պետության բեռը բավականին թեթևացնում են, որովհետև շատ ավելի մեծ գումարներ է ծախսում պետությունը մեկ անձի վրա մեկ օրում նրան քրեակատարողական հիմնարկում պահելով, քան թե կիրառում է էլեկտրոնային հսկողության միջոցները, և օրավարձի տեսանկյունից ունենում ենք համապատասխան ֆինանսական միջոցների հատկացում: Այսինքն` 3-4 անգամ թանկ է պետության համար անձին պահել քրեակատարողական հիմնարկում, քան եթե նա գտնվի տնային կալանքի ռեժիմում կամ վարչական հսկողության ռեժիմում: Դա է պատճառը հիմնականում, որ պետությունները դիմում են այս լուծմանը և կիրառում են էլեկտրոնային հսկողության միջոցների համակարգը: Ունենք նաև Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հանձնարարական՝ ուղղված անդամ պետություններին, որտեղ կրկին էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառումը բավականին խթանվում է:  Կա նաև պետություններին հանձնարարական, որ հնարավորինս շատ դիտարկեն այդ միջոցների կիրառումը, որովհետև այն իրապես այլընտրանք կարող է հանդիսանալ կալանավորմանը»,- ասաց Սարգսյանը: ԱՆ քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետը նշեց նաև, որ տնային կալանքը  անվճար լինել չի կարող, այն որոշակի ռեսուրսներ է պահանջում, սակայն ԵԽ նախարարների կոմիտեն նշում է, որ եթե անգամ անձը չունի ֆինանսական բավարար միջոցներ, ապա դա երբեք չի կարող պատճառ հանդիսանալ, որ տվյալ խափանման միջոցը չկիրառվի մեղադրյալի նկատմամբ: «Այս դեպքում ֆինանսական բեռը դրվում է ոչ թե մեղադրյալի, այլ պետության վրա»,- հավելեց Սարգսյանը: ԱՆ քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետն ընդգծեց` պետության խնդիրն է անհիմն կամ հարկադրված կալանավորումներ չլինեն, որովհետև կալանքն այն ծայրահեղ խափանման միջոցն է, որն ամենաինտենսիվ միջամտությունն է ենթադրում անձի իրավունքների դաշտում: Հունիսի 30-ին ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով, ի թիվս այլ փոփոխությունների, նաև նախատեսվում են խափանման միջոցների այնպիսի նոր տեսակներ, ինչպիսիք են տնային կալանքը և վարչական հսկողությունը:
12:34 - 16 հուլիսի, 2021
ԲԴԽ-ն քննում է դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը |armenpress.am|

ԲԴԽ-ն քննում է դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը |armenpress.am|

armenpress.am: Բարձրագույն դատական խորհրդում մեկնարկել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին (լիազորությունները կասեցված են) կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված միջնորդության քննարկումը: Միջնորդությունը ներկայացրել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, սակայն, քանի որ նա արձակուրդում է, նիստին ներկայացել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը: ԲԴԽ անդամ Լիպարիտ Մելիքջանյանն ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդություն ներկայացրեց, քանի որ քաղաքացիական գործերից մեկով իրենք հանդիսանում են դատավարության հակառակ կողմեր: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար դիմող կողմը հիմք է ընդունել կայքերից մեկում հրապարակված հարցազրույցը դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ, որտեղ նա խոսել էր Սահմանադրական դատարանի կողմից ենթադրյալ սահմանադրական կարգի տապալման ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը Սահմանադրությանը հակասող ճանաչելու որոշման մասին:
16:38 - 15 հուլիսի, 2021
Բադասյանը մանրամասնել է ինչպիսին պետք է լինի ՀՀ կառավարության երազանքների դատարանը |armenpress.am|

Բադասյանը մանրամասնել է ինչպիսին պետք է լինի ՀՀ կառավարության երազանքների դատարանը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարության երազանքների դատարանը բարեվարք, պրոֆեսիոնալ դատավորներից բաղկացած դատարանն է, որտեղ պրոցեսներն արագ են տեղի ունենում և կա հանրային բարձր վստահություն դատական համակարգի նկատմամբ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը։ «ԲԴԽ որոշումներով եղել են դատավորների լիազորությունների դադարեցման դեպքեր, մասնավորապես, երկու դեպք է գրանցվել։ Կան բազմաթիվ հարուցված կարգապահական վարույթներ։ Եվ ընդհանուր առմամբ դատաիրավական բարեփոխումներն ընթանում են և ընթանալու են, մինչև հասնենք վերջնական մեր նպատակին»,- նշեց Բադասյանը՝ ավելացնելով, որ  դատական համակարգում անպայման նոր դատավորներ պետք է հայտնվեն: «Դատավոր դառնալու այդ փակ շղթան՝ համակարգի ներսից անընդհատ վերարտադրվելու, առաջին հերթին պետք է կոտրվի։ Եվ, ինչպես ցանկացած բարեփոխման ժամանակ, այստեղ ևս ապավինում ենք մեր քաղաքացիների օգնությանը, տվյալ դեպքում՝ իրավական համայնքի։ Կարծում ենք, որ այդ փակ շղթայից դուրս իրավական համայնքի ներկայացուցիչները պետք է հայտնվեն դատական համակարգում, կլինի դա մասնավոր ոլորտից, այլ պետական համակարգերից։ Այդ փակ շղթան կոտրելով՝ մենք պետք է ապահովենք նոր մարդկանց մուտքը համակարգ»,- ասաց նախարարի պաշտոնակատարը:
13:58 - 08 հուլիսի, 2021
Ռուստամ Բադասյանն անդրադարձել է նոր պարեկային ծառայության հետ կապված քաղաքացիների մտահոգություններին

Ռուստամ Բադասյանն անդրադարձել է նոր պարեկային ծառայության հետ կապված քաղաքացիների մտահոգություններին

Այսօր առավոտյան արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ազդարարեց Երևանում նոր Պարեկային ծառայության մեկնարկի մասին։ Ֆեյսբուքյան գրառմամբ նա տեղեկացրել է, որ հնգամսյա թիրախային և միջազգային լավագույն փորձի հիման վրա կրթություն ստացած մեր երիտասարդներն այսօրվանից երևանաբնակ մեր քաղաքացիներին ներկայանալու են բարեվարք և պրոֆեսիոնալ հանրային ծառայողի կերպարով։ «Խոստովանեմ, սպասելիքը, որ մեր քաղաքացիները ոգևորությամբ են դիմավորելու նոր պարեկներին, արդարացավ։ Սակայն քաջալերող խոսքերի կողքին հնչեցին նաև մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ մտահոգություններ, որոնցից երեքին այս պահին կուզենայի անդրադառնալ։ Ինչո՞ւ է ավտոմեքենայի վրա տրանսլիտով գրված POLICE/PATROL։ Խնդրում եմ դիտել առաջին նկարը, որում հայերենով գրված է «Պարեկային ծառայություն» բառակապակցությունը։ Այո, դրա կողքին նշված է նաև Patrol բառը, որը, խոստովանենք, հանրաճանաչ է, բոլորիս համար ընկալելի։ Բացի այդ, քաղաքում կան նաև զբոսաշրջիկներ, որոնց թիվը տարեցտարի, ի ուրախություն բոլորիս, ավելանում է։ Օտարերկրացի մեր հյուրերը հնարավոր է ունենան պարեկների օգնության կարիք ու, Patrol կամ Police գրվածքը տեսնելով, ավելի արագ դիմեն օգնության։ Ինչո՞ւ էր քաղաքի որոշ հատվածներում այսօր խցանում։ Պարզ է չէ՞ բոլորիս համար, որ Երևանում խցանումների խնդիրն այսօր չառաջացավ ու հենց այսօր էլ այդ խնդիրը չի լուծվելու։ Հավատացնում եմ Ձեզ, որ առաջին օրով գերպատասխանատվությամբ ծառայության դուրս եկած մեր պարեկների համար ևս հեշտ օր չի եղել ու նրանք, ուժերի ներածին չափով, փորձել են նաև ոչ իրենց գործառույթներով պայմանավորված խնդիրը հնարավորինս կարգավորել։ Բայց կարևոր է, որ առաջին իսկ օրվանից մենք հետևողական հավաքագրելու ենք բոլոր խնդիրները, որոնց լուծման համար անգամ ծառայության մեկնարկին զուգահեռ այս օրերին անցկացվելու են ադապտացիոն սցենարային վերապատրաստումներ՝ հանրությանը մատուցվող ծառայության որակն ամեն օր ավելի լավը դարձնելու համար։ Ինչո՞ւ է ընտրվել հենց այս լոգոն։ Լոգոյի ընտրության համար Ոստիկանության կողմից հայտարարված մրցույթին տարբեր առաջարկներ են եղել․ ընտրվել է այս տարբերակը։ Բայց, եթե հանրային կարծիքներն ուսումնասիրելուց հետո լոգոն փոխելու անհրաժեշտություն առաջանա, այն անպայման կվերանայենք»,- մանրամասնել է նախարարի պաշտոնակատարը։
17:58 - 07 հուլիսի, 2021
Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպանին

Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպանին

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին։ Այս մասին հայտնում է Արդարադատության նախարարությունը: Ռուստամ Բադասյանը ողջունել է դեսպանին, բարի գալուստ մաղթել Հայաստան և ընդգծել, որ Հայաստանն ու Իտալիան պատմական ամուր կապեր ու տարբեր ոլորտներում հաջող համագործակցության փորձ ունեն։ Այս առումով նախարարի պաշտոնակատարը բարձր է գնահատել Իտալիայի ներդրումը «Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների ամրապնդում» ծրագրում, որով ԵԱՀԿ-ն աջակցում է Հայաստանին Հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու հարցում։ Դեսպան Դի Ռիզոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հատկապես հակոկոռուպցիոն ոլորտում համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
15:00 - 07 հուլիսի, 2021
Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի ընդունումը բարեփոխումներ իրականացնելու քաղաքական կամքի վկայությունն է. Բադասյան

Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի ընդունումը բարեփոխումներ իրականացնելու քաղաքական կամքի վկայությունն է. Բադասյան

Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը տասը և ավելի տարի քննարկվելուց հետո այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց Ազգային ժողովի կողմից։ Սա ևս վկայություն է բարեփոխումներ իրականացնելու իրական քաղաքական կամքի մասին՝ Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը:    «Ի՞նչ փոփոխություններ ենք առաջարկում այս նախագծով։   Վարույթի ամրագրումը դարձնում ենք էլեկտրոնային․ ներդնում ենք նախաքննության թվայնացման ծրագիր։   Սահմանում ենք իրավունքի չարաշահման արգելք։ Ներկայումս մեր հանրությունը մեծ դժգոհությամբ հետևում է մի շարք դատավարությունների, որտեղ բուն գործի քննություն այդպես էլ չի սկսվում, որովհետև կողմերը իրավունքի չարաշահում են իրականացնում։ Սա կարգելվի․ նման դեպքերում կկիրառվի սանկցիա։   Ներդնում ենք պահեստային դատավորի գաղափարը։ Գիտենք, որ ծավալուն քրեական գործերի դեպքում, եթե դատավորը ինչ-ինչ պատճառներով փոխվում է, ապա գործի քննությունը վերսկսվում է։ Այս նախագծով նման դեպքերի համար դատարանի նախագահին հնարավորություն է տրվում ընտրել դատավորի, որը մասնակցում է գործի քննությանը պասիվ դերում։ Բուն դատավորի փոփոխության դեպքում նորը ստիպված չի լինի գործի քննությունը սկսել նորից։   Նախագծով նաև մի շարք սկզբունքային նորամուծություններ ենք անում․   Հնարավորինս ընդլայնում ենք խափանման միջոցների շրջանակը․ նախատեսում ենք խափանման միջոցի այնպիսի նոր տեսակներ, ինչպես, օրինակ, տնային կալանքը, վարչական հսկողությունը և այլն (էլեկտրոնային բրասլետների գնումն արդեն նախատեսված է)։   Ներդնում ենք համագործակցության վարույթի ինստիտուտը․ դատախազության հետ համագործակցող անձը հնարավորություն է ստանում բացահայտել նոր հանցանք, որի շնորհիվ կկարողանա ստանալ ավելի մեղմ պատժատեսակ կամ ազատվել պատժից պայմանականորեն կամ, առհասարակ, ազատվել պատժի կրումից։   Ներդրվել է նաև հեռակա դատաքննության ինստիտուտը։ Քննությունից խուսափող անձանց մասով հնարավոր կլինի սկսել դատական քննության փուլը։   Կատարված աշխատանքի համար շնորհակալություն եմ հայտնում Եվրոպայի խորհրդին և Նախագիծը մշակած աշխատանքային խմբին և, իհարկե, Արդարադատության նախարարության համապատասխան աշխատակիցներին:   Հատկապես խորին շնորհակալությունս աշխատանքային խմբի ղեկավար պարոն Հրայր Ղուկասյանին կատարված մեծածավալ աշխատանքի համար»,- գրել է Բադասյանը: 
18:01 - 30 հունիսի, 2021