Արագածոտնի մարզ

ՀՀ Արագածոտնի մարզը հիմնադրվել է 1996 թվականին: Մարզի տարածքը կազմում է 2753 քառ. կմ եւ զբաղեցնում է ՀՀ տարածքի 9.3 %-ը: Մարզն իր մեջ ընդգրկում է Աշտարակի, Թալինի, Ապարանի և Արագածի նախկին շրջանները: 

Ծովի մակերեւույթից 2000-2500 մետր բարձրության վրա: Մարզի 19 համայնքներ ունեն լեռնային, իսկ 40 համայնքներ` բարձր լեռնայինի կարգավիճակ: Բնակչության թվաքանակը 2019 թ.հուլիսի 1-ի դրությամբ կազմում է 161774 մարդ: Մարզում կա 72 համայնք:

Վարչապետը շրջայց է կատարել Արագածոտնի մարզի համայնքներում և ծանոթացել պետական ծրագրերի ընթացքին

Վարչապետը շրջայց է կատարել Արագածոտնի մարզի համայնքներում և ծանոթացել պետական ծրագրերի ընթացքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում: Երկրի վարչապետը, Արագածոտնի մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությանը ծանոթանալուց հետո, եղել է մարզի մի շարք համայնքներում, ծանոթացել տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքին: Վարչապետի շրջայցը մեկնարկել է Աշտարակ համայնքի Օհանավան և Արտաշավան բնակավայրերից: Օհանավան բնակավայրում վարչապետը ծանոթացել է տեղի միջնակարգ դպրոցի շինարարության ընթացքին. կրթօջախը կառուցվում է Կառավարության և Ասիական զարգացման բանկի համաֆինանսավորմամբ իրականացվող «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով»։ Ծրագիրը մեկնարկել է 2021թ․հունվարին և նախատեսվում է ավարտին հասցնել 2023թ. սեպտեմբերին։ Իսկ Արտաշավան բնակավայրում Նիկոլ Փաշինյանին են ներկայացվել տեղի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման և բակային տարածքի բարեկարգման աշխատանքները, որոնք իրականացվում են սուբվենցիոն ծրագրի շրջանակում: Ծրագրի արժեքը կազմում է մոտ 190 մլն ՀՀ դրամ, պետական բյուջեից համաֆինանսավորման չափը 70 տոկոս է: Ծրագիրը նախատեսվում է ավարտել այս տարի: Աշտարակից Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է Թալին համայնք, որտեղ պետական բյուջեի միջոցներով վերակառուցվում է համայնքային բժշկական կենտրոնը: Շրջայցի ընթացքում նշվել է, որ շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2024թ.: Ծրագրի ընդհանուր արժեքը 1 մլրդ 200 մլն ՀՀ դրամ է: Վարչապետն այցելել է նաև Թալին քաղաքի նորակառույց կենտրոնական պուրակ, որը կառուցվել է 2022թ.՝ սուբվենցիոն ծրագրով: Ավելի քան 37 մլն ՀՀ դրամ արժողությամբ ծրագիրը պետբյուջեից համաֆինանսավորվում է 35 տոկոսով: Նիկոլ Փաշինյանը շրջել է պուրակով, զրուցել Թալինի բնակիչների հետ և շնորհավորել նրանց գեղեցիկ այգու բացման առիթով: Վարչապետի այցի հաջորդ կանգառը Գառնահովիտ և Լուսակն գյուղական բնակավայրերն էին, որտեղ կառուցվում են միջնակարգ դպրոցների մոդուլային տիպի շենքեր՝ «Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրի շրջանակում: Պատասխանատուների խոսքով՝ 2 դպրոցի պարագայում էլ աշխատանքները մեկնարկել են 2020թ., ավարտը նախատեսվում է 2023թ. տարեվերջին: Գառնահովիտի դպրոցի ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 700 մլն ՀՀ դրամ է, Լուսակնինը՝ մոտ 650 մլն ՀՀ դրամ: Կառավարության ղեկավարը կարևորել է դպրոցաշինության ծրագրերի պատշաճ իրականացումը և կրթօջախների՝ անհրաժեշտ գույքով ապահովումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ստեղծվող ենթակառուցվածքները համայնքային կենտրոններ դառնալու ներուժ ունեն և հանձնարարել է ուսումնասիրել այդ առումով առկա հնարավորությունները: ՀՀ վարչապետը Արագածոտնի մարզի Զովասար և Կարմրաշեն բնակավայրերում հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա պատերազմում զոհված հերոս հայորդների հիշատակին։ Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել նաև Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանին: Վարչապետը ծանոթացել է նաև Ներքին Սասնաշեն-Մեծաձոր ճանապարհահատվածի ընթացիկ վիճակին, որը բարեկարգվել է «Կենսական նշանակության ավտոճանապարհների բարելավման ծրագրի» շրջանակում: Շուրջ 952 մլն ՀՀ դրամ արժողությամբ ծրագրով ասֆալտապատվել է 9.5 կմ ճանապարհ: Նիկոլ Փաշինյանը պատասխանատուների ուշադրությունն է հրավիրել ճանապարհային գծանշումների թարմացման անհրաժեշտության վրա՝ նշելով, որ ճանապարհաշինության կարևոր բաղադրիչ են նաև պատշաճ կահավորումն ու սպասարկումը: Կառավարության ղեկավարի՝ Արագածոտնի մարզ կատարած այցի վերջին կանգառը Արագածավան բնակավայրն էր, որտեղ նա ծանոթացել է 2020թ. հիմնված սպանդանոցի գործունեությանը: Նշվել է, որ ներդրման ծավալը կազմում է 70 մլն ՀՀ դրամ, ներկայացվել են խոշոր եղջերավոր կենդանիների սպանդանոցային մորթի համար ստեղծված պայմանները և ենթակառուցվածքի կարողությունները:
21:32 - 03 ապրիլի, 2023
«Գյուղի մեջ պետք է այնպիսի գծանշում լինի, ոնց որ Երեւանի կենտրոնում. պարտադրեք, թող անեն». Փաշինյանը՝ Արագածոտնում
 |news.am|

«Գյուղի մեջ պետք է այնպիսի գծանշում լինի, ոնց որ Երեւանի կենտրոնում. պարտադրեք, թող անեն». Փաշինյանը՝ Արագածոտնում |news.am|

news.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ ապրիլի 3-ին, այցելել է Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն-Մեծաձոր՝ 9.5 կմ-անոց ճանապարհահատված, որը հիմնանորոգվել է Կենսական նշանակության ավտոճանապարհների բարելավման ծրագրով։ «Ճանապարհաշինության կարևոր բաղադրիչ են նաև պատշաճ կահավորումը և սպասարկումը»,- նշել է վարչապետն ու հավելել. «Եթե ճանապարհի եզրին կուտակվում է ավազը, հողը, հետո ճանապարհը շուտ քանդվում է: Այսինքն գծանշումները պետք է ժամանակին արվի: Գծանշումները պտք է թարմ լինի, կապ չունի, ճամփեն մեկ տարվա է, 2 տարվա, թե 3 տարվա: Եթե ճանապարհ է, գծանշումը պետք է նորմալ լինի: Համատարած ամբողջ հանրապետությունում նույն պրոբլեմը կա: Գյուղի մեջ պետք է այնպիսի գծանշում լինի, ոնց որ Երեւանի կենտրոնում: գումարն ի՞նչ կապ ունի, եթե անում ենք գործը, պետք է մինչեւ վերջ անենք: Պայմանագիրը ստորագրած է, պետք է պարտադրեք, որ անեն»,-ասել է Փաշինյանը:    
17:37 - 03 ապրիլի, 2023
Սոցիալական ապահովության ծառայության Արագածի տարածքային բաժնում կաշառք ստանալու վերաբերյալ վարույթով մեղադրանք է ներկայացվել 5 անձի

Սոցիալական ապահովության ծառայության Արագածի տարածքային բաժնում կաշառք ստանալու վերաբերյալ վարույթով մեղադրանք է ներկայացվել 5 անձի

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության Արագածի տարածքային բաժնում տեղի ունեցած առերևույթ կոռուպցիոն հանցագործության դեպքի առթիվ 2021թ. ապրիլի 12-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության Արագածի տարածքային բաժնի պետի պաշտոնն զբաղեցրած Հ.Տ.-ն բաժնի ավագ մասնագետից ընդունել է մարզի մի բնակչուհու աշխատանքային ստաժը վերահաշվարկելու, նրան նշանակված կենսաթոշակի վերահաշվարկման և դրա տեսակը աշխատանքային հաշմանդամության կենսաթոշակի փոխելու առաջարկը: Այնուհետև, բաժնի պետի և աշխատակցի կողմից քաղաքացու վերաբերյալ կազմվել և հանձնվել են ավել աշխատանքային ստաժի վերաբերյալ կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր։ Դրա համար, նախնական համաձայնությամբ, 2021թ. մարտի 30-ին, բաժնի պետի աշխատասենյակում հիշյալ ավագ մասնագետը Արագածոտնի մարզի բնակչուհու ամուսնուց՝ 57-ամյա տղամարդուց,  ստացել է առնվազն 5.000 ՀՀ դրամ կաշառք, որի մի մասը նույն օրը փոխանցել է պետին։ Բացի այդ, վերոնշյալ  բաժնի նախկին պետը, նույն մարզի 46-ամյա բնակչի միջնորդությամբ ընդունել է իրեն կաշառք տալու վերաբերյալ Արագածոտնի մարզի 37-ամյա բնակչի առաջարկը: 2021թ. ապրիլի 7-ին վերջինիս բարեկամուհու տվյալներով 10 տարվա աշխատանքային ստաժի վերաբերյալ կեղծ տեղեկություններ պարունակող աշխատանքային գրքույկ կազմելու և հանձնելու համար, իր աշխատասենյակում, իրենց ընդհանուր ծանոթի՝ հիշյալ 46-ամյա տղամարդու  ներկայությամբ, 37-ամյա բնակչից պահանջել է 450 ԱՄՆ դոլար կաշառք՝ խոստանալով աշխատանքային գրքույկը կազմել և հանձնել մեկ շաբաթից տաս օրվա ընթացքում: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության Արագածի տարածքային բաժնի պետին մեղադրանք է ներկայացվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու (ՀՀ գործող քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ) և կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար  կաշառք ստանալու համար (ՀՀ գործող քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-ին կետ): Նույն բաժնի ավագ մասնագետին մեղադրանք է ներկայացվել խմբի կազմում պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու համար: Արագածոտնի մարզի 57 և 37-ամյա բնակիչներին մեղադրանք է ներկայացվել կաշառք տալու (ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին մաս), իսկ 46-ամյա տղամարդուն՝ կաշառքի միջնորդության համար (ՀՀ գործող քրեական օրենսգրքի 437-րդ հոդվածի 1-ին մաս): Բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:  Նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին՝ 5 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ:
16:16 - 03 ապրիլի, 2023
Սասունիկում, ըստ նախնական տվյալների, շմոլ գազից թունավորված բոլոր քաղաքացիները դուրս են գրվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Սասունիկում, ըստ նախնական տվյալների, շմոլ գազից թունավորված բոլոր քաղաքացիները դուրս են գրվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ Արագածոտնի մարզի Սասունիկ բնակավայրից թվով 10 քաղաքացիների, (այդ թվում 4 անչափահաս) բժշկական կենտրոն տեղափոխվելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը)։ Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակը։  Ըստ բուժհաստատությունից ստացված տվյալների՝ նախնական ախորոշումը՝ թունավորում շմոլ գազից՝ հարցականով։ Քրեական վարույթի շրջանակներում նշանակվել է տոքսիկոքիմիական փորձաքննություն, կնշանակվի նաև դատաբժշկական փորձաքննություն։ Բուժօգնության դիմելուց շուրջ մեկ ժամ անց բոլոր 10 քաղաքացիները բուժհաստատությունից դուրս են գրվել։ Կատարվում են քննչական, վարութային անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի հանգամաքնները, թունավորման հավանականությունը պարզելու նպատակով։  
11:36 - 13 փետրվարի, 2023
Տիգրանաշենի ոլորաններում և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Տիգրանաշենի ոլորաններում և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, իսկ Վարդենյաց լեռնանցքը (անվաշղթաների կիրառման դեպքում) և Սպիտակի ոլորանները՝ բեռնատարների համար։ Տիգրանաշենի ոլորաններում և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
10:21 - 04 փետրվարի, 2023
Ոստիկանության պարեկային ծառայության ստորաբաժանումներ են գործարկվել Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում

Ոստիկանության պարեկային ծառայության ստորաբաժանումներ են գործարկվել Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի ստորաբաժանումների աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառումներին: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ «Միջոցառումներին ներկա են գտնվել Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, մարզպետներ, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լեյթինենը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման, այլ պաշտոնատար անձինք: Միջոցառումների սկզբում նախ մեկ րոպե լռությամբ հարգաքի տուրք է մատուցվել հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական դեպքի հետևանքով զոհված զինծռայողների հիշատակին: Արագածոտնի մարզում դիմելով ներկաներին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Տեղի ունեցած դեպքերի արձագանքներից որոշներն ի ցույց են դնում, որ մենք կարիք ունենք, բացի մակերեսին գտնվող փաստերից, խորանալ և հասկանալ պրոբլեմներն իրենց խորության մեջ: Իսկ պրոբլեմներն իրականում ոչ թե մակերեսին երևացողներն են, այլ նրանք, որոնք արտահայտվում են ամենատարբեր ոլորտներում, դրանք եթե կարելի է ասել, ԴՆԹ մակարդակի պրոբլեմներ են: Այդ խնդիրները շատ հաճախ ծագում են կարկատանի տրամաբանությունից դուրս գալու բավարար կամքի բացակայության պատճառով: Ուզում եմ ընդգծել, որ Պարեկային ոստիկանությունը հենց կարկատանի տրամաբանությունը հաղթահարելու մեր կամքի ամենավառ դրսևորումներից է, որովհետև երբ խոսել ենք Հայաստանի Հանրապետությունում Պարեկային ոստիկանության հիմնադրման մասին, սկզբունքային կարևոր նշանակություն է ունեցել, որ Պարեկային ոստիկանությունում ամեն ինչ պետք է լինի նոր՝ սկսած ավոտմեքենաներից, հագուստից, բայց ամենակարևորը՝ մտածողությունն է: Մենք պետք է Պարեկային ոստիկանության և ընդհանրապես՝ ամեն նոր կառույցի հետ բերենք նոր մտածողություն: Մենք այսպես ենք վարվում կրթության ոլորտում, մենք այսպես ենք վարվում իրավակարգի ոլորտում, մենք այսպես ենք վարվում Զինված ուժերի ոլորտում: Սա չափազանց կարևոր մոտեցում է, և ուզում եմ, որ այս տրամաբանությամբ առաջնորդվենք մեր հետագա ամեն քայլը պլանավորելիս և իրագործելիս, որովհետև, ինչպես ասված է Կտակարանում՝ «Նոր գինին հին տիկերի մեջ չի լինի տեղավորել»: Հիմա արդեն ակնհայտ է, որ մեզ համար կարևորագույն նշանակություն ունեցող Ոստիկանության, Փրկարար ծառայության, Ներքին գործերի համակարգի վերնագրի ներքո իրականացվող բարեփոխումներն ընթանում են շատ հաջող և մենք պետք է վճռականորեն ավելի որակյալ դարձնենք այս բարեփոխումները»: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է այն հանգամանքը, որ շատերը թյուրիմացաբար մտածել են, թե սա բարեփոխում է ոստիկանի դեմ. «Սա բարեփոխում չէ ոստիկանի դեմ, սա բարեփոխում է հանուն ոստիկանի, սա բարեփոխում է, որն իրականացնում են քաղաքացիական բարեփոխիչները ոստիկանական բարեփոխիչների հետ միասին: Բայց սա բարեփոխում է ոչ թե ոստիկանի համար, սա բարեփոխում է քաղաքացու համար, որովհետև սրանով մենք իրավակարգի ծառայությունը, որը մատուցվում է քաղաքացուն, պետք է բարձրացնենք նոր որակի: Վերադառնալով մտածողության փոփոխությանը, ուզում եմ ընդգծել հետևյալը. այդ կարկատանի մտածողության մեջ մարդուն կարգի հրավիրելը համարվում է ինչ-որ առումով վատություն, մինչդեռ նոր մտածողությունը պետք է արձանագրի, որ մարդուն կարգի հրավիրելը, կարգի, օրենքի, օրինականության, բարեվարքության պահպանումն առաջին հերթին հանուն մարդու է, որովհետև երբ դուք, օրինակ, կարգազանց վարորդին կարգի եք հրավիրում, առաջին հերթին, նրան եք լավություն անում: Երբ ալկոհոլ օգտագործած մարդուն թույլ չեք տալիս ճանապարհը շարունակել, առաջին հերթին լավություն եք անում հենց նրան, որովհետև հաջորդ քայլով նրա գործողություններից մեծ հավանականությամբ զոհվելու են կամ տուժելու են հենց նրա ընտանիքի անդամները, հենց նրա հարևանները, հենց նրա բարեկամները, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները»: Վարչապետը հիշեցրել է Արագածոտնի մարզում նախորդ տարի տեղի ունեցած մի հրեշավոր դեպքի մասին, երբ չորս անչափահաս, այդ թվում՝ վարորդը, մայրուղի են դուրս եկել մեքենայով, ինչի հետևանքով երեք անչափահաս է զոհվել. «Նման դեպք Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացու հետ կարող էր տեղի ունենալ: Սա մտածողության խնդիր է, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մի զգալի մասը հենց այդպես էլ ավտոմեքենա վարել է սովորել բակում՝ մեր ծնողների, բարեկամների մեքենաներով, հետո մի փոքր ավելի մեծ վստահություն ձեռք բերելով՝ արդեն նույնիսկ մայրուղիներ դուրս գալով մեծերի թույլտվությամբ: Եվ եթե որևէ մեկը հին մտածողությամբ մարդուն վատություն աներ, թույլ չտար, որ այդ երեխաները ճանապարհ դուրս գան, նոր մտածողությամբ այդ մարդուն կաներ լավություն: Այսօր մենք Պարեկային ոստիկանությանը ծառայություն ենք ուղարկում այս հանձնարարությամբ և այս հրամանով՝ խստորեն հետևել իրավակարգին, օրենքին և միևնույն ժամանակ խստորեն հետևել մարդու իրավունքների պաշտպանությանը, նրանց արժանապատվության պաշտպանությանը, նրանց արժանապատվության հարգմանը և ամեն քայլափոխի լավություն անել մարդկանց այն տրամաբանությամբ, որ կարգազանցին կարգի հրավիրելը, օրինազանցի նկատմամբ համապատասխան օրինական պատիժ և պատժամիջոց կիրառելը, ընդհուպ՝ ուժային գործողություն կիրառելը լավություն է մարդուն, անհատին, քաղաքացուն, հանրությանը, պետությանը: Այս ուղերձով եմ ես ձեզ այսօր ճանապարհում ծառայության: Հաջողություն եմ մաղթում բոլորիս»: Կոտայքի մարզում տեղի ունեցած միջոցառման ժամանակ վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր աջակցել են Հայաստանի Հանրապետությունում պարեկային ոստիկանության ներդրման գործընթացին և նշել. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր միջազգային գործընկերներին, ովքեր այս ընթացքում աջակցել են գործընթացին և քաջալերել են այն։ Այստեղ պիտի ընդգծեմ, որ մեր միջազգային գործընկերների ցուցաբերած նյութական աջակցությունը թեև շատ կարևոր, բայց ամենագլխավոր գործոնը չէ։ Շատ ավելի կարևոր է հասանելիությունը միջազգային գործընկերների կողմից ընձեռվող այն ստանդարտներին, որոնք գոյություն ունեն առաջավոր աշխարհում։ Մեր խնդիրն է՝ աշխարհի ամենաառաջադեմ, ամենաժամանակակից ստանդարտներին համապատասխանեցնել մեր պետական և հանրային ծառայությունները, և ընդհանրապես մեր պետությունը, մեր հարաբերությունները, մեր իրավակարգը, մեր իրավունքի և պատասխանատվության, պարտականությունների և հնարավորությունների ամենաժամանակակից բալանսը։ Ահա դա է մեր նշաձողը, որ մենք դնում ենք մեր առաջ և շարունակելու ենք այս ճանապարհը բոլոր ոլորտներում։ Երբ աշխատանքային քննարկումներում խոսում ենք մեր ստանդարտների մասին, ես ասում եմ, որ պետք է որպես օրինակ հետևենք 3-10 միլիոն բնակչություն ունեցող այն երկրներին, որոնք այսօր դասվում են աշխարհի զարգացած երկրների շարքում։ Սա պիտի լինի այն օրինակը, որը մենք պետք է ունենանք մեր առաջ։ Այստեղ ես եկել եմ Աշտարակից` Արագածոտնի մարզից, և մինչև այստեղ հասնելը, ըստ էության, քանդված ճանապարհներ չեմ տեսել։ Տեսել եմ հիմնականում բարեկարգ կամ նորոգվող ճանապարհներ։ Անընդհատ տեսնում եմ հանկարծ անհետացող գծանշումներ, և այպես շարունակ։ Շատերը կարող են ասել` դե լավ, ինչի՞ հետևից ես ընկել, լավ է էլի։ Ոչ, լավ չէ, շատ վատ է, որովհետև մենք պետք է առաջնորդվենք ոչ թե աչքաչափով, այլ ստանդարտով, որովհետև դա ցույց է տալիս մեր վերաբերմունքն ինքներս մեր նկատմամբ, մեր կատարած աշխատանքի նկատմամբ, և ցույց է տալիս, որ մենք նույնիսկ ամենակենցաղային հարցերում այնքան էլ լավ չենք հասկանում մեր ամենօրյա վարքագծի ազդեցությունը ընդհանրական, հանրային, պետական իրավիճակների և պրոբլեմների վրա։ Ցանկանում եմ, որ այսօր ծառայության մտնող մեր պարեկները, նորակոչ ոստիկանները չառաջնորդվեն այդ սկզբունքով, չառաջնորդվեն աչքաչափով, չառաջնորդվեն պատեհությամբ, այլ առաջնորդվեն սկզբունքով։ Այդ սկզբունքն օրենքն է և օրինականությունը։ Դուք ծառայության մեջ եք մտնում ամեն բակում, ամեն գյուղում, ամեն փողոցում` ապացուցելու, որ Հայաստանի Հանրապետությունում բոլորը հավասար են օրենքի առաջ, որովհետև եթե հանկարծ բոլորը հավասար չեն օրենքի առաջ` դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունում կան առաջին սորտի մարդիկ, երկրորդ սորտի մարդիկ, երրորդ սորտի մարդիկ։ Ոչ, Հայաստանի Հանրապետությունում չկա քաղաքացիների սորտավորում, և բոլորը հավասար են օրենքի առաջ: Այս հավասարության ապահովման առաջին շարքում եք ծառայելու դուք` այսօրվանից սկսած»։ Վարչապետը հատուկ շնորհակալություն է հայտնել Պարեկային ոստիկանությունում ծառայության անցած կանանց, որովհետև, նրա կարծիքով, նրանք այդ նոր ստանդարտի և այդ նոր մտածողության ներդրողներն են. «Ես ուզում եմ հատկապես շնորհակալություն հայտնել նրանց ընտանիքների անդամներին, նրանց միջավայրին, շրջապատին, որ քաջալերել են գնալ և չվախենալ խեթ հայացքներից, խեթ կարծիքներից, տարակուսանքներից։ Եվ մենք պետք է շարունակաբար Պարեկային ոստիկանությունում, ընդհանրապես՝ ոստիկանությունում, բանակում, պետական ծառայությունում, տնտեսական կյանքում, հանրային-քաղաքական կյանքում ավելի ու ավելի մեծացնենք կանանց ներգրավվածությունը»։ Ավարտելով խոսքը՝ վարչապետը պարեկներին մաղթել է բարի ծառայություն` հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն ազատության և օրինականության, հանուն ժողովրդավարության և օրենքի առաջ բոլորի հավասարության: Գեղարքունիքի մարզում Պարեկային ոստիկանության գործարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն, ինչ ասել է Արագածոտնի, Կոտայքի մարզերում, մարզերին վերաբերվող ասելիք չէ, այլ ընդհանրապես՝ Պարեկային ծառայությանը և Հանրապետությանը վերաբերող ընդհանրական ասելիք: «Ցանկանում եմ միայն մի հատվածով նույն բանը կրկնել: Այսօր ծառայության անցնող մեր պարեկային ոստիկաններին հաջողություն եմ մաղթում և ուզում եմ հավատալ, որ նրանց գործունեության ընթացքում օրինականության մակարդակը և որակը նաև Գեղարքունիքի մարզում կփոխվի:Շատ կարևոր է ընդգծել, որ 2022թ. մենք ճանապարհատրանսպորտային պատահարների, զոհերի և վիրավորների թվաքանակի շոշափելի նվազում ենք ունեցել ոչ միայն 2021, այլ նաև 2019 թվականի համեմատ: 2020 թվականը մենք վիճակագրության հետ համեմատության մեջ չենք դնում, որովհետև մի քանի ամիս նորմալ երթևեկություն ընդհանրապես չի եղել, քովիդի պատճառով լոքդաուն է եղել: Մենք սա կապում ենք նաև այն բարեփոխումների հետ, որ իրականացնում ենք Ոստիկանությունում, ստեղծվել է Ներքին գործերի նախարարությունը՝ ևս 4 մարզերում Պարեկային ոստիկանության գործարկմամբ: Մենք հույս ունենք, որ չնայած ավտոմեքենաների, երթևեկության մասնակիցների թիվը շատ մեծ տեմպերով աճել է և աճում է, ի հեճուկս դրա, ձեր ծառայության շնորհիվ զոհերի, վիրավորների, ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը կնվազի: Ուզում եմ հենց սա նկատի ունենաք դուք ձեր ծառայության մեջ, որ ամեն իրավիճակում ինչքանով սկզբունքային կգտնվեք օրենքի տեսակետից, այնքանով նորանոր մարդկանց կյանք կփրկեք, այնքանով նոր մարդկանց կազատեք վնասվածքներից, կորուստներից, սթրեսից, հաշմանդամությունից և այդպես շարունակ»:Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Գեղարքունիքը թերևս միակ մարզն է, որտեղ Պարեկային ծառայությունը իրականացվելու է երկու փուլով. «Այս փուլով մենք, այսպես ասած, սովորական, ինչպես մյուս մարզերում, Պարեկային ծառայության գործարկումն ենք իրականացնում: Հաջորդ փուլով կմեկնարկի առափնյա և ջրային պարեկային ծառայությունը: Իհարկե, ենթադրում եմ, որ այդ մեկնարկը կունենանք ամբողջ Հանրապետության ցամաքային պարեկային ծառայությունն իրականացնելուն պես կամ դրան զուգընթաց, կամ դրանից մի քիչ հետո: Կարծում եմ, որ, ահա, այս ամբողջական պլանն իրագործելիս մեր երկրում իրավակարգի որակի էական փոփոխություն պիտի տեղի ունենա: Այո, օրենքի, օրինականության հետ կապված պետք է լինել շատ սկզբունքային: Միևնույն ժամանակ, պետք է հիշել, որ գործ ունենք մարդկանց, քաղաքացիների հետ, ովքեր ճանապարհներին, բակերում, իրենց տներում իրենց երեխաների կողքին են, իրենց ընտանիքների հետ: Նրանց արժանապատվության պաշտպանությունը նույնպես ձեր գործն է: Նրանք պիտի ձեր հոգածության ներքո լինեն: Ահա այսպիսին պետք է լինի Ոստիկանությունը, որն ունի կարմիր գիծ, և այդ կարմիր գիծն օրենքն է: Այդ կարմիր գիծը որևէ մեկը հատելու հնարավորություն չպետք է ունենա: Ցանկանում եմ ասել, որ մեր ամենամեծ հակառակորդն այս պայքարում քրեական մտածողությունն է, քրեական մտածելակերպը, որն արտահայտություն ունի բոլոր ոլորտներում՝ պետական հարաբերություններից սկսած, մինչև իրավապահ համակարգ, մինչև նույնիսկ պետական և զինվորական ծառայություն: Այդ քրեական մտածելակերպը մեր թիվ մեկ հակառակորդն է: Եվ ձեր ծառայության շնորհիվ, այո, ոչ միայն Պարեկային ծառայությունը, Ոստիկանությունը պետք է այդ սկզբունքայնությունը ցույց տան, այլև Պարեկային ոստիկանության օրինակով հանրությունը պետք է վերաբերմունք ձևավորի Պարեկային ծառայության նկատմամբ: Ինչո՞ւ են շատ դեպքերում մեր երկրում աղետներ տեղի ունենում, որովհետև ասում են՝ դե լավ, այս մի բանը չասենք, մենք ասող չենք, մենք գրող չենք: Հանցագործության մասին հայտնելը, թերության մասին հայտնելը և դրա շտկմամբ զբաղվելը ոչ միայն իրավապահ, այլև ցանկացած համակարգի և ցանկացած քաղաքացու գործն է: Ես ուզում եմ, որ Պարեկային ոստիկանությունը և, ընդհանրապես, մեր Ոստիկանությունը քաղաքացու հետ համագործակցության շատ ուժեղ և լուրջ ավանդույթ ձևավորի, որովհետև բոլորս պիտի ելնենք այն իրողությունից, որ այն, ինչ անում է Ոստիկանությունը, այն, ինչ անում է Պարեկային ոստիկանությունը, հանուն քաղաքացու է, հանուն պետության է, հանուն իրավունքի է»: Կառավարության ղեկավարը կրկին հաջողություն և բարի ծառայություն է մաղթել բոլորին, շեշտել սակավաթիվ կանանց, ովքեր ծառայություն են անցնում Պարեկային ոստիկանությունում. «Պիտի առանձնապես կարևոր համարենք, որ նրանց օրինակով Պարեկային ոստիկանությունում կանանց թիվը գնալով մեծանա: Սա նույնպես շատ կարևոր մտածողության փոփոխություն է: Պիտի հատուկ կրկին շնորհակալություն հայտնեմ նախ այն կանանց, ովքեր այսօր ծառայություն են անցնում Պարեկային ոստիկանությունում և չեն վախենում, որ կարող են լինել բազմաթիվ տղամարդկանց միջավայրում միակ կինը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց ընտանիքների անդամներին, որ աջակցել են նրանց այդ որոշմանը և թիկունք են կանգնել: Վստահ եղեք, որ կառավարությունը, նախարարությունը, և համոզված եմ նաև ձեր ծառայակիցները կաջակցեն ձեզ և այնպես կանեն, որ դուք ծառայության մեջ զգաք լիարժեք, և դուք էլ այնպես կանեք, որ մյուսները ծառայության մեջ զգան լիարժեք: Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հավասարությունն օրենքի առաջ նաև այս տրամաբանությամբ պիտի զարգանա և ամրանա»: Տավուշի մարզում վարչապետը նշել է, որ այն այսօրվա գործընթացի վերջին կետն է, երբ գործարկվում է Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայությունը. «Պիտի համոզմունք հայտնեմ, որ այս ծառայության մուտքով ինչպես Տավուշի, այնպես էլ մյուս մարզերում, իրավակարգի, քաղաքացի-պետություն, քաղաքացի-ոստիկան հարաբերությունների նոր մակարդակ ենք ունենալու։ Այն, ինչ ասել եմ այսօր Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերում, բնականաբար չի վերաբերում միայն տվյալ մարզին, այլև վերաբերում է ընդհանրապես ամբողջ հանրապետությանը և բոլոր տեղերում Ոստիկանության բոլոր ծառայողներին: Ցանկանում եմ կրկնել, որ որևէ մեկին կարգի հրավիրելով` դուք նրան վատություն չեք անում, այլ հակառակը, լավություն եք անում նրան և հանրության մյուս անդամներին, որոնց իրավունքների և անվտանգության ապահովումը ներքին առումով ձեր առաջնահերթ պարտականությունն է։ Ուզում եմ մաղթել, ցանկանալ, հանձնարարել և հրամայել, որ ձեր ձեռքը կաշառքի չկպչի։ Սա շատ կարևոր է, որովհետև կոռուպցիան ավերում է երկիրը, կոռուպցիան երկիրը զրկում է ապագայից, և դուք սա պետք է իմանաք։ Ոստիկանության համակարգում պարեկային ծառայողներն ամենաբարձր վճարվողներից են, բայց հիմա մենք Ներքին գործերի նախարարության ձևավորմամբ նույն գործընթացը, ըստ էության, անելու ենք ամբողջ Ոստիկանությունում, նաև փրկարար ծառայությունում։ Ի՞նչ նկատի ունեմ: Պարեկային ծառայողները վեց ամիս անցնում են ուսումնառություն, հետո որակավորման քննություն հանձնում: Երբ Գեղարքունիքի մարզում մոտենում էի ծառայողներին, հաճույքով արձանագրեցի, որ կային ծառայողներ` հենց իրար կողքի կանգնած. նրանց մի մասը նախկինում ընդհանրապես ոստիկանությունում չէր ծառայել, մի մասը նախկինում զինվորական բնույթի այլ ծառայության մեջ էր եղել, մեկ ուրիշ մասը նախկինում ծառայել էր Ոստիկանության ստորաբաժանումներում: Կային նաև, որ ճանապարհային ոստիկանությունից էին տեղափոխվել Պարեկային ոստիկանություն։ Հույս ունեմ, որ ահա տարբեր փորձերի, տարբեր կենսագրությունների, տարբեր ճանապարհների այս միաձուլումը կբերի նոր որակի։ Մենք այժմ մեկնարկել ենք նաև Ներքին գործերի նախարարության ձևավորման մի գործընթաց, որով, ըստ էության, ամբողջ Ոստիկանության կառուցվածքը փոխվելու է։ Շատ շուտով արդեն կունենանք Ոստիկանության գվարդիա, Քրեական ոստիկանություն, Հասարակական կարգի պահպանության գլխավոր վարչություն և Պարեկային ծառայություն։ Սրանք կլինեն այն սյուները, որոնց վրա հենված է մեր առաջնային իրավակարգը»: Խոսքի վերջում վարչապետը հաջողություն է մաղթել Ոստիկանությանը և վերջինիս հետ առնչվող քաղաքացիներին. «Մեզ պետք է հարաբերությունների նոր որակ՝ փոխադարձ հարգանքի, միմյանց արժանապատվությունը հարգելու, բայց նաև օրենքի անառարկելիությունը կյանքի կոչելու ճանապարհով»։ Վարչապետը ծանոթացել է Պարեկային ծառայության ավտոմեքենաների տեխնիկական հնարավորություններին և հագեցվածությանը: *** Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աշտարակում ծանոթացել է նաև սուբվենցիոն ծրագրերի շրջանակում Կոմիտասի անվան քաղաքային զբոսայգու բարեկարգման աշխատանքների ընթացքին: Զեկուցվել է, որ քաղաքային զբոսայգում կատարվել են ճեմուղիների սալիկապատման, ասֆալտապատման, խաղահրապարակի բարեկարգման, նստարանների տեղադրման և այլ աշխատանքներ: Ծրագրի արժեքը կազմել է 83 միլիոն դրամ, որի 70%-ը համաֆինանսավորել է համայնքը, 30%-ը՝ կառավարությունը: Նաև զեկուցվել է, որ 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում նախատեսվում է Աշտարակի քաղաքային զբոսայգու հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների իրականացում՝ 505 մլն դրամ ընդհանուր արժեքով: Մասնավորապես, կառուցվելու են ամֆիթատրոն, երգող շատրվաններ և այլ ենթակառուցվածքներ։Աշտարակում վարչապետը ծաղիկներ է խոնարհել զբոսայգու տարածքում գտնվող 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին», - նշված է հաղորդագրության մեջ:
19:38 - 21 հունվարի, 2023
Արագածոտնի մարզում մեկնարկեց պարեկային ծառայության ստորաբաժանման աշխատանքը |armenpress.am|

Արագածոտնի մարզում մեկնարկեց պարեկային ծառայության ստորաբաժանման աշխատանքը |armenpress.am|

armenpress.am: Արագածոտնի մարզում մեկնարկեց պարեկային ծառայության ստորաբաժանման աշխատանքը։ Արագածոտնի մարզի պարեկային ծառայության ստորաբաժանման բացման արարողությանը ներկա էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք կարիք ունենք բացի մակերեսին գտնվող փաստերից, խորանալ և հասկանալ խնդիրները իրենց խորության մեջ։ Իսկ խնդիրները իրականում ոչ թե մակերեսին երևացողներն են, այլ ԴՆԹ մակարդակի խնդիրներ են։ Այդ խնդիրները ծագում են կարկատանի տրամաբանությունից դուրս գալու բավարար կամքի բացակայության պատճառով։ Ընդգծեմ, որ Պարեկային ոստիկանությունը հենց կարկատանի տրամաբանությունը հաղթահարելու մեր կամքի ամենավառ դրսևորումներից է, որովհետև երբ խոսել ենք Հայաստանի Հանրապետությունում պարեկային ոստիկանության հիմնադրման մասին՝ սկզբունքային կարևոր նշանակություն է եղել, որ Պարեկային ոստիկանությունը նոր լինի ՝ սկսած ավտոմեքենաներից, վերջացրած հագուստից, բայց ամենակարևորը՝ պետք է լինի նոր մտածողություն»,- ընդգծեց Փաշինյանը։ Վարչապետի խոսքով՝ պետք է ամեն նորաստեղծ կառույցում բերել նոր մտածողություն։ «Մենք այդպես ես վարվում կրթության, իրավական, զինված ուժերի ոլորտում և չափազանց կարևոր մոտեցում է։ Ցանկանում եմ, այս տրամաբանությամբ առաջնորդվենք մեր հետագա ամեն քայլը պլանավորելիս և իրագործելիս»,- եզրափակեց Փաշինյանը։
14:25 - 21 հունվարի, 2023
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Լոռու մարզում, Սյունիքի մարզի Գորիս, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում, Դիլիջանի ոլորաններում և Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» հատվածում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում, Նոյեմբերյան քաղաքում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և Գորիս քաղաքում մառախուղ է։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
10:14 - 03 դեկտեմբերի, 2022
Հոկտեմբերի 24-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

Հոկտեմբերի 24-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի քաղաքի՝ 10:00-16:00 Աբելյան փ. 47 շենքի բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Նուբարաշեն 11 փողոցի առանձնատներ, 11:00-16:00 Նուբարաշեն 6փ. 26, 28; 8փ. 2-18; 10փ. 1-12; 12փ. 1-12 առանձնատներ, 11:00-17:00 «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, թիվ 143 մանկապարտեզ, «Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ,Զինկոմիսարիատ, Բագրատունյաց պող․ 4, 6, 8, 10 շենքեր, Բագրատունյաց պող. 1-ին նրբ․ 3, 7, 9, 11, 13, 15 շենքեր, Արտաշիսյան փ․ 40/8, 42/6, 42/7, 44/4ա, 44/3, 44/4, 44/5, 45/20, 45/21, 47/19, 49/19ա, 51/16, 51/17, 51/18 շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նորագավիթ թաղ. 1, 2, 6 փողոցների առանձնատներ, Նորագավիթ թաղ. 1-ին փողոցի 1-ին փակուղու առանձնատներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Նորագավիթ թաղ. 2-րդ փողոցի 1-ին նրբանցքի առանձնատներ, Նորագավիթ թաղ. 6-րդ փողոցի 6-րդ փակուղու առանձնատներ, Համբարձումյան փ. 10, 12, 45/2, 47 շենքեր և 37-67Ա առանձնատներ, Արաբկիր 23փ. 1/2; 25փ. 2, 2/1, 17; 27փ. 6/2, 9 շենքեր, Արաբկիր 27փ. 1-13 առանձնատներ, Արաբկիր 25 փողոցի առանձնատներ, Ռիգայի փ. 126/4 շենք, Վերին Անտառային փ. 9-192/2, 13/4, 27/1 121/7, 124/1, 133, 135, 136/3, 138/2, 138/6 շենքեր և 1-186/13 առանձնատներ, Անտառային փ. 11-220 շենքեր և 1-148/5 առանձնատներ, Լեռ Կամսարի փ. 30/3, 40/2 շենքեր, Լեոնիդ Ազգալդյան փ. 12/5, 12/6 շենքեր, Աղբյուր Սերոբի փ. 52/20 շենքեր, Գևորգ Էմինի փ. 22 շենք։Արմավիրի մարզի՝ 11:00-17:00 Լենուղի, Այգեվան, Հուշակերտ, Արաքս, Նոր Ամասիա և Նալբանդյան գյուղեր, Արարատի մարզի՝ 11:00-16:00 Արտաշատ քաղաք՝ Թումանյան, Մարքսի, Իսակովի, Աճառյան, Արազի, Այվազովսկու, Բակունցի, Բուդաղյան, Թորոմոնյան, Կասյան, Ներսիսյան, Դուրյան, Օգոստոսի 23-ի և Օրբելի փողոցներ մասնակի, Վայոց Ձորի մարզի՝ 11:00-15:00 Գլաձոր գյուղ մասնակի, Կոտայքի մարզի՝ 11։00-17։00 Կոտայք և Կաթնաղբյուր գյուղեր մասնակի, Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Գեղարքունիքի մարզի՝ 10։30–16:30 Լիճք բնակավայրն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Տավուշի մարզի` 11:00-13:00 Գետահովիտ գյուղ, գազի լցակայաններ, բջջային կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 16:30-17:30 Ջուջևան, Ոսկեպար, Բարեկավան գյուղեր, գազի լցակայաններ, բջջային կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շիրակի մարզի՝ 10:00-14:00 Աշոցքի տարածաշրջան՝ Բավրա գյուղի 3-րդ փողոց մասնակի։Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
12:01 - 22 հոկտեմբերի, 2022
Արագածոտնի մարզպետարանը հերքել է լուրը, թե Արագածավան թուրքեր են մտել ու գերի տարել հովիվների

Արագածոտնի մարզպետարանը հերքել է լուրը, թե Արագածավան թուրքեր են մտել ու գերի տարել հովիվների

Արագածավան ոչ մի թուրք չի մտել, ոչ մի հովիվ գերի չէ։ Այս մասին հայտնում են Արագածոտնի մարզպետարանից՝ ի պատասխան 168.am լրատվական կայքում տեղ գտած՝ «Ինչ է կատարվում Արագածավանում» վերտառությամբ հրապարակմանը։  «Հայտնում ենք, որ լուրը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Արագածավան ոչ մի թուրք չի մտել, ոչ մի հովիվ գերի չէ։ Չենք բացառում, որ կեղծ ահազանգը կարող էր որևէ մեկի կամ մի խումբ անձանց նենգ ու ոչ ողջամիտ արարքը լինել»-,- նշված է համայանքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։    Իսկ Արագածավան խոշորացված համայնքի համայնքապետ Արթուր Հովսեփյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ գյուղից դուրս` դեպի Թուրքիայի սահման գտնվող ֆերմայի բանվորները ռուս սահմանապահների հսկողությամբ անցաթղթով են ելումուտ անում նշված տարածք: Նրանք մնացել են սահմանից այն կողմ, ահազանգել են այդ մասին, և ռուս սահմանապահներն արձագանքել ու բանվորներին վերադարձրել են Հայաստանի սահման։ Արթուր Հովսեփյանը նաև վստահեցրեց, որ գյուղում որևէ թուրք չի եղել և չկա։ Դեպքի մասին ավելի հստակ մանրամասներ ԱԱԾ-ից պարզելու պարագայում, համայնքապետը կտեղեկացնի հավելյալ: Հիշեցնենք, որ երեկ երեկոյան 168․am-ը տեղեկություն հրապարակեց, որ իրենց ընթերցողները հայտնել են՝ Արագածավան համայնք երեք զինված թուրքեր են մտել, ութ հովիվների՝ իրենց անասուններով, գերի են վերցրել, որոշ ժամանակ անց ռուսական կողմի միջնորդությամբ սկզբում անասուններին են բաց թողել, այնուհետև հովիվներին:
09:28 - 22 հուլիսի, 2022
Փոխվարչապետ Մաթևոսյանը Արագածոտնի մարզում ծանոթացել  է սուբվենցիոն ծրագրերով իրականացված և իրականացվող աշխատանքներին

Փոխվարչապետ Մաթևոսյանը Արագածոտնի մարզում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերով իրականացված և իրականացվող աշխատանքներին

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հունիսի 29-ին այցելել է Արագածոտնի մարզ, ծանոթացել համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերով իրականացված և իրականացման փուլում գտնվող աշխատանքներին։ Այցի ընթացքում փոխվարչապետին ուղեկցել են Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը, Աշտարակի և Թալինի համայնքապետերը, այլք։ Աշխատանքային այցի առաջին կանգառը Թալինի հիմնանորոգվող բժշկական կենտրոնի շինհրապարակում էր։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահը, ներկայացնելով ծրագրի մանրամասները, տեղեկացրել է, որ շինարարական աշխատանքները, որոնք մեկնարկել են 2021 թվականի հունիսին, նախատեսում են ավարտել ու հիվանդանոցը շահագործման հանձնել 2023 թվականի տարեվերջին։ Փոխվարչապետ Մաթևոսյանը շրջել է շինհրապարակում, զրուցել բուժանձնակազմի հետ, բժշկական կենտրոնի ղեկավար կազմի հետ քննարկել զարգացման ծրագրերը։ Աշխատանքային այցի ընթացքում Համբարձում Մաթևոսյանը եղել է նաև Գառնահովիտ բնակավայրում կառուցվող մոդուլային դպրոցի տարածքում, ծանոթացել է իրականացվող աշխատանքներին։ Դպրոցի ուսուցչական անձնակազմի հետ զրույցում փոխվարչապետը հորդորել է նրանց մասնակցել ատեստավորման գործընթացին, մասնագիտական որակավորումը բարձրացնելուն զուգահեռ բարձրացնել նաև աշխատավարձի չափը։ Համբարձում Մաթևոսյանը զրուցել է նաև տեղի բնակիչների հետ, լսել նրանց հուզող խնդիրները՝ կապված մթերումների, ոռոգման ջրի, այգեհիմնման աշխատանքների հետ, այնուհետև ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական աջակցության ծրագրերը, հորդորել է օգտվել այդ հնարավորություններից ու Էկոնոմիկայի փոխնախարար Խոջոյանի հետ պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին։ Թալին համայնքի Կարմրաշեն բնակավայրում փոխվարչապետն այցելել է Հայրենական պատերազմում զոհված կարմրաշենցիների հիշատակին կառուցված հուշահամալիր, Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Տեփանյան Արտյոմի շիրիմին և ծաղիկներ խոնարհել զոհված հերոսների հիշատակին։ Աշխատանքային այցի հաջորդ կանգառը Արագածոտն բնակավայրում վերակառուցվող մանկապարտեզն էր, որտեղ, ծանոթանալով իրականացվող աշխատանքներին, փոխվարչապետ Մաթևոսյանը հայտարարել է, որ անորակ աշխատանք չի ընդունվելու։ Մարզպետ Մովսիսյանը հավաստիացրել է՝ եթե շինարարությունը լիարժեք և որակով չիրականացվի, աշխատանքը չի ընդունվի։ Աշտարակ քաղաքում Համբարձում Մաթևոսյանը շրջել է նաև Կոմիտասի անվան բարեկարգվող պուրակում, ծանոթացել քաղաքի ասֆալտապատման աշխատանքների որակին, տվել է մի շարք հանձնարարականներ։ Այցի ավարտին փոխվարչապետ Մաթևոսյանն Արագածոտնի մարզպետարանում հանդիպել է համայնքների ղեկավարներին, մարզպետարանի ղեկավար կազմին և մարզի մթերող մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Համայնքների ղեկավարների հետ զրույցի ընթացքում փոխվարչապետն անդրադարձել է ստացվող սուբվենցիայի ծրագրային հայտերի որակին, հայտերի ներկայացման ժամկետների փոփոխությանը, հորդորել է պարբերական դարձնել համայնքների բնակիչների հետ շփումներում պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ տեղեկության տրամադրումը և ընդգծել․ «Կառավարությունը հետևողական է տարածքային համաչափ զարգացմանը, և, նաև սուբվենցիոն ծրագրերի իրականացմամբ, անելու է առավելագույնը՝ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքները զարգացնելու ուղղությամբ»։ Մթերող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ շփման ժամանակ Համբարձում Մաթևոսյանը հետաքրքրվել է առկա խնդիրներից, դրանց լուծման հարցում Կառավարության հնարավոր աջակցության ձևաչափից, այնուհետև պատասխանել է նրանց կողմից բարձրաձայնված հարցերին։ Փոխվարչապետի կողմից մարզային այցերը շարունակական բնույթ են կրելու։
10:21 - 30 հունիսի, 2022