Ավստրիա

Ավստրիայի նախագահն այցով ժամանել է Կիև
 |armenpress.am|

Ավստրիայի նախագահն այցով ժամանել է Կիև |armenpress.am|

armenpress.am: Ավստրիայի նախագահ Ալեքսանդր վան դեր Բելենը այցով ժամանել է Կիև, նա Twitter սոցցանցի իր էջում լուսանկարներ է զետեղել երկաթուղային կայարանի կառամատույցից։ «Գրեթե մեկ տարվա պատերազմից հետո Ուկրաինան մոռացված չէ: Նախագահ (Վլադիմիր) Զելենսկիի և Ուկրաինայի խիզախ ժողովրդի հետ միասին մենք հանդես ենք գալիս եվրոպական արժեքների օգտին», - գրել է Ավստրիայի նախագահը լուսանկարներին կից գրառման մեջ: Այնուհետև Ալեքսանդր վան դեր Բելենը լուսանկար է հրապարակել Բուչայից՝ գրելով, որ սգում է սարսափելի պատերազմում կործանված յուրաքանչյուր կյանքի համար: Հունվարի 31-ին Բրատիսլավա կատարած այցի ընթացքում 79-ամյա վան դեր Բելենը հայտարարել էր, որ Ռուսաստանը «գաղութային պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ», և որ արևմտյան երկրները «պարտավոր են օգնել» Կիևին։ Նրա հայտարարությունը մեջբերել է ավստրիական ORF հեռուստաալիքը: Վիեննայում ՌԴ դեսպան Դմիտրի Լյուբինսկին արձագանքել է «գաղութային պատերազմի» մասին Ավստրիայի նախագահի խոսքերին՝ նշելով, որ նման հայտարարությունն «Է՛լ ավելի է ընդլայնում Ուկրաինայի վերջին տասնամյակի իրադարձությունների շուրջ արևմտյան առասպելաբանության սահմանները»։ Լյուբինսկին հավելել է, որ այսպիսով առկա է «հասկացությունների և պատճառահետևանքային կապերի արմատական ​​փոխարինման հերթական փաստ»։
16:00 - 01 փետրվարի, 2023
Ավստրիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին կոչ է արել բացելու Լաչինի միջանցքը

Ավստրիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին կոչ է արել բացելու Լաչինի միջանցքը

Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգն Ադրբեջանին կոչ է արել բացելու Լաչինի միջանցքը: Այս մասին ավստրիացի նախարարը իր թվիթերյան միկրոբլոգում: Նա անդրադարձել է Վիեննայում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ տեղի ունեցած հանդիպմանը, որի ընթացքում քննարկել են Ավստրիայի և Հայաստանի միջև համագործակցության, տարածաշրջանային անվտանգության և Հայաստանում ԵՄ նոր առաքելության  տեղակայման հետ կապված հարցեր: «Ադրբեջանին կոչ ենք անում վերաբացելու Լաչինի միջանցքը և ապահովելու տեղաշարժի ազատությունը»,- գրել է Շալենբերգը: Նշենք, որ ՀՀ ու Ավստրիայի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի է ունեցել երեկ՝ հունվարի 17-ին։ Միրզոյանը հանդիպման ընթացքում իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը։ 2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ։ Հունվարի 17-ին 19 երեխա ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։  Շրջափակման պատճառով ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ․ առկա է սննդի, դեղորայքի պակաս: 10 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 9 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 34 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ, իսկ Արցախում հիվանդներից մեկը մահացել է: Հունվարի 10-ից վթարի պատճառով Արցախում էլեկտրամատակարարումը կատարվում է հովհարային անջատումների չորսժամյա գրաֆիկով։ Ադրբեջանը հունվարի 18-ի առավոտից կրկին խափանել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը:
17:49 - 18 հունվարի, 2023
Ադրբեջանը նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել ԼՂ հայությանը. Արարատ Միրզոյան

Ադրբեջանը նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել ԼՂ հայությանը. Արարատ Միրզոյան

Հունվարի 17-ին աշխատանքային այցով Վիեննայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ։ Հայաստանի ու Ավստրիայի ԱԳ նախարարները գոհունակությամբ արձանագրել են, որ երկու երկրների միջև առկա է ակտիվ քաղաքական երկխոսություն և պատրաստակամություն հայտնել գործուն քայլեր ձեռնարկել երկկողմ օրակարգը էլ ավելի հարստացնելու ուղղությամբ: Այս համատեքստում կարևորվել է առևտրատնտեսական համագործակցության զարգացումը, գործարար կապերի ակտիվացումն ու ներդրումային ծրագերի իրականացումը:   Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը՝ ընդգծելով, որ Ադրբեջանն իր գործողություններով նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել ԼՂ հայությանը: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է միջազգային գործընկերների կողմից հստակ գործողությունների հրամայականը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անմարդկային շրջափակումը դադարեցնելու համար։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև 2022թ. դեկտեմբերի 19-ին ավարտված ԵՄ մշտադիտարկման առաքելության և հնարավոր նոր առաքելության իրականացման վերաբերյալ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային բնույթի հարցերի, միջազգային կազմակերպություններում հայ֊ավստրիական համագործակցությանը և ընդհանուր օրակարգերի առաջմղմանը:
19:36 - 17 հունվարի, 2023
Միրզոյան-Բայրամով-Չավուշօղլու եռակողմ հանդիպման մասին լուրերը չափազանցված են․ ԱԳՆ խոսնակը՝ ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումների մասին

Միրզոյան-Բայրամով-Չավուշօղլու եռակողմ հանդիպման մասին լուրերը չափազանցված են․ ԱԳՆ խոսնակը՝ ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումների մասին

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումներին, թե ՀՀ, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները ԵԱՀԿ նախարարակական գագաթաժողովի բացման արարողությունից առաջ հանդիպում են ունեցել։  «ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ «եռակողմ հանդիպումը» նույնքան կարելի է համարել քառակողմ, ինչ որ պահի հնգակողմ, այնուհետև այլ ձևաչափով եռակողմ և այսպես շարունակ։  Նկարում՝ նախքան ԵԱՀԿ նախարարակական գագաթաժողովի բացման արարողությունը Հայաստանի ԱԳ նախարարը, Ավստրիայի ԱԳ նախարարը, ԵՄ բարձր հանձնակատարը, Թուրքիայի ԱԳ նախարարը, Ադրբեջանի ԱԳ նախարարը քաղաքավարական կարճ զրույց են ունենում։  Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումները եռակողմ հանդիպման մասին չափազանցված են»,- ասված է Վահան Հունանյանի գրառման մեջ։ 
15:24 - 01 դեկտեմբերի, 2022
Հայաստանի և Ավստրիայի նախագահները կարևորել են հակամարտությունների արագ կարգավորումը

Հայաստանի և Ավստրիայի նախագահները կարևորել են հակամարտությունների արագ կարգավորումը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Ավստրիայի Հանրապետության դաշնային նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելլենի հետ։ Ողջունելով ավստրիացի պաշտոնակցին՝ նախագահ Խաչատուրյանն ընդգծել է, որ Ավստրիայի և Հայաստանի միջև ձևավորվել է քաղաքական երկխոսության գնահատելի ավանդույթ, որը լավագույն նախապայմանն է բազմոլորտ գործընկերության զարգացման համար։ Հանրապետության նախագահը կարևորել է Ավստրիայի ջանքերը և պատրաստակամությունը՝ աջակցելու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Նախագահի խոսքով՝ քաղաքական երկխոսությունը երկկողմ օրակարգի կարևոր մասն է, և Հայաստանը կարևորում է Ավստրիայի հետ տարբեր մակարդակի շփումները և այս համատեքստում երկու երկրներում մշտական դիվանագիտական ներկայացուցչությունների հաստատման անհրաժեշտությունը։ Երկուստեք ընդգծվել է հակամարտությունների հնարավորիս արագ կարգավորման կարևորությունը և երկարատև ու կայուն խաղաղության հաստատումը:
19:53 - 08 նոյեմբերի, 2022
ՀՀ և Ավստրիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին

ՀՀ և Ավստրիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին

 ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 20-ին հանդիպել է Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի մանրամասները և դրա հետևանքով ստեղծված իրավիճակը: «ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ միջազգային հանրությանը պետք է Ադրբեջանի վրա ճնշում գործադրի՝ կանխելու հավանական նոր ռազմական ագրեսիաները, հրադադարի ռեժիմը պահպանելու, ՀՀ ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զորքերը  ետ քաշելու և հայ ռազմագերիներին վերադարձնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի հարստացման հնարավորությունները, մտքեր փոխանակել քաղաքական երկխոսության խորացման և առևտրատնտեսական կապերի զարգացման ուղղությամբ:   Նշվում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:
21:40 - 20 սեպտեմբերի, 2022
Իրանի պատվիրակությունը մեկնում է Վիեննա՝ շարունակելու միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները

 |factor.am|

Իրանի պատվիրակությունը մեկնում է Վիեննա՝ շարունակելու միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները |factor.am|

factor.am: Իրանական պատվիրակությունը մի քանի ժամվա ընթացքում կմեկնի Վիեննա՝ շարունակելու միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Կանանի Չաֆին, գրում է ՏԱՍՍ-ը։ «Մեր երկրի դեմ անարդար պատժամիջոցները չեղարկելու քաղաքականության շրջանակում իրանական բանակցային խումբը, Ալի Բաղերի Քանիի գլխավորությամբ, մի քանի ժամից կմեկնի Վիեննա»,- ասել է նա։ Դիվանագետի խոսքով՝ բանակցությունների այս փուլում տեղի է ունենալու մտքերի փոխանակում կողմերի, այդ թվում՝ Իրանի կողմից ներկայացված առաջարկների շուրջ։ Հունիսին Կատարում անուղղակի բանակցություններ էին տեղի ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև՝ միջուկային գործարքը վերականգնելու համար։ Դրանից հետո իրանական միջուկային գործարքի բանակցությունների համակարգող, ԵՄ արտաքին ծառայության քաղաքական տնօրեն Էնրիկե Մորան ասել է, որ Դոհայում կողմերին չի հաջողվել հասնել այն առաջընթացին, ինչն ակնկալում էին։
17:55 - 03 օգոստոսի, 2022
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ավստրիացի խորհրդարանականների հետ

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ավստրիացի խորհրդարանականների հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Վիեննա պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Ավստրիայի Հանրապետության Ազգային խորհրդի արտաքին գործերի կոմիտեի և Ավստրիա-Հարավային Կովկաս խորհրդարանական խմբի անդամների հետ: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանն այսօր առաջ է քաշում տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղության հաստատման օրակարգ: Նա շնորհակալություն է հայտնել Ավստրիայի խորհրդարանի գործընկերներին՝ 2020 թ. աշնանն Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ժամանակ Արցախի դեմ ագրեսիան դատապարտող քննարկումների և հայտարարությունների, ինչպես նաև Ազգային խորհրդի կողմից միաձայն ընդունված «Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում առկա իրավիճակի վերաբերյալ» բանաձևի համար: Կողմերը քննարկել են օրակարգային առաջնահերթություններ ունեցող մի շարք հարցեր՝ ի նպաստ երկու երկրների բազմոլորտ համագործակցության խթանման: Այս համատեքստում ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է Երևանում ADA-ի (Ավստրիական զարգացման գործակալության) լիարժեք համակարգող գրասենյակի բացմանը՝ գնահատելով դրա կարևորությունը: Ալեն Սիմոնյանը գործընկերներին հավաստիացրել է, որ Եվրասիական տնտեսական միության անդամ Հայաստանը պատրաստ է ամեն կերպ աջակցել ավստրիական ընկերություններին, որոնք կցանկանան մուտք գործել հայկական շուկա: Երկուստեք բարձրաձայնվել է միջխորհրդարանական համագործակցությունն ակտիվացնելու շահագրգռվածությունը՝ առաջնահերթ նշանակություն տալով միջխորհրդարանական կապերի և շփումների ամրապնդմանն ուղղված երկկողմ ջանքերին: Հանդիպմանը ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ հայկական կողմն ակնկալում է ավստրիացի խորհրդարանականների ակտիվ մասնակցությունը Լեռնային Ղարաբաղում 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո ծագած հումանիտար հարցերի լուծմանը: «Այս հարցերը ներառում են առնվազն 4 տասնյակ հայ ռազմագերիների և այլ ձերբակալվածների ազատ արձակումը, մշակութային ժառանգության պաշտպանությունը: Դա կդառնա զինված հակամարտություններում մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանությանն Ավստրիայի ազգային նվիրվածության վառ արտացոլումը և կցուցադրի Ավստրիայի ներդրումը հակամարտությունների գոտիներում անհետացման վտանգի տակ գտնվող մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված միջազգային ջանքերում»,- եզրափակել է նա: Գործընկերներն անդրադարձել են նաև Հայաստանի և Ավստրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին և այդ կապակցությամբ իրականացվելիք միջոցառումներին: 
17:59 - 25 հունիսի, 2022
«Գազպրոմ»-ն Ավստրիայի, Գերմանիայի և Իտալիայի էներգետիկ ընկերություններին ծանուցել է գազի մակատակարարման կրճատման մասին

«Գազպրոմ»-ն Ավստրիայի, Գերմանիայի և Իտալիայի էներգետիկ ընկերություններին ծանուցել է գազի մակատակարարման կրճատման մասին

Ավստրիայի OMV, Իտալիայի Eni, Գերմանիայի Uniper ընկերությունները հունիսի 15-ին ծանուցում են ստացել ռուսական «Գազպրոմ» ընկերությունից՝ գազի մատակարարման ծավալների կրճատման մասին, գրում է Meduza-ն։ Eni ընկերությունը ծանուցվել է մատակարարումների 15% կրճատման մասին, Uniper-ը՝ 25%։ OMV-ն չի հաղորդել, թե որքանով են կրճատվելու մատակարարումները, սակայն, ինչպես և Uniper-ը, նշել է, որ կարող է փոխարինել դրանք այլ աղբյուրների հաշվին։ Հունիսի 14-ին «Գազպրոմը» հայտնել էր, որ 40%-ով կրճատելու է գազի հոսքը «Հյուսիսային հոսք-1» գազատարով։ Ընկերությունը նշել էր, որ պատճառը Վիբորգի «Պորտովայա» կոմպրեսորային կայանի սարքավորումների վերադարձի ուշացումն է, որոնք վերանորոգման էին ուղարկվել։ Գերմանիայի էներգետիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը ԵՄ-ին մատակարարվող գազի կրճատման մասին «Գազպրոմի» որոշումը քաղաքական է անվանել։ Նրա խոսքով՝ այդ կերպ Ռուսաստանը փորձում է ապակայունացնել եվրոպական գազային շուկան և բարձրացնել գները։ Հունիսի 14-16-ը գազի գներն Ամստերդամի բորսայում 97 եվրոյից հասել են գրեթե 130 եվրոյի՝ մեկ ՄՎտ/ժ-ի դիմաց։ Ինչպես նշել է ՌԲԿ-ն, OMV, Eni և Uniper էներգետիկ ընկերություններն ավելի վաղ համաձայնել էին ռուսական գազի դիմաց վճառման նոր սխեմային, որի համաձայն՝ պետք է ռուսական «Գազպրոմբանկում» երկու հաշիվ բացել՝ ռուբլով և դոլարով/եվրոյով։   Նորա Վանյան Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
18:04 - 16 հունիսի, 2022
Ավստրիան չի աջակցի ռուսական գազի նկատմամբ արգելք սահմանելուն. ֆինանսների նախարար |1lurer.am|

Ավստրիան չի աջակցի ռուսական գազի նկատմամբ արգելք սահմանելուն. ֆինանսների նախարար |1lurer.am|

1lurer.am: Ավստրիայի ֆինանսների նախարար Մագնուս Բրուները CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ երկիրը չի աջակցի ռուսական գազի նկատմամբ արգելք սահմանելուն, քանի որ դա ավելի շատ կհարվածի Ավստրիային, քան Ռուսաստանին: Նրա խոսքով՝ «Ավստրիայի համար Ռուսաստանի նկատմամբ մյուս բոլոր պատժամիջոցները ընդունելի են, բայց ոչ գազային էմբարգոն»։ Ըստ նրա՝ եթե պատժամիջոցները դրանք սահմանող երկրին ավելի շատ են հարվածում, քան նրան, ում դեմ ուղղված են, ապա դրանք անարդյունավետ են: Բրուները հավելել է, որ Ավստրիայի արդյունաբերությունն այնքան է կախված ռուսական գազից, որ Վիեննան այս պարագայում ընտրություն չունի: Ավելի վաղ Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը հայտարարել էր, որ իր երկիրը կկարողանա ռուսական գազի մատակարարումներից անկախանալ միայն մի քանի տարի անց: Նա խոստովանել է, որ Ավստրաին 80 %-ով կախված է ռուսական գազի մատակարարումներից, ուստի առայժմ հնարավոր չէ դրանից հրաժարվել:
12:57 - 23 ապրիլի, 2022
Ավստրիայի կանցլերի պնդմամբ՝ Պուտինը հնարավոր է համարել գազի դիմաց եվրոյով վճարումը

Ավստրիայի կանցլերի պնդմամբ՝ Պուտինը հնարավոր է համարել գազի դիմաց եվրոյով վճարումը

Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս շաբաթ իրենց հանդիպման ընթացքում ասել է, որ Ավստրիան գազի դիմաց կարող է նախկինի պես եվրոյով վճարել, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով ավստրիական APA լրատվական գործակալությունը։ Նեհամերի խոսքով՝ իր և Պուտինի միջև մարտի 11-ին Մոսկվայում «շատ ուղիղ, բաց և կոշտ» խոսակցություն է տեղի ունեցել Ուկրաինա ներխուժման մասին։ Սակայն Ասվտրիայի առաջնորդը հրապարակավ չէր խոսել Ավստրիային գազի մատակարարման անվտանգության հարցի քննարկման մասին։ Իսկ երեկ APA ավստրիական և DPA գերմանական գործակալություններին տված հարցազրույցում Նեհամերը նշել է․ Պուտինի խոսքով՝ «գազի մատակարարումները պաշտպանված են, Ռուսաստանը տրամադրելու է պայմանագրով համաձայանեցված ծավալները, և վճարումները կարող են նախկինի պես եվրոյով կատարվել»։ Նշենք, որ Մոսկվան Եվրոպային զգուշացրել է, որ գազի դիմաց ռուբլով չվճարման դեպքում մատակարարումները կարող են դադարեցվել։ Ավստրիան իր գազի 80%-ը ստանում է Ռուսաստանից և դեմ է արտահայտվում ռուսական գազի էմբարգոյին, որի սահմանումը քննարկում է Եվրամիությունը։ Երկիրը պնդում է, որ անհնար է միանգամից այլընտրանքային մատակարարներ գտնել։   Նորա Վանյան  
15:59 - 14 ապրիլի, 2022
Ավստրիայի կանցլերը Մոսկվա է ժամանում

 |factor.am|

Ավստրիայի կանցլերը Մոսկվա է ժամանում |factor.am|

factor.am: Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը երկուշաբթի կժամանի Մոսկվա և կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նա կլինի առաջին եվրոպացի առաջնորդը, որը կայցելի Մոսկվա փետրվարի 24-ից ի վեր, երբ սկսվեց ռուսական լայնածավալ ներխուժումն Ուկրաինա, գրում է VOA-ն: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է Ավստրիայի կանցլերի այցը։ Նեհամերն իր հերթին լրագրողներին ասել է, որ մտադիր է Պուտինի հետ խոսել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկխոսության հնարավորության և Ուկրաինայում ռազմական հանցագործությունների մասին։ «Մեզ անհրաժեշտ են մարդասիրական միջանցքներ, հրադադար և ռազմական հանցագործությունների լիարժեք հետաքննություն»,- գրել է կանցլերը Twitter-ում։ Մինչ այդ, շաբաթ Նեհամերը Կիևում բանակցություններ է վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ դատապարտելով ռուսական ագրեսիան և խոստանալով քաղաքական և հումանիտար աջակցություն։ Ավստրիան չեզոք երկիր է, ՆԱՏՕ-ի անդամ չէ, Ուկրաինային զենք չի մատակարարում։ Հաղորդվում է, որ կանցլերի այցը համաձայնեցվել է ԵՄ առաջնորդների հետ, որի մասին տեղեկացվել են նաև Թուրքիայի և Ուկրաինայի նախագահները։
16:44 - 11 ապրիլի, 2022