Ալեն Սիմոնյան

8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1980թ․ հունվարի 5-ին։ 2000-2002թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 

2000թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան: 2015թ.՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Քաղաքագետ է:

2002-2003թթ. աշխատել է Աջափնյակ-Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի օգնական, գրասենյակի քարտուղար: 2003-2004թթ.՝ «Կոնվերս» բանկի մարդկային ռեսուրսների կառավարիչ:

2004-2010թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:

2006-2007թթ. աշխատել է «Սիթի FM» ռադիոկայանում: 2008թ. մասնակցել է «European Education & Research Center»-ի կազմակերպած «PR and Political Technologies» դասընթացներին: 2007-2012թթ., որպես պրոդյուսեր, տնօրեն, համագործակցել է «TV5», «Երկիր մեդիա», «Արմենիա» հեռուստաընկերությունների հետ: Եղել է մի շարք երաժշտական, քաղաքական, նախընտրական տեսահոլովակների պրոդյուսեր, ներկայացման տնօրեն: 2012-2018թթ.՝ «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր: 2013-2018թթ.՝ իր հիմնադրած «Ararat Media Group» ՍՊԸ («araratnews.am» կայք եւ «Արարատ» ամսագիր) գլխավոր խմբագիր:

2011 թվականին «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակով մասնակցել է Երեւանի ավագանու ընտրություններին: 2013թ. տրանսպորտի թանկացման դեմ ուղղված «Car free» քաղաքացիական ակցիայի կազմակերպիչներից է:

2013-2015թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի հիմնադիր անդամ: 2015թ. ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հիմնադիր անդամ, 2016թ.՝ վերընտրվել: 2015-2016թթ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ:

2017-2018թթ.՝ Երեւանի ավագանու անդամ («Ելք» դաշինք):

2018-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 4 ընտրատարածք, «Ելք» կուսակցությունների դաշինք): ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ելք» խմբակցության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 2-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ:

Ալեն Սիմոնյանն ու Սահիբա Գաֆարովան պայմանավորվել են դիտարկել միջխորհրդարանական մակարդակով երկխոսության հնարավորությունը

Ալեն Սիմոնյանն ու Սահիբա Գաֆարովան պայմանավորվել են դիտարկել միջխորհրդարանական մակարդակով երկխոսության հնարավորությունը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 22-ին Ժնևում անցկացվող Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում հանդիպել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից: Հանդիպումը կազմակերպվել է Միջխորհրդարանական միության նախաձեռնությամբ և միջնորդությամբ: Քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղ բանակցությունների գործընթացին երկու երկրների խորհրդարանների հնարավոր աջակցությունը: Կողմերը պայմանավորվել են դիտարկել միջխորհրդարանական մակարդակով երկխոսության հնարավորությունը: Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում: Հանդիպման ավարտին երկու երկրների խորհրդարանների ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
22:35 - 22 մարտի, 2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ժնեւում է

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ժնեւում է

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 22-27-ն աշխատանքային այցով Ժնեւում է` մասնակցելու Միջխորհրդարանական միության (IPU) 148-րդ վեհաժողովին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։ Պատվիրակության կազմում են Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հասմիկ Հակոբյանը, Ծովինար Վարդանյանը եւ Արսեն Թորոսյանը, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը: Այցի շրջանակում նախատեսվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը վեհաժողովում եւ մի շարք աշխատանքային հանդիպումներ: Ավելի վաղ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանն «Արմենպրես»-ին հայտնել էր, որ Ժնևում Ալեն Սիմոնյանը կհանդիպի Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։    
16:00 - 22 մարտի, 2024
Մենք ծափահարում ենք ԵՄ-ին և անհամբերությամբ սպասում թարմացված գործընկերության առաջնահերթություններին. Ալեն Սիմոնյան

Մենք ծափահարում ենք ԵՄ-ին և անհամբերությամբ սպասում թարմացված գործընկերության առաջնահերթություններին. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 11-րդ լիագումար նստաշրջանում: Ելույթում ասվում է. «Կցանկանայի խոսքս սկսել՝ շնորհակալություն հայտնելով Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նախորդ նստաշրջանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքով առաջացած մարդասիրական հարցերի վերաբերյալ ընդունված բանաձեւի համար, որը, ի թիվս այլ հարցերի, անդրադառնում էր նաեւ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակմանը, անհայտ կորած անձանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրմանն ու տարածաշրջանում մշակութային ժառանգության պահպանության նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկելուն: Անցյալ տարի սեպտեմբերին, երեք օրվա ընթացքում, մենք ականատես եղանք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ամբողջական էթնիկ զտմանը, երբ նրանք ստիպողաբար լքեցին իրենց պատմական հայրենիքը: Միայն թե աշխարհը հետեւողական լիներ Հայաստանի զգուշացումներին առ այն, որ Ադրբեջանի ռազմատենչ, հակահայկական հռետորաբանությունը, Լաչինի միջանցքի շրջափակումն այս ողբերգության նախերգանքն էին, այն հնարավոր կլիներ կանխել: Այսպիսի աշխարահաքաղաքական զարգացումները եւս մեկ անգամ ի ցույց են դնում այն մարտահրավերները, որոնց բախվում է ժողովրդավարությունն ամբողջ աշխարհում: Համախմբվածությունը՝ ի պաշտպանություն համընդհանուր արժեքների, օրվա հրամայական է. մարդու իրավունքները պետք է հարգվեն, առավելապաշտությունը պետք է մերժվի, ջանքերը պետք է ուղղվեն համաշխարհային խաղաղությանն ու կայունությանը: Լեռնային Ղարաբաղից հայ բնակչության բռնի տեղահանումից հետո մեր կառավարությունը կենտրոնացրել է իր ջանքերը՝ հոգալու ավելի քան 100.000 փախստականների մարդասիրական կարիքները: Այս առումով, ես իմ շնորհակալությունն եմ հայտնում Եվրամիությանը եւ ԵՄ անդամ պետություններին բռնի տեղահանվածների առաջնային կարիքները հասցեագրելու համար տրամադրված մարդասիրական օժանդակության համար: Անկասկած, շարունակական աջակցություն է անհրաժեշտ՝  օգնելու այս մարդկանց վերակառուցելու իրենց կյանքը, եւ մենք լիահույս ենք, որ ԵՄ-ն կշարունակի աջակցել՝ կյանքի կոչելու սոցիալական այն ծրագրերը, որ մշակվել են Հայաստանի կառավարության կողմից՝ բռնի տեղահանվածներին կացարանով եւ աշխատանքով ապահովելու նպատակով: Չնայած անվտանգության մարտահրավերներին, որոնց Հայաստանը առերեսվել է վերջին ամիսներին՝ մենք հաստատակամ ենք մեր վճռականության մեջ՝ կառուցելու մի հասարակություն, որը լիովին կարտացոլի մեր արժեքները. արժեքներ, որոնք մենք կիսում ենք ԵՄ-ի հետ: Մենք ծափահարում ենք ԵՄ-ին մեր համագործակցությունը խորացնելու հանձնառության համար եւ անհամբերությամբ սպասում թարմացված գործընկերության առաջնահերթություններին, որոնք կարտացոլեն մեր համատեղ մոտեցումները: Ցանկանում եմ հղում կատարել Հայաստանի Հանրապետության  վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատմական հայտարարությանը, ով 2023 թվականի հոկտեմբերին հստակ բարձրաձայնել է Հայաստանի մտադրությունն էլ ավելի մոտենալու ԵՄ-ին: Այս համատեքստում, մենք դիտարկում ենք Արեւելյան գործընկերությունը, որ խթանել է ավելի սերտ համագործակցություն լայն օրակարգով՝ որպես ամուր հիմք Հայաստան-ԵՄ հարաբերությունների համար: Արեւելյան գործընկերությունը հսկայական ներդրում է ունեցել իմ երկրում ժողովրդավարության զարգացման գործում, որը միանշանակորեն ընտրել է ժողովրդավարացման եւ բարեփոխումների ուղին: Հայաստանը հաստատակամ է շարունակելու այս ճանապարհը Եվրամիության աջակցությամբ: Հայաստանը մնում է հանձնառու տարածաշրջանում կայուն եւ արժանապատիվ խաղաղություն ստեղծելուն: Թույլ տվեք օգտվել այս պահից եւ շնորհակալություն հայտնել ԵՄ խորհրդին՝ ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում տեղակայելու եւ հետագայում ընդլայնելու համար: ԵՄ-ի առաքելության տեղակայմամբ Հայաստանում բարելավվել է անվտանգային իրավիճակը երկրի սահմանամերձ շրջաններում: Մենք անհամբերությամբ ենք սպասում մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելուն՝ որպես Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի մաս: Սա կլինի Հայաստան-ԵՄ համագործակցության հերթական շրջադարձային քայլը, որը, մարդկանց միջեւ շփումները խթանելուն զուգահեռ, շատ կարեւոր քաղաքական ուղերձ կհղի Հայաստանի ժողովրդին: Հարգելի՛ գործընկերներ, տարածաշրջանային անվտանգությունն ու Հայաստանի պաշտպանողական կարողությունները զարգացնելն ու  դիվերսիֆիկացնելը մնում են առաջնահերթություն մեզ համար: Այս առումով մենք կարեւորում ենք խաղաղության եվրոպական գործիքի միջոցով Հայաստանին աջակցության տրամադրումը, միաժամանակ մենք աջակցություն ենք փնտրում ԵՄ անդամ բոլոր պետություններից: Խոսքիս ավարտին ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Եվրախորհրդարանին՝ Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ ավելի սերտ հարաբերությունների, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության վերաբերյալ  ընդունած վերջին բանաձեւի համար: Սա եւս մեկ վառ ապացույց է Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ առկա բարձր մակարդակի ներգրավվածության, որի հիմքում ընկած է համատեղ լայնամասշտաբ տեսլական, որն իր հերթին արտացոլում է նաեւ հայ ժողովրդի կամքն ու ձգտումները: Շնորհակալություն»:
13:55 - 21 մարտի, 2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Պիրունչիկին

Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Պիրունչիկին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։  Դեսպանի այցի նպատակն էր փոխանցել Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի նամակը Հայաստան կատարած պաշտոնական այցի, հաջողված փոխգործակցության եւ Հայաստան-Չեխիա, Հայաստան-ԵՄ համագործակցության հեռանկարների մասին: «Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի պատվիրակության, ինչպես նաեւ իմ անունից ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Հայաստանի Հանրապետություն մեր պաշտոնական այցի ընթացքում ջերմ ընդունելության համար: Մեր փոխադարձ քննարկումները շատ ոգեշնչող էին ինձ համար, եւ ես խորապես հավատում եմ, որ դա մեր ավելի սերտ համագործակցության միայն սկիզբն է: Ի նշան մեր աջակցության Հայաստանը ԵՄ-ին ավելի մոտեցնելու ձեր հավակնություններին` խնդրում եմ ընդունել նամակին կից եվրոպական դրոշը: Ընդունե՛ք, խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»,- ասվում է նամակում: Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել չեխ գործընկերներին Հայաստանի եւ Չեխիայի միջեւ դինամիկ զարգացող հարաբերությունների եւ արգասաբեր այցի համար Հայաստան: «Հայաստանը բարձր է գնահատում Մարկետա Պեկարովա Ադամովայի այցը եւ Չեխիայի անվերապահ աջակցությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման, Հայաստան-Չեխիա եւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման գործում: Հայաստանը պատրաստ է սերտացնել ԵՄ-ի հետ հարաբերություններն այնքան, որքան դա թույլ կտա եվրոպական կողմը: Եվս մեկ անգամ շնորհակալ ենք արգասաբեր փոխգործակցության համար»,- ասել է խորհրդարանի նախագահը: Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման, Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի եւ այլ թեմաների շուրջ:
17:15 - 18 մարտի, 2024
Ալեն Սիմոնյանն ուզում էր դառնալ քաղաքապետ և մի փոքր տխրել էր, որ չդարձավ. Մարության |tert.am|

Ալեն Սիմոնյանն ուզում էր դառնալ քաղաքապետ և մի փոքր տխրել էր, որ չդարձավ. Մարության |tert.am|

tert.am: 2018-ին Ալեն Սիմոնյանն ուզում էր դառնալ Երևանի քաղաքապետ և կուսակցության ներսում կար քննարկում, որ պետք է նա լինի։ Այս մասին ԼուրջCast հաղորդման եթերում ասել է Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը: «Իմ և իմ թիմի մոտ միտք (Մարությանի՝ քաղաքապետ դառնալու-Խմբ.) առաջացավ և դա ՔՊ-ի հետ կապ չունի, որ, այնուամենայնիվ, մենք կարող ենք այս մի կտորը վերցնել մեր պատասխանատվության տակ ու մաքսիմալ փորձենք, մեր ներուժն օգտագործելով, զարգացնել: Եվ այդ առաջարկը եղավ ու բավականին մեծ դժվարությամբ այն անցավ իրենց կարծրացած համակարգում: Եվ ես կարծում եմ, որ այո՛, վերը նշված անձը մի փոքր տխրել էր էդ առիթով»,- մանրամասնել է Մարությանը: Նա նաև կարծիք է հայտնել, որ «այդ որոշումը ՔՊ-ի միակ ճիշտ որոշումներից էր»: «Այդպես է արվել, քանի որ իրենք էլ հասկանում էին՝ իրենց ռեսուրս քիչ է և չեն ձգելու այս ամբողջը: Մենք կարողացանք այդ բեռի տակից՝ խոսքը քաղաքապետարանի և մեր երեք տարվա աշխատանքի մասին է, պատվով դուրս գալ. ինչ կարողացանք, արեցինք»,- նշել է նախկին քաղաքապետը: Մարությանը հավելել է, որ «շատ հետաքրքրիր ծրագրեր ունեին, սակայն երեք տարի անց դրանք կտրեցին քաղաքական ոչ սուր մկրատով»:
16:24 - 17 մարտի, 2024
Ալեն Սիմոնյանը կմեկնի Բրյուսել՝ մասնակցելու Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 11-րդ լիագումար նստաշրջանին

Ալեն Սիմոնյանը կմեկնի Բրյուսել՝ մասնակցելու Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 11-րդ լիագումար նստաշրջանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կմեկնի Բրյուսել՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 11-րդ լիագումար նստաշրջանին մասնակցելու համար:  ««Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով՝ կարգադրում եմ. 1. Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 11-րդ լիագումար նստաշրջանին մասնակցելու համար 2024 թվականի մարտի 19-21-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղել Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը՝ հետևյալ կազմով. Ալեն Սիմոնյան, Ազգային ժողովի նախագահ. Աշխեն Հայրապետյան, Ազգային ժողովի նախագահի խորհրդական. Նելլի Ղուլյան, Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար. Տիգրան Սեյրանյան, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ. Արման Մկրտչյան, Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի և ընդունելությունների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ Էդուարդ Կարապետյան Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի և ընդունելությունների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետ (մարտի 18-21-ը). Դավիթ Հակոբյան, Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ-օպերատոր. Հրայր Քալաշյան, Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի հեռուստաօպերատոր»,- մասնավորապես ասված է ՀՀ ԱԺ նախագահի կարգադրության մեջ:
20:28 - 14 մարտի, 2024
Ալեն Սիմոնյանն ու Էստոնիայի ԱԳ նախարարը քննարկել են Հայաստան-Էստոնիա, Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր

Ալեն Սիմոնյանն ու Էստոնիայի ԱԳ նախարարը քննարկել են Հայաստան-Էստոնիա, Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր

Էստոնիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։ «Կողմերը փաստել են Հայաստանի եւ Էստոնիայի միջեւ առկա ջերմ միջպետական հարաբերությունների մասին, որոնց հիմքում ընդհանուր ժողովրդավար արժեքներն են: Զրույցի սկզբում քննարկվել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրադրությունը: Ալեն Սիմոնյանը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության հաստատման օրակարգին եւ ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը: «Տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է գործեն ինքնիշխանության, իրավազորության, հավասարության եւ փոխադարձության սկզբունքներով: Սահմանազատումն ու սահմանագծումը պետք է անցկացվեն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա»,- ընդգծել է Ալեն Սիմոնյանը: Էստոնիայի ԱԳ նախարարը բարձր է գնահատել Հայաստանի հավատարմությունը խաղաղության օրակարգին: «Հայաստանը մեզ համար բարեկամ երկիր է: Էստոնիան պատրաստ է ամեն կերպ աջակցել Հայաստանին տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության հաստատման հարցում»,- ասել է ԱԳ նախարարը: Քննարկվել են Հայաստան-Էստոնիա, Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաեւ՝ իրավիճակն Արեւելյան Եվրոպայում»,- նշվում է հաղորդագրության մեջ։
18:14 - 08 մարտի, 2024
Եղե՛ք այնպիսին, ինչպիսին կաք. նրբության մեջ՝ ուժեղ, համեստության մեջ՝ խիզախ, պարզության մեջ՝ իմաստուն․ Ալն Սիմոնյան

Եղե՛ք այնպիսին, ինչպիսին կաք. նրբության մեջ՝ ուժեղ, համեստության մեջ՝ խիզախ, պարզության մեջ՝ իմաստուն․ Ալն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ուղերձ է հղել Մարտի 8-ի կապակցությամբ։    Սիրելի՛ կանայք,   Սրտանց շնորհավորում եմ յուրաքանչյուրիդ այս գեղեցիկ տոնի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ: Դուք եք կյանքի սկիզբը և ձեր նուրբ ու քնքուշ տեսակով դարձնում եք աշխարհն այնպիսին, ինչպիսին կա:   Սիրելի՛ մայրեր, առանց ձեզ չէր լինի ոչինչ: Շնորհակալ ենք, որ անասելի նվիրումով, հոգատարությամբ և ծով համբերությամբ, հաճախ զրկանքներով, պարգևել եք կյանք ու կերտել ճակատագրեր:   Հարգանք և խոնարհում հայրենիքի համար իրենց կյանքը տված մեր զինվորների մայրերին, որոնք ծնել և դաստիարակել են հերոսներ:   Ուժեղ կանանց մասին կարելի է խոսել անվերջ: Պատմականորեն բազմիցս ապացուցվել է, թե որքան մեծ դերակատարում ունեն կանայք բոլոր ոլորտներում:   Սիրելի՛ կանայք և աղջիկներ,   Եղե՛ք այնպիսին, ինչպիսին կաք. նրբության մեջ՝ ուժեղ, համեստության մեջ՝ խիզախ, պարզության մեջ՝ իմաստուն և շարունակե՛ք ձեր գոյությամբ լցնել աշխարհը սիրով: Սիրե՛ք և գնահատե՛ք ձեզ և հավատացած եղեք, որ դուք կարող եք հասնել բոլոր հնարավոր և թվացյալ անհնարին հաջողություններին՝ լինել լավ մայր, քույր, կին, գործարար կամ բոլորը միասին:   Թո՛ղ ձեր ուժն ու հմայքը ջերմացնեն մեզ միշտ: Շնորհավո՛ր ձեր տոնը:
14:36 - 08 մարտի, 2024
Հայաստանը ժողովրդավար և վստահելի գործընկեր է մեզ համար. Էստոնիայի խորհրդարանի նախագահ

Հայաստանը ժողովրդավար և վստահելի գործընկեր է մեզ համար. Էստոնիայի խորհրդարանի նախագահ

Պաշտոնական այցով Էստոնիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 7-ին հանդիպել է Էստոնիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լաուրի Հուսսարի և խորհրդարանականների հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից: Ալեն Սիմոնյանը, ողջունելով գործընկերներին, շնորհակալություն է հայտնել հանդիպման հրավերի և ջերմ ընդունելության համար: ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել Հայաստան-Էստոնիա երկկողմ միջպետական հարաբերությունները և կարևորել միջխորհրդարանական կապերի շարունակական խթանումը: «Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի անվերապահ աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին, ինչպես նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացմանը»,- ասել է խորհրդարանի ղեկավարը: Լաուրի Հուսսարին փաստել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների նկատելի արդյունքների և Հայաստան-ԵՄ հարաբերությունների ակտիվացման մասին: «Հայաստանը ժողովրդավար և վստահելի գործընկեր է մեզ համար: Էստոնիան պատրաստ է ամեն կերպ աջակցել Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացմանը»,- նշել է Էստոնիայի խորհրդարանի ղեկավարը: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներկայացրել է տարածաշրջանում առկա անվտանգային խնդիրները, կարևորել ԵՄ ներգրավվածությունը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում: «Խաղաղության հաստատման ճանապարհին Հայաստանի համար կարևոր են հիմնական երեք սկզբունքները՝ փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը, սահմանազատումն ու սահմանագծումը` համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի»,- ընդգծել է Ալեն Սիմոնյանը: Կողմերը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման, Հայաստան-Էստոնիա երկկողմ և բազմակողմ առևտրատնտեսական և մշակութային համագործակցության, հայ-էստոնական միջխորհրդարանական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները: Խորհրդարանների նախագահների հանդիպմանը հաջորդել է Հայաստան-Էստոնիա բարեկամական խմբի հետ աշխատանքային ճաշը: Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի գրքում, շրջայց կատարել Էստոնիայի Հանրապետության Ազգային ժողովում:
18:33 - 07 մարտի, 2024
Հայաստանը պատրաստ է սերտացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ․ ՔՊ-ական պատգամավորներ
 |civilnet.am|

Հայաստանը պատրաստ է սերտացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ․ ՔՊ-ական պատգամավորներ |civilnet.am|

civilnet.am: Հայաստանը պատրաստ է էլ ավելի ջերմ ու արդյունավետ հարաբերություններ ունենալ Եվրոպական միության հետ։ Ազգային ժողովում մարտի 1-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, որ Հայաստանը պետք է մտածի ԵՄ-ին անդամակցելու թեկնածու դառնալու հնարավորության մասին։ «Ինչ օրակարգեր կլինեն, առաջիկայում դրանց մասին կիմանաք ինստիտուցիոնալ եղանակով, երբ լինեն համապատասխան որոշումներ։ Բայց ես արձանագրում եմ, որ մեր օրակարգում է բնականաբար ԵՄ անդամ երկների հետ էլ ավելի սերտ հարաբերություններ ունենալը՝ հաշվի առնելով Հայաստանի պետական շահը»,- ասաց Հովհաննիսյանը։ ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ հիշեցրեց, որ Հայաստանի չորս սահմանակից պետություններից երկուսը ԵՄ անդամության թեկնածու են։ «Սա, իհարկե, տեղափոխում է նաև այս անդամակցության աշխարհագրության սահմանները դեպի Հայաստանի Հանրապետություն և ինտեգրացիոն միավորմանը մասնակցելու իրավունքը պետության ինքնիշխան իրավունքն է։ Որևէ մեկն էլ չի բացառի, որ տնտեսական ինտեգրացիայի առումով ԵՄ օրինակը լավագույններից է, եթե ոչ ամենալավը»,- նշեց նա։  
12:02 - 01 մարտի, 2024
Հայաստանը պատրաստ է ԵՄ անդամակցության թեկնածու դառնալ. ԱԺ նախագահ
 |armenpress.am|

Հայաստանը պատրաստ է ԵՄ անդամակցության թեկնածու դառնալ. ԱԺ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը պատրաստ է Եվրամիության անդամակցության թեկնածու դառնալ: Այս մասին հայտարարեց Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում: Սիմոնյանը դժգոհություն հայտնեց Հայաստանի դաշնակցից, խոսեց ՀԱՊԿ-ի ու չաշխատող անվտանգային համակարգի մասին: Անդրադառնալով հարցին, թե Հայաստանը պատրա՞ստ է ԵՄ-ի հետ հարաբերությունները սերտացնելու, անդամության թեկնածու դառնալուն՝ Սիմոնյանն ասաց. «Մենք պատրաստ ենք: Եվ շարժվելու ենք այն ուղղությամբ,  որը մեզ առավել անվտանգություն կապահովի: Այսօր ժողովրդավար երկիր լինելը մեր անվտանգային ամենամեծ համակարգն է»: Պատասխանելով հարցին, թե սա չի՞ նշանակում, որ Հայաստանը արտաքին քաղաքական վեկտոր է փոխում, ինչո՞ւ է հերքում՝ ԱԺ նախագահն ասաց, որ չի ուզում շտապել, չի ուզում ստացվի, թե միակողմանի քայլ է արվում: «Մեր գործողությունները ցույց են տալիս, որ ժողովրդավարության ավելի բարձր ցուցանիշներ ունենք, քան մեր շատ-շատ գործընկեր երկրներ, որոնք արդեն ԵՄ անդամ են: Դա չենք ասում մենք, դա ասում են ԵՄ-ի մեր գործընկերները: Կարծում եմ՝ այդ ուղղությամբ մենք պետք է մտածենք: Բայց ես չեմ ուզում շտապել: Պետության պարագայում կտրուկ շարժումներ անելը լավ չէ»,-եզրափակեց Սիմոնյանը:  
17:26 - 29 փետրվարի, 2024