ԱՀ Պաշտպանության բանակ

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը պետական ռազմական կառույց է Արցախի Հանրապետությունում, որի սահմանադրական նպատակն է Արցախի պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը:

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը գործում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի աջակցությամբ եւ սերտ համագործակցությամբ։

ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանը ընդունել է ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության պատվիրակությանը

ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանը ընդունել է ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության պատվիրակությանը

Ապրիլի 23-ին ԱՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանը ընդունել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելության պատվիրակությանը՝ ղեկավար Նիկոլաս Ֆլյորիի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հումանիտար բնույթի լայն շրջանակի հարցեր, երկուստեք ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ համագործակցության հետագա խորացման ուղղությամբ: Կամո Վարդանյանը Նիկոլաս Ֆլյորիին շնորհակալություն է հայտնել Արցախում իրականացվող մարդասիրական տարբեր ծրագրերի և հատկապես հետպատերազմական իրողություններով պայմանավորված խնդիրների լուծման համար և պատրաստակամություն հայտնել այսուհետ ևս ամեն ինչ անել առաքելության գործունեությանը աջակցելու համար:
11:55 - 23 ապրիլի, 2022
Ողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների, ինչպես նաև ականանետերի կիրառմամբ պարբերաբար խախտել է հրադադարը․ ՊԲ

Ողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների, ինչպես նաև ականանետերի կիրառմամբ պարբերաբար խախտել է հրադադարը․ ՊԲ

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Մարտի 9֊ին օրվա ընթացքում, այնուհետև ողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների, ինչպես նաև ականանետերի կիրառմամբ, պարբերաբար խախտել է հրադադարը։ Մասնավորապես՝ մարտի 9-ին, ժամը 14։00֊14։30 ի սահմաններում ԱՀ Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի հարակից տարածքի ուղղությամբ արձակվել է 60 մմ տրամաչափի ականանետի 2 հատ ական, իսկ ժամը 15։50֊ից մինչև մարտի 10֊ի ժամը 05։40֊ը ընկած ժամանակահատվածում հակառակորդը 15 անգամ 60 մմ. տրամաչափի ականանետ է կիրառել արևելյան ուղղությամբ՝ Խրամորթ գյուղի հարակից տարածքի վրա արձակելով ընդհանուր առմամբ 23 հատ ական։ Հայկական կողմից տուժածներ չկան։ Հրադադարի կոպիտ խախտումների վերաբերյալ տեղեկացվել է Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմը»։
10:09 - 10 մարտի, 2022
Իրականում ադրբեջանական կողմն է խախտել հրադադարը․ Արցախի ՊԲ

Իրականում ադրբեջանական կողմն է խախտել հրադադարը․ Արցախի ՊԲ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն ՊԲ-ի ստորաբաժանումները փետրվարի 23-ին ժամը 10:05-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ-ն։ Իրականում առաջնագծի տվյալ հատվածում ադրբեջանական կողմն է խախտել հրադադարը, ինչի հետևանքով հայկական կողմը կորուստներ չի կրել: Հրադադարի խախտման փաստի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Արցախի Հանրապետության պաշտպանական գերատեսչությունը ևս մեկ անգամ հավաստում է իր հավատարմությունը հրադադարի պահպանման ռեժիմին և տեղեկացնում, որ նշված կամ որևէ այլ ուղղությամբ ՊԲ-ի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը չի խախտվել:
17:23 - 23 փետրվարի, 2022
«Բունկեր» եմ գնացել, որ Արցախի նախագահին զեկուցեմ, թե ինչ է կատարվում, կարգադրություն չեմ տվել. Սամվել Բաբայան |armenpress.am|

«Բունկեր» եմ գնացել, որ Արցախի նախագահին զեկուցեմ, թե ինչ է կատարվում, կարգադրություն չեմ տվել. Սամվել Բաբայան |armenpress.am|

armenpress.am: Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը վստահեցնում է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում ինքը որևէ ղեկավարում չի իրականացրել, հրամանատարական շտաբ է գործուղվել որպես Արցախի նախագահի խորհրդական, որևէ կարգադրություն չի տվել. այսպիսով Բաբայանը ՀՀ ԱԺ-ում ստեղծված՝ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում իր ներկայացվածությունը լիովին անաչառ է համարում: Բաբայանը նման տեսակետ հայտնեց քննիչ հանձնաժողովի կազմակերպած աշխատանքային քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում: Սամվել Բաբայանը նախ հայտնեց, որ ինքը հանձնաժողովում ներգրավվել է որպես արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչ, իր մասնակցության համար իրավական հիմքեր կան: Անդրադառնալով դիտարկմանը, որ ինքը եղել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, պատերազմի կառավարողներից մեկը, ինչպե՞ս է անաչառ լինելու հանձնաժողովում՝ Բաբայանն ասաց. «Արցախի Հանրապետության անվտանգության քարտուղարը նամակով դիմել է Արցախի Հանրապետության ՊԲ-ին, գրավոր պատասխանել են. «Դուք իրավունք չունեք զբաղվել մեզանով, անգամ բանակի մասին հարցնել»: Ի՞նչ ղեկավարումից եք խոսում»: Ես «բունկերում» եղել եմ որպես նախագահի խորհրդական: Արցախի նախագահի կողմից գործուղվել եմ այնտեղ, որ երեկոյան զեկուցեմ, թե ինչ է կատարվում այնտեղ: Ես ոչ խառնվել եմ, ոչ կարգադրություն եմ արել, ոչ էլ խոսել եմ: Կանգնել եմ, իրենք գործել են, ես տեսել եմ, զեկուցել եմ իր վերադասին»: Անդրադառնալով հարցին, թե, հաշվի առնելով իր նախկինում տված գնահատականները որոշ մարդկանց քայլերին, որքանո՞վ է անաչառ իր ներկայությունը քննիչ հանձնաժողովում, Բաբայանը պատասխանեց. «Լրիվ անկեղծ անաչառ է լինելու»: Անդրադառնալով հարցին՝ քննիչ հանձնաժողովը, որը ձևավորել է իշխանությունը, կարո՞ղ է արդար քննություն իրականացնել՝ նա ասաց, որ ցանկացած իշխանություն պարտավոր է արդար քննել, եթե ինքը մեղավոր չէ, ցուցադրել, թե մեղքն ումն է եղել: «Երբ այս իշխանությունը ստացել է մի «օժիտ», հիմա պետք է պարզենք, թե գործող իշխանության մեղքը որքանո՞վ կա: Օրինակ՝ Արցախի բանակի հրամանատարին և շտաբի պետին, որոնք որոշող են, նշանակել է Նիկոլ Փաշինյանը, ո՞ւմ առաջարկով, ուզում եմ ճշտել, թե ով է առաջարկել, որ այդ մարդկանց նշանակեն. պարզվում է, որ այնտեղի գործող իշխանությունը. առաջարկել են Բակո Սահակյանը և Տիգրան Աբրահամյանը, որը հիմա ասում է, որ ընդդիմադիր է »,-ասաց Բաբայանը:
14:43 - 21 փետրվարի, 2022
Արցախում փետրվար-մայիս ամիսներին անցկացվելու են կրակային պատրաստության պարապմունքներ

Արցախում փետրվար-մայիս ամիսներին անցկացվելու են կրակային պատրաստության պարապմունքներ

Արցախի Հանրապետությունում 2022 թվականի փետրվար-մայիս ամիսների ընթացքում անցկացվելու են կրակային պատրաստության պարապմունքներ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԱԽ-ի տարածած հաղորդագրությունից: «Արցախի Հանրապետության քաղաքացիների ռազմական հմտությունների կատարելագործման նպատակով՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի նախաձեռնությամբ 2022 թվականի փետրվար-մայիս ամիսների ընթացքում անց են կացվելու կրակային պատրաստության պարապմունքներ, որոնք իրականացվելու են Պաշտպանության բանակի նյութատեխնիկական բազայի հիման վրա»,- նշված է հաղորդագրության մեջ: Պարապմունքներին մասնակցելու են Հանրապետության պետական կառավարման մարմինների, ինչպես նաև՝ խոշոր հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցները։ Նշվում է, որ պարապմունքներին արդեն մասնակցել են Անվտանգության խորհրդի գրասենյակի աշխատակիցները։
10:39 - 16 փետրվարի, 2022
Պատերազմի ընթացքում սպան դիմել է փախուստի, ինչի հետևանքով զոհվել է 20 զինծառայող. գործն ուղարկվել է դատարան

Պատերազմի ընթացքում սպան դիմել է փախուստի, ինչի հետևանքով զոհվել է 20 զինծառայող. գործն ուղարկվել է դատարան

ԱՀ ՊԲ N զորամասի համապատասխան հրամանատարական կազմի կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում 2021թ. օգոստոսի 25-ին ՊԲ զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, կոչումով մայոր, Գ.Գ.-ին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար: Մեղադրական գործի մասին մանրամասներ է հայտնում ՀՀ գլխավոր դատախազությունը: «Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Գ.Գ.-ն, պաշտոնի բերումով լինելով նույն դիվիզիոնի ժամկետային և կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, 2020թ. սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով` սեփական կյանքը փրկելու նպատակով, դրսևորել է իշխանության անգործություն: 2020թ. հոկտեմբերի 12-ին ժամը 18:00-ի սահմաններում Վարանդայի/Ֆիզուլի/ շրջանում գտնվող «Ջուվառլու» կոչվող տեղամասում մարտական գործողություններին մասնակցելու ընթացքում հակառակորդի զինված խմբի կողմից կրակային դիրքի ձախակողմյան հատվածում տեղակայված նույն դիվիզիոնի 1-ին մարտկոցի անձնակազմի ուղղությամբ գրոհ ձեռնարկելուց և տարբեր զինատեսակներից կրակոցներ արձակելուց անմիջապես հետո ենթակա անձնակազմին օգնության հասնելու, ինքնապաշտպանությունը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում վերջիններիս տարհանումը կազմակերպելու, ստորաբաժանման անընդմեջ ղեկավարումը կազմակերպելու և ապահովելու, ենթականերին իրավիճակից բխող խնդիրներ առաջադրելու փոխարեն ԳԱԶ 33081 մակնիշի ավտոմեքենայով՝ առանց հետամուտ լինելու անգամ տվյալ մեքենայի անձնակազմի նստեցումը կազմակերպելուն, փախուստի է դիմել կրակային դիրքից: Այդ գործողություններն առաջացրել են նյութական ծանր հետևանքներ. առանց պատշաճ ղեկավարման մնացած 1-ին մարտկոցի անձնակազմը թեև փորձել է հնարավոր միջոցներով և եղանակներով պաշտպանվել, սակայն հրամանատարական ղեկավարման բացակայության պայմաններում դա չի հաջողվել: Եվ համակարգված մարտական գործողություններ վարելու և միասնական ղեկավարման բացակայության հետևանքով զոհվել է նույն դիվիզիոնի 1-ին մարտկոցի թվով 20 զինծառայող»,- նշված է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ: Զորամասի Դ-20 ՀԴն շտաբի պետ, մայոր Գ.Գ.-ին վերաբերելի մասն անջատվել է ընդհանուր գործից առանձին վարույթում, այդ մասով հայտարարվել է նախաքննության ավարտ: Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործը Գ.Գ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննության համար: Քրեական գործի մնացած մասով նախաքննությունը շարունակվում է: ՀՀ զինվորական դատախազության պատշաճ դատավարական հսկողության և հատուկ հետևողականության պայմաններում ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ 2020թ. պատերազմին առնչվող նշված դրվագով՝ նշված տեղամասում ծավալված մարտական գործողությունների ընթացքում զինծառայողների համար ողբերգական հետևանքների առաջացման բոլոր հանգամանքները պարզելու և դրա համար պատասխանատու բոլոր անձանց արարքներին քրեաիրավական գնահատականներ տալու համար:    Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:37 - 11 փետրվարի, 2022
«Գլոբալ մարտահրավերները ստիպում են ունենալ պաշտպանական անվտանգային ավելի հուսալի համակարգ»․ Արցախի նախագահը ՊՆ-ում մասնակցել է ռազմական խորհրդի նիստին

«Գլոբալ մարտահրավերները ստիպում են ունենալ պաշտպանական անվտանգային ավելի հուսալի համակարգ»․ Արցախի նախագահը ՊՆ-ում մասնակցել է ռազմական խորհրդի նիստին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 29-ին այցելել է Պաշտպանության նախարարություն և մասնակցել ռազմական խորհրդի նիստին՝ նվիրված 2022թ.-ի անելիքներին, տեղեկացնում է նախագահի աշխատակազմը:Բանակի բարձրագույն հրամկազմին ուղղված իր խոսքում երկրի ղեկավարը նախ շնորհավորել է Հայրենյաց պաշտպանի տոնի կապակցությամբ, նշել, որ Հայրենիքի անվտանգության գործում Պաշտպանության բանակը շարունակում է իր առանցքային դերակատարությունն ունենալ և իշխանությունների կողմից ներդրվելու են առավելագույն ջանքեր բանակաշինության, ինչպես նաև զինվորականների սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու համար:«Մենք ապրում ենք շատ բարդ մի ժամանակաշրջանում, երբ գլոբալ մարտահրավերները ստիպում են ունենալ պաշտպանական անվտանգային ավելի հուսալի համակարգ: Մենք գիտակցում ենք, որ, ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությանը զուգահեռ, պետք է կատարելագործենք նաև մեր ունեցած պաշտպանական ռեսուրսները, որպեսզի տարածաշրջանում կարողանանք տևական կայունություն ապահովել: Բարեփոխումները, որոնք սկսված են բանակում, համոզված եմ, ձեզ հետ միասին հաջողությամբ ավարտին ենք հասցնելու»,- ասել է նախագահը:Հանդիպման ընթացքում Արայիկ Հարությունյանը հանդիսավոր պայմաններում պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Կամո Վարդանյանին է հանձնել նաև գեներալ-լեյտենանտի զինվորական կոչման ուսադիրները, որի վերաբերյալ հրամանագիրը ստորագրել էր ավելի վաղ։
19:49 - 29 հունվարի, 2022
Հայոց բանակը մշտապես անհրաժեշտ է հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունն ապահովելու համար. Արտակ Բեգլարյան

Հայոց բանակը մշտապես անհրաժեշտ է հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունն ապահովելու համար. Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ: «Տոնդ շնորհավոր, Հայոց բանակ: Առանց չափազանցության՝ Հայրենյաց պաշտպանն է մեր կարողության ու մաքառումի աղբյուրը, վաղվա օրվա նկատմամբ հավատը պահողը: Հայոց զորեղ բանակը մշտապես անհրաժեշտ է հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունը, ինքնիշխանությունը, արժանապատվությունը, իրավունքներն ու ազատությունները սեփական հայրենիքում երաշխավորելու նպատակով: Խոնարհվում եմ Հայրենիքի պաշտպանությունը ստանձնած ու անմահացած նվիրյալների հիշատակին, եղբայրաբար գրկում ու շնորհավորում եմ առաջնագծում, զորամասում ու իրենց վաստակած հանգիստը վայելող Հայրենիքի պաշտպաններին»,- ասված է շնորհավորական ուղերձում:
15:35 - 28 հունվարի, 2022
Հետևողական կլինենք Հայրենյաց պաշտպանի կոչումը բարձր պահելու հարցում. Արցախի ՊԲ հրամանատար

Հետևողական կլինենք Հայրենյաց պաշտպանի կոչումը բարձր պահելու հարցում. Արցախի ՊԲ հրամանատար

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ- լեյտենանտ Կամո Վարդանյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայոց բանակի և Հայրենյաց  Պաշտպանի օրվա կապակցությամբ: Կամո Վարդանյանն ընդգծել է, որ ստեղծվել են արժեքներ, որոնք տասնամյակներ շարունակ երաշխավորել են հայերի տեղն ու դերակատարումը տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումներում: «Այսօր ազգովի նշում ենք մեր պետականության հենասյուն ու ապավեն  հանդիսացող կարևորագույն կառույցի՝ Հայոց Բանակի կազմավորման 30-ամյակը և Արցախի Հանրապետության տոնացույցի համաձայն՝ հայրենյաց պաշտպանի օրը. արժեքներ, որոնք 10-ամյակներ շարունակ երաշխավորել են մեր  տեղն ու դերակատարումը տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական զարգացումներում և պայմաններ ստեղծել  մեր ազգի ու պետականության հետագա կենսագործունեության համար: Իհարկե, մեր ազգային ու պետական երազանքների  իրականացման ճանապարհին մենք ստիպված ենք եղել վճարել ամենաթանկ գնով, ինչն այսօրվա տոները դարձնում է շատ ավելի խորհրդավոր ու նվիրական: Գլուխ եմ խոնարհում հանուն հայրենիքի նահատակված բոլոր նվիրյալների լուսավոր հիշատակի,նրանց հարազատների և մարտական ընկերների  առջև: Շնորհավորանքներս ՝ Հայոց բանակի կազմավորման ակունքներում կանգնած և այսօր շարքում գտնվող այն բոլոր անհատներին, որոնք երբևէ կրել ու շարունակում են կրել հայրենիքի պաշտպանի մեծագույն կոչումը: Մենք դեռևս ունենք բազմաթիվ անելիքներ ու անցնելիք երկար ճանապարհ, և ՊԲ հրամանատարության, ողջ անձնակազմի և անձամբ իմ անունից շնորհավորելով մեր բոլոր հայրենակիցներին, ուզում եմ վստահեցնել, որ մենք հետևողական կլինենք՝ անցած 30 տարիներին ձևավորված  լավագույն ավանդույթները պահպանելու և Հայրենյաց պաշտպանի կոչումը բարձր պահելու համար»,-ասված է շնորհավորական ուղերձում:
14:03 - 28 հունվարի, 2022
Արցախում զորակոչ լինելու է, անցում ամբողջությամբ պայմանագրային զինծառայության չի լինի. Արտակ Բեգլարյան |1lurer.am|

Արցախում զորակոչ լինելու է, անցում ամբողջությամբ պայմանագրային զինծառայության չի լինի. Արտակ Բեգլարյան |1lurer.am|

1lurer.am: Անցում ամբողջությամբ պայմանագրային զինծառայության չի լինի: Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը: «Զորակոչ լինելու է, որևէ հակառակի մասին վկայող որոշում, քննարկում չկա: Ինչ վերաբերում է ոստիկանության զորքերին, նրանք ընդգրկվելու են ներքին անվտանգության հարցերում և, ըստ կարիքի՝ արտաքին անվտանգության պաշտպանության հետ կապված»,- նշեց նա: Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին, ապա, ըստ Բեգլարյանի, դրանց վերաբերյալ քննարկումները տարբեր շրջաններում եղել են, այդ թվում՝ պատերազմից հետո: «Նախագահը քննարկումներ է սկսել քաղաքական ուժերի հետ, և այդ քննարկումների արդյունքում տարբերակներից մեկը սահմանադրական փոփոխություններն են: «Իմ կարծիքով՝ վաղ թե ուշ տեղի են ունենալու սահմանադրական փոփոխություններ, իհարկե այս պարագայում որոշումը նախագահինն է՝ երբ մեկնարկել գործընթացը: Հիմնական հարցը, իմ կարծիքով, պետք է լինի Ազգային ժողովի և նախագահի միաժամանակյա ընտրությունների առանձնացումը, որովհետև հետպատերազմական վիճակով պայմանավորված միաժամանակ ընտրության անցկացումը հղի է լուրջ վտանգներով, և առանձնացման պարագայում այդ վտանգների մի զգալի մասը կարող է չեզոքանալ: Իմ կարծիքով՝ պետք է տեղի ունենան Ազգային ժողովի, այնուհետև նախագահի ընտրություններ»,- ասաց նա՝ նշելով, որ մեկ այլ հարց, որը տարբեր քննարկումների փուլում է, կառավարման մոդելն է: «Տարբեր տեսակետներ կան, որևէ որոշում դեռ չկա, երբ աշխատանքները կատարված լինեն, կարող ենք ասել հիմնական մոտեցումները»,- նշեց Բեգլարյանը: Արցախի պետնախարարը ներկայացրեց իր համակարգման ներքո գտնվող ոլորտների աշխատանքները:  Բեգլարյանը նշեց, որ այս տարի պետական բյուջեում առողջապահության ոլորտի բյուջեն ավելացել է 23.6 տոկոսով և դարձել 15.5 մլրդ դրամ: Նա հիշեցրեց, որ  Արցախի նախագահի նախընտրական ծրագրի համապատասխան՝ հունվարի 1-ից բժշկական ցուցումով առողջապահական ծառայություններն ամբողջովին անվճար են: Անվճար բուժօգնության հետ կապված ԱՆ վերահսկողական մեխանիզմներն արդեն մասնակի ներդրված են, բայց ընթացքում բարելավվելու են:   Պետնախարարը նշեց, որ կրթության ոլորտում բյուջեն 2022 թ. ավելացել է 17.6 տոկոսով՝ դառնալով 17 մլրդ 331 մլն 212 հազար, նախատեսվել է ուսուցիչների և կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտի աշխատողների աշխատավարձերի բարձրացում՝ միջինը 20 տոկոսով:  «Սեպտեմբերին նախատեսում ենք Արցախում հիմնել «Անանիա Շիրակացի» միջազգային կրթահամալիր, որը Երևանում գործող կրթահամալիրի մասնաճյուղն է լինելու և նրանց ուղիղ կառավարաման ներքո է լինելու: Նրանց ամբողջ կրթական ծրագիրը, որը միջազգային բակալավրիատի մաս է կազմում, բերելու ենք Արցախ»,- տեղեկացրեց Արտակ Բեգլարյանը: Նա ընդգծեց նաև, որ սոցիալական ոլորտում կենսաթոշակները, պետական նպաստները բարձրացել են միջինը 20 տոկոսով: 
15:09 - 18 հունվարի, 2022