ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ), գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է ազգային անվտանգության բնագավառում Հայաստանի կառավարության քաղաքականությունը, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների կառավարումը։ Այն համարվում է Հայաստանի գլխավոր հատուկ ծառայությունը։ Ազգային անվտանգության ծառայության լիազորություններն ու պարտականությունները սահմանվում են ՀՀ Ազգային անվտանգության մարմինների մասին օրենքով:

2020 թ. նոյեմբերի 8-ին ՀՀ նախագահի հրամանագրով գնդապետ Արմեն Աբազյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

Էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում՝ ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրերում, կատարվում են խուզարկություններ․ ՔԿ
 |tert.am|

Էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում՝ ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրերում, կատարվում են խուզարկություններ․ ՔԿ |tert.am|

tert.am:  ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում և Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում իրականացվող երկու տարբեր քրեական վարույթներով ՀՀ Քննչական կոմիտեի քննիչների և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից համատեղ իրականացվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական լայնածավալ գործողություններ, այդ թվում՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում՝ ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրերում, կատարվում են խուզարկություններ: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանն՝  անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, թե  ձերբակալվել են Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը և այլ անձինք: Գոռ Աբրահամյանը նշեց, որ մանրամասների մասին ըստ անհրաժեշտության կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Հիշեցնեք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքից ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը։ Հավելենք նաև, որ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ զրույցում նշել է, թե տեղյակ չէ՝ Ազգային անվտանգության ծառայությո՞ւնն է մտել նախարարություն, թե՞ ուրիշ կառույց։ Լրագրողների դիտարկմանը, որ փոխնախարար Անի Իսպիրյանի ազատումը համընկե՞լ է այս գործողությունների հետ՝ նախարարն արձագանքեց, թե դա, իր կարծիքով, ընդամենը պատահականություն է և հայտնել, որ  իր տեղակալը 1,5 ամիս առաջ ասել էր, որ ամուսինը Հոլանդիայում աշխատանք է ստացել, ու պատրաստվում են տեղափոխվել։
14:40 - 31 հունվարի, 2024
Գագիկ Ծառուկյանի եւ Սեդրակ Առուստամյանի գործ. քննչական մարմինը հրաժարվում է դատարանին փաստաթղթեր տրամադրել |aravot.am|

Գագիկ Ծառուկյանի եւ Սեդրակ Առուստամյանի գործ. քննչական մարմինը հրաժարվում է դատարանին փաստաթղթեր տրամադրել |aravot.am|

aravot.am: ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր, դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, շարունակվեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի գործով նիստը: Գագիկ Ծառուկյանը եւ Սեդրակ Առուստամյանը մեղադրվում են 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելու մեջ: Պաշտպանական կողմը նախորդ դատական նիստի ժամանակ միջնորդություն էր ներկայացրել՝ դատարանի որոշմամբ ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտից գործի վերաբերյալ հավելյալ փաստաթղթեր պահանջելու մասին: Պաշտպանները պահանջում են առնվազն գործը դատարան ուղարկելու պահին գործի նյութերում առկա բոլոր փաստաթղթերը: Քննչական մարմինը մերժել է այդ փաստաթղթերը տրամադրել՝ այն հիմնավորմամբ, որ ԱԱԾ տվյալ բաժինը լուծարվել է: «Ինձ համար առնվազն տարակուսելի է այդ մոտեցումը, երբ ունենք դատարանի կողմից կայացված որոշում եւ քննչական մարմինը հրաժարվում է կատարել այդ որոշումը: Այս որոշումը, իմ գնահատմամբ, ավելի շատ դատարանի դեմ է ուղղված, ոչ թե պաշտպանական, քանի որ դատարանի որոշումը չկատարելը, մեղմ ասած, հիմնավոր չի»,- հայտարարեց պաշտպան Էմին Խաչատրյանը՝ միջնորդելով նիստը հետաձգել եւ ապահովել քննչական մարմնի կողմից դատարանի որոշման կատարումը: Պաշտպանի դիտարկմամբ՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտը լուծարվել է, բայց այլ վարչությունում այդ նյութերը պահպանվել են, իսկ դրանք անհրաժեշտ են պաշտպանությունը արդյունավետ կազմակերպելու համար եւ հենց այս՝ ապացույցների հետազոտման փուլում: «Անհնար է իրավիճակ, որ դատարանի որոշումը չկատարվի»,-իր դիրքորոշումը ներկայացրեց պաշտպան Երեմ Սարգսյանը: Պաշտպանական կողմը մտավախություններ ունի, որ գործի նյութերում առկա են տվյալներ, որոնք ցանկանում են գաղտնի պահել՝ ոչ միայն պաշտպանության կողմի, այլ նաեւ հանրության համար: Դատավորն առաջարկեց՝ հարցը քննարկել ապացույցների հետազոտությունից հետո: Պաշտպանները պնդեցին իրենց դիրքորոշումը՝ արդյունավետ պաշտպանություն իրականացնելու համար այդ փաստաթղթերը անհրաժեշտ են իրենց այս փուլում։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
13:14 - 30 հունվարի, 2024
ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է կազմակերպված խմբի կողմից ՀՀ տարածք շուրջ 13 կբ թմրամիջոցներ տեղափոխելու հերթական դեպքը

ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է կազմակերպված խմբի կողմից ՀՀ տարածք շուրջ 13 կբ թմրամիջոցներ տեղափոխելու հերթական դեպքը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել և կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետության տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից: Այսպես. Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիները ԻԻՀ քաղաքացու հետ միասին, նախնական համաձայնությամբ, միմյանց գործողությունները փոխլրացնելով, սույն թվականի հունվարի 25-ին Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով՝ իրացնելու նպատակով ՀՀ են պատրաստվում ներկրել առանձնապես խոշոր չափերի տարատեսակ թմրամիջոցների խմբաքանակ։ Համատեղ պլանավորված ու ձեռնարկված միջոցառումների արդյունքում, պարզվել է, որ ս.թ-ի հունվարի 25-ին հայ-իրանական պետական սահմանի Մեղրի քաղաքի հարակից տեղանքում մաքսանենգ ճանապարհով ՀՀ  է առաքվել թմրամիջոցի խմբաքանակ, որը ստացած անձինք պատրաստվել են տեղափոխել ք.Երևան: Հետագայում, հանցավոր խմբի գործունեությունը կասեցվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչության  աշխատակիցների կողմից: Հանցանք կատարած անձինք ձերբակալվել են, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է մարզային վարչության տարածք: Համապատասխան փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվում է նախաքննություն: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուրը՝ շուրջ 13 կգ տարատեսակ թմրամիջոցների նմանվող զանգվածներ
10:32 - 30 հունվարի, 2024
Հայաստանը պատրաստ է անհետ կորածների ճակատագիրը պարզելու ուղղությամբ համագործակցել Ադրբեջանի  հետ․ ՀՀ ԱԱԾ

Հայաստանը պատրաստ է անհետ կորածների ճակատագիրը պարզելու ուղղությամբ համագործակցել Ադրբեջանի հետ․ ՀՀ ԱԱԾ

Ի պատասխան Ադրբեջանի Հանրապետության տարբեր պետական մարմինների կողմից պարբերաբար շրջանառության մեջ դրվող թեզի, թե Հայաստանի Հանրապետությունը հրաժարվում է տեղեկություններ տրամադրել Ադրբեջանի անհետ կորած քաղաքացիների մասին, ՀՀ ԱԱԾ-ն հարկ է համարում ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը 2020թ. նոյեմբերից ի վեր Ադրբեջանի Հանրապետությանն է փոխանցել 44-օրյա պատերազմում զոհված 51 ադրբեջանցիների մարմինների, ինչպես նաև 90-ականներին զոհված շուրջ 50 անձանց մարմինների գտնվելու հնարավոր վայրերի մասին տեղագրական նյութեր, որոնք ստացվել են ԼՂ ներկայացուցիչներից: ՀՀ ԱԱԾ-ն հայտարարում է, որ, բացի դրանից, Ադրբեջանի Հանրապետությանն են փոխանցվել 90-ականների զոհված 140 ադրբեջանցիների ոսկրեր, որոնք ստացվել են ԼՂ ներկայացուցիչներից: «Հարկ ենք համարում հիշեցնել, որ 993 Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ և ԼՂ հայեր համարվում են անհետ կորած 90-ականների սկզբից, 2020 թվականի 44-օրյա պատերազմում և դրանից հետո Հայաստանի Հանրապետությունը լրջորեն հետաքրքրված է նրանց ճակատագրերի պարզաբանմամբ: Հայաստանի Հանրապետությունը բազմիցս, այդ թվում բարձր և բարձրագույն մակարդակով հայտարարել է, որ պատրաստ է անհետ կորած համարվող անձանց ճակատագիրը պարզելու ուղղությամբ համագործակցել Ադրբեջանի Հանրապետության հետ:   Գերիների, պատանդների և անհետ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող ՀՀ միջգերատեսչական հանձնաժողովն ի կատարումն 2023 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի համատեղ հայտարարության մեջ արձանագրված պայմանավորվածության՝ վստահության կառուցման ավելի շատ միջոցառումների իրականացման վերաբերյալ, Ադրբեջանի համապատասխան կառույցին առաջարկում է ակտիվացնել համագործակցությունը»:
11:16 - 27 հունվարի, 2024
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է 8 տեղեկամատյանի փոխանցման մասին ՀՀ ԱԱԾ հայտարարությանը |1lurer.am|

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է 8 տեղեկամատյանի փոխանցման մասին ՀՀ ԱԱԾ հայտարարությանը |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության 2024 թվականի հունվարի 25-ի հայտարարությանը՝ Ադրբեջանին ականապատ տարածքների քարտեզներ (8 տեղեկամատյան) տրամադրելու պատրաստակամության մասին։ «Ադրբեջանական կողմը բազմիցս պահանջել է Հայաստանից ներկայացնել ականների քարտեզները` ինչպես 2020 թվականի պատերազմից առաջ, այնպես էլ հետհակամարտային շրջանում։ Մենք բազմիցս նշել ենք, որ ներկայացված այդ քարտեզները անօգուտ են ու թերի և չեն արտացոլում իրական իրավիճակը»,- նշված է գերատեսչության հայտարարությունում։ Ադրբեջանի ԱԳՆ-ն մեղադրել է հայկական կողմին` նշելով, թե «Երևանի նպատակը մարդասիրական գործընթացին նպաստելը չէ, և այդ քայլը չի կարող դիտարկվել որպես վստահության ամրապնդման միջոց»։ Ադրբեջանական կողմն ակնկալում է, որ Հայաստանը կներկայացնի բոլոր ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզները։ Գերատեսչության հայտարարության մեջ նաև նշված է, թե «Հայաստանի կողմից պետք է հրատապ միջոցներ ձեռնարկվեն՝ վերջին 30 տարվա ընթացքում անհետացած մոտ 4000 ադրբեջանցիների ճակատագրի, ինչպես նաև ադրբեջանցիների զանգվածային գերեզմանների մասին տեղեկատվություն տրամադրելու ուղղությամբ»։
09:37 - 26 հունվարի, 2024
Ականապատ դաշտերի քարտեզների 8 նոր տեղեկամատյան է ի հայտ եկել, դրանք կփոխանցվեն Բաքվին. ԱԱԾ

Ականապատ դաշտերի քարտեզների 8 նոր տեղեկամատյան է ի հայտ եկել, դրանք կփոխանցվեն Բաքվին. ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է ականապատ դաշտերի քարտեզների ութ նոր տեղեկամատյանների ի հայտ գալու և դրանք առաջիկա օրերին աշխատանքային խողովակներով ադրբեջանական կողմին փոխանցելու մասին։ ԱԱԾ-ն նշում է, որ նախկինում մի քանի անգամ առանց նախապայմանների ադրբեջանական կողմին են փոխանցվել Արցախի ականապատ դաշտերի 972 տեղեկամատյաններ (ֆորմուլյարներ), և որ Հայաստանի ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ Երևանի տրամադրության տակ ավելի լավ որակի քարտեզներ պարզապես չկան: Փոխանցված քարտեզները ձեռքբերված են եղել Լեռնային Ղարաբաղի զինծառայողների միջոցով: «Վերջին շրջանում ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ականի պայթյունից ԱՀ քաղաքացիների մարմնական վնասվածքներ ստանալու մի քանի տեղեկատվություններից հետո և ի շարունակություն 2023 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջև բանակցությունների արդյունքում պայմանավորվածության, այն է շոշափելի քայլեր ձեռնարկել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը վերսկսել է հարցումային աշխատանքը ԼՂ նախկին զինծառայողների շրջանում, որի արդյունքում ի հայտ են եկել թվով 8 նոր տեղեկամատյաններ», - ասված է հաղորդագրության մեջ: Դրանց կրկնօրինակները կփոխանցվեն միջազգային գործընկերներին։
20:23 - 25 հունվարի, 2024
Արցախից տեղահանվածների 0.7%-ն է դիմել ՀՀ քաղաքացիության, 6%-ը մեկնել է ՀՀ–ից և չի վերադարձել

Արցախից տեղահանվածների 0.7%-ն է դիմել ՀՀ քաղաքացիության, 6%-ը մեկնել է ՀՀ–ից և չի վերադարձել

2023 թվականի սեպտեմբերի 19-ից մինչ 2024 թ․ հունվարի 5-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի օդային եւ ցամաքային անցման կետերով Հայաստանից մեկնել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 12 հազար 618 անձ։ Այս մասին «Ինֆոքոմ»–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից։ 2023 թ․ սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակման հետեւանքով բռնի տեղահանվել է շուրջ 115 հազար անձ։  Այսինքն՝ հիշյալ ժամանակահատվածում Հայաստանից մեկնել է բռնի տեղահանվածների 11 տոկոսը։ Ըստ ԱԱԾ-ից ստացված տվյալների՝ հիշյալ անձանցից 5473-ը նույն ժամանակահատվածում վերադարձել է Հայաստան, իսկ 7145 անձ չի վերադարձել։ Ստացվում է, որ սեպտեմբերի 19-ից մինչ հունվարի 5-ը Հայաստանից դուրս է եկել եւ չի վերադարձել ընդհանուր առմամբ Արցախից բռնի տեղահանվածների 6 տոկոսը։ Գրավոր հարցմամբ ԱԱԾ-ին խնդրել էինք հայտնել նաեւ, թե բռնի տեղահանված անձանցից քանիսին է արգելվել հատել ՀՀ պետական սահմանը եւ ինչ հիմքերով։ Այս հարցը պայմանավորված էր նրանով, որ տեղահանման օրերին ազատվել եւ Հայաստան էին տեղափոխվել Արցախի կալանավորներն ու դատապարտյալները, որոնց նկատմամբ տարբեր քրեական գործերի շրջանակում ընտրված էին կալանավորում խափանման միջոցը եւ ազատազրկում պատժի տեսակը։ Դա նշանակում է, որ Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում Հայաստանից նրանց ելքի հնարավորության վրա արգելք է դրված։  ԱԱԾ-ն, սակայն, մեր այս հարցին չի պատասխանել։ Չի պատասխանել նաեւ հարցին, թե դեպի որ երկրներ են մեկնել բռնի տեղահանվածները։ 2023 թվականի հոկտեմբերի 26-ին ՀՀ կառավարությունն ընդունեց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու մասին որոշում, որով սահմանվեցին նաեւ նրանց փախստականի վկայական տրամադրելու կարգն ու պայմանները։ Գրավոր հարցմամբ դիմել էինք Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությանը՝ խնդրելով հայտնել, թե քանի՞ անձ է բռնի տեղահանվել, քանի՞սն է դիմել փախստականի անձը հաստատող փաստաթուղթ եւ/կամ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ Հարցրել էինք նաեւ բռնի տեղահանվածների թիվը, որոնք հայաստանյան որեւէ հասցեում հաշվառվել են։  Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունից հայտնել են, որ բռնի տեղահանվել է շուրջ 150 հազար անձ, հավելել են՝ առավել հստակ թիվ ասել հնարավոր չէ, քանի որ մի շարք անձինք սխալմամբ են հաշվառվել որպես բռնի տեղահանված, մի շարք անձինք էլ առ այսօր դիմումներ են ներկայացնում՝ այն մասին, որ իրենք սխալմամբ չեն հաշվառվել։ Այսինքն՝ թիվը դեռ ենթակա է փոփոխման ենթադրյալ սխալների վերահաշվարկի արդյունքում։ Հղում կատարելով Կառավարության հիշյալ որոշմանը՝ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունից հիշեցրել են, որ դրանով ժամանակավոր պաշտպանության ներքո են վերցվել ԼՂ բնակչության ռեգիստրի հաշվառումներով անցնող անձինք, ՀՀ-ում կամ ՀՀ-ից դուրս գտնվող այն անձինք, որոնց վերջին հաշվառման հասցեն եղել է ԼՂ-ում, ինչպես նաեւ այն անձինք, որոնք չեն ունեցել հաշվառում ԼՂ բնակչության ռեգիստրում, սակայն բնակվել են ԼՂ-ում եւ 2023 թ․ սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների հետեւանքով բռնի տեղահանվելուց հետո հաշվառվել են ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից։ Որոշումը չի տարածվում այլ պետության քաղաքացիություն ունեցող անձանց նկատմամբ։ Ըստ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության տվյալների՝ 2024 թ․ հունվարի 17-ի դրությամբ՝ ՀՀ-ում հաշվառվել է ԼՂ-ից տեղահանված 42 հազար 716 անձ կամ տեղահանվածների 37 տոկոսը, իսկ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում ներկայացրել է 803 անձ կամ տեղահանվածների 0․7 տոկոսը։ Քաղաքացիության դիմումների մերժումներ չեն եղել։ Նույն օրվա դրությամբ՝ ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայական ստանալու դիմում է ներկայացրել  36 հազար 819 անձ, տպագրվել է 36 423 վկայական: Դա կազմում է տեղահանվածների 32 տոկոսը։ Մյուս՝ 396 դիմումատուների մերժման հիմքերը Ծառայությունը չի մանրամասնել, նշել է՝ փաստաթղթավորման գործընթացում յուրաքանչյուր անգամ ուսուսմնասիրվում են դիմումատուի տվյալները, համապատասխանությունը ՀՀ քաղաքացիության մասին օրենքին՝ բացառելու ՀՀ քաղաքացիության հանգամանքը, ուսումնասիրվում է նաեւ այլ երկրի քաղաքացի լինելու հանգամանքը։ Հավելենք, որ Կառավարության որոշման համաձայն՝ բռնի տեղահանվածները Հայաստանից դուրս գալու եւ մուտք գործելու համար 2024 թ․ հունվարի 28-ից սկսած անձնագրից բացի պետք է ունենան նաեւ փախստականի վկայական։ Անձնագիրն ու վկայականը վավեր են համարվելու միասին գործածելու դեպքում միայն։   Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան Գլխավոր լուսանկարը՝ Ջուլիետտա Հովհաննիսյանի, ք․ Վայք, 27․09․2023
20:56 - 24 հունվարի, 2024
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ խախտվող օրենքը․ «Ինֆոքոմի» կիսամյակային ամփոփումը

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ խախտվող օրենքը․ «Ինֆոքոմի» կիսամյակային ամփոփումը

Քաղաքական մեծամասնությունը տարբեր մակարդակներում պարբերաբար խոսում է թափանցիկ կառավարման ու հաշվետվողական գործելաոճի մասին, սակայն այդ հայտարարությունները, գործնականում, ոչ միշտ են «միս ու արյուն ստանում»։ Պետական կառույցներն ու պաշտոնատար անձինք հաճախ խախտում են «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված պահանջներն ու դրա իրական նպատակները՝ տեղեկություն ստանալու մասին զանգվածային լրատվության միջոցների հարցումները անպատասխան թողնելով, տեղեկությունը ժամկետների խախտմամբ տրամադրելով կամ էլ բովանդակային տեղեկություն տալուց հնարավորինս խուսափելով։ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը սահմանում է, որ գրավոր հարցման պատասխանը դիմողին տրվում է այն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, իսկ եթե դրա համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա տրվում է դիմումը ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին դիմողին գրավոր տեղեկացնում են նույն 5-օրյա ժամկետում՝ նշելով հետաձգման պատճառները եւ տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։ Ընդ որում՝ 5-օրյա եւ 30-օրյա ժամկետները, ըստ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի, ենթադրում են օրացույցային, այլ ոչ թե աշխատանքային օրերը, մինչդեռ պետական կառույցները, որպես կանոն, հաշվարկը աշխատանքային օրերով են անում։ «Ինֆոքոմ»-ի լրագրողներն առանձնացրել են 2023-ի երրորդ եւ չորրորդ եռամսյակում գերատեսչությունների կողմից «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի խախտման այն դեպքերը, որոնց առնչվել են իրենց աշխատանքի ընթացքում։ Իշխող Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունը հարցմանը պատասխանում է գրեթե կես տարի անց՝ դատական հայցից հետո 2023 թվականի օգոստոսի 9-ին Infocom-ը հարցում է ուղարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ խնդրելով տրամադրել Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ կուսակցության կազմակերպած դրամահավաք-երեկոյի ընթացքում նվիրատվություններ կատարած անձանց ցանկը և նվիրատվության չափը։ Օգոստոսի 15-ին ստացել ենք պատասխան, որ կուսակցության աշխատակազմը ծանրաբեռնված է Երևանի ավագանու սպասվող ընտրությունների կազմակերպչական խնդիրներով և հարցմանը կփորձեն պատասխանել հնարավորինս սեղմ ժամկետներում։ Պատասխանը ստանալուց հետո կապ ենք հաստատել կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանի հետ, որը հեռախոսազրույցում նշել է, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը կուսակցություններին չի վերաբերում, ուստի, նրա պնդմամբ, պարտավոր չեն ենթարկվել օրենքով սահմանված ժամկետներին։ Ալեքսանյանը նշեց, որ քանի որ իրենք բարձր են գնահատում լրատվամիջոցների միջոցով հանրության հետ հաղորդակցությունը, երբ ազատ ժամանակ ունենան, հարցմանը կպատասխանեն։ «Ինֆոքոմը» դիմեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնին, որը 2023 թ․ դեկտեմբերի 4-ին դիմել էր դատարան՝ ՔՊ կուսակցությանը տեղեկություն տրամադրելու պարտավորեցման հայցով։ Հայցը դատարան ուղարկելուց 18 օր անց՝ դեկտեմբերի 22-ին, կուսակցության վարչության նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանն ուղարկեց հարցման պատասխանը։ Նշենք, որ այս տեղեկության հարցումն «Ինֆոքոմն» արել էր պատասխանը ստանալուց մոտ կես տարի առաջ։   Իրավապահները խուսափում են մեկնաբանել՝ ինչ է սպասվում Արցախի կալանավորներին եւ դատապարտյալներին Հայաստանում 2023 թ․ Արցախի ժողովրդի տեղահանումից հետո «Ինֆոքոմ»-ը փորձեց հասկանալ, թե ինչպես են Հայաստանում շարունակվելու Արցախի կալանավորների եւ դատապարտյալների վերաբերյալ քրեական վարույթները եւ պատժի կրումները կամ դրանք շարունակելու հնարավորություն կա՞ ընդհանրապես, թե՞ ոչ՝ հաշվի առնելով, որ գործ ունենք երկու տարբեր պետական համակարգերի եւ օրենսդրությունների հետ։ Գրավոր հարցումներ ուղարկեցինք ՀՀ Գլխավոր դատախազությանն ու Պաշտպանության նախարարությանը։ Մասնավորապես, հոկտեմբերի 16-ին Դատախազությանը խնդրեցինք տրամադրել ԼՂՀ և ՀՀ դատախազությունների միջեւ համագործակցության եւ փոխօգնության 2008 թ․-ի համաձայնագիրը, որը Արցախի դատախազության պաշտոնական կայքում հրապարակված էր, սակայն սեպտեմբերյան բռնի տեղահանությունից հետո այլեւս հասանելի չէ։ Օրենքով սահմանված 5-օրյա ժամկետում Դատախազությունն անպատասխան էր թողել հարցումը, իսկ նյութի հրապարակումից հետո՝ նոյեմբերի 9-ին, ուղարկել էր գրություն, որը մեր հարցման ըստ էության պատասխանը չէր պարունակում․ «Ի պատասխան Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ դրանում նշված հարցերը կարգավորվում են «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը և դրա տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշման և ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի համատեքստում»,- նշված էր գրության մեջ։ ՀՀ ՊՆ-ին դիմել էինք՝ խնդրելով տրամադրել երկու երկրների կառավարությունների միջեւ ռազմական համագործակցության մասին 1994 թ․-ի համաձայնագիրը, որով սահմանված են ԼՂՀ-ում ծառայող ՀՀ զինծառայողների եւ ՀՀ-ում ծառայող ԼՂՀ զինծառայողների կողմից կատարված հանցագործությունների քննության առանձնահատկությունները։ Նախարարությունը, սակայն, տեղեկության տրամադրումը մերժել էր՝ պետական գաղտնիքի հիմքով։ Հատկանշական էր, որ այդ համաձայնագրի մի քանի դրույթ ներառված է ՄԻԵԴ-ի՝ տարիներ առաջ կայացված վճռում, որը համացանցում հրապարակված է: Նույն թեմայի շրջանակում դիմել էինք նաեւ ՀՀ ոստիկանությանն ու ազգային անվտանգության ծառայությանը՝ խնդրելով որպես հասարակական անվտանգության եւ ազգային անվտանգության իրավասու կառույցներ՝ մանրամասնել, թե ինչ քայլեր են ձեռնարկում ՀՀ-ում ազատության մեջ գտնվող կալանավորների եւ դատապարտյալների հայտնաբերման ուղղությամբ։ ԱԱԾ-ից պատասխանել էին, որ հարցմամբ պահանջվող տեղեկատվության վերաբերյալ տեղեկություններ առկա չեն, իսկ Ոստիկանությունից առաջարկել էին դիմել ՀՀ արդարադատության նախարարությանը՝ հավելելով, որ պահանջվող տեղեկությունների տրամադրումը դուրս է իրենց լիազորությունների շրջանակից։ Մինչդեռ մի քանի օր անց ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը պատգամավորների հարցերին ի պատասխան Ազգային ժողովում հրապարակեց մեր մի շարք հարցերի պատասխաններ։   ՊՆ թեժ գիծն ու ՊՆ մամուլի բաժինը իրար հակասող տեղեկություններ են հաղորդում Այս տարվա աշնանը տարբեր քաղաքացիներ ՀՀ ՊՆ-ից հետաքրքրվել էին՝ «ՈՄԱ» կազմակերպության ԳՄԲԵԹ ամրաշինական կառույցների ստեղծման նախագիծը եւ դրա շրջանակում իրականացվող դրամահավաքը համաձայնեցվա՞ծ է ՊՆ-ի հետ։ ՊՆ թեժ գծից քաղաքացիներին հորդորել էին գումար չփոխանցել կազմակերպությանը, քանի որ «քրեական գործ է հարուցված»։ «Ինֆոքոմի» լրագրողն անձամբ զանգել էր ՊՆ՝ որպես քաղաքացի նույն հարցերը հնչեցնելու, եւ ստացել էր նույնատիպ հորդոր։  Ստուգելու համար այդ տեղեկության իսկությունը՝ գրավոր հարցմամբ դիմել էինք Գլխավոր դատախազությանը՝ պարզելու, թե արդյո՞ք ՈՄԱ կազմակերպության կամ հենց ԳՄԲԵԹ կրակակետերի կառուցման նախագծի առնչությամբ քրեական վարույթ կա, եւ եթե այո, ապա ո՞ր հոդվածով։ Դատախազությունից նշել էին, որ որևէ վարույթ չկա։ Հետևելով այդ պատասխանին՝ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանից փորձել էինք այս դրվագի վերաբերյալ բանավոր մեկնաբանություն ստանալ, սակայն վերջինս առաջարկել էր հարցերն ուղարկել գրավոր։ Հոկտեմբերի 25-ին գրավոր հարցմամբ դիմել էինք նախարարությանը՝ խնդրելով մեկնաբանել, թե ինչու են պետական երկու գերատեսչություններ միմյանց հակասող տեղեկություն տրամադրում քաղաքացիներին։ Նաեւ խնդրել էինք պարզաբանել՝ եթե, ըստ ՊՆ-ի, ՈՄԱ-ի կամ դրա նախագծի վերաբերյալ կա նախաձեռնված քրեական վարույթ, ապա ինչո՞ւ ՊՆ-ն հրապարակային չի զգուշացնում հանրությանն այդ նախագծի հնարավոր վտանգների մասին։  Նոյեմբերի 1-ին ՊՆ-ն գրավոր պատասխանեց մեր հարցմանը՝ նշելով. «ՊՆ որեւէ պաշտոնատար անձ քաղաքացիների հետ զրույցում կամ այլ միջոցով նման տեղեկություն չի փոխանցել»։ Գոյություն չունեցող քրեական վարույթի վերաբերյալ ՊՆ աշխատակցի հայտնած տեղեկությունը և դրամական փոխանցում չանելու հորդորը կարող էր անտեղյակության կամ անփութության հետևանք լինել, եթե այդ նույն տեղեկությունը ՊՆ պաշտոնական հեռախոսահամարին պատասխանած մի քանի աշխատակիցներ չպնդեին և չհաստատեին։ Այնինչ, թե դիմած քաղաքացիները, և թե մենք իրականությանը չհամապատասխանող այդ տեղեկությունը ստացել ենք տարբեր օրերի՝ տարբեր աշխատակիցների կողմից։ Այստեղից կարելի է ենթադրել, որ ՊՆ-ն ՈՄԱ ՀԿ-ի վերաբերյալ քաղաքացիներին սխալ տեղեկություններ տրամադրելու որոշում ունի, սակայն ՊՆ-ի նման գործելակերպն անհասկանալի և չպարզաբանված է մնում։    Էկոնոմիկայի նախաարարությունը ժամկետի խախտմամբ է պատասխանում հարցումներին «Ինֆոքոմ»-ը փորձել էր պարզել, թե ինչի հետ է կապված ամեն տարի մթերվող խաղողի ցածր գինը, ինչու են տնտեսվաորղները քանդում իրենց խաղողի տնկարկները, ինչ խնդիրներ ունեն տնտեսվարողները և գործարանները, ինչով է պայմանավաորված ոգելից խմիչքների արտահանվող ծավալների աճին զուգահեռ նկատվող կոնյակի սպիրտի համար մթերվող խաղողի գնանկումը։  2023թ․ գոստոսի 29-ին Էկոնոմիկայի նախարարությունից գրավոր հարցմամբ խնդրել էինք տրամադրել Հայաստանում խաղողի հիմքով ոգելից խմիչքների արտադրությամբ զբաղվող գործարանների ցանկը։ Առանձին հարցմամբ խնդրել էինք տեղեկություն տրամադրել, թե ինչ փուլում են գտնվում Խաղողի ռեեստրի ստեղծման և գործարկման աշխատանքները եւ այլն։ Էկոնոմիկայի նախարարությունը հարցմանը պատասխանել է օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ՝ սեպտեմբերի 7-ին՝ մեր բազմաթիվ զանգերից հետո։  Նույն թեմայի շրջանակում Էկոնոմիկայի նախարարությանը հարցում էինք ուղարկել նաև հոկտեմբերի 16-ին, եւ պատասխանը դարձյալ ստացել ենք ժամկետի խախտմամբ՝ դարձյալ հեռախոսազանգով հիշեցումներից հետո՝ հոկտեմբերի 26-ին։ Նույն նյութի հետ առնչվող եւս մեկ հարցում ենք ուղարկել Էկոնոմիկայի նախարարություն նոյեմբերի 20-ին՝ հետաքրքրվելով, թե քանի տնտեսվարող է օգտվել Կառավարության կողմից գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսների սուբսիդավորման ծրագրից։ Այս անգամ եւս հարցման պատասխանը ստացել ենք սահմանված ժամկետներից ավելի ուշ՝ դեկտեմբերի 1-ին։ 
19:27 - 22 հունվարի, 2024
Օրենքի փոփոխություններով՝ ԱԱԾ տնօրենի տեղակալներն ազատվել են պաշտոններից և վերանշանակվել

Օրենքի փոփոխություններով՝ ԱԱԾ տնօրենի տեղակալներն ազատվել են պաշտոններից և վերանշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով Սամվել Հայրապետյանը, Տիգրան Հարությունյանը, Անդրանիկ Սիմոնյանը և Արամ Հակոբյանն ազատվել են ԱԱԾ տնօրենի տեղակալների պաշտոններից, այնուհետև վարչապետի որոշումներով՝ վերանշանակվել: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ նախագահի հրամանագրով Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից, իսկ վարչապետի որոշմամբ՝ վերանշանակվել: Նշենք, որ 2023-ի դեկտեմբերի 22-ի Ազգային ժողովի արտահերթ նիստում խորհրդարանը փոփոխություն կատարեց մի շարք օրենքներում և վարչապետին վերապահեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն ու տեղակալներ նշանակելու որոշումը: Հիմնավորման մեջ նշվում էր, որ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքով Ազգային անվտանգության ծառայությունը վարչապետին ենթակա մարմին է, մինչդեռ ծառայության տնօրենին և տեղակալներին նշանակում և ազատում էր նախագահը: Նույն փոփոխությամբ այս պաշտոնյաները չեն համարվում այլևս զինվորական ծառայողներ, այլ հանրային պաշտոն են զբաղեցնում:
18:38 - 12 հունվարի, 2024
Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

2023թ. դեկտեմբերի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Ա.Աբազյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որին բացի հանձնաժողովի անդամներից ներկա էին նաև Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչները: Նիստը սկսվեց հանձնաժողովի նախագահ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա.Աբազյանի բացման խոսքով: Ա.Աբազյանը հանձնաժողովի գործունեության մեկ տարվա կապակցությամբ ներկայացրեց կատարված աշխատանքները և խոսեց ապագա անելիքների մասին: Կրկին կարևորվեց անհայտ կորածների վերաբերյալ հարաբերությունները կարգավորող օրենքի ընդունման անհրաժեշտությունը: Հանձնաժողովին ուղղված դիմումների ուսումնասիրության արդյունքներով առանձնացվեցին այն հիմնական խնդիրները, որոնք մտահոգում են անհայտ կորած, գերևարված անձանց ծնողներին, նրանց հարազատներին: Հատուկ ընդգծվեց Հանձնաժողովի և ծնողների միջև տեղեկատվական կապը մշտապես պահպանելու կարևորությունը: Խոսվեց նաև ծնողներին հուզող խնդիրների և դրանց լուծման հնարավոր եղանակների մասին: Անդրադարձ կատարվեց նաև գերևարված անձանց վերադարձնելու ուղղությամբ տարվող աշխատանքներին:     Այնուհետև Հանձնաժողովը ընտրեց թափուր տեղի համար դիմած հասարակական կազմակերպություններից՝ «Մեծ Հայք» ռազմահայրենասիրական-ազգապահպան հասարակական կազմակերպությանը: Հանձնաժողովի անդամները ներկայացրին յուրաքանչյուրն իր ոլորտում կատարված աշխատանքները՝ անդրադարձ կատարելով պետության, ինչպես նաև Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից իրականացված սոցիալական, հումանիտար  ծրագրերին, Քննչական կոմիտեում անհայտ կորելու հանգամանքների վերաբերյալ կատարվող քննության ընթացքին և ԴՆԹ նույնականացման արդյունքները միջազգայնորեն ընդունված չափորոշիչներին համապատասխան ծնողներին և հարազատներին ներկայացնելու անհրաժեշտության, ինչպես նաև 2024թ. համար պլանավորված միջոցառումներին:
13:06 - 30 դեկտեմբերի, 2023
ԱԱԾ աշխատանքի որակը գնալով բարելավվում է, և կառավարությունն ամեն կերպ քաջալերելու է այս գործընթացը. Նիկոլ Փաշինյան

ԱԱԾ աշխատանքի որակը գնալով բարելավվում է, և կառավարությունն ամեն կերպ քաջալերելու է այս գործընթացը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և մասնակցել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից: Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում նշել է. «Ազգային անվտանգության ծառայության հարգելի տնօրեն,Տնօրենի հարգելի տեղակալներ,Ազգային անվտանգության ծառայության հարգելի աշխատողներ, Շնորհավորում եմ բոլորիս Ազգային անվտանգության ծառայության աշխատողի օրվա առիթով: Նախ ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել կատարված և կատարվող աշխատանքի համար: Իհարկե, ինչպես բոլորիս աշխատանքը, Ազգային անվտանգության ծառայության աշխատանքն էլ անթերի չէ և չէր կարող լինել, բայց պիտի արձանագրեմ, որ ընդհանուր առմամբ Ազգային անվտանգության ծառայությունը նախորդ տարվա ընթացքում կատարել է անվտանգությունն ապահովելու իր առջև դրված խնդիրը: Եվ այս առումով, մենք վստահ ենք, որ Ազգային անվտանգության ծառայության աշխատանքի որակը գնալով բարելավվում է, և իհարկե, կառավարությունն ամեն կերպ քաջալերելու է այս գործընթացը»: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Ազգային անվտանգության ծառայության և մեր երկրի պետական ինստիտուտների ինստիտուցիոնալ հզորացումն առաջնահերթություն է կառավարության համար: «Եվ Ազգային անվտանգության ծառայությունը հասկանալիորեն այս ուշադրության իմաստով ամենևին էլ երկրորդական տեղերում չէ, և տնօրենն արդեն նշեց՝ 2018 թվականից ի վեր Ազգային անվտանգության ծառայության ֆինանսավորումն, ըստ էության, եռապատկվել է: Այստեղ պետք է արձանագրենք, որ այդ ֆինանսական միջոցների ավելացումը հիմնականում ծառայում է երեք հիմնական նպատակների: Առաջինը՝ ծառայության տեխնիկական հագեցվածությունը, երկրորդը՝ նաև ենթակառուցվածքների բարելավումը: Եվ նաև շատ կարևոր ենք համարում, որ էական միջոցներ են հատկացվում ծառայողների սոցիալական վիճակը բարելավելու, աշխատավարձերը բարձրացնելու ուղղությամբ: Այս առումով, կարևոր է կամավոր ատեստավորման գործընթացը: Ես գիտեմ, որ ինչպես մեր շատ կարևոր կառույցներում, կամավոր ատեստավորման գործընթացի նկատմամբ ի սկզբանե լինում է որոշակի հոռետեսություն, բայց Հայաստանի Հանրապետության ժողովուրդը և կառավարությունն ունի երկու խնդիր լուծելու: Առաջինը, որ պետական ծառայողները, այդ թվում՝ Ազգային անվտանգության ծառայության, ավելի ու ավելի մեծ աշխատավարձ ստանան՝ իրենց ծառայության նշանակությանը համարժեք: Եվ երկրորդը՝ շատ կարևոր է, որ մենք ամենայն հարգանքով բոլորի և յուրաքանչյուրի մասնագիտական կարողությունների նկատմամբ, բայց ընդհանուր առմամբ ճիշտ է, որ յուրաքանչյուր աշխատանքի մեջ խթան է լինում յուրաքանչյուրին լրացուցիչ ազդակ տալու, որպեսզի մենք կենտրոնանանք մեր մասնագիտական կարողությունները և հմտություններն ավելացնելու վրա: Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ մենք այս հարցն անընդհատ ենք քննարկում, որ շատ կարևոր է պատշաճ ձևով ծառայությունում առկա թափուր տեղերը համալրել նոր կադրերով, երիտասարդներով, որպեսզի նաև ավագ սերնդի ներկայացուցիչները ժամանակ և հնարավորություն ունենան երկար տարիների ընթացքում իրենց կուտակած փորձը փոխանցել նրանց, որպեսզի ծառայությունը փորձի էներգիայի այս միաձուլումով՝ գնալով ավելի մեծ տեմպերով իր աշխատանքի որակը մեծացնել»,- նշել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև ԱԱԾ-ում ոլորտի բարեփոխումների շարունակումը: «Իմ գնահատականն այն է, որ 2018 թվականից հետո, գուցե նաև դրանից առաջ էլ, երբեմն Ազգային անվտանգության ծառայության վրա դրվում են անհամաչափ խնդիրներ, այսինքն՝ մի փոքր տրամաբանականից և գործառույթայինից էլ ավելի խնդիրներ, որն իհարկե, ինչպես արդեն ասացի, Ազգային անվտանգության ծառայությունը պատվով է կատարում: Բայց մյուս կողմից կարծում եմ, որ առաջիկայի համար և ռազմավարական ընկալմամբ, մենք պետք է Ազգային անվտանգության ծառայության կարողությունները կենտրոնացնենք երեք հիմնական ուղղությունների վրա, որոնցից մեկն, ակնհայտորեն, հակահետախուզությունն է, երկրորդը՝ սահմանադրական կարգի պահպանությունը, և երրորդը՝ ահաբեկչության դեմ պայքարը: Իհարկե, այս բոլոր գործառույթներն իրականում շատ կարճ են հնչում, բայց դրանք ընդգրկուն, խորը և բազմապրոֆիլ ու բազմաշերտ գործառույթներ են, որոնք կապված են պետության անվտանգության ապահովման առանցքային և կենսական խնդրի հետ: Իհարկե, այս առումով նաև մենք կշարունակենք Ազգային անվտանգության ծառայության կարողությունների մեծացումը»,- շեշտել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Սահմանապահ զորքերն առնվազն տեսանելի ապագայում նույնպես կշարունակեն լինել Ազգային անվտանգության ծառայության անբաժանելի մաս: «Նաև մաքսանենգության դեմ պայքարն է օպերատիվ մասով շարունակում մնալ Ազգային անվտանգության ծառայության գործառույթների մեջ: Տնօրենը նշեց, որ «Խաղաղության խաչմերուկ»-ի ենթակառուցվածքների բնականոն գործունեության խնդիրը նույնպես դրվելու է Ազգային անվտանգության ծառայության վրա, բայց ակնհայտորեն այս բոլոր խնդիրները ծառայությունը չպետք է միայնակ լուծի, պարզապես աշխատանքի ճշգրիտ բաժանում պետք է տեղի ունենա, որպեսզի ծառայության պատասխանատվությունը լինի իսկապես արդյունավետ իրագործելու և իրացնելու հնարավորություն: Այս առումով, տեսնում եմ, որ մենք հետևողական, համաչափ և հստակ քայլերով գնում ենք առաջ, ինչը շատ կարևոր է: Այս պրոցեսը պետք է անպայման շարունակել: Մեր ընդհանուր մոտեցումն այն է, որ ծառայության լավագույն ավանդույթները պետք է ուժեղացվեն և պետք է նոր շունչ, նոր մոտեցումներ բերվեն: Այնպիսի մարտահրավերներ են ի հայտ գալիս, որոնք, օրինակ՝ 20 տարի առաջ ընդհանրապես կամ գոյություն չունեին, կամ դրանք մեր օրակարգի հարցը չէին: Օրինակ՝ կիբերանվտանգությունը, որն ամեն օրվա հետ ավելի կարևոր ու հրատապ խնդիր է դառնում և ակնհայտորեն տեսանելի ապագայում դա լինելու է ամենակարևոր խնդիրներից մեկը յուրաքանչյուր պետության, պետական մարմինների, կառավարման համակարգի անվտանգության ապահովման համար: Այս առումով, իհարկե, մենք պետք է շատ կոնկրետ և տեսանելի քայլեր ձեռնարկենք: Հարգելի ներկաներ, Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ կատարած աշխատանքի համար: Ծառայության աշխատանքը շատ բարձր եմ գնահատում և, իհարկե, բոլորն են հասկանում, որ ԱԱԾ բնույթը շատ բարդ է և ԱԱԾ-ում ծառայելը հեշտ չէ: Դա նորմալ է, որ ԱԱԾ-ում ծառայելը հեշտ չէ, որովհետև այստեղ ավելի բարձր ստանդարտներ պետք է գործեն: Եվ ես կարծում եմ, որ մեր ընդհանուր ցանկությունն է, և նաև ծառայության հեղինակության, մասնագիտության հեղինակության առումով նաև դուք եք առաջին հերթին շահագրգիռ, որպեսզի ԱԱԾ-ում բոլոր ստանդարտները գնալով բարձրանան՝ մասնագիտության, բարեվարքության, պրոֆեսիոնալիզմի և այլն: Շատ կարևոր է նաև, որ սոցիալական երաշխիքների ստանդարտները նույնպես բարձրանան: Ուրախ եմ, որ մենք այս ճանապարհով ենք գնում, և ես արձանագրում եմ, որ համաչափորեն աշխատավարձերն էականորեն բարձրացնելու հնարավորությունը ստեղծված է, մի շարք դեպքերում՝ ընդհուպ կրկնապատիկի չափով: Հույս ունեմ, որ այս համակարգը կներդրվի և լիարժեք կյուրացվի ծառայության կողմից այն ըմբռնմամբ, որ սա մեկանգամյա գործողություն պետք է չլինի: Ընդհանրապես, բոլոր այն տեղերում, որ մենք ատեստավորման մեխանիզմը գործարկել ենք՝ մեր ընկալումն այն է, որ այդ նույն պրոցեսը պետք է տեղի ունենա. որակավորման բարձրացում կամ արդեն իսկ բարձրացած որակավորման ստուգում և աշխատավարձերի բարձրացում: Մենք շատ դեպքերում ականատես ենք լինում իրավիճակների, երբ պետական ծառայությունում տասնամյակով աշխատավարձերի էական փոփոխություններ տեղի չեն ունենում, ինչն ակնհայտորեն նեգատիվ է ազդում մարդկանց կենսամակարդակի վրա, որովհետև ինֆյլացիան բոլոր դեպքերում միշտ լինելու է: Ազգային անվտանգության ծառայության հարգելի տնօրեն,Հարգելի ներկաներ, Շնորհակալություն եմ հայտնում ձեզ ծառայության, աշխատանքի որակը շարունակաբար բարձրացնելու ձեր վճռականության համար և հաջողություններ եմ մաղթում հետագա աշխատանքի և ծառայողական առաջընթացի առումով»,- իր խոսքը եզրափակել է վարչապետ Փաշինյանը: Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ, հայրենիքի անվտանգության, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ մի խումբ աշխատակիցների պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով: Վարչապետը նշել է, որ Հանրապետության նախագահին միջնորդություն է ներկայացրել ԱԱԾ մի խումբ աշխատակիցների «Մարտական ծառայության» մեդալով պարգևատրելու մասին: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Հանրապետության նախագահի հրամանագրով ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայոր Արմեն Աբազյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում, իսկ ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին` գեներալ-մայորի զինվորական կոչում:
21:59 - 20 դեկտեմբերի, 2023
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են գերիների փոխանակման գործընթացի մեկնարկի մասին

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են գերիների փոխանակման գործընթացի մեկնարկի մասին

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ղազախ-Իջևան սահմանին սկսվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գերիների փոխանակման գործընթացը, հայկական կողմից, սակայն, դեռ հաստատում չկա։ Մեր զրույցում ԱԱԾ-ից հորդորեցին հետևել պաշտոնական տեղեկատվությանը, իսկ ՀՀ վարչապետի խոսնակի ու վարչապետի աշխատակազմի լրատվության բաժնի հեռախոսահամարներով զանգերն այս պահին անպատասխան են մնում։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր «Ազատության»՝ գերիների վերադարձի մասին հարցին ի պատասխան  հայտնել է․ «Պայմանավորվածությունների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Այս պահին ամեն ինչ ընթանում է պայմանավորվածությունների համաձայն։ Եթե նկատել եք, երկու բաղադրիչ կար՝ գերիների ազատ արձակում և կար կլիմիայի այդ կոնֆերանսի [ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29»)] կոմպոնետը։ Եվ ահա այդ կոնֆերանսը պաշտոնապես ավարտվել է երեկ և այսօր արդեն մենք կարող ենք սպասել երկրորդ բաղադրիչի իրականացմանը, և մենք չունենք հիմք, որ ադրբեջանական կողմը չի պահպանի պայմանավորվածությունները», - ասել է Միրզոյանը։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն՝ ադրբեջանական կողմը ազատ է արձակելու 32 հայ զինծառայողների, հայկական կողմը իր հերթին ազատ կարձակի 2 ադրբեջանցի զինծառայողի։  Միևնույն ժամանակ, ըստ հայտարարության, ՀՀ-ն իր աջակցությունն է հայտնել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած հայտին և հանել է իր թեկնածությունը: Ադրբեջանը իր հերթին աջակցությունն է հայտնել Արևելյան Եվրոպայի խմբի «COP»-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված` Հայաստանի Հանրապետության թեկնածությանը:
14:42 - 13 դեկտեմբերի, 2023