Ժաննա Անդրեասյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ, սոցիոլոգ, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու։

Ծնվել է 1981թ․ Վրաստանում։ Ավարտել է ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետը։ 2004թ․-ից դասավանդում է նույն ֆակուլտետում։ Դասավանդում է նաև ԵՊԼՀ-ում։2003-2019 թթ. աշխատել է «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ում որպես հանրակրթությունում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ներդրման ծրագրի մասնագետ, այնուհետ՝ ղեկավար, բարձրագույն կրթության ծրագրերի ղեկավար, 2017-ից՝ ծրագրերի ղեկավար-տնօրենի տեղակալ։ 2012 թվականին եղել է ՀՀ բուհերի ազգային վարկանիշավորման համակարգը մշակող աշխատանքային խմբի անդամ։

2012-2015թթ․՝ Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի սոցիալական չափայնության և հարատև կրթության աշխատանքային խմբի հայաստանյան ներկայացուցիչ։ 2013 թվականից ներգրավված է «Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության հետազոտական ծրագրերում։ 2016 թվականից Սոցիոլոգիայի միջազգային ընկերակցության անդամ է։ 

2019թ․ փետրվարի 15-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է նախարարի տեղակալ։

Սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացումը նախարարության առաջնահերթ նպատակներից է․ Ժաննա Անդրեասյան

Սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացումը նախարարության առաջնահերթ նպատակներից է․ Ժաննա Անդրեասյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը նախարարությունում սոցիալական ծառայությունների մատուցման ոլորտի փորձագետների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացումը նախարարության առաջնահերթ նպատակներից է, որն արդեն իսկ ներառել են առաջիկա հինգ տարիների գործունեության ծրագրում և այդ առաջնահերթությունն ամրագրել են քաղաքական մակարդակով: Փոխնախարարը, դրական գնահատելով սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացմանն ուղղված քայլերը, նշել է, որ դրանք, այնուամենայնիվ, դեռևս հեռու են բավարար լինելուց: «Պետք է հասկանանք, թե ինչպե՞ս ենք պատկերացնում սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացումը, ի՞նչ ժամկետներում, ի՞նչ ներդրումների, ի՞նչ ռեսուրսների ներգրավմամբ և ինչպիսի՞ գործառութային ու կառուցվածքային բաժանման պայմաններում է այն իրականանալու։ Որպես ածանցյալ, պետք է դիտարկել նաև «Սոցիալական աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը կարող ենք համարել գործառնական նպատակ և քննարկել, թե ի՞նչ խնդրի է ծառայելու»,- ասել է նա: «Սոցիալական աշխատողների ասոցիացիայի» նախագահ Միրա Անտոնյանն առաջարկել է սոցիալական ծառայությունների ստանդատների առանձնացում կատարել՝ (կոմպետենտության մակարդակների սահմանում), նաև սոցիալական աշխատողի աշխատանքի որակի վերահսկողության սահմանում։ Անտոնյանը խիստ կարևորել է մասնագիտական կրթության առկայությունը, նաև վերապատրաստման դասընթացների կազմակերպումը։ Հանդիպման ընթացքում, փոխնախարարը շեշտել է սոցիալական ծառայությունների մատուցման ոլորտում տիրող իրավիճակի ճիշտ «ախտորոշման» կարևորությունը, ինչը ենթադրում է աշխատուժի քարտեզագրում (ներառյալ մասնագիտական կրթություն ստացած շրջանավարտներ), ինչպես նաև ֆունկցիոնալ վերլուծություն։ Ժաննա Անդրեասյանն առաջարկել է մշակել անելիքների ժամանակացույց, նաև քննարկման ասպեկտների աստիճանավորում ու թիրախավորում կատարել։
05:40 - 09 մայիսի, 2019
Մարզային հանդիպումները պետք է աշխատելաոճ լինեն. Ժաննա Անդրեասյան

Մարզային հանդիպումները պետք է աշխատելաոճ լինեն. Ժաննա Անդրեասյան

Քաղաքացու օրը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր։Այցի շրջանակներում փոխնախարարը հանդիպել է գավառցիների հետ, լսել նրանց առաջարկներն ու մտահոգությունները, որոնք, հիմնականում, առնչվել են գործող իրավական կարգավորումներին. «Քաղաքացիների հետ շփումը իրապես կարևոր է, որովհետև այդ հանդիպումներն են հնարավորություն տալիս հասկանալ, թե թղթին գրվածը ինչպե՞ս է աշխատում, որտե՞ղ, ի՞նչ խնդիրներ կան և ինչպե՞ս է պետք դրանք կարգավորել։ Այս առումով հատկապես մարզային հանդիպումները շատ կարևոր են և դրանք պետք է պարբերական բնույթ կրեն, աշխատելաոճ լինեն»,- նշել է փոխնախարարը։ Նա հավաստիացրել է, որ քաղաքացիների մտահոգությունները նախարարության ուշադրության կենտրոնում կլինեն և օրենքի շրջանակում կարվի ամեն ինչ՝ դրանք կարգավորելու համար։ Տիկին Անդրեասյանը նաև կարևորել է մարզային սոցիալական ծառայությունների աշխատանքը և տարածքային մարմինների գործունեության արդյունավետությանն ու որակի բարձրացմանն ուղղված քայլերի ձեռնարկումը։Փոխնախարարն այցելել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ, հանդիպել մանկատան աշխատակիցներին ու երեխաներին, ծանոթացել մանկատան աշխատակիցներին հուզող խնդիրներին։ Տիկին Անդրեասյանը գոհունակություն է հայտնել հաստատությունում տիրող դրական մթնոլորտի վերաբերյալ, այնուհանդերձ, առաջնահերթ համարել երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովումը. «Շատ կարևոր է, որ մանկատներում խրախուսվի աշխատանքը կենսաբանական ընտանիքների հետ, և փնտրվեն ուղիներ, որպեսզի երեխաներն իրենց ընտանիքներում ապրեն։ Մեր քաղաքականությունն ուղղված է դրան, նաև նրանց մուտքը մանկատներ կանխարգելելուն»,- նշել է Ժ. Անդրեասյանը։
10:33 - 29 ապրիլի, 2019
Վերափոխվում է ընտանեկան նպաստների գործող համակարգը

Վերափոխվում է ընտանեկան նպաստների գործող համակարգը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը աշխատանքային քննարկում է կազմակերպել Համաշխարհային բանկի և Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի գործընկերների հետ: Հանդիպման առիթը սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի, մասնավորապես, ընտանեկան նպաստների համակարգի արդիականացմանն ուղղված գործընթացի քննարկումն էր: Ինչպես հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի ծառայությունից, ներկայացնելով արդեն իրականացված աշխատանքներն ու հետազոտությունները՝ նախարարի տեղակալը նշել է, որ ՀՀ կառավարության առաջնահերթություններից է աղքատության հաղթահարումը, որի առաջնային պայմաններից է ընտանեկան նպաստի գործող համակարգի ամբողջական վերափոխումը: «Ընտանեկան նպաստի գործող համակարգը բազմագործոն է և բազմաբաղադրիչ: Այն վերափոխելու համար հարկավոր է օգտագործել արդեն իսկ փորձարկված ու կիրառված գործիքներ ու մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան ունենալու ամբողջական վերլուծություն և համապարփակ պատկեր», – ասել է նախարարի տեղակալը: Անդրադառնալով մեկնարկող աշխատանքներին՝ Անդրեասյանը նշել է, որ առաջին հերթին պետք է հստակեցնել համակարգի թիրախներն ու նպատակները, հասկանալ ինչպիսի ծրագրեր կան և քարտեզագրել դրանք: Մշակվող քաղաքականությունը միայն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մենաշնորհը չէ. սա ենթադրում է տարբեր գերատեսչությունների ջանքերի համատեղում և տարբեր քաղաքականությունների համաձայնեցում: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
07:08 - 15 մարտի, 2019