Ռեջեփ Թայիփ Էրդողան

Թուրքիայի Հանրապետության նախագահն է։

Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծնվել է 1954 թվականին փետրվարի 26-ին։ 1965 թվականին Էրդողանը ավարտել է Կասըմփաշայ թաղամասի Փիալե տարրական դպրոցը, իսկ 1973 թվականին իմամ հաթիբների կրոնական լիցեյը Ստամբուլում։ 1976 թվականին նա դառնում է Ստամբուլի Բեյօղլու շրջանի «Ազգային փրկություն» կուսակցության երիտասարդական սկզբնական կազմակերպությոան նախագահը։ Նույն թվականին նա դառնում է նաև Ստամբուլյան մասնաճյուղի նախագահը։

1980 թվականին Էրդողանը աշխատում էր Ստամբուլի տրանսպորտային ընկերություններում։ 1980 թվականի սեպտեմբերի 12-ին երկրում տեղի է ունենում ռազմական հեղաշրջում և բոլոր քաղաքական կուսակցությունները արգելվում են։ Ռազմական հեղաշրջումից հետո Էրդողանը աշխատում է մասնավոր սեկտորում։ 1981 թվականին նա ավարտում է Մարմարայի համալսարանի էկոնոմիկայի և առևտրային գիտությունների բաժինը։ 1984 թվականին Էրդողանը դառնում է «Բարoրություն» կուսակցություն Բեյօղլուի մասնաճյուղի նախագահ, իսկ 1985 թվականին արդեն դառնում է Ստամբուլի մասնաճյուղի նախագահ, ինչպես նաև կուսակցությունը ղեկավարող գերագույն խորհրդի անդամ։ Իր քաղաքական հայացքների վրա մեծ ազդեցություն է ունենում «քաղաքական իսլամի» հիմնադիր Նեջմեթթին Էրբաքանը: Քաղաքական գործունեություն 1994 թվականին նա ընտրվում է Ստամբուլի քաղաքապետ։

1996 թվականին «Բարօրություն» կուսակցությունը մասնակցում է ղեկավարող իսլամական կոալիցիային, սակայն 1997 թվականի ռազմական հեղաշրջումից հետո կուսակցությունը արգելվում է, իսկ Էրդողանը 4 ամսով ազատազրկվում է։ 2001 թվականի հուլիսին Էրդողանը հիմնում է «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որը 2002 թվականի նոյեմբերին հաղթում է պառլամենտական ընտրություններում։ Դատվածությունը խանգարում է Էրդողանին վարչապետ դառնալ, սակայն Իրաքի դեմ ռազմական գործողություններ սկսելուց հետո, թուրքական էլիտան, որ ուղղված էր ԱՄՆ-ի կողմը, համաձայնություն է տալիս օրենքենրի փոփոխությանը և թույլ է տալիս Էրդողանին ղեկավարել կաավարությունը։ Թուրքիան որոշում է ընդունում զորքեր մտցնել Իրաքի հյուսիս, որտեղ ապրում էին քրդերը: Էրդողանը կողմնակից էր Թուրքիայի Եվրամիությանը միանալուն։ 2014 թվականից Թուրքիայի նախագահն է: 

«Ահաբեկչությունը սատարող» երկրներին թույլ չենք տալու անդամակցել ՆԱՏՕ-ին․ Էրդողան

«Ահաբեկչությունը սատարող» երկրներին թույլ չենք տալու անդամակցել ՆԱՏՕ-ին․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ նախորդ շաբաթ ֆիննական և շվեդական պատվիրակությունների հետ բանակցությունները «սպասված մակարդակով» չեն անցել, և Անկարան չի կարող «այո» ասել «ահաբեկչությունը սատարող» երկրների անդամակցությանը ՆԱՏՕ-ին, գրում է Reuters-ը։ «Քանի դեռ Թայիփ Էրդողանն է Թուրքիայի Հանրապետության ղեկավարը, մենք միանշանակ չենք կարող «այո» ասել ՆԱՏՕ-ին այն երկրների անդամակցությանը, որոնք սատարում են ահաբեկչությունը», - ասել է նա։ Թուրքիան ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հայտերի առնչությամբ առարկություններ ունի այն հիմքով, թե այդ երկրներն օգնում են Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապ ունեցող անձանց։ Նա այս երկրներից պահանջում է նաև չեղարկել 2019 թ-ին Անկարային զենքի մատակարարման էմբարգոն։ Շվեդիան ու Ֆինլանդիան հայտարարել են, որ դատապարտում են ահաբեկչությունը։ Էրդողանը նշել է նաև, որ Թուրքիան ցանկանում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը հնարավորինս շուտ ավարտվի, սակայն իրավիճակն օրեցօր ավելի է վատթարանում։ «Երկուշաբթի հեռախոսազրույց եմ ունենալու Ռուսաստանի և Ուկրաինայի հետ։ Մենք շարունակելու ենք կողմերին կոչ անել օգտագործելու երկխոսության և դիվանագիտության խողովակները», - ասել է նա։   Նորա Վանյան  
17:45 - 29 մայիսի, 2022
Էրդողանն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին |armenpress.am|

Էրդողանն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով մայիսի 28-ին այցելել է Բաքու՝ մասնակցելու ավիացիոն, տիեզերական և տեխնոլոգիական TEKNOFEST փառատոնին, ելույթ է ունեցել՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին: Էրդողանը հայտարարել է, որ ինչպես 44-օրյա պատերազմի օրերին, այնպես էլ հիմա իրենք շարունակում են լինել Ադրբեջանի կողքին: «Արդեն ժամանակն է, որ այս հողերում գրվի հաջողության, խաղաղության ու զարգացման պատմությունը: Անցյալում գործած մեր սխալներից դասեր քաղելով՝ որպես տարածաշրջանի ժողովուրդներ պետք է միշտ միասին կառուցենք մեր ապագան: Ինչպես պատերազմում, այնպես էլ հիմա Ադրբեջանի կողքին ենք: Հանուն տարածաշրջանային խաղաղության ու կայունության՝ Թուրքիան վճռականորեն աջակցում է կայուն խաղաղությանը, որն իմ սիրելի եղբայրը՝ Ալիևը, ցանկանում է հաստատել Հայաստանի հետ»,- «Անադոլու»-ի փոխանցմամբ, հայտարարել է Էրդողանը: Նա անդրադարձել է 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից հայկական կողմի դեմ թուրքական զենքերի կիրառմանը՝ հայտարարելով, թե ողջ աշխարհը ականատես եղավ թուրքական սպառազինությունների հաջողությանը:
17:10 - 28 մայիսի, 2022
Թուրքիան բանակցում է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ՝ հացահատիկի արտահանման միջանցքի շուրջ․ Reuters

Թուրքիան բանակցում է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ՝ հացահատիկի արտահանման միջանցքի շուրջ․ Reuters

Թուրքիան բանակցում է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ՝ Բոսֆորի նեղուցով հացահատիկն Ուկրաինայից արտահանելու համար միջանցք բացելու շուրջ։ Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով բարձրաստիճան թուրք պաշտոնյայի խոսքերին։ Ուկրաինայի սևծովյան նավահանգիստներն արգելափակվել են փետրվարին Ռուսաստանի ներխուժումից հետո, և ավելի քան 20 մլն տոննա հացահատիկը մնացել է պահեստներում։ Ռուսաստանին և Ուկրաինային բաժին է ընկնում ցորենի համաշխարհային մատակարարումների գրեթե մեկ երրորդը, իսկ Ուկրաինայից արտահանման անհնարինությունը նպաստում է համաշխարհային պարենային ճգնաժամի առաջացմանը։ «Թուրքիան բանակցում է և Ռուսաստանի, և Ուկրաինայի հետ՝ հացահատիկի արտահանման հարցով», - ասել է պաշտոնյան, որը ցանկացել է անանուն մնալ, քանի որ բանակցությունները գաղտնի են։ Նա նշել է նաև, որ բանակցությունները շարունակվում են։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատակազմից չեն պատասխանել մեկնաբանություն տալու հարցմանը։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն երեկ հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է պարեն տեղափոխող նավերի համար միջանցք բացել՝ արևմտյան որոշ պատժամիջոցների չեղարկման պայմանով։ Թուրքիան Սև ծովով սահմանակից է Ուկրաինային և Ռուսաստանին և լավ հարաբերություններ ունի այս երկու երկրների հետ, թեև դատապարտել է ռուսական ներխուժումը։ Այս հարցին լավատեղյակ ևս երկու անձինք են հաստատել շրջանառվող լուրերը, որ Թուրքիան օգնում է, որ հացահատիկն արտահանվի Ուկրաինայից։ «Թուրքիան պատրաստ է իր նպաստն ունենալ Օդեսայից Սև ծովով այդ արտահանման մշտադիտարկման հարցում, քանի որ Թուրքիան ավանդաբար ուժեղ դիրքեր ունի Սև ծովում և պատրաստ է օգնել», - երեկ ասել է բարձրաստիճան եվրոպացի մի դիվանագետ, որը ցանկացել է անանուն մնալ։   Նորա Վանյան
18:06 - 26 մայիսի, 2022
ՆԱՏՕ-ն պետք է վերջ տա Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցով անիմաստ հայտարարություններին․ Էրդողան |azatutyun.am|

ՆԱՏՕ-ն պետք է վերջ տա Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցով անիմաստ հայտարարություններին․ Էրդողան |azatutyun.am|

azatutyun.am: «Թուրքիան ակնկալում է, որ ՆԱՏՕ-ն անիմաստ հայտարարությունների փոխարեն կոնկրետ քայլեր կձեռնարկի Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության շուրջ Անկարայի մտահոգությունները փարատելու հարցում», - այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «ՆԱՏՕ-ի մեր գործընկերներից ահաբեկչության դեմ պայքարում մենք պատշաճ օգնություն չենք ստացել։ Մենք չենք կարող աչք փակել այն պատժամիջոցների վրա, որ մեր դեմ կիրառում է Շվեդիան։ Այդ պատժամիջոցներն ուղղակի անբացատրելի են», - հայտարարել է Թուրքիայի նախագահը։ «Քանի որ այն դերը, որ մենք խաղում ենք դաշինքում, հստակ է, մենք շարունակում ենք պատժամիջոցների վերացման հարցը քննարկել մեր դաշնակիցների հետ», - նշել է Էրդողանը։ 2019 թվականին Սիրիայի քրդաբնակ շրջաններ թուրքական ներխուժմանն ի պատասխան Շվեդիան դադարեցրել էր սպառազինության վաճառքը Անկարային։
15:58 - 23 մայիսի, 2022
Ստոլտենբերգն ու Էրդողանը քննարկել են Շվեդիայի ու Ֆինլանդիայի դիմումների վերաբերյալ հարցեր |azatutyun.am|

Ստոլտենբերգն ու Էրդողանը քննարկել են Շվեդիայի ու Ֆինլանդիայի դիմումների վերաբերյալ հարցեր |azatutyun.am|

azatutyun.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել է, որ շաբաթ օրը բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որոնց ընթացքում, մասնավորապես, քննարկվել է Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից քարոզվող «բաց դռների» քաղաքականությունը։ Նրանք քննարկել են նաև Ֆինլանդիայի և Շվեդիայի կողմից ներկայացված անդամակցության հայտերը: «Մենք պայմանավորվեցինք, որ անհրաժեշտ է հաշվի առնել յուրաքանչյուր դաշնակցի մտահոգությունները, իսկ լուծում գտնելու համար բանակցությունները պետք է շարունակվեն»,- ասել է Ստոլտենբերգը: Անկարան չի աջակցի Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ դաշինք մտնելուն, քանի դեռ այդ երկրները հիմնարար հարցերի շուրջ բացահայտ համերաշխություն չեն ցուցաբերել Թուրքիայի հետ, ըստ Թուրքիայի նախագահի աշխատակազմի` այս հեռախոսազրույցի ժամանակ ասել է է Էրդողանը:
11:05 - 22 մայիսի, 2022
Մենք չենք կարող ասել «այո»․ Էրդողանը կրկին դեմ է արտահայտվել ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը
 |factor.am|

Մենք չենք կարող ասել «այո»․ Էրդողանը կրկին դեմ է արտահայտվել ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը |factor.am|

factor.am: Անկարան ակնկալում է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները հաշվի կառնեն Թուրքիայի ազգային անվտանգության պահանջներն ու կաջակցեն տվյալ հարցում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Անկարայում ելույթ ունենալով  իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում, գրում է «Անադոլու» գործակալությունը։ Նա նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ֆոնին ՆԱՏՕ-ն ձգտում է ուժեղացնել իր արևելյան ճակատը։ Էրդողանի խոսքով՝ միակ բանը, որ Անկարան ակնկալում է ՆԱՏՕ-ի դաշնակիցներից, հարգանքն է Թուրքիայի սահմանների անվտանգության ապահովման քայլերի նկատմամբ։ Ըստ նրա՝ ՆԱՏՕ-ի ընդլայնումը նշանակալի է այնքանով, որքանով Թուրքիայի շահերն են հաշվի առնվում։ «Թուրքիան այն երկրների թվում է, որոնք գործնականում ամենամեծ ներդրումն ունեն ՆԱՏՕ-ի առաքելություններում։ Սակայն դա չի նշանակում, որ մենք անվերապահորեն համաձայն կլինենք ցանկացած նախաձեռնության հետ։ Ինչպե՞ս կարելի է սպասել Անկարայի կողմից աջակցություն ՆԱՏՕ-ին (Շվեդիայի) անդամակցելու հարցում՝ առանց ահաբեկիչներին հանձնելու»,- ասել է Էրդողանը։ «Ահաբեկիչներն ու նրանց աջակիցները դեռ բացահայտ շրջում են Շվեդիայում։ Մենք չենք կարող ասել «այո»։ Դրա համար կարիք չկա նեղություն կրել ու գալ»,- ասել է Թուրքիայի նախագահը։ Ավելի վաղ նույնպես Էրդողանը ասել էր, որ Անկարան չի համաձայնի Ֆինլանդիայի և Շվեդիայի միանալուն ՆԱՏՕ-ին այն բանից հետո, երբ երկու երկրները հրաժարվեցին կատարել հանրապետության խնդրանքը՝ ահաբեկչական կազմակերպությունների հետ կապ ունեցող անձանց արտահանձնման վերաբերյալ:
16:36 - 18 մայիսի, 2022
Ֆինլանդիան պատասխանել է Թուրքիային․ «ՆԱՏՕ-ին անդամակցելը չի կարող առևտուր լինել»

 |factor.am|

Ֆինլանդիան պատասխանել է Թուրքիային․ «ՆԱՏՕ-ին անդամակցելը չի կարող առևտուր լինել» |factor.am|

factor.am: Ֆինլանդիայի ԱԳ նախարար Պեկկա Հաավստոն փարատել է այն մտավախությունները, թե Թուրքիան կարող է արգելափակել ՆԱՏՕ-ին երկրի անդամակցությունը։ Նա նշել է, որ իր երկիրն ապահով ապաստան չի լինի Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) համար՝ անդամակցության դիմաց, գրում է Euractiv-ը։ Հերքելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեղադրանքները, թե Ֆինլանդիան (և Շվեդիան) PKK-ի համար ապահով ապաստարաններ են, Հաավիստոն ասել է․ «Մենք առևտուր չենք անում։ Մեր հստակ պատասխանը սա է։ PKK-ն արգելված է Ֆինլանդիայում, քանի որ այն ներառված է ԵՄ ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում։ Եթե սա ինչ-որ մեկի համար երկիմաստ է մնում, կարող ենք մեծատառով գրել ու ցանկացած համատեքստում ասել»։Հիշեցնենք, որ Էրդողանը երեկ հայտարարել էր, թե Անկարան չի համաձայնի Ֆինլանդիայի և Շվեդիայի միանալուն ՆԱՏՕ-ին այն բանից հետո, երբ երկու երկրները հրաժարվեցին կատարել հանրապետության խնդրանքը՝ ահաբեկչական կազմակերպությունների հետ կապ ունեցող անձանց արտահանձնման վերաբերյալ:
15:29 - 17 մայիսի, 2022
Թուրքիան չի կարող «այո» ասել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը․ Էրդողան

Թուրքիան չի կարող «այո» ասել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը․ Էրդողան

Թուրքիան չի կարող «այո» ասել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Անկարայում Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Թեբունի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Անկարան չի համաձայնի Ֆինլանդիայի և Շվեդիայի միանալուն ՆԱՏՕ-ին այն բանից հետո, երբ երկու երկրները հրաժարվեցին կատարել հանրապետության խնդրանքը՝ ահաբեկչական կազմակերպությունների հետ կապ ունեցող անձանց արտահանձնման վերաբերյալ: Նա Շվեդիայի և Ֆինլանդիայի պատվիրակություններին խորհուրդ է տվել իրենց նեղություն չտալ՝ մեկնելով Թուրքիա՝ համոզելու Անկարային ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում։ «Երկուշաբթի օրը նրանց պատվիրակությունները գալու են Թուրքիա։ Գալիս են մեզ համոզելու՞․ կներեք, թող իրենց նեղություն չտան։ Անվտանգության երաշխիք հանդիսացող ՆԱՏՕ-ին անդամակցությանը մենք «այո» չենք ասի, որովհետև այդ ժամանակ ՆԱՏՕ-ն կդադարի լինել անվտանգության կազմակերպություն և կդառնա մի վայր, որտեղ կլինեն ահաբեկիչների բազմաթիվ ներկայացուցիչներ։ Թուրքիան «այո» չի ասելու այն երկրների անդամակցությանը, որոնք պատժամիջոցներ են կիրառում մեր երկրի նկատմամբ»։ Էրդողանը նշել է, որ Ֆինլանդիան ու Շվեդիան հստակ և միանշանակ վերաբերմունք չունեն ահաբեկչական կազմակերպությունների նկատմամբ և անգամ  Ֆինլանդիայի և Շվեդիայի խորհրդարանականների մեջ կան «ահաբեկչության կողմնակիցներ»։  
21:54 - 16 մայիսի, 2022
Շվեդիան կփորձի համոզել Թուրքիային փոխել դիրքորոշումը ՆԱՏՕ-ին իրենց անդամակցության հարցում |armenpress.am|

Շվեդիան կփորձի համոզել Թուրքիային փոխել դիրքորոշումը ՆԱՏՕ-ին իրենց անդամակցության հարցում |armenpress.am|

armenpress.am: Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն Բեռլինում կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում Ֆինլանդիայի իր գործընկերոջ հետ կհանդիպի Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Հանդիպման հիմնական նպատակն է՝ համոզելու Թուրքիային վերանայել դիրքորոշումը Շվեդիայի ու Ֆինլանդիայի կողմից Հյուսիսատլանտյան դաշինքի կազմ մտնելու հարցում: Այս մասին Լինդեն հայտնել է Շվեդական ռադիոյին տված հարցազրույցում: Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի անդամների զգալի մասն իր աջակցությունն է հայտնել Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությանը: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ ասելով, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հնարավորությունը դրական չի համարում, քանի դեռ այդ երկրները «հյուրատուն են ահաբեկչական կազմակերպությունների համար»՝ նկատի ունենալով Քրդական բանվորական կուսակցության անդամներին: Կուսակցությունն Թուրքիայում հայտարարվել է ահաբեկչական և արգելվել է նրա գործունեությունը:
13:53 - 14 մայիսի, 2022
Թուրքիան չի սատարում Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին․ Էրդողան

Թուրքիան չի սատարում Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին․ Էրդողան

Թուրքիան դրական մոտեցում չունի ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի հնարավոր անդամակցությանը։ Այս մասին, «Անադոլու» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ լրագրողների հետ զրույցում։ Թուրքիայի առաջնորդը նշել է, որ Անկարան ուշադիր հետևում է Շվեդիայի և Ֆինլանդիայի շուրջ կատարվող իրադարձություններին։ Նրա խոսքով՝ «Քրդստանի աշխատավորական կուսակցության» [Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն – խմբ․] անդամներն «այսօր ակտիվորեն գործում են սկանդինավյան այդ երկրներում և Նիդերլանդներում», իսկ «ահաբեկիչների հանցակիցները նույնիսկ որոշ եվրոպական խորհրդարանների կազմում են», ասել է Էրդողանը։ Նա նշել է նաև որ Թուրքիայի նախկին իշխանությունը «սխալվել է»՝ ՆԱՏՕ-ին Հունաստանի անդամակցությանը կանաչ լույս տալով։ «Մենք չենք ուզում սխալվել երկրորդ անգամ», - ասել է նա։ Նորա Վանյան
17:33 - 13 մայիսի, 2022
ՌԴ և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել

 |armenpress.am|

ՌԴ և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 26-ին հեռախոսազրույց են անցկացրել: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նախագահները քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը: «Ես իսկապես կարող եմ հաստատել, որ դա տեղի է ունեցել, և կարող եմ հաստատել, որ իսկապես քննարկվել է Ուկրաինան, մենք ավելի մանրամասն հաղորդագրություն կտարածենք»,- ասել է Պեսկովը՝ հաստատելով նախագահների զրույցի վերաբերյալ թուրքական լրատվամիջոցների հաղորդագրությունները։ Թուրքիայի նախագահականի փոխանցմամբ՝ Էրդողանը Պուտինի հետ զրույցում ասել է, որ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև խաղաղության նկատմամբ դրական վերաբերմունքի պահպանումը, որը ի հայտ է եկել Ստամբուլում բանակցությունների ընթացքում, բխում է բոլոր կողմերի շահերից։ Թուրքիայի ղեկավարն ընդգծել է հրադադարի, հումանիտար միջանցքների արդյունավետության և պատերազմական գոտիներից անվտանգ տարհանման կարևորությունը։ Թուրքիայի նախագահը հավաստիացրել է Անկարայի պատրաստակամությունը՝ շարունակելու ներդրումը Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև երկարաժամկետ խաղաղության ապահովման գործում։ Միաժամանակ Էրդողանը կրկին հնչեցրել է Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի նախագահների հանդիպման անցկացման գաղափարը՝ որպես Ստամբուլի բանակցային գործընթացի կարևոր փուլ։
14:46 - 26 ապրիլի, 2022