Արդարադատության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարությունը գործադիր իշխանության պետական մարմին է։ Նախարարության կազմի մեջ է մտնում 14 կառուցվածքային ստորաբաժանում, 7 առանձնացված ստորաբաժանում, ինչպես նաև ՀՀ ԱՆ-ն ունի տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող 7 իրավաբանական անձ։

ՀՀ արդարադատության նախարարն է Ռուստամ Բադասյանը։

Ի՞նչ էին մտածում ՔՊ-ում անցյալին իրավաքաղաքական գնահատական տալու մասին․ տեղեկանք Արսեն Թորոսյանի համար

Ի՞նչ էին մտածում ՔՊ-ում անցյալին իրավաքաղաքական գնահատական տալու մասին․ տեղեկանք Արսեն Թորոսյանի համար

Հանրային հեռուստաընկերության եթերում հարցազրույցի ժամանակ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, արձագանքելով հարցազրուցավարի դիտարկմանը, որ իրավապաշտպանները պահանջում են իրավական եւ քաղաքական գնահատական տալ անցյալին, ինչն այդպես էլ չի տրվել մինչ օրս, հարց է հնչեցնում՝ ի՞նչ է նշանակում իրավական եւ քաղաքական գնահատական․  «Ի՞նչ ա նշանակում իրավական եւ քաղաքական գնահատական։ Ես, անկեղծ ասած, ապշում եմ, արդեն չորս տարի ա՝ լսում եմ էդ բառակապակցությունները՝ իրավական եւ քաղաքական գնահատական։ Ի՞նչ ա, օրենք ընդունենք ինչի՞ մասին, որ ՀՀ-ում օրենքները մինչեւ էդ խախտվել են, որ ժողովրդավարությունը մինչեւ էդ լավ չի եղել, որ ընտրությունները կեղծվել ե՞ն։ Դրա լավագույն գնահատականը եղել ա ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը՝ դրան հաջորդող ընտրական ազատ եւ արդար պրոցեսներով, առնվազն երկու [խորհրդարանական] ընտրություն ենք ունեցել 2018, 2021թթ․, եւ բազմաթիվ ՏԻՄ ընտրություններ, երբ նույնիսկ մեր ընդդիմադիրները հաղթել են մեզ, եւ մենք ճանաչել ենք այդ արդյունքները, որովհետեւ այդ արժեքները մեզ համար առավել կարեւոր են, քան իշխանությունն ինքնին։ Ես կարծում եմ, որ մեր իրավապաշտպան կազմակերպությունները պետք է մի քիչ ավելի բովանդակային մոտենան, թե էսօր կոնկրետ ինչ պրոբլեմ ունենք եւ ինչպես դա կարելի ա լուծել»,- ասել է Արսեն Թորոսյանը։ 2018թ․ ապրիլյան իրադարձությունների ժամանակ եւ դրանից հետո մի տեւական ընթացք ամենօրյա ռեժիմով խոսվում էր տարբեր ոլորտներում բարեփոխումների մասին։ Մատնացույց էին արվում իրավական, դատական համակարգերում, պետական կառավարման ապարատում առկա խնդիրները, որոնք խորն էին այնքան, որ հաճախ էր հնչում միտքը, որ մեկ-երկու տարում դրանք հիմնովին լուծելը շատ բարդ է։ Բարեփոխումների մասին խոսելուն, դրանց վերաբերյալ որոշակի քայլեր ձեռնարկելուն զուգընթաց քննարկվում էր նաեւ անցյալին իրավաքաղաքական գնահատական տալու անհրաժեշտության հարցը։ Դրա մասին խոսում էին ե՛ւ քաղաքական գործիչները, ե՛ւ իրավապաշտպան կառույցները՝ շեշտելով, որ այդ գնահատականը կարեւոր է հատկապես ապագայի համար, որ այլեւս չլինի մի իշխանություն, որը մտքի ծայրով կանցկացնի ապօրինություններ անել, իրավունքներ եւ օրենքներ ոտնահարել։ Ընդ որում՝ այդ օրակարգը սկզնաբական շրջանում խորթ չէր նաեւ կառավարող ուժի՝ Նիկոլ Փաշինյանի թիմի համար․ նրա տարբեր ներկայացուցիչներ մասնակի կամ ամբողջական անդրադարձեր ունեցել են այդ հարցին, մենք այս հոդվածում մի քանի օրինակներ կներկայացնենք։  Ինչպե՞ս գնահատական տալ անցյալին․ անվերջ քննարկումներ Այսպես, անդրադառնալով նախկինում հնչած տեսակետներին․ 2019 թվականի մայիսին Հայաստանի խորհրդարանում այդ ժամանակ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով լսումներ կազմակերպվեցին։ Միրզոյանն այս թեմայով իր ծավալուն ելույթում, խոսելով հանրային համերաշխության մասին, ասել էր․ «Համաձայնեք՝ մենք չենք կարող, օրինակ, գործող դատարանների միջոցով գործեր հարուցել եւ դատապարտել տասնյակ հազարավոր քաղաքացիների, ովքեր մասնակցություն են ունեցել, ենթադրենք, ընտրական խախտումների եւ ընտրական գործընթացների վրա ապօրինի ազդեցությունների: Մենք չենք կարող տասնյակ հազարավոր քաղաքացիների, այդ թվում՝ ուսուցիչների, ՏԻՄ-երի, բոլորիս տարբեր ազգականների դատապարտել, բայց մենք գուցե կարիք ունենք տալու այդ գնահատականը, արձանագրել եւ հավաստիացնել եւս մեկ անգամ, որ այլեւս երբեք Հայաստանի Հանրապետությունում այդպիսի բան տեղի ունենալ չի կարող»:  Իսկ մասնավորապես անցած իրադարձությունների իրավաքաղաքական գնահատականի առնչությամբ Միրզոյանը հարց էր հնչեցրել․ «Մենք պետք է հասկանանք՝ կա՞ արդյոք դրա անհրաժեշտությունը, թե՝ ոչ: Գուցե կա՞, ժամանա՞կն է արդյոք, թե՞ պետք է սպասել եւս 20 տարի»: Քննարկում Հանրային հեռուստաընկերության եթերում՝ արդարադատության փոխնախարարի մասնակցությամբ 2019 թվականի հուլիսին Հանրային հեռուստաընկերության եթերում քննարկվում էր նախկին իրավաքաղաքական համակարգին գնահատական տալու հարցը։ Այդ հաղորդմանը մասնակցում էր նաեւ այդ ժամանակ արդարադատության փոխնախարար, այժմ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։ Այդ քննարկումը նույնիսկ տեղադրված է Արդարադատության նախարարության պաշտոնական կայքում՝ «Հանրային քննարկում. ի՞նչ գնահատական տալ նախկին իրավաքաղաքական համակարգին» վերնագրով։ Հաղորդման ժամանակ քննարկվում էին դատաիրավական համակարգում առկա խնդիրները, դրանց լուծման տարբերակները, դրանց գնահատական տալու հարցը, եւ այլն։ Նույն այդ ամսում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ որպես պետություն անցյալին քաղաքական գնահատական տալու հարցը քննարկման փուլում է․ «Երբ այդ քննարկումները կավարտվեն եւ դրանց արդյունքում կհանգենք, որ մենք ունենք մի տեքստ, որի շուրջ ունենք կոնսենսուս թե՛ խմբակցության ներսում, թե՛ մյուս խմբակցությունների հետ, արդեն ավելի հրապարակային ձեռնամուխ կլինենք այդ գործընթացին»,- մասնավորապես նշել էր Ջուլհակյանը՝ իր կարծիքը հայտնելով, որ նախկինում մենք գործ ենք ունեցել պետության զավթման հետ։Պատգամավորը կարծում էր՝ «պահանջ է, որ հենց խորհրդարանը տա քաղաքական գնահատականը» Մեկ այլ հարցազրույցում Արուսյակ Ջուլհակյանը նշել էր, որ իրենց խմբակցության պատգամավորներից շատերը, նաեւ վարչապետ Փաշինյանը այդ քաղաքական գնահատականը բազմիցս տվել են, այդ թվում՝ Մարտի 1-ի տասը տարվա կապակցությամբ խմբակցության տարածած հայտարարություն մեջ․ «Առանձին պատգամավորներ էլ հայտարարել են, որ մենք գործ ենք ունեցել պետության զավթման հետ, բայց միեւնույն ժամանակ հասկանում ենք, որ մեզ ներկայացվող պահանջը ոչ թե առանձին պատգամավորների մակարդակով է, այլ պետական ինստիտուտների։ Պահանջ է, որ հենց խորհրդարանը տա քաղաքական գնահատականը»,- ասել էր պատգամավորը՝ հավելելով, որ այդ ամիսների քննարկումների արդյունքում եկել էին այն եզրահանգման, որ անցյալին գնահատական տալու համար ավելի ճիշտ կլինի ստեղծել առանձին հանձնաժողով, որը կկազմվի ԱԺ-ի կամ մի քանի մարմինների կողմից եւ կունենա բարձր լեգիտիմություն՝ այն առումով, որ տարբեր խմբերի մոտ անկողմնակալ ու օբյեկտիվ կընկալվի, եւ հետագայում իր պատրաստած զեկույցն ու գնահատականը հանրության լայն շերտերի մոտ կունենան վստահություն ու համաձայնություն։ Այդ հանձնաժողովի մասին դեռ կհիշատակենք։ Փաշինյանի հրապարակած «հանրաքվեի հռչակագիրը», որով պետք է քաղաքական գնահատական տրվեր անցյալին 2020թ․ մարտին Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանն իր ելույթներից մեկում հայտարարեց, որ սահմանադրական հանրաքվեն շատ լավ առիթ է, որ բացի բուն հանրաքվեի դրվող տեքստից՝ նկարագրեն նաեւ տեղի ունեցող գործընթացի քաղաքական կոնտեքստը։ Այդ առիթով ստեղծել էին 2020թ․ ապրիլի 5-ի հանրաքվեի հռչակագիր, որով ոչ միայն Սահմանադրության փոփոխություն տեղի կունենար, այլեւ կտրվեր, Փաշինյանի խոսքով, «նախնական ընդհանուր գծերով քաղաքական գնահատական վերջին 30 տարվա ընթացքում տեղի ունեցած պրոցեսներին», փորձ կարվեր ախտորոշել՝ ամենաբարդ եւ մեծ խնդիրը որն է եղել, որը նաեւ հիմք կդառնար համազգային պայմանավորվածության, որ դա այլեւս երբեք չի կրկնվի։  Ավելի ուշ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր այդ հռչակագրի նախագծի տեքստը, որտեղ, ի թիվս այլնի, արձանագրված էր, որ 1995 թվականից մինչեւ 2018 թվականի հեղափոխությունը տեղի ունեցած համապետական ընտրությունների արդյունքները կեղծվել են, Հայաստանում սկսել է ձեւավորվել կոռուպցիոն համակարգ, որը վերաճել է համակարգային կոռուպցիայի, նախագահական, օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունները, ներառյալ Սահմանադրական դատարանը, մեծ մասամբ սպասարկել են անձնային, խմբային շահեր՝ հետին պլան մղելով Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի ազգային եւ պետական շահերը, բազմաթիվ պետական բարձրաստիճան պաշտոնյաներ կուտակել են հսկայածավալ ապօրինի հարստություն, եւ այլն։  Հանրաքվեն, ինչպես հայտնի է, տեղի չունեցավ, իսկ քաղաքական գնահատական չտրվեց, համենայն դեպս, հռչակագրի նախագծից անդին։ Փաստահավաք հանձնաժողովի մասին Արդարադատության նախարարության ներկայացրած նախագիծը Որոշ ժամանակ անց՝ 2020թ․-ի մայիսին, ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման էր ներկայացրել «Հայաստանի Հանրապետության փաստահավաք հանձնաժողովի մասին» օրենքի եւ հարակից օրենքների մասին նախագծերի փաթեթը։ Նախագծերով սահմանվում էին 1991-2018 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած՝ մարդու իրավունքների զանգվածային եւ պարբերական խախտումների դեպքերը եւ դրանց պատճառներն ուսումնասիրելու, դրանց վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու եւ դրանց կրկնության բացառմանն ուղղված առաջարկություններով հանդես գալու իրավասությամբ օժտված` Հայաստանի Հանրապետությունում փաստահավաք հանձնաժողովի կազմավորման եւ գործունեության, իրավասության շրջանակի, լիազորությունների, անդամներին ներկայացվող պահանջների եւ գործունեության հետ կապված այլ հարաբերությունները։  Նախագծի հիմնավորման մեջ նշված էր, որ 1991 թվականի սեպտեմբերից 2018 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում պարբերաբար տեղի են ունեցել մարդու իրավունքների զանգվածային խախտումներ՝ զուգակցված երկրում համակարգային եւ քաղաքական կոռուպցիայի երեւույթների կայուն առկայությամբ, որպիսի հանգամանքն ընդգծվել է մի շարք միջազգային զեկույցներում․ «2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները հետեւանք էին այս երեւույթների արդյունքում հասարակության մեջ կուտակված անարդարության զգացման, որը կարող է հաղթահարված համարվել միայն իրավունքների խախտման վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու, տուժողների խախտված իրավունքները, հնարավորինս վերականգնելու, անցյալին գնահատական տալու եւ ինստիտուցիոնալ բարեփոխումներ կատարելու [միջոցով], որպեսզի բացառվի հետագայում որեւէ իրավիճակում նման երեւույթների կրկնությունը»,- շեշտված էր նախագծում: Հիմնավորման մեջ ասված էր, որ 2019 թվականի հոկտեմբերի 10-ին հաստատված դատական եւ իրավական բարեփոխումների ռազմավարությամբ ամրագրվել էր անցումային արդարադատության գործիքներ կիրառելու անհրաժեշտությունը: Այդպիսի տարածված գործիք, ըստ նախարարության, հենց Փաստահավաք հանձնաժողովն էր՝ միջազգային պրակտիկայում ընդունված որպես ճշմարտության, որոշ դեպքերում նաեւ՝ հաշտեցման հանձնաժողովը (այս հոդվածում չենք անդրադառնա, թե ինչպես մոռացության մատնվեցին նաեւ ի սկզբանե նախանշված անցումային արդարադատությունը եւ հեղափոխական օրակարագի մյուս կարեւոր հարցերը)։ Թեեւ անցումային արդարադատության շրջանակներում այս հանձնաժողովը պիտի որ անկյունաքարային նշանակություն ունենար, սակայն դրա կյանքի կոչումը մինչ օրս չի եղել, իսկ դրա շրջանակներում, բնականաբար, քաղաքական գնահատական էլ չի տրվել։ Իրավապաշտպանները պնդում էին անհապաղ քաղաքական գնահատական տալ անցյալի խախտումներին Արդեն 2020թ․ հունիսին մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ հանդես էին եկել հայտարարությամբ՝ անհապաղ քաղաքական գնահատական տալ անցյալի խախտումներին եւ համակարգային փոփոխություններ իրականացնել։ Նրանք նշել էին, որ Ազգային ժողովում բացարձակ մեծամասնություն ունեցող քաղաքական ուժն իր ջանքերն ուղղում է կարճաժամկետ քայլերի վրա՝ ամիսներ շարունակ հապաղելով արմատական լուծում տալ ժողովրդավարական եւ իրավական պետության վերականգնման համար այնպիսի հրատապ ու կենսական խնդիրներին, ինչպիսիք են Սահմանադրական դատարանի շուրջ եւ ողջ դատական համակարգում ստեղծված ճգնաժամը, ինչը կարող էր վերաճել լրջագույն քաղաքական ճգնաժամի։  Միայն քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներն ու իրավապաշտպանները չէ, որ խոսում էին իրավաքաղաքական գնահատական տալու անհրաժեշտության մասին։ Նրանց թվում էին նաեւ հանրային ու քաղաքական այլ գործիչներ։  Այսպիսով, Արսեն Թորոսյանը, որը 2018 թվականի իշխանափոխությունից հետո նոր ձեւավորված կառավարության անդամ էր՝ առողջապահության նախարարը, այդ իրադարձություններից տարիներ անց հարց է հնչեցնում՝ ի՞նչ է նշանակում իրավաքաղաքական գնահատական, օրե՞նք պիտի ընդունվի, ինչի՞ մասին։ Սա այն պարագայում, երբ այն քաղաքական թիմը, որի ներկայացուցիչն է ինքը, առնվազն նախաձեռնել է գործընթացներ, որոնք ենթադրել են նաեւ անցյալին քաղաքական գնահատական տալ հստակ եղանակով, եւ ոչ միայն առանձին հայտարարությունների տեսքով։ Ընդ որում՝ այդ նախաձեռնությունները չեն եղել, օրինակ, անհատ պատգամավորների մակարդակով, այլ կառավարության ղեկավարի, ԱԺ նախագահի, արդարադատության նախարարի։ Որքան էլ իշխող մեծամասնության ներկայացուցիչներն իրենց տարբեր ելույթներում գնահատականներ հնչեցրել են անցյալի իրադարձությունների վերաբերյալ, ընդ որում՝ շատ հաճախ բավականին սուր ձեւակերպումներով, այդուհանդերձ ինչ-որ փուլում կարեւորվել է հենց քաղաքական ավելի ծանրակշիռ հայտարարության ընդունումը՝ խորհրդարանի մակարդակով։ Այլ են հարցերը, թե ինչու այդ գործընթացը տրամաբանական կետին չհասավ, կամ արդյոք հիմա ժամանակավրեպ չէ այս խոսակցությունը, սակայն հարկ է նկատել, որ Արսեն Թորոսյանի համար անհասկանալի է մի գործընթաց, որի կարեւորությունը ժամանակին շեշտել են իր քաղաքական ղեկավարն ու թիմակիցները։ Լուսանկարը՝ parliamentmonitoring.am կայքից Հայարփի Բաղդասարյան
12:30 - 27 ապրիլի, 2022
Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ 2021 թ.-ին ԲԴԽ-ն 28 որոշում է կայացրել

Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ 2021 թ.-ին ԲԴԽ-ն 28 որոշում է կայացրել

Հայաստանի Հանրապետության դատական իշխանության պաշտոնական կայքը հրապարակել է դատավորների կարգապահական պատասխանատվության և լիազորությունների դադարեցման մասով հաշվետվություն․ «1. Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով. Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից 2021 թվականին Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացվել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ թվով 6 միջնորդություն, որից 5-ը՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի, իսկ 1-ը՝ նույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի խախտման հիմքով: Հաշվետու ժամանակահատվածում Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված միջնորդություններից 3-ը մերժվել են, 2-ով դատավորին հայտարարվել է նախազգուշացում, իսկ 1-ով՝ խիստ նկատողություն: 2. Արդարադատության նախարար. Արդարադատության նախարարի կողմից 2021 թվականին Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացվել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ թվով 18 միջնորդություն, որից 8-ը՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի, 5-ը՝ նույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, իսկ 5-ը՝ նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտման հիմքով: Հաշվետու ժամանակահատվածում Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված միջնորդություններից 8-ը մերժվել են, 1-ով դատավորին հայտարարվել է նախազգուշացում, 2-ով՝ նկատողություն, 3-ով՝ խիստ նկատողություն, 1-ով դատավորի լիազորությունները դադարեցվել են՝ էական կարգապահական խախտման հիմքով, իսկ 3-ով կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթը կարճվել է: 3. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից 2021 թվականին Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացվել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ թվով 4 միջնորդություն, որից 3-ը՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտման հիմքով, իսկ 1-ը՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները խախտելու հիմքով: Հաշվետու ժամանակահատվածում Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված միջնորդություններից 1-ը մերժվել է, 2-ով կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթը կարճվել է, 1-ով դատավորի լիազորությունները դադարեցվել են՝ §Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջների խախտման հիմքով: 4. Բարձրագույն դատական խորհուրդ. Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ հաշվետու ժամանակահատվածում հրապարակվել են թվով 28 որոշումներ: Հաշվետու ժամանակահատվածում Բարձրագույն դատական խորհրդի կողմից ընդունվել է 1 դատավորի լիազորությունները կասեցնելու մասին որոշում՝ ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ քրեական հետապնդում հարուցելու դեպքով: Բարձրագույն դատական խորհրդի կողմից «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 160-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով (նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով) դադարեցվել են 2 դատավորի լիազորություններ»։
11:41 - 26 ապրիլի, 2022
Նախարարությունն առաջարկում է բացառել անչափահաս դատապարտյալներին պատժախուց տեղափոխելու հնարավորությունը

 |armenpress.am|

Նախարարությունն առաջարկում է բացառել անչափահաս դատապարտյալներին պատժախուց տեղափոխելու հնարավորությունը |armenpress.am|

armenpress.am: Արդարադատության նախարարությունն առաջարկում է բացառել անչափահաս դատապարտյալներին պատժախուց տեղափոխելու ձևով կարգապահական տույժի կիրառումը։ Ապրիլի 21-ին Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ներկայացնելով Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։ «Անչափահասների նկատմամբ ևս կիրառվում է որպես կարգապահական տույժ  պատժախուց տեղափոխելը։ Սակայն Եվրոպական դատարանի պրակտիկան, Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի ստանդարտներ և զեկույցները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից ներկայացված եզրակացությունները փաստում են այն, որ այսպիսի կարգապահական տույժերը պետք է լինեն վերջին միջոց։ Ըստ այդմ, նախագծով նախատեսվում է բացառել անչափահասների նկատմամբ պատժածուց տեղափոխելու ձևով կարգապահական տույժի կիրառումը»,- ասաց Սարգսյանը։ Նախարարի խոսքով՝ սա բնավ չի նշանակում, որ անպատժելիության որոշակի մթնոլորտ է առաջանում, որովհետև կան ևս երկու կարգապահական տույժեր, որոնք ըստ անհրաժեշտության անձի նկատմամբ կարող են կիրառվել։ «Խոսքը նկատողություն և խիստ նկատողություն կարգապահական տույժերի մասին է։ Կարող է տպավորություն ստեղծվել, թե այս կարգապահական տույժերը չեն կարող անհրաժեշտ և բավարար լինել կոնկրետ դեպքի համար, բայց վստահեցնում եմ, որ հատկապես անչափահասների դեպքում ցանկացած կարգապահական պատասխանատվությունը առաջ է բերելու որոշակի հետևանքներ։  Դա կարող է դիտարկվել թե պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի քննարկման շրջանակներում, թե կարճատև մեկնում տրամադրելու ինստիտուտի քննարկման շրջանակներում։ Այսինքն՝ տարբերություն չկա, թե որ կարգապահական տույժը կկիրառվի, անձի համար բացասական հետևանքներ կունենան»,- եզրափակեց Սարգսյանը։
18:20 - 21 ապրիլի, 2022
Նախարարությունն առաջարկում է վերացնել դատապարտյալի ինքնավնասման համար պատժախուց տեղափոխելու հնարավորությունը

 |armenpress.am|

Նախարարությունն առաջարկում է վերացնել դատապարտյալի ինքնավնասման համար պատժախուց տեղափոխելու հնարավորությունը |armenpress.am|

armenpress.am: Արդարադատության նախարարությունը առաջարկում է վերացնել ինքնավնասման համար պատժախուցը որպես կարգապահական տույժ կիրառելու իրավական հնարավորությունը։ Ապրիլի 21-ին Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ներկայացնելով Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։Նախարարի տեղակալը նշեց, որ նախագծով անդրադարձ է կատարվում քրեակատարողական ոլորտի մի շարք հիմնախնդիրներին և առաջարկում է տալ դրանց լուծումները։ Սարգսյանի խոսքով՝ եթե դատապարտյալը կամ կալանավորը ինքնավնասման կամ ինքնասպանության փորձ է կատարում, ապա նա կարող է ենթարկվել պատասխանատվության։ «Ստացվում է, որ անձը հանդիսանում է Քրեակատարողական հիմնարկի ներքին կանոնակարգի խախտող՝  դրա համար կարող է ենթարկվել պատասխանատվության։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ունենք խոշտանգումների կանխարգելման կոմիտեի չափորոշիչները և Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրումները, պետք է փաստել, որ ինքնավնասում կատարած անձի նկատմամբ վերաբերմունքը ոչ թե պետք է լինի պատժողական, այլ հակառակը՝ պետք է նրան ցուցաբերվի սոցիալ-հոգեբանական աջակցություն, որպեսզի ինքնավնասման և ինքնասպանության փորձերի դեպքերը կանխարգելվեն»,- ասաց Սարգսյանը։  
17:48 - 21 ապրիլի, 2022
Կարեն Անդրեասյանը և Դմիտրի Արիստովը հարկադիր կատարման ոլորտի համագործակցության ծրագիր են ստորագրել

Կարեն Անդրեասյանը և Դմիտրի Արիստովը հարկադիր կատարման ոլորտի համագործակցության ծրագիր են ստորագրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի և ՌԴ դատական կարգադրիչների ծառայության տնօրեն Դմիտրի Արիստովի կողմից ստորագրվել է «ՀՀ Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և ՌԴ Դատական կարգադրիչների դաշնային ծառայության միջև համագործակցության ծրագիրը»: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, ծրագրի շրջանակներում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել 2022-2023թթ.-ին իրականացնել մի շարք փոխադարձ այցեր, այդ թվում. Դատական կարգադրիչների դաշնային ծառայության պատվիրակության այց Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ դատական ակտերի հարկադիր կատարման աշխատանքներին ծանոթանալու նպատակով: Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պատվիրակության մասնակցություն՝ հարկադիր կատարման հարցերով առաջին միջազգային ֆորումին: «Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն անդրադարձել է նաև Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ առավելապես ընդգծելով թվային տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:  Հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն են հայտնել ձեռնարկել քայլեր իրենց ղեկավարած գերատեսչությունների միջև համագործակցությունը խորացնելու ուղղությամբ, որը կնպաստի նաև Հարկադիր կատարման ծառայության բարեփոխմանը:    
18:49 - 20 ապրիլի, 2022
ԱԺ-ն, Կառավարությունը եւ լրագրողական համայնքը միասին կմշակեն մեդիա ոլորտի զարգացման քաղաքականությունը |hetq.am|

ԱԺ-ն, Կառավարությունը եւ լրագրողական համայնքը միասին կմշակեն մեդիա ոլորտի զարգացման քաղաքականությունը |hetq.am|

hetq.am: Արդարադատության նախարարությունը, Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը եւ լրագրողական 10 հասարակական կազմակերպություն այսօր՝ ապրիլի 19-ին, համագործակցության հուշագիր ստորագրեցին մեդիա ոլորտի զարգացման քաղաքականության արդիականացման ու լրատվամիջոցների գործունեությունը  կարգավորող օրենսդրության բարեփոխման վերաբերյալ։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքով՝ մեդիա ոլորտում վերջին տարիներին կատարված փոփոխությունները կրել են հատվածական բնույթ, եւ հաշվի չեն առել այն իրողությունները, հարաբերությունները, որ ծագել են տեխնոլոգիաների զարգացման հետեւանքով։ Հայաստանում փոփոխման կարիք ունենք «Տեղեկատվության ազատության մասին», «Զանգվածային լրատվության մասին», «Գովազդի մասին» եւ ոլորտը կարգավորող ու հարակից բազմաթիվ այլ օրենքներ, ենթաօրենսդրական ակտեր ու կարգեր, որոնց վրա անջատ-անջատ աշխատում են մի կողմից լրագրողական կազմակերպությունները, մյուս կողմից՝ ԱԺ-ն ու Կառավարությունը։ Համագործակցության այս հուշագրով, ինչպես փաստեցին ստորագրմանը ներկա արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը եւ Աշոտ Մելիքյանը, այդ ջանքերն ի մի են բերվում՝ մշակելու ԶԼՄ դաշտի զարգացման հայեցակարգ, որից կբխեն հետագա օրենսդրական բարեփոխումները։ «Դրանք պետք է բավարարեն ժամանակակից պահանջները եւ հաշվի առնեն միջազգային փորձը՝ իհարկե վերցնելով այն, ինչ կիրառելի է Հայաստանի համար»,- հուշագրի ստորագրման արարողությանն ասաց Աշոտ Մելիքյանը, որը 10 լրագրողական կազմակերպության (Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե, Երևանի մամուլի ակումբ, Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, Լրագրողների «Ասպարեզ» ակումբ, Ինֆորմացիայի ազատության կենտրոն, «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» ՀԿ, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստան, Հանրային լրագրության ակումբ, «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ, Գորիսի մամուլի ակումբ) անունից լիազորված է աշխատել Կառավարության եւ ԱԺ-ի հետ։ «Հուշագրի ստորագրումն աննախադեպ բան է, բոլորս հասկանում էինք, որ նոր իրավիճակում մեր մեդիա օրենսդրությունը խորքային եւ արմատական փոփոխությունների անհրաժեշտություն ունի, դա է պատճառը, որ ծագեց այս գաղափարը։ Եթե բոլորս տեսնում ենք միեւնույն խնդիրը, ուստի լավ կլինի այն լուծել միասնական ջանքերով։ Դա չի նշանակում, թե բոլորս նույն կերպ ենք մտածում, բայց բովանդակային քննարկումների ժամանակ կփորձենք հասնել ընդունելի լուծումների»,- ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ոլորտային հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը։ Նրա համոզմամբ, վերջին տարիներին միջազգային հանրության տված դրական գնահատականը Հայաստանի մեդիա ոլորտին պիտի կախված չլինի անձերից կամ որեւէ իշխանությունից, այլ դրվի ինստիտուցիոնալ հիմքերի վրա, դրան է միտված այս նախաձեռնությունը։ «Գործընթացը հնարավորինս մասնակցային եւ թափանցիկ պիտի լինի, ԱԺ ոլորտային հանձնաժողովը առանձին հանդիպումներ կկազմակերպի լրագրողների, մեդիա սեփականատերերի հետ»,- հավաստիացրեց Սիսակ Գաբրիելյանը։ Նախատեսվող համագործակցությունը ներառելու է հետևյալ ուղղությունները՝ տեղեկատվական ոլորտի և մեդիայի զարգացման համապարփակ քաղաքականության մշակում, քննարկում և ընդունում (որի բաղկացուցիչ մասը պետք է լինի նաև տեղեկատվական անվտանգության հայեցակարգը), զանգվածային լրատվության միջոցների գործունեությունը կարգավորող օրենսդրության բարեփոխումների հայեցակարգի մշակում, քննարկում և հաստատում, վերոհիշյալ հայեցակարգից բխող նոր օրենքների և այլ իրավական ակտերի նախագծերի պատրաստում, քննարկում և ներկայացում Ազգային ժողով: Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (ՄՆԿ) ղեկավար Նունե Սարգսյանի խոսքով՝ առայժմ ամեն ինչ պատկերացումների փուլում է, պետք է ստեղծվի աշխատանքային խումբ, որը միջազգային փորձագետների ներգրավմամբ կմշակի մեդիայի զարգացման հայեցակարգը՝ մի փաստաթուղթ, որը մինչեւ օրենսդրական փոփոխությունները կմատնանշի ոլորտի խնդիրները եւ ցույց կտա մեդաինդուստրիայի զարգացման ուղիները։ «Շատ հարցերի շուրջ տարբեր կարծիքներ ունենք, բայց կարեւորն այն է, որ կարողանանք երկխոսել եւ կոնսենսուսի գալ։ Հասկանանք՝ ինչ ռեսուրսներ կան այս կամ այն փոփոխություններն անելու, ինչ ռեսուրսներ կան՝ հետեւելու այդ փոփոխությունների կիրառմանը, աջակցելու մեդիային։ Այսօր առաջնահերթ կանգնած ենք ԶԼՄ օրենքը փոխելու խնդրի առջեւ, սահմանելու՝ ով է լրագրողը, որն է լրատվամիջոցը, բազմաթիվ հարցերի պատասխաններ չունենք, փոքրիկ փոփոխությունները, որ արվել են մինչ այժմ, չեն լուծել նշված հարցերը»,- ասաց ՄՆԿ ղեկավարը։ Ըստ նրա՝ նախատեսվող բարեփոխումներն առնչվելու են մեդիայի հետեւյալ հարցերին՝  Սեփականատերեր Ինքնակարգավորում Հավատարմագրման ինստիտուտ Տեղեկատվության ազատություն Գովազդ  Մեդիագրագիտություն եւ մեդիակրթություն Լրագրողների աշխատանքային իրավունքներ Թվային դեսպանի ինստիտուտ եւ այլն։ Այլ խոսքով, ըստ բանախոսների, բարեփոխումները միտված են լինելու Հայաստանում տեղեկատվական դաշտի առողջացմանը, որակյալ լրագրության խրախուսմանը, ապատեղեկատվության, ատելության խոսքի, բռնության քարոզի նվազեցմանը։  
16:19 - 19 ապրիլի, 2022
Անազատության մեջ պահվող և հայերենին չտիրապետող անձանց համար կապահովվի 32 լեզուների բանավոր և գրավոր թարգմանություն

Անազատության մեջ պահվող և հայերենին չտիրապետող անձանց համար կապահովվի 32 լեզուների բանավոր և գրավոր թարգմանություն

Կալանավորված անձանց և դատապարտյալներին Հայաստանի Հանրապետության պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի ծառայություններ մատուցող անձի ծառայությունների ձեռքբերման նպատակով այս տարի առաջին անգամ հայտարարվել է մրցույթ: Մրցույթի արդյունքում ճանաչվել է հաղթող մասնակից, որի հետ կնքվել է պայմանագիր: Պայմանագրի շրջանակներում իրականացվելու է առնվազն 32 լեզուների բանավոր և գրավոր թարգմանություն, այդ թվում նաև՝ սուրդոթարգմանություն, ընդ որում՝ կատարվելու են ոչ բարդ, միջին բարդության, միջին բարդության մասնագիտական, բարդ, բարդ մասնագիտական գրավոր և բանավոր թարգմանություններ 24 ժամ/7 օր աշխատանքային ռեժիմով (նաև հանգստյան և տոնական օրերին՝ առանց բացառության) Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական բոլոր հիմնարկներում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Տարիներ շարունակ անազատության մեջ պահվող և հայերենին չտիրապետող անձանց հետ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների շփումը եղել է համակարգային խնդիր այն պատճառով, որ վերջիններս չեն տիրապետել անհրաժեշտ լեզուների, և չեն իրականացվել  թարգմանչական ծառայություններ, որոնք կօգնեն ապահովել արդյունավետ շփումն անազատության մեջ պահվող անձանց հետ:  Շփման հնարավորությունը մեծացնելու նպատակով՝ փորձ է կատարվել ապահովել տվյալ լեզվին տիրապետող, անազատության մեջ գտնվող այլ անձանց կամ աշխատակիցների ներգրավումը: Արդյունքում՝ չի ապահովվել պատշաճ և պրոֆեսիոնալ մակարդակով հաղորդակցություն, տուժել են անազատության մեջ գտնվող անձինք, առավելագույնս չի ապահովվել  նրանց հետ արդյունավետ շփումը, վերջիններս ավելի քիչ են ներգրավված եղել վերասոցիալականացման միջոցառումներին: Կալանավորված անձանց և դատապարտյալներին Հայաստանի Հանրապետության պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի ծառայություններ մատուցող անձի ծառայությունների ձեռքբերման նպատակով այս տարի առաջին անգամ հայտարարվել է մրցույթ: Մրցույթի արդյունքում ճանաչվել է հաղթող մասնակից, ում հետ կնքվել է պայմանագիր: Պայմանագրի շրջանակներում իրականացվելու է առնվազն 32 լեզուների բանավոր և գրավոր թարգմանություն, այդ թվում նաև՝ սուրդոթարգմանություն, ընդ որում՝ կատարվելու են ոչ բարդ, միջին բարդության, միջին բարդության մասնագիտական, բարդ, բարդ մասնագիտական գրավոր և բանավոր թարգմանություններ 24 ժամ/7 օր աշխատանքային ռեժիմով (նաև հանգստյան և տոնական օրերին՝ առանց բացառության) Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական բոլոր հիմնարկներում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նախաձեռնության արդյունքում այսուհետ կլուծվի անազատության մեջ պահվող, հայերենին չտիրապետող անձանց և քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների միջև հաղորդակցության առկա բարդությունները, ինչպես նաև կստեղծվի առավել բարենպաստ միջավայր՝ անձանց իրավունքների իրացման և պարտականությունների պատշաճ կատարման համար։ Նշվում է, որ առաջիկայում կդիտարկվի նաև համանման ձևաչափով «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համար առանձին ծառայություններ ձեռք բերելու հնարավորությունը:
19:46 - 12 ապրիլի, 2022
Հայաստանը անազատության մեջ գտնվողների թվով ամենացածր ցուցանիշն ունեցող երկրներից է. Եվրոպայի խորհրդի վիճակագրություն

Հայաստանը անազատության մեջ գտնվողների թվով ամենացածր ցուցանիշն ունեցող երկրներից է. Եվրոպայի խորհրդի վիճակագրություն

Հայաստանը անազատության մեջ գտնվողների թվով ամենացածր ցուցանիշն ունեցող երկրներից է և համեմատելի է Գերմանիայի, Նիդեռլանդների, Շվեյցարիայի հետ: Ինչպես հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, այդ մասին է վկայում Եվրոպայի խորհրդի հարապարակած՝ 2021 թվականի տարեկան քրեական վիճակագրությունը։ «Մեր երկիրը շարունակում է ամրապնդել նախորդ տարիների վիճակագրությամբ գրանցած մի շարք ցուցանիշներ և ապահովում՝ դրանց կայունությունը։ Ըստ զեկույցի՝ Հայաստանում ԵԽ այլ երկրների համեմատ կրկին նկատվել է ազատազրկման մակարդակի նվազում 11%-ի չափով (2018 թվականին Հայաստանի ՔԿՀ-ներում պահվել է 3536, 2019 թ-ին՝ 2266, 2020թ-ին՝ 2221 անձ, իսկ հաշվետու ժամանակահատվածում՝ 1976 անձ)։ Զեկույցում համեմատական է տարվել նաև 2011 և 2021 թվականների միջև և արձանագրվել, որ 2011 թվականի համեմատությամբ Հայաստանն արձանագրել է բանտային բնակչության թվի 52 % կրճատում, որը համեմատական աղյուսակում երրորդ լավագույն արդյունքն է: Նույն զեկույցի համաձայն՝ ներկայում Հայաստանը 100 հազար բնակչի հաշվով անազատության մեջ գտնվողների թվով դասվում է ամենացածր ցուցանիշն ունեցող երկրների շարքին և համեմատելի է Գերմանիայի, Նիդերլանդների, Շվեյցարիայի հետ: Հայաստանում 2021 թվականին կին բանտարկյալների թիվը կազմել է 2.3% ընդհանուր համամասնությունից, որը շատ ավելի ցածր է եվրոպական միջինից»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հայաստանի վերաբերյալ մյուս դրական ցուցանիշն այն է, որ 100 տեղի հաշվով բանտային բնակչության խտությամբ Հայաստանը դասվում է ամենացածր ցուցանիշն ունեցող երկրների շարքին՝ 36.8 անձ: Սա գրեթե երեք անգամ ցածր է եվրոպական միջինից (102 անձ): Այս ցուցանիշով Հայաստանը դասակարգման աղյուսակում զիջում է միայն մեկ երկրի:
20:49 - 11 ապրիլի, 2022
Արդարադատության նախարարությունը վերահաստատել է Եվրոպայի Խորհրդի հետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը

Արդարադատության նախարարությունը վերահաստատել է Եվրոպայի Խորհրդի հետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը

Տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում» և «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացմանը» ծրագրերի համակարգող խորհուրդների 5-րդ հանդիպումը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, հանդիպման ժամանակ ողջույնի խոսքով հանդես է եկել Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և երկու ծրագրերի համակարգող Նինո Գոբրոնիձեն։ «Ողջույնի խոսքում Մարտին Շմիդտը կարևորել է երկու ծրագրերով ունեցած ձեռքբերումները և նշել, որ 2023-2026 թվականների Եվրոպայի Խորհրդի գործողությունների ծրագրի շրջանակներում ևս դիտարկվում է բանտային բժշկության և պրոբացիայի ոլորտների բարեփոխումների հետագա շարունակականությանը վերաբերող միջոցառումների նախատեսումը:  Նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվորպայի խորհրդին, ի դեմս գրասենյակի ղեկավարի` Մարտինա Շմիդտի,  ունեցած փայլուն համագործակցության համար` կարևորելով երկու ծրագրերի իրապես մարդու իրավունքների պաշտպանությանը միտված լինելու ասպեկտը: Միաժամանակ, Սարգսյանը վերահաստատել է Եվրոպայի Խորհրդի հետ համագործակցությունը շարունակելու Նախարարության պատրաստակամությունը և հույս հայտնել, որ 2023-2026 թվականների Եվրոպայի Խորհրդի գործողությունների ծրագրում կունենան ավելի լայն և ընդգրկուն համագործակցության օրակարգ, ինչը միտված կլինի թե՛ գործող ծրագրերի արդյունքների ամրապնդմանը և թե՛ նոր թիրախների նախանշմանը և հասցեագրմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Հանդիպման ժամանակ ներկայացվել են երկու ծրագրերի շրջանակում իրականացված գործողությունները, արդյունքները և առաջիկա քայլերը։ Այնուհետև հարցուպատասխանի միջոցով համակարգող խորհուրդների անդամները ներկայացրել են իրենց առաջարկներն ու դիտարկումները։ Ծրագրերը թիրախավորում են մի շարք կարևոր համակարգային լուծում պահանջող հարցեր, այն է.1) Հոգեկան առողջության զննություն.2) Խոշտանգումների կանխարգելում.3) Ինքնասպանությունների և ինքնավնասումների կանխարգելում.4) Պրոբացիայի ծառայության կարողությունների հզորացում: Նշվում , որ վերոնշյալ ծրագրերը ֆինանսավորում են Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2019-2022 թթ․ ծրագրի շրջանակում:
19:44 - 07 ապրիլի, 2022
Ֆրանսիայի դեսպանը ՀՀ ներքին գործերի նախարարության ձևավորմանը և կայացմանն աջակցելու պատրաստակամություն է հայտնել

Ֆրանսիայի դեսպանը ՀՀ ներքին գործերի նախարարության ձևավորմանը և կայացմանն աջակցելու պատրաստակամություն է հայտնել

Ապրիլի 6-ին ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին:  Ինչպես հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից, դեսպանը հետաքրքրվել է Հայաստանում դատաիրավական ոլորտի բարեփոխումների և Ներքին գործերի նախարարության ձևավորման ընթացքով: Նախարար Անդրեասյանը ներկայացրել է արդեն իսկ կատարված աշխատանքները և ունեցած ձեռքբերումները: «Մասնավորապես, քննարկման առարկա են դարձել դատաիրավական ոլորտի բարեփոխումների շրջանակներում էլեկտրոնային արդարադատության համակարգի ստեղծման ուղղությամբ կատարված և կատարվող աշխատանքները: Կարևորվել է դրա դերակատարումը՝ հատկապես դատական համակարգի ծանրաբեռնվածության թոթափման հարցում: Նախարարը ներկայացրել է ձևավորվելիք Ներքին գործերի նախարարության տեսլականը և կառուցվածքային նախագիծը, որը դեռ քննարկման փուլում է: Դեսպան Լույոն իր հերթին պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել Ներքին գործերի նախարարության ձևավորման և հետագա կայացման հարցում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ ընթացիկ նախագծերը ներկայացնելիս՝  նախարար Անդրեասյանը որպես ձեռքբերում կարևորել է Հակակոռուպցիոն դատարանների ձևավորումը, որը մոտենում է ավարտական փուլին, Արբիտրաժային կենտրոնի կազմավորումը և արդեն իսկ ձևավորված Վճռաբեկ դատարանի վարչական և հակակոռուպցիոն պալատները: Հանդիպման ընթացքում քննարկման առարկա է դարձել նաև Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի աշխատանքները, որը գլխավորում է նախարար Կարեն Անդրեասյանը: Նախարարը հատկապես կարևորել է, որ Սահմանադրական բարեփոխումների արդյունքում հնարավոր է ստեղծվի կատարելագործված օրենսդրություն, որը թույլ կտա առավել նպատակային և արդյունավետ կազմակերպել դատավորների բարեվարքության ստուգումների գործընթացը: Անդրադարձ է կատարվել նաև ծանր վիրավորանք հասցնելը քրեականացնելուն և Հարկադիր կատարման ծառայության գործունեությանը: Նշվում է, որ Անն Լույոն բարձր է գնահատել արդարադատության և ոստիկանության ոլորտում իրականացվող բարեփոխումները և այդ հարցում արդարադատության նախարարության ունեցած դերակատարումը: Նախարար Կարեն Անդրեասյանն իր հերթին գոհունակություն է հայտնել դեսպան Անն Լույոյին՝ ՀՀ կառավարությանը Եվրոպական միության և հատկապես Ֆրանսիայի Հանրապետության ցուցաբերած աջակցության համար: Ամփոփելով հանդիպումը, հիմքում ունենալով համատեղ կատարված աշխատանքների տեսանելի արդյունքները, կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ ի նպաստ մի շարք նախագծերի իրագործման:
19:59 - 06 ապրիլի, 2022
Ընտրվել են Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի 5 թեկնածուները

Ընտրվել են Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի 5 թեկնածուները

Մարտի 23-ին կայացել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլը:  Հարցազրույցին ներկա էին Սահմանադրական բարեփոխումների խորհրդի 11 անդամներից 9-ը, Էդմոն Մարուքյանը և Տիգրան Եգորյանը ինքնաբացարկ էին հայտնել հանձնաժողովի մեկական թեկնածուների հետ շահերի բախման պատճառով: Թեկնածուներից հարցազրույցի փուլին մասնակցել են Արսեն Սարդարյանը, Լիլիթ Երեմյանը, Դավիթ Հակոբյանը, Ռաֆիկ Գրիգորյանը, Լուսինե Հակոբյանը, Անահիտ Մանասյանը, Արման Զրվանդյանը և Արտյոմ Գեղամյանը: Խորհրդի անդամների գնահատականների արդյունքում անցողիկ՝ 7 միավորի շեմը հաղթահարել են՝   Անահիտ Մանասյան - իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ. Դավիթ Հակոբյան - իրավաբանական գիտությունների թեկնածու. Ռաֆիկ Գրիգորյան - իրավաբանական գիտությունների թեկնածու, ասիստենտ.  Արտյոմ Գեղամյան - իրավաբանական գիտությունների թեկնածու.  Լուսինե Հակոբյան - իրավագիտության մագիստրոս (Լոնդոնի Քուին Մերի համալսարան):   Անցողիկ շեմը հաղթահարած թեկնածուների վերջնական ցուցակը ներկայացվելու է ՀՀ վարչապետի հաստատմանը:  
20:27 - 24 մարտի, 2022
Լիզինգատուն հնարավորություն կունենա արգելել լիզինգի առարկա տրանսպորտային միջոցով ՀՀ սահմանը հատելը

 |armenpress.am|

Լիզինգատուն հնարավորություն կունենա արգելել լիզինգի առարկա տրանսպորտային միջոցով ՀՀ սահմանը հատելը |armenpress.am|

armenpress.am: Արդարադատության նախարարությունը առաջարկում է լիզինգատուին եւ լիզինգառուին հնարավորություն տալ լիզինգի պայմանագրով սահմանելու լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցով պետական սահմանը հատելու իրավունքը կամ դրա սահմանափակումը: Ազգային ժողովում ներկայացնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին և «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է սահմանել լիզինգի առարկա տրանսպորտային միջոցների բացթողնման արգելք այն դեպքում, երբ լիզինգի պայմանագրով ամրագրվել է լիզինգառուի կամ վերջինիս լիազորած անձի կողմից տրանսպորտային միջոցի ելքի իրավունքի սահմանափակումը Հայաստանի Հանրապետությունից։ «Ներկայումս գործող իրավանորմերն ամբողջապես չեն կարգավորվում լիզինգառուի կամ նրա կողմից լիազորված անձի կողմից լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցով Հայաստանի Հանրապետության սահմանը հատելու հետ կապված պրակտիկ խնդիրները: Արդյունքում, լիզինգառուն ցանկացած պահի կարող է լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցով հատել Հայաստանի Հանրապետության սահմանը՝ այդպիսով ռիսկի տակ դնելով լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցի իրացվելիությունը: Պրակտիկայում վերոգրյալ իրավակարգավորումների բացակայությունը հանգեցնում է մի շարք խնդիրների: Տեղեկատվություն ստանալու համար գրությամբ դիմել ենք «ԱԿԲԱ լիզինգ» ՎԿ ՓԲԸ-ին պարզելու համար, թե վերջին մեկ տարվա ընթացքում տրանսպորտային միջոցների լիզինգի քանի պայմանագիր է կնքվել եւ արդյոք առկա է վիճակագրություն այն մասին, թե այդ պայմանագրերի արդյունքում քանի տրանսպորտային միջոց է Հայաստանի Հանրապետությունից դուրս հանվել եւ կազմակերպությունը չի կարողացել ապահովել տվյալ տրանսպորտային միջոցի վերադարձելիությունը: Ստացված պատասխանից պարզ է դառնում, որ վերջին մեկ տարվա ընթացքում կազմակերպության կողմից կնքվել է 303 տրանսպորտային միջոցի լիզինգի պայմանագիր: Ներկայումս 4 տրանսպորտային միջոցի ՀՀ տարածքից դուրս գտնվելու փաստը հաստատվել է, ինչպես նաեւ առկա է եւս 10 տրանսպորտային միջոց, որոնց գտնվելու վայրը անհայտ է»,- ասաց Մինասյանը։ Նախարարի տեղակալը նշեց, որ նախագծով սահմանվում է դիսպոզիտիվ կարգավորում, որով լիզինգառուն հնարավորություն կստանա լիզինգի առարկա տրասնպորտային միջոցով հատել Հայաստանի Հանրապետությունը բացառապես լիզինգատուի համաձայնությամբ, որով նվազագույնի կհասցվի լիզինգի առարկա տրանսպորտային միջոցի հնարավոր կորուստի ռիսկը։ «Օրենքների նախագծերի ընդունման դեպքում կկանխվեն առանց լիզինգատուի համաձայնության լիզինգի առարկա հանդիսացող տրանսպորտային միջոցների ՀՀ-ի սահմանից հատելու հետ կապված հնարավոր խնդիրները, կապահովի լիզինգի առարկայի վերադարձելիությունը»,- եզրափակեց Մինասյանը։
16:10 - 23 մարտի, 2022
Նախագիծը կվտանգի դատավորների անկախությունը. մի խումբ դատավորներ դիմել են Կարեն Անդրեասյանին

Նախագիծը կվտանգի դատավորների անկախությունը. մի խումբ դատավորներ դիմել են Կարեն Անդրեասյանին

Երեւանի ընդհանուր իրավասության  դատարանի եւ Վերաքննիչ քրեական դատարանի մի խումբ դատավորներ դիմել են Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին՝ դատարաններ ուղարկված արդարադատության նախարարության՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքների նախագծեր առնչությամբ՝ ներկայացնելով իրենց դիտողություններն ու առաջարկությունները: Դատավորները համոզմունք են հայտնել, որ նախագծով առաջարկվող փոփոխությունն անթույլատրելի է, ուղղակիորեն հակասում է թե իրավական որոշակիության և թե օրենքի հետադարձ ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքին, իսկ դրա ընդունումը կվտանգի դատավորների ու դատական համակարգի անկախությունը: Դիտողություններն ու առաջարկությունները ստորագրել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Դավիթ Հարությունյանը, Զարուհի Նախշքարյանը, Արթուր Ստեփանյանը, Արման Հովհաննիսյան, Դավիթ Բալայան, ինչպես նաեւ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Ալեքսանդր Ազարյանը, Վազգեն Ռշտունին, Արշակ Վարդանյանը, Մխիթար Պապոյանը։ Տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «ՀՀ արդարադատության նախարար պարոն Կարեն Անդրեասյանին Հարգելի՛ պարոն Անդրեասյան, Դատարաններ է ուղարկվել արդարադատության նախարարության՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու   մասին» սահմանադրական օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագիծ) և Նախագծի հիմնավորումը՝ խնդրելով հնարավորինս սեղմ ժամկետում ներկայացնել Նախագծերի վերաբերյալ դիտողություններն ու առաջարկությունները: Նախագծերն ու նամակը դատավորներին է տրամադրվել մասնավորապես 2021թվականի դեկտեմբերի 14-ին: Նախագծով առաջարկվում է մասնավորապես Օրենքի 86-րդ հոդվածի 3-րդ մասի 1- ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ «1) անհամատեղելիության պահանջները խախտելու դեպքում: Սույն կետով նախատեսված անհամատեղելիության պահանջների խախտում է համարվում նաև դատավորի կողմից մարդու հիմնարար իրավունքի՝ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտով արձանագրված միտումնավոր խախտում կատարած լինելու փաստը, եթե Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարանի կամ այլ միջազգային ատյանի կայացրած ակտն ուժի մեջ մտնելուց հետո չի անցել տասնհինգ տարի»: Այսպես` Ըստ նախագծի <<Հիմնավորման>>. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթի   (այսուհետ՝ Նախագծերի   փաթեթ) ընդունումը   պայմանավորված է դատավորների լիազորությունների դադարեցման և կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ օրենսդրությամբ նախատեսված հիմքերի հստակեցման անհրաժեշտությամբ:Ներկայումս դատավորների, այդ թվում սահմանադրական դատարանի դատավորների անհամատեղելիության պահանջներն ու կարգապահական պատասխանատվության օրենսդրական մեխանիզմներն անորոշ են, առկա են բացեր: (…) Միևնույն ժամանակ, հաշվի առնելով այն, որ դատական ակտերի վերանայումը, առավել ևս միջազգային դատարանների կողմից որոշումների կայացումը ժամանակատար գործընթաց է, Նախագծերի փաթեթով նախատեսվում է սույն կարգավորմանը տալ հետադարձ ուժ: Հետադարձության արգելքի պահանջը խստորեն պահպանելը վերաբերում   է քրեական օրենքին, մինչդեռ պրակտիկան ցույց է տալիս, որ իրավունքի մնացած ճյուղերը չեն բացառում այդ արգելքի շրջանցումը՝ պայմանավորված որոշակի հանգամանքներով: Հիմնականում նման անհրաժեշտություն է առաջանում պետական քաղաքականության իրավաչափ նպատակներից ելնելով: Այսպես, դատական պրակտիկայում առանձնացվել են որոշակի չափանիշներ, որոնց առկայությունը թույլ է տալիս օրենքի այս կամ այն կարգավորմանը հաղորդել հետադարձություն: Ամերիկյան դատական պրակտիկայում գործերից մեկով մատնանշվել է, որ հետադարձությունն ընդունելի է, եթե միտված է օրենսդրի իրավաչափ նպատակների իրականացմանը: Անգլիական դատական պրակտիկայում, ինչպես նաև ՄԻԵԴ նախադեպային իրավունքում հետադարձությունն իրավաչափ և արդարացված դիտելու համար կարևոր չափանիշ է համարվում հանրային շահի առկայությունը: (…) ՄԻԵԴ-ը հետադարձ ուժի կիրառման հարցին անդրադարձ է կատարել նաև այլ պետություններում դատաիրավական բարեփոխումների շրջանակում իրականացվող կարգապահական գործընթացների համատեքստում: Այսպես, ՄԻԵԴ-ը 15227/19 (case of Xhoxhaj v. Albania) գործի շրջանակներում անդրադառնալով դատավորների նախկինում կուտակված գույքի ուսումնասիրությանը նշել է, որ դատավորի մասնագիտական կյանքի ընթացքում կուտակված անձնական կամ   ընտանեկան ունեցվածքի գնահատման գործընթացը (…) չի հակասում ՄԻԵԿ 6-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումներին, իրավական որոշակիության սկզբունքի ենթադրյալ խախտման տեսանկյունից: Այսպիսով, տեսնում ենք, որ բացառիկ դեպքերում՝ հանրային շահով պայմանավորված հետադարձությունը կարող է համարվել թույլատրելի:Մեր համոզմամբ, նախագծով առաջարկվող փոփոխությունն անթույլատրելի է, ուղղակիորեն հակասում է՝ թե իրավական որոշակիության և թե օրենքի հետադարձ ուժի կիրառման անթույլատրելիության սկզբունքին: Նախագծի պատճառաբանությունների համատեքստում տեղին է կամ զուր չէ հիշեցնել ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի կարգավորումը, որը հստակ սահմանում է. Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն: Նշվածը բավարար է, փաստելու, որ նախագիծը մեղմ ասած խնդրահարույց է սահմանադրականության տեսանկյունից, կարող է նպատակ հետապնդել ապօրինաբար՝ մասնավորապես՝ խտրական, օրենքի առջև հավասարության, իրավական որոշակիության ու օրենքի հետադարձ ուժի գործողության սկզբունքների անտեսմամբ դադարեցնել որոշակի խումբ դատավորների լիազորություններ: Ընդհանուր առմամբ նշված նախագծի ընդունմամբ առավելապես կվտանգվի դատավորների ու դատական համակարգի անկախությունը: Սահմանադրական կարգավորումն առավել քան բավարար է փաստելու Նախագծի անընդունելի լինելու հանգամանքը, ինչևէ, հարկ է անդրադառնալ նաև դրա հիմնավորումներին: Այսպես՝ Նախագծում նշվել է, թե <<Հետադարձության արգելքի պահանջը խստորեն պահպանելը վերաբերում է   քրեական   օրենքին, մինչդեռ պրակտիկան ցույց է   տալիս, որ իրավունքի մնացած ճյուղերը չեն բացառում այդ արգելքի շրջանցումը՝ պայմանավորված որոշակի հանգամանքներով: Հիմնականում նման անհրաժեշտություն է առաջանում պետական քաղաքականության իրավաչափ նպատակներից ելնելով>>: Այս կապակցությամբ պետք է նշել, որ միտքը սխալ է ձևակերպված, կամ իրականությանը չի համապատասխանում: Հետադարձ ուժի կանոնի պրակտիկա չկա. ուղղակի հակասում է Սահմանադրությանը, իսկ եթե նույնիսկ նման պրակտիկա հայտնի է հեղինակին, ապա դա չի նշանակում, թե այն պետք է օրինականացնել՝ նախատեսելով սահմանադրական օրենքում: Ինչ վերաբերում է, թե հետադարձության արգելքի պահանջը խստորեն պահպանելը վերաբերում է քրեական օրենքին, սակայն պետք է փաստել, որ այն թերևս ոչ այդքան խստորեն կամ նույնչափ խստությամբ միանգամայն վերաբերելի է նաև այլ իրավահարաբերություններին, մասնավորապես՝ դատավորների կարգապահական վարույթներին կամ իրավախախտումների կապակցությամբ որևէ անձի վիճակը վատթարացնող ցանկացած իրավակարգավորման:Հակառակ մոտեցում ունենալու պարագայում ուշադրության է արժանի ՄԻԵԴ 21722/11 (case of OLEKSANDR VOLKOV v. UKRAINE) գործի մասնավորապես 137- րդ, 143-րդ կետերը, որով հստակ արձանագրվել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված որոշակիության սկզբունքը՝ կապված վաղեմության ժամկետների չնախատեսելու կամ հետադարձ ուժ կիրառելու մասով հավասարապես վերաբերելի են նաև կարգապահական վարույթների ու այլ իրավախախտումների նկատմամբ, ինչը պայմանավորող պետությունների ներպետական իրավական համակարգի բաղկացուցիչ մասն է կազմում:Ինչ վերաբերում է <<Հիմնավորման>> մեջ նշված ՄԻԵԴ 15227/19 (case of Xhoxhaj v. Albania) գործին, ապա այն վերաբերելի օրինակ չէ: Նույն այդ վկայակոչած գործի իրավական դիրքորոշումներում բացահայտված է ու զուգահեռներ են տարվում ՄԻԵԴ 21722/11 (case of OLEKSANDR VOLKOV v. UKRAINE) գործի հետ՝ հստակ ամրագրելով դրանց էական տարբերությունը. ալբանական օրինակը վերաբերում է գույքային ստուգման կանոններին: Դեռ ավելին, թեև էական չէ, սակայն կարծում ենք, որ ալբանական փորձը այն դրական ուղենիշը չէ, որին պետք է ձգտենք դատաիրավական բարեփոխումների շրջանակներում, ինչում էլ երևի թե համոզվել են այնտեղից վերջերս վերադարձած մեր՝ տարբեր կառույցներից բաղկացած պատվիրակության անդամները:Այսպիսով՝ համոզված ենք, որ նշված փոփոխություններն ընդունվելու դեպքում կհանգեցնեն դատավորների նկատմամբ անհիմն վարույթների հարուցման, լիազորությունների դադարեցման և այլն, ինչն ուղղակիորեն վտանգում է դատարանների անկախությունը:Միևնույն ժամանակ միանգամայն համաձայն ենք Նախագծի հեղինակի հետ այն մասով, որ դատավորների լիազորությունների դադարեցման և կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ օրենսդրությամբ նախատեսված հիմքերի հստակեցման անհրաժեշտություն է առկա, Օրենսգրքի 142-րդ հոդվածն անորոշ է, մասնավորապես, պարզ չէ թե նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտման փաստը ինչպես է հաստատված համարվում: Այս առումով առաջարկում ենք ներկայացնել անհստակությունները կարգավորող նախագիծ, ինչպես նաև կարգապահական վարույթ հարուցելու սուբյեկտների շարքից հանել արդարադատության նախարարին՝ մասնավորապես ի կատարումն Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների և ի նպաստ դատական համակարգի անկախության ապահովման»:   
20:13 - 22 մարտի, 2022
Արդարադատության փոխնախարար Մինասյանի գլխավորությամբ կայացել է  դատաիրավական բարեփոխումների թեմայով հանրային քննարկում

Արդարադատության փոխնախարար Մինասյանի գլխավորությամբ կայացել է դատաիրավական բարեփոխումների թեմայով հանրային քննարկում

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգորի Մինասյանի գլխավորությամբ մարտի 18-ին, տեղի է ունեցել քննարկում՝  ՀՀ  դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի վերաբերյալ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Ռազմավարությունը մշակելիս հաշվի են առնվել ինչպես 2019-2023 թվականների ռազմավարությամբ նախատեսված և թերի կատարված միջոցառումների կատարման անհրաժեշտությունը, այնպես էլ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում և դատական իշխանությունում առկա խնդիրների վերաբերյալ այն նկատառումները և առաջարկությունները, որոնք ներկայացվել են տարբեր շահագրգիռ անձանց կողմից: «Միջոցառումը նպատակ ունի հավաքագրելու այն բոլոր խնդիրներն ու մտահոգությունները, որոնք հուզում են մեր հասարակությանը»,- քննարկման ժամանակ նշեց Գրիգոր Մինասյանը: Դատաիրավական բարեփոխումների ողջ ընթացքն իրականացվում է միջազգային գործընկերների աջակցությամբ՝ ԵՄ «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակում»,- ասվում է հաղորդագրության մեջ: «Արդարադատության միասնական էլեկտրոնային համակարգի մշակումը միշտ եղել է Կառավարության առաջնահերթություններից: Այս ընթացքում տարբեր աշխատանքներ են իրականացվել, բայց դեռ կան շատ անելիքներ միասնական E-justice էլեկտրոնային հարթակի մշակման և գործարկման ուղղությամբ: Այն իր մեջ պետք է միավորի արդարադատության ոլորտի թվայնացման բոլոր գործընթացները»,- քննարկմանը նշել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն հիմնադրամի» տնօրեն Տիգրան Դադունցը: Քննարկմանը ներկայացվել են ՀՀ  դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի վերաբերյալ ռազմավարական 14 նպատակները, որոնք արտացոլում են դատաիրավական ոլորտում Կառավարության առաջնահերթությունները։ Նշվում է, որ առաջիկայում նախատեսվում է իրականացնել նաև ոլորտային քննարկումներ, որոնց կմասնակցեն շահագրգիռ կողմերը։
22:35 - 18 մարտի, 2022
Վերանորոգման հրատապ կարիք, տարրական պայմանների բացակայություն, տասնյակ խախտումներ. Պաշտպանն այցելել է «Աբովյան» ՔԿՀ

Վերանորոգման հրատապ կարիք, տարրական պայմանների բացակայություն, տասնյակ խախտումներ. Պաշտպանն այցելել է «Աբովյան» ՔԿՀ

Մարտի 16-ին Մարդու իրավունքների պաշտպանը Պաշտպանի աշխատակազմի, այդ թվում՝ կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներն իրականացնող ստորաբաժանման ներկայացուցիչների հետ, այցելել է ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ: ՄԻՊ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ այցի շրջանակներում ուսումնասիրվել են քրեակատարողական հիմնարկում պահվող կին և անչափահաս ազատությունից զրկված անձանց պահման պայմանները, վերջիններիս առողջության պահապանման և կրթության իրավունքների ապահովման վիճակը, արտաքին աշխարհի հետ կապը, վերասոցիալականացմանն առնչվող հարցերը և այլն: Պաշտպանը առանձնազրույցներ է ունեցել ազատությունից զրկված կանանց և անչափահասների հետ: Արձանագրվել են հետևյալ հիմնական խնդիրները. քրեակատարողական հիմնարկի շենքային պայմանները խիստ անբավարար են. այցի ընթացքում հիմնարկի միջանցքներում և որոշ խցերում բարձր է եղել խոնավության մակարդակը, պատերի ծեփամածիկը եղել է թափված, առկա է եղել վերանորոգման հրատապ անհրաժեշտություն, բացակայում են հղի կամ իրենց մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող կալանավորված անձանց և դատապարտյալների համար նախատեսված խցերը կամ կացարանները, ինչպես նաև վերջիններիս համար հարմարեցված սանհանգույցները և լոգարանները, ծնողների հետ բնակվող մինչև երեք տարեկան երեխաների համար նախատեսված չեն կահավորված զբոսաբակեր, խաղահրապարակներ, խցերն ապահովված չեն ծնողի հետ բնակվող մինչև երեք տարեկան երեխաների համար նախատեսված մանկական կահույքով, որոշ դեպքերում նաև մանկական մահճակալով, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Աբովյան» ստորաբաժանումում առկա չեն մանկահասակ երեխաների առաջին բժշկական օգնության համար նախատեսված դեղամիջոցներ (օրինակ՝ ջերմիջեցնողներ), ատամնաբուժական կաբինետում առկա է եղել ժամկետանց դեղորայք, ազատությունից զրկված անձինք իրենց դժգոհությունն են հայտնել քրեակատարողական հիմնարկում սննդով ապահովելու գործառույթով պատվիրակված մասնավոր ընկերության կողմից պատրաստվող սննդի որակի և բազմազանության կապակցությամբ. առկա են մանկահասակ երեխաներին օրենսդրությամբ սահմանված սննդի համապատասխան չափաբաժիններով և տեսականիով ապահովման հետ կապված խնդիրներ, միայնակ պահվող ազատությունից զրկված անչափահասները զրկված են բավարար մարդկային շփման հնարավորությունից, առկա են ազատությունից զրկված օտարերկրացի քաղաքացիների հաղորդակցման և դրանով պայմանավորված՝ վերջիններիս իրավունքների ապահովման խնդիրներ: Հարկ է նշել, որ այցի արդյունքում արձանագրվել են նաև դրական տեղաշարժեր, մասնավորապես՝ ողջունելի են ազատությունից զրկված անձանց համար իրականացվող հանրակրթական ծրագրերը և դրանցում վերջիններիս ներգրավվածությունը: Վեր հանված խնդիրները քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի, ինչպես նաև «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Աբովյան» ստորաբաժանման բժշկական անձնակազմի հետ: Արձանագրված խնդիրները սահմանված կարգով կամփոփվեն և դրանց լուծմանն ուղղված առաջարկների հետ միասին կներկայացվեն ոլորտի իրավասու մարմիններին: Այցի ընթացքում քրեակատարողական հիմնարկի վարչակազմը և բժշկական անձնակազմն ակտիվ համագործակցել են Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների հետ իրենց լիազորություններն իրականացնելիս, և աշխատանքի խոչընդոտներ չեն առաջացել: Արձանագրված խնդիրները կամփոփվեն և լուծմանն ուղղված առաջարկներով կներկայացվեն իրավասու մարմնին:
12:35 - 17 մարտի, 2022