ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

Չեխիայի արդարադատության նախարար Մարիյե Բենեշովան հանդիպել է երկրում ՀՀ դեսպանի հետ

Չեխիայի արդարադատության նախարար Մարիյե Բենեշովան հանդիպել է երկրում ՀՀ դեսպանի հետ

Մայիսի 27-ին Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանին ընդունեց Չեխիայի արդարադատության նախարար Մարիյե Բենեշովան (Marie Benešová):ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեսպանը շնորհավորեց Մարիյե Բենեշովային նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Նախարարը, ողջունելով ՀՀ նորանշանակ դեսպանին, բարձր գնահատական տվեց Հայաստանի և Չեխիայի միջև ընթացող քաղաքական երկխոսությանը, ինչպես երկկողմ և բազմակողմ մակարդակներով, այնպես էլ՝ ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին արդարադատության բնագավառում հայ-չեխական համագործակցության հարցեր, կարևորվեց Չեխիայի անցումային շրջանի փորձի ուսումնասիրումը: Աշոտ Հովակիմյանը նախարարին մանրամասն ներկայացրեց Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված գործընթացները, ինչպես նաև տրամադրեց նախաձեռնվող դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ տեղեկատվություն:
06:10 - 30 մայիսի, 2019
Հայաստանը և Ուրուգվայը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 27-ամյակը |azatutyun.am|

Հայաստանը և Ուրուգվայը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 27-ամյակը |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը և Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարարությունը հրապարակել են մամլո հաղորդագրություններ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 27-ամյակի առթիվ։Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում ասված է․«Մայիսի 27-ին լրանում է Հայաստանի և Ուրուգվայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 27-ամյակը:Անցած տարիների ընթացքում փոխադարձ հարգանքի և համակրանքի հիման վրա երկու պետությունների և ժողովուրդների միջև հաստատվել են ջերմ բարեկամության և սերտ համագործակցության կապեր: Երևանում Ուրուգվայի գլխավոր հյուպատոսության հիմնումը նոր խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։Գոհունակությամբ պետք է նշել, որ հայ-ուրուգվայական հարաբերություններում կարևոր դերակատարություն ունի հայ համայնքը, որը հաստատվել է Ուրուգվայում Մեծ Եղեռնից հետո: Ցեղասպանության ճանաչման գործընթացում Ուրուգվայը ստանձնեց առաջամարտիկի դերը՝ օրինակ ծառայելով ամբողջ աշխարհին և այդպիսով ցույց տալով իր հավատարմությունը համամարդկային արժեքներին։Հայաստանը բարձր է գնահատում Ուրուգվայի աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը միտված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խորին համոզմունք է հայտնում, որ ապագայում Հայաստանի և Ուրուգվայի հարաբերությունները է՛լ ավելի կզարգանան և կամրապնդվեն՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների»:Ուրուգվայի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում, որը տեղադրված նախարարության պաշտոնական կայքէջում, նշվում է, որ եղբայրական կապերը արմատավորվել են հազարավոր հայերի կարևոր գաղթով 20-րդ դարի սկզբում, որոնք մեծ ներդրում են ունեցել երկրի հասարակական և տնտեսական զարգացման գործում։«27 տարվա ընթացքում Հայաստանի և Ուրուգվայը ամրապնդել են երկկողմ հարաբերությունները՝ հիմնված փոխադարձ հարգանքի և միջազգային իրավունքի հանդեպ համաձայնեցված քաղաքականության շնորհիվ։Կարևորելով մարդու իրավունքների պաշտպանությունը և իրավական պետության առկայությունը՝ Ուրուգվայն ու Հայաստանը համաձայն են, որ միջազգային խաղաղությունը և անվտանգությունը պետք է հիմնված լինեն այն սկզբունքների վրա, որոնք են՝ հակամարտությունների խաղաղ կարգավորումը, ուժի կամ ուժի սպառնալիքի բացառումը, պետությունների տարածքային ամբողջականությունը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ազատ արտահայտումը։Երևանում վերջերս Ուրուգվայի գլխավոր հյուպատոսության բացումը վկայում է, որ երկու երկիրների միջև կան գերազանց հարաբերություններ, և այն մի քայլ առաջ է՝ ամրապնդելու համար երկու ժողովուրդների միջև բարեկամությունն ու համագործակցությունը», - ասված է Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարարության հաղորդագրությունում:
06:07 - 28 մայիսի, 2019
Հայաստանի ԱԳ նախարարն ընդունեց Իռլանդիայի արտաքին գործերի և առևտրի դեպարտամենտի ԵՄ հարցերով գլխավոր քարտուղար Ռորի Մոնթգոմերիին

Հայաստանի ԱԳ նախարարն ընդունեց Իռլանդիայի արտաքին գործերի և առևտրի դեպարտամենտի ԵՄ հարցերով գլխավոր քարտուղար Ռորի Մոնթգոմերիին

Մայիսի 27-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Իռլանդիայի արտաքին գործերի և առևտրի դեպարտամենտի ԵՄ հարցերով գլխավոր քարտուղար Ռորի Մոնթգոմերիին և Հայաստանում Իռլանդիայի դեսպան Մայքլ Ֆորբսին։ Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանն ընդգծեց Հայաստանի պատրաստակամությունը գործնական քայլեր ձեռնարկելու առկա մեծ ներուժի հիման վրա հայ-իռլանդական երկկողմ օրակարգի առավել խորացման և հարստացման ուղղությամբ: Որպես համագործակցության կարևոր ուղղություն զրուցակիցներն առանձնացրեցին բարձր տեխնոլոգիաների, նորարարության, ստեղագործ կրթության ոլորտներում փորձի փոխանակմանն ուղղված ծրագրերի նախաձեռնումը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ և բազմակողմ օրակարգի մի շարք հարցերի շուրջ՝ այդ առնչությամբ գոhունակություն հայտնելով միջազգային կառույցներում երկու երկրների միջև համագործակցության և փոխադարձ աջակցության կապակցությամբ: Անդրադարձ կատարելով ՀՀ-ԵՄ հարաբերություններին՝ Զոհրաբ Մնացականյանն առանձնահատուկ կարևորեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, հատկապես Հայաստանում ընթացող բարեփոխումների իրականացման գործընթացի և Կառավարության՝ զարգացման օրակարգի առաջմղմանն ուղղված ջանքերի համատեքստում։ Նույն օրն իռլանդական պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, ինչպես նաև՝ շրջայց կատարեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, որից հետո գրառում կատարեց Հուշամատյանում։
17:00 - 27 մայիսի, 2019
Հայաստանի և Չինաստանի միջև առանց վիզայի ռեժիմն ուժի մեջ կմտնի համաձայնագրի վավերացման ընթացակարգերի ավարտից հետո. ԱԳՆ խոսնակ |armenpress.am|

Հայաստանի և Չինաստանի միջև առանց վիզայի ռեժիմն ուժի մեջ կմտնի համաձայնագրի վավերացման ընթացակարգերի ավարտից հետո. ԱԳՆ խոսնակ |armenpress.am|

armenpress.am։ Հայաստանի և Չինաստանի արտաքին գործերի նախարարների միջև ստորագրված մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի երկու պետությունների կողմից դրա վավերացման ընթացակարգերի ավարտից հետո. մինչ այդ կգործի վիզաների առկա համակարգը։ Այս մասին նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:-Հայաստանի և Չինաստանի ԱԳ նախարարները մայիսի 25-ին ստորագրեցին սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին համաձայնագիր: Կարող եք նշել, թե երբ հնարավոր կլինի ակնկալել այդ համաձայնագրի ուժի մեջ մտնելը: -Գիտեք, ստորագրված միջազգային պայմանագիրն ուժի մեջ է մտնում երկու պետությունների կողմից դրա վավերացման կամ հաստատման ընթացակարգերի ավարտից հետո։ Տվյալ համաձայնագրի առնչությամբ նշեմ, որ երկու կողմից այդ ընթացակարգերի ավարտից հետո ԱԳՆ֊ն հանրությանը կիրազեկի համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվա մասին: Մինչև պայմանագրի ուժի մեջ մտնելը երկու երկրների միջև դեռևս գործում է վիզաների առկա համակարգը:
11:50 - 27 մայիսի, 2019
Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասիստական դրսևորումներն անհնար դարձրին Մխիթարյանի մեկնելը Բաքու. ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը CNN-ին

Ադրբեջանում հայերի նկատմամբ ռասիստական դրսևորումներն անհնար դարձրին Մխիթարյանի մեկնելը Բաքու. ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը CNN-ին

Ադրբեջանն անդառնալիորեն բաց թողեց հնարավորությունը Եվրոպայի լիգայի եզրափակչի միջոցով կյանքի կոչելու սպորտը քաղաքականությունից տարանջատելու իր հանձնառությունը: Այս մասին ամերիկյան CNN-ին տված մեկնաբանության մեջ ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով խնդրին, որ անբավարար անվտանգության երաշխիքների պատճառով «Արսենալ»-ի կազմում Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը, որը տեղի կունենա Բաքվում: «Ադրբեջանական հասարակությունում և մամուլում հայերի նկատմամբ ռասիստական դրսևորումների հանդեպ հանդուրժողականությունը և անվտանգության բացահայտ ռիսկերը անհնարին դարձրեցին «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` իր թիմի հետ Բաքու մեկնելը: Եվրոպայի լիգայի եզրափակիչը կարող էր լավ հնարավորություն լինել Ադրբեջանի համար՝ կյանքի կոչելու իր իսկ կողմից ստանձնած հանձնառությունը՝ տարանջատել սպորտը քաղաքականությունից, ինչպես նաև ի ցույց դնել հանդուրժողականության և ոչ խտրական վերաբերմունք ցուցաբերելու իր կարողությունը։ Այս հնարավորությունը անդառնալի կերպով բաց թողնվեց»,- նշել է Նաղդալյանը։ Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը կկայանա Բաքվում, մայիսի 29-ին: Եզրափակիչ խաղում միմյանց դեմ կմրցեն Լոնդոնը ներկայացնող երկու ակումբները՝ «Արսենալ»-ը և «Չելսի»-ն: «Արսենալ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը պաշտոնապես հայտնել էր, որ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու: Ակումբն այդ որոշումն ընդունել է հայազգի մարզիկի անվտանգությունը երաշխավորելու համար՝ հաշվի առնելով Ադրբեջանի մայրաքաղաքում Մխիթարյանի նկատմամբ ագրեսիվ վերաբերմունքի հավանականությունը: Ուշագրավ է, որ ադրբեջանական կողմը պնդում է, թե տրամադրել է բոլոր հնարավոր երաշխիքները, որպեսզի Մխիթարյանը մասնակցի Բաքվում կայանալիք եզրափակչին: Ադրբեջանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ազադ Ռահիմովը նույն CNN-ի հետ զրույցում անգամ հեգնել էր՝ ասելով. «Ի՞նչ հավելյալ երաշխիքներ են պետք: Ավելին քան երաշխի՞ք: Ավելի քան 100 տոկո՞սը: Մենք արել ենք հնարավոր ամեն բան: Ուրիշ ի՞նչ պետք է անեինք: Մասնավոր ինքնաթի՞ռ ուղարկեինք: Ուղեկցեինք F16 ռազմական կործանիչներով կամ ռազմանավերո՞վ»: Երբ Լոնդոնի «Արսենալ»-ը պաշտոնապես հաստատեց, որ թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցելու Եվրոպայի լիգայի եզրափակիչ «Արսենալ»-«Չելսի» հանդիպմանը Բաքվում՝ ելնելով անվտանգության նկատառումներից, խաղը Բաքվում անցկացնելու որոշումն ավելի փոթորկեց երկրպագուների և բազմաթիվ սպորտային մեկնաբանների ու ֆուտբոլային վերլուծաբանների դժգոհությունը: Ֆուտբոլային վերլուծաբանների կողմից հնչել են անգամ հանդիպումը երկու ակումբների կողմից բոյկոտելու առաջարկներ:
08:40 - 25 մայիսի, 2019
Կառավարության օրակարգում կանանց իրավունքներին հատուկ ուշադրություն է հատկացված. ԱԳ նախարար

Կառավարության օրակարգում կանանց իրավունքներին հատուկ ուշադրություն է հատկացված. ԱԳ նախարար

Մայիսի 20-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականի տեղակալ, UN Women-ի գործադիր տնօրենի տեղակալ Օսա Ռեգներին: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից:Ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանը ներկայացրեց Հայաստանում գենդերային հավասարության պաշտպանության ու կանանց առաջխաղացման ուղղությամբ վերջին ձեռքբերումները` ընդգծելով, որ կառավարության օրակարգում կանանց իրավունքներին հատուկ ուշադրություն է հատկացված: Նախարարն անդրադարձավ այս խնդիրներում առկա մարտահրավերներին և դրանց հաղթահարման հնարավոր ուղիներին: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձ կատարեց 2020-2021թթ. ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովում Հայաստանի նախագահությանը, Տնտեսական և սոցիալական խորհրդում և Մարդու իրավունքների խորհրդում, Եվրոպայի խորհրդում, ԵԱՀԿ-ում, Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունում Հայաստանի քայլերին և նախաձեռնություններին:Օսա Ռեգները UN Women-ի լիակատար աջակցությունը հայտնեց կանանց իրավունքների բնագավառում ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերին և ներկայացրեց համագործակցության մի շարք առաջարկներ:
09:25 - 21 մայիսի, 2019
Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի 70-ամյակին նվիրված նախարարական համաժողովին |news.am|

Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի 70-ամյակին նվիրված նախարարական համաժողովին |news.am|

news.am։ Մայիսի 17-ին աշխատանքային այցով Հելսինկիում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 129-րդ նստաշրջանին, որը նվիրված էր նաեւ Եվրոպայի խորհրդի 70-ամյակին:Հյուրերին ուղղված ողջույնի խոսքերով հանդես եկան Ֆինլանդիայի վարչապետ Յուխա Սիպիլյան, ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ Թիմո Սոինին եւ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը: Նախարար Մնացականյանը, շնորհավորելով բոլորին կառույցի 70-ամյակի կապակցությամբ, իր ելույթում նշեց. «Մեր հավաքական հանձնառություններին ուղղված բազմաթիվ մարտահրավերների լույսի ներքո եվրոպական միասնությունը պարտադիր պահանջ է: Ժողովրդավարության արժեքների եւ մարդու իրավունքների պաշտպանության անտեսումը, ինչպես նաեւ դրանց ձախողումների հանդուրժումը հանգեցնում են հավաքական ամնեզիայի: Մենք մոռանում ենք, որ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները եւ օրենքի գերակայությունն անցյալ 70 տարիների դժվարին աշխատանքի արդյունքն են: Մենք պետք է հիշենք, որ Եվրոպայում ժողովրդավարական հասարակության այլընտրանքներն աղետալի են: Համընդհանուր ժողովրդավարական եվրոպական տարածքը հենց այնպես չի տրվել: Թե՛ մեր ազգային եւ թե՛ մեր հավաքական եվրոպական հաստատությունները հետեւողական ապրապնդման կարիք ունեն»: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն հայտնեց Ֆինլանդիային Նախարարների խորհրդում արդյունավետ նախագահության համար եւ հաջողություն մաղթեց Ֆրանսիային իր հետագա նախաձեռնություններում:Նստաշրջանի ավարտին կազմակերպության նախագահությունը Ֆինլանդիայից փոխանցվեց Ֆրանսիային:
13:00 - 18 մայիսի, 2019
Գերմանիայում ՀՀ դեսպանը Հալլեում մասնակցել է «Լևոն 1-ին. անդրծովյան տարածքների հայոց թագավոր» ցուցահանդեսի բացմանը |armenpress.am|

Գերմանիայում ՀՀ դեսպանը Հալլեում մասնակցել է «Լևոն 1-ին. անդրծովյան տարածքների հայոց թագավոր» ցուցահանդեսի բացմանը |armenpress.am|

armenpress.am։ Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն մայիսի 17-ին աշխատանքային այցով եղել է Սաքսոնիա-Անհալթ երկրամաս։ Այցի ընթացքում դեսպանին ընդունել է երկրամասի կրթության նախարար Մարկո Թուլլները: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։«Բարձր գնահատելով կրթության ոլորտում Սաքսոնիա-Անհալթի և Հայաստանի միջև ակտիվ համագործակցությունը` զրուցակիցները մանրամասն քննարկեցին այդ ուղղությամբ ձեռնարկվելիք հետագա քայլերը։ՀՀ դեսպանին ընդունեց նաև Հալլեի քաղաքապետ Բերնդ Վիգանդը։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց քաղաքային գործընկերության հեռանկարներին։ Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց գործնական քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ։Այցի շրջանակներում Հալլեի Մորիցբուրգ արվեստի թանգարանում «Լևոն 1-ին. անդրծովյան տարածքների հայոց թագավոր» ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությանը դեսպան Սմբատյանը հանդես եկավ ողջույնի խոսքով: Դեսպանը, մասնավորապես, անդրադարձավ դեռ միջնադարում հայկական մետաղադրամների պատմական նշանակությանը և դերին»,- նշված է հաղորդագրության մեջ։
17:52 - 17 մայիսի, 2019
Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսը ստացել  է Ուկրաինայի չորս մարզերում հյուպատոսական գործողություններ իրականացնելու էկզեկվատուրա |armenpress.am|

Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսը ստացել է Ուկրաինայի չորս մարզերում հյուպատոսական գործողություններ իրականացնելու էկզեկվատուրա |armenpress.am|

armenpress.am: Օդեսայում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Գևորգ Պետրոսյանն Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունում մայիսի 17-ին ստացել է Օդեսայի, Խերսոնի, Նիկոլաևի և Կիրովոգրադի մարզերում հյուպատոսական գործողություններ իրականացնելու Ուկրաինայի կառավարության հատուկ թույլտվությունը՝ էկզեկվատուրան։Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, պաշտոնական փաստաթուղթն Ուկրաինայի ԱԳՆ Երկրորդ եվրոպական վարչության գլխավոր տնօրեն Վոլոդիմիր Շկուրովի և ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանի ներկայությամբ գլխավոր հյուպատոսին է հանձնել հյուպատոսական ծառայության գլխավոր վարչության փոխտնօրեն Վալերիյ Լոբաչը:Արարողությանը շնորհակալական խոսքով ելույթ է ունեցել Գևորգ Պետրոսյանը։ Հայ դիվանագետը ներկաներին վստահեցրել է, որ իր իրավասության ներքո գտնվող հյուպատոսական տարածաշրջանում կիրականացնի 1963 թվականի Վիեննայի՝ Հյուպատոսական կապերի մասին կոնվեցիայով նախատեսված գործառույթներն՝ ի պաշտպանություն այդ մարզերում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերի, ինչպես նաև՝ միջոցներ կձեռնարկի Հայաստանի և տարածաշրջանի միջև կապերի և գործակցության ընդլայնման ուղղությամբ։
17:23 - 17 մայիսի, 2019
Կառավարությունը փոխհատուցեց օտարերկրյա պետություններում տրամադրված անձնագրերի պետական տուրքը

Կառավարությունը փոխհատուցեց օտարերկրյա պետություններում տրամադրված անձնագրերի պետական տուրքը

Արտաքին գործերի նախարարությունը կառավարության կողմից մոտ 13 միլիոն դրամ ստացավ։ Գումարը տրամադրվելու է օտարերկրյա պե­տու­թյուն­ներում Հայաստանի քաղաքացու անձնագիր տալու կամ այն փո­խա­նա­կելու համար չվճարված պետական տուրքի փոխհատուցմանը։ Նախարարության փոխանցմամբ՝ այդ գումարը կառավարության պահուստային ֆոնդից վճարվելու է պետական բյուջե։ Նախարարության հաղորդմամբ՝ այս տարվա առաջին եռամսյակ տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական 219 անձնագիր, սակայն պետական տուրք չի գանձվել: Այդ անձնագրերից 71-ը տրամադրվել է Դամասկոսում, 148-ը՝ Հալեպում։«Կառավարությունն ամեն կերպ փորձում է աջակցել ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին և ՀՀ քաղաքացիներին, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը»,- նշված է կառավարություն ներկայացված որոշման նախագծում։
08:20 - 16 մայիսի, 2019
Հայաստանն ու Բելառուսը գործնական քայլեր կձեռնարկեն համագործակցության առավել ակտիվացման համար. ԱԳՆ

Հայաստանն ու Բելառուսը գործնական քայլեր կձեռնարկեն համագործակցության առավել ակտիվացման համար. ԱԳՆ

Մայիսի 14-ին Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպեց Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ, հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի բելառուս համանախագահ Բոլեսլավ Պիրշտուկի, հանձնաժողովի բելառուսական մասի անդամների և քարտուղարի հետ:Ինչպես հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից, հանդիպմանը երկուստեք ընդգծվեց տարբեր ոլորտներում Հայաստանի և Բելառուսի միջև հարաբերությունների առկա ներուժը՝ շեշտելով փոխադարձ հանձնառությունը գործնական քայլեր ձեռնարկել համագործակցության առավել ակտիվացման, ինչպես նաև օրակարգի հարստացման ուղղությամբ: Կարևորվեց նաև հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը խորհրդարանական փոխգործակցության ամրապնդման հարցում, այդ թվում՝ բազմակողմ հարթակներում։
09:53 - 15 մայիսի, 2019
Ակնկալվում է, որ Փաշինյան-Ալիեւ հանդիպումը կկայանա Վաշինգտոնում. ԱԳՆ

Ակնկալվում է, որ Փաշինյան-Ալիեւ հանդիպումը կկայանա Վաշինգտոնում. ԱԳՆ

Ակնկալվում է, որ Փաշինյան-Ալիեւ հանդիպումը կկայանա Վաշինգտոնում: Այս մասին Բրյուսելում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, հայտնում է ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը:Նրա խոսքով, այս պահին սխալ է այդ հանդիպման մասով որևէ բան ասելը. «Հյուրընկալող կողմից առաջ ընկնելը, կարծում եմ, սիրուն բան չէ: Մի փոքր էլ համբերենք, մենք սպասում ենք որոշ հստակեցումների հաջորդ փուլի համար»: Մնացականյանն անդրադարձավ նաև իր շփմանը Բրյուսելում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ.«Դա նորմալ երեւույթ է նման շրջանակներում, նման ձեւաչափերի ժամանակ։ Մենք էլ ենք մարդ եւ կարող ենք միմյանց հետ շփվել, եւ ամեն շփման ժամանակ անպայման չէ, որ պետք է անդրադառնանք ինչ-որ հարցերի, որոնց համար մենք առիթների պակաս չունենք»,- ընդգծեց նա:
07:37 - 15 մայիսի, 2019