Արցախի ԱԳՆ

Արցախի  գործադիր իշխանության մարմին, որը իրականացնում է օտար երկրների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների պետական կառավարումը։

Արցախի ԱԳՆ հայտարարությունն Ադրբեջանի կողմից Շուշիի հայերի կոտորածի 100- րդ տարելիցի առնչությամբ

Արցախի ԱԳՆ հայտարարությունն Ադրբեջանի կողմից Շուշիի հայերի կոտորածի 100- րդ տարելիցի առնչությամբ

Ներկայումս Արցախի իշխանություններն ու ժողովուրդը գործադրում են բոլոր ջանքերը Շուշիի վերածննդի և, մասնավորապես՝ 100 տարի առաջ ադրբեջանական իշխանությունների կողմից ոչնչացված քաղաքի մշակութային ժառանգության վերականգնման համար։ Այս մասին նշված է Ադրբեջանի կողմից Շուշիի հայերի կոտորածի 100-րդ տարելիցի առնչությամբ Արցախի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։ Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հայտարարությամբ ընդգծվել է. «100 տարի առաջ՝ 1920 թ. մարտի 23-ին նորաստեղծ Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության իշխանություններն իրականացրեցին այդ ժամանակ Արցախի վարչական և մշակութային կենտրոն Շուշիի հայ բնակչության կոտորածը: Այս հրեշավոր հանցագործության հետևանքով հազարավոր հայեր սպանվեցին, տասնյակ հազարավորներ ստիպված եղան դիմել փախուստի՝ լքելով իրենց տները, քաղաքի հայկական հատվածը թալանվեց, հրկիզվեց և ամբողջությամբ ավերվեց:Շուշիի ողջ մնացած հայ բնակիչները, ովքեր քաղաքի բնակչության մեծամասնությունն էին կազմում, ամբողջությամբ աքսորվեցին: Երբեմնի հայկական գեղեցիկ քաղաքի մեծ մասը դեռ երկար տարիներ մնաց ավերակների մեջ: Շուշիի հսկայական մշակութային ժառանգությունը ոչնչացվեց: Այս ոճրագործության մասշտաբներն ու դաժանությունն ապշեցրել էին կոտորածներից անմիջապես հետո Շուշի այցելած ժամանակակիցներին, ովքեր նշել են, որ ջրհորները լցված էին կանանց և երեխաների դիակներով։ Ողբերգությունն այնքան խոր հետք է թողել քաղաքի և մթնոլորտի վրա, որ նույնիսկ 10 տարի անց մռայլ տպավորություններ և ծանր զգացողություններ էր առաջացնում, ինչն արտացոլվել է քսաներորդ դարի ականավոր ռուս գրողներից մեկի՝ Օսիպ Մանդելշտամի «Ֆայտոնչին» («Фаэтонщик») բանաստեղծության մեջ։Շուշիի կոտորածը ադրբեջանական իշխանությունների՝ Արցախը նվաճելու և հպատակեցնելու`  երկու տարի տևած փորձերի գագաթնակետը դարձավ։ Հարավային Կովկաս Թուրքիայի ներխուժման արդյունքում ձևավորված Ադրբեջանի՝ Արցախի նկատմամբ անզուսպ և ոչնչով չհիմնավորված տարածքային հավակնությունները սկիզբ դրեցին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը՝ ժամանակակից ընկալմամբ։ Ադրբեջանական իշխանությունները փորձեցին թուրքական զորքերի ուղղակի աջակցությամբ հասնել իրենց նպատակին։ Հետագայում թուրք սպաները և էմիսարները շարունակեցին օժանդակություն ցուցաբերել ադրբեջանական ռազմական կազմավորումներին, այդ թվում՝ 1920 թ. Շուշիի կոտորածների կազմակերպման հարցում՝ փորձելով շարունակել հայերի ցեղասպանությունն արդեն Արևելյան Հայաստանում։ Հարավային Կովկասի հանրապետությունների խորհրդայնացմանը հաջորդած Ադրբեջանին Արցախի բռնակցմամբ խնդիրը չլուծվեց, քանի որ Արցախի հայ բնակչության հանդեպ ադրբեջանական իշխանությունների քաղաքականությունը  փոխվել էր միայն ձևով, բայց ոչ բովանդակությամբ։1980-ական թթ. վերջին և 1990-ական թթ. սկզբին Խորհրդային Միության փլուզման գործընթացի սկիզբը կրկին արդիական դարձրեց Արցախի հայ բնակչության ֆիզիկական անվտանգության խնդիրը։ Ի պատասխան Արցախի ժողովրդի՝ Հայաստանի հետ վերամիավորման խաղաղ պահանջներին, Ադրբեջանում թափ առավ հայերի զանգվածային սպանությունների և ջարդերի ալիքը։ Հազարավոր հայեր սպանվեցին և խեղումներ ստացան, հարյուր հազարավորներ՝ աքսորվեցին։ 1988-1990 թթ. հայկական ջարդերը 1920 թ. Շուշիի կոտորածների շարունակությունը դարձան և ակնառու կերպով ցույց տվեցին, որ անգամ 70 տարի անց չէին փոխվել ադրբեջանական իշխանությունների ո՛չ նպատակները և ո՛չ էլ մեթոդները։ Միայն շնորհիվ Արցախի ժողովրդի ինքնակազմակերպման, որ ստեղծել էր արդյունավետ գործող պետություն՝ բոլոր անհրաժեշտ ինստիտուտներով, ներառյալ՝ մարտունակ բանակը, ինչպես նաև համայն հայության աջակցության՝ հաջողվեց ետ մղել 1991-1994 թթ. Ադրբեջանի զինված ագրեսիան և թույլ չտալ Արցախում Շուշիի սցենարի կրկնությունը՝ սակայն արդեն ավելի մեծ մասշտաբներով։   Այսօր Արցախի իշխանություններն ու ժողովուրդը գործադրում են բոլոր ջանքերը Շուշիի վերածննդի և, մասնավորապես՝ ադրբեջանական իշխանությունների կողմից ոչնչացված քաղաքի մշակութային ժառանգության վերականգնման համար»։
20:12 - 23 մարտի, 2020
Արցախի ԱԳՆ-ն մեկնաբանել է ԱՄՆ-ի կողմից ականազերծման ծրագրի ֆինանսավորումը դադարեցնելու որոշումը

Արցախի ԱԳՆ-ն մեկնաբանել է ԱՄՆ-ի կողմից ականազերծման ծրագրի ֆինանսավորումը դադարեցնելու որոշումը

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է ԱՄՆ կողմից Արցախում «The HALO Trust»-ի նախագծերի ֆինանսավորումը դադարեցնելու մասին տեղեկատվությունը․ Հարց․ Ինչպե՞ս կմեկնաբանեք ԱՄՆ կողմից «The HALO Trust» միջազգային ոչ կառավարական կազմակերպության կողմից Արցախում իրականացվող նախագծերի ֆինանսավորումը դադարեցնելու մասին տեղեկատվությունը։ Պատասխան․ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից «The HALO Trust» կազմակերպության ներկայացրած՝ Արցախում մարդասիրական ականազերծման  ծրագրերի ֆինանսավորումն իրականացվել է՝ համաձայն նախանշված ժամանակացույցի ու հատկացված բյուջեի և ավարտվել 2020 թվականին: Սակայն  մարդասիրական ականազերծման աշխատանքներն Արցախում դեռևս ավարտված չեն, և պահպանվում են Արցախի բնակչության համար ականներով պայմանավորված վտանգները: Մարդասիրական ականազերծումն էական նշանակություն ունի Արցախի ժողովրդի համար, քանի որ ապահովում է քաղաքացիական բնակչության անվտանգությունը, տեղաշարժը և պայմաններ է ստեղծում տնտեսական և սոցիալական գործունեության համար: Այս համատեքստում ափսոսանք է առաջացնում ծրագրի ֆինանսավորումը դադարեցնելու որոշումը: Հարկ է նշել, որ ԱՄՆ Կոնգրեսը շարունակում է հաջորդ ֆինանսական տարում ԱՄՆ կողմից արտաքին ֆինանսական հատկացումների վերաբերյալ օրինագծի նախագծի շուրջ քննարկումները, և 75 կոնգրեսականներ նամակով դիմել են Կոնգրեսի հատկացումների հանձնաժողովի ղեկավարությանը՝ կոչ անելով 2021  թ. բյուջեում նախատեսել ֆինանսական միջոցների տրամադրումը Արցախում ականազերծման աշխատանքների շարունակականությունն ապահովելու համար։ Միաժամանակ, ԱՄՆ իշխանությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ դիտարկում են Արցախում այլ նախագծերի իրականացման հնարավորությունը: Լիահույս ենք, որ ամերիկյան կառավարությունը կշարունակի աջակցել Արցախում զարգացման և մարդասիրական խնդիրների լուծմանն ուղղված այլ ծրագրերի իրագործմանը։ Ցանկանում ենք նաև մեր անկեղծ երախտագիտությունը հայտնել ԱՄՆ ժողովրդին և կառավարությանը՝ երկար տարիներ Արցախին ցուցաբերվող օժանդակության համար, որոնց արդյունքում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր։
18:06 - 23 մարտի, 2020
Խստագույնս զերծ մնալ արտասահմանյան ուղևորություն կազմակերպելուց՝ հաշվի առնելով մի շարք երկրներում համաճարակային լարված իրավիճակը․ Արցախի ԱԳՆ

Խստագույնս զերծ մնալ արտասահմանյան ուղևորություն կազմակերպելուց՝ հաշվի առնելով մի շարք երկրներում համաճարակային լարված իրավիճակը․ Արցախի ԱԳՆ

Արցախի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Պայմանավորված նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածման պատճառով օտարերկրա պետություններում գործող սահմանափակումներով, ինչպես նաև Արցախի Հանրապետություն վարակի տարածումը կանխելու և հանրապետությունում համաճարակային վիճակը կայուն պահպանելու նպատակով իշխանությունների կողմից ձեռնարկվող միջոցառումներով՝ գործում են հետևյալ սահմանափակումները՝Օտարերկրյա քաղաքացիների՝ Արցախի Հանրապետություն մուտքի հետ կապվածԱրցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունների միջոցով սահմանափակված է նստավայր երկրներից պատվիրակությունների, առանձին անձանց Արցախ Հանրապետություն նախատեսված այցերը, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիներին Արցախի Հանրապետություն մուտքի արտոնագրերի տրամադրումը,Սահմանափակված է բոլոր օտարերկրյա քաղաքացիների մուտքը Արցախի Հանրապետություն՝ բացառությամբ Արցախի Հանրապետության իշխանություների կողմից նախատեսված բացառիկ դեպքերի։Արցախի Հանրապետության քաղաքացիների՝ օտարերկրյա պետություններ մուտքի և ելքի հետ կապված Արցախի Հանրապետության քաղաքացիներին հորդորում ենք՝Խստագույնս զերծ մնալ արտասահմանյան ուղևորություն կազմակերպելուց՝ հաշվի առնելով մի շարք երկրներում համաճարակային լարված իրավիճակը, ինչպես նաև նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ ձեռնարկվող քայլերի համատեքստում տարբեր երկրների կողմից կիրառվող տարբեր սահմանափակումները :Ներկայումս արտերկրում գտնվող Արցախի Հանրապետության քաղաքացիներին՝ կապ հաստատել ԱՀ ԱԳՆ Հյուպատոսական բաժնի և/կամ տվյալ երկրներում գործող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ, իսկ հայրենիք վերադառնալիս նախապես ստուգել տարանցիկ երկրներով ՀՀ ժամանման չվերթների հասանելիությունը։Նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի լայն տարածում ունեցող երկրներից վերադարձող ԱՀ քաղաքացիների վրա տարածվում է ՀՀ քաղաքացիների համար գործող կարգը (14-օրյա պարտադիր ինքնամեկուսացում, եթե որոշում չի կայացվել գտնվել հատուկ կարանտինի վայրում): Իտալիայից վերադարձող ՀՀ քաղաքացիների համար գործելու է 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմ։Օտարերկրյա պետություններ մուտքի և ելքի հետ կապված գործող սահմանափակումների վերաբերյալ տեղեկացնում ենք նաև, որ փակ է՝ՀՀ և ՌԴ միջև օդային սահմանը՝ մինչև 2020թ. մայիսի 1-ը։ Սահմանափակումը չի վերաբերում իրենց երկրներ վերադարձող ՀՀ, Արցախի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին և նրանց ընտանիքի անդամներին, օրինական հիմքերով բնակության իրավունք ունեցող անձանց։ՀՀ և Վրաստանի սահմանը։ Ըստ Վրաստանի կառավարության որոշման` մինչև 2020 թ. ապրիլի 1-ն արգելվում է բոլոր օտարերկրացիների մուտքը Վրաստանի տարածք: ՀՀ և ԱՀ քաղաքացիների համար Վրաստան մուտքն արգելված է բոլոր ճանապարհներով (հայ-վրացական, ռուս-վրացական, թուրք-վրացական սահմաններով և նաև օդային ու ծովային ճանապարհներով)։ Սահմանափակումը չի տարածվում բեռնափոխադրումների վրա։ՀՀ-ԻԻՀ սահմանը։ Սահմանափակումը չի տարածվում բեռնափոխադրումների վրա։Կոնտակտային տվյալներ՝ԱՀ ԱԳՆ Հյուպատոսական բաժինՀեռ․՝ (+374 47) 94 14 18Էլ. փոստ՝ consular[@]mfa.nkr.am»
17:21 - 20 մարտի, 2020
Խուսափել հանրապետության տարածքում օտարերկրյա քաղաքացիների մասնակցությամբ միջոցառումների անցկացումից․ Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել

Խուսափել հանրապետության տարածքում օտարերկրյա քաղաքացիների մասնակցությամբ միջոցառումների անցկացումից․ Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել

Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը հայտարորթյուն է տարածել, որում ասվում է․ «Նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի Արցախի Հանրապետություն (ԱՀ) ներթափանցումը կանխարգելելու և հանրապետությունում համաճարակային վիճակը կայուն պահպանելու նպատակով Արցախի Հանրապետության քաղաքացիներին հորդորում ենք՝ Խուսափել հանրապետության տարածքում օտարերկրյա քաղաքացիների մասնակցությամբ միջոցառումների անցկացումից։ Արտասահմանյան այցելություններ կազմակերպել խիստ անհրաժեշտության դեպքում՝ առաջնորդվելով Առողջապահության միջազգային կազմակերպության` վարակի տարածման վերաբերյալ վիճակագրությամբ։ Ժամանակավորապես խուսափել վարակի տարածման երկրներ, մասնավորապես՝ Իրանի Իսլամական Հանրապետություն, Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Կորեայի Հանրապետություն, Ճապոնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ինչպես նաև ԵՄ և այլ եվրոպական երկրներ (առավելապես՝ Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա, Իսպանիա, Շվեյցարիա, Նորվեգիա, Դանիա, Շվեդիա, Նիդերլանդներ, Միացյալ Թագավորություն, Բելգիա և Ավստրիա) այցելություններից։ Ներկայումս վերոնշյալ երկրներում գտնվող մեր քաղաքացիներին կապ հաստատել ԱՀ ԱԳՆ Հյուպատոսական բաժնի կամ տվյալ երկրներում գործող ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ։ Նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի լայն տարածում ունեցող երկրներից վերադարձող ԱՀ քաղաքացիների վրա տարածվում է ՀՀ քաղաքացիների համար գործող կարգը (14-օրյա ինքնամեկուսացում, եթե որոշում չի կայացվել գտնվել հատուկ կարանտինի վայրում): Միաժամանակ հորդորում ենք արտերկրում գտնվող և/կամ արտերկիր ուղևորություն նախատեսող ԱՀ քաղաքացիներին կապ հաստատել ԱՀ ԱԳՆ Հյուպատոսական բաժնի հետ։ Կոնտակտային տվյալներ՝ ԱՀ ԱԳՆ Հյուպատոսական բաժին Հեռ․՝ (+374 47) 94 14 18 Էլ. փոստ՝ consular[@]mfa.nkr.am»
17:10 - 16 մարտի, 2020
Բաքվի հրաժարումը «տարածքային ամբողջականության» պատրանքներից կօգնի խաղաղ գործընթացին․ Արցախի ԱԳՆ

Բաքվի հրաժարումը «տարածքային ամբողջականության» պատրանքներից կօգնի խաղաղ գործընթացին․ Արցախի ԱԳՆ

Բաքվի հրաժարումը իր «տարածքային ամբողջականությունը» վերականգնելու պատրանքներից կօգնի շարունակել խաղաղ գործընթացը, ասված է Արցախի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ: Հայտարարությամբ Արցախի ԱԳՆ-ն արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական կողմի սադրանքների արդյունքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ-ի մեկնաբանությանը: «Պաշտոնական Բաքուն փորձում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության չկարգավորվածությամբ արդարացնելու ադրբեջանական զինված ուժերի կողմից մարտի 6-ին և 10-ին իրականացված սադրանքները, ինչը տարածաշրջանային խաղաղության և անվտանգության պահպանման իրենց հանձնառությունների կատարման հարցում Ադրբեջանի իշխանությունների անպատասխանատու քաղաքականության հերթական օրինակն է: Բաքվի նմանատիպ դիրքորոշումը ևս մեկ անգամ վկայում է, որ սադրանքները կրում էին դիտավորյալ բնույթ և ուղղված էին անկայունության գոտու ընդլայնմանը», - փոխանցում են Արցախի ԱԳՆ-ից: «Այս պատերազմի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանը՝ որպես ռազմական գործողությունների և դրանց հետևողական էսկալացիայի նախաձեռնող: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը, որը սկսվել է Արցախի ժողովուրդի իրավունքների զանգվածային խախտումներով, շարունակվում է մինչ օրս հենց այն պատճառով, որ ադրբեջանական կողմը չի կամենում հրաժարվել իր ապակառուցողական քաղաքականությունից, որը տարածաշրջանային խաղաղության և անվտանգության սպառնալիքների հիմնական աղբյուրն է», - նշված է հայտարարության մեջ:
10:01 - 14 մարտի, 2020
Հայտարարվել է Կիպրոսում Արցախի հետ բարեկամական շրջանակի ստեղծման մասին

Հայտարարվել է Կիպրոսում Արցախի հետ բարեկամական շրջանակի ստեղծման մասին

Մարտի 6-ին աշխատանքային այցով Կիպրոսի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը մասնակցել է Արցախին նվիրված միջոցառմանը, որը կազմակերպվել էր Հայ Դատի Կիպրոսի հանձնախմբի նախաձեռնությամբ։ Միջոցառմանը հայտարարվել է Կիպրոսում Արցախի հետ բարեկամական շրջանակի ստեղծման մասին, որին անդամակցում են Կիպրոսի խորհրդարանի, քաղաքային խորհուրդների անդամներ, հայտնի քաղաքական գործիչներ և գիտնականներ։ Իր ելույթում ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու հանրապետությունում առկա իրողություները։ Նա նաև նշել է տարբեր մակարդակներում արտաքին հարաբերությունների հաստատման ուղղությամբ իրականացվող քայլերի մասին՝ կարևորելով խորհրդարանական դիվանագիտության ձևաչափը միջազգային գործընթացներում Արցախի ներգրավվածության ընդլայնման գործում։ Արմինե Ալեքսանյանն ընդգծել է մի շարք երկրներում գործող Արցախի հետ բարեկամության խմբերի և շրջանակների դերը՝ Արցախի մասին իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների հաստատման համար բարենպաստ պայմանների ստեղծման գործում։ Այս համատեքստում ԱԳ փոխնախարարը հատկապես կարևորել է Կիպրոսում Արցախի հետ Բարեկամության շրջանակի ստեղծումը, որը հնարավորություն կընձեռի կենտրոնացնել ջանքերը՝ ինստիտուցիոնալ մակարդակով ամրապնդելու և զարգացնելու երկու երկրների միջև համագործակցությունը, ինչպես նաև նպաստելու Կիպրոսում Արցախի ճանաչելիության բաձրացմանը և հանրապետության շահերի առաջմղմանը։ Արմինե Ալեքսանյանը բարձր է գնահատել սփյուռքի ակտիվ ներգրավվածությունը Արցախում տարբեր զարգացման ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև գործուն աջակցությունը հանրապետության արտաքին կապերի հաստատմանն ու ընդլայնմանը։ Նույն օրը Արմինե Ալեքսանյանը Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Կասպար Կարամպետյանի և Հայ Դատի Կիպրոսի հանձնախմբի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Կիպրոսի Հայոց առաջնորդարան և հանդիպում ունեցել Կիպրոսի թեմի կաթողիկոսական ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ տեր Խորեն արքեպիսկոպոս Տողրամաճեանի, ինչպես նաև Կիպրոսի հայկական կառույցների ներկայացուցիչների հետ։ Կողմերն ընդգծել են նման ձևաչափով հանդիպումների կարևորությունը՝ համահայկական նշանակության հարցերի քննարկման համար։ Արմինե Ալեքսանյանն այցելել է նաև  Նիկոսիայի  Նարեկ հայկական վարժարան, հանդիպել վարժարանի ղեկավարության և սաների հետ։
16:28 - 07 մարտի, 2020
Մեկ բառով կպատասխանեմ՝ ապատեղեկատվություն․ Մասիս Մայիլյանը՝ ՌԴ իր մուտքը 5 տարով սահմանափակելու որոշման մասին

Մեկ բառով կպատասխանեմ՝ ապատեղեկատվություն․ Մասիս Մայիլյանը՝ ՌԴ իր մուտքը 5 տարով սահմանափակելու որոշման մասին

«Հրապարակ» օրաթերթը այսօրվա համարում, հղում անելով իր աղբյուրներին, հրապարակել է մի տեղեկություն, ըստ որի` ռուսական իշխանությունները Արցախի ԱԳ նախարար, Արցախի նախագահական ընտրություններում թեկնածություն առաջադրած Մասիս Մայիլյանի եւ ՊԲ նախկին հրամանատար, Մասիս Մայիլյանի թեկնածությունն աջակցող Սամվել Բաբայանի մուտքը Ռուսաստան 5 տարով սահմանափակելու որոշում են կայացրել։ «Հրապարակը» գրել է, որ երեկոյան չի կարողացել ճշտել տեղեկությունը, դրա համար պաշտոնական հարցում է ուղարկել։ Infocom․am-ը փորձեց Արցախի Արտաքին գործերի նախարարությունից մեկնաբանություն ստանալ հարցի վերաբերյալ, սակայն լուրը ո'չ հերքեցին, ո'չ հաստատեցին՝ նշելով միայն, որ այս մասին պաշտոնական տեղեկություն չկա։ Նախագահի թեկնածուներից Մասիս Մայիլյանը Infocom․am-ի հարցին՝ այս տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե՞ ոչ, այսպես արձագանքեց․ «Ես մեկ բառով կպատասխանեմ․ ապատեղեկատվություն»։ Տեղեկությունը փորձեցինք ճշտել նաեւ Սամվել Բաբայանից, սակայն նրա հետ կապ հաստատել չհաջողվեց։ Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցության մամուլի պատասխանատու Անուշ Դոլուխանյանը Infocom.am-ի հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց տեղեկությունը՝ ասելով, որ ժամանակը կգա, պաշտոնական հրապարակմամբ հանդես կգան։ Նա նշեց, որ այս պահին Բաբայանը ՌԴ գնալու մտադրություն չունի, բայց անհրաժեշտության դեպքում հաստատ կկարողանա մուտք գործել Ռուսաստան։ Մեր ճշտող հարցին՝  «հաստատ կկարողանա գնալ ՌԴ» պնդումն արդյոք նշանակո՞ւմ է, որ նման արգելք չկա, Դոլուխանյանը պատասխանեց, որ իրենք չեն հետաքրքրվել՝ արգելք կա՞, թե՞ չկա, որովհետեւ այս պահին դա իրենց չի հետաքրքրում, Բաբայանի մուտքը ՌԴ արգելելու որոշման վերաբերյալ էլ պաշտոնական տեղեկություն չի եղել։
13:09 - 03 մարտի, 2020
Սումգայիթում հայերի կոտորածները մանրակրկիտ կերպով նախապատրաստված և ծրագրված էին Ադրբեջանի իշխանությունների կողմից. Արցախի ԱԳՆ

Սումգայիթում հայերի կոտորածները մանրակրկիտ կերպով նախապատրաստված և ծրագրված էին Ադրբեջանի իշխանությունների կողմից. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտագին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտարարություն է տարածել Սումգայիթում հայերի կոտորածների 32-րդ տարելիցի կապակցությամբ, որում ասվում է.«32 տարի առաջ՝ 1988թ. փետրվարի 27-29-ը,  Ադրբեջանական ԽՍՀ իշխանությունները Սումգայիթ քաղաքում իրականացրեցին հայ ազգաբնակչության կոտորած և բռնի տեղահանություն, որոնք ուղեկցվում էին աննախադեպ դաժանությամբ իրագործված վայրագություններով։ Երեք օր տևած զանգվածային ծեծուջարդը, սպանություններն ու բռնարարքները Բաքվի իշխանությունների պատասխանն էին արցախահայության՝ իր ինքնորոշման անկապտելի իրավունքի իրացման խաղաղ և օրինական պահանջներին։ Բազմաթիվ վկայություններ կան այն մասին, որ Սումգայիթում հայերի կոտորածները մանրակրկիտ կերպով նախապատրաստված և ծրագրված էին Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Ջարդերի նախօրեին կազմակերպված հանրահավաքներում ելույթ ունեցող քաղաքային իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչները դիմում էին ամբոխին՝ կոչ անելով պատժել հայերին և պահանջելով «սպանել ու վտարել նրանց Սումգայիթից, և, առհասարակ, Ադրբեջանից»: Գրեթե յուրաքանչյուր ելույթից հետո հնչում էր «Մա՛հ հայերին» կոչը: Իշխանությունների և իրավապահ մարմինների բացահայտ անգործության պայմաններում, ինչպես նաև վերջիններիս ուղղորդմամբ հարյուրավոր սումգայիթցի ադրբեջանցիներ, ոգեշնչված հայատյացության և բռնության կոչերով, անարգել կերպով սկսեցին հարձակումները Սումգայիթում ապրող հայերի բնակարանների վրա՝ իրենց մոտ ունենալով նրանց հասցեներով ցուցակները։Սումգայիթում  իրագործված մարդկության դեմ ուղղված հանցագործությունների իրական կազմակերպիչների և մեղավորների անպատժելիությունը պարարտ հող նախապատրաստեց հաջորդած տարիներին Ադրբեջանական ԽՍՀ ողջ տարածքում՝ Կիրովաբադում, Բաքվում և մի շարք այլ հայաշատ քաղաքներում հայերի նկատմամբ էթնիկ զտումների իրագործման համար։ Այդ քաղաքականությանը զոհ գնացին հազարավոր հայեր, իսկ հարյուր հազարավորները դարձան փախստական։Ցավոք, այսօր էլ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հայերի նկատմամբ ատելության և այլատյացության սերմանմանն ուղղված քաղաքականությունը՝ հերոսացնելով և փառաբանելով 2004 թ. Հունգարիայում հայ սպային դաժանորեն սպանած ադրբեջանցի զինծառայողին։ Նման քաղաքականության հերթական դրսևորումը դարձան 2016 թ. Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ապրիլյան պատերազմի ընթացքում Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողին գլխատող ադրբեջանցի սպայի պագրևատրումը Ադրբեջանի նախագահի կողմից, ինչպես նաև ադրբեջանական զինված ուժերի իրագործած մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտումներն ու պատերազմական հանցագործությունները։Խոնարհվում ենք սումգայիթյան ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին։ Միջազգային հանրությունը պետք է դատապարտի և հստակ ու միանշանակ գնահատական տա խաղաղ հայ ազգաբնակչության դեմ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացված ցեղասպանական գործողություններին, որը թույլ կտա ոչ միայն կանխել հետագայում նման ոճրագործությունների կրկնությունը, այլև կնպաստի Ադրբեջանում իրավիճակի առողջացմանը»։
17:21 - 28 փետրվարի, 2020
Արցախահայությունը կարողացավ իրեն պարտադրված պատերազմում պաշտպանել իր պատմական հայրենիքում ազատ ապրելու իրավունքը և ստեղծել անկախ պետականություն․ Արցախի ԱԳՆ

Արցախահայությունը կարողացավ իրեն պարտադրված պատերազմում պաշտպանել իր պատմական հայրենիքում ազատ ապրելու իրավունքը և ստեղծել անկախ պետականություն․ Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի Վերածննդի օրվա առիթով: «32 տարի առաջ՝ 1988 թ. փետրվարի 20-ին, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Ժողովրդական պատգամավորների 20-րդ գումարման խորհուրդը որոշում ընդունեց դիմել Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին՝ առաջարկելով դիտարկել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու հարցը։Այս պատմական որոշումը սկիզբ դրեց արցախահայության ազգային-ազատագրական պայքարի նոր փուլին՝ Ղարաբաղյան շարժմանը։ Այն իրապես ժողովրդավարական շարժում էր, որը պայքար էր՝ հանուն քաղաքացիական իրավունքների, ազգային ինքնության, տնտեսական իրավահավասարության և արժանապատիվ կյանքի։ Ղարաբաղյան շարժումը ամենասկզբից էլ խաղաղ բնույթ էր կրում և մարմնավորում էր Արցախի ժողովրդի ձգտումը՝ առկա իրավական մեխանիզմների հիման վրա իրացնելու իր ինքնորոշման անքակտելի իրավունքը։Ի պատասխան արցախահայության օրինական պահանջին` Բաքուն հրաժարվեց քաղաքական երկխոսությունից և Ադրբեջանական ԽՍՀ հայկական բնակչության նկատմամբ կազմակերպեց արյունալի ոճրագործություններ։ Փորձելով բռնության միջոցով ահաբեկել արցախցիներին՝ ադրբեջանական իշխանությունները ձեռնամուխ եղան Սումգայիթում, Բաքվում և Ադրբեջանի հայաշատ այլ քաղաքներում, ինչպես նաև Հյուսիսային Արցախի բնակավայրերում էթնիկ զտումների իրականացմանը, որոնք հետագայում վերաճեցին Արցախի խաղաղ բնակչության դեմ լայնածավալ ռազմական ագրեսիա սանձազերծմանը։Արցախահայությունը, սակայն, միավորվեց և կարողացավ իրեն պարտադրված պատերազմում պաշտպանել իր պատմական հայրենիքում ազատ ապրելու իրավունքը և ստեղծել անկախ պետականություն՝ Արցախի Հանրապետությունը՝ թիկունքում ունենալով համայն հայության աջակցությունը։Այսօր Արցախը հաստատակամորեն շարժվում է իր ընտրած ուղիով՝ հետևողականորեն զարգացնելով ժողովրդավարական արժեքների վրա հիմնված պետականությունը՝ որպես իր ժողովրդի ազատության և անվտանգության կարևորագույն երաշխիք»։
16:20 - 20 փետրվարի, 2020
Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակը պատրաստ է աջակցել Արցախին առնչվող գործնական ծրագրերին

Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակը պատրաստ է աջակցել Արցախին առնչվող գործնական ծրագրերին

Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի անդամները ողջունում են գործնական ծրագրեր իրականացնելու մասին Ֆրանսիայի Հանրապետության նախագահի առաջարկը և մտադիր են կապ հաստատել շահագրգիռ նախարարությունների հետ՝ ուսումնասիրելու դրանց իրականացման պայմանները:  Հունվարի 29-ին Ֆրանսիայի Հանրապետության նախագահը ելույթ է ունեցել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) ամենամյա ընթրիքին։ Երկրորդ տարին է, ինչ Էմանուել Մակրոնը մասնակցում է ամենամյա այս միջոցառմանը, ինչպես նրա նախորդները: Պատասխանելով Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի երկու համանախագահների՝ Մուրադ Փափազյանի և Արա Թորանյանի առաջադրած հարցերին՝ Հանրապետության նախագահը հայտարարել է, որ «մարդկային արժանապատվությունն ու համերաշխությունը անբաժանելի են», այնուհետև անդրադարձ է կատարել Արցախի ինքնորոշված Հանրապետության շուրջ իրավիճակին: Հիշեցնելով Ֆրանսիայի՝ իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի պատասխանատվությունը՝ Էմանուել Մակրոնը նշել է, որ Փարիզը «նախապատվությունը կտա ժողովուրդներին ի սպաս գործող իրավունքին»: «Նախևառաջ, ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներին՝ նախագահ Մակրոնին արցախցիների սպասելիքները Ֆրանսիայից՝ մեր Հանրապետությունից, որին նրանք համարում են հեղինակավոր երկիր, որը հանդես է գալիս որպես ժողովուրդների պաշտպան և  մարդու իրավունքների հիմնարար հարցերի դեպքում՝ անզիջում երկիր»,-նշել է Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեն։ Հանրապետության նախագահը մանրամասն անդրադարձ է կատարել նաև Ֆրանսիայի և Արցախի քաղաքների միջև ստորագրված բարեկամության հռչակագրերին, որոնց մեծ մասը չեղարկվել է վարչական դատարանների կողմից՝ նախարարությունների հրահանգով գործող պրեֆկետների հայցով: Կամենալով հանդարտեցնել իրավիճակը՝ Հանրապետության նախագահը ընդունել է, որ «օրենքի կիրառումը չի բացառում երկխոսությունը» և հայտարարել, որ այսուհետ կամենում է «առաջ շարժվել իրատեսական և արդյունավետ ճանապարհով»: Այս կապակցությամբ Էմանուել Մակրոնը հույս է հայտնել, որ «ուղղակի երկխոսություն կհաստատվի մի կողմից Ֆրանսիայի Արտաքին գործերի և Ներքին գործերի նախարարությունների, մյուս կողմից՝ նման մտադրություն ունեցող տեղական իշխանությունների միջև, որպեսզի մենք այս հարցում դադարենք ընդդիմանալ մեկս մյուսին և կարողանանք ավելի արդյունավետ միջոցներ գտնել»:   Մանրամասնելով իր գաղափարը՝ նախագահն առաջարկել է՝ «աշխատանքային խմբի շրջանակում քննարկենք, որպեսզի այն տեղական իշխանությունները, որոնք ցանկանում են  օժանդակություն ցուցաբերել (Արցախի) բնակչությանը, կարողանան ընդունել արդյունավետ և իրավական առումով համապատասխան որոշումներ: Եթե նպատակը մշակութային կամ մարդասիրական օժանդակությունն է, մենք կգտնենք դրանք իրականանալի դարձնելու իրավական շրջանակը»: Բարեկամության շրջանակը գոհունակությամբ է ընդունում նախագահի դիրքորոշման նման առաջընթացը և կհետևի որպեսզի այն իրագործվի: «Իմ նպատակը հենց Արցախի հետ կրթական և մարդասիրական ոլորտներում զարգացման իրական ծրագրերի իրականացումն է»,- նշել է շրջանակի անդամ, Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի քաղաքապետ Պասկալ Դոլը, ում կողմից ստորագրված Բարեկամության հռչակագիրը չեղարկվել է վարչական դատարանի կողմից: «Մոտակա շաբաթների ընթացքում շրջանակի բազմաթիվ անդամներ և ես ինքս կապ կհաստատենք Ներքին գործերի նախարարության հետ՝ ուսումնասիրելու, թե ինչպես կարելի է գործնականում նման համագործակցություն իրականացնել՝  հարգելով օրենքի գերակայությունը և Հանրապետության արժեքները»,- ընդգծել է Առնուվիլի քաղաքապետը: Բարեկամության շրջանակը պատրաստ է խթանել Արցախի տեղական ինքնակառավարման մարմինների հետ հաստատված համագործակցությունը՝ հետևելով նախագահական վերջին այս նախաձեռնությանը, և զարգացնել Ֆրանսիայի և Արցախի միջև կառուցողական հարաբերությունները:
11:37 - 12 փետրվարի, 2020
Ավստրալիայում Արցախի հետ բարեկամության շրջանակ է ձևավորվել

Ավստրալիայում Արցախի հետ բարեկամության շրջանակ է ձևավորվել

Օգոստոսի 1-ին Սիդնեյում տեղի է ունեցել Արցախի պատվիրակության անդամների հանդիպումը հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը ելույթներով հանդես են եկել պատվիրակության ղեկավար, Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը և ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը։ Բանախոսները ներկայացրել են Արցախի արտաքին և ներքին քաղաքական կյանքում առկա իրողությունները և պատասխանել ներկաների բազմաթիվ հարցերին։ Միջոցառման ժամանակ Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը հայտարարել է Ավստրալիայում Արցախի հետ բարեկամական շրջանակի ստեղծման մասին։ Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի կողմից ԱԳ նախարար Մասիս Մայիլյանին է փոխանցվել հատուկ հուշատախտակ՝ Արցախի հետ բարեկամական շրջանակի անդամների անվանացանկով։ Շրջանակին անդամակցել են Դաշնային խորհրդարանի պատգամավորներ, սենատորներ, նախարարներ, ինչպես նաև Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետը, նահանգային խորհրդարանի վերին և ստորին պալատի խոսնակները, գիտնականներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ և մշակույթի գործիչներ։ Ներկայումս շրջանակին անդամակցում են շուրջ 40 գործիչներ։ Պատվիրակության ղեկավար Մասիս Մայիլյանը վստահություն հայտնեց, որ Արցախում կձևավորվի Ավստրալիայի հետ բարեկամության համանման շրջանակ։
16:59 - 01 օգոստոսի, 2019
Արցախի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Աբխազիայի պատվիրակության հետ

Արցախի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Աբխազիայի պատվիրակության հետ

news.am: Մայիսի 31-ին Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը հանդիպել է Աբխազիայի ԱԳ նախարար Դաուր Կովեի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում են Աբխազիայի Հանրապետության նախագահի խորհրդական Վալերի Մայրոմյանը եւ Աբխազիայի հայ համայնքի ղեկավար Գալուստ Տրապիզոնյանը։ Պատվիրակությունը Ստեփանակերտ է ժամանել՝ մասնակցելու Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ConIFA) հովանու ներքո 2019 Եվրոպայի ֆուտբոլի առաջնության բացման արարողությանը։Հանդիպման ընթացքում կողմերը նշել են նմանատիպ միջոցառումների կարեւորությունը՝ երկրների եւ ժողովուրդների միջեւ ջերմ բարեկամական հարաբերությունների հաստատման եւ ընդլայնման տեսանկյունից։ Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ConIFA) հովանու ներքո 2019 Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունն անց է կացվելու հունիսի 1-10-ն Արցախում, որին կմասնակցի 8 թիմ, այդ թվում՝ Աբխազիայի հավաքականը։
11:43 - 31 մայիսի, 2019
Արցախի ԱԳՆ-ն անդրադարձել է բանակցությունների ձևաչափի և հակամարտության կարգավորման իրավական հիմքերի շուրջ Ադրբեջանի շահարկումներին

Արցախի ԱԳՆ-ն անդրադարձել է բանակցությունների ձևաչափի և հակամարտության կարգավորման իրավական հիմքերի շուրջ Ադրբեջանի շահարկումներին

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանական իշխանությունների կողմից բանակցությունների ձևաչափի և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրավական հիմքերի շուրջ շարունակվող շահարկումների կապակցությամբ: «Ադրբեջանական իշխանությունների կողմից բանակցությունների ձևաչափի և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրավական հիմքերի շուրջ շարունակվող շահարկումների կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում մի շարք դիտարկումներ անել։Ադրբեջանական իշխանությունները համառորեն փորձում են 1993 թ․ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձևերը ներկայացնել որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրավական հիմք։ Նման մոտեցումն Ադրբեջանի կողմից այդ փաստաթղթերի կամայական մեկնաբանման ակնառու օրինակներից է։Այս առումով հարկ է նշել, որ հատկապես` միջազգային խաղաղությանը վտանգ չներկայացնող լոկալ հակամարտությունների կարգավորման համար ՄԱԿ-ի Կանոնադրությամբ նախատեսվում է դիմել, առաջին հերթին, տարածաշրջանային կազմակերպություններին: Այս մոտեցմամբ էր առաջնորդվում ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հարցում` ի սատարումն ԵԱՀԽ/ԵԱՀԿ-ի ջանքերին ձեռնպահ մնալով ուղղակի միջնորդական նախաձեռնություններից, ինչն ուղղակիորեն ամրագրված է բանաձևերում:Հենց այս պատճառով էլ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդի կողմից ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման պարամետրեր կամ սկզբունքներ չեն սահմանվել: ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի միջև համագործակցության մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևերում, ինչպես նաև ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարների հայտարարություններում արտահայտված միջազգային հանրության դիրքորոշման համաձայն՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման հարցը գտնվում է ԵԱՀԿ իրավասության ներքո, որը ԱՄՆ-ին, Ռուսաստանին և Ֆրանսիային է հանձնել միջնորդական առաքելություն իրականացնելու մանդատ:Բացի այդ, ինչպես և ցանկացած փաստաթուղթ, ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը չեն կարող դիտարկվել ժամանակի համատեքստից և դրանց ընդունման հանգամանքներից դուրս։ Բոլոր չորս բանաձևերն ընդունվել են ակտիվ մարտական գործողությունների շրջանում՝ նպատակ ունենալով վերջ դնել պատերազմին և սկսել քաղաքական երկխոսություն՝ հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով կարգավորելու նպատակով, ինչպես դա պահանջում է ՄԱԿ-ի Կանոնադրությունը։ Այն փաստը, որ 1994 թ. մայիսի 12-ին Արցախի (Լեռնային Ղարաբաղի), Ադրբեջանի և Հայաստանի միջև կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին անժամկետ համաձայնագրի ստորագրումից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այլևս Արցախին առնչվող բանաձևեր չի ընդունել, նույնպես հաստատում է, որ այդ կառույցը չի զբաղվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման հարցով։Անհրաժեշտ է հատուկ ընդգծել, որ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը չեն իրականացվել հենց Ադրբեջանի դիրքորոշման պատճառով, որը կտրականապես հրաժարվում էր ժամանակին և լիարժեք կերպով իրականացնել բոլոր բանաձևերի հիմնական պահանջը՝ կրակի, բոլոր ռազմական և թշնամական գործողությունների անհապաղ դադարեցում։ Առաջին բանաձևի ընդունման պահից մինչև 1994 թ․ մայիսին կրակի դադարեցման մասին անժամկետ համաձայնագրի ստորագրումն անցած մեկ տարվա ընթացքում ադրբեջանական կողմը բազմիցս խախտել է ժամանակավոր զինադադարի մասին պայմանավորվածությունները կամ հրաժարվել երկարաձգել դրանք։ Խաղաղություն երաշխավորելու և իրեն ռազմական գործողությունների դադարեցման պարտավորություններով կաշկանդելու չկամության ֆոնին ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերին պաշտոնական Բաքվի հղումները ռազմական առավելության հասնելու նպատակ էին հետապնդում՝ պատերազմը շարունակելու համար։Բացի այդ, Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրավիճակի ապակայունացմանն ուղղված Ադրբեջանի նպատակամետ քաղաքականությունը, վստահության ամրապնդման ու լարվածության թուլացման նպատակով միջոցներ ձեռնարկելու նրա չկամությունը, հայատյացության խրախուսումը, հրաժարումն Արցախի հետ ուղիղ բանակցություններ վարելուց, բոլոր հնարավոր միջոցներով Արցախը մեկուսացնելու փորձերը, ինչպես նաև մասնագիտացված մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների Արցախ այցերին խոչընդոտելը հակասում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի մեջ տեղ գտած մի շարք պահանջների և կոչերի, մասնավորապես՝ զերծ մնալ ցանկացած գործողություններից, որոնք դժվարացնում են հակամարտության խաղաղ կարգավորումը (բանաձևեր 822, 853), անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական և թշնամական գործողությունները՝ կայուն հրադադար հաստատելու նպատակով «բանաձև 822», բանակցություններ վարել կողմերի միջև ուղիղ շփումների միջոցով (բանաձև 853), ապահովել ԵԱՀԽ Մինսկի համաժողովի անհապաղ հրավիրում՝ հակամարտության բանակցված կարգավորման հասնելու նպատակով (բանաձև 874), տարածաշրջանում վերականգնել տնտեսական և էներգետիկ կապերն ու հաղորդակցության ուղիները (բանաձև 853), ապահովել մարդասիրական օգնության տրամադրմանն ուղղված միջազգային գործունեության անարգել իրականացում (բանաձևեր 822, 853, 874)։Ադրբեջանի կողմից այդ բանաձևերի սաբոտաժը և փորձերը՝ դրանք օգտագործել ամբողջովին հակառակ նպատակներին հասնելու և ռազմական գործողությունների շարունակումն արդարացնելու համար, ստեղծեցին մի իրավիճակ, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն այլևս նոր բանաձևեր չընդունեց։ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի 1994 թ. ապրիլի 15-ի հայտարարությունը և Բիշքեկյան արձանագրությունը, որը 1994 թ․ մայիսի 5-8-ը ստորագրվել էր Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարների կողմից, ճանապարհ են հարթել վերոհիշյալ երեք կողմերի ռազմական ղեկավարների միջև 1994 թ․ մայիսի 12-ին կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագրի ստորագրման համար։Ադրբեջանի փորձերը` որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմք ներկայացնել ՄԱԿ-ի ԱԽ այն բանաձևերի առանձին դրույթները, որոնք հենց ինքն է խաթարել 26 տարի առաջ, հակասում են բարեխղճության սկզբունքին։ Հղում կատարելով այդ բանաձևերին՝ պաշտոնական Բաքուն իրականում փորձում է հասնել արդյունքի (ռազմական առավելության ապահովում), որը հակասում է բանաձևերի նպատակներին (հակամարտության բացառապես խաղաղ կարգավորում՝ խաղաղության և կայունության ամրապնդման նպատակով)։ Պաշտոնական Բաքվի կողմից ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի և, ընդհանուր առմամբ, միջազգային իրավունքի նորմերի ոչ համարժեք մեկնաբանման հերթական ապացույցն է բանակցություններ վարելու համաձայնությունը որպես ադրբեջանական կողմի փոխզիջում ներկայացնելու փորձը։ Միևնույն ժամանակ, վեճերի խաղաղ կարգավորումը՝ ներառյալ բանակցությունների միջոցով, ՄԱԿ-ի կանոնադրության իրավականորեն պարտադիր պահանջ է և չի կարող սակարկության առարկա լինել:Բացի այդ, 2008 թ. մարտի 14-ին Ադրբեջանը նախաձեռնել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից Լեռնային Ղարաբաղի շուրջ բանաձևի ընդունում՝ դրանով իսկ հաստատելով, որ Անվտանգության խորհուրդը չի զբաղվում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով, իսկ նրա կողմից 1993 թ․ ընդունված 4 բանաձևերը չեն կարող կիրառվել որպես կարգավորման սկզբունքներ։ ՄԱԿ-ի Կանոնադրության հոդված 12-ի կետ 1-ի համաձայն՝ «Այն ընթացքում, երբ Անվտանգության խորհուրդը որևէ վեճի կամ իրավիճակի առնչությամբ իրականացնում է սույն կանոնադրությամբ իրեն վերապահված գործառույթները, Գլխավոր ասամբլեան այդ վեճի կամ իրավիճակի վերաբերյալ չի կարող որևէ հանձնարարական ներկայացնել, եթե Անվտանգության խորհուրդը չդիմի այդպիսի խնդրանքով»: Ուշագրավ է, որ Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահ երկրները, որոնք նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են, դեմ են քվեարկել Գլխավոր ասամբլեայի տվյալ բանաձևին։Անհիմն են նաև Բաքվի նկատառումներն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի ձևաչափի վերաբերյալ։ Ադրբեջանական կողմը փորձում է որպես իր դիրքորոշման հաստատում ներկայացնել Մինսկի համաժողովի առաջին նախագահ Մարիո Ռաֆաելլիի վաղ նամակներից մեկը՝ այդուհանդերձ անտեսելով և՛ բանակցությունների ձևաչափի շուրջ քննարկման ընդհանուր համատեքստը, և՛ տվյալ հարցի առնչությամբ ԵԱՀԿ-ում ընդունված հետագա որոշումները։ Հարկ է նշել, որ 1992 թ․ սեպտեմբերի 23-ին՝ վերոհիշյալ նամակն ուղարկելուց ընդամենը մեկ շաբաթ անց, Մարիո Ռաֆաելլին նոր նամակ է հղել ԵԱՀԽ Գործող նախագահ Յոզեֆ Մորավչիկին։Նամակում Մինսկի համաժողովի նախագահն ընդգծում է, որ «Իտալիայի նախագահությունն անշեղորեն հավատարիմ է եղել և շարունակում է հավատարիմ մնալ այն սկզբունքին, որ «ընտրված և այլ ներկայացուցիչներ» բանաձևը թույլ չի տալիս խտրություն դնել Լեռնային Ղարաբաղի հայկական և ադրբեջանական կողմերի միջև»։ Այնուհետև Մարիո Ռաֆաելլին նշում է, որ «նման տարբերակում սահմանող մանդատի դասակարգումն արդարացված կլիներ»։Նամակում ասվում է․ «Հայկական ծագում ունեցող բնակչությունը, անշուշտ, հիմնական շահագրգիռ կողմն է հանդիսանում ոչ միայն այն պատճառով, որ թվով 4 անգամ գերակշռում է ադրբեջանական ծագում ունեցող բնակչությանը, այլև, քանի որ նա իրականացնում է տարածքի դե ֆակտո վերահսկում, ինչպես նաև հանդիսանում է ստատուս քվոյի փոփոխման մեջ շահագրգռված կողմ։ Այսպիսով, յուրաքանչյուր անկողմնակալ դիտորդի համար նա «Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը՝ Արցախի ԱԳՆ» հանդիսանում է ադրբեջանական կառավարության հիմնական զրուցակիցը»։Հակամարտության հետագա ընթացքը համոզիչ կերպով ցուցադրել է, որ Արցախը դրա հիմնական կողմերից մեկն է։ Այդ մասին են վկայում նաև Արցախի և Ադրբեջանի միջև անցկացված մի շարք ուղիղ բանակցությունները, ներառյալ՝ բարձրագույն մակարդակով հանդիպումը, ինչպես նաև 1993 թ․ Ստեփանակերտի և Բաքվի միջև ուղղակի ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ռազմական գործողությունների սահմանափակման, ժամանակավոր զինադադարի և դրա երկարաձգման մասին։ 1993 թ․ Արցախի կարգավիճակը որպես հակամարտության լիարժեք կողմ ճանաչվել է միջազգային հանրության կողմից, ինչն այնուհետև իր արտացոլումն է գտել ինչպես ՄԱԿ-ի ԱԽ այն բանաձևում, որին Ադրբեջանը հղում է անում, այնպես էլ ԵԱՀԽ Բուդապեշտի 1994 թ․ գագաթաժողովի ամփոփիչ փաստաթղթում։Ինչպես մենք բազմիցս նշել ենք, համաձայն Բուդապեշտի գագաթաժողովի ամփոփիչ փաստաթղթի, հակամարտության կողմեր են հանդիսանում կրակի դադարեցման մասին 1994 թ․ մայիսի 12-ի պայմանավորվածությունները հաստատած կողմերը։Անհրաժեշտ ենք համարում հերթական անգամ հիշեցնել, որ 1994 թ․ մայիսի 12-ի կրակի դադարեցման մասին համաձայնագիրը ստորագրվել է Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի կողմից։ 1994 թ․ հուլիսի 26-27-ը Արցախը, Ադրբեջանը և Հայաստանը ստորագրել են լրացուցիչ համաձայնագիր, որում վերահաստատել են «հրադադարը պահպանելու իրենց պարտավորությունները՝ ընդհուպ մինչև մեծ քաղաքական համաձայնագրի ստորագրումը»։1994 թ․ օգոստոսի 29-ին Արցախը, Ադրբեջանը և Հայաստանը հանդես են եկել պաշտոնական հայտարարություններով, որոնցում հրապարակայնորեն հաստատել են կրակի դադարեցման մասին համաձայնագրերը պահպանելու իրենց պարտավորությունները։1994 թ․ օգոստոսի 31-ին Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված էր․ «Մոսկվայում ողջունում են այս օրերին Բաքվում, Երևանում և Ստեփանակերտում արված հատուկ հայտարարությունները, որոնցում գոհունակություն է հայտնվում առ այն, որ հակամարտության բոլոր կողմերը պահպանում են Լեռնային Ղարաբաղի շուրջ և հայ-ադրբեջանական սահմանին մայիսի 12-ից ՌԴ միջնորդությամբ հաստատված հրադադարը։ Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունների ղեկավարների կողմից հրադադարի մասին հրամանների վերահաստատումը, հնարավոր խախտումների մեջ մեղավոր անձանց նկատմամբ պատժամիջոցների մասին հայտարարելը, հրադադարի ռեժիմը պահպանելու ընդգծված վճռականությունը՝ ընդհուպ մինչև զինված հակամարտության դադարեցման մասին քաղաքական համաձայնագրի կնքումը, մեծացնում են վստահությունն այն բանի հանդեպ, որ չնայած բոլոր դժվարություններին՝ Ղարաբաղում խաղաղ կարգավորման գործընթացը կարելի է անշրջելի դարձնել»։1994 թ․ նոյեմբերի 12-ին՝ հրադադարի ռեժիմը պահպանելուց 6 ամիս անց, Մինսկի խմբի գործող նախագահ Անդրես Բյուրները հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշված է. «գոհունակությամբ ողջունել եմ այսօր Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի առաջնորդների կողմից հրապարակված հուսադրող հայտարարությունները, որոնցում նրանք կրկին վերահաստատում են հրադադարը պահպանելու իրենց աներկբա պարտավորությունները՝ ընդհուպ մինչև ավելի լայն քաղաքական համաձայնագրի ստորագրումը»։ Անհրաժեշտ է նաև նշել, որ հայտարարության տեքստը կողմերին էին առաջարկել Անդրես Բյուրները և ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ դեսպան Վլադիմիր Կազիմիրովը։1995 թ․ փետրվարի 3-ին Մինսկի խմբի համանախագահությունը հրադադարի ռեժիմի ամրապնդման առաջարկով դիմել է Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի ղեկավարությանը։ Բոլոր երեք կողմերի համաձայնությունը ստանալուց հետո միջնորդներն Ադրբեջանին, Հայաստանին և Արցախին ծանուցում են ուղարկել համաձայնագրի ուժի մեջ մտնելու մասին, ինչպես նաև ուղիղ անհետաձգելի կապ հաստատելու համար նշել են Բաքվում, Երևանում և Ստեփանակերտում գործող կառավարական միջքաղաքային կապի հեռախոսահամարները։Բոլոր այդ փաստերը կասկածի տեղիք չեն տալիս, որ Բուդապեշտի գագաթաժողովի ամփոփիչ փաստաթղթի՝ հրադադարի մասին համաձայնագիրը հաստատած կողմերին վերաբերող ձևակերպումը ենթադրում է Ադրբեջանը, Հայաստանը և Արցախը (Լեռնային Ղարաբաղը)։ Այդ հարցում վերջնականապես պարզություն է մտցվել ԵԱՀԿ Գործող նախագահ, Հունգարիայի արտաքին գործերի նախարար Լասլո Կովաչի կողմից, ով 1995 թ․ մարտի 31-ին Պրահայում կայացած ԵԱՀԿ Ղեկավար խորհրդի նիստի ժամանակ հանդես է եկել հատուկ հայտարարությամբ և «վերահաստատել կողմերի կարգավիճակի մասին ԵԱՀԿ նախորդ որոշումները, ինչը ենթադրում է հակամարտության մեջ ներգրավված երկու մասնակից պետությունների, ինչպես նաև հակամարտության երրորդ կողմի (Լեռնային Ղարաբաղի) մասնակցությունն ամբողջ բանակցային գործընթացին, ներառյալ՝ Մինսկի համաժողովը»։Հենց այդ եռակողմ ձևաչափով են բանակցությունները Մինսկի խմբի շրջանակներում շարունակվել մինչև 1997 թ․ ապրիլը, երբ, փաստորեն, խափանվել են Ադրբեջանի կողմից, որը փորձում էր որպես կարգավորման հիմք պարտադրել 1996 թ. ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթաժողովին իր կողմից ներկայացված ոչ փոխզիջումային առաջարկները։Ուշագրավ է, որ երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսեցին կայանալ բարձրագույն մակարդակով երկկողմ հանդիպումներ, ԵԱՀԿ-ն երկկողմ զրույցը չէր դիտարկում որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին փոխարինող։ Մասնավորապես, 1999 թ․ ԵԱՀԿ Ստամբուլի գագաթաժողովի ժամանակ ԵԱՀԿ մասնակից պետությունները, իրենց սատարումը հայտնելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև երկխոսությանը և կոչ անելով շարունակել այն, միաժամանակ հույս են հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները կվերսկսվեն։
10:51 - 17 մայիսի, 2019
Բանակցությունների եռակողմ ձևաչափի վերականգնման հարցը յուրահատուկ լակմուսի թուղթ է. Արցախի ԱԳՆ

Բանակցությունների եռակողմ ձևաչափի վերականգնման հարցը յուրահատուկ լակմուսի թուղթ է. Արցախի ԱԳՆ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգնման առնչությամբ վերջին հայտարարությունների վերաբերյալ «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանը նշել է․  «Առաջին անգամ չէ, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն ինստիտուցիոնալ հիշողության բացակայություն և բացարձակ անտեղյակություն է ցուցաբերում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի և դրա շրջանակներում ընդունված փաստաթղթերի վերաբերյալ։ Նախ՝ ԵԱՀԽ Հելսինկյան լրացուցիչ հանդիպման 1992 թ․ մարտի 24-ի որոշման մեջ որևէ համայնքների մասին հիշատակում չկա, փաստաթղթում որպես շահագրգիռ կողմեր նշված են «Լեռնային Ղարաբաղի ընտրված և այլ ներկայացուցիչները»։ Ո՛չ Արցախի Հանրապետության, ոչ էլ Հայաստանի Հանրապետության իշխանությունները բանակցությունների նոր, չհամաձայնեցված ձևաչափի ստեղծման հարց չեն դնում: Խոսքը վերաբերում է 1994 թ. Բուդապեշտում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովի որոշմամբ ամրագրված լիարժեք բանակցային ձևաչափի վերականգնմանը: Այս որոշումը կայացվել է ԵԱՀԿ մասնակից պետությունների, այդ թվում՝ Ադրբեջանի և Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների կողմից կոնսենսուսի հիման վրա: Մենք բազմիցս նշել ենք, որ բանակցությունների եռակողմ ձևաչափի վերականգնման հարցը յուրահատուկ լակմուսի թուղթ է, որը ցույց է տալիս ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում իրական առաջընթացի պատրաստակամության աստիճանը: Բանակցային ամենաարդյունավետ ձևաչափի վերականգնմանը հակազդելը հնարավոր է մեկնաբանել որպես հակվածություն՝ պահպանել ստատուս քվոն: Ցավալի է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն անհրաժեշտ սկզբունքայնություն չեն ցուցադրում եռակողմ բանակցային ձևաչափի վերականգնման համար, որը համապատասխանում է ԵԱՀԿ բարձրագույն մարմնի որոշմանը: Ավելին՝ armenpress.am-ում
08:07 - 12 մարտի, 2019