Գերմանիա

Գերմանիան (պաշտոնապես՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) պետություն է Արեւմտյան Եվրոպայում։ Հյուսիսում սահմանակցում է Դանիային, արեւելքում՝ Չեխիային եւ Լեհաստանին, հարավում՝ Ավստրիային եւ Շվեյցարիային, հարավում՝ Ֆրանսիային, իսկ Լյուքսեմբուրգին, Բելգիային եւ Նիդերլանդներին՝ արեւմուտքում։ Մայրաքաղաքն է Բեռլինը։
 
ԳԴՀ-ն բաժանված է 16 վարչատարածքային միավորների՝ երկրամասերի, եւ ընդգրկում է շուրջ 357 386 քկմ տարածք։ Ունենալով շուրջ 83 միլիոն բնակչություն՝ համարվում է ՌԴ-ից հետո Եվրոպայի խոշորագույն պետությունը, ինչպես նաեւ ԵՄ ամենախիտ բնակեցված պետությունը։ Ամենաբնակեցված, արդյունաբերական խոշոր երկրամասը Ռուրն է, որի գլխավոր քաղաքներն են Դորտմունդն ու Էսսենը։  Գերմանիայի մյուս նշանավոր քաղաքներն են Մայնի Ֆրանկֆուրտը, Համբուրգը, Մյունխենը, Քյոլնը, Շտուտգարտը, Դյուսելդորֆը, Լայպցիգը, Դրեզդենը, Բրեմենը, Հաննովերը, Գելզենկիրխենը եւ Նյուրնբերգը։

Մերօրյա Գերմանիան դաշնային խորհրդարանական հանրապետություն (բունդեսհանրապետություն) է, որը կառավարվում է վարչապետի՝ կանցլերի կողմից։ Այժմ կանցլերն է Անգելա Մերկելը։
 
ԳԴՀ-ն 1957-ից ի վեր հանդիսանում է Եվրոպական տնտեսական համագործակցության, իսկ 1993-ից՝ Եվրոպական միության համահիմնադիր անդամ, 1999-ից՝ Շենգենյան գոտի։ Անդամակցում է նաեւ ՄԱԿ-ին, Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ), «Մեծ յոթնյակին», Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությանը եւ այլն։
Անգելա Մերկելը պատերազմն Ուկրաինայում «բարբարոսական» է անվանել

Անգելա Մերկելը պատերազմն Ուկրաինայում «բարբարոսական» է անվանել

Փետրվարի 24-ին Ռուսաստանի լայնամասշտաբ հարձակումն Ուկրաինայի վրա «խորը բեկումնային պահ է» Եվրոպայի պատմության մեջ՝ Երկրորդ աշխարհամարտից ի վեր։ Այսպիսի գնահատական է տվել Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը հունիսի 1-ի երեկոյան վերջին վեց ամսվա մեջ իր առաջին հանրային ելույթի ընթացքում, գրում է DW-ն։ «Ես համերաշխություն եմ հայտնում Ուկրաինային, որը Ռուսաստանի կողմից ենթարկվել է հարձակման և ներխուժման, և սատարում եմ ինքնապաշտպանության նրա իրավունքը», - ասել է Մերկելը։ Նա ընդգծել է, որ աջակցում է Գերմանիայի կառավարության, ինչպես նաև Եվրամիության, ԱՄՆ, ՆԱՏՕ-ի, «Մեծ յոթնյակի» և ՄԱԿ-ի բոլոր ջանքերին, «որոնք ուղղված են Ռուսաստանի կողմից այս բարբարոսական ագրեսիվ պատերազմի դադարեցմանը»։ Թե որքան հեռուն կգնան կատարվածի հետևանքները, ոչ ոք այս փուլում չի կարող կանխատեսել, նշել է նախկին կանցլերը։ Սակայն արդեն հիմա կարելի է ասել, որ դրանք զգալի են լինելու, առաջին հերթին, ուկրաինացիների համար։ «Մենք երբեք չպետք է աշխարհն ու ազատությունն ընկալենք, որպես ենթադրվող մի բան», - ասել է Մերկելը՝ հավելելով, որ ներկայիս իրավիճակում Եվրամիության միասնականությանը կենտրոնական տեղ է հատկացվում։ Նորա Վանյան
15:46 - 02 հունիսի, 2022
Օլաֆ Շոլցը հայտարարել է Ուկրաինային սպառազինության նոր համակարգերի տրամադրման մտադրության մասին

Օլաֆ Շոլցը հայտարարել է Ուկրաինային սպառազինության նոր համակարգերի տրամադրման մտադրության մասին

Գերմանիան մտադիր է մոտակա շաբաթների ընթացքում Ուկրաինային սպառազինության նոր համակարգեր մատակարարել, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն այսօր երկրի խորհրդարանում տեղի ունեցած քննարկումների ժամանակ։ Նրա խոսքով՝ Կիևը կստանա Iris-T փոքր հեռահարության «օդ-օդ» դասի հրթիռներ՝ հակաօդային պաշտպանության ամենաժամանակակից համակարգը, որն ունի Գերմանիան, գրում է DW-ն։ Այդպիսի մի համալիրն Ուկրաինային թույլ կտա «ռուսական օդային գրոհներից պաշտպանել մի ամբողջ խոշոր քաղաք», հստակեցրել է Շոլցը։ Բացի այդ, Կիևին կտրամադրվի գերժամանակակից ռադիոլոկացիոն կայան՝ հակառակորդի հրետանու կոորդինատների տեղորոշման համար։ IRIS-T SLM համակարգերը 40 կմ հեռահարություն ունեն։ Սակայն, գերմանական որոշ լրատվամիջոցների տվյալներով՝ Ուկրաինայում դրանք կարող են ամբողջությամբ շահագործման մեջ մտցվել այս տարվա նոյեմբերից ոչ շուտ։Նորա Վանյան
15:33 - 01 հունիսի, 2022
Գերմանիան շուտով կունենա Եվրոպայում՝ ՆԱՏՕ-ի կազմում ամենամեծ բանակը. Շոլց |tert.am|

Գերմանիան շուտով կունենա Եվրոպայում՝ ՆԱՏՕ-ի կազմում ամենամեծ բանակը. Շոլց |tert.am|

tert.am: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Գերմանիան շուտով կունենա «Եվրոպայի ամենամեծ ավանդական բանակը» Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների շարքում։ Այս կարծիքը նա հայտնել է երկուշաբթի երեկոյան Neue Berliner Redaktionsgesellschaft, Stuttgarter Zeitung և Stuttgarter Nachrichten թերթերին տված հարցազրույցում, գրում է ՏԱՍՍ-ը։ «Գերմանիան շուտով կունենա Եվրոպայում ամենամեծ ավանդական բանակը ՆԱՏՕ-ի կազմում»,- ասել է Շոլցը՝ հավելելով, որ դա զգալիորեն կուժեղացնի Գերմանիայի և նրա դաշնակիցների անվտանգությունը։Միևնույն ժամանակ, կանցլերը չի հասկանում Ուկրաինային ռազմական աջակցության բացակայության պատճառով գերմանական իշխանությունների հասցեին հնչող քննադատությունները ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում։«Մենք զենք ենք փոխանցել և ավելի շատ զենք ենք մատակարարելու: Այդ պատվերները կատարվում են»,- ընդգծել է Շոլցը՝ նկատի ունենալով ծանր սպառազինության մատակարարումը, որը համաձայնեցվել է արդյունաբերության հետ։Եզրափակելով Շոլցը նշել է, որ Գերմանիայի բոլոր դաշնակիցները գիտեն, որ «Բունդեսվերը չունի օգտագործման համար պատրաստ մեքենաների մեծ պաշարներ, որոնք կարող են պարզապես առաքվել»:
11:02 - 31 մայիսի, 2022
Լեհաստանում եւ Բալթիկայի երկրներում սկսվում են ՆԱՏՕ-ի ՀՕՊ-ի հրթիռային զորքերի վարժանքները |armenpress.am|

Լեհաստանում եւ Բալթիկայի երկրներում սկսվում են ՆԱՏՕ-ի ՀՕՊ-ի հրթիռային զորքերի վարժանքները |armenpress.am|

armenpress.am: Լեհաստանում եւ Բալթիկայի երեք երկրներում սկսվում է ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության հրթիռային միացյալ զորքերի Ramstein Legacy 2022 (RALY 22) զորավարժությունների առաջին փուլը: Մայիսի 30-ին այդ մասին տեղեկացրել է Լեհաստանի զինված ուժերի Գլխավոր հրամանատարությունը: Հաղորդվում է, որ վարժանքները տեղի կունենան մայիսի 30-ից մինչեւ հունիսի 12-ը չորս երկրների եւ Բալթիկ ծովի տարածաշրջանի օդային տարածության օգտագործմամբ: Զորավարժությունների ընթացքում կկատարվեն իրական թռիչքներ: Զինավարժանքները պլանավորվում է անցակացնել յուրաքանչյուր երկու տարին մեկ: «Զորավարժություններին մասնակցում են դաշնակիցների ռազմա-օդային ուժերը եւ ցամաքային հրթիռային ստորաբաժանումները, որոնք ղեկավարում եւ կառավարում են ՆԱՏՕ-ի կառույցները»,- տեղեկացրել է Լեհաստանի հրամանատարությունը: Վարժանքներին կմասնակցեն զինծառայողներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Նորվեգիայից, Չեխիայից, Սլովակիայից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Բելգիայից, Ռումինիայից, Թուրքիայից եւ Իսպանիայից: «Զինավարժանքները, որոնք կանցկացվեն Եվրոպայի տարբեր երկրներում, պլանավորվել են՝ ելնելով զանազան եւ իրական իրավիճակային պայմաններից»,- ընդգծված է հաղորդագրության մեջ: Այս տարի զորավարժությունների նպատակն է «ստորաբաժանումների փոխգործակցության եւ պատրատականության ամրապնդումը, ինչն արդյունքում կուժեղացնի դաշնային երկրների տարածքների, ուժերի եւ բնակչության պաշտպանությունը սպառնալիքներից, հրթիռային կամ օդային գրոհներից», հաղորդել է ՏԱՍՍ-ը:
15:48 - 30 մայիսի, 2022
Գերմանիան չեղարկում է COVID-19-ի սահմանափակումների մեծ մասը երկիր ժամանողների համար

Գերմանիան չեղարկում է COVID-19-ի սահմանափակումների մեծ մասը երկիր ժամանողների համար

Գերմանիայի իշխանությունը չեղարկում է կորոնավիրուսի առնչությամբ կիրառված սահմանափակումները գերմանացիների և օտարերկրացիների համար, որոնք ցանկանում են երկիր մուտք գործել։ Հունիսի 1-ից ժամանողներից այլևս չեն պահանջի պահպանել 3G կանոնը։ Այսպիսի որոշում է ընդունել երկրի կառավարությունն այսօր՝ մայիսի 25-ին, գրում է DW-ն։ 3G կանոնի համաձայն՝ 12 տարեկանից բարձր անձինք Գերմանիա ժամանելիս պետք է ունենան պատվաստման հավաստագիր, կորոնավիրուսով հիվանդանացած լինելու մասին վկայական կամ կորոնավիրուսի բացասական թեստ, որն արվել է վերջին 24 ժամում։ Սահմանափակումների չեղարկման որոշումը գործելու է հունիսի 1-ից մինչև օգոստոսի 31-ը։ Երկրի իշխանությունը չի բացառում, որ աշնանը կրկին կարող են սահմանափակումներ կիրառվել, եթե համավարակի նոր ալիք սկսվի։ Այս կանոնը չի տարածվում այն երկրների քաղաքացիների վրա, որոնք Գերմանիա են գալիս այսպես կոչված «կորոնավիրուսի տեսակների տարածման շրջաններից»։ Նրանք նախկինի պես պետք է 14 օր ինքնամեկուսանան՝ անկախ պատվաստումներից և վարակից բուժված լինելուց։ Սակայն, ինչպես նշում է dpa գործակալությունը, ներկա պահին աշխարհի ոչ մի երկիր այդպիսի շրջան չի համարվում։   Նորա Վանյան  
18:11 - 25 մայիսի, 2022
«Դավոսը» վերադառնում է․ արդյո՞ք համաշխարհային էլիտան նկատել է, որ աշխարհը փոխվել է․ CNN

«Դավոսը» վերադառնում է․ արդյո՞ք համաշխարհային էլիտան նկատել է, որ աշխարհը փոխվել է․ CNN

Շվեյցարական Դավոս քաղաքում անցկացվում է Համաշխարհային տնտեսական համաժողովը։ Դրա շրջանակում քննարկվելու են իրավիճակն Ուկրաինայում, անհետաձգելի հումանիտար հարցերն ու անվտանգության խնդիրները, համավարակից հետո տնտեսության վերականգնումը և կլիմայական փոփոխությունների դեմ պայքարը։ Համաժողովին ներկա չի լինի ռուսական պատվիրակությունը, քանի որ Ուկրաինա ներխուժման պատճառով Ռուսաստանի դեմ ԱՄՆ և ԵՄ պատժամիջոցների ֆոնին համաժողովը կասեցրել է ՌԴ հետ հարաբերությունները։ CNN-ը գրում է Դավոսում քննարկվելիք խնդիրների մասին։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով։ «Վերջին անգամ, երբ առաջատար քաղաքական գործիչները, ընկերությունների ղեկավարներն ու միլիարդատերերը հավաքվել էին շվեյցարական այս լեռնային քաղաքում՝ քննարկելու հասարակության ամենամեծ խնդիրներն ու ներկայացնելու իրենց լուծումները, Չինաստանում կորոնավիրուսի բռնկումը ոչ այլ ինչ էր, քան հեռավոր սպառնալիք։ Տնտեսությունը եռում էր, իսկ ամենախոշոր հակամարտությունը Եվրոպայում ներառված չէր որևէ մեկի՝ լուրջ ռիսկերի ցանկում։ Ավելի քան երկու տարի անց աշխարհը գլխիվայր շուռ եկավ Covid-19-ի համավարակի և Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման պատճառով։ Սակայն շվեյցարական Դավոս ժամանած հարուստ և ազդեցիկ անձանց համար քիչ բան է փոխվել։ Համաժողովը կոչված է միավորելու կարևոր մարդկանց՝ արդիական խնդիրերի համար լուծում գտնելու։ Այդ խնդիրներից են անհավասարությունը, կլիմայի փոփոխությունները, տեխնոլոգիաների ապագան և աշխարհաքաղաքական կոնֆլիկտը։ Սակայն, խնդիրների լուծման համար աշխարհի ամենահարուստ մարդկանցից ոմանց այս համաժողովին հրավիրելու տրամաբանությունը մեր օրերում էլ ավելի անկատար է։ Oxfam-ի՝ հունվարին հրապարակած հաշվետվության համաձայն՝ համավարակի ընթացքում միլիարդատերերն իրենց կարողությունն ավելացրել են 5 տրլն դոլարով։ Իսկ տասնյակ միլիոնավոր մարդիկ ողջ աշխարհում հայտնվել են ծայրահեղ աղքատության մեջ համաշխարհային տնտեսության կանգի պատճառով։ Ֆինանսական շուկայում այս տարվա զեղչված գներով վաճառքները հարվածել են գերհարուստների գրպանին։ Սակայն սա չի սփոփի զարգացած և զարգացող երկրների այն մարդկանց, որոնք վերջին տասնամյակներում կենսաապահովման վատթարագույն ճգնաժամին են բախվել։ Սննդամթերքի և վառելիքի գների սրընթաց աճն արդեն հանգեցնում է սովի և զրկանքների, անկայունություն բերում, ցույցեր առաջացնում։ 2022 թ․-ի համաժողովը պլանվորվում էր անցկացնել հունվարին, սակայն այն հետաձգվել էր կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի տարածման պատճառով։ Մինչ կազմակերպիչները նախապատրաստում էին գարնանային հանդիպումը, ծանրաքաշ մասնակիցներից շատերի մոտ ժամանակացույցի խնդիրներ էին առաջանում, ոմանք էլ հրաժարվում էին մասնակցությունից։ ԱՄՆ խոշորագույն JPMorgan Chase բանկի գլխավոր տնօրեն Ջեյմի Դայմոնը չի մասնակցելու միջոցառմանը գրաֆիկի պատճառով, իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որը մեծ ելույթ էր ունեցել Դավոսի 2017 թ․-ի համաժողովում, այցով գտնվելու է Հարավային Կորեայում և Ճապոնիայում։ Չինաստանի ներկայությունը զգալիորեն կրճատվել է․ նրա խոշոր քաղաքները դեռևս համակված են կորոնավիրուսով: Գլխավոր իրադարձությունն, ըստ ամենայնի, լինելու է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ելույթը երկուշաբթի օրը, որի ներկայությունն ակնկալվում է տեսակապի միջոցով։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նույնպես ելույթ կունենան եկող շաբաթվա վերջում․ դրանցում բարձրացված հարցերը մանրամասն կքննարկվեն, քանի որ Եվրամիության երկրները փորձում են պայմանավորվածության գալ ռուսական նավթի էմբարգոյի շուրջ։ Նախկինում ռուսաստանցի քաղաքական գործիչներն ու օլիգարխները Դավոսի անքակտելի մասն էին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ անցյալ տարի է ելույթ ունեցել առցանց ձևաչափով անցկացված Համաշխարհային տնտեսական համաժողովում, նա հրավիրվել էր նաև համաժողովի մասնակիցների առջև ելույթ ունենալու 2015 թ․-ին՝ այն բանից հետո, երբ Ռուսաստանը բռնակցել էր Ղրիմը։ 2020 թ․-ին մասնակիցների թվում էին «Լուկոյլի», «Սբերբանկի» և «Յանդեքսի» ղեկավարներն, ինչպես նաև ՌԴ էներգետիկայի նախարարը։ Այս տարի Պուտինը չի մասնակցելու համաժողովին, ինչպես նաև ռուսաստանցի ոչ մի պաշտոնյա, մագնատ կամ ղեկավար։ Մինչդեռ ծրագրով նախատեսվում է այնպիսի հարցերի քննարկում, ինչպիսիք են «Սառը պատերազմ 2.0»-ն և «Վերադարձը պատերազմին»»։   Նորա Վանյան
21:01 - 22 մայիսի, 2022
Գերմանիայի կանցլերը կոչ է արել Եվրամիությանն Ուկրաինայի արագ անդամակցության չսպասել

Գերմանիայի կանցլերը կոչ է արել Եվրամիությանն Ուկրաինայի արագ անդամակցության չսպասել

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը երկրի խորհրդարանում այսօր ունեցած իր ելույթի ժամանակ ասել է, որ պետք չէ սպասել Եվրամիությանը Կիևի անդամակցության վերաբերյալ արագ որոշումների, գրում է DW-ն։ Այս հարցում նա սատարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որը կարծում է, որ դա «մի քանի ամսվա կամ մի քանի տարվա հարց չէ»։ ԵՄ անդամակցությանը սպասող մյուս թեկնածուների նկատմամբ արդարության նկատառաւմներից ելնելով՝ պետք չէ կրճատել եվրաինտերգման ուղին, ասել է Գերմանիայի կանցլերը։ Նա հավելել է, որ, ըստ ամենայնի, Եվրահանձնաժողովն Ուկրաինայի հայտի վերաբերյալ իր գնահատականը կներկայացնի հունիսի վերջին։ Շոլցն իր ելույթում նաև կողմ է արտահայտվել Ուկրաինային ծանր սպառազինության մատակարարմանը։ «Մեզ բոլորիս ընդհանուր նպատակ է միավորում․ թույլ չտալ Ռուսաստանին հաղթել այս պատերազմում։ Ուկրաինան պետք է դիմանա», - ընդգծել է նա։   Նորա Վանյան
15:30 - 19 մայիսի, 2022
Գերմանիայի ֆինանսների նախարարը պատրաստ է քննարկել ՌԴ Կենտրոնական բանկի օտարերկրյա ակտիվների առգրավման գաղափարը

Գերմանիայի ֆինանսների նախարարը պատրաստ է քննարկել ՌԴ Կենտրոնական բանկի օտարերկրյա ակտիվների առգրավման գաղափարը

Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները պատրաստ է քննարկել Ռուսաստանի պետական ակտիվների առգրավման և դրանք Ուկրաինայի վերականգնմանն ուղղելու գաղափարը։ Այս մասին նա ասել է գերմանական Handelsblatt և եվրոպական ևս երեք թերթերին տված հարցազրույցում, գրում է Reuters-ը։ «Քաղաքական առումով ես բաց եմ Ռուսաստանի Կենտրոնական բանկի օտարերկրյա ակտիվների առգրավման գաղափարի համար», - ասել է Լինդները՝ հավելելով, որ այս առաջարկներն արդեն քննարկվում են G7-ի և Եվրամիության շրջանակում։ «Մասնավոր ակտիվների դեպքում մենք պետք է հասկանանք, թե օրինական դաշտում ինչ է հնարավոր անել։ Մենք պետք է հարգենք օրենքի գերակայությունը, նույնիսկ երբ գործ ունենք ռուսաստանցի օլիգարխների հետ», - ասել է նախարարը։   Նորա Վանյան  
15:54 - 17 մայիսի, 2022
Դիվանագիտական կարգավորումը հնարավոր է միայն ՌԴ զորքերի դուրսբերումից հետո․ Շոլցն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել

Դիվանագիտական կարգավորումը հնարավոր է միայն ՌԴ զորքերի դուրսբերումից հետո․ Շոլցն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսով քննարկել են ռազմական և հումանիտար իրավիճակն Ուկրաինայում։ «Նրանք եզրակացության են եկել, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների միջոցով հակամարտության դիվանագիտական կարգավորումը կպահանջի Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում և ռուսական զորքերի դուրսբերում Ուկրաինայից», - DW-ի փոխանցմամբ՝ ասել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտը։ Վլադիմիր Զելենսկին Շոլցի հետ բանակցություններն «արդյունավետ» է անվանել։ «Քննարկել ենք իրավիճակը ճակատում, ՌԴ վրա գործադրվող ճնշումը շարունակելու հարցը, պատժամիջոցների խստացումը, խաղաղության հասնելու հեռանկարները։ Գնահատում ենք Գերմանիայի աջակցությունն, այդ թվում՝ պաշտպանական։ Հույսեր ենք կապում ԵՄ-ին Ուկրաինայի լիիրավ անդամակցության ճանապարհին Գերմանիայի հետագա աջակցության հետ», - գրել է Ուկրաինայի նախագահը Թվիթերում։   Նորա Վանյան
15:14 - 17 մայիսի, 2022
«Մեծ յոթնյակի» ԱԳ նախարարներն ընդգծել են, որ չեն ճանաչում Ուկրաինայի սահմանների փոփոխությունները |shantnews.am|

«Մեծ յոթնյակի» ԱԳ նախարարներն ընդգծել են, որ չեն ճանաչում Ուկրաինայի սահմանների փոփոխությունները |shantnews.am|

shantnews.am: Յոթնյակի (G7) երկրները (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա և Ճապոնիա) ընդգծել են, որ չեն ճանաչում Ուկրաինայի սահմանների փոփոխությունները, փոխանցում է ՏԱՍՍ-ը: ««Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները պնդում են, որ Ուկրաինային զենք կմատակարարեն «այնքան ժամանակ, քանի դեռ դա անհրաժեշտ է»,- այս մասին ասվում է Գերմանիայի հյուսիսում գտնվող Վանգելս կոմունայում եռօրյա հանդիպման արդյունքներով G7 երկրների արտգործնախարարների ընդունած համատեղ հայտարարության մեջ։ G7-ի արտգործնախարարները կարծում են, որ Ուկրաինայում իրավիճակը վատթարացրել է համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները։ Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները, նրանց գնահատմամբ, «վատթարացրին համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները՝ հանգեցնելով պարենամթերքի, վառելիքի և էներգիայի գների աճին»։ Նախարարները Ռուսաստանին կոչ են արել վերջ տալ Ուկրաինայից «հացահատիկի արտահանման շրջափակմանը»։ «Սա կարող է լինել միայն առաջին քայլը»,- ասվում է հայտարարության մեջ։ Փաստաթղթում նշվում է, որ մոտ 43 միլիոն մարդ սովից մեկ քայլ է հեռու։ G7-ը Չինաստանին կոչ է անում նաև չօգնել Ռուսաստանին և չշրջանցել Մոսկվայի դեմ պատժամիջոցները։ Ռուսաստանի Դաշնության նախագահը ավելի վաղ ընդգծել էր, որ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները հարվածում են այն երկրների տնտեսություններին, որոնք դրանք պարտադրում են, ինչպես նաև հրահրում են համաշխարհային ճգնաժամ։
14:43 - 14 մայիսի, 2022
Պուտինն ու Շոլցը քննարկել են իրավիճակն Ուկրաինայում և Մոսկվայի ու Կիևի բանակցությունների ընթացքը

Պուտինն ու Շոլցը քննարկել են իրավիճակն Ուկրաինայում և Մոսկվայի ու Կիևի բանակցությունների ընթացքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցում կրկին քննարկել է իրավիճակն Ուկրաինայում, այդ թվում՝ Մոսկվայի և Կիևի պատվիրակությունների միջև բանակցությունների ընթացքը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ զրույցի ժամանակ շեշտադրում է արվել Ուկրաինայում տիրող իրավիճակի հումանիտար ասպեկտների վրա։ «Նշվել է, որ ՄԱԿ և Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ քաղաքացիական անձանց տարհանում է իրականացվել, որոնք ուկրաինական զինյալների կողմից պահվում էին Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում», - ասված է հաղորդագրությունում։ Հեռախոսազրույցը կայացել է գերմանական կողմի նախաձեռնությամբ, դրա արդյունքում Պուտինն ու Շոլցը պայմանավորվել են, որ նշված հարցերի շուրջ քննարկումները կշարունակվեն տարբեր ձևաչափի շփումների ընթացքում։   Նորա Վանյան
15:53 - 13 մայիսի, 2022