Արդարադատության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարությունը գործադիր իշխանության պետական մարմին է։ Նախարարության կազմի մեջ է մտնում 14 կառուցվածքային ստորաբաժանում, 7 առանձնացված ստորաբաժանում, ինչպես նաև ՀՀ ԱՆ-ն ունի տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող 7 իրավաբանական անձ։

ՀՀ արդարադատության նախարարն է Ռուստամ Բադասյանը։

Պատժատեսակներից կազատվեն անձինք, որոնց գործած արարքը Քրեական նոր օրենսգրքով այլևս հանցագործություն չի համարվի |armenpress.am|

Պատժատեսակներից կազատվեն անձինք, որոնց գործած արարքը Քրեական նոր օրենսգրքով այլևս հանցագործություն չի համարվի |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում նախատեսվում է հիմնական և լրացուցիչ պատժատեսակներից ազատել այն անձանց, որոնց կատարած արարքները այս տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Քրեական նոր օրենսգրքով հանցագործություններ չեն համարվի. գույքի բռնագրավում պատժատեսակից կազատվեն այն անձինք, որոնց նկատմամբ կայացված բռնագանձման ակտն Օրենսգրքի ուժի մեջ մտնելու պահի դրությամբ կատարված չի լինի: Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին օրենքի նախագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Քրեական նոր օրենսգիրքը ընդունվել է 2021 թվականի մայիսի 5-ին ԱԺ-ի կողմից: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործ ունենք նոր իրավիճակի, նոր օրենսգրքային մոտեցումների հետ, բնականաբար պետք է լինի այնպիսի օրենք, որն անցումային ժամանակահատվածը շատ հստակ կերպով իրավական որոշակիության սկզբունքին համապատասխան կկարգավորի»,-ասաց Սարգսյանը: Օրենքով կարգավորվում են մի շարք հարցեր: «Նախատեսվում է նաև, որ Օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո հիմնական և լրացուցիչ պատիժներից պետք է ազատվեն 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքով մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով դատապարտված այն անձինք, որոնց կատարած արարքները Քրեական նոր օրենսգրքով այլևս հանցագործություններ չեն համարվում»,-ասաց փոխնախարարը:  Նոր Քրեական օրենսգրքով, օրինակ, գույքի բռնագրավումն այլևս որպես առանձին պատժի տեսակ չի գործելու: Բայց կան այնպիսի անձինք, որոնք դատապարտվել են այս պատժատեսակով: Գույքի բռնագրավումը այսուհետ հանդիսանալու է որպես քրեաիրավական ներգործության այլ միջոց: «Հետևապես, նախատեսվում է, որ Օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո գույքի բռնագրավում պատժատեսակից պետք է ազատվեն այն անձինք, որոնց նկատմամբ կայացված դատավճիռը մինչև 2022 թվականի հուլիսի 1-ն ուժի մեջ է մտել, սակայն գույքի բռնագրավում պատժատեսակն ի կատար չի ածվել կամ դատավճիռն ուժի մեջ է մտել, բայց հուլիսի 1-ից դրությամբ բռնագանձումը չի իրականացվել: Այս առումով արտոնությունից կօգտվեն այն անձինք, որոնց վերաբերյալ դեռևս բռնագանձման ակտը չի կայացվել»,-ասաց փոխնախարարը: Նախատեսվում է, որ համապատասխանեցնումները, որոնք կարիք կլինի ունենալ Քրեական նոր օրենսգրքի և հին օրենսգրքով կայացված դատական ակտերի միջև, պետք է կայացվեն դատական ակտ կայացրած դատարանները:
15:51 - 24 մայիսի, 2022
Առաջարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեի ենթակայությանը թողնել միայն որոշակի տեսակի հանցագործություններ․ ԱԺ-ն քննարկեց նախագիծը

Առաջարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեի ենթակայությանը թողնել միայն որոշակի տեսակի հանցագործություններ․ ԱԺ-ն քննարկեց նախագիծը

Ազգային ժողովն այսօրվա քննարկեց  կառավարության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ ու լրացումներ կատարել Քրեական դատավարության օրենսգրքում՝ հակակոռուպցիոն կոմիտեի ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար։ Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի խոսքով՝ Հակակոռուպցիոն կոմիտեն ունի 40 հաստիք, որից 33-ը՝ քննիչների․ «2021 թ. հոկտեմբերի 23-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում քննվել է կոռուպցիոն բնույթի 280 քրեական գործ, նախապատրաստվել է 171 նյութ: Տվյալ ժամանակահատվածում յուրաքանչյուր քննիչ իր վարույթում ունեցել է 10-11 գործ, ինչը, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի գործընկերների, չի կարող չանդրադառնալ քննության որակի վրա»։ Հակակոռուպցիոն կոմիտեի ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար կառավարությունը առաջարկում է  կոմիտեի ենթակայությանը թողնել միայն որոշակի տեսակի հանցագործությունների քննություն․«Հակակոռուպցիոն կոմիտեին թողնվելու են պաշտոնատար անձանց կողմից կատարվող կոռուպցիոն հանցագործությունները, իսկ մասնավոր գործերը փոխանցվելու են այլ մարմինների, մասնավորապես, Քննչական կոմիտեին»,- ասաց փոխնախարարը:
14:20 - 24 մայիսի, 2022
Կառավարությունը առաջարկում է, որ 19 տարեկանից բարձր տարիքի դատապարտյալները նույնպես հանրակրթության իրավունք ունենան

Կառավարությունը առաջարկում է, որ 19 տարեկանից բարձր տարիքի դատապարտյալները նույնպես հանրակրթության իրավունք ունենան

Ազգային ժողովը այսօր քննարկեց կառավարության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է լրացում կատարել «Կրթության մասին» օրենքում։ Օրինագծով առաջարկվում է, որ 19 տարեկանից բարձր տարիք ունեցող դատապարտյալները նույնպես հանրակրթության իրավունք ունենան։  Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նախագծի քննարկման ընթացքում ասաց՝ հանրակրթության իրավունք ունեն մինչև 19 տարեկան անձիք, եթե, իհարկե, նրանք այդ իրավունքը չեն իրականացրել ավելի վաղ․ «Այս պահի դրությամբ քրեակատարողական հիմնարկում կան շուրջ 300 դատապարտյալներ, որոնք, ըստ էության, չունեն հանրակրթության բավարար ցենզ, այսինքն ՝ չունեն 9-րդ դասարանի ատեստատ կամ 12-րդ դասարանի ատեստատ և հետևաբար այս առումով մենք ունենք մի շարք խնդիրներ, որոնք արձանագրել ենք մեր մոնիտորինգի արդյունքներով»։  Նախարարի տեղակալը ընդգծեց՝ 9-րդ, 12-րդ դասարանի ատեստատ չունեցող անձը ավելի բարձր ցենզի կրթության հավակնելու հնարավորություն չի ունենում․ «Հաջորդ կարևոր խնդիրը, որ մենք արձանագրել ենք, վերաբերում է նրան, որ, չունենալով համապատասխան կրթական ցենզ, անձը, ըստ էության, չի կարողանում հավակնել նաև ունենալու աշխատաշուկայում պահանջարկ վայելող համապատասխան աշխատանք։ Եվ, ըստ էության, այստեղ շատ ռիսկային իրավիճակի տակ է դրվում վերասոցիալականացման հիմնական կարևոր բաղադրիչներից մեկը, այն է ՝ աշխատանքը»։  Նա նշեց, որ օրենքի շահառու կհավակնեն դառնալ այն դատապարտյալները, ում պատժի ժամկետի լրանալուն կրթության իրավունքի իրացման վերաբերյալ գրավոր դիմում ներկայացնելու պահին մնացել է մեկ տարուց ավելի։  Փոխնախարարը պարզաբանեց, որ 19 տարեկանից բարձր անձանց համար խտացված ծրագիրն է գործելու, կրթությունն իրականացվելու է ինչպես առկա տարբերակով, այսինքն՝ դասախոսական մակարդակով, այնպես էլ հեռավար տարբերակով, հիբրիդային եղանակով։
12:54 - 24 մայիսի, 2022
Կարեն Անդրեասյանը կարևորում է կարգապահական պատասխանատվության համակարգի ճիշտ գործարկումը

 |armenpress.am|

Կարեն Անդրեասյանը կարևորում է կարգապահական պատասխանատվության համակարգի ճիշտ գործարկումը |armenpress.am|

armenpress.am: Անցնցում արդարադատություն ունենալու համար ամենակարևոր քայլերից մեկը դատավորների կարգապահական պատասխանատվության համակարգի ճիշտ գործարկումն է:  ժողովրդավարության հայկական ֆորումին այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը: Նրա խոսքով՝ այն աշխատանքը, որ հիմա արվում է դատավորների կարգապահական պատասխանատվության համակարգում, նախարարության ամենակարևոր, ամենաարդյունավետ և ամենալուրջ քայլերից մեկն է, որի մասին հասարակությունը, ցավոք սրտի, դեռ լիարժեք պատկերացում չունի: «Մենք զբաղվում ենք դատավորների ավելացմամբ, նոր դատարանների ստեղծմամբ, նոր դատավորներին շենքային և աշխատանքային պայմաններ ապահովելով, դատավորների համար աշխատավարձերի բարձրացմամբ, բայց այս ամենը միասին բավարար չէ: Ամեն դատավոր վճիռը կայացնելիս պիտի իմանա, որ կա կարգապահական վարույթ հարուցող մարմին, որն օբյեկտիվ է: Ամեն դատավոր պիտի իմանա, որ երբ էթիկայի հանձնաժողովը, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բերում են այդ կարգապահական վարույթները բարձրագույն դատական խորհուրդ, այնտեղ լինելու է արդար որոշում»,- ասաց նա: Անդրեասյանը նշեց, որ  դատական համակարգում վեթինգ կա, վեթինգը շարունակվում է, բայց վեթինգը այն վեթինգը չէ, որի մասին ի սկզբանե խոսում էին հասարակական և քաղաքական գործիչները: «Մեծ վեթինգի համար մեզ պետք են սահմանադրական բարեփոխումներ, և այսօր սահմանադրական բարեփոխումները մեզ համար ամենակարևոր հարցերից են: Ինչպես անել վեթինգը, որպեսզի կարողանանք ունենալ ոչ հակասահմանադրական գործընթաց, մենք չենք կարող մեկ օրում դատարկել ամբողջ դատական համակարգը և ունենալ արդարադատության կոլապս»,-հավելեց նա:
15:14 - 20 մայիսի, 2022
Բաց, կիսաբաց, կիսափակ, փակ ռեժիմները չեն լինի. վերանայվում են դատապարտյալների պահման պայմանները  |hetq.am|

Բաց, կիսաբաց, կիսափակ, փակ ռեժիմները չեն լինի. վերանայվում են դատապարտյալների պահման պայմանները |hetq.am|

hetq.am: Խորհրդարանն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց և ընդունեց կառավարության ներկայացրած «Քրեակատարողական օրենսգիրքը», որն ամբողջովին նոր հայեցակարգ է իրենից ներկայացնում: Հիմնական զեկուցող արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը հիշեցրեց, որ նախորդ տարի ընդունվել են Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերը, և ներկայացվող փոփոխությունները դրանց տրամաբանական շարունակությունն են: «Ամբողջ օրենսգիրքը կառուցված է այն տրամաբանությամբ, որ յուրաքանչյուր դատապարտյալի հետ պետք է անհատական աշխատանք տարվի: ՔԿՀ մուտք գործելուց հետո կարանտինային բաժանմունքում յուրաքանչյուր դատապարտյալի վերաբերյալ կազմվելու է պատժի կրման անհատական պլան, և երեքից վեց ամսվա պարբերականությամբ այն վերանայվելու է: Այս կերպ թիրախային միջոցառումներ կիրականացնենք բոլոր դատապարտյալների համար»,- ասաց նա: Փոխնախարարի խոսքով` այլևս չեն լինելու դեռևս խորհրդային տարիներից ժառանգված ուղղիչ հիմնարկների տեսակները` բաց, կիսաբաց, կիսափակ, փակ, նաև բուժական: «Լինելու է երեք անվտանգային գոտի` ցածր, միջին և բարձր, բուժական առանձին տեսակ չի լինելու: Գոտիները առանձնացրել ենք այն տրամաբանության շրջանակներում, որ անհատական պլանավորման հիմքում պետք է ընկած լինի դատապարտյալի ռիսկերի և կարիքների գնահատումը: Անձինք պետք է տարանջատվեն ըստ ցածր, միջին և բարձր ռիսկայնության շրջանակների: Նույն գոտու շրջանակներում ունենալու ենք երկու տարբեր պայմաններ` մեղմ և խիստ, կապված դատապարտյալի վարքագծից»,-ասաց Արփինե Սարգսյանը: Արդարադատության փոխնախարարի խոսքով` բուժական ՔԿՀ-ի գործունեության վերաբերյալ խնդիրներ կան, քանի որ դատապարտյալներից շատերը ցանկանում են տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց», քանի որ այն կիսաբաց կացարանային պայմաններ ունի,  և տրամաբանական է, որ դատապարտյալները տարբեր քայլերի են դիմելու, որպեսզի օրինակ՝ փակ ռեժիմից հայտնվեն այնտեղ: «Բուժական ուղղիչ հիմնարկում չենք կարողանում անհատականացված պլանավորումն ապահովել: Յուրաքանչյուր դեպքում հիմնարկում կգործի կամ ստացիոնար բաժանմունք կամ ամբուլատոր հատված, որտեղ բուժսպասարկում կիրականացվի: Ըստ փոխնախարարի` փոփոխությունների նպատակն այն է, որ «Դատապարտյալների հիվանդանոցում» լինեն տարբեր գոտիներ, որպեսզի փակ խցային պայմաններից դատապարտյալը տեղափոխվի նմանատիպ պայմանով սենյակ և ստանա համապատասխան բուժօգնություն: Շարունակությունը՝ hetq.am-ում
15:44 - 19 մայիսի, 2022
Առաջարկվում է ավելացնել Վճռաբեկ և Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրությունը՝ հավելումների և հավելավճարների վերանայման միջոցով

Առաջարկվում է ավելացնել Վճռաբեկ և Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրությունը՝ հավելումների և հավելավճարների վերանայման միջոցով

Կառավարությունը այսօրվա նիստի ընթացքում հավանություն տվեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում և կից նախագծում լրացումներ կատարելու նախագծին, որով առաջարկվում է հավելումների և հավելավճարների վերանայման միջոցով բարձրացնել Վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրությունը։ Արդարադատության  փոխնախարար Գրիգոր Մինասյանը նախագծի քննարկման ընթացքում ասաց, որ Դրանով Վճռաբեկ դատարանի  և Սահմանադրական դատարանի դատավորների համար սահմանված վարձատրության չափը չի համապատասխանում վերջիններիս կագավիճակին և պատասխանատվությանը։ «Վճռաբեկ դատարանն իրականացնում է կարևոր սահմանադրական առաքելություն, նպաստում է իրավունքի զարգացմանը, ապահովում է դատական պրակտիկայի միասնականությունը։ Այն  իր գործի բերումով առերեսվում է դատավարական բողոքների մեծ քանակի և եռաստիճան դատական համակարգում  առնչվում է իրավունքի և փաստի ամենաբարդ հարցերի քննությանը։ Սահմանադրական դատարանն էլ, իր հերթին, ապահավում է իրավակիրառ պրակտիկայում Սահմանադրության ամբողջական և միակերպ ընկալում ու սահմանադրական օրինականությունը և որոշում է կարևոր օրենսդրական նախաձեռնությունների ճակատագրեր»։ Նախարարն ասաց՝ առաջարկվում է ավելացնել վերջիններիս վարձատրությունը ՝նրանց տրամադրվող հավելումները և հավելավճարները վերանայելու միջոցով։ «Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանի դատավորների համար առաջարկվում է սահմանել հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 50%-ի չափով, իսկ Սահմանադրական դատարանի բոլոր դատավորների համար հավելավճարի չափը սահմանել ֆիքսված՝ պաշտոնային դրույքաչափի 80%-ի չափով։                     Որպեսզի նախագծի ընդունման արդյունքում ՍԴ դատավորների կենսաթոշակի չափն իր հերթին զգալիորեն չտարբերվի մյուս ատյանի դատավորների կենսաթոշակի չափից, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում էլ նախատեսվել է կարգավորում, որ եթե դատավորի համար սահմանված հավելավճարի չափը գերազանցում է պաշտոնային դրույքաչափի 30%-ը, ապա կենսաթոշակի հաշվարկի մեջ ընդգրկվում է հավելավճարի գումարի միայն 30%-ը»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց՝ նմանատիպ որոշումները առաջին հերթին կայացնում են ոչ թե հանուն դատավորների, այլ քաղաքացիների․ «Շատ մարդիկ ասելու են՝ այս սոցիալական ծանր իրավիճակում բռնում եք դատավորների և Սահմանադրական դատարանի դատավորների աշխատավարձն եք բարձրացնում, և ես ինչպես նախկինում այս վերաբերյալ որոշումների քննարկման ժամանակ ասել եմ՝ մենք այս որոշումները կայացնում ենք առաջին հերթին ոչ թե հանուն դատավորների, այլ հանուն այն քաղաքացիների, ովքեր առնչվում են այդ դատարանների հետ, որովհետև արդարությունը և պատշաճ արդարադատությունը ամենակարևոր հնարավորությունն է, որ մենք երկրում պետք է ունենանք։ Սա ունի և՛ սոցիալական, և՛ քաղաքական, և՛ իրավական նշանակություն, որովհետև մենք հետևողականորեն պետք է գնանք այս ճանապարհով, որովհետև մենք ուզում ենք, որ ՀՀ-ում լինի այնպիսի դատական համակարգ, որը, պայմանականորեն ասած, նայում է մարդկանց աչքերին, ոչ թե մարդկանց ձեռքերին»։
12:42 - 19 մայիսի, 2022
Առաջարկվում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն քննի միայն պաշտոնատար անձանց կատարած կոռուպցիոն հանցագործությունները

Առաջարկվում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն քննի միայն պաշտոնատար անձանց կատարած կոռուպցիոն հանցագործությունները

Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների ծանրաբեռնվածությունը մեծացել է՝ կապված կոռուպցիոն գործերի թվի հետ: Այս մասին ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստում հայտնեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: «2021 թվականի հոկտեմբերի 23-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում քննվել է կոռուպցիոն բնույթի 280 գործ, նախապատրաստվել է 171 նյութ: Տվյալ ժամանակահատվածում յուրաքանչյուր քննիչ իր վարույթում միջինն ունեցել է 10-11 քրեական գործ»,- ասաց Սարգսյանը: «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծով առաջարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեին թողնել միայն այն գործերը, որոնք կատարվել են Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 3-րդ և 4-րդ մասով նախատեսված՝ պաշտոնատար անձանց կամ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից: «Խոսքը բոլոր այն կոռուպցիոն գործերի մասին է, որոնք կատարվել են բարձրաստիճան պաշտոնատար և մյուս հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից կողմից»,-նշեց փոխնախարարը: Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին:  
16:31 - 17 մայիսի, 2022
Առաջարկվում է տեղեկատվության հարցումներն ապօրինի մերժողներին տուգանել 30-70 հազար դրամով |hetq.am|

Առաջարկվում է տեղեկատվության հարցումներն ապօրինի մերժողներին տուգանել 30-70 հազար դրամով |hetq.am|

hetq.am: Արդարադատության նախարարությունն առաջարկում է օրենքով նախատեսված տեղեկությունն ապօրինաբար չտրամադրելու համար պատասխանատվության միջոցներն ավելացնել պաշտոնատար անձանց և գերատեսչությունների համար: Փոփոխություններով առաջարկվում է սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև յոթանասունապատիկի չափով տուգանք սահմանել(30-ից 70 հազար դրամ), իսկ նույն խախտումը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով(100-ից 150 հազար դրամ): Նախագիծը ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց արդարադատության փոխնախարար Երանուհի Թումանյանցը: Փոխնախարարի խոսքով՝ ըստ Givemeinfo.am կայքի տվյալների՝2019 թվականից առ այսօր տեղեկություն տնօրինողներին հասցեագրված գրավոր հարցումների 18%-ի դեպքում տեղեկություն տնօրինողները օրենքի խախտմամբ ամբողջությամբ կամ մասնակիորեն չեն տրամադրում իրենցից պահանջված տեղեկությունները: Նշված ժամանակահատվածում հարցումների 3%-ին առհասարակ որևէ պատասխան չի ներկայացվել, 9%-ի դեպքում պատասխանները թերի են եղել՝ այսինքն հարցմամբ պահանջված որոշ տեղեկություններ չեն տրամադրվել, 3%-ի դեպքում տեղեկությունը չի տրամադրվել՝ անհիմն մերժվել է առանց օրենքով նախատեսված պատշաճ իրավական հիմքի, և ևս 3%-ի դեպքում ստացվել է անհիմն պատասխան,  երբ ակնկալվող տեղեկության տրամադրումը թեև ձևական իմաստով չի մերժվել, սակայն պահանջված տեղեկությունը օրենքի խախտմամբ չի տրամադրվել: Նախագծում նշվում է նաև «Datalex.am» դատական տեղեկատվական համակարգում տեղադրված գործերի ուսումնասիրության արդյունքները, ըստ որոնց պարզվել է, որ ներկայացված հայցադիմումները մեծ թիվ չեն կազմում: Վերջին մի քանի տարիների ընթացքում ներկայացված հայցադիմումների քննության արդյունքում տասը գործ մերժվել է Վարչական դատարանի համապատասխան վճիռներով, հայցադիմումներից բավարարվել են ընդամենը չորսը, որոնցից երկուսով պատասխանողը տուգանվել է տասը հազարական դրամով, մեկով՝ երեսուն հազար դրամով, մեկով՝ հիսուն հազար դրամով: Նշվում է նաև, որ ներկայացված հայցադիմումների մի մասի վարույթ ընդունելն ընդհանրապես մերժվել է դատարանի կողմից: Ըստ նախարարության՝ 189.7-րդ հոդվածի սանկցիայով նախատեսված տասից հիսուն հազար դրամ տուգանքի չափ նախատեսված լինելը բավարար չափով չի շահագրգռում քաղաքացիներին, իրավաբանական անձանց հայց հարուցել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների դեմ՝ օրենքով նախատեսված տեղեկությունը ապօրինաբար չտրամադրելու համար: Փոխնախարարի խոսքով՝ տուգանքի ավելի բարձր սահմանաչափ նախատեսված լինելու դեպքում անձն ավելի շահագրգռված կլինի հայց հարուցելու՝ հաշվի առնելով նաև այն, որ քննարկվող հայցի բավարարման դեպքում իրավախախտի կողմից վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո հետագայում կբացառվեն կամ գոնե կնվազեն 189.7-րդ հոդվածով սահմանված համապատասխան սուբյեկտի կողմից տեղեկատվության ապօրինաբար չտրամադրման դեպքերը: Առավել մանրամասն՝ hetq.am-ում
13:51 - 17 մայիսի, 2022
Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ քրեակատարողական օրենսգրքի նախագծին |armenpress.am|

Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ քրեակատարողական օրենսգրքի նախագծին |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի նախագծին: Նախագիծը ներկայացրեց Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը`  նշելով, որ սա լիովին նոր քրեակատարողական օրենսգիրք է: «Վերջին անգամ այսպիսի նախագիծ ընդունվել է 2004 թվականին, այսինքն՝ գործող օրենքն ունի մոտավորապես 20 տարվա հնություն, ինչի պատճառով կարիք ունի արդիականացման։ Կան դեռևս խորհրդային տարիներից մնացած կարգավորումներ, որոնք այս օրենսգրքով փոփոխվում են»,- ասաց նախարարը։ Նախարարի խոսքով՝ փոփոխություններից մեկն այն է, որ վերակարգվում են ուղղիչ հիմնարկների տեսակները։ Դրանք նախկինում հետևյալն էին՝ բաց, կիսաբաց, կիսափակ, փակ և բուժական արհեստական բաժանումներով, իսկ հիմա տեսակավորվելու են անվտանգության երեք աստիճաններով՝ ցածր, միջին և բարձր։ «Բաշխումն իրականացվելու է կատարած հանցանքին համապատասխան ռիսկայնության աստիճանով։ Աստիճանը հետագայում կարող է փոխվել՝ վարքագծի հետ կապված, ինչը դաստիարակչական նշանակություն ունի դատապարտյալի համար»,- հավելեց նախարարը: Անդրեասյանը նշեց, որ մեկ այլ կարևոր փոփոխություն է բուժական ուղղիչ հիմնարկը որպես առանձին տեսակ չպահպանելը: «Մենք հիմա ունենք «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, որտեղ ,ճիշտ է,  շենքային պայմանները բոլորովին լավը չեն, բայց շատերը ձգտում են այնտեղ հայտնվել, որովհետև այդ հիմնարկը ունի մի պահման ռեժիմ՝ ազատ ռեժիմ: Այն ազատազրկվածները, որոնք ուզում են փոքր-ինչ ազատ վիճակում հայտնվել, նույնիսկ անմխիթար շենքային պայմաններում ձգտում են այնտեղ և դա առաջացնում է որոշակի կոռուպցիոն ռիսկեր: Նոր օրենսգրքով՝ բերվում է մի տրամաբանության, որ բուժական հիմնարկն էլ հարմարեցված է վերը նշված երեք ռիսկայնության գոտիներին»,- ասաց նախարարը: Անդրեասյանի խոսքով՝ մեկ այլ կարևոր գործիքակազմ է ինքնավնասումների արդյունավետ կանխարգելումը։ «Մենք պիլոտային ծրագիր իրականացրեցինք, որպեսզի կարողանանք ստուգել, թե արդյոք այս նոր համակարգը արդյունավետ է: Մենք տեսանք, որ այն արդյունավետ է:  Հիմա նոր օրենսգրքով փորձում ենք ներդնել այս համակարգը, որ երբ ազատազրկվածը հայտնվում է քրեակատարողական հիմնարկում, նա ենթարկվում է նախնական գնահատման: Նոր գործիքակազմ ենք ներդնում, որպեսզի կանխարգելենք ինքնավնասումները և ինքնասպանությունները»,- եզրափակեց Անդրեասյանը:
13:08 - 13 մայիսի, 2022
Կառավարությունը հաստատեց Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը |1lurer.am|

Կառավարությունը հաստատեց Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունը հաստատեց Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը, 2022-2024 թվականների ճանապարհային քարտեզը և արդյունքային շրջանակը, ռազմավարության իրականացման հսկողությունն ու համակարգումն ապահովող անձանց ցանկը: «Երևի չափազանցություն չի լինի նշել, որ այս փաստաթուղթը մեր պետության կարևոր փաստաթղթերի ամենակարևոր հնգյակում է. նույնիսկ՝ Սահմանադրությունից հետո»,- ասաց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը: Նա նշեց, որ փաստաթուղթը 3 տարվա աշխատանքի արդյունք է, և ռազմավարության մեջ շատ օբյեկտիվ ախտորոշված են ամբողջ կառավարման համակարգի խնդիրները և ախտորոշման հետ տրված են բոլոր հնարավոր լուծումները՝ մի քանի փուլով:  Նախարարը տեղեկացրեց, որ, ըստ ռազմավարության, աշխատանքը հիմնական 4 ուղղություններով է լինելու: «Առաջին բլոկը լինելու են հանրային ծառայությունները: Արդեն իսկ հատվածական տեղի են ունեցել հանրային ծառայությունների բարելավումներ մեր երկրում. տարբեր կառույցներ, տարբեր նախարարութուններ ստեղծել են միասնական որոշակի գրասենյակներ, կառույցներ, որոնք բարելավել են ծառայությունների որակը»,- ասաց նա: Մյուս խնդիրը, ըստ Անդրեասյանի, մարդկային ռեսուրսներն են: «Եղել են դեպքեր, երբ բարեկամներին, ազգականներին մտցրել են համակարգ, և ստեղծվել է քաղծառայության համակարգ, որը բավարար չափով չի խրախուսում, չի ներգրավում, չի կատարելագործում այն կադրերին, որոնք պետք են աշխատանքների իրականացման համար»,- ասաց նա:  Նախարարը նշեց, որ ռազմավարությունը հստակ տալիս է լուծումները, թե ինչպես պարգևատրել արժանավորներին, ինչպես հետաքրքիր դարձնել պետական ծառայությունը մասնավորի հետ մրցակցության պարագայում: Երրորդ հենասյունը, որի վրա կառուցված է ռազմավարությունը, ինստիտուցիոնալ արդիականացումն է: «Քաղաքական գործիչը կամ պաշտոնյան, նշանակվելով քաղաքական պաշտոնի, ունենում է բարի, լավ ցանկություններ, ուզում է իրականացնել լավ գործեր, բայց ինստիտուցիոնալ համակարգը ոչ միայն չի օգնում, այլև տեղ-տեղ միջին ու ստորին օղակներում նույնիսկ սկսում է խոչընդոտել»,- նշեց նա: Վերջինը, ըստ նախարարի, քաղաքականության ռազմավարական պլանավորումն է: «Մենք մի քանի տարի է՝ գնում ենք այդ ճանապարհով, որ հնարավորինս այսրոպեական չլինեն որոշումները, լինեն ռազմավարությունների մաս, բայց դա էլ համակարգման և կատարելագործման կարիք ունի»,- նշեց Կարեն Անդրեասյանը: «Երեք տարվա ընթացքում փորձել ենք վերլուծել պետական մեքենայի աշխատանքը և արձանագրել ենք, որ այդ մեքենայի մեջ կան ավելորդ և պակասող դետալներ, և այդ մեքենան ժամանակակից պահանջներին չի համապատասխանում, այն անհարմար է և՛ վարողների, և՛ ուղևորների համար, երբեմն ավել է բենզին ծախսում՝ չբացելով բավարար արագություն, երբեմն արգելակները չեն պահում, շրջադարձների վրա ենք խնդիրներ ունենում, և այսպես շարունակ»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ մեզ պետք է ունենալ որակյալ հանրային ծառայություններ և «ճանապարհ»՝ ռազմավարությունների տեսքով, որով «ուղևորներին կարելի է հարմարավետ ձևով տեղ հասցնել»: «Երբ ասում ենք հանրային կառավարման բարեփոխումներ, նկատի ենք ունենում հետևյալը. որ քաղաքացիների համար կյանքը ավելի հարմարավետ դարձնելու մեխանիզմն աշխատի առավել արդյունավետ: Սա շատ մեծ, ծավալուն աշխատանք է, և ես համոզված եմ, որ այդ ծավալուն աշխատանքը մենք հետևողականորեն կանենք»,- ասաց վարչապետը: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նշեց, որ ռազմավարությունը միայն պետական մեքենայի լավարկման մասին չէ, որովհետև դա ուղղակի ազդեցություն ունի տնտեսության վրա, սոցիալական ոլորտում և ամենալուրջ ազդեցությունն ունի հակակոռուպցիոն արդյունավետ պայքարի համար: «Այս ռազմավարության հանրային կարևորությունը շատ մեծ է. այն խարսխային է պետության աշխատանքի համար»,- ընդգծեց Մհեր Գրիգորյանը:
12:40 - 13 մայիսի, 2022
Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարն ընդունել է Ֆրանսիայի նոտարիատի բարձրագույն խորհրդի ներկայացուցիչներին

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարն ընդունել է Ֆրանսիայի նոտարիատի բարձրագույն խորհրդի ներկայացուցիչներին

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանն ընդունել է Ֆրանսիայի նոտարիատի բարձրագույն խորհրդի (SCH)՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հետ հարաբերությունների գծով ներկայացուցիչ, Փարիզ քաղաքի նոտար Վալերի Եսանուն, Ֆրանսիայի նոտարիատի բարձրագույն խորհրդի (SCH)՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հետ հարաբերությունների գծով ներկայացուցիչ, Ֆրանսիայի Բոլյո սյուր Մեր համայնքի նոտար Քրիստինա Ատանասովային, ինչպես նաև նույն կառույցի՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հետ հարաբերությունների պատասխանատու Լարիսա Ալբերտինիին։ Հանդիպմանը մասնակցում էին նաև արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Նվարդ Վարդանյանը, Նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանը և Նոտարական պալատի աշխատակազմի ղեկավար Հայարփի Հայրապետյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ Հանդիպման ընթացքում Սիրվարդ Գևորգյանը խոսել է նոտարական համակարգի շարունակական բարեփոխումների մասին։ Նա նշել է, որ նոտարական համակարգի բարեփոխումները մշտապես եղել են արդարադատության նախարարության ուշադրության կենտրոնում, և այս համատեքստում իրականացվել են մի շարք առանցքային նշանակություն ունեցող փոփոխություններ, որոնք ոչ միայն հնարավորություն են տվել մեծացնելու նոտարական գործողությունների շրջանակը, այլև կարևոր դեր են խաղացել դատարանների ծանրաբեռնվածության թեթևացման գործում։ «Տևական ժամանակ իրավաբանական նշանակություն ունեցող փաստերը պարտադիր դատական կարգով հաստատելու պահանջն առաջացնում էր արդարացված դժգոհություն քաղաքացիների մոտ, քանի որ ժամանակատար և ծախսատար էր, մինչդեռ օրենսդրական փոփոխությունների արդյունքում հնարավոր եղավ ապահովել ծառայությունների առավել արագ մատուցումը՝ նոտարներին առանձին տեսակի իրավաբանական փաստերի հաստատման լիազորություն տրամադրելով՝ պահպանելով դատարանի կողմից նշված վարույթների իրականացումը, եթե անձն սպառել է նաև նոտարական կարգով իրավաբանական փաստի հաստատման հնարավորությունը», - իր խոսքում նշել է Սիրվարդ Գևորգյանը։ Անդրադարձ է կատարվել նաև նոտարի կողմից կատարողական մակագրության թերթի տրամադրման ինստիտուտի վերականգնմանը, որը գործում էր դեռևս Խորհրդային Հայաստանի ժամանակաշրջանում։ «Ֆրանսիայի մեր գործընկերները, որպես Հայաստանում իրականցված կարևոր բարեփոխում, առանձնացրել են նաև էլեկտրոնային նոտարիատի համակարգի ստեղծումը՝ առանձնակի գնահատանքով նշելով Նախարարության և Նոտարական պալատի սերտ աշխատանքային կապն ու հարաբերությունների բարձր արդյունավետությունը։Սիրվարդ Գևորգյանը հավելել է նաև, որ Հայաստանում արդեն իսկ գործում են լիազորագրերի, ժառանգությունների գործերի էլեկտրոնային շտեմարանները, ներդրվել է էլեկտրոնային եղանակով կնքված գործարքները նոտարի կողմից էլեկտրոնային եղանակով վավերացնելու հնարավորությունը, ինչը նպատակ ունի բացառելու թղթային կրիչի վրա ներկայացվող փաստաթղթերի կեղծման հնարավորությունը, բարձրացնելու գործարքների անվտանգությունը և ապահովելու սպասարկման բարձր որակը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նոտարիատի բնագավառում Ֆրանսիայում իրականացված բարեփուխումները ևս դարձնել խորն ուսումնասիրության առարկա և ապահովել արդյունավետ ու շարունակական համագործակցություն։
19:52 - 06 մայիսի, 2022
Կարեն Անդրեասյանը հայտնեց, որ ինքը կառավարման խորհրդարանական մոդելի կողմնակից է |armenpress.am|

Կարեն Անդրեասյանը հայտնեց, որ ինքը կառավարման խորհրդարանական մոդելի կողմնակից է |armenpress.am|

armenpress.am: Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հայտարարեց, որ ինքը կառավարման խորհրդարանական մոդելի կողմնակից է: Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ առաջին նիստի ժամանակ Կարեն Անդրեասյանը հայտարարեց, որ ինչքան էլ տարբեր կառավարման ձևերը պայմանական լինեն, սակայն ինչ-որ պահի պետք է կատարել ընտրություն, թե որ կառավարման ձևի կողմնակից է խորհրդի այս կամ այն անդամը: «Պարզ է, որ մենք բոլորս որպես մասնագետներ հասկանում ենք, որ կարող է լինել խորհրդարանական մոդել որոշակի տարաբնույթ ձևերով, բայց միևնույնն է՝ ինչ-որ պահի պետք է ընտրություն կատարել և սյունը դնել ու ընտրել, թե որն է հիմքը, որից հետո գնալ այդ խառը ժամանակակից մոդելներին և լուծումներին: Այդ կապակցությամբ ես պաշտոնապես իմ անունից և նախարարության անունից ասում եմ, որ կողմ եմ խորհրդարանական մոդելի պահպանմանը և այդ մոդելի շտկումների և բարեփոխումների իրականացմանը»,- ասաց Անդրեասյանը՝ հավելելով, որ այս դիրքորոշումը դեռևս կառավարության անունից չէ: Ամփոփելով խոսքը՝ նախարարը նշեց, որ նախնական արդյունքներով Սահմանադրական բարեփոխումների խորհրդի 4 անդամ որոշակի մասնագիտական վերապահումներով կողմ է արտահայտվել կառավարման խորհրդարանական ձևին, խորհրդի 1 անդամ նախագահական մոդելի կողմնակից է, անդամներից 3-ը բացակա են, 3-ը հրաժարվել են այս պահին դիրքորոշում արտահայտել: «Այս ամփոփումը ոչինչ չի կանխորոշում: Ես ուղղակի ուզում եմ պարբերաբար մեզ համար ինչ-որ ամփոփումներ անենք, որ մեր հանրությունը տեսնի՝ ինչպես են փոխվում մեր մոտեցումները մասնագիտական քննարկումներից հետո»,- ասաց Անդրեասյանը:
11:41 - 06 մայիսի, 2022
Վարչապետը համոզմունք է հայտնել, որ իրականացվող աշխատանքի արդյունքում ԴԱՀԿ ծառայության հեղինակությունը շարունակաբար կբարձրանա

Վարչապետը համոզմունք է հայտնել, որ իրականացվող աշխատանքի արդյունքում ԴԱՀԿ ծառայության հեղինակությունը շարունակաբար կբարձրանա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր այցելել է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն, ներկա եղել Հարկադիր կատարողի օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։  Հանդիսությանը ներկա են եղել նաև արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը և պաշտոնատար այլ անձինք: Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին Հարկադիր կատարողի օրվա առիթով և ընդգծել, որ ծառայությունը մեր իրականության մեջ նախկինում կա՛մ չի եղել, կա՛մ շատ թույլ է գոյություն ունեցել:  «Այստեղ շատ կարևոր քաղաքակրթական նրբություններ կան: Այս հանգամանքի բերումով, ի սկզբանե, եթե հիշում եք, ԴԱՀԿ ծառայության շուրջ նաև այդ պատճառով շատ մեծ նեգատիվ կար, որովհետև ի սկզբանե ընկալում էր, թե ստեղծվել է մի ծառայություն, որը մարդկանցից վերցնում է, կամ խլում է, կամ հարկադրաբար ինչ-որ բան կտրում է նրանցից: Սա շատ կարևոր հանգամանք է: Բայց ԴԱՀԿ ծառայության իրականությունը կամ առաքելությունը մի փոքր այլ է: Այստեղ մենք պիտի նկատի ունենանք, որ հիմնական առաքելությունը, որը պետականորեն և հանրայնորեն շատ կարևոր է, այն է, որ, ի վերջո, ԴԱՀԿ ծառայությունը արդարադատության գործադիր մարմինն է: Եվ երբ վերցնում է՝ դա անում է արդարությունը վերականգնելու համար և, ըստ էության, տալիս է նրանց, ովքեր ապօրինի կերպով զրկվել են: Եվ երկրորդ՝ շատ կարևոր է մի այսպիսի քաղաքակրթական նրբություն, որը շատ դժվարությամբ, բայց, այնուամենայնիվ ձեր ծառայությունն է ի կատար ածում: Այդ քաղաքակրթական նրբությունը հետևյալն է. մեզնից յուրաքանչյուրը պիտի հասկանա և արձանագրի, որ իր արարքները, պահվածքը, ապրելու ոճն իր հետ բերում է որոշակի հետևանքներ: Եվ մենք այս հետևանքների հետ հարաբերությունները պարզելիս է, որ պետք է ձևակերպենք այն հանրային հարաբերությունները, որին բոլորս ձգտում ենք: Այս առումով՝ ես ԴԱՀԿ ծառայության ճիշտ բովանդակության աշխատանքը կհամարեմ ոչ միայն զուտ իրավական, դատաիրավական, այլև այստեղ շատ կարևոր քաղաքակրթական նրբություններ կան: Որովհետև, այո, երբեմն շատ տհաճ է, երբ երթևեկության կամ ամենատարբեր տուգանքներ են ի հայտ գալիս: Բայց դրանից մեր ուղերձը պիտի լինի հետևյալը, որ այդ ամենի արդյունքում, այս հարաբերությունների արդյունքում մենք պետք է կարողանանք շտկել և կարգավորել մեր առօրյա կյանքը, սովորույթները, կարգապահությունն այնպես, որ ճիշտ բալանս գտնենք հանրային և անձնական շահի միջև: Այս առումով՝ չափազանց կարևոր է ԴԱՀԿ ծառայությունը: Չափազանց կարևոր է, որ այս տեսանկյունը գիտակցվի և՛ ծառայության, և՛ հանրության կողմից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ նաև օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքների բերումով ԴԱՀԿ ծառայության համարումը, իմիջն ակնհայտորեն բարելավվում է, որովհետև, հենց այս ընկալումը մարդիկ ավելի շատ են սկսում հասկանալ, որ սա պետության, օրինականության և մարդու, անհատների, կազմակերպությունների օրինական շահերի պաշտպանության շատ կարևոր գործիք է: «Պիտի ասեմ նաև, որ շատ դեպքերում այն նեգատիվը, որ գալիս է և դեռ կգա ԴԱՀԿ ծառայության նկատմամբ, ցավոք, հենց ծառայությունից չի կախված, որովհետև սա արդեն բխում է նրանից, թե հանրության համար ինչքանով են վստահելի այն դատական ակտերը, որոնք կայացվում են դատարանների կողմից: Իհարկե, մեր դատական համակարգում առկա պրոբլեմները, դրանցից բխող նեգատիվը, ցավոք, շատ հաճախ ընկնում է ձեզ վրա: Այստեղ էլ շատ կարևոր է, որ ամեն ինչ անենք, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում դատական ակտերը լինեն մաքսիմալ վստահելի, որպեսզի ԴԱՀԿ ծառայության շուրջ մթնոլորտը գնալով ավելի ու ավելի դրական դառնա»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետական ինստիտուտների գործունեությունը գնահատելիս, պլանավորելիս, ռազմավարություններ մշակելիս չպիտի դիտարկել միայն հարցի մեխանիկական կողմը, որովհետև դրանք ապահովում են օրենքի գերակայություն, ունեն կարևոր քաղաքակրթական նշանակություն, կարևոր նշանակություն՝ անհատի և հանրության, անհատի և օրենքի, անհատի և անհատի հարաբերությունները ճիշտ բալանսների մեջ դնելու համար: «Հույս ունեմ, որ հենց այդ ճանապարհով կշարունակենք ընթանալ, որովհետև գիտեմ, որ այս ընկալումն ամեն օրվա հետ ավելի ու ավելի է առկա մեր կառավարությունում: Պիտի ընդգծեմ ևս մի հանգամանք: Մենք ԴԱՀԿ ծառայության այլ հարթություն էլ ենք շատ կարևորում, որովհետև 2021 թվականի կառավարության գործունեության հաշվետվության մեջ ընդգծել ենք, որ նախորդ տարի ծառայության գործունեության արդյունքում պետական բյուջե 600 միլիոն դրամի մուտք է տեղի ունեցել: Եվ մենք խնդիր ենք դրել, որ այդ եկամուտները, որոնք օգտագործվում են հանրային կարիքները հոգալու համար, գնալով ավելանան: Այս ամենն ասելով՝ ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել կատարված աշխատանքի և ծառայության համար, ուզում եմ շնորհակալություն հայտնել թերությունների հետ առերեսվելու և այդ թերությունները շտկելու պատրաստակամության, ուսադիրները պատվով կրելու համար: Ցանկանում եմ համոզմունք հայտնել, որ ահա այս գաղափարաբանության շրջանակում իրականացվող աշխատանքի արդյունքում այդ համազգեստի, ուսադիրների, ծառայության հեղինակությունը շարունակաբար կբարձրանա, և ի վերջո մենք կհանգենք հանրային այն համընդհանուր եզրակացության, որ ԴԱՀԿ ծառայությունը գործում է ոչ թե ի հեճուկս, այլ հանուն քաղաքացու, հանուն իրավունքի, հանուն օրենքի և արդարության»,- ասել է վարչապետը: Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում տեղի է ունեցել նորանշանակ հարկադիր կատարողի երդման հանդիսավոր արարողությունը, որից հետո Կառավարության ղեկավարը, մասնագիտական տոնի կապակցությամբ, ԴԱՀԿ մի խումբ աշխատակիցների հանձնել է հուշամեդալներ ու շնորհակալագրեր: Մասնավորապես՝ Հարկադիր կատարողի օրվա կապակցությամբ, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության զարգացման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով պարգևատրվել են՝ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Արթուր Վարդանյանը, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տեսչական և վերլուծական բաժնի պետ Վահե Մովսիսյանը: Հարկադիր կատարողի օրվա կապակցությամբ, բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով խախուսվել են՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ֆինանսական բաժնի պետ-գլխավոր հաշվապահ Նարինե Մարգարյանը, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արարատի և Վայոց ձորի մարզային բաժնի պետ Լևոն Դանիելյանը, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արագածոտնի և Արմավիրի մարզային բաժնի պետ Գևորգ Դումանյանը:
22:19 - 05 մայիսի, 2022
Պետք է հետևողականորեն շարժվենք անկախ, վստահելի դատական համակարգ ունենալու ուղղությամբ. վարչապետ

Պետք է հետևողականորեն շարժվենք անկախ, վստահելի դատական համակարգ ունենալու ուղղությամբ. վարչապետ

Կառավարությունը հավանություն տվեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին։  Արդարադատության նախարար Կարեն  Անդրեասյանն ասաց՝ օրենքի կարճատւև գործարկման ընթացքում Գլխավոր դատախազությունը կատարել է հսկայածավալ աշխատանք և այդ աշխատանքի արդյունքում դուրս են բերվել որոշակի խնդիրներ, որոնք պետք է լուծել և լավարկել այս օրենքը։Նախարարը ներկայացրեց այն փոփոխությունները, որոնք առաջարկվում է նախագծով։ ։ «Առաջարկվում է ընդլայնել այն անձանց շրջանակը, որոնց նկատմամբ կարող է սկսվել գույքային ուսումնասիրությունը։ Գործող կարգավորումների պայմաններում ուսումնասիրություն կարող էր կատարվել քաղաքական, վարչական, ինքավար, հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց նկատմամբ։ Այդ պաշտոններն են, օրինակ, վարչապետերը, փոխվարչապետերը, նախարարները, նախարարների տեղակալները, Մարդու իրավունքների պաշտպանը, դատավորները։Այս փոփոխության նպատակն  այն է, որ ընդլայնվի այդ պաշտոնների շրջանակը և բոլոր այն պաշտոնյաները, որոնք հայտարարագրեր են ներկայացնում, իրենք նույնպես ենթակա լինեն այս օրենքի ուսումնասիրությանը»։ Բացի դրանից, ըստ Կարեն Անդրեասյանի, դատախազությանը տրվում է հնարավորություն սեփական նախձեռնությամբ սկսել ուսումնասիրություն բոլոր այն դեպքերում, երբ արդեն իսկ սկսված աշխատանքներում հայտնաբերվել են տվյալներ պաշտոնատար անձին կամ իր հետ փոխկապակցված անձին պատկանող ապօրինի գույքի վերաբերյալ։ Նախատեսվում է նաև  ՀՀ սահմաններից դուրս գտնվող գույքի ձեռքբերման արժեքի չափով գումարի բռնագանձման հնարավորություն, եթե առկա չեն այդ գույքի շուկայական արժեքի վերաբերյալ տեղեկություններ:Փաշինյանը, արձագանքելով նախարարին, ասաց, որ այս պահի դրությամբ իրենց ակնկալիքները չեն արդարանում․ «Եթե ես ճիշտ եմ հիշում, համակարգը  ներդրվեց 2020 թ․-ի սեպտեմբերից։ Այս ընթացքում դատախազությունը հսկայական աշխատանք է կատարել այդ ուղղությամբ, բայց մյուս կողմից էլ պոստ ֆակտում ենք արձանագրել, որ այդ աշխատանքի ծավալները այնքան մեծ են, որ  այս պահի դրությամբ մեր ակնկալիքները չեն արդարանում»։  Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն էլ ասաց՝ բարդությունները գործնական աշխատանքի արդյունքում են ի հայտ եկել․« Ինչ վերաբերում է ի սկզբանե ձևավորված ակնկալիքներին, այո, այդպիսի խնդիր կա, բայց ուզում եմ՝ հասկանանք՝ դրա պատճառն ինչ է։ Երբ մեխանիզմը ներդրվում էր, երբ օրենքն ընդունվում էր, ինստիտուտն ոչ միայն աննախադեպ էր ոչ միայն մեր երկրի, այլ աշխարհի բազում երկրների համար, և աշխարհը դեռևս լուրջ փորձառություն անցած պրակտիկա չուներ, գործնական աշխատանքի արդյունքում ի հայտ եկան այն բարդությունները, այն պրոբլեմները, որոնց մենք բախվում ենք»։ Նա նշեց, որ այս պահի դրությամբ դատարանում ներկայացված է շուրջ 8 հայց 42 միլիարդ դրամ հայցագնով։ «Ունենք առաջին նախաձեռնությունը համաձայնության գալու և կարծում ենք, որ սա լավ փորձ կլինի և ազդակ կլինի համապատասխան սուբյեկտներին, որ առավել նախընտրելի է համաձայնությամբ այս տեսակ խնդիրների լուծումները»։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց՝ դատաիրավական համակարգում բարեփոխումներն ամենաբարդն են և ամենադժվարն են առաջ գնում: «Դատական համակարգն ինչպես ավանդաբար եղել է ամենացածր վստահություն ունեցող համակարգ, շարունակում է այդպիսին մնալ. մենք պետք է հետևողականորեն շարժվենք անկախ, վստահելի դատական համակարգ ունենալու ուղղությամբ»,- ասաց նա։
13:24 - 05 մայիսի, 2022
Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիում մասնակցել է հայ-վրացական իրավաբանական ֆորումին

Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիում մասնակցել է հայ-վրացական իրավաբանական ֆորումին

Մայիսի 2-ին Թբիլիսիում կայացել է հայ-վրացական իրավաբանական ֆորումը, որին մասնակցել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են արդարադատության փոխնախարար Արփի Սարգսյանը, «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը, Պրոբացիայի ծառայության տնօրեն Գևորգ Սիմոնյանը, Նոտարական պալատի նախագահ  Լիլիթ Մուրադյանը և ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Արթուր Վարդանյանը: Ֆորումի կազմակերպմանն աջակցել է Ասիական զարգացման բանկը: Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ու Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն։ Ֆորումի ժամանակ երկու երկրների նախարարները խոսել են իրավական ոլորտում համագործակցության կարևորության մասին։ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Ռատի Բրեգաձեին՝ հրավերի համար և ընդգծել, որ հայ-վրացական ֆորումը կարևոր քայլ է երկու երկրների միջև գործընկերությունը խորացնելու համար։ «Մեզ համար շատ կարևոր է երկու բարեկամ երկրների միջև փորձի փոխանակումը՝ սկսած պրոբացիայի փայլուն գաղափարից, որը նպաստում է պրոբացիոն համակարգի զարգացմանը, ինչպես նաև շատ կարևոր մի փորձ, որի մասին կցանկանայի խոսել՝ դրանք արդարադատության տներն են»,- նշել է նախարար Անդրեասյանն իր ելույթում: Նախարար Կարեն Անդրեասյանը կարևոր է համարել նաև արբիտրաժային կենտրոններ ստեղծելու գաղափարը, որն այս պահին Հայաստանում գտնվում է ստեղծման սկզբնական փուլում, իսկ Վրաստանում այն արդեն իրագործվել է։ Երկու երկրների արդարադատության նախարարները ֆորումի ընթացքում քննարկել են նաև արդիական հարցեր՝ նոտարական ծառայությունների հասանելիության, էլեկտրոնային հանրային ծառայությունների մատուցման, քրեակատարողական և պրոբացիոն համակարգերի բարեփոխման, դատապարտյալների վերասոցիալականացման ծրագրերի, ֆորմալ և ոչ ֆորմալ իրավաբանական կրթության մասին։ Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն ընդգծել է, որ Վրաստանի և Հայաստանի գործընկերային հարաբերությունները կտեղափոխվեն նոր փուլ, և երկու երկրների արդարադատության նախարարների համագործակցությունն էլ ավելի կամրապնդվի։ Հայ-վրացական իրավական ֆորումը կավարտվի այսօր։ Այցի ընթացքում Հայաստանի արդարադատության նախարարը կայցելի Ազգային արխիվ, Արդարադատության տուն, Քրեակատարողական ծառայություն և կծանոթանա նրանց աշխատանքների վրացական մոդելին։
12:06 - 03 մայիսի, 2022