Սուրեն Պապիկյան

Սոււրեն Պապիկյանը ՀՀ պաշտպանության նախարարն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահը։ 

Ծնվել է 1986 թվականի ապրիլի 26-ին։ 2003 թվականին ավարտել է Ստեփանավանի թիվ 1 վարժարանը և ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետ: Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ՀՀ Զինված Ուժեր: 2010-2012 թվականներին սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում: Մագիստրատուրան ավարտել է գերազանց առաջադիմությամբ: 2009-2012 թվականներին գլխավորել  է ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը: Գերազանց առաջադիմության համար արժանացել է ֆակուլտետի «Թաթուլ Կրպեյան» անվանական կրթաթոշակի: Ուսմանը զուգահեռ՝ 2010-2016 թվականներին, որպես պատմության ուսուցիչ՝ աշխատել է Երևանի թիվ 54 ավագ դպրոցում, 2011 թվականից՝ «Քվանտ» վարժարանում: 2012-2016 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

2016թ. հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում «ԵԼՔ» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում։

2018թ. մարտի 31-ին մեկնարկած «Իմ քայլը» շարժման նախաձեռնող անդամ է։

2018թ. մայիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար:

2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ղեկավարել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը, ինչպես նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում և ընտրվել ԱԺ պատգամավոր։

2019թ. հունվարի 4-ին հրաժարվել է պատգամավորական մանդատից։

2019թ. հունվարի 18-ին վերանշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում։

2021 թ. օգոստոսի 2-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։ 2021-ի նոյեմբերի 15-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։

Սուրեն Պապիկյանն այցելել է ԱՄՆ Ազգային պաշտպանության համալսարան

Սուրեն Պապիկյանն այցելել է ԱՄՆ Ազգային պաշտպանության համալսարան

Սեպտեմբերի 8-ին, ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Վաշինգտոնում գտնվող Ազգային պաշտպանության համալսարան, որտեղ հանդիպում է ունեցել համալսարանի պետ, գեներալ-լեյտենանտ Մայքլ Փլենի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։  ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտականհամալսարանի և ԱՄՆ Ազգային պաշտպանության համալսարանի միջև համագործակցության  զարգացումը ոչ միայն տարբեր դասընթացների կազմակերպման, այլև կրթական ծրագրերի և  դասավանդման մեթոդաբանության մշակման ուղղությամբ։ Մայքլ Փլենը, իր հերթին, հավաստել է իր պատրաստակամությունը` նպաստել ռազմական  կրթության ոլորտում երկու համալսարանների միջև կապերի ամրապնդմանն ու գործակցության շրջանակի ընդլայնմանը։
21:30 - 09 սեպտեմբերի, 2022
Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քահլի հետ

Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քահլի հետ

Սեպտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Պենտագոնում հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քահլի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը։Ամերիկյան կողմի խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Հայաստանի շուրջ ձևավորված ռազմաքաղաքական իրադրությունը, այդ թվում՝ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության ողջ օրակարգը, պայմանավորվածություններ են ձեռք բերվել խաղաղապահ առաքելության, ռազմական կրթության, ռազմական բժշկության և մյուս ոլորտներում փոխգործակցության խորացման ուղղությամբ։ Կողմերը կարևորել են տարածաշրջանային երկարատև խաղաղության և կայունության հասնելուն ուղղված ջանքերը։ Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային անվտանգության խնդիրներին։
09:30 - 09 սեպտեմբերի, 2022
Սուրեն Պապիկյանը Կանզասի նահանգապետին հրավիրել է Հայաստան

Սուրեն Պապիկյանը Կանզասի նահանգապետին հրավիրել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄՆ Կանզաս նահանգի նահանգապետ Լորա Քելլիի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:  Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Սուրեն Պապիկյանը կարևորել  է Հայաստանի Հանրապետության և Կանզաս նահանգի միջև երկար տարիների պատմություն ունեցող և բարձր մակարդակի հարաբերությունները։ ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության, մասնավորապես` Կանզասի ազգային գվարդիայի և ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի միջև համագործակցության հեռանկարները,  ինչպես նաև ավելի վաղ տեղի ունեցած` գեներալ-մայոր Դեյվիդ Վեյշարի հետ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները: Իր հերթին տիկին Լորա Քելլին շնորհակալություն է հայտնել Սուրեն Պապիկյանին Կանզաս այցելելու համար և վերահաստատել իր պատրաստակամությունը   գործադրել առավելագույն ջանք` տարիների ընթացքում ձևավորված համագործակցությունն էլ ավելի խորացնելու հարցում։ Հանդիպման ավարտին Սուրեն Պապիկյանը Լորա Քելլիին  հրավիրել է այցելել Հայաստան։ Ի պատիվ ՀՀ պաշտպանության նախարարի այցի,  Կանզասի նահանգապետի հռչակագրով սեպտեմբերի 7-ը հայտարարվել է Հայաստան-Կանզաս գործընկերության օր։
10:11 - 08 սեպտեմբերի, 2022
Շարունակվում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցն ԱՄՆ․ նրան ուղեկցել է դեսպան Մակունցը

Շարունակվում է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցն ԱՄՆ․ նրան ուղեկցել է դեսպան Մակունցը

ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում սեպտեմբերի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցի ուղեկցությամբ, այցելել է Կանզաս նահանգում գործող Սալինայի ուսումնական կենտրոն: Կենտրոնում պաշտպանության նախարարը հանդիպել է Կանզասի ադյուտանտ գեներալ, Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Դեյվիդ Վեյշարի հետ։Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՄՆ նահանգային գործընկերության ծրագրի շրջանակում Հայաստանի և Կանզասի միջև փոխգործակցության հետ կապված մի շարք հարցեր։Պաշտպանության նախարարը բարձր է գնահատել համագործակցության ներկա մակարդակը՝ ընդգծելով խաղաղապահ առաքելության, ռազմական կրթության ու վարժանքների, ինչպես նաև ռազմաբժշկության ոլորտներում առկա մեծ ներուժը։ Գեներալ-մայոր Դեյվիդ Վեյշարն իր հերթին նշել է, որ Հայաստանի Հանրապետությունն արդեն տասնամյակներ շարունակ հանդիսանում է Կանզասի ավանդական գործընկերը և պատրաստակամություն է հայտնել առավելագույն ջանք գործադրել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ։Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը շրջայց է կատարել Սալինայի ուսումնական կենտրոնում, ծանոթացել ուսումնական գործընթացի, վարժանքների և զորավարժությունների կազմակերպման աշխատանքներին։
18:26 - 07 սեպտեմբերի, 2022
Մեր երազանքների բանակը սարերի հետևում չէ․ Սուրեն Պապիկյան

Մեր երազանքների բանակը սարերի հետևում չէ․ Սուրեն Պապիկյան

ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի է ունեցել ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների 2022 թ․ շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը։ Ինչպես հայտնում են Պաշտպանության նախարարությունից, ԶՈՒ հոգևոր առաջնորդի տերունական աղոթքից հետո շրջանավարտներին հանձնել են ավարտական փաստաթղթերը և սպայական դաշույնները։ Երիտասարդ սպաներին ողջունել և շնորհավորել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Իր խոսքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը մասնավորապես նշել է, որ զինված ուժերի շարքերը համալրվում են ուսյալ սպաներով, որոնք պետք է հրամանատարական ուղի անցնեն հաղթանակներ կերտած, բազմապիսի փորձություններ հաղթահարած, պատերազմների բովով անցած  հայկական բանակում, որն այժմ առավել քան երբևէ ունի կրթված, իր գործին լիարժեք տիրապետող, հայրենիքին անմնացորդ նվիրումով ծառայող, նորագույն տեխնոլոգիաների իմացությամբ զինված սպաների կարիք: «Սպա լինելը պատիվ է և մեծագույն առաքելություն: Դուք նաև մեր պարտադիր ժամկետային զինծառայողներին կրթելու, հայրենիքը սիրելու, այն պաշտպանելու, զենքին և զինվորական մասնագիտությանը լավ տիրապետելու չափազանց պատասխանատու և պատվաբեր առաքելությունն եք ստանձնում: Շնորհավորում եմ սպայական կոչում ստանալու կապակցությամբ, մաղթում առողջություն, ուժ և կորով՝ հայրենանվեր առաքելության խաղաղ ու անխափան իրականացման համար: Մեր երազանքների բանակը, որի համար պահանջվում է անմնացորդ նվիրում ու տքնաջան աշխատանք, սարերի հետևում չէ»,-ասել է Սուրեն Պապիկյանը։ Շրջանավարտներին շնորհավորել և մաղթանքներ է հղել նաև ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը։ Միջոցառումն ավարտվել է ԶՈՒ պատվո պահակային վաշտի ցուցադրական ելույթով։
17:00 - 02 սեպտեմբերի, 2022
Սուրեն Պապիկյանն ու Սերբիայի դեսպանը քննարկել են Հայաստանի սահմանամերձ շրջաններում և Արցախում տիրող իրավիճակը

Սուրեն Պապիկյանն ու Սերբիայի դեսպանը քննարկել են Հայաստանի սահմանամերձ շրջաններում և Արցախում տիրող իրավիճակը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը օգոստոսի 31-ին ընդունել է ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին: Այս մասին նա տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:Կարևորվել է Սերբիայի հետ փոխգործակցությունը, մասնավորապես՝ ռազմատեխնիկական ոլորտում:   Դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը, իր հերթին, հաստատել է Հայաստանի հետ համագործակցության զարգացման սերբական կողմի պատրաստակամությունը: Քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր, այդ թվում` Կոսովոյի շուրջ տեղի ունեցող զարգացումների, Հայաստանի սահմանամերձ շրջաններում և Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ:
18:55 - 31 օգոստոսի, 2022
Իրավիճակը շարունակում է լարված մնալ. Պապիկյանը Շոյգուին ներկայացրել է Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին արձանագրված զարգացումները

Իրավիճակը շարունակում է լարված մնալ. Պապիկյանը Շոյգուին ներկայացրել է Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին արձանագրված զարգացումները

ՌԴ աշխատանքային այցի շրջանակում օգոստոսի 16-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպումը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ: Ռազմավարական դաշնակից երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: Սուրեն Պապիկյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև  Արցախում վերջին շրջանում արձանագրված զարգացումները և նշել, որ իրավիճակը շարունակում է լարված մնալ: Կողմերը կարևորել են իրադրության հետևողական ու շարունակական կայունացման ուղղությամբ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը, շեշտադրելով Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի դերակատարությունն այդ հարցում:  Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները գոհունակություն են հայտնել հայ-ռուսական ռազմական համագործակցության ներկա մակարդակի առնչությամբ և  քննարկել փոխգործակցության հետագա խորացման ծրագրերն ու հնարավորությունները: Կարծիքներ են փոխանակվել նաև միջազգային անվտանգության հիմնախնդիրների շուրջ:
18:02 - 16 օգոստոսի, 2022
Սուրեն Պապիկյանը Սերգեյ Շոյգուի հետ քննարկել է ԼՂ-ում ռուս խաղաղապահների գործունեությանն առնչվող հարցեր |armenpress.am|

Սուրեն Պապիկյանը Սերգեյ Շոյգուի հետ քննարկել է ԼՂ-ում ռուս խաղաղապահների գործունեությանն առնչվող հարցեր |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը միջազգային անվտանգության հարցերով Մոսկովյան համաժողովի շրջանակում հանդիպել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ՝ քննարկելով նաև Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ ստորաբաժանումների գործունեությանն առնչվող հարցեր։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Հանդիպմանը Շոյգուն նշել է․ «Մենք ունենք քննարկելու հարցեր, դրանց շարքում կան ավանդական հարցեր՝ կապված մեր ռազմատեխնիկական ու ռազմական համագործակցության հետ։ Իհարկե, կան նաև հարցեր՝ կապված մեր խաղաղապահ կոնտինգենտի հետ, որն իր առջև դրված խնդիրներն է լուծում Լեռնային Ղարաբաղում։ Մենք նախկինի պես համոզված ենք, ինչպես և դուք, որ կայունացնող գլխավոր գործոնը շփման գծի ողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմն է»,- ասել է նա։ Շոյգուն շնորհակալություն է հայտնել «Բանակ 2022» ռազմարդյունաբերական միջազգային ցուցահանդեսի և «Միջազգային բանակային խաղեր 2022» մրցաշարի բացմանը, ինչպես նաև միջազգային անվտանգության հարցերով Մոսկովյան համաժողովին մասնակցելու համար։ Սուրեն Պապիկյանն իր հերթին նշել է, որ օգոստոսի 16-ի  հանդիպումն արդեն երկրորդն է այս տարվա ընթացքում, ինչը ցույց է տալիս հայ-ռուսական գործընկերային երկկողմ փոխգործակցության բարձր մակարդակը։ «Այս հանդիպումը մեզ համար շատ կարևոր է։ Բարձր ենք գնահատում ռուս-հայկական փոխգործակցության մակարդակը, ինչպես նաև Հարավային Կովկասում ռուսական ներկայության դերակատարումը»,- ասել է Պապիկյանը։
14:07 - 16 օգոստոսի, 2022
Սուրեն Պապիկյանը «Պատրիոտ» կենտրոնում ներկա է եղել «Միջազգային բանակային խաղեր 2022» մրցաշարի և «Բանակ 2022» ցուցահանդեսի բացմանը

Սուրեն Պապիկյանը «Պատրիոտ» կենտրոնում ներկա է եղել «Միջազգային բանակային խաղեր 2022» մրցաշարի և «Բանակ 2022» ցուցահանդեսի բացմանը

Մեկնարկել է պաշտպանության նախարարի պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն: Այդ մասին ասված է ՊՆ մամուլի քարտուղարի Ֆեյսբուքի էջում: «Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն օգոստոսի 15-ին այցելել է մերձմոսկովյան «Պատրիոտ» կենտրոն, որտեղ ներկա է գտնվել «Միջազգային բանակային խաղեր 2022» մրցաշարի և «Բանակ 2022» ռազմարդյունաբերական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողություններին:Սուրեն Պապիկյանը շրջել է ցուցահանդեսում ներկայացված ընկերությունների տաղավարներում, ծանոթացել ռազմարդյունաբերության մի շարք նորագույն նմուշների, հանդիպումներ ունեցել խոշոր ռազմարդյունաբերական ընկերությունների ղեկավարների հետ, քննարկել ռազմական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր»,- նշված է հաղորդագրության մեջ:
17:59 - 15 օգոստոսի, 2022
Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

Օգոստոսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան, մասնակցել «Պետական և ռազմական կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի առաջին հոսքի ավարտական հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմը, կրթական ծրագրերի ուսումնառուները, բարձրաստիճան հյուրեր, հրավիրյալ փորձագետներ: Սուրեն Պապիկյանը շնորհավորել է մագիստրոսական կրթական ծրագրի շրջանավարտներին, հանձնել ավարտական դիպլոմները և համոզմունք հայտնել, որ ստացած գիտելիքները կկիրառվեն ի նպաստ ՀՀ զինված ուժերի զարգացման: Հանդիսավոր արարողությանը հաջորդել է «Ժամանակակից պատերազմների բնույթի ազդեցությունը ՀՀ զինված ուժերի բարեփոխումների և զարգացման վրա» գիտաժողովը: Պաշտպանության նախարարը կարևորել է  թեման և առաջարկել, որ մասնագիտական նման քննարկումները պարբերական դառնան:      
19:07 - 10 օգոստոսի, 2022
ՀՀ պաշտպանության նախարարն ու Բելառուսի դեսպանը կարծիքներ են փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ

ՀՀ պաշտպանության նախարարն ու Բելառուսի դեսպանը կարծիքներ են փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ

 ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը 2022 թ. օգոստոսի 9-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, հանդիպմանը մասնակցել են նաև Բելառուսի Հանրապետության դեսպանության պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Ալեքսեյ Բաբկովը, ինչպես նաև իր առաքելությունն ավարտած՝ պաշտպանության հարցերով կցորդ, գնդապետ Եվգենի Արտյոմենկոն: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է գնդապետ Բաբկովին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նորանոր հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության մեջ, իսկ առաքելությունն ավարտած գնդապետ Արտյոմենկոյին շնորհակալություն հայտնել՝ ՀՀ-ում ռազմադիվանագիտական ակտիվ և արդյունավետ աշխատանքի համար: Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրների շուրջ: ՀՀ պաշտպանության նախարարը տեղեկացրել է տարածաշրջանում տիրող իրադրության մասին և ներկայացրել Հայաստանի սահմանամերձ շրջաններում և Արցախում վերջին օրերին արձանագրվող զարգացումները: Քննարկվել են նաև պաշտպանական ոլորտում հայ-բելառուսական փոխգործակցության հետագա խորացման ուղիները, ինչպես նաև բազմակողմ ձևաչափերով ծրագրված միջոցառումների ընթացքը:
16:51 - 09 օգոստոսի, 2022
Պաշտպանության նախարարը այցելել է հանրապետության  արևելյան սահմանագոտի

Պաշտպանության նախարարը այցելել է հանրապետության արևելյան սահմանագոտի

Հուլիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԶՈւ ԳՇ պետի ուղեկցությամբ, այցելել է երկրորդ բանակային զորամիավորում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է զորամիավորման ենթակա զորամասերում, ծանոթացել թիկունքային ապահովման աշխատանքներին, զորքերի մարտական պատրաստության ընթացքին: Սուրեն Պապիկյանը զորամիավորման հրամանատարական կազմի հետ քննարկել է անձնակազմի մարտունակության ամրապնդման, ենթակառուցվածքների արդիականացման և զորամասերի շենքային պայմանների բարելավման հետ կապված մի շարք հարցեր:   Այնուհետև պաշտպանության նախարարն այցելել է արևելյան սահմանագոտի, շրջել մարտական դիրքերում, հետևել առաջնագծի կահավորման աշխատանքներին: Զորամասի հրամանատարը զեկուցել է առաջնագծում կատարված շինարարական և ամրաշինական աշխատանքների, անձնակազմի անվտանգությանն ուղղված միջոցառումների մասին: Պաշտպանության նախարարը վստահեցրել է, որ առաջնագծի անվտանգության ապահովման հետ կապված բոլոր խնդիրները պատշաճ կերպով կուսումնասիրվեն և կլուծվեն:   Նախարարը զորամիավորման սպայակազմի և մարտական հերթապահությունում ընդգրկված զինծառայողների հետ քննարկումների ընթացքում անդրադարձել է նաև զինված ուժերում մեկնարկած բարեփոխումներին, զինծառայողների սոցիալական ապահովությանն առնչվող ծրագրերին, հավաստիացնելով, որ այդ խնդիրները մշտապես գտնվում են երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության ներքո:
13:41 - 20 հուլիսի, 2022
ԳՇ պետն այսուհետ նախարարի առաջին տեղակալ է լինելու. որոշումը կայացրել ենք՝ վերլուծելով վերջին տարիներին տեղի ունեցած մի շարք իրադարձություններ. Փաշինյան

ԳՇ պետն այսուհետ նախարարի առաջին տեղակալ է լինելու. որոշումը կայացրել ենք՝ վերլուծելով վերջին տարիներին տեղի ունեցած մի շարք իրադարձություններ. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈՒ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Էդվարդ Ասրյանին: Վարչապետն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարգելի նախարար, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրամանատարական կազմի հարգելի ներկայացուցիչներ, հարգելի փոխնախարարներ, ես այսօր այստեղ եմ՝ ներկայացնելու ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետ, Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Էդվրադ Ասրյանին: Ուզում եմ նախ շնորհակալություն հայտնել գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցին՝ վերջին վեց ամիսների ընթացքում Գլխավոր շտաբի պետի պարտականությունները կատարելու համար: Ցանկանում եմ պարոն Ասրյանին հաջողություն մաղթել՝ այս կարևորագույն պաշտոնում իր առաքելությունն իրականացնելու ճանապարհին: Արդեն գիտեք, որ նաև որոշակի օրենսդրական փոփոխություններ են տեղի ունեցել, և Գլխավոր շտաբի պետն այսուհետ օրենքի ուժի մեջ մտնելու պահից նաև Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ է լինելու՝ սրանից բխող հետևանքներով: Այս որոշումը կայացրել ենք՝ վերլուծելով վերջին տարիներին տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ Պաշտպանության նախարարություն-Գլխավոր շտաբի աշխատանքային գործակցության հարցերը: Կարծում եմ, բնականաբար, ճիշտ որոշում է կայացված: Ուզում եմ հույս հայտնել, որ այդ որոշման կատարման արդյունքում մեր աշխատանքի արդյունավետությունը Զինված ուժերի, բանակի բարեփոխումների ոլորտում էլ ավելի արդյունավետ կլինի: Պարոն Քոչունց, ևս մեկ անգամ թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեզ կատարված աշխատանքի համար և պարոն Ասրյան՝ հաջողություններ մաղթել Ձեզ այս կարևորագույն պաշտոնում»: ԶՈՒ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Էդվարդ Ասրյանը նշել է. «Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի պարոն նախարար, հարգելի գործընկերներ, Զինված ուժերի գերակա խնդիրն է հանդիսանում պետության ռազմական անվտանգության ապահովումը, ուստի՝ ստանձնելով այս պատասխանատու պաշտոնը, նաև համարելով, որ շտաբը հանդիսանում է կոլեգիալ մարմին, իսկ Գլխավոր շտաբի պետը Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, մենք Գլխավոր շտաբում կաշխատենք կոլեգիալ սկզբունքներով՝ միանշանակ Գլխավոր շտաբի պետի որոշմամբ և առաջարկներ կներկայացնենք Պաշտպանության նախարարին: Այդ պատասխանատու պաշտոնում, մեծարգրո պարոն վարչապետ, պարտավորվում եմ կատարել բոլոր նախատեսված գործառութային պարտականությունները և կատարել Զինված ուժերի առջև դրված խնդիրները»: Այնուհետև վարչապետը խոսքը փոխանցել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, ով իր հերթին ասել է. «Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, պարոնայք գեներալներ, սպաներ, թույլ տվեք շնորհավորել Գլխավոր շտաբի պետին՝ պարոն Ասրյանին՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ նշանակվելու կապակցությամբ, մաղթել բեղուն գործունեություն: Շնորհակալություն եմ ուզում հայտնել Գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցին՝ վերջին շրջանում Գլխավոր շտաբի պետի պարտականությունները պատվով կատարելու համար»: Այնուհետև, ըստ ձևավորված ընթացակարգի, տեղի է ունեցել ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնի փոխանցման հանդիսավոր արարողությունը: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԶՈՒ ԳՇ նորանշանակ պետ Էդվարդ Ասրյանին է հանձնել ԶՈՒ ռազմադրոշը:  
17:12 - 18 հուլիսի, 2022
Շուրջ 2000 զինծառայողի մասով նախկինից չմարված պարտավորություններ կան. Պապիկյանը՝ բնակարանով ապահովման հարցի մասին |armenpress.am|

Շուրջ 2000 զինծառայողի մասով նախկինից չմարված պարտավորություններ կան. Պապիկյանը՝ բնակարանով ապահովման հարցի մասին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում 1993 զինծառայողի մասով նախկինից չմարված պարտավորություններ կան, պետությունը 2019 թվականից մինչև այսօր բնակարանի գնման վկայագրի միջոցով անհատույց պետական ֆինանսական աջակցություն է տրամադրել 557 զինվորական կենսաթոշակառուի, մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրով 2019 թվականից մինչև օրս 472 զինծառայող ձեռք է բերել բնակարաններ: Այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ նիստում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման շրջանակում՝ անդրադառնալով  այն քննարկումներին, թե նախկինում էլ սպանեցին բնակարանով ապահովում իրականացվել է: Նախարարը նախ ներկայացրեց, թե նախկինում չկատարված ինչ պարտավորություններ կան այս պահին կառավարության ուսերին: «Այս պահին ՀՀ պաշտպանության նախարարության բնակարանային հաշվառման հերթացուցակում ընդգրկված են 1188 զինծառայողներ, 805 զինվորական կենսաթոշակառուներ: Ընդհանուր առմամբ 1993 զինծառայողի մասով նախկինից չմարված պարտավորություններ կան: Այսինքն՝ խոսքը շուրջ 2000 շահառուի մասին է»,-ասաց Պապիկյանը: Ապա նախարարը ներկայացրեց, թե կառավարությունը 2019-ից մինչև այսօր բնակարանով ապահովման ինչքան պարտավորություն է մարել: «2019 թվականից առ այսօր ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովի կողմից քննարկվել և բնակարան ձեռք բերելու համար բնակարանի գնման վկայագրի միջոցով անհատույց պետական ֆինանսական աջակցություն է տրամադրել 557 զինվորական կենսաթոշակառուի: Նրանք այն անձինք են, ում նկատմամբ պետությունը ունեցել է պարտավորություն, պարտավորությունները մարվել են»,-ասաց նախարարը: ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրով 2019 թվականից մինչև օրս 472 զինծառայողներ հիփոթեքային վարկավորման ծրագրով ձեռք են բերել բնակարաններ:  «Այսինքն՝ ընդհանուր առմամբ շուրջ 1000 զինծառայողի կարիքներ հոգացել ենք 2019-2021 թվականներին»,-ասաց նախարարը: Ամեն տարի կառավարության որոշմամբ 500 զինծառայող կարող է օգտվել ծրագրից:  Նրանք վիճակահանության միջոցով այդ իրավունքը ձեռք են բերում: «Այս տարի մենք 500 տեղի համար ունենք 1013 դիմորդ: Բնականաբար 500 տեղի համար արդեն իսկ իրենց իրավունքները ստացել են մեր զինծառայողները, վարչապետի որոշմամբ մնացած 513 շահառուի կարիքները ևս կբավարարենք կառավարության առաջիկա նիստերից մեկում, փաստաթղթերն արդեն իսկ շրջանառվում են»,-հայտնեց նախարարը: Պապիկյանը վստահեցնում է՝ որքան էլ, որ այդ պարտավորությունները ժառանգված են, դրանք իրենցն են՝ կառավարությանը և իրենք այդ պարտավորությունները պետք է կատարեն: «Մենք հետևողական ենք ոչ միայն նախկինում եղած պարտավորությունների նկատմամբ, այլ նաև որպես շահառուի չգրանցված գործող սպաների կարիքները ևս հիփոթեքային արտոնյալ վարկավորմամբ կարգավորելու համար»,-եզրափակեց Պապիկյանը:
15:08 - 07 հուլիսի, 2022