Մհեր Գրիգորյան

Մհեր Գրիգորյանը (փետրվարի 15, 1972, Աշտարակ) ՀՀ փոխվարչապետն է (2018 թ., մայիսի 12), ֆինանսաբանկային համակարգի մասնագետ, իրավաբան: 1989-1991 թթ. սովորել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: 1991-1994 թթ․ սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը։ 1997-1998 թթ. անցել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի բիզնես դպրոցի 6-ամսյա որակավորման դասընթաց:

Մասնագիտական գործունեությունը սկսել է 1996 թ․ ՀՀ Կենտրոնական բանկում՝ որպես իրավաբան։ 1999-2005 թթ․ աշխատել է «Հայներարտբանկ» ՓԲԸ-ում (հետագայում՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ), 2002-2006 թթ. մատուցել է իրավաբանական-խորհրդատվական ծառայություններ Համաշխարհային բանկին: 2004-2005 թթ. համատեղության կարգով աշխատել է HSBC Բանկ Հայաստանի իրավաբանական ծառայության ղեկավարի պաշտոնում:

2005 թ․ նշանակվել է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն։ 2007-2011 թթ․ զբաղեցրել է «ՎՏԲ Բանկ-Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը: 2011 թ․ նշանակվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ և աշխատել մինչև 2018 թ․ մայիսի 12-ը:

Մհեր Գրիգորյանը և Ճապոնիայի նորանշանակ դեսպանն ընդգծել են առևտրատնտեսական համագործակցության զարգացման անհրաժեշտությունը

Մհեր Գրիգորյանը և Ճապոնիայի նորանշանակ դեսպանն ընդգծել են առևտրատնտեսական համագործակցության զարգացման անհրաժեշտությունը

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին: Ողջունելով հյուրին՝ Մհեր Գրիգորյանը շնորհավորել է նրան դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր կարևոր առաքելության մեջ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները երկուստեք ընդգծել են Հայաստանի և Ճապոնիայի միջև ձևավորված ջերմ հարաբերությունների պարագայում առևտրատնտեսական համագործակցության զարգացման անհրաժեշտությունն ու քննարկել դրա համար առկա բոլոր նախադրյալները: Շեշտվել է երկու ժողովուրդների միջև շփումների և բիզնես շրջանակների կապերի ակտիվացման կարևորությունը: Օգտվելով հանդիպման պատեհ առիթից՝ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը Հայաստանին բարդ ժամանակաշրջանում աջակցություն ցուցաբերելու համար, ինչին ի պատասխան՝ դեսպան Ֆուկուշիմա Մասանորին նշել է, որ Ճապոնիան պատրաստակամ է շարունակելու աջակցել Հայաստանին՝ մարդկային ռեսուրսի և ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև տնտեսության համար բարենպաստ պայմանների ստեղծման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: 
15:58 - 12 մայիսի, 2021
Այս պահին ավելի շատ քննարկվում են տեխնիկական հնարավորությունները. Գրիգորյանը՝ եռակողմ աշխատանքային խմբի մասին |1lurer.am|

Այս պահին ավելի շատ քննարկվում են տեխնիկական հնարավորությունները. Գրիգորյանը՝ եռակողմ աշխատանքային խմբի մասին |1lurer.am|

1lurer.am: ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը Կազանում՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, հայտնեց, թե որ փուլում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերից կազմված աշխատանքային խմբի գործունեությունը: Գրիգորյանն ընդգծեց, որ աշխատանքային խմբի աշխատանքները բխում են և ընթանում են հունվարի 11-ի եռակողմ հայտարարության բովանդակության շրջանակում, և այդ շրջանակում կա ստեղծված 2 փորձագիտական ենթախումբ: «Մենք քննարկում ենք մի իրավիճակ, որ հայտարարության իրականացման պարագայում հարաբերությունները պետք է կարգավորվեն ԱՊՀ երկրների իրավական բազայով, միջազգային պայմանագրերով և կոնվենցիաներով, որոնց Հայաստանը միացած է, և որոնք այսօր գործում են»,- ասաց Գրիգորյանը: Փորձագիտական աշխատանքը, ըստ նրա, պետք է ցույց տա, թե արդյոք բոլո՞ր դրույթներն են, որ կիրառելի են և կարող են կիրառվել այն հարաբերությունների նկատմամբ, որոնք կձևավորվեն ապաշրջափակման պարագայում: Ինչ վերաբերում է երեք երկրների փոխվարչապետների աշխատանքներին, նկատեց՝ այս պահին գործողություններն իրականացվում են հունվարի 11-ի շրջանակներում:  «Երբ լինի որոշումների կայացման հնարավորություն՝ ելնելով փորձագիտական եզրակացությունից, այդ ժամանակ ընդհանուր կոնտեքստում որոշումները կկայացվեն կամ չեն կայացվի: Այս պահին ավելի շատ քննարկվում են տեխնիկական հնարավորությունները: Իրականության մեջ ամենահավանական տարբերակը ենթակառուցվածքների վերականգնումն է: Ժամանակին եղել են ենթակառուցվածքներ, ինչը նշանակում է, որ տեխնիկական հավանականությունը նման ենթակառուցվածք ունենալու այս կամ այն վայրում, ըստ էության կա, բայց ինչ վիճակում են դրանք հիմա, և ինչ ժամկետներում և ինչ ռեսուրսների մոբիլիզացմամբ է հնարավոր դրանք իրականացնել՝ պետք է հաշվարկվի, և տեխնիկական զննություն իրականացվի»,- նշեց փոխվարչապետի պաշտոնակատարը: Գրիգորյանի խոսքով՝ աշխատանքային խմբի գործունեության արդյունքում հնարավոր է գտնել այնպիսի լուծում, որը բալանսավորված շահեր կենթադրի, իսկ դրանք միշտ նաև երաշխավորում են անվտանգությունը:
18:24 - 01 մայիսի, 2021
Մհեր Գրիգորյանը՝ ԵԱՏՄ-ում քաղաքացիներին վարկի տրամադրման հեշտացման և էլեկտրոնային առևտրի մասին |1lurer.am|

Մհեր Գրիգորյանը՝ ԵԱՏՄ-ում քաղաքացիներին վարկի տրամադրման հեշտացման և էլեկտրոնային առևտրի մասին |1lurer.am|

1lurer.am: Վարկային պատմությունների փոխանակման իրականացման հնարավորություն կտրվի, ինչն իր հերթին հնարավորություն է տալիս ԵԱՏՄ ցանկացած երկրում հաճախորդի համաձայնությամբ վարկային պատմության վերաբերյալ զեկույց ստանալ, ըստ այդմ, ԵԱՏՄ ցանկացած երկրի ցանկացած բանկ հնարավորություն կստանա ունենալ տեղեկատվություն այլ երկրի քաղաքացու վարկային պատմության մասին, եթե նա ցանկանում է վարկ ստանալ: Այդ մասին Կազանում, ԵԱՏՄ միջակառավարական խորհրդի նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը։ «Հայաստանի անձնագրով կարելի է գալ Ռուսաստան, դիմել բանկին՝ վարկ ստանալու համար, և եթե անհրաժեշտություն լինի, եթե անձնագրի տերը համաձայն լինի վարկային պատմությունը տրամադրել այդ բանկին, ապա տվյալ բանկի համար հասանելի կլինի վարկային զեկույցը տվյալ անձի վերաբերյալ, ինչը տվյալ անձի համար կհեշտացնի վարկ ստանալու գործընթացը էականորեն, որովհետև, եթե հիմա փորձում եք ԵԱՏՄ անդամ երկրում վարկ ստանալ, ձեր վարկային պատմության մասին որևէ տեղեկություն չունի, իսկ դուք գիտեք, որ վարկային պատմությունը կարևորագույն նախապայման է՝ վարկավորման հետ կապված»,- ասել է Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ մեկ այլ որոշում է նիստում երկար քննարկվել, սակայն վարչապետները որոշում չեն կայացրել և հանձնարարել են լրամշակել հարցը: Խոսքը էլեկտրոնային առևտրի մասին է:  Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
17:27 - 01 մայիսի, 2021
Հայաստանը չի համաձայնել Ադրբեջանի ներկայացուցչի մասնակցությանը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին. Գրիգորյան |1lurer.am|

Հայաստանը չի համաձայնել Ադրբեջանի ներկայացուցչի մասնակցությանը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին. Գրիգորյան |1lurer.am|

1lurer.am: Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը Կազանում տեղի ունեցած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից հետո պատասխանել է լրագրողների հարցերին: Մասնավորապես, լրագրողները հարց են ուղղել, թե ինչու ադրբեջանական պատվիրակությունը չի մասնակցել ԵԱՏՄ միջակառավարական խորհրդի նիստին, արդյոք Հայաստանը չի՞ տվել իր համաձայնությունը: «Այո՛, կարելի է այդպես ասել, որովհետև ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին որևէ երրորդ երկրի մասնակցության համար անհրաժեշտ է կոնսենսուսային որոշում: Բնականաբար, այդ հարցում կոնսենսուս չի եղել, մասնավորապես, Հայաստանը չի համաձայնեցրել Ադրբեջանի ներկայացուցչի մասնակցությունը նիստին»,- ասել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը: Պատասխանելով ճշգրտող հարցին՝ հայկական կողմի դիրքորոշումը արդյոք կապված է եղել ռազմագերիների խնդրի հե՞տ, Մհեր Գրիգորյանը հիշեցրեց՝ նախկինում մեկ անգամ ևս խոսել է այդ մասին:  «Հարցը շատ բազմաբաղադրիչ է, և հիմա չէի ուզենա կոնտեքստից հանել մի պայման կամ նախապայման: Կոնսենսուս չի եղել այդ հարցում, իսկ նման մասնակցության համար անհրաժեշտ էր բոլոր անդամ-երկրների մասնակցությունը»,- խոսքը եզրափակեց Գրիգորյանը:
16:36 - 01 մայիսի, 2021
Մհեր Գրիգորյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են հարաբերությունների զարգացման հնարավոր ուղղությունները

Մհեր Գրիգորյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են հարաբերությունների զարգացման հնարավոր ուղղությունները

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Այս մասին հայտնեցին Մհեր Գրիգորյանի գրասենյակից:  Ողջունելով դեսպանին՝ Մհեր Գրիգորյանն կարևորել ու բարձր է գնահատել բարեկամ Իրանի հետ ձևավորված հարաբերություններն ու տարբեր ոլորտներում առկա համագործակցությունը՝ շեշտելով, որ Հայաստանն ու Իրանն ունեն երկկողմ հարաբերությունների մեծ օրակարգ: Իրանի դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և երկկողմ հարաբերությունների բովանդակալից անդրադարձի համար, նշել է, որ Հայաստանն Իրանի համար բարեկամ և եղբայրական երկիր է, որի հաջողությունները կարևոր են նաև իրենց համար: Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավոր ուղղությունները՝ անդրադառնալով, էներգետիկայի, տրանսպորտի և տնտեսության ոլորտներին: Քննարկման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության ընդլայնման, ինչպես նաև որպես ԵԱՏՄ անդամ Հայաստանի միջոցով միության շուկա Իրանի մուտք գործելու հեռանկարի շուրջ: Մհեր Գրիգորյանն ու Աբբաս Բադախշան Զոհուրին երկուստեք ընդգծել են երկկողմ հարաբերությունների զարգացման համար առկա մեծ ներուժը և այդ ուղղությամբ համատեղ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը: Քննարկվել են երկու երկրների մասնավոր հատվածների միջև շփումների ակտիվացման հնարավորությունները և դրա համար առկա բոլոր նախադրյալները: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացներին: 
15:00 - 28 ապրիլի, 2021
Մհեր Գրիգորյանը և ՄՖԿ տարածաշրջանային փոխնախագահը քննարկել են Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման հնարավորությունները

Մհեր Գրիգորյանը և ՄՖԿ տարածաշրջանային փոխնախագահը քննարկել են Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման հնարավորությունները

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով հանդիպում է ունեցել Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) տարածաշրջանային փոխնախագահ Ջորջինա Բեյքերի հետ: Այդ մասին տեղեկացնում է Կառավարության լրատվական ծառայությունը։Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել ՄՖԿ-ի հետ Հայաստանի համագործակցությունը հատկապես համավարակի և հետպատերազմյան բարդ շրջանում:Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացի շուրջ: Փոխվարչապետի պաշտոնակատարն այս համատեքստում ներկայացրել է կառավարության որդեգրած քաղաքականությունը և այս ուղղությամբ արդեն իսկ արված քայլերը:Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման հնարավորությունները և այդ գործընթացում ՄՖԿ դերակատարությունը: Անդրադարձ է կատարվել նաև ՓՄՁ ֆինանսավորման գործում ՄՖԿ-ի ներգրավվածությանը, ինչպես նաև ՄՖԿ խորհրդատվական ծառայությունների կարևորությանը տարբեր ոլորտներում ներդրումային պոտենցիալի գնահատման տեսանկյունից:Մհեր Գրիգորյանը և Ջորջինա Բեյքերն քննարկել են էներգետիկայի, թվայնացման և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները: Ընդգծվել է նաև Հայաստանում կանանց գործարարության զարգացման անհրաժեշտությունը, մտքեր են փոխանակվել այդ ուղղությամբ ներդրվող ջանքերի շուրջ:
22:50 - 27 ապրիլի, 2021
ՀՀ փոխվարչապետը բացառեց, որ եռակողմ աշխատանքային խմբում կարող է քննարկել Զանգեզուրի միջանցքի հարց |armenpress.am|

ՀՀ փոխվարչապետը բացառեց, որ եռակողմ աշխատանքային խմբում կարող է քննարկել Զանգեզուրի միջանցքի հարց |armenpress.am|

armenpress.am: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը բացառում է, որ տնտեսական և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբում ինքը կարող է քննարկել Զանգեզուրի միջանցքի հարց: Գրիգորյանն այս մասին վստահեցրեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: Դիտարկմանը, որ Բաքուն խոսում է Զանգեզուրի միջանցքի մասին՝ Գրիգորյանը արձագանքեց. «Միջանցք բառ ընդունված է օգտագործել որպես տրանսպորտային ուղի, բայց ես հենց այդ կապակցությամբ էլ շեշտում եմ, որ նույնիսկ որպես տրանսպորտային ուղի չի քննարկվելու նման որևիցե հարց»: Նա վստահեցրեց, որ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում քննարկում են տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման տարբերակներ, որոնց իրավական կարգավորումն իրականացվելու է բացառապես ԱՊՀ-ի իրավական բազայով, միջազգային պայմանագրերով և կոնվենցիաներով, որոնք գործում են, և որոնց ՀՀ-ն միացած է: «Որևէ այլ ձևաչափով քննարկում ես չունեմ այդ հարթակում»,-նշեց նա: Հիմա հիմնական աշխատանքն իրականացվում է փորձագիտական ենթախմբերի կողմից: Անդրադառնալով հարցին, թե եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ գերիների վերադարձի չկատարումը խոչընդոտո՞ւմ է ապաշրջափակման հարցով աշխատանքներին՝ նա նկատեց, որ նույնիսկ էմոցիոնալ իմաստով ապաշրջափակման հարցերի համար ֆոնը պետք է լինի շատ ավելի բարիդրացիական:
17:19 - 16 ապրիլի, 2021
Փոխվարչապետն անդրադարձավ ԵԱՏՄ նիստին Ադրբեջանի հնարավոր մասնակցության հարցին |armenpress.am|

Փոխվարչապետն անդրադարձավ ԵԱՏՄ նիստին Ադրբեջանի հնարավոր մասնակցության հարցին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի առաջիկա նիստին Ադրբեջանի հնարավոր մասնակցության մասին տեղեկություններին: Գրիգորյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ մոտ ժամանակներս այդ հարցով կհայտնեն դիրքորոշումը: Հարցին՝ հնարավո՞ր է, որ Ադրբեջանի մասնակցության հարցով վետո դրվի՝ Գրիգորյանը պատասխանեց, որ իհարկե հնարավոր է, սակայն դա գործընթաց է, որի շրջանակներում դիրքորոշումը կհայտնեն: «Դա վետո չէ, դա համաձայնեցնելու կամ չհամաձայնեցնելու խնդիր է, որն ունի ֆորմալ գործընթաց, որը մոտ օրերս կավարտվի, և ես անձամբ դրա մասին ձեզ տեղյակ կպահեմ, որտեղ նշված կլինեն նաև համաձայնություն չտալու հիմքերը»,-ասաց նա: Հարցին, թե արդյոք Ադրբեջանի մասնակցությանը համաձայնություն տալու համար գերիների վերադարձի հարցը նախապայման չի՞ դրել Հայաստանը, այդ առիթը կօգտագործվի՞՝ նա հարցով պատասխանեց՝ ո՞ւմ առջև: Գրիգորյանի կարծիքով՝ Մոսկվայի հետ, այդ թվում՝ գերիների հարցը քննարկվում է կոնստրուկտիվ ձևաչափով, և ինքը հուսով է, որ լուծումներ կլինեն. «Եթե սա դուք համարում եք ևս մեկ առիթ, նշանակում է, որ այդ առիթը կօգտագործվի»: Հստակեցնող հարցին, թե կառավարությունը համարու՞մ է սա ևս մեկ առիթ՝ Ադրբեջանում պահվող գերիների հարցը բարձրացնելու համար՝ նա ասաց. «Դա իհարկե ամենակարևոր հարցն է, և մեր կյանքում ցանկացած իրադարձություն առիթ է, որ այդ հարցը քննարկենք ու բարձրացնենք»:
16:01 - 16 ապրիլի, 2021
Երկու ծանրագույն սթրեսի պարագայում մեզ հաջողվեց ապահովել ֆինանսական կայունությունը. փոխվարչապետ |armenpress.am|

Երկու ծանրագույն սթրեսի պարագայում մեզ հաջողվեց ապահովել ֆինանսական կայունությունը. փոխվարչապետ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընգծեց, որ Հայաստանի կառավարությանը հաջողվել է 2020 թ. ընթացքում կորոնավիրուսի և պատերազմի պայմաններում ապահովել երկրի ֆինանսական կայունությունը: Այս մասին Գրիգորյանն ասաց Ազգային ժողովում, «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկուցման քննարկման եզրափակիչ ելույթում: «Եկեք արձանագրենք, որ մեզ հաջողվեց երկու ծանրագույն սթրեսների պարագայում մակրոկայունությունը, ֆինանսական կայունությունն ապահովել, և ասել, որ այդ ռիսկերը մեր երկրից հեռու են եղել 2020 թ. ընթացքում, նշանակում է որևէ բան չասել: Ուզում եմ անկեղծ լինել՝ բավական մոտեցել էինք այդ ռիսկերին, այդ ռիսկերը շատ մեծ են, բայց ես հիմա արդեն կարող եմ վստահ ասել, որ մեզ հաջողվեց կառավարել դրանք և խուսափել բավականին լուրջ ու ծանր հետևանքներից»,- ասաց Գրիգորյանը: ՀՀ ազգային ժողովն ավարտեց «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկուցման քննարկումը:
13:47 - 16 ապրիլի, 2021
Տարածաշրջանային ապաշրջափակման շրջանակում հայկական կողմն առաջ է քաշել Իջևանի երկաթգծի հարցը |civilnet.am|

Տարածաշրջանային ապաշրջափակման շրջանակում հայկական կողմն առաջ է քաշել Իջևանի երկաթգծի հարցը |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների աշխատանքային խմբի շրջանակում, որը զբաղվում է տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով, հայկական կողմը առաջ է քաշել Իջևանի երկաթգծի հարցը։ Այս մասին հայտնել են Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։ Խորհրդային տարիներին գործում էր Իջան-Բաքու երկաթգիծը, որից մեծամասամբ օգտվում էին Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի, ինչպես նաև Աղստաֆայի շրջանների բնակիչները։ 1971-ին բացված Իջևան-Աղստաֆա երկաթգիծն էլ մեծապես ծառայում էր արդյունաբերական բեռների փոխադրման համար։ Մհեր Գրիգորյանի գրասենյակից նաև հայտնել են, որ երեք երկրների փոխվարչապետների գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խումբը մինչ օրս քննարկել է 2020-ի նոյեմբերի 9-ի (10-ի) եռակողմ հայտարարության 9-րդ կետից, ինչպես նաև 2020-ի հունվարի 11-ի հայտարարության 2-4-րդ կետերից բխող հարցեր։  «Ստեղծվել են փորձագիտական ենթախմբեր՝ երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փոխադրումների հարցերով և փոխադրումների ապահովման, այդ թվում՝ անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և այլ տիպի հսկողության հարցերով»,- նշել են փոխվարչապետի գրասենյակից՝ հավելելով, որ տարածաշրջանում առկա տրասնոպրտային կապերի ապաշրջափակման համատեքստում քննարկվել են միջազգային փոխադրումների հետ կապված անվտանգության, սահմանային, մաքսային և այլ տիպի հսկողության կազմակերպման հարցեր։ Տեղեկացվում է նաև, որ «այս պահին արձանագրվել է լրացուցիչ փորձագիտական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտություն», և որոշվել է, որ աշխատանքները պետք է շարունակել։ Շարունակությունը՝ civilnet.am-ում
13:23 - 16 ապրիլի, 2021
Մհեր Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է տրանսպորտային ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքները

Մհեր Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է տրանսպորտային ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Այս մասին հայտնեցին Մհեր Գրիգորյանի գրասենյակից: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ: Մհեր Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի գործունեության շրջանակները և ընթացող փորձագիտական աշխատանքների բնույթը:Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
16:56 - 15 ապրիլի, 2021
Թուրքական ծագման վերջնական սպառման ապրանքների ներմուծման արգելքի գործողության ժամկետը կերկարաձգվի |armenpress.am|

Թուրքական ծագման վերջնական սպառման ապրանքների ներմուծման արգելքի գործողության ժամկետը կերկարաձգվի |armenpress.am|

armenpress.am: Մինչև թուրքական ծագման վերջնական սպառման ապրանքների ներմուծման արգելքը սահմանելը՝ Թուրքիայից Հայաստան է ներմուծվել է 220 մլն դոլարի պատրաստի արտադարանք, պետությունը հակված է երկարաձգել արգելքի ուժի մեջ լինելու ժամկետը: Այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին: «Մինչև արգելք դնելը 220 մլն դոլարի պատրաստի արտադրանքի ներմուծում է եղել Թուրքիայից Հայաստան: Դա պոտենցիալ արտադրության ծավալ է, որը շատ զգալի է Հայաստանի համար: Կարծում եմ, այդ տեղը պետք է զբաղեցնեն մեր տնտեսավարողները»,-ասաց Գրիգորյանը: Փոխվարչապետը նշեց, որ հումքի և կոմպոնենտների ներմուծման արգելք չեն սահմանել, որ արտադրողների մոտ խնդիրներ չառաջանան: Հարցին, թե արդյոք կերկարաձգվի՞ արգելքի գործողության ժամկետը՝ նա ասաց. «Ցանկությունների, տպավորությունների և պոտենցիալ քվեարկության տեսանկյունից վստահ կարող եմ ասել, որ այս պահին, իհարկե, ընդհանուր տրամադրվածությունը երկարաձգելն է: Վերջնական սպառման ապրանքների մասով ես վստահ եմ, որ երկարաձգվելու է»:
12:16 - 15 ապրիլի, 2021
Ողջ տարին ՀՀ կառավարությունն աշխատելու է Արցախի աջակցության 3 մեծ ծրագրերի ուղղությամբ. Մհեր Գրիգորյան |1lurer.am|

Ողջ տարին ՀՀ կառավարությունն աշխատելու է Արցախի աջակցության 3 մեծ ծրագրերի ուղղությամբ. Մհեր Գրիգորյան |1lurer.am|

1lurer.am: 2020-ը Հայաստանի համար լարված տարի էր, Կառավարությունը գործել է արտակարգ ռեժիմի պայմաններում և թիրախային միջոցառումներ իրականացրել բոլոր ոլորտներում: Այդ մասին ԱԺ-ում Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարողականի զեկույցի քննարկմանն ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:  Նա անդրադարձավ երկու հիմնական ուղղությանը՝ Արցախի աջակցության և կորոնավիրուսի կանխարգելման ծրագրերին: Փոխվարչապետը նշեց, որ Արցախի աջակցության ծրագրերը շուրջ 2 տասնյակ են, դրանց մի մասը դեռևս շարունակվում է: Մասնավորապես՝ անհետ կորած զինծառայողների աջակցության 6-ամսյա 500 հազար դրամ տրամադրելու «Կամուրջ» միջոցառում՝ շահառուները 600 ընտանիք, վճարված գումարի չափը 1 մլրդ դրամ:  Խեղում ստացած զինծառայողների աջակցություն 6 ամսով՝ եռապատկելով Զինհիմնադրամի տրամադրած 100 հազար դրամը՝ 265 շահառու, օգտագործված միջոցները 200 մլն դրամ:  Հյուընկալ ընտանիքների աջակցության 2 ծրագիր՝ ամսական 30 հազար դրամ հատուցում Հայաստանի, 45 հազար դրամ՝ Արցախի դեպքում, շահառուների թիվը 8410 է, 1.1 մլրդ դրամ արդեն վճարվել է այդ նպատակով: Ուսումնական տարվա մեկ կիսամյակի ուսվարձի 100 տոկոս վճարում՝ 4210 շահառու, 900 մլն դրամ:   Մահացած քաղաքացիական անձանց ընտանիքներին և վիրավոր քաղաքացիական անձանց մեկ անգամյա աջակցություն՝ 1-5 մլն դրամ՝ 56 շահառու այս պահին, 200 մլն դրամ վճարված գումար:  Վիրավոր զինծառայողներին աջակցություն՝ 6500 շահառու, վճարված 3.3 մլրդ դրամ:  Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերի բնակիչներին մեկ անգամյա՝ 300 հազար դրամ աջակցություն, նաև 68 հազարական դրամ՝ 6 ամսվա ընթացքում՝ 35 շահառու, 15 մլն դրամ: ՀՀ-ում պատերազմի հետևանքով անշաժ գույքը վնասված անձանց փոխհատուցում՝ 77 շահառու, 50 մլն դրամ:  Արցախում հաշվառված անձանց աջակցության ծրագիր, որն, ըստ փոխվարչապետի, ամենամեծ ծրագիրն է՝ խոսքը կանանց և երեխաներին աջակցության ծրագրի մասին է՝ 77 420 շահառու, վճարված 5.3 մլրդ դրամ:   Արցախի վերահսկողությունից դուրս մնացած անձանց մեկ անգամյա՝ 300 հազար դրամի վճարման ծրագիր՝ 33 981 շահառու, վճարվել է 10.2 մլրդ դրամ:  Արցախում անշարժ գույք կորցրած անձանց աջակցություն՝ 250 հազար դրամ՝ մեկանգամյա՝ 5276 շահառու, 1.3 մլրդ դրամ:  Արցախի մինչև 5 տարեկան երեխաներին աջակցություն՝ 13 873 երչեխա, 300 մլն դրամ:  Այսպիսով, Մհեր Գրիգորյանի խոսքով՝ Արցախի աջակցության ծրագրերի շահառուների թիվը գերազանցում է 150 հազարը:  Նա նշեց, որ 6 մլրդ դրամ տրամադրվել է Արցախի կառավարությանը՝ դրամաշնորհի և փոխառության տեսքով:  Գրիգորյանը հայտնեց, որ Արցախում բնակարանաշինության ծրագրի համար ՀՀ կառավարությունը հատկացնելու է 52 մլրդ դրամ, լինելու է նաև գույքային վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցության ծրագիր, որն, ըստ նրա, ԱՀ կառավարության կողմից կհաստատվի մինչև ամսվա վերջ, ՀՀ կառավարությունը կֆինանսավորի այդ ծրագիրը:  Այսպիսով, փոխվարչապետի խոսքով, Արցախի աջակցության մասով առկա է 3 մեծ ծրագիր՝  սոցիալական աջակցության, բնակարանով ապահովելու և վնասների հատուցման: «Ողջ տարին աշխատելու ենք այս երեք ծրագրերի շրջանակում»,- ընդգծեց Գրիգորյանը: 
10:41 - 15 ապրիլի, 2021
Փոխվարչապետը տեսակապով զրուցել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային փոխնախագահի հետ

Փոխվարչապետը տեսակապով զրուցել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային փոխնախագահի հետ

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով զրուցել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային փոխնախագահ Աննա Բյերդեի հետ: Այս մասին հայտնում է կառավարության պաշտոնական կայքը: «Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, շարունակելով իր քննարկումները Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի գարնանային հանդիպումների շրջանակներում, տեսակապի միջոցով զրույց է ունեցել ՀԲ տարածաշրջանային փոխնախագահ Աննա Բյերդեի հետ: Հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են նաև Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու մի շարք գերատեսչությունների նախարարների տեղակալները»,- ասված է հաղորդագրությունում: Զրույցի ընթացքում փոխվարչապետը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը՝ հատկապես համավարակի և հետպատերազմյան բարդ շրջանում, և զրուցակցին ներկայացրել երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ Կառավարության կողմից նախաձեռնված քայլերը: «Մհեր Գրիգորյանն առանձնահատուկ կարևորել է ՀԲ-ի կողմից սոցիալական աջակցության ծրագրերի համաֆինանսավորումը, ինչպես նաև ՀԲ-ի հետ առողջապահության ոլորտում իրականացվող համատեղ աշխատանքները՝ միտված հոգալու համավարակի արդյունքում առաջացած հրատապ կարիքները: ՀԲ տարածաշրջանային փոխնախագահը հայտնել է Համաշխարհային բանկի պատրաստակամությունը՝ ապահովելու շարունակական աջակցություն Հայաստանի Հանրապետությանը՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ փորձագիտական ձևաչափերով»,- նշված է հաղորդագրության մեջ: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացմանը՝ կարևորելով դրանք ժողովրդավարական արժեքների ամրապնդման և ներքաղաքական իրավիճակի կայունացման տեսանկյունից: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը և դրա շրջանակներում Կառավարության որդեգրած քաղաքականությունը: Աննա Բյերդեն տեղեկացրել է փոխվարչապետին նաև պատվաստանյութերի ձեռքբերման հարցում ՀԲ աջակցության հնարավորության մասին:
20:50 - 14 ապրիլի, 2021
Մհեր Գրիգորյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի և ՀԲ պաշտոնյաների հետ

Մհեր Գրիգորյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի և ՀԲ պաշտոնյաների հետ

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) խմբի գարնանային հանդիպումների շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով հանդիպումներ է ունեցել ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային փոխտնօրեն Աթանասիոս Արվանիտիսի, ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Նաթան Պորտերի և ՀԲ-ում Հայաստանի գծով գործադիր տնօրեն Կոեն Դավիդսեի հետ: Հանդիպումների ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը զրուցակիցներին ներկայացրել է երկրում կորոնավիրուսի համավարակից և պատերազմից հետո ստեղծված իրավիճակը, սոցիալ-տնտեսական խնդիրներն ու դրանց մեղմման ուղղությամբ Կառավարության ձեռնարկած քայլերը: ԱՄՀ պաշտոնյաների հետ քննարկվել են «Տնտեսական և ֆինանսական քաղաքականությունների» հուշագրով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքը: Այս համատեքստում փոխվարչապետը ներկայացրել է առանձին ոլորտներում Կառավարության կողմից իրականացված բարեփոխումները և վերահաստատել Հայաստանի Կառավարության հանձնառությունը դրանց անխափան իրականացման վերաբերյալ: Այնուհետև ՀԲ-ում Հայաստանի գծով գործադիր տնօրեն Կոեն Դավիդսեի հետ տեղի ունեցած զրույցի ժամանակ քննարկվել են Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերը և հետագա համագործակցության առաջնահերթությունները: Փոխվարչապետը ներկայացրել է երկրում կապիտալի շուկայի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները: Նա բարձր է գնահատել ՀԲ խմբի գործընկերների ներդրումը տնտեսության առանցքային ուղղություններին առնչվող բարեփոխումների իրականացման գործընթացում: Երկուստեք կարևորվել է ՀՀ-ում արտահերթ ընտրությունների անցկացումը՝ որպես երկրի կայուն զարգացման նախադրյալ:
20:26 - 13 ապրիլի, 2021