ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

Կրեմլը մեկնաբանել է Bloomberg-ի այն պնդումը, որ Ռուսաստանը դեֆոլտի է բախվել
 |tert.am|

Կրեմլը մեկնաբանել է Bloomberg-ի այն պնդումը, որ Ռուսաստանը դեֆոլտի է բախվել |tert.am|

tert.am: Կրեմլը համաձայն չէ, որ Ռուսաստանը դեֆոլտի է բախվել: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РБК-ն:Նախագահի խոսնակին հարցրել են, թե արդյոք Կրեմլը համաձայն է, որ Ռուսաստանը 1918 թվականից ի վեր առաջին անգամ դեֆոլտի է բախվել, ինչպես որ պնդում է Bloomberg-ը:«Ոչ, մենք համաձայն չենք», - պատասխանել է Պեսկովը:Դեֆոլտը պարտապանի կողմից պարտքը վճարելու պարտավորության չկատարումն է: Կառավարության դեֆոլտը նվազեցնում է նրա վարկային վարկանիշը, որից հետո երկրի համար դժվար կամ անհնար է դառնում նոր վարկեր ստանալը:Հիշեցնենք, որ լույս հունիսի 27-ը լրացել է Ռուսաստանի մոտ 100 մլն դոլարի եվրապարտատոմսերի տոկոսների վճարման արտոնյալ ժամկետը, ինչի հետևանքով գրանցվել է վերջին հարյուր տարում Ռուսաստանի համար արտաքին պարտքի դեֆոլտը, գրել էր Bloomberg-ը՝ վկայակոչելով պարտքային պարտավորությունների պայմանները։ Դրանց համաձայն՝ հունիսի 26-ին ավարտվել է մոտ 100 մլն դոլարի եվրապարտատոմսերի տոկոսների վճարման արտոնյալ ժամկետը։Նախօրեին հաղորդվել էր, որ եթե ներդրողները գումարը չստանան մինչև վերջնաժամկետը, ապա երկուշաբթի առավոտյան տեղի կունենա «դեֆոլտ»։ Bloomberg-ի տվյալներով՝ Ռուսաստանի համար սա արտաքին պարտքի առաջին դեֆոլտն է վերջին հարյուր տարվա ընթացքում՝ սկսած այն պահից, երբ 1918 թվականին իշխանության եկած բոլշևիկները հրաժարվեցին վճարել Ռուսական կայսրության պարտքերը։Գործակալության տվյալներով՝ «սա երկրի՝ տնտեսական, ֆինանսական և քաղաքական վտարանդիի արագ վերածման նշան է», քանի որ «Կենտրոնական բանկի արժութային պահուստները սառեցված են, իսկ խոշորագույն բանկերը կտրված են համաշխարհային ֆինանսական համակարգից»։Bloomberg-ը, սակայն, ընդունում է, որ «հաշվի առնելով արդեն հասցված վնասը տնտեսությանը և շուկաներին (Ռուսաստան), դեֆոլտը առայժմ հիմնականում խորհրդանշական բնույթ է կրում և քիչ նշանակություն ունի ռուսների համար»:Մոսկվան դեֆոլտին մոտեցել է Ուկրաինա զորքեր մտցնելուց անմիջապես հետո, բայց կարողացել է խուսափել դրանից՝ անցնելով վճարման այլ եղանակի, սակայն արդեն մայիսին ԱՄՆ իշխանությունները փակել են Մոսկվային մանևրելու հնարավորություն տվող սողանցքը, գրում է Bloomberg-ը։Այժմ համաշխարհային շուկաները բախվում են «եզակի իրավիճակի», երբ վարկառուն պատրաստ է և ունի ռեսուրսներ վճարելու վարկատուներին, բայց չի կարողանում դա անել պատժամիջոցների պատճառով, նշում է գործակալությունը: Շարունակությունը՝ tert.am-ում
14:44 - 27 հունիսի, 2022
ԵՀ-ի ղեկավարը չի պաշտպանել G20-ի գագաթնաժողովի բոյկոտի գաղափարը դրան Պուտինի մասնակցության դեպքում

 |armenpress.am|

ԵՀ-ի ղեկավարը չի պաշտպանել G20-ի գագաթնաժողովի բոյկոտի գաղափարը դրան Պուտինի մասնակցության դեպքում |armenpress.am|

armenpress.am: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ դեմ է հանդես գալիս G20-ի գագաթնաժողովը բոյկոտելու գաղափարին այն պատճառով, որ դրան մասնակցելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Հարկավոր է, որ մենք շատ ուշադիր մտածենք այն մասին, որպեսզի կաթվածահար չանենք ողջ G20-ը: Ես չեմ պաշտպանում դա (G20-ի գագաթնաժողովի բոյկոտը)»,-ասել է ֆոն դեր Լյայենը ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Իմ կարծիքով, G20-ը չափազանց կարեւոր է, նույնիսկ զարգացող երկրների, զարգացող շուկաների համար»,-նշել է նա: Նա այն կարծիքին է, որ աշխարհում ստեղծված իրադրությունն արժե քննարկել միմյանց հետ: Ինչպես սպասվում է, «մեծ քսանյակի» պետությունների ղեկավարների գագաթնաժողովը նոյեմբերի 15-16-ին տեղի կունենա Բալիում: Դրան հրավիրված են G20-ի բոլոր երկրների ղեկավարները, այդ թվում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նաեւ գագաթնաժողովին հրավիրված է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
11:23 - 27 հունիսի, 2022
«Ավելի շատ պատժամիջոցներ և զենք է պետք»․ Ուկրաինայի ԱԳ նախարարը՝ G7 առաջնորդներին

«Ավելի շատ պատժամիջոցներ և զենք է պետք»․ Ուկրաինայի ԱԳ նախարարը՝ G7 առաջնորդներին

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան Կիևին հասցված հրթիռային հարվածներից հետո, որոնց հետևանքով, ուկրաինական կողմի տվյալներով, վնասվել է մեկ բնակելի շենք և մանկապարտեզ, «Մեծ յոթնյակի» (G7) երկրների առաջնորդներին կոչ է արել խստացնել ՌԴ դեմ պատժամիջոցները, հայտնում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն։ «Այս յոթնամյա երեխան հանգիստ քնած է եղել Կիևում, երբ ռուսական թևավոր հրթիռն ընկել է շենքի վրա»։ Դեռ հարվածի տակ են այսպիսի շատ երեխաներ ողջ Ուկրաինայի տարածքում։ G7 գագաթնաժողովը պետք է արձագանքի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներով և ծանր սպառազինության մատակարարմամբ։ ՌԴ անառողջ իմպերիալիզմը պետք է պարտություն կրի», - գրել է նա Թվիթերում։ Նշենք, որ Բավարիայի (Գերմանիա) Էլմաու ամրոցում այսօր սկսվել է G7-ի առաջնորդների գագաթնաժողովը, այն անցկացվում է հունիսի 26-28-ը։ Հունիսի 29-30-ին Մադրիդում կայանալու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում։ Նորա Վանյան
16:13 - 26 հունիսի, 2022
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են արգելել ռուսական ոսկու ներկրումը

«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են արգելել ռուսական ոսկու ներկրումը

«Մեծ յոթնյակի» (G7) երկրներն այսօր հայտարարել են ռուսական ոսկու ներկրումն արգելելու մտադրության մասին։ Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ, Ճապոնիայի և Կանադայի այս գործողությունները Մոսկվայի վրա պատժամիջոցների միջոցով ճնշում գործադրելու, Ուկրաինա ներխուժումը ֆինանսական միջոցներից զրկելուն ուղղված ջանքերի մի մասն են, գրում է Reuters-ը։ «Միջոցները, որոնց մասին հայտարարել ենք այսօր, ուղղակիորեն հարվածելու են ռուսաստանցի օլիգարխներին և խոցելու են Պուտինի ռազմական մեքենայի սիրտը։ Մենք պետք է Պուտինի ռեժիմին զրկենք ֆինանսավորումից», - ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։ ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկի խոսքով՝ G7-ը ոսկու ներկրման արգելքի մասին պաշտոնական հայտարարություն կտարածի երեքշաբթի՝ հունիսի 28-ին։ «Սա Ռուսաստանի համար եկամտի առանցքային աղբյուր է համաշխարհային ֆինանսական համակարգի հետ գործարքների իրականացման հնարավորության առումով», - ասել է նա։ Մեծ Բրիտանիայի կառավարության տվյալներով՝ անցյալ տարի ռուսական ոսկու արտահանման արժեքը կազմել է 12,6 մլրդ ֆունտ ($15,45 մլրդ)։ Նորա Վանյան
15:22 - 26 հունիսի, 2022
Հայկական կողմը վերահաստատում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման իր պատրաստակամությունը․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

Հայկական կողմը վերահաստատում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման իր պատրաստակամությունը․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

Վերջին օրերին հնչած մեկնաբանությունների կապակցությամբ լրագրողների հարցերին ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ-ն ընդգծում է Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի 2022թ․ ապրիլի 19-ի համատեղ հայտարարության 24-րդ կետը, որտեղ ասվում է. «Առաջնորդները մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասում իրավիճակի մասին: Արտահայտվեցին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների պարբերական հանդիպումների շրջանակներում կառուցողական աշխատանքի շարունակման և երեք առաջնորդների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների հետևողական իրականացման օգտին՝ ի շահ տարածաշրջանի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման ապահովման: Շեշտեցին ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի որոշիչ ներդրումը Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման, բնակչության կյանքի համար բարենպաստ և անվտանգ պայմանների ստեղծման գործում: Ընդգծեցին հումանիտար անհետաձգելի հարցերի հրատապ լուծման և քաղաքական-դիվանագիտական միջոցներով Լեռնային Ղարաբաղյան կարգավորման պահանջվածությունը: Այդ համատեքստում հաստատեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի ներուժի և փորձի օգտագործման կարևորությունը՝ նրա միջազգային մանդատին համապատասխան»։ Հայկական կողմը վերահաստատում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման իր պատրաստակամությունը և հանձնառությունը»,- ասված է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանի տարածած հաղորդագրության մեջ։
18:31 - 25 հունիսի, 2022
Մոսկվայում կայացել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը

Մոսկվայում կայացել է ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը

Հունիսի 24-ին, Մոսկվայում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին: Քննարկվել է օրակարգում ընդգրկված 20-ից ավելի հարց, այդ թվում՝ միջազգային ռազմաքաղաքական զարգացումները և աճող վտանգներն ու մարտահրավերները ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգային միջավայրի համար։ Նիստի մասնակիցները քննարկել են նաև մարդասիրական ականազերծման ինժեներական համատեղ ստորաբաժանում ձևավորելու, ռազմակրթական ոլորտում համագործակցության խորացման, ԱՊՀ մասնակից պետությունների ԶՈՒ կապի, ինչպես նաև ՀՕՊ միասնական համակարգերի ձևավորման համար անհրաժեշտ իրավական և կազմակերպչական աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր։ Համաձայնեցվել է նաև խորհրդի 2023 թվականի գործունեության ծրագիրը։  Նիստի արդյունքներով ստորագրվել են ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի բոլոր որոշումները, ինչպես նաև ԱՊՀ  պաշտպանության նախարարների խորհրդի 30-ամյակին նվիրված համատեղ հայտարարությունը: Հաշվի առնելով հայ-ռուսական ռազմական համագործակցության հագեցած օրակարգը և հարաբերությունների դաշնակցային բնույթը, լրացուցիչ պայմանավորվածություն է ձեռք բերվել օգոստոսին Մոսկվայում կազմակերպել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հանդիպումը:
20:10 - 24 հունիսի, 2022
ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի գլխավոր դատախազները քննարկել են պատերազմի հարուցած հումանիտար-իրավական հիմնահարցերի լուծման խնդիրներ

ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի գլխավոր դատախազները քննարկել են պատերազմի հարուցած հումանիտար-իրավական հիմնահարցերի լուծման խնդիրներ

 Մինսկում կայացել է եռակողմ հանդիպում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի և Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի միջև: ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ քննարկվել են երեք երկրների դատախազությունների իրավասությունների շրջանակում Արցախի դեմ սանձազերծված պատերազմի արդյունքում առաջացած և դեռևս առկա հումանիտար-իրավական հիմնահարցերի լուծման նոր հնարավորություններ գտնելու, 2021թ. ընթացքում նույն ձևաչափով երկու նախորդ հանդիպումների ընթացքում օրակարգային առանձին հարցերի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանն առնչվող խնդիրները: «Կողմերն ընդգծել են գլխավոր դատախազների եռակողմ ձևաչափի պահպանման կարևորությունը որպես տարածաշրջանում կայունության և օրինականության, լարվածության թուլացման և բնակչության առաջնային կենսական իրավունքների և անվտանգության ապահովման նպատակով իրավական ոլորտում շփումները շարունակելու գործուն հարթակ: Այս առումով շեշտվել է հրադադարի հաստատման մասին 2020թ. նոյեմբերի 10-ի  եռակողմ հայտարարության հումանիտար պահանջների ամբողջական կատարման ուղությամբ ՌԴ գլխավոր դատախազության և անձամբ ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի նախանձախնդիր և հետևողական ջանքերը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է, որ չնայած նախորդ եռակողմ հանդիպումների ընթացքում հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գոտում միջադեպերի, դրանց առթիվ իրականացվող քննությունների վերաբերյալ կողմերի միջև օպերատիվ տեղեկատվության միջնորդավորված փոխանակման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությանը՝ հրադադարի հանցավոր խախտումները շարունակվել են, որոնց արդյունքում եղել են մարդկային կորուստներ, խաղաղ բնակչության համար ստեղծվել են կենսական իրավունքների իրացման, անվտանգության նոր սպառնալիքներ: Որպես ակնառու օրինակ՝ ՀՀ գլխավոր դատախազը վկայակոչել է Փառուխ բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական զինուժի իրականացրած գործողությունները, որոնց արդյունքում հայկական կողմից զոհվել է 3 և մարմնական վնասվածքներ ստացել 16 զինծառայող: Արթուր Դավթյանն ընդգծել է ինչպես Փառուխ գյուղում կատարված այդ գործողությունները, այնպես էլ հրադադարի կոպիտ խախտումների մյուս դեպքերը պատշաճ քննության առարկա դարձնելու անհրաժեշտությունը:   Այդ իրողությունները նաև փաստում են Արցախում տեղակայված ՌԴ դատախազության ներկայացուցիչների ռեսուրսի գգտագործմամբ տեղեկատվության օպերատիվ փոխանակման ձևաչափի արդյունավետությունը բարձրացնելու հրատապ անհրաժեշտությունը: Նշվում է, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը  բարձրացրել է հատկապես 2020թ. նոյեմբերի 10-ի հրադադարի հաստատման եռակողմ հայտարարության 8-րդ կետի անկատար մնալու հանգամանքը: Նա ընդգծել է, որ Ադրբեջանում անհիմն պահվող՝ ադրբեջանական կողմից հաստատված 38 պահվող անձանց շուտափույթ վերադարձը առանցքային նշանակություն ունի կողմերի միջև վստահության վերականգնման, տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման և անվտանգության երաշխիքների ձևավորման համար՝ հատուկ ընդգծելով եռակողմ հայտարարության հումանիտար պահանջները հայկական կողմից լիարժեք կատարված լինելու հանգամանքը: Հանդիպման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն ռուսական կողմի միջնորդությամբ շարունակել բանակցությունները՝ հումանիտար խնդիրները սեղմ ժամկետներում և լիարժեք լուծելու նպատակով:
19:22 - 24 հունիսի, 2022
Ռուսաստանն ու Ադրբեջանը համաձայնագիր են ստորագրել՝ միջազգային տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության մասին

Ռուսաստանն ու Ադրբեջանը համաձայնագիր են ստորագրել՝ միջազգային տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության մասին

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև միջկառավարական համաձայանգիր է ստորագրվել միջազգային տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններին հաջորդած ասուլիսի ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Լավրովը հավելել է, որ Մոսկվան ու Բաքուն մտադիր են խորհրդակցություններ անցկացնել Ադրբեջանում ռուսական լրատվամիջոցների և Ռուսաստանում ադրբեջանական լրատվամիջոցների աշխատանքի շուրջ։ «Մենք միջոցառումների հատուկ շարք կանցկացնենք երկու կողմերի առաջատար լրատվամիջոցների ղեկավարների, այդ թվում՝ սոցցանցերի սեփականատերերի միջև և անկեղծորեն կխոսենք այն մասին, թե ինչպես ենք լուսաբանում միմյանց տարածքում կատարվող իրադարձությունները՝ ելնելով համապատասխան օրենքներից»,- ասել է նա։   Նորա Վանյան
16:22 - 24 հունիսի, 2022
Երևանից և Բաքվից հաստատում եմ ստացել, որ սահմանազատումը ներկա փուլում ջանքերի կարևոր բաղկացուցիչ է․ Լավրով

Երևանից և Բաքվից հաստատում եմ ստացել, որ սահմանազատումը ներկա փուլում ջանքերի կարևոր բաղկացուցիչ է․ Լավրով

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են պատրաստակամությունը՝ մասնակցելու սահմանազատման հարցերով հանձնաժողովի շրջանակում երկրորդ հանդիպմանը և ազդակներ չեն փոխանցել այն մասին, որ մտադրությունը փոխել են։ Այս մասին Ադրբեջանի արտոգրծնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած ասուլիսին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Բառացիորեն մի քանի շաբաթ առաջ իմ այցի ժամանակ մենք Երևանում խոսել ենք [Հայաստանի] վարչապետի և արտգործնախարարի հետ։ Նրանք վերահաստատել են մասնակցությունը սահմանազատման հարցերով հանձնաժողովի շրջանակում երկրորդ հանդիպմանը։ Այդ հանդիպումը համաձայնեցված է Մոսկվայում՝ մեր տարածքում, և մենք այժմ ամսաթվերն ենք որոշում, որոնք հարմար կլինեն երկու կողմերին։ Ես ազդակ չեմ տեսել այն մասին, որ կողմերը փոխել են իրենց միտքը կամ չեն ուզում մասնակցել այդ աշխատանքին»։ Լավրովը նշել է, որ Երևանում և Բաքվում բանակցությունների ընթացքում «հաստատում է ստացել, որ սահմանազատումը ներկայիս փուլում բոլոր ջանքերի կարևոր բաղադրիչն է»։ Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է մոտակա ժամանակներս Մոսկվայում կազմակերպել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հարցերով հանձնաժողովի երկրորդ նիստը և կողմերից ակնկալում է այդ հանիպման ամսաթվերի վերաբերյալ առաջարկներ։   Նորա Վանյան  
15:35 - 24 հունիսի, 2022
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցությունների ձգձգումը լուրջ վտանգներ է պարունակում․ Բայրամով

 |factor.am|

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցությունների ձգձգումը լուրջ վտանգներ է պարունակում․ Բայրամով |factor.am|

factor.am: Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ճեպազրույցում հայտարարել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի արհեստական ձգձգումը լուրջ վտանգներ է պարունակում, գրում են տեղական լրատվամիջոցները։ «Այսօր բանակցություններում քննարկել ենք հետկոնֆլիկտային կարգավորումը Հարավային Կովկասում։ Ադրբեջանը հանդես է գալիս այն տեսակետից, որ հակամարտությունը մնացել է անցյալում և կայուն խաղաղության համար պետք է համագործակցություն։ Ադրբեջանի դիրքորոշումը կայանում է բոլոր կողմերի կողմից եռակողմ հայտարարությունների լիարժեք կատարման անհրաժեշտության մեջ։ Բանակցային գործընթացի արհեստական ձգձգումը հղի է լուրջ վտանգներով»,-ասել է Բայրամովը։
14:47 - 24 հունիսի, 2022
Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը․ Լավրով |civilnet.am|

Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը․ Լավրով |civilnet.am|

civilnet.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այսօր՝ հունիսի 24-ին, Բաքվում հայտարարել է, որ Ադրբեջանի արտգործնախարարի հետ «չեն քննարկել Մինսկի խմբի հարցը, որովհետև այն դադարեցրել է իր գործունեությունը՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ»։ «Հետպատերազմական կարգավորման գործընթացները, իհարկե, քննարկել ենք։ Եվ այդ նոր գործընթացների հիմքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երեք եռակողմ հայտարարություններն են»,- Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսին հայտարարել է Լավրովը։ ՌԴ արտգործնախարարի խոսքով՝ երեք եռակողմ հայտարարությունները՝ որպես «առկա հարցերի լուծման ուղղությամբ առաջ շարժվելու» հիմք ընդունեմ են բոլորը, այդ թվում՝ «եվրոպացի գործընկերները»։ «2020-ի սեպտեմբեր-հոկտեմբերի գետնի վրա իրադարձությունները հետևում թողեցին բոլոր այն փաստաթղթերը, որոնք երկար տարիներ քննարկվում էին (Մինսկի խմբի ձևաչափով – խմբ․)՝ առանց տեսանելի արդյունքների։ Դա ուղղակի օբյեկտիվ իրականությունն է»,- նշել է Սերգեյ Լավրովը։
14:32 - 24 հունիսի, 2022
Նացիզմին դիմակայելու թեման այսօր էլ արդիական է. ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկին՝ ՀՀ վետերանների միավորման 14-րդ համագումարում

 |armenpress.am|

Նացիզմին դիմակայելու թեման այսօր էլ արդիական է. ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկին՝ ՀՀ վետերանների միավորման 14-րդ համագումարում |armenpress.am|

armenpress.am: Այն պայքարը, որ Խորհրդային Միությունը մղում էր 80 տարի առաջ նացիզմի` «դարչնագույն ժանտախտի» դեմ, այսօր էլ արդիական է մնում։ Այդ մասին հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը` ելույթ ունենալով Հայաստանի Հանրապետության վետերանների միավորման 14-րդ համագումարում։ ՌԴ դեսպանը հիշեցրեց, որ հայ վետերանների համագումարը անցնում է շատ խորհրդանշական օրերին, երբ բոլորովին վերջերս նշվեց Հայրենական մեծ պատերազմում նացիստական Գերմանիայի դեմ Խորհրդային Միության տարած մեծ հաղթանակի 77-րդ տարեդարձը, իսկ երկու օր առաջ` հունիսի 22-ին, Խորհրդային Միության վրա նացիստական Գերմանիայի ուխտադրուժ հարձակման 81-րդ տարելիցը։ «Այսօր մենք հիշում ենք հաղթանակի առաջին շքերթը Կարմիր հրապարակում 1945 թ. հունիսի 24-ին։ Այսօր, ինչպես երբևէ, կարևոր է հիշել անցյալի դասերը, հակազդել պատմությունը կեղծելու, ֆաշիստների հանցագործությունները ժխտելու և խորհրդային ժողովուրդների գործած սխրանքը նսեմացնելու փորձերին։ Կարևոր է, քանի որ արդար է։ Բայց կարևոր է նաև այն պատճառով, որ այն պայքարը, որը մղում էին խորհրդային մարդիկ 80 տարի առաջ, չի ավարտվել։ Կյանքը, ցավոք, ցույց է տալիս, որ նացիզմի, նացիզմին դիմակայելու թեման, այն չարիքը, որի դեմ պայքարում էին այն ժամանակ, արդիական է մնում։ Այսօր, երբ ռուսաստանյան զինված ուժերը ռազմական հատուկ գործողություն են իրականացնում, որի հիմնական նպատակներից մեկը Ուկրաինայի դենացիֆիկացիան է, առանձնահատուկ հստակությամբ ես զգում ժամանակների, սերունդների կապը։ Հայրերի, պապերի, նախապապերի սխրանքները հերոսության, տոկունության, նվիրվածության օրինակ են ծառայում ռուսաստանցիների ներկա սերնդին։ Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը շատ է արժևորում այն աշխատանքը, որն անում է Հայաստանի վետերանների միավորումը», - ասաց դեսպան Կոպիրկինը։ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը ՀՀ վետերանների միավորման 14-րդ համագումարի ղեկավար կազմում է և մասնակցում է միավորման նոր խորհրդի և խորհրդի նախագահի ընտրությանը։
13:49 - 24 հունիսի, 2022