Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելու մեր որոշումը անակնկալ չի եղել, դա մեր քաղաքական հանձնառությունն է. Կոնջորյան |1lurer.am|

Ռեյտինգային ընտրակարգից հրաժարվելու մեր որոշումը անակնկալ չի եղել, դա մեր քաղաքական հանձնառությունն է. Կոնջորյան |1lurer.am|

1lurer.am: ԱԺ-ում ճեպազրույցների ժամին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանն անդրադարձավ Ընտրական օրենսգրքի փոփոխություններին: Նա ընդգծեց, որ փոփոխությունների նախագիծը դրվել է շրջանառության մեջ, նաև ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, հիմա ակտիվ քննարկումների մեջ են միջազգային կառույցների, խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերի, քաղհասարակության ներկայացուցիչների հետ: «Ընտրական օրենսգրքի փոփոխության հարցը եղել է մեր քաղաքական հանձնառությունը, ինչին մենք հավատարիմ ենք: Հանրության մեջ կարող է տպավորություն լինել, որ Ընտրական օրենսգրքի փոփոխության նախագծի գլխավոր փոփոխությունը ընտրակարգն է, սակայն նախատեսվում են նաև բազմաթիվ այլ փոփոխություններ: Պայմանավորված արտահերթ ընտրություններով՝ ընտրակարգի փոփոխությունը քաղաքական իմաստով դարձել է քննարկումների առաջամարտիկը: Այն, որ մենք պատրաստվում ենք փոփոխել Ընտրական օրենսգիրքը՝ դուրս բերելով ռեյտինգային ընտրակարգը, անակնկալ չի եղել որևէ մեկի համար: Այդ մասով ևս քաղաքական հանձնառություն ենք ունեցել և հրապարակայնորեն հայտնել ենք մեր դիրքորոշումը, որ մենք պետք է անցում կատարենք համամասնական համակարգի, որի մասին հայտարարեց նաև ՀՀ վարչապետը»,- ասաց Կոնջորյանը՝ հավելելով, որ ընտրակարգի փոփոխությունը բացասական տեսանկյունից ներկայացնելը որևէ հիմք չունի:   Ինչ վերաբերում է ընտրակարգի փոփոխության հարցով կոնսենսուսին՝ Կոնջորյանը նշեց, որ իրենց համար ավելի կարևոր էր, որ ընտրության անցկացման որոշումը կոնսենսուսով լիներ, իսկ ընտրակարգի առումով, ըստ պատգամավորի, ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները հրապարակայնորեն հայտարարել են, որ երկու ընտրակարգով էլ պատրաստ են գնալու ընտրություններին, ուստի ընտրակարգի մասին թեզը հակասության մեջ է մտնում հրապարակային հայտարարությունների հետ:  «Մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ, որ այս հարցում նույնպես կոնսենսուս լինի»,- եզրափակեց նա:
12:27 - 26 մարտի, 2021
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի նախագծերի փաթեթն ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց |armtimes.com|

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի նախագծերի փաթեթն ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց |armtimes.com|

armtimes.com: 93 կողմ, 0 դեմ, 4 ձեռնպահ ձայների բաշխմամբ ԱԺ-ն քիչ առաջ առաջին ընթերցմամբ ընդունեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի նախագծերի փաթեթը: Տվյալ օրենքի նպատակն է հաշմանդամություն ունեցող անձանց՝ այլ անձանց հետ համահավասար հիմունքներով Սահմանադրությամբ երաշխավորված, ինչպես նաեւ միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում գտած սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխան՝ քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների ու ազատությունների իրականացման համար բարենպաստ պայմանների, հասարակական կյանքում նրանց հավասար մասնակցության եւ արդյունավետ սոցիալական ներառման ապահովումը: Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաuտանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, փախuտականի կարգավիճակ ունեցող անձանց վրա: Օտարերկրացիների, քաղաքացիություն չունեցող եւ փախuտականի կարգավիճակ ունեցող անձանց վրա սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունք ունենալու եւ բնակվելու ժամանակահատվածում: Օրենքով սահմանված՝ հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող դրույթները, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները կարգավորող հարաբերությունները հավասարապես տարածվում են հաշմանդամություն ունեցող երեխաների վրա, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ չի բխում դրանց կարգավորման առանձնահատկություններից եւ (կամ) որքանով որ դրանք կիրառելի են հաշմանդամություն ունեցող երեխաների համար:  Սույն օրենքով սահմանվում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության պետական քաղաքականության հիմնական նպատակը, կարգավորվում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության պետական քաղաքականության սկզբունքների եւ ուղղությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման համար անհրաժեշտ կազմակերպական եւ իրավական հիմքերի հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման համար մատչելի պայմանների եւ հավասար հնարավորությունների ապահովման հետ կապված այլ հարաբերություններ: Հիշեցնենք, որ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին օրենքի նախագծերի փաթեթի հեղինակներն են ՀՀ կառավարությունը և պատգամավորներ Նարեկ Զեյնալյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Լուսինե Բադալյանը, Արփինե Դավոյանը, Հրաչյա Հակոբյանը, Արսեն Միխայլովը, Կորյուն Մկրտչյանը և Վանիկ Օհանյանը:
12:17 - 25 մարտի, 2021
Կառավարության վարքագիծը դիտարկվում է դիտավորյալ քմահաճ վերաբերմունք՝ ուղղված «Իմ քայլից» դուրս եկած պատգամավորների նկատմամբ. Թագուհի Թովմասյան |tert.am|

Կառավարության վարքագիծը դիտարկվում է դիտավորյալ քմահաճ վերաբերմունք՝ ուղղված «Իմ քայլից» դուրս եկած պատգամավորների նկատմամբ. Թագուհի Թովմասյան |tert.am|

tert.am: Այսօր Ազգային ժողովում ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանն իր ելույթում անդրադարձավ կառավարության անդամների երեկվա վարքագծին: «Որպես խորհրդարանի նախագահ՝ առնվազն երեկ պետք է միջամտեիք, որ մեր երեք անկախ պատգամավորների հարցերին քմահաճ ձևով կառավարությունը չպատասխանեց: Ես կարծում եմ՝ մենք այնպիսի հարցեր էինք բարձրացրել, որոնց պատասխանն ունի կառավարությունը, և սա դիտարկվում է դիտավորյալ քմահաճ վերաբերմունք՝ ուղղված «Իմ քայլից» դուրս եկած պատգամավորների նկատմամբ»,-ասաց նա՝ դիմելով Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրոզյանին:   «Ես Ձեզ հորդորում եմ ավելի ուշադիր լինել բոլոր պատգամավորների նկատմամբ, որովհետև Դուք բոլոր պատգամավորներին եք այստեղ ներկայացնում և նիստը վարում եք արդարության դիրքերից, համենայնդեպս, օրենքը Ձեզ այդպես է պարտադրում»,-ասաց նա և նշեց, որ կարծում է, թե Հրանտ Մաթևոսյանի թանգարանի մասին առեղծվածը հրապարակավ պետք է բացահայտվեր: Պատգամավորը նկատեց, որ նրա որդին պարկեշտ անձնավորություն է և երբ գրում է, թե բանակցություններում մանանեխի հատիկի չափ տրամաբանություն չկա, ուրեմն հետևությունը պետք աներ կառավարությունը: Վերջում Թագուհի Թովմասյանը հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմադիր եղած շրջանում հայտարարությունը, երբ ասում էր. «Աշխարհի որ ծայրում լինեք, որտեղ լինեք, ինչ պայմաններում  էլ լինեք, պարտավոր եք գալ կառավարությունում պատասխանելու պատգամավորների հարցերին»: «Ես հիմա հիշեցնում եմ, որ կառավարությունը պարտավոր է  պատասխանել պատգամավորների հարցերին»,-ասաց նա: Արձագանքելով՝ Արարատ Միրզոյանը ճշգրտում արեց. «Անկախ պատգամավոր չկա, կան խմբագրությունում չընդգրկված պատգամավորներ, սա որքան էլ ֆորմալ, այնքան էլ խորիմաստ ձևակերպում է»: 
11:59 - 25 մարտի, 2021
Չանսալով լրագրողական և փորձագիտական հանրության քննադատությանը՝ օրենսդիրը հաստատեց մեդիա ոլորտին վերաբերող ռեպրեսիվ նախաձեռնություն. hայտարարություն

Չանսալով լրագրողական և փորձագիտական հանրության քննադատությանը՝ օրենսդիրը հաստատեց մեդիա ոլորտին վերաբերող ռեպրեսիվ նախաձեռնություն. hայտարարություն

«Մարտի 24-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի օրենսդրական նախագիծը՝ եռապատկելով վիրավորանքի և զրպարտության համար նախատեսվող դրամական փոխհատուցումը՝ հասցնելով համապատասխանաբար 3 և 6 միլիոն դրամի։ Այս փոփոխությունը չափազանց վտանգավոր է, հատկապես եթե հաշվի առնենք իշխանության ներկայացուցիչների, քաղաքական գործիչների և այլ հայտնի մարդկանց հակվածությունը՝ նույնիսկ օբյեկտիվ քննադատությունն ընկալել որպես վիրավորանք ու զրպարտություն և դիմել դատարան։  Իսկ դատական համակարգի հետ կապված բազմաթիվ խնդիրների առկայության պայմաններում նման հայցերով վճիռները կարող են ճակատագրական լինել ԶԼՄ-ների հետագա գործունեության համար։ Փաստորեն, չանսալով լրագրողական և փորձագիտական հանրության քննադատությանը, հորդորներին ու կոչերին՝ օրենսդիրը հաստատեց մեդիա ոլորտին վերաբերող մի ռեպրեսիվ նախաձեռնություն, որը հիմնված չէ մասնագիտական խորն ուսումնասիրության ու վերլուծության վրա և հետապնդում է նեղ քաղաքական շահեր։ Նախագծի նախնական տարբերակում, որն ընդունվել էր առաջին ընթերցմամբ, ենթադրվում էր հնգապատկել վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման վերին շեմերը։ Ավելի ուշ, ԱԺ քննարկումների արդյունքում, այնուամենայնիվ, որոշվեց սահմանափակվել այդ շեմերի եռապատկմամբ, ինչը բնավ էլ հարցի փոխզիջումային լուծում չի կարելի համարել, քանի որ այդ չափերը նույնպես համադրելի չեն երկրի սոցիալ-տնտեսական վիճակին ընդհանրապես և լրատվամիջոցների ֆինանսական կարողություններին՝ մասնավորապես։ Ամենևին չպաշտպանելով վիրավորողներին ու զրպարտողներին՝ մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, վերահաստատում ենք, որ այս փոփոխություններով էական վնաս կհասցվի խոսքի, արտահայտվելու ազատությանն ու կսահմանափակվի լրատվամիջոցների՝ օբյեկտիվ քննադատելու հնարավորությունը։ Բացի այդ, սա կարող է ազդակ դառնալ դատարանների համար և դրդել նրանց ընդդեմ ԶԼՄ-ների ավելի խիստ վճիռների կայացման։ Ակնհայտ է, որ այս օրենսդրական փոփոխությամբ խաթարվում է հավասարակշռությունը Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով նախատեսված արտահայտվելու ազատության իրավունքի և 8-րդ հոդվածով պաշտպանված մարդու արժանապատվության՝ որպես անձնական կյանքի բաղկացուցչի միջև։ Անտեսվում է նաև ՀՀ սահմանադրական դատարանի 2011 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 997 որոշման այն կարևորագույն դրույթը, համաձայն որի՝ հրապարակումներում տեղ գտած վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցում նշանակելիս անհրաժեշտ է հաշվի առնել ԶԼՄ-ների ֆինանսական վիճակը, որպեսզի պատասխանատվությունը չհանգեցնի նրանց սնանկացմանը։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ կոչ ենք անում. - ՀՀ նախագահին՝ չստորագրել «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը և ուղարկել այն Սահմանադրական դատարան՝ որոշելու դրա համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը։ - Միջազգային կազմակերպություններին՝ հրապարակայնորեն դիրքորոշում արտահայտել վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափերին վերաբերող օրենսդրական փոփոխությունների առնչությամբ և հորդորել իշխանություններին՝ վերանայել խոսքի ազատությանը սպառնացող այս և այլ նախաձեռնությունները։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեԵրևանի մամուլի ակումբՄեդիա նախաձեռնությունների կենտրոնԼրագրողների «ասպարեզ» ակումբԻնֆորմացիայի ազատության կենտրոնԲազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-հայաստանՀանրային լրագրության ակումբ«Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿԳորիսի մամուլի ակումբ«Ֆեմիդա» ՀԿ»
21:10 - 24 մարտի, 2021
Ընտրությունները կիրականացվեն համամասնական ընտրակարգով. վարչապետ |1lurer.am|

Ընտրությունները կիրականացվեն համամասնական ընտրակարգով. վարչապետ |1lurer.am|

1lurer.am: Խորհրդարանական մեծամասնությունը որոշում է կայացրել գնալ ԸՕ-ի պարզ փոփոխությունների և ընտրություններն իրականացնել համամասնական ընտրականգով՝ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով հարցին, թե արտահերթ ընտրությունները որ օրենսգրքով կանցկացվեն:  Վարչապետը նշեց, որ քաղաքական ուժերի հետ պայմանավորվածության արդյունքում արձանագրել են՝ սահմանված ժամկետում տեղի է ունենալու վարչապետի հրաժարական, որից հետո Ազգային ժողովը երկու անգամ վարչապետ չի ընտրելու, և դրանից հետո խորհրդարանն իրավունքի ուժով արձակվելու է: «Ընտրական օրենսգրքի ընտրակարգը պայմանավորվածությունների մաս չի եղել, բայց բոլոր քննարկումներում ես հարց եմ ուղղել գործընկերներին, թե ինչ կարծիքի են՝ ռեյտինգային ընտրակարգը լինի՞, թե՞ չլինի: Իրենք, ըստ էության, մեր խոսակցությունների ժամանակ արձանագրել ենք, որ և՛ ԲՀԿ-ն, և՛ ԼՀԿ-ն հարցը թողնում են խորհրդարանական մեծամասնության հայեցողությանը: Այսինքն՝ իրենք խնդիր չունեն՝ վարկանիշայինը լինի թե չլինի: Որից հետո խորհրդարանական մեծամանսությունը, քննարկումներ ունենալով արտախորհրդարանական ուժերի հետ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ և հաշվի առնելով իր հանձնառությունը, որոշում է կայացրել, որ պետք է գնանք ԸՕ-ի պարզ փոփոխությունների, և ընտրություններն իրականացվեն համամասնական ընտրակարգով, այսինքն՝ առանց վարկանիշային ընտրացուցակի»,- նշեց Կառավարության ղեկավարը: Վարչապետը նշեց, որ հանդիպումների ժամանակ խորհրդարանական խմբակցությունները դեմ չեն եղել ընտրակարգի փոփոխությանը՝ նշելով, որ կողմ չեն քվեարկի, որ չկիսեն քաղաքական պատասխանատվությունը, բայց եթե խորհրդարանական մեծամասնությունն ուզում է փոխել, թող փոխի:
17:27 - 24 մարտի, 2021
Խորհրդարանը քննարկեց պայմանագրային զինծառայության մեջ գտվելու սահմանային տարիքը բարձրացնող նախագիծը |armenpress.am|

Խորհրդարանը քննարկեց պայմանագրային զինծառայության մեջ գտվելու սահմանային տարիքը բարձրացնող նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է բարձրացնել պայմանագրային զինծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը: «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը: Մարուքյանի խոսքով՝ այս նախաձեռնության պատճառ է հանդիսացել այն, որ իրենց են դիմել պատերազմի մասնակից ՀՀ քաղաքացիներ, որոնց տարիքը բարձր է 45-ից, սակայն ունեն կռվելու փորձ, ֆիզիկական բարձր պատրաստություն, բայց օրենսդրությունն արգելում է նրանց ներգավվել պայմանագրային զինվորական ծառայության մեջ: Գործող օրենսդրությամբ պայմանագրային զինվորական ծառայության մեջ ներգրավվելու, ծառայելու հնարավորություն չկա մի դեպքում՝ 45-ից հետո, մյուս դեպքում՝ 40-ից հետո: ԼՀԿ-ն առաջարկում է այդ շեմը բարձրացնել մինչև 63 տարեկանը: Ըստ Մարուքյանի՝ դա հնարավորություն կտա մարդկանց Սյունիքում, Գեղարքունիքում, Տավուշում ոչ թե լքել համայնքները, գնալ արտագնա աշխատանքի, այլ անցնել պայմանագրային զինծառայության: «Չնայած այն հանգամանքին, որ կառավարությունը նախագծի վերաբերյալ տվել է բացասական եզրակացություն, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը տվեց դրական եզրակացություն՝ պայմանով, որ հանձնաժողովի և կառավարության առաջարկները քննարկենք ու ընդունենք: Մենք, բնականաբար, պատրաստակամություն ենք հայտնել առաջարկները քննարկելու և ընդունելու»,-ասաց Մարուքյանը: ԼՀԿ-ն պատրաստ է քննարկել 63 տարեկանի շեմը իջեցնելու հարցը: Գործող օրենքով բարձրաստիճան զինվորականները կարող են ծառայել մինչև 63 տարեկան: Նախագծով առաջարկվում է այն դարձնել 65:
13:46 - 24 մարտի, 2021
Պետական դավաճանության և լրտեսության համար՝ ցմահ ազատազրկում՝ գույքի բռնագանձմամբ. ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց նախագիծը |1lurer.am|

Պետական դավաճանության և լրտեսության համար՝ ցմահ ազատազրկում՝ գույքի բռնագանձմամբ. ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց նախագիծը |1lurer.am|

1lurer.am: ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ԲՀԿ պատգամավորներ Վահե Էնֆիաջյանի, Նաիրա Զոհրաբյանի, Իվետա Տոնոյանի ներկայացրած՝ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը:  ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը նշեց, որ հատկապես պատերազմի, հետպատերազմական ժամանակահատվածում շատ է բարձրաձայնվել պետական դավաճանության, լրտեսության, լրտեսական ցանցերի գործունեության մասին, ինչը չարիք է: «ՀՀ-ի, մեր ժողովրդի նկատմամբ գործած հանցանքը ամենածանրն ենք համարում, ուստի առաջարկում ենք ամենածանր պատիժը: Պետական դավաճանության, լրտեսության համար սահմանել ցմահ ազատազրկում՝ գույքի բռնագանձմամբ: Սա ամենախիստ պատիժն է, որ մեր ներկայիս իրավակարգավորումները հնարավորություն են ընձեռում իրականացնելու, որպեսզի ներկայում և ապագայում որևիցե մեկը չփորձի նման արարք կատարել»,- ասաց Էնֆիաջյանը: Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սերգեյ Ատոմյանն էլ հայտնեց, որ առաջինից երկրորդ ընթերցում պատգամավորների կողմից գրավոր առաջարկներ չեն եղել, իսկ Կառավարության կողմից եղել է առաջարկ՝ լրտեսության մասով ավելացնել սանկցիան՝ մինչև ցմահ ազատազրկում: Ատոմյանը կոչ արեց երկրորդ ընթերցմամբ նույնպես կողմ քվեարկել:
12:10 - 24 մարտի, 2021
Երկուսն էլ լուրջ պրոֆեսիոնալներ են. Սիմոնյանը՝ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների մասին |1lurer.am|

Երկուսն էլ լուրջ պրոֆեսիոնալներ են. Սիմոնյանը՝ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների մասին |1lurer.am|

1lurer.am: Նրանցից որևէ մեկի ընտրությունն այս պարագայում կհամարենք միանշանակ դրական՝ անկախ նրանից, թե ով կընտրվի, որովհետև երկուսն էլ բավականին լուրջ պրոֆեսիոնալներ են ու մեծ հարգանք են վայելում իրավական համայնքում՝ ոչ միայն իրենց մասնագիտական գիտելիքների համար, այլև մարդկային որակների: Այդ մասին ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրության քննարկմանն ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը: Նշենք, որ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուները երկուսն են՝ Արմեն Հայկյանցը և Արսեն Մկրտչյանը:              «Ցավոք, ՀՀ-ում մենք կադրային մեծ բազա չունենք իրավաբանության բնագավառում և նաև մնացած բնագավառներում: Երբ գտնում ենք լավ կադրեր, արհեստավարժ մասնագետներ, նրանց պետք է բռնենք, համոզենք, բերենք պետական ապարատ՝ մասնավորապես նաև դատական իշխանություն: Չպետք է թույլ տանք, որ լավ կադրերը հիասթափվեն պետական ապարատից և գնան մասնավոր ոլորտ: Պետական մտածողություն է պետք բոլորիս»,- ասաց Սիմոնյանը:
11:56 - 24 մարտի, 2021
ԱԺ-ում մեկնարկեց Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության փակ-գաղտնի քվեարկությունը |armtimes.com|

ԱԺ-ում մեկնարկեց Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության փակ-գաղտնի քվեարկությունը |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովում մեկնարկել է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության փակ- գաղտնի քվեարկությունը: ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանն ասաց, որ քվեարկությունը կավարտվի 12:30-ին: Հիշեցնենք, որ ԱԺ-ում ընթանում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության երկրորդ փուլը: Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել է Արսեն Մկրտչյանի և Արմեն Հայկյանցի թեկնածությունները: Նախորդ քառօրյայի ընթացքում Ազգային ժողովը նույնպես  քննարկել է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը,  սակայն քննարկման ավարտին «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել էր, որ խմբակցությունը չի ընտրելու թեկնածուի և այդպիսով իր դիրքորոշումն է արտահայտելու Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործունեության և հայտարարությունների նկատմամբ: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության երկրորդ փուլը կայանալու է այս քառօրյայի ընթացքում:
11:51 - 24 մարտի, 2021
Թեկնածուներին ներկայացնող անձը պետք է կատարեր նման գործառույթ. Հայկյանցը՝ ԲԴԽ նախագահի և առաջին փուլում չընտրվելու մասին |1lurer.am|

Թեկնածուներին ներկայացնող անձը պետք է կատարեր նման գործառույթ. Հայկյանցը՝ ԲԴԽ նախագահի և առաջին փուլում չընտրվելու մասին |1lurer.am|

1lurer.am: Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արմեն Հայկյանցը խորհրդարանում իր ելույթի ժամանակ անդրադարձավ Վճռաբեկ դատարանի դատավորի նախորդ ընտրությանը, որի ժամանակ «Իմ քայլը» որոշեց չմասնակցել քվեարկությանը: Հայկյանցը նշեց, որ Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության ընթացակարգը սկսում է դատավորներին ներկայացնող իրավասու անձի ելույթով: «Ի՞նչ նպատակ է հետապնդում օրենսդիրն այս ընթացակարգային քայլը նախատեսելով: Ո՞վ է այն իրավասու անձը, ո՞վ պետք է ներկայացնի դատավորներին: Բնականաբար, դա այն անձն է, ով ի պաշտոնե շատ լավ է ճանաչում դատավորներին, դատավորների թեկնածուներին և իր ելույթով, հետագայում նաև հարցուպատասխանի ընթացքում պետք է օգնի պատգամավորներին՝ առավել ճանաչելու Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին և այդքանով կատարելու առավել ճիշտ ընտրություն՝ ելնելով արժանավորության սկզբունքից: Եվ որևէ այլ դերային գործառույթ, քան դատավորի թեկնածուներին ներկայացնելը և նրանց վերաբերյալ ճանաչողության սահմանների ընդլայնումը, ներկայացնելու իրավասություն ունեցող անձն ուղղակի չուներ»,- նշեց Հայկյանցը: Առաջին փուլում ներկայացումից հետո առաջադրված հարցերի շրջանակը մեզ թույլ է տալիս եզրակացնել, որ մենք, ըստ էության, դուրս եկանք այդ ընթացակարգային կարգավորումից, այն ուղեծրից, որը նախատեսում էր օրենսդիրը՝ նշեց Հայկյանցը: «Ուղեծիրն ընդամենը մեկն էր. թեկնածուներին ներկայացնող իրավասու անձը ընդամենը պետք է կատարեր նման գործառույթ: Ես չեմ ժխտում, որ բարձրացված հարցերը կարևոր չեն պետության համար, բայց կարևոր հարցերը պետք է քննարկվեն օրենսդրորեն նախատեսված ընթացակարգի շրջանակում: Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության համար նախատեսված ընթացակարգ նման կարևորության հարցերի համար նախատեսված չէր»,- նշեց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն:
11:39 - 24 մարտի, 2021