Արցախի ԱԳՆ

Արցախի  գործադիր իշխանության մարմին, որը իրականացնում է օտար երկրների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների պետական կառավարումը։

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհավորել է Մասիս Մայիլյանին՝ Արցախի ԱԳՆ ղեկավարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհավորել է Մասիս Մայիլյանին՝ Արցախի ԱԳՆ ղեկավարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ Մասիս Մայիլյանին շնորհավորական նամակ է հղել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Նամակում, մասնավորապես, ասված է՝ «Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ պետական գործչի Ձեր հարուստ փորձը և պրոֆեսիոնալիզմը մեծապես կնպաստեն Արցախի Հանրապետության հետագա զարգացմանը և միջազգային վարկի բարձրացմանը: Լիահույս եմ, որ Ձեզ հետ շարունակական երկխոսության միջոցով մեզ կհաջողվի ավելի լսելի դարձնել Արցախի ժողովրդի ձայնը միջազգային հարթակներում, մեծացնել կարգավորման գործընթացում Արցախի իշխանությունների ներգրավվածությունը և դրանով իսկ բարձրացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի արդյունավետությունը՝ ի նպաստ տարածաշրջանային խաղաղության ու կայունության: Ձեր պաշտոնավարման այս նոր փուլում մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ միջազգային ասպարեզում Արցախը ներկայացնելու կարևոր առաքելության մեջ»:
16:47 - 02 հունիսի, 2020
Հայաստանի առաջին հանրապետության հռչակումը հայ ժողովրդի միասնականության և հայրենիքի նկատմամբ անմնացորդ նվիրումի արդյունքն է․ ԱՀ ԱԳՆ

Հայաստանի առաջին հանրապետության հռչակումը հայ ժողովրդի միասնականության և հայրենիքի նկատմամբ անմնացորդ նվիրումի արդյունքն է․ ԱՀ ԱԳՆ

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Շնորհավոր բոլորիս՝ Արցախում, Մայր Հայաստանում և Սփյուռքում բնակվող մեր բոլոր հայրենակիցներին Հայաստանի Հանրապետության տոնի կապակցությամբ։ Այսօր հայոց պատմության ամենավառ օրերից մեկն է. լրանում է հայկական պետականության վերականգնման 102-րդ ամյակը:Հայաստանի առաջին հանրապետության հռչակմանը նախորդել էին հերոսական ճակատամարտեր Սարդարապատում, Բաշ-Ապարանում, Ղարաքիլիսայում։ Թուրքական բանակի դեմ տարած մայիսյան հաղթանակների շնորհիվ կանխվեց հայերի դեմ ցեղասպանության կրկնության վտանգը։ Մեր նախնիները միասնական ջանքերով պաշտպանեցին հայրենիքում ապրելու և արարելու իրենց իրավունքը՝ կերտելով անկախ պետականություն:Առաջին հանրապետությունը ստեղծվեց պատմական բարդ պայմաններում և գոյատևեց կարճ ժամանակաշրջան, սակայն վճռական նշանակություն ունեցավ հայկական ինքնության պահպանման հարատևման գործում։Հայաստանի առաջին հանրապետության հռչակումը հայ ժողովրդի միասնականության և հայրենիքի նկատմամբ անմնացորդ նվիրումի արդյունքն է, որի պատգամը առաջնորդեց հետագա սերունդներին՝ կերտելու նոր հաղթանակներ, ամրապնդելու և հզորացնելու Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնությունը»։
13:33 - 28 մայիսի, 2020
ՄԻԵԴ-ի որոշումը պետք է հիմք դառնա միջազգային հանրության աջակցությամբ գործնական քայլեր իրականացնելու համար. Արցախի ԱԳՆ

ՄԻԵԴ-ի որոշումը պետք է հիմք դառնա միջազգային հանրության աջակցությամբ գործնական քայլեր իրականացնելու համար. Արցախի ԱԳՆ

Ներկայացնում ենք Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մեկնաբանությունը ՄԻԵԴ-ի կողմից ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից 2004 թ. հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության, ինչպես նաև մարդասպանին արտահանձնելու և Ադրբեջանում նրան ներում շնորհելու և հերոսացնելու վերաբերյալ գործի մասին․ «2020 թ. մայիսի 26-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճիռ է կայացրել ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից 2004 թ. հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության, ինչպես նաև մարդասպանին արտահանձնելու և Ադրբեջանում նրան ներում շնորհելու և հերոսացնելու վերաբերյալ գործով։ Դատարանը վճռեց, որ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 14-րդ (խտրականության բացառում) հոդվածները։ Հատկանշական է, որ գործը քննելու ժամանակ դատարանը նշել է, որ Ադրբեջանի գործողությունները՝ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը՝ Ադրբեջան ժամանելուն պես, հունգարական բանտում անցկացրած ժամանակահատվածի համար աշխատավարձի փոխհատուցումը, բնակարանի տրամադրումը և ծառայության մեջ առաջխաղացումը ցույց են տալիս, որ Ադրբեջանը ճանաչում և ընդունում է Ռամիլ Սաֆավորվի հանցանքները որպես իր սեփականը։ Դատարանը նաև ընդգծել է, որ այս միջոցներից յուրաքանչյուրը՝ առանձին և ամբողջությամբ, հանդիսանում են պետության տարբեր կառույցների և բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Ռամիլ Սաֆարովի գործողությունների քաջալերում և խրախուսում, և որ քաջալերումը ու խրախուսումը ուժեղ արձագանք են ստացել, ընդհանուր առմամբ, ադրբեջանական հասարակության զգացմունքների մեջ։ Ինչպես բազմիցս ենք հայտարարել, ներում շնորհելը, հերոսացումը և որպես նմանակման օրինակ՝ մարդասպանի համազգային փառաբանումը ադրբեջանական իշխանությունների կողմից տարիներ շարունակ վարվող պետական քաղաքականության բաղկացուցիչ տարրերն են՝ ուղղված այդ երկրում հայատյացության արմատավորմանը և հայերի հանդեպ ատելության հենքի վրա հանցագործությունների խրախուսմանը։ Անհրաժեշտ ենք համարում ևս մեկ անգամ հիշեցնել, որ Ադրբեջանում հայերի հանդեպ ռասիզմի և այլատյացության դրսևորումների առկայությունը բազմաթիվ անգամ մատնանշվել են մի շարք միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի ռասսայական խտրականության վերացման հարցերով կոմիտեի, Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի եվրոպական հանձնաժողովի և «Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին» շրջանակային կոնվենցիայի Եվրոպայի խորհրդի Խորհրդատվական կոմիտեի փաստաթղթերում։ Ոչ միայն Ադրբեջանի իշխանությունների, այլև ադրբեջանական հասարակության մեծամասնության կողմից Ռամիլ Սաֆարովի կատարած զազրելի ոճրագործության խրախուսումը և քաջալերումը այդ երկրում հասարակական գիտակցության լուրջ վերափոխման մասին տագնապալի ազդանշան են: Ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով ՄԻԵԴ-ի որոշումը կարող է և պետք է հիմք դառնա միջազգային հանրության աջակցությամբ գործնական քայլեր իրականացնելու համար՝ արմատախիլ անելու այն բացասական երևույթները, որոնք առաջացել են հասարակության գիտակցության մեջ հայերի և ամեն հայկականի նկատմամբ «ատելության վիրուս» ներդնելու նպատակով Ադրբեջանի իշխանությունների բազմամյա պետական ​​քաղաքականության և պրակտիկայի հետևանքով»:
19:52 - 27 մայիսի, 2020
ԱՀ ԱԳՆ-ի հայտարարությունը՝ Գերմանիայում Արցախի ժողովրդի օրինական շահերը պաշտպանող կազմակերպության վերաբերյալ

ԱՀ ԱԳՆ-ի հայտարարությունը՝ Գերմանիայում Արցախի ժողովրդի օրինական շահերը պաշտպանող կազմակերպության վերաբերյալ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև։ «Արցախի ժողովրդի օրինական շահերը Գերմանիայում պաշտպանում է մի կազմակերպություն, որը գրանցվել և իր գործունությունն իրականացնում է նստավայր երկրի օրենսդրությանը լրիվ համապատասխանությամբ: Կազմակերպության նպատակների թվում հարկ է նշել Գերմանիայի հասարակության իրազեկումն Արցախի մասին, ինչպես նաև երկու երկրների ժողովուրդների միջև տարբեր ոլորտներում համագործակցության հաստատումը: Գերմանիայում Արցախի ժողովրդի շահերի պաշտպանությանն ուղղված գործունեությունը թափանցիկ և օրինական բնույթ է կրում ու կլինի շարունակական: Համոզված ենք, որ մարդու իրավունքների համընդհանրության և արդարության սկզբունքների վրա հիմնված միջազգային համագործակցությունը խաղաղության ու անվտանգության պահպանման, ժողովրդավարության և մարդու իրավունքների առաջմղման՝ ինչպես նաև աշխարհում և, մասնավորապես՝ Եվրոպայում տնտեսական բարգավաճման համար պայմաններ ստեղծելու կարևոր տարր է հանդիսանում: Հետևողական ջանքեր կգործադրվեն Արցախի համագործակցության աշխարհագրության ընդլայնման և տարբեր պետություններում Արցախի ժողովրդի շահերի ներկայացմանն ուղղված գործունեության արդյունավետության հետագա բարձրացման համար՝ հաշվի առնելով նստավայր երկրի օրենսդրության առանձնահատկությունները»:
20:43 - 23 մայիսի, 2020
Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Մասիս Մայիլյանի հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Մասիս Մայիլյանի հետ

Մայիսի 22-ին աշխատանքային այցով Արցախում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Արցախի ԱԳ նախարար  Մասիս Մայիլյանի հետ: Զրուցակիցները հանգամանալից անդրադարձան ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին և տարածաշրջանային վերջին զարգացումներին: Նախարար Մնացականյանը ներկայացրեց ԵԱՀԿ Մինսկի համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ այս շրջանում տեղի ունեցած շփումների, ներառյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մայիսի 19-ին կայացած տեսակոնֆերանսի մանրամասները։ Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ իրականացվող միջազգային ջանքերի շուրջ: Զոհրաբ Մնացականյանը և Մասիս Մայիլյանը գոհունակություն հայտնեցին արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տարբեր ուղղություններով կանոնավոր խորհրդակցությունների անցկացման առնչությամբ՝ ընդգծելով արտաքին մարտարհրավերները հասցեագրելու հարցում աշխատանքների համակարգման կարևորությունը: Հայաստանի և Արցախի ԱԳՆ ղեկավարները պատրաստակամություն հայտնեցին գործնական քայլեր ձեռնարկել բազմաշերտ համագործակցության շարունակական խորացման և դրական դինամիկայի պահպանման ուղղությամբ:
15:43 - 22 մայիսի, 2020
Կարգավորման հաջողությունը կախված է երկու առանցքային պայմաններից. ԱՀ ԱԳՆ- ն՝ հրադադարի 26-ամյակին

Կարգավորման հաջողությունը կախված է երկու առանցքային պայմաններից. ԱՀ ԱԳՆ- ն՝ հրադադարի 26-ամյակին

 Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մեկնաբանություն Է տարածել Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու 26-ամյակի կապակցությամբ՝ նշելով, թե համաձայնագիրը ցույց է տալիս, որ հակամարտության կարգավորման գործընթացի հաջողությունը կախված է երկու  առանցքային պայմաններից՝ հակամարտությունը ուժի միջոցով լուծելու հնարավորության վերաբերյալ ցանկացած պատրանքի բացառում և լիարժեք եռակողմ բանակցությունների կազմակերպում, որտեղ հակամարտության յուրաքանչյուր կողմ բանակցություններ է վարում իր անունից և իր իրավասության ներքո գտնվող հարցերի շուրջ։ Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գերատեսչության մեկնաբանության մեջ նշված է. «1994 թ. մայիսի 12-ին ուժի մեջ է մտել Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին եռակողմ համաձայնագիրը, որը ստորագրվել է Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի կողմից՝ Ռուսաստանի միջնորդությամբ:Հրադադարի մասին համաձայնագիրը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում միակ շոշափելի ձեռքբերումն է, որը հակամարտության հիմնական կողմերից մեկի՝ Արցախի Հանրապետության ուղղակի և լիիրավ մասնակցությամբ լիարժեք եռակողմ բանակցությունների  արդյունքն էր: Անժամկետ հրադադարին հասնելու ուղին հեշտ չէր։ Պատերազմին վերջ դնելու նախորդ փորձերը ձախողվում էին Ադրբեջանի դիրքորոշման պատճառով, որը, վստահ լինելով իր ռազմատեխնիկական գերազանցության մեջ, հույս ուներ հակամարտությունը լուծել ուժային եղանակով: Դիվանագիտական հաջողությունը հնարավոր դարձավ միայն այն բանից հետո, երբ Արցախի պաշտպանության բանակը ետ մղեց Ադրբեջանի զինված ագրեսիան և ապահովեց հանրապետության անվտանգ սահմանները՝ դրանով իսկ լրջորեն խաթարելով հակամարտությունը ռազմական ուժի միջոցով լուծելուն ուղղված Բաքվի ներուժը։Անժամկետ հրադադարի հաստատման մասին համաձայնագրին հասնելու ճանապարհին մեկ այլ խոչընդոտ էր Արցախի Հանրապետության հետ ուղղակի բանակցություններ վարելու Ադրբեջանի դժկամությունը: Սակայն իր ռազմական ներուժի զգալի թուլացումից հետո Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն դադարել են խոչընդոտել բանակցային գործընթացում պաշտոնական Ստեփանակերտի լիարժեք ներգրավվածությանը, այլև հենց իրենք են բազմիցս անմիջական շփումներ նախաձեռնել Արցախի իշխանությունների հետ, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով: Ուղղակի բանակցություններ վարելու համար հիմնական խոչընդոտի վերացումը թույլ է տվել կենտրոնանալ էական հարցերի վրա, ինչը հիմք է դրել հետագա դիվանագիտական հաջողությանը՝ կրակի և ռազմական գործողությունների դադարեցման անժամկետ ռեժիմի հաստատմանը։Դժվար է գերագնահատել 1994 թ. մայիսի 12-ի համաձայնագրի կարևորությունը, որը հնարավորություն է տվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տեղափոխել քաղաքական-դիվանագիտական հուն և պայմաններ ստեղծել, որպեսզի կողմերը միջազգային միջնորդների աջակցությամբ կարողանան իրենց ջանքերն անմիջականորեն կենտրոնացնել բանակցությունների միջոցով հակամարտության վերջնական կարգավորման ուղիներ փնտրելու վրա։Ցավոք, հետագա տարիներին չհաջողվեց զարգացնել այս նվաճումը, ինչը պայմանավորված էր նրանով, որ Ադրբեջանը վերադարձավ առճակատման, սպառնալիքների և  Արցախի ուղղակի մասնակցությամբ բանակցություններից հրաժարվելու իր նախկին քաղաքականությանը։1994 թ. մայիսի 12-ի համաձայնագիրը ցույց է տալիս, որ հակամարտության կարգավորման գործընթացի հաջողությունը կախված է երկու  առանցքային պայմաններից՝ հակամարտությունը ուժի միջոցով լուծելու հնարավորության վերաբերյալ ցանկացած պատրանքի բացառում և լիարժեք եռակողմ բանակցությունների կազմակերպում, որտեղ հակամարտության յուրաքանչյուր կողմ բանակցություններ է վարում իր անունից և իր իրավասության ներքո գտնվող հարցերի շուրջ։Արցախի Հանրապետությունը վերահաստատում է իր հավատարմությունը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը և հետևողականորեն ջանքեր է գործադրում հրադադարի ռեժիմի լիարժեք պահպանման համար՝ պատրաստ լինելով կանխել Ադրբեջանի կողմից հերթական ագրեսիայի սանձազերծման ցանկացած փորձ»։
18:56 - 12 մայիսի, 2020
Շուշիի ազատագրումը թույլ է տվել Արցախի բնակչությանը փրկել անխուսափելի ֆիզիկական ոչնչացումից. Արցախի ԱԳՆ

Շուշիի ազատագրումը թույլ է տվել Արցախի բնակչությանը փրկել անխուսափելի ֆիզիկական ոչնչացումից. Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանություն է տարածել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի, Շուշիի ազատագրման 28-ամյակի և Բանակի օրվա կապակցությամբ: «Մայիսի 9-ը ամենանշանակալից ամսաթվերից մեկն է արցախցիների համար: Այսօր մենք անսահման երախտագիտությամբ գլուխ ենք խոնարհում բոլոր նրանց հիշատակի առաջ, ովքեր, Հայրենական մեծ պատերազմի տարիներին անցնելով անմարդկային փորձությունների միջով, անմահ սխրանք են գործել ֆաշիզմի դեմ պայքարում` հանուն խաղաղության և ապագա սերունդների ազատության: Հայրենական մեծ պատերազմի տարիներին Արցախի բնակչության մեկ երրորդը զորակոչվել է բանակ կամ ինքնակամ մեկնել ռազմաճակատ: Նրանց կեսն այդպես էլ չի վերադարձել: Մենք անհատուցելի պարտք ունենք բոլոր նրանց առջև, ովքեր իրենց զոհաբերելով, ավելի են մոտեցրել հաղթանակն ու բաղձալի խաղաղությունը: Նրանց սխրանքն ու անձնուրաց ջանքերը, քաջությունն ու տոկունությունը մեզ համար հայրենիքին ծառայելու լավագույն օրինակ են։ Տասնամյակներ անց Արցախի ժողովուրդը կրկին ստիպված եղավ անցնել դժվարագույն փորձությունների միջով՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված տոտալ բնաջնջողական պատերազմի ընթացքում: Արցախի ժողովրդի ինքնակազմակերպման շնորհիվ, որը ստեղծեց կենսունակ պետություն՝ բոլոր անհրաժեշտ ինստիտուտներով՝ ներառյալ մարտունակ բանակը, ինչպես նաև ողջ աշխարհի հայերի աջակցությամբ հնարավոր եղավ ետ մղել Ադրբեջանի զինված ագրեսիան: 1992 թ. մայիսի 9-ը ևս մեկ փառահեղ էջ դարձավ Արցախի պատմության մեջ: Այդ օրը Շուշին ազատագրվեց ադրբեջանական զինված կազմավորումներից: Հայկական մշակույթի կենտրոններից մեկը հանդիսացող քաղաքն Ադրբեջանը վերածել էր ռազմական հենադաշտի, իսկ քաղաքի եկեղեցիները՝ զինամթերքի պահեստների: Շուշիից և ադրբեջանական այլ կրակակետերից մշտական հրետակոծությունները հանգեցնում էին բազմաթիվ զոհերի հայ խաղաղ բնակչության շրջանում: Հատկապես ծանր պայմաններում էր հայտնվել Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը, որտեղ մինչ այդ կենտրոնացած էր մինչև 70 հազար մարդ: Ինտենսիվ գնդակոծության արդյունքում ոչնչացվել էին բնակչության կենսագործունեության օբյեկտները: Շրջափակման մեջ գտնվող Արցախի քաղաքացիներին, ովքեր բազմաթիվ ամիսներ շարունակ պաշարման մեջ էին գտնվում, ամսական տրվում էր ընդամենը մինչև 400 գրամ ալյուր: 1991-1992 թթ. խստաշունչ ձմռանը Ստեփանակերտի բնակիչները ստիպված էին թաքնվել նկուղներում՝ առանց էլեկտրականության, ջրի, ջեռուցման և նվազագույն կենսապայմանների։ Նորածինների և տարեցների շրջանում գրանցվել են ցրտահարության և հիպոթերմիայից ու սովից մահվան բազմաթիվ դեպքեր։ Շուշիի ազատագրումը ոչ միայն կարևոր հոգեբանական նշանակություն է ունեցել, այլ նաև՝ ռազմական և ռազմավարական, քանի որ թույլ է տվել դադարեցնել Ստեփանակերտի մշտական հրետակոծությունները, կանխել վերահաս մարդասիրական աղետը և Արցախի բնակչությանը փրկել անխուսափելի ֆիզիկական ոչնչացումից: Շուշիի ազատագրմանը հաջորդել է Արցախը Հայաստանին կապող «Կյանքի ճանապարհի» բացումը: Այսօր մենք խոնարհվում ենք նահատակված մարտիկների լուսավոր հիշատակի առաջ, ովքեր իրենց կյանքի գնով կատարել են այս սխրանքը և, առանց որևէ չափազանցության, փոխել պատմության ընթացքը: Խորապես խորհրդանշական է, որ Շուշիի ազատագրման օրը նշվում է արցախցիների անվտանգության և խաղաղ զարգացման գրավականը հանդիսացող Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի օրվա հետ մեկտեղ: Մարտունակ բանակի ստեղծումը Արցախի անկախ պետականության կերտման գործընթացում ամենալուրջ նվաճումն է։ Պատերազմի թեժ շրջանում ստեղծված պաշտպանության բանակի շնորհիվ հնարավոր դարձավ պաշտպանել Արցախի ժողովրդի կյանքի, ազատության և արժանապատվության իրավունքը: Շուշիի ազատագրումը դարձել է դարակազմիկ իրադարձություն, որը օրինական հպարտության զգացում է առաջացնում ողջ հայ ժողովրդի մոտ. այն որպես հիշեցում և նախազգուշացում է ծառայում նրանց համար, ովքեր սպառնում են նոր պատերազմ սկսել՝ նպատակ ունենալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը լուծել ուժային ճանապարհով: Շուշիի ազատագրումը նաև նախադրյալներ է ստեղծել Արցախի պատմական մայրաքաղաքի հարուստ մշակութային ժառանգության վերածննդի գործընթացը սկսելու համար, որը ադրբեջանական իշխանությունները հետևողականերոն ոչնչացրել են 1920 թվականից ի վեր` փորձելով մեկընդմիշտ ջնջել քաղաքի հայկական ծագման հետքերը»,- ասված է մեկնաբանության մեջ:
17:57 - 09 մայիսի, 2020
ՄԱԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ հուշագիրը

ՄԱԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության ԱԳՆ հուշագիրը

Միավորված ազգերի կազմակերպությունում որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հուշագիրը ՝ հասցեագրված կազմակերպության Գլխավոր քարտուղարին՝ 1992 թ. փետրվարին ադրբեջանական զինված կազմավորումներից Խոջալուի ազատագրման ժամանակ տեղի ունեցած իրադարձությունները կեղծելու Ադրբեջանի չդադարող փորձերի կապակցությամբ: Փաստաթղթում փաստարկներ են բերվում առ այն, որ Արցախի Հանրապետության ինքնապաշտպանական ուժերի գործողությունները՝ ուղղված Խոջալուում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի հրետանու կրակային դիրքերի չեզոքացմանը, ինչպես նաև Ստեփանակերտի օդանավակայանի ապաշրջափակմանը, պայմանավորված էին բացառապես ռազմական անհրաժեշտությամբ և համապատասխանում էին միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին և սկզբունքներին: Հակառակը՝ ադրբեջանական կողմը վերը նշված իրադարձությունների ընթացքում կատարել է միջազգային մարդասիրական իրավունքի մի շարք նորմերի կոպիտ խախտումներ: Մասնավորապես, ռազմավարական դիրքերի պահպանման նպատակով Ադրբեջանի իշխանությունները որոշում էին ընդունել չտարհանել քաղաքացիական բնակչությանը: Ադրբեջանական զինծառայողների կողմից պատսպարվելու նպատակով խաղաղ բնակչությանը որպես կենդանի վահան օգտագործելը ոչ միայն միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է, այլև Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի 8-րդ հոդվածի 2-րդ մասի /բ/ կետի /xxiii/ ենթակետի համաձայն՝ հավասարազոր է ռազմական հանցագործության: Հետևյալ հանգամանքների ողբերգական զուգադիպումը, մասնավորապես՝ Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի միտումնավոր խախտումը, Ադրբեջանի ներսում իշխանության համար պայքարը և դրանով պայմանավորված՝ ադրբեջանական զինված ուժերում հրամանատարության միասնականության բացակայությունը հանգեցրին նրան, որ եղան մարդկային զոհեր` չնայած Արցախի ինքնապաշտպանական ուժերի կողմից իրականացված պաշտպանական բոլոր միջոցառումներին, ներառյալ՝ գործողության մասին վաղօրոք նախազգուշացումը և մարդասիրական միջանցքի ստեղծումը: Ադրբեջանը շարունակում է կեղծարարության և ապատեղեկատվության քաղաքականություն իրականացնել՝ ադրբեջանական զինված կազմավորումներից Խոջալուի ազատագրման ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ կեղծ պնդումներ տարածելով՝ ադրբեջանական հանրության շրջանում հակահայկական հիստերիայի և հայերի հանդեպ ատելության արմատավորման նպատակով:
17:33 - 06 մայիսի, 2020
Արցախի ԱԳՆ-ն «Օղակ» գործողության 29-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել

Արցախի ԱԳՆ-ն «Օղակ» գործողության 29-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Արցախի սահմանամերձ գյուղերի հայ ազգաբնակչության դեմ իրականացված «Օղակ» գործողության 29-րդ տարելիցի կապակցությամբ։ Ներկայացնում ենք ԱՀ ԱԳՆ հայտարարությունը․ «29 տարի առաջ ԽՍՀՄ և Ադրբեջանի կենտրոնական ղեկավարության անմիջական կազմակերպմամբ և համակարգմամբ իրականացվեց Արցախի սահմանամերձ գյուղերի  հայ ազգաբնակչության տեղահանման լայնամասշտաբ «Օղակ» գործողությունը։ Այս արյունալի գործողությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը վերջնականապես տեղափոխեց ռազմական հարթություն՝ մեկնարկ տալով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ հետագա լայնածավալ ագրեսիային։«Օղակ» գործողությունը սկսվեց 1991 թ. ապրիլի 30-ին` Արցախի Շահումյանի շրջանի Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի թիրախավորված գնդակոծությամբ, որի ժամանակ խաղաղ բնակչության դեմ առաջին անգամ կիրառվեցին տանկեր, մարտական ուղղաթիռներ, հրետանի: Ադրբեջանի ՆԳՆ Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատները (ОМОН)՝ ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի ստորաբաժանումների և խորհրդային բանակի աջակցությամբ, ներխուժում էին հայկական գյուղեր՝ պաշտոնապես իբրև թե «անձնագրային ռեժիմի ստուգման» համար, իսկ իրականում սպանությունների, թալանի, հայկական ազգաբնակչության նկատմամաբ ահաբեկչությունների և դրան հետևած տեղահանությունների նպատակով։Ռազմաոստիկանական գործողությունների արդյունքում ավերվեցին Հյուսիսային Արցախի, ինչպես նաև Շահումյանի, Հադրութի և Շուշիի շրջանների տասնյակ հայկական գյուղեր, տեղահանվեց շուրջ տաս հազար մարդ, ավելի քան 100-ը սպանվեց, մի քանի հարյուր մարդ պատանդ վերցվեց։ Նրանցից շատերի ճակատագիրը մինչ օրս մնում է անհայտ:Ադրբեջանի իշխանությունները «Օղակ» գործողությունը դիտարկում էին որպես ողջ Արցախի  հայաթափման սկիզբ, որը դարձավ հերթական դրսևորումը 1988-1991 թթ. Սումգայիթում, Բաքվում և Ադրբեջանի ԽՍՀ այլ բնակավայրերում, ինչպես նաև Հյուսիսային Արցախի գյուղերում Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ իրագործված էթնիկ զտման քաղաքականության։Արցախահայության՝ իր ինքնորոշման անբեկանելի իրավունքի իրացման պահանջներին ի պատասխան Ադրբեջանի իշխանությունների իրականացրած հայկական ջարդերը, և հետագայում՝ 1991 թ. Արցախի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիայի սանձազերծումը, որը կրկնվեց 2016 թ. ապրիլին, ապացուցեցին, որ միայն անկախ պետականության կերտման և շարունակական ամրապնդման ճանապարհով է հնարավոր երաշխավորել իր հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու Արցախի ժողովրդի իրավունքը։ Միջազգային հանրության կողմից այս իրողության ըմբռնումն ու Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը լրացուցիչ զսպման գործոն կդառնան նոր պատերազմ սանձազերծելու Ադրբեջանի նկրտումների դեմ և խաղաղություն ու անվտանգություն կապահովեն ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանում»։
18:15 - 30 ապրիլի, 2020
Օսմանյան կայսրության իրավահաջորդի՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը ոճրագործության ուղղակի շարունակությունն է․ Արցախի ԱԳՆ

Օսմանյան կայսրության իրավահաջորդի՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը ոճրագործության ուղղակի շարունակությունն է․ Արցախի ԱԳՆ

Արցախի Արտաքին գործերի նախարարության ուղերձը Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ․ «Այսօր ապրիլի 24-ն է. լրանում է Օսմանյան Թուրքիայի կողմից ծրագրված և իրականացված Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը:Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունը հայ ժողովրդին զրկեց իր պատմական հայրենիքից, այդ աննախադեպ հանցագործության հետևանքով միլիոնավոր հայեր ստիպված եղան բռնագաղթել և հաստատվել աշխարհի տարբեր անկյուններում. սկիզբ դրվեց Արևմտյան Հայաստանի հայկական մշակութային ժառանգության կազմակերպված զանգվածային ոչնչացմանը:Օսմանյան կայսրության իրավահաջորդի՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը ոճրագործության ուղղակի շարունակությունն է: Մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման համատեքստում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը կարևորագույն նշանակություն ունի:Այսօր համայն հայությունը՝ Մայր Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ոգեկոչում է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը: Համոզված ենք, որ միայն հայկական երկու հանրապետությունների և Հայրենիք-Սփյուռք միասնության շարունակական հզորացման և ամրապնդման միջոցով է հնարավոր հաղթահարել Հայոց Ցեղասպանության անամոքելի վիշտը և երաշխավորել իրենց հայրենիքում անվտանգ ապրելու և արարելու մեր հայրենակիցների անբեկանելի իրավունքը»։
12:22 - 24 ապրիլի, 2020
Կիսում ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեսակետը, որ  կորոնավիրուսի դեմ պայքարում միջազգային հանրության կոլեկտիվ ջանքերի կենտրոնում պետք է լինի յուրաքանչյուր մարդու կյանքը․ ԱՀ ԱԳՆ

Կիսում ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեսակետը, որ կորոնավիրուսի դեմ պայքարում միջազգային հանրության կոլեկտիվ ջանքերի կենտրոնում պետք է լինի յուրաքանչյուր մարդու կյանքը․ ԱՀ ԱԳՆ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝ աշխարհի բոլոր անկյուններում անհապաղ և համընդհանուր հրադադարի կոչը՝ հնարավորություն տալու մարդկությանը համախմբվել ընդհանուր թշնամու՝ նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) համավարակի դեմ պայքարում, կարևոր, անհրաժեշտ և պատեհաժամ նախաձեռնություն է: Այս կոչի բարեխիղճ կատարումը կարևոր ներդրում կդառնա միջազգային հանրության կոլեկտիվ ջանքերում՝ ուղղված համայն մարդկության համար այդ նոր սպառնալիքին արդյունավետ դիմակայելուն: Համոզված ենք, որ այս ճգնաժամային ժամանակահատվածում նեղ քաղաքական նպատակների հասնելու համար համավարակի պատճառով ստեղծված իրավիճակից օգտվելու ցանկացած փորձ սպառնալիք է ներկայացնում ամբողջ միջազգային հանրության համար և արժանի է ամենախիստ դատապարտության: Եվ հակառակը՝ համայն մարդկության համախմբվածությունը ընդհանուր և անողոք թշնամու առջև թույլ կտա ոչ միայն հաղթանակած դուրս գալ այս պայքարից, այլ նաև կամրապնդի համագործակցության ոգին, ինչը կարող է աշխարհն ավելի անվտանգ և բարգավաճ դարձնել: Արցախի Հանրապետությունը անհապաղ արձագանքել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախաձեռնությանը և արդեն մարտի 24-ին՝ վերահաստատել իր հանձնառությունը՝ խստորեն պահպանելու հրադադարի ռեժիմը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում: Մենք կիսում ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեսակետը, որ նոր տիպի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում միջազգային հանրության կոլեկտիվ ջանքերի կենտրոնում պետք է լինի յուրաքանչյուր մարդու կյանքը: Միայն առաջնորդվելով «ոչ ոք մոռացված չէ» սկզբունքով՝ մարդկությունը կկարողանա արժանապատվությամբ դիմանալ այդ փորձությանը: Արցախի Հանրապետության համար, որն արդեն ավելի քան երեք տասնամյակ հակամարտության մեջ է գտնվում Ադրբեջանի հետ, նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարն առանձնակի սրություն է ստանում՝ հաշվի առնելով այն փաստը, որ հակամարտության պատճառով Արցախի ժողովուրդը զրկված է միջազգային կառույցների աջակցությունից: Այս կապակցությամբ հուսով ենք, որ մասնագիտացված միջազգային կազմակերպությունները, մասնավորապես՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, կորոնավիրուսի հետ պայքարում կաջակցեն Արցախին, ինչը ներդրում կդառնա այդ համաշխարհային մարտահրավերի հաղթահարմանն ուղղված ընդհանուր ջանքերում:
16:56 - 16 ապրիլի, 2020
Բաքուն նման սադրանքներով բացահայտ արհամարհանք է ցուցաբերում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին. ԼՂ ԱԳՆ

Բաքուն նման սադրանքներով բացահայտ արհամարհանք է ցուցաբերում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին. ԼՂ ԱԳՆ

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը հայտնում է, որ ապրիլի 5-ին ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտել է Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հրադադարի ռեժիմը, որի արդյունքում Արցախի պաշտպանության բանակի զինծառայող է վիրավորվել։«Ադրբեջանի իշխանությունները նման սադրանքներով բացահայտ արհամարհանք են ցուցաբերում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝ ամբողջ աշխարհում հրադադարի ապահովման կոչին՝ ողջ մարդկության ջանքերն ուղղելու գլոբալ մարտահրավերի՝ կորոնավիրուսի հաղթահարմանը, ինչպես նաև անտեսում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հակամարտության կողմերին ուղղված կոչերը՝ խստորեն պահպանելու հրադադարի ռեժիմը և զերծ մնալու ցանկացած սադրիչ գործողություններից, որոնք կարող են այս բարդ ժամանակաշրջանում բարձրացնել լարվածության մակարդակը», - ասված է հաղորդագրությունում։Հայտարարությունում նշված է, որ Բաքվի ապակառուցողական վարքագիծը դարձավ ադրբեջանական իշխանությունների սնպատադխանատու և ագրեսիվ քաղաքականության հերթական դրսևորումը և միջազգային հանրության կողմից պետք է արժանանա ամենախիստ գնահատականի և դատապարտման: «Վերահաստատելով իր հանձնառությունը՝ հարգելու հրադադարի և դրա ամրապնդման մասին համաձայնագրերը, ինչպես նաև Գլխավոր քարտուղարի՝ ողջ աշխարհում ռազմական գործողությունները դադարեցնելու կոչին՝ Արցախի Հանրապետությունը համառորեն կոչ է անում Ադրբեջանին իրականացնել ստանձնած պարտավորությունները և հրաժարվել սադրիչ գործողություններից: Միևնույն ժամանակ, Արցախի Հանրապետությունը պատրաստ է ձեռնարկելու ինքնապաշտպանության անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ միջազգային իրավունքի նորմերի և, մասնավորապես՝ ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների համաձայն», - նշված է ԼՂ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում:
19:19 - 06 ապրիլի, 2020
Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան ամրապնդել է պետականությունը զարգացնելու Արցախի վճռականությունը. ԱՀ ԱԳՆ

Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան ամրապնդել է պետականությունը զարգացնելու Արցախի վճռականությունը. ԱՀ ԱԳՆ

Ադրբեջանի կողմից 2016-ի ապրիլին Արցախի նկատմամբ իրականացված ագրեսիան միայն ամրապնդել է Արցախի Հանրապետության ժողովրդի և իշխանությունների վճռականությունը՝ շարունակելու պետականության հետագա ամրապնդման և զարգացման ընտրված ուղին, ինչն արցախցիների անվտանգ գոյության և խաղաղ զարգացման լավագույն երաշխիքն է: Այս մասին նշված է Արցախի Հանրապետության ԱԳՆ՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան ագրեսիայի 4-րդ տարելիցի կապակցությամբ տարածված հայտարարության մեջ։«Չորս տարի առաջ՝ 2016 թ. ապրիլի 2-ին, կոպտորեն խախտելով կրակի դադարեցման մասին համաձայնագիրը, ադրբեջանական զինված ուժերը հարձակվեցին Արցախի Հանրապետության վրա: Թիրախավորվեցին ոչ միայն Արցախի պաշտպանության բանակի առաջապահ դիրքերը, այլև քաղաքացիական բնակչությունը: Ռազմական գործողությունների ինտենսիվությունը և մասշտաբները, Ադրբեջանի կողմից ներգրավված ուժերի և ռազմական տեխնիկայի քանակը, ինչպես նաև հարձակմանը նախորդած ժամանակահատվածում լարվածության  բարձրացմանը և խաղաղ գործընթացի տապալմանն ուղղված ադրբեջանական կողմի նպատակային քայլերը  վկայում են, որ ապրիլի 2-ի ագրեսիան մանրամասն ծրագրված և նախապատրաստված ռազմական օպերացիա էր:Ադրբեջանի ագրեսիան ուղեկցվում էր միջազգային մարդասիրական իրավունքի և մարտական գործողությունների վարման կանոնների կոպտագույն խախտումներով: Այս հանցագործությունները մանրամասն փաստաթղթավորվել են Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից և երկու հատուկ զեկույցներով ներկայացվել միջազգային հանրությանը:2016 թ. ապրիլյան ագրեսիան Ադրբեջանի հերթական փորձն էր՝ ուժի միջոցով լուծելու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը: Միայն Արցախի Պաշտպանության բանակի վճռական գործողությունների, ինչպես նաև համայն հայության աջակցության շնորհիվ հնարավոր դարձավ խափանել Բաքվի պլանները և հարկադրել ադրբեջանական կողմին վերադառնալ կրակի դադարեցման ռեժիմի  պահպանմանը:Արցախի դեմ Ադրբեջանի հարձակումը մարտահրավեր դարձավ ոչ միայն մեր հանրապետության, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի համար։ Հատկանշական է, որ ապրիլյան ագրեսիայից քիչ առաջ՝ 2016 թ. մարտի 19-ին, Ադրբեջանի նախագահը ակնհայտ կերպով մեղադրել էր Մինսկի խմբի համանախագահներին այն բանում, որ նրանք «իրենց ապակառուցողական գործունեությամբ ծառայում են հակամարտության սառեցմանը» և այդ պատճառով ադրբեջանական ժողովրդի հավատը նրանց գործունեության նկատմամբ ամբողջությամբ խաթարված է:Ադրբեջանը միջազգային-իրավական պատասխանատվություն է կրում  ինչպես ապրիլյան ագրեսիայի սանձազերծման, այնպես էլ  Արցախի դեմ ռազմական գործողությունների ընթացքում իր զինծառայողների կողմից իրականացված հանցավոր գործողությունների համար: Այն փաստը, որ ռազմական հանցագործություններ իրականացրած ադրբեջանական զինծառայողները, պարգևատրվել են անձամբ Ադրբեջանի նախագահի կողմից, ևս մեկ հաստատում է, որ այս գործողությունները իրականացվել են ադրբեջանական իշխանությունների հրամանով կամ նրանց ղեկավարմամբ  և վերահսկմամբ: Հաշվի առնելով, որ այսօրինակ հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն, Արցախի Հանրապետությունը կշարունակի հետևողական ջանքեր գործադրել՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:Ապրիլյան ագրեսիան միայն ամրապնդել է Արցախի Հանրապետության ժողովրդի և իշխանությունների վճռականությունը՝ շարունակելու պետականության հետագա ամրապնդման և զարգացման ընտրված ուղին, ինչն արցախցիների անվտանգ գոյության և խաղաղ զարգացման լավագույն երաշխիքն է:Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում բոլոր նրանց հիշատակին, ովքեր զոհվել են՝ ետ մղելով 2016 թվականի ապրիլին ադրբեջանական ագրեսիան կամ դարձել են Բաքվի ռազմական արկածախնդրության անմեղ զոհը: Մենք նաև մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր այդ ողբերգական օրերին աջակցել են Արցախի ժողովրդին»,- ասվում է հայտարարության մեջ:
20:09 - 02 ապրիլի, 2020
Արցախի ջանքերը պետք է ստանան միջազգային հանրության աջակցությունը. ԱՀ ԱԳՆ

Արցախի ջանքերը պետք է ստանան միջազգային հանրության աջակցությունը. ԱՀ ԱԳՆ

 Արցախի Հանրապետության իշխանությունների և ժողովրդի հետևողական ջանքերը պետք է աջակցություն ստանան միջազգային հանրության կողմից, քանզի ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդումը համընդհանուր բնույթ է կրում և, հետևաբար, հանդիսանում է ողջ համաշխարհային հանրության կոլեկտիվ պատասխանատվությունը։ Այս ճանապարհին արհեստական խոչընդոտների ստեղծումը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հիմնարար միջազգային փաստաթղթերի դրույթների խախտում է։ Այս մասին նշված է Արցախում կայացած համապետական ընտրությունների վերաբերյալ հայտարարության մեջ։ «2020 թ. մարտի 31-ին, համաձայն 2017 թ. համաժողովրդական հանրաքվեով ընդունված Սահմանադրության,Արցախի Հանրապետությունում միաժամանակ կայացել են հերթական՝ վեցերորդ նախագահական և յոթերորդ խորհրդարանական ընտրությունները։  Հանրապետության իշխանությունների կողմից ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի կայանան մրցակցային, ազատ և միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրություններ: Արցախում կայանալիք ընտրություններն աննախադեպ ուշադրություն են գրավել. ավելի քան 140 միջազգային դիտորդ և շուրջ 40 օտարերկրյա լրագրող՝ 38 երկրներից, պատրաստակամություն են հայտնել մասնակցել ընտրություններին։ Ցավոք, նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածմամբ պայմանավորված տարբեր երկրների կողմից ձեռնարկվող կանխարգելիչ միջոցառումների, այդ թվում՝ ճամփորդության սահմանափակումների պատճառով հնարավոր չեղավ ապահովել միջազգային դիտորդների և օտարերկրյա լրագրողների մասնակցությունը։ Խորին երախտագիտություն ենք հայտնում բոլոր միջազգային դիտորդներին, ովքեր պատրաստակամություն են հայտնել՝ իրենց մասնակցությամբ սատարելու Արցախում այս կարևոր ժողովրդավարական գործընթացին։ Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ ընտրություններին դիտորդական առաքելությամբ մասնակցել են Արցախից և Հայաստանից ոչ կառավարական կազմակերպությունների շուրջ 950 ներկայացուցիչներ։  Ընտրություններն անցել են հանգիստ մթնոլորտում՝ ընտրողների ակտիվ մասնակցությամբ: Քվեարկությանը մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 72,2 տոկոսը: Ըստ Արցախի Հանրապետության ԿԸՀ նախնական տվյալների՝ Ազգային ժողով են անցել 5 քաղաքական ուժեր։ Հարկ է նշել, որ պատգամավորական մանդատների համար պայքարել են 10 քաղաքական կուսակցություն և 2 կուսակցությունների դաշինք: Քանի որ, որ նախագահի թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել ձայների ավելի քան 50%-ը, նշանակվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, որը տեղի կունենա օրենքով սահմանված ժամկետներում:Քաղաքական բազմակարծության և թափանցիկ պայմաններում կայացած ընտրությունները հերթական անգամ ի ցույց դրեցին Արցախի Հանրապետության իշխանությունների վճռականությունը՝ ժողովրդավարական սկզբունքների հիման վրա հանրային կյանքի արդյունավետ կազմակերպման, պետական ինստիտուտների հետևողական կատարելագործման և հանրային վերահսկողության արդյունավետ մեխանիզմների ապահովման հարցում։Համոզված ենք, որ ժողովրդավարական ավանդույթների ամրապնդումը և դրանց տարածումը ողջ Հարավային Կովկասում կարևոր ներդրում կդառնա տարածաշրջանում խաղաղության, կայունության և կանխատեսելիության ապահովման գործում, ինչպես նաև անհրաժեշտ պայմաններ կստեղծի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման համար՝ բացառապես խաղաղ միջոցներով:Արցախի Հանրապետության իշխանությունների և ժողովրդի հետևողական ջանքերը պետք է աջակցություն ստանան միջազգային հանրության կողմից, քանզի ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդումը համընդհանուր բնույթ է կրում և հետևաբար հանդիսանում է ողջ համաշխարհային հանրության կոլեկտիվ պատասխանատվությունը։ Այս ճանապարհին արհեստական խոչընդոտների ստեղծումը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հիմնարար միջազգային փաստաթղթերի դրույթների խախտում է»,- ասված է հայտարարության մեջ։
19:37 - 01 ապրիլի, 2020