Հունաստան

Տարածությունը՝ 131 957 կմ² Բնակչությունը՝ 10 772 967 Մայրաքաղաքը՝ Աթենք (հուն.՝ Αθήνα) Ազգային արժույթը՝ Եվրո (Euro), նախկինում՝ հունական դրամ Մեծ քաղաքներ՝ Աթենք, Սալոնիկ. Պատրա Ժամային գոտի՝ (UTC+2) ամռանը (UTC+3) Ազգային դոմեյնային զոնա՝ .gr Հեռախոսային կոդը՝+30։

Հունաստանի հայ համայնքը Ազգային ժողովին, ԵՄ-ին, Եվրոպայի խորհրդարանին և Աթենքում ՄԱԿ-ի գրասենյակին բանաձեւ է ներկայացրել |armtimes.com|

Հունաստանի հայ համայնքը Ազգային ժողովին, ԵՄ-ին, Եվրոպայի խորհրդարանին և Աթենքում ՄԱԿ-ի գրասենյակին բանաձեւ է ներկայացրել |armtimes.com|

armtimes.com: Հունաստանի հայ համայնքի կողմից Աթենքում հոկտեմբերի 21-ին եւ 22-ին կազմակերպված ցույցերի ավարտին մասնակիցները բանաձև են քվեարկել, որը ներկայացվելու է Հունաստանի Ազգային ժողովին, Եվրամիության, Եվրոպայի խորհրդարանին և Աթենքում ՄԱԿ-ի գրասենյակին: Բանաձևում նշված է. «Մենք, ովքեր չորեքշաբթի՝ 21 հոկտեմբերի 2020 թ., երեկոյան հավաքվել ենք Աթենքում՝ Իսրայելի դեսպանատան առջև - Մեր զորակցությունն ենք հայտնում Արցախի հերոս ժողովրդին և համոզված ենք, որ նրա ազատագրական պայքարը հասնելու է իր վախճանական նպատակին:  - Խոնարհվում ենք այն հերոս մարտիկների հիշատակի առջև, բոլոր նրանց՝ երիտասարդների, պատանիների, տղամարդկանց և կանանց հերոսության առջև, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին արդար պայքարում, ովքեր դեռ բարձր են պահում պայքարի դրոշը: - Երախտագիտություն ենք հայտնում հույն ժողովրդին՝ Արցախի պայքարին իր ցուցաբերած բազմազան աջակցության համար: - Պահանջում ենք միջազգային կազմակերպություններին անհապաղ միջամտել՝ արյունահեղությունը Արցախում դադարեցնելու համար: - Մենք պահանջում ենք ճանաչել Արցախի հայության ինքնորոշման իրավունքը և Արցախի անկախ հանրապետությունը»:
13:06 - 23 հոկտեմբերի, 2020
Հունաստանը կդիմի ռազմական ուժի ընդդեմ Թուրքիայի, եթե վերջինս չհեռանա հունական կղզիներից |amerikayidzayn.com|

Հունաստանը կդիմի ռազմական ուժի ընդդեմ Թուրքիայի, եթե վերջինս չհեռանա հունական կղզիներից |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: Հունաստանի ծովային ուժերը տագնապի նարնջագույն կոդ են արձակել, որով ուղերձ են հղել Էգեյան ծովում փոքր մի շարք կղզյակների մոտ կայանած ռազմանավերին եւ հրամայել պատրաստ վիճակում սպասել Թուրքիայի կողմից թշնամական հնարավոր գործողությունների: Հունաստանի զինված ուժերի պաշտոնատար անձինք տեղեկացրել են, որ հունական ռազմական նավերը շրջափակել են Կաստելորիզո կղզին ու նրան հարակից անմարդաբնակ մի շարք կղզիներ, պաշտպանելու համար հունական պատկանելության տակ գտնվող այս տարածքները: Թուրքիան այս ամսվա սկզբին նորից այստեղ ուղարկեց «Օրուչ Ռեիս» հետախուզական նավը, որն այստեղ առաջին անգամ այստեղ ուղարկվելուց հետո երկու երկրներին կանգնեցրել էր պատերազմի պռնկի առջեւ: ԱՄՆ-ի ու Եվրոպական միության պաշտոնատար անձինք այդ օրերից ի վեր փորձում են երկու կողմերին բերել բանակցությունների սեղանի շուրջ: Թուրքական հետախուզական նավը ներկա պահին գտնվում է Կաստելորիզո կղզուց միայն 14 կիլոմետր հեռավորության վրա: Մինչ այդ, թուրքական որեւէ նավ այսքան չէր մոտեցել հունական որեւէ կղզու: Նավը, որը ըստ թուրքական կողմի իրականացնում է հետազոտական աշխատանքներ, գործում է թուրքական ռազմանավերերի ու սուզանավերի վերահսկողության ներքո: Այստեղ է գտնվում հունական ավելի քան 60 նավ: Անկարան պնդում է, որ այս տարածքը գտնվում է իր կողմից գազի ու նավթի պաշարների հետազոտություններ անցկացնելու իրավասության շրջանակներում: Հունաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները նախազգուշացնում են, որ Հունաստանի ինքնիշխանության որեւէ ոտնահարում կարժանանա ռազմական ուժերի կողմից պատասխանի: ՆԱՏՕ-ի դաշնակիցներ Հունաստանի ու Թուրքիայի միջեւ արդեն երկար ժամանակ են շարունակվում ընդերքի բնական պաշարների ու ծովային տարածքների պատկանելության շուրջ տարաձայնությունները: Աթենքը ներկայումս փորձում է համոզել Եվրոպական միությանը, որ այն դադարեցնի զենքերի վաճառքը Թուրքիային: Այն պահանջում է նաեւ կիրառել պատժամիջոցներ ընդդեմ Անկարայի, ինչին դեմ են հանդես գալիս Գերմանիան ու մի քանի այլ երկրներ:
23:20 - 21 հոկտեմբերի, 2020
«Չի կարելի, որ խաղաղության կողմնակիցն ինքը զինի ագրեսորին». հույն վարչապետը ԵՄ բոլոր երկրներին խնդրել է զենք չվաճառել Թուրքիային |tert.am|

«Չի կարելի, որ խաղաղության կողմնակիցն ինքը զինի ագրեսորին». հույն վարչապետը ԵՄ բոլոր երկրներին խնդրել է զենք չվաճառել Թուրքիային |tert.am|

tert.am: Հունաստանը դիմել է ԵՄ այլ երկրներին՝ խնդրելով ռազմական նշանակության նյութեր, սարքավորումներ չվաճառել Թուրքիային։ Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունն, այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրակոս Միցոտակիսը չորեքշաբթի Նիկոսիայում կայացած եռակողմ հանդիպման ավարտին, որին մասնակցում էին նաև Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին: Վարչապետն իր ելույթի ընթացքում հիշեցրել է, որ Հունաստանը համապատասխան նամակներ է ուղղել Գերմանիայի, Իսպանիայի և Իտալիայի ԱԳՆ-ներին: Բացի այդ, Աթենքը դիմել է ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցով եվրահանձնակատար Օլիվեր Վարգեյիին՝ խնդրելով ամբողջովին կասեցնել ԵՄ մաքսային միության աշխատանքը Թուրքիայի հետ: Հաշվի առնելով Թուրքիայի ագրեսիվ պահվածքը՝ Հունաստանի իշխանությունները խնդրում են եվրոպական պետություններին այլև ռազմական սարքավորումներ չվաճառել Թուրքիային: «Չի կարելի, որ խաղաղության կողմնակիցն ինքը փամփուշտով զինի ագրեսորին»,- ասել է հույն վարչապետը:
18:43 - 21 հոկտեմբերի, 2020
ԵԽ պատգամավորը Եվրոպական խորհրդին առաջարկել է կիրառել զենքի էմբարգո Թուրքիայի նկատմամբ |armenpress.am|

ԵԽ պատգամավորը Եվրոպական խորհրդին առաջարկել է կիրառել զենքի էմբարգո Թուրքիայի նկատմամբ |armenpress.am|

armenpress.am: Եվրախորհրդարանի՝ Հունաստանը ներկայացնող պատգամավոր Էմանուիլ Ֆրանկոսը նամակով դիմել է Եվրոպական խորհրդին՝ առաջարկելով կիրառել զենքի էմբարգո Թուրքիայի նկատմամբ: Ինչպես վկայում է Ֆրանկոսի «Թվիթեր»-ի միկրոբլոգը, ԵԽ պատգամավորը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին հասցեագրված նամակում նշել է, որ Թուրքիան ավտորիտար, ֆաշիստական ռեժիմի պետություն է, որտեղ իշխանությունը կենտրոնացված է բացառապես նախագահ Էրդողանի ձեռքում: Թվարկելով Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունն աշխարհի տարբեր կետերում, այդ թվում՝ Կիպրոսում, Հունաստանում, Լիբիայում, Սիրիայում, ինչպես նաև հայերի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում Ադրբեջանին աջակցությունը և ջիհադիստ զինյալների տեղափոխումը հակամարտության գոտի՝ նշել է, որ այս գործողություներից որևէ մեկը համաձայնեցված չի եղել ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ: «Փաստը, որ Թուրքիան բավական երկար ժամանակ այլևս ժողովրդավար պետություն չէ, մեծապես հայտնի է և դրա ագրեսիան բազմիցս դատապարտվել է Եվրախորհրդարանի և Եվրոպական խորհրդի կողմից»,-նշել է պատգամավորը՝ ընդգծելով, որ Թուրքիայի գործողությունները ոտնահարում են ՄԱԿ-ի նկատմամբ դրա հիմնարար պարտավորությունները, հակասում են ՆԱՏՕ-ի գաղափարախոսությանը: Դաշինքի ոգուն ու սկզբունքներին դեմ է նաև Թուրքիայի վերջին ակտիվությունը՝ կապված S-400 հրթիռային համակարգերի գնման հետ:   «Անհրաժեշտ է ընդգծել, որ ՆԱՏՕ դաշինքի անդամ Կանադան կիրառել է ռազմական սարքավորումների մատակարարման էմբարգո Թուրքիայի նկատմամբ, բացի դրանից ԱՄՆ-ը ևս հետաձգել է ռազմական համակարգերի մատակարարումը Թուրքիա: Հաշվի առնելով, որ անդամ երկրները կարող են կանխել ռազմական տեխնոլոգիաների և սարքավորումների մատակարարումը, եթե դրանք պետք է օգտագործվեն ներքին ճնշումների և միջազգային ագրեսիայի նպատակով կամ նպաստեն տարածաշրջանային անկայունությանը՝ ե՞րբ պետք է խորհուրդը կիրառի զենքի էմբարգո Թուրքիայի նկատմամբ»,-նշել է ԵԽ պատգամավորն իր նամակում, իսկ սոցիալական ցանցում  նամակը տարածելիս կիրառել է «բոյկոտել Թուրքիային», «սանկցիա կիրառել Թուրքիայի նկատմամբ» հեշթեգեր:
18:03 - 18 հոկտեմբերի, 2020
Անկարան վրդովված է Հունաստանի ԱԳ նախարարի` Երևանում արված հայտարարություններից
 |azatutyun.am|

Անկարան վրդովված է Հունաստանի ԱԳ նախարարի` Երևանում արված հայտարարություններից |azatutyun.am|

azatutyun.am: Պաշտոնական Անկարան վրդովված է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի` Հայաստանում հնչեցրած հայտարարությունների առնչությամբ: Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյը հայտարարել է, թե «Հայաստան այցի ժամանակ Թուրքիայի հասցեին հույն նախարարի կիրառած հռետորաբանությունը ի ցույց է դնում, որ Հունաստանը Թուրքիայի հետ լավ հարևանության, երկխոսության և համագործակցության փոխարեն նախընտրում է լարվածության աճի մեծացման քաղաքականությունը»: Աքսոյն ընդգծել է. - «Թուրքիան տարածաշրջանային բոլոր խնդիրների լուծմանն է սատարում, իսկ Հունաստանն ինքն է խնդիրներ ստեղծում և աջակցում դրանք ստեղծողներին»: «Հունաստանի ԱԳ նախարարը պետք է տարբերակի, թե Լեռնային Ղարաբաղում և շրջակա յոթ շրջաններում ով է զավթիչ, իսկ ով` տուժած կողմը, և դատապարտի Հայաստանի կողմից այդ տարածքների 28 տարի շարունակվող բռնագրավումը»,- ասված է Թուրքիայի արտաքին գերատեսչության խոսնակի հայտարարության մեջ:
01:23 - 17 հոկտեմբերի, 2020
Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության դրսևորումները լուրջ սպառնալիք են թե՛ տարածաշրջանային և թե՛ գլոբալ առումներով․ Մնացականյանը՝ Հունաստանի ԱԳ նախարարին

Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության դրսևորումները լուրջ սպառնալիք են թե՛ տարածաշրջանային և թե՛ գլոբալ առումներով․ Մնացականյանը՝ Հունաստանի ԱԳ նախարարին

Հոկտեմբերի 16-ին ԱԳ նախարար Մնացականյանը հանդիպեց աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասին:  Ողջունելով գործընկերոջը և նրա գլխավորած պատվիրակությանը՝ նախարար Մնացականյանը, նշեց, որ Հունաստանի ԱԳ նախարարի այցն արտացոլում է երկու ժողովուրդների միջև դարավոր հարաբերությունների բարեկամական, եղբայրական բնույթն ու վերահաստատում փոխադարձ հանձնառությունը՝ առավել խորացնելու առկա փոխգործակցությունը՝ շփումների և ինստիտուցիոնալ կապերի ամրապնդման միջոցով: «Ձեր այցը տեղի է ունենում մեզ համար մարտահրավերներով լի մի շրջանում, երբ մեր հայրենակիցներն Արցախում առերեսվում են Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային, որն ուղեկցվում է երկու նոր գործոններով. Ադրբեջանին Թուրքիայի գործուն անվերապահ աջակցությամբ և վերջինիս կողմից տարածաշրջան զինյալ ահաբեկիչներ տեղափոխմամբ»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը:  Գործընկերները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հրատապ հարցերի շուրջ: Այս համատեքստում նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի դիրքորոշումը Միջերկրածովյան հիմնահարցի վերաբերյալ՝ իր աջակցությունը և համերաշխությունը հայտնելով Հունաստանին և Կիպրոսին: Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության դրսևորումները լուրջ սպառնալիք են թե՛ տարածաշրջանային և թե՛ գլոբալ առումներով և հող են նախապատրաստում անկայունության նոր օջախների ձևավորման համար:    Նախարար Մնացականյանը բարձր գնահատեց Հունաստանի կարևոր դերակատարությունը  Եվրամիության հետ Հայաստանի գործընկերության օրակարգում և աջակցությունը  ՆԱՏՕ-ի հետ համագործակցության շուրջ, հատկապես՝ խաղաղապահության ոլորտում:  Անդրադարձ կատարվեց նաև բազմակողմ հարթակներում երկու երկների միջև հաստատված համագործակցությանը: Երկուստեք վերահաստատվեց միջազգային հարթակներում փոխաջակցության առավել խորացման պատրաստակամությունը:  Հանդիպման ավարտին Հայաստանի և Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով:  Նույն օրն առավոտյան Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Սուրբ նահատակների հիշատակին:
21:23 - 16 հոկտեմբերի, 2020
Մեզ համար բարեկամությունն ու վստահությունը հատկապես այսօր մեծ նշանակություն ունեն. նախագահն ընդունել է Հունաստանի ԱԳ նախարարին

Մեզ համար բարեկամությունն ու վստահությունը հատկապես այսօր մեծ նշանակություն ունեն. նախագահն ընդունել է Հունաստանի ԱԳ նախարարին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասին և նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Բարձր ենք գնահատում Ձեր այցը ցանկացած ժամանակ, սակայն հատկապես այսօր, երբ մենք իսկապես դժվարին ժամանակներ ենք դիմագրավում, բարեկամությունն ու վստահությունը մեծ նշանակություն ունեն»: Հանրապետության նախագահն ասել է, որ բարեկամ Հունաստանի համար նույնպես ներկայումս բարդ ժամանակներն են, բարեբախտաբար, «այնտեղ չկան այն ծավալն ու բռնության աստիճանը, որ առկա են Հայաստանի և Արցախի պարագայում»: «Սակայն անկայունության և բռնության աղբյուրը նույնն է»,-ասել է Հայաստանի նախագահը: Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասն ասել է, որ երկու ժողովուրդների բարեկամությունը դարերի ընթացքում ամրացել է: «Դա արտահայտվել է ոչ միայն մեր հարաբերություններով, փոխընկալմամբ, այլ նաև մեր ընդհանուր ցավով,- նշել է Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: -Դուք անցել եք ցեղասպանության միջով, մենք ևս՝ Պոնտոսի հույները, անցել ենք ցեղասպանության միջով: Մենք միշտ հիշում ենք դա և չենք կարող թույլ տալ, որ այն մոռացվի: Զարգացման ընթացքում մեր երկրները ագրեսիայի զոհ են դարձել, դա միանշանակ է: Դուք այսօր դիմագրավում եք շատ ավելի դժվարին իրավիճակների: Դա ակնհայտ է: Իմ այցը Երևան դիտարկում եմ որպես մեր բարեկամության և աջակցության խորհրդանիշ՝ ուղղված Հայաստանին և հայ ժողովրդին»: Հանդիպմանն անդրադարձ է եղել Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիային և նրա կողմից Հայաստանի տարածքի նկատմամբ կատարված ոտնձգություններին, հրադադարի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությանը և այն պահպանելու կարևորությանը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից այն շարունակաբար խախտելուն: Քննարկվել են նաև երկու բարեկամ երկրների միջև համագործակցության հետագա խորացմանը վերաբերող հարցեր:
18:34 - 16 հոկտեմբերի, 2020
Վարչապետն ընդունել է Հունաստանի արտաքին գործերի նախարարին

Վարչապետն ընդունել է Հունաստանի արտաքին գործերի նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Հունաստանի ԱԳ նախարարի այցը, որը կարևոր աջակցություն է Հայաստանին և հայ ժողովրդին այս դժվարին ժամանակաշրջանում: «Մեր ժողովուրդներին միավորում են պատմական ջերմ հարաբերություններն ու ընդհանուր արժեքները: Հայաստանը կարևորում է Հունաստանի հետ կապերի շարունակական սերտացումը և զարգացումը, որի նշանակությունն ավելի է ընդգծվում ներկայիս տարածաշրջանային և աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հունաստանին և հույն ժողովրդին՝ Հայաստանին և հայ ժողովրդին աջակցելու համար», - ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն անդրադարձել է սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծված պատերազմին՝ խոսելով Թուրքիայի բացահայտ ներգրավվածության և տարածաշրջանն ապակայունացնող քայլերի մասին: Հունաստանի արտգործնախարարը Նիկոլ Փաշինյանին է փոխանցել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի ջերմ ողջույնները և աջակցության խոսքերը: Նիկոս Դենդիասը ասել է, որ երկու ժողովուրդներին և երկրներին կապում է դարավոր ամուր բարեկամությունը, և այս բարդ իրավիճակում Հունաստանը, հույն ժողովուրդը հայ ժողովրդի կողքին են: Նա նշել է, որ Հունաստանը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կողմնակից է, քանի որ բռնությունը հարցի լուծման ճանապարհ չէ: Նիկոս Դենդիասն ընդգծել է, որ Հունաստանը դատապարտում է ռազմական գործողությունները հրահրող արտաքին միջամտությունները և սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հրադադարը պահպանելու և բանակցային գործընթացը վերսկսելու կոչին: Վարչապետը և Հունաստանի արտգործնախարարն անդրադարձել են Թուրքիայի ապակայունացնող ծավալապաշտական քաղաքականությանը, որը դրսևորվում է տարբեր տարածաշրջաններում: Նիկոլ Փաշինյանը և Նիկոս Դենդիասն ընդգծել են նման քաղաքականության անընդունելիությունը և մտքեր փոխանակել դրան հակազդելու ուղղությամբ համատեղ անելիքների շուրջ: Վարչապետը խնդրել է իր ջերմ բարեմաղթանքները փոխանցել Հունաստանի վարչապետին: Նիկոս Դենդիասը, Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի անունից վարչապետ Նիկոլ Փաշինյանին է փոխանցել Հունաստան այց կատարելու հրավերը:
17:30 - 16 հոկտեմբերի, 2020
Թուրքիային պետք է դատապարտել՝ ելնելով իր գործողություններից, ոչ թե հայտարարություններից. Հունաստանի ԱԳ նախարար |armenpress.am|

Թուրքիային պետք է դատապարտել՝ ելնելով իր գործողություններից, ոչ թե հայտարարություններից. Հունաստանի ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: Կարևոր է, որ միջազգային հանրությունը հստակ տարբերակի նրանց, ովքեր յուղ են լցնում լարման կրակի վրա և նրանց, ովքեր որդեգրում են կառուցողական մոտեցում և մնում են վեճերի լուծման խաղաղ տարբերակին հավատարիմ: Նման տեսակետ հայտնեց Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը՝ Երևանում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսին անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին: Դենդիասը նշեց, որ Աթենքից ուշադիր հետևում են զարգացումներին, ողջունում են կրակի դադարեցման բանակցությունները Մոսկվայում: «Մեզ շատ մտահոգում են այդ պայմանավորվածությունների խախտումները: Հրադադարը պետք է  խստիվ հարգվի: Մենք համարում ենք, որ տևական լուծումներին կարելի է հասնել միայն դիվանագիտական միջոցներով՝ վերադառնալով բանակցությունների սեղանին Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, միջազգային իրավունքի կուռ հիմքերի վրա: Մենք շատ լուրջ անվտանգության մարտահրավերների ենք բախվում մեր անմիջական հարևանությունում, բայց փորձում ենք գտնել դիվանագիտական լուծումներ՝ հանուն խաղաղության, կայունության և բարեկեցության տարածաշրջանում: Երկու դեպքերում էլ կարևոր է, որ միջազգային հանրությունը հստակ տարբերակում մտցնի նրանց միջև, ովքեր յուղ են լցնում կրակի վրա և նրանց միջև, ովքեր որդեգրում են կառուցողական մոտեցում և մնում են վեճերի լուծման խաղաղ տարբերակին հավատարիմ»,-ասաց նախարարը: Հունաստանի ԱԳ նախարարը շեշտեց՝ բացարձակապես հստակ է, որ պետք է վերջ դրվի օտար միջամտությանը: «Անկարայի միջամտությունը ևս մեկ կոնֆլիկտում շատ մտահոգիչ է: Այն առաջ է բերել լուրջ մտահոգություններ միջազգային ասպարեզում»,-ասաց նա: Դենդիասը հիշեցրեց, որ Հունաստանն այս կապակցությամբ ի սկզբանե բարձրացրել է իր ձայնը: «Մենք առաջինն էինք, որ պահանջեցինք ԵՄ-ի արձագանքը՝ տևական հրադադարի և խաղաղ լուծման կոչ անելով՝ Մինսկի խմբի հովանու ներքո: Մենք նաև առաջարկեցինք, որ ԵՄ-ն կոչ անի դադարեցնել արտաքին կողմերի ներգրավումը»,-ասաց նախարարը: Նա անդրադարձավ նաև Ադրբեջանի չհիմնավորված պնդումներին, մեղադրանքներին, հիշեցրեց, որ Հունաստանը Բաքվից հետ է կանչել իր դեսպանին: Հունաստանի ԱԳ նախարարը հայտնեց, որ Հայաստանի իր գործընկերոջը տեղեկացրել է Սիրիայում, Իրաքում, Կիպրոսում, Լիբիայում և Միջերկրական ծովի արևելքում լարումների ու ապօրինի գործողությունների մասին: «Բոլորն էլ ունեն քաջ հայտնի ընդհանուր հայտարար: Ընդհանուր հայտարարը Թուրքիան է, միջազգային լեգիտիմությունը հարգելու ԵՄ-ի կոչերի անտեսումը Թուրքիայի կողմից»,-ասաց նա ու հավելեց, որ Թուրքիային պետք է դատապարտել՝ ելնելով իր գործողություններից, ոչ թե հայտարարություններից:
15:34 - 16 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է իրականացնել համատեղ հայտարարությամբ հաստատվող կրակի դադարեցումը, այլև Թուրքիայի հրահրմամբ ձգտում է ընդլայնել հակամարտության աշխարհագրությունը

Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է իրականացնել համատեղ հայտարարությամբ հաստատվող կրակի դադարեցումը, այլև Թուրքիայի հրահրմամբ ձգտում է ընդլայնել հակամարտության աշխարհագրությունը

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ համատեղ մամուլի ասուլիսին. - Մեր տարածաշրջանները՝ Արևելյան Միջերկրականը և Հրավային Կովկասը ներկայումս բախվում են նույն սպառնալիքին, որի հիմքում է Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունը։ - Ադրբեջանը բացահայտորեն ի ցույց է դնում, որ ոչ միայն հրաժարվում է իրականացնել արտգործնախարարների համատեղ հայտարարությամբ հաստատվող կրակի դադարեցումը, այլև Թուրքիայի բացահայտ հրահրմամբ ձգտում է ընդլայնել ղարաբաղյան հակամարտության աշխարհագրությունը՝ արդեն նախահարձակ լինելով և բացահայտ ագրեսիա իրականացնելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Թեև հասկանալի է, որ ադրբեջանական կողմի այս գործողությունների որոշումների հետևում կանգնած է Թուրքիան, սակայն այդ գործողությունների անդառնալի ռազմաքաղաքական հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է հենց Ադրբեջանի ղեկավարությունը: - Միայն հոկտեմբերի 10-ի հայտարարությունից հետո ադրբեջանական գործողությունների արդյունքում արձանագրվել է 6 քաղաքացիական զոհ, որից չորսը՝ գնակահարվել են ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից Հադրութում, իսկ 2-ը՝ հրետակոծության հետևանքով: Ադրբեջանի պատերազմի հանցագործությունները փաստագրված են նույն հանցագործենրի կողմից, որոնք համացանցում տարածում են և փառաբանում են իրենց քստմելի արարքները՝ այդ թվում գերեվարվածների նվաստացումն ու սպանությունները։ Եվ սա այն դեպքում, երբ հոկտեմբերի 10-ի հայտարարությունը ենթադրում է գերիների փոխանակում։ - Տարածաշրջանային անվտանգության և կայունության առումով հեռանկարում առավել մեծ սպառնալիք է նաև Ադրբեջանի ղեկավարության անդառնալի որոշումը՝ իշխանության պահպանման համար իրենց երկիրը վերածել Թուրքիայի ազդեցության գոտու և միջազգային ահաբեկչական խմբավորումների օջախի:
14:02 - 16 հոկտեմբերի, 2020
Հոկտեմբերի 16-ին աշխատանքային այցով Հայաստանում է գտնվելու Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը

Հոկտեմբերի 16-ին աշխատանքային այցով Հայաստանում է գտնվելու Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը

Հոկտեմբերի 16-ին աշխատանքային այցով Հայաստանում է գտնվելու Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ը։ Հայ-հունական հարաբերություններն ավանդաբար աչքի են ընկել ջերմ և բարեկամական բնույթով։ Հայ և հույն ժողովուրդները միահյուսված են դարերի խորքից եկող եղբայրական սերտ կապերով:  Հունաստանը հանդիսանում է Եվրոպայում Հայաստանի առանցքային գործընկերներից մեկը, և Հայաստանը մեծապես կարևորում է գործընկերային հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանն ուղղված ջանքերը:  Քաղաքական երկխոսություն  Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարի 20-ին: Երկու բարեկամ երկրների միջև համագործակցությունը զարգանում է դինամիկ կերպով և ընդգրկում է քաղաքական, պաշտպանության, առևտրատնտեսական, կրթության, գիտության, մշակույթի, զբոսաշրջության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ ոլորտներ: Երկու երկրների միջև առկա է ամուր իրավապայմանագրային դաշտ. Հայաստանը և Հունաստանը ունեն մինչ օրս ստորագրված ավելի քան 40 իրավական փաստաթուղթ:  Արդյունավետ գործում է հայ-հունական տնտեսական, արդյունաբերական, տեխնիկական և գիտական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը։  Կանոնավոր բնույթ են կրում նաև քաղաքական խորհրդակցությունները Հայաստանի և Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։ Միջխորհրդարանական հարաբերություններ  Երկու երկրների խորհրդարաններում գործում են բարեկամական խմբեր։ ՀՀ ԱԺ Հայաստան-Հունաստան բարեկամության խմբի ղեկավարն է Մխիթար Հայրապետյանը, իսկ Հունաստանի խորհրդարանում՝ Դիմիտրիոս Մարկոպուլոսը։ 1996թ. ապրիլի 25-ին Հունաստանի խորհրդարանը որոշում է ընդունել 1915թ. ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր ճանաչելու մասին: 2014թ. սեպտեմբերի 9-ին ընդունվել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող ռասիզմի և այլատյացության դեմ օրինագիծը:  2015թ. մարտին ՀՀ Ազգային ժողովը միաձայն ընդունել է Օսմանյան կայսրության կողմից իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին հայտարարությունը: Բազմակողմ համագործակցություն Հայ-հունական հարաբերություններում կարևոր տեղ է զբաղեցնում համագործակցությունը միջազգային հարթակներում և բազմակողմ ձևաչափերի շրջանակներում: Թե՛ Հայաստանը և թե՛ Հունաստանը միջազգային օրակարգի բազմաթիվ հարցերի շուրջ ունեն հիմնականում համահունչ մոտեցումներ:  Հայաստանը մեծապես կարևորում է ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգում Հունաստանի գործադրած հետևողական ջանքերը: Հունաստանը համահեղինակել է  2015թ. Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ 69-րդ նստաշրջանին ՀՀ կողմից նախաձեռնված և առաջադրված «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր հռչակելու» և 2018թ. Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում՝ «Ցեղասպանության կանխարգելման» մասին բանաձևերը: Հայաստանն արժևորում է նաև Հունաստանի գործուն դերակատարությունը ՀՀ-ԵՄ հարաբերությունների և ՀՀ-ՆԱՏՕ երկխոսության ամրապնդման համատեքստում, այդ թվում՝ խաղաղապահության բնագավառում համագործակցության տեսանկյունից։ ԵՄ և ԵՄ անդամ պետությունների հետ հարաբերությունների նոր իրավական հենք հանդիսացող ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Հունաստանի խորհրդարանը վավերացրել է 2020թ․ հուլիսին 7-ին: Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցություն Հայաստանի և Հունաստանի միջև սերտ համագործակցություն է ընթանում նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով։ 2019թ. հունիսի 4-ին Նիկոսիայում տեղի է ունեցել Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների առաջին եռակողմ հանդիպումը, որի արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն, որում ընդգծվել է, որ եռակողմ համագործակցության միակ նպատակը խաղաղության, կայունության և բարգավաճման խթանումն է մասնակից երկրների միջև լայն քաղաքական երկխոսության և համագործակցության միջոցով։ 2019թ. սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակներում տեղի է ունեցել ԱԳ նախարարների երկրորդ եռակողմ հանդիպումը։ Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ առաջին գագաթաժողովը նախատեսվում է անցկացնել Հայաստանում։
15:25 - 15 հոկտեմբերի, 2020
Թուրքիան Հունաստանի կառավարական ինքնաթիռը 20 րոպե պահել է թուրք-իրաքյան սահմանի վրա. ERT |armenpress.am|

Թուրքիան Հունաստանի կառավարական ինքնաթիռը 20 րոպե պահել է թուրք-իրաքյան սահմանի վրա. ERT |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի իշխանությունները հոկտեմբերի 14-ի երեկոյան Հունաստանի կառավարական ինքնաթիռը 20 րոպե պահել են Մոսուլից դեպի հյուսիս թուրք-իրաքյան սահմանի վրա՝ մերժելով թռիչքի թույլատվություն տրամադրել, որին նրանք հավանություն Էին տվել ավելի վաղ: Ինքնաթիռում գտնվել Է արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը, որը վերադառնում Էր Աթենք: Այդ մասին հաղորդել Է Հունաստանի ERT հանրային հեռուստատեսությունը: «Այդ գործողությունը դուրս Է գալիս բարիդրացիության հասկացությունից եւ խախտում Է դիվանագիտական գործելակերպի կանոնները»,-նշում Է հեռուստաալիքը: Հունաստանի արտաքին գործերի նախարարի այցն Իրաք առաջինն Էր 22 տարվա ընթացքում: Այցն ավարտվելուց հետո ինքնաթիռը թռել Է Իրաքից: «Թուրքիայի իշխանությունները VIP չվերթի մասին ծանուցվել Էին եւ թռիչքը թույլատրել, բայց սահմանին մոտանալիս այն ետ են կանչել: Սկսվել են ինտենսիվ դիվանագիտական բանակցություններ, ինքնաթիռը հարկադրված Է եղել նվազեցնել բարձրությունը եւ պտույտներ գործել, մինչեւ որ խնդիրը լուծվել Է: Դրա հետ մեկտեղ առաջացել Է վառելանյութի անբավարարության ռիսկի հարց»,-հայտնել Է ERT-ն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
12:48 - 15 հոկտեմբերի, 2020
ԱՄՆ Պետդեպը Թուրքիային կոչ է արել զերծ մնալ Միջերկրական ծովի արևելյան մասում գործողություններից |armenpress.am|

ԱՄՆ Պետդեպը Թուրքիային կոչ է արել զերծ մնալ Միջերկրական ծովի արևելյան մասում գործողություններից |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ Պետական դեպարտամենտը Թուրքիային կոչ է արել դադարեցնել Միջերկրական ծովի արևելյան մասում իրականացվող գործողությունները: Այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպի տարածած հայտարարության մեջ: «Միացյալ Նահանգներն ափսոսանք է հայտնում է, որ հոկտեմբերի 11-ին Թուրքիան հայտարարել է թուրքական հետախուզական գործունեության վերսկսման մասին Միջերկրական ծովի արևելյան մասին այն շրջաններում, որոնց նկատմամբ Հունաստանը հաստատում է իր իրավասությունը: Թուրքիայի հայտարարությունը միակողմանի կարգով սրում է լարվածությունը տարածաշրջանում և միտումնավոր բարդացնում է ՆԱՏՕ-ում մեր դաշնակիցների՝ Հունաստանի և Թուրքիայի միջև կարևորագույն նախնական բանակցությունների վերսկսումը»,- ասված է հաղորդագրության մեջ: Պետդեպը նշում է, որ հարկադրանքը, սպառնալիքները, ահաբեկումը և ռազմական ակտիվությունը չեն թուլացնի լարվածությունը Միջերկրական ծովի արևելյան մասում։ «Մենք կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել այդ հաշվարկված սադրանքը և անհապաղ սկսել նախնական բանակցությունները Հունաստանի հետ։ Միակողմանի գործողությունները չեն կարող ամրապնդել վստահությունը և չեն հանգեցնի երկարաժամկետ լուծումների»,- նշել է Պետական դեպարտամենտը:
19:32 - 13 հոկտեմբերի, 2020