Անվտանգության խորհուրդ

Անվտանգության խորհուրդը պետական մարմին է, որը գլխավորում է վարչապետը: Խորհուրդը սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները, այդ թվում՝ իրականացնում է պաշտպանության ռազմավարական պլանավորում եւ վերանայում, հաստատում է զինված ուժերի, այլ զորքերի զարգացման պլանը, զինված ուժերի ծավալման պլանը, զինված ուժերի զորահավաքային պլանը, զինված ուժերի կիրառման պլանը, Հայաստանի Հանրապետության տարածքի պաշտպանության օպերատիվ սարքավորման պլանը, քաղաքացիական պաշտպանության հանրապետական պլանը, զինված ուժերի եւ այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոնների, բարձրագույն սպայական կազմի պաշտոնների եւ դրանց համապատասխանող բարձրագույն սպայական զինվորական կոչումների ցանկերը. ԱԽ-ն իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ եւս։ Վարչապետի առաջարկությամբ Ազգային խորհուրդը քննարկում է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անձեռնմխելիությանը վերաբերող հարցեր եւ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով ընդունում է որոշումներ, իսկ իր իրավասության մեջ մտնող այլ հարցերով` խորհրդատվական բնույթի որոշումներ։

Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ. Արմեն Գրիգորյանը՝ Լաչինի միջանցքն այլ երթուղով փոխարինելու Ադրբեջանի պահանջի մասին |armenpress.am|

Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ. Արմեն Գրիգորյանը՝ Լաչինի միջանցքն այլ երթուղով փոխարինելու Ադրբեջանի պահանջի մասին |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը շեշտում է, որ Արցախը Հայաստանի հետ կապող երթևեկությունը Լաչինի միջանցքի փոխարեն այլ երթուղով կազմակերպելու Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ:  - Պարոն Գրիգորյան, ԼՂ նախագահը երեկ Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստում հայտարարել է, թե Ադրբեջանը ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջոցով իրենց պահանջ է ներկայացրել Հայաստանի հետ կապող երթեւեկությունը կազմակերպել այլ երթուղով: Ինչպես կմեկնաբանեք այս հայտարարությունը: - ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի եւ Ադրբեջանի նախագահի՝ 2020թ. եռակողմ հայտարարության 6-րդ կետում, որտեղ սահմանված են Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի ստեղծման եւ գործունեության հետ կապված հարցեր՝ սահմանված է հետեւյալը. «Կողմերի (այսինքն՝ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի եւ Ադրբեջանի) համաձայնեցմամբ առաջիկա երեք տարվա ընթացքում կորոշվի Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող Լաչինի միջանցքով երթեւեկության նոր երթուղու կառուցման պլանը, ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հետագա վերատեղաբաշխմամբ՝ այդ երթուղու պահպանության համար»: Այս ընթացքում, իհարկե, այս ուղղությամբ որոշակի աշխատանք կատարվել է, բայց այս պահի դրությամբ համաձայնեցված պլան գոյություն չունի: Համենայն դեպս՝ Հայաստանը որեւէ պլանի համաձայնություն չի տվել, հետեւաբար Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ: - Բայց դուք հայտարարել էիք, որ Հայաստանը սկսում է Կոռնիձոր-Տեղ-Մ12 ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքները, որը ենթադրվում է, պիտի միանա Լաչինի միջանցքի նոր երթուղուն: - Այո, այդ շինարարությունն արդեն իսկ սկսվել է, բայց ուշադրություն դարձրեք, որ եռակողմ հայտարարության մեջ նշվում է նոր երթուղու կառուցման պլանի մասին: Նման համաձայնեցված պլան գոյություն չունի: Հայաստանի Հանրապետությունը արդեն իսկ առաջարկել է եռակողմ ձեւաչափով համաձայնեցնել եւ ստորագրել պլանը եւ համաձայնեցված ժամանակացույցով ու ճանապարհային քարտեզով գնալ առաջ: Դա այն է, ինչ նախատեսված է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ:  
12:57 - 03 օգոստոսի, 2022
Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ հայաստանյան ժամկետային զինծառայողներ սեպտեմբերից հետո չեն լինելու ԼՂ-ում |armenpress.am|

Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ հայաստանյան ժամկետային զինծառայողներ սեպտեմբերից հետո չեն լինելու ԼՂ-ում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդգծում է, որ Արցախի Հանրապետությունում Հայաստանից զորակոչված ժամկետային զինծառայողներ չեն լինի, սակայն հավելում է, որ Լեռնային Ղարաբաղում զորակոչիկները կշարունակեն զորակոչվել պաշտպանության բանակում ծառայելու: Արմեն Գրիգորյանն այս մասին ասել է «Արմենպրես»-ին տված հարցազրույցում, որը ներկայացնում ենք ստորև. -Պարոն Գրիգորյան, վերջին շրջանում առավել հաճախ են դարձել քննադատություններն առ այն, թե Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղից հանում է զորքերը, այդպիսով ԼՂ-ն թողնելով անպաշտպան: Ինչպե՞ս եք արձագանքում այս քննադատություններին: -Պատերազմի ընթացքում ՀՀ ԶՈւ մի շարք ստորաբաժանումներ օգնության են հասել ԼՂ Պաշտպանության բանակին: Հրադադարի հաստատումից եւ ԼՂ-ում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ կոնտինգենտի տեղակայումից հետո ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների դուրսբերումը ԼՂ-ից տրամաբանական է: -Բայց դա չի նշանակո՞ւմ Լեռնային Ղարաբաղն իրոք անպաշտպան թողնել: -Ոչ, որովհետեւ նախկինում էլ ԼՂ անվտանգության ապահովման գործառույթն իրականացրել է ԼՂ Պաշտպանության բանակը: Եվ այս առումով որեւէ բան չի փոխվում: Չնայած՝ պետք է մի բան արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի տեղակայումը պիտի անվտանգության երաշխիք լինի: -Բայց Փառուխի դեպքերը ցույց տվեցին, որ այդպես չէ... -Փառուխի դեպքերը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության եւ կիրառելի միջազգային իրավունքի կոպիտ խախտում են: Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ներխուժեցին Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտի: Ռուսաստանի Դաշնությունը մեզ հավաստիացրել է, որ ներխուժած ադրբեջանական ուժերը պետք է դուրս գան այնտեղից, եւ մենք հույս ունենք, որ ՌԴ խաղաղապահ ուժերը կապահովեն ապօրինի ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտուց: ՌԴ խաղաղապահ ուժերի առկայությունն ինքնին վկայում է ԼՂ բնակչության համար իրական գոյաբանական վտանգի առկայության հանգամանքի ընդունում ՌԴ կողմից, և խաղաղապահ ուժերն առանցքային նշանակություն ունեն ԼՂ հայության անվտանգության երաշխավորման գործում։ -Բայց ճշգրիտ լինելու համար. ԼՂ-ում Հայաստանի Զինված ուժերի ժամկետային զինծառայողները փոխարինվում են պայմանագրայիններո՞վ, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են գալիս ԼՂ-ից: -Ճշգրիտ լինելու համար արձանագրենք: Պատերազմի բերումով ՀՀ ԶՈւ մի շարք ստորաբաժանումներ ՊԲ-ին օգնելու նպատակով մուտք են գործել ԼՂ: Հրադադարի հաստատումից հետո նրանք վերադառնում են Հայաստանի Հանրապետություն: Այս գործընթացը մոտ է ավարտին եւ սեպտեմբերին կավարտվի: Ինչ վերաբերում է Պաշտպանության բանակին, այն Լեռնային Ղարաբաղում է եղել եւ շարունակում է այնտեղ մնալ: -Այսինքն՝ հայաստանյան ժամկետային զինծառայողներ սեպտեմբերից հետո չե՞ն լինելու ԼՂ-ում: -Ոչ: Բայց ԼՂ իշխանություններից մեր ստացած տեղեկությունների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի զորակոչիկները, ինչպես նախկինում, զորակոչվելու են ՊԲ-ում ծառայելու: -Իսկ պայմանագրայիննե՞ր: -ԼՂ իշխանություններից մեր ստացած տեղեկությունների համաձայն` ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ՊԲ-ում կծառայեն նաեւ պայմանագրայիններ: -Նաեւ Հայաստանի՞ց: -Հայաստանից ԼՂ Պաշտպանության բանակ պայմանագրայիններ չեն զորակոչվում: Ըստ անհրաժեշտության՝ ԼՂ-ն տեղում է կազմակերպում պայմանագրային զինծառայողների ներգրավում:
10:46 - 19 հուլիսի, 2022
Իմ այցը Երևան կապ չունի ԱՄՆ ԿՀՎ-ի տնօրենի այցի հետ. Նարիշկին

Իմ այցը Երևան կապ չունի ԱՄՆ ԿՀՎ-ի տնօրենի այցի հետ. Նարիշկին

civilnet.am: Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ իր երևանյան այցը որևէ կերպ կապված չէ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնսի վերջերս Երևան կատարած այցի հետ։ Այս մասին Նարիշկինն ասել է Երևանում ռուսական ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է «Սպուտնիկ Արմենիան»։ «Իմ այցն այստեղ` Երևան, որևէ կերպ կապված չէ ամերիկացի պաշտոնակցիս այցի հետ։ Բայց ես չեմ բացառում, որ նրա այցը հենց իմ այցի հետ է կապված»,- ասել է նա։ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրենը հուլիսի 18-ին Երևանում հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ։ Հուլիսի 15-ին Հայաստան էր ժամանել նաև ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսը: Երևանում նրան ընդունել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նույն օրը Բըրնսը հանդիպում էր ունեցել նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Սերգեյ Նարիշկինը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «Ռուսաստանը բավականաչափ ուժ ու ռեսուրս ունի, որպեսզի դժվար պահին պաշտպանի դաշնակիցներին ու ընկերներին»։ Նրա համոզմամբ՝ ԱՊՀ տարածքում ինտեգրացիոն գործընթացները կայունության ամուր երաշխիք են։ Նարիշկինը հիշեցրել է, որ տարածաշրջանում գործում են ինտեգրացիոն կառույցներ՝ Եվրասիական տնտեսական միությունը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը։ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը նշել է նաև, որ Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Հայաստանին արտաքին հետախուզության առանձին ծառայության ստեղծման հարցում։ Նարիշկինի խոսքով՝ արտաքին հետախուզության առանձին ծառայություն ստեղծելը կամ չստեղծելը Հայաստանի քաղաքական ղեկավարության իրավասությունն է: Ավելի վաղ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը խորհրդարանում հայտարարել էր, որ Անվտանգության խորհուրդը գործընկերների հետ խորհրդակցություններ է սկսել արտաքին հետախուզության ծառայության ստեղծման հարցով: Առավել մանրամասն՝ civilnet.am-ում    
10:16 - 19 հուլիսի, 2022
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ալի Շամխանիի հետ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ալի Շամխանիի հետ

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 7-ին հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ: Այս մասին հայտնիւմ են Անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակից։ ԱԽ քարտուղարներն ընդգծել են երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցության կայուն զարգացման միտումը և այդ համատեքստում շեշտել են երկկողմ տնտեսական փոխգործակցության կարևորությունն ու դրա զարգացման անհրաժեշտությունը: Հայ-իրանական տնտեսական հարաբերությունների և հատկապես Սյունիքի զարգացման համատեքստում առանձնակի շեշտվել է Իրանի Չաբահար նավահանգստի կարևորությունը: Երկուստեք բարձր է գնահատվել կողմերի պատրաստակամությունը՝ շարունակել համագործակցությունը Մեղրու ազատ տնտեսական գոտու և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շրջանակներում: ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքը՝ շեշտելով, որ այդ գործընթացքում միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց չի քննարկվում: Իրանի ԱԽ քարտուղար Ալի Շամխանին նշել է, որ վերոնշյալի կոնտեքստում պետք է հարգվեն պետությունների տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության սկզբունքները: Ա. Գրիգորյանը նաև ներկայացրել է Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային անվտանգության ապահովման և ապաշրջափակման վերաբերյալ, ինչի շրջանակներոմ Իրանի ԱԽ քարտուղարն ընդգծել է Թեհրանի պաստրաստակամությունը՝ նպաստելու Հարավային Կովկասի անվտանգության պահպանմանը: Կողմերը պայմանավորվել են երկխոսությունը շարունակելու նպատակով հաջորդիվ հանդիպել Հայաստան-Իրան սահմանին:
13:24 - 07 հուլիսի, 2022
1,5 տարի ունենք, կաշխատենք, լուծումներ կգտնենք. Արմեն Գրիգորյանը՝ Բերձորի ու Աղավնոյի ճակատագրի մասին

1,5 տարի ունենք, կաշխատենք, լուծումներ կգտնենք. Արմեն Գրիգորյանը՝ Բերձորի ու Աղավնոյի ճակատագրի մասին

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ հարցին, թե ինչպես են պատկերացնում Բերձորի, Աղավնոյի բնակիչների ճակատագիրը և Ադրբեջանի կողմից կառուցվող Լաչինի միջանցքի այլընտրանքային ճանապարհը որքանո՞վ է ապահովելու Հայաստանի հետ կապը։ «Այս հարցերը հենց նոյեմբերի 9-ից սկսած մենք քննարկում ենք Արցախի մեր գործընկերների հետ, որպեսզի լուծումներ գտնենք։ Արցախի իշխանությունները այս մասով աշխատանքներ են տանում, սրա մասին նաև հրապարակային խոսել ենք և մենք դեռ ժամանակ ունենք և՛ ճանապարհի մասով, և՛ բնակիչների համար լուծմումներ գտնելու։ Մոտավոր 1.5 տարի դեռ ունենք, Արցախի կառավարության հետ կաշխատենք և լուծումներ կգտնենք»։ Խաղաղության օրակարգի վերաբերյալ հարցին ի պատասխան Արմեն Գրիգորյանը ասաց՝ երբ խոսում են այդ օրակարգի մասին, չեն մտածում, որ ամեն ինչ հեշտ է լինելու։ «Մենք գիտենք դրա դժվարությունների մասին, բայց նաև հասկանում ենք, որ որպեսզի  կարողանանք մեր տարածաշրջանում երկարաժամկետ անվտանգություն ապաահովել, անվտանգության երաշխիքների հնարավոր տարբերակը խաղաղության օրակարգն է։ Մենք շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ բայց հասկանում ենք, որ դա միայն Հայաստանից կախված չէ, և դա է պատճառը, որ աշխատում ենք բոլոր միջազգային գործընկերների հետ, որպեսզի խաղաղության օրակարգը առաջ տանենք»։ Արմեն Գրիգորյանը վերահաստատեց տեսակետը, ըստ որի՝ Հայաստանի տարածքում բացառվում է միջանցքային տրամաբանությամբ գործող որևէ ճանապարհ։  Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկվա հայտարարությանը՝ ըստ որի «միջանցքը արդեն իրականություն է դառնում», Գրիգորյանն ասաց․ «Պաշտոնական Երևանը նոյեմբերի 9-ից հետո սրան արձագանքում է, ոչ միայն պաշտոնական Երևանը, այլ նաև պաշտոնական Մոսկվան, պաշտոնական Բրյուսելը, սրա մասին ասել ենք, կարծում եմ՝ բանակցային գործընթացի ընկալման խնդիր կա, որովհետև բոլորը հայտարարում են, որ երբեք միջանցք չի հայտարարվել, բայց ադրբջանական կողմը դրա մասին հայտարարում է անհասկանալի պատճառներով»։ Անդրադառնալով վարչապետի մամուլի ասուլիսում հնչած հայտարարությանը, ըստ որի ադրբեջանական կողմը հրաժարվել է Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նաախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումըից, ԱԽ քարտուղարն ասաց․ «Ընդհանուր առմամբ, և՛ Բրյուսելի, և՛ Մոսկվայի օրակարգային հարցերը, որոնք քննարկվում են Արդբեջանի հետ, 4-ն են․ եթե ըստ հերթականության նշեմ, հումանիտար հարցերը, օրինակ հումանիտար հարցերի մեջ առաջնային է գերիների վերադարձը, անհայտ կորած անձանց մասին տեղեկություն հավաքելը և նրանց ընտանիքներին տրամադրելը։ Հաջորդը տարածաշրջանի ապաշրջափակումն է, դելիմիտացիան, դեմարկացիան, ինչպես նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորումը։ Այս 4 հիմնական հարցերն են, որոնք Ադրբեջանի քննարկվում են։ Նախատեսված էր հանդիպում, բայց հետաձգվեց։ Դեռևս հայտնի չեն հստակ պատճառներ, թե ինչու է Ադրբեջանը հետաձգել, մենք ինֆորմացիա ունենք, որ առաջիկայում հնարավոր է այդպիսի հանդիպում։ Մենք չենք ստացել հստակ տեղեկություն, թե ինչու չեն եկել, իրենք պարզապես հետաձգել են»։
13:23 - 30 հունիսի, 2022
Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա տնտեսական և անվտանգային համագործակցության հետագա զարգացման հեռանկարները

Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա տնտեսական և անվտանգային համագործակցության հետագա զարգացման հեռանկարները

Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԳՆ Մայրցամաքային Եվրոպայի վարչության տնօրեն Ֆրեդերիկ Մոնդոլոնիի հետ: Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության շրջանակն ընդլայնելու և զարգացնելու վերաբերյալ մի շարք հարցեր: Մասնավորապես, քննարկման առանցքում են եղել Հայաստան-Ֆրանսիա տնտեսական և անվտանգային համագործակցության հետագա զարգացման հեռանկարները։ Այս համատեքստում երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակել համագործակցությունը երկկողմ և բազմակողմ հետաքրություն ներկայացնող հարցերի շուրջ: Հանդիպմանը Արմեն Գրիգորյանը և Ֆրեդերիկ Մոնդոլոնին անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:
19:30 - 28 հունիսի, 2022
Հայաստանի և Տաջիկստանի ԱԽ գրասենյակների միջև հարաբերությունները կայուն զարգանում են

Հայաստանի և Տաջիկստանի ԱԽ գրասենյակների միջև հարաբերությունները կայուն զարգանում են

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 17-ին հանդիպել է Տաջիկստանի Հանրապետության ԱԽ քարտուղար Նասրուլլո Ռախմատժոնի հետ, ով Երևանում է ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԽ գրասենյակից, Արմեն Գրիգորյանը նշել է, որ հայերը և տաջիկները հինավուրց ժողովուրդներ են՝ հարուստ պատմությամբ, ավանդույթներով և մշակույթով, ինչն էլ լավ հիմք է երկու երկրների հարաբերությունների և՛ երկկողմ, և՛ բազմակողմ հարթակներում զարգացման համար: Ըստ աղբյուրի՝ Տաջիկստանի ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստը Հայաստանում բարձր մակարդակով կազմակերպելու համար և ընդգծել, որ սա ևս մեկ լավ առիթ է առնչվելու հայկական մշակույթին և ավանդույթներին։ Նասրուլլո Ռախմատժոնն ընդգծել է, որ երկու երկրների ԱԽ գրասենյակների միջև հարաբերությունները կայուն զարգանում են։ Հանդիպմանը Տաջիկստանի ԱԽ քարտուղարը նաև ներկայացրել է տաջիկ-աֆղանական սահմանից եկող ահաբեկչական վտանգը և Դուշամբեի քայլերն ընդդեմ այդ մարտահրավերների։
21:24 - 17 հունիսի, 2022
Կայացել է Հայաստանի և Ղրղզստանի անվտանգության խորհուրդների քարտուղարիների առաջին հանդիպումը

Կայացել է Հայաստանի և Ղրղզստանի անվտանգության խորհուրդների քարտուղարիների առաջին հանդիպումը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունիսի 17-ին հանդիպել է Ղրղզական Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Իմանկուլովի հետ, որը Երևանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԽ գրասենյակից, ողջունելով հյուրին ՀՀ ԱԽ քարտուղարը նշել է, որ սա Հայաստանի Հանրապետության և Ղրղզական Հանրապետության անվտանգության խորհուրդների քարտուղարների երբևէ կայացած առաջին պաշտոնական երկկողմ հանդիպումն է։ Արմեն Գրիգորյանը նաև հավելել է, որ սա ևս մեկ վառ ապացույց է երկկողմ փոխշահավետ համագործակցային հարաբերությունները զարգացնելու համար, ինչը ներառում է ոչ միայն բազմակողմ, այլ նաև երկկողմ ձևաչափերով համագործակցությունը: Ըստ աղբյուրի՝ Ղրղզստանի ԱԽ քարտուղարն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԽ քարտուղարին ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստի ընթացքում ցուցաբերած ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ հայ-ղրղզական հարաբերությունները գրանցում են կայուն զարգացման միտում, մասնավորապես, ԱՊՀ-ի և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։  Նշվում է, որ հանդիպման ավարտին Մարատ Իմանկուլովը պաշտոնական այցով հրավիրել է Արմեն Գրիգոյանին Ղրղզական Հանրապետություն։
20:33 - 17 հունիսի, 2022
ԼՂ հակամարտությունը դեռևս լուծված չէ, համապարփակ լուծումը պետք է տրվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում. Արմեն Գրիգորյան

ԼՂ հակամարտությունը դեռևս լուծված չէ, համապարփակ լուծումը պետք է տրվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում. Արմեն Գրիգորյան

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի նախագահությամբ հունիսի 17-ին կայացել է ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստը։  Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից։ Նեղ և ընդլայնված կազմերով քննարկվել են ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները չեզոքացնելու միջոցառումները, ՀԱՊԿ տարածաշրջանում համատեղ հակաահաբեկչական գործողությունների վերաբերյալ առաջնայնություն ներկայացնող հարցեր։   Վերոնշյալի համատեքստում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը խոսել է Հարավային Կովկասում ստեղծված անվտանգության միջավայրի մասին։ Նա մասնավորապես նշել է, որ դեռևս տարածաշրջանը մարտահրավերներով լի է, ինչը պայմանավորված է հայ-ադրբեջանական չկարգավորված հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ։ ԱԽ քարտուղարը նաև ներկայացրել է Հայաստանի տեսակետները և մոտեցումները տարածաշրջանում անվտանգային իրավիճակը կայունացնելու և առկա մարտահրավերները չեզոքացնելու ուղղությամբ։ Արմեն Գրիգորյանն անընդունելի է համարել Ադրբեջանի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումը, մասնավորեցնելով մայիսի 28-ին ադրբեջանական զորքերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքը, ինչի հետևանքով զոհվել էր ՀՀ ԶՈՒ-ի զինծառայող։ Անդրադառնալով տարածաշրջանային հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը՝ ԱԽ քարտուղարը նշել է, որ Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ բարձրացնում է, այսպես կոչված, Հայաստանի տարածքով «տրանսպորտային միջանցք» բացելու հարցը և Գրիգորյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում միջանցքային տրամաբանությամբ որևէ տրանսպորտային ուղի գոյություն ունենալ չի կարող։ Նա նաև ընդգծել է, որ համաձայն Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան եռակողմ բոլոր հայտարարությունների՝ նոյեմբերի 9, հունվարի 11 և նոյեմբերի 21, չկա որևէ հիշատակում միջանցքների մասին։ Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել է, որ հակամարտությունը դեռևս լուծված չէ և հիմնահարցի համապարփակ լուծումը պետք է տրվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։   Նիստի ավարտին՝ ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների որոշմամբ,  հաստատվել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կառավարման մարմինների ու կազմավորումների 2023 թվականի համատեղ պատրաստության պլանը:  Հավանության է արժանացել ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշումը՝ «Наемник» օպերատիվ-կանխարգելիչ գործողությանը տալ ՀԱՊԿ մշտապես  իրականացվող գործողությունների կարգավիճակ, որը ներկայացվելու է երկրի ղեկավարների հավանությանը։    Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում  
14:09 - 17 հունիսի, 2022
ՀԱՊԿ ԱԽ քարտուղարները հատուկ ուշադրություն են դարձրել անվտանգության աճող մարտահրավերներին և սպառնալիքներին

 |armenpress.am|

ՀԱՊԿ ԱԽ քարտուղարները հատուկ ուշադրություն են դարձրել անվտանգության աճող մարտահրավերներին և սպառնալիքներին |armenpress.am|

armenpress.am: Երևանում իր աշխատանքներն ավարտեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանձնաժողովի հերթական նիստը, որն անցկացվում էր ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակներում: Նիստից հետո ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար, նիստի նախագահող Արմեն Գրիգորյանը հայտարարեց լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որ ԱԽ քարտուղարները հատուկ ուշադրություն են դարձրել անվտանգության գլոբալ մարտահրավերներին ու սպառնալիքներին և ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակին: Արմեն Գրիգորյանի խոսքով՝ ԱԽ քարտուղարների նիստը, ինչպես միշտ, անցել է կառուցողական և հետաքրքիր մթնոլորտում: «Այսօրվա նիստը հատկանշական էր նրանով, որ մի կողմից՝ ընթացիկ տարին հոբելյանական է կազմակերպության համար. մենք նշում ենք Հավաքական անվտանգության մասին պայմանագրի 30-ամյակը և ՀԱՊԿ-ի հիմնադրման 20-ամյակը, մյուս կողմից՝ նիստը անցկացվում է ինչպես աշխարհում ընդհանուր առմամբ, այնպես էլ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում աճող մարտահրավերների և սպառնալիքների պայմաններում: Բնականաբար, տվյալ գործոնը պահանջում է ժամանակին և արդյունավետ որոշումների ընդունում՝ ուղղված այդ մարտահրավերների և սպառնալիքների չեզոքացմանը և ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության ապահովմանը», - հայտարարեց նիստի նախագահողը: Ելնելով վերոնշյալ իրողություններից՝ ԱԽ քարտուղարները հատուկ ուշադրություն են հատկացրել ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակին, ինչպես նաև՝ այնպիսի արդիական խնդիրների, ինչպիսիք են հակազդեցությունը ահաբեկչությանը, կառավարման մարմինների համատեղ ստեղծումը, հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների ձևավորումը և կազմակերպության ռազմական բաղադրիչի ամրապնդումը: Նիստի նախագահողը նաև հաղորդեց, որ նիստի աշխատանքի արդյունքներով ԱԽ քարտուղարները ստորագրել են մի շարք փաստաթղթեր, որոնք բոլորն անցել են համապատասխան ընթացակարգերը: Դրանց թվում ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների հանձնաժողովը հաստատել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը «Վարձկան» անունը կրող օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների համալիրին տարածաշրջանային հակաահաբեկչական գործողության կարգավիճակ տալու մասին: Ստորագրվել է նաև հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների ձևավորման և կառավարման մարմինների պատրաստման պլանը 2023 թվականի համար: ՀԱՊԿ երկրների ԱԽ քարտուղարների հանձնաժողովի հունիսի 17-ի նիստը անցկացվեց ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության շրջանակներում: Հայաստանի Հանրապետությունը նախագահում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդում 2021 թ. սեպտեմբերի 16-ից՝ մեկ տարի ժամկետով: 2022 թվականին նշվում է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման 30-ամյակը, ինչպես նաև՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հիմնադրման 20-ամյակը: Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը ստորագրվել է 1992 թ. մայիսի 15-ին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարների կողմից: Ավելի ուշ պայմանագրին են միացել նաև Ադրբեջանը, Բելառուսը և Վրաստանը: Պայմանագիրը ուժի մեջ է մտել մասնակից պետություններում հաստատման ընթացակարգերն անցնելուց հետո՝ 1994 թ. ապրիլի 20-ին: Սակայն հետագայում Ադրբեջանը, Վրաստանը և Ուզբեկստանը դուրս են եկել պայմանագրից: 2002 թ. մայիսի 14-ին Մոսկվայում Հավաքական անվտանգության խորհրդի ընդունած որոշմամբ ստեղծվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (կրճատ՝ ՀԱՊԿ), որին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը:   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
12:36 - 17 հունիսի, 2022
Արմեն Գրիգորյանը հայտարարեց ՀԱՊԿ երկրների ԱԽ քարտուղարների հերթական նիստի բացման մասին

 |armenpress.am|

Արմեն Գրիգորյանը հայտարարեց ՀԱՊԿ երկրների ԱԽ քարտուղարների հերթական նիստի բացման մասին |armenpress.am|

armenpress.am: Երևանում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանձնաժողովի հերթական նիստը: Քիչ առաջ տեղի ունեցավ նիստի բացումը, որի մասին որպես նիստի նախագահող հայտարարեց Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նիստին մասնակցում են նաև Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը, Ղազախստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար, նախագահի օգնական Գիզատ Նուրդաուլետովը, Ղրղզստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Իմանկուլովը, Ռուսաստանի Դաշնության Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Տաջիկստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Նասրուլլո Մահմուդզոդան, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Արմեն Գրիգորյանի հայտարարությունից հետո նիստ շարունակվեց փակ դռների ետևում: ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների և գլխավոր քարտուղարի նիստից հետո տեղի է ունենալու Հայաստանի ԱԽ քարտուղարի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի համատեղ հայտարարությունը:   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
10:09 - 17 հունիսի, 2022