Արդարադատության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարությունը գործադիր իշխանության պետական մարմին է։ Նախարարության կազմի մեջ է մտնում 14 կառուցվածքային ստորաբաժանում, 7 առանձնացված ստորաբաժանում, ինչպես նաև ՀՀ ԱՆ-ն ունի տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող 7 իրավաբանական անձ։

ՀՀ արդարադատության նախարարն է Ռուստամ Բադասյանը։

Արդարադատության նախարարությունը 9 կարևոր ուղղություններով իրականացնում է բարեփոխումներ

Արդարադատության նախարարությունը 9 կարևոր ուղղություններով իրականացնում է բարեփոխումներ

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը մասնակցել է Համաշխարհային բանկի «Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներին օժանդակելու ապագայի հեռանկարները» ծրագրի շրջանակում կազմակերպված աշխատաժողովին՝ նվիրված Արդարադատության ոլորտի բարեփոխումներին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:   Համաշխարհային բանկի և Արդարադատության նախարարության համագործակցությունն իրականացվում է մի շարք թիրախային ուղղություններով, այդ թվում՝ E-court համակարգի քրեական դատավարության մոդուլի մշակում, ՀԿԱԾ թվայնացում, արբիտրաժային կենտրոնի բիզնես մոդելի ուրվագծում, հաշտարարների թվի ավելացում, նոտարական համակարգի արդիականացում, իրավաբանական անձանց պետական ռեգիստր գործակալության կայքի արդիականացում, հակակոռուպցիոն ռազմավարության մշակման գործընթացին աջակցություն, մինչդատական վարույթում գտնվող քրեական գործերի կառավարման թվային՝ e-criminal case համակարգի ներդնում և ոստիկանական բարեփոխումներին աջակցություն: Աշխատաժողովի ընթացքում փոխնախարար Մինասյանը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը՝ միաժամանակ, այն շարունակելու և հետագայում ավելի ընդլայնելու պատրաստակամություն հայտնելով: Համաշխարհային բանկի թիմը ներկայացրել է իրականացված ուսումնասիրության արդյունքները, որոնց շուրջ ծավալվել են քննարկումներ, արձանագրված խնդիրների վերաբերյալ հնչել են կառուցողական առաջարկներ: Աշխատաժողովին ներկա են գտնվել Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը, Բարձրագույն դատական խորհրդի անդամներ և դատավորներ ինչպես նաև մասնագետներ՝ ժամանած Սերբիայից, Խորվաթիայից և Լեհաստանից, որոնք կիսվել են իրենց փորձառնությամբ վճարման կարգադրությունների և փոքր գործերի քննության, թվայնացման ու դատարանների ծանրաբեռնվածության նվազեցման ուղղություններով: Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում։
20:16 - 20 հունիսի, 2022
Կարեն Անդրեասյանը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը բարձրացրել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը

Կարեն Անդրեասյանը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը բարձրացրել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչին, Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին և պատվիրակության մյուս անդամներին: Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, Կարեն Անդրեասյանը բարձր է գնահատել ԵԽ հայաստանյան գրասենյակի հետ առկա համագործակցությունը և կարևորել համատեղ իրականացվող ծրագրերի արդյունավետ ընթացքը: «ԵԽ Գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչը շնորհակալություն է հայտնել Կարեն Անդրեասյանին ընդունելության համար և ընդգծել, որ ԵԽ-ի հետ համագործակցելու հայկական փորձն արդյունավետ փոխգործակցության լավագույն օրինակներից է: Գլխավոր քարտուղարն անգնահատելի է համարել հատկապես Արդարադատության նախարարության դերակատարումը ՀՀ-ԵԽ համագործակցության շրջանակներում: Նախարար Անդրեասյանը ներկայացրել է հանրային կառավարման բարեփոխումների, հակակոռուպցիոն, ոստիկանական, դատաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում կատարած բարեփոխումները և ունեցած ձեռբերումները: Այս համատեքստում նախարարը բարձրացրել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով ԵԽ անդամ հանդիսացող, ԵԽ մի շարք համաձայնագրեր և կոնվենցիաներ վավերացրած Ադրբեջանում դեռևս պահվող հայ ռազմագերիների հարցը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ ԵԽ Գլխավոր քարտուղարը խոստացել է աջակցել իրավական դաշտում խնդրի լուծմանը: ԵԽ պատվիրակության ղեկավարը նշել է նաև, որ Սահմանադրական, դատաիրավական բարեփոխումները, մարդու իրավունքների պաշտպանությունը, բռնության դրսևորումների և թրաֆիքինգի կանխարգելումն իրենց առաջնահերթությունների ցանկում են, և ԵԽ-ն պատրաստ է շարունակել աջակցությունն այդ ուղղությամբ տարվող աշխատանքներին: Այս համատեքստում կարևորվել է Վենետիկի հանձնաժողովի դերը հատկապես Սահմանադրական և դատաիրավական բարեփոխումների աջակցության հարցում: Նշվում է, որ անդրադարձ է կատարվել ծանր վիրավորանքի ապաքրեականացմանը, որը մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից դրական քայլ է գնահատվել ԵԽ գործընկերների կողմից: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև տարբեր ոլորտներում համագործակցության խորացման և ընդլայնման հնարավորությունների շուրջ: Հանդիպման ավարտին նախարար Անդրեասյանը ևս մեկ անգամ կարևորել է ԵԽ աջակցությունը և ակնկալել սերտ համագործակցություն՝ որպես արդարադատության ոլորտի զարգացման առանցքային գործընկեր:
19:11 - 16 հունիսի, 2022
ԿԲ փոխնախագահ. «Աշխատում ենք անկանխիկ գործարքների դեպքում բանկային միջնորդավճարները նվազեցնելու ուղղությամբ»
 |hetq.am|

ԿԲ փոխնախագահ. «Աշխատում ենք անկանխիկ գործարքների դեպքում բանկային միջնորդավճարները նվազեցնելու ուղղությամբ» |hetq.am|

hetq.am: Քաղաքացիների շրջանում թյուրընկալում կա, որ եթե իրենք քարտով վճարումներ իրականացնեն, իրենցից միջնորդավճար է գանձվելու։ Այսպիսի կարգավորում չկա։ Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին անկանխիկ գործառնությունների փոփոխությունների թեմայով քննարկմանն ընդգծեց արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը։  Այս տարվա հուլիսի 1-ից Հայաստանում 300 000 դրամը գերազանցող գործարքները պետք է կատարվեն բացառապես անկանխիկ։ Օրինակ՝ առևտուրը, տարատեսակ ծառայությունների դիմաց վճարումները, անշարժ գույքի առուվաճառքը և այլն։  Սկզբում դա կվերաբերի միայն Երևանին, հետո՝ մինչև 2024 թվականը, ամբողջ Հանրապետությանը։ Այս տարվա հուլիսի 1-ից այն կտարածվի Երևան քաղաքում գործունեություն իրականացնող կազմակերպությունների վրա, 2023 հուլիսից՝ մարզերի վարչական կենտրոնների և 2024 հուլիսից՝ մնացած բոլոր բնակավայրերում: «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի նոր կարգավորումները սահմանում են բացառություններ, որոնց դեպքում, անկախ գործարքի չափից, միայն անկանխիկ պետք է կատարվեն վճարումները։ Օրինակ՝ բժշկական հաստատությունների, փաստաբանական, հաշվապահական, կրթական ծառայություններից օգտվելու դիմաց վճարումները պետք է ընդունվեն միայն անկանխիկ։  Սահմանվում է, որ բացառապես անկանխիկ են վճարվում նաև աշխատավարձերը, կենսաթոշակները, պետական կամ համայնքային բյուջեներ կատարվող ցանկացած վճարումներ։   «Գրավատները վարկերը տրամադրելու են անկանխիկ ձևով, եթե այդ վարկի գումարը կգերազանցի 80 հազար դրամը, 2023 թվականի հունվարի 1-ից՝ 50 հազար դրամը գերազանցող, 2024 թվականի հունվարի 1-ից՝ 20 հազար դրամը գերազանցող։ Գրավատներից բացի, մյուս վարկատու կազմակերպությունները բացառապես անկանխիկ են, սակայն վարկերի մարումները կարող են լինել կանխիկ»,- նշեց Երանուհի Թումանյանցը։ Իրավիճակը կվերահսկեն ՊԵԿ-ը, ԿԲ-ն ու Աշխատանքի տեսչական մարմինը Անկանխիկ գործարքների վերաբերյալ նոր փոփոխությունների կատարումը կվերահսկեն  երեք պետական մարմիններ։  Առաջինը Պետական եկամուտների կոմիտեն, որը վերահսկողություն է սահմանում տնտեսվարողների նկատմամբ։ Մյուսը՝ Կենտրոնական բանկը, որ վերահսկում է իր կողմից լիցենզավորված կազմակերպությունները, ինչպես նաև՝ բանկերը, ապահովագրական ընկերությունները, գրավատները և այլն։ Երրորդը՝ Աշխատանքի տեսչական մարմինն է, որը արդեն կոնկրետ աշխատանքային հարաբերություններին՝ աշխատավարձերի վճարման գործընթացներին կհետևի։ Եթե ՀԴՄ սարքը խափանվի, լույս, ինտերնետ չլինի. oբյեկտիվ պատճառների դեպքում պատասխանատվության միջոցներ չեն կիրառվի Եթե օբյեկտիվ պատճառներով տնտեսվարող սուբյեկտները չկարողանան անկանխիկ վճարումներ ընդունել, ապա նրանց նկատմամբ պատասխանատվության միջոցներ չեն կիրառվի, հայտարարեց Երանուհի Թումանյանցը։ «Եթե խոսքը ՊՈՍ տերմինալի մասին է, ապա այն երկու օրվա ընթացում փոխվում է, և այստեղ պատասխանատվության ոչ մի միջոց չի կիրառվում։ Եթե խոսքը ՀԴՄ-ի մասին է, որը նաև ՊՈՍ  գործառույթն ունի, ապա երեք ժամվա ընթացքում պետք է տեղեկացվի դրա մասին, 24 ժամվա ընթացքում այն վերանորոգվի, այստեղ ևս պատասխանատվության միջոց չի կիրառվում»,- նշեց արդարադատության նախարարի տեղակալը։  Եթե ինտենետ կապն է խափանվում, լույն է անաջատվում, ապա դրանք օբյեկտիվ պատճառներ են, և նույնպես չեն կարող պատասխանատվության միջոց ենթադրել, որովհետև կա մեղքի բացակայություն։ Այլ բան է, երբ կարող է իրականացվել  վարչական վարույթ և պարզվել, որ կապը չի խափանվել, լույսը չի անջատվել, և դա պատասխանատվությունից խուսափման միջոց է եղել։  Գործարքի արհեստական բաղդատումը  ևս պատասխանատվություն միջոցներ է ենթադրում։ Օրինակ՝ եթե 2 մլն դրամ արժողությամբ մեքենան վաճառելիս գնորդը պայմանավորվում է վաճառողի հետ 10 ամսում 200 հազարական դրամով  վճարումն անել և այդպիսով խուսափել անկանխիկ գործարքից, ապա դրա բացահայտման արդյունքում պատասխանատվության միջոցներ են կիրառվելու։ «Աշխատում ենք բանկային միջնորդավճարները նվազեցնելու ուղղությամբ» «Օրենսդրական և ենթաօրենսդրական կարգերի մասով նախապատրաստական աշխատանքները ավարտված են։ Տնտեսվարող սուբյեկտների կողմից կանխիկ վճարման ընդունման տեսանկյունից ոչ միայն պետական կառավարման մարմինների, այլև՝ բիզնեսի կողմից, ֆինանսական կազմակերպությունների կողմից պատրաստվել են ՊՈՍ տերմինալների (POS-անգլ.՝ Point Of Sale - վաճառքի կետ) սերտիֆիկացման նախնական աշխատանքները և ըստ էության՝ ֆինանսական կազմակերպությունները այսօր պատրաստ են այն բոլոր տնտեսվարող սուբյեկտներին, որոնք օրենքի իմաստով պետք է ՊՈՍ տերմինալներ ունենան, իրենց մոտ ակտիվացնել իրենց ՀԴՄ սարքերի վրա քարտերով վճարների ընդունումը»,- հայտարարեց ԿԲ փոխնախագահ Հովհաննես Խաչատրյանը։  Տնտեսվարողների չի պարտադրվում միայն ՀԴՄ-ներով վճարումները ընդունել, կարող են նաև առանձին ՊՈՍ տերմինալներներ տեղադրել։  Ըստ ԿԲ փոխնախագահի երկու առևտրային բանկեր, որոնց անունները չեն նշվում, պատրաստակամություն են հայտնել մեծ ծավալով ու մատչելի սակագներով միացնելու ՊՈՍ գործառույթը ՀԴՄ սարքերին։  Հարցին, օրինակ՝ արդյոք բոլո՞ր բուժհաստատություններն ունեն անկանխիկ վճարումներ ընդունելու հնարավորություն, այդ թվում՝ պոլիկլինիկաները, Հովհաննես Խաչատրյանը պատասխանեց՝  այո։ Այն հաստատությունները, որոնք դեռ չունեն, պատրաստվում են և շատ կարճ ժամանակահատվածում կունենան։  Բանկերը անկանխիկ գործառնություններն իրականցնելու համար այսօր տնտեսվարողներից գանձում են 1.5-3% միջնորդավճարներ, որը շատ բիզնեսների համար բավականին թանկ է։ Սա հենց առաջին ու հիմնական պատճառներից մեկն է, որ բազմաթիվ տնտեսվարողներ առայժմ չեն ընդունում քարտային ու անկանխիկ վճարումներ։  Հովհաննես Խաչատրյանը հավաստիացնում է, որ ԿԲ-ն այսօր բանակցում է բանկերի հետ՝ միջնորդավճարները նվազեցնելու ուղղությամբ։ Այս օրենքով, ըստ ԿԲ փոխնախագահի, մի քանի խնդիր է լուծվում։ Առաջին հերթին՝ հարկային թափանցիկություն կապահովվի, կկրճատվի տնտեսության ստվերը, կապահովվի քաղաքացու՝ անկանխիկ վճարելու իրավունքը։  Հարցին, թե ինչու՞ է այս ամենն արվում պատրադրանքով և չի թողնվում տնտեսվարողների ու քաղաքացիների հայեցողությանը, Հովհաննես Խաչատրյանը հիշեցնում է, որ երկու կողմն էլ տարիներ շարունակ հնարավորություն են ունեցել զարգացնելու անկանխիկի շուկան, սակայն այսօր Հայաստանը անկանխիկ գործառնությունների ծավալներով բավականին հետ է զարգացող երկրներից։  «Ազգային վճարահաշվարկային համակարգը, վճարային քարտերը մեզ մոտ թափանցել են շատ վաղուց, ֆինանսական համակարգում կարգավորումները խիստ են, մեծ հաշվով, բայց մենք տեսնում ենք, որ վերջին 5-10 տարիների ընթացքում հետ ենք ընկել գործընկեր այլ երկրներից»,- ասաց Հովհաննես Խաչատրյանը։  Շարունակությունը՝ hetq.am-ում
16:06 - 16 հունիսի, 2022
Կարեն Անդրեասյանն ընդունել է ԵՏՄ դատարանի դատավորներին

Կարեն Անդրեասյանն ընդունել է ԵՏՄ դատարանի դատավորներին

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավորներ Էռնա Հայրիյանին, Արմեն Թումանյանին, Կոլոս Դենիսին և Ալեքսանդր Ֆեդորցովին: ԱՆ հաղորդմամբ՝ հանդիպման մեկնարկին դատավորները ներկայացրել են ԵԱՏՄ դատարանի գործառույթները, ունեցած ձեռքբերումները և գործունեության ընթացքում կուտակած փորձը՝ հատկապես թվայնացման ոլորտում, ինչը կարող է լավ օրինակ ծառայել Հայաստանի դատական համակարգի էլեկտրոնայնացման գործընթացում, որի մեկնարկն արդեն տրված է: Կողմերը քննարկել են տարածաշրջանային տնտեսական կայունությանն առնչվող հարցեր, որի երաշխավորներից է նաև ԵԱՏՄ դատարանը: Ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ամրապնդել համագործակցությունը ԵԱՏՄ ենթակառուցվածքների հետ, այդ թվում՝ ԵԱՏՄ դատարանի, որը կարող է խորհրդատավական եզրակացություններով պարզաբանել մի շարք հարցեր, ինչն էլ իր հերթին կնպաստի Հայաստանի և ԵԱՏՄ անդամ երկրների միջև իրավական դաշտի ինտեգրմանն ու տնտեսական փոխգործակցության բարենպաստ միջավայրի ձևավորմանը: Հանդիպման ընթացքում ԵԱՏՄ դատարանի դատավորները պատրաստակամություն են հայտնել անհրաժեշտության դեպքում Արդարադատության նախարարության միջնորդությամբ գումարել քննարկումներ հայ գործարարների մասնակցությամբ, որոնց շրջանակներում կտրվեն պատասխաններ գործարարներին հուզող հարցերի վերաբերյալ: Իսկ այն հարցերը, որոնք լուծում չեն գտնի նման ձևաչափով քննարկումների արդյունքում՝ Արդարադատության նախարարության կողմից կտարվեն քննարկման Եվրասիական տնտեսական հանձնաժողովում: Այստեղ ևս լուծում չստանալու դեպքում հարցերը կներկայացվեն ԵԱՏՄ դատարանի դատին: Տեղեկացնենք, որ ԵԱՏՄ դատարանը միության դատական մարմինն է, որն ապահովում է անդամ-երկրների և միության մարմինների կողմից ԵԱՏՄ պայմանագրի և այլ միջազգային պայմանագրերի կիրառումը միության շրջանակներում: Դատարանի կազմում ընդգրկված են երկուական դատավոր՝ յուրաքանչյուր անդամ պետությունից: Դատարանում կարող են քննվել նաև ԵԱՏՄ տարածքում գործունեություն ծավալող գործարարների, սպորտի, մշակույթի և այլ բնագավառի գործիչների պահանջներն ու իրավունքները, եթե կան կասկածներ, որ խախտվել են ԵԱՏՄ պայմանագրի և այլ միջազգային պայմանագրերի կետեր:
20:55 - 15 հունիսի, 2022
Քրեակատարողական հիմնարկներում ըստ անվտանգային գոտիների կլինեն բժշկական ստորաբաժանումներ

 |armenpress.am|

Քրեակատարողական հիմնարկներում ըստ անվտանգային գոտիների կլինեն բժշկական ստորաբաժանումներ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց Քրեակատարողական նոր օրենսգիրքը, որով, ի թիվս այլ փոփոխությունների, նախատեսվում է, որ քրեակատարողական հիմնարկներում լինելու են 3 անվտանգային գոտիներ, չեն լինելու բուժական ուղղիչ հիմնարկներ, դրա փոխարեն քրեակատարողական հիմնարկներում կլինեն բժշկական ստորաբաժանումներ: Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգիրք և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը: ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծով ի թիվս այլ փոփոխությունների, սահմանվում է, որ քրեակատարողական հիմնարկներում չեն լինի բաց, կիսաբաց, կիսափակ, փակ և բուժական ուղղիչ հիմնարկներ, կլինեն երեք հիմնական գոտիներ՝ ցածր անվտանգության գոտի, միջին անվտանգության գոտի և բարձր ռիսկայնության անվտանգության գոտի: Փոխնախարարը ներկայացրեց առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում կատարված փոփոխությունները: «Գոտիների մասով արվել են անցումային ժամանակահատվածի համար համապատասխան փոփոխություններ, որոնք թույլ կտան շատ ավելի հստակ ձևով կատարել կիսաբաց, կիսափակ, փակ, բաց ուղղիչ հիմնարկներից տեղափոխումը  ցածր, միջին և բարձր անվտանգային գոտիներ: Բժշկական օգնության և սպասարկմանը վերաբերող հարցերը ևս ավելի հստակեցվել են: Այլևս բուժական ուղղիչ հիմնարկ չենք ունենա, կարգավորումն այնպիսին է, որ այսուհետ քրեակատարողական հիմնարկներում պետք է ըստ անվտանգային գոտիների բժշկական ստորաբաժանումներ լինեն»,-ասաց Սարգսյանը: Քանի որ վերջին փոփոխությունը առնչվում է ենթակառուցվածքների փոփոխությանը, դրույթն ուժի մեջ կմտնի օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո ոչ ուշ, քան մինչև 2024  թվականի հուլիսի 1-ը: Գործող կարգավորումներով կալանավորված անձինք կարող են ստանալ մինչև 70 կգ հանձնուկ, իսկ դատապարտյալների համար սահմանափակում նախատեսված չէ: Նախագծով նախատեսվել է, որ շաբաթական մինչև 20 կգ հանձնուկ կարող է ստանալ թե կալանավորված անձը, թե դատպարտյալը, սա ներառում է նաև հեղուկները:
11:54 - 14 հունիսի, 2022
Հավատա՞լ պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքին, թե՞ ոչ. մեկնաբանում է Կարեն Անդրեասյանը |civilnet.am|

Հավատա՞լ պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքին, թե՞ ոչ. մեկնաբանում է Կարեն Անդրեասյանը |civilnet.am|

civilnet.am: Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքները բոյկոտելու ընդդիմության որոշման մեջ ճշմարտությունը չբացահայտելու միտում է տեսնում: «Քննիչ հանձնաժողովի ձևավորումն ընդունված բան է, ընդ որում, դա հայկական քաղաքական միտքը չի ծնել: Խորհրդարանում մեծամասնությունը փոքրամասնության հետ կազմում է միջկուսակցական մի մարմին, որն անում է կարևոր բնույթի քննություններ: Ի սկզբանե բոյկոտել այս ամենը բերում է նրան, որ մեր իշխանությունն ասում է` չեք ուզում բացահայտվի ճշմարտությունը: Գայիք, մասնակցեիք ու ապացուցեիք», – նշում է նախարարը: Հարցին՝ որքանո՞վ է ճիշտ քաղաքական լարված իրավիճակում պատերազմի հանգամանքների բացահայտման գործը դնել քաղաքական մարմնի վրա, որի աշխատանքներին չի մասնակցում խորհրդարանական ընդդիմությունը, նախարարը պատասխանեց. «Ես անկեղծ պետք է լինեմ: Ես իսկապես շատ դժվար եմ պատկերացնում՝ ինչպես եք դուք հավատալու այդ մարմնի (44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի) աշխատանքներին: Ես էլ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի մաս եմ կազում, և երբ խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտում է, ինչպես բացատրես, որ դու ամենաազնիվ մղումներով ես աշխատում: Ճիշտ է, հրավիրել ենք ՀԿ-ների, արտախորհրդարանական ուժերի, գնացել, խնդրել ենք խորհրդարանական ընդդիմությանը, որ գան մասնակցեն, բայց չեն մասնակցում»,- զուգահեռ անցկացրեց նախարարը: Նույնը, նրա խոսքով, կատարվել է պատերազմի հանգամանքներն ուսումնասաիրող քննիչ հանձնաժողովի հետ: «Այսինքն՝ կար շանս, որ նրանք այնտեղ լինեին, հարցեր ուղղեին, գործընթացը մասնակցային լիներ: Ես հասկանում եմ նաև այն տրամաբանությունը, որ ասում են՝ դե միևնույն է, մենք այնտեղ մեծամասնություն չենք: Այսինքն, եթե ամբողջը մերը չէ, չենք հավատում: Պատկերացնենք մի տասը տարի հետո իշխանափոխություն է լինում, ու նրանք են վերցնում իշխանությունը: Հետո էլ այդ քննիչ հանձնաժողովին մենք չհավատանք, չմասնակցենք, քանի որ նրանք են այնտեղ մեծամասնություն: Եթե ուզում ենք ճշմարտություն բացահայտել, ի՞նչ պետք է անենք: Հրավիրենք Սլովակիայից, Սինգապուրից մասնագետներ, որ գան, եվրասիական անկախ մարմին ստեղծենք, որ դրսինները մեզ դատեն: Մեր պետական գաղտնիքը ո՞ւմ հանձնենք, որ մեզ դատի»,- հարցադրում արեց Անդրեասյանը: Ազգային ժողովում փետրվարի 10-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ստեղծվել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։ Ավելի վաղ ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել էր, որ «քննիչ հանձնաժողովը պետք է հարցեր տա և ստանա պատասխաններ․ բանակին առնչվող բազմաթիվ հարցեր կան»։
18:10 - 13 հունիսի, 2022
Ծանր վիրավորանքը չի ամրագրվի նոր Քրեական օրենսգրքում. կպահպանվի քաղպատասխանատվություն՝ մինչև 3 մլն դրամ. Անդրեասյան

Ծանր վիրավորանքը չի ամրագրվի նոր Քրեական օրենսգրքում. կպահպանվի քաղպատասխանատվություն՝ մինչև 3 մլն դրամ. Անդրեասյան

Վարչապետի գլխավորությամբ կայացած միջգերատեսչական քննարկումների արդյունքներով նպատակահարմար չի համարվել ծանր վիրավորանքի ամրագրումը նոր Քրեական օրենսգրքում. այդ անընդունելի երևույթի համար կպահպանվի միայն քաղաքացիական պատասխանատվությունը` մինչև 3 000 000 դրամի չափով: Այդ մասին ասված է ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի Ֆեյսբուքի էջում:   «Սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Քրեական օրենսգիրքն այլևս պատասխանատվություն չի նախատեսում ծանր վիրավորանքի համար: Ծանր վիրավորանքի համար քրեական պատասխանատվությունը նախատեսվել էր հասարակության խոր բևեռացման պայմաններում առանձին խմբերի և անհատների խայտառակ անընդունելի վարքագիծը զսպելու նպատակով:   Որքան էլ առանձին քաղաքական շրջանակներ հայտարարում էին ծանր վիրավորանքի քրեաիրավական նոր կարգավորման հակասահմանադրականության մասին, այդուհանդերձ, Սահմանադրական դատարանը հստակ արձանագրեց, որ այն լիովին համապատասխանում է Սահմանադրությանը:   Վարչապետի գլխավորությամբ կայացած մի շարք մասնագիտական քննարկումների արդյունքում Կառավարությունը գտել է, որ հետագա ժողովրդավարացման մեր օրակարգում խոսքի ազատության նույնիսկ իրավաչափ սահմանափակումը պետք է հնարավորինս իրականացնել առանց քրեական հետապնդման գործիքակազմի: Գործադիրը նպատակահարմար չի գտել ծանր վիրավորանքի ամրագրումը նոր Քրեական օրենսգրքում` նախընտրելով այդ անթույլատրելի երևույթի համար արդեն իսկ գործող քաղաքացիական պատասխանատվության կարգավորումները:   Կառավարությունը շարունակելով խոսքի ազատության պաշտպանության իր հանձնառությունը` նախատեսում է նաև միջազգային լավագույն փորձը հաշվի առնող օրեսնդրական միջոցներ ձեռնարկել` պաշտպանելու նաև անձանց արժանապատվությունը, մասնավոր կյանքը, ազգային անվտանգությունը և այլ չափազանց կարևոր արժեքներ ազատ արտահայտման չարաշահումներից:   Ի թիվս այլ քայլերի, 2022 թվականի ապրիլի 19-ին Արդարադատության նախարարության, մի շարք հարգված լրագրողական կազմակերպությունների և Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հետ սկսվել է համագործակցություն նաև վերոնշյալ խնդիրների օրենսդրական կարգավորման նպատակով:   Չնայած այն հանգամանքին, որ ծանր վիրավորանքի համար նախատեսված չի լինելու քրեական պատասխանատվություն՝ սա չի նշանակում, որ մարդկանց արժանապատվությունը նվաստացնող հայտարարությունները մնալու են առանց իրավական լուրջ հետևանքների: Քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով վիրավորանքի հասցնելու պարագայում ազատ խոսքը չարաշահողները պարտավոր կլինեն վճարել փոխհատուցում մինչև 3.000.000 ՀՀ դրամի չափով:   Ուստի, մեր հայրենակիցներին ևս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ վիրավորական և անպարկեշտ խոսույթից, այլապես նրանք կկրեն դրա համար օրենքով սահմանված խիստ պատասխանատվություն»,- նշված է գրառման մեջ:  
20:37 - 10 հունիսի, 2022
Արդարադատության նախարարը Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ զրույցում անդրադարձել է դատաիրավական բարեփոխումների նոր ռազմավարությանը

Արդարադատության նախարարը Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ զրույցում անդրադարձել է դատաիրավական բարեփոխումների նոր ռազմավարությանը

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Կլեր Բազի-Մալորին: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: Նախարար Անդրեասյանն ընդգծել է, որ Եվրոպայի խորհրդի և Վենետիկի հանձնաժողովի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունն իր առանցքային դերակատարումն ունի անկախ դատական համակարգի կայացման համար՝ Կառավարության օրենսդրական նախաձեռնությունները կյանքի կոչելու հարցում։ Նախարար Անդրեասյանը գոհունակությամբ փաստել է, որ Վենետիկի հանձնաժողովի հետ մշտական երկխոսության առկայությունը թույլ է տալիս ավելի վստահ շարունակել արդարադատության որակի, դատական համակարգի նկատմամբ վստահության ձևավորման, դատավորների համար սոցիալական երաշխիքների ապահովման ուղղությամբ ջանքերի գործադրումը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել դատաիրավական բարեփոխումների նոր ռազմավարությանը և սահմանադրական բարեփոխումների շրջանակներում իրականացվող աշխատանքներին։  Նախարարը Անդրեասյանը հավելել  է, որ Սահմանադրության «իրավական աուդիտը» կօգնի հասկանալ սահմանադրական զարգացումների հետագա ուղղությունները։ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի-Մալորն իր հերթին շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար և վերահաստատել Հայաստանի կառավարության ժողովրդավարության օրակարգին աջակցելու Վենետիկի հանձնաժողովի պատրաստակամությունը՝ ընդգծելով ժողովրդավարության ամրապնդման և անկախ, բարեվարք դատական համակարգի կայացման ուղղությամբ ձեռնարկված և ձեռնարկվող քայլերի կարևորությունը: Կողմերը կարևորել են բարեփոխումների գործընթացին քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը։ Կողմերը քննարկել են նաև դատավորների կարգապահական պատասխանատվության գործիքակազմերին առնչվող հարցեր, դիտարկել ոլորտային այլ բարեփոխումներ՝ անդրադառնալով նաև քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերին, որոնք ուժի մեջ կմտնեն հուլիսի 1-ին։ Հանդիպման ավարտին նախարար Անդրեասյանը վերահաստատել է արդեն իսկ ձևավորված բարեփոխումների օրակարգով առաջ շարժվելու Կառավարության վճռականությունը:
22:34 - 09 հունիսի, 2022
ՀՀ արդարադատության նախարարը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության հարցեր

ՀՀ արդարադատության նախարարը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության հարցեր

 Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Կարա ՄքԴոնալդին, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին և Հայաստանում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Ալեքսիս Հաֆտվանիին: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ Նախարարը գոհունակություն է հայտնել ԱՄՆ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերի արդյունավետության, արձանագրած արդյունքների և հայ-ամերիկյան համագործակցության բարձր մակարդակի վերաբերյալ: «ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Կարա ՄքԴոնալդն իր հերթին պատրաստակամություն է հայտնել նոր ներդրումային ծրագրերով աջակցել Հայաստանի կառավարությանը պետական ծրագրերի իրագործման հարցում: Հատկապես կարևորվել է մեդիա դաշտի հիմնախնդիրները: ԱՄՆ ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանում բարեկիրթ մեդիա հարթակ ունենալուն, որտեղ ատելության խոսքը, բռնության քարոզը և վիրավորանքը տեղ չեն ունենա, սակայն միևնույն ժամանակ չի տուժի քաղաքացիների խոսքի ազատության իրավունքը: ԱՄՆ գործընկերներն համատեղ աշխատանքի արդյունքում ձեռքբերումներից լավագույնն են համարել Հայաստանում ժողովրդավարության առկա բարձր մակարդակը: Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված հարցեր՝ մատնանշվել են այդ ուղղությամբ կատարված աշխատանքները, ձեռքբերումները և այն բացերը որոնց օրենսդրական կարգավորման ուղղությամբ դեռ անհրաշետ է աշխատանքներ տանել»,- ասվում է հաղորդագրության մեջ: հանդիպման առանցքում են եղել նաև դատաիրավական համակարգի բարեփոխումները: Նախարարը ներկայացրել է դատավորների ընտրության, բարեվարքության ստուգման հարցում ունեցած ձեռքբերումները  և նշել, որ գրանցած արդյունքներով չպետք է բավարարվել և  պետք է անել հնարավորը, որպեսզի Հայաստանն ունենա իրապես բարեվարք և լիովին ապակոռումպացված դատական համակարգ: Նախարար Անդրեասյանը ներկայացրել է նաև ոստիկանության համակարգում տեղի ունեցող բարեփոխումները, մասնավորապես՝ նոր Ներքին գործերի նախարարության ձևավորման ուղղությամբ կատարված աշխատանքները, որտեղ մեծ դերակատարում ունի նաև ամերիկյան կողմը: Նշվում է, որ անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում սահմանադրական բարեփոխումների ընթացքին, որի վերջնարդյունքում միայն հնարավոր կլինի հասնել թիրախային խնդիրների համապարփակ լուծմանը: Հանդիպման ավարտին բարձր գնահատելով գրանցած արդյունքները՝ Արդարադատության նախարարության և ԱՄՆ ներկայացուցիչների միջև վերահաստատվել է վճռական կամքը՝ համատեղ ծրագրերի իրագործման և նոր ծրագրերի ուղենշման հարցում:
20:34 - 09 հունիսի, 2022
Խորհրդարանն ընդունեց Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դատավորների վարձատրությունը բարձրացնող նախագիծը

 |armenpress.am|

Խորհրդարանն ընդունեց Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դատավորների վարձատրությունը բարձրացնող նախագիծը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների դատավորների վարձատրությունը կբարձրանա: «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ արտահերթ նիստում քվեարկությամբ ստացավ 56 կողմ ձայն: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանի ներկայացմամբ՝ նախագծով առաջարկվում է Վճռաբեկ և Սահմանադրական դատարանների դատավորների պատշաճ սոցիալական երաշխիքների ապահովման նպատակով սահմանել նրանց պաշտոնին, կարգավիճակին և պատասխանատվությանը համարժեք վարձատրություն: Մասնավորապես վերանայվում է վերջիններիս վարձատրությունը՝ նրանց տրամադրվող հավելումները և հավելավճարների սահմանման միջոցով: Վճռաբեկ դատարանի դատավորների համար առաջարկվում է սահմանել հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով, իսկ Սահմանադրական դատարանի բոլոր դատավորների համար հավելավճարի չափը սահմանել ֆիքսված պաշտոնային դրույքաչափի 80 տոկոսի չափով, ինչի արդյունքում ՍԴ բոլոր դատավորները կստանան հավասար չափով հավելավճարներ:
19:36 - 09 հունիսի, 2022
300 հազար դրամից ավելի գործարքների դիմաց վճարումները պետք է կատարվեն անկանխիկ եղանակով

300 հազար դրամից ավելի գործարքների դիմաց վճարումները պետք է կատարվեն անկանխիկ եղանակով

Ազգային ժողովն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։  Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը նախագծի քննարկման ընթացքում ասաց՝ այս տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու 2022 թ. հունվարի 18-ին ընդունված «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, որի համաձայն՝ 300 հազար դրամից ավելի գործարքների դիմաց վճարումները պետք է կատարվեն անկանխիկ եղանակով: Սա վերաբերում է, մասնավորապես, գույքի օտարման, օգտագործման, աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման գործարքներին, որոնց գինը գերազանցում է 300 հազար դրամը կամ օրինակ՝ 500 հազար դրամը, եթե դրանք այնպիսի գործարքներ են, որոնց արդյունքում գույքի նկատմամբ իրավունքները ենթակա են գրանցման: Դրանք են, օրինակ՝ անշարժ  գույքի առք ու վաճառքը կամ ֆիզիկական անձանց միջեւ փոխառությունները՝ 300 հազար դրամը գերազանցելու դեպքում  եւ այլն։  «Այս կարգավորումները կյանքի կոչելու համար անհրաժեշտ է ապահովել, որ նմանատիպ գործարքներն իրականում կատարվեն անկանխիկ եղանակով»,- ասաց փոխնախարարը՝ ընդգծելով, որ քննարկվող նախագծով առաջարկվում է սահմանել, որ այն դեպքում, երբ չեն պահպանվել նշված օրենքի պահանջները, տվյալ գործարքը կհամարվի առոչինչ եւ անվավեր: Նախագիծն ընդունվեց 56 դեմ, 0 կողմ ձայներով։
19:32 - 09 հունիսի, 2022
Անձն, ում գործած արարքը Քրեական նոր օրենսգրքով հանցագործություն չի համարվի, կազատվի պատժատեսակներից. նախագիծն ընդունվեց

 |armenpress.am|

Անձն, ում գործած արարքը Քրեական նոր օրենսգրքով հանցագործություն չի համարվի, կազատվի պատժատեսակներից. նախագիծն ընդունվեց |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին օրենքի նախագիծը, որով, ի թիվս այլ փոփոխությունների, նախատեսվում է պատժատեսակներից, դաստիարակչական և բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներից ազատել այն անձանց, որոնց գործած արարքը Քրեական նոր օրենսգրքով այլևս հանցագործություն չի համարվի: Օրենքի նախագիծը հունիսի 9-ին արտահերթ նիստում քվեարկությամբ ստացավ 56 կողմ ձայն: Նախագծով նախատեսվում է, որ Քրեական նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո հիմնական և լրացուցիչ պատիժներից պետք է ազատվեն 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքով մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը օրինական ուժի մեջ մտած դատավճիռներով դատապարտված այն անձինք, որոնց կատարած արարքները Քրեական նոր օրենսգրքով այլևս հանցագործություններ չեն համարվում: Նոր Քրեական օրենսգրքով, օրինակ, գույքի բռնագրավումն այլևս որպես առանձին պատժի տեսակ չի գործելու: Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծով կատարվել են լրացումներ: Դրանք ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը: «Օրենքը սկզբում կարգավորում էր միայն պատիժների հետ կապված հարցերը, սակայն կան նաև դաստիարակչական և բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման հետ կապված դեպքեր, որոնք ևս պետք է ուշադրության առանձնանային: Այսպիսով` նախատեսվում է, որ այն անձանց նկատմամբ պետք է դադարեցնել դաստիարակչական և բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառումը, որոնց կատարած արարքները ՀՀ քրեական նոր օրենսգրքով այլևս հանցագործություններ չեն համարվում, և, որոնց նկատմամբ դատավճիռը կայացվել է 2003-ի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքով և օրինական ուժի մեջ է մտել մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը»,- ասաց փոխնախարարը: Կատարված մեկ այլ լրացումով սահմանվել է, որ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի կիրառումը դադարեցնելու մասին դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո անհապաղ, սակայն ոչ ուշ, քան 72 ժամվա ընթացքում հոգեբուժական կազմակերպությունը պետք է քննարկի անձին ոչ հոժարակամ հոսպիտալացման հիմքերի առկայությունը՝ Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին օրենքով սահմանված կարգով:
18:38 - 09 հունիսի, 2022
Վարչապետի գլխավորությամբ Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստում քննարկվել է Ներքին գործերի նախարարության նախնական մոդելը

Վարչապետի գլխավորությամբ Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստում քննարկվել է Ներքին գործերի նախարարության նախնական մոդելը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստ: Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, նիստում քննարկման առարկա է դարձել Ներքին գործերի նախարարության նախնական մոդելը: Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացրել է ՆԳՆ ձևավորման ֆունկցիոնալ-կառուցվածքային քարտեզը՝ այդ համատեքստում անդրադառնալով հիմնական գործառույթներին, ստորաբաժանումներին, օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակացույցին և հարակից այլ հարցերի: Նշվել է, որ առաջարկվող մոդելը լրամշակվել է Խորհրդի նախորդ նիստում շահագրգիռ գերատեսչությունների, քաղաքացիական հասարակության կողմից ներկայացված փոխադարձ ընդունելի առաջարկներով: Թեմայի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, արծարծվել է ստեղծվելիք ՆԳՆ կառուցվածքին և գործառույթներին, կառավարման և աշխատանքի կազմակերպման հայեցակարգին, աշխատակիցների սոցիալական ապահովության մեխանիզմներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Վարչապետը, կարևորելով ՆԳՆ ստեղծումը, նշել է, որ Կառավարությունը նախաձեռնել է նշված բարեփոխումը՝ ինստիտուցիոնալ առումով օպտիմալ կառույց ձևավորելու և աշխատակիցների համար սոցիալական երաշխիքների հուսալի համակարգ ներդնելու նպատակով: Ըստ այդմ՝ այն պետք է ունենա ծախսարդյունավետ և հստակ, չկրկնվող գործառույթներով կառուցվածք: Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատուներին միջգերատեսչական աշխատանքային խմբի ձևաչափով քննարկել բարձրացված հարցադրումները, մշակել դրանց լուծման առաջարկներ և գաղափարներ՝ առաջ շարժվելով նախատեսված ժամանակացույցով: Հաջորդիվ, Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը ներկայացրել է Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և 2020-2022թթ.  գործողությունների ծրագրի կատարման 2021թ. հաշվետվությունը և առաջիկա 6 ամսվա անելիքները: Նշվել է, որ շարունակական աշխատանքներ են իրականացվել Ռազմավարության առաջնային ուղղությունների՝ Պարեկային ծառայության ու Օպերատիվ կառավարման կենտրոնի ներդրման ուղղությամբ. 2022թ. ապրիլին Պարեկային ծառայության ստորաբաժանումներ են գործարկվել Լոռու և Շիրակի մարզերում: Նախատեսվում է մինչև տարեվերջ ՊԾ-ն գործարկել Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի և Արագածոտնի մարզերում: Ակնկալվում է, որ Պարեկային ծառայությունը, համաձայն Կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի, ՀՀ-ում ամբողջությամբ ներդրված կլինի 2024թ. ընթացքում: Մեկնարկել է նաև Օպերատիվ կառավարման կենտրոնի գործարկումը՝ Երևան քաղաքում, այժմ արդեն Լոռու և Շիրակի մարզերում, որից հետո՝ փուլային տարբերակով, ստորաբաժանումներ կստեղծվեն ողջ հանրապետությունում: Աշխատանքներ են իրականացվել նաև կրթական, միջազգային համագործակցության ոլորտում, Ոստիկանության ծառայողների վարձատրության և սոցիալական երաշխիքների համադրման, համայնքային ոստիկանության գործառութային և օրենսդրական աուդիտի ու այլ ուղղություններով: Փոխոստիկանապետը զեկուցել է նաև Վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման մասին: Ներկայացված զեկուցումներն ընդունվել են ի գիտություն:
16:38 - 06 հունիսի, 2022
Դատախազությունը միջոցներ է ձեռնարկել դրական վարքագծով դատապարտյալներին բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու ուղղությամբ

Դատախազությունը միջոցներ է ձեռնարկել դրական վարքագծով դատապարտյալներին բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու ուղղությամբ

ՀՀ գլխավոր դատախազությունում շարունակվում են ՀՀ Արդարադատության նախարարության ՔԿՀ-ներում պահվող անձանց վերաբերյալ կայացվող որոշումների օրենսդրության պահանջներին համապատասխանելու ուսումնասիրությունները: Ինչպես հայտնում են Գլխավոր դատախազությունից, այդ շրջանակում ստուգվել է նաև ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ դատապարտյալ Գ. Գևորգյանին պատիժը կատարելու համար մեկուսացվածության առավել ցածր աստիճանի՝ բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելը մերժելու մասին ՀՀ ԱՆ ՔԿԾ-ում գործող տեղաբաշխման հանձնաժողովի՝ 2022թ. մարտի 10-ի որոշման օրինականությունը: Արդյունքում՝ պարզվել է, որ 2020թ. հունիսի 23-ից ամուսնության նպատակով կնոջ առևանգելու համար 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված Գ. Գևորգյանը պատիժը կատարելու համար տեղաբաշխվել է «Վարդաշեն» ՔԿՀ կիսաբաց ուղղիչ հիմնարկ և կրել պատժի մեկ երրորդից ավելին: 2022թ. հունվարի 20-ին նա դիմում է ներկայացրել՝ խնդրելով իրեն կիսաբաց ուղղիչ հիմնարկից տեղափոխել բաց ուղղիչ հիմնարկ, ինչի հիման վրա ՔԿՀ պետը միջնորդագրով դիմել է Տեղաբաշխման հանձնաժողովին: Տեղաբաշխման հանձնաժողովի՝ 2022թ. մարտի 10-ի որոշմամբ, սակայն,  խնդրանքը մերժվել է այն հիմնավորմամբ, որ պատիժը կրելու ընթացքում վերջինս բավարար մասնակցություն չի ունեցել վերասոցիալականացման աշխատանքներին: Հանձնաժողովը հաշվի է առել նրա չաշխատելու հանգամանքը և գտել, որ բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելը դեռևս նպատակահարմար չէ: Ուսումնասիրելով Տեղաբաշխման հանձնաժողովի մերժման որոշումը, նյութերը և դատապարտյալի անձնական գործը՝  դատախազությունը գտել է, որ այն հակասում է գործող օրենսդրությանը: Մասնավորապես՝ հանձնաժողովը պատշաճ գնահատական չի տվել դատապարտյալի անձին՝ նախկինում դատապարտված և արատավորված չլինելու հանգամանքներին: Բացի այդ, պատիժը կրելն սկսվելուց գրեթե մեկ ամիս անց նրա մոտ նկատվել է վարքագծի դրական տեղաշարժ, որը կրել է շարունակական բնույթ. նա ընդգրկվել է ՔԿՀ-ում իրականացված համակարգչային հմտությունների, բիզնես գրագիտությունը, դեկորատիվ կիրառական արվեստի դասընթացներին և ստացել հավաստագիր,  մասնակցել է ՔԿՀ-ում անցկացված շախմատի, շաշկիի, սեղանի թենիսի, բիլիարդի առաջնություններին, ընդգրկվել մարզական ինքնագործ միավորման կազմում: Բացի այդ, ՔԿՀ-ն ևս տվել է դրական բնութագիր՝ արձանագրելով, որ Գ. Գ.-ն դրսևորում է դրական վարքագիծ, նրա ուղղման գործընթացում առկա է դրական դինամիկա, կատարած հանցագործության համար զղջում է, ընդունում է մեղքը, պատիժը կրելու ընթացքում բացասական (ռիսկային) հաշվառումների չի վերցվել: Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ հաշվի առնելով վերոնշյալը՝ դատախազությունը որոշմամբ միջնորդել է տեղաբաշխման հանձնաժողովին վերանայել Գ. Գևորգյանին պատիժը կատարելու համար բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելը մերժելու մասին իր որոշումը։ Չնայած տեղաբաշխման հանձնաժողովն այս տարվա ապրիլի 22-ի որոշմամբ մերժել է միջնորդությունը, սակայն Գլխավոր դատախազությունը հանձնաժողովին կրկին համանման միջնորդություն է ներկայացրել:
13:38 - 02 հունիսի, 2022
Արդարադատության նախարարը Վիլնյուսում հանդիպել է Լիտվայի ներքին գործերի նախարարին

Արդարադատության նախարարը Վիլնյուսում հանդիպել է Լիտվայի ներքին գործերի նախարարին

Երկօրյա պաշտոնական այցով Վիլնյուսում գտնվող Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հանդիպել է Լիտվայի Հանրապետության ներքին գործերի նախարար Ագնե Բիլոտաիտեին: Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից։ Հանդիպման ընթացքում նախարար Անդրեասյանը հայտնել է Հայաստանում ներքին գործերի նախարարության ստեղծման մասին և ներկայացրել գործընթացի մանրամասները: Լիտվացի գործընկերը պատրաստակամություն է հայտնել աջակցել նախարարության և ոստիկանության միջև փոխգործակցությանը, ինչպես նաև ոստիկանության ոլորտի բարեփոխումների թեմայով փորձի փոխանակմանը:Որպես Հայաստանում ներքին գործերի նախարարության ստեղծման գործընթացը համակարգող և ոստիկանության բարեփոխումներով զբաղվող՝ նախարար Անդրեասյանը լիտվացի գործընկերոջը հրավիրել է Հայաստան՝ ակնկալելով ամրապնդել հետագա համագործակցությունը: Կողմերն անդրադարձել են նաև պարեկային ծառայությանը վերաբերող և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:  
18:25 - 26 մայիսի, 2022