Կենտրոնական բանկ - ԿԲ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը պետական անկախ կառավարման կառույց է, որի գործունեության հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքում գների կայունության ապահովումն է։ Կենտրոնական բանկի միակ հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է։

Կենտրոնական բանկն իր գործունեությունը իրականացնելիս անկախ է Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից ինչպես ԿԲ խնդիրների նպատակադրման, այնպես էլ այդ խնդիրներին հասնելու գործիքակազմի ընտրության մեջ։ Կենտրոնական բանկը կառավարվում է Կենտրոնական բանկի խորհրդի կողմից: Կենտրոնական բանկի խորհուրդը կազմված է Կենտրոնական բանկի նախագահից, նրա երկու տեղակալներից, խորհրդի հինգ անդամներից։

ԿԲ-ն առաջարկում է նոր կարգ սահմանել արժութային դիլեր-բրոքերային ծառայություններում

ԿԲ-ն առաջարկում է նոր կարգ սահմանել արժութային դիլեր-բրոքերային ծառայություններում

ՀՀ կենտրոնական բանկը հանրային լայն քննարկման է ներկայացրել մի նախագիծ, որով առաջարկում է դադարեցնել արժութային դիլեր-բրոքերային գործառնությունները՝ որպես առանձին լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ:Այս մասին տեղեկանում ենք e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքից:«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ԿԲ-ի հիմնական նպատակն է ՀՀ-ում գների կայունության և ֆինանսական կայունության ապահովումը:«Հաշվի առնելով Հայաստանի տնտեսության զգայունությունը արտարժույթի փոխարժեքի տատանումների նկատմամբ՝ ֆինանսական կայունության նպատակի ապահովման համար առաջնային նշանակություն ունի Կենտրոնական բանկի կողմից արդյունավետ արժութային քաղաքականության իրականացումը: Այդ քաղաքականության շրջանակներում Կենտրոնական բանկը սահմանում է շուկայի մասնակիցների լիցենզավորման, ընթացիկ գործունեության կարգավորման և վերահսկողության կանոններ: Արժութային շուկայի կարգավորումները ոչ միայն լիցենզավորված գործունեության համար պարզապես կանոններ են, այլ նաև ապահովում են արժութային շուկաների կայունությունը: ՀՀ կենտրոնական բանկը նշված կանոնակարգումների միջոցով ապահովում է գների ու ֆինանսական կայունության իր հիմնական խնդիրները` զսպելով արժութային շուկայում չարաշահումները և զերծ պահելով ֆինանսական համակարգը արժութային շոկերից: Նման մոտեցումն ուղղված է նախ և առաջ շոկային իրավիճակներում հասարակության լայն զանգվածների շահերի պաշտպանությանը:Հարկ է նշել, որ նման մոտեցման պարագայում ծառայության հասանելիությունը սպառողների տարբեր խմբերին որևէ կերպ չի սահմանափակվի, քանի որ նշված ծառայությունները մատուցվում են շուկայում գործող այլ ֆինանսական կազմակերպությունների կողմից՝ ինչպես մասնաճյուղային լայն ցանցի, այնպես էլ օնլայն ծառայությունների միջոցով»,- նշված է նախագծում:ԿԲ-ն առաջարկում է «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-135-Ն օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 3-րդ հոդվածի 13-րդ ենթակետից հանել «լիցենզավորած արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառք իրականացնող անձինք (արժութային դիլերներ-բրոքերներ) բառերը: Իսկ Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.«2. Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի առքի կամ վաճառքի գործարքները, այդ թվում` սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պայմաններով գործարքները, իրականացվում են մասնագիտացված անձանց միջոցով՝ բացառությամբ ներդրումային ընկերությունների, որոնք կարող են իրականացնել արտարժույթի առք ու վաճառք՝ «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքով և/կամ դրա հիման վրա ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով: Մասնագիտացված անձանց կողմից իրականացվող արտարժույթի առք ու վաճառքի գործարքների փոխարժեքը և ծավալները սահմանում են մասնագիտացված անձինք»:
08:03 - 28 օգոստոսի, 2019
Կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը 2018թ. տվյալներով կազմել է 51.4% |hetq.am|

Կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը 2018թ. տվյալներով կազմել է 51.4% |hetq.am|

hetq.am։ 2018 թվականի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է մոտ 6 մլրդ 923 մլն դոլար կամ ՀՆԱ-ի 55.8%-ը։ Արտաքին պետական պարտքը կազմել է մոտ 5 մլրդ 533 մլն դոլար, իսկ ներքին պետական պարտքը՝ 1 մլրդ 390 մլն դոլար։ Տարվա ընթացքում (2017 թ. դեկտեմբերի վերջին գրանցված ցուցանիշի համեմատ) Հայաստանի պետական պարտքն աճել է 148.3 մլն դոլարով կամ 2.2%-ով։ Մասնավորապես, արտաքին պարտքը կազմել է ՀՆԱ-ի 44.6%-ը։ Այս մասին նշված է Ֆինանսների նախարարության ներկայացրած 2018 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության մեջ, որն այսօր քննարկվում է Ազգային ժողովում։ Հիմնական զեկուցողը Ատոմ Ջանջուղազյանն է։Արտաքին պարտքի հիմնական մասը` մոտ 4 մլրդ 983 մլն ԱՄՆ դոլարը, կառավարության պարտավորություններն են, իսկ 550 մլն ԱՄՆ դոլարը՝ կենտրոնական բանկի վարկային պարտավորություններն են։ 2018 թվականին Հայաստանի արտաքին պետական պարտքը բացարձակ արտահայտությամբ աճել է 38 մլն ԱՄՆ դոլարով (16.4 մլրդ դրամով) կամ 0.7%-ով։ Աճը մեծամասամբ արձանագրվել է ի հաշիվ ՀՀ կառավարության արտաքին պարտքի։ Իսկ ներքին պարտքն աճել է 110.3 մլն դոլարով կամ 8.6%-ով։Ընդհանուր առմամբ ՀՀ կառավարության պարտքը` ներքին և արտաքին, կազմել է մոտ 6 մլրդ 373 մլն ԱՄՆ դոլար, որը ՀՆԱ-ի 51.4%-ն է։ «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքով սահմանված է, որ յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կառավարության պարտքի և համախառն ներքին արդյունքի հարաբերակցության սահմանային շեմը 60%-ն է։ Այսինքն՝ այս տեսանկյունից պարտքը կառավարելի մակարդակում է։Իսկ ՀՀ կենտրոնական բանկի պարտքը 2018-ի վերջի դրությամբ 550 մլն ԱՄՆ դոլար է կամ ՀՆԱ-ի 4.4%-ը։«Հաշվետու տարում ՀՀ արտաքին պետական պարտքի սպասարկումը կազմել է ավելի քան 370.9 մլն ԱՄՆ դոլար, որից շուրջ 296.7 մլն ԱՄՆ դոլարը` կառավարության և շուրջ 74.3 մլն ԱՄՆ դոլարը` ԿԲ պարտավորությունների գծով»,- նշված է հաշվետվության մեջ: Նշենք, որ խոսքն այստեղ արտաքին պարտքի տոկոսավճարների մասին է։
11:20 - 19 հունիսի, 2019
Հայաստանում բանկային ոսկու ձուլման գործարան կբացվի |lragir.am|

Հայաստանում բանկային ոսկու ձուլման գործարան կբացվի |lragir.am|

lragir.am։ Շուտով Հայաստանում կբացվի ոսկու աֆինաժի գործարան, այսօր Ազգային ժողովում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարց ուղղեց ԿԲ նախագահին՝ դեռևս Տիգրան Սարգսյանի օրոք ԿԲ ոսկու պաշարները իրացվեցին, քայլեր արվո՞ւմ են դա վերականգնելու համար: «Իրավացի եք, 2004 թվականին վաճառվել է մեր՝ այն ժամանակ ոչ այնքան մեծ՝ 1.6 տոննա ոսկին: Վաճառելու իմաստը եղել է երկակի՝ առաջինը, գները համապատասխանաբար աճել են, և այդ պահին նաև բյուջեի եկամուտների հետ կապված խնդիր կար: Եվ ընդունվել է այդ որոշումը»,- ասաց Ջավադյանը:Ըստ նրա՝ դրանից հետո տարբեր աշխատաքներ են տարվել, և ոսկին դարձել է կտրականապես շատ ոչ հուսալի ակտիվ: Ոսկու գները շատ մեծ փոփոխության են ենթարկվում աշխարհում, և այսօր կան շատ ավելի հուսալի գործիքներ և ավելի իրացվելի, քան ոսկին:«Բայց ամեն դեպքում տեղեկացնեմ, որ մենք արդեն երկու տարի է՝ աշխատում ենք հեղինակավոր շվեյցարական ընկերության հետ: Եվ արդեն իսկ վեջին ակորդներ են, և շատ շուտով Հայաստանում կբացվի ոսկու աֆինաժի գործարան, որտեղ կարտադրվի հենց բանկային ոսկի, բանկային ձուլակտորներ»,- ասաց նա:Ըստ Ջավադյանի՝ ոսկի արտադրողները հնարավորություն կունենան կամ հանձնել ոսկին այդ գործարանին և արդյունքում ստանալ բանկային ձուլակտոր կամ ուղղակի վաճառել այդ գործանարին: «Մենք էլ հնարավորություն կունենանք արդեն հայկական դրամով, ազգային արժույթով շուկայից ոսկի գնենք: Ես հույս ունեմ, որ հաջորդ տարի մենք այդ հնարավորությունը կունենանք, արդեն ամեն ինչ պատրաստ է վերջնական, գործարանի նախնական տեղն ընտրված է գործընկերների հետ: Այստեղ իրենց պահանջով Կենտրոնական բանկն էլ կարող է լինել բաժնետեր, բայց լուռ բաժնետեր՝ 6-7 տոկոսանոց»,- ասաց նա:
09:31 - 19 հունիսի, 2019
Աշխատանքներ են տարվում, որ ԵՏՄ-ում գնանշումներն ազգային արժույթով արվեն. Ջավադյան |lragir.am|

Աշխատանքներ են տարվում, որ ԵՏՄ-ում գնանշումներն ազգային արժույթով արվեն. Ջավադյան |lragir.am|

lragir.am: Աշխատանքներ են տարվում այն ուղղությամբ, որպեսզի ԵՏՄ շրջանակներում ոչ միայն երկրները հնարավորություն ունենան ազգային արժույթով վճարելու ռազմավարական նշանակության ապրանքների դիմաց, այլ նաև որպեսզի գնանշումները կատարվեն ազգային արժույթով: Այս մասին Ազգային ժողովում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:«ԵՏՄ շրջանակներում այդպիսի հարթակ արդեն իսկ փորձում ենք ստեղծել: Հարթակները կարող են լինել երկուսը՝ մեկը կարող է լինել միջպետական բանկը, որի անդամ են ԵՏՄ անդամ բոլոր երկրները: Երկրորդ, առաջարկություն ենք ստացել նաև Եվրասիական բանկի կողմից: Եվ կան այլ բազմաթիվ հնարավորություններ: Այս պահին բավական լուրջ խումբ է ինտենսիվ աշխատում այդ շրջանակում: Խոսքը ոչ միայն վճարումները կատարելու, այլ նաև գնանշումերը ազգային արժույթներով կատարելու մասին է: Մեր առաջարկությունը եղել է դեռևս մոտ 8 տարի առաջ, ես անձամբ եմ այդ առաջարկությունն արել, որ ստրատեգիական ապրանքների գծով գնանշումները, ինչպիսիք են գազը, ցորենը և այլն, իրականացվի ազգային արժույթով: Դա ավելի կարևոր է, քան թե եթե փոխանցումները կատարվեն»,- ասաց նա:Ըստ Ջավադյանի՝ ազգային արժույթով փոխանցումներն այսօր էլ պատրաստ են գործի դնել: Ռուսաստանն ասում է՝ գազի դիմաց կարող եք փոխանցել, օրինակ, ռուսական ռուբլիով: «Բայց դա նշանակում է ավելորդ ծախս, եթե հաշվարկները գնում են ոչ ռուսական ռուբլով, այլ ԱՄՆ դոլարով, իմաստը կորում է այդ դեպքում նման փոխանցում անելու: Հիմա այդպիսի հարթակներ բացվում են, շատ շուտով այդ հնարավորությունը կունենանք»,- հավելեց ԿԲ նախագահը:
08:53 - 19 հունիսի, 2019
Կենտրոնական բանկի նախագահը մասնակցում է Դուբրովնիկի 25-րդ միջազգային տնտեսական կոնֆերանսի աշխատանքներին

Կենտրոնական բանկի նախագահը մասնակցում է Դուբրովնիկի 25-րդ միջազգային տնտեսական կոնֆերանսի աշխատանքներին

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Դուբրովնիկ, որտեղ հունիսի 17-18-ը մասնակցելու է Դուբրովնիկի 25-րդ միջազգային տնտեսական կոնֆերանսի աշխատանքներին` տարածաշրջանի կենտրոնական/ազգային բանկերի, միջազգային ֆինանսական կառույցների ղեկավարների, ինչպես նաև առաջատար համալսարանների և գիտական շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ: Կոնֆերանսում քննարկվելու են համաշխարհային առևտրին, գլոբալացմանը, եվրոպական ու գլոբալ բանկինգի ապագային, դրամավարկային քաղաքականությանը, կենտրոնական բանկերի ինստիտուցիոնալ զարգացմանը վերաբերող հարցեր: ԿԲ նախագահը նախագահելու է կոնֆերանսի պլենար նիստերից մեկը, որը նվիրված է Կենտրոնական բանկերի անկախության խնդիրներին: Նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ գործընկեր կառույցների ներկայացուցիչների հետ:
09:24 - 17 հունիսի, 2019
Վարկային կազմակերպություններից 32-ը շահույթով են աշխատել, 6-ը՝ վնասով. 2018-ի միտումները |hetq.am|

Վարկային կազմակերպություններից 32-ը շահույթով են աշխատել, 6-ը՝ վնասով. 2018-ի միտումները |hetq.am|

hetq.am։ Հայաստանի ֆինանսական համակարգի երկրորդ խոշոր հատվածը վարկային կազմակերպություններն են, որոնց ակտիվները, 2018 թվականի տվյալներով, կազմում են ֆինանսական համակարգի ընդհանուր ակտիվների 9.5 %-ը։ 2017 թվականին վարկային կազմակերպությունների կշիռը կազմել է 9.3 %: Հիշեցնենք, որ առաջին տեղում բանկերն են, որոնց բաժին է ընկնում երկրի ֆինանսական համակարգի ակտիվների 85.1 %-ը։ Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) ներկայացրած տվյալները ցույց են տալիս, որ 2017 թվականի վերջի համեմատ 2018 թվականի վերջի դրությամբ Հայաստանում գործող վարկային կազմակերպությունների ակտիվները միասին աճել են 17.1 %-ով, պարտավորությունները՝ 20.3%-ով և կապիտալը՝ 14.4 %-ով։ «Վարկային կազմակերպությունների ընդհանուր ակտիվների աճի տեմպը գերազանցել է ընդհանուր կապիտալի աճի տեմպը, ինչի արդյունքում ընդհանուր կապիտալի և ընդհանուր ակտիվների հարաբերակցության ցուցանիշը նվազել է 1.3 տոկոսային կետով և կազմել 52.9 %»,- նշված է ԿԲ-ի «Ֆինանսական կայունության հաշվետվություն, 2018 թ.» տարեկան պարբերականի մեջ, որը հրապարակվել է օրեր առաջ։32 վարկային կազմակերպություն աշխատել է շահույթով, 6-ը՝ վնասով 2018 թվականին վարկային կազմակերպությունների զուտ շահույթը կազմել է 56.6 մլրդ դրամ։ Ընդ որում, շահույթով աշխատել է 32 վարկային կազմակերպություն, իսկ վնասով՝ 6 վարկային կազմակերպություն։ Նախորդ տարվա ՝ 2017 թվականի համեմատ, ըստ ակտիվների (RoA) և ըստ կապիտալի (RoE) շահութաբերության ցուցանիշները նվազել են համապատասխանաբար 1.4 և 2 տոկոսային կետերով՝ կազմելով համապատասխանաբար 10.6 % և 22.6 %:   Շարունակությունը՝ hetq.am
10:35 - 14 հունիսի, 2019
Կենտրոնական Բանկի նախագահը պարզաբանել է, թե ինչու  ՌԴ-ից ու Ղազախստանից Հայաստան դրամական փոխանցումներ չեն գալիս |news.am|

Կենտրոնական Բանկի նախագահը պարզաբանել է, թե ինչու ՌԴ-ից ու Ղազախստանից Հայաստան դրամական փոխանցումներ չեն գալիս |news.am|

news.am։ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին՝ ինչո՞ւ Ռուսաստանից ու Ղազախստանից փոխանցումներ չեն գալիս Հայաստան:«Մենք ստուգել ենք այդ տեղեկությունները, դրանք կապված են իրենց բանկային համակարգի հետ: Խնդրել ենք մեր գործընկերներին, եթե այդպիսի դեպքեր լինեն, տեղեկացնեն, խնդրում ենք քաղաքացիներին՝ առաջին հերթին դիմեն տեղի պատկան մարմիններին՝ այն բանկերին, որ փոխանցում չեն անում: Ակնհայտ է, որ ՀՀ-ում որեւէ խոչընդոտ չկա փող ընդունելու հարցում: Փոխանցում չանելն անհասկանալի է, որքանով մենք պարզել ենք, նման խնդիր չկա: Հնարավոր է փողերի լվացման հետ կապված խնդիրներ լինեն եւ այդ երկրներում գումարները չթողնեն»,- ասաց նա: Լրագրողների դիտարկմանը, թե դա կարող է որեւէ կերպ պայմանավորված լինել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ղազախստան կատարած այցի հետ, Ջավադյանն ասաց, որ դա որեւէ կապ չունի իրականության հետ:«Ինչո՞ւ, ասենք, Ֆրանսիայից ու ԱՄՆ-ից փոխանցումներն ազատ գալիս են, Ռուսաստանից ու Ղազախստանից՝ չէ: Ես փորձել եմ խոսել Ռուսաստանի իմ գործընկերոջ հետ, այդպիսի խոչընդոտ չկա: Դա որեւէ կապ չունի ոչ վարչապետի այցի հետ, ոչ էլ ՌԴ իրավիճակի հետ: Ես շատ կասկածում եմ, որ հնարավոր է՝ լինեն տեխնիկական խնդիրներ՝ կապված հենց իրենց ներքին շուկայի զարգացումների հետ, հնարավոր է՝ այդ տեխնիկական խնդիրների պատճառով փոխանցումները չգան: Որեւէ խոչընդոտ չկա, ես վստահեցնում եմ»,- ընդգծեց Արթուր Ջավադյանը:
14:00 - 03 հունիսի, 2019
Կենտրոնական Բանկը կանխատեսում է տնտեսական աճ 4.6 % - 6.1 %  միջակայքում

Կենտրոնական Բանկը կանխատեսում է տնտեսական աճ 4.6 % - 6.1 % միջակայքում

armenpress.am։ ՀՀ կենտրոնական բանկի կարճաժամկետ կանխատեսումներով՝ 2019-ին տնտեսական աճը կգտնվի 4.6-6.1 տոկոս միջակայքում: ԿԲ-ի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումն ԱԺ լիագումար նիստում ներկայացրեց բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: «Ներկայացնեմ այն մակրոմիջավայրը, որի հիման վրա կանխատեսվել է գնաճի ցուցանիշը և մշակվել է դրամավարկային քաղաքականություն առաջիկա ժամանակահատվածի համար: Մեր կարճաժամկետ կանխատեսումների համաձայն՝ 2019-ին տնտեսական աճը կգտնվի 4.6-6 .1 տոկոս միջակայքում, որին հիմնականում նպաստելու է մասնավոր սպառումը: Մասնավոր սպառման բարձր աճին հիմնականում նպաստելու է բիզնեսին տրված վարկերի աճի համեմատ տնային տնտեսություններին տրված վարկերի առաջանցիկ աճի տեմպը »,-ներկայացրեց Ջավադյանը:   Նրա խոսքով՝ ակնկալվում է ներդրումների ավելի համեստ աճ՝ պայմանավորված 2018-ին գրանցված բարձր աճով, որը բազային ազդեցությունը ունի 2019-ի ներդրումների աճի ցուցանիշների վրա: Տնտեսական աճի վրա մյուս երկու տարրերի՝ զուտ արտահանման և հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը տարվա ընթացքում կլինի որոշակի զսպող՝ պայմանավորված արտահանմանը զուգահեռ նաև ներմուծման աճի տեմպերով և պետական բյուջեի պակասորդի կրճատմամբ:«Կանխատեսվող հորիզոնում, որը մեր դեպքում 12 եռամսյակ է, տնտեսական աճը գտնվում է 3.8-5.9 տոկոս միջակայքում: Իսկ միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածում տնտեսական աճի զարգացումները մեծապես կորոշվեն տնտեսության արտադրման հզորությունների ընդլայնմամբ, կառավարութան կողմից իրականացվող կառուցվածքային բարեփոխումների ընթացքում և գործընկեր երկրներում ակնկալվող տնտեսական աճի ներուժային մակարդակներում»,-նշեց Ջավադյանը:
13:08 - 03 հունիսի, 2019
Գնաճն այս պահին 2.2% է, ցածր է և կառավարելի․ Ներսես Երիցյան |tert.am|

Գնաճն այս պահին 2.2% է, ցածր է և կառավարելի․ Ներսես Երիցյան |tert.am|

tert.am: Հանրապետությունում գնաճն այս պահի դրությամբ 2.2% է, որը տարվա կտրվածքով կլինի մեր նպատակադրման թույլատրելի միջակայքի ստորին սահմանին։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարություն արեց ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը: Նրա խոսքով՝ կանխատեսվող ժամանակահատվածում, որը 36 ամիսն է, գնաճը կկայունանա ԿԲ նպատակային ցուցանիշի շուրջ։ «Տարվա կտրվածքով դա կլինի մեր նպատակադրման թույլատրելի միջակայքի ստորին սահմանին: Մեր նպատակը 4% է, այսինքն՝ ստորին սահմանը՝ 2.5-3.5 շրջանակներում է: Երեք տարվա կտրվածքով գնաճը կկայունանա մեր նպատակադրման սահմաններում», - մանրամասնեց նա։Ներսես Երիցյանը նկատեց, որ շատ անգամ քաղաքացիները դժգոհում են գնաճից։ Ըստ նրա՝ պատճառն այն է, որ մի քանի ապրանքներ, որոնք այդ խումբը սպառում է, ավելի շատ են թանկացել։ «Դրա համար մենք ցածր գնաճի կողմնակից ենք։ Գնաճի արագացումը բոլոր ապրանքների մասով չէ, որ 1% փոփոխությամբ է տեղի ունենում։ Որոշ ապրանքներ, որոնք ավելի շատ են սպառվում, ավելի են թանկանում։ Այդ պատճառով, ընդհանուր առմամբ, ցածր գնաճը երաշխավորում է, որ բոլոր ապրանքների գների բարձրացումը լինի թույլատրելի սահմանում»,- նշեց Ներսես Երիցյանը։
08:49 - 21 մայիսի, 2019
Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումները նվազել են, այլ երկրներից՝ աճել |hetq.am|

Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումները նվազել են, այլ երկրներից՝ աճել |hetq.am|

hetq.am: Այս տարվա առաջին եռամսյակում ֆիզիկական անձինք բանկային համակարգի միջոցով արտերկրից Հայաստան են փոխանցել մոտ 391.5 մլն դոլարին համարժեք գումար։ Ինչպես վկայում են Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) տվյալները, 2018 թվականի առաջին եռամսյակի համեմատ տրանսֆերտների այս ծավալն աճել է 33.2 մլն դոլարով կամ 9.2%-ով։ Աճել է ինչպես արտերկրից Հայաստան փոխանցվող գումարների ծավալը, այնպես էլ՝ Հայաստանից դեպի արտերկիր փոխանցվող։ Այսպես, այս տարվա առաջին երեք ամիսներին Հայասատնից արտերկրի է փոխանցել մոտ 286.7 մլն դոլարին համարժեք գումար, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 13.2 մլն դոլարով կամ 4.8%-ով։ Հիշեցնենք, որ խոսքը ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի կատարած դրամական փոխանցումների մասին է։ Այս տարի դրական դինամիկա է նկատվում նաև զուտ ներհոսքի մասով, որը ցույց է տալիս դեպի Հայաստան և Հայաստանից արտերկրի կատարված դրամական փոխանցումների տարբերությունը։ Այլ խոսքով՝ զուտ ներհոսքը ներհոսքի ու արտահոսքի տարբերությունն է։ Այն այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 104.8 մլն դոլար, որը նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճել է մոտ 20 մլն դոլարով կամ 23.5%-ով։ Ռուսաստանից եկող փողը պակասել է, այլ երկրներից՝ աճելԴեպի Հայաստան ամենից շատ Ռուսաստանից է գումար ուղարկվում, ինչը, բնականաբար, պայմանավորված է այդ երկրում արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցների ուղարկած գումարներով։ Սակայն, դեռևս նախորդ տարվա վերջերից Ռուսաստանից եկող փողը պակասում է։ Մասնավորապես, այս տարվա առաջին երեք ամիսներին բանկային համակարգի միջոցով Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումները կազմել են 195.6 մլն դոլար, որը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ կրճատվել է 6.1 մլն դոլարով կամ 3%-ով։Փոխարենը զգալի ավելացել է այլ երկրներից կատարվող դրամական փոխանցումների ծավալը։ Կենտրոնական բանկը տրանսֆերտների վիճակագրությունը ներկայացնելիս առաձնացնում է մի քանի երկներ, ինչպես Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Գերմանիան, Իսպանիան, Ֆրանսիան և այլն։ Եվ մնացած երկների ցուցանիշները ներկայացնում է «այլ երկրներ» տողով։ Այս տարվա առաջին եռամսյակում նշված «այլ երկրներից» Հայաստան է փոխանցել մոտ 105 մլն դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 38.8 մլն դոլարով կամ 58.6%-ով աճել է։ Բայց թե կոնկրետ որ երկրների մասին է այստեղ խոսքը, Կենտրոնական բանկը չի մանրամասնում։ Ավելին՝ hetq.am
07:25 - 14 մայիսի, 2019