Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի խորհրդական, ՀՀ ԿԳՄՍ նախկին նախարար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ սեպտեմբերի 2-ին։ 1986-1996 թվականներին սովորել է Երևանի Վիկտոր Համբարձումյանի անվան թիվ 12 միջնակարգ դպրոցում։

1996-2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում՝ 2001 թվականին ստանալով արաբագիտության բակալավրի, իսկ 2003 թվականին՝ արաբագիտության մագիստրոսի աստիճան։ 1998-1999 թվականներին սովորել է Դամասկոսի «Արաբերենն արտասահմանցիների համար» ինստիտուտում:

2007 թվականին ավարտել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրան՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի աստիճան («Թուրք-սիրիական հարաբերությունները 1980 թվականներին – 21-րդ դարի սկզբին»)։ Գիտական 6 հոդվածի հեղինակ է: 2007 թվականից դասախոսում է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում, «Արաբագիտության արդի հիմնախնդիրներ» մագիստրոսական ծրագրի ղեկավարն է: 2005-2006 թվականներին աշխատել է մարդու իրավունքների «Հելսինկյան ասոցիացիայում»` որպես ծրագրի ղեկավար: 2010-2011 թվականներին` 1in.am լրատվական կայքում` որպես միջազգային բաժնի պատասխանատու:

2013-2015 թվականներին` Araratnews.am կայքում` որպես միջազգային բաժնի պատասխանատու։ 2008 թվականին եղել է «ՀԻՄԱ» երիտասարդական նախաձեռնության համահիմնադիր: 2011 թվականից «ՀԻՄԱ» ՀԿ խորհրդի անդամ է։ 2014 թվականից «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության անդամ է: 2007-2010 թվականներին ներգրավված է եղել հայ-թուրքական հաշտեցման երիտասարդական նախաձեռնություններում։

2013-2015 թվականներին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ: 2015-2016 թվականներին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ: 2016 թվականի հոկտեմբերի 30-ին վերընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի մայիսի 14-ին «Ելք» դաշինքի առաջադրած ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ: 

2019թ. հունիսի 1-ին նշանակվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, 2020թ․ նոյեմբերի 23-ին ազատվել է պաշտոնից։

2020թ․ նոյեմբերի 24-ին նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական։

Սիմոն Մարտիրոսյանը դիմել էր ԿԳՄՍ նախարարությանը՝ Արմավիրում մարզադահլիճ կառուցելու համար․ որոշեցինք կառուցել․ նախարա |armtimes.com|

Սիմոն Մարտիրոսյանը դիմել էր ԿԳՄՍ նախարարությանը՝ Արմավիրում մարզադահլիճ կառուցելու համար․ որոշեցինք կառուցել․ նախարա |armtimes.com|

armtimes.com: Այսօր ՀՀ Կառավարությունը ԿԳՄՍ նախարարության բյուջեից որոշեց 743 մլն դրամ հատկացնել մի շարք ուսումնական եւ մարզական հաստատատությունների շենքային պայմանների բարելավմանը։ Նախատեսված է նաեւ Արմավիրի մարզում ծանրամարտի ժամանակակից մարզադահլիճ կառուցել։   ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով Արմավիրում ծանրամարտի ժամանակակից մարզադահլիճ կառուցելուն, ասաց. «Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը եւ նրա մարզիչն ու գործընկերները դիմել էին մեզ, որպեսզի Արմավիրում մարզադահլիճ կառուցվի։ Այս տարածաշրջանում ծանրամարտի հետ կապված կա հետաքրքրություն, սակայն չկան համապատասխան պայմաններ, ուստի որոշեցինք մարզադալիճ կառուցել»,- ասաց Հարությունյանը։ Հարությունյանի խոսքով՝ Արմավիրում մարզադահլիճի կառուցումը լրացուցիչ կխթանի տարածաշրջանում մարզաձեւի զարգացումը, իսկ Սիմոն Մարտիրոսյանն էլ անմիջական մասնակցություն կունենա մարզադահլիճի հետագա գործունեությանը։Նախարարն ասաց՝ իրենք տեղեկություններ ունեն, որ 2016-ի օլիմպիական խաղերի ժամանակ երկրորդ տեղ գրաված Սիմոն Մարտիրոսյանը հնարավոր է՝ ոսկե մեդալ ստանա, քանի որ առաջին տեղ գրաված մարզիկը դոպինգի պատճառով որակազրկվել է։ Հարությունյանը հայտնեց նաեւ, որ մարզադահլիճի կառուցման համար արդեն իսկ նախագծեր են պատրաստվում։
14:28 - 07 մայիսի, 2020
ՀՀ-ում շինարարական ընկերությունները արտագնա աշխատանքի չգնացողներին աշխատանք կառաջարկեն |aysor.am|

ՀՀ-ում շինարարական ընկերությունները արտագնա աշխատանքի չգնացողներին աշխատանք կառաջարկեն |aysor.am|

aysor.am: Կառավարության այսօրվա նիստին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ կապիտալ շինարարություններին։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանն ասաց, որ աննախադեպ ծրագրեր են լինելու թե քանակական, թե ֆինանսական առումով։ Նրա խոսքով՝ այսօր սկսվում է 74 կրթական, մշակութային, մարզական նշանակության օբյեկտների նախագծային աշխատանքներ, որոնց մի մասն արդեն ավարտման փուլում է, մի մասը կավարտվի մինչև օգոստոս։ Ղուլարյանն ասաց, թե պատրաստ է նաև 30-ից ավելի օբյեկտների նախագծային աշխատանք։ «Ընդհանուր առմամբ՝ կարելի է ասել, որ 111 կրթական, մշակութային օբյեկտների նախագծային աշխատանքներն ավարտված են կամ ավարտական փուլում են, դրանցից 90-ի շինարարության մրցույթները կիրականացնի Քաղաքաշինության կոմիտեն, իսկ 21 ու ավելի օբյեկտի շինարարությունը կիրականացվի ԿԳՄՍ նախարարության պատվիրատվությամբ», - ասաց նա։ Տիգրան Ավինյանն արձագանքեց, թե կարևոր է, որ արագության առումով ավելի առաջանցիկ քաղաքականություն որդեգրեն։ «Մեր առաջնահերթությունների եռյակում պետք է լինեն այս ծրագրերը», - ասաց Ավինյանը։ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ ՀՀ ամբողջ տարածքում են տեղի ունենալու շինարարությունները։ «Շինարարական ընկերությունները բոլոր մեր այն համաքաղաքացիներին, որոնք հնարավորություն չեն ունեցել մեկնել արտագնա աշխատանքի կամ այս պահին ունեն աշխատանքի խնդիր, կներգրավեն այս գործընթացի մեջ», - ասաց Հարությունյանը։
11:51 - 07 մայիսի, 2020
«Այբ» հիմնադրամում մեծ պրոբլեմներ կան, ուսումնասիրությունները հանձնել ենք իրավապահներին․ Արայիկ Հարությունյան
 |tert.am|

«Այբ» հիմնադրամում մեծ պրոբլեմներ կան, ուսումնասիրությունները հանձնել ենք իրավապահներին․ Արայիկ Հարությունյան |tert.am|

tert.am: Խորհրդականս պարզել է, որ «Այբ» հիմնադրամում մեծ պրոբլեմներ կան, ուսումնասիրությունները հանձնել ենք իրավապահներին։ Այս մասին այսօր Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանին։ Պատգամավորը հիշեցրեց նախարարի 2 տարի առաջ արված ֆեյսբուքյան գրառումը, որտեղ Արայիկ Հարությունյանը նշել էր, որ «Այբ» հիմնադրամը և այդ դպրոցի հիմնադիրներից Տեր Մեսրոպ քահանա Արամյանը կրթությանը ամենաշատ վնաս են հասցրել․ «Խոստացել էիք «Այբ»-ում աուդիտ անել, արդյոք կայացե՞լ է աուդիտը»,- հարցրեց Աննա Կոստանյանը։ «Տիկին Կոստանյան, մեր հարցուպատասխանները սերիալի են նմանվում։ Ես կփորձեմ այնպես անել, որ այդ սերիալը որակով լինի, կխնդրեմ նույն էլ դու անեք։ Այո, ես Տեր Մեսրոպի գործունեության հետ կապված արել եմ քաղաքական հայտարարություն։ «Այբ»-ի գործունեության հետ կապված, ես չգիտեմ, զուգադիպել է ձեր հարցը, թե ոչ, գուցե դատախազությունում նաև աղբյուրներ ունեք։ Ես նոր խորհրդական ունեմ, որը ուժային կառույցներում աշխատանքի բավականին մեծ փորձ ունի և նմանատիպ գործերը քննելն իրեն եմ հանձնարարել։ Վերջերս նա զեկուցեց, որ իսկապես այդտեղ մեծ պրոբլեմներ կան, թեպետ, նախկինում էլ ուսումնասիրվել էր։ Հիմա համապատասխան մարմիններին ենք դա հանձնել»,- նշեց Արայիկ Հարությունյանը։
19:36 - 06 մայիսի, 2020
Աժ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է նախադպրոցական կրթության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը

Աժ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկում է նախադպրոցական կրթության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը

Ազգային ժողովը քննարկում է կառավարության կողմից ներկայացված «Նախադպրոցական կրթության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջովին ընդունելու մասին հարցը։  Նախագծի հիմնական զեկուցողը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն է։ Նախարարը նշեց, որ ԱԺ ԿԳՄՍԵ մշտական հարցերի հանձնաժողովի հետ արդյունավետ աշխատանք է իրականացվել  և տեղի են ունեցել խմբագրումներ։ Նախարարի խոսքով արված փոփոխությունները հեղափոխական են ոլորտի համար։ Այս օրենքը բավականին  լուրջ փոփոխություններ է նախատեսում նախադպրոցական կրթության ոլորտում։  « Սահմանվել են նախադպրոցական կրթության բնագավառում պետական քաղաքականությունը և պետական քաղաքականության սկզբունքները։ Տարանջատվել են նախադպրոցական կրթության խնդիրները, նպատակները։ Մասնավորապես, որպես խնդիր ավելացվել են նախադպրոցական կրթության հանրային նշանակության բարձրացումն ու որակի  բարելավումը։ Որակյալ նախադպրոցական կրթություն տրամադրելու հավասար հնարավորությունների՝ ներառականության և մատչելիության ապահովումը խելամիտ հարմարությունների միջոցով»,- առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում արված փոփխությունների մասին նշեց նախարարը։ Հարությունյանի խոսքով ամրագրվել են նախադպրոցական հաստատություն ընդունվելու առաջնահերթության իրավունքից օգտվող խմբերը՝ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն, երեք և ավելի երեխա ունեցող, զինծառայող ծնողի կամ ծնողների երեխաները  և այլն ։ Նկարագրվել է նախադպրոցական կրթական ծրագրերի բաղադրիչները։  «Նախադպրոցական երեխաների բժշկական սպասարկման մասով ավելացվել է դրույթ, համաձայն որի նախադպրոցական ուսումնական հաստատությունը ապահովում է սաների առաջնային բուժսպասարկումը և հսկողությունը։ Վերանայվել է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպման վերաբերյալ հոդվածը, ավելացվել են երեխաների իրավունքների դրույթներ։ Սահմանվել են ուսումնական հաստատության մանկավարժական բուժզննությունը, տարեկան առնվազն մեկ անգամ, պարտադիր վերապատրաստումը տարեկան մանկավարժական աշխատատեղերի մեկ- հինգերորդը»,- տեղեկացրեց նախարարը։  Վերջինս  նշեց, որ ամրագրվել է նաև նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի  հավաստագրման դրույթը, որով ուսումնական հաստատության տնօրենի  թափուր տեղի համար  կարող է դիմել, իսկ ընտրվելու դեպքում մասնակցել հայտարարված մրցույթին կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանված կարգով վերապատրաստված և ղեկավարման իրավունք, հավաստագիր ստացած անձը։ «Նախագծում նկարագրվել են նաև տնօրենի գործառույթները,  հաստատության  զարգացման ծրագիր ունենալու պահանջը, նկարագրվել են նախադպրոցական ուսունական հաստատության տեսակները, լրամշկվել են նախադպրոցական կրթության բնագավառի մարմինների և նրանց իրավասությունների դրույթները։Ավելացվել են նախադպրոցական ուսումանկան հաստատության գործունեության գնահատման դրույթները, մասնավորապես կիրականացվի ներքին և արտաքին գնահատում»,- եզրափակեց Արայիկ Հարությունյանը։   
13:45 - 05 մայիսի, 2020
Նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է Էջմիածնում կառուցվող ավագ դպրոց

Նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է Էջմիածնում կառուցվող ավագ դպրոց

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը կիրակի` մայիսի 3-ին, այցելել է Արմավիրի մարզի Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոց, որտեղ ընթանում են կապիտալ շինարարության ծավալուն աշխատանքներ: Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցը «Կրթության բարելավում» վարկային ծրագրի երկրորդ փուլով հիմնանորոգվող 8 ավագ դպրոցներից մեկն է, որտեղ շինարարական աշխատանքները մեկնարկել են 2019թ. դեկտեմբերից: ԿԳՄՍ նախարարը շրջել է շինհրապարակում, ծանոթացել աշխատանքների ընթացքին: Արդեն ավարտին են հասցվել ավագ դպրոցի նախկին շենքի կազմաքանդման աշխատանքները, իսկ տանիքի կառուցման, պատուհանների տեղադրման, շենքի հիմքերի ուժեղացման և ամրացման մետաղական ցանցի և պատերի ջերմամեկուսացման շերտի տեղադրման աշխատանքները շարունակվում են: ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ստուգել է համավարակով պայմանավորված անվտանգության պարտադիր պայմանների ապահովումը նորոգման աշխատանքների կատարման ընթացքում: «Հիշեցնենք, որ Պարետի՝ 2020 թվականի ապրիլի 12-ի N 37 որոշման համաձայն` ՀՀ տարածքում ամբողջությամբ թույլատրվել է բացօթյա շինարարության գործունեությունը, որից հետո և մայրաքաղաքում և ՀՀ մարզերում ապրիլի 13-ից մեկնարկել են «Կրթության բարելավում» վարկային ծրագրով ընթացող շինարարական աշխատանքները: Նախարար Արայիկ Հարությունյանը հատուկ շեշտել է, որ հնարավոր ամեն ինչ պետք է անել «Կրթության բարելավում» վարկային ծրագրով ընթացող շինարարական աշխատանքների որակն ու տեմպը պահելու և ժամանակին ավարտելու համար: ԿԳՄՍ նախարարը ևս մեկ անգամ հորդորել է հետևել Պարետի բոլոր ցուցումներին, լինել կարգապահ, պահպանել անվտանգության պարտադիր պայմանները` ապահովել համավարակի ժամանակ աշխատանքի կազմակերպման կանոնները. «Պետք է փաստեմ, որ պահանջները պահպանվում են` աշխատողներին ունեն դիմակներ, կատարվում է ջերմաչափում և այլն»,- նշել է նախարարը: Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի տնօրեն Գրիշա Հովհաննիսյանի նախաձեռնությամբ` տեղի էր ունեցել հանդիպում այն շինարարական ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնք «Կրթության բարելավում» ծրագրով իրականացնում են թվով 8 ավագ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները: Հեռավար ձևաչափով հանդիպմանը մասնակցել էր նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Ծրագրում ընդգրկված բոլոր 8 դպրոցների ընտրությունն իրականացվել է` հիմք ընդունելով սեյսմիկ անվտանգության չափանիշները: Հիմնանորոգվող դպրոցների ցանկը` ստորև. Սյունիքի մարզի Գորիսի Ակսել Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոց, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հենակետային վարժարանում (ավագ դպրոց), ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի Խ.Աբովյանի անվան ավագ դպրոց, Երջանի թիվ 42 ավագ դպրոց, Երևանի թիվ 142 ավագ դպրոց, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ակադեմիական վարժարան, Շիրակի մարզի Արթիկ քաղաքի թիվ 3 ավագ դպրոց, Արմավիրի մարզի Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոց»,- ասվում է հաղորդագրության մեջ:
19:21 - 04 մայիսի, 2020
1-4-րդ դասարաններում գնահատականներ չեն լինի․ ԿԳՄՍ-ն հեղափոխություն է իրականացնում կրթության ոլորտում

 |armenpress.am|

1-4-րդ դասարաններում գնահատականներ չեն լինի․ ԿԳՄՍ-ն հեղափոխություն է իրականացնում կրթության ոլորտում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշում է կայացրել, համաձայն որի առնվազն 1-4 դասարաններում աշակերտները չեն գնահատվի։ Այս մասին Ազատություն ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդաշարին ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ «Մենք այս որոշումը կայացրել ենք դեռ մինչ հեռավար կրթության անցնելը։ Լինելու են խրախուսման նոր մեթոդներ, որոնք մենք կներկայացնենք մեր ուսուցիչներին, վերապատրաստումներ կիրականացվեն։ Այս համակարգով մենք երեխային չենք կապում գնահատականին, այլ կապում ենք գիտելիքի և կրթության հետ»,- նշեց Հարությունյանը և հավելեց, որ դրանով հանրակրթության ոլորտում որոշակի հեղափոխություն է իրականացվում։ Նրա խոսքով՝ նախագիծը շուտով կդրվի շրջանառության մեջ։
21:18 - 30 ապրիլի, 2020
Հեռավար ուսուցումից դուրս մնացածները բաց թողնվածը կլրացնեն 2020-2021 թթ․ ուսումնական տարվա սկզբում

 |armenpress.am|

Հեռավար ուսուցումից դուրս մնացածները բաց թողնվածը կլրացնեն 2020-2021 թթ․ ուսումնական տարվա սկզբում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում հեռավար կրթության համակարգից դուրս մնացած աշակերտների համար 2020-2021 թթ․ ուսումնական տարում կլինեն պահուստային շաբաթ և օրեր՝ բացը լրացնելու համար։ Այս մասին Ազատություն ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդաշարին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպրոտի նախարար Արայիկ Հարությունյանը։ «Մեր նախնական տեղեկություններով՝ ՀՀ տարբեր մարզերում հեռավար ուսուցմանը մասնակցել է աշակերտների 85-90 տոկոսը։ Մենք ակնկալում ենք, որ ամփոփման արդյունքներում կունենանք ավելի բարձր թիվ։ 2020-2021 ուսումնական տարում մենք նախատեսել ենք ունենալ պահուստային շաբաթ և օրեր, որի ժամանակ այն աշակերտներն, ովքեր ինչ-ինչ պատճառներով դուրս են մնացել հեռավար կրթության համակարգից՝ կլրացնեն բաց թողնվածը»,- նշեց Հարությունյանը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը քննարկում է 2020-2021 թթ․ուսումնական տարին 1 շաբաթ շուտ սկսելու հարցը։
20:14 - 30 ապրիլի, 2020
Մեկական քննություն բուհ ընդունվելու համար․ ԿԳՄՍ նախարարը մանրամասնել է ընդունելության կարգը

 |armenpress.am|

Մեկական քննություն բուհ ընդունվելու համար․ ԿԳՄՍ նախարարը մանրամասնել է ընդունելության կարգը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում մանրամասներ ներկայացրեց կորոնավիրուսի համաճարակի ընթացքում ՀՀ բուհերի ընդունելության քննությունների նոր կարգի մասին։ Նախարարը հիշեցրեց, որ 2020 թ-ին քննությունները կանցկացվեն այլ ձևաչափով՝ դիմորդները կհանձնեն 1-ական քննություն։ «Այս քայլը կապված է երկրում հայտարարված արտակարգ դրության հետ և արվում է հակահամաճարակային միջոցառումների շրջանակում, որպեսզի թույլ չտանք ավելորդ կուտակումներ։ Այս տարի բուհ ընդունվելու համար դիմորդները հանձնելու են 1-ական քննություն՝ ըստ իրենց ընտրած մասնագիտության։ Մենք կարծում ենք, որ միայն դպրոցական գնահատականներով պատկերն ամբողջական չէր լինի»,- նշեց Հարությունյանը և հավելեց, որ այն դիմորդները, ովքեր նախապես հայտագրվել էին քննությունների համար և յուրաքանչյուրի համար վճարել էին 1500 դրամ, նրանց գումարները կվերադարձվեն։ Նրա խոսքով՝ կմնա միայն մեկ քննության համար կատարված վճարումը։ «Դիմորդներն ընդունելության դիմում-հայտում իրենց ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ հայտագրում են մասնագիտություններն ըստ ուսուցման անվճար և վճարովի համակարգերի։ Համաձայն ընդունելությա դիմում-հայտի՝ դիմորդը կարող է մասնակցել 1 կամ մի քանի բուհերի մինչև 2 անվճար և մինչև 8 վճարովի մասնագիտությունների մրցույթին, եթե հանձնում է ընտրված բոլոր մասնագիտությունների համար սահմանված մրցութային միևնույն առարկայի քննություն»,- նշեց Հարությունյանը և հավելեց, որ այս քննություններով կարևորվում է մասնագիտության ընտրությունը։ Միասնական և ներբուհական քննություններն անց են կացվելու 1 փուլով հուլիս ամսվա առաջին տասնօրյակում։ Բուհերում՝ մասնագիտությունների թափուր տեղերի առկայության դեպքում, ընդունելության քննությունից դրական միավոր ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին։ «ԵՊՀ-ում Արվեստի տեսություն և պատմություն մասնագիտությունն ընտրելու դեպքում դիմորդները պետք է հանձնեն գրավոր հայոց լեզու և գրականություն առարկան, Կրոնագիտության մասնագիտության համար նույնպես հայոց լեզու և գրականություն։ Արևելագիտության, Իրավագիտության և Կովկասագիտության ֆակուլտետներում ընդունելության մրցութային քննության առարկան Հայոց պատմությունն է։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա մասնագիտության համար քննությունը կլինի մաթեմատիկա առարկայից, Դիզային և համակարգչային գրաֆիկա մասնագիտության դեպքում՝ գծանկար, կոմպոզիցիա կամ գծագրություն»,- հայտնեց Հարությունյանը և հավելեց, որ մնացած բոլոր բուհերի և առարկաների քննությունների մասին տեղեկությունները կլինեն նախարարության կայքում։ ԿԳՄՍ նախարարն, անդրադառնալով այն անձանց, ովքեր դիմել էին միջազգային բուհերում սովորելու համար, սակայն ստեղծված իրավիճակից ելնելով չեն կարող և ցանկանում են հայաստանյան բուհ դիմել, նշեց, որ կանցկացվի նոր հայտագրում։ Միասնական քնննության համար հայտագրումը կիրականացվի մայիսի 25-հունիսի 15-ը ժամը 18։00-ն ընկած ժամանակահատվածում՝ Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքում ստեղծված համապատասխան էջում։
18:50 - 30 ապրիլի, 2020
Դիմորդները հանձնելու են մեկ քննություն․ Արայիկ Հարությունյան

Դիմորդները հանձնելու են մեկ քննություն․ Արայիկ Հարությունյան

Այսօր՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, խոսլեով վերջին զանգի միջոցառումների մասին, նշեց, որ հենց համավարակն այլեւս որեւէ վտանգ չներկայացնի, վերջին զանգի արարողություններ կիրականացվեն, դրանց կմասնակցեն նախարարությունները, պաշտոնյաները։  «Ընդունելության քննությունների համար սույն թվականի մայիսի 25-ից հնարավորություն կտրվի հայտագրվել մինչեւ հունիսի 15-ը։ Դիմորնդերը միաժամանակ կընտրեն թե՛ քննական առարկան, թե՛ բուհն ու մասնագիտությունը։ Մինչեւ մարտի 15-ը մի քանի քննության համար հայտագրված դիմորդներին կվերադարձվեն վճարված գումարները՝ փոխանցման միջոցով»,- նշեց նա։ Նախարարի փոխանցմամբ՝ առաջիկայում հայտնի կլինի, թե որ մասնագիտությունից ինչ քննություն է պետք հանձնել։ «Մենք ցանկացանք անպայման ստուգել նաեւ գիտելիքը, դրա համար անվտանգության բոլոր պայմաններում անելու ենք մեկ քննություն, քննական կենտրոնները լինելու են ամբողջ հանրապետությունով մեկ, քննությունները կիրականացվեն սահմանափակ դիմորդներով, դիմակներով, ախտահանման միջոցներով եւ այլն։ Քննությունները հանձնելու են հուլիսի առաջին տասնօրյակի ընթացքում»,- նշեց նա։ Արայիկ Հարությունյանն ասաց, որ դիմորդները հանձնելու են մեկ քննություն, բայց այդ քննությունը լինելու է այն առարկաներից, որը պետք է հանձնեին ընդունելության քննությունների համար։ «Դիցուք՝ որեւէ տեղ եք դիմել, որտեղ կան հայերեն, անգլերեն եւ մաթեմատիկա քննությունները, մենք ընտրելու ենք այս երեք պարտադիր առարկաներից մեկը»,- նշեց նա։ Նախարարի խոսքով՝ որոշում կա բանավոր քննություններ չանցկացնելու։ Արվեստի եւ սպորտի բուհերում մեկ հիմնական մասնագիտացված քննություն կանցկացվի՝ ընտրված առարկայից։ «Մագիստրատուրայում ընդունելությունը կլինի հունիսի 16-30-ը, արդյունքներն ամփոփվելու են մինչեւ հուլիսի 5-ը։ Ասպիրանտուրայում առաջարկվում է կասեցնել մրցութային չհանդիսացող օտար լեզվի, ինֆորմատիկայի եւ տեղեկատվական-հաղորդակցական հիմունքներից ստացված համապատասխան միավորը հավաստող վկայականի եւ կամ տեղեկանքի ներկայացման պահանջը։ Առաջարկվում է գործընթացն իրականացնել հունիսի 16-30-ը, արդյունքներն ամփոփելու են մինչեւ հուլիսի 5-ը»,- նշեց նա։  Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ քոլեջների եւ ուսումնարանների ընդունելությունը կազմակերպվելու է օգոստոսին, հիմնականում ատեստատի գնահատակններով՝ բացի արվեստի եւ առողջապահական հաստատություններից, որտեղ իրականացվելու է մեկական քննություն, ինչպես բուհերի ընդունելության դեպքում է։ 
15:45 - 27 ապրիլի, 2020
12-րդ դասարանի քննություններ չեն իրականացվելու․ Արայիկ Հարությունյան

12-րդ դասարանի քննություններ չեն իրականացվելու․ Արայիկ Հարությունյան

Տարին հեռավարով ենք ավարտելու, առկա, լսարանային դասեր չեն լինելու։ Այս մասին այսօր՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում, ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ «Մայիսին շարունակվելու է հեռավար կրթությունը։ Էս ընթացքում հաշվառում ենք, թե ինչ ծավալ է փակվել, եւ նախատեսում ենք, որ հաջորդ ուսումնական տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների կունենանք պահուստային օրեր, նույնիսկ հնարավոր է՝ պահուստային շաբաթ։ Էն աշակերտները, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն կարողացել ուսումնական նյութը մարսել կամ հետ են ընկել, պահուստային օրերը ուսուցիչներին թույլ կտան այդ խնդիրը լուծել»,- նշեց նա։ Նախարարը տեղեկացրեց, որ հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթական մի աստիճանից մյուսը տեղափոխվելու քննություններ չեն իրականացվելու 4-րդ եւ 9-րդ դասարանների ավարտին։ Աշակերտների՝ մինչեւ մարտի 13-ն ունեցած եւ էլեկտրոնային մատյան փոխանցած գնահատականների հիման վրա ամփոփվելու են նրանց տարեկան գնահատականները, որոնք համարվում են քննական, որոնց հիման վրա էլ աշակերտները փոխադրվելու են հաջորդ աստիճան։ Փոխադրական քննություններ չեն իրականացվելու նաեւ 10-րդ եւ 11-րդ դասարաններում։ «Դպրոցներում ավարատական՝ 12-րդ դասարանի քննություններ չեն իրականացվելու, ամփոփումը տեղի է ունենալու նույն ձեւով, ինչ 4-րդ եւ 9-րդ դասարանների դեպքում։ Հաշվի առնելով, որ աշակերտների մի մասը ավարտական քննությունները հանձնել է նախորդ տարվա դեկտեմբերին, վերջիններիս հնարավորություն է տրվելու ընտրել՝ պահպանել կամ քննության արդյունքը, կամ ընտրել տարեկան գնահատականը՝ որպես ատեստատում քննական գնահատական։ Ատեստատները տրվելու են մինչեւ մայիսի 25-ը»,- նշեց նա։  Արայիկ Հարությունյանն ասաց, որ քոլեջների եւ ուսումնարանների ավարտական դիպլոմային աշխատանքների պաշտպանություն եւ քննություններ չեն իրականացվելու, ամփոփումը կատարվելու է ինչպես դպրոցական ավարտականների դեպքում։ «Եթե սովորողը գնահատական չունի երկրորդ կիսամյակում, տարեկանը նշանակվում է ուստարվա առաջին կիսամյակի արդյունքում։ Ամփոփումը կատարվելու է եւ դիպլոմները տրվելու են մինչեւ հունիսի 5-ը»,- նշեց նախարարը։  Նա նաեւ ասաց, որ մեդալի քննությունները չեն իրականացվելու։ Հաջորդ տարի մեդալի հավակնորդներին տրվելու է այդ հնարավորությունը։
15:32 - 27 ապրիլի, 2020
Ողբերգությունից վերածննդի խորհրդանիշ․ԿԳՄՍ նախարարը՝ Մեծ եղեռնի 105-րդ տարելիցի միջոցառման մասին

 |armenpress.am|

Ողբերգությունից վերածննդի խորհրդանիշ․ԿԳՄՍ նախարարը՝ Մեծ եղեռնի 105-րդ տարելիցի միջոցառման մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ միջոցառումների անցկացման համար մշակել էր նոր ձևաչափ՝ ողբերգության տարելիցը վերածելով վերածննդի խորհրդանիշի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։ Նա նաև ներկայացրեց, թե ովքեր են եղել մտահղացման հեղինակները, ում ջանքերով է իրականացվել և որն է եղել 8 ժամ տևողությամբ համերգային ծրագիր կազմակերպելու գաղափարը։ «Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով ստեղծվել է աննախադեպ իրավիճակ. վտանգ կար ընդհատելու տասնամյակների ավանդույթը և, ըստ էության, հնարավորություն չունենալու ներկա լինելու և հավուր պատշաճի հարգելու նահատակների հիշատակը: Բայց կառավարությունը գնաց մարտահրավերն ընդունելու և ստեղծված բարդ ճգնաժամային իրավիճակում առավելագույնս ստեղծարար մոտեցում ցուցաբերելու ճանապարհով»,- նշեց նախարարը: Նրա խոսքով՝ սա չափազանց պատասխանատու աշխատանք էր, որովհետև իրենք գործ ունեին մի թեմայի հետ, որը հայ ժողովրդի համար ամենազգայուն և նուրբ թեման է, և այստեղ որևէ շեղում անթույլատրելի էր: «Կառավարությունում վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի գլխավորությամբ գերատեսչությունների ղեկավարների, տնօրենների մասնակցությամբ ձևավորվեց աշխատանքային խումբ։ Այն շատ կարճ ժամանակում մշակեց այնպիսի մի ձևաչափ, որը թույլ տվեց մեր քաղաքացիներին ապահովելու իրենց խորհրդանշական ներկայությունը Ծիծեռնակաբերդի բարձունքում: Մի քանի անգամ խորհրդակցություններ կազմակերպեց վարչապետը, որի ուշադրության կենտրոնում էր աշխատանքների կազմակերպումը։ Շատ լուրջ աշխատանք են տարել Հանրային հեռուստաընկերությունը, Երևանի քաղաքապետարանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, որն էլ ապահովեց քաղաքացիների վիրտուալ երթը։ Այսպիսով Սփյուռքի մեր հայրենակիցներին ու Հայաստանի քաղաքացիներին հնարավորություն ընձեռվեց իրենց անուններն ուղարկել հեռախոսահամարներին և ապահովել իրենց խորհրդանշական մասնակցությունը: Բոլորը մեկ մարդու նման գերպատասխանատու վերաբերմունքով նախաձեռնեցին մի բան, ինչը հնարավորություն տվեց մարդկանց ֆիզիկական բացակայությունը փոխարինել խորհրդանշական ներկայությամբ»,- ասաց Արայիկ Հարությունյանը։ Նա նշեց, որ բովանդակության ապահովման տեսակետից աշխատանքների կազմակերպմանն ակտիվ մասնակցություն է ունեցել ԿԳՄՍ նախարարությունը, մասնավորապես, ժամանակակից արվեստի վարչությունը։ Հարությունյանի խոսքով՝ մշակվել էր այնպիսի գեղարվեստական ծրագիր, որը ողջ համերգային ծարգրի ընթացքում սոցցանցերի հրապարակումներում, մամուլում, շատ դրական և լուրջ արձագանք գտավ, որովհետև երգացանկն ընդգրկում էր ինչպես դասական հեղինակների ստեղծագործություններ, այնպես էլ ժողովրդական կատարումներ: «Մշակված գեղարվեստական ծրագրի միջոցով Ծիծեռնակաբերդի բարձունքում ցույց տվեցինք մեր ամբողջ ստեղծագործական գունապնակը, մեր ստեղծագործողների տարբեր սերունդները` դրանով ներկայացնելով աշխարհին, թե 1915 թ-ին ինչ է փորձել ոչնչացնել Օսմանյան կայսրությունը ու չի հաջողվել: Կարծում եմ, որ հանրային արձագանքն ապացուցեց, որ կառավարությունը գնացել է ճիշտ ճանապարհով և բերել է նոր մոտեցում, մշակել է նոր ձևաչափ՝ ողբերգությունը վերածելով վերածննդի խորհրդանիշի»,- ասաց ԿԳՄՍ նախարարը:Ավելին կարդացեք armenpress.am-ում։
11:30 - 26 ապրիլի, 2020
Ուսանողական վարկ ստանալու համար այլևս ծնողների եկամուտների վերաբերյալ  փաստաթուղթ չի պահանջվի |armenpress.am|

Ուսանողական վարկ ստանալու համար այլևս ծնողների եկամուտների վերաբերյալ փաստաթուղթ չի պահանջվի |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում ուսանողական վարկերի պայմանները հեշտացվում են: Այդ մասին կառավարության նիստում նշեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ ավելացնելով, որ այս պահին ունենք 11 150 ուսանողական վարկ: Անդրադառնալով կառավարության հակաճգնաժամային 14-րդ միջոցառմանը՝ ԿԲ նախագահն ասաց. «Սա նշանակում է, որ 80 տոկոսից բարձր ՄՈԳ ունեցող ուսանողները վարկ կստանան զրո տոկոսով, նաև գործող վարկերը դառնում են զրո տոկոսով: 80-ից ցածր ՄՈԳ ունեցողների համար վարկի տոկոսը իջնում է եւ դառնում 4 տոկոս: Բացի այդ, նոտարի կողմից հաստատված երաշխավորություններ ծնողների կողմից այլեւս պետք չեն: Սա նշանակում է, որ վարկերի ստացման ընթացակարգն էլ է հեշտացվել: Մենք, փաստորեն, հասանելի ենք դարձնում վարկերը բոլոր ուսանողների համար: Ակնկալում ենք, որ շատ ուսանողներ կդիմեն վարկավորման համար»: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելացրեց, որ ուսման տարիներին ուսանողները մայր գումար չեն վճարում: «Այսինքն՝ 80-ից  բարձր ՄՈԳ ունեցողներն ընդհանրապես որևէ վճարում չեն անի: Վճարում կսկսեն անել միայն ավարտելուց հետո: Փաստորեն, 100 տոկոսով կատարվում է մեր քաղաքական այն հանձնառությունը, որ բարձր առաջադիմություն ունեցող ոչ մի ուսանող ուսման վարձ չվճարելու պատճառով չի հեռացվի բուհից»,- ընդգծեց վարչապետը: Արթուր Ջավադյանը հավելեց, որ վարկավորումն իրականացվելու է 4 նվագով, վարկառուն ամեն տարի ստանալու է մեկ նվագ: «Նաև ուսանողները հնարավորություն ունեն ուսանելուց հետո ևս մեկ տարի վճարում չանել: Իսկ 80-ից ցածր ՄՈԳ ունեցողները կարող են ուսման տարիներին վճարել միայն 4 տոկոս: Գրեթե հավանականություն չկա, որ ուսանողը դիմի վարկի համար ու մերժվի, որովհետև ոչ մի փաստաթուղթ ուսանողից չի պահանջվելու իր եկամուտների մասին»,- ասաց նա: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ այս փոփոխությունը վերաբերում է մայիսի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածին, որից հետո կգործեն հին ցուցանիշները:
12:39 - 23 ապրիլի, 2020