Մհեր Գրիգորյան

Մհեր Գրիգորյանը (փետրվարի 15, 1972, Աշտարակ) ՀՀ փոխվարչապետն է (2018 թ., մայիսի 12), ֆինանսաբանկային համակարգի մասնագետ, իրավաբան: 1989-1991 թթ. սովորել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: 1991-1994 թթ․ սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը։ 1997-1998 թթ. անցել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի բիզնես դպրոցի 6-ամսյա որակավորման դասընթաց:

Մասնագիտական գործունեությունը սկսել է 1996 թ․ ՀՀ Կենտրոնական բանկում՝ որպես իրավաբան։ 1999-2005 թթ․ աշխատել է «Հայներարտբանկ» ՓԲԸ-ում (հետագայում՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ), 2002-2006 թթ. մատուցել է իրավաբանական-խորհրդատվական ծառայություններ Համաշխարհային բանկին: 2004-2005 թթ. համատեղության կարգով աշխատել է HSBC Բանկ Հայաստանի իրավաբանական ծառայության ղեկավարի պաշտոնում:

2005 թ․ նշանակվել է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն։ 2007-2011 թթ․ զբաղեցրել է «ՎՏԲ Բանկ-Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը: 2011 թ․ նշանակվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ և աշխատել մինչև 2018 թ․ մայիսի 12-ը:

Առավել տեսանելի են երկաթգծի ենթակառուցվածքների վերականգնման և բեռնափոխադրումների հնարավորությունները. Մհեր Գրիգորյան |armenpress.am|

Առավել տեսանելի են երկաթգծի ենթակառուցվածքների վերականգնման և բեռնափոխադրումների հնարավորությունները. Մհեր Գրիգորյան |armenpress.am|

armenpress.am: Տարածաշրջանում առկա տրանսպորտային կապերի ապաշրջափակման համատեքստում առավել տեսանելի են համարվում Խորհրդային միության ժամանակ գործող երկաթգծի ենթակառուցվածքների և ուղիների վերականգնման և դրանցով հավասար իրավունքներով և պայմաններով բեռնափոխադրումների իրականացման հնարավորությունները: Այս մասին հայտարարեց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար, Հայաստան- Ռուսաստան-Ադրբեջան աշխատանքային խմբում ՀՀ ներկայացուցիչ Մհեր Գրիգորյանը՝ ընդգծելով, որ առաջիկայում եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները շարունակվելու դեպքում, դրանք կծավալվեն այս հնարավորությունների շուրջ:     -Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եռակողմ աշխատանքային խմբի ձևաչափով բանակցվող տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցում կան լավ արդյունքներ։ Ի՞նչ արդյունքների մասին է հայտարարում Ադրբեջանի նախագահը և արդյո՞ք այդ արդյունքները վերաբերում են Սյունիքի մարզի տարածքում «միջանցքի» քննարկումներին։ -2021թ. հունվարի 11-ի հայտարարության կետերի համաձայն ստեղծված փորձագիտական ենթախմբերի կողմից իրականացվել են վերլուծական և հետազոտական ծավալուն աշխատանքներ, որոնք վերաբերում են երկաթուղային և ավտոմոբիլային փոխադրումների տեխնիկապես հնարավոր և արդյունավետ տարբերակների բացահայտմանը՝ հաշվի առնելով նաև անվտանգության, սահմանային, մաքսային և այլ տիպի հսկողության անհրաժեշտ գործառույթների կազմակերպման և իրականացման հնարավորությունները:  Տարածաշրջանում առկա տրանսպորտային կապերի ապաշրջափակման համատեքստում ներկա պահին շարունակվում են ուսումնասիրվել միջազգային փոխադրումների հետ կապված սահմանային, մաքսային և այլ տիպի հսկողության կազմակերպման հարցերը՝ ԱՊՀ նորմատիվ իրավական բազայի, ինչպես նաև մնացած այն բազմակողմ միջազգային պայմանագրերի և կոնվենցիաների կարգավորումների շրջանակներում, որոնց կողմ է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը: Նույն համատեքստում գնահատվում են նաև տարածաշրջանի այլ երկրների տրանսպորտային ենթակառուցվածքների և ուղիների հետ հնարավոր կապերի պոտենցիալ ազդեցությունը և տնտեսական էֆեկտները: Այս պահի դրությամբ առավել տեսանելի կարելի է համարել Խորհրդային միության ժամանակ գործող երկաթգծի ենթակառուցվածքների և ուղիների վերականգնման և դրանցով հավասար իրավունքներով և պայմաններով բեռնափոխադրումների իրականացման հնարավորությունները: Կարծում եմ, առաջիկայում եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները շարունակվելու դեպքում, դրանք կծավալվեն այս հնարավորությունների շուրջ:     Տարածաշրջանային տրանսպորտային կապերի  ապաշրջափակման շուրջ տեղի ունեցող աշխատանքներում, կրկին ընդգծում ենք, որ «միջանցքային» տրամաբանությամբ հարցեր Հայաստանի Հանրապետությունը չի քննարկել և չի քննարկելու:  
14:25 - 31 մայիսի, 2021
Ադրբեջանական ուժերի` ՀՀ տարածքը լքելու դեպքում կքննարկվի սահմանային կետերի ճշտման հարցը. Մհեր Գրիգորյան |armenpress.am|

Ադրբեջանական ուժերի` ՀՀ տարածքը լքելու դեպքում կքննարկվի սահմանային կետերի ճշտման հարցը. Մհեր Գրիգորյան |armenpress.am|

armenpress.am: Հայ-ադրբեջանական սահմանային կետերի ճշտումը կարող է քննարկվել միայն ադրբեջանական զորամիավորումների՝ ՀՀ տարածքը լքելու դեպքում։ Այս մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը` պատասխանելով Ադրբեջանի վարչապետի հայտարարության վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին։  -Ադրբեջանի վարչապետը հայտարարել է, թե հայ-ադրբեջանական սահմանային ճգնաժամի լուծման ռուսական առաջարկը ընդունելի է Ադրբեջանի համար։ Ո՞րն է հայկական կողմի դիրքորոշումը։ -Հայաստանի համար ընդունելի են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի լուծման վերաբերյալ ռուսական առաջարկները, և այս մասին հայկական կողմն իր դիրքորոշումը գրավոր կերպով ՌԴ գործընկերներին է ներկայացրել դեռեւս մայիսի 19-ին։ Ըստ այդմ՝ հայ-ադրբեջանական սահմանային կետերի ճշտումը կարող է քննարկվել միայն ադրբեջանական զորամիավորումների՝ ՀՀ տարածքը լքելու դեպքում։ Այս համատեքստում ընդգծել ենք նաեւ մեր գերեվարված զինվորականների վերադարձը։ Հայաստանը նաեւ վերահաստատում է իր առաջարկը՝ զորքերը հայելային կերպով հետ քաշելու և մշտական տեղակայման վայրեր վերադաձնելու, այնուհետև սահմանային կետերի ճշտում իրականացնելու վերաբերյալ։
22:12 - 29 մայիսի, 2021
Մհեր Գրիգորյանը ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների ուշադրությունը հրավիրել է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակին

Մհեր Գրիգորյանը ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների ուշադրությունը հրավիրել է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակին

 ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը մասնակցել է Մինսկում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին:Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետի գրասենյակից, Մհեր Գրիգորյանը նիստի ընթացքում հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նիստի մասնակիցների ուշադրությունը կենտրոնացրել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների վրա՝ նշելով, որ այն ինչ կատարվում է հայ-ադրբեջանական սահմանին, իր մեջ կրում է ակնհայտ սպառնալիքներ ամբողջ տարածաշրջանի և ի վերջո բոլորի համար:Փոխվարչապետի պաշտոնակատարը նաև ընդգծել է, որ միայն Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ ու առանց վերապահումների դուրսբերումը, ինչպես նաև գերեվարված հայ զինծառայողների վերադարձը կարող է պայմաններ ստեղծել առաջացող հարցերը քաղաքական-դիվանագիտական գործիքակազմի շրջանակներում դիտարկելու համար:
14:39 - 28 մայիսի, 2021
Մհեր Գրիգորյանը և Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարարը քննարկել են առևտրաշրջանառության ընդլայնման նախադրյալները

Մհեր Գրիգորյանը և Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարարը քննարկել են առևտրաշրջանառության ընդլայնման նախադրյալները

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը ընդունել է Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարար Մոհամմադ Էսլամիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետի պաշտոնակատարը կարևորել է բարեկամ Իրանի հետ հարաբերությունների զարգացումը՝ մասնավորապես անդրադառնալով ենթակառուցվածքների ոլորտում հնարավոր համագործակցության ընդլայնմանը: ԻԻՀ նախարարը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է փոխվարչապետի պաշտոնակատարին Հայաստան այցի ընթացքում տեղի ունեցած հանդիպումների արդյունքները և նշել, որ Իրանը մշտապես պատրաստ է աջակից լինելու Հայաստանին: Զրուցակիցները քննարկել են առևտրաշրջանառության ընդլայնման համար առկա նախադրյալները, այդ թվում՝ խոսել ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցության համար առկա մեծ ներուժի մասին: Կողմերը քննարկել են նաև ենթակառուցվածքների զարգացմանը, ազատ տնտեսական գոտիների գործարկմանը և ճանապարհաշինության ոլորտում հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր: Այս շրջանակներում փոխվարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ Հյուսիս-հարավ մայրուղու կառուցումը ենթակառուցվածքների զարգացման ոլորտում առկա առաջնայնություններից է: Հանդիպման ընթացքում փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը, խոսելով տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման շուրջ տեղի ունեցող աշխատանքների մասին, կրկին ընդգծել է, որ «միջանցքային» տրամաբանությամբ հարցեր Հայաստանի Հանրապետությունը չի քննարկել և չի քննարկելու: 
19:36 - 24 մայիսի, 2021
Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Պարեկային ծառայության ուսուցման ծրագրի մասնակիցների հետ

Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Պարեկային ծառայության ուսուցման ծրագրի մասնակիցների հետ

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը հյուրընկալվել է Ոստիկանության կրթահամալիրում և հանդիպել է Պարեկային ծառայության ուսուցման ծրագրի մասնակիցների հետ: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը և Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը: Այս մասին հայտնում են Մհեր Գրիգորյանի գրասենյակից:  Փոխվարչապետի պաշտոնակատարը ողջույնի խոսքում նշել է. «Վստահ եմ Ձեզ բազմիցս ներկայացվել է այն նպատակը, ռազմավարական միտքը ու նշանակությունը, որ մենք դնում ենք բարեփոխումների, մասնավորապես՝ Ոստիկանության բարեփոխումների մեջ: Ուզում եմ որ և՛ մենք, և՛ դուք անկեղծ հավատանք այդ ռազմավարական նպատակներին, որովհետև եթե մենք չպատկերացնենք դեպի ուր ենք գնում և ինչ նպատակ ունենք, մեր ցանկացած բարեփոխումից բխող գործողություն կլինի ձևական, ինչը մասնավորապես Ոստիկանության պարագայում ուղղակի կլինի անիմաստ: Վստահ եմ, որ մենք հավատում ենք այդ նպատակին, և այս բարձր դերը, որ դուք ունեք այդ նպատակին հասնելու գործընթացում ամենից կարևորն է: Երբ մենք խոսում ենք մարդու իրավունքների պաշտպանվածության մասին, մենք միշտ պետք է հաշվի առնենք, որ մեր ընկալումները պետք է լինեն արդիական, որովհետև մարդու իրավունքներն էլ են դինամիկ: Գործիքակազմը, որով մենք դրան կհասնենք պետք է լինի արդի, նոր ու զարգացող: Իհարկե, բավականին հեշտ է դասական իմաստով նկարագրել մարդու իրավունքները թղթի վրա և ընդունել այն որպես իրավական ակտ, բայց եթե ադ նպատակն իրականացող չլինի, գործիք ու կառույց չլինի, որը ի վերջո այդ իրավունքի պաշտպանության դրսևորումն է, ապա այդ օրեսնդրությունն իր իմաստն արագ կկորցնի: Ես սա ասում եմ, որպեսզի ընդգծեմ ու կարևորեմ ձեր դերը մեր անելիքներում և ձեր դերը երկրի համար: Երկրորդ խնդիրը, որ այդ իմպլեմենտացիան իրականացնող կառույցը պետք է լինի արդյունավետ: Եվ երրորդ՝ շատ կարևոր հարց: Վստահ եղեք, որ հանցավորության և հանցագործության դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը մարդու իրավունքների պաշտպանությունն է՝ մարդու գույքային, սոցիալական, ազատության իրավունքները պաշտպանելով՝ մենք նեղացնում ենք հանցավորության շարժառիթների շրջանակը: Այնպես որ դուք շատ ավելի կարևոր մանդատ ունեք: Այս մեր նոր կոնցեպտի իրականացնողը դուք եք լինելու: Ձեր հաջողությունը կլինի բոլորիս հաջողությունը: Մարդիկ բարեփոխումներին հավատալու ցանկություն ունեն, որը բավարարված կլինի, եթե միասին իրականացնենք այն, ինչ ծրագրել ենք իրականացնել»: Մհեր Գրիգորյանն իր ելույթն ավարտել է երախտիքի խոսքերով՝ նշելով, որ պարեկային ծառայությունը մեծ նշանակություն ունի երկրի ապագայի համար: Ելույթի ամփոփումից հետո հանդիպումը շարունակվել է հարց ու պատասխանի ձևաչափով: Փոխվարչապետի պաշտոնակատարը պատասխանել է ներկաներին հետաքրքող մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին պարեկային ծառայության վերաբերյալ հասարակության ընկալումներին, սպասվող բարեփոխումներին և օրենդրական փոփոխություններին: Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը պարեկային ծառայության վերաբերյալ հասարակության ընկալումներին անդրադառնալիս կարևորել է մասնավորապես պարեկային ծառայության արդյունավետությունը, որից էլ կախված կլինի հասարակական ընկալումը, քանի որ հասարակությունը պատշաճ վերաբերմունք կցուցաբերի մի ծառայության հանդեպ, որը իրականում բարձրացնում է  հասարակության պաշտպանվածությունը: 
15:03 - 19 մայիսի, 2021
Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի նիստին

Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի նիստին

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին: Այս մասին հայտնեցին Մհեր Գրիգորյանի գրասենյակից:  Նիստի օրակարգում ընդգրկված էր մի շարք հարցեր, որոնք վերաբերում են ԵԱՏՄ շրջանակներում առևտրատնտեսական, մաքսային և այլ ոլորտներում համագործակցությանը: Նիստի ընթացքում քննարկվել են մասնավորապես «Աշխատանք առանց սահմանի» որոնման միասնական համակարգ» ծրագրի մշակման վերջնականացման աշխատանքները: Ծրագիրը կմեկնարկի ս.թ. հուլիսի 1-ից: «Աշխատանք առանց սահանի» ծրագիրը որոնման համակարգ է, որը հնարավորություն է տալիս տեղեկանալու ԵԱՏՄ անդամ պետությունների ազգային տեղեկատվական համակարգերում առկա ազատ աշխատատեղերի, ինչպես նաև աշխատանք փնտրողների հայտարարությունների մասին: Ծրագիրն ուղղված է ԵԱՏՄ շրջանակներում անդամ երկրների աշխատաշուկաների փոխգործակցության ապահովմանն ու զարգացմանը: ԵԱՏՀ նիստի ընթացքում ընդունվել է որոշում, որով նախատեսվում է փոփոխություններ կատարել Եվրասիական տնտեսական խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի N 105 որոշմամբ հաստատված արտադրական և տեխնոլոգիական գործընթացների այն պայմանների ցանկի մեջ, որոնց իրականացման դեպքում ապրանքը համարվում է ԵԱՏՄ անդամ պետությունների ծագում ունեցող։ Մասնավորապես, «Էներգետիկ մեքենաշինություն, էլեկտրատեխնիկական և մալուխային արդյունաբերություն» բաժինը լրացվել է ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի՝ մխոցավոր շարժիչների գործարկման համար օգտագործվող կապարային կուտակիչների և այլ կապարային կուտակիչների ծածկագրերին դասվող ապրանքների արտադրության պայմաններով: Օրակարգի շրջանակներում ԵԱՏՀ խորհրդի անդամներին ներկայացվել է նաև ԵԱՏՄ ներքին շուկայում խոչընդոտների վերացման ուղղությամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ զեկույցը, ըստ որի՝ 2020 թվականին միության անդամ պետությունները ԵԱՏՀ-ի հետ համատեղ վերացրել են 15 խոչընդոտ, որոնցից 12-ը՝ արգելք: Խոչընդոտները 2020 թվականի վերջի դրությամբ կրճատվել են 17 %-ով 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Նիստի արդյունքներով ընդունվել են մի շարք որոշումներ, մասնավորապես՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ մեքենայագործ կամ ձեռագործ տրիկոտաժե քաթանների նկատմամբ մաքսատուրքի 0% դրույքաչափ սահմանելու վերաբերյալ, ինչպես նաև արևային մարտկոցների արտադրության ժամանակ օգտագործվող առանձին տեսակի ապրանքների նկատմամբ 2 տարի տևողությամբ ժամանակահատվածում ներմուծման մաքսատուրքի 0% դրույքաչափ սահմանելու վերաբերյալ որոշումները: 
18:52 - 18 մայիսի, 2021
Մհեր Գրիգորյանն Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետին է ներկայացրել ԵԱՏՄ շուկայի բիզնես գործունեության առավելությունները

Մհեր Գրիգորյանն Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետին է ներկայացրել ԵԱՏՄ շուկայի բիզնես գործունեության առավելությունները

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետ Քուբադ Թալաբանիի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները երկուստեք ընդգծել են հայ և քուրդ ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված ջերմ հարաբերություններն ու առևտրատնտեսական համագործակցության համար առկա ներուժը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարության պաշտոնական կայքը։ «Մհեր Գրիգորյանը ներկայացրել է Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող Հայաստանում՝ ԵԱՏՄ շուկա մուտքի տեսանկյունից բիզնես գործունեություն ծավալելու առավելությունները: Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները: Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետը կարևորել է մասնավորապես թվայնացման և բարձր տեխնոլոգիաների ոլորտում, ինչպես նաև բանկային հատվածում Հայաստանի հետ փորձի փոխանակումը: Մտքեր են փոխանակվել նաև այլ ոլորտներում համագործակցությունն ակտիվացնելու կարևորության շուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ։
14:23 - 15 մայիսի, 2021
Մհեր Գրիգորյանը և Քուբադ Թալաբանին քննարկել են տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները

Մհեր Գրիգորյանը և Քուբադ Թալաբանին քննարկել են տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության փոխվարչապետ Քուբադ Թալաբանիի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները երկուստեք ընդգծել են հայ և քուրդ ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված ջերմ հարաբերություններն ու առևտրատնտեսական համագործակցության համար առկա ներուժը: Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը ներկայացրել է Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող Հայաստանում՝ ԵԱՏՄ շուկա մուտքի տեսանկյունից բիզնես գործունեություն ծավալելու առավելությունները: Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները: Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության փոխվարչապետը կարևորել է մասնավորապես թվայնացման և բարձր տեխնոլոգիաների ոլորտում, ինչպես նաև բանկային հատվածում Հայաստանի հետ փորձի փոխանակումը: Մտքեր են փոխանակվել նաև այլ ոլորտներում համագործակցությունն ակտիվացնելու կարևորության շուրջ:
20:57 - 14 մայիսի, 2021
Մհեր Գրիգորյանը և Ճապոնիայի նորանշանակ դեսպանն ընդգծել են առևտրատնտեսական համագործակցության զարգացման անհրաժեշտությունը

Մհեր Գրիգորյանը և Ճապոնիայի նորանշանակ դեսպանն ընդգծել են առևտրատնտեսական համագործակցության զարգացման անհրաժեշտությունը

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին: Ողջունելով հյուրին՝ Մհեր Գրիգորյանը շնորհավորել է նրան դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ իր կարևոր առաքելության մեջ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները երկուստեք ընդգծել են Հայաստանի և Ճապոնիայի միջև ձևավորված ջերմ հարաբերությունների պարագայում առևտրատնտեսական համագործակցության զարգացման անհրաժեշտությունն ու քննարկել դրա համար առկա բոլոր նախադրյալները: Շեշտվել է երկու ժողովուրդների միջև շփումների և բիզնես շրջանակների կապերի ակտիվացման կարևորությունը: Օգտվելով հանդիպման պատեհ առիթից՝ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը Հայաստանին բարդ ժամանակաշրջանում աջակցություն ցուցաբերելու համար, ինչին ի պատասխան՝ դեսպան Ֆուկուշիմա Մասանորին նշել է, որ Ճապոնիան պատրաստակամ է շարունակելու աջակցել Հայաստանին՝ մարդկային ռեսուրսի և ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև տնտեսության համար բարենպաստ պայմանների ստեղծման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: 
15:58 - 12 մայիսի, 2021
Այս պահին ավելի շատ քննարկվում են տեխնիկական հնարավորությունները. Գրիգորյանը՝ եռակողմ աշխատանքային խմբի մասին |1lurer.am|

Այս պահին ավելի շատ քննարկվում են տեխնիկական հնարավորությունները. Գրիգորյանը՝ եռակողմ աշխատանքային խմբի մասին |1lurer.am|

1lurer.am: ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը Կազանում՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, հայտնեց, թե որ փուլում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերից կազմված աշխատանքային խմբի գործունեությունը: Գրիգորյանն ընդգծեց, որ աշխատանքային խմբի աշխատանքները բխում են և ընթանում են հունվարի 11-ի եռակողմ հայտարարության բովանդակության շրջանակում, և այդ շրջանակում կա ստեղծված 2 փորձագիտական ենթախումբ: «Մենք քննարկում ենք մի իրավիճակ, որ հայտարարության իրականացման պարագայում հարաբերությունները պետք է կարգավորվեն ԱՊՀ երկրների իրավական բազայով, միջազգային պայմանագրերով և կոնվենցիաներով, որոնց Հայաստանը միացած է, և որոնք այսօր գործում են»,- ասաց Գրիգորյանը: Փորձագիտական աշխատանքը, ըստ նրա, պետք է ցույց տա, թե արդյոք բոլո՞ր դրույթներն են, որ կիրառելի են և կարող են կիրառվել այն հարաբերությունների նկատմամբ, որոնք կձևավորվեն ապաշրջափակման պարագայում: Ինչ վերաբերում է երեք երկրների փոխվարչապետների աշխատանքներին, նկատեց՝ այս պահին գործողություններն իրականացվում են հունվարի 11-ի շրջանակներում:  «Երբ լինի որոշումների կայացման հնարավորություն՝ ելնելով փորձագիտական եզրակացությունից, այդ ժամանակ ընդհանուր կոնտեքստում որոշումները կկայացվեն կամ չեն կայացվի: Այս պահին ավելի շատ քննարկվում են տեխնիկական հնարավորությունները: Իրականության մեջ ամենահավանական տարբերակը ենթակառուցվածքների վերականգնումն է: Ժամանակին եղել են ենթակառուցվածքներ, ինչը նշանակում է, որ տեխնիկական հավանականությունը նման ենթակառուցվածք ունենալու այս կամ այն վայրում, ըստ էության կա, բայց ինչ վիճակում են դրանք հիմա, և ինչ ժամկետներում և ինչ ռեսուրսների մոբիլիզացմամբ է հնարավոր դրանք իրականացնել՝ պետք է հաշվարկվի, և տեխնիկական զննություն իրականացվի»,- նշեց փոխվարչապետի պաշտոնակատարը: Գրիգորյանի խոսքով՝ աշխատանքային խմբի գործունեության արդյունքում հնարավոր է գտնել այնպիսի լուծում, որը բալանսավորված շահեր կենթադրի, իսկ դրանք միշտ նաև երաշխավորում են անվտանգությունը:
18:24 - 01 մայիսի, 2021
Մհեր Գրիգորյանը՝ ԵԱՏՄ-ում քաղաքացիներին վարկի տրամադրման հեշտացման և էլեկտրոնային առևտրի մասին |1lurer.am|

Մհեր Գրիգորյանը՝ ԵԱՏՄ-ում քաղաքացիներին վարկի տրամադրման հեշտացման և էլեկտրոնային առևտրի մասին |1lurer.am|

1lurer.am: Վարկային պատմությունների փոխանակման իրականացման հնարավորություն կտրվի, ինչն իր հերթին հնարավորություն է տալիս ԵԱՏՄ ցանկացած երկրում հաճախորդի համաձայնությամբ վարկային պատմության վերաբերյալ զեկույց ստանալ, ըստ այդմ, ԵԱՏՄ ցանկացած երկրի ցանկացած բանկ հնարավորություն կստանա ունենալ տեղեկատվություն այլ երկրի քաղաքացու վարկային պատմության մասին, եթե նա ցանկանում է վարկ ստանալ: Այդ մասին Կազանում, ԵԱՏՄ միջակառավարական խորհրդի նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը։ «Հայաստանի անձնագրով կարելի է գալ Ռուսաստան, դիմել բանկին՝ վարկ ստանալու համար, և եթե անհրաժեշտություն լինի, եթե անձնագրի տերը համաձայն լինի վարկային պատմությունը տրամադրել այդ բանկին, ապա տվյալ բանկի համար հասանելի կլինի վարկային զեկույցը տվյալ անձի վերաբերյալ, ինչը տվյալ անձի համար կհեշտացնի վարկ ստանալու գործընթացը էականորեն, որովհետև, եթե հիմա փորձում եք ԵԱՏՄ անդամ երկրում վարկ ստանալ, ձեր վարկային պատմության մասին որևէ տեղեկություն չունի, իսկ դուք գիտեք, որ վարկային պատմությունը կարևորագույն նախապայման է՝ վարկավորման հետ կապված»,- ասել է Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ մեկ այլ որոշում է նիստում երկար քննարկվել, սակայն վարչապետները որոշում չեն կայացրել և հանձնարարել են լրամշակել հարցը: Խոսքը էլեկտրոնային առևտրի մասին է:  Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
17:27 - 01 մայիսի, 2021
Հայաստանը չի համաձայնել Ադրբեջանի ներկայացուցչի մասնակցությանը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին. Գրիգորյան |1lurer.am|

Հայաստանը չի համաձայնել Ադրբեջանի ներկայացուցչի մասնակցությանը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին. Գրիգորյան |1lurer.am|

1lurer.am: Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը Կազանում տեղի ունեցած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից հետո պատասխանել է լրագրողների հարցերին: Մասնավորապես, լրագրողները հարց են ուղղել, թե ինչու ադրբեջանական պատվիրակությունը չի մասնակցել ԵԱՏՄ միջակառավարական խորհրդի նիստին, արդյոք Հայաստանը չի՞ տվել իր համաձայնությունը: «Այո՛, կարելի է այդպես ասել, որովհետև ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին որևէ երրորդ երկրի մասնակցության համար անհրաժեշտ է կոնսենսուսային որոշում: Բնականաբար, այդ հարցում կոնսենսուս չի եղել, մասնավորապես, Հայաստանը չի համաձայնեցրել Ադրբեջանի ներկայացուցչի մասնակցությունը նիստին»,- ասել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը: Պատասխանելով ճշգրտող հարցին՝ հայկական կողմի դիրքորոշումը արդյոք կապված է եղել ռազմագերիների խնդրի հե՞տ, Մհեր Գրիգորյանը հիշեցրեց՝ նախկինում մեկ անգամ ևս խոսել է այդ մասին:  «Հարցը շատ բազմաբաղադրիչ է, և հիմա չէի ուզենա կոնտեքստից հանել մի պայման կամ նախապայման: Կոնսենսուս չի եղել այդ հարցում, իսկ նման մասնակցության համար անհրաժեշտ էր բոլոր անդամ-երկրների մասնակցությունը»,- խոսքը եզրափակեց Գրիգորյանը:
16:36 - 01 մայիսի, 2021
Մհեր Գրիգորյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են հարաբերությունների զարգացման հնարավոր ուղղությունները

Մհեր Գրիգորյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են հարաբերությունների զարգացման հնարավոր ուղղությունները

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Այս մասին հայտնեցին Մհեր Գրիգորյանի գրասենյակից:  Ողջունելով դեսպանին՝ Մհեր Գրիգորյանն կարևորել ու բարձր է գնահատել բարեկամ Իրանի հետ ձևավորված հարաբերություններն ու տարբեր ոլորտներում առկա համագործակցությունը՝ շեշտելով, որ Հայաստանն ու Իրանն ունեն երկկողմ հարաբերությունների մեծ օրակարգ: Իրանի դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և երկկողմ հարաբերությունների բովանդակալից անդրադարձի համար, նշել է, որ Հայաստանն Իրանի համար բարեկամ և եղբայրական երկիր է, որի հաջողությունները կարևոր են նաև իրենց համար: Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավոր ուղղությունները՝ անդրադառնալով, էներգետիկայի, տրանսպորտի և տնտեսության ոլորտներին: Քննարկման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության ընդլայնման, ինչպես նաև որպես ԵԱՏՄ անդամ Հայաստանի միջոցով միության շուկա Իրանի մուտք գործելու հեռանկարի շուրջ: Մհեր Գրիգորյանն ու Աբբաս Բադախշան Զոհուրին երկուստեք ընդգծել են երկկողմ հարաբերությունների զարգացման համար առկա մեծ ներուժը և այդ ուղղությամբ համատեղ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը: Քննարկվել են երկու երկրների մասնավոր հատվածների միջև շփումների ակտիվացման հնարավորությունները և դրա համար առկա բոլոր նախադրյալները: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացներին: 
15:00 - 28 ապրիլի, 2021
Մհեր Գրիգորյանը և ՄՖԿ տարածաշրջանային փոխնախագահը քննարկել են Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման հնարավորությունները

Մհեր Գրիգորյանը և ՄՖԿ տարածաշրջանային փոխնախագահը քննարկել են Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման հնարավորությունները

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով հանդիպում է ունեցել Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) տարածաշրջանային փոխնախագահ Ջորջինա Բեյքերի հետ: Այդ մասին տեղեկացնում է Կառավարության լրատվական ծառայությունը։Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել ՄՖԿ-ի հետ Հայաստանի համագործակցությունը հատկապես համավարակի և հետպատերազմյան բարդ շրջանում:Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացի շուրջ: Փոխվարչապետի պաշտոնակատարն այս համատեքստում ներկայացրել է կառավարության որդեգրած քաղաքականությունը և այս ուղղությամբ արդեն իսկ արված քայլերը:Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում կապիտալի շուկայի զարգացման հնարավորությունները և այդ գործընթացում ՄՖԿ դերակատարությունը: Անդրադարձ է կատարվել նաև ՓՄՁ ֆինանսավորման գործում ՄՖԿ-ի ներգրավվածությանը, ինչպես նաև ՄՖԿ խորհրդատվական ծառայությունների կարևորությանը տարբեր ոլորտներում ներդրումային պոտենցիալի գնահատման տեսանկյունից:Մհեր Գրիգորյանը և Ջորջինա Բեյքերն քննարկել են էներգետիկայի, թվայնացման և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները: Ընդգծվել է նաև Հայաստանում կանանց գործարարության զարգացման անհրաժեշտությունը, մտքեր են փոխանակվել այդ ուղղությամբ ներդրվող ջանքերի շուրջ:
22:50 - 27 ապրիլի, 2021