ԵԱՏՄ

Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը հիմնադրվել է Եվրասիական Տնտեսական Ընկերակցության Մաքսային Միության հիման վրա՝ 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի ստորագրմամբ և ուժի մեջ է 2015 թվականի հունվարի 1-ից։ Անդամ երկրներն են Բելառուսը, Հայաստանը, Ռուսաստանը, Ղրղզստանը և Ղազախստանը։

Նոյեմբերի 19-ին հեռավար ձևաչափով տեղի է ունեցել «Տրանսպորտային շաբաթ-2020» միջազգային 14-րդ համաժողովը

Նոյեմբերի 19-ին հեռավար ձևաչափով տեղի է ունեցել «Տրանսպորտային շաբաթ-2020» միջազգային 14-րդ համաժողովը

Համաժողովի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է տրանսպորտի ոլորտում եվրասիական ինտեգրմանն առնչվող ամենամյա համալիր միջոցառումներին,այդ թվում՝  ԵԱՏՄ-ի անդամ պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի 4-րդ նիստին։ Նիստի օրակարգում քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների Համակարգված տրանսպորտային  քաղաքականությանն  ուղղված ճանապարհային քարտեզի 2018-2020 թթ․ ժամանակահատվածում իրականացված միջոցառումների արդյունքները և 2021-2023 թթ. գործողությունների պլանի  նախապատրաստական աշխատանքների ընթացքը։ Համաժողովի՝ «Թվային տրանսպորտային միջանցքներ» խորագրով լիագումար քննարկմանը նախարար Սուրեն Պապիկյանը հանդես է եկել ելույթով։ Իր խոսքում նախարար Պապիկյանն անդրադարձել է ՀՀ տնտեսության վրա տրանսպորտի միջանցքների թվայնացմանն ու ձևավորմանն ուղղված ԵԱՏՄ տրանսպորտային քաղաքականության հնարավոր ազդեցությանը։ Գործընկերների ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքի վրա, որ Հայաստանը Եվրասիական քառյակի շուկային կապվում է միայն Վրաստանով և Վերին Լարսի անցակետով՝ նախարարն ընդգծել է, որ թվային տրանսպորտային միջանցքի բարեհաջող գործարկումը զգալիորեն կնվազեցնի վարչարարական բարդությունները  ապրանքաշրջանառության շղթայում։ Նախնական գնահատականներով թվայնացումը թույլ կտա 20-30% կրճատել տրանսպորտային միջոցների ծախսը՝ ներմուծելով այնպիսի համակարգեր, ինչպիսիք են անցման կետում հերթերի նախնական գրանցման համակարգը, փաստաթղթաշրջանառության էլեկտրոնացման համակարգը (e-CMR, e-TIR) և այլն։ Վերոնշյալ ցուցանիշների ձեռքբերումը կանդրադառնա ապրանքների առաքման արագության և գնի վրա, որն էլ իր հերթին կանդրադառնա փոխադրվող ապրանքի վերջնարդյունքի վրա։ Նախարար Պապիկյանի հավաստիացմամբ՝ Հայաստանը պատրաստակամ է և ունի բավարար ռեսուրսներ՝ մշակելու և ներդնելու ԵԱՏՄ թվային տրանսպորտային միջանցքի էկոհամակարգի ծառայությունները։ «Այս տարի  ԵԱՏՄ երկրների հետ մենք մշակել ենք թվային տրանսպորտային միջանցքի էկոհամակարգերի միասնական հարթակի ստեղծման առաջնային ծառայությունների միջոցառումների իրականացման ճանապարհային քարտեզը, սահմանել ենք  միջոցառումների իրականացման ժամկետները և համապատասխան մարմինները, որոնք պատասխանատու են այս միջոցառումների իրականացման համար։ Հայաստանը պատրաստ է և իրականացնելու է այս միջոցառումները սահմանված ճանապարհային քարտեզով»,- նշել է Սուրեն Պապիկյանը։ Նախարարը տեղեկացրել է նաև, որ ընթացիկ տարում աշխատանքներ են սկսվել ՀՀ-ում ծանր բեռնատար մեքենաների համար վճարների հավաքագրման էլեկտրոնային համակարգի ներդրման ուղղությամբ: Այդ նպատակով մշակվել է օրենսդրական փոփոխությունների համապատասխան փաթեթ, ըստ որի 12 տոննա կամ ավելի թույլատրելի զանգված ունեցող բեռնատարներից առաջարկվում է անցած յուրաքանչյուր կիլոմետրի համար գանձել վճար: Միևնույն ժամանակ, նախատեսվում է ներդնել քաշի և ծավալային հսկողության էլեկտրոնային համակարգ, մշակվում են էլեկտրոնային կնիքների օգտագործման իրավական մեխանիզմներ և տեխնիկական հնարավորություններ: Տրանսպորտային համաժողովի շրջանակներում նախարարը մասնակցել է նաև ԱՊՀ անդամ պետությունների տրանսպորտի համակարգող խորհրդի 40-րդ նիստին, որի ընթացքում քննարկվել են  մինչև 2030 թ․ անդամ երկրների տրանսպորտային համագործակցության առաջնահերթ ուղղությունները։  
20:45 - 19 նոյեմբերի, 2020
Սկսվել է երրորդ համաշխարհային պատերազմ, որը հիբրիդային է. վարչապետի հարցազրույցը ARD հեռուստաալիքին

Սկսվել է երրորդ համաշխարհային պատերազմ, որը հիբրիդային է. վարչապետի հարցազրույցը ARD հեռուստաալիքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել գերմանական ARD հեռուստաալիքին։ Հարցազրույցը ներկայացվում է ստորև. ARD - Պարոն Փաշինյան, շնորհակալություն հարցազրույցի հնարավորության համար։ Երբ Դուք 2018 թվականին ժողովրդավարական բողոքի շարժման միջոցով խաղաղ իշխանափոխության հասաք, հնարավոր համարո՞ւմ էիք, որ երկու տարի անց պատերազմ կբռնկվեր:Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իրականում, երբ ես դեռևս խորհրդարանի պատգամավոր էի՝ 2016 կամ գուցե 2017 թվականն էր, ես այն ժամանակ կանխատեսել եմ, որ պատերազմն անխուսափելի է: Ինչո՞ւ: Որովհետև պատերազմն Ադրբեջանի նպատակն է եղել միշտ: Ինչո՞ւ է պատերազմը նպատակ եղել Ադրբեջանի համար: Որովհետև նա պատրաստ չի եղել Ղարաբաղի հարցի փոխզիջումային լուծման: Որովհետև փոխզիջում նշանակում է, որ դու պետք է որոշակի հետքայլ անես քո մաքսիմալ նշաձողից:Այն, որ Ադրբեջանը պատրաստ չէ փոխզիջման և չի եղել, սրա ամենավառ ապացույցը 2011 թվականի Կազանի պրոցեսն է։ Երբ, ըստ էության, սեղանին էր դրված մի փաստաթուղթ, որով հայկական կողմը համաձայնվել էր հանձնել 5 ադրբեջանական շրջաններ՝ այն բանի դիմաց, որ Լեռնային Ղարաբաղը կստանա միջանկյալ կարգավիճակ, որը հետագայում կորոշակիացվի հանրաքվեի կամ պլեբիսցիտի միջոցով: Եվ դա էական զիջում էր հայկական կողմից, որովհետև շատ անորոշություններ էր պարունակում Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության համար: Բայց հայկական կողմը գնացել էր այդ քայլին, և փաստաթուղթը բանակցված, պատրաստ էր։ Վերջին պահին Ադրբեջանը հրաժարվեց ստորագրել այդ փաստաթուղթը:Եվ սա ուղղակի ոչ թե առանձին դրվագ է, այլ մեթոդաբանություն: Որովհետև այն, ինչ փոխզիջումային տրամաբանության ջանքի արդյունքում սկսում է ընդունելի դառնալ Հայաստանի, Ղարաբաղի համար, հենց նույն պահին սկսում է անընդունելի դառնալ Ադրբեջանի համար, և նա շարունակում է կոշտացնել իր դիրքորոշումը: Սա ադրբեջանական բանաձևն է եղել միշտ, և Ադրբեջանը միշտ պատրաստվել է ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը:Բայց 2020 թվականի հուլիսին Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի ունեցավ սադրանք: Այդ սադրանքի հետևանքով Ադրբեջանը հասկացավ, որ իր զինված ուժերն ի վիճակի չեն լուծել Ղարաբաղի հարցը: Դրա համար նա ստիպված էր դիմել վարձկանների և ահաբեկիչների օգնությանը: Եվ ի՞նչ տեղի ունեցավ: Օգոստոսից՝ Թուրքիայի հսկողության տակ գտնվող սիրիական տարածքներից զորավարժությունների անվան ներքո վարձկաններ և ահաբեկիչներ, մեծ թվով թուրքական ռազմական տեխնիկա, մասնագետներ, զինվորականներ տեղափոխվեցին Ադրբեջան, որոնք ձեռնարկեցին միասնաբար հարձակում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ:ARD – Ի տարբերություն Հայաստանի նախորդ երկու ղեկավարներ Սարգսյանի և Քոչարյանի՝ Դուք Ղարաբաղից չեք։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Ձեր՝ «Ղարաբաղը Հայաստանը է և վերջ» հայտարարությունը, որն Ադրբեջանի կողմից ընկալվեց որպես սադրանք:Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Դա կապված է Ղարաբաղի հարցի պատմության հետ: Ցավոք, միջազգային հանրությունը մի «իքս» պահից կորցրել է Ղարաբաղի հարցի բովանդակության վերաբերյալ ինֆորմացիան: Մինչդեռ ժամանակին, երբ Ղարաբաղի հարցը ծագում էր, Եվրոպայում և աշխարհում այն դիտարկվում էր որպես Խորհրդային միության ժողովրդավարացման դրսևորում, որի արդյունքում փլուզվեց Բեռլինի պատը: Իսկ Ղարաբաղի հարցը ծագել է 1988 թվականից, երբ Խորհրդային միությունում տեղի էր ունենում գորբաչովյան վերակառուցման և ժողովրդավարացման գործընթացը: Եվ Ղարաբաղի հայությունը, որը միշտ եղել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի բնակչության 80 և ավելի տոկոսը, որոշեց օգտվել ժողովրդավարացման ընձեռած հնարավորություններից և վերականգնել իր խախտված իրավունքը: Ընդ որում՝ միանգամայն խաղաղ քաղաքական պայքարի եղանակով:Ի՞նչ իրավունքի մասին է խոսքը: Նախորդ դարի 20-ական թվականներին Խորհրդային միության ձևավորման գործընթացում 80 և ավելի տոկոս հայ բնակչություն ունեցող Լեռնային Ղարաբաղը տրվեց ոչ թե Խորհրդային Հայաստանին, այլ ընդգրկվեց Խորհրդային Ադրբեջանի կազմում: 1988 թվականին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Գերագույն Խորհուրդն ընդունեց Խորհրդային Հայաստանի հետ վերամիավորվելու վերաբերյալ որոշում, որն իր լեգիտիմ իրավունքն էր: Նման որոշում ընդունեց նաև Հայաստանի Գերագույն խորհուրդը: Այս բացարձակապես խաղաղ, առանց զենքի քաղաքական որոշումներին Խորհրդային միությունը և Ադրբեջանը պատասխանեցին բռնությամբ՝ նախ Սումգայիթում, ապա և Բաքվում հայերի ջարդեր կազմակերպելով:Եվ արդյոք Լեռնային Ղարաբաղը Հայաստա՞ն է։ Հայաստան նշանակում է երկիր, որտեղ ապրում են հայերը՝ հայերի երկիր: Նրանք, ովքեր եղել են Լեռնային Ղարաբաղում՝ կտեսնեն 5-րդ դարի, հետագա դարերի հայկական եկեղեցիներ: Առաջին հայկական դպրոցը եղել է Լեռնային Ղարաբաղում, և Լեռնային Ղարաբաղի բնակչությունը 80 և ավելի տոկոսով միշտ եղել են հայեր: Եթե սա պրովոկացիա է, հենց սա է ամբողջ խնդիրը։ Փաստը, որ Լեռնային Ղարաբաղում ապրում են հայեր, Ադրբեջանը միշտ համարել է «պրովոկացիա»՝ դիմելով ագրեսիվ գործողությունների, հրթիռակոծելով բնակավայրերը։ Նրանք պայքարում են այդ «պրովոկացիայի» դեմ:Ընդհանրապես Ձեզ ասեմ՝ հնարավոր է, որ հայերի գոյությունն ինքնին դիտվում է «պրովոկացիա» որոշ երկրների կողմից, այդ թվում՝ Թուրքիայի, որտեղ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությունը, և հսկայական տարածքներ հայաթափվել են ցեղասպանության միջոցով: Իմ գնահատականն այն է, որ Թուրքիան 100 տարի անց վերադարձել է Հարավային Կովկաս, որպեսզի այդ գործողությունը շարունակի:Բայց սա առանձին վերցրած զուտ ընդամենը հակահայ էմոցիոնալ գործունեություն չէ, այլ, իմ համոզմամբ, թուրքական էքսպանսիոնիստական, կայսերական քաղաքականության դրսևորում, որովհետև Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի համար՝ շարունակելու այդ էքսպանսիան դեպի հյուսիս, դեպի արևելք, դեպի հարավ-արևելք: Ես նայում եմ սա այն քաղաքականության կոնտեքստում, որ Թուրքիան վարում է Միջերկրական ծովում, Սիրիայում, Իրաքում, Հունաստանի, Կիպրոսի հետ հարաբերություններում: Եվ այն դրսրևորումների համատեքստում, որ Թուրքիայի քաջալերմամբ մենք տեսնում ենք Եվրոպայում:ARD - Երբ Դուք ընդդիմադիր էիք, դեմ էիք արտահայտվում Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցելուն։ Արդեն 2018 թվականի ցույցերի ժամանակ Դուք ձգտում էիք կապի մեջ մտնել Մոսկվայի հետ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք Ձեր դիրքորոշումը՝ որպես եվրոպամե՞տ, թե՞ ռուսամետ:Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո, ես դեմ եմ քվեարկել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելուն, բայց իմ խորհրդարանական գործունեության մեջ եղել է դրվագ, երբ դեմ եմ քվեարկել նաև Հայաստանը Եվրասիական տնտեսական միության կազմից դուրս գալու գործընթացին:Եվ հեղափոխության ընթացքում էլ մեր ժողովրդի հետ որոշել ենք, որ հեղափոխությունից հետո աշխարհաքաղաքական շրջադարձեր տեղի չեն ունենալու: Դա մեր հավաքական որոշման արդյունքն է։ Եվ շատ կարևոր է արձանագրել, որ արտաքին քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձերը կարող են շատ վտանգավոր լինել:Եվ մենք, այո, այսօր Եվրասիական տնտեսական միության անդամ ենք։ Նախորդ տարի Հայաստանը նախագահում էր, ես անձամբ նախագահում էի Եվրասիական տնտեսական միության մարմիններում։ Եվ Եվրասիական տնտեսական միության նախագահությունը բավական արդյունավետ ստացվեց։ Մենք մի շարք նոր պայմանագրեր կնքեցինք: Բայց մենք համագործակցում ենք նաև Եվրամիության հետ, և մեր ժողովրդավարական օրակարգն ամենևին չի փոխվել:ARD - Դուք պարբերաբար կապի մեջ եք Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի՞նչ կոնկրետ աջակցություն եք ակնկալում Ռուսաստանից:Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այն աջակցութունը, որ մենք ակնկալում ենք Ռուսաստանից, մենք ստանում ենք և չունենք որևէ վերապահում Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի անվտանգային և դաշնակցային պարտավորությունների կատարման որակի վերաբերյալ: Բայց, մյուս կողմից, հասկանում ենք, որ Ռուսաստանը նախ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է, որն ունի որոշակի չեզոքության պարտավորություն Լեռնային Ղարաբաղի հարցում։ Եվ որը նաև լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ: Սա, իհարկե, այքան էլ պարզ իրավիճակ չէ, բայց մենք գոհ ենք Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի ունեցած պարտավորությունների կատարման որակից:ARD – Ինչպե՞ս եք վերաբերվում Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահների տեղակայմանը:Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դա կարևոր հարցերից մեկն է։ Ես ասել եմ, որ մեզ համար ընդունելի է ռուսական խաղաղապահների տեղակայումը։ Եվ այստեղ հարցը ոչ այնքան և ոչ միայն քաղաքական է, այլև պրակտիկ, որովհետև նախ Ռուսաստանը ներկա է տարածաշրջանում: Այսինքն՝ խաղաղապահներ ենթադրում է օպերատիվ արձագանք, և Ռուսաստանը ներկա է տարածաշրջանում, Ռուսաստանը գիտի տարածաշրջանը։ Ընդհուպ կարող եմ խոսել լեզվական, կոմունիկացիոն խնդիրների մասին, որ ենթադրենք, այո, գաղափարներ կան, որ ամենատարբեր երկրներից կարող են խաղաղապահներ լինել տարածաշրջանում՝ սկսած լեզվական հաղորդակցությունից և տարածաշրջանն ու մենթալիտետն իմանալու նրբություններից: Մենք շարունակում ենք կարծել, որ ռուսական խաղաղապահների գործունեությունը կարող է ամենարդյունավետը լինել այդ առումով:ARD - Ադրբեջանը, հակառակը, առաջարկում է տեղակայել թուրք խաղաղապահներ: Համաձա՞յն կլինեք դրա հետ։Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Բայց, գիտեք, Թուրքիան, արդեն ասացի, տարածաշրջան ահաբեկիչներ և վարձկաններ բերող երկիր է։ Եվ դժվար է պատկերացնել այս դերակատարումն ունեցող երկրի որևէ խաղաղ, առավելևս՝ խաղաղարար կամ խաղաղապահ գործընթացը:ARD – Ինչպե՞ս կմեկնաբանեք Գյանջայի և Բարդայի ռմբակոծումը և կասետային ռումբերի օգտագործումը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Նախ ուզում եմ մի այսպիսի փաստի մասին խոսել, երբ ինչ-որ պայթյուներ են տեղի ունենում ադրբեջանական քաղաքներում, Ադրբեջանի կառավարությունն այնտեղ հավատարմագրված դեսպաններին, նաև լրագրողներին ուղեկցում է դեպքի վայր և ցույց է տալիս: Բայց ոչ մի դիվանագիտական ներկայացուցիչ Ստեփանակերտում, Մարտակերտում, Մարտունիում, Ասկերանում չի եղել: Ղարաբաղի քաղաքների մասին եմ խոսում, այլ գյուղերի մասին չեմ խոսում և չի տեսել, թե ինչ է կատարվում այնտեղ: Միջազգային լրագրողները նույնպես շատ դժվարությամբ են այցելում այնտեղ, բայց այսօր այդ քաղաքները կիսավեր վիճակում են: Ինչ վերաբերում է ադրբեջանական քաղաքներին, ցանկանում եմ ասել, որ նախ Լեռնային Ղարաբաղի քաղաքների շարունակաբար ռմբակոծումը ոչ մի միջազգային արձագանքի չի արժանացել, ոչ մի: Որևէ մեկը նույնիսկ չի փորձել դա դադարեցնել, իսկ Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը, նաև ունենալով լեգիտիմ, ռազմական թիրախներ որոշ բնակավայրերում կամ մերձակայքերում, հասցրել է պատասխան հարվածներ:ARD – Բայց ինչո՞ւ է Բարդան կասետային ռումբերով ռմբակոծվել։ «Human Rights Watch»-ը որոշ ապացույցներ է հայտնաբերել:Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ստեփանակերտում չե՞ն զոհվել քաղաքացիական անձինք:ARD – Ես կցանկանայի Ձեզ Գյանջայի և Բարդայի մասին հարցնել։Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այսինքն՝ մեզ պետք է ուղղակի բացատրություն, թե ինչո՞ւ են քաղաքացիական անձինք մահանում: Եթե Ստեփանակերտում, Մարտակերտում և Մարտունիում քաղաքացիական անձանց վերաբերյալ բացատրությունը Ձեզ բավարարեց, ուրեմն նույն բացատրությունն է։ Որովհետև տարբերություն չկա՝ քաղաքացիական անձինք որտեղ են մահանում: Եթե բացատրությունը Ստեփանակերտի դեպքում Ձեզ բավարարում է, ուրեմն դա պետք է որպես ֆորմուլա աշխարհի ցանկացած քաղաքում քաղաքացիական անձանց մահանալու վերաբերյալ բավարարի: Եթե բացատրությունը Ստեփանակերտի դեպքում Ձեզ բավարարում է, ինձ, օրինակ, չի բավարարում:ARD – Երկու կողմից էլ քաղաքացիական անձինք են զոհվում։ Արդյոք դա չպե՞տք է կանգնեցվի։Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ո՞վ է վիճում դրա հետ: Ոչ ոք չի վիճում դրա հետ։ Համենայնդեպս՝ Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում: Բայց եկեք նայենք վիճակագրությունը, եկեք նայենք ժամանակագրությունը:ARD – Վերջին անգամ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ հանդիպեցիք Մյունխենում՝ Անվտանգության համաժողովի շրջանակում: Որո՞նք են Ձեր պայմանները՝ Ադրբեջանի հետ լուրջ բանակցությունների համար:Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Պատերազմի պայմաններում խոսել բանակցությունների մասին նորմալ է, բայց իրատեսական չէ: Ըստ էության, բանակցությունների պայմանները քննարկվել են և համաձայնեցվել հոկտեմբերի 10-ի՝ Մոսկվայի հայտարարության մեջ, որը վերահաստատվել է հետագայում ևս: Մոսկվայի հայտարարությունն ընդունվեց Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ: Այնուհետև Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների նախագահների միջնորդությամբ վերահաստատվեց, և այնտեղ հստակ գրված է ծրագիրը՝ ըստ էության, համաձայնեցված: Նկատի ունեմ, եթե կան համաձայնեցված կետեր, ի՞նչ իմաստ ունի մեկը մյուսին պայմաններ առաջադրելը, որովհետև ի վերջո դա համատեղ է ընդունվել: Այսինքն, այլևս պայմաններ առաջադրելու կարիք չկա: Պայմաններն այնտեղ ձևակերպված են, և այդ պայմանները մենք համարել ենք ընդունելի:ARD – Ձեր կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը դեռևս ճի՞շտ ձևաչափ է լուծում գտնելու համար:Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո, իհարկե: Մենք կարծում ենք, որ դա միակ ձևաչափն է, որտեղ կարող է այդ հարցը քննարկվել և որոշվել: Ինչը չի նշանակում, որ միջազգային հանրությունը չպետք է աջակցի Մինսկի խմբի համանախագահությանը: Իհարկե, միջազգային հանրությունը պետք է աջակցի, բայց քննարկումների ձևաչափը հենց դա է:ARD – Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ պետք է ԵՄ-ն անի։ Արդյոք ԵՄ-ն պե՞տք է խաղաղապահներ ուղարկի:Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես խաղաղապահների հետ կապված հարցին արդեն պատասխանեցի։ Մենք պետք է հաշվի առնենք նաև տարածաշրջանի այլ պետությունների դիրքորոշումները: Պետք է այնպես անենք, որ խաղաղապահներն իրոք կայունություն և ոչ թե անկայունություն, անհանգստություններ առաջ բերեն: Կարծում եմ՝ ռուսական խաղաղապահներն ամենահարմար և ճիշտ դերակատարներն են այս պրոցեսի ընթացքում:Ինչ վերաբերում է ԵՄ-ին, ես արդեն բազմիցս ասել եմ, բազմաթիվ հարցազրույցներում արտահայտել եմ իմ կարծիքը, որ Եվրամիությունն, այո՜, կարող է աջակցել պրոցեսին՝ հստակ արձանագրելով, թե ով է եղել այս պատերազմի նախաձեռնողը, հստակ արձանագրելով տարածաշրջան վարձկանների տեղափոխման փաստը: Ի դեպ, մենք արդեն երկու վարձկան ունենք, որոնք գերեվարվել են Ղարաբաղի Պաշտպանության բանակի կողմից, և նրանք իրենց ցուցմունքներում հստակ ի ցույց են դնում, թե ինչ պրոցես է տեղի ունեցել։ Սա շատ կարևոր բովանդակային կողմ է:Օրինակ, այդ վարձկաններից մեկն ունի չորրորդ դասարանի կրթություն, մյուսը վարձկանն ընդհանրապես գրագետ չէ, այսինքն՝ ո՜չ կարդալ, ո՜չ գրել չգիտի: Այդ մարդիկ բերվել են Սիրիայում Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող տարածքներից: Ըստ էության՝ կրթական ցենզ, տառեր չիմացող մարդկանց են բերում, նրանց ինչ-որ արժեքներ են ներարկում, ներշնչում են, որ ահա այստեղ ապրում են թշնամիներ:Իմիջիայլոց, այստեղ շատ հետաքրքիր մի բան կա: Ցանկանում եմ զուգահեռներ անցկացնել։ Ցանկանում եմ բոլորս արձանագրենք, որ Թուրքիան Սիրիայում իր հսկողության տակ գտնվող տարածքներից այս մարդկանց հավաքագրում է, տեղափոխում է իր տարածք, հետո Թուրքիայից տեղափոխում են Ադրբեջան, հետո տեղափոխում են Լեռնային Ղարաբաղի մարտական գործողությունների գոտի։ Նրանց խոստանում են ամսական 2000 ԱՄՆ դոլար և, շատ կարևոր է՝ պարգևավճար նրանց համար, ովքեր կկտրեն «անհավատների» գլուխները՝ ամեն գլխի համար 100 ԱՄՆ դոլար: Ո՞չ մի նմանություն չեք տեսնում որևէ այլ տեղում տեղի ունեցող ոչ մի իրադարձության հետ:Այս է պատճառը, որ, իմ գնահատմամբ, հիմա սկսվել է երրորդ համաշխարհային պատերազմ, որը հիբրիդային պատերազմ է։ Այն ծավալվում է բոլոր ուղղություններով: Այդ պատերազմը հավասարապես ուղղված է քրիստոնյաների դեմ, մահմեդականների դեմ, հուդայականների դեմ: Ցանկանում եմ պարզաբանել թե ինչու եմ համարում, որ նաև մուսուլմանների դեմ է ուղղված։ Որովհետև նախ մուսուլմանների սխալ կերպար է ստեղծվում ամբողջ աշխարհում և երկրորդը՝ կրթություն չունեցող, տառերը չճանաչող և համապատասխան, թող ներվի ինձ, շատ նեղ և տեղային աշխարհայացք ունեցող մարդկանց անգրագիտությունն օգտագործվում է նեղ քաղաքական, կոնկրետ քաղաքական նպատակների համար։ Եվ մենք գիտենք, թե ով է կազմակերպում դա: Մենք այդ նույն երևույթի արտահայտությունը տեսնում ենք Լեռնային Ղարաբաղում։ Նույն երևույթի արտահայտությունը տեսնում ենք Վիեննայում, Կանադայում, Ֆրանսիայում։Եվ նույն երևույթի արտահայտությունը տեսնում ենք Ռուսաստանում՝ մի փոքր այլ դրսևորումներով: Մենք այս վերջին մեկ ամսվա ընթացքում մի քանի հաղորդագրություններ տեսանք Հյուսիսային Կովկասում ահաբեկչական խմբերի գործունեության մասին, որոնք Ռուսաստանի իրավապահների կողմից էֆեկտիվ կերպով ոչնչացվեցին: Եվ, իմիջիայլոց, շատ կարևոր է՝ սա ևս ապացուցում է, որ այս պատերազմը հավասարաբար ուղղված է նաև մուսուլմանների դեմ, որովհետև մենք տեսնում ենք արաբական մի շարք երկրների շատ արժեքավոր արձագանքը տեղի ունեցողին։Մենք տեսնում ենք Իրանի Իսլամական Հանրապետության շատ արժեքավոր արձագանքը տեղի ունեցողին։ Որովհետև այս մարդկանց ներկայությունը մեր տարածաշրջանում նույնպիսի սպառնալիք է համարում իր անվտանգությանն Իրանի Իսլամական Հանրապետությունը, նույնպիսի սպառնալիք են համարում իրենց համար բազմաթիվ արաբական երկրներ:ARD – Արդյոք Իրանը պետք է ավելի մե՞ծ դեր խաղա այս գործընթացում։Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, Իրանը մեր և Ադրբեջանի հարևան երկիրն է: Բնականաբար, հետաքրքրված է և անհանգստացած պրոցեսով: Ես արդեն ասացի՝ մեր դիրքորոշումն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է այն ձևաչափը, որտեղ պետք է քննարկվի Ղարաբաղի հարցը։ Բայց դա չի նշանակում, որ միջազգային հանրությունը չպետք է աջակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը:ARD – Իմ վերջին հարցը։ Ձեր կառավարությունն իշխանության է եկել բարեփոխումներ իրականացնելու և կոռուպցիայի դեմ պայքարելու խոստումով: Դա դեռ հնարավո՞ր է:Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Հիմա ավելի է սրվել այդ պահանջարկը: Գո՞հ եմ արդյոք ես այն արդյունքներից, որոնք մենք արձանագրել ենք կոռուպցիայի դեմ պայքարում: Ոչ, գոհ չեմ։ Բայց նաև գիտեմ՝ ինչո՞ւ մենք բավարար չափով արդյունավետ չենք եղել։ Որովհետև, ըստ էության, 20 և ավելի տարիներ կոռուպցիոն իրականության մեջ ձևավորված համակարգերը, մեխանիզմները կառուցվել են կոռուպցիան պաշտպանելու համար:Եվ, այո, այն կառուցակարգերը, որ կան, մենք անընդհատ տեսել ենք, որ մեզ խանգարում են՝ կոռուպցիայի դեմ էֆեկտիվ պայքար մղելու, թալանված փողերի վերադարձին բավարար տեմպ ապահովելու համար: Բայց, միևնույն է, մենք որոշել ենք, որ չենք գնա օրենքից դուրս ճանապարհով։ Մենք կգնանք այս համակարգը և օրենսդրությունը բարելավելու, բարեփոխելու ճանապարհով, ինչը պրոցեսը հասկանալիորեն երկարացնում է:Կարծում եմ՝ հանրության շրջանում ձևավորվել է կոռուպցիայի դեմ պայքարի ընկալումը, որովհետև մարդիկ այս ընթացքում տեսնում են հարցեր, որոնք շատ երկար տարիների ընթացքում չեն լուծվել։ Եվ նրանց գնահատականը հիմա միանշանակ է, որ դրանք չեն լուծվել կոռուպցիայի պատճառով: Հայաստանը չունի այլընտրանք։ Այո, մենք պետք է պայքարենք կոռուպցիայի դեմ։ Մենք պետք է կառուցենք ժողովրդավարություն։Բայց այսօրվա մեր օրակարգի թիվ մեկ հարցը Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիան է։ Որը, իհարկե, ունի ազգային անվտանգության կոմպոնենտ։ Բայց ես համոզված եմ, արդեն ասացի, որ այստեղ կա միջազգային անվտանգության կոմպոնենտ, որովհետև այս պրոցեսում սպառնալիք տեսնում է Ռուսաստանը, սպառնալիք տեսնում է Իրանի Իսլամական Հանրապետությունը, սպառնալիք տեսնում են արաբական երկրները, սպառնալիք տեսնում են Եվրամիությունում, սպառնալիք տեսնում են Միացյալ Նահանգներում: Այս երկրներն ունեն բազմաթիվ հակասություններ հարաբերություններում, բայց առնվազն ստեղծված իրավիճակում վարձկանների և ահաբեկիչների ներգրավվածությունը, որի աջակիցը Թուրքիան է, բոլորի կողմից արժանանում է նույն գնահատականի: Հետևաբար, սա միջազգային անվտանգության օրակարգի հարց է։Այսօր մենք, իհարկե, ամեն ինչ անում ենք և կանենք՝ ժողովրդավարությանը չվնասելու համար, բայց ռազմական դրությունը, չեմ կարծում, թե ժողովրդավարության լավագույն միջավայրն է: Հետևաբար, ամեն ինչ պետք է անենք՝ ժամ առաջ ռազմական դրության միջավայրից դուրս գալու և բնականոն կյանքի վերադառնալու համար։ Բայց, ցավոք, դա միայն մեզնից չէ կախված։ Համենայնդեպս՝ մենք մեզնից կախված առավելագույնը կանենք դրա համար:ARD – Շնորհակալություն, պարոն Փաշինյան։
23:20 - 07 նոյեմբերի, 2020
ԵԱՏՄ անդամ երկրների հետ ՀՀ ապրանքաշրջանառության ծավալը նախորդ տարվա համեմատ չի կրճատվել

 |armenpress.am|

ԵԱՏՄ անդամ երկրների հետ ՀՀ ապրանքաշրջանառության ծավալը նախորդ տարվա համեմատ չի կրճատվել |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի Հանրապետության արտաքին ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալը 2020թ. ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է, սակայն չի կրճատվել ԵԱՏՄ անդամ երկրների հետ առևտրաշրջանառության ծավալը: Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: «Նախորդ տարվա ընթացքում ԵԱՏՄ անդամ պետությունների հետ մեր ապրանքաշրջանառությունն ընդհանուր մեր ապրանքաշրջանառության նկատմամբ ուներ առաջանցիկ աճ: Եթե 2019թ. ընթացքում ընդհանուր առմամբ մեր ապրանքաշրջանառությունն աճել էր 10,4%-ով, ապա ԵԱՏՄ անդամ պետությունների հետ աճել էր 15,1%-ով: Այս տարվա ընթացքում ԵԱՏՄ անդամ պետությունների հետ մեր 8 ամիսների վիճակագրությամբ` պատկերն ավելի բարվոք է: Եթե մենք այդ 8 ամիսների կտրվածքով ունեցել ենք ապրանքաշրջանառության 10,2%-ով կրճատում, ապա ԵԱՏՄ անդամ պետությունների հետ մենք չենք ունեցել կրճատում»,- ասաց Խաչատրյանը:      
17:24 - 05 նոյեմբերի, 2020
ԵԱՏՄ-ի և Սերբիայի ու Սինգապուրի միջև Ազատ առևտրի գոտու համաձայնագրերն ուժի մեջ կմտնեն հաջորդ տարի

 |armenpress.am|

ԵԱՏՄ-ի և Սերբիայի ու Սինգապուրի միջև Ազատ առևտրի գոտու համաձայնագրերն ուժի մեջ կմտնեն հաջորդ տարի |armenpress.am|

armenpress.am:  ԵԱՏՄ անդամ երկրների և Սերբիայի ու Սինգապուրի միջև Ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրերն ուժի մեջ կմտնեն 2021 թվականին: Այս մասին նոյեմբերի 5-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: «2021թ. ուժի մեջ կմտնի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների և Սերբիայի միջև ստորագրված Ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիրը: Մինչ այժմ ԵԱՏՄ անդամ երեք երկրներ` ՌԴ, Բելառուս, Ղազախստան, արդեն ունեին ազատ առևտրի երկկողմ համաձայնագրեր: Այս բազմակողմ համաձայնագիրը հնարավորություն է տալիս Հայաստանին` միանալով արտոնյալ ռեժիմին, ստեղծել մեզ համար Սերբիայի տնտեսական տարածքում առևտրի ավելի բարենպաստ պայմաններ: Ուժի մեջ կմտնի նաև ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև ազատ առևտրի գոտու համաձայնագիրը, ինչպես նաև ՀՀ-ի ու Սինգապուրի միջև ծառայությունների, առևտրի և ներդրումների մասին համաձայնագիրը»,- ասաց Խաչատրյանը: Նախարարը նշեց, որ հաջորդ տարվա ընթացքում ակտիվորեն կշարունակվեն Եգիպտոսի հետ ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագրի ուղղությամբ աշխատանքները, նախատեսվում է նաև այդ համաձայնագիրը հասցնել ստորագրման աստիճանի: «Կան մի շարք երկրներ` Հնդկաստան, Մոնղոլիա, Կորեայի Հանրապետություն, Ինդոնեզիա, Ալժիր, ինչպես նաև Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա, որոնց հետ Ազատ առևտրի մասին համաձայնագրի շուրջ բանակցությունները կունենան ընթացք և շոշափելի առաջընթաց»,- նշեց նախարարը: 2021 թվականին նախատեսվում է սկսել նաև Իրանի Իսլամական Հանրապետության հետ Ազատ առևտրի համաձայնագրի ուղղությամբ աշխատանքները:
16:42 - 05 նոյեմբերի, 2020
Կառավարությունը հարկերից ազատման համար կսահմանի ԵԱՏՄ երկրներից բերվող հումանիտար ապրանքների ցանկ

 |armenpress.am|

Կառավարությունը հարկերից ազատման համար կսահմանի ԵԱՏՄ երկրներից բերվող հումանիտար ապրանքների ցանկ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը հարկերից ազատման համար կսահմանի ԵԱՏՄ անդամ երկրներից համապատասխան նախարարություններին հանձնվող ռազմական, հումանիտար և առողջապահական նշանակության ապրանքների ցանկ: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշեց, որ խոսքը վերաբերում է ներմուծվող ապրանքները ԱԱՀ-ից, ակցիզային և բնապահպանական հարկից ազատելուն: «Սա հնարավորություն է, որի շրջանակում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք կարողանում են ԵԱՏՄ անդամ պետություններից ապրանքները հասցնել վերջնական շահառուին առանց մաքսայի և հարկային պարտավորություններով ծանրաբեռնվելու: Օրենքով նախատեսված է, որ կառավարությունը կսահմանի ապրանքների ցանկ, և արտոնությունները կիրառելի կլինեն այդ ապրանքների նկատմամբ: Ցանկ սահմանելու նպատակն այն է, որ այս աջակցությունը լինի արդյունավետ և հասցեական»,- ասաց  նախարարի տեղակալը: Արման Պողոսյանը նշեց, որ օրենքն ունի անցումային կարգավորումներ: Քանի դեռ կառավարությունն այդ ցանկը չի սահմանել և չի հրապարակել, վերը նշված արտոնություններն առայժմ կիրառելի կլինեն բոլոր ապրանքների նկատմամբ: Խոսքը համապատասխան նախարարություններին հանձնվող ռազմական, հումանիտար և առողջապահական նշանակության ապրանքների մասին է: Նախարարի տեղակալը նկատեց, որ շատ կազմակերպություններ և ֆիզիկական անձինք ռազմական դրության հայտարարման առաջին օրերից սկսած ներկրել և կառավարման շրջանակին հանձնել են ապրանքների լայն տեսականի: Եթե ցանկի կիրառությունը հետընթաց լիներ, ապա կարող էր խնդիրներ առաջացներ, դրա համար անցումային կարգավորումները հնարավորություն են ընձեռում այս արտոնյալ կարգավորումները կիրառել բոլոր ապրանքների նկատմամբ: Ցանկը սահմանելուց հետո արտոնյալ կարգավորումները կվերաբերեն միայն դրանում ընդգրկված ապրանքներին: Նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ նախատեսված է այս գործընթացի փաստաթղթավորում: Ինչ վերաբերում է այլ երկրներից ներկրվող ապրանքներին, ապա Արման Պողոսյանը նշեց, որ այդ պարագայում կա առավել պարզ գործնական ընթացակարգ, հետևաբար նոր օրենքի, նոր արտոնյալ կարգավորումների անհրաժեշտություն չկար:   
14:22 - 28 հոկտեմբերի, 2020
ԵՏՀ-ն կքննարկի Թուրքիան ԵԱՏՄ սակագնային արտոնությունների համակարգից օգտվող երկրների ցանկից հանելու հարցը

ԵՏՀ-ն կքննարկի Թուրքիան ԵԱՏՄ սակագնային արտոնությունների համակարգից օգտվող երկրների ցանկից հանելու հարցը

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախաձեռնությամբ` առաջիկա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի օրակարգում կընդգրկվի և կքննարկվի մի շարք երկրներ, այդ թվում՝ Թուրքիան, ԵԱՏՄ սակագնային արտոնությունների միասնական համակարգից օգտվող երկրների ցանկից հանելու վերաբերյալ հարցը։ Այս մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից: Համաձայն Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 36-րդ հոդվածի՝ ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից տրամադրվում են սակագնային արտոնություններ զարգացող և առավել թույլ զարգացած երկրների ծագում ունեցող ապրանքների նկատմամբ։ Արտոնություններից օգտվող երկրների ցանկերը հաստատվել են 2009 թվականին Մաքսային միության Հանձնաժողովի որոշմամբ։ Ներկայումս արտոնություններից օգտվում է 103 երկիր: 
16:36 - 22 հոկտեմբերի, 2020
ՀՀ կառավարությունն արգելք է դրել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման վրա |lragir.am|

ՀՀ կառավարությունն արգելք է դրել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման վրա |lragir.am|

lragir.am: Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր 2020 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 1708-Ն որոշմամբ ժամանակավոր արգելք է դրել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա: Արգելքն ուժի մեջ կլինի 2020 թվականի դեկտեմբերի 31-ից վեց ամսով: Թուրքական ծագման ապրանքների ներմուծման սահմանափակումն իրենից ենթադրում է նախևառաջ անվտանգային բաղադրիչ՝ հաշվի առնելով քանիցս հաստատված փաստերը, ըստ որոնց, Թուրքիան բացահայտորեն աջակցում ու սատարում է Ադրբեջանի կողմից՝ Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական և ահաբեկչական գործողություններին: Թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծման արգելքով դադարեցվում է հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը, միաժամանակ կանխարգելվում է նաև թշնամական տրամադրված երկրից վերջնական սպառման ապրանքների ներմուծման միջոցով հնարավոր վտանգների ներթափանցումը Հայաստան:
17:35 - 21 հոկտեմբերի, 2020
Բաբկեն Թունյանը պարզաբանում է՝ ինչու է թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքը ժամանակավոր՝ 6 ամսով

Բաբկեն Թունյանը պարզաբանում է՝ ինչու է թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքը ժամանակավոր՝ 6 ամսով

Շատ են հարցնում, թե ինչու է թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքը ժամանակավոր՝ 6 ամսով, գրել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը և պարզաբանել․   «Նախորդ գրառմանս քոմենթներում պատասխանել եմ, բայց այսպես էլ գրեմ։ Սիրելի բարեկամներ, Հայաստանը ԵԱՏՄ անդամ է։ Եվ համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի Հոդված 47-ով սահմանված դրույթի՝ ԵԱՏՄ անդամ պետությունները երրորդ երկրների հետ առևտրում կարող են միակողմանիորեն կիրառել ոչ սակագնային կարգավորման միջոցներ՝ Պայմանագրի 7-րդ հավելվածով սահմանված կարգով: Միաժամանակ, 7-րդ հավելվածով հաստատված՝ երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման մասին արձանագրության «Միակողմանիորեն միջոցների կիրառումը» X բաժնի 50-րդ կետի համաձայն՝ բացառիկ դեպքերում Արձանագրության VII և VIII բաժիններով նախատեսված հիմքերով անդամ պետությունները երրորդ երկրների հետ առևտրում կարող են միակողմանիորեն սահմանել ժամանակավոր միջոցներ, այդ թվում՝ Արձանագրության III և IV բաժիններում նշվածներից տարբերվող հիմքերով։   Համաձայն Արձանագրության 54-րդ կետի՝ ժամանակավոր միջոցը գործում է այն սահմանելու օրվանից հետո՝ առավելագույնը 6 ամսվա ընթացքում։ Մի կարևոր լրացում։ Ոչ մի բան մեզ չի խանգարում 6 ամսից հետո կրկին երկարաձգել արգելքը ևս 6 ամսով։ Եվ այդպես շարունակ»։
15:31 - 16 հոկտեմբերի, 2020
ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ստեղծման մեթոդական հիմքը պետք է պատրաստ լինի մինչև տարեվերջ |armenpress.am|

ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ստեղծման մեթոդական հիմքը պետք է պատրաստ լինի մինչև տարեվերջ |armenpress.am|

armenpress.am: Եվրասիական տնտեսական միությունում գազի ընդհանուր շուկայի ստեղծման համար մեթոդական հիմքերը պետք է պատրաստ լինեն մինչև այս տարվա վերջ: Այս մասին ասաց  Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն՝ Երևանում եվրասիական միջկառավարական խորհրդի՝ ընդլայնված կազմով հանդիպմանը: Գոլովչենկոն նախ մեծապես կարևորեց ընդհանուր էներգետիկ շուկայի ձևավորումը՝ նշելով, որ գազի ընդհանուր շուկայի ստեղծման առաջին փուլը մեթոդական, կազմակերպված հիմքի ձևավորումն է։ «Դա պետք է պատրաստ լինի մինչև տարեվերջ»,-ասաց Բելառուսի վարչապետը: Նրա խոսքով՝ կատարված աշխատանքի վերաբերյալ հաշվետվությունը գերատեսչական մակարդակում կներկայացվի ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներին, ինչից հետո կկայացվի երկրորդ փուլ անցնելու որոշում:
17:52 - 09 հոկտեմբերի, 2020
Փաշինյանի կարծիքով՝ մասամբ փակ սահմանները բացասաբար են ազդում ԵԱՏՄ-ում ինտեգրման գործընթացների վրա |armenpress.am|

Փաշինյանի կարծիքով՝ մասամբ փակ սահմանները բացասաբար են ազդում ԵԱՏՄ-ում ինտեգրման գործընթացների վրա |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը համավարակի պայմաններում շեշտում է ԵԱՏՄ-ում ուղևորափոխադրումների խնդրի վերաբերյալ ընդհանուր լուծում գտնելու կարևորությունը, մասամբ փակ սահմանները բացասաբար են ազդում ինչպես ինտեգրման գործընթացների, այնպես էլ երկրների տնտեսությունների վրա: Այս մասին ասաց ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանը՝  Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ ընդլայնված կազմով հանդիպմանն իր ելույթում: Փաշինյանը հիշեցրեց, որ Եվրասիական տնտեսական միությանը մասնակցությունը և երկրների միջև ինտեգրման խորացման ուղղությամբ աշխատանքը ՀՀ կառավարության կարևորագույն գերակայություններն են: Հայաստանը հետայսու ևս կշարունակի գործադրել բոլոր ջանքերը՝ հնարավորինս շուտ հասնելու միության կողմից սահմանված նպատակներին, չնայած Հայաստանի առջև ծառացած բոլոր մարտահրավերներին: «Կարծում եմ, որ բոլորիս համար արդիական է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բնակչության սանիտարահամաճարակային բարեկեցության հարցը` կապված COVID-19 համավարակի տարածման հետ: Այս առումով կցանկանայի շեշտել Եվրասիական զարգացման բանկի Թվային նախաձեռնությունների ֆոնդի կողմից ներկայացված «Ճանապարհորդում եմ առանց COVID-19» փորձնական նախագծի կարևորությունը: Ծրագիրը, որը համատեղ մշակվել է Հայաստանի և Ռուսաստանի մասնակցությամբ, շատ կարևոր փուլ է մեր երկրների քաղաքացիների տեղաշարժի գործընթացի կազմակերպման արդյունավետ համակարգի ձևավորման համար` նվազագույնի հասցնելով կորոնավիրուսային վարակի պայմաններում պետական սահմանների հատման ռիսկը: Համավարակի պայմաններում մենք շեշտում ենք ուղևորափոխադրումների խնդրի վերաբերյալ ընդհանուր լուծում գտնելու կարևորությունը: Մեր տարածքում մասամբ փակ սահմանները բացասաբար են ազդում ինչպես ինտեգրման գործընթացների, այնպես էլ մեր երկրների տնտեսությունների վրա»,-ասաց վարչապետը: Նա նշեց, որ այս համատեքստում Հայաստանը մեծապես կարևորում է էլեկտրոնային առևտրի զարգացումը, որը թվային տնտեսության առանցքային բաղադրիչն է: Էլեկտրոնային առևտրի լայն ներդնումը կարող է ընդլայնել ընկերությունների կարողություններն ու վաճառքի ծավալները, ինչպես նաև ապահովել առևտրաշրջանառության ամբողջական վերահսկողություն: ՀՀ կառավարությունն այժմ միջոցներ է ձեռնարկվում էլեկտրոնային առևտրի ոլորտի միջազգային մասնակիցներին հայկական շուկա ներգրավելու ուղղությամբ: Փաշինյանը նկատեց, որ իհարկե, այս գործընթացում պետք է նախ և առաջ հաշվի առնել էլեկտրոնային գործարքների նկատմամբ քաղաքացիների վստահության բարձրացման և էլեկտրոնային առևտրի համար որոշակի հիմքի ստեղծման կարևորությունը: «Եվ վերջինը: Մենք, ինչպես միշտ, հատուկ ուշադրություն ենք դարձնում «Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունների մասին» փաստաթղթի նախագծին: Համոզված ենք, որ ռազմավարական ուղղությունները կնպաստեն ինչպես ներդրումների, այնպես էլ ինովացիոն գրավչության ավելացմանը, ակտիվության և Միության մրցունակության և գիտաարտադրական ներուժի բարձրացմանը»,-եզրափակեց վարչապետը:
15:07 - 09 հոկտեմբերի, 2020
Կայացել է Արսեն Թորոսյանի ու Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայության ղեկավարի հանդիպումը

Կայացել է Արսեն Թորոսյանի ու Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայության ղեկավարի հանդիպումը

Կայացել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ու Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) ղեկավար Աննա Պոպովայի հանդիպումը: Ողջունելով հյուրերին` Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար, որի շրջանակներում հանրային առողջության պահպանման ոլորտի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր են իրականացվել: Նախարարը նաև իր երախտագիտությունն է հայտնել COVID-19 հիվանդության լաբորատոր աշխտորոշման նպատակով Հայաստանին թեստ-համակարգեր և ռեագենտներ տրամադրելու համար, հատկապես այն ժամանակ, երբ նոր էր հիվանդությունը շրջանառվում` նշելով, որ հենց ռուսական թեստերի շնորհիվ մեր երկրում հնարավոր եղավ հայտնաբերել COVID-19-ի առաջին դեպքերը: Արսեն Թորոսյանը նաև բարձր է գնահատել ռուսական կողմի աջակցությունը համավարակի վերաբերյալ առցանց վիդեոկոնֆերանսներ անցկացնելու պատրաստակամության և անձամբ Աննա Պոպովայի մասնակցության առումով: «Մեզ համար շատ կարևոր է ԱՊՀ և ԵԱՏՄ անդամ-երկրների բնակչության շրջանում կորոնավիրուսային հիվանդության հայտնաբերման, ախտորոշման և բուժման վերաբերյալ տեղեկատվության և փորձի փոխանակումը»,- ասել է առողջապահության նախարարը և հույս հայտնել, որ համատեղ և համաձայնեցված միջոցառումների շնորհիվ մոտ ապագայում կգրանցվեն դրական արդյունքներ COVID-19-ի դեմ պայքարում: Արսեն Թորոսյանը նաև անդրադարձել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ծրագրին և այս ուղղությամբ կատարվող աշխատանքներին ու փոփոխություններին: «Ուզում եմ տեղեկացնել, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ծրագրին տեխնիկական աջակցության շրջանակներում Ռուսաստանի Դաշնության կողմից նվիրաբերված շարժական լաբորատորիաներն արդյունավետ գործում են»,- նշել է նախարարը` հավելելով, որ փոխգործակցության հիմքում տարածաշրջանի համաճարակաբանական իրավիճակի կայունացմանն ուղղված կառուցողական աշխատանքներն են: Արսեն Թորոսյանն անդրադարձել է նաև արցախա-ադրբեջանական հակամարտության ներկայիս սրված իրավիճակին, որի հետևանքով առողջապահության նախարարությունը զբաղվում է թե' վիրավորների տեղափոխմամբ, և թե' նրանց բուժօգնության կազմակերպմամբ, ինչը լրացուցիչ ծանրաբեռնվածություն է համակարգի համար: Աննա Պոպովան շնորհակալություն է հայտնել և ընդգծել, որ չնայած լարված իրադրությանը` բոլոր ասպեկտներում մշտապես կա ակտիվ համագործակցություն, ամեն հարցում աջակցելու, ցանկացած տեղեկատվություն փոխանակելու երկուստեք պատրաստակամություն, ինչի շնորհիվ հնարավոր է ձևավորել համատեղ դիրքորոշում, որը հնարավորություն կտա դիմակայելու համավարակին և այլ մարտահրավերներին: Կողմերը քննարկել են սահմանների բացման, մասնավորապես` Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիների տեղաշարժման հարցերը: Նախարարը շեշտել է, որ կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկի նվազեցման համար երկրները պետք է կիրառեն համատեղ, հուսալի և հստակ պահանջներ, որոնք կապահովեն մի երկրից մյուսը քաղաքացիների անվտանգ տեղաշարժը: Գործընկերներն անդրադարձել են նաև կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի ստեղծման ընթացքին և ձեռքբերման հնարավորություններին: «Ուզում եմ նշել, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութը, ինչպես և գրիպինը, չի երաշխավորում, որ տվյալ մարդն էլ երբեք չի վարակվի, սակայն այն երաշխավորում է, որ կրկին վարակված մարդու մոտ հիվանդությունը կանցնի ավելի թեթև և առողջության վատթարացում չի լինի»,-մանրամասնել է Աննա Պոպովան:«Հաշվի առնելով, որ կորոնավիրուսային պատվաստանյութերը նոր են մշակվում ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում, մենք հետաքրքրություն կցուցաբերենք այն ձեռք բերելու համար այն դեպքում, եթե կլինիկական փորձարկումները հաստատեն պատվաստանյութի անվտանգությունը և արդյունավետությունը»,- նշել է Արսեն Թորոսյանը: Կողմերը հանդիպումը որակել են արդյունավետ և հավաստիացել, որ ընդլայնված համագործակցությունը կլինի փոխադարձ հետաքրքրությունների բոլոր ուղղություններով:
13:56 - 09 հոկտեմբերի, 2020
Մեզ համար առանձնահատուկ արժեքավոր է, որ այս դժվարին պահին ժամանել եք Հայաստան. վարչապետը մասնակցել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի բացմանը

Մեզ համար առանձնահատուկ արժեքավոր է, որ այս դժվարին պահին ժամանել եք Հայաստան. վարչապետը մասնակցել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Երևանում` Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, այսօր տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Նիստին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը և ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները` Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը: Ղրղզստանի Հանրապետության կողմից նիստին մասնակցել է Հայաստանի Հանրապետությունում Ղրղզստանի արտակարգ և լիազոր դեսպան Ալիկբեկ Ջեկշենկուլովը։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դիմավորել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցներին: Տեղի է ունեցել արարողակարգային տեսալուսանկարահանում, որին հաջորդել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նեղ կազմով հանդիպումը: Նեղ կազմով նիստին վարչապետը հանդես է եկել ելույթով, որում նշել է. «Կառավարությունների հարգելի ղեկավարներ, Ողջունում եմ բոլորիդ Հայաստանում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Ցավոք, Ղրղզստանի Հանրապետության վարչապետը չկարողացավ գալ Հայաստան` Խորհրդի նիստին մասնակցելու համար, և մենք ստիպված ենք հանդիպումն անցկացնել առանց նրա: Ղրղզստանի բարեկամ ժողովրդին մաղթում եմ խաղաղություն ու ներդաշնակություն և երկրում ներքաղաքական իրավիճակի շուտափույթ կարգավորում: Այսօրվա նիստը տեղի է ունենում Հայաստանի համար դժվար ժամանակներում: Երկու շաբաթ շարունակ Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով չեն դադարում մարտերը՝ բոլոր տեսակի ժամանակակից զենքերի կիրառմամբ: Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության քաղաքներն ու գյուղերը, ինչպես նաև քաղաքացիական նշանակության կառույցներն ու ենթակառուցվածքները գտնվում են հրետանային և հրթիռային կրակահերթի տակ: Կան բազմաթիվ սպանվածներ ու վիրավորներ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում: Սակայն վստահեցնում եմ ձեզ, որ չնայած բոլոր դժվարություններին՝ մեր ժողովուրդը միասնական է, ինչպես երբևէ և լի է վճռականությամբ՝ կանգնելու մինչև վերջ և պաշտպանելու մեր ազատությունն ու անկախությունը։ Ես ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել պատվիրակությունների բոլոր անդամներին այս դժվարին պահին Հայաստան ժամանելու համար: Դա առանձնահատուկ արժեքավոր է մեզ համար: Մաղթում եմ բոլորին բեղմնավոր աշխատանք և կառուցողական քննարկումներ` ի շահ մեր ինտեգրացիայի և մեր Միության հետագա ամրապնդման։ Շնորհակալություն»: Հաջորդիվ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում նախատեսված է ընդլայնված կազմով հանդիպումը։
13:15 - 09 հոկտեմբերի, 2020
Երևանում մեկնարկում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը |armenpress.am|

Երևանում մեկնարկում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը |armenpress.am|

armenpress.am: Երևանում մեկնարկում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը: Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմավորում է հյուրերին: Նեղ կազմով հանդիպմանը կմասնակցեն Եվրասիական տնտեսական միության 4 անդամ երկրների կառավարությունների ղեկավարները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը: Հայկական կողմից կմասնակցի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ռուսական կողմից՝ վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսից՝ վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանից՝ վարչապետ Ասկար Մամինը: Մինչ նիստերի մեկնարկը, երկրների վարչապետերն ու Մյասնիկովիչը կմասնակցեն արարողակարգային լուսանկարահանման: Նախատեսված է նաև ընդլայնված կազմով հանդիպում: Հոկտեմբերի 6-ին հայտնի է դարձել, որ Ղրղզստանի վարչապետ Ղուբաթբեկ Բորոնովը հրաժարական է տվել: Երկիրը ներկայացված է դեսպանի մակարդակով:
12:04 - 09 հոկտեմբերի, 2020
Վարչապետն ընդունել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին

Վարչապետն ընդունել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին: Վարչապետը նախ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողություններին, որոնք իրականացվում են Թուրքիայի հրահրմամբ և աջակցությամբ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ փաստացի այսօր Լեռնային Ղարաբաղը մղում է հակաահաբեկչական պայքար, քանի որ ադրբեջանական կողմից պատերազմական գործողություններին Թուրքիայի միջամտությամբ ներգրավված են նաև ահաբեկչական խմբավորումների անդամներ: Կառավարության ղեկավարը նշելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների նախագահների՝ հրադադար հաստատելու կոչի մասին հայտարարությունը, ընդգծել է, որ մեր երկիրը ողջունել է այն: «Կարևոր է, որ չնայած ստեղծված իրավիճակին՝ հոկտեմբերի 9-ին Երևանում կանայալու է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Վստահ եմ, որ հաջողությամբ կշարունակենք կառուցողական երկխոսությունը ԵԱՏՄ-ի նպատակների իրականացման և զարգացման ուղղությամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: ԵՏՀ Կոլեգիայի նախագահը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին ստեղծված իրավիճակում ևս Երևանում միջկառավարական խորհրդի նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար:Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հիմնական ուղղությունները և առաջնահերթությունները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջիկա նիստի օրակարգային հարցերի:
17:18 - 08 հոկտեմբերի, 2020
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահին և անդամներին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՏՀ Կոլեգիայի նախագահին և անդամներին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչին և ԵՏՀ Կոլեգիայի անդամներին (նախարարներին): Հանդիպման սկզբում փոխվարչապետը ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը և վերջին զարգացումները՝ ընդգծելով ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման կարևորությունը: Փոխվարչապետը բարձր է գնահատել ԵՏՀ գործունեությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում անդամ երկրների միջև համագործակցության ու առևտրատնտեսական կապերի ընդլայնման տեսանկյունից: ԵՏՀ Կոլեգիայի նախագահը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին հանձինս փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի Երևանում միջկառավարական խորհրդի նիստը կազմակերպելու համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հիմնական ուղղությունները և առաջնահերթությունները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Երևանում ս.թ. հոկտեմբերի 9-ին կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ հարցերին: 
20:20 - 07 հոկտեմբերի, 2020