Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վյաչեսլավ Վոլոդինի հետ

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վյաչեսլավ Վոլոդինի հետ

Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն ընդլայնված կազմով հանդիպում է ունեցել ռուս գործընկերների հետ՝ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորությամբ: Ողջունելով հայկական պատվիրակությանը՝ Պետական դումայի նախագահն ընդգծել է, որ երկու երկրների հարաբերությունները շարունակում են զարգանալ՝ հիմնված երկխոսության և ռազմավարական գործընկերության վրա: Նա հավելել է, որ ռուսական կողմը բարձր է գնահատում և կարևորում է հայ-ռուսական հարաբերությունները՝ վստահություն հայտնելով, որ համավարակի հաղթահարմանը զուգահեռ շփումերը տարբեր մակարդակներում առավել կակտիվանան:Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, շնորհակալություն հայտնելով Մոսկվա պաշտոնական այցի հրավերի համար, իր հերթին երկրորդել է, որ հայ-ռուսական փոխգործակցությունը դինամիկ կերպով զարգանում է: Հայաստանի խորհրդարանի խոսնակը ռուս գործընկերներին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը, հիշեցրել, որ մինչ օրս Ադրբեջանն ամբողջությամբ չի կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձին առնչվող դրույթը: Անդրադարձ կատարելով Ադրբեջանի զինուժի՝ ՀՀ տարածք ներխուժելուն՝ ընդգծվել է Հայաստանի Հանրապետության և ըստ այդմ՝ ՀԱՊԿ պատասխանատվության տարածքի նկատմամբ որևէ ոտնձգության անթույլատրելիությունը: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել վերոնշյալ հարցերը քննարկել համապատասխան բազմակողմ հարթակներում:Հանդիպման ընթացքում երկու պատվիրակությունների անդամները մտքեր են փոխանակել հայ-ռուսական հարաբերությունների օրակարգի, երկկողմ և բազմակողմ հարթակներում մի շարք ուղղություններով հարաբերությունների ընդլայնման շուրջ:
18:14 - 17 մայիսի, 2021
Մինչ այս պահը կառավարության գործողությունները համահունչ են իրավիճակին, ադեկվատ են․ Էդմոն Մարուքյան |tert.am|

Մինչ այս պահը կառավարության գործողությունները համահունչ են իրավիճակին, ադեկվատ են․ Էդմոն Մարուքյան |tert.am|

tert.am: Ադրբեջանի տխրահռչակ նախագահ Իլհամ Ալիևը տպավորություն է ստացել, թե «մարսել են» Արցախի որոշ տարածքների օկուպացիան, պատերազմական հանցագործությունները, գլխատումները և այն ամենը, ինչի համար միջազգային քրեական իրավունքով նա կարող է դատապարտվել: Այս մասին Ազգային ժողովում արտահերթ նիստին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Նա զուտ տպավորություն է ստացել, մի պատրանք, որ ժամանակավոր բնույթ է կրում, և այդ տպավորության տակ է, որ մարդը, երբ էյֆորիայի մեջ է մտնում, սկսում է սխալը սխալի հետևից անել»,-ասաց նա և նշեց, որ սա տալիս է մեզ հնարավորություն՝ պատժելու Ադրբեջանին։ Էդմոն Մարուքյանը նշեց՝ միանշանակ է, որ միջազգային մակարդակում արձանագրված է՝ խախտվել է Հայաստանի սահմանը, և Ադրբեջանը պետք է դուրս գա: «Եթե բանակցությունները չեն ստացվում, բնականաբար սա վերաճելու է ռազմական կոնֆլիկտի՝ ուժի կիրառմամբ, որովհետև ուրիշ ելք չի կարող ունենալ: Մինչ այս պահը կառավարության գործողությունները համահունչ են իրավիճակին, ադեկվատ են և սխալի հնարավորություն չենք տվել, որը կկիրառվի մեր դեմ»,-ասաց նա: Մարուքյանը նշեց, որ Ադրբեջանը մտել է մեր տարածք և հիմա չգիտի՝ ոնց դուրս գա, որ խայտառակ չլինի։
22:13 - 14 մայիսի, 2021
Խորհրդարանը միաձայն ընդունեց Ադրբեջանի գործողությունները դատապարտելու վերաբերյալ նախագիծը

Խորհրդարանը միաձայն ընդունեց Ադրբեջանի գործողությունները դատապարտելու վերաբերյալ նախագիծը

Խորհրդարանն արտահերթ նիստում միաձայն ընդունեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած «Սահմանամերձ գոտիներում, մասնավորապես՝ Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց ձորում ստեղծված ճգնաժամային իրավիճակի, առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների, սահմանների պաշտպանության և անվտանգության ապահովմանն ուղղված հարցերի վերաբերյալ» հայտարարության նախագիծը: «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն արձանագրում է, որ 2021 թվականի մայիսի 12-ին Սյունիքի մարզում Սև լճի տարածքից ադրբեջանական զինուժը հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը, խորացել մի քանի կիլոմետր դեպի Վերիշեն բնակավայր:  Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ ադրբեջանական զինուժի կողմից «սահմանների ճշգրտման» պատրվակով իբր կատարվել են որոշակի աշխատանքներ Սյունիքի սահմանային հատվածներից մեկում: Ակնհայտ է, որ ադրբեջանական զինուժի այս գործողություններն անընդունելի են Հայաստանի Հանրապետության համար, դա ակնհայտ ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ և Հայաստանի Հանրապետությունը չի հանդուրժի ստեղծված իրավիճակը: Սույն թվականի մայիսի 13-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի ևս մեկ արտահերթ նիստ, որում արձանագրվել է, որ արդեն երկրորդ օրն է Սյունիքի մարզի Սև լճի շուրջ և մերձակա տարածքներում պայթյունավտանգ իրավիճակ է: Ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ այս պահին շարունակում են գտնվել Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում: Հաշվի առնելով Ադրբեջանի վարած հակահայկական ռազմատենչ քաղաքականությունը, Ադրբեջանի ղեկավարության կողմից վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ բացահայտ սպառնալիքներ, այդ թվում՝ ուժի կիրառման սպառնալիքներ պարունակող հայտարարություններ և պետական քաղաքականության մակարդակ բարձրացված հայատյատությունը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը խստագույնս դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունները և փաստում, որ Ադրբեջանի կողմից վարվող ագրեսիվ քաղաքականությունը խախտում է միջազգային իրավունքի հիմնարար նորմերը, այդ թվում՝ ՄԱԿ-ի Կանոնադրության 2-րդ հոդվածում ամրագրված սկզբունքները, ինչը Հայաստանի Հանրապետությանն իրավունք է տալիս հակադարձել Ադրբեջանի ագրեսիային միջազգային իրավունքի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն: Ազգային ժողովը Հայաստանի Հանրապետության ժողովրդի անունից հայտարարում է՝ մեր կողմից ձեռնարկվելու են բոլոր համարժեք միջոցներն Ադրբեջանի ռազմական ագրեսիան կասեցնելու և մեր պետական սահմանն ու ժողովրդին պաշտպանելու նպատակով, կոչ ենք անում միջազգային հանրությանը դատապարտել՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանարպետության տարածքային ամբողջականության դեմ ուղղված սադրիչ գործողությունները, ուժի գործադրման սպառնալիքներն ու փաստացի գործադրումը»,- ասված է հայտարարության տեքստում:
21:50 - 14 մայիսի, 2021
Գոնե թշնամու ուղղությամբ ձեր կրակոցները լինեն, ՀՀ ընտրված իշխանության ուղղությամբ են. Ալեն Սիմոնյան

 |1lurer.am|

Գոնե թշնամու ուղղությամբ ձեր կրակոցները լինեն, ՀՀ ընտրված իշխանության ուղղությամբ են. Ալեն Սիմոնյան |1lurer.am|

1lurer.am: ԱԺ խորհրդի նիստում տպավորություն կար, որ հավաքվում ենք միասնականություն ցույց տանք, բայց եկել նստել եք այստեղ՝ քաղաքական շահարկումներ, նախընտրական քարոզարշավ եք անում, պաշտպանվում եք, որ իբր Սյունիքն ենք պահում, բայց քարոզարշավ եք անում: Այդ մասին ԱԺ արտահերթ նիստում ասաց ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը:   «Գոնե թշնամու ուղղությամբ ձեր կրակոցները լինեն, ՀՀ ընտրված իշխանության ուղղությամբ են ձեր կրակոցները:  Եկե՛ք միասնական լինենք, մեր նավը փոթորկի միջով է անցնում: Պիտի հավաքվենք, կպնենք իրար, մեր նավը պահենք և գնանք առաջ:  Վերջացրեք այս ամենը, սեղանին ոչ թե ձեր նեղ անձնական հարցերն են, այլ ՀՀ անվտանգությունը: Եկել, հավաքվել ենք միասնական հայտարարություն ընդունելու, եկեք շարժվենք այդ տրամաբանությամբ»,- ասաց Սիմոնյանը:   Ալեն Սիմոնյանի ելույթից հետո դահլիճում կրքերը մի պահ բորբոքվեցին: «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորները սկսեցին բղավել իրար վրա:  
21:13 - 14 մայիսի, 2021
Ներքին կայունության պահպանումը մեր գերխնդիրն է. Տաթևիկ Հայրապետյան
 |1lurer.am|

Ներքին կայունության պահպանումը մեր գերխնդիրն է. Տաթևիկ Հայրապետյան |1lurer.am|

1lurer.am: Ալիևը ուշի ուշով հետևում է ՀՀ ներքաղաքական զարգացումներին, և պատահական չէ, որ այս սադրանքը տեղի ունեցավ Ազգային ժողովի իրավունքի ուժով արձակումից երկու օր անց: Այդ մասին ԱԺ արտահերթ նիստի իր ելույթում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանը:  Նա համոզված է, որ Բաքվի նպատակներից մեկը մեր դիմադրողականության ստուգումն է: «Ալիև խոսում էր, որ հայկական պետություն և հայկական բանակ չկան: Այստեղ ներքին կայունության պահպանումը մեր գերխնդիրն է, պետք է զերծ մնալ ցեխ շպրտելու տրամադրությունից»,- ասաց նա:  Պատգամավորի խոսքով՝ Ալիևը ստուգում է նաև միջազգային հանրության տրամադրությունները: «Հույս ունեմ, որ մեր միջազգային բոլոր գործընկերները, բարեկամ երկրները համարժեք կարձագանքեն այս գործողություններին, դա մեզ համար շատ կարևոր է»,- ընդգծեց Հայրապետյանը:  Նա նշեց, որ հայկական կողմը հակված է խնդիրը լուծել խաղաղ բանակցությունների միջոցով՝ դուրս մղելով հակառակորդին իրենց զբաղեցրած դիրքերից, որով նրանք խախտել են ՀՀ սուվերեն տարածքը: 
19:18 - 14 մայիսի, 2021
ԲՀԿ-ն առաջարկում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծ ընդունել

ԲՀԿ-ն առաջարկում է ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծ ընդունել

ՀՀ Ազգային ժողովը արտահերթ նիստ է գումարել՝ քննարկելու  Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի սահմանների մոտ վերջին օրերին ստեղծված իրավիճակը։ Նիստը նախաձեռնել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը։ Խմբակցության քարտուղար Արման Աբովյանը ԱԺ նիստում հայտնեց, որ ԲՀԿ-ն հրավերներ է ուղարկել համապատասխան գերատեսչություններին եւ լիազորված անձանց՝ այդ թվում՝ ՊՆ-ի ու ԱԱԾ-ի ներկայացուցիչներին, որպեսզի նրանք եւս մասնակցեն նիստին ու պատասխանեն պատգամավորների հարցերին։ Նա նկատեց, որ այդ պահին միայն արտգործնախարարության ներկայացուցիչն է մասնակցում նիստին, իսկ ուժային գերատեսչություններից ոչ ոք չկա․ թե ինչ հիմնավորմամբ՝ հայտնի չէ։ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը մեկնաբանեց, որ կառավարությանը հնարավորություն են տվել՝ որոշել՝ ով մասնակցի նիստին, որովհետեւ կարեւոր է, որ այն անձը, որը կմասնակցի, տեղեկացված լինի եւ կարողանա տվյալներ ներկայացնել։ Սիմոնյանը չբացառեց, որ հնարավոր է՝ հրավիրյալները նիստի ընթացքում միանան։ Աբովյանն իր ելույթում հայտարարեց՝ կատարվողն անընդունելի է եւ ստեղծվել է մի աննորմալ իրավիճակ։ Նա ընթերցեց սահմանամերձ գոտիներում, մասնավորապես Սյունիքում եւ Գեղարքունիքում ստեղծված ճգնաժամային իրավիճակի, առկա խնդիրների եւ դրանց լուծման ուղիների, սահմանների պաշտպանության եւ անվտանգությանն ուղղված հարցերի վերաբերյալ իրենց առաջարկած հայտարարությունն ու դրա հիմնավորումը․ «ՀՀ ԱԺ-ն արձանագրում է, որ 2021թ․ մայիսի 12-ին Սյունիքի մարզի Սեւ լիճ տարածքի ուղղությամբ ադրբեջանական զինուժն իբր սահմանների ճշգրտման եւ Սյունիքի սահմանային հատվածներից մեկում որոշակի աշխատանքներ կատարելու պատրվակով ներթափանցել Է ՀՀ տարածք՝ խորանալով մի քանի կմ՝ դեպի Վերիշեն բնակավայր։ Ադրբեջանական զինուժի մի քանի հարյուր ներկայացուցիչներ այս պահին շարունակում են գտնվել ՀՀ տարածքում՝ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում։ ՀՀ ԱԽ ս․թ․ մայիսի 13-ի նիստում արձանագրվել է, որ արդեն երրորդ օրն է Սեւ լճի շուրջ եւ մերձակա տարածքներում ճգնաժամային իրավիճակ է։ Ադրբեջանական զինուժի այս գործողություններն անընդունելի են ՀՀ-ի համար, դա ակնհայտ ոտնձգություն է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, եւ ՀՀ-ն որեւէ դեպքում չի հանդուրժի ստեղծված իրավիճակը։ Հաշվի առնելով Ադրբեջանի վարած հակահայկական, ռազմատենչ քաղաքականությունը, Ադրբեջանի ղեկավարության կողմից վերջին շրջանում ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ բացահայտ նկրտումները, այդ թվում՝ ուժի կիրառման սպառնալիքներ պարունակող բազմաթիվ հայտարարությունները, ինչպես նաեւ պետական մակարդակով քարոզվող հայատյացությունը՝ ՀՀ ԱԺ-ն խստագույնս դատապարտում է Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունները եւ փաստում, որ Ադրբեջանի կողմից վարվող ագրեսիվ քաղաքականությունը խախտում է ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ինչը ՀՀ-ին իրավունք է վերապահում իրականացվել միջազգային իրավունքով, ՀՀ Սահմանդրությամբ եւ օրեսնդրությամբ նախատեսված համարժեք գործողություններ»։ ԱԺ-ն հայտարարում է՝ ձեռնարկելու են վճռական կոշտ գործողություններ՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիան կասեցնելու եւ ՀՀ ժողովրդին եւ ինքնիշխան տարածքը պահպանելու նպատակով, կոչ է անում միջազգային հանրությանը դատապարտել Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուղղված սադրիչ գործողությունները, ուժի գործադրման սպառնալիքները ու փաստացի գործադրումը, որը սպառնում է տարածաշրջանային փխրուն խաղաղությանը եւ անվտանգությանը։ Աբովյանն ասաց, որ եթե կլինեն առաջարկներ, ապա դրանք կքննարկվեն։  
18:45 - 14 մայիսի, 2021
Անկախ պատգամավորը խիստ անհրաժեշտ է համարում ԱԺ արտահերթ նիստ հրավիրելը |armenpress.am|

Անկախ պատգամավորը խիստ անհրաժեշտ է համարում ԱԺ արտահերթ նիստ հրավիրելը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի խմբակցություններում չընդգրկված պատգամավոր Թագուհի Թովմասյանը խիստ անհրաժեշտ է համարում ԱԺ արտահերթ նիստի հրավիրումը՝ քննարկելու սահմանային իրավիճակը: Թովմասյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում: Նա նախ ասաց, որ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու գաղափարը եղել է անկախ պատգամավորներինը: Իրենք՝ անկախ պատգամավորներով դիմել են բոլոր խմբակցութուններին, քանի որ չունեն լիազորություն՝ արտահերթ նիստ նախաձեռնելու: «Եվ համատեղ արդեն ստորագրել ենք: Խիստ անհրաժեշտ է, որ առաջնային մանդատ ունեցող խորհրդարանը մեր երկրում հրատապ նիստ հրավիրի, և քննարկենք մեր սահմանային իրավիճակը, և հասկանանք, թե ովքեր են մեղավոր, ինչու է Հայաստանի առաջնագիծը մինչև հիմա շարունակում մնալ չկահավորված, ինչո՞ւ մենք մեզ համար անվտանգային միջավայր չենք ստեղծում»,- ասաց Թովմասյանը:Ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հայտնել էր, որ, հաշվի առնելով Սյունիքում և ՀՀ սահմանամերձ այլ գոտիներում ստեղծված ճգնաժամային իրավիճակը, հանդես են գալիս Աժ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ։
13:16 - 14 մայիսի, 2021
ՀՀ ԱԺ նախագահը Լիտվայի վարչապետի հետ հանդիպմանն անդրադարձել է ռազմագերիների վերադարձի խնդրին

ՀՀ ԱԺ նախագահը Լիտվայի վարչապետի հետ հանդիպմանն անդրադարձել է ռազմագերիների վերադարձի խնդրին

Պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ: Ողջունելով հայկական պատվիրակությանը Լիտվայի կառավարությունում՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ երկու երկրների հարաբերությունները դինամիկ զարգանում են, և Լիտվան պատրաստակամ է շարունակել խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Արարատ Միրզոյանն իր հերթին կարևորել է Լիտվայի հետ փոխգործակցությունը թե՛ երկկողմ ձևաչափում, թե՛ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների շրջանակում, ինչում մեծ դեր ունի Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կյանքի կոչումը, որը եվրոպական երկրներից առաջինների թվում վավերացրել է հենց Լիտվան: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ առկա իրավիճակին, ռազմագերիների վերադարձի խնդրին, երկու երկրների փոխգործակցությանը նոր կորոնավիրուսային համավարակի հաղթահարման ուղղությամբ, ինչպես նաև Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգին և սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին: 
17:53 - 12 մայիսի, 2021
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ

Պաշտոնական այցով Լիտվայի հանրապետությունում գտնվող Ազգային ժողովի պատվիրակությունը՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, հանդիպել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ։   Ողջունելով հայկական պատվիրակությանը՝ Լիտվայի նախագահը փաստել է, որ այս տարի լրանում է մեր երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։   Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին՝ կարևորել է Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի վավերացումը, որը սույն թվականի մարտի 1-ին արդեն ուժի մեջ է մտել։   Նաուսեդան Արարատ Միրզոյանին է փոխանցել իր զորակցության խոսքերը 44-օրյա պատերազմի ընթացքում տուժածների ընտանիքներին։   Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, բարձր գնահատելով երկու երկրների միջև առկա երկխոսության մակարդակը, ընդգծել է, որ դրանք հիմնված են փոխադարձ հարգանքի վրա, և հույս հայտնել, որ համավարակի հաղթահարմանը զուգահեռ կրկին կակտիվանան երկկողմ շփումները։   Ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի համակարտության շուրջ առկա իրավիճակը՝ Հայաստանի խորհրդարանի խոսնակը ընդգծել է, որ անհրաժեշտ է վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով՝ ամրագրելու արցախահայերի ինքնորոշման իրավունքը։
17:14 - 12 մայիսի, 2021
ԱԺ փոխնախագահն ու ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանը կարևորել են երկկողմ հարաբերությունների խորացումը

ԱԺ փոխնախագահն ու ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանը կարևորել են երկկողմ հարաբերությունների խորացումը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը մայիսի 11-ին հանդիպել է ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կալին Վասիլեւ Անաստասովի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից: Կողմերը կարեւորել են հայ-բուլղարական երկկողմ հարաբերությունների խորացումը, միջխորհրդարանական գործակցության հետագա զարգացումը, առեւտրատնտեսական կապերի ակտիվացումը: Անդրադարձ է վկատարվել նաեւ տարածաշրջանային խնդիրներին: Խոսելով ադրբեջանաթուրքական տանդեմի սանձազերծած պատերազմի մասին՝ ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ կարճ ժամանակում տարածաշրջանում կլինեն դրական փոփոխություններ, եւ խաղաղություն կհաստատվի: Բուլղարիայի դեսպանն իր հերթին վստահեցրել է, որ իրենք հետեւում են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին՝ հույս հայտնելով, որ երկխոսությունը կշարունակվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում: Վահե Էնֆիաջյանը բարձրացրել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ու հոգեւոր կոթողների պահպանության հարցը: Նա այս առումով կարեւորել է միջազգային հանրության եւ բարեկամ երկրների ընդգծված վերաբերմունքը եւ գործուն քայլերը: Դեսպան Կալին Վասիլեւ Անաստասովը հույս է հայտնել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խնդիրներն արդարացի լուծում կստանան: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ բարձր գնահատելով երկու երկրների միջեւ առկա հարաբերությունները: Նա հատկապես ընդգծել է Բուլղարիայի հայ համայնքի դերը երկկողմ հարաբերությունների ամրապնդման հարցում: Զրուցակիցները փաստել են գյուղատնտեսության, նորագույն տեխնոլոգիաների, տրանսպորտի ոլորտներում համագործակցության եւ համատեղ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը: Կողմերն ընդգծել են երկկողմ ապրանքաշրջանառության ցածր մակարդակը՝ փաստելով, որ չօգտագործված մեծ ներուժ կա:
16:00 - 11 մայիսի, 2021
Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ի պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ի պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի՝ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Այս մասին տեղեկացավ ՀՀ ազգային ժողովի պաշտոնական կայքից: ՖԽՎ Եվրոպայի տարածաշրջանի առաքելության ղեկավար Ժան-Շառլ Լուպերտոն, Ֆրանսիայի պատգամավոր Սոֆի Մետը, Կատալոնիայի պատգամավոր Աուրորա Մադաուլան, Կամերունի պատգամավոր Ջոշուա Օսիհը, ՖԽՎ գլխավոր վարչական քարտուղար Էմանուել Մորին ու ՖԽՎ-ի Եվրոպայի տարածաշրջանի խորհրդական Ֆատմիր Լեչին մայիսի 11-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելել վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հովհաննես Իգիթյանի, պատվիրակության անդամներ Արման Եղոյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Սոնա Ղազարյանի ուղեկցությամբ: Պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել սուրբ նահատակների հիշատակը: Հյուրերը եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել 20-րդ դարի արհավիրքը հավաստող վավերագրերին եւ փաստաթղթերին:
13:22 - 11 մայիսի, 2021