Ղազախստան

Ղազախստանը պետություն է Եվրասիայում։ Մինչև 1936 թվականը եղել է Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կազմում՝ որպես ինքնավար հանրապետություն։ Հետագայում՝ մինչև անկախացումը (1991 թվական), ունեցել է ԽՍՀՄ միութենական հանրապետության կարգավիճակ։ Այդ ընթացքում մայրաքաղաքը եղել է Ալմա Աթան, անկախացումից հետո տեղափոխվել է Նուր-Սուլթան։

Երկրի նախագահը Կասիմ-Ժոմարտ Տոկաևն է։

Ղազախստանից ՀԱՊԿ ուժերի դուրսբերումը կսկսվի երկու օրից․ Տոկաև

Ղազախստանից ՀԱՊԿ ուժերի դուրսբերումը կսկսվի երկու օրից․ Տոկաև

Ղազախստանից ՀԱՊԿ ուժերի դուրսբերումը կսկսվի երկու օրից։ Այս մասին, ինչպես փոխանցում է «Ռիա նովոստի»-ին, այսօր իր ելույթի ժամանակ հայտարարել է երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ «ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հիմնական առաքելությունը հաջողությամբ ավարտվել է, երկու օրից կսկսվի ՀԱՊԿ խաղաղապահների միավորված կոնտինգենտի փուլային դուրսբերումը: Գործընթացը կտևի ոչ ավելի, քան տասը օր»,- ասել է նա։ Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Տոկաևը դիմել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը` երկրում անկարգությունների հետևանքով աջակցության համար: ՀԱՊԿ անդամ երկրնեը՝ Հայաստանի Հանրապետության նախագահությամբ, խաղաղապահներ են ուղարկել Ղազախստան, որոնց առաջադրանքները ներառում են պետական, ռազմական և սոցիալական նշանակության օբյեկտների պաշտպանությունը։
10:57 - 11 հունվարի, 2022
Ալիխան Սմաիլովը՝ Ղազախստանի նոր վարչապետ

Ալիխան Սմաիլովը՝ Ղազախստանի նոր վարչապետ

Ղազախստանի նոր վարչապետ է դարձել Ալիխան Սմաիլովը։ Այս պաշտոնում նա փոխարինել է Ասկար Մամինին։ Այս մասին հայտնում է Sputnik Kazakhstan-ը։ Հիշեցնենք, որ հունվարի 5-ին Ղազախստանի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը, որը շարունակում րէր կատարել պարտականությունները մինչեւ նախարարների կաբինետի նոր կազմի նշանակումը: Այսօր՝ հունվարի 11-ին, Մեջիլիսի՝ երկրի խորհրդարանի պատգամավորները միաձայն կողմ են քվեարկել Սմաիլովի թեկնածությանը, որն առաջադրել էր Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւը։ Նիստին մասնակցել է107 պատգամավորներից 89-ը։ Երեք խմբակցություններն էլ պաշտպանել են Սմայիլովի թեկնածությունը։  Տոկաևը ստորագրել Ալիխան Սմայիլովին Ղազախստանի վարչապետի պաշտոնում նշանակելու մասին հրամանագիրը։ Ալիխան Սմաիլովը 12-րդ վարչապետն է անկախ Ղազախստանի պատմության մեջ։ Մինչ այս Սմաիլովը զբաղեցնում էր երկրի առաջին փոխվարչապետի պաշտոնը։
09:44 - 11 հունվարի, 2022
Բացակայող սկզբնաղբյուրներ․ Ղազախստանի դեպքերի լուսաբանումը հայկական մի քանի լրատվամիջոցներում

Բացակայող սկզբնաղբյուրներ․ Ղազախստանի դեպքերի լուսաբանումը հայկական մի քանի լրատվամիջոցներում

2022-ի առաջին օրերին Ղազախստանում գազի գնի թանկացման դեմ բողոքի ակցիաներ սկսվեցին։ Ցույցերը շարունակվեցին գազի գնի իջեցումից և կառավարության հրաժարականից հետո։ Երկրում արտակարգ դրություն հայտարարվեց, կան զոհեր, վիրավորներ և ձերբակալվածներ։ Ղազախստանի նախագահի՝ ՀԱՊԿ-ին դիմելուց հետո Հայաստանի վարչապետ, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ  Հավաքական անվտանգության խորհուրդը որոշել է Ղազախստան ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր։ Խաղաղապահ ուժերն այս պահին Ղազախստանում են։ Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի մամուլի ծառայությունն այսօր հայտնել է, որ երկրում իրավիճակը կայունացել է։ Այս օրերին հայաստանյան լրատվամիջոցները Ղազախստանում կատարվող իրադարձությունների մասին լուրերը հաղորդում են՝ հղում անելով մեծամասամբ ռուսական լրատվամիջոցներին, որոնց աղբյուրներն էլ Ղազախստանի պաշտոնական գերատեսչություններն են և ղազախական լրատվամիջոցները։ Սակայն երբեմն կարելի է հանդիպել դեպքերի, երբ հայաստանյան լրատվամիջոցները ներկայացնում են Ղազախստանում կատարված այս կամ այն դեպքը՝ առանց հստակ նշելու, թե որն է լուրի սկզբնաղբյուրը։ Այդպիսի դեպքերում դժվար է որոշել՝ հավաստի՞ է լուրը, թե՞ ոչ, կամ ինչ շրջանակներ են այն տարածել։ Infocom-ն ուսումնասիրել է հունվարի 5-ից 8-ը ներառյալ հայաստանյան մի քանի լրատվամիջոցներում (1lurer.am, armenpress.am, news.am, auroranews.am) Ղազախստանի դեպքերի վերաբերյալ բոլոր հրապարակումները և առանձնացրել նրանք, որտեղ բացակայում են կամ ոչ լիարժեք են ներկայացված լուրերի սկզբնաղբյուրները։ Հանրային հեռուստաընկերության 1lurer.am կայքը հունվարի 6-ին հրապարակել է «Աքթոբեի օդանավակայանի հսկողությունը վերականգնվել է» վերտառությամբ հոդված, որտեղ, հղում անելով ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը, նշում է․ «Աքթոբեի օդանավակայանն ազատել են հանցագործներից և վերադարձրել Ժամբիլի շրջանի ղեկավարության հսկողությանը»։ «ՏԱՍՍ»-ում Աքթոբեի օդանավակայանի վերաբերյալ լուրն իսկապես հրապարակված է, սակայն այլ ձևակերպմամբ։ Գործակալությունը հայտնում է, որ Ղազախստանում իրավապահ մարմինները ցուցարարներից ազատել են օդանավակայանը և նշում, որ այդ տեղեկությունը փոխանցում է ղազախական «Խաբար 24» հեռուստաալիքը՝ հղում անելով տեղի վարչակազմին։ Այնուհետև «ՏԱՍՍ»-ը մեջբերում է հեռուսաալիքի մեկնաբանի խոսքերը․ «Աքթոբեի օդանավակայանն ազատագրել են հանցագործներից»։  Փաստորեն, «ՏԱՍՍ»-ը չի տալիս «օդանավակայանն ազատագրվել է հանցագործներից» ձևակերպումը, այլ պարզապես նյութում մեջբերում է ղազախական հեռուսատնկերության մեկնաբանի խոսքերը։ 1lurer.am-ը, սակայն, այս ձևակերպումը ներկայացնում է որպես գործակալության ձևակերպում։ Նույն նյութում, կրկին հղում անելով «ՏԱՍՍ»-ին, նշվում է, որ Ալմաթիում ցուցարարները շրջափակել են երկու կլինիկական հիվանդանոց և թույլ չեն տալիս հիվանդներին ու բուժանձնակազմին ներս մտնել։ «Ավազակային կազմավորումները հարձակվում են բժիշկների վրա, ավելի քան 10 բուժաշխատող տուժել է հանցագործների գործողություններից, հաղորդում է գործակալությունը («ՏԱՍՍ»-ը- խմբ․)։ Հիմնականում ծանրաբեռնված են վիրաբուժական և վերակենդանացման բաժանմունքները»,- ասվում է 1lurer.am-ի հոդվածում։ «ՏԱՍՍ»-ում այս լուրը ևս հրապարակվել է։ Գործակալությունը նշում է, որ լուրը հաղորդվել է  «Խաբար 24»-ի ուղիղ եթերում՝ հղում անելով Ալմաթիի պարետատան տեղեկություններին։ 1lurer.am-ի հոդվածում նաև նշվում է, որ Ալմաթիում կողոպտիչները հարձակման են ենթարկվել «Միր», «Ղազախստան», «Խաբար», «Եվրասիա» և KTK հեռուստաընկերությունների գրասենյակները։  «ՏԱՍՍ» գործակալությունն, ինչպես նախորդ լուրերի դեպքում, այս լուրը ևս հրապարակել է՝ հղում անելով «Խաբար 24» հեռուստաընկերությանը։   Այսպիսով, Ղազախստանում կատարվող իրադարձությունների մասին լուրերը 1lurer.am-ի հոդվածում ներկայացնում են «ՏԱՍՍ» գործակալությանը վերագրվող որակումներով, սակայն գործակալությունը «ավազակային կազմավորումները հարձակվում են բժիշկների վրա», «օդանավակայանն ազատագրվել է հանցագործներից» ձևակերպումները մեջբերել է ղազախական «Խաբար 24» հեռուստաալիքի մեկնաբանից։ Հունվարի 7-ին auroranews.am-ը հրապարակել է «Ղազախստանի իշխանությունները դադարել են օգտագործել «Նուր-Սուլթան» անունը» վերտառությամբ հոդված՝ հղում չանելով որևէ աղբյուրի։ Նյութի սկզբնաղբյուրը «Դոժդն» է, որի եթերում  նման հայտարարություն է արել ղազախական լրատվամիջոցներից մեկի լրագրողը։ Ղազախստանի պաշտոնական հայտարարություններում, սակայն, Նուր-Սուլթան անունը կարելի է հանդիպել հունվարի 7-ին արված այս հայտարարությունից հետո (1, 2)։ Նշենք, որ Ղազախստանի գերատեսչությունների կայքերը երբեմն կարող են անհասանելի լինել։ Auroranews.am-ը հրապարակել է «Նազարբաևն ու իր դուստրերն ընտանիքներով լքել են երկիրը» վերտառությամբ նյութ՝  նշելով, որ այդ մասին հայտնում են տելեգրամյան ալիքները։ Իսկ սկզբնաղբյուրն, ամենայն հավանականությամբ, Orda.kz ալիքն է, որը տեղեկությունը հայտնել է՝ հղվելով իր աղբյուրներին։ Նազարբաևի խոսնակն, ի դեպ, հերքել է այս լուրը։  Կայքը հրապարակել է «ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ես ցուցարարներին հաց ու ջուր էի տարել, եկա ու խանութս թալանված գտա». ղազախ կինը ցուցադրել է ավերված խանութը» վետառությամբ հոդված և նշել, որ սկզբնաղբյուրը «Риа Новости»-ին է: «Риа Новости»-ի կայքում և տելեգրամյան ալիքում, սակայն, իր թալանված խանութի մասին պատմող ղազախ կնոջ մասին հրապարակում չկա: Սկզբնաղբյուրն, ամենայն հավանականությամբ, riafan.ru-ն է, որտեղ նման բովանդակությամբ լուր է հրապարակվել հունվարի 6-ին։ Ղազախստանում ոստիկանները նույնպես սկսել են կրակել ցուցարարների ուղղությամբ նյութում auroranews.am-ը կրկին սկզբնաղբյուր չի նշում: Այս դեպքում նյութի աղբյուրն, ամենայն հավանականությամբ, տելեգրամյան ալիքներից մեկն է։ Այսպիսով, մեր առանձնացրած հրապարակումներում լրատվամիջոցները ներկայացրել են Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկություններ՝ առանց նշելու, թե կոնկրետ որ լրատվամիջոցը, պաշտոնյան կամ անձն է հայտնել լուրը։ Եղել են դեպքեր, երբ լուրը հաղորդվել է միջնորդավորված՝ առանց սկզբնաղբյուրին հղում տալու։ Այս ամենը տեղեկատվական մեծ հոսքի մեջ դժվարացնում է տարբերակել հավաստի և ոչ հավաստի տեղեկությունները։ Բացի այդ՝ ընթացող գործընթացներն ըմբռնելու համար կարևոր է ոչ միայն այն, թե ինչ է հաղորդվում, այլ նաև՝ թե ով է հաղորդում տվյալ լուրը և ինչ համատեքստում։  Գլխավոր լուսանկարը՝ ria.ru-իցԱննա Սահակյան
17:55 - 10 հունվարի, 2022
Արման Թաթոյանը Ղազախստանի մարդու իրավունքների հանձնակատարի հետ քննարկել է հայ համայնքի իրավունքներին առնչվող հարցեր

Արման Թաթոյանը Ղազախստանի մարդու իրավունքների հանձնակատարի հետ քննարկել է հայ համայնքի իրավունքներին առնչվող հարցեր

Ղազախստանում իրադարձությունների հետ կապված այսօր Ղազախստանի մարդու իրավունքների հանձնակատար Էլվիրա Ազիմովայի հետ քննարկել է հայ համայնքի իրավունքներին առնչվող հարցեր։ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ղազախստանում իրադարձությունների հետ կապված այսօր Ղազախստանի մարդու իրավունքների հանձնակատար Էլվիրա Ազիմովայի հետ քննարկել է հայ համայնքի իրավունքներին առնչվող հարցեր։ Արման Թաթոյանը նախորդ մի քանի օրերի ընթացքում ևս կապի մեջ է եղել, իսկ այսօր տեղի ունեցած լրացուցիչ հեռախոսային խոսակցության ժամանակ Ղազախստանի գործընկերը նշել է, որ մեր հայրենակիցների հետ կապված հարցերը շարունակում են լինել իր անմիջական ուշադրության ներքո, պատրաստակամություն է հայտնել ցուցաբերել լիարժեք աջակցություն անհրաժեշտ ցանկացած դեպքում։Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հեռախոսազրույցի ժամանակ ցավակցություն է հայտնել Ղազախստանի մարդու իրավունքների հանձնակատարին երկրում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ զոհվածների համար։
17:40 - 10 հունվարի, 2022
Ղազախստանը հայտարարել է երկրում տիրող իրավիճակի վերահսկողության մասին |1lurer.am|

Ղազախստանը հայտարարել է երկրում տիրող իրավիճակի վերահսկողության մասին |1lurer.am|

1lurer.am: Ղազախստանում իրավիճակը կայունացել է՝ հայտնել են Ազգային անվտանգության կոմիտեի մամուլի ծառայությունից։ «Ահաբեկչության դեմ պայքարի արդյունքում չեզոքացվել են ահաբեկչական սպառնալիքների կենտրոնները։ Վերականգնվել է հսկողությունը ահաբեկիչների գրաված բոլոր վարչական օբյեկտների նկատմամբ Ալմաթի, Կիզիլորդա, Տալդիկորգան և Տարազ քաղաքներում»,-ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Հայտնում է ria.ru-ն։ Բացի դրանից՝ շարունակվում են վայրերը զինված անձանցից և անկարգությունների մասնակիցներից մաքրելու աշխատանքները, ձերբակալվածների թիվը հասել է մոտ 8 հազարի: Անկարգությունների ժամանակ զոհերի մասին որոշակի տեղեկություն չի ներկայացվում: Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը նշում է 19 ուժայինի մահվան մասին: ՄԱԿ-ը հայտնում է, որ ցույցերի ժամանակ վիրավորվել է մոտ հազար մարդ:
14:06 - 10 հունվարի, 2022
Նուր-Սուլթանում մահացած է հայտնաբերվել Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի գնդապետը   |tert.am|

Նուր-Սուլթանում մահացած է հայտնաբերվել Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի գնդապետը |tert.am|

tert.am: Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի (ԱԱԿ) գնդապետ Ազամատ Իբրաևին մահացած են հայտնաբերել, նախաքննություն է իրականացվում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ԱԱԿ-ին:Հաղորդվում է, որ հունվարի 10-ին Նուր-Սուլթանում իր տան բակում հայտնաբերվել է գնդապետի մարմինը:Ղազախստանում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել հունվարի 2-ին։ Սկզբում Ժանաօզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս եկան փողոց՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու ընդդեմ գազի թանկացման։ Ավելի ուշ բողոքի ակցաները տարածվեցին ամբողջ երկրով մեկ։ Իշխանությունները հայտնեցին, որ կվերանայեն գազի սակագինը, սակայն երկրում իրավիճակը չկայունացավ։  Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ցրել է կառավարությունը և գլխավորել Անվտանգության խորհուրդը, որը մինչ այդ գլխավորում էր Նուրսուլթան Նազարբաևը:
12:19 - 10 հունվարի, 2022
Ղազախստանում անկարգությունների պատճառով գործարարության վնասը գերազանցել է 213 մլն դոլարը |armenpress.am|

Ղազախստանում անկարգությունների պատճառով գործարարության վնասը գերազանցել է 213 մլն դոլարը |armenpress.am|

armenpress.am: Ղազախական գործարարության մոտավոր վնասը երկրում ծայր առած անկարգություններից գնահատվում է ավելի քան 93,7 միլիարդ տենգե (ավելի քան 213 միլիոն դոլար): Հունվարի 10-ին այդ մասին հաղորդել է «Ատամեկեն» ձեռնարկիչների ազգային պալատի մամուլի ծառայությունը: Հունվարի 10-ի 09:00-ի (Երեւանի ժամանակով 07:00-ի) դրությամբ վնասի ընդհանուր գումարը, մոտավոր հաշվարկներով, կազմել է ավելի քան 93,7 միլարդ տենգե: Ալմաթիում՝ 92,2 միլիարդ տենգե (ավելի քան 209 միլիոն դոլար)»,- ասված է հաղորդագրության մեջ: Ազգային պալատի տվյալների համաձայն՝ տուժել են գործարարության այնպիսի ճյուղեր, ինչպիսիք են առեւտուրը, հասարակական սննդի ոլորտը, ֆինանսական հատվածը եւ լոգիստիկան: «Երկրի ինը տարածաշրջաններում տուժել է գործարարության 1 319 սուբյեկտ, որոնք գտնվում են 1 488 օբյեկտներում, դրանցրից՝ Ալմաթիում՝ 1 234 սուբյեկտ, որոնք գտնվում են 1 399 օբյեկտներում»,- ճշտել են մամուլի ծառայությունում: Հունվարի 2-ին Ղազախստանի մի շարք քաղաքներում սկսվեցին բողոքի ակցիաներ: Արդեն մի քանի օր անց դրանք վերաճեցին զանգվածային անկարգությունների եւ իշխանության մարմինների վրա հարձակումների երկրի շատ քաղաքներում: Տուժել են հազարավոր մարդիկ, կան զոհվածներ: Երկրի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւն օգնության է դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ): Խաղաղապահները Ղազախստանում ձեռնամուխ են եղել խնդիրների կատարմանը: Իշխանությունների տվյալներով՝ հունվարի 7-ին սահմանադրական կարգն ամբողջությամբ վերցված վերականգնվել է հանրապետության բոլոր տարածաշրջաններում: Ամենաբարդ իրադրությունը մնում է Ալմաթիում: Տոկաեւը հունվարի 10-ը հանրապետությունում հայտարարել է համազգային սգի օր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
10:27 - 10 հունվարի, 2022