Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար։

Ծնվել է 1981 թվականի մարտի 21-ին Երևանում: 1997-2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանում, ստացել քաղաքացիական իրավունքի մագիստրի կոչում: 2002-2004-ին շարունակել է կրթությունը Հայաստանի ամերիկյան համալսարանում, ստացել իրավունքի մագիստր կոչումը:

2002-2004 թվականներին սովորել է Առաջնորդների զարգացման կենտրոնում: 2003-ին մասնակցել է Անդրկովկասի և Հարավային Կովկասի երիտասարդ կանանց առաջնորդության ծրագրին, 2003-ին Եվրախորհրդում՝ Ստրասբուրգ, ծանոթացել է Եվրախորհրդի կառուցվածքին և գործառույթներին:

Աշխատանքային գործունեությունը սկսել է ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչությունում (2000-2001թթ.):

2001-2002 թվականներին Պետական ռեզերվների գործակալությանը իրավախորհրդատվություն է մատուցել:

2005-2015 թվականներին եղել է «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի իրավախորհրդատուն:

2014-2015 թվականներին զբաղեցրել է «Արֆարմացիա» ՓԲԸ ադմինիստրատիվ գծով տնօրենի պաշտոնը: Այնուհետև` մինչև 2016 թվականը նշանակվել է կազմակերպության գլխավոր տնօրեն:

2017-ից մինչև 2018 թվականը եղել է «Աբովյան 39» ՍՊԸ տնօրենը, նույն ժամանակահատվածում եղել է նաև «Արֆարմացիա» ՓԲԸ խորհրդի անդամ:

2018 թվականի մայիսի 24-ից զբաղեցրել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, 2020 թվականի մայիսի 11-ից` առողջապահության նախարարի առաջին տեղակալի:

2021 թվականի հունվարի 18-ին Անահիտ Ավանեսյանը նշանակվել է առողջապահության նախարար:

Ամուսնացած է, ունի 3 զավակ: 

COVID-19-ի տարածման առումով լարված իրավիճակ է․ մահճակալային ռեզերվը մոբիլիզացվում է․ Ավանեսյան |armenpress.am|

COVID-19-ի տարածման առումով լարված իրավիճակ է․ մահճակալային ռեզերվը մոբիլիզացվում է․ Ավանեսյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության տարածման առումով առողջապահական համակարգը ներկա պահին լարված իրավիճակում է։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանըև հավելեց, որ արդեն 20 ԲԿ սպասարկում է կորոնավիրուսով հիվանդ անձանց։ «Այս շաբաթվա ընթացքում կավելանա Արտաշատի ԲԿ-ն, Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը ևս կանցնեն COVID-19-ով հիվանդներին սպասարկելուն։ Մենք տեսնում ենք, որ մահճակալային ռեզերվներն արդեն ամբողջությամբ մոբիլիզացվում են, որովհետև դելտա շտամի առանձնահատկությունն է, որ մենք հոսպիտալացման կարիք ավելի շատ ենք ունենում։ Այժմ ավելի շատ ծանր և ծայրահեղ ծանր դեպքեր ունենք, քան նախորդ ալիքների ժամանակ էր»,- նշեց Ավանեսյանը։ Խոսելով ՊՇՌ թեստերի գնային քաղաքականության մասին, ԱՆ նախարարն ասաց, որ դա իրենց լիազորությունների մեջ չի մտնում։ Նա շեշտեց, որ գուցե այն հանգամանքը, որ թեստերը 15 հազար դրամից ավելի են էժանացել, կապված է հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հրամանի հետ։ «Ներկա պահին կան անձինք, ովքեր պատվաստվել են, սակայն հոսպիտալացվել են և այժմ գտնվում են հիվանդանոցում։ Սա միանշանակ համադրելի է այն իրավիճակի հետ, որը կա այլ երկրներում, որտեղ կա պատվաստումների բավական բարձր ցուցանիշ»,-  ասաց Ավանեսյանը։
13:52 - 28 սեպտեմբերի, 2021
Պատվաստված 286 քաղաքացի վարակվել է կորոնավիրուսով,  իսկ նրանցից հոսպիտալացված է 38-ը․ Ավանեսյան

Պատվաստված 286 քաղաքացի վարակվել է կորոնավիրուսով, իսկ նրանցից հոսպիտալացված է 38-ը․ Ավանեսյան

Երեկ իրականացվել է 6221 թեստավորում, որից դրական դեպքերի թիվը կազմում է 906։ Ցավոք սրտի, երեկ արձանագրվել է 16 մահ։ Այս պահին քովիդով պացիենտների բուժման համար ծավալված են 18 բժշկական կազմակերպություն, 2156 մահճակալ, որից զբաղված է 2006-ը։ Պետք է ասեմ, որ ընդհանուր մեր մահճակալային կարողությունների 85 տոկոսն արդեն ծավալված է, որն այս պահին ծառայում է քովիդ պացիենտների բուժման համար։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նախարարը նշեց, որ աշնան հետ կապված այլ հիվանդություններով ևս առկա է հիվանդացության աճ, ինչը բնական է։ Ուստի լարվածությունը առողջապահական համակարգի վրա բավական մեծ է։ Նախարարի խոսքով վերջին երկու օրերին արձանագրվել է օրական պատվաստումների թվի շեշտակի աճ․ երեկ չէ առաջին օրը իրականացվել է 9924 պատվաստում, իսկ երեկ՝ 8440 պատվաստում։ Ավանեսյնաի կարծիքով թվերի աճը խոսում է այն մասին, որ քաղաքացիների մոտ մեծ փոփոխություն կա պատվաստումների նկատմամբ վստահության մեծացման, որովհետև ընդհանուր առմամբ իրականացված 385․503 պատվաստումների արդյունքում մարդիկ տեսնում են, որ որևէ խնդիր չի առաջանում։ Նախարարը վստահեցրեց, որ պատվաստումները արդյունավետ են, անվտանգ են և պաշտպանում են քովիդով պայմանավորված մահերից և առողջությանը ծանր վնաս հասցնելուց։  «Այս պահին մենք ունենք 11470 քաղաքացի, ովքեր ունենք քովիդ թեստի դրական պատասխան, այսինքն սա ակտիվ դեպքերի թիվն է և նրանցից միայն 286-ն է, որ պատվաստված քաղաքացիներն են։ Սա իհարկե շատ բանական է, նորմալ է, որ պատվաստումը 100 տոկոսով չի բացառում վարակման ռիսկը, այդ ռիսկը շեշտակի նվազում է, բայց ամենակարևոր նպատակը, որ այս քաղաքացիները հիվանդությունը տանում են ավելի թեթև։ Ընդհանուր առմամբ 2006 քաղաքացիները, ովքեր հիմա հոսպիտալացված են, նրանցից միայն 38-ն են պատվաստված և այս քաղաքացիները նույպես տանում են շատ ավելի թեթև, նրանց հոսպիտալացման պատճառն այն է, որ ունեն խրոնիկ, բազմաթիվ այլ խնդիրներ, դրա համար, ավելորդ զգուշությունից ելնելով, նրանք գտնվում են հոսպիտալում, որպեսզի հսկողության տակ լինեն»,- հավելեց նախարարը։ Վերջինիս խոսքով Հայաստանում և շատ այլ երկրներում փաստվում է, որ պատվաստումների արդյունքում կտրուկ նվազում է հոսպիտալացման ցուցանիշը և ծայրահեղ ծանր և ծանր դեպքերի համամասնությունը, ինչն էլ հանդիսանում է նախարարության գլխավոր նպատակը։ Նախարարը շեշտեց, որ պետք է ավելացնեն օրական պատվաստվողների թիվը, որեպեսզի հնարավորինս կարճ ժամանակում ձևավորվի հանրային իմունիտետի բավարար շերտ։ «Հույս ունենք, որ այս աշնան ալիքը պետք է վերջինը լինի նման բարձր հոսպիտալացման ցուցանիշներով։ Սա մեր գլխավոր նպատակն է»,- եզրափակեց Ավանեսյանը։  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես շեշտեց, որ պատվաստվելը 97․5 տոկոսով պաշտպանում է վարակվելուց և 98․2 տոկոսով պաշտպանում է հոսպիտալացումից։ Նա ընդգծեց նաև, որ ավելացվել են կարողությունները․ այսօր արդեն կարողություններ կան մինչև 10․000 քաղաքացու ամեն օր պատվաստելու։ Պատվաստանյութերի արդյունավետությունը․ ի՞նչ է պետք իմանալ
11:54 - 24 սեպտեմբերի, 2021
Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի կորոնավիրուսի տարածումը կանխարգելող օրենսդրական կարգավորումը. վարչապետը հանձնարարել է ապահովել դրա կիրարկումը

Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի կորոնավիրուսի տարածումը կանխարգելող օրենսդրական կարգավորումը. վարչապետը հանձնարարել է ապահովել դրա կիրարկումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել են հանրապետությունում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը և պատվաստումային գործընթացը: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է իրավիճակը երկրում 2021թ. սեպտեմբերի 23-ի դրությամբ. ընդհանուր կատարվել է 1 669 977 թեստավորում, հաստատվել է 255 648 դեպք, բուժում է ստանում 11396 անձ, առողջացել է՝ 237 855, մահացել է՝ 5200, մահվան ելքեր այլ պատճառով՝ 1197: Երեկ կատարվել է 5823 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 939 նոր դեպք, ունենք 592 առողջացած, 19 մահվան դեպք: Դպրոցական սեզոնի բացմամբ պայմանավորված՝ դեպքերի շարունակվող աճ է գրանցվում. հիվանդանոցային մահճակալային ֆոնդը գերլարված ռեժիմով է աշխատում, արձանագրվում է հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր ընթացքների ավելացում և վերակենդանացման բաժանմունքների գերծանրաբեռնում: Այս պահին Covid-ով վարակված պացիենտներին սպասարկում է 18 բժշկական կազմակերպություն: Ունենք 25 երեխայի և շուրջ 30 հղի կանանց հոսպիտալացման դեպքեր, նրանց վիճակը գտնվում է մշտական խիստ հսկողության ներքո: Ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 169 քաղաքացի, թոքերի արհեստական օդափոխման սարքին միացված է 68 քաղաքացի: Անդրադառնալով պատվաստումներին՝ Առողջապահության նախարարը զեկուցել է, որ այսօրվա դրությամբ Covid-19-ի դեմ իրականացված պատվաստումների թիվը 277 000-ից ավելի է, երեկ իրականացվել է ավելի քան 9900 պատվաստում: Դրական դինամիկայի մասին է վկայում քաղաքացիների տրամադրվածությունը. ԱՆ ուսումնասիրության համաձայն՝ եթե այս տարվա մարտ ամսին մարդկանց միայն 10 տոկոսն էր պատրաստ պատվաստել, ապա այժմ մոտ 50 տոկոսը կողմ է արտահայտվել պատվաստվելուն: Վարչապետի հարցադրմանն ի պատասխան՝ նախարարը հավաստիացրել է, որ հանրապետությունում պատվաստանյութերի քանակը բավարար մակարդակի վրա է, գործընթացին զուգընթաց առկա պաշարները համալրվում են նոր խմբաքանակով: Ծավալվել է մտքերի փոխանակություն կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հակահամաճարակային կանոնները պահպանելու և պատվաստման գործընթացը խթանելու անելիքների շուրջ: Մասնավորապես, անդրադարձ է եղել ԱՆ կողմից հաստատված՝ 2021թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հրամանին, համաձայն որի՝ տնտեսական գործունեություն իրականացնողները պետք է իրենց աշխատակիցներից պահանջեն պատվաստման սերտիֆիկատ կամ 14 օրը մեկ անգամ ՊՇՌ թեստավորման բացասական արդյունք: Վարչապետը հանձնարարել է շահագրգիռ պետական կառույցներին՝ յուրաքանչյուրն իր մասով ապահովել հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հրամանի կիրարկումը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է այս օրենսդրական կարգավորման կարևորությունը՝ համաճարակային իրավիճակը կառավարելի շրջանակում պահելու և հանրային առողջապահական պատասխանատվություն ապահովելու համատեքստում և կարևորել այս ուղղությամբ հանրային լայն իրազեկումը:
19:23 - 23 սեպտեմբերի, 2021
Սեպտեմբերի 21-ը մեր ազգային օրացույցի ամենակարևոր օրերից մեկն է. Անահիտ Ավանեսյան

Սեպտեմբերի 21-ը մեր ազգային օրացույցի ամենակարևոր օրերից մեկն է. Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անկախության 30-ամյակի կապակցությամբ: «Սիրելի՛ հայրենակիցներ, Սեպտեմբերի 21-ը մեր ազգային օրացույցի ամենակարևոր օրերից մեկն է. 30 տարի առաջ հայոց մեծ երազանքը կատարվեց։  Շնորհավորում եմ բոլորիս՝ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով։  Մեր անկախության պատմությունը լի է եղել մարտահրավերներով, որոնք, միևնույն ժամանակ, դաջել են բոլորիս մտքերում անկախ պետություն ունենալու հավատամքը, և մեր կամքը անկախ պետականություն ունենալու աներեր է։   Անցած տարիները հեշտ չէին բոլորիս համար. պատերազմը, համավարակը դանդաղեցրին մեր նախանշած բարեփոխումների թափը՝ միառժամանակ երևան բերելով այլ առաջնահերթություններ։ Սակայն դրանք ճգնաժամեր էին, որոնք ցուցադրեցին մեր ուժեղ և խոցելի կողմերն ու բարեփոխումների նոր անհրաժեշտություն ստեղծեցին:  Այսօր ևս մեկ անգամ ամրագրում ենք՝ մեր երկրի համար հիմնաքարային են խաղաղությունն ու առողջապահությունը: Հաստատելով սա առաջիկա տարիների համար` մենք առողջապահության ոլորտի համակարգային փոփոխությունները դարձրել ենք երկրի զագացման գլխավոր առաջնահերթություններից:  Սիրելի՛ հայրենակիցներ, մեզ պարտավորեցնում են բոլոր նրանց հիշատակները, ովքեր իրենց զոհաբերեցին հանուն անկախության: Մեզ ոգևորում են այն քաջերը, ովքեր հաղթահարելով դժվարությունները` այսօր ապրում ու արարում են մեր երկրում։ Մենք պարտք ունենք նրանց առջև։ 30-ամյա անկախությունը նաև սթափեցնում է մեզ. հապաղելու իրավունք չունենք. մենք պետք է առաջ գնանք, իսկ դա անհնար է` առանց իրար հանդեպ հոգատարության, բարեխղճության, փոխվստահության ու նվիրումի: Եկե՛ք փառք տանք այս հողի վրա իր ամենօրյա աշխատանքով անկախություն կերտող ամեն հային, ծառայությունն իր ուսերին տանող բժշկին, հողն ապրեցնող մշակին ու հայրենասեր ուսուցչին։ Կեցցե՜ն անկախության համար իրենց կյանքը նվիրած «սպիտակ բանակն» ու մեր մյուս հերոսները:  Կեցցե՜ն ՀՀ քաղաքացիներն ու անկախ Հայաստանը»,- ասված է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ուղերձում։
13:14 - 21 սեպտեմբերի, 2021
Անահիտ Ավանեսյանն ու ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարը քննարկել են համագործակցության ուղղությունները

Անահիտ Ավանեսյանն ու ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարը քննարկել են համագործակցության ուղղությունները

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի (ԵԽ) երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին, Եվրոպայի խորհրդի բիոէթիկայի բաժնի ղեկավար Լորանս Լվոֆֆին, Եվրոպայի խորհրդի լայնածավալ մարտահրավերների և բազմակողմանի նախագծերի բաժնի պետ Տիգրան Կարապետյանին, «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության մեջ» ծրագրի ղեկավար Մերի Կատվալյանին: Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրերը, հույս հայտնել, որ COVID-19-ի դեմ պատվաստումների շնորհիվ հնարավոր կլինի մոտ ապագայում վերադառնալ բնականոն կյանքին: Նախարարն առանձնացրել է մի քանի ուղղություն` հոգեկան առողջություն,  մարդուն oրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստում, էլեկտրոնային առողջապահություն, առողջության համապարփակ ապահովագրություն, որոնց շուրջ ցանկալի է կառուղոցական-խորհրդատվական քննարկումներ կազմակերպել: Անդրադառնալով առաջիկա ծրագրերին՝ ոլորտի պատասխանատուն ընդգծել է, որ կառավարության ծրագրով առաջիկա տարիներին առողջապահական համակարգի բարեփոխումներն առաջնահերթություններից են և կարևորել այդ գործընթացում ԵԽ-ի գործընկերությունն ու աջակցությունը: Միաժամանակ, Անահիտ Ավանեսյանը խոսել է COVID-19-ով պայամավորված իրավիճակից և դրա կանխարգելմանն ուղղված սահմանափակումներից` ևս մեկ անգամ ընդգծելով, որ, չնայած դժվարություններին, արվում է առավելագույնը, մի կողմից հասարակության համար անվտանգ միջավայր ստեղծելու, մյուս կողմից՝ մարդու իրավունքների անքակտելիությունն ապահովելու նպատակով:  ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտն իր հերթին վերահաստատել է  ՀՀ առողջապահության նախարարությանն աջակցելու Եվրախորհրդի հանձնառությունը և գոհունակություն հայտնել Անահիտ Ավանեսյանին նախորդ տարիների համատեղ ձեռքբերումների համար:  Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ներկայացուցիչներին՝ բաց և կառուցողական երկխոսությամբ Հայաստանին օժանդակելու պատրաստակամության համար: Հանդիպման վերջում մասնակիցները համոզմունք են հայտնել, որ երկկողմ համագործակցության ծրագրերը շարունակական կլինեն:
18:21 - 17 սեպտեմբերի, 2021
Հոկտեմբերի 1-ից պատվաստված չլինելու դեպքում 14 օրը մեկ ՊՇՌ թեստի պատասխան ներկայացնելու կանոնը հավասարապես գործելու է բոլորի համար․ Ավանեսյան

Հոկտեմբերի 1-ից պատվաստված չլինելու դեպքում 14 օրը մեկ ՊՇՌ թեստի պատասխան ներկայացնելու կանոնը հավասարապես գործելու է բոլորի համար․ Ավանեսյան

Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում ժամանակ առ ժամանակ վարակակիր չլինելը հավաստելու պահանջը։ Ընդհանրապես, համաճարակաբանական միջոցառումները պետք է դիտարկել ամբողջության մեջ․ կառավարության նիստի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ որեւէ միջոցառում ինքնին չի կարող երաշխավորել վարակի տարածման բացառումը, բայց համադրության մեջ, երբ ստեղծվում են մի շարք ֆիլտրեր, հնարավորություն է լինում զսպելու վարակի տարածումը․ «Նման ֆիլտր է, օրինակ, ՀՀ սահմանն անցնելիս ՊՇՌ թեստի բացասական պատասխանը։ Արդյոք սա 100 տոկոսով բացառում է հիվանդ անձի մուտքը ՀՀ, իհարկե ոչ, որովհետեւ 72 ժամվա ընթացքում էլ մարդը կարող է վարակն ընդունել։ Բայց մենք իհարկե շատ մեծ տոկոսով նվազեցնում ենք ՀՀ վարակի նորանոր ներթափանցման դեպքերը, եւ դրանում համոզվեցինք, երբ Հնդկաստանում, այլ երկրներում շեշտակի ավելացավ վարակի տարածումը, ուժգնացավ դելտա շտամի վարակը, մենք, հստակ պահպանելով այս ֆիլտրերը, կարողացանք զսպել ՀՀ-ում այդ ընթացքում վարակի կտրուկ տարածումը։ Նույն կերպ 14 օրը մեկ թեստավորման պահանջը եւս մի ֆիլտր է․ կարող էինք դնել 3, 5 օրը մեկ, բայց վերցրել ենք մի ռացիոնալ՝ ինկուբացիոն շրջանի թիվ, եւ խնդրում ենք, որ քաղաքացիները հավաստեն վարակակիր չլինելու փաստը»,- ասաց Ավենսյանը։  Ի դեպ՝ բացառություն են կազմում պատվաստվածները, հղի կանայք, հակացուցում ունեցող քաղաքացիները։ Ինչ վերաբերում է հակացուցումներին՝ Ավանեսյանն ասաց, որ դրանց վերաբերյալ բժշկական տեղեկանք պետք է տրամադրվի․ «Լինում են ժամանակավոր եւ բացարձակ հակացուցումներ։ Եթե քաղաքացին ունի քրոնիկ հիվանդության սրման փուլ, բժիշկը նրան հետազոտելուց հետո կտա տեղեկանք, որը ներկայացնելու պարագայում աշխատակիցը պարտավոր չի լինի անընդհատ թեստավորվել, երբ կանցնի սրման ընթացքը, նա կարող է հանգիստ պատվաստվել։ Հենց առաջինը նրան է ցուցված պատվաստելը։ Մեր հոգածության կենտրոնում ռիսկի խմբում գտնվող մեր քաղաքացիներն են»։ Ավանեսյանն ասաց, թե կանոնը հավասարապես գործում է բոլորի համար՝ թե՛ հանրային իշխանության բոլոր ճյուղերի համար, թե՛ պետական, թե՛ մասնավոր ոլորտի աշխատակիցների համար․ «Բոլորը նույն կանոնի հետեւանքները պետք է կրեն։ Պետապարատի աշխատակիցները, քաղաքական պաշտոն զբաղեցնողներն արդեն երկու, երեք ամիս է՝ ակտիվ պատվաստվում են։ Պետապարատում ունենք պատվաստումների 70 տոկոսից բարձր ցուցանիշ։ Եթե չպատվաստված անձ լինի պետապարատում, պարտավոր է 14 օրը մեկ ներկայացնել ՊՇՌ թեստի արդյունքները»։
11:40 - 16 սեպտեմբերի, 2021
Դելտա շտամով պայմանավորված մահացության, ծայրահեղ ծանր, ծանր ընթացքի համամասնության մեծացում կա․ Անահիտ Ավանեսյան

Դելտա շտամով պայմանավորված մահացության, ծայրահեղ ծանր, ծանր ընթացքի համամասնության մեծացում կա․ Անահիտ Ավանեսյան

Մեկնարկել է կառավարության նիստը։ Նիստի օրակարգում ընդգրկված է 68 հարց, որից 65-ը՝ չզեկուցվող։ Կառավարության նիստը վարում է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Դուշանբեում է։ Նախքան հարցերին անցնելը՝ Պապիկյանը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեց՝ ներկայում ինչ վիճակ է COVID-19-ի, դրա դեմ պայքարի մասով, ի՞նչ նորություններ կան։ Ավանեսյանը ներկայացրեց, որ այսօրվա դրությամբ 6049 թեստ է իրականացվել, որից դրական է եղել 764-ը․ «Ցավոք, երեկ 19 մահ է գրանցվել։ Պետք է շեշտեմ, որ դելտա շտամի հետ պայմանավորված մահացության, ծայրահեղ ծանր, ծանր ընթացքի համամասնության մեծացում կա։ Երբ անցյալ տարի ունենում էինք 764 դրական դեպք, հոսպիտալացման տոկոսն ավելի նվազ էր կազմում, քան հիմա։ Սա նշանակում է, որ հիմա նույն ցուցանիշի պարագայում զբաղեցնում ենք ավելի շատ մահճակալներ, եւ մեր մահճակալային ֆոնդն ավելի արագ է սպառվում։ Այս պահին մեզ մոտ ծավալված է 2044 մահճակալ, որից զբաղված է 1860-ը։ Միայն վերակենդանացման մահճակալների թիվը 319-ից զբաղված է 289-ը»,- ասաց Ավանեսյանն ու նշեց, որ սա ամբողջ աշխարհում նկատվող տենդենց է։ Բացի դրանից՝ հիվանդանոցային զբաղվածության 7-8 տոկոսը կազմում են այն քաղաքացիները որոնք կա՛մ պատվաստված չեն, կա՛մ չեն ստացել ամբողջական պատվաստում․ «Մենք դիտարկում ենք Իսրայելում, Միացյալ Թագավորությունում, եվրոպական երկրներում, որտեղ պատվաստման ցուցանիշը բավականին բարձր է, նկատելի է հիվանդացության աճ, բայց հոսպիտալացման եւ մահճակալային ֆոնդի ծանրաբեռնվածության առումով իր թեթեւությամբ անհամեմատելի է անցյալ տարվա հետ։ Այսինքն՝ մեր գերխնդիրը քովիդի համավարակը հաղթահարելու՝ ծանր, ծայրահեղ ծանր, մահվան դեպքերը հնարավորինս նվազեցնելն է եւ առողջապահական համակարգին հիվանդներին պատշաճ բժշկական օգնության տրամադրումը թույլ տալն է։ Առջեւում աշուն է, աշնանը նկատվում է տարբեր հիվանդությունների սրում, աճ, բայց եթե Հանրապետության մահճակալային ֆոնդի մեծ մասը շարունակում է սպասարկել քովիդով հիվանդներին, պատկերացրեք, որ այլ հիվանդություններ ունեցողներին բուժօգնություն տրամադրելն ավելի դժվար է լինում»։ Առողջապահության նախարարը հորդորեց եւ խնդրեց միացյալ ջանքերով հնարավորինս կառավարելի շրջանակներում պահել հիվանդության տարածումը եւ թույլ տալ, որ բժիշկների պայքարն արդյունավետ լինի։
11:26 - 16 սեպտեմբերի, 2021
Թույլ մի՛ տվեք հակագիտական ստերով և էժան շահարկումներով վտանգեն բոլորիս առողջությունը. նախարարը՝ մի քանի հարցի մասին

Թույլ մի՛ տվեք հակագիտական ստերով և էժան շահարկումներով վտանգեն բոլորիս առողջությունը. նախարարը՝ մի քանի հարցի մասին

Ամեն մահը ցավալի կորուստ է մեզ համար, իսկ երիտասարդ հղի կնոջ մահը ուղղակի հոգեմաշ է անում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով երեկ գրանցված 19-20 շաբաթական հղիի մահվան դեպքին ու շարունակելով. «Ծանր սրտով շարունակեմ պատասխանել բարձրացված հարցերին. Արդյոք մարդը ազատ չէ ընտրելու հիվանդանալ և ապրել ինչ կլինի կլինի սկզբունքով Ոչ, քանի որ գործ ունենք հանրային վտանգավոր, վարակիչ հիվանդության հետ։ Այս դեպքում դուք միայն ձեր կյանքի և առողջության համար չեք որոշում կայացնում, այլ նաև ուրիշների, ինչպես օրինակ մահացած հղի կնոջ...... Խնդրեմ ՝ եթե դուք ապրում եք քաղաքակրթությունից կտրված սարի գլխին և որևէ շփում չունեք մարդկության հետ ազատ կերպով մի պատվաստվեք, դիմակ մի կրեք, ուժգին փռշտացեք, հիվանդացեք և մի բուժվեք, իսկ եթե այնուամենայնիվ ապրում եք սոցիումի մեջ ապա չեք կարող ձեր որոշումներով վտանգել այլոց կյանքն ու առողջությունը Երբ կլինի Պֆայզեր պատվաստանյութը Այս պահին հստակ ժամկետ չենք կարող նշել, բայց տարվում են աշխատանքներ ապահովելու։ Հայաստանում այսօր առկա պատվաստանյութերը բավարարում են արդյուվետության և որակի բոլոր անհրաժեշտ չափանիշներին և լուծում են մեր առջև ծառացած խնդիրը՝ այն է կանխել հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր ընթացքը և մահերը։ Սպասելու իմաստ, անհրաժեշտություն և ժամանակ չկա։ Իրավաբան լինելով ինչպես եմ որոշել կիրառության մեջ դնել այս կամ այն պատվաստանյութը Գոյություն ունի նախարարին կից խորհուրդ, որը ներառում է ոլորտի քսանից ավել մասնագետների, ովքեր մանրակրկիտ ուսումնասիրելուց հետո տալիս է եզրակացություն, առաջարկ և դրա հիման վրա էլ ընդունվում է նախարարի հրամանը։ Արդյոք պատվաստումները արվում են «գումար աշխատելու» նպատակով  Ճիշտ հակառակը՝ պատվաստանյութերը հիվանդության հաղթահարման ամենամատչելի միջոցն են։ Եվ ցավոք դեռ շարունակելու ենք հանրային միջոցները ծախսել թանկարժեք բուժումների վրա քանի որ չենք ուզում կանխարգելել։ Ցավոք այսօր շատերը պատրաստ են՝ առանց բժշկի հետ խորհրդակցելու անցնել բազմակի թանկարժեք հետազոտություններ, խմել հորմոնային դեղեր, վերջին սերնդի ամենաուժեղ հակաբիոտիկներ, առանց աչք թարթելու, իսկ բժիշկների կողմից ցուցված կանխարգելիչ պատվաստմանը մտավախությամբ մոտենալ այնինչ Հայաստանի բնակչության 95% մշտապես ստացել է մանկական հասակում անհրեժեշտ բոլոր պատվաստումները։ Հիմա ինչումն է բանը հասկանալի չէ ..... Հետևությունները թողնում եմ ձեզ սիրելի քաղաքացիներ, մի թույլ տվեք որ հակագիտական ստերով և էժան շահարկումներով վտանգեն բոլորիս առողջությունը.... Այո հոկտեմբերի 1-ից նոր կանոնները մտնելու են ուժի մեջ։ Առողջ եղեք»,- նշված է նախարարի գրառման մեջ։
09:40 - 14 սեպտեմբերի, 2021
Որևէ անձի չի պարտադրվում պատվաստվել, չնայած նման կարգավորում կա մեր օրենքներով և հնարավոր է կիրառել․ առողջապահության նախարար

Որևէ անձի չի պարտադրվում պատվաստվել, չնայած նման կարգավորում կա մեր օրենքներով և հնարավոր է կիրառել․ առողջապահության նախարար

Առողջապահության նախարարը ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ անդրադարձել է օգտատերերի հարցերին։ «Այստեղ կպատասխանեմ մի քանի ամենահաճախ կրկնվող և հավանումներ ստացած հարցերին, իսկ երկուշաբթի օրը մի քանի մասնագետների հետ լայվով կանդրադառնանք բոլոր մինչ այս բարձրացված և հաջորդիվ հարցերին»,- գրել է նախարարը։ «Արդյոք նոր կանոնը տարածվո՞ւմ է բոլորի վրա հավասար, այդ թվում՝ պաշտոնյաների Այո, կանոնը հավասար կերպով վերաբերում է բոլորին։ Բոլորը, այդ թվում՝ պետական պաշտոնյաները պարտավոր են աշխատանքի ներկայանալիս ներկայացնել ՊՇՌ թեստավորման արդյունքը, եթե պատվաստված չեն, չունեն բժշկական տեղեկանք հակացուցումների մասին կամ հղի չեն։ Պետական պաշտոնյաները, եթե չպահպանեն այս կանոնը ևս չեն կարող մուտք գործել իրենց աշխատանքի վայր և կկրեն անհարգելի բացականեր ունենալու իրավական հետևանքները։ Եթե պատվաստումները 100% չեն երաշխավորում, որ չենք վարակվի, ինչո՞ւ պետք է պատվաստվել։ Որևէ պատվաստանյութ, դեղամիջոց, բժշկական միջամտություն չի կարող 100% արդյունք երաշխավորել, այնուամենայնիվ մենք դիմում ենք բժիշկների, բուժվում ենք, հետազոտվում ենք, դեղեր ենք խմում, որոնք ի դեպ ևս ունեն կողմնակի ազդեցություններ, որովհետև այդ ամենը չանելու ռիսկը անգամներ մեծացնում է վատ ելքի հավանականությունը։ Պատվաստանյութերը վերը թվարկված միջամտություններից նվազ վտանգավորն են և բավական արդյունավետ պաշտպանում են մեզ վարակվելուց, իսկ վարակման դեպքում հիվանդությունը ծայրահեղ ծանր տանելուց և մահանալուց։ Արդյո՞ք պատվաստանյութերը բավարար հետազոտված են և համապատասխանում են բոլոր դեղամիջոցներին ներկայացվող որակի պահանջներին։ Այո, պատվաստանյութերը մոտ երկու դար օգտագործվում են մարդկության կողմից և օգնել են հաղթահարել տասնյակ հիվանդություններ։ Ինչքան ինձ հայտնի է այս երկու դարերի ընթացքում մարդկության թիվը, ոչ թե նվազել է այլ շեշտակի ավելացել, նաև պատվաստանյութերի շնորհիվ։ Քովիդի դեմ պատվաստանյութերը, որոնք մասնագիտական կառույցների կողմից հավանության են արժանացել անցել են անհրժեշտ բոլոր հետազոտությունները՝ նախակլինիկական և կլինիկական փորձարկումների բոլոր փուլերը և դա փաստված է դեղեր գրանցող պետական մարմինների կողմից։ Ուստի եթե դուք, որևէ դեղ եք ընդունում այն որակի ստուգման նույն փուլերն է անցել ինչ պատվաստանյութը և եթե չեք վստահում մեկին պետք է հրաժարվեք ընդհանրապես բոլոր դեղերից։ Ինչո՞ւ են պատվաստումները պարտադրվում։ Որևէ անձի չի պարտադրվում պատվաստվել, չնայած նման կարգավորում ևս կա մեր օրենքներով և հնարավոր է կիրառել՝ պահպանելով օրենքով սահմանված պայմանները։ Մենք ստեղծում ենք տարբեր ֆիլտրեր, որ զսպենք վարակի տարածումը և կանխենք հիվանդանալու պարագայում ծանր ընթացքը, մահը։ Դիմակները, ձեռքերի ախտահանումը, թեստավորումները, պատվաստումները, սոցիալական հեռավորության պահպանումը ուղղված են դրան։ Մենք ուզում ենք հավաստվել, որ անձը չի վարակի իր աշխատակիցներին կամ քաղաքացիներին»,-գրել է նախարարը։Նշենք, որ նախարարը նախօրեին գրառում էր կատարել՝ առաջարկելով գրել հարցեր, որոնց փորձի  պատասխանել»։
10:59 - 11 սեպտեմբերի, 2021
Կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանն ուղղված բոլոր միջոցառումներն իրավական հիմք ունեն. Անահիտ Ավանեսյան

Կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանն ուղղված բոլոր միջոցառումներն իրավական հիմք ունեն. Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․   «Հայաստանում իրականացվող կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանն ուղղված բոլոր միջոցառումներն իրավական հիմք ունեն. Հաշվի առնելով բնակչության շրջանում COVID-19-ի կանխարգելմանն ուղղված սահմանափակումների հետ կապված հակասական մտքերը` հարկ եմ համարում նշել. ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված է յուրաքանչյուր աշխատողի առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների, ինչպես նաև քաղաքացու առողջության պահպանման իրավունքը: Կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանն ուղղված սանիտարահամաճարակային միջոցառումները պետք է դիտարկել նաև այլ անձանց նույն իրավունքի ապահովման տեսանկյունից, և դրանք ոչ մի դեպքում չեն հանգեցնում անձի իրավունքների բացարձակ սահմանափակմանը:  Այլ անձանց առողջության պահպանման իրավունքի իրացմանն է ուղղված 14-օրյա պարբերականությամբ ՊՇՌ հետազոտության արդյունքը հավաստող փաստաթուղթ ներկայացնելու պահանջը, որը բխում է անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներն ու դրանց կիրառման կարգը սահմանող« Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքից:  Լիազոր մարմնի կողմից սահմանված համապատասխան սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման պահանջը սահմանված է Կառավարության 2020 թ. սեպտեմբերի 11-ի «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» թիվ 1514-Ն որոշմամբ:  COVID-19-ի տարածման կանխարգելման նպատակով իրականացվող պարտադիր սանիտարական նորմերը սահմանված են առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին» 17-Ն որոշմամբ: Հակացուցումները սահմանված են նույն հրամանում փոոխություններ կատարելու մասին նախագծով»:
12:56 - 09 սեպտեմբերի, 2021
Ամեն ինչ արվում է Սահմանադրության, Հայաստանի օրենքների շրջանակում․որևէ խնդիր չունենք. Անահիտ Ավանեսյանը՝ պատվաստման նոր կարգի մասին

Ամեն ինչ արվում է Սահմանադրության, Հայաստանի օրենքների շրջանակում․որևէ խնդիր չունենք. Անահիտ Ավանեսյանը՝ պատվաստման նոր կարգի մասին

Ցանկացած կանոնի խախտման հետ կապված կա դրա հետագա հետևանքները։ Հոկտեմբերի մեկից կամ անձը պետք է 2 շաբաթը մեկ անգամ հավաստի իր՝ վարակակիր չլինելու փաստը, իսկ դա արվում է ՊՇՌ թեստի բացասական պատասխանով, բացառություն են կազմելու այն անձիք, ովքեր պատվաստված են, հղի են կամ ունեն հստակ բժշկական հակացուցում պատվաստման համար։ Հետևանքը աշխատանքի ներկայանալու մեջ է լինելու և հաջորդիվ տվյալ կազմակեպությունը ևս տույժ, տուգանքներ կկրի կանոնները չպահպանելու համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։  Վերջինս իր խոսքում ընդգծեց, որ ամեն ինչ արվում է Սահմանադրության, Հայաստանի օրենքների շրջանակում։ «Հայաստանում գործում է «Բնակչության սանիտարահամաճարակային պաշտպանության մասին» օրենքը, որը հստակ կետերով ամրագրումներ ունի, ինչին հղում կատարելով ընդունվել են ենթաօրենսդրական ակտեր, և այդ ակտերը բխում են օրենքներից։ Սահմանված նորմն ամբողջությամբ համապատասխանում է բոլոր պահանջներին և գործում են։ Որևէ խնդիր՝ սահմանադրության, օրենքների մասով չունենք»,- հավելեց նախարարը։ Լրագրողի այն դիտարկմանը, թե նախագծում նշում է, որ եթե վարչապետը, պատգամավորները և այլ մարմնի ղեկավարներ չպատվաստվեն, նրանք գործազուրկ չեն դառնա, իսկ շարքային քաղաքացին չպատվաստվելու դեպքում գործազուրկ կդառնա։Ավանեսյանը շեշտեց, թե լրագրողը մատնանշում է «Հանրային ծառայության մասին» օրենքը, որի մեջ մտցված փոփոխությունները չեն կարող վերաբերել քաղաքական պաշտոն զբաղեցնողներին, բայց դա չի կարող նշանակել, թե իրենք դուրս են մնում կարգավորման շրջանակից։ Նույն տրամաբանությամբ մասնավոր հատվածը ևս ունի իր կարգավորումների շրջանակը, որում խտրականության դեպքերը բացառվում են։  «Այս պահին վարչապետը, փոխվարչապետերը, նախարարները, փոխնախարարները պատվաստվել են։ Կարծեմ արդեն 100 տոկոս պատվաստման ցուցանիշ ունենք։ Բոլորդ գիտեք, որ մինչև այս փոփոխությունների ներմուծումը դրսևորելով հանրային պատասխանատվություն շատերը անգամ գարնանը, երբ նոր էր սկսվում պատվաստման գործընթացը՝ ցանկություն հայտնեցին պատվաստվելու։ Այսինքն, այստեղ խտրականության մասին խոսք լինել չի կարող»,- մանրամասնեց նախարարը։
13:07 - 08 սեպտեմբերի, 2021
Հոկտեմբերի 1-ից գործատուն պետք է պահանջի ՊՇՌ թեստի պատասխանը․ Նախարար |panarmenian.net|

Հոկտեմբերի 1-ից գործատուն պետք է պահանջի ՊՇՌ թեստի պատասխանը․ Նախարար |panarmenian.net|

panarmenian.net: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ հոկտեմբերի 1-ից կորոնավիրուսի համավարկով պայմանավարվորված ուժի մեջ մտնող պահանջները վերաբերում են բոլոր տնտեսվարողներին, և գործատուները պետք է աշխատակիցներից պահանջեն ՊՇՌ թեստի պատասխանը։ «Պետք է հավաստիանալ, որ աշխատակիցը առողջ է ներկայանում աշխատանքի, գործատուները պետք է պահանջեն 14 օրը մեկ ՊՇՌ թեստի պատասխան, բացառություն են կազմում պատվաստվածները, հղիներն ու հակացուցումներ ունեցողները»,-ասել է նա։ Սահամանփակումը վերաբերում է բոլոր տնտեսվարող կազմակերպություններին։ Նա նշել է, որ ունենք շատ ռիսկային` հանրային սննդի, տրանսպրոտի ոլորտի ձեռնարկություններ, մեծ արտադրություններ։ Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է իրականացվելու ՊՇՌ թեստի պատասխանը ներկայացնելու պահանջը, որ մարմինը պետք է ստուգի՝ նախարարն ասել է, որ տեսչական մարմինները իրազեկման աշխատանքներ կտանեն՝ տուգանքների չափի, պրոցեսուալ մասի վերաբերյալ։ Ավանեսյանը կոչ է արել չսպասել մինչև հոկտեմբերի 1-ը պատվաստումների հարցում, որ հերթեր չառաջանան։ Նա նշել է, որ պատվաստվել ցանկացողների քանակն աճել է և արդեն մոտ 40 տոկոսի է հասնում։ Պատասխանելով այն հարցին, թե պատվաստումների կտրուկ աճի պայմաններում կբավարարեն արդյոք պատվաստանյութերի պաշարները՝ Ավանեսյանն ասել է, որ պաշարները ժամանակին համալրվում են և բուժհաստատությունների բոլոր օղակները պետք է պատրաստ լինեն մեծ թվով քաղաքացիների սպասարկելու։ «Նոր պատվաստանյութերի մասով սպասում ենք բանակցությունների արդյունքներին՝ կունենանք նոր պատվաստանյութեր, բայց դրանց սպասել պետք չէ։ Հարկավոր է օր առաջ պատվաստվել»,-ասել է նախարարը։ Նա նշել է, որ դպրոցների բացման հետ կապված ակնկալում են հիվանդացության աճ, ուստի կարևորվում է ոչ միայն պատվաստումների աճը, այլ նաև դիմակներ կրելու անհրաժեշտությունը։ Անդրադառնալով այն հարցին, թե ինչու են շարունակվող պատվաստումների պայմաններում աճում կորոնավիրուսով հիվանդացության ցուցանիշները՝ նախարարն ասել է, որ պատվաստումների քանակը դեռևս այնպիսին չէ, որ ազդեցություն ունենա այդ ցուցանիշի վրա։
16:58 - 06 սեպտեմբերի, 2021
Կորոնավիրուսի հետևանքով ծանր վիճակում գտնվում են 650 քաղաքացիներ, ծայրահեղ ծանր վիճակում՝ 126 քաղաքացի․ Անահիտ Ավանեսյան

Կորոնավիրուսի հետևանքով ծանր վիճակում գտնվում են 650 քաղաքացիներ, ծայրահեղ ծանր վիճակում՝ 126 քաղաքացի․ Անահիտ Ավանեսյան

Երեկվա դրությամբ իրականացվել է 6394 թեստավորում, որից 636-ը եղել են դրական։ Ցավոք սրտի երեկ գրանցվել է 19 մահ և ինչպես տեսնում ենք, և մենք անհազանգել ենք, ցավոք  դելտա շտամը աչքի է ընկնում վարակելության ավելի մեծ աստիճանով, բայց բացի դրանից հիվանդության ընթացքը ավելի ծանր է։ Այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում խոսելով կորոնավիրուսային իրավիճակի մասին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։  Նախարարը նաև ընդգծեց, որ նկատվում է նաև հիվանդության երիտասարդացում։ Նախորդ շաբաթ նախարարը հայտնել էր, որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվում են 20-28 տարեկան երիտասարդներ։ Նախարարը հայտնեց, որ նրանցից մեկը մահացել է։ Ավանեսյանի խոսքով այս պահին նույնպես կա 18 տարեկան երիտասարդ, որը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ «Ուստի սա մեզ համար ահազանգ է, որ բոլորս հասկանանք, պատկերացնենք, որ առաջիկայում վարքագիծը շատ ավելի կարգապահ դարձնենք և ամեն մեկը իր հանրային պատասխանատվության մասը կրելով նպաստի, որ մեր բնակչության առողջությունը և կյանքը մեզ պաշտպանի»,- հավելեց նախարարը։ Խոսելով մահճակալային ֆոնդի մասին նախարարը հայտնեց, որ այս պահին  ծավալված է մոտ 1600 մահճակալ, որոնցից 1400-ը զբաղված են, ծանր վիճակում գտնվում են 650 քաղաքացիներ, ծայրահեղ ծանր վիճակում՝ 126 քաղաքացի։  Նախարարը մանրամասնեց․ «Արհեստական շնչառական ապարատներին միացված են 51 քաղաքացիներ։ Այս պահին ամբողջությամբ իրականացնում ենք այն քաղաքացիների հոսպիտալացումը, ովքեր ունեն դրա կարիքը, որևէ հերթ չունենք և հընթացս ծավալում ենք նաև նոր մահճակալներ, բայց նաև սա մեծ լարվածություն է ստեղծում  ընդհանուր առմամբ համակարգում։ Գիտենք, որ աշնանը հիվանդացության աճ է գրանցվում և մարդիկ ավելի շատ են դիմում շտապ օգնության ծառայությանը, հիվանդանոցներին, ուստի կորոնավիրուսը պահել հնարավորինս կառավարելի շրջանակներում նշանակում է նաև նպաստել այլ հիվանդություններով քաղաքացիներին ճիշտ ժամանակին բժշկական օգնություն ցույց տալուն»։ Անդրադառնալվ պատվաստումային գործընթացին Ավանեսյանը նշեց, որ այս պահի տվյալներով իրականացվել է 293955 պատվաստում, օրական պատվաստողների թիվն անցնում է 6000-ը։ Երեկ իրականացվել է 6227 պատվաստում։ «Եթե մարտ ամսին հարցվածների միայն 10 տոկոսն էր հնարավոր համարում պատվաստումը, վերջերս իրականացված հարցումները լրիվ այլ պատկեր են ցույց տալիս և 40 տոկոսից ավելի քաղաքացիներ դիտարկում են պատվաստումը որպես շատ կարևոր գործիք և պատրաստ են պատվաստվել։ Սա խոսում է քաղաքացիական կարծիքի փոփոխության մասին, բայց դեռ շատ տեղ ունենք աշխատելու ապատեղեկատվության և այլ արատավոր երևույթների դեմ պայքարի շրջանակներում»,- եզրափակեց նախարարը։
11:47 - 02 սեպտեմբերի, 2021
Մի քանի տասնյակ դեպքեր են գրանցվել, երբ պատվաստված քաղաքացիները վարակվել են կորոնավիրուսով |armenpress.am|

Մի քանի տասնյակ դեպքեր են գրանցվել, երբ պատվաստված քաղաքացիները վարակվել են կորոնավիրուսով |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում դեպքեր են գրանցվել, երբ պատվաստված քաղաքացիները վարակվել են կորոնավիրուսով:  Հայաստանում մի քանի տասնյակ դեպքեր են գրանցվել, երբ պատվաստված քաղաքացիները վարակվել են կորոնավիրուսով: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Մենք կատարել ենք 267 հազար պատվաստում, որի շրջանակում մի քանի տասնյակ դեպք ունենք, երբ քաղաքացիները վարակվել են կորոնավիրուսով։ Բայց ունենք նաեւ դեպքեր, երբ նրանց մոտ  հիվանդությունը մեղմ է անցել, ծանր դեպքեր, կարելի է  ասել՝ չենք ունեցել: Իհարկե, «Դելտա» շտամը որոշակի փոփոխություններ է բերում թե՛ վարակելիության ավելի բարձր մակարդակի ապահովման, թե՛ հիվանդության ավելի ծանր ընթացքի հարցում»,- ասաց նախարարը:
15:41 - 27 օգոստոսի, 2021
Օգոստոսի 17-ի դրությամբ ՀՀ բուժաշխատողների միայն 8,79%-ն է ստացել COVID-19-ի դեմ պատվաստման երկու դեղաչափ

Օգոստոսի 17-ի դրությամբ ՀՀ բուժաշխատողների միայն 8,79%-ն է ստացել COVID-19-ի դեմ պատվաստման երկու դեղաչափ

Այս տարվա հուլիսի 9-ին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանում բուժաշխատողների մինչեւ 40 տոկոսը պատվաստվել է COVID-19-ի դեմ։ Նախարարի այս հայտարարության վերաբերյալ սոցցանցերում կասկածներ էին շրջանառվում, ուստի հարցմամբ դիմեցինք նախարարությանը՝ հստակեցնելու՝ քանի՞ բուժաշխատող կա Հայաստանի Հանրապետությունում, նրանցից քանի՞սն են պատվաստվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութով, նրանցից քանի՞սն են ստացել առաջին, եւ քանիսը՝ երկրորդ դեղաչափ։ Հուլիսի 19-ի մեր գրության կապակցությամբ օրեր առաջ նախարարությունից հայտնել են, որ Հայաստանի Հանրապետությունում կա 42,209 բուժաշիատող՝ վարչական և տեխնիկական անձնակազմը ներառյալ, այդ թվում՝ 19,985-ը հիվանդների հետ անմիջապես շփում ունեցող բուժաշխատող: Մեր ստացած պատասխանի համաձայն՝ օգոստոսի 17-ի դրությամբ բուժաշխատողների շրջանում կատարվել է 15,913 պատվաստում, որից՝ 12,199 առաջին դեղաչափ, 3714՝ երկրորդ դեղաչափ։ Պատվաստված բուժաշխատողների թիվը կստանանք առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հայտարարած մոտ 40 տոկոսը, եթե դիտարկենք այն, որ 42,209 բուժաշխատողների շրջանում կատարվել է 15,913 պատվաստում, այսինքն՝ պատվաստանյութի առնվազն մեկ դեղաչափ ստացել է Հանրապետության բուժաշխատողների 37,71%-ը: Սակայն եթե դիտարկենք երկու դեղաչափ ստացած բուժաշխատողներին, ապա լիարժեք պատվաստված է համարվում միայն 3714 բուժաշխատող՝ Հանրապետության բուժաշխատողների 8,79%-ը։ Իսկ հիվանդների հետ անմիջապես շփում ունեցող 19,985 բուժաշխատողներից միայն 9760-ը կամ 48,8%-ն է պատվաստվել, սակայն նախարարությունից չեն հստակեցրել՝ նրանցից քանիսն է ստացել առաջին, իսկ քանիսը՝ երկրորդ դեղաչափ։ Այսպիսով, թեեւ Անահիտ Ավանեսյանի ասած թիվն, ըստ էության, սխալ չէ, սակայն փոքր ինչ շփոթեցնող է, երբ հնչեցվում է, որ պատվաստվել է բուժաշխատողների մինչեւ 40%-ը, քանի որ 40%-ը պատվաստանյութի միայն առաջին դեղաչափ է ստացել, իսկ լիարժեք պատվաստված համարվում են միայն երկրորդ դեղաչափ ստացած անձինք։ Ուստի առավել ճշգրիտ է նշել, որ Հանրապետության բուժաշխատողներից միայն 8,79%-ն է ստացել COVID-19-ի դեմ պատվաստման երկու դեղաչափ, 28,91%-ը՝ մեկ դեղաչափ։ Հայարփի Բաղդասարյան
14:36 - 27 օգոստոսի, 2021
Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում պատրաստ ենք ծավալել մինչև 2700 մահճակալ. Ավանեսյան |armenpress.am|

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում պատրաստ ենք ծավալել մինչև 2700 մահճակալ. Ավանեսյան |armenpress.am|

armenpress.am: Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Առողջապահության նախարարությունը պատրաստ է ծավալել մինչև 2600-2700 մահճակալ: Կառավարության նիստի ընթացքում այս մասին հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Բայց, իհարկե, սա շատ մեծ լարվածություն է առաջացնում առողջապահական համակարգում, որովհետև առաջիկայում աշնան սեզոնն է, որն ընդհանուր առմամբ աչքի է ընկնում հիվանդացության աճով: Այս պահին էլ մեր բոլոր բժշկական կենտրոնների վերակենդանացման բաժանմունքները շատ խիստ լարված վիճակով են աշխատում»,- ասաց Ավանեսյանը: Նրա խոսքով` պետությունը ամեն ինչ անում է, որպեսզի կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի շրջանակներում համալրվեն մահճակալները, բայց մասնագետները սահմանափակ են, ուստի այլ հիվանդություններով տառապող քաղաքացիներին ևս ճիշտ ժամանակին օգնություն ցուցաբերելու համար շատ կարևոր է, որպեսզի կառավարելի լինի իրավիճակը: «Մենք ընթացքում ծավալվելու ենք` մեր մարզային կենտրոններում և մայրաքաղաքում: Հստակ գծագրված է պլանը, և որպեսզի խնայենք նաև հանրային միջոցները, վերապրոֆիլավորում ենք ըստ անհրաժեշտության»,- ասաց Ավանեսյանը:
12:24 - 27 օգոստոսի, 2021