Լիբանան

ՀՀ պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի ազգային պաշտպանության նախարարի հետ

ՀՀ պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի ազգային պաշտպանության նախարարի հետ

Օգոստոսի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար, փոխվարչապետ տիկին Զեյնա Աքարի հետ: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է գործընկերոջը Լիբանանի զինված ուժերի 75-ամյակի կապակցությամբ: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների զինված ուժերում համաճարակային իրավիճակը, կարծիքներ փոխանակել փոխգործակցելու լրացուցիչ հնարավորությունների ստեղծման շուրջ: Զեյնա Աքարին ընդգծել է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանման մասնակցության կարևորությունը Լիբանանում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելությունում, ինչին ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարարը վերահաստատել է հայկական կողմի վճռականությունն այն շարունակելու գործում: Դավիթ Տոնոյանն ու Զեյնա Աքարին անդրադարձել են նաև տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումներին և երկկողմ համաձայնագրերի շրջանակներում ռազմական համագործակցության ընդլայնման ու խորացման անհրաժեշտությանը:
17:00 - 03 օգոստոսի, 2020
Լիբանանի արտգործնախարարը պաշտոնաթողության խնդրագիր Է ներկայացրել |armenpress.am|

Լիբանանի արտգործնախարարը պաշտոնաթողության խնդրագիր Է ներկայացրել |armenpress.am|

armenpress.am: Լիբանանի արտաքին գործերի նախարար Նասիֆ Հիթթին օգոստոսի 3-ին պաշտոնաթողության խնդրագիր Է ներկայացրել երկրի վարչապետ Հասան Դիաբին։ «Ես պաշտոնաթողություն եմ խնդրել (կառավարության մոտ) այն բարենորոգումների իրականացման համար հաստատուն կամաքի բացակայության պատճառով, որոնք պահանջում են լիբանանցիները եւ միջազգային հանրակցությունը»,- մեջբերում Է անում Al Mayadeen հեռուստաալքիքը Հիթթիի խոսքից վարչապետի հետ կայացած հանդիպումից հետո: Արտգործնախարարության ղեկավարը նաեւ հույս Է հայտնել, որ Լիբանանի կառավարությունը կվերանայի իր քաղաքականությունը մի շարք բնագավառներում: Նրա խոսքով՝ հանրապետության հաջող զարգացման համար անհրաժեշտ են օրենքի գերակայություն, հաշվետվության ենթակայություն եւ թափանցիկություն, ինչպես նաեւ կառավարիչների կողմից երկրի ազգային շահերի հստակ պատկերացում: Ներկայիս կաբինետը կազմվել Է հունվարի 21-ին եւ վստահության քվե ստացել փետրվարի 12-ին, այն հենվում Է խորհրդարանական մեծամասնության աջակցության վրա, որի մեջ են մտնում պատգամավորներ շիաների «Հըզբոլլահ» կուսակցությունից: Կառավարությանն ընդդիմադիր սուննիների «Ալ Մուսթաքբալ» շարժումը, որը գլխավորում Է նախկին վարչապետ Սաադ Հարիրին, որը պաշտոնաթող եղավ անցյալ տարվա հոկտեմբերի 29-ին իշխանության բարձրագույն ոլորտներում կոռուպցիայի դեմ բողոքների ալիքի ֆոնին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
16:14 - 03 օգոստոսի, 2020
Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Լիբանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Նասիֆ Հիթթիի հետ

Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Լիբանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Նասիֆ Հիթթիի հետ

Հուլիսի 27-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Լիբանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Նասիֆ Հիթթիի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ համագործակցության առավել ընդլայնման և ամրապնդման ուղիների շուրջ: Համավարակի տարածմամբ պայմանավորված սոցիալ-տնտեսական մարտահրավերների հաղթահարման համատեքստում՝ երկուստեք կարևորվեց միջազգային համագործակցության ու փոխօգնության դերը։ Հայաստանի և Լիբանանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր։ Նախարար Մնացականյանն անդրադարձավ տարածաշրջանային խաղաղությանը և անվտանգությանն առնչվող հարցերի և իր գործընկերոջը ներկայացրեց այդ անչությամբ ՀՀ մոտեցումները:
10:28 - 28 հուլիսի, 2020
Լիբանանցի հայտնի քաղաքական գործիչ Յակուբ Սարաֆը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ |armenpress.am|

Լիբանանցի հայտնի քաղաքական գործիչ Յակուբ Սարաֆը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ |armenpress.am|

armenpress.am: Լիբանանի երկար տարիների պաշտպանության նախկին նախարար, հայտնի քաղաքական գործիչ Յակուբ Սարաֆը դատապարտել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի դեմ իրականացված ռազմկան հարձակումը։ Յակուբ Սարաֆն Ադրբեջանի գործողությունները դատապարտող գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում։ «Վճռականորեն դատապարտում եմ հուլիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի դեմ իրականացված ռազմական հարձակումը։ Շատ մտահոգիչ է, որ այդ ռազմական գործողությունները նաև ուղեկցվել են Հայաստանի ատոմային էլեկտրակայանը հրթիռակոծելու սպառնալիքներով։ Նման միջուկային սպառնալիքներն անպատասխանատու են և, միանշանակ, պետք է դատապարտվեն միջազգային հանրության կողմից։ Պատահական չէ, որ Ադրբեջանին աջակցած և այդ անպատասխանատու գործողություններին դրդած միակ երկիրը Թուրքիան էր։ Թուրքիայի ապակայունացնող դերն իր մի շարք հարևան տարածաշրջաններում վկայում է այդ երկրի չհիմնավորված թշնամական վերաբերմունքի մասին Հյուսիսային Աֆրիկայից մինչև Մերձավոր Արևելք, Հարավային Կովկասից մինչև Արևելյան Միջերկրականի խաղաղ ժողովուրդների նկատմամբ։ Մենք դարեր շարունակ ճանաչում ենք Հայաստանը և հայերին, գիտենք նրանց քաղաքակրթական դերը Միջին Արևելքի պատմության մեջ, մենք նրանց ճանաչում ենք որպես Լիբանանի նվիրված քաղաքացիներ, որոնք ունեն ազգային և տարածաշրջանային ինքնության ուժեղ զգացողություն: Գիտենք անվտանգության նկատմամբ նրանց զգայուն վերաբերմունքի մասին և ականատես ենք եղել իրենց ազգային օրակարգին սպառնացող բոլոր վտանգների և մարտահրավերների հաղթահարման գործում նրանց միասնականությանը։ Մենք նրանց կողքին ենք»,- գրել է նա։
14:08 - 24 հուլիսի, 2020
Արցախի դրամական օգնությունը փոխանցվել է Լիբանանի հայ համայնքի հոգևոր առաջնորդներին

Արցախի դրամական օգնությունը փոխանցվել է Լիբանանի հայ համայնքի հոգևոր առաջնորդներին

Մերձավոր Արևելքի երկրներում Արցախի մշտական ներկայացուցչության կողմից հուլիսի 16-ին Բեյրությում հանդիպումներ են կազմակերպվել հայ համայնքի հոգևոր առաջնորդների հետ՝ փոխանցելու համար Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի հանձնարարականով Արցախի կառավարության կողմից լիբանանահայությանը հատկացված դրամական օգնությունը։Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հոգևոր առաջնորդներին ուղղված՝ Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Կարապետ Քաբաբջյանի ուղերձում մասնավորապես, ասված է. «Հայության բարոյական պարտականությունն է կանգուն պահելը Լիբանանի հայ համայնքը, մի համայնք, որը մշտապես օժանդակ և նեցուկ է եղել հայ ժողովրդին։ Արցախի ժողովուրդը մշտապես երախտապարտ է լիբանանահայությանը և չի մոռանում այն մեծ օգնությունը, որ Լիբանանի հայկական համայնքը  տրամադրել է Արցախի համար դժվարին ժամանակներում։ Ցանկանում եմ, որ Լիբանանը շուտափույթ կերպով դուրս գա այս ճգնաժամից և ամենամոտ ժամանակներում հանդիպենք Արցախում»։ Լիբանանի հայ համայնքի հոգևոր առաջնորդները, իրենց հերթին, բարձր են գնահատել Արցախի Հանրապետության կողմից օգնության տրամադրումը՝ նշելով, որ այն խորհրդանշական և բարոյական մեծ արժեք ունի։
20:27 - 17 հուլիսի, 2020
«Լիբանանում հայերն առօրյա հացի խնդիր ունեն». ՀՀ իշխանությունները չարտերային չվերթներ են սկսել քաղաքացիներին տեղափոխելու համար |aliq.ge|

«Լիբանանում հայերն առօրյա հացի խնդիր ունեն». ՀՀ իշխանությունները չարտերային չվերթներ են սկսել քաղաքացիներին տեղափոխելու համար |aliq.ge|

aliq.ge: Հայաստանի Հանրապետությունը սկսել է Լիբանանում մեր հայրենակիցների տեղափոխումը հայրենիք: Այսօր՝ հուլիսի 14-ին, Բեյրութ-Երևան չարտերային առաջին չվերթով շուրջ 70 լիբանանահայեր ժամանեցին Հայաստան: Տարիներ առաջ Լիբանանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը շարունակվում է սրվել, և հայ համայնքը պարտադրված է գոյատևել տնտեսական դժվարին պայմաններում: Փորձագետները ներկայիս իրադրությունը չափազանց պայթյունավտանգ են համարում, քանի որ Թուրքիան Լիբանանի հյուսիսում կուտակել է հսկայական ուժեր, սուննի փախստականներ, իսկ վերջիններս Լիբանանում ցույցերի հիմնական կորիզն են կազմում և որոշակի պահի կարող են ուղղորդվել հայաբնակ Բուրջհամուդ: ՀՀ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հայ համայնքը Լիբանանում այժմ մոտ 80 հազար մարդ է կազմում, որոնցից մոտ 25 հազարն ունեն նաև ՀՀ քաղաքացիություն կամ կացության կարգավիճակ: Ըստ նրա՝ բացի այս 25 հազարից, լիբանանահայության այլ խմբեր ևս նպատակ ունենան գալ Հայաստան, քանի որ երկրում ակտիվացել են հակահայկական տրամադրություններ հրահրող ուժերը, որոնք կապ ունեն նաև հարևան երկրների հետ: «Քանի որ համավարակի հետ կապված ավիափոխադրումները դադարեցված են, նախաձեռնվել են չարտերային չվերթներ: Մենք կաշխատենք ժամանողների հետ, վեր կհանենք նրանց կարիքները, կկազմվի տեղեկանք՝ հետագա քայլերը ծրագրելու համար»,- ասաց Հ.Ալեքսանյանը: Լիբանանում հայ համայնքի համար աջակցության ծրագրեր իրականացնում են տարբեր կազմակերպություններ ու միություններ: Անցած տարեվերջին «Հայաստան» համահայկական հիմնադրամը շուրջ 150 հազար դոլար էր տրամադրել Լիբանանում հայկական կրթական մոտ18 հաստատությունների և լրատվամիջոցների: Հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի կարծիքով՝ այնտեղ իրավիճակը գնալով սրվում է. «Երբ այնտեղ անհնար լինի այլևս ապրել, հայերի հնարավոր ճանապարհներից մեկը լինելու է նաև Հայաստանը՝ թեկուզև ժամանակավոր, եթե ոչ մշտական: Լավագույն սցենարն, իհարկե, այն է, որ իրադրությունը կարգավորվի և մեր հայրենակիցները անցնեն իրենց բնականոն կյանքին, բայց այս ճգնաժամն արդեն 9 ամիս է տևում, իսկ խնդիրների կարգավորումը երկարաժամկետ գործընթաց է»: «Թուֆենկյան» հիմնադրամի գործադիր տնօրեն, հրապարակախոս Րաֆֆի Դուդակլյանը ևս չափազանց մտահոգիչ է համարում Լիբանանի ընդհանուր վիճակը: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ մարդիկ այսօր առօրյա հացի խնդիր ունեն. «Հայերը նույն կացության մեջ են: Որոշ չափով միությունները, հիմնադրամները օգնություն ուղարկում են, բայց դա բավարար չի, որ համայնքի խնդիրները լուծվեն: Չկա տնտեսական զարգացման որևէ հնարավորություն, մարդիկ փակում են իրենց բիզնեսները, դժվար է պատկերացնել, թե ինչ ապագա պետք է լինի այնտեղ»: Ր.Դուդակլյանի համոզմամբ՝ ՀՀ իշխանությունները պետք է տեղի ազգային կրոնական ղեկավարության հետ սերտ աշխատեն, որպեսզի անմիջական օգնությունը ծրագրեն.  «Լիբանանում իմ հարազատները գրեթե բոլորն էլ մտորում են Հայաստան տեղափոխվելու մասին: Պարզ չէ, թե ինչքան ժամանակ կարող են դիմանալ, բայց նաև պարզ չէ, թե իրենց ունեցվածքն ի՞նչ պետք է անեն՝ բանկերը փողերը չեն տալիս, տները չեն կարող վաճառել, դատարկ գրպաններով ինչպե՞ս գան: Խնդիրը շատ ավելի բարդ է: Կա՛մ պետք է հրաժարվեն ունեցվածքից, կա՛մ փորձեն լուծել ֆինանսական խնդիրները»: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանը մեզ հետ զրույցում հույս հայտնեց, որ Լիբանանի իշխանությունները կձեռնարկեն բոլոր միջոցները էթնոկրոնական խմբերի միջև համերաշխությունը պահպանելու և, ըստ էության, որևէ տեսակի խտրական իրավիճակը բացառելու ուղղությամբ: Սակայն նա ևս կարծում է, որ ներքաղաքական ճգնաժամի նման պայմաններում զարգացումները կարող են լինել որոշ առումով անկանխատեսելի: «Լիբանանի համայնքը մեր բացառիկ համայնքներից է Մերձավոր Արևելքում, որ զգալի կշիռ ունի երկրի ներսում, ներգրավված է եղել լիբանանյան հաջողությունների ձեռքբերման և դժվարությունների հաղթահարման գործում: Մինչ այս համայնքն ունեցել է հնարավորություն իր բարեկեցությունը երկրի ներսում ապահովելու համար, բայց քանի որ ներքաղաքական խորը ճգնաժամ է ստեղծվել, որը շարունակական է, չի բացառվում, որ զարգացման այլ ընթացքի պարագայում համայնքի տեղափոխման հարց բարձրանա: Բայց այս պահի դրությամբ նման որևէ տեսակի դրսևորում ես չեմ տեսնում»,- ասաց Գ.Գևորգյանը:Շարունակությունը՝ aliq.ge-ում
22:02 - 14 հուլիսի, 2020