Արցախի ԱԳՆ

Արցախի  գործադիր իշխանության մարմին, որը իրականացնում է օտար երկրների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների պետական կառավարումը։

Ադրբեջանի կեղծ հոգատարության ետևում թաքնված է Արցախը մեկուսացնելու՝ պաշտոնական Բաքվի ցանկությունը

Ադրբեջանի կեղծ հոգատարության ետևում թաքնված է Արցախը մեկուսացնելու՝ պաշտոնական Բաքվի ցանկությունը

Արցախում տնտեսական գործունեության, այդ թվում՝ անվտանգ ճանապարհների կառուցման, ջրային ռեսուրսների և ընդերքի օգտագործման, ինչպես նաև Արցախում միգրացիոն գործընթացների կապակցությամբ ադրբեջանական կողմի շարունակական շահարկումների վերաբերյալ անհրաժեշտ ենք համարում նշել հետևյալը: Նախ և առաջ` կարևոր է ընդգծել, որ Արցախի Հանրապետության՝ Սահմանադրությամբ ամրագրված տարածքում տնտեսական, ինչպես ցանկացած այլ ստեղծարար գործունեության իրականացումը Արցախի իշխանությունների և քաղաքացիների ինքնիշխան իրավունքն է: Ադրբեջանի գանգատները՝ Արցախում, այսպես կոչված, «Հայաստանի անօրինական տնտեսական գործունեության» վերաբերյալ ոչ այլ ինչ են, քան ադրբեջանական իշխանությունների՝ իրականությունից փախուստի հերթական դրսևորում, որոնք համառորեն փորձում են անտեսել անկախ և ինքնիշխան Արցախի Հանրապետության գոյությունը: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների կեղծ հոգատարության ետևում թաքնված է Արցախը մեկուսացնելու և նրա տնտեսական զարգացմանը խոչընդոտելու պաշտոնական Բաքվի ցանկությունը։ Մենք բազմիցս հայտարարել ենք իբր բնապահպանական իրավիճակին վնաս պատճառելու և Արցախին սահմանակցող տարածքներում բնակվող Ադրբեջանի բնակչությանը ջրից զրկելու վերաբերյալ մեղադրանքների անհիմն լինելու մասին: Սարսանգի ջրամբարի վերաբերյալ ԵԽԽՎ 2085 (2016 թ.) քաղաքական շարժառիթներով պայմանավորված բանաձևին հղում կատարելը միայն հաստատում է ադրբեջանական կողմի այս բոլոր զրպարտությունների չհիմնավորված ու մտացածին լինելը: Բավական է միայն նշել, որ ԵԽԽՎ զեկուցողը հրաժարվել է այցելել Սարսանգի ջրամբար և լիովին անտեսել է ԵԽ քարտուղարության կողմից զերկույցը պատրաստելու շրջանակներում հարցն ուսումնասիրելու համար հատուկ ներգրավված փորձագետի եզրակացությունները: Ավելին՝ Արցախի Հանրապետության իշխանություններն ադրբեջանական կողմին բազմիցս առաջարկել են փոխշահավետորեն համագործակցել ջրային ռեսուրսների համատեղ օգտագործման ոլորտում: Պաշտոնական Բաքուն հետևողականորեն մերժել է արցախյան կողմի բոլոր նմանատիպ նախաձեռնությունները՝ չնայած նրան, որ դրանք ստացել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությունը: Նման պայմաններում Արցախի Հանրապետությունը չի կարող անվերջ սպասել, մինչ ադրբեջանական կողմը հասունանա կառուցողական երկխոսության համար։ Անթույլատրելի ենք համարում, որ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը կամ հակամարտության կողմերից մեկի դիրքորոշումն օգտագործվի որպես պատրվակ՝ հակազդելու Արցախի տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը։ Սեփական լիազորությունների և Արցախի Հանրապետության Նախագահի 2020-2025 թթ. ծրագրի դրույթների շրջանակներում Արցախի Հանրապետության իշխանությունները հետագայում ևս ջանքեր են գործադրելու՝ ուղղված Արցախի բոլոր շրջանների համաչափ զարգացմանը, նրանց հետպատերազմյան վերականգնմանը, ենթակառուցվածքների կատարելագործմանը, բնակարանաշինությանը, որպեսզի հանրապետության յուրաքանչյուր բնակիչ կարողանա հավասարապես օգտվել համընդհանուր ճանաչված բոլոր իրավունքներից ու ազատություններից և իրագործի սեփական ներուժը։ Արցախի Հանրապետությունը միասնական հայրենիքի մասն է յուրաքանչյուր հայի համար՝ անկախ նրա բնակության վայրից, և պատրաստ է իր ուժերի ներածի չափով աջակցել, այդ թվում՝ ապաստան տրամադրել դժվարին իրադրությունում հայտնված և օգնության կարիք ունեցող իր հայրենակիցներին։
13:41 - 21 օգոստոսի, 2020
Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանությունը

Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանությունը

Ադրբեջանի ԱԳՆ մեկնաբանության կապակցությամբ, որում փորձ է արվում, ընդհանուր համատեքստից կտրելով, խեղաթյուրել Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի խոսքերը՝ անհրաժեշտ ենք համարում նշել հետևյալը։ Արցախի Հանրապետության Նախագահն առավելագույնս հստակ հայտարարել է, որ Ստեփանակերտն ու Արցախի այլ բնակավայրերը գնդակոծելու սպառնալիքները, որոնք ադրբեջանական կողմը պարբերաբար հնչեցնում է, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով, անթույլատրելի են։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը բազմիցս հայտարարել է Արցախում ցանկացած թիրախի ուղղությամբ հարվածելու պատրաստականության մասին։ Մասնավորապես՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարը հրթիռահրետանային զորքերին ժամանակին հանձնարարել էր «պատրաստվել կործանարար հարվածներ հասցնել» Ստեփանակերտի և Արցախի այլ քաղաքների ուղղությամբ։ Հատկանշական է, որ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն այսօրինակ սպառնալիքներն արդարացնում էր նրանով, թե իբրև Արցախում «չկա քաղաքացիական բնակչություն, այլ միայն զինվորականներ են և դաշտեր»։ Ադրբեջանը, ձգտելով թաքցնել վախեցնելու և ահաբեկելու վրա հիմնված սեփական ագրեսիվ քաղաքականությունը, փաստերը նենգափոխելու և միջազգային հանրությանը կանխամտածված կերպով ապատեղեկացնելու միջոցով փորձում է սեփական քայլերը և գործողությունների շարժառիթները վերագրել հայկական կողմերին։ Ոչ թե Երևանը կամ Ստեփանակերտը, այլ հենց Բաքուն է կանոնավոր կերպով հանդես գալիս Հայաստանի և Արցախի քաղաքացիական ենթակառուցվածքների ռազմավարական օբյեկտների և բնակավայրերի ոչնչացման սպառնալիքներով։ Հայաստանի Մեծամորի ատոմակայանի, Երևանի և Ստեփանակերտի ուղղություններով հրթիռային հարվածներ հասցնելու, Արցախ ուղևորվող քաղաքացիական ինքնաթիռները խոցելու վերաբերյալ իր պաշտոնական հայտարարություններով, ինչպես նաև կատարած բազմաթիվ ռազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործություններով Ադրբեջանը ցուցադրում է, որ չի խորշում կիրառել ահաբեկչական մեթոդներ՝ որպես իր պետական քաղաքականություն։ Արցախի Հանրապետությունը պատրաստ է ամենավճռական կերպով կանխարգելել խաղաղ բնակչության դեմ ադրբեջանական զինված ուժերի հարձակման ցանկացած փորձ։ Գանձակ քաղաքի ռազմական օդանավակայանը և ցանկացած այլ ռազմական օբյեկտ, որն ադրբեջանական կողմը կփորձի օգտագործել Արցախի բնակավայրերի վրա հարձակման համար, օրինական թիրախ կդառնա Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի համար։ Արցախի Հանրապետության Նախագահի հայտարարությունը նախազգուշացում է սպառնալիքի և ահաբեկչության միջոցով քաղաքական դիվիդենտներ շահելու փորձերի անհեռանկարայնության վերաբերյալ։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում։ Հերթական պատերազմի հրահրման փորձերը ողբերգական հետևանքներ են ունենալու ողջ տարածաշրջանի համար։
17:54 - 19 օգոստոսի, 2020
Արցախի նախագահն ԱԳՆ-ի համակարգող դերի մասին հրամանագիր է ստորագրել

Արցախի նախագահն ԱԳՆ-ի համակարգող դերի մասին հրամանագիր է ստորագրել

Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր՝ միասնական արտաքին քաղաքականության վարման գործում հանրապետության պետական կառավարման մարմինների գործունեությունը համակարգելու մասին։  Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ Արցախի Հանրապետության պետական կառավարման համակարգում արտաքին գործերի նախարարությունն արտաքին գործերի բնագավառում հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմինն է։ Արտաքին գործերի բնագավառում պետական կառավարման համակարգի այլ մարմիններն իրենց միջազգային բնույթի գործունեությունն իրականացնում են Արցախի Հանրապետության Նախագահի ծրագրի հիման վրա՝ արտաքին գործերի նախարարության հետ համաձայնեցված: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը համակարգում է պետական կառավարման այլ մարմինների միջազգային բնույթի պաշտոնական գործունեությունը և միջազգային կապերը: Արտաքին քաղաքականության հարցերի հետ կապված պաշտոնական հայտարարություններով հանդես են գալիս Արցախի Հանրապետության Նախագահը, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը, իսկ այլ պաշտոնատար անձինք` Արցախի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ: Արտաքին քաղաքական բնույթի պաշտոնական տեղեկատվությունը հրապարակվում է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղարի կամ տեղեկատվական ծառայության, արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարի կամ տեղեկատվական ծառայության, ինչպես նաև արտաքին գործերի նախարարության կողմից լիազորված ներկայացուցիչների միջոցով։ Պաշտոնատար անձինք և պետական կառավարման համակարգի մարմինների ներկայացուցիչներն իրենց լիազորությունների շրջանակներում կարող են հանդես գալ արտաքին քաղաքականության առանձին հարցերի վերաբերյալ հայտարարություններով և մեկնաբանություններով միայն Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համաձայնեցված դիրքորոշումներին համապատասխան: Արցախի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների պաշտոնատար անձանց և մարմինների հետ հարաբերություններն իրականացվում են ԱԳՆ հետ համաձայնեցված։ Արցախի Հանրապետության պետական կառավարման մարմինները միջազգային համագործակցության ընթացքի և արդյունքների վերաբերյալ սահմանված ժամկետներում արտաքին գործերի նախարարությանը ներկայացնում են հաշվետվություն: 
11:31 - 17 օգոստոսի, 2020
Արցախի ԱԳՆ-ը հերքում է ռուսական կայքի հրապարակումը

Արցախի ԱԳՆ-ը հերքում է ռուսական կայքի հրապարակումը

Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հերքումը․ «Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը կտրականապես հերքում է Topwar.ru ռուսական կայքի հաղորդագրությունը, որտեղ հղում կատարելով Defense24 լեհական գործակալության հրապարակմանը՝ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանին են վերագրվում հետևյալ խոսքերը, որոնք իբրև թե արտահայտվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության մեջ Թուրքիայի հնարավոր միջամտության համատեքստում. «Եթե նման օգնություն (Ռուսաստանի կողմից – Արցախի ԱԳՆ մամուլի ծառայություն) չտրամադրվի, ապա Հայաստանը ռուսներին կհեռացնի իր տարածքից, իսկ դա կնշանակի Կովկասում ռուսական ազդեցության ավարտ»: Լեհական գործակալության բնօրինակ հոդվածի հետ ծանոթությունը կասկածի տեղ չի թողնում, որ վերը նշված բառերը պատկանում են պաշտոնաթող զինծառայողի, այլ ոչ թե նախարար Մայիլյանին: Հույս ունենք, որ փաստի նմանատիպ կոպիտ աղավաղումը ոչ թե միտումնավոր ապատեղեկատվության, այլ թարգմանության տխրահռչակ բարդությունների հետևանքով առաջացած տեխնիկական սխալի արդյունք էր: Նմանատիպ եզրակացությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Topwar.ru ռուսական առցանց ռեսուրսն ինքն է կասկածի տակ դնում նախարարի նմանատիպ կարծիքը՝ նշված խոսքերն ուղեկցելով հետևյալ բառերով՝ «իբրև թե հայտարարել է Արցախի ԱԳՆ ղեկավարը»: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը հույս ունի, որ ռուսական լրատվական գործակալությունը կառուցողականություն կցուցաբերի և անհապաղ կշտկի թույլ տված սխալը»:
17:13 - 14 օգոստոսի, 2020
Սևրի պայմանագիրը երբևէ ուժը կորցրած չի հայտարարվել և մինչ օրս մնում է արդիական․ Արցախի ԱԳՆ

Սևրի պայմանագիրը երբևէ ուժը կորցրած չի հայտարարվել և մինչ օրս մնում է արդիական․ Արցախի ԱԳՆ

Արցախի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել Սևրի պայմանագրի 100-ամյակի առթիվ: Դրանում, մասնավորապես, ասված է. «100 տարի առաջ՝ 1920թ. օգոստոսի 10-ին, Փարիզի Սևր արվարձանում ստորագրվում է խաղաղության պայմանագիրը՝ մի կողմից, որպես գլխավոր դաշնակից պետություններ, Բրիտանական կայսրության, Ֆրանսիայի, Իտալիայի և Ճապոնիայի, ինչպես նաև նրանց դաշնակիցներ Հայաստանի, Բելգիայի, Հունաստանի, Հեջազի (ներկայումս՝ Սաուդյան Արաբիան), Լեհաստանի, Պորտուգալիայի, Ռումինիայի, Սերբա-Խորվաթա-Սլովենական պետության և Չեխոսլովակիայի, իսկ մյուս կողմից՝ Առաջին աշխարհամարտում պարտություն կրած Թուրքիայի կողմից: Սևրի պայմանագիրը խարսխված էր ժողովուրդների ինքնորոշման և իրավահավասարության գաղափարների վրա՝ նպատակ ունենալով վերջ դնել բռնատիրություններին և ազատություն ու անկախություն շնորհել տարածաշրջանի ժողովուրդներին՝ իրենց պատմական տարածքներում: Պայմանագիրը փաստում էր հայերի իրավատիրությունը Հայկական լեռնաշխարհի պատմական հայկական տարածքների նկատմամբ։ Մասնավորապես՝ 89-րդ հոդվածով նախատեսվում էր, որ Թուրքիան ու Հայաստանը համաձայնում էին Էրզրումի, Տրապիզոնի, Վանի ու Բիթլիսի նահանգներում երկու պետությունների միջև սահմանազատումը թողնել ԱՄՆ որոշմանը, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքը պետք է կազմեր շուրջ 160 հազար քկմ՝ դեպի Սև ծով ելքով: Սևրի պայմանագրի Հայաստանին վերաբերող դրույթները չեն իրականացվել միջազգային և տարածաշրջանային մի շարք քաղաքական գործընթացների պատճառով։ Սակայն պայմանագիրը երբևէ ուժը կորցրած չի հայտարարվել և մինչ օրս մնում է արդիական»:
20:39 - 10 օգոստոսի, 2020
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպել է Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ

Հուլիսի 31-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաև Հայաստանում Արցախի նորանշանակ ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը:  Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը շնորհավորեց Սերգեյ Ղազարյանին Հայաստանում Արցախի ներկայացուցչի պաշտոնում նշանակման կապակցությամբ՝ մաղթելով նրան արգասաբեր և արդյունավետ աշխատանքային գործունեություն: Զրուցակիցները հանգամանալից մտքեր փոխանակեցին հուլիսի 12-ից ադրբեջանական զինուժի կողմից սանձազերծված ագրեսիվ գործողությունների հետևանքով հայ-ադրբեջանական սահմանի որոշակի հատվածներում ստեղծված լարվածության և դրա թուլացման ուղղությամբ ձեռնարկված քայլերի շուրջ:  Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն ընդգծեցին Հայաստանի և Արցախի ընդհանուր անվտանգության համակարգի առավել ամրապնդման կարևորությունը և այս ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Այս առնչությամբ կողմերն ընդգծեցին տարածաշրջանում ապակայունացնող քաղաքականություն ներմուծելու անընդունելիությունը և դրա վճռական մերժումը: Նախարար Մնացականյանը շեշտեց, որ Արցախի Հանրապետությունը պետք է դառնա բանակցությունների լիարժեք կողմ խաղաղ գործընթացի բոլոր՝ բովանդակային, ռիսկերի նվազեցման, հումանիտար և այլ հարցերի շուրջ քննարկումներում:  Խաղաղ գործընթացի վերականգնման և առաջմղման համատեքստում ԱԳ նախարարներն առաջնային համարեցին խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումը, այդ թվում՝  հրադադարի ռեժիմի ամրապնդման և անվերապահ պահպանման, Ադրբեջանի կողմից ուժի կիրառումից հրապարակային հրաժարման և հակահայկական հռետորաբանության դադարեցման, ինչպես նաև թե՛ պետական սահմանին, թե՛ շփման գծում միջազգային մշտադիտարկման մեխանիզմների ներդրման միջոցով: 
15:12 - 31 հուլիսի, 2020
Արցախը վերահաստատում է հավատարմությունը կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցմանը. ԱՀ ԱԳՆ

Արցախը վերահաստատում է հավատարմությունը կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցմանը. ԱՀ ԱԳՆ

Արցախի Հանրապետությունը վերահաստատում է իր հավատարմությունը կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին: Միևնույն ժամանակ, Արցախի իշխանությունները այսուհետ ևս կշարունակեն ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները երկրի անվտանգության ամրապնդման համար, և պատրաստ են կանխարգելել Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ նոր ագրեսիա նախաձեռնելու ցանկացած փորձ: Այս մասին նշվում է Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարության մեջ՝  նվիրված  հրադադարը պահպանելու պարտավորությունները վերահաստատելու մասին եռակողմ փաստաթղթի ստորագրման 26-ամյակին։ «26 տարի առաջ՝ 1994 թ. հուլիսի 26-27-ը, Արցախի Հանրապետությունը, Ադրբեջանը և Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ստորագրել են փաստաթուղթ, որում կողմերը ամուր վճռականությամբ վերահաստատել են հետագայում ևս իրականացնել հրադադարը պահպանելու իրենց պարտավորությունները և ամրագրել են 1994 թ. մայիսի 12-ի «Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին» համաձայնագրի անժամկետ բնույթը։ Տվյալ եռակողմ փաստափուղթը, ինչպես նաև 1994 թ. մայիսի 12-ի և հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին 1995 թ. փետրվարի 6-ի համաձայնագրերը անհրաժեշտ պայմաններ ստեղծեցին բանակցությունների միջոցով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը հասնելու համար և մինչ օրս խաղաղ գործընթացի հիմք են ծառայում։ Որպես ոչ միայն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման, այլև՝ ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգության ապահովման գործընթացի կարևոր բաղադրիչներ, վերոնշյալ համաձայնագրերը եռակողմ բանակցային ձևաչափի արդյունավետության լավագույն ապացույցն են, որի շրջանակներում էլ հնարավոր դարձավ դրանց ձեռքբերումը։ Ցավոք, մենք ժամանակ առ ժամանակ ականատես ենք լինում ադրբեջանական կողմի փորձերին՝ հրաժարվելու տարածաշրջանում խաղաղության պահպանման սեփական պարտավորություններից և իրեն իրավունք վերապահելու՝ պատերազմ սանձազերծել, ինչպես նաև խափանելու նշված համաձայնագրերի գործողությունը, որոնք ընկած են խաղաղ կարգավորման գործընթացի հիմքում։ Սակայն, նմանատիպ փորձերը մշտապես հանդիպել են միջազգային հանրության կտրուկ բացասական արձագանքին։ 2016 թվականին, ի պատասխան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նոր պատերազմի սանձազերծման և 1994 թ. մայիսի 12-ի Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագիրը չեղյալ հայտարարելու պաշտոնական Բաքվի փորձերի արդյունքում ստեղծված իրավիճակին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, ինչպես նաև ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, ԵԱՀԿ գործող նախագահը և Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը կոչ արեցին խստորեն հետևել հրադադարի ռեժիմի պահպանման պարտավորություններին՝ դրանով իսկ ճանաչելով 1994-1995 թթ. վերոնշյալ համաձայնագրերի պարտադիր բնույթը։ Ս.թ. հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի մարզի հատվածում Ադրբեջանի ուղղակի զինված ագրեսիայի և իրավիճակի հետագա միտումնավոր սրման ֆոնին ավելի արդիական է դառնում խաղաղ գործընթացի անդառնալիությունը ապահովելու և ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը բացառելու ուղղությամբ միջազգային հանրության կողմից գործնական միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը: Հուլիսի 12-ի լարվածության սրումը ևս մեկ հիշեցում է հրադադարի ռեժիմի վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրման հրամայականության մասին: Արցախի Հանրապետությունը վերահաստատում է իր հավատարմությունը կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին: Միևնույն ժամանակ, Արցախի իշխանությունները այսուհետ ևս կշարունակեն ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները երկրի անվտանգության ամրապնդման համար, և պատրաստ են կանխարգելել Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ նոր ագրեսիա նախաձեռնելու ցանկացած փորձ»,- ասվում է հայտարարության մեջ:  
21:13 - 27 հուլիսի, 2020
Մասիս Մայիլյանը շնորհավորել է Արցախի ԱԳՆ-ի հիմնադրման 27-ամյակի առիթով

Մասիս Մայիլյանը շնորհավորել է Արցախի ԱԳՆ-ի հիմնադրման 27-ամյակի առիթով

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը շնորհավորական ուղերձ է հղել երկրի արտաքին գերատեսչության հիմնադրման 27-ամյակի առիթով։ «Հուլիսի 23-ին լրանում է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հիմնադրման 27-ամյակը։ Եվ չնայած այն հոբելյանական չէ, ձևավորված ավանդույթի համաձայն՝ ցանկանում եմ անկեղծորեն շնորհավորել ԱԳՆ կենտրոնական ապարատի և Արցախի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների մեր գործընկերներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր տարբեր տարիների աշխատելով Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունում՝ իրենց ավանդն ունեցան նրա կայացման, մեր պետության և քաղաքացիների շահերի պաշտպանության գործում։ Արցախի ԱԳՆ-ն ստեղծվեց մեր ժողովրդի համար բախտորոշ ժամանակահատվածում՝ երիտասարդ անկախ պետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի ամենաթեժ ժամանակահատվածում, և անմիջապես ստանձնեց երկրի կենսական շահերը պաշտպանելու դժվարին առաքելությունը, այդ թվում՝ բանակցություններ վարելով պաշտոնական Բաքվի հետ՝ ռազմական գործողություններին վերջ դնելու և մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար: Պետք է ասել, որ Արցախի պաշտպանության բանակի հաղթանակների և մեր դիվանագիտականջանքերի շնորհիվ Ադրբեջանին խաղաղություն պարտադրելու առաքելությունը հաջողությամբ իրականացվեց. 1994 թվականի մայիսին Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ Ադրբեջանը, Արցախի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը ստորագրեցին հրադադարի անժամկետ համաձայնագիր: Դժբախտաբար, Ադրբեջանի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության ապակառուցողական դիրքորոշման և բացահայտ թշնամանքի պատճառով անցած տարիներին չհաջողվեց հրադադարը վերածել կայուն և տևական խաղաղության: Այսօր՝ Բաքվի իշխանությունների հետ շարունակական դիմակայության պայմաններում, որոնք Թուրքիայի հետ տանդեմ կազմած՝ անթաքույց հայատյաց քաղաքականություն են վարում, Արցախի Հանրապետության ԱԳՆ առջև ծառացած են ոչ պակաս կարևոր և պատասխանատու խնդիրներ: Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի 2020-2025 թվականների ծրագրի համաձայն՝ արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից են մեր պետության միջազգային ճանաչումը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը, հանրապետության միջազգային կապերի զարգացումը և խորացումը, նրան մեկուսացնելու ցանկացած փորձի չեզոքացումը, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության հետագա ամրապնդումը, որոնց ամբողջությունը բարենպաստ պայմաններ կստեղծեն Արցախի առաջանցիկ քաղաքական և սոցիալ-տնտեսական զարգացման համար: Խնդիրները, կրկնում եմ, պատասխանատու են, սակայն կցանկանայի վստահորեն ասել, որ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, որպես կայացած պետական ինստիտուտ, Հայաստանի և Սփյուռքի հետ սերտ համագործակցությամբ կօգտագործի իր ողջ ներուժը՝ այդ խնդիրները հաջողությամբ լուծելու, ներկայիս լուրջ մարտահրավերներին դիմակայելու և միջազգային ասպարեզում մեր պետությունն ըստ արժանվույն ներկայացնելու համար: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Արցախի Հանրապետության դիվանագիտական ծառայության աշխատակիցներին այս նշանակալի օրվա կապակցությամբ, բոլորին մաղթում խաղաղություն, բարեկեցություն և նոր հաջողություններ մասնագիտական գործունեության մեջ»:
13:28 - 23 հուլիսի, 2020
ՄԱԿ-ում տարածվել է Արցախի ԱԳՆ զեկույցը՝ ԳԱ «Անհայտ կորած անձինք» բանաձևի իրականացման վերաբերյալ

ՄԱԿ-ում տարածվել է Արցախի ԱԳՆ զեկույցը՝ ԳԱ «Անհայտ կորած անձինք» բանաձևի իրականացման վերաբերյալ

Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պատրաստած զեկույցը՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված 73/178 «Անհայտ կորած անձինք» («Missing Persons») բանաձևի իրականացման վերաբերյալ, որը հասանելի է հետևյալ հղումով:    Ինչպես տեղեկացրին Արցախի ԱԳՆ-ից, զեկույցը համապարփակ տեղեկատվություն է ներկայացնում տվյալ բանաձևի իրականացման, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համատեքստում անհայտ կորած անձանց խնդրի հետ կապված իրավիճակի և հրատապ հարցերի վերաբերյալ։«Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համատեքստում անհայտ կորածների հարցը ծագել է 1991 թ. Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմից շատ ավելի վաղ: Արդեն 1988-1989 թթ. Արցախում խորհրդային Ադրբեջանի իշխանությունների կողմից տեղի էին ունեցել ազգությամբ հայերի պատանդառության և առևանգման դեպքեր։ Սակայն հետագայում՝ պատերազմական գործողություններով պայմանավորված, պատանդների և անհայտ կորածների խնդիրն ավելի սուր բնույթ ստացավ։Զեկույցում ընդգծվում է, որ, դժբախտաբար, ադրբեջանական կողմի ապակառուցողական քաղաքականության պատճառով հակամարտության հետևանքով անհայտ կորածների ճակատագիրը որոշակիացնելու գործում հնարավոր չեղավ նշանակալի արդյունքներ արձանագրել: Արցախի Հանրապետության համապատասխան մարմինների հետ կառուցողական համագործակցության փոխարեն ադրբեջանական կողմը շարունակում է քաղաքականացնել անհայտ կորածների խնդիրը, որը բացառապես մարդասիրական բնույթ է կրում։ Նման համագործակցությունից հրաժարվելը ևս մեկ ապացույց է Ադրբեջանի՝ միջազգային մարդասիրական իրավունքներով իր ստանձնած պարտավորությունների չկատարման մասին:Փաստաթղթում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևի նպատակների արդյունավետ իրականացման համար պայմանների ստեղծման առումով նշվում է, որ հաշվի առնելով այն փաստը, որ անհայտ կորածների խնդիրը չի կարող կարգավորվել միակողմանի կարգով, նախ և առաջ՝ անհրաժեշտ է ապահովել այս հարցում հակամարտության բոլոր կողմերի գործուն ներգրավվածությունը, ինչպես նաև ներդնել համակարգված և արդյունավետ մեխանիզմ՝ առաջընթացի ապահովման հստակ վերահսկողական չափանիշներ սահմանելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
19:24 - 22 հուլիսի, 2020
Արցախի ԱԳՆ-ը խստորեն դատապարտում է Ադրբեջանի գործողությունները

Արցախի ԱԳՆ-ը խստորեն դատապարտում է Ադրբեջանի գործողությունները

Խստորեն դատապարտում ենք հուլիսի 12-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը՝ լարվածության հետագա նպատակաուղղված սրմամբ։ Այս մասին նշված է Արցախի ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։ Ծանր զինտեխնիկայի կիրառմամբ ադրբեջանական բանակի հարձակումը հայկական դիրքերի ուղղությամբ և Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի արկակոծումն անմիջական սպառնալիք են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը։ Վերստին նշում ենք, որ Ադրբեջանի բարձրագույն քաղաքական վերնախավի աղավաղված պատկերացումները՝ միջազգային իրավունքի նկատմամբ ռազմական ուժի գերակայության մասին, Հարավային Կովկասում մշտական սպառնալիքների սկզբնաղբյուրն են և տարածաշրջանում ապակայունացման լուրջ գործոն։ Վճռականորեն մերժում ենք ցանկացած փորձ՝ խրախուսելու Բաքվի քամահրական վերաբերմունքն իր միջազգային պարտավորությունների նկատմամբ։ Այս առումով անթույլատրելի ենք համարում Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունը՝ ի աջակցություն Ադրբեջանի կողմից իրականացված սադրանքներին և հրադադարի ռեժիմի խախտումներին։ Վերստին ընդգծում ենք, որ Թուրքիայի այսօրինակ դիրքորոշումն իմաստազրկում է նրա անդամությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Կոչ ենք անում միջազգային հանրությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին համարժեք գնահատական տալ ինչպես Ադրբեջանի գործողություններին՝ ուղղված հայ-ադրբեջանական սահմանին իրադրության ապակայունացմանը, այնպես էլ Անկարայի կողմից այդ քայլերի խրախուսմանը։
19:38 - 13 հուլիսի, 2020
Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը․ Արցախի ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարություններին

Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը․ Արցախի ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարություններին

Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյան արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին։ Ներկայացնում ենք Արտակ Ներսիսյանի մեկնաբանությունը․ «Հուլիսի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել տեղի հեռուստաընկերություններին՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանն առնչվող մասում օգտագործելով այնպիսի տոնայնություն և բառապաշար, որը դուրս է տարրական դիվանագիտական էթիկայի շրջանակներից։ Ադրբեջանի նախագահը փորձում է բանակցային գործընթացում արդյունքների բացակայության համար սեփական մեղքը բարդել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վրա՝ անգործության մեջ կտրուկ մեղադրանքներ հնչեցնելով նրանց հասցեին։ Խոչընդոտելով բանակցային լիարժեք եռակողմ ձևաչափի վերականգնմանը, անընդհատ կասկածի տակ դնելով վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքը և սպառնալով ուժի կիրառմամբ, փորձելով խեղաթյուրել հակամարտության էությունը, սեփական երկրում խրախուսելով ռասիստական և հակամարդկային հայացքներն ու վարքագծի մոդելները` ադրբեջանական իշխանությունները կանխամտածված կերպով լրացուցիչ խոչընդոտներ են ստեղծում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։ Եվ վերոհիշյալ հարցազրույցը դրա ևս մեկ վառ ապացույցն է։Այս կապակցությամբ բնորոշիչ է Ադրբեջանի վերաբերմունքը բանակցությունների լիարժեք եռակողմ ձևաչափի վերականգնմանը։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբեր փուլերում բանակցություններն իրականացվել են տարբեր ձևաչափերով։ Սակայն ամենաարդյունավետը եղել են Արցախի ուղղակի մասնակցությամբ բանակցությունները՝ ինչպես երկկողմ՝ Արցախ-Ադրբեջան, այնպես էլ եռակողմ՝ Արցախ-Ադրբեջան-Հայաստան հիմունքներով։ Հենց եռակողմ ձևաչափով՝ Արցախի լիարժեք մասնակցությամբ, հնարավոր եղավ հասնել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գործընթացում ամենանշանակալի արդյունքին` 1994 թ. մայիսին հրադադարի մասին անժամկետ համաձայնագրի ստորագրմանը։ Այդ է պատճառը, որ փորձելով հետաձգել եռակողմ բանակցությունների վերականգնումը, Ադրբեջանը արհեստականորեն ձգձգում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը։Հարցազրույցում բերված ինչպես պատմական, այնպես էլ իրավական փաստարկները չեն դիմանում որևէ քննադատության։ Սակայն, եթե Ադրբեջանի նախագահի կողմից տարածաշրջանի պատմության չիմացությունը լոկ անվնաս ֆոն է ստեղծում, ապա նրա մոլորությունները միջազգային իրավունքի ոլորտում կարող են լուրջ սպառնալիք լինել Հարավային Կովկասի խաղաղության ու անվտանգության համար։Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի վկայակոչումը ամբողջովին հիմնազուրկ է, և անհաջող փորձ է՝ քողարկելու իր ագրեսիվ, ռազմատենչ քաղաքականությունը: Նախ` Ադրբեջանը չէր ենթարկվել ագրեսիայի, որպեսզի կիրարկեր ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածը: Ընդհակառակը՝ հենց Ադրբեջանն է իր գործողություններով քաղաքական խնդիրը փոխակերպել զինված հակամարտության՝ փորձելով ուժով ճնշել արցախցիների ինքնորոշման իրավունքը, իսկ անկախություն ձեռք բերելուց հետո՝ լայնածավալ պատերազմ սանձազերծելով Արցախի Հանրապետության դեմ: Երկրորդ՝ 1994 թ. մայիսին Արցախը, Ադրբեջանը և Հայաստանը ստորագրեցին հրադադարի մասին եռակողմ համաձայնագիր՝ դրանով իսկ վերջ դնելով հակամարտության ռազմական փուլին և ստանձնելով այն խաղաղ ճանապարհով կարգավորելու պարտավորություն՝ համաձայն  ՄԱԿ-ի կանոնադրության: Այս կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում հիշեցնել ադրբեջանական կողմին, որ միջազգային վեճերի բացառապես խաղաղ միջոցներով լուծումը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկն է, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ:Բաքվի բոլոր շահարկումներն առ այն, որ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածն իրեն իրավունք է տալիս ուժ կիրառել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համատեքստում, մերժվել են միջազգային հանրության կողմից 2016 թվականի ապրիլին, երբ Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները` Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Ֆրանսիան, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը, ԵԱՀԿ գործող նախագահը և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը միակարծիք էին, որ պետք է խստորեն պահպանվեն 1994 թ. հրադադարի և դրա ամրապնդման մասին 1995 թ. համաձայնագրերը: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտության շուրջ միջազգային հանրության միասնական դիրքորոշման ֆոնին Ադրբեջանի՝  նոր պատերազմ սանձազերծելու սպառնալիքները չեն կարող այլ կերպ գնահատվել, քան իրեն միջազգային հանրության և միջազգային իրավունքի սահմաններից դուրս հռչակելու փորձ:Սեփական սխալների և սխալ հաշվարկների համար ուրիշներին անիմաստ և անհեռանկար կերպով մեղադրելու փոխարեն Ադրբեջանը պետք է անշեղորեն կատարի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ իր ստանձնած պարտավորությունները և բարեխղճորեն վարի լիարժեք ձևաչափով բանակցություններ»:
19:05 - 08 հուլիսի, 2020
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը հանդիպում են ունեցել

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և ԱՀ ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը հանդիպում են ունեցել

Հուլիսի 4-ին աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլին առնչվող մի շարք հարցերի: Զոհրաբ Մնացականյանը, մասնավորապես, ներկայացրել է վերջերս ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ տեղի ունեցած տեսակոնֆերանսների արդյունքները։ Այս համատեքստում երկուստեք նշվել է խաղաղ կարգավորման գործընթացի անշրջելիության ապահովման նպատակով հակամարտության գոտում ռիսկերի նվազեցման և կայունության ամրապնդման ուղղված գործնական քայլերի իրականացման կարևորությունը։ ԱԳՆ ղեկավարներն ընդգծել են վերջերս Ադրբեջանի իշխանությունների կողմից տարբեր մակարդակներով հնչեցվող ռազմատենչ և սադրիչ հայտարարությունների անթույլատրելիությունը՝ նշելով, որ նման հռետորաբանությունը վտանգում է խաղաղ գործընթացը և խոչընդոտում վստահության մթնոլորտի ձևավորմանը։ Միևնույն ժամանակ, վերստին ընդգծվել է բանակցություններին պաշտոնական Ստեփանակերտի լիարժեք մասնակցության անհրաժեշտությունը՝ խաղաղ գործընթացի արդյունավետության բարձրացման համար։ Այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավար կազմի և ՀՀ ԱԳՆ պատվիրակության մասնակցությամբ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկու գերատեսչությունների միջև խորհրդակցությունների պլանի կատարման ընթացքին։ Կողմերը գոհունակությամբ են նշել նախարարությունների միջև համագործակցության բարձր մակարդակը և գործնական բնույթը։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում՝ Արցախի միջազգային կապերի և միջազգային գործընթացներում հանրապետության ներգրավվածության ընդլայնման հեռանկարների և այդ ուղղությամբ համակարգված քայլերի շուրջ։
18:18 - 04 հուլիսի, 2020
Արցախը վերահաստատում է՝ հետամուտ է լինելու բռնազավթված տարածքների օկուպացիայի դադարեցմանը

Արցախը վերահաստատում է՝ հետամուտ է լինելու բռնազավթված տարածքների օկուպացիայի դադարեցմանը

Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը․ «1992 թ. հուլիսի 4-ին ադրբեջանական զինված կազմավորումները, ունենալով կենդանի ուժի և զինտեխնիկայի բազմակի գերազանցություն, լայնածավալ հարձակում իրականացրին Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքի ուղղությամբ՝ կիրառելով ծանր հրետանի և ռազմական ավիացիա։ Մարտակերտն ամբողջովին ավերվեց, քաղաքի շուրջ 13 հազար հայ ազգաբնակչությունը ստիպված եղավ լքել բնակավայրը՝ դառնալով ներքին տեղահանված, և ժամանակավոր ապաստան գտնել մայրաքաղաք Ստեփանակերտում և Հայատանի Հանրապետության տարբեր բնակավայրերում։ Մարտակերտը գրավելուց հետո ադրբեջանական կազմավորումները շարունակեցին առաջխաղացումը՝ ավերելով Մարտակերտի շրջանի շուրջ 80 տոկոսը, կողոպտելով հայկական բնակավայրերը և բռնի տեղահանման ենթարկելով բնակչությանը։ Ընդհանուր առմամբ, Արցախի Հանրապետության տարածքի գրեթե կեսը հայտնվեց Ադրբեջանի օկուպացիայի ներքո։ Հանրապետությունն ինքնին հայտնվեց լիակատար ոչնչացման եզրին։ Առավել աղետալի իրադրություն էր մարդասիրական ոլորտում՝ 1992 թ. ամռան վերջին հանրապետության բնակչության կեսից ավելին փախստականներ և ներքին տեղահանված անձինք էին։ Իրավիճակն ավելի էր խորանում Արցախում մարդասիրական աղետի եզրին հայտնված հայ փախստականների և ներքին տեղահանված անձանց ճակատագրերի նկատմամբ միջազգային մասնագիտացված կազմակերպությունների գրեթե լիակատար անտարբերությամբ։ Այնուամենայնիվ, անգամ այս անհույս թվացող պայմաններում Արցախի ժողովրդին հաջողվեց ի մի բերել իր ողջ կամքը, համախմբել իր ողջ ներուժը և ետ մղել Ադրբեջանի ռազմական ագրեսիան։ Մեկ տարի անց՝ 1993 թ. հունիսի 27-ին, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակին հաջողվեց ազատագրել Մարտակերտ քաղաքը։ Բնակչության մի մասը վերադարձավ հայրենիք՝ ձեռնամուխ լինելով պատերազմից ավերակների վերածված սահմանամերձ քաղաքի վերակառուցմանն ու շենացմանը, որը հատկապես ավելի մեծ թափ ստացավ 1994 թ. մայիսի 12-ին անժամկետ հրադադարի եռակողմ (Ադրբեջան, Արցախի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետություն) համաձայնագրի ստորագրումից հետո։ Առ այսօր Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի որոշ բնակավայրեր, Մարտունու շրջանի մի մասը և Շահումյանի շրջանը՝ ամբողջությամբ, ընդհանուր առմամբ՝ ավելի քան 1000 քառակուսի կիլոմետր տարածք, գտնվում են ադրբեջանական օկուպացիայի ներքո, որտեղ Ադրբեջանի իշխանություններն իրականացնում են անօրինական բնակեցում և այդ տարածքներում բուն հայ բնակչության հետքերի ոչնչացման քաղաքականություն։ Արցախի Հանրապետության իշխանությունները վերահաստատում են վճռականությունը՝ հետամուտ են լինելու Արցախի բռնազավթված տարածքների օկուպացիայի դադարեցմանը ու հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնմանը»։
13:24 - 04 հուլիսի, 2020
ՄԱԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության զեկույցը՝ Ժնևի կոնվենցիաներին կից լրացուցիչ արձանագրությունների դրույթների կատարման վերաբերյալ․ ԱՀ ԱԳՆ

ՄԱԿ-ում տարածվել է Արցախի Հանրապետության զեկույցը՝ Ժնևի կոնվենցիաներին կից լրացուցիչ արձանագրությունների դրույթների կատարման վերաբերյալ․ ԱՀ ԱԳՆ

Միավորված ազգերի կազմակերպությունում (ՄԱԿ) որպես պաշտոնական փաստաթուղթ տարածվել է Արցախի Հանրապետության զեկույցը ՝ զինված հակամարտություններից տուժածների պաշտպանության մասին 1949 թ. Ժնևի կոնվենցիաներին կից լրացուցիչ արձանագրությունների դրույթների կատարման վերաբերյալ։ Զեկույցը նաև փոխանցվել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն։ Զեկույցը ներառում է տեղեկատվություն՝ Արցախի Հանրապետության ազգային օրենսդրության մեջ 1949 թ. Ժնևի չորս կոնվենցիաների և լրացուցիչ արձանագրությունների (1977 թ.) դրույթներն ընդգրկելու, ինչպես նաև տեղեկատվություն՝ զինծառայողների շրջանում միջազգային մարդասիրական իրավունքի մասին իրազեկվածության բարձրացման վերաբերյալ՝ պատերազմական իրավիճակում զինված ուժերի վարքականոնները միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին համապատասխանեցնելու նպատակով: Արցախի Հանրապետությունը միացել է վերը նշված կոնվենցիաներին և արձանագրություններին 1993 թվականին՝ հանրապետության օրենսդիր մարմնի՝ Գերագույն խորհրդի որոշման հիման վրա:
20:14 - 29 հունիսի, 2020
Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Այսօր ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանին։ Նախարար Մնացականյանը ևս մեկ անգամ շնորհավորեց իր գործընկերոջը պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ` մաղթելով նրան նորանոր հաջողություններ իր ստանձնած կարևոր առաքելության մեջ։ Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները, ի շարունակություն Երևանում հունիսի 19-ին կայացած Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի քննարկումներին, մտքեր փոխանակեցին ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ: Նախարար Մնացականյանն ընդգծեց Արցախի ժողովրդի և նրա կողմից ընտրված իշխանության դերը խաղաղ կարգավորման գործընթացում: Այդ առնչությամբ երկուստեք կարևորվեց նման ձևաչափով պարբերական հանդիպումների անցկացումը՝ խաղաղ գործընթացի բովանդակային, ռիսկերի նվազեցման և հումանիտար հարցերի շուրջ դիրքորոշումների և մոտեցումների ճշգրտման առումով:  Նախարարներ Մնացականյանը և Մայիլյանը բարձր գնահատեցին Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև միջազգային և տարածաշրջանային տարբեր հարցերի շուրջ խորհրդակցությունների անցկացումը՝ որպես լավ հնարավորություն` անդրադառնալու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերին և համագործակցության հեռանկարներին: Նախարարներն անդրադարձան նաև նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված իրադրությանը և վերջինիս սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը: 
19:30 - 25 հունիսի, 2020