Ալեն Սիմոնյան

8-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1980թ․ հունվարի 5-ին։ 2000-2002թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 

2000թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: Իրավաբան: 2015թ.՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: Քաղաքագետ է:

2002-2003թթ. աշխատել է Աջափնյակ-Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի օգնական, գրասենյակի քարտուղար: 2003-2004թթ.՝ «Կոնվերս» բանկի մարդկային ռեսուրսների կառավարիչ:

2004-2010թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ:

2006-2007թթ. աշխատել է «Սիթի FM» ռադիոկայանում: 2008թ. մասնակցել է «European Education & Research Center»-ի կազմակերպած «PR and Political Technologies» դասընթացներին: 2007-2012թթ., որպես պրոդյուսեր, տնօրեն, համագործակցել է «TV5», «Երկիր մեդիա», «Արմենիա» հեռուստաընկերությունների հետ: Եղել է մի շարք երաժշտական, քաղաքական, նախընտրական տեսահոլովակների պրոդյուսեր, ներկայացման տնօրեն: 2012-2018թթ.՝ «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր: 2013-2018թթ.՝ իր հիմնադրած «Ararat Media Group» ՍՊԸ («araratnews.am» կայք եւ «Արարատ» ամսագիր) գլխավոր խմբագիր:

2011 թվականին «Բարեւ Երեւան» դաշինքի ցուցակով մասնակցել է Երեւանի ավագանու ընտրություններին: 2013թ. տրանսպորտի թանկացման դեմ ուղղված «Car free» քաղաքացիական ակցիայի կազմակերպիչներից է:

2013-2015թթ. եղել է «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման կառավարման խորհրդի հիմնադիր անդամ: 2015թ. ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հիմնադիր անդամ, 2016թ.՝ վերընտրվել: 2015-2016թթ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ:

2017-2018թթ.՝ Երեւանի ավագանու անդամ («Ելք» դաշինք):

2018-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 4 ընտրատարածք, «Ելք» կուսակցությունների դաշինք): ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ելք» խմբակցության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 4 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 2-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ:

Ադրբեջանն առնվազն 33 ռազմագերի է պատանդ պահում. Ալեն Սիմոնյանի ելույթը ՍԾՏՀ ԽՎ 30-ամյակի գագաթնաժողովում

Ադրբեջանն առնվազն 33 ռազմագերի է պատանդ պահում. Ալեն Սիմոնյանի ելույթը ՍԾՏՀ ԽՎ 30-ամյակի գագաթնաժողովում

Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի շրջանակում Անկարայում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ ԱԺ նախագահը ելույթ է ունեցել վեհաժողովի 30-ամյակին նվիրված խորհրդարանների նախագահների գագաթնաժողովում: Ելույթը ներկայացվում է ամբողջությամբ. «Հարգելի՛ պարոն նախագահ, Հարգելի՛ գործընկերներ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Երեկ Բելգրադում ողբերգություն է տեղի ունեցել, ցավակցում եմ իմ սերբ գործընկերոջը և կրկին զորակցություն եմ հայտնում Թուրքիայի կառավարությանն ու ժողովրդին փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժի ժամանակ տասնյակ հազարավոր մարդկային կորուստների համար: Հայաստանում շատ լավ գիտեն, թե ինչ է երկրաշարժը, և մեր երկիրն առաջինների շարքում արձագանքեց արհավիրքին՝ մարդասիրական օգնություն ու փրկարարական խումբ ուղարկելով աղետի գոտի: Չափազանց դրական է, որ մարդասիրական բեռը Հայաստանից Թուրքիա անցավ ցամաքային սահմանով՝ մինչ այդ 30 տարի փակ Մարգարայի կամրջով: Նախորդ տարվանից Հայաստանը և Թուրքիան հարաբերությունների կարգավորման գործընթաց են սկսել, որի շրջանակում հաջողվել է արձանագրել որոշակի ձեռքբերումներ, բայց և չլուծված խնդիրներն առայժմ շատ են: Հույս ունենք, որ մոտ ապագայում ցամաքային սահմանով հնարավոր կլինի ոչ միայն մարդասիրական բեռներ անցկացնել, այլ այն բացել միջազգային երթևեկության, առևտրի համար: Գագաթնաժողովի հարգելի՛ մասնակիցներ, 30 տարի առաջ մեր երկրների խորհրդարանները հանձն առան իրականացնելու իրենց ժողովուրդների հույսերն ու ակնկալիքները և հաստատեցին իրենց վճռականությունը՝ օգտվելու բոլոր հնարավորություններից տարածաշրջանի երկրների միջև տարբեր ոլորտներում և մակարդակներում համագործակցության ընդլայնման համար: Այսօր էլ այդ ակնկալիքները մնում են նույնքան արդիական: Որպես կազմակերպության հիմնադիր անդամ՝ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը Վեհաժողովի ներուժի լիարժեք օգտագործմանը՝ տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը խթանելու և կանոնադրական նպատակներն արդյունավետ իրականացնելու համար: Հայաստանը կարևորում է ՍԾՏՀ-ի և Խորհրդարանական վեհաժողովի միջև ավելի սերտ համակարգումը, ինչը կնպաստի նրանց միջև ավելի ամուր փոխգործակցության կառուցմանը: Հաշվի առնելով Վեհաժողովի մշտական կոմիտեի և ՍԾՏՀ բարձրաստիճան պաշտոնյաների կոմիտեի միջև համատեղ հանդիպումների անցկացման անցյալի փորձը՝ մենք կարծում ենք, որ վաղուց արդեն պետք էր վերսկսել նման հանդիպումները՝ հանգամանորեն քննարկելու սեղանին դրված բոլոր խնդիրները: Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովը, մեր համոզմամբ, պետք է շարունակի գործադրել իր հետագա ջանքերն ապաքաղաքական, կառուցողական և համապարփակ կերպով՝ հիմնված ինքնիշխան հավասարության սկզբունքի վրա: Տարածաշրջանային փոխգործակցությունը կարող է զգալիորեն շահել խորհրդարանական համագործակցությունից: Կարևոր ենք համարում, որպեսզի ՍԾՏՀ ԽՎ-ի և ընդհանրապես ՍԾՏՀ-ի գործունեությունը ներդաշնակեցվի գլոբալ, հատկապես՝ ՄԱԿ-ի 2030-ի Կայուն զարգացման օրակարգի հետ: Հայաստանը հավատարիմ է մնում այս կազմակերպության հռչակած նպատակներին: Չնայած բազմաթիվ մարտահրավերների՝ Հայաստանի ժողովուրդը հստակ և բարձրաձայն վերահաստատել է իր վճռականությունը՝ ամրապնդելու հարգանքը մարդու իրավունքների, օրենքի գերակայության, տնտեսական և սոցիալական կյանքում հավասար հնարավորությունների նկատմամբ: Հարգելի՛ գործընկերներ, Սևծովյան տնտեսական համագործակցության տարածաշրջանում մենք շարունակում ենք բախվել անվտանգային լուրջ մարտահրավերների: Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի աշնանը տեղի ունեցած 44-օրյա պատերազմը, Ուկրաինայում շարունակվող պատերազմը լուրջ աշխարհաքաղաքական հետևանքներ ունեն ընդհանուր անվտանգային ճարտարապետության համար: 2021 թվականին, այնուհետև` 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը ձեռնարկեց հերթական չհրահրված ռազմական ագրեսիան Հայաստանի արևելյան և հարավ-արևելյան սահմանների երկայնքով` ներխուժելով և գրավելով մեր ինքնիշխան տարածքները: Այս պահին, արդեն շուրջ 5 ամիս է, Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, արգելափակել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների պատասխանատվության հատվածում գտնվող Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղի կյանքի միակ ճանապարհը, ինչը հանգեցրել է հումանիտար ճգնաժամի: Ապրիլի 23-ին Ադրբեջանն անօրինական անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքի սկզբնամասում: Չնայած ադրբեջանական կողմը պնդում է, որ միջանցքը բաց է, այն փաստացի շարունակում է փակ մնալ ազատ երթևեկության համար: Ճգնաժամն ունեցել է լայն միջազգային արձագանք: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ որոշումներ են կայացրել, որոնք արհամարհվել են պաշտոնական Բաքվի կողմից: Պատերազմի ավարտից անցել է երկուսուկես տարի, իսկ Ադրբեջանն առ այսօր առնվազն 33 ռազմագերի է պատանդ պահում: Հայաստանի դեմ ագրեսիայի կիրառումից ստեղծվող իրավիճակը չի կարող հիմք դառնալ կայուն և տևական խաղաղության համար: Հայաստանն իր արտաքին քաղաքականության մեջ վերահաստատել է բարիդրացիական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության սկզբունքները: Մենք տարածքային պահանջներ չունենք մեր հարևանների նկատմամբ և ակնկալում ենք, որ մեր հարևանները նույնպես կառաջնորդվեն այդ սկզբունքով: 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Գործընկերնե՛ր, այս օրերին Վաշինգտոնում Միացյալ Նահանգների Պետական քարտուղարի նախաձեռնությամբ ընթանում են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ղեկավարած պատվիրակությունների բանակցությունները: Քննարկման առարկա են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Կարծում եմ՝ սա դրական զարգացում է, և ես հաջողություն եմ մաղթում դիվանագետներին: Հակամարտությունները պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով: Մենք համոզված ենք, որ տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը կարող է նպաստել խաղաղության, կայունության և մարդկանց բարեկեցության ամրապնդմանը, ինչպես ամրագրված է ՍԾՏՀ կանոնադրությամբ և Խորհրդարանական վեհաժողովի համապատասխան կանոնադրական փաստաթղթերով: 2021 և 2022 թվականներին Հայաստանի տնտեսությունը կայուն աճ արձանագրեց: Նախորդ տարի այն կազմել է ավելի քան 14 տոկոս, իսկ մեր կազմակերպության անդամ մի քանի երկրների հետ առևտրաշրջանառությունը զգալի աշխուժացավ: Մեր տնտեսությունը շարունակում է լավ արդյունքներ ցույց տալ՝ շնորհիվ առողջ մակրոտնտեսական քաղաքականության և տնտեսական զարգացման վրա ազդող օրենսդրական բարեփոխումների: Մենք նաև ձեռնամուխ ենք եղել էական բարեփոխումների, որոնք ուղղված են կոռուպցիայի նվազեցմանը և թափանցիկության բարձրացմանը: Որպես դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր՝ Հայաստանը կրկին ընդգծում է տրանսպորտային բոլոր միջոցներով դեպի ծով անարգել մուտքի կարևորությունը, ինչպես նաև արժևորում է տարածաշրջանային կապի և կայուն տրանսպորտային համակարգերի զարգացումը: Հայաստանը պատրաստ է շարունակել հաղորդակցությունների ապաշրջափակումը՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ազգային օրենսդրության լիարժեք հարգման սկզբունքների հիման վրա: Միջազգային արագ փոփոխվող միջավայրում Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովը պետք է լինի տարածաշրջանային շարժիչ ուժ: Միայն այն դեպքում, երբ մենք՝ խորհրդարանականներս, մեկտեղենք մեր ջանքերը, կկարողանանք հաղթահարել ընդհանուր մարտահրավերները և օգտվել ընդհանուր հնարավորություններից: Եկեք օգտագործենք այս հոբելյանական տարեդարձը՝ անդրադառնալու անցած երեք տասնամյակների դասերին և վերահաստատենք մեր հանձնառությունը՝ առաջ մղելու կազմակերպությունը: Եզրափակելով խոսքս՝ շնորհավորում եմ Ուկրաինային ՍԾՏՀ ԽՎ-ի առաջիկա նախագահությունը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթում իրենց ձեռնարկումներում: Շնորհակալություն ընդունող երկրին հյուրընկալության և գագաթնաժողովի կազմակերպման համար»:
17:24 - 04 մայիսի, 2023
ՀՀ ԱԺ նախագահն Անկարայում սերբ գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխանության և ԼՂ ժողովրդի դեմ շարունակվող ագրեսիվ գործողությունները

ՀՀ ԱԺ նախագահն Անկարայում սերբ գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխանության և ԼՂ ժողովրդի դեմ շարունակվող ագրեսիվ գործողությունները

Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 4-ին Անկարայում հանդիպել է Սերբիայի խորհրդարանի նախագահ Վլադիմիր Օրլիչին: Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի Ազգային ժողովի տարածած հաղորդագրությունից, Ալեն Սիմոնյանը ցավակցել է գործընկերոջը մայիսի 3-ին Բելգրադում տեղի ունեցած բազմաթիվ երիտասարդ կյանքեր խլած ողբերգական միջադեպի համար: Կողմերն արձանագրել են Հայաստանի եւ Սերբիայի ջերմ բարեկամական հարաբերությունները` կարեւորելով բոլոր ոլորտներում երկկողմ համագործակցության շարունակական եւ արդյունավետ զարգացումը: ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է երկկողմ միջխորհրդարանական համագործակցության անհրաժեշտությունը` նշելով օրենսդիր մարմինների միջեւ ակտիվ երկխոսությունը եւ բարեկամական խմբերի դերը: Գործընկերները գոհունակություն են հայտնել միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության համար: «Ես հավատում եմ, որ նման հարթակներում մեր պատվիրակությունների արդյունավետ փոխգործակցությունը թույլ կտա մեզ բոլորիս լուծումներ գտնել մեզ համար բարդ հարցերի վերաբերյալ»,- նշել է Ալեն Սիմոնյանը: Սերբ գործընկերը երախտագիտություն է հայտնել Հայաստանից մինչ օրս ստացած դրական արձագանքների եւ առարկայական գործընկերային հարաբերություններ պահպանելու համար, որը դրսեւորվել է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով: Կողմերը քննարկել են մեր տարածաշրջանի անվտանգության հարցերին վերաբերող մանրամասներ: ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրել է Ադրբեջանի իշխանությունների շարունակական ռազմատենչ հռետորաբանության եւ մաքսիմալիստական դիրքորոշման, ինչպես նաեւ Հայաստանի ինքնիշխանության եւ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի դեմ շարունակվող ագրեսիվ գործողությունները: Ալեն Սիմոնյանը ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակի ժամանակագրությունը՝ շեշտելով, որ տարածաշրջանում խիստ անկայուն իրավիճակի համատեքստում կարեւոր է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության դերը: Ալեն Սիմոնյանը վերահաստատել է Հայաստանի մոտեցումները Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ: Սերբ գործընկերը նշել է, որ խաղաղությունն իրենց երկրի համար կարեւոր արժեք է, եւ ամենօրյա բանաձեւ են դարձել խաղաղության պահպանման համար ծախսվող էներգիան եւ ներդրվող ջանքերը: Նա նշել է, որ խաղաղասիրությունն այն գլխավոր նախադրյալն է, որը բնորոշում է Հայաստանին եւ Սերբիային, ինչի հիմքով էլ պետք է շարունակել համագործակցությունը: Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան:
13:15 - 04 մայիսի, 2023
Ալեն Սիմոնյանի անվտանգությունն ապահովող աշխատակիցների նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել ՆԳՆ-ում
 |factor.am|

Ալեն Սիմոնյանի անվտանգությունն ապահովող աշխատակիցների նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել ՆԳՆ-ում |factor.am|

factor.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Կանադայի քաղաքացի Կարեն Մկրտչյանի միջև տեղ ունեցած միջադեպից հետո Ներքին գործերի նախարարության ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է սկսվել։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին Ներքին գործերի նախարարությունից։ Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Կանադայի քաղաքացի Կարեն Մկրտչյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի միջև Կասկադում միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ, Մկրտչյանի պնդմամբ, Սիմոնյանը թքել է իր դեմքին։ Մկրտչյանը նաև հայտնել է, որ Սիմոնյանի անվտանգությունն ապահովող աշխատակիցներն այդ ժամանակ բռնած են եղել իր ձեռքերից։ Դեպքի առթիվ վարույթ նախաձեռնվելու արձանագրություն չի կազմվել, սակայն Դատախազությունից Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ միջադեպից հետո Ներքին գործերի նախարարության ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության աշխատակիցների գործողությունների իրավաչափությունը ծառայողական քննության շրջանակներում ստուգելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանություն և ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայություն: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
17:39 - 03 մայիսի, 2023
Ալեն Սիմոնյանն Անկարայում կհանդիպի իր թուրք գործընկերոջ հետ
 |armeniasputnik.am|

Ալեն Սիմոնյանն Անկարայում կհանդիպի իր թուրք գործընկերոջ հետ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն Անկարա այցի շրջանակում կհանդիպի Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփի հետ: Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրեց է խորհրդարանի խոսնակի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը: Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների խորհրդարանների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակում նախատեսված է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը: Հիշեցնենք` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցելու է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման 30-ամյակին նվիրված գագաթնաժողովին, որին ներկա կլինեն անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարները։ Կայանալու է նաև Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստ: Հայաստանից Անկարա կմեկնեն նաև ՔՊ-ականներ Բաբկեն Թունյանն ու Գևորգ Պապոյանը։
11:17 - 03 մայիսի, 2023
Ալեն Սիմոնյանը Ճապոնիայի ԱԳ նախարարի խորհրդարանական տեղակալին մանրամասներ է փոխանցել Լաչինի միջանցքի ճգնաժամի հետեւանքով առաջացած հումանիտար աղետից

Ալեն Սիմոնյանը Ճապոնիայի ԱԳ նախարարի խորհրդարանական տեղակալին մանրամասներ է փոխանցել Լաչինի միջանցքի ճգնաժամի հետեւանքով առաջացած հումանիտար աղետից

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 2-ին ընդունել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի խորհրդարանական տեղակալ Յումի Յոշիկավային: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ազգային ժողովի հասարակայնության  հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։  Համաձայն հաղորդագրության՝ կողմերը փաստել են, որ «երկուստեք շահագրգռված են քաղաքական երկխոսության խորացմամբ, առեւտրատնտեսական կապերի զարգացմամբ եւ մի շարք այլ ուղղություններով համագործակցության ընդլայնմամբ»: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ «երկկողմ փոխգործակցության շրջանակում մեծ է խորհրդարանական դիվանագիտության դերը՝ պատրաստակամություն հայտնելով առավել խորացնելու միջխորհրդարանական համագործակցությունը, ակտիվացնելու շփումներն օրենսդիր մարմինների միջեւ»: «Ալեն Սիմոնյանը փաստել է, որ մեր երկիրը մեծապես կարեւորում եւ բարձր է գնահատում Ճապոնիայի կառավարության կողմից առողջապահական համակարգին եւ այլ ոլորտներում շարունակաբար ցուցաբերվող աջակցությունը: Խոսելով հայ-ճապոնական մշակութային համագործակցության խորացման նախադրյալներից՝ ՀՀ ԱԺ նախագահը հիշատակել է նախորդ ամսին Ազգային ժողովի այգում անցկացված Հանամի տոնը, որը դեռ 2015 թվականից կազմակերպվում է «Արումենիա-Նիպոն» հայ-ճապոնական գիտամշակութային միության, ՀՀ ԱԺ Հայաստան-Ճապոնիա պատգամավորական բարեկամական խմբի ջանքերով: Ճապոնացի հյուրի խնդրանքով ՀՀ ԱԺ նախագահը մանրամասներ է փոխանցել Լաչինի միջանցքի ճգնաժամի հետեւանքով առաջացած հումանիտար աղետից՝ շեշտելով, որ ուժի կիրառումը եւ ուժի կիրառման սպառնալիքն Ադրբեջանի քաղաքականության անբաժանելի մասն են եւ նպատակ ունեն էականորեն ապակայունացնելու իրավիճակը տարածաշրջանում ու խաթարելու միջնորդ գործընկերների՝ խաղաղ բանակցությունները շարունակելուն ուղղված ջանքերը: Նա հավելել է, որ չնայած բոլոր մարտահրավերներին` Հայաստանը որդեգրել է ժողովրդավարության ուղին եւ շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության հասնելու օրակարգին»,- ասված է հաղորդագրության մեջ:  
18:24 - 02 մայիսի, 2023
«Ալեն Սիմոնյանի ենթադրյալ գործողություններն առերևույթ ուղղված են եղել Կարեն Մկրտչյանի, այլ ոչ թե հասարակության դեմ»․ Դատախազություն  |factor.am|

«Ալեն Սիմոնյանի ենթադրյալ գործողություններն առերևույթ ուղղված են եղել Կարեն Մկրտչյանի, այլ ոչ թե հասարակության դեմ»․ Դատախազություն |factor.am|

factor.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և քաղաքացի Կարեն Մկրտչյանի միջև տեղ ունեցած միջադեպից հետո Ներքին գործերի նախարարության ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության աշխատակիցների գործողությունների իրավաչափությունը ծառայողական քննության շրջանակներում ստուգելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանություն և ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայություն: Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են Գլխավոր դատախազությունից։ Կառույցից միաժամանակ տեղեկացնում են, որ հաստատել են միջադեպի վերաբերյալ վարույթ չնախաձեռնելու որոշումը։ Հիշեցնենք, որ արտերկրից Հայաստան ժամանած Կարեն Մկրտչյանն ապրիլի 2-ին հայտնել էր, որ Կասկադում, հանդիպելով Ալեն Սիմոնյանին, նրան անվանել է «դավաճան», որից հետո Ալեն Սիմոնյանը անվտանգության աշխատակիցներին ուղարկել է իր ետևից, վերջիններս երկու-երեք հոգով ոլորել են իր ձեռքերը, հետո Ալեն Սիմոնյանը թքել է իր դեմքին։ Ալեն Սիմոնյանը չի հերքել այն հանգամանքը, որ թքել է քաղաքացու դեմքին, իսկ միջադեպից օրեր անց ֆեյսբուքյան գրառմամբ ներողություն էր խնդրել Հայաստանի քաղաքացիներից։ Կարեն Մկրտչյանը դեպքի առթիվ հաղորդում չի ներկայացրել, սակայն Դատախազությանը հաղորդում է ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանը: Հաղորդումն ուղարկվել է Քննչական կոմիտե, որտեղ վարույթ նախաձեռնելու արձանագրություն չի կազմվել։ Նշենք, որ Քրեական դատավարության նախկին օրենսգրքով, որը 2022 թվականի հուլիսի 1-ից ուժը կորցրած է ճանաչվել, նախատեսված էր, որ հանցագործությունների մասին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իսկ գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելն ստուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց ստացման պահից՝ 10 օրվա ընթացքում: Նշված ժամկետում կարող էին պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր, բացատրություններ, այլ նյութեր, ինչպես նաև կարող էր կատարվել դեպքի վայրի զննություն, հանցագործություն կատարելու կասկածանքի բավարար հիմքերի առկայության դեպքում կարող են բերման և անձնական խուզարկության ենթարկվել անձինք, հետազոտման համար վերցվել նմուշներ, նշանակվել փորձաքննություն։ Ի տարբերություն նախկին օրենսգրքի կարգավորումների՝ գործող օրենսգրքում այս փուլը գոյություն չունի, վարույթ չի նախաձեռնվում միայն այն դեպքում, երբ կասկածից վեր է, որ հաղորդմամբ ներկայացված հանգամանքները կապ չունեն հանցագործության հետ, և այժմ, փաստորեն Քննչական կոմիտեն և Դատախազությունը կասկածից վեր են համարել, որ Ալեն Սիմոնյանի, ինչպես նաև վերջինիս անվտանգության աշխատակիցների արարքներում հանցագործության հատկանիշներ չեն եղել։ Քննչական կոմիտեից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության նախագահի կողմից ներկայացված հաղորդման առթիվ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասով քրեական վարույթ չի նախաձեռնվել՝ նկատի ունենալով, որ դեպքին ողջամտորեն չէր կարող տրվել ՀՀ քրեական օրենսգրքի որևէ հոդվածով նախատեսված արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական: Կոմիտեից խնդրել էինք տրամադրել նաև վարույթ չնախաձեռնելու վերաբեյալ արձանագրությունը, որը սակայն, չի տրամադրվել։ Կոմիտեից հայտնել են, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն քրեական վարույթ չնախաձեռնելու և դրա օրինականությունը հսկող դատախազի կողմից հաստատելու մասին գրավոր տեղեկացվում է հաղորդումը ներկայացրած անձը, ուստի՝ վերոգրյալ փաստաթուղթի պատճենը մեզ չի կարող տրամադրվել։ Դատախազություն ստացված գրավոր պատասխանում մանրամասնել են Դանիել Իոաննիսյանի կողմից ներկայացված հաղորդման բովանդակությունը։ Վերջինս, մասնավորապես, հայտնել է, որ «2023 թվականի ապրիլի 3-ին «Garen Megerdichian» ֆեյսբուքյան օգտատերը կատարել է հետևյալ բովանդակությամբ գրառում՝ «Իմ երեսը՝ ՀՀ Ազգային Ժողովի նախագահի երեսիս թքելուց հետո, «դավաճանը քո մամադ է» ասեց թքելուց առաջ, մինչ անվտանգության երկու աշխատակիցներ՝ ինձ երկու թևերիցս բռնել էին: Այս է ՀՀ դավաճան իշխանության իրական երեսը։ Եվ այս մակարդակի վախկոտներն են Արցախն ու Հայաստանը պաշտպանելու թուրքից»: Իոաննիսյանը հաղորդմամբ խնդրել էր վարույթ նախաձեռնել խուլիգանության և պաշտոնատար անձի կողմից լիազորությունները չարաշահելու հոդվածներով։ Դատախազությունից պարզաբանել են, թե ինչո՞ւ է որոշվել, որ Սիմոնյանի արարքում խուլիգանության հատկանիշ առկա չէ։ «Խուլիգանության հանցակազմի հատկանիշների ամբողջական վերլուծության հիման վրա Շահեն Հախվերդյանի վերաբերյալ ՎԴ 00140111 գործով 2012 թվականի մարտի 30-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանի կողմից ընդգծվել է, որ արարքը չի կարող որակվել որպես խուլիգանություն այն դեպքերում, երբ՝ ա) արարքը կատարվում է ոչ հասարակական վայրում և (կամ) հասարակության անդամների բացակայությամբ, բ) արարքի հետևանքով հասարակությանը լուրջ անհանգստություն չի պատճառվել, գ) հանցավորի գործողությունները պայմանավորված են հակաօրինական, հակաբարոյական վարքագծով և ուղղված են նրա, հասարակության դեմ, տուժողի նրա, այլ ոչ թե դ) բացակայում են խուլիգանական դրդումները, իսկ անձի արարքները պայմանավորված են նրա հուզական վիճակով, ե) հասարակական կարգի կոպիտ խախտման նկատմամբ դրսևորվել է անզգուշություն, զ) հասարակական կարգը կոպիտ կերպով խախտող արարքը համընկնում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված այլ հանցակազմի հատկանիշների հետ, «սակայն դրա կատարմամբ հանցավորը` հասարականան կարգը կոպիտ կերպով խախտելու և հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու նպատակ չունի, է) այլ դրդումներով կատարված հանցանքը չի վերաճել հասարակական կարգի կոպիտ խախտման, որը դրսևորվել է հասարակության նկատմամբ բացահայտ անկարգայից վերաբերմունքով: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
14:09 - 01 մայիսի, 2023
Ալեն Սիմոնյանն ու Հնդկաստանի դեսպանը քննարկել են Լաչինի միջանցքի ճգնաժամին առնչվող հարցեր

Ալեն Սիմոնյանն ու Հնդկաստանի դեսպանը քննարկել են Լաչինի միջանցքի ճգնաժամին առնչվող հարցեր

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 25-ին ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է դեսպանին Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելություն ստանձնելու կապակցությամբ` պատասխանատու պաշտոնում մաղթելով ձեռքբերումներ: Կողմերը փաստել են, որ հայ-հնդկական հարաբերություններն առավել քան երբեւէ գտնվում են բարձր մակարդակի վրա եւ շահագրգռված են խորացնելու փոխգործակցությունը բոլոր ոլորտներում: ՀՀ ԱԺ նախագահը դեսպանին խնդրել է ողջույններ փոխանցել Հնդկաստանի Լոկ Սաբհայի հարգարժան խոսնակ Օմ Բիրլային, որի հետ մեկ ամիս առաջ Միջխորհրդարանական միության վեհաժողովի շրջանակում բովանդակալից զրույց են ունեցել: Ալեն Սիմոնյանը հիշեցրել է նաեւ ՀՀ ԱԺ Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի արդյունավետ գործունեությունը` հույս հայտնելով, որ Հնդկաստանի խորհրդարանում եւս խորհրդարանական բարեկամական խումբ կձեւավորվի: Արձանագրվել է միջազգային հարթակներում Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ դրական համագործակցությունը, ուշադրություն է հրավիրվել միջազգային կազմակերպություններում կենսական հարցերի շուրջ ներկայացվող փոխվստահությանը: Քննարկվել են տարածաշրջանին, Հայաստանին եւ Լաչինի միջանցքի ճգնաժամին առնչվող հարցեր: Հնդկաստանի դեսպանը պատրաստակամություն է հայտնել իր առաքելության շրջանակում մշտապես կապ պահել Ազգային ժողովի հետ եւ նպաստել խորհրդարանական դիվանագիտության զարգացմանը:
14:51 - 25 ապրիլի, 2023
Հայոց ցեղասպանությունից 108 տարի անց հայ ժողովուրդը շարունակում է կանգնած լինել գոյաբանական խնդիրների առաջ. ֆրանսիացի խորհրդարանական

Հայոց ցեղասպանությունից 108 տարի անց հայ ժողովուրդը շարունակում է կանգնած լինել գոյաբանական խնդիրների առաջ. ֆրանսիացի խորհրդարանական

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 24-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար Բրյունո Ռըտայոյի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել Բրյունո Ռըտայոյի եւ Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ժիլբեր Լյուկ Դըվինազի գործադրած հետեւողական ջանքերը 44-օրյա պատերազմից հետո գործուն քայլեր ձեռնարկելու հարցում: Նա երախտագիտություն է հայտնել բարեկամ երկիր Ֆրանսիայի պատգամավորներին՝ խորհրդանշական այս օրը Հայաստանի եւ հայ ժողովրդի կողքին լինելու համար: Ֆրանսիացի գործընկերն արձանագրել է, որ Հայոց ցեղասպանությունից 108 տարի անց հայ ժողովուրդը շարունակում է կանգնած լինել գոյաբանական խնդիրների առաջ: Կողմերն անդրադարձել են պատվիրակության՝ ապրիլի 23-ի այցելությանը Սյունիք եւ Լաչինի արգելափակված միջանցքի սկզբնամաս: Ֆրանսիական կողմը շրջափակման մեջ գտնվող 120 հազար 000 արցախահայերին համարել է բաց երկնքի տակ պատանդառություն կրողներ՝ անթույլատրելի համարելով ստեղծված իրավիճակը:   Կողմերն անդրադարձել են տարածաշրջանի անվտանգությանն ու խաղաղությանը վերաբերող հարցերի:
15:54 - 24 ապրիլի, 2023
«Կոչ ենք անում Ռուսաստանին կատարելու իր պարտավորությունը»․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելու վերաբերյալ |armenpress.am|

«Կոչ ենք անում Ռուսաստանին կատարելու իր պարտավորությունը»․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելու վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը բացարձակ անընդունելի է համարում Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը։ Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։ «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում՝ խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում, անցակետի տեղադրումը բացարձակապես անընդունելի է, քանի որ կոպտորեն խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը։ Կոչ ենք անում Ռուսաստանին կատարելու իր պարտավորությունը՝ ապահովելով Լաչինի միջանցքի ողջ անվտանգային գոտուց զինված ուժերի դուրսբերումը, ինչպես նաև հորդորում ենք ՄԱԿ-ի անդամ երկրներին, ովքեր ունեն միջազգային անվտանգությունը պահպանելու մանդատ, արդյունավետ քայլեր ձեռնարկել՝ կյանքի կոչելու Արդարադատության միջազգային դատարանի որոշում»,- գրել է Սիմոնյանը՝ կրկին կոչ անելով դադարեցնելու Արցախի արգելափակումը։ Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում է՝ «Լաչինի միջանցք»-ում: Դեպքից հետո ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի հրատապ նիստ։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 23-ին՝ ժամը 12:00-ին, Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանային ծառայությունը «Հայաստանի հետ սահմանին» տեղադրել է սահմանային անցակետ։  Արցախի Անվտանգության խորհուրդը դիմել է եռակողմ հայտարարության կողմերին և հատկապես Ռուսաստանի Դաշնությանը՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակման վերացման, ադրբեջանական անցակետի տեղադրման կանխարգելման և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքների ապահովման շուրջ։ ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացի նկատմամբ վստահության հաստատման ջանքերը: 
10:06 - 24 ապրիլի, 2023
Քաղաքակրթության վերջին փուլեր թևակոխող դարում ցեղասպանության հավանականությունը, ցավոք, վերացած չէ․ Ալեն Սիմոնյան

Քաղաքակրթության վերջին փուլեր թևակոխող դարում ցեղասպանության հավանականությունը, ցավոք, վերացած չէ․ Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «1915 թվականին, երբ հայ ժողովրդի պատմության անիվը խափանվեց, երբ հայաթափման ոճիրն իր գագաթնակետին հասավ ու հավերժական լռություն ճանապարհվեց արևմտահայ մտավորականության ձայնը, երկրագնդի անտարբերությունը ճեղքեցին հայտնի մարդասերները: Նրանք աղաղակում էին հայասպան քաղաքականության դեմ բոլոր հնարավոր միջոցներով, նրանք արձանագրում էին անարդարությունը՝ ուշադրություն հրավիրելով մեկուկես միլիոն հայերի կոտորածին: Ջարդերի օրերին է, երբ Գերմանիայի կանցլերը նամակ է ստանում իր երկրի դեսպանից, որը բառացի ասում է՝ բնաջնջելով հայ ազգին և լուծելով «Հայկական հարցը»՝ թուրքական կառավարությունը մերժում է ընդունել Գերմանիայի ներկայացուցիչներին, ամերիկացիներին, Պապի պատվիրակությանը, մերժում է լսել աշխարհի մեկ երրորդը ներկայացնող արևմտյան հասարակության կարծիքը: Դրանից շատ տարիներ անց առաջավոր աշխարհը պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և դատապարտում, իսկ Ցեղասպանության զոհերը Պապի կողմից սրբադասվում են: Այսօր էլ մեր երկրին պատուհասած վտանգի ու հայաթափման քաղաքականության ականատեսն ենք, երբ դաժանաբար փորձում են ջնջել հայկական հետքը, վերացնել մեր մշակույթը: Քաղաքակրթության վերջին փուլեր թևակոխող դարում ցեղասպանության հավանականությունը, ցավոք, վերացած չէ: Աշխարհը միակամորեն պետք է մերժի ու բացառի ցեղասպանությունների կրկնությունը՝ հանուն զարգացման ու առաջընթացի, հանուն նոր աշխարհի նոր քաղաքացու: Խաղաղություն մեր անմեղ զոհերի հոգիներին, ապրենք ու ապրեցնենք մեր երկիրը»:
09:48 - 24 ապրիլի, 2023
Թագուհի Թովմասյանը չէր հեռանում ԱԺ ամբիոնից, Սիմոնյանը հրավիրեց անվտանգության աշխատակիցներին

Թագուհի Թովմասյանը չէր հեռանում ԱԺ ամբիոնից, Սիմոնյանը հրավիրեց անվտանգության աշխատակիցներին

Թագուհի Թովմասյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ քաղաքական ակցիա է իրականացնում և ԱԺ ամբիոնից չի իջնի։ «Առաջնագիծ դարձած իմ հայրենիքում՝ Վարդենիսի շրջանում՝ Սոթքի հանքավայրում, 5 օր է՝ կրակոցներ են հնչում, 800 աշխատակիցներ, արդեն 6 օր է՝ չեն գնում աշխատանքի, որովհետև չկա անվտանգության տարրական պայմանների պահպանման նույնիստ ձևական միջոցներ, ստացվում է՝ չեք կարողանում պահպանել իմ հայրենակիցների անվտանգությունը։ Ես չեմ կարող առանց էմոցիաների քննարկել բյուջեի կատարողականը, ասես ոչինչ չի եղել»,- ասաց Թովմասյանը։ Նա հայտրարարեց, որ բողոքի ակցիա է իրականացնելու և ի նշան բողոքի՝ չի իջնի ԱԺ ամբիոնից․ «Թույլ չեմ տալու երկրի թիվ 1 ամբիոնից ստեր հնչեցնեք, կասկածի տակ դնեք Արցախի հայկական լինելը կամ հայ ժողովրդի պատմությունն ընդհանրապես»։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ներս հրավիրեց անվտանգության աշխատակիցներին, որ հեռացնեն Թովմասյանին ամբիոնի մոտից։ Սիմոնյանի հրահանգով ԱԺ ուղիղ եթերն ընդհատվեց։ Ապա Թովմասյանը տեսանյութ հրապարակեց իր ֆեյսբուքյան էջում։ Այս պահին ԱԺ նիստը վերսկսվել է․ սկզբում Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ակցիային մասնակցած պատգամավորները նկատողություն են ստանում։ Սիմոնյանի խոսքով նրանք զրկվում են այսօր նիստերին մասնակցելու հնարավորությունից։ Նշենք՝ մի քանի պատգամավոր միացել էր Թագուհի Թովմասյանի հայտարարած ակցիային։ Մինչև օրվա ավարտը նիստերին մասնակցելու հնարավորությունից զրկվեցին Թագուհի Թովմասյանը, Գեղամ Մանուկյանը, Գառնիկ Դանիելյանը, Աննա Մկրտչյանը, Հայկ Մամիջանյանը, Աննա Գրիգորյանը, Տիգրան Աբրահամյանը, Տարոն Մարգարյանը, Արթուր Սարգսյանը, Անդրանիկ Թևանյանը։ Ավելի վաղ «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը հայտնել էր, որ կրակոցների պատճառով Սոթքի հանքավայրի գործունեությունը դադարեցված է անժամկետ։
16:13 - 20 ապրիլի, 2023
Երբ կկարծեմ, որ տապալել ենք անվտանգության համակարգը, հրաժարական կտամ ու դուրս կգամ քաղաքականությունից․ Ալեն Սիմոնյան |armenpress.am|

Երբ կկարծեմ, որ տապալել ենք անվտանգության համակարգը, հրաժարական կտամ ու դուրս կգամ քաղաքականությունից․ Ալեն Սիմոնյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը համաձայն չէ ընդդիմադիրների այն տեսակետի հետ, թե իշխանությունը Հայաստանի անվտանգության համակարգը տապալել է։ Սիմոնյանի կարծիքով վերջին 2 տարում Հայաստանի իշխանությունը միջազգային հարթակներում ու բանակցային առումով բավականին մեծ առաջընթաց է գրանցել: Նա նման դիրքորոշում հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում: ԱԺ նախագահը հիշեցրեց, որ պատերազմից հետո ընդդիմադիրները պահանջում ու ասում էին, որ բանակցողը պետք է փոխվի, գործող իշխանությունը, ղեկավարը չեն կարող բանակցել: «Բայց արդեն 2 տարի է՝ մենք միջազգային հարթակներում ու բանակցային առումով բավականին մեծ առաջընթաց ունենք»,- ասաց ԱԺ նախագահը: Նա վստահեցրեց՝ այն պահից, երբ ինքը կկարծի, որ տապալել են անվտանգային համակարգը, հրաժարական կտա ու դուրս կգա քաղաքականությունից: «Իսկ իմ ու ընդդիմադիրների կարծիքի արանքում գոյություն ունի Հայաստանի ժողովրդի կարծիքը, որը որոշիչ է: Այն պահից սկսած, երբ ժողովուրդը կորոշի, որ պետք է այլ մարդ ղեկավարի, նա կկատարի իր ընտրությունը»,- ասաց Սիմոնյանը: ԱԺ նախագահը վստահեցրեց՝ իրենց իշխանությունը խաղաղություն է բերում ու խաղաղության ուղղությամբ է աշխատում: «Գոյություն ունի մեկ դատավոր, և այդ դատավորն ու որոշողը հայ ժողովուրդն է»,- ասաց ԱԺ նախագահը:
16:43 - 19 ապրիլի, 2023
Ալեն Սիմոնյանի և Կարեն Մկրտչյանի միջադեպի գործով վարույթ չնախաձեռնելու արձանագրություն է կազմվել
 |factor.am|

Ալեն Սիմոնյանի և Կարեն Մկրտչյանի միջադեպի գործով վարույթ չնախաձեռնելու արձանագրություն է կազմվել |factor.am|

factor.am: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և քաղաքացի Կարեն Մկրտչյանի միջև տեղի ունեցած միջադեպի գործով քրեական վարույթ չնախաձեռնելու արձանագրություն է կազմվել: Այս մասին ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը: Հիշեցնենք, որ արտերկրից Հայաստան ժամանած Կարեն Մկրտչյանն ապրիլի 2-ին հայտնել էր, որ Կասկադում, հանդիպելով Ալեն Սիմոնյանին, նրան անվանել է «դավաճան», որից հետո Ալեն Սիմոնյանը անվտանգության աշխատակիցներին ուղարկել է իր ետևից, վերջիններս երկու-երեք հոգով ոլորել են իր ձեռքերը, հետո Ալեն Սիմոնյանը թքել է իր դեմքին։  Կարեն Մկրտչյանը դեպքի առթիվ հաղորդում չի ներկայացրել, սակայն Դատախազությանը հաղորդում է ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը:
22:52 - 17 ապրիլի, 2023