Միացյալ Թագավորություն

Պետական կարգը՝ միապետություն
Մայրաքաղաքը՝ Լոնդոն
Տարածքը՝ 244 հզ. կմ
Բնակչությունը՝ 59,8 մլն
Պետական լեզուն՝ անգլերեն
Դրամական միավորը՝ ֆունտ ստեռլինգ

Միացյալ Թագավորությունն ունի մասամբ կարգավորվող շուկայական տնտեսություն։ Ըստ շուկայական փոխարժեքների՝ Միացյալ Թագավորությունը համարվում է աշխարհում 8-րդ և Եվրոպայում 2-րդ (Գերմանիայից հետո) ամենամեծ տնտեսություն ունեցող պետությունը։ Թագուհու գանձապետարանը, որը գլխավորում է կանցլերը, պատասխանատու է բրիտանական կառավարության կողմից հասարակական ֆինանսական և տնտեսական քաղաքականության մշակման և կիրառման համար։

Անգլիայի բանկը կամ Միացյալ Թագավորության կենտրոնական բանկը պատասխանատու է ազգային արտարժույթի՝ ֆունտ ստերլինգի թողարկման համար։ Տուրիզմը համարվում է բրիտանական տնտեսության ամենակարևոր մասը, և 2004թ․ 27 մլն զբոսաշրջիկներով պետությունը զբաղեցնում է 6-րդ տեղը համաշխարհային տուրիզմի շարքերում, իսկ Լոնդոնը համարվում է զբոսաշրջիկների կողմից ամենաշատ այցելվող քաղաքը աշխարհում։

Միջուկային զենքի կիրառման ռիսկը հասել է «սառը պատերազմից» ի վեր ամենաբարձր մակարդակին. Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտ
 |tert.am|

Միջուկային զենքի կիրառման ռիսկը հասել է «սառը պատերազմից» ի վեր ամենաբարձր մակարդակին. Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտ |tert.am|

tert.am: Միջուկային զենքի կիրառման ռիսկը հասել է «սառը պատերազմից» ի վեր ամենաբարձր մակարդակին. դա պայմանավորված է նրանով, որ «միջուկային ակումբի» երկրները սկսում են ակտիվորեն ավելացնել իրենց զինանոցները։ Այս մասին ասվում է Ստոկհոլմի Խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) հրապարակված զեկույցում։«Միջուկային զենքի կիրառման ռիսկն այժմ ամենաբարձր մակարդակի վրա է «սառը պատերազմից» պիկից ի վեր»,- նշել են ինստիտուտի փորձագետները։ Ներկայում «հստակ նշաններ կան առ այն, որ միջուկային զենքի կրճատման գործընթացն ավարտված է», և «բոլոր ուժերը «միջուկային ակումբում» (Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, Հնդկաստան, Պակիստան, Իսրայել և Հյուսիսային Կորեա) ավելացնում են մարտագլխիկների քանակը և իրականացնում միջուկային զինանոցների արդիականացում»,- ասել են փորձագետները։Միջազգային լարվածության ուժեղացմանը նպաստում է նաև այն փաստը, որ, ըստ հետազոտողների, այդ երկրների մեծ մասը «ուժեղացնում է միջուկային հռետորաբանությունը», և «միջուկային զենքի դերն իրենց ռազմական մարտավարությունում գնալով ավելի նշանակալի է դառնում»։Ըստ SIPRI-ի՝ «միջուկային ակումբի» բոլոր երկրներն ակտիվորեն ծրագրեր են մշակում միջուկային զենքի հետ կապված կամ արդեն գոյություն ունեցող զինանոցներն են ընդլայնում։ Մասնավորապես, «Մեծ Բրիտանիան հայտարարել է միջուկային մարտագլխիկների պաշարների սահմանաչափի ավելացման մասին»՝ որոշելով «հրապարակայնորեն չներկայացնել դրանց թիվը», իսկ Ֆրանսիան «պաշտոնապես սկսել է միջուկային զենքով հագեցած երրորդ սերնդի սուզանավ ստեղծելու ծրագիրը»:Ինստիտուտը նաև նշում է, որ Հնդկաստանը և Պակիստանը «ավելացնում են միջուկային զենքի պաշարները և մշակում նոր առաքման համակարգեր», իսկ Իսրայելը «արդիականացնում է իր միջուկային զինանոցը»։ Միաժամանակ ԿԺԴՀ-ն «ակտիվորեն միջուկային զենք է փորձարկում» և, ըստ փորձագետների, «արդեն արտադրել է 20 մարտագլխիկ՝ բավարար ռեսուրսներով՝ լրացուցիչ 45-55 մարտագլխիկ արտադրելու համար»։ SIPRI-ի փորձագետների խոսքով՝ արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ Չինաստանում 300 նոր արձակման սիլոսներ են կառուցվում: Շարունակությունը՝ tert.am-ում
12:34 - 13 հունիսի, 2022
ԴԺՀ ղեկավարը հայտարարել է, որ դատապարտված օտարերկրացիներին ներում շնորհելու հիմքեր չկան

ԴԺՀ ղեկավարը հայտարարել է, որ դատապարտված օտարերկրացիներին ներում շնորհելու հիմքեր չկան

Ինքնահռչակ ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինն այսօր լրագրողներին հայտարարել է, որ մահապատժի դատապարտված օտարերկրացիներին ներում շնորհելու հիմքեր չի տեսնում, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Նախևառաջ, ես պետք է առաջնորդվեմ այն դատական վճռով, որը կայացվել է։ Դատելով այն հոդվածներից, այն իրավախախտումների բնույթից, որոնք նրանք կատարել են, ես հիմքեր, նախադրյալներ չեմ տեսնում, որ ներման մասին այդպիսի որոշմամբ հանդես գամ», - ասել է Պուշիլինը։ ԴԺՀ Գերագույն դատարանը հունիսի 9-ին մահապատժի էր դատապարտել երեք օտարերկրացիների, որոնք պատերազմին մասնակցել են Ուկրաինայի կողմից։ Դատարանն այդպիսի վճիռ էր կայացրել Մեծ Բրիտանիայի երկու քաղաքացիներ 48-ամյա Շոն Փիների և 28-ամյա Էյդեն Էսլինի, ինչպես նաև Մարոկկոյի 21-ամյա քաղաքացի Բրահիմ Սաադունի դեմ։ Մահապատիժը պետք է իրականացվի գնդակահարման միջոցով։ Բոլոր երեքը մեղադրվում էին ԴԺՀ Քրեական օրենսգրքի «Իշխանության բռնազավթում կամ իշխանության բռնի պահպանում» և «Վարձկանություն» հոդվածներով։ Դատապարտվածների փաստաբաններից մեկն ասել էր, որ, ըստ ամենայնի, օտարերկրացիները ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինին կխնդրեն ներում շնորհել իրենց։   Նորա Վանյան  
16:11 - 12 հունիսի, 2022
ԲՏԱ նախարարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալլագերի հետ

ԲՏԱ նախարարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալլագերի հետ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հունիսի 9-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալլագերի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ ԲՏԱ նախարարությունից: Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է դեսպանին նախարարության գործունեության շրջանակները՝ առանձնացնելով հատկապես թվայնացման, տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների, փոստային ծառայության ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Նախարարը համոզմունք է հայտնել, որ ոլորտային մի շարք ուղղություններով Մեծ Բրիտանիայի հետ համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ կա: Ջոն Գալլագերն ընդգծել է Հայաստանի հետ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում համագործակցության կարևորությունը: Անդրադառնալով տեխնոլոգիական ընկերությունների ընդլայնման և զարգացման հնարավորություններին՝ դեսպանը նշել է, որ Միացյալ Թագավորության կողմից բիզնեսին աջակցելու ճկուն մեխանիզմներ կան, որոնք հայկական տեխնոլոգիական ընկերություններին ևս կարող են օժանդակել ներկայանալու ինչպես բրիտանական, այնպես էլ միջազգային շուկաներում: Դեսպանը հավելել է, որ բրիտանական ընկերություններին ևս կներկայացվի Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի ներուժը, ինչպես նաև բիզնես հիմնելու և ընդայնելու բարենպաստ միջավայրն ու հնարավորությունները: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել «Ինժեներական քաղաք» ծրագրին։ Ռոբերտ Խաչատրյանը՝ կարևորելով այս ենթակառուցվածքի դերն ու նշանակությունը ինժեներական և բարձր տեխնոլոգիաների զարգացման գործում, առաջարկել է դեսպանին այցելել «Ինժեներական քաղաք» և դիտարկել բրիտանական ընկերությունների կողմից այնտեղ գործունեություն իրականացնելու հնարավորությունը:Նախարարը դեսպանին տեղեկացրել է նաև ՀՀ-ում սեպտեմբերին կայանալիք «STARMUS» և աշնանը՝ տեխնոլոգիական ամսվա շրջանակներում նախատեսված այլ միջոցառումների մասին և հրավիրել մասնակից լինելու։ Ջոն Գալլագերն իր հերթին հրավիրել է նախարարին մասնակցելու Մեծ Բրիտանիայի դեսպանատան կողմից կազմակերպված «Ֆինթեք» ֆորում միջոցառմանը, որը կկայանա սեպտեմբերին Երևանում: Դեսպանի խոսքով՝ ֆորումը բրիտանական և հայկական ֆինանսական, տեխնոլոգիական ընկերությունների միջև համագործակցության լավ հնարավորություն կընձեռնի: Կողմերն անդրադարձել են նաև տեխնոլոգիական ոլորտի համատեղ գիտահետազոտական, կրթական ծրագրերի իրականացման, մասնագիտական խորհրդատվության, ներդրումների տրամադրման հնարավորություններին, քննարկել են նաև բրիտանական կողմից Արհեստական բանականության, տվյալների բազայի կառավարման համակարգերին նվիրված ֆորումին նախարարին ուղղված հրավերը:
15:48 - 11 հունիսի, 2022
Ֆրանսիան, Գերմանիան եւ Բրիտանիան դատապարտել են ՄԱԳԱՏԷ-ի տեսախցիկների ապամոնտաժումն Իրանում |armenpress.am|

Ֆրանսիան, Գերմանիան եւ Բրիտանիան դատապարտել են ՄԱԳԱՏԷ-ի տեսախցիկների ապամոնտաժումն Իրանում |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիան, Գերմանիան եւ Բրիտանիան հայտարարել են, որ դատապարտում են իրանական միջուկային օբյեկտներում ՄԱԳԱՏԷ-ի տեսախցիկների մի մասն ապամոնտաժելու Իրանի որոշումը: «Այդ գործողությունները միայն խորացնում են իրադրությունը եւ դժվարացնում իրանական ատոմի շուրջ համաձայնագրի լրիվ կատարումը վերականգնելու մեր ջանքերը: Նրանք նաեւ կասկածի տակ են դնում Իրանի հակվածությունը բանակցությունների (համաձայնագրի գործողությունների վերսկսման շուրջ) դրական արդյունքներին»,-ասվում է երեք երկրների հայտարարության մեջ: Փարիզը, Բեռլինը եւ Լոնդոնը Թեհրանին հիշեցրել են, որ 2022 թվականի մարտից բանակցությունների սեղանին դրված է «կենսունակ գործարք», որը Իրանին կվերադարձնի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) իր պարտավորությունների պահպանմանը, իսկ ԱՄՆ-ին՝ գործարքի: «Մենք ցավում ենք, որ Իրանը չօգտվեց այդ գործարքի կնքման դիվանագիտական հնարավորությունից: Մենք համառորեն նրան կոչ ենք անում՝ դա անել հիմա: Մենք պատրաստ ենք»,-նշել է երկրները: Հունիսի 9-ին ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտնել է, որ Իրանի իշխանություններն սկսում են գործակալության 27 տեսախցիկների ապամոնտաժումը, որոնք նախատեսված են իրանական միջուկային օբյեկտների մոնիթորինգի համար: Նրա խոսքով՝ դա չի նշանակում, որ ՄԱԳԱՏԷ-ն վերջնականապես կորցնում է իրանական միջուկային օբյեկտներին հետեւելու հնարավորությունը, սակայն, հավելել է նա, գործակալության մասնագետները «մոտ են այդ կետին»: Նա դրականորեն է պատասխանել լրագրողի այն հարցին, թե տեսախցիկների ապամոնտաժումը նշանակում է արդյոք, որ Իրանը ցանկության դեպքում այժմ կկարողանա գաղտնի կերպով ուրանի հարստացման ցենտրիֆուգներ կառուցել: Տեսախցիկների մի մասն ապամոնտաժելու Իրանի որոշումը հետեւել է այն բանին, երբ հունիսի 8-ին ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը հավանություն տվեց արեւմտյան երկրների կողմից առաջարկված բանաձեւին, որով Իրանին քննադատում են իր միջուկային ծրագրի շուրջ տեղեկատվության ոչ բավարար բացահայտման համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
13:59 - 10 հունիսի, 2022
ՄԱԳԱՏԷ-ն Իրանը դատապարտող բանաձև է ընդունել. Թեհրանն արձագանքել է |1lurer.am|

ՄԱԳԱՏԷ-ն Իրանը դատապարտող բանաձև է ընդունել. Թեհրանն արձագանքել է |1lurer.am|

1lurer.am: Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի 35 անդամ պետությունների մեծ մասը կողմ է քվեարկել Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունմանը՝ քննադատության ենթարկելով երեք չհայտարարված օբյեկտներում ուրանի մասնիկների ծագման պարզաբանման բացակայության պատճառով: Վիեննայում միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը տեղեկացրել է, որ բանաձևին կողմ են քվեարկել կառավարիչներից 30-ը, դեմ՝ Ռուսաստանը և Չինաստանը, իսկ Հնդկաստանը, Լիբիան, Պակիստանը ձեռնպահ են մնացել: Փաստաթուղթը նախաձեռնող երկրներն են Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը։ Վիեննայում միջազգային կազմակերպություններում Եվրամիության և ԱՄՆ պատվիրակությունները հայտարարություն են տարածել, որով Իրանի իշխանություններին կոչ են արել համագործակցել ուրանի մասնիկների ծագումը պարզելու հարցում, որպեսզի գործակալությունը կարողանա անհրաժեշտ երաշխիքներ տրամադրել, որ Իրանի միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում: Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն արձագանքել է բանաձևի ընդունմանը՝ նշելով, ու Թեհրանը վճռական և համաչափ պատասխան կտա: Նրա խոսքով՝ բանաձևը նախաձեռնող երկրներն ամբողջական պատասխանատվություն են կրում դրա հետևանքների համար։ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը ողջունել է բանաձևի ընդունումը: Նրա խոսքով՝ ՄԱԳԱՏԷ-ի որոշումը հստակ նախազգուշական ազդակ է Իրանի համար։
12:13 - 09 հունիսի, 2022
Բորիս Ջոնսոնը հաղթել է անվստահության քվե հայտնելու քվեարկությունում. նա շարունակում է մնալ վարչապետ |tert.am|

Բորիս Ջոնսոնը հաղթել է անվստահության քվե հայտնելու քվեարկությունում. նա շարունակում է մնալ վարչապետ |tert.am|

tert.am: Երկուշաբթի Մեծ Բրիտանիայի խորհրդարանում վարչապետ Բորիս Ջոնսոնին անվստահություն հայտնելու վերաբերյալ Պահպանողական խմբակցության անդամների գաղտնի քվեարկությունն ավարտվել է վարչապետի օգտին, գրում է BBC-ն։ Պաշտոնը պահպանելու համար Ջոնսոնին անհրաժեշտ էր հավաքել իր կուսակցության ներկայացուցիչների առնվազն կեսի և ևս մեկ ձայն, այսինքն՝ առնվազն 180 ձայն։ Վարչապետին աջակցել է 211 պատգամավոր։ Դեմ էին 148-ը։ Հիշեցնենք, որ Ջոնսոնի հրաժարականի մասին խոսվում էր 2022 թվականի սկզբից։ Պատճառը 2020 թվականի մայիսին լոքդաունի ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայրում երեկույթների մասին լրատվամիջոցների հրապարակումներն են։ Բորիս Ջոնսոնը հրապարակավ ներողություն է խնդրել, սակայն հրաժարվել է հեռանալ պաշտոնից։
10:01 - 07 հունիսի, 2022
Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ նախորդ երեք տասնամյակների ընթացքում ձևավորված հարաբերությունները. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ նախորդ երեք տասնամյակների ընթացքում ձևավորված հարաբերությունները. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Ձերդ գերազանցություն, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին երկրի ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա և նրա գահակալման Պլատինե հոբելյանի առթիվ: Այս տարին խորհրդանշական է նաև հայ-բրիտանական հարաբերությունների համար, քանի որ 30 տարի առաջ մենք սկիզբ դրեցինք հայ-բրիտանական միջպետական հարաբերություններին՝ խարսխված ժողովրդավարական արժեքների, գործնական շահերի և փոխադարձ հարգանքի վրա: Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ նախորդ երեք տասնամյակների ընթացքում ձևավորված հարաբերությունները և բարձր է գնահատում Միացյալ Թագավորության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ամրապնդմանը։ Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով առաջիկա տարիների ընթացքում կկարողանանք նոր նախաձեռնություններով և ծրագրերով հագեցնել հայ-բրիտանական երկկողմ օրակարգը՝ ի շահ մեր պետությունների և բարեկամ ժողովուրդների։ Մաղթում եմ Ձերդ գերազանցությանը քաջառողջություն և բեղմնավոր գործունեություն, իսկ Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց և բարեկեցություն»։
12:20 - 05 հունիսի, 2022
Մեծ Բրիտանիայում նշում են թագուհու պաշտոնավարման «պլատինե» հոբելյանը

Մեծ Բրիտանիայում նշում են թագուհու պաշտոնավարման «պլատինե» հոբելյանը

Միլիոնավոր մարդիկ Մեծ Բրիտանիայում և ողջ աշխարհում այս ժամերին փողոց են դուրս գալիս՝ նշելու բրիտանական միապետության պատմության մեջ առաջին «պլատինե» հոբելյանը՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու պաշտոնավարման 70-ամյակը, գրում է BBC Russian-ը։ Տասնյակ մարդիկ գիշերել են վրաններում՝ Լոնդոնի Մելլ փողոցում, որը տանում է դեպի թագավորական պալատ, որպեսզի առաջինը լինեն իրադարձությունների էպիկենտրոնում։ «Ինձ շարունակում է ոգևորել իմ նկատմամբ դրսևորվող բարյացակամությունը, և հույս ունեմ, որ մոտակա օրերին մենք բոլորս կարող ենք ըստ արժանվույն գնահատել վերջին 70 տարիների ձեռքբերումները՝ միաժամանակ վստահությամբ և ոգևորությամբ հայացքն ուղղելով դեպի ապագան», - նախօրեին հայտարարել է թագուհին «պլատինե» հոբելյանի կապակցությամբ ժողովրդին հասցեագրված իր ուղերձում։ Տոնի առթիվ ողջ երկրի տարածքում երկար հանգստյան օրեր են հայտարարվել՝ սկսած հինգշաբթի օրվանից մինչև շաբաթվա վերջ, այդ ընթացքում տոնական միջոցառումներ կիրականացվեն։ Առաջին միջոցառումը դրոշի ավանդական դուրսբերումն է։ Ընդհանուր առմամբ, արարողությանը մասնակցում է շուրջ մեկ ու կես հազար զինվոր և սպա, ինչպես նաև 350 ձի։ Այնուհետև կկայանա ավիացիոն շոնու, որին կմասնակցի Թագավորական ռազմաօդային ուժերի շուրջ 70 ինքնաթիռ։ Հինգշաբթի երեկոյան երկրի ողջ տարածքում կվառվի մոտ 3 հազար ջահ։ Ուրբաթ օրը Լոնդոնի Սուրբ Պողոսի մայր տաճարում կկայանա ավանդական գոհունակության պատարագը։ Շաբաթ օրը Էփսոմում տեղի կունենա ավանդական ձիարշավը, նույն օրը երեկոյան Բուքինգհեմյան պալատի դիմաց կանցկացվի հոբելյանական համերգ։ Կիրակի ողջ երկրի տարածքում փողոցային տոնակատարություններ կանցկացվեն, արդեն պատվիրվել է 85 հազար տոնական հոբելյանական ընթրիք։ Տոնակատարությունները կավարտվեն Հոբելյանական շոուով, որը կանցկացվի Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի փողոցներում՝ 6 հազար կատարողների և մոտ 200 հայտնիների մասնակցությամբ։   Նորա Վանյան
17:01 - 02 հունիսի, 2022
Մեծ Բրիտանիան պատրաստ է ակտիվորեն մասնակցել հետպատերազմյան Ուկրաինայի վերականգմանը

 |armenpress.am|

Մեծ Բրիտանիան պատրաստ է ակտիվորեն մասնակցել հետպատերազմյան Ուկրաինայի վերականգմանը |armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանիան ամենաակտիվ մասնակցությունն է ունենալու հետպատերազմյան Ուկրաինայի վերականգմանը, իսկ առայժմ ձգտում է օգնել նրան ռազմական տեխնիկայի մատակարարումներով: Ինչպես տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը: «Մեծ Բրիտանիան մտադիր է ամենաակտիվ մասնակցությունն ունենալ հետպատերազմյան Ուկրաինայի վերակառուցմանը: Դրա համար անհրաժեշտ է ստեղծել «Մարշալի պլանի» նոր տարբերակը: Իսկ առայժմ մենք ձգտում ենք օգնել Ուկրաինային ռազմական տեխնիկայի մատակարարումներով», - ասել է Թրասը Պրահայում, որտեղ նա այցով այնտեղ էր գտնվում: Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի խոսքով՝ Արեւմուտքի երկրներին անհրաժեշտ է անել ամեն ինչ, որպեսզի Ուկրաինան հաղթի Ռուսաստանի հետ հակամարտությունում: «Հակառակ դեպքում Արևմուտքի երկրները չեն կարողանա իրենց անվտանգ զգալ», - հավելել է Թրասը:
18:40 - 27 մայիսի, 2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարը Լոնդոնում հանդիպել է դիվանագիտական և կրթամշակութային ոլորտների ներկայացուցիչների հետ

ՀՀ ԿԳՄՍ նախարարը Լոնդոնում հանդիպել է դիվանագիտական և կրթամշակութային ոլորտների ներկայացուցիչների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն) կատարած այցի ընթացքում մի շարք հանդիպումներ են ունեցել կրթամշակութային ոլորտների ներկայացուցիչների հետ:   Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։ Մայիսի 25-ին Վահրամ Դումանյանը և Ժաննա Անդրեասյանը հանդիպում են ունեցել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ԱԳՆ և Բրիտանական խորհրդի ներկայացուցիչների հետ: «Մեծ Բրիտանիայում՝ ՀՀ դեսպանատանը, հայկական պատվիրակությունը հանդիպել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի գործադիր տնօրեն Ջասթին Մըք Քենզի Սմիթի, Օտարերկրյա համագործակցության և զարգացման հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Ռեբեկա Էտկինսոնի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտի առաջնահերթություններին, հնարավոր համագործակցության եղանակներին ու մշակութային ժառանգությանն առնչվող հարցեր: Հանդիպմանը ներկա է եղել նաև Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդեհ Հովասափյանը: Լոնդոնի համալսարանական քոլեջի կրթության ինստիտուտում ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարը հանդիպել են պրոֆեսորադասախոսական կազմի և միջազգային համագործակցության ոլորտի ներկայացուցիչների հետ և քննարկել կրթության բարեփոխման հնարավորությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ: Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն  կատարած այցի շրջանակում Ժաննա Անդրեասյանն այցելել է Դարթֆորդի դպրոց: Շրջայցի ընթացքում ԿԳՄՍ փոխնախարարը դպրոցի տնօրենի և աշխատակազմի հետ քննարկել է դպրոցի ներքին վերահսկողության համակարգի, կառավարման մոդելների, ինչպես նաև ուսուցիչների վերապատրաստման և խրախուսման համակարգերին վերաբերող մի շարք հարցեր:
21:16 - 26 մայիսի, 2022
Վահրամ Դումանյանը Լոնդոնում հանդիպումներ է ունեցել դիվանագիտական և կրթամշակութային ոլորտների ներկայացուցիչների հետ

Վահրամ Դումանյանը Լոնդոնում հանդիպումներ է ունեցել դիվանագիտական և կրթամշակութային ոլորտների ներկայացուցիչների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն) կատարած այցի ընթացքում մի շարք հանդիպումներ են ունեցել կրթամշակութային ոլորտների ներկայացուցիչների հետ: Մայիսի 25-ին Վահրամ Դումանյանը և Ժաննա Անդրեասյանը հանդիպում են ունեցել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության ԱԳՆ և Բրիտանական խորհրդի ներկայացուցիչների հետ: Մեծ Բրիտանիայում՝ ՀՀ դեսպանատանը, հայկական պատվիրակությունը հանդիպել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի գործադիր տնօրեն Ջասթին Մըք Քենզի Սմիթի, Օտարերկրյա համագործակցության և զարգացման հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Ռեբեկա Էտկինսոնի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության ոլորտի առաջնահերթություններին, հնարավոր համագործակցության եղանակներին ու մշակութային ժառանգությանն առնչվող հարցեր: Հանդիպմանը ներկա է եղել նաև Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդեհ Հովասափյանը: Լոնդոնի համալսարանական քոլեջի կրթության ինստիտուտում ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարը հանդիպել են պրոֆեսորադասախոսական կազմի և միջազգային համագործակցության ոլորտի ներկայացուցիչների հետ և քննարկել կրթության բարեփոխման հնարավորությունները: Հավելենք, որ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն) կատարած այցի շրջանակում Ժաննա Անդրեասյանն այցելել է Դարթֆորդի դպրոց: Շրջայցի ընթացքում ԿԳՄՍ փոխնախարարը դպրոցի տնօրենի և աշխատակազմի հետ քննարկել է դպրոցի ներքին վերահսկողության համակարգի, կառավարման մոդելների, ինչպես նաև ուսուցիչների վերապատրաստման և խրախուսման համակարգերին վերաբերող մի շարք հարցեր:
13:07 - 26 մայիսի, 2022
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ու Բրիտանական խորհուրդը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ու Բրիտանական խորհուրդը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը Համաշխարհային կրթական ֆորումի աշխատանքներին մասնակցելու նպատակով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն) կատարած այցի շրջանակում մայիսի 24-ին հանդիպում է ունեցել Բրիտանական խորհրդի գլխավոր տնօրեն Սքոթ Մաքդոնալդի հետ: Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը: Ողջունելով և շնորհակալություն հայտնելով Համաշխարհային կրթական ֆորումի շրջանակում հայաստանյան պատվիրակությանը հյուրընկալելու և Բրիտանական խորհրդի  ու ՀՀ ԿԳՄՍ նախարարության միջև փոխգործակցության և ոլորտային համագործակցության զարգացման նոր հնարավորություն ընձեռելու համար՝ Վահրամ Դումանյանը փաստել է, որ Բրիտանական խորհուրդը Հայաստանում իր աշխատանքների մեկնարկից ի վեր (2001 թ.) շարունակում է կառուցել կրթամշակութային հարաբերություններ՝ յուրահատուկ կամուրջ հանդիսանալով երկու երկրների միջև. «ԿԳՄՍ նախարարությունը միշտ էլ բարձր է գնահատել Բրիտանական խորհրդի կողմից Հայաստանի Հանրապետությունում անգլերենի որակյալ կրթության իրականացմանն ուղղված ջանքերը և այն հսկայական աշխատանքը, որը նպատակաուղղված է անգլերենի ուսուցման միջոցով երկու երկրների միջև արվեստի, կրթության և մշակույթի ոլորտներում սերտ համագործակցության ապահովմանը։ Դա է պատճառը, որ 2021 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ու Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի միջև կնքվել է Բրիտանական խորհրդի անգլերենի և կրթության ծրագրի շրջանակում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը»: Նախարարը հավելել է, որ Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի հետ գործընկերության շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության տեսլականին և գերակայություններին համապատասխան կատարվել են շատ կարևոր աշխատանքներ հետևյալ ուղղություններով. Հայաստանի դպրոցների շարունակական մասնագիտական կողմնորոշման քաղաքականության և շրջանակի մշակում, «Ապագա անգլերեն. ճանապարհներ դեպի գերազանցություն» ծրագրի միջոցով անգլերենի ուսուցման համակարգում հետազոտության իրականացում, խորքային ուսումնասիրություն և նորարարությունների խթանում, «Անգլերենի ազդեցությունը» հետազոտական ուսումնասիրության և «Կոդավորման հմտություններ. կապակցենք ներկան ապագային»  նախագծերի իրականացում: Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի հետ գործընկերությամբ մշակվել է  նաև  Ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացման հայեցակարգը, որը կներառի ՀՀ ուսուցչական համակազմի շարունակական մասնագիտական զարգացման ողջ տեսլականը: Այդ հայեցակարգը հիմք կհանդիսանա ՀՀ ուսուցիչների վերապատրաստման ծրագրերի մշակման, մասնագիտական չափանիշների սահմանման, այդ ողջ գործընթացի քարտեզագրման  և  իրականացման  համար։ Բրիտանական խորհրդի գլխավոր տնօրեն Սքոթ Մաքդոնալդը, իր հերթին շնորհակալություն հայտնելով վստահության և արդյունավետ համագործակցության համար, ընդգծել է. «Մենք ուրախ ենք, որ համագործակցությունը ներառում է տարբեր ուղղություններ: Ես հավատում եմ, որ մենք ճիշտ ուղու վրա ենք, ուստի Բրիտանական խորհուրդը պատրաստակամ է շարունակելու և առավել ամրապնդելու փոխգործակցությունը»: Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և Բրիտանական խորհրդի գլխավոր տնօրեն Սքոթ Մաքդոնալդը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է ամրապնդել Բրիտանական խորհրդի «Անգլերենի ծրագրի» շրջանակում իրականացվող համագործակցությունը: Նոր հուշագրով աջակցություն է ցուցաբերվելու Բրիտանական խորհրդի կողմից մշակված «Հայաստանի Հանրապետության պետական դպրոցներում շարունակական մասնագիտական զարգացման քաղաքականությունը և շրջանակը» փաստաթղթի գործարկմանը: Այդ գործընթացում ներառվելու է անգլերենի 1000 ուսուցիչ, և փորձարկվելու է Շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) շրջանակը: Հուշագրով միաժամանակ նախատեսվում են Հայաստանի Հանրապետության պետական դպրոցներում անգլերենի ուսուցիչների համար նաև առցանց ՇՄԶ ծրագրերի իրականացումն ու ներդնումն ուսուցիչների համայնքի առցանց հարթակի միջոցով: «Միացյալ Թագավորության կատարած այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և Բրիտանական խորհուրդը վերահաստատում են իրենց պատրաստակամությունը շարունակական համագործակցության համատեքստում՝ ստորագրելով նոր փոխըմբռնման հուշագիր: Այս հուշագրով ուսուցիչների մասնագիտական զարգացման տրամաբանությունը կամբողջանա, և կփորձարկվի անգլերենի հազար ուսուցիչների շրջանում՝ ճանապարհ բացելով կարևոր բարեփոխման համար։ Կարծում եմ, որ այս համագործակցությունը նոր հեռանկարներ է բացելու առաջիկայում կրթամշակութային ոլորտում հայ-բրիտանական համագործակցության զարգացման խորացման համար»,- ամփոփել է Վահրամ Դումանյանը: Կրթական ֆորումի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել են նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Բարձրագույն կրթության որակի ապահովման կենտրոնի գործադիր տնօրեն Ալասթեր Դելեյնիի, Ֆինլանդիայի կրթության նախարար Լի Անդերսենի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր: Համաշխարհային կրթական ֆորումին մասնակցում են ավելի քան 200 երկրների պատվիրակություններ, այդ թվում՝ 112 երկրների նախարարներ:
15:54 - 25 մայիսի, 2022
Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի 154 անդամների դեմ

Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի 154 անդամների դեմ

Ռուսաստանը՝ որպես պատասխան միջոց, անհատական պատժամիջոցներ է սահմանել Մեծ Բիտանիայի Լորդերի պալատի 154 անդամների դեմ, «Ինտերֆաքսի» հաղորդմամբ՝ հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ «Ի պատասխան մարտին ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի գրեթե ողջ կազմը պատժամիջոցային ցանկում ներառելու մասին Բեծ Բրիտանիայի կառավարության ընդունած որոշման՝ փոխադարձության հիմքով անհատական սահմանափակումներ են կիրառվում բրիտանական խորհրդարանի Լորդերի պալատի 154 անդամների նկատմամբ», - ասված է ԱԳՆ հաղորդագրությունում։ Գերատեսչությունը նշել է, որ Լորդերի պալատի անդամները, որոնց արգելվում է Ռուսաստան մուտք գործել, «անմիջական ներդրում են ունեցել Լոնդոնի կողմից հակառուսական պատժամիջոցների մշակման գործում»։ Ռուսաստանի «սև ցուցակի» ընդլայնման աշխատանքը շարունակվելու է, ընդգծել է ՌԴ ԱԳՆ-ն։   Նորա Վանյան
18:27 - 24 մայիսի, 2022
Լոնդոնը կօգնի պաշտպանվել Մոլդովային՝ Ռուսաստանի հնարավոր հարձակման դեպքում |azatutyun.am|

Լոնդոնը կօգնի պաշտպանվել Մոլդովային՝ Ռուսաստանի հնարավոր հարձակման դեպքում |azatutyun.am|

azatutyun.am: Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը անհրաժեշտ է համարում «զինել Մոլդովան ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան», որպեսզի Քիշնևը կարողանա պաշտպանվել ռուսական հնարավոր ագրեսիայից։ Այս մասին բրիտանացի պաշտոնյան ասել է The Telegraph-ի հետ զրույցում։ Թրասի խոսքերով՝ այժմ Լոնդոնն ու դաշնակիցները քննարկում են, թե ինչպես օգնել փոքր երկրներին պաշտպանել իրենց՝ հաշվի առնելով «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հավակնությունները»: «Պուտինը հստակ հայտարարել է Ռուսաստանի ընդլայնման իր հավակնությունների մասին: Այն փաստը, որ Կիևը գրավելու նրա փորձերը անհաջող են եղել, չի նշանակում, որ նա հրաժարվել է այդ հավակնություններից», - ասել է Թրասը: Մոլդովայում հնարավոր պատերազմի շուրջ մտավախությունն աճել է ռուսաստանցի բարձրաստիճան զինվորականներից մեկի հայտարարությունից հետո, թե Մոսկվան նպատակ ունի ցամաքային միջանցք ստեղծել Ուկրաինայի հարավով մինչև Մերձդնեստր: Անցած շաբաթներին Մոլդովայից անջատվել ձգտող և Մոսկվայի աջակցությունը վայելող Մերձդնեստրի իշխանությունները մի շարք պայթյունների մասին են հայտնել, որոնց թիրախը, ըստ պնդումների, ռազմավարական նշանակության կառույցներ էին։ Տեղի պաշտոնական աղբյուրների համաձայն՝ կրակոցներ են հնչել նաև Մերձդնեստրի գյուղերից մեկում, որտեղ զենքի ռուսաստանյան հսկայական պահեստ է տեղակայված։ Մոսկվան այդ միջադեպն «ահաբեկչական գործողություն» է որակել:  
18:55 - 21 մայիսի, 2022